Khachik Dashtens
Ռանչպարների Կանչը
25
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
ԴԵՊԻ ԲԱՂԵՇ
Սկսվել էր առաջին համաշխարհային պատերազմը։ Իմ ողջ մնացած բոլոր հայդուկները զինվելով մտել էին կամավորական գնդերի մեջ։
Կամավորական առաջին գնդի հրամանատարը Անդրանիկըն էր, չորրորդ գնդինը՝ Քեռին։
Անդրանիկն ինձ կարգեց առաջին օգնական իր հեծյալ գնդում։ Նա ինձ տվեց մի ձի, իսկ ձիապան դարձավ իմ հին հայդուկ Բարսեղը։
Բարսեղը առաջվա պես դարձյալ պատրաստակամ էր իմ հանդեպ։ Երբ մտքերի հետ ընկած գնում էի առջևից, նա ձիու սանձը բռնած դանդաղ գալիս էր իմ ետևից և հանկարծ, մի գլանակ շինելով երկարում էր ինձ՝ քաշիր, թող վշտերդ թեթևնան։
Ալադին Միսակն էլ իմ հեծյալ գնդումն էր և իմ վշտերի մի մասը նա էր փարատում իր կորովի երգերով։
Մեր գնդում կային Ամերիկայից եկած կամավորներ, որոնցից երկուսը հին ֆիդայիներից մեկը Ցրոնաց Մուշեղն էր, իսկ մյուսը՝ Բամբկու Մելոն, որ Սահմանադրությունից հետո իրենց զենքերը վաճառելով գնացել էին նոր աշխարհ։
Մենք պետք է շարժվեինք Բաղեշի վրա։ Բաղեշից առաջ Անդրանիկը փայլել էր Դիլմանի ճակատամարտում և պարգևատրված էր Գեորգիևյան երեք խաշերով։
Ես էլ մասնակցել էի այդ ճակատամարտին և զորավարական կոչում ունեի։
Դիլմանի կիրճում փայլել էր նաև հին հայդուկ Հաջի Գևոն, որ միշտ Անդրանիկի կողքին էր, գորշ շինելը հագին, կեռ թուրն ու մաուզերը կողքին, կրծքի վրա Գեորգիևյան երկու խաչ, բռի մեջ վառված ծխամորճ։
Իսկ Անդրեա՞սը։ Ոչխարենու փափախով, ցից բեղերով և ահռելի կերպարանքով այս հին հայդուկը Դիլմանի և Ախլաթի կռիվներից հետո դարձել էր Անդրանիկի ամենահավատարիմ թիկնապահներից մեկը և նրա ամենավստահելի սուր՛հանդակը։ Միշտ զենքը ձեռքին կանգնած էր Շապինանդի թիկունքում՝ նրա հրամանին պատրաստ։
Երեք խնուսցի հերոսներ էլ կային՝ հայդուկապետ Փիլոս, վաշտապետ Շապուհ և վաշտապետի օգնական Պուճուր Աբրո։
Կռվի ասպարեզ էր իջել նաև մր բոլորովին նոր սերունդ։ Նրանցից մեկը մեր հեծյալ գնդի հարյուրապետ Սմբուլ Արշակն էր։ Սա մարտական իր առաջին մկրտությունը ստացել էր Դիլմանի կիրճում, իր քաջությամբ և նվիրվածությամբ դաոնալով Շապինանգի, նաև իմ և Հաջի Գևոյի սիրելին։ Սըմբուլ Արշակը շարքային զինվորից շատ արագ բարձրացել էր հիսնապետի և ապա հարյուրապետի աստիճանին։ Բարձրահասակ, շիկահեր երիտասարդ էր, Մշո դաշտի Արագիլ գյուղից։
Դատվանից դեպի արևելք տարածված էր Ռահվե-Դուրանը՝ երեք կողմից լեռներով շրջապատված մի հարթություն։ Ծովածավալ մի դաշտ էր, ուր ամռանը հուռթի ծփում էր առատ խոտը՝ լեռների կարոտից փոթորկված, իսկ ձմռանը մոլեգնում էր սոսկալի ձնաբուք։
Վա՜յ այդ բքի ժամանակ Ռահվե-Դուրանով գնացողներին։
Զարմանալի մի թռչուն կար այդ դաշտի մեջ։ Ամպրոպ գիշերներին, երբ ոչ աստղ էր երևում, ոչ լուսին, ուղևորները այդ թռչնի ձայնով էին կողմն որոշվում։ Հենց որ նա կանչում էր, սկսում էին ուղտերը բառնալ և քարավանը ելնում էր ճամփա։ Սակայն հաճախ չարաչար մոլորվելով մատնվում էին փոթորկի և կործանվում անհետ։ Ու երգ կար հորինված Ռահվե–Դուրանի այդ հավքի մասին.
«Ճվիկե սատանի, Ճվիկե տոնի, Քո տունը քանդեցիր, Իմն էլ գրիր վրան»։
Վերջին տարիներին այդ դաշտի մեջ մի պանդոկ էր շինվել ճամփորդների համար։
Այդ պանդոկը կոչվում էր Ալամեք խան։
Բաբշենը մեր ձեռքին էր, իսկ թշնամին բռնել էր Մուշից Բաղեշ երկարող խճուղին և Ռահվե-Դուրանի պանդոկը։
Մեզ հետ կար կազակական մի գունդ, իսկ զորքի ընդհանուր հրամանատարը ցարական մի գեներալ էր Աբասցև ազգանունով։ Մեր զինվորները նրան Աբասով էին ասում։
Դաժան է Բաբշենի ձմեռը։ Այդ տարի ձյունը արշիններով դիզված էր Ռահվե–Դուրանում։ Մենք գրոհը սկսեցինք Բաբշենի կողմից։ Առաջին իսկ հարվածից Ալի փաշայի առաջին զորասյունը ջախջախվեց։ Բայց շուտով կազակների գնդապետը զեկուցեց Անդրանիկին, որ գեներալ Աբասովը զորքը նստեցրել է Դատվանից հարավ և հրաման չի տալիս, որ թընդանոթները կրակեն։
Հեծավ Անդրանիկն իր ձին և Ռահվե–Դուրանով քշեց դեպի Ալամեք խան։ Տեսավ պանդոկի շեմքին կանգնել է թնդանոթների հրամանատարը, իսկ ներսում գեներալ Աբասովը նստած զրուցում է Ալի փաշայի զորապետի հետ։
Շապինանդը կարգադրեց թնդանոթները քաշել առաջ։ Հրամանատարն ասաց. Փաշա, մենք գեներալ Աբասովից հրաման չունենք առաջ շարժվելու։
Пушки вперед! հրամայեց Անդրանիկը և թուրքերեն հայհոյեց։ Երբ Անդրանիկը բարկացած էր, հրամայում էր ռուսերեն և հայհոյում թուրքերեն։
Հրամանատարը թնդանոթները քաշեց առաջ։ Անդրանիկը կանգնեց նրա կողքին և սկսեց ցույց տալ թե ո՛ր ուղղությամբ կրակել։ Մի գործնական հրահանգ տվեց. Թշնամու թնդանոթի փողից ծուխ բարձրանալիս հաշվիր մինչև ձայն լսվելը։ Եթե մինչև տաս հաշվելը ձայնը լսվեց, ուրեմն թշնամին գտնվում է հազար քայլի վրա։
Շուտով թշնամու երկրորդ զորասյունն էլ ջախջախվեց։ Ալի փաշան շարժեց առաջ իր վերջին զորասյունը։ Սրանք տեսնելով իրենց առաջին և երկրորդ թևերի ջախջախումը, սարսափահար փախուստի դիմեցին։ Դոնի կազակները պատրաստ՛վեցին սվինամարտի, սակայն Շապինանդը նրանց գնդապե՛տին կարգադրեց կազակներին դիրքերից չհանել, որովհետև սոսկալի սառնամանիք էր և լեռներից ցուրտ քամի էր փչում դաշտի վրա։
Հայ կամավորների առաջին գնդի քաջագործությունը տեսնելով, Դոնի կազակները իրենց դիրքերից մի քանի անգամ միահամուռ որոտացին. «Կեցցե Անդրանիկ փաշան, կեցցեն հայ կամավորները»։
Անդրանիկը սակայն տխուր էր, որովհետև քաղաքը դեռ չգրաված մեր հեծյալ գունդը և Դոնի կազակները մեծ զո՛հեր էին տվել Ռահվե–Դուրանում։ Եվ այդ զոհերի պատճառը Աբասովն էր։ Այդ զոհերը պատրվակ բռնելով Աբասովը հըրամայեց զինաթափել Անդրանիկին։ Վերջինս ցատկեց տեղից և շառաչուն մի ապտակ տվեց վաճառված գեներալին։
Դոնի կազակների գնդապետը Աբասովի դավաճանության մասին նույն օրը հեռագրով հայտնի դարձրեց Կովկասի փոխարքային, որը ռուս թագավորի հորեղբայրն էր և Կովկասյան ռազմաճակատի գերագույն հրամանատարը։ Իրիկնադեմին ստացվեց փոխարքայի հրամանը, որով Անդրանիկը նշանակվում էր զորքերի հրամանատար և նրան էր հանձնարարվում Բաղեշը վերցնել։
Ձյուների վրա կրակ էինք արել և նստած տաքանում էինք խարույկի շուրջ, երբ հեռագիրն եկավ։
Թող գեներալ Աբասովը գնա և Բաղեշը վերցնի, գոչեց Անդրանիկը հրամանը շպրտելով ձյուներին։
Ի՞նչ ես անում, փաշա, փոխարքայի հրամանը քեզ վրա է։ Քաղաքը պետք է վերցնել, ասացի ես։
Ո՛չ, թող այդ դավաճան գեներալը վերցնի, որ Ալամեք խանում գաղտնի գործարքի մեջ էր մտել Ալի փաշայի գնդապետի հետ, համառեց Շապինանդը ձեռքը կրակի վրա տաքացնելով։
Բայց դու թագավորի ձեռքից չես պրծնի, ոչ էլ ես, եթե այդ հրամանը չկատարվի։ Կայծակ Անդրեասը, որ զգաստ կանգնած էր մեր կողքին, մոտեցավ և փոխարքայի թուղթը ձյուների վրայից վերցնելով, հանդիսավորությամբ դրեց իր գդակի ծալքի մեջ։
Գիշերվա կեսին փաշան հրամայեց զորքին սպիտակ շապիկներ հագնել։
Աղոթարանը նոր էր բացվել, երբ Անդրանիկը սուրը մերկացնելով առաջինը հարձակման անցավ՝ գոչելով. Մշեցիներ և սասունցիներ, հայրենիքը այս անգամ ձեզ դեպի Բիթլիս է կանչում, իսկ ես Բիթլիս կերթամ, առա՜ջ, իմ ետևից։
Զին վրնջաց, և բաշը սառնաշունչ քամուն պարզած, մի քանի անգամ պտույտ եկավ ինքն իր շուրջը, ապա գլուխը գետնին հորիզոնական՝ նետի պես սլացավ սպիտակ դաշտով։ Արևից առաջ ձյունը նախ պաղ կապույտ էր, հետո վառվեց կարմիր, ապա դեղնեց մի քիչ, գունատվեց հանկարծ ու սկսեց շողալ շլացուցիչ փայլով։ Ու թռավ Ասլանը ժայռերի ու կածանների վրայով, մերթ սմբակներով ձյունամրրիկ ցանելով չորս դին ու մերթ մակույկի պես ճեղքելով ձյունը։
Ու գնաց զորքը սպիտակ ձիավորի ետևից։ Աջակողմից ես էի շարժվում իմ հեծյալ գնդով, ձախակողմից՝ Դոնի կազակն ու Նիկոլի զորքը։
Ռահվե–Դուրանի վրայով դեպի Բաղեշ սուրացին Ցրոնաց Մուշեղը, Սմբուլ Արշակը, Հաջի Գևոն, Խնուսցի Պուճուր Աբրոն, Շապուհն ու Փիլոսը։ Հողմի պես սլացան Կայծակ Անդրեասը, Բամբկու Մելոն, Ալադին Միսակը և իմ ձիապան Բարսեղը։
Հրանոթների որոտով ու հրդեհված դարպասների բոցերի միջով մեր զորքը մտավ քաղաք։ Դեռ լույսը չբացված Բաղեշը մեր ձեռքին էր։ Մենք Բաղեշ մտանք Թազի ձորով նրա կարմըրած ձյուների վրա թողնելով Բամբկու Մելոյի դիակը։ Մեր գնդից սպանվեցին շատ հայ կամավորներ և առաջինը նըրանցից Բամբկու Մելոն էր։ Քաղաքի նախամուտքին ընդհատվեց Գևորգ Չաուշի հնագույն ֆիդայիներից և Անդրանիկի քաջարի զինվորներից մեկի կյանքը, որ նոր էր վերադարձել Ամերիկայից՝ կռվելու Հայաստանի ազատագրության համար։