Khachik Dashtens

Ռանչպարների Կանչը

17

ԹԱՄՐԱԳՈՐԾԻ ԱՐՀԵՍՏԱՆՈՑՈՒՄ

Բերդաքաղաքի մասին ես շատ էի լսել։ Այդ անունը առնչված էր քաջ Արաբոյի անվան հետ, որ քար էր ջարդել այդ քաղաքի մայր խճուղին շինելու համար։

Բերդաքաղաքը շինված էր սարահարթի վրա, շրջապատված բնական ամրություններով։ Քաղաքին իշխողը հսկայական բերդն էր։ Բերդաքաղաքից եկողները Մուշում պատմում էին, որ այղ բերդի գլխին սատանաները խոշոր կարասների մեջ գիշեր ու ցերեկ կուպր են եփում։

Տները սև քարից էին, թիթեղյա կարմիր ու կանաչ տանիքներով։ Մեջտեղով անցնում էր Սինամ գետը։ Կամուրջներից հայտնի էին երկուսը՝ Քարե կամուրջը և Չուգունե կամուրջը։ Վերջինս տանում էր դեպի Սարիղամիշ։

Մենք անցանք Քարե կամուրջը և շարժվեցինք դեպի Լոռիս Մելիքովի փողոցը։ Այդտեղ, բերդ տանող ճանապարհի վրա, կանգնած էր մի ռուս զինվորի բրոնզյա արձան։ Երկգըլխանի արծիվը զայրացած ծվատում էր զինվորի ոտքի տակ տարածված կանաչ պաստառը կարմիր մահիկով։

Բրոնզյա այդ հուշարձանի մոտ մեզ դիմավորեց Լոռեցի Սրապ անունով մի տղամարդ՝ Գեորգիևյան խաչը կրծքին։ Սրապը Լոռվա Վարդաբլոլր գյուղից էր։ 1877-ին մասնակցել էր Ալաջայի բարձունքներում մղվող պատերազմին և Լոռիս Մելիքովի հաղթական զորքի հետ մտել Բերդաքաղաք։ Սևահոն, բաց կապույտ աչքերով մի զինվորական էր։ Կռվից հետո հաստատվել էր Բերդաքաղաքում և զբաղված էր հայդուկային խմբերին զենք մատակարարելու գործով։

Տասնութ տարեկան էի, երբ Լոռիս Մելիքովի առջևից Մուխթար փաշան փախավ։ Մեր թնդանոթների որոտը մինչև Լոռվա սարերն էր հասնում, ասաց Լոռեցի Սրապր և մեզ քաղաքային այգու միջով առաջնորդեց դեպի մի փոքրիկ արհեստանոց։ Արհեստանոցի ցուցանակին նկարված էր փայտյա մի թամբ և ձիու գլուխ. թամբը՝ կարմիր գույնի, ձիու գլուխը՝ սև։

Այդտեղ նա մեզ ներկայացրեց երկու օտարական հայերի։

Երկրեն կուգան, ասաց Լոռեցի Սրապը շշուկով և ինքը արագ դուրս եկավ։

Հայերից մեկը էրզրումցի էր, իսկ մյուսը՝ իգդիրցի։ էրզրումցու անունը Արշակ էր, բայց Քեռի էին ասում։ Քեռին արհեստավորի գոգնոցը կապած, զբաղված էր մի հին թամբի նորոգությամբ։ Միջահասակից քիչ բարձր էր, շալվարը սապոգների մեջ դրած, փոքր ինչ ալեխառն բեղով և աչքերը խաժ։ Լռակյաց էր, գլուխը կախ։ Քթի տակ ինչ-որ բան էր մտմտում։ Գործասեղանին, որի վրա նա կռացած աշխատում էր, անկարգորեն թափված էին փայտե և երկաթե ասպանդակներ, տապճակներ, գամեր, պայտեր, իսկ մեջքի ետևը՝ պատից կախված էին երասանակներ, սանձեր, համետներ ամեն տեսակի ու չափսի, և ձիու ու ավանակի երեք խրտվիլակ։

Իգդիրցու անունը Դրո էր։ Միջահասակ, թխադեմ, փոքրիկ բեղ ու մորուսով մի երիտասարդ էր Դրոն։ Սա անկյունում քաշված ծխում էր և տաքացած վիճում ֆրենչ հագած ալեքսանդրոպոլցի մի պատանի սպայի հետ, որի փայլուն սև մազերը ալիքներով դուրս էին ցցված սպայական գլխարկի տակից։ Որքան կարողացա հասկանալ, վեճը գընում էր արևմտյան և արևելյան Հայաստանի ազատագրության շուրջը։ Մեկ–երկու անգամ ականջիս հնչեցին «Անդրանիկ» և «Գևորգ Չաուշ» անունները։

Ալեքսանդրոպոլցին չէր առարկում նրան։ Իշխողը Դրոն էր, ռուս բանակի ավագ սպան։

Արշակը լուռ էր, ամբողջապես կլանված իր գործով։ Նա գրեթե չէր լսում, թե ինչ է խոսում իգդիրցին։ Երբեմն–երրեմըն մի խաղաղ ժպիտ էր ցոլանում նրա ծաղկատար դեմքին։ Հիշեցնում էր մեկին, որի նժույգը անհանգիստ դոփում է պատշգամբի տակ, և ինքը շտապում է թամբն ու ասպանդակները կարգի բերել, որ իսկույն ճանապարհ ընկնի։ Ու՞ր։ Գուցե դեպի Կարին, կամ դեպի Սասուն։

Քանի որ դու համամիտ ես ինձ գաղափարական տեսակետից, եկ խմենք ուրեմն ապագա ազատագրության կենացը, առաջարկեց Դրոն, դիմելով ֆրենչ հագած երիտասարդ սպային։ Թող Արշակն էլ այղ կենացին մասնակից դառնա։

Ապագա աշխատավորական Հայաստանը կոփվում է Սասնո լեռներում, ուստի ես առաջարկում եմ խմել նախ և առաջ Գևորգ Չաուշի և նրա ֆիդայիների կենացը, որոնցից երկուսը այստեղ են, միջամտեց Արշակը և ձիու թամբը մի կողմ դնելով, մեզ իր հետ առած առաջացավ դեպի խորքում նստածները։

Խմենք, գոչեց ռուս բանակի սպան՝ երիտասարդ ալեքսանդրոպոլցու հետ ոտքի կանգնելով։

Գավաթները լցվեցին։

Անդրանիկի և Գևորգ Չաուշի կենացը, թնդաց իգդիրցին գավաթը բարձրացնելով։ Խմենք այղ երկու տաքգլուխ՛ների և իրենց հայդուկների կենացը։

Մեծագույն տաքգլուխը դու ես, նկատեց Արշակը։ Հայդուկների կենացը խմելուց առաջ սովորիր նախ հայդու՛կի պատիվը պահել։

Իսկ ես հայդուկ չեմ, ի՞նչ եմ։ Եվ ո՞վ է վերջապես այդ շապինգարահիսարցին, տաքացավ Դրոն։ Գևորգ Չաուշի և մի քանի սասունցի իշխանների օգնությամբ անտառում սպա՛նել է մի ցեղապետի և կարծում է, թե հայրենիքն արդեն փըրկված է։ Իսկ ես մենակս քսան տարեկան հասակում վրիժառու ձեռքիս մի հարվածով դժոխք ուղարկեցի ցարական նահանգապետին։ Պայթյու՜ն։ Եվ իշխանական կառքը Նագաշիձեի հետ երկինք բարձրացավ օրը ցերեկով։ Եվ այն էլ ոչ թե մի խուլ անտառի մեջ, այլ մարդաշատ քաղաքի կենտրոնում։ Այժմ ասացեք, ո՞վ է ավելի մեծ հայդուկ ե՞ս, թե Գևորգ Չաուշը կամ Անդրանիկը…

Թեպետ արդյունքը գովելի է, բայց ազատագրական պայքարի այդ ճանապարհը երբեք քաջալերիչ չէ, նկատեց երիտասարդ ալեքսանդրոպոլցին։

Անդրանիկը նույնպես այդ ճանապարհին է կանգնած։

Բայց նրա Վանքի կռիվը կազմակերպված պայքար էր, հիշեցրեց Քեռին։ Երեսուն հայդուկներ կռվել են երեք հազար զորքի դեմ, և նրանց ձեռքին եղել է ընդամենը երե՛սունյոթ բերդանկի։

Այդ հարցը նորից գրգռեց իգդիրցուն, և նա սկսեց երիաասարդ սպայի հետ ռուսերեն խոսել։ Քեռին դժգոհ մնաց այդ խոսակցությունից և, գավաթն իջեցնելով սեղանին, ըշտապեց զբաղվել իր թամբով։

Այն առաքելությունը, հանուն ինչի մենք Բերդակի անտառից տաժանելի ճամփորդությամբ հասել էինք Բերդաքաղաք և ինչի համար ինքս պատասխանատու էի, ստիպում էր ինձ կշռադատ լինել, իսկ Մշեցի Տիգրանը, որ բարկությունից ընչացքներն էր ոլորում, չկարողացավ զսպել իրեն, և ձեռքը աննկատելի տարավ դեպի արայի տակ ծածկված տասնոցը։ Մանավանդ սաստիկ վիրավորվեց, երբ նրանք մեր ներկայության սկսեցին մեզ համար անհասկանալի լեզվով խոսել։ Երևի դարձյալ հայհոյում էին Գևորգ Չաուշին և Անդ՛րանիկին։ Իգդիրցին նկատեց Տիգրանի ձեռքի անզգույշ շարժումը և արագությամբ ատրճանակը պատյանից հանելով բարձրացրեց վեր։

Գործը կարող էր մեծ բարդությամբ վերջանալ, եթե այդ միջոցին Լոռեցի Սրապի առաջնորդությամբ ներս չմտնեին ցարական բանակի հինգ հայազգի գնդապետ՝ սրերը գա֊ լիֆտների և ճտքավոր փայլուն կոշիկների վրայով մինչև կրունկները երկարող, և ռուսահայ մի քանի երիտասարդ սպաներ՝ հպարտ գլուխները սպիտակ կանթավոր, սև գըլխարկներով ծածկած։ Սպաներից մեկի անունը հիշում եմ Սամարցով, Դոնի Ռոստովից։ Գնդապետներից երեք անուն ուժեղ տպավորվեց ականջիս մեջ՝ Թոմասբեկով, Սիլիկով, Բեկ Փիրումով։

Դրոն նրանց տեսնելով իջեցրեց ատրճանակը, Մշեցի Տիգրանն՝ իր տասնոցը, ես՝ իմ աթոռը, իսկ Քեռին՝ իր թամբը։

Իմանալով, որ մենք Մշո կողմերից ենք գալիս, ռուսահայ գնդապետներն ու երիտասարդ սպաները գրկախառնը֊ վեցին մեզ հետ և, բոլորս միասին ոտքի կանգնած, խմեցինք Հայաստանի ազատագրության կենացը։

Օ, ի՜նչ խանդավառ օր էր, ի՜նչ հրաշալի վայրկյան։ Այդ ավագ և երիտասարդ զինվորականներին նայելով, ես նըկատում էի, որ ռուսաց Հայաստանում էլ կա մի հերոսական սերունդ, և բոլորի խորհուրդը նույնը՝ Հայաստանի ազատագրությունը։

Բերդից թնդանոթ արձակեցին։ Դրոն և Լոռեցի Սրապը իրենց ծոցի խոշոր ժամացույցները հանելով՝ սլաքները ետ ու առաջ տարան։ Թամբագործ Արշակն էլ ժամացույց ուներ. նա էլ իր ժամը ճշտեց։ Իրենց ժամանակը ճշտեցին նաև ալեքսանդրոպոլցի երիտասարդ սպան և ցարական բանակի հինգ գնդապետները։ Մեզ բացատրեցին, որ օրական երեք անգամ թնդանոթը համազարկ է տալիս, և բերդաքաղաքի բնակիչները նրա հարվածների տակ ուղղում են իրենց ժամացույցները։ Վերջին թնդյունը լսվելու էր գիշերվա կեսին։

Այդ տեսակցությունից հետո Լոռեցի Սրապը ինձ և Մշեցի Տիգրանին թամբագործի արհեստանոցից հանելով, տարավ մի քարաշեն տուն, որ գտնվում էր բերդաձորի Սլլան կոչվող քարի մոտ։

Գիշերը այդտեղ լուսացրինք։

Առավոտյան Սրապն ասաց.

Մենք այս ձորով պետք է Ալեքսանդրոպոլ գնանք։ Եվ նա նույն օրը միջնաբերդի պղնձագույն ժայռերի տակով մեզ դուրս բերեց Բերդաքաղաքից։

ՈՒԽՏ ԼԵՌԱՆ ՍՏՈՐՈՏՈԻՄ

Ալեքսանդրոպոլը շինված էր հարթության վրա, Արագած լեռան դիմաց։ Յոթ եկեղեցի ուներ և մի նշանավոր շուկա։ Տեղացիները այդ քաղաքին Գյումրի էին ասում։ Հենց առաջին օրը այստեղ մի այնպիսի փորձանք եկավ մեր գըլխին, որ մեր բղբղիկ առնելն էլ մոռացանք, մեր ջուր խըմելն էլ, թամբագործ Արշակի աղմկալի արհեստանոցն էլ հետը։

Քաղաքի հյուսիս–արևմտյան մասում մի մեծ բերդ կար, տակը՝ «Չերքեզ» կոչվող մի ձոր։ Լոռեցի Սրապը Պոդվալի Վաղո անունով մի գյումրեցու հետ գնաց այդ բերդի կողմերը փամփուշտ հայթայթելու, որ գիշերով ճանապարհ ընկնենք, իսկ ես և Մշեցի Տիգրանը սկսեցինք շրջել քաղաքում։

Ինչպես Բերդաքաղաքում, այստեղ նույնպես շատ հայազգի զինվորականներ կային, որոնց սրերի կոթերը երկարում էին մինչև կրունկները՝ զնգալով փայլուն խթանների վրա։ Ոգևորվեց Մշեցի Տիգրանը և տասնոցը գոտու տակից հանելով՝ կապեց կողքին և սկսեց հպարտորեն ման գալ փողոցներով, երևակայելով, թե գտնվում է ազատագրված Հայաստանում։ Մենք նախ եղանք քաղաքի զբոսայգում, ուր շատ գյումրեցիներ վար ու վեր էին անում ծառուղիներով։ Բոլորի ուշադրությունը մեզ վրա էր, մանավանդ Տիգրանի սև աբայի տակից երկարող մաուզերի փայտյա կոթին։

Մի տեղ հաց կերանք (կարծեմ Ալեքսանդրովսկի փողոցըն էր՝ «Յոթ Վերքի» մոտ) և դուրս գալով շարունակեցինք մեր պտույտը։ Ս. Փրկիչի մոտով իջանք մինչև Դարբինների թաղը և ետ դարձանք։

Բերդաքաղաքից հետո մենք առաջին անգամ էինք տեսնում այդպիսի բարեշեն քաղաք։ Իջավ իրիկուն, և ամեն տեղ լապտերներ վառվեցին՝ սյուների վրա, տների ճակատներին, խանութների ներսում։ Մեր ապրած երկրռւմ այդպիսի լույսեր չկային։ Գեղեցիկ էին մանավանդ խանութների ցուցափեղկերի գույնզգույն լույսերը։ Մի ցուցափեղկի առաջ կանգ առանք։ Ներսի կողմից դրված էին շաքարի խոշոր գնդեր։ Սուլթանի երկրռւմ շաքար էլ չկար։ Երբ մենք հետաքրքրությունից կռացած դիտում էինք շաքարի կապույտ գնդերը, գյումրեցիներից մեկը հետևից մոտենալով՝ ձեռքով կշռեց Տիգրանի մաուզերի կոթը՝ ասելով. «Աշես էսոր կրակողը հե՞տն է»։ Տիգրանն արագ ետ դարձավ և մաուզերը կողքից քաշելով՝ թրը՜խկ... կրակեց օդում։ Ապա հանգիստ փչեց փողի մեջ և զենքը տեղը դնելով, շարունակեց նայել դեպի խանութի ներսը։

Վա՜յ, վա՜յ, գոչեց հարբած գյումրեցին, վախից անզգայացած փռվելով մայթին։

Հը՜բը, իշու ձագ, տեսա՞ր, որ կրակողը հետն է, ասաց մի ուրիշ գյումրեցի, որ ետևից էր գալիս և նկատել էր, թե ինչպես իր հայրենակիցը ձեռքով ծանր ու թեթև էր արել օտարականի մաուզերի կոթը։

Մեզ կարող էին տուգանել փողոցում կրակելու համար, եթե չլինեին Լոռեցի Սրապը և Պոդվալի Վաղոն, որոնք ժամանակին դեպքի վայրը հասնելով և մեզ կառք նստեցնելով՝ փախցրին դեպի «Կաղաչի պոստ» կոչվող զորանոցների կողմը։

Այդ շրջակայքում բանջարանոցներ կային։ Մեկի մեջ կազմ ու պատրաստ մեզ էր սպասում ուստա Գրիգոր անունով մի երիտասարդ գյումրեցի՝ երեք բեռնված ավանակներով։

Չգիտեմ, թե կառապանը ինչ խոսեց ուստա Գրիգորի հետ, միայն էն լսեցի, որ ուստա Գրիգորը բարձրաձայն ասաց. «Ղու գործիդ աշե, օղուլ, ես սատանեքին նալել եմ, իր ձագերուն ման կուգամ»։

Իմ մշեցի լինելը շատ իրավունք չէր տալիս ինձ Տիգրանին մեղադրելու իր կրակոցի համար։ Հայդուկը միշտ զգույշ է։ Բայց օտար տերության քաղաքում անկարգություն էր արվել։ Հարկավոր էր շտապել։

Մեր բեռ ու բարձով ելանք ճանապարհի վրա։ Հանկարծ խուլ դղրդոցի հետ մեր կողքին ուժեղ թշշոց լսվեց, և մեր ավանակները կորան սպիտակ գոլորշու ամպերի մեջ։

Բուղ է։ Մեր երկիր պառավողները բղով կշարժվեն, զգուշացրեց Պոդվալի Վաղոն, նայելով դեմից անցնող գնացքի ետևից։

Ծո, ինչ կըսես, օղուլ, էդպես որ էղներ, Ձիթողցենց բաղնիսները վաղուց Ամերիկա էին հասել, ասաց ուստա Գրիգորը գրաստներին փախցնելով գոլորշու տակից։

Պոդվալի Վաղոն և ուստա Գրիգորը իջան դեպի բանջարանոցները, իսկ մենք ավանակներին առած, Լոռեցի Սրապի հետ ուղղություն վերցրինք դեպի Կողբ։ Կողբում շատ աղ կար։ Մեր բեռները ծածկեցինք աղի բյուրեղներով և Իգդիրի միջով շարժվեցինք դեպի Օրգով։

Մասիսի լանջին երևաց ս. Հակոբի աղբյուրը։ Հենց որ Տիգրանը իմացավ, որ մենք Մասիսի տակով ենք անցնում, նրա ծռությունը նորից բռնեց։ Առաջարկեց Մասիսի գագաթը բարձրանալ։ Այսպես էր դատում. մեկ էլ, ով գիտե, կյանքում առիթ կլինի՞, որ մենք Մասիսի լանջերով անցնենք՝ այդքան մոտ գտնվելով նրա գագաթին։ Չէ որ Մասիսը Հայոց Բարձրավանդակի ամենաբարձր լեռն է, և նրա վրա կանգնողը կանգնած կլինի Հայաստանի բոլոր սարերի գլխին։ Եվ Տիգրանը սկսեց համոզել Լոռեցի Սրապին, որ մի քանի ժամով ավանակներին հսկի, մինչև մենք կվերադառնանք։

Եղանակը աշնանային էր և խիստ նպաստավոր վերելքի համար։ Ես էլ հմուտ լեռնագնաց էի և այդ առաջարկը իմ սրտին շատ մոտ էր, սակայն անմտություն էր այդ վիճակում մտածել Մասիս բարձրանալու մասին։ Եվ արդյոք բարձրանալիս Մշեցի Տիգրանի կամ ինձ հետ մի նոր փորձանք չէ՞ր պատահի՝ բոլորովին անհաջողության մատնելով մեր վերադարձը։ Հիշեցրի, որ մենք ուխտյալներ ենք, հատուկ առաքելությամբ դեպի Կարս եկած և կյանքով պատասխանատու մեզ վստահված գործի համար։

Ա՛յ Տիգրան, ասացի, եկ ձեռք քաշիր Մասիս բարձրանալու մտքից։

Մեր առաջնորդը ավելացրեց, որ Մասիսը այնպիսի սար չի, որ էշը կապես ստորոտը, ելնես գագաթն ու իսկույն իջնես։ Այդ լեռան քամին սաստիկ զորավոր է։ Նույնիսկ ամռանը նրա վրա ահեղ փոթորիկներ են լինում և կայծակներ են ճայթում օդի մեջ։ Հիշատակեց մի քանի տեղացի և օտարազգի ուղևորների, որոնք հատուկ գավազաններով ու հարմարանքներով զինված, խանդավառությամբ մագլցել էին դեպի այդ լեռան գագաթը և անհետ կործանվել նրա սառույցների ու փոթորիկների սահմանին հասնելով։

Ես և Լոռեցի Սրապը հազիվ կարողացանք համոզել Տիգրանին այդ վտանգավոր վերելքից հրաժարվելու։ Երդվեցինք, սակայն, որ երբ Հայաստանը ազատագրվի, և մենք ողջ լինենք, երեքով գտնվենք այն քաջամարտիկների շարքում, որոնք Հայաստանի ազատագրության դրոշը պիտի հաստատեն այդ լեռան գագաթին։

Նույնիսկ եթե մեզանից թեկուզ մեկը մնա կենդանի, նա պարտավոր է ի կատար ածել մեր երեքի ուխտը, առաջարկեց Տիգրանը։

Տվեք ձեր ձեռքերը, գոչեց Լոռեցի Սրապը՝ առաջինն իր ձեռքը պարզելով։ Մեր բազուկները միացան, և մենք լռությամբ ծունկի իջանք մեծ լեռան առաջ։

Հասել էինք մի կետի, որտեղից պարզ երևում էին այն կեռմանները, որով մենք անցել էինք Ալյուր գյուղից դեպի Կարս գնալիս։ Վտանգավոր էր նույն ճանապարհով վերադառնալ։ Լոռեցի Սրապը մեզ խորհուրդ տվեց գնալ ԽոյԱալմաստ ճանապարհով։ Նա մեզ հետ եկավ մինչև Փոքր Մասիսի ստորոտը, Մակու քաղաքի մոտ։ Մակուն նստած էր մի անդնդախոր նեղ ձորի մեջ։ Քաղաքի երկու կողմից հսկայական ժայռեր էին բարձրանում և կամարաձև կռանալով՝ ձգտում էին միանալ։

Տեսեք, մարդ են գլորում այգ ժայռից, մատնացույց արեց Լոռեցի Սրապը, Եվ իսկապես, հեռվից տեսանք, թե ինչպես մի կալանավորված մարդու վար գլորեցին կամարաձև ժայռից։

Երևի ֆիդայի կլինի, կամ ներքին հանցագործ։ Այս երկրռւմ այդպես են պատժում օրինազանցներին։ Սարդարի հրամանով հանցապարտին հանում են ժայռի գագաթը, ձեռքերը ոտքերը կապում են և գլորում անդունդ։ Այն գեղեցիկ քյոշկն էլ, որ երևում է դիմացի լեռնաշղթայի գագաթին, Սարդարի ամառանոցն է, մատնացույց արեց մեր առաջնորդը։

Սարդարը մեզ էլ գլորել կտար այդ ժայռերից, եթե իր երկրռւմ ծնված լինեինք, նկատեց Մշեցի Տիգրանը։

Անպայման կգլորեին և առաջին հերթին քեզ։ Որտեղ էլ բռնվես, քո տեղը անդունդն է, ասացի ես։ Մանավանդ, որ դու երեկ հրացան պարպեցիր Գյումրի քաղաքում, իսկ այսօր էլ Մասիս բարձրանալով ուզում էիր վտանգել մեր ամբողջ գործը։

Երեքով ետ նայեցինք։

Մասիսը մեջքով կանգնած էր մեր հայացքի առաջ։ Օ՜, այդ լեռը։ Քանի Մասիսը կա, հայի երազանքին վախճան չկա։

Այստեղ Լոռեցի Սրապը վերջին անգամ հաց կերավ մեզ հետ, ստուգեց մեր բեռները և պատրաստվեց վերադառնալ Բերդաքաղաք։

Բաժանվելիս ասաց.

Դուք սուլթանի թախտը ծակեք, ինչքան փամփուշտ հարկավոր լինի՝ կտանք։ Եթե հարկ եղավ՝ մենք էլ կգանք։

Լսվեց մի հեռավոր խուլ որոտ։ Կարսեցիները իրենց ժամացույցներն էին ուղղում վերնաբերդից թնդանոթի արձակած զարկով։

Մենք բռնեցինք Թադեի վանքի ճանապարհը։

Be the first who will comment on this

Other parts of "Ռանչպարների Կանչը"

Yatuk Music
Symphonic Images
Ghazaros Saryan

Symphonic Images

The uprising of the peasants of Haghpat in 1903
The uprising of the peasants of Haghpat in 1903
Play Online