Khachik Dashtens
Ռանչպարների Կանչը
28
ԲԵՐԴԸ
1918 թվականի մայիս ամիսն էր։
Սասունցի ձիավոր հայդուկների մի խումբ Իգդիրի սարերով սրընթաց իջավ Արարատյան դաշտ։ Նրանց մեջ կային նաև մի քանի մշեցի հեծյալներ, որոնցից մեկը Ալադին Միսակն էր, իսկ մյուսը՝ իմ ձիապան Բարսեղը։ Երկու շաբաթ առաջ Խնուս-Բերդից դուրս գալով, նրանք կտրել էին Ալաշկերտի հովիտը և Մարգարայի կամուրջով մոտեցել Մեծամոր լճին։
Մեր դիմաց Արագած լեռն էր, թիկունքին՝ Մասիսները, իսկ ետևից՝ Բարթողյան բարձունքներից ձյան հուսինի պես դեպի Սուրմալու իջնող բազմահազար գաղթականություն։ Իջնում էին գրաստներով և առանց գրաստների, մեկն իր թաղիքն ու կարպետը մեջքին կապած և բահը ուսին, մյուսն իր խնոցին շալակած, երրորդը՝ իր երկանքն ու գերանդին, չորրորդը իր դհոլը գրկած՝ տխուր ու մտածկոտ։
Ձիավորներից ոմանք առաջարկեցին այդ գաղթականներին Էջմիածնի վրայով տանել Աշտարակ ու Ապարան, ոմանք էլ հարմար դատեցին Երևանի վրայով նրանց առաջնորդել դեպի Նոր–Բայազետ։ Մեր աչքերը սակայն հառած էին Արագած լեռան քարքարոտ բարձունքներին, որի թավշյա ստորոտներն աննկատելի կայծում էին մեր նժույգների սըմբակների տակ։
Բարձր դարավանդի վրա կանգնած էր Թալինի հնադարյան բերդը։ Այդ կրկնապարիսպ բերդի ներսում և նրա շրջակա ավաններում մեկ և կես դար առաջ հայ Կամսարական տոհմի շինականներին բռնությամբ տեղահանելով, ամրացել էին մի քանի թաթար և պարսիկ իշխանավորներ, կեղեքելով և սարսափի մեջ պահելով այդ շրջանի հայ աշխատավորներին։
Ամրոցի տերը մորուքավոր մի պարսիկ էր՝ Իբրահիմ խան անունով։
Այդ ամրոցը ոչ միայն իշխում էր Արագածի անցուղիներին, այլև մեծ վտանգ էր արևելյան Հայաստանի մայրաքաղաքի համար թշնամու հարձակման դեպքում։
Այդ բերդը մեր բաժինն է, ասաց Փեթարա Մանուկը և նրա ձին Մեծամորի երկայն եղեգները ճեղքելով կատաղորեն ծառս եղավ օդում՝ պատրաստ առաջ սլանալու։
Պիտի վերցնենք և պիտի ապրենք այդ սարի վրա, ավելացրեց Մորուք Կարոն, ձեռքը հաստատորեն իջեցնելով Չոլոյի ուսին։
Ծառս եղավ նաև Արծիվ Պետոյի ձին։ Բոլոր հեծյալները գդակները հանելով թափ տվեցին դեպի Արագած լեռը։
Ուրիշ ոչ ոք, միայն այդ մի խումբ սասունցի հեծյալները պիտի գրոհի գնային բերդի վրա։ Ահա թե ինչու մեր նժույգները Բարթողյան սարերից իջնելով կատաղի կանգնել էին Մեծամոր լճի եզերքին։
Վերջին անգամ մեր նժույգները երկայն եղեգները ճեղքելով, իրենց ռունգերը ագահորեն թաթախեցին Մեծամորի մթնած ջրերի մեջ։
Վճիռը այժմ Փեթարա Ախոյինն էր։ Նա պիտի որոշեր վաղվա օրը։ Եթե եղանակն աննպաստ լիներ, կարող էինք պարտվել չարաչար։ Ու Պղնձյա Ախոն իր ձիով անջատվեց հեծյալների խմբից, որ բնության գաղտնիքը կարդար։
Ախոն գրեթե անսխալ մեկնաբանում էր ձիերի ականջների խաղը, գորտերի կռռոցը և ճպուռների տզզոցը։ Գելհավքի երեվալը նշան էր գլխապտույտ անհաջողության։ Եթե մայրամուտի պահին անծեղները դեպի անտառ թռչեին՝ անձրև էր սպասվում, երամ–երամ իրար սեղմվեին խժժալով՝ ահեղ փոթորիկ էր պայթելու։ Ձիերի փռշտոցը հողմի նշան էր։ Ուժգին որոտը կարկուտ էր բերում։ Չկար բնության մի երևույթ, որ Փեթարա Ախոն չկարդար։
Անջատվելով խմբից նա ձիու գլուխը ուղղեց դեպի հարավակողմ և թամբից իջնելով զննեց իր ձիու ռունգերի ու ականջների խաղը։ Ապա նայեց դեպի լեռները՝ որոշելու ամպերի շարժմունքը։ Մի թեթև քամի անցավ լճի վրայով։ Քամու հետ մի կուղբ երևաց ջրի մեջ և նրա մեջքի վրայով մի կաչաղակ թռավ, թևերը ուժգնորեն զարկելով իրար։
Տագնապեց Ախոն։ Բայց շուտով մի ճպուռ երգեց եղեգների մեջ և մի գորտ կռռաց զարմանալի հանգիստ։ Ականջը երկար պահեց նրանց ձայներին։ Կռացավ և նորից լսեց։ Տագնապն անցավ։
Հրաշալի եղանակ ունենք վաղվա համար, ազդարարեց հայդուկը և թռավ նժույգի թամբին։
Ես իմ հեծյալներին բաժանեցի երեք թևի. առաջին թևը հանձնեցի Փեթարա Մանուկին, երկրորդը՝ Մորուք Կարոյին, իսկ երրորդ թևը ես և Ախոն վերցրինք։
Վերին Թալինից դեպի հարավ–արևմուտք կա մի լեռ, որ կոչվում է Մեծ Արտենի։ Հրաբխային լեռ է, չոր է, պղնձագույն։ Մանուկը պետք է ամրոցը հարվածի այդ սարի կողմից, Մորուք Կարոն՝ Կարմրաշեն կայարանի, իսկ մենք՝ Աշնակ գյուղի։
Մայիսի հինգի աղոթարանը խոստանում էր հրաշալի օր, ինչպես նախատեսել էր Փեթարա Ախոն։
Մենք ձիերը հեծանք գիշերով։
Մինչև Կարմրաշենի երկաթուղային կայարանը միասին գնացինք։
Ճանապարհին կանգնած Էր մի հաստլիկ տղամարդ կապույտ գլխարկով, ձեռքին կանաչ լապտեր և երկու դրոշակ՝ կարմիր և դեղին։
Կայարանապետն Էր։
Տեսավ ներքևից սասունցի ձիավորներ են գալիս՝ զարմացած հարցրեց.
Ու՞ր կերթաք։
Բերդի վրա, պատասխանեց Փեթարա Մանուկը ձին կանգնեցնելով։
Խե՛ղճ մարդիկ, հառաչեց կայարանապետը ծոծրակը քորելով։ Ապա դարձավ Մանուկին.
Ինչու՞ ես Էս խեղճ ձիավորներին տանում կոտորելու։ Ու կարմրաշենցին բացատրեց, թե ինչպես Ալեքսանդրո-
պոլի կողմից հազար վեց հարյուր մարդ թնդանոթներով երկու անգամ փորձ են արել այդ բերդը գրավել, բայց չի հաջողվել։
Հիմա դու՞ք կուզեք տաս–քսան ձիավորով Թալինի բերդը վերցնել, արհամարհական հարեց կայարանապետը, մի ցավալի հայացք նետելով նրանց վրա։
Մեր շորերը պատառոտված տեսար, կարծեցիր, թե ողորմությա՞ն կերթանք։ Ես մեր ամեն մի ձիավորին քո հազար վեց հարյուրի հետ չեմ փոխի, պարծանքով փոխադարձեց Փեթարա Մանուկը։
Գոնե մի քանի օր սպասեք, խորհուրդ տվեց կարմրաշենցին։
Էսօր որ չվերցնենք, Էգուց քո պապն էլ, իմ պապն էլ որ դան՝ չենք կարող վերցնել։ Մենք ծովն անցել ենք, առու՞ն պիտի խեղդվենք, պատասխանեց փեթարացին ու ձին քշեց։
Աղոթարանը չբացված Մանուկն իր ձիավորներով կանգնած էր Արտենասարի գագաթին։ Նրա խմբին միացել էին նաև մի քանի ձիավորներ գաղթականներից, որոնցից մեկը Սեմալցի Գալուստն էր։
Երբ արևը դիպավ Մասիսի ճակատին, Փեթարա Մանուկը, Սեմալցի Գալուստը և մյուս սասունցի հայդուկները բարձրագոչ ուռա գոռալով, ձիերը հեծած սարի գագաթից խուժեցին դեպի ներքին Թալին։ Ամենից բարձր գոռացողը Սեմալցի Գալուստն էր։ Մենք էլ հարավից և Աշնակի սարահարթից մեր ձիերի գլուխները ուղղեցինք դեպի Բերդի պարիսպները։
Իբրահիմ խանը թաթար և պարսիկ պահակազորին և բնակիչներին ոտքի հանելով, սկսեց թնդանոթային ուժեղ դիմադրություն ցույց տալ ամրոցի խրամատներից։ Սակայն ի՞նչ կարող էր դիմանալ հայրենիքը կորցրած լեռնականների ուժգին գրոհին։ Մորուք Կարոյի և Փեթարա Ախոյի մարտիկները հողմային նժույգներով նետվեցին խրամատների մեջ, լռեցնելով Իբրահիմ խանի գնդացիրների որոտը։ Երբ ես ամրոցի պարիսպներին հասա, Փեթարա Մանուկի հեծյալները արդեն խորտակել էին ամրոցի դռները և Բերդի մեծ դռնով խուժել ներս։
Թշնամին հյուսիսային դռնից փախուստի դիմեց։ Ամրոցի տերը խուճապահար փախչում էր, իր ետևից քարշ տալով մի երիտասարդ թրքուհու։ Այդ այն գեղեցկուհին էր, որ մի օր առաջ Կարսի նահանգապետը նվիրել էր իրեն։
Գնանք Յադիդամ, ասաց խանը և կռանալով երկու բազուկներով գրկեց աղջկան, իր հինայած ցանցառ մորուքը քսելով նրա բաց կրծքին։
Ով քաջդ էրմենի, ազատիր ինձ էս հրեշի ձեռքից, բղավեց թրքուհին դիմելով իր ետևից եկող հեծյալի օգնությանը։
Կանգնի՛ր, Իբրահիմ խան, քո դատաստանը իմ ձեռքին է, գոռաց Փեթարա Ախոն և իրեն վայր նետելով, մաուզերը քաշած չոքեց խանի վրա։
Աղջիկր ինձ, բերդը՝ քեզ, պաղատագին աղաղակեց Իբրահիմ խանը։
Եվ ամրոցն է մերը, և ամրոցի գեղեցկուհին, զրնգաց Պղնձյա Ախոն։
Վրա հասավ Չոլոն, և մինչ ամրոցի տերը և հայդուկ Ախոն զբաղված էին սրամարտությամբ, նա գերի թրքուհուն իր թամբին վերցնելով Բերդից դուրս տարավ։
Իմ հեծյալները Իբրահիմ խանի բոլոր բերդապահներին և դիմադրող բնակիչներին դուրս շպրտեցին ամրոցից, ոչնչացրին կամ գերի վերցրին։ Մեկ-երկուսին Արծիվ Պետոն և Փեթարա Ախոն սվինահար արին։ Ոմանք Բերդի բադաններից իրենց նետում էին ցած, որ փախչեն և օղի մեջ զարկվում էին իմ ռազմիկների գնդակներից։
Կեսօրին ներքին Թալինի բերդը գրավված էր և հակառակորդի դիմադրությունը փշրված։ Թշնամին մեծ կորուստ ունեցավ, իսկ մենք տվինք վեց սպանված և տասներեք վիրավոր։
Իբրահիմ խանը փախավ։
Վերջին դուրս եկողը բերդի տիրուհին էր, որ իր աղջկա հետ թաքնված էր ամրոցի նկուղներից մեկում։ Գեղեցիկ էր խանի աղջիկը և նրա համար բերդի դռանը կռիվ եղավ. մեր զինվորներից երկուսը քիչ մնաց իրար սպանեին։ Չոլոն սուրը քաշելով նետվեց երկուսի մեջտեղ.
Տղաները սպանվել են, իսկ դուք մի խանի աղջկա համա՞ր կկռվեք։
Ախոն, որ արյունը աչքն էր առել, մոլեգնած հարձակվեց Չոլոյի վրա։ Դրությունը փրկելու համար ես կարգադրեցի Փեթարա Մանուկին, որ աղջկան շտապ հասցնի իր ծերունի հորը։
Մանուկը մեկնեց։
Ճիշտ այդ ժամանակ ես հրավեր ստացա Անդրանիկից, որով կոչ էր անում ինձ և տարոնցի բոլոր ուժերին Լոռի երթալ։ Հրավեր բերողը Անդրեասն էր, մեր ֆիդայի կամավորը։
«Օսմանցին լցվավ Գյումրի» ասաց սուրհանդակ Անդրեասը, և խնդրեց, որ շտապ մեկնեմ։ Տեղեկացրեց նաև, որ Ալեքսանդրոպոլի ճանապարհին բռնվել է մի թաթար սուրհանդակ, որը Երևանի քաղաքային դումայի որոշումները Թալինի վրայով հասցրել է թուրք բանակի հրամանատար Շեվքի փաշային։
Շտապ դեպի Լոռի, գոռաց Անդրեասը և թռավ ձիու մեջքին։
Ես իմ ձիապանին կարգադրեցի նրան ճանապարհ դնել և որոշեցի մեկնել, ինձ հետ վերցնելով տարոնցիների և խնուսցիների մի քանի հարյուրակ, ինչպես նաև Թալինի բերդը գըրաված հեծյալներից մի քանիսին։
Մեկնելու ժամանակ հայտնի դարձավ, որ իմ ձիապան Բարսեղը չկար։ Ի՞նչ եղավ՝ չիմացա։ Եվ ժամանակ էլ չկար նրանով զբաղվելու։ Վստահ էի սակայն, որ եթե ողջ է, կերևա անշուշտ, իսկ եթե ողջ չէ, ուրեմն հերոսաբար զոհվել է մի որևէ հարկադրական կռվում։
ԴԵՊԻ ՎԱՅՈՑ ԶՈՐ
Ես իմ ձիավորներին առած միացա Ջավախքից վերադարձած Անդրանիկի զորամասին և մենք Քարախաչի լեռնանցքով բարձրացանք դեպի Լոռի։
Առաջին գյուղը, որ մտանք՝ Վարանցովկան էր։ Երկար գյուղ էր սա և բնակիչները երկար մորուքներով ու երկարաճիտ ոտնամաններով մալականներ։ Գյուղի միջով անցնելիս նրանցից ոմանք իրենց ձեղուններից գաղտագողի կրակեցին մեզ վրա։ Անդրանիկը ձիու գլուխը շուռ տալով՝ ասաց, «Էրկեն գեղ, թե մեկ էլ ետ դարձա դու իմ ձեռքից չես պրծնի»։
Վարանցովկայից եկանք Ջալալօղլի։ Մեր մուտքից առաջ Ջալալօղլիում սուր վեճեր էին ծագել հայության տարբեր հոսանքների միջև։ Անդրանիկը, դիմելով տեղի հայկական կայազորին և մեզ դիմավորելու եկած բազմությանը՝ ասաց. «Լսել եմ, որ երկու օր առաջ այստեղ ընդհարումներ են եղել մեծամասնականների, փոքրամասնականների և դաշնակների միջև։ Նախ կռվենք մեր գոյությունը պաշտպանելու իբրև ազգություն»։
Ջալալօղլիում շատ հայ որբեր կային։ Մայիսի 23-ին մենք նրանց ձիերի թամբերին առած իջեցրինք Քոլագերան և հանձնեցինք կայարանապետին, որ ուղարկի Թիֆլիս, իսկ մենք բարձրացանք Դսեղ։ Զինվորական բարձր կենտրոնից Անդրանիկին հրաման եկավ, որ իր զորքով մնա այդտեղ և պաշտպանի երկաթուղու գիծը։ Մի քանի օրից հետո Դսեղից իջանք։ Հազիվ էինք հասել Մարցի գեղատեսիլ անտառին, երբ սկսվեց կարկտախառն անձրև, որ տևեց մինչև ուշ գիշեր։ IIբոաներից դողում էին հաստաբուն կաղնիներր և փայլակը զայրույթից պատառոտում էր իր կուրծքը՝ նրանց խիտ սաղարթներից բեկվելով։
Մայիսի 29-ին մտանք Դիլիջան։ Գաղթականները խռնվել էին Դիլիջանի ձորում։ Այդտեղ լուր եկավ, թե Արաքսի ափին տեղի է ունեցել մեծ ճակատամարտ և հայ ժողովուրդը թեև հաղթել է այղ ճակատամարտում, բայց ազգային խորհուրդը մայիսի 28–ին Հայաստանը հռչակել է անկախ հանրապետություն՝ Բաթումում հաշտություն կնքելով ռոմի թուրքերի հետ և նրանց իրավունք տալով Դիլիջանի վրայով շարժվել դեպի Բաքու։
Թշնամին պահանջել էր զինաթափ անել և ցրել նաև Անդրանիկի զորամասը, իսկ նրան գերի բռնել և հանձնել իրենց, եթե փորձ անի մտնելու Հայաստանի սահմաններից ներս։
«Երեսուն տարի կռվել եմ, ինձ չեն բռնել, հիմի՞ կուզեն գերի բռնել», ասաց Անդրանիկը և մերժեց ճանաչել թուրքերի հետ կնքված դաշնագիրը։ Նա հեռախոսով կապվեց Արարատյան հանրապետության նախագահ Արամի հետ. «Անդրանիկն է խոսողը։ Դուք վճռել եք թշնամուն առանց կռվի թույլ տալ Դիլիջանի կիրճով անցնել դեպի Գանձակ և Բաքու։ Ադիկա դավաճանություն է։ Ալեքսանդրոպոլի կոմիտեի պահանջով դուք ինձ հեռացրիք սահմանից, ուղարկելով Ջավախք և Լոռի։ Սարդարապատը ապացուցեց, սակայն, որ մեր ժողովուրդը ըն՛դունակ է հրաշքներ գործելու։ Թույլ տվեք ինձ փշրել թուրքական բանակը Դիլիջանի կիրճում»։
Մերժողական պատասխան ստանալով, Անդրանիկը հայ՛տարարեց, որ իր համար ընդունելի չէ Բաթումի հաշտությունը։ «Այդ հաշտության պայմանագրով դարերի ստրկության շղթան դուք ձեր ձեռքով ձեր վիզը և ձեր ոտքերը անցուցիք», ասաց նա և իր չորս հազար զորքով ուղղվեց դեպի Պարսկաստան։
Հունիսի 5-ին նա ելավ Դիլիջանից և Սևանի ափերով անցավ Ելենովկա՝ արևի տակ չորացնելով իր զորքի հանդերձանքը։ Անցանք Լճաշենը և ապա դարձյալ կայծակների ու ամպերի հզոր որոտմունքով, անձրևի ու հեղեղի միջով մտանք Նոր–Բայազետ։
«Թուրքերի ձեռքով ստեղծված Հայաստանում» զինաթափվելու և աստիճանաբար ասպարեզից վերացվելու վտանգ էր Ապառնում արևմտահայ գրեթե բոլոր զինյալ ուժերին և հին հայդուկներին։ Ուստի Արարատյան հանրապետությունից դըժգոհ շատ հայ զինվորներ, որոնք հերոսաբար կռվել էին Սարդարապատի դաշտում և Բաշ–Ապարանում, փոքրիկ խմբերով եկան և միացան մեր զորամասին։
Առաջինը հայտնվեց Փեթարա Մանուկը, բերելով սասունցի շինականներից կազմված գունդը, որ կոչվում էր «Սասունցիների պոլկ»։ Այդ գնդի մեջ էին Թալինի ամրոցը գրաված հայդուկ զինվորները։ Նրանց հրամայված էր քաշվել դեպի Նոր–Բայազետ և Զանգեզուր՝ թուրք զինվորների գրգռությունից հեռու մնալու համար։ Դիլիջանի կիրճից, Երևանի, Քանաքեռի և Եղվարդի բարձունքներից դեպի Նոր–Բայազետ էր շարժվում արևմտահայ գաղթականների քսանհինգ հազարանոց մի բազմություն։
Որտեղ Անդրանիկ, էնտեղ լե մենք, ասում էին ու կրնկակոխ հետևում մեր զորամասին։
«Սասունցիների գունդը» առանձին էր շարժվում։ Այդ դըն՛գի կամավորներից մի քանիսի կանայք զինվորի շոր էին հագեի որ զորքից անբաժան լինեն։ Զինվորի հագուստ և զենք էին կրում Մարթան՝ Մորուք Կարապետի կինը, Յադիգամը՝ Չոլոյի կինը, Աղջնա Վահանի կինը և շատ ուրիշներ։ Գաղթականների մեջ էին Մոսե Իմոն իր կնոջ և աղջկա հետ, Մորուքի եղբայր Օհանը և Տալվորիկցի Ֆադեն՝ բահը ուսին և թաղիքն ու կարպետը մեջքին կապած։ Սրանց առջևից գնում էին Հոնկա պապի թոռները, բռնաշենցի Ծաղիկ Համբարձումը և խնոցի ու գերանդի շալակած շատ գյուղացիներ, որ մի քանի շաբաթ առաք իջել էին Բարթողյան լեռներից։ Դհոլ գըրկած շինականն էլ այնտեղ էր։ Դրանց բոլորի մեծավորը Սոսե մայրիկն էր՝ ձին հեծած և մի պատանի զինվոր առջևից։ Սոսեի սրտում համազգային վշտից բացի խլրտում էր մի անձնական ցավ։ Նրա մեծ որդին կորած էր և նա երբեմն ձին կանգնեցնելով, դիմում էր երիտասարդ զինվորին՝ ասելով. «Ղարիբ, լաո, մի խաղ ասա Սոսե մայրիկի համար»։
Նոր–Բայազետ ում Անդրանիկը ապստամբության դրոշ պարզեց և վերսկսեց կռիվը ռոմի թուրքերի դեմ։ Դիմեց Անդրանիկը իր զորքին և ասաց,
Աշխարհում դեռ չի եղել մի երկիր, որի ժողովուրդը տեղահան եղած շարժվի իր բանակի հետ։ Ես այդ դժբախտ բանակի հրամանատարն եմ։ Մինչև այսօր ինձ Կովկասի զորաց հրամանատար կանվանեին, բայց հիմա ես ինձ դարձյալ Սասունի մեջ կռվող հայդուկ կկոչեմ։ Այնքան ատեն, քանի դեռ մեր դաշնակից պետությունները չեն հաղթված և իրենց սուրը վար չեն դրած, ես պիտի շարունակեմ կռիվը ուժերիս ներածին չափով, կամ պիտի մեռնեմ, և կամ, եթե ողջ մնամ, Հայաստանը ազատագրված պիտի տեսնեմ։ Ես զինվոր եմ, ճընշվածների և ստրկացածների բանակի զինվոր։ Որտեղ պայքար կա ազատության համար, կռիվ կա տիրողների դեմ այնտեղ է իմ սուրը։ Այս պահիս ես որևէ օգնող չունեմ։ Ուր որ գտա մի պատառ հաց՝ հոն կուտեմ, չգտա անոթի կմնամ։ Ով ի սրտե կփափագի ընկերանալ ինձ՝ կարող է մնալ իմ զորամասի մեջ, պայմանով, որ եթե ինձ նման անոթի մնա, տրտունջ չհայտնի։ Իսկ չուզողը հիմիկվանե կարող է մեկնել։ Դիմեց Անդրանիկը իր ետևից եկող գաղթականությանը և ասաց. «Գիտեմ, որ իմ զորամասը շատ նեղությունների պիտի հանդիպի այս ճանապարհին և դուք արգելք պիտի ըլլաք մեր բոլոր շարժումներին, և թերևս, բոլորդ էլ ջարդվեք, բայց քանի որ վճռել եք ընկերանալ կրնաք գալ»։
Ու վեց լեռնային թնդանոթով, սայլերին ու ուղտերին բարձած ռազմամթերքով ու պարենով մեր զորամասը Սելիմի լեռնանցքով սկսեց իջնել դեպի Վայոց ձոր։
Ժայռերն այդտեղ թուխ էին, արծաթագույն ու կարմիր։ Եվ այդ բազմագույն ժայռերի միջով Քարագլխի քար ու քարափից հեղեղի պես իջնում էր գաղթականությունը։ Շալակել են ով ինչ կարող է։
Այդտեղ էր, որ գաղթականների մեջ երևաց կեռ եղջյուրներով մի գոմեշ ամեն տեսակ տնային իրերով բեռնված ճրագվառոցից մինչև հավթառ, ուրագից մինչև աստվածամոր պատկերը՝ երկար թարթիչներով։ Խառնվել էր գաղթականների հոծ բազմությանը և արածելով բնազդորեն շարժվում էր առաջ։ Այդ անսովոր բարձկանը գրավել էր ամենքի ուշադրությունը։ Ոմանք նրա վրա խնամքով դարսված և ամուր կապված իրերից կռահում էին, որ այդ բարձկանը Խարբերդի կամ Բասենի կողմերից պետք է եկած լինի, ով էր տերը, ինչպես էր հասել մինչև Սելիմի լեռնանցքը՝ չիմացվեց և հարցնող էլ չկար։
Այդ բարձկանը այժմ ամենքինն էր և ոչ մեկինը։ Վայոց ձորի կամ Դարալագյազի հովիտը, դեպի ուր մենք իջնում էինք, առիթ էր տվել զարմանալի զրույցների։ Երկու գաղթական այդ հովիտը համեմատում էին Մշո դաշտի հետ և այդ կետից ակամա հեռանալով, վեճը կենտրոնացրել էին այն հարցի վրա, թե Բիթլիս քաղաքը քանի ժամ է հեռու ս. Կարապետի վան՛քից, արդյոք տասնչո՞րս, թե՞ տասնութ։ Վերջում համաձայնեցին, թե հեռավորությունը՝ տասնութ ժամ է ոտքով։ Իսկ մեկ ուրիշը իր գյուղն էր հիշում, ասելով, թե Առնջվանքը այնքան մոտիկ էր Մուշ քաղաքին, որ Առնջվանքում վառած ծխախոտը մինչև պրծներ՝ կհասնեիր Մուշ։
Մ երթ բառաչելով և մերթ արածելով նրանց կողքից շարժվում էր բարձկան գոմեշը։ Մի խնոցի դղրդոցով գլորվեց ձորը։ Ապա աստվածամոր կողքից մի ուրագ զնգաց քարափին հավի թառը ցնցելով։
Ծաղիկ Լամ բարձումը ետ նայեց.
Բան չկա, գաղթի ճամփա է, դրախտի ճամփա չէ։ Ամեն բան լե կպատահի։
Ւմ կողքից անբաժան են Շահկա Արոն, Ալադին Միսակը և Մշեցի Ճիրոն։ Սմբուլ Արշակն էլ մեզ հետ է։ Ձիերը հեծած լեռնիվար իջնում են Խնուսցի Փիլոսը, Պուճուր Աբրոն և գումակի պետ հին հայդուկ Լոլո Գևոն։ Առջևից Անդրանիկն է գնում, ետևից՝ հեծելազորի հրամանատար Սարդիս Ճեպեճին և երրորդ գումարտակի զորապետ բժիշկ Բոնապարտը, մի տասնյակի չափ գարահիսարցի և բայբուրդցի քաջահաղթ հեծյալների հետ։
Եմբի մեջ է նաև հիսնապետ Թորգոմը։ Հեռվում երևում են Սյունաց սարերը ամպերի մեջ կորած։ Սոսե մայրիկը գաղթականների առաջ ընկած ձիով իջնում է զորքի ետևից։ Ամեհի բարձկանը կանգնել է մի կարմիր ժայռի և անդունդի վրայով զարհուրելի բառաչում է դեպի հեռվում երևացող Ջիվանշիրի սպիտակ գագաթները։
Հայոց Մոզ քաղաքի ավերակների մոտով մեր ձիերը ընթացք վերցրին դեպի Մարտիրոս գյուղը սարի լանջին։ Հետևյալը Խաչիկն էր։ Այդ գյուղի բնակիչները մեզ ասացին, որ հաջորդ՝ Պողոսքիլիսա գյուղի բնակիչները մեզ երևի թույլ չըտան իրենց գյուղի միջով անցնելու։
Անդրանիկը հասարակ շինելը քաշեց իր զինվորական զգեստի վրա և մի քանի գյուղացիների վերցնելով, գնաց այդ գյուղը՝ ճանապարհ պահանջելու։
Կանչեց գյուղապետին՝ ասաց.
Անդրանիկ փաշան ուզում է ձեր գյուղի միջով դեպի Նախիջևան անցնել։ Նրան չդիմադրեք։
Իսկ ու՞ր է Անդրանիկ փաշան, հարցրեց ադրբեջանցի գյուղապետը։
Ա՜յ, էնտեղ է, իր զորքի հետ։
Մեզ վնաս չե՞ն տա։
Ձեր հավերին նույնիսկ քշա չեն ասի։
Զորքը իջավ կանգնեց այգիների մոտ, իսկ գաղթականությունը շարժվեց դեպի Նախիջևան։ Վերջին անցնողը բարձկան գոմեշն էր։ Հավի թառը կախ էր ընկել աստվածամոր կողքից և քիչ էր մնում վայր ընկնի։ Անդրանիկը հավթառը բարձկանի վրայից վերցնելով՝ մեկնեց գյուղապետին։
Ձեր հավերը շատ են։ Այս հավթառը իմ կողմից նվեր ձեզ։
Իսկ ձեզ պե՞տք չի։
Մենք տուն ունե՞նք, որ հավ ունենանք։ Ուղղակի իբրև հիշատակ։
Բարձկանը շարժվեց և նրա ետևից շարժվեց զորքը, ինչպես ասված էր։
Բայց ու՞ր է Անդրանիկ փաշան, հարցրեց գյուղսպետը, դիմելով հայ զինվորին։
Շայպինանդը շինելը վրայից մի կողմ քաշեց՝ ասաց.
Անդրանիկը ես եմ։
Հուզվեց ադրբեջանցի գյուղապետը Անդրանիկի այդ առա՛քինի վերաբերմունքից։ Մեր ամբողջ զորամասը ետ կանչեց, մի ամբողջ օր պահեց իրենց գյուղում, կերակրեց, հյուրասիրեց ու դրեց ճանապարհ։
Հին հայդուկ Լոլո Հաջին ինչ–որ բան էր պատմում «մարալկանների» երկրի մասին, երբ մտանք Նախիջևան։
Անդրանիկը այդ քաղաքի ադրբեջանական թաղամասի բընակչությանը դիմելով՝ ասաց. «Սալամ, յոլդաշլար։ Մենք հայերս հնուց ի վեր ջատագով ենք խաղաղ աշխատանքի։ Թուրք աշխատավոր բնակչության հանդեպ ես ոչ մի ոխ չունեմ։ Ես կռվում եմ միայն նրա բռնակալ սուլթանների, ապիկար բեկերի և աշխարհի անարդար կարգերի դեմ։ Ես ճանաչում եմ միայն մի ազգություն դա բոլոր ճնշվածների ազգությունն է»։
ՋՈԻԼՖԱՅԻ ԿԱՄՈՒՐՋՆ ԱՆՑՆԵԼԸ
Հունիսի 20–ին հասանք Ջուլֆա։
Այդտեղ լուր եկավ, որ Խալիլ փաշան հետապնդելով Վասպուրականից նահանջող հայ և ասորի գաղթականությանը, Ջուլֆայի գծով զորք է փոխադրում Պարսկաստան՝ դաշնակիցների դեմ։ Տեսնելով, որ Անդրանիկը ոչ միայն զենքը վայր չի դրել, այլև որոշել է շարունակել կռիվը հասնելով մինչև Ջուլֆա, թուրք փաշան սպառնացել էր գրավել Երևանը, եթե Հայաստանի վարիչները անհապաղ զինաթափ չանեն նրան և չհանձնեն իրենց։ Փաշային պատասխան էր տրվել, որ Անդրանիկը արտաքսված է Հայաստանի սահմանն երից իբրև խռովարար, որ նա ինքը ապստամբված է Հայաստանի հանրապետության դեմ, չի ճանաչում թուրք–հայ զինակցությունը և իրենց կարողությունից վեր է ձեռք գցել անհնազանդ զորավարին։ «Եթե ցանկանում եք անպատճառ ձեռք գցել նրան, դուք մեզնից զորավոր եք, կարող եք երթալ և բռնել», ասված էր պատասխանի մեջ։
Ջուլֆա հասնելով Շապինանդի առաջին գործը եղավ անցնել Արաքսի վրա շինված կամուրջը և Խոյի վրայով օգնության փութալ Վասպուրականի հետապնդվող գաղթականությանը։
Զորավարը հայկական Ջուլֆա մտավ մեր սպայակույտի ձիավոր հարյուրակով, զորամասի գլխավոր ուժերից կես ժամ առաջ։ Հարյուրակի առջևից ընթանում էր քաջարի հայդուկապետը։ Նրանից մի քանի քայլ ետ՝ դրոշակակիրը, զորամասի դրոշակը բարձր պահած, ապա ես, մի քանի հարյուրապետներ, և նվագախումբը։ Փողային գործիքների պակասի պատճառով նվագախումբը համալրված էր ջութակ և սրինգ նվագող զինվորներով։ Հասարակ շվի փչող էլ կար։ Մի քանի տարբեր ձևի գալարափող, շեփոր, ծնծղա, թմբուկ, ջութակ և սրինգ։ Աշխարհում ոչ մի զորք այդպիսի զարմանալի նըվագախումբ չէր ունեցել։
Անդրանիկը հեռվից ուշի–ուշով դիտեց կամուրջը, ապա գըլուխը շուռ տալով նայեց իր հեծյալներին։ Հարյուրապետ Ճեպեճի Սարգսի շնորհալի դեմքը, բեղն ու փափախը և զինվորական տարազը վայելչորեն իրար ներդաշնակած հաղթանդամ փաշայի երևույթ էին տալիս նրան։ Ճեպեճին հասկացավ զորավարի միտքը և ձին քշեց առաջ, գրավելով առաջապահ դիրք։
Կամուրջը հսկող թուրք պահակապետը հարցրեց, թե մենք ովքեր ենք և ուր ենք գնում։ Շապինանդը արագացրեց ձիու վազքը և համարձակ մոտենալով պատասխանեց, թե ինքը այսինչ հայ զինվորականն է, արդեն հաշտություն է կնքված Հայաստանի վարիչների և թուրքերի միջև, և ինքը պաշտոն ունի թուրքական ճակատի գերագույն հրամանատարի և նորաստեղծ Արարատյան հանրապետության կառավարության կողմից գաղթականությանը Ջուլֆայի գծով տանել իրենց երկիրը՝ Թուրքիա։ Ավելացրեց նաև, որ ինքը սաստիկ զարմացած է, թե ինչպես մի այդպիսի կարևոր խնդրի մասին գերագույն հրամանատար Վեհիբ փաշան հեռագիր չի տվել Ջուլֆայի հրամանատարին։
Տեսեք, փաշան զորքով գալիս է, ասաց նա հեռվից Ճեպեճի Սարգսին մատնացույց անելով, և հրաման տվեց նըվագել օսմանյան ռազմական քայլերգը «Շանլի վաթան Բինլեը յոլա»։ Պահակապետը և իր ասկյարները զգաստանալով բարևի կեցան կամուրջի վրա և շտապեցին շարք կազմել նորեկ փաշային և նրա զորքին պատշաճորեն դիմավորելու։
Քանի մոտեցանք կամուրջին, այնքան մեր ընթացքը սաստկացավ հետզհետե վերածվելով խելահեղ վազքի։ Մինչ թշնամին գլխի կընկներ, թե ինչ կատարվեց, Անդրանիկն իր ձիավորներով արդեն անցել էր կամուրջը և շրջապատել պահակախմբին։ Նա բոլորին զինաթափ արեց և ուղարկեց ռուսական Ջուլֆա։
Այդտեղ զորք եկավ մեր դեմ։ Հիսուն ռոմի ասկյար սպանվեց այգ կռվում, մնացյալները դիմեցին փախուստի։ Փախչող ասկյարներից մեկի ձին վազեց դեպի մեր կողմը։ Ասկյարը հրաման ստացավ ձին ետ դարձնելու։ Վազեց ձիու ետևից։ Անդրանիկի հրամանով բռնեցին ասկյարին և զինաթափելով բերեցին իր մոտ։
Տղաս, մի՞թե դու չգիտես, թե ովքեր են հետապնդում քեզ։ Չվախեցա՞ր, որ կարող ես սպանվել։ Ինչու՞ ես մի ձիու համար կյանքդ վտանգի ենթարկում։
Փաշան սաղ մնա, գոչեց ասկյարը, ես հայրենիքի և հրամանի գերի եմ։ Համոզված եմ նաև, որ ձեզ պես քաշ հրամանատարը իմ կյանքը ինձ կբաշխի։ Անդրանիկը հրա~ մայեց վերադարձնել թուրք զինվորի ձին և որպես նվեր մի ատրճանակ տվեց նրան.
Առ, որդիս, ասաց Անդրանիկը, սա էլ ինձնից հիշատակ քեզ։ Նստիր քո ձին և հասիր զորամասիդ, դու արժանի ես ապրելու, աֆերիմ, զավակս։
Ասկյարը փութկոտությամբ հեծավ իր ձին և դարձավ զարմանքով.
Բաբա՛մ, Անդրանիկ փաշան դու՞ք եք։
Ինչպե՞ս իմացար։
Այդ հայրական ու հերոսական վարմունքը վայել է մենակ Անդրանիկ փաշային, որի մասին շատ էի լսել, բայց տեսած չկայի։ Բախտավոր եմ, որ սեփական աչքով տեսա և հիմա մեր զինվորներին կպատմեմ, ձեր մասին։ Իսկ այժմ ձեզ սաղություն։
Անդրանիկը Ջուլֆայի կամուրջը գրավելով, հետևյալ հեռագիրը ուղարկեց Պարսկաստանի շահին. «Ես եկել եմ, որ անցնեմ. ճանապարհ Էլ տաս՝ կանցնեմ, չտաս Էլ կանցնեմ»։ Առավոտյան շահից պատասխան եկավ. «Ճանապարհը բաց Է քո առաջ. կուզես Խոյով գնա, կուզես՝ Թավրիզով»։
Անդրանիկը բռնեց Խոյի ճանապարհը։
Մեկնելուց առաջ Ջուլֆայի մաքսատան պահեստներից զինվորներին չամիչ ու նուշ բաժանվեց։
Ալի Իսհան փաշան տասներկու հազար զորքով կանգնած Էր Սալմաստում։ Իմանալով մեր առաջխաղացման մասին, նա հինգ հարյուր զինվոր Սալմաստի ճակատում թողնելով իբրև թիկունքի պաշտպան, մնացյալ ամբողջ զորքով շարժվեց դեպի Խոյ մեր զորամասին դիմագրավելու։ Արագ տեղ հասնելով, նա Խոյի դարպասները փակել Էր մեր առաջ և ամրացել Սեյդավար գյուղում։
Չամիչ ուտելուց և Արաքսի պղտոր ջուրը խմելուց մեր հիվանդ զորքը դանդաղ Էր շարժվում, և մեր նպատակը՝ Խոյը գրավելով շարժվել դեպի Ուրմիա, դաշնակիցների բանակին միանալու՝ գրեթե ձախողված էր։
Երկու օր հետո իրիկնապահին Սեյդավար գյուղի առաջ հանդիպեցինք Ալի Իսհան փաշայի առաջապահներին և կռվի բռնվեցինք նրանց հետ։ Մենք ընդամենը վեց հարյուր ձիավոր Էինք, իսկ մեր հիմնական զորքն ու հրետանին դեռ տեղ չէր հասել։
Թշնամու դիրքերը իշխում էին մեզ վրա և մենք ստիպված մեր գլուխները քաշել էինք հողաթմբերի ետև։
Հուսահատ էինք ամենքս։
Հանկարծ երևաց Անդրանիկը ձին հեծած, շողշողուն սուրը ձեռքին, ետևից դրոշակակիրները զորամասի դրոշը բարձոր պահած։
Հե՜յ, հե՜յ, ի՞նչ եք նստել դիրքերում, մենք գնում ենք հաղթելու և միայն հաղթելու։ Наперед! բուլղարերեն բացականչեց զորավարը և թշնամու գնդակների տարափի տակով սրարշավ նետվեց դեպի թշնամին։ Մենք ակնթարթում թռանք մեր ձիերին և ուռա գոչելով նրա ետևից թափվեցինք հակառակորդի դիրքերի վրա։
Թշնամին ահաբեկված փախուստի դիմեց։ Ասկյարները սարսափահար գցում էին հրացանները և ձեռքերը վեր բարձրացնելով, աղիողորմ գթություն հայցում։
Խնայեցե՜ք, մեղք եմ։
Սեյդավարի կռվում ծանրորեն վիրավորվեց հիսնապետ Թորգոմը։ Նրա կողքին մի երիտասարդ ասկյար, որ նույնպես ծանր վիրավորված Էր, տենդի մեջ շարունակ կանչում էր. «Սրմալի՜, Արմալի»։ Երևի սիրած կնոջն էր հիշում։ Լուսադեմին նա մահացավ։
Վերցնելով Սեյդավարը և ջախջախելով Ալի փաշայի զորքերին, Անդրանիկը իր զորամասը շարժեց քաղաքի վրա։
Խոյը պարսպապատ էր։
Զորավարը հրամայեց պաշարել քաղաքը։ Աջ թևի վրա ես էի կանգնած իմ հեծյալ գումարտակով, իսկ դեպի Սալմասա–Խոյ առաջացող գծի վրա՝ հարյուրապետ Շահկա Արոն։
Անդրանիկը երկու անգամ գրոհեց քաղաքի պարիսպները։ Երրորդ գրոհին մեր թնդանոթները որոտացին և զորավարը քաղաքի հարավային պարիսպները քանդելով առաջինը մըտավ Խոյ։ Նրա ետևից մտավ մի ձիավոր հարյուրակ և ապա ամբողջ զորքը։
Երեք օր կռիվ եղավ այդ քաղաքի համար։ Խոյի տակ մի խիստ ամրացված կամուրջ կար։ Շապինանդը ասաց, «Մախլուտո, ինձ մի քանի զինվոր տուր այդ կամուրջը գրավեմ»։
Քսան զինվոր վերցրեց ու գնաց։ Մինչև կամուրջի կեսը գնաց՝ քսան զինվորն էլ սպանվեցին։ Ինքը մենակ մնաց կամուրջի վրա։
էլի զինվոր տուր, ասաց։
Տարար տղաներին սպանեցիր, նորի՞ց զինվոր կուզես, նեղացած գոչեցի ես։ Այս անգամ տվեցի տասնհինգ զինվոր։ Նրանք էլ սպանվեցին, ինքը մենակ մնաց կամուրջի վրա։ Երրորդ անգամ ուզեց՝ տվեցի հինգ զինվոր։
Անդրանի՜կն եմ, Անդրանի՜կն եմ, հիսուն հոգով հիսուն հազարի դեմ եմ կռվել Սասունում, բոռաց զորավարը և այդ հինգ զինվորով կամուրջի մյուս կեսն էլ գրավեց։
Պարսիկ բնակիչները դադարեցրին կռիվը, իսկ թուրքերը շարունակեցին դիմադրել։
Անդրանիկը քաղաքի կեսը գրավել էր և թուրքերն էլ մտադիր էին անձնատուր լինել, երբ մի ահավոր իրարանցում և գոռում-գոչում լսվեց քաղաքի պարիսպներից դուրս։
Ալի Իսհան փաշայի հեծյալ զորաբանակը Սալմաստի կողմից օգնության փութալով Խոյում դիմադրող թուրքերին, մերկացած սրերով Հարձակվել էր հայ անզեն գաղթականության վրա։
Մեր զինվորները Խոյի ճակատը լքելով, գլուխները կորցրած շտապեցին իրենց ընտանիքները փրկել։
Անդրանիկը ստիպված նահանջի հրաման տվեց և գաղթականներին փրկելու համար ճակատամարտը փոխադրեց քաղաքի պարիսպներից դուրս։