Khachik Dashtens
Ռանչպարների Կանչը
38
ՎԵՐԱԴԱՐՁ
1947 թվականի սեպտեմբերին Ֆրանսիայից Հայաստան եկավ մի ծերունի զինվորական։ Նա շոգենավ նստեց Մարսելում հայրենիք ներգաղթող ֆրանսահայերի առաջին խմբի հետ։
Մի օր առաջ նա Փարիզում էր։ Այդ օրը գուցե նա միակ մարդն էր ամբողջ քաղաքում, որ վաղ արթնանալով գնացել էր Պեր Լաշեզ։ Գնացել էր բարով մնաս ասելու քարե հեծյալին, որ մոլեգին նժույգը սանձած Եվրոպայի դաժան մըշուշների միջից նայում էր դեպի Հայաստան։
Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծերունի զինվորականը օգնել էր ֆրանսիական պարտիզաններին ընդդեմ հիտլերյան զավթիչների։ Նրան իր մի քանի հայրենակիցներ խորհուրդ չէին տվել Ֆրանսիայից հեռանալ։ Բայց նա նավ էր մտել նրանցից գաղտնի։ Ուղղակի կառչել էր շոգենավից խնդրելով, որ իրեն Հայաստան տանեն։ Ու մի առավոտ հայտնվեց Երևանում։
Գեղադեմ, բարձրահասակ մի զինվորական էր, հին ֆիդայի, որին ամենքը զորավար էին ասում։ Ձեռքին զենք չկար։
Զենքի Փոխարեն հիմա նա ձեռնափայտ էր կրում, որին հենվում էր կանգնած ժամանակ։ Քաղաքը գրեթե անծանոթ էր իրեն։ Սերունդը փոխված էր։ Իր տեսած առաջվա մարդիկ չկային։ Քչերն էին մնացել։ Բայց ու՞ր էին այդ քչերը։ Նկատեց, թե ինչպես մեկ–երկուսը մտերմորեն շշնջացին իրար՝ «Զորավար Մախլուտոն է, Ֆրանսիայից է եկել», զարմացած նայեցին իրեն և արագ հեռացան։
Բոլորովին այլ նայվածք և քայլք ունեին իր սերնդի մարդիկ, իսկ այս նորերինը՝ զարմանալի տարբեր թվացին։ Նրանք սաստիկ փութաքայլ էին, ուղղաձիգ և աչքերը անցյալից կըտրված, կարծես ամբողջապես մխրճված էին ներկայի և ապագայի մեջ։ Տարբեր էր անգամ նրանց խոսքը։ Այդ խոսքը թեև հայերեն էր, բայց ուրիշ շեշտ և առոգանություն ուներ, իր համար նույնիսկ փոքր–ինչ անհասկանալի։
Դանդաղ քայլում էր նա և նրա գլխում ոչինչ չէր լսվում, բացի անցյալի ոտնաձայներից։ Ամբողջ Մշո դաշտը իր գլխի մեջ էր, տուն առ տուն, տոհմ առ տոհմ։ Գիտեր, թե ում դուռը ում բակի վրա էր բացվում, ում երգիկից ինչ գույնի ծուխ էր ելնում և օրվա որ պահին։ Սասունն էր իր գըլխում։ Լայն, խոշոր տրեխներով նրա ուղեղի վրայով անցավ Սպաղանաց Մակարը։ Գալեի ոտնաձայնը լսվեց։
Հենվեց ձեռնափայտին։ Ծանր տեսարան է, երբ ծեր զինվորականը ապավինում է «երրորդ ոտքին»։ Հանեց կապույտ մեծ թաշկինակը և ճակատը սրբեց։
Քիչ մնաց ընկներ։ Նա, որ գրեթե պարտված չկար ոչ մի ճակատամարտում, քիչ մնաց սայթաքեր ողորկ մայթի վրա։ Բայց այս ո՞վ է հևիհև շտապում դեպի իր կողմը։ Լսեց մի ծանոթ բացականչություն «Զորավա՜ր», և տեսավ, թե ինչպես մի տղամարդ դիմացից գալով իր գլուխը առավ զորեղ բազուկների մեջ։
Էդ դու՞ ես, Բարսեղ։ Եվ Մախլուտոն կրծքին սեղմեց իր ձիապանի, իր հին մարտական գինվորի ճերմակած գլուխը։
Լսեցի, որ եկել ես։ Վազեցի տուն, մի տոպրակ թութուն առա ու եկա։
Գյուղի՞ց ես գալիս։
Թալինի Ոսկեթաս գյուղից։ Զորավարը լռեց, հետո,
Ի՞նչ եղավ Փեթարա Իսրոն։
Նա վաղուց չկա։
Տեր Քաջի Ադա մը։
Նա նմանապես։ Մախլուտոն փղձկաց։
Մորուք Կարոյի մասին չեմ հարցնում, ասաց նա գլխարկը ծածկելով, որովհետև նրա վերջաբանը ինձ հայտնի է։ Նրա և Զնգլիկ Պետոյի մասնակցությունը քրդական շարժումներին շատ կարճատև եղավ։ Հազիվ Պարսկաստան հասած՝ ապստամբությունն արդեն ճնշված էր և ապստամբության առաջնորդ Սալիմ բեկը (վերջերս Շեյխ Զիլանը այդ անունով էր կոչվում) խաբված և տարված անհայտ ուղղությամբ։ Իսկ գիտե՞ս, թե ով էր Շեյխ Զիլանը։ Դա մեր հին հայդուկ «Բրինդարն» էր Խնուսի Հարամիկ գյուղից, որ Մառնիկի անտառում ծառերի չոր եզրերը կեղևելով, անծուխ կրակ էր շինում իր ազգի համաշխարհային վեճը լուծելու համար, երագելով այն օրը, որ Գևորգ Չաուշը իրեն մի հրացան արտոնի՝ որևէ ճակատամարտում իր քաջությունը ցուցաբերելու։
Շեյխ Զիլանի ապստամբությունը աշխարհը ցնցեց։ Ահա թե ինչ բան է ազատասեր հայ ֆիդային։ Շեյխ Զիլանի հետ եղել են քուրդ Հասանոն և ասորի Աբդելոն։ Վերջում Մասիսի լանջերին հայտնվել է Քոլոզ անունով մի քուրդ իր կնոջ հետ։ Քոլոզը՝ դա Ամինոն էր, որի հարսանիքին մենք ներկա եղանք Ալի բեկին ահաբեկելով, և որը հետո իր նորահարսի հետ Ֆարխինի կողմերը փախչելով, ծծումբ ու վառոդ էր ուղարկում մեզ սուլթանի դեմ կռվելու համար։ Այդ երեքն էլ՝ քուրդ Հասանոն, ասորի Աբդելոն և Քոլոզը իր կնոջ հետ, սպանվել են Օրգովի տակ, Շեյխ Զիլանի առաջնորդությամբ Վանի վրա շարժվելու ճանապարհին։ Անգլիացիների մատը խառն էր Սալիմ բեկի ապստամբությանը, և հակառակորդը շատ նեղն էր ընկած։ Նա դիմեց օգնության։ Ռիզա շահը փոքր Մասիսը հանձնեց թուրքերին և դրանով հարցը փակվեց։
Հայտնի չէ՞, թե ինչ ուղղությամբ են տարել Սալիմ բեկին։
Նա մոտավորապես գտնվել է այն վայրում, որտեղ իր վերջին օրերն է անցկացրել Դժոխք Չոլոն։
Իսկ Մորուքը և Պետոն ո՞ղջ են։
Նրանք Պարսկաստանից անցել էին Բաղդադ, Բաղդադից՝ Լիբանան։ Մորուքը ծպտված էր ապրում, որովհետև Պարսկաստանում եղած ժամանակ նա սպանել էր մի անգլիացի սպայի, որը իր ներկայությամբ պարծեցել էր, թե ինչպես Անդրկասպյան ավազներում մասնակցել էր Ստեփան Շահումյանի և իր ընկերների գնդակահարությանը։ Պետոն միառժամանակ ապրել է Գամըշլիում և Հալեպում։ Վերջին կայանը Բեյրութն էր։ Բեյրութումն էին ապրում նաև Ցրոնաց Սուշիկը և «սասունցիների պոլկի» շատ երևելի զինվորներ։ Վերջին տարիներին Զնգլիկ Պետոն Անթիլիասի վանքում մեղվապահ դարձավ։ Նա ամեն տարի Լիբանանի սարերով կոխում էր սահմանագլուխը, Տիգրանակերտի դաշտով հասնում էր Սասուն, կռանում խմում էր Անդոկի աղբյուրից և մի սափոր ջուր վերցնելով Մորուք Կարոյի համար, նորից սահմանը կոխելով վերադառնում էր Բեյրութ։ Ո՞վ է իր ծննդավայրը այդպես սիրել։
Եվ մեռա՞ն։
Երկուսն էլ։ Մորուքը՝ Պարսկաստանի Համ ադան քաղաքում, իսկ Պետոն՝ Բեյրութում։ Երկուսն էլ մեռան հայրենիքի կարոտը իրենց սրտում։ Միգուցե մենք շատ բաներում սխալ ենք գործել, Բարսեղ։ Հնարավոր է, որ մեր պայքարի ուղին ճիշտ չի եղել, բայց մեր սերնդի միտքը ազնիվ էր և մեր դատը արդար։ Ապիկար կլինեն այն մարդիկ, որոնք այժմ կամ ապագայում կփորձեն մեղադրել մեզ առանց խորամուխ լինելու մեր ապրած ժամանակի և պայմանների մեջ։ Մենք այն ենք, ինչպես եղանք մի քանի տասնյակ, գուցե և հարյուրավոր դաշտեցի և սարեցի ռանչպար գյուղացիներ, որ կռվում էին մեր ժողովրդի պատվի և ազատության համար, և այժմ բաց ճակատով ու խոցոտված սրտով կանգնած ենք պատմության դատաստանին։ Չքայլե՞նք մի քիչ առաջարկեց Մախլուտոն։ Ուղում եմ անվերջ շրջել։ Տեսնելիք շատ բան կա։ Հա, ասացիր, որ ինձ ծխախոտ ես բերեր Շատ շնորհակալ եմ։ Այս կապոցը մի քանի ամիս կբավե ինձ։ Ֆըրանսիական գլանակներ ունեմ մոտս։ Վերցրու քաշիր, տես կհավանե՞ս։ Ինձ դուր չեն գալիս, փաթեթը սիրուն է, բայց մեջը համ չկա։ Երևանում մեր երկրացիներից շա՞տ կան, հարցրեց Մախլուտոն կանգ առնելով և նորից հենվելով գավազանին։
Շատ կան, զորավար։ Մոտ հարյուր հիսուն հազար մըշեցի կա Հայաստանում։ նույնքան էլ սասունցի, հին և նոր սերունդը միասին հաշված։
Ի՜նչ ուրախալի բան ասացիր։ Իսկ ի՞նչ գիտես հին հայգուկ Հաջի Գևոյի մասին։
Իմ լսելով Հաջի Գևոն հսկիչ էր Թոխմախան լճի կարմիր քարհանքերի վրա։ Դարձյալ չերքեզկան հագին էր, երկար չիբուխը բռի մեջ և Մանաղկերտի «լոլոն» շրթունքներին։ Վերջին տարիներին ապրում էր Բաթումում ։ Այնտեղ էլ մեռել է, իսկ հարսը և թոռները կան։ Դու քո մասին պատմիր, զորավար, որտե՞ղ ես իջել։
Ղարիբի մոտ։ Հիշու՞մ ես Սոսե մայրիկի ձիու առջևից գնացող ձիավորին։ նրա մոտ եմ իջել։ Ղարիբը Ֆրանսիայից Հայաստան է ներգաղթել տաս տարի առաջ։Ապրում է Ֆիրդուսու փողոցի վրա։ Հարևանները պատմել էին, որ Անդրանիկը 1916-ին փոխարքայի մոտից Բաղեշ վերադարձին իր ձին մի քանի ժամով կապել է այդ տան ներքնահարկում։ Եվ Ղարիբը այդ տունն է ընտրել բնակության համար։ Երևան հասա թե չէ, Ղարիբը դիմավորեց ինձ կայարանում և ժամանակավորապես տարավ իր մոտ։
նրանք զրուցելով հասան Ֆիրդուսու փողոցը և բաժանվեցին։ Բարսեղը վերադարձավ գյուղ, խոստանալով նորից, հանդիպել։
ԶԲՈՍԱՅԳՈԻ ՎԵՐԱԿԱՑՈՒՆ
Լենինյան շրջկոմի երիտասարդ քարտուղարը նոր էր մտել իր աշխատասենյակը, երբ քարտուղարուհին ծանուցեց, թե Ֆրանսիայից եկած մի հայրենադարձ է ուզում իրեն տեսնել։
Հրավիրիր ներս։.
Ձեռնափայտը բռնած ծանր քայլերով ներս մտավ ծերունի զինվորականը։ Քարտուղարը նրան դիմավորեց մուտքի մոտ։
Տղա, դու մշեցի՞ ես, մտերմիկ շեշտով նրան դիմեց զորավարը։
Մշեցի եմ, քեռի։ Իսկ դու՞ ով ես։
Ես Մախլուտոն եմ։
Զորավար Մախլուտո՞ն։
Այո, Մուշ քաղաքից։
Անխառն մշեցին անդիմադրելի է զորեղ զգացմունքի առաջ, մանավանդ, երբ իր դեմ երկրացի է կանգնած։ Շըրջկոմի քարտուղարը զորավարին բարի գալուստ մաղթելով, տարավ նստեցրեց բազմոցին։
Մախլուտոն ձեռնափայտը դրեց կողքը և թաշկինակը հանելով ճակատը սրբեց։
Կարելի՞ է ծխել։
Ինչու՞ չէ, խնդրեմ։
Զորավարը փաթաթեց մի գլանակ և սկսեց հանգիստ ծըխել, թեև սաստիկ հուզված էր երևում։ Դե, հիմա ասա տեսնենք, թե դու Դաշտի ո՞ր գյուղիցն ես։
Խասգյուղ։
Խասգյուղն ուներ չորս թաղ. Տունջո թաղ, Մարաղբյուր, Խաժուռիք և Վերին կամ Գավռցոց։ Այդ չորսից ո՞րն էր ձեր թաղը։
Թաղը չեմ հիշում։ Ես խութեցի Երանոսի տղան եմ։
Ջորեպան Երանոսի՞։ Այ տղա, ձեր տունը Գավռցոց թաղումն էր, Արջ կոյի ջաղացներից վերև, Մարտո տների դիմաց։ Ձեր թոնիրը շաբաթը մեկ անգամ էր վառվում և ծուխը մի քիչ սև էր, որովհետև թաց փայտ էիք վառում։
Դու իմ հորը տեսա՞ծ կաս, զորավար։
Ես նրա հետ Բիթլիսից մինչև Սասուն եմ գնացել և ճանապարհին կոտրել եմ նրա խոլինջը։ Երանոսը մեր սուրհանդակն էր և փորը մախաթով կարած։ Մախաթո՞վ, զարմացավ շրջկոմի քարտուղարը։
Բռնաշենի հովիվները կտրեցին։ Քո հայրը վերջին տարիներին վանքի փայտահատն էր և ապրում էր այն խուցի մեջ, ուր Արաբոյի հայրն էր ապրել ժամանակին։ Խեղճը ծառից ընկել էր և աղիքները դուրս թափել։ Շտապ հասցրինք
Բռնաշենի սարը։ Արինոքցի հովիվ Խոդեդանը բռնեց ոտքերից, իսկ դաշտադեմցի Տոնեն մախաթը տաքացնելով այծի սև մազաթելով նրա փորը կարեց։
Իսկ աղիքնե՞րը։
Աղիքները հարկավ մեջը գրեց։
Քո պատմածը հրաշք է, զորավար։
Հրաշք չէ։ Հրաշքը դու ես, որ խուրջինից ելած երկիր ես կառավարում։
Ի՞նչ խուրջին։
Քո անունը Զուլում չէ՞։
Զուլում Հայկազյան։
Դու Փեթարա Իսրոյի շիթիլներից ես։ Իսրոն խուրջինը մեջքին սարուձոր ընկած հայ երեխաներ էր հավաքում ավերակներից։ Մի երեխան մի ոսկի էր։ Իսրոյի մոտ մնացել էր ընդամենը կես ոսկի։ Քեզ բերող քուրդը Իսրոյից մի լրիվ ոսկի պահանջեց, թե չէ ուզում էր մեջտեղից ճվտել։ Ինձ մոտ փող չկար, Անդրանիկ փաշի գրպանն էլ դատարկ էր։ Մեր երգիչ Ալադին Միսակը քրդական մի երգ ասաց։ Երգը դուր եկավ քրդին և նա քեզ առանց վճարի դրեց Իսրոյի խուրջինի մեջ։ Եթե Միսակի երգը չլիներ, ոչ դու հիմա այստեղ կլինեիր, ոչ էլ ես քո կողքին նստած։
Ուրեմն ինձ Փեթարա Իսրո՞ն է ազատել։
Դու նրա հազարավոր շիթիլներից մեկն ես։ Հայկազյանը շտապեց իմանալ, թե հայրենադարձ զորավարը տուն ունի"։
Ի՞նչ տուն։ Հայդուկը ե՞րբ է տուն ունեցել։
Իսկ աշխատա՞նք։
Աշխատանք էլ չունեմ։
Որևէ արհե՞ստ։.
Սոլկար եմ։ Կարող եմ նաև փուքս փչել, կլայեկ զարկել...
Մենք քեզ տուն էլ կտանք, աշխատանք էլ, ասաց շրջկոմի քարտուղարը։ Հիմա դու քո հայրենիքում ես։
Ես ուրիշ հայրենիք չունեմ։ Զինվորական մի հին վերարկու ունեմ մոտս, կպարզեմ բաց երկնքի տակ, գլուխս կդնեմ մի ժայռի ու կքնեմ։ Կարծում եմ ինձ դրա համար չեն բանտարկի։
Ո՞վ իրավունք ունի քեզ բանտարկելու, զորավար, խոժոռեց քարտուղարը։
Հակառակորդներս ինձ Մարսելում ասացին. «Հենց որ հասնես Երևան, քեզ կբանտարկեն»։ Երկրորդ օրն է այստեղ եմ և մոտեցող չկա։
Եվ չի էլ լինի։ Բայց դու շատ ես ծխում, զորավար, նկատեց Հայկազյանը։
Իմը ծխելն է։ Առաջին ծուխս գնաց Նեմրութի վրա։ Ֆրանսիայում էլ շատ էի ծխում։ Էն օրվանից, որ Անդրա՛նիկը մեռավ, իմ ուտելը պակսեց, իմ ծուխը շատացավ։ Ամեն վայրկյան մտքերիս հետ եմ։ Հիացած եմ իմ տեսածով։ Այսքան շեն Հայաստան իմ սերունդը հազիվ թե կարողանար պատկերացնել։ Երկիրը շատ է ծաղկել, շատ է գեղեցիկ։ Էսպես որ գնա, երկու–երեք տարի չանցած մենք Մուշ ենք։ Ես ձեզ կտանեմ, մեկ առ մեկ ցույց կտամ ձեր տների տեղերը ու դրանից հետո մեռնելը դյուրին կլինի։ Մախլուտոն նորից փաթաթեց մի գլանակ։ Ինչ անուշ թութուն է։ Երեկ իմ ձիապան Բարսեղը բերեց Ոսկեթասից։
Շուտով ամեն բան կարգավորվեց։ Հայրենադարձ զորավարին հատկացվեց բնակարան Նաիրի փողոցի վրա։ նրան նշանակեցին կենսաթոշակ և կարգեցին ընդհանուր վերակացու Կոմիտասի զբոսայգում։
Մենակ էր ապրում Մախլուտոն։ Առավոտները գնում էր զբոսայգի, կարգադրություններ էր անում գործավորներին, և բահը վերցնելով սկսում էր աշխատել։ Կոմիտաս զբոսայգին շինված էր Երևանի հին գերեզմանատան տարածքի վրա և նոր էր կազմավորվում։ Զբոսայգին իր երևույթով չափազանց խորհրդանշում էր Սովետական Հայաստանը, որ նույնպես ծաղկել էր ավերականոցի և շիրմաքարերի վրա։ Աշխատանքից հետո Մախլուտոն հսկում էր զբոսայգու գլխավոր մուտքի մեծ նստարանին, ծանր գլուխը ֆրանսիական թեթև գավազանին դրած։ Դիմացը, զբոսայգու պատի տակ ուրիշ մի հայդուկ էր թաղված։ Աչքը այդ հին հայդուկի գերեզմանից սահեցնելով, նա լուռ նայում էր անցուդարձ անող մարդկանց, երիտասարդ զույգերին։ Մանավանդ սաստիկ հուզվում էր, երբ զբոսայգու մանկապարտեզի երեխաները սպիտակ գոգնոցներ կապած դաստիարակչուհիների ուղեկցությամբ շարքով անցնում էին իր առջևից։ նրա ձեռնափայտի գլուխը երբեմն աննկատելի թրջվում էր և նա հախուռն ծըխելով դանդաղորեն գնում էր տուն։
Վանեցի մի կին շաբաթը մեկ–երկու անգամ գալիս մաքրում էր նրա սենյակը և գնում։
Զորավարին տեսության էին գալիս հին զինվորներ, ծանոթներ, բարեկամներ։
Մշտական այցելուն և զրուցակիցը Սմբուլ Արշակն էր, կամավորական հեծյալ գնդի հարյուրապետը, որ առաջինն էր մտել Խաչմանուկյանների ապարանքը Բաղեշում և գեղեցկուհի Շուշանին իր բեռներով ուղևորել դեպի Երևան։ Իսկ Շուշանը չկար։ Զբոսայգին տարածված էր Հրազդան գետի եզերքին, որտեղից երևում էր Երևանի հին բերդը, բայց ոչ բերդի զինվորական հիվանդանոցն էր երևում և ոչ էլ գթության քույր Շուշանը։
Մյուս անբաժան այցելուն Ղարիբն էր։ Իր ազատ ժամերին սա միշտ զորավարի կողքին էր նստած, տանը կամ զբոսայգում։ Երկուսն էլ մտքով երբեմն տեղափոխվում էին Ֆրանսիա։ Մինչև արտասահման գնալը Ղարիրը շարունակ եղել էր Սոսս մայրիկի հետ իբրև նրա ձիու առջևից գնացող զինվոր, և ամեն հանդիպմանը որևէ հետաքրքրական դրվագ էր պատմում այդ կամավորուհի կնոջ կյանքից։ Ինչպես Աղբյուր Սոսեն Հաջի Գևոյի և արևմտահայ գաղթականության հետ Ալեքսանդրոպոլից հասավ մինչև Գորիս։ Եղավ այն զինվորների մեջ, որ Անդրանիկին Բաթումից ուղևորեցին դեպի արտասահման, և վերջում մեկնեց Պոլիս։ Իսկ Մախլուտոն ավելի հեռուն էր գնում։ նա մտքով շրջում էր Ֆրեզնոյի և ԼոսԱնջելոսի փողոցներով և Ատլանտ յան օվկիանոսը կտրելով գալիս կանգնում էր Քարե հեծյալի կողքին։
Երրորդ այցելուն ձիապան Բարսեղն էր։ Սա Ոսկեթասից էր գալիս, հևտը երբեմն որևէ հին հայդուկ կամ կամավոր բերելով Թալինի և Աշտարակի գյուղերից։
Մայրաքաղաքի այն թաղամասը, ուր Մախլուտոն էր ապրում, խիստ աղմկոտ էր։ Իրար ետևից ավտոբուսներ էին անցնում, անթիվ-անհամար ինքնաշարժեր։
Մի անգամ մի մենավոր ձի անցավ փողոցավ՝ վրան մի հեծյալ։ Կանգ առավ և ձեռնափայտին հենված երկար նայեց ձիու ետևից։ Ինքնաշարժերը քսվելով անցնում էին նրա մոտով։ Ու հանկարծ այդ բոլոր ինքնաշարժերը դարձան ձիեր։ Փողոցը լցվեց նժույգներով, կոշտ խճուղին դղրդաց նրանց սմբակների տակ։ Թվաց նրան, թե այդ բոլորը Պայթող Աղբյուրի նժույգներն են, Սասնո առասպելական աղբյուրից բարձրացած հրեղեն ձիավորները։ Անվերջ ելնում են ու վերջ չկա։ Ահա նրանք անցան Հաղթանակի կամուրջով։ Բոլորից առաջ ընթանում էին Քարե հեծյալը և մենավոր ձին, որի թամբին ինքն է նստած։ Գնացին, գնացին, սմբակները դեմ տվին Սըմբատաբերդին ու սկսեցին հարվածել։
Մախլուտոն ձեռքը տարավ դեպի ճակատը և հրեղեն ձիերն ու ձիավորները չքացան, Սմբատաբերդը աներևույթացավ։
Տեսիլք էր՝ ցնդեց։
Այդ բովանդակ տեսարանից իր աչքերի առաջ մնաց մեն-մի պատանի Սողգոմ գյուղի կանաչ դաշտի մեջ կանգնած, այնտեղ, ուր Մշո գետակը թափվում է Մեղրագետի մեջ։
Ինքն էր։ Կարմիր Ծառի Զանգակ սարից իջած շարժվում էր դեպի արևելք, հայացքը հառած Խլաթա լեռներին և փոքրիկ դադարի կանգնած նայում էր, թե ինչպես հայրենի գետակը սպառում էր իր կյանքը, խառնվելով ավելի մեծին ու անծանոթին։
Իր կյանքի աղմկալի գետակն էլ ճիշտ այդպես իր ակունքից հեռանալով գնաց թափվեց ավելի մեծի ու անհունի մեջ։ հետո նա արդեն տանն էր։
ԵՍ ԷՆ ՃՐԱԳ ՓՉՈՂՆ ԵՄ
Դռան փոստարկղում մի հաստ ծրար գտավ։ Հալեպի հայ ծերանոցից էր։
Իր հին զինվորներից մեկն էր գրողը։
«Պաշտելի զորավար, լսեցի, որ Մարսելից Հայաստան ես գնացել։ Երանի աչքերիդ։ Բախտը ինձ Բերդակի անտառից քշեց ղարիբության, իսկ ծերությունը ինձ տարավ անկելանոց։
Անգրագետ եմ ու մեկ ուրիշի գրել տվեցի այս նամակը։ Կհիշե՞ս ինձ։ Ես Սերոբ փաշի մոտ գյոււլեքի սերտն ու փուչը ջոկող Թադեն եմ, զորավար։
Վերջերս Ալեքսանդրիա քաղաքի մեջ մեռավ Աղբյուր Սոսեն։ Պոլիսից էր եկել։ Ուխտի էր գնացել Երուսաղեմ և օժտված էր սուրճի բաժակ նայելու շնորհքով։ Անկեղծորեն հավատում էր, որ Սերոբ փաշի մեկ որդին ողջ է և գտնվում է Մարտենի քրդերի մեջ։ Սոսեն ճամփա էր ելել իր կորուսյալը փնտրելու։ Հասել էր Ջեզիրե և ձեռնունայն ետ դարձել, սակայն ոչ հուսախաբ։
Հիշու՞մ ես քաջակորով այդ հայդուկ կնոջը և առաջին հայ կամավորուհուն, ոտքերին ռուսական մույկեր, Աստրախանի փափախը գլխին և մաուզերը կրծքին։
Եվ մեռավ նմանապես մի ուրիշ հայդուկ կին էլ ՖրանկՆորշեն գյուղից՝ անունը Կաքավ։ Ֆրանկ-Մոսոյի կինն էր, որ շալակով հաց էր տանում ֆիդայիներին։ Կաքավն էլ բարի խաբրիկների էր սպասում։ Ունեցել է մի աղջիկ և չորս տղա։ Աղջիկը տարված է Մուշ և ասում են, թե մինչև հիմա հոն է։ ՄԻ տղան կորել է, մյուս երեք տղաները Հայաստանի մեջ են՝ Պետրոս, Սամվել և Բաղդասար։ Վերջին տարիներին խեղճ կինը միշտ ասելիս է եղել. «Ես նման եմ էն հավքին, որ կորցրել է իր ձագերին և չի իմանում, թե ո՛րի ետևից գնա, ո՛ր թփի տակ փնտրի նրանց»։
Մեկ ամիս առաջ մի պոլսահայ պարոն եկավ մեր ծե՛րանոց։ Տեսավ ինձ, իմ նկարը քաշեց և իմ մասին բան գրեց «Հայ ծերանոցի» մեջ, որից մեկ օրինակը նամակիս հետ ուղարկում եմ քեզ։
Զորավարը բաց արեց «Հայ ծերանոցը» և կարդաց.
«Մուշ գավառի Փեթար գյուղեն է Թադո քեռին, ինչպես կկոչեն զինք ծերանոցի մեջ։ Խնամված փալաբեղ մը, փալաբեղին տակ ժպիտ մը և ժպիտին տակ զայրույթն ու հավատքը միասին կընթանան ու կարտահայտվեն զարմանալի կերպով։
Քանի՞ տարեկան ես, Թադո քեռի, կհարցնեմ։
Իննիսուն, հարյուր՝ չեմ գիտեր, աստուծմով կապրիմ իշտե։ Ես բնավ դպրոց չեմ գացած, հաշիվ չեմ գիտեր, լեռնային եղած եմ հողագործ հովիվ և… ֆիդայի։ Միայն այսչափը գիտեմ, որ վաղ հասակեն լեռները կֆռռայի հորս չագմակլիով (հոս Թադո քեռին պահ մը կբացատրե չագմակլիին ինչ ըլլալը և այն օրերու զենքերուն տեսակները)։ Շատ արագաշարժ էի։ Քեռին կըսեր, որ կամաց քալեմ, որ չհոգնիմ։ Ես կըսեի իրեն. «Եկուր, ես քեզ ալ կշալկեմ, քու զենքդ ալ»։
Ապա հանկարծ, արցունքոտ աչքերով կբացականչե. «Ա՜խ, Մուրադ, Մուրա՜դ»։ Ապա բարձր ձայնով կգոչե. «Ես տասնչորս տարի ծառայած եմ Անդրանիկին, Քեռիին, Սմբատին և Սեբաստացի Մուրադին բանակներուն մեջ, իսկ ավելի առաջ զինվոր եղած եմ Աղբյուր Սերոբին և Գևորգ Չաուշին։ Բիթլիս, Մուշ, Նեմրութ, Ալագյազ… ա՜խ, ա՜խ…»։ Եվ զայրույթեն կդողա, աչքերը արցունքով կէեցվին և պահ մը չի կրնար խոսիլ…
Քեռի Թադո, Անդրանիկը ի՞նչ տեսակ մարդ էր, կըհարցնեմ։
Անդրանիկի պես զորավար մարդ չէ եղած։ Անոր բըմբլե բարձը Սասունի լեռները եղան, անոր պես մարդ կըլլա ։ Միայն երբ ջղայնանար, թուրքերեն կհայհոյեր և բուլղարերեն «նապրեդ» կըսեր։ Երբ փամփուշտ գար մեզի, կըսեր, որ գետին պառկենք, և ինքը միայն ոտքի կկենար և կտեղացներ փամփուշտները։ Ան շարունակ մեզի հետ ճաշի կնստեր և իր կերակուրը մեզի կբաժներ։
Ամուսնացած ե՞ս, քեռի Թադո։
Ա՜խ, Զոզան, Զոզան, կբացականչե Թադոն ակնարկելով իր կնոջը։ Երկու զավակ ունեցանք, պատերազմի ատեն ինչպես աշխարհ եկան և ինչպես աշխարհեն գացին՝ մենք ալ չգիտցանք։ Հոս Թադո քեռին դարձյալ կհուզվի, կարտասվի և չի կրնար շարունակել։
Ուրիշ զավակներ և թոռնիկներ ալ ունի՞ս։
Շողիկս Հայաստան է, բայց ճիշտ ո՞ր քաղաքը, հիմա չեմ հիշեր։ Հայկանոլշը Հոկտեմբերյան է, չորս կամ հինգ զավակներ ունի։ Զաբելն ալ Էջմիածին է, ան ալ չորս–հինգ զավակներ ունի։
Նամակ կգրե՞ն քեզի։
Ամա՜ն, միշտ, միշտ կգրեն։ Կգրեն «Էկո՛ւ, էկո՛ւ, հայրիկ, մենք հարուստ ենք»։
Է, կուզե՞ս Հայաստան երթալ։
Աման, ադ ալ խո՞սք է, վաղն ալ ըլլա՝ կերթա մ։ Օգնեցեք ինձի, որ երթամ։ Սա վերջին օրերս գոնե մեյմը հայրենիքս, զավակներս և թոռնիկներս տեսնեմ ու անանկ մեռնիմ։
Ծ երանոցեն գո՞հ ես, քեռի։
Պապամ, լավ է։ Մաքուր է։ Ջուրը, լույսը տեղն Է, փառք աստուծո։ Բայց վերջապես անունը ծերանոց է։
Երբ կպատրաստվիմ էրթալու, Թադո քեռին կրկին կպաղատի, Տղա՜ս, չմոռանաս, ազգը զիս Հայաստան թող ղրկե։
Ա՜խ, եթե կյանքս գրեի, ասանկ գիրք մը կըլլար, հառաչեց քեռի Թադոն և ավելացրեց.
Խոդեդանի հեղինակին ըսեք, թող իմ անուն՛ն ալ դնե գրքի մեջ։ Կըրնա պատահի, որ ես Հալեպի ծերանոցի մեջ մեռնիմ ու Հայաստանը չտեսնամ, մի հիշատակ ալ ինձանից թող մնա։
Եվ թող ուղղե նմանապես Մուսաբեկի մահվան հանգամանքները, տեղը և թվականը։
Յոթ Թամբերու տան Մուսաբեկը (Ղասմբեկի եղբայր) մեռել է 1929–ին Ջեզիրե եղած ժամանակ։ Սա իր տղայի՝ Մատանի պեի հետ 1925-ին կմիանա Սասնա Քոռ Հյուսեին փաշային, որպեսզի երթան քուրդերը ոտքի հանեն թուրքերի դեմ, օգնելով Շեյխ Զիլանի ապստամբներին։ Գործը կվերջանա խարդախությամբ։ Մուսա պեյը Ջեզիրե եղած ժամանակ կմեռնի։ Որդին՝ Մատանի պեյը, Հյուսեին փաշայի հետ ճամփան կշարունակե և գիշեր մը, քնացած տեղը կսպանե Հյուսեին փաշային և կանցնի թուրքերու կողմ (սրանք միշտ քնացած տեղը մարդ կսպանեն)։ Այսօր Մատանի պեյը Մշո դաշտ կբնակի և իր դավաճանության արդյունքովը կապրի։
Բեկ ալ կա, բեկ ալ։ Մոկս գավառի իշխան Մուռթլա բեկն ալ քուրդ էր, բայց երբ կանչվեց Վան, որ հայերին կոտորելու գաղտնի հրահանգ ստանա, ժողովը կիսատ թողեց, գիշերով հեծավ իր ձին և ամբողջ թափով սլացավ դեպի Մոկս։ Իր ձիու սպիտակ փրփուրից խավարը ճերմակել էր։ Մուռթլան ոզմեցի Լաթոյի հետ Մոկաց լեռները պաշարեց և Շատախի և Մոկսի հայերին ազատեց կոտորածից։ Ջեվդետն ուզեց նրան բռնել և կախաղան բարձրացնել Վանում, բայց նա փախավ Քրդստան։ Գնալուց առաջ իր ձին հանձնեց ոզմեցի Լաթոյին իբրև բարեկամության նշան։
Հիմա ցեղասպան ռոմիները գլխարկները փոխած Յոթ Թամբերու տան ժառանգների հետ, մեր հողերի վրա ման կուգան իրենք զիրենք քաղաքակիրթ համարելով։ Բայց քաղաքակրթությունը միայն գլխարկ փոխելով չըլլաը, այլ պետք է գլխարկի տակինը փոխել։ Մեկ–մեկ կփորփրեն մեր հայրենի հողը և երբ գետնի տակ հայի կամ ուռումի ձեռքով շինած մի հին քաղաքի ավերակ կամ քանդված կամուրջ կըգտնեն, կուրախանան ըսելով, թե օսման թուրքն է շինել Քրիստոսից առաջ։ Իմ աչքի առաջ աշխարհի մակարդը փչացավ։ Դավաճանին ու ցեզասպանին մնաց մի ամբողջ երկիր, իսկ ազատատենչ հայդուկին՝ մի նեղ ծերանոց Հալեպի մեջ։ Վա՜յ աշխարհ։ Ես քո արդարությունը…
Սասունցի Թադո քեռին վերստին աղաչական շեշտով մը նայեց ինձ և վերջին խոսքը այսպես ավարտեց, «Կյանքը շատ դաժան եղավ մեզի հանդեպ և մեզի ցրիվ տվավ աշխարհի վրա։ Սերոբ փաշի անունը տվեցի, բայց շատ տարիներ են անցել մեր բաժանումեն ու, թերևս, զորավար Մախլուտոն դըժվարանա հիշել, թե ես ով եմ։ Դու իմ անունից իրեն գրե. «Կհիշե՞ս, զորավար, Բերդակի և Մառնիկի անտառը, և թե ինչպես հինգ ընկերով գնացինք քրդական հարսանիք և ես սպիտակ քոլոզը գլխիս կանգնած էի Մորուք Կարոյի ետև իբրև ճրագ փչող։
Ես էն ճրագ փչողն եմ»։
Ճրագը, մի՞թե ճրագը մարեց։ Իսկ ի՞նչ եղավ Մշեցի Տիգրանը, կցկտուր բացականչեց Մախլուտոն և նամակը ձեռքի մեջ դանդաղաքայլ մոտեցավ լուսամուտին։