Khachik Dashtens

Ռանչպարների Կանչը

6

ԲԱՂԵՇԻ ԲԱՆՏՈԻՄ

Բաղեշի բանտը գտնվում էր Կարմրակից վերև մի բարձր քարաժայռի վրա։

Շատերն էին տանջվել այգ բանտում, ինձ էլ բախտը պատանի հասակից նետեց այնտեղ։ Ոստիկանը ծոծրակիս մի հարված տալով, ինձ հրեց բանտի միջանցքը, ուր մի գիրուկ տղամարդ իմ անունը մուտքի հաշվեմատյանի մեջ առնելով՝ նույն ոստիկանի հսկողությամբ իջեցրեց բանտի նկուղը։

Այգտեղ նստած էր դահճապետ Ռասիմ էֆենդին։

Մհե Չաուշ և Ռասիմ էֆենդի։ Մուշ քաղաքում և Բաղեշում չկար մեկը, որ այս հրեշների անունը լսած չլիներ։ Առաջինը Մշո բանտի դահճապետն էր, իսկ երկրորդը՝ Բաղեշի։ Այս երկուսը իրենց ճարպիկ գործակալների միջոցով հայ, քուրդ և ասորի ապստամբներին որսալով բերում լցնում էին բանտերը։

Ոսկրոտ, մազոտ թևերով և առնետանման դեմքով մի հաստլիկ պաշտոնյա էր Ռասիմ էֆենդին։ Լսել էի, որ սա, երբեմն, առանց դատ ու դատաստանի, կալանավորի ձեռքը բահ ու բրիչ տալով, ստիպում էր իր սեփական գերեզմանը փորել և ետևից կրակելով՝ նետում էր այդ փոսի մեջ։

Արաբոյի տուփը ինձ մոտ էր և ես վախենում էի, որ եթե խուզարկվեմ՝ իմ փոսն էլ պատրաստել կտա։

Ռասիմը ձեռքը տարավ իմ ծոցը և ծխատուփը հանելով, չարախնդությամբ նայեց ինձ.

Պապիս ծխատուփն է, ասացի։

Նա տուփը ուշադիր զննեց և տեսնելով, որ մի առանձին արժեքավոր իր չէ, ետ տվեց ասելով՝

Պահիր պապիդ տուփը։ Իսկ հիմա, գյավուր օղլի գյավուր, պատասխան տուր ինձ, թե դու առավոտ վաղ ի՞նչ գործ ունեիր Կարմրակ վանքի գերեզմանի վրա։ Դու գիտես, որ այնտեղ գլուխն է թաղված մի անհավատի, որ անհամար չարիք է գործել մեր սուլթանի տերությանը։ Եվ լավ իմացիր, սուլթանի թշնամին իմ թշնամին է։ Սա այն բանտն է, որտեղ ձեր քարոզիչ Միհրան էֆենդին է նստել։ Ձեր սազանդար Դարդիման Սաքոն և ճիպրանցի աղան էլ այստեղ էին, որոնց ես նվեր ուղարկեցի Մհե Չաուշին։ Նա ուրիշ անուններ էլ տվեց, որ չեմ հիշում։ Ու առանց իմ պատասխանին սպասելու, ինձ բերող ոստիկանի օգնությամբ իմ ձեռքերը ոլորելով կապեց մեջքիս և իմ վիզը մի հաստ պարան անցկացնելով, օղը միացրեց առաստաղի երկաթե ձողին։ Ապա ոտքերիս տոկից աղյուսը հեռացնելով, ղեյլանը վառած նստեց դեմս։ Տեսնելով, որ խեղդվում եմ, ես ճիգ արեցի բթամատներիս կանգնել։ Այդ բանը նկատելով, նա պարանը նորից ձգեց։ Իմ երեսը կարմրեց և լեզուս երկու հալաբի դուրս ընկավ։ էդ է, պետք է շունչս փչեի, մոտենալով պարանը քանդեց և ես ուշագնաց ընկա հատակին։

Առավոտյան Ռասիմ էֆենդին նույն ոստիկանին և մի հսկիչի կանչելով՝ ասաց.

Սրան բարձրացրեք մանազկերտցի վարժապետ Ավետիսի մոտ։

Ինձ վերև տարան։

Բանտի բոլոր խցերը և երկայն միջանցքը լցված էին կալանավորներով։ Մեծ մասը հայ գյուղացիներ էին՝ մազակալած երեսներով։ Աջ թևի վրա մի սրահ երևաց, ուր երկու թուրք բանտարկյալ չոքած աղոթում էին՝ երեսները դեպի պատը։

Սիջանցքով անցնելիս բոլորը շուռ գալով զարմացած նայում էին, թե ուր են տանում ինձ այդ ատելի ոստիկանը և հսկիչը:

Միջանցքի վերջավորությանը մի առանձնացած խուց կար երկաթե սողնակով, որի առաջ մի թուրք հսկիչ նստած դռան ա՚նցքից նայում էր ներս։ Մի ուրիշ հսկիչ նրա ուսերի վրայով թեքված, նույնպիսի հետաքրքրությամբ դիտում էր, թե ինչ է կատարվում ներսում։

Մեր ոտնաձայնն առնելով, երկուսն էլ շուռ եկան։ Ոստիկանի ազդանշանով առաջին հսկիչը անմիջապես երկաթե սողնակը քաշեց։ Դուռը բացվեց։ Ես ներս մտա և դուռը ծանրորեն փակվեց իմ ետևից։ Դա մի նեղլիկ խուց էր, փոքրիկ լուսամուտով։ Պատի երկայնքով մի թախտ էր դրված՝ կուժը կողքին և վրան մի գիրք։ Ղուրանն էր։ Մի տղամարդ թախտին ծալապատիկ նստած ինչ-որ բան էր գրում։ Այնքան կլանված էր իր գրությամբ, որ գրեթե իմ ներս մտնելը չիմացավ, կամ չուզեց նկատած լինել։

Ես անաղմուկ մոտեցա և նստեցի թախտի ծայրին։ Նա հանկարծ մի երկար չոր հայացք նետեց վրաս։ Ապա գրչածայրը թաթախեց սև մելանի մեջ և գլուխը իջեցնելով շարունակեց գրել։

«Ուրեմն սա է մանազկերտցի վարժապետ պարոն Ավետիսը», մտքումս ասացի։ Ու՞մ էր նամակ գրում և ինչու՞ էր գրում։ Մի՞թե սուլթանի բանտում կալանավորին հնարավորություն են տալիս նամակ գրելու։ Գրում էր, բայց տեղ կհասնե՞ր այդյոք իր գրածը։

Սարսափելի նեղվածք էր բանտում և այդ սուղ պայմաններում պարոն Ավետիսին բարեհաճորեն հատկացրել էին մի առանձին խուց՝ փոքրիկ թախտով և ջրով լիքը կուժը կողքին։ Ղուրանն էլ կար։ Ուրեմն արտոնել էին նաև գիրք կարդալ։ Ես այն բախտավորներից էի, որ առաջին անգամ բանտ նետվելով, տեղ էի գրավել պարոն Ավետիսի կողքին՝ դրվելով անհամեմատ նախանձելի պայմանների մեջ։

Բանտախցի լուսամուտից երևում էին Բաղեշի լեռները Խաչիկ սարն ու Ծապերկարը, իսկ դեպի հարավ-արևմուտք մի նեղ բացվածքի միջով տարածվում էր այն հարթությունը, որ ընդարձակվելով դեպի Տավրոսի ստորոտները, կոչվում էր Մշո դաշտ։

Կարմրակ վանքը չէր երևում։ Խոր կիրճի մեջ վեր էր խոյանում միջնադարյան բարձրապարիսպ մի ամրոց, որի կողերին զարկվելով թնդում էր քաղաքի որոտաձայն գետակը։ Տները շինված էին գետակի ժայռոտ եզերքներին և ձորի հատակից դեպի շրջակա լեռները ելնող բլուրների վրա։ Բարձրադիր տների տանիքների վրայով և պարտեզների միջով դեպի ձորն էին խուժում տասնյակ կապտաջուր քարվեժներ։

Ամրոցի ուղղությամբ դեպի արևելք, որ Թաղի Գլուխ էր կոչվում, կանգնած էր եռահարկ մի շինություն՝ ճաղավոր պատշգամբով և քարե ոլորապտույտ աստիճաններով։ Բոլոր տները թուխ քարից էին, իսկ այս շինությունը շիկավուն ժայռաքարից էր և ճակատին խոշոր տառերով գրված՝ «Խաչ Մանուկ»։

Ուրիշ երևելի տներ էլ կային, որոնցից մեկը ձորի մեջ էր, իսկ մյուսը Ավելի մեյդան կոչվող բարձունքի վրա։ Մեկի ճակատին հեռվից դժվարությամբ կարդացի «Շեկ Մելիքի տուն», մյուսի ճակատին՝ «Սարոյենց Արմենակի տուն»։

Խաչմանուկյանների ապարանքի ճաղավոր պատշգամբում երևաց մի գեղանի նորահարս։ նա կռացավ նայեց դեպի ձորը, նայեց պարսպապատ ամրոցին, մտածկոտ հայացք նետեց մեր բանտի վրա և արագությամբ ներս գնաց։

Իմ բախտի մասին էի մտածում, երբ նկատեցի, որ պարոն Ավետիսը գրում էր արաբական մանր տառերով և ամեն բառի վրա երկար խորհելով։ Ձգված ծալապատիկ դիրքը, համակ կենտրոնացած ուշադրությունը և զարմանալի անհոգությունը իմ նկատմամբ՝ իմ մեջ կասկած առաջացրին, որ այդ նամակ գրողը հասարակ մահկանացուներից չէր, ոչ էլ շարքային կալանավոր։ Ոչ թե հայերեն, այլ արաբերեն տառերով էր գրում պարոն Ավետիսը։ Ոչ, այդ նամակը նույնպես սովորական նամակներից չէր։ Այն անպայման տեղ կհասներ, քանզի գրվում էր մեծ տառապանքով, մեծ նպատակի և առաքելության համար։

Պարոն Ավետիսը Մանազկերտի Իկնա գյուղի մեծահարուստ տներից էր։ Այդ տունը ամեն տարի մեծաքանակ կաշառք էր տալիս հասնանցի քրդերին և Բաղեշի կուսակալին։

Կուսակալի մեկ հրամանով պարոն Ավետիսին վերստին ձերբակալել էին և բերել բանտ։ Մի քանի անգամ խոշոր գումարներ տալով նա ազատվել էր բանտից, բայց այս անգամ շատ ամուր էր նստած, որովհետև հրաժարվել էր պահանջված կաշառքը վճարելուց։

Նա այժմ կաշառքից ավելի մեծ և կարևոր բան էր խոստանում Բաղեշի կուսակալին և սուլթան Համիդին։ Վերջնականապես համոզվելով, որ կաշառքին վերջ չի լինի և անկարելի կլինի այդ միջոցով հագեցնել սուլթանի անկուշտ պաշտոնյաներին, պարոն Ավետիսը որոշել էր հավատափոխ լինել, ընդունել իսլամը և դառնալ ռոմի-սելջուկ տիրության պաշտոնյա։ Դրանով նա ոչ միայն Մանազկերտի իր նահապետական տունը կազատեր հարստահարությունից և աքսոր նետվելու մշտական սպառնալիքից, այլև օգտակար կլիներ իր հայրենակիցներին։ Սուլթան Համիդը և Բաղեշի կուսակալը այդ շրջանում շատ մեծ կարևորություն էին տալիս հայ ֆիդայիների դեմ պայքարելու գործին։ Պարոն Ավետիսը հավատափոխ լինելով և թուրքական մի անուն որդեգրելով, ուրախ կլիներ, եթե իրեն արտոնվեր մի հասարակ ոստիկանի պաշտոն։

Երբ դիմումը ավարտեց, առանց իմանալու, թե ես ով եմ, առանց հարց ու փորձ անելու իմ բանտարկության հանգամանքների և բանտի ներքնահարկում կրած չարչարանքների մասին, գրիչը դրեց ականջակոթի ետև և թուղթը աչքերի դեմ պահելով՝ բարձրաձայն կարդաց. «Տեր կուսակալ, ինձանից պահանջված դրամը իբրև մի հասարակ գյուղացի անկարող եմ վճարելու և իբրև մեր օսմանյան գահին հավատարիմ անձ, պարտական եմ ինքս ինձ նվիրաբերելու իմ պետությանը և մինչև կյանքիս վերջը հավատարմորեն ծառայելու նրան։ Տվեք ինձ ոստիկանության պաշտոն և ուղարկեք ապստամբների կենտրոնատեղին՝ Մուշ։ Ես այնտեղ պիտի կարողանամ երևան հանել բոլոր վնասակար անձերը։ Ահա իմ անձնազոհության առաջին ապացույցը իսլամության կրոնքը կընդունեմ»։

Ապա ծունկի գալով, երեք անգամ խոնարհություն արեց ղուրանի վրա։

Ինչի՞ համար ինձ գետնահարկից հանելով բերել էին պարոն Ավետիսի բանտախուցը։ Արդյոք պատճառը այն չէ՞ր, որ այդ վարժապետի օրինակին հետևելով, ես էլ հավատափոխ դառնայի՝ ընդունելով իսլամության կրոնքը։ Ես երիտասարդ էի և ինձ բերել էին մի փորձված դաստիարակի մոտ։

Պարոն Ավետիսը ղուրանը ձեռքին իջավ թախտից և դուռը ներսից ծեծեց, որ նշանակում էր, թե դիմումը պատրաստ է։ Իսկույն ներս մտան բանտի կառավարիչը և Ռասիմ էֆենդին և նրան բանտախցից հանելով՝ առաջնորդեցին ընդհանուր սրահը, ուր հավաքված էին բոլոր հայ բանտարկյալները։ Ինձ էլ տարան։

Սրահի չորս կողմը զինյալ ոստիկաններ էին հսկում։

Պարոն Ավետիսին կանգնեցրին կալանավորների մեջտեղ մի սեղանի վրա և նա, ի տես ամենքիս, բարձրաձայն կարդաց Բաղեշի կուսակալին ուղղած դիմումը։ Վերջաբանին ղուրանը բարձրացնելով դեպի ճակատը՝ երեք անգամ համբուրեց։

էֆերիմ, ասաց բանտի կառավարիչը և պարոն Ավե– տիսին մի քանի ոստիկաններով բանտից հանելով, դահճապետ Ռասիմ էֆենդու ուղեկցությամբ առաջնորդեց Բաղեշի կուսակալի մոտ։

Կրոնքի և ազգի դավաճան, բղավեցին բանտարկյալները հայությունից դարձած վարժապետի ետևից։

Ստոր հավատափոխ, գոչեցի ես ոստիկանի և երկու պահակների հսկողությամբ իմ բանտախուցը վերադառնալով։

Հետևյալ առավոտ բանտում լուր տարածվեց, որ Բաղեշի կուսակալ Ֆերիկ փաշան սիրահոժար ընդունել էր պարոն Ավետիսի առաջարկը, նրա անունը կնքել էր Մեհմեդ Խալըթ և ոստիկանի պաշտոնով ուղարկել էր Մուշ՝ հայ ապստամբների դեմ պայքարելու։ Ուրեմն միանգամայն ստույգ էր իմ կասկածը։ Նրանք ինձ ձեղնահարկից բարձրացրել էին երկրորդ հարկ և դրել մանազկերտցի վարժապետի մոտ, որ նրա օրինակին հետևելով, ես էլ հավատափոխ դառնայի և պատանի հասակից գնայի ծառայելու սուլթանի գահին։

Բայց իմ ճանապարհը ուրիշ էր։

Այդ նույն գիշերը ես խախտելով իմ բանտախցի վեց– յոթ աղյուսները և իմ մարմնի համար բավականաչափ լայն մի անցք բանալով, լուսադեմին զգուշությամբ ներքև սահեցի Բաղեշի բանտից։

ԽՈՒԹԵՑԻ ՋՈՐԵՊԱՆԻ ՀԵՏ

Բաղեշից դեպի Դաշտի գյուղերը մի մարդ էր գնում բարձած ջորին առաջին։ Իմ բախտից ջորու կապը քանդվեց և վրայի բեռը շուռ եկավ։ Թե ինչ կար մեջը՝ չիմացա։ Միայն այն նկատեցի, որ ջորեպանը հուսահատորեն այս ու այն կողմը նայեց, կարծես մարդ էր փնտրում բեռը բարձրացնելու։ Ես վազելով հասա և տիրոջը օգնելով, բեռը դրեցինք գրաստի մեջքին ու պարանը ամուր ձգելով կապեցինք փորատակին։

Ծանոթացանք։ Ջորեպանի անունը Երանոս էր։

Կարելի է ընկերանալ, հարցրի։

Ինչու չէ, միասին գնանք, ասաց քեռի Երանոսը։ Նա ամենևին կասկած չտարավ, որ ես փախստական եմ և շատ ուրախացավ, որ ճանապարհի ընկեր ունի։ Քաղցած էի. հաց ուներ մոտը, ինձ հաց տվեց, մի քիչ էլ՝ չամիչ, որ հավանորեն Բաղեշի շուկայից էր առել։

Ջորին առջևից էր գնում, իսկ մենք ետևից։

Բաղեշից դեպի դաշտ գնացող ճանապարհը մի խճուղի էր, որ տանում էր դեպի Մուշ։ Չգիտեմ ձեզանից ով է գնացել այդ ճանապարհով, կամ մեկնումեկը ձեզանից բախտ կունենա՞ երբևիցե նրանով գնալու, բայց դիպվածն այնպես բերեց, որ ես մինչև Խութա սարերին հասնելը անցա այդ ճանապարհով և այն էլ մի ջորեպանի ընկերակցությամբ։

Բաղեշը վաղուց մնացել էր ձորի մեջ իր Կարմրակ վանքով և բարձրապարիսպ ամրոցի կողերին հարվածող որոտաձայն գետակով։ Կիրճի մեջ էին մնացել քարաժայռին կանգնած Մուշի բանտը և Խաչմանուկյանների շքեղ ապարանքը՝ ճաղավոր պատշգամբով։

Չամիչ ուտելուց սաստիկ ծարավել էի։ Ջորեպանն ասաց, որ շուտով ինձ կտանի մի սառնորակ աղբյուրի վրա։ Եվ իսկապես, շատ չանցած, մի հրաշալի աղբյուրի վրա հանեց ինձ քեռի Երանոսը։

Դա Մեղրագետի ակունքն էր։

Մեղրագետի ակը լճաձև է, ջուրը՝ արտասուքի նման զուլալ, և գոյանում է Նեմրութ լեռան գագաթի ծովակներից։ Այգ ջրի մասին ասված է.

«Մուշից դեպի Բաղեշ և Բաղեշից դեպի Մուշ գնացողը այն ժամանակ կհոգնի, եթե Մեղրագետի մոտով անցնելիս կմոռանա խմել նրա ակունքից»։ Ես չէի ուզում հոգնել, որովհետև երկար ճանապարհ ունեի գնալու և կռանալով խմեցի նրա ջրից։ Միշտ ախորժելի է այն ջուրը, որ ակունքից ես խմում։

Ջորեպանն էլ խմեց։

Հնում այս ակունքի տեղը մի թոնիր է եղել, ասաց քեռի Երանոսը ջորին շարժելով։ Գյուղի երեցկինը հաց թխելիս է լինում, մի աղքատ մարդ գալիս է և երեցի կնոջից մի հաց է խնդրում՝ ի սեր Քրիստոսի։ Տիրուհին տալիս է հացը։ Աղքատը նույն աղերսով մի կտոր պանիր է ուզում։

Երեցկինը պանիր էլ է տալիս։ Աղքատը Քրիստոսի սիրո համար մի համբույր է խնդրում։ Տիրուհին իր սիրուն երեսը մոտեցնելով թույլ է տալիս, որ իրեն համբուրի։ Այդ միջոցին ներս է մտնում երեցը։ Նա կնոջը զայրացած հարցնում է համբույրի մասին։ Երեցկինը ասում է, թե այդ մարդը Քրիստոսի սիրո համար հաց խնդրեց՝ տվեցի, պանիր խնդրեց՝ տվեցի։ Վերջում Քրիստոսի սիրո համար մի համբույր խնդրեց՝ չկարողացա մերժել. համբույրն էլ տվեցի։ Քահանան բարկացած ասում է կնոջը՝ Քրիստոսի սիրո համար քեզ գցիր էս բարկ թոնրի մեջ։ Երեցկինը իրեն նետում է թոնիրը։ Թոնիրը իսկույն լցվում է մեղրահամ ջրով։ Տիրուհին դառնում է ձուկ և սուզվում գետի ակունքը, և գետն էլ այդ օրվանից կոչվում է Մեղրագետ։

Այդ գեղեցիկ ավանդավեպով մենք հեռացանք Մեղրագետի ակունքից։ Բավական առաջացել էինք, երբ քեռի Երանոսը ձեռնափայտի թեթև հարվածով ջորու գլուխը շուռ տվեց դեպի մի բարակ ոտնուղի։ Ավելի շուտ ջորին ինքը ընտրեց այդ ուղղությունը։Այդ կենդանին զարմանալի բնազդ ունի. արագ ընտելանում է մի անգամ անցած ճանապարհին։ Սովորաբար ջորու գլուխը ձիու գլխից խոշոր է, ականջներն ու պոչը հիշեցնում են ավանակին, իսկ սրունքները՝ ձիուն։ Բայց քեռի Երանոսի ջորին անհամեմատ փոքր էր, իսկ սրունքները զգալիորեն կարճ։ Միայն պոչը և երկայն ականջներն էին հիշեցնում, որ նա ջորի է։

Ընթացքի ժամանակ պարզվեց, որ իմ ուղեկիցը գնում էր Մարաթուկի կողմերը։ Ընկույզի կոճղեր էր տարել Բաղեշ վաճառելու և այնտեղից կերպասեղեն և չիթ էր տանում սասունցիների համար։

Ավզուտի սարը անցնելով մենք մտանք Խութ։ Սկսվեց մեր դժվարին վերելքը։ Ջորին գնում էր քարքարոտ անտառի եզրով։ Կճղակների տակից գորշագույն քերծեր պոկվելով, թեթև աղմուկով գլորվում էին անդունդ։ Որքան բարձրանում էինք, այնքան ճանապարհը նեղանում էր, ձգվելով մերթ սաղարթախիտ կաղամախիների միջով, մերթ աննկատ սահում լորենուց խռոված կարմրատերև նորքենու կողքով և մերթ կայծակնահար ընկուզենու արմատների վրայից դժվարությամբ ցատկելով, անհետանում վիհին կռացած մանրատերև սալորենու տակ։

Ջորին սկսեց դանդաղ քայլել։ Այդ տոկուն կենդանին միակ հուսալի բեռնակիրն է վտանգավոր անցուղիներին։

Այնպիսի վերընթաց զառիթափ էր, որ չորին երբեմն ընդունում էր ուղղահայաց դիրք, գրեթե կանգնելով ետևի ոտքերին։ նորանոր քերծեր էին պոկվում, բայց նա օդում թռիչք գործելով զգուշությամբ որսում էր ապահով հենակետ և առջևի ոտքերը այնտեղ տեղափոխելով՝ պատրաստվում էր երկրորդ թռիչքին։ Ջորեպանը տեսնելով, որ դրությունը վտանգավոր է, մի կերպ առաջ անցավ և գրաստի օղակապից բռնելով սկսեց ընթանալ անդնդի եզրով։ Գնում էինք, քեռի Երանոսը՝ առջևից, ես՝ ետևից, շորին՝ մեջտեղից։ Ուղղակի զարմանք էր, որ բեռը չէր քանդվում, այնքան ամուր էր կապված։

Սալորենու տակ մոլորված կածանը վերստին հայտնվեց, իջավ, բարձրացավ անտառի կողերով և դարձյալ խճճվելով մենավոր մի տանձենու հողմահար սաղարթների մեղ, շնչակտուր դեմ առավ մի լերկ քարափի։

Բայց ես պետք է բաժանվեի իմ ջորեպանից։ Նա գնում էր Սասուն, իսկ իմ այնտեղ գնալը ավելի երկյուղալի էր, քան անդունդների եզրով քայլելը։ Չէ որ ես Սասունից էի գնացել Բաղեշ։ Ինձ կարող էին նկատել և բանտ առաջնորդել նորից։

Այս մտքերի մեջ էի, երբ ջորեպան Երանոսի խոլինջը բռնեց։ Նրա մեջքի մկանները հանկարծ բռնվեցին, սկսվեց ուժեղ փորացավ և նա գրաստի պարանը թողնելով, ուժասպառ նստեց մի քերծի, կարծես մեջտեղից կիսված։ Այս բանը հաճախ է պատահում երկար ճանապարհ գնացողների հետ։

Ես ինձ չկորցրիք Ջորին քաշեցի քարափի տակ։ Հիվանդի թևերը իսկույն խաչաձև ծալեցի կրծքին և ետևի կողմից թաթերը դեպի մեջքը շուռ տալով, մի ծունկս մեջքի մի կողմին դրած, մյուսը՝ մյուս կողմին՝ ամուր ձգեցի։ Թիկունքից մի քանի անգամ ուժեղ ճարճատյուն լսվեց։ Ջորեպաօի ցավը անցավ և մենք շուտով ելանք ոտքի։

Քարափը շուռ էինք գալիս, երբ մեր ճակատին երևաց Ծովասարը։

է՜, ջուխտակ գլուխ Մարութա սար, տխրու՞մ ես առանց զոքանչի, հանկարծ բացականչեց քեռի Երանոսը, շեշտ նայելով դիմացի բարձր լեռան, որի մեծ գագաթը Ծովասարի թիկունքից ուղիղ կախված էր մեզ վրա։

Ես հետաքրքրվեցի, թե դա ինչ բան է։

Քանի որ դու իմ խոլինջը կոտրեցիր և մենք շուտով բաժանվելու ենք, ես քեզ կպատմեմ Մարութա սարի և նրա զոքանչի պատմությունը։

Սասունում փեսայի համար ամենասիրելի անձը զոքանչն է, ասաց Երանոսը, ջորու փորատակի կապը թեթև ամրացնելով։ Մի նորափեսա իր զոքանչի և խնամիների հետ ուխտի է գնում Մարաթուկ։ Վերադարձին նա իր զոքանչին խնդրում է խնամիների հետ մի քիչ առջևից գնալ, որ ինքը առանձնության մեջ սրտի խոսք ասի Մարութա սարին։ Երբ փեսան տեսնում է, որ բոլորովին մենակ է մնացել, ետ դառնալով երկար նայում է այդ լեռան և բացականչում. «է՜ , մեռնիմ քըզի, ջուխտակ գլուխ Մարութա սար, դու անզոքանչ իմա՞լ կմնաս հուտա»։

Այս խոսքերով էլ ջորեպան Երանոսը վերջացրեց իր զրույցը և մենք բաժանվեցինք։ Նա ջորու առաջ ընկած մեկնեց դեպի Սասուն, Մարաթուկի կողմերը, իսկ ես Ծովասարի լանջերով շարժվեցի դեպի Բռնաշեն։

Be the first who will comment on this

Other parts of "Ռանչպարների Կանչը"

Yatuk Music
Holy Affirming, Holy Denying, Holy Reconciling
George Gurdjieff

Holy Affirming, Holy Denying, Holy Reconciling

The uprising of the peasants of Haghpat in 1903
The uprising of the peasants of Haghpat in 1903
Play Online