Khachik Dashtens

Ռանչպարների Կանչը

24

ԼԱՃԿԱՆՑԻ ԱՐԹԻՆԻ ՄԱՀԸ

Տատրակից վերև, ձորի մեջ մի ուրիշ գյուղ կար։ Նստած էր կանաչ քարափի տակ՝ ճակատին կարմիր կորեկի ու սիսեռի արտեր։

Այդ գյուղի ծայրին մի ծերունի մոտեցավ ինձ։

Տանը հիվանդ ֆիդայի կա, ասաց ծերուհին։

Ո՞վ է, հարցրի։

Չգիտեմ, բայց վիճակը ծանր է։ Խնդրեց, որ հրացան բերեմ։

Ալադին Միսակը զգուշության համար պահակ կանգնեց դրսում, իսկ ես ներս մտա։ Նա պառկած էր գոմի մեջ, գըլուխը բարձին։ Տակը մի մաշված ներքնակ կար խսիրին փըռած, իսկ վրան անշուք մի վերմակ, որի տակից երևում էր հիվանդի աջ ոտնաթաթի բթամատը ծակ գուլպայով։ Մոտը դրված էր իր ուսապարկը չոր տրեխները վրան։

Ճանաչեցի։ Լաճկանցի Արթինն էր։

Ինձ տեսնելով գլուխը շուռ տվեց, կարծես ամաչելով, որ խախտել էր ֆիդայական ուխտը։

Ֆիդայի և անկողին լսվա՞ծ բան էր։

Հայդուկներին պատանք էր տրվում, բայց սասունցի հայդուկը մերժում էր պատանք վերցնել։ Նա մեռնում էր պատերազմի դաշտում և ամենաբարեբախտ դեպքում թաղվում լեռների մեջ առանց պատանքի, առանց քահանայի նույնիսկ։

Իսկ ա՞յժմ…

Ես կարող էի տեղնուտեղը այդ հայդուկի դատաստանը տեսնել, մի կրակոցով վերջ տալով նրա կյանքին, սրբելով այդ անպատվությունը իր տոհմի վրայից։ Բայց ինչպե՞ս կրակեի։ Նա իմ ընկերն էր, իմ քսանամյա զենքի մարտական ընկերը։

Արթինը հին զինվոր էր, սասունցի քաշ լեռնական։ Մասնակցել էր Գոմերի, Կուրավոյի, Շենիք-Սեմալի և Լաճկանի կռիվներին, Վագրի դեմք ուներ և կռվում էր վագրի կատաղությամբ, մանավանդ այն օրվանից, երբ զինվել էր Շենիքցի Մանուկի մաուզերով։ Այդ վեճը ամիսներ տևեց, մինչև որ հաջողվեց կատարել զենքերի փոխանակություն՝ Շենիքցի Մանուկին տալով իր «սմիթ» տեսակի ատրճանակը և տեր դառնալով նրա հրաշալի տասնոցին։ Սուլթանի դեմ կռվելու համար այդ գյուղացին միշտ եղավ զենքի հետ, բացառությամբ մի կարճ միջոցի, երբ Սպաղանաց Մակարի կողմնակիցներին հարելով զինաթափվել էր Գևորգ Չաուշի դեմ խըռովություն կազմակերպելու մեղադրանքով։

Արթինի վերջին մեծ ճիգը եղավ իր հայդուկ ընկերներով ազատության դրոշ պարզել Անդոկի գլխին։ Լեռան կողերով բարձրացավ մինչև Սխտոր քարը, բայց գագաթին չհասավ։

Եվ այն մարդը, որ երբեք գլուխը բարձին դրած չկար, որի ամբողջ կյանքը անցել էր ազատագրական անհամար կռիվ–֊ ների մեջ, այժմ պառկած էր գյուղական անշուք մի ծածկի տակ, կիսամութ մի գոմում, որտեղից ոչ մի տեսարան չէր բացվում դեպի Մշո դաշտ և չէին երևում Սասնո սարերը։

Հիվանդ եմ, Մախլուտո, ու իմ հրացանը մոտս չէ. մարդ եմ ուղարկել, որ բերի։ Մի՞թե ես արժանի էի էս վիճակին։ Ո՞ր մեղքիս համար։ Կրակիր, որ մեռնեմ։ Ես պետք է թըվնկի տնկոցի տակ մեռնեմ։ Բարձր կրակիր, սուտ կըռիվ սարքիր, որ հանգիստ մեռնեմ։ Հանկարծ պայծառացավ։ Ինչ–որ բան հիշեց։ Գլուխը բարձրացրեց և կիսաթեք նստեց անկողնում։

Հիշու՞մ ես, Մախլուտո։ Ի՞նչը։

Էն երգը, որ երգում էինք։

Հա, հիշում եմ, ասացի մի բան ասած լինելու համար։

Դե, երգիր ինձ հետ։

Ու Լաճկանցի Արթինը սկսեց կիսաձայն մրմնջալ ֆիդայական մի հին երգ, ամեն վանկի վրա աջ ձեռքի բթամատը բարձրացնելով և հերթով հարվածելով հաջորդ մատների ծայրերին։

Կար-կուտ տե-ղաց... Եվ ապա՝

Կար-կուտ տե-ղաց... Կա–նանց եր-բեք ձեռք տա–լու չէ Վը-րեժ–խըն-դիր քաջ ֆի–դան։

Մնացյալ տողերը դժվարացավ վանկարկել և երգը շարունակեց շուրթերի լռիկ շարժումներով, պահպանելով մատների համաչափ հարվածները։

Միասին էինք երգում, իրար նայելով, նա իր շուրթերի և մա տների վրա ճիգ դնելով, իսկ ես լսելի ձայնով։ Այդպես նա անկողնում կիսաթեք նստած շարունակեց երգել, մինչև նրա բթամատի տակից միջամատն ու մատնեմատը փախան, որովհետև նա օդի մեջ էր հարվածում արդեն և ճկույթին այլևս հերթ չհասավ։

Բռնեց իմ ձեռքը և ուղիղ նստեց անկողնում։ Նոր բան ընկավ միտքը. Հիշու՞մ ես, որ մի օր Փշփուշի սարով բարձրանալիս ջանբեզարների հանդիպեցինք։ Կռիվ եղավ։ Կովի միջոցին քո մոսինի հրացանը գլորվեց ձորը։ Փոխանակ դու քո զենքի ետևից երթալու և պատիվդ փրկելու, Կարկուտ Թադեն իջավ ձորը և մոսինի հրացանը բերելով հայդուկիդ պատիվը փրկեց։

Այդ դեպքը, որ բոլորովին ինձ հետ չէր կապված, այլ մեկ ուրիշի, առիթ տվեց նրան վերհիշելու նորանոր դեպքեր, մեծ մասամբ սասունցի հայդուկների և շինականների հետ պատահած, և միշտ հարցի ձևով, մի քիչ ցրված ու անկապ։

Քյաթիպ Մանուկին հիշու՞մ ես։ Հիշում ես, գիշերը ահեղ փոթորիկի ժամանակ, համիդիեները մեր գնդակների սուլոցները քամու հետ շփոթելով մեզ վրա հարձակման անցան ու կոտորվեցին։ Հիշու՞մ ես, թե ինչպես գետը զարկեցինք մյուս ափ անցանք՝ ձիերի քրտինքը սրբելով Մեղրագետի ջրով։ Ամրեի Գյալեն և Ցից քարը հիշու՛մ ես։

Հանկարծ ծիծաղեց։

Իսկ Վերին թաղի ռես Թաթարին հիշու՞մ ես, որ օձի ձագ դրեց Խիանքի աշիրեթապետ Քոռ Սլոյի գրպանը։

Սուլ-թան կու–զե ջըն-ջել մըզի,

Զար-թիր, լաո, մըռ–նիմ քը-զի։

Վանկարկելով մրմնջաց մի քանի տող հանրածանոթ երգից և դարձյալ դժվարանալով սկսեց սուլել, ճիգ անելով մատները իրար զարկել նորից։

Սուլեց երկար–երկար՝ սպասելով ծերունու վերադարձին։

Էլ մեզ ջնջել չկա, հուռիաթ է, ասացի ես։ Վե՛ր կաց։ Աշխուժացավ նորից։

Մլեմ հուռիաթ։ Տղաներին ասա՝ զենքերը չհանձնեն։ Սևքարեցի Սաքոյին հիշու՞մ ես, որ ձիավորների գլուխ անցած Սալսաստից բարձրացավ Արաուլ լեռը և իջավ Քանասարի հովիտ… Նախանցյալ ձմռանը ես, Չոլոն ու Գալեն Խութա սարերի վրա չէի՞նք Ղասմբեկի հետ։ Գալեն մեռած է։ Մախլուտո, դու խոսիր, դու էլ մեզ հետ էիր։

Հիշելու ժամանակ չէ, վայելքի օրերն են եկել, նըկատեցի ես։

Սասանում զորանոց կա՞։

Չկա, ասացի։ Սուլթանի բոլոր զորանոցները քանդ՛ված են։ Ֆադեի շաղգամը նորից ծիլ է տվել։

Անդոկի գլխին դրոշակ կա՞։

Չկա, բայց կլինի, վե՛ր կաց, հուսադրեցի ես։

Էս բուք ու բորանին էդ խեղճ իշխնձորցիք ինչու՞ են ընկել ճամփա։ Էն Սեբաստացի Մուրադը չէ՞ Սխտոր քարին նստած։

Արդեն զառանցում էր։

Ես դուրս եկա։ Շատ չանցած մի ուժեղ կրակոց լսվեց ներքևից, որին հետևեց մի կարճ համազարկ։ Ծերունին բերել էր հրացանը և Լաճկանցի Արթինը մի քանի անգամ գոմի մեջ բարձրաձայն կրակելով շունչը փչել էր հրաձգության որոտի տակ, իբրև թե մեռնում է պատերազմի դաշտում։

Մեկական գնդակ էլ ես և Ալադին Միսակը արձակեցինք, մեր համազարկը միացնելով նրա վերջին գնդակի որոտին։

Այսպես մեռավ հերոս ֆիդային, Գևորգ Չաուշի հնագույն զինվորներից մեկը, իմ դասակի վագրադեմ սասունցին։

ԱԼԻԶՌՆԱՆՑԻ ՄՈԻՔՈՆ

«Հյուռիաթից» հետո Ֆրանկ–Սոսոն իր զենքը ցած դրեց և վերադարձավ գյուղ, ինչպես որոշել Էր։ Նա գրագիր դարձավ իրենց գյուղում, դարձավ մեծատուն։ Գյուղում նրան աղա Մոսո էին ասում։ Բայց երեք տարի չանցած վառեց իր տունը և նորից զենք առնելով ելավ սար։ Բամբկու Մելոն Խասգյուղում շատ կարճ ապրեց։ Վաճառեց իր զենքը և մեկնեց Ամերիկա։

Ալիզռանացի Մուքոն նույնպես զինաթափվեց և վերադարձավ գյուղ՝ Ալիզռնան։

Քոսուրա քրդերը իմացան, որ Մուքոն առանց զենքի չի կարող ապրել։ Նրան առաջարկեցին զենք և ձի։ Մուքոն ընդունեց նրանց առաջարկը և զինված ղոլամ դարձավ հասնանցի քրդերին։

Եվ որովհետև Հուռիաթ Էր, սուլթանի դեմ կռված քաջ հայդուկների գովքը սկսեց ազատորեն թնդալ գյուղերում ու քաղաքներում։ Սուլուխի հերոսական կովի պատմությունը բերնեբերան անցավ, և վիպերգության մեծ ճյուղերից մեկը բաժին ընկավ Ալիզռնանցի Մուքոյին։

Եվ նրա ճյուղը Ծաղիկ Համբարձումի բերանով այսպես հյուսվեց.

«Մշեցի քաջերի պատմությունը ասելու համար պիտի յոթ օրվա ուտելիք, խմելիք, ծխելիք առնենք, նստենք օդա, դուռ ու երդիկ փակենք, ես պատմեմ, դուք լսեք։

Սուլուխա կռվին լուսահոգի Գևորգ Չաուշն ու Ալիզռնանցի Մուքոն միասին կեղեին, մի դիրքի մեջ։ Մութասարիֆն ասաց Քոսա Բինբաշուն. «Քոսա, մեր հարկահավաք ժանդարմներ լուր բերին, որ Գևորգ Չաուշն իր ֆիդայիներով Մուլուխ Է հասել։ Քո զորք քաշիր Խոփերու դաշտ»։

Բինբաշին ասաց, «Մութասարիֆ, ես Էս գիշեր երազ տեսա, իմ ջանդակ փռված Էր Խոփերու դաշտ։ Արի ինձ մի ուղարկիր Գևորգի դեմ։

Բայց դու հազար ես, Գևորգը մենակ տաս–տասնհինգ հոգով։

Միևնույն Է, եթե ես գնամ, մեր երկսից մեկը պիտի սպանվի։

Սպանվողը Գևորգն Է, քաշիր քոլ զորք Խոփերու դաշտ։ Ու Քոսա Բինբաշին իր զորքը քաշեց Խոփերու դաշտ։ Քոսա Բինբաշին ու Գևորգն իրար հետ ախպոր պես կեղնին ու իրար հետ գաղտնի բարեկամության ուխտ կապած։ Գևորգը դուրբինը դրեց աչքին տեսավ Քոսա Բինբաշին գալիս Է ձին հեծած, ու մինչև Սուլուխ դաշտը սևացել Է սուլթանի զորքից։

Նամա՛րդ, դու ամեն անգամ ինձ լուր կտայիր, որ ֆիդայիներին հեռացնեմ մեր գտնված տեղից, Էսօր ի՞նչ պատահեց քեզ, ասաց Գևորգն ու աչքը լցվեց։

Գևորգը նշան կբռնի Քոսա Բինբաշուն, բայց գնդակը փուստ կանցնի։

Ալիզռնանցի Մուքոն կասե. Պարոն Գևորգ, թույլ տուր ես զարկեմ։

Ազատ ես, զա՛րկ։

Մուքոն կզարկի, Քոսան կպատի ձիուց։

Քոսի օգնական թուր կվերու, կելնի Քոսի ձիու վրա ու կբոռա հուռա, հուշում կիտա։

Սուլթանի զորք գլուխը շուռ կիտա, լեղապատառ կփախչի։ Բոռի փչողը փող կգնի բերանին, որ զորքին կանչի, բայց Ալիզըռնանցի Մուքոյի երրորդ գնդակը բոռիզանի միջով կանցնի պուպուճակից դուրս կիգա։ Նա էլ կշրջվի։ էդ ժամանակ Գևորգ կբոռա. Միքայե՛լ, ես զարկվա։ Մուքոն կգրկի Գևորգին կտանի ցած, ետ կիգա կմտնի դիրք ու մենակ կկռվի մինչև իրիկուն։ Իր ունեցած մի ատրճանակ էր ու մի չափլի։ Մութին Ալիզռնանցի Մուքոն և իր ընկերտանք կվերուն Գևորգ Չաուշին կբերեն Խոփերու դաշտ, կդնեն մի խորոմ խոտի տակ, կամբարվեն, հետը մնաս բարով կասեն ու կերթան։

Հիմա որտե՞ղ է Ալիզռնանցի Մուքոն։

Ղոլամ է քրդերին։

էդ քաջ մարդը ղոլա՞մ է դարձել, զարմացան մարդիկ ու սկսեցին նրան փնտրել։

Մութասարիֆն էլ լսեց Ալիզռնանցի Մուքոյի պատմությունը և մարդիկ ուղարկեց, որ նրան գտնեն բերեն իր մոտ։

Գտան նրան Քոսուրա քրդերի մեջ ղոլամի մի հասարակ զգեստ հագին ու առան բերեցին Մուշ։ Մութասարիֆն ասաց. «Աշխարհ քո քաջության գովքը կենե, դու գնացել ղոլա՞մ ես դարձել քրդերին»։

Ինչ էնեմ, էֆենդի, ամեն մարդ իր ճակատագրով կապրի, պատասխանեց Մուքոն։ Ջիվանշահին ասին. «Քո օսկոր կանաչ մնա, բայց քոլ տանջանք շատ էղնի»։ Իմ բախտն էդ խոսքի համեմատ եղավ։

Դու քաջ մարդ ես, իսկ քաջին իր քաջությանը արժանի ծառայություն է վայել։ Արի քեզ դարձնեմ ոստիկան, մարդամեջ մտիր, կարգին ապրիր, ասաց Մութասարիֆը։ Զենք կուզես՝ զենք կտամ, ձի կուզես՝ ձի կտամ։

Ու թողեց Ալիզռնանցի Մուքոն ղոլամությունը, փոխեց շորերը, պետական զենք ու ձի առավ ու դարձավ ոստիկան։ Միքանի ամիս աշխատեց, տեսավ, որ իր գործը արդար չէ հրաժարվեց, ասելով.

Էլ չեմ ուզի աշխատել։

Ինչի՞, զարմացավ Մութասարիֆը։

Չեմ կարող, էֆենդի, էս երկրի մեջ էդ տեսակ գործ անողի հացն հարամ է։ Լավ է գնամ էլի մշակություն անեմ իմ հասարակ մարդկանց հետ։

Ու թողեց Մուքոն ոստիկանի պաշտոնը, իր ձին ու զենքը հանձնեց ոստիկանապետին ու գնաց իր հայրենի գյուղը, դարձավ հասարակ հողագործ։

Աշնան մի օր ձեռքին մի ճիպոտ, առաջը մի գոմեշ, Ալիզըռնանից ելավ գնաց Խասգյուղ։ Եկավ ճամփու կես, տեսավ Խասգյուղի կողմեն դեպի Ալվառինջ մի խութեցի կգա։ Խյութեցին ձեռքին մի լավ ճիպոտ ուներ։

Ախպեր ջան, ասաց Ալիզռնանցի Մուքոն, արի մեր ճիպոտները փոխենք։ Ժամանակ կեղնի կհանդիպենք, ես քեզի պետք կիգամ։

Ես Խութ, դու՝ Մուշ, ինչի՞ պիտի իրար հանդիպենք։

է՜, աստված ողորմած է, տեսար հանդիպեցինք։ Խութեցին ասաց. «ճիպոտի եղածն ինչ է, արի փոխենք»։

Ճիպոտներ կփոխեն։ Ալիզռնանցի Մուքոն կերթա Խասգյուղ, խութեցին կերթա Ալվառինջ։

Ալվառինջու ռեսը խութեցու հորաքրոջ տզան կեղնի։ Խութեցին կասե ռեսին. ճանապարհին մի մարդ հանդիպեց ինձ. ասաց՝ արի մեր ճիպոտներ փոխենք, ժամանակ կեղնի ես քեզի պետք կիգամ։

Ռեսը կասե. «Աստված վկա, քեռի ջան, քեզ հետ ճիպոտ փոխողը կա–չկա Ալիզռնանցի Մուքոն է էղե»։

Կբարկանա Մութասարիֆ ու կկարգաղրե, որ Ալիզռնանցի Մուքոյից տերության հարկ գանձեն։ Հարկահավաք Խաչատուր էֆենդին իր զաբթիաներով կիգա Ալիզռնան։

Ու՞ր է Մուքոն, կհարցու։

Էստեղ եմ, էֆենդի, ի՞նչ կա։

Դու պետությանը պարտ ես երեք ոսկի, քեզ երեք օր ժամանակ՝ բերես հանձնես։

Երեք տարի էլ ժամանակ տաս, դարձյալ չեմ կարող, կասե Մուքոն։

Խաչատուր էֆենդին կհրամայե զաբթիաներից մեկին, որ մտրակի տակ առնեն անհնազանդ գյուղացուն։

Զաբթիան կհրաժարվի մտրակ բարձրացնել Մուքոյի վրա։

Խաչատուր էֆենդին ինքը մտրակը կառնե ու մի հարված կքաշե Մուքոյին։ Ռես Գասպար ձեռքը դեմ կտա կասե. «Մուքոն էն մարդն չէ, որ դու զարկես»։

Ալիզռնանցի Մուքոյին կթալեն թավլեն ու դուռ կկողպեն։

Թալվի մեջ մի գոմեշ կեղնի ու իր պես մի քանի բան՛տարկված գյուղացի։

Տղերք, ինչու՞ եք խեղճ ու կրակ կանգնել, գոմեշին քաշեք երդիկի տակ, կասե Մուքոն։

Գոմեշին բերին կանգնեցրին երդիկի տակ։ Ալիզռնանցի Մուքոն թռավ գոմեշի վրա, գոմեշի վրայից ձեռքը գցեց վերի գերաններին ու երդիկից թռավ-ելավ տանիք։ Ելավ գնաց իրենց տուն, չափլին առավ եկավ կանգնեց օդայի տանիքին։

Տեսավ Խաչատուր էֆենդին օղմկել է պատին, թեզբին առել է ձեռքն ու հանգիստ կգցե, զաբթիաներն էլ թավլի դռան կանգնած կհսկեն։

Վերևից գոռաց.

Դու՞ ես Խաչատուր էֆենդին։

Հա՛, ես եմ,

Դու ի՞նչ օրենքով էդքան նեղություն կտաս ժողովրդին։

Պետական օրենքով։

Որ էդպես է, ես էլ պետական օրենքով քո հոգին կառնեմ, ասաց ու չափլին քաշեց։ Զարկեց սրտին՝ պառեկից տվեց դուրս։

Վա՜խ, իմ հոգին կորավ, գոռաց Խաչատուր էֆենդին։

Ես էլ քո հոգին առնելու համար եկա, ասաց Մուքոն և չափլին ձեռքին տանիքից իջավ մտավ օդեն։ Տեսավ Խաչատուր էֆենդու զաբթիաները բոլորն էլ վախից իրենց տակ մունդռել են։

Մի վախեցեք, ես ձեզի ձեռք չեմ տա, ասաց Մուքոն ինչպես տեսաք, էդպես էլ գացեք պատմեք Մութասարիֆին։ Եթե հարցնի, թե որտե՞ղ է Ալիզռնանցի Մուքոն, ասեք, որ ես գացի Ցրոնք։

Ասաց ու ելավ գնաց Ցրոնք։ Հինգ օր մնաց Ցրոնք՝ ռեսի տուն։ Երբ տեսավ, որ իր ետևից մարդ չի գալիս, հինգերորդ օրվա գիշերը ցրոնաց ռեսին ասաց,

Ռես, ես գացի Մուշ։

Ասելն ու քելելը մեկ եղավ։ Ճանապարհին տաս ոստիկան մեկեն ելան իր դեմ։

Տասնապետն ասաց, Տղաներ, եկեք սրան ճամփա տանք։ Զինվորներից մեկն ասաց, Ինքը մենակ, մենք տաս հոգի։ Տասը մեկին ինչու՞ ճամփա տա։

Մարդ կա, որ հազարի դեմ կկռվի, ասաց տասնապետը։ Կա չկա սա Ալիզռնանցի Մուքոն է, որ Խաչատուր էֆենդուն սպանեց։ Ատրճանակը վրեն է, չափլին էլ թևից կախ։

Տաս մարդը մեկից մի կողմ քաշվեցին։ Մուքոն տասնապետին ասաց,

Դուք ինչու՞ ինձ ճամփա տվիք։

Որովհետև դու Ալիզռնանցի Մուքոն ես։ Մե՛նք պետք է քեզ ճամփա տանք։

Բայց կառավարություն ձեզ հետ է և օրենքը ձերն է, դուք ինչու՞ ինձնից վախեցաք։

Մենք քեզնից չենք վախենա, մենք քո գնդակից կըվախենանք, ասաց ոստիկանապետը։

Մուքոն Մութասարիֆի դուռը հասավ էն ժամանակ, երբ սա շորերը հանած ճրագը կփչեր, որ պառկի։ Փուռը ամուր ծեծեց,

Ո՞վ է, հարցրեց Մութասարիֆը ներսից։

Ես եմ, էֆենդի, ասաց Մուքոն։

Մութասարիֆը դուռը բացեց։ Մուքոն ներս մտավ։

Որտեղի՞ց էս ուշ ժամին։

Ցրոնքից։

Խաչատուր էֆենդուն ինչու՞ սպանեցիր։

Ես մեղք չունեմ, էֆենդի։ Մենք սարերից իջանք տուն, որ վար ու ցանք անենք, հանգիստ ապրենք, բայց երեք ոսկու համար նորից բանտ են կոխում։

Դու ճիշտ խոսեցիր։ Ես հենց էսօր որոշեցի Խաչատուր էֆենդու փոխարեն քեզ դնել հարկահավաք, ասաց Մութասարիֆը։ Վաղը կգնաս գյուղերը և նրա բանտարկած բոլոր մարդկանց ազատ կարձակես։ Չէ որ Հուռիաթ է և մեր երկրռւմ պետք է առանց վախի ապրեն։

Ուրախացավ Ալիզռնանցի Մուքոն և համաձայնություն տվեց դառնալ հարկահավաք։ Վերցրեց ինը զաբթիա ու անցավ գործի։ Աշխատեց մինչև աշուն։ Ով չքավոր էր՝ բանտից ազատեց, ով հարուստ էր դրեց բանտ։

Մեկ օր ձիով դեպ Խասգյուղ գնալիս տեսավ վեց զինված քուրդ բռնել են Դաշտադեմից Քրդագոմ եկող մի խութեցու, որ շորերն առնեն։ Գյուղացին նեղ տեղն էր ընկած։

Բոռաց հեռվից.

Չվախենաս, Պողոս, ես եկա։ Տեսա՞ր, որ հանդիպեցինք։ Ես էն մարդն եմ, որ ասացի՝ ժամանակին քեզ պետք կգամ։

Մուքոն իր հետ ճիպոտ փոխող խութեցուն փորձանքից ազատելով ուղարկեց Քրդագոմ, իսկ քրդերի զենքերն առնելով վեցին էլ իր ձիու առաջ արած տարավ Խասգյուղ և հանձնեց կառավարության։

Սակայն Մութասարիֆը գաղտնի որոշել էր սպանել Սուլուխի հերոսին։ Զաբթիաներից մեկը իմացավ էդ մասին և Մուքոյի ականջին շշնջաց.

Էս գիշեր չմնաս մեզ մոտ. Մութասարիֆը որոշել է քեզ սպանել։

Ալիզռնանցի Մուքոն գրպանից մի ոսկի հանեց տվեց զաբթիային, և երբ եկան Մուշ, ու ձիերից իջան, մտավ կառավարչատուն Մութասարիֆի մոտ։

էֆենդի, մի տեղ պիտի էրթամ ու գամ։

Գնա, բայց շուտ արի, ասաց Մութասարիֆը։ Մուքոյի ատրճանակն էլ վրեն էր, չափլին էլ։ Կառավարչատնից ելավ և ուղիղ գնաց Մութասարիֆի տուն։

Խանում, ասաց, Մութասարիֆի չափլին ու ատըրճանակ տուր, ես ու ինք միասին մի տեղ պիտի էրթանք։ Կապեց Մութասարիֆի զենք և Ալվառինջի սարով բարձրացավ Քանասար։ էն գնալն էր, որ գնաց։

ՄՈՐՈԻՔ ԵՎ ՄԱՐԹԱ

Իսկ ի՞նչ եղան մյուս հայդուկները։

Չոլոն հովիվ դարձավ իրենց սարերի վրա։ Կարկուտ Թադեն գրկեց իր զենքն ու փախավ. թե ո՛ր ուղղությամբ՝ հայտնի չէ։ Ոմանք նրան տեսել էին Բաղեշի կողմերում։ Կայծակ Անդրեասը անցավ Խլաթա կամուրջը և ապավինեց Նեմրութի լանջերին՝ ավելի լավ օրերի սպասելով։ Ախոն, Մանուկը և Ւսրոն դարձան փախստական, որոշելով զենքերը չհանձնել մինչև Սասունը չազատագրվի։

Փախստական դարձան նաև Մորուք Կարապետը և Արծիվ Պետոն։

Թիկնեց Մորուք Կարոն մի կաղնի ծառի ու ընկավ մտքերի մեջ։ Մոտ տասնհինգ տարի նա ուխտյալ հայդուկ է եղել։ Իբրև զինատար մի քանի անգամ գնացել–եկել էր Մուշից Կովկաս, Կովկասից Մուշ։ Մասնակցել էր բազմաթիվ կռիվների։ Մեռած էին իր հին և նոր մարտական ընկերները՝ Մակարը, Գալեն, Շենիքցի Մանուկը, Սեյդո Պողոսը, Արտոնքա Ջնդոն։ Չկար հայդուկապետ Գևորգ Չաուշը։ Լաճկանցի Արթինն էլ մեկ տարի առաջ իր կյանքը ավարտեց «Թըվնկի տնկոցի» մեջ։

Հին ֆիդայիներից հատուկենտ մարդիկ էին մնացել, նրանք էլ այս «ու այն կողմ ցրված, ոմանք զենքերը հանձնած և վերադարձած տուն, ոմանք էլ փախստական դարձած ու ապավինած լեռներին։

Կասկածներով լի անորոշ վիճակ էր, իսկ տարիներն անցնում էին։ Ինչի՞ մեջ որոնել արշալույսը։

Եվ Մորուք Կարոն որոշեց ամուսնանալ։ Չէ որ Հուռիաթ էր և հարկավոր էր, որ իսկապես Սասունը Էրմենիստան դառնա։

Ամուսնանալ, բայց ու մ հետ։

Իշխանձորցի մի աղջիկ կար, անունը Մարթա։ Տեր Քաջի Ադամի մորաքրոջ աղջիկն էր։ Վաղուց էր Մորուքը սիրահարված Մարթային։ Մտքում դրել էր, որ երբ հրացանը գըրկից հանի, Մարթային գրկի հրացանի փոխարեն։

Ի՜նչ հարսանիք, ի՜նչ ճոխ պսակ։ Հայդուկին որտեղի՞ց միջոց և ժամանակ, որ յոթ սրինգ պայթեցնի հարսանիքի մեջ։

Եվ կաղնու տակից Մորուքն իր քայլերն ուղղեց դեպի Գելի։ Կանչեց Տեր-Քաջի Ադամին և ասաց.

Դու մի մորաքրոշ սիրուն աղջիկ ունես, Ադամ։ Ունեմ, ասաց Ադամը։

Հիմա որտե՞ղ է։

Սար է գնացել, Մորուք, հղեր։

Դու ինձնից փոքր ես, Ադամ, գնա Խզեր և տես թե Մարթան ո՞րտեղ է պառկած։

Բայց Մարթան նշանված է։

Օրորոցի վրա խազ եղե՞լ է։

Չէ։

Խոսկապ եղե՞լ է։

Չէ։

Դե ուրեմն գնա Խզեր և իմ խնդրանքը կատարիր։ Ադամը գնաց-եկավ՝ ասաց»

Պառկած է իր մոր ծոց։

Տեր-Քաջի Ադամը խոստացավ օգնել Մորուքին Մարթային փախցնելու։ Պայմանավորվեցին, որ Ադամը առավոտյան գնար և գիշերը հյուր լիներ իր մորաքրոջ քողտիկում։

Ինչպե՞ս իմանամ, որ դու տանն ես։

Եթե դռանը ավել տեսնես հենված պոչը ներքև՝ իմացիր, որ տանն եմ և համարձակ ներս մտիր։ Իսկ երբ պառկած տեղը մի անգամ հազամ՝ դու Մարթային փախցրու։

Հետևյալ երեկո Կարոն ոտքը թալեց զանգուն ու ձին քըշեց։

Միայն մի տեղ կանգ առավ։

Մի հսկա էր կանգնած ճամփին, մի աժդահա։ Կարոն նայեց նրան՝ սարսուռ զգաց։

Սրան չարքերն են հանել իմ դեմ, որ իմ վազքը դանդաղեցնի, ես ուշանամ։

է՜յ, աժդահա, շուտ ճամփա տուր, որ ես անցնեմ, ձեռքով արեց Կարոն հեռվից։

Հսկան խնդաց։

Ո՞վ ես դու, մարդ, ի՞նչ ուժի տեր։

Ես Կարոն եմ, Մորուք Կարոն։ Ընկերներս անսեր մեռան ազատության, սիրո կարոտ։ Ի՞նձ Էլ կուզես անսեր թողնել։

Հսկան լուռ էր, ամուր կանգնած։

Մեռնիմ քըզի յոթն անվան տեր սուրբ Կարապետ, բոռաց Կարոն, ձիուց իջավ, բռնեց սրան, ծալեց, կապեց, մի խուրձ արեց, տարավ դրեց ճամփի եզրին, նստեց վրան։

Հսկան տակից գոռաց անզոր»

Իմ կապերը քանդիր, մեռա։ Խնդաց Կարոն, մի կապ քանդեց։

էլի քանդիր, խնդրեց հսկան։ Կարոն քանդեց էլի մի կապ։.

Դու աստված ես, ասաց հսկան։

էլ չեմ քանդի, ասաց Կարոն ու էգ հսկա ազրաիլին էդպես կապված, կիսաքանդված ճանապարհի եզրին թողեց ու ձին քշեց։

Լուսաստղը չելած հասավ Իշխանձորի ամառանոցը Խըղերի վրա։ Զին քրտնել էր։ Փորակապը թուլացրեց, շփեց աչքերը, բաշից քաշեց և մի քանի պտույտ ման ածեց, որ քըրտինքը պաղի։

Մոտեցավ։

Տեսավ մի մեծ ծաղկավել հենված էր քողտիկի ղռանը և դուռն էլ կիսաբաց էր։

Մարթան պառկած էր մոր գրկում, մի թևը բարձի տակ, մյուսը՝ մոր կրծքին դրած։ Սասնա սարի հովն ու լուսնի շողքը խազում էին նրա ծամթելած վարսերի հետ։

Մայրը ոտնաձայն առավ, նայեց.

Ո՞վ է։

Մորուքն եմ, նանե, շեմքից կռանալով ասաց Կարոն։

Գիշերով հոս ի՞նչ գործ ունես։

Մարթայի համար եմ եկել։

Լուսանալուն չէի՞ր կարող սպասել։

Չկարողացա, նանե, մի հանգով եկա։ Ձին պաղում է լուսնի տակ։

Իմ աղջիկը նշանվում է ռեսի տղային։ Իզուր ես եկել, գելեցի։

Աշխարհի բոլոր ռեսերը, իրենց թագավորներն էլ հետը, որ հավաքվեն, չեն կարող Մարթային ինձնից խլել։ Իմ ուզածը մի աղջիկ է աշխարհից։

Ինչո՞վ պիտի պահես իմ աղջկան։

Իմ տաք շնչով։

Տաք շնչով աղջիկ չի պահվի։ Ռեսը հարստություն ունի, իսկ դու չունես։

Ես հիմա բոլոր ռեսերից հարուստ եմ, նանե, որովհետև բռնակալ սուլթանը ընկել է թախտից։ Ես ու Մարթան Սասունը մեր տաք սիրով ու սերնդով կլցնենք։

Դու հենց էս գիշերը պիտի գայի՞ր, այ ծուռ գելեցի։ Իմ քրոջ տղա Ադամը էսօր հյուր է մեզ մոտ։ Քնած է ղամեն գըլխի տակ, որ ելավ՝ քեզ փրկություն չկա։

Լսեց տղամարդու հազ։

Ադամի հազն է, շուտ հեռացիր։ Մենք ֆիդայու համար աղջիկ չունենք։ Ռեսի տանը շուտով յոթ շվի պիտի պայթի Մարթայիս հարսանիքին, ու ես պիտի պարեմ։

Թե պարելու ես, հիմա պարիր, նանե, ես Մարթային տարա, ասաց Կարոն և ակնթարթում գրկելով դրեց ձիու թամբին։

Ես ոչ ժամանակ ունեմ, ոչ միջոց՝ յոթ սրինգ պայթեցնելու հարսանիքի մեջ։

Ադամ, լաո, Մարթային տարան, ղամեդ քաշիր։ Հա՜յ, հո՜, հավար է, տարա՜ն, տարա՜ն։ Է՜յ, կովի մակարդ տալ֊ վորիկցիք, փրկեք Մարթայիս։ Իմ աղջկա պատիվը մի գդալի չափ է՞լ չկա, որ քնով եք ընկել, ճչաց իշխանձորցի կինը անկողնից վեր թովելով։

Ու հավար ընկավ Խղերի ամառանոցում, որ ֆիդայի Կարոն գիշերով փախցրել է ռեսի հարսին։

Ո՞ր կողմով փախավ, հարցրեց Տեր Քաջի Ադամը ղամեն ձեռքին դեպի շեմքը նետվելով։

Ա՜յ, էս կողմը, Կեպինի փեշերով դեպի Մրկեմոզան։

Ձիավո՞ր էր, թե՞ ոտավոր։

Ձիավոր էր։ Աղջկան շապկանց դրեց թամբին ու տարավ։ Իշխանձորցիք զինված ելան գելեցոց դեմ։ Հանդուգն ու քաջ էին իշխանձորցիք և անասելի թարս։

Նրանց մասին մի հայտնի խոսք կար, «Էն օրը, որ բուք ու բորան կեղեի, կնշանակի իշխնձորցին ելել է ճամփա»։

Ու Մարթայի համար կռիվ ընկավ Սասուն, քարեր գլորվեցին ու սար ու ձոր դղրդաց։

Վախեցավ Մարթան, ուզեց ետ գնալ, բայց զգույշ էր Կարոն։ Նա Մարթային կապեց մեջքին, որ չփախչի և մեն-մենակ մի ժայռի ետև մտած կռիվ տվեց իշխանձորցոց դեմ։

Մարթայի հայրը ճարահատյալ դիմեց Պոլիս՝ Հայոց պատրիարքարան։ Այնտեղ նրան ասացին. «Բռնեք Մորուքին և աղջկան ազատեք»։ Բայց ո՞վ կարող էր Մորուքին բռնել։ Նա մերթ Սխտոր քարումն էր, մերթ Անդոկի լանջերին, մերթ Ճանճիկի սարում և մերթ Բրիմոյի ցից ժայռերի վրա։ Միշտ զենքը ձեռքին և Մարթային մեջքին կապած։

Կառավարությունը պաշտպան կանգնեց ռեսին, և շատ մարդիկ բանտարկվեցին Գելի գյուղից։

Գործը հանձնվեց լուծելու Մշո առաջնորդարանին։

Փրկեք իմ աղջկան, ասաց մայրը լալահառաչ չոքելով Հեսու վարդապետի առաջ։

Աղջկադ որտեղի՞ց փախցրին, հարցրեց սրբազանը։

Իմ ծոցից։

Բա մի տղամարդ չկա՞ր տանը։

Տեր Քաջի Ադամը քնած էր անկյունում։ Մինչև նա զա֊ մեն քաշեց, ֆիդային թռավ սար։

Ես աղջկադ կանչել եմ խոստովանության։ Եթե աղջիկն ասի, «Այո, ես իմ կամքով եմ նրա հետ փախել»՝ ես անզոր եմ օրենքի և աստծո առաջ, իսկ եթե ասի. «Մորուքը ինձ բռնի է փա՛խցրել», ես աղջկան կվերադարձնեմ իր ծնողներին, ասաց Հեսու վարդապետը՝ իշխանձորցի կնոջը տուն ուղարկելով։

Տալվորիկում մի գյուղ կար, անունը Մազրա։ Վախենալով, որ Մարթան կասի, թե իրեն բռնի են փախցրել, Մորուքը նըրան տարավ Մազրա, ծեծեց մի ծանոթ դուռ և ասաց,

Իմ նշանածիս պահեք ձեզ մոտ, իսկ ձեր աղջկան մեկ օրով տվեք ինձ։

Կարոն Մարթային տվեց պահելու և տանտիրոջ աղջկան առնելով՝ ելավ դուրս։

Ետ դարձավ, բացեց դուռը և ասաց.

Լավ կպահեք Մարթայիս, թե չէ ձեր աղջկան կփախցընեմ։

Ու դուռը ծածկեց։

Ճանապարհին մազրեցի աղջկան սովորեցրեց, որ երբ իր կամքը hարցնեն, ինքը Մարթայի փոխարեն պատասխանի, որ իր հոժար կամքով է Մորուքին առել։ Հայրն ու մայրը բողո՛քավոր չեն։

Հիմա գնանք Մուշ, ասաց Կարոն։

Հիմա ուշ է, մնա առավոտ լույսով երթանք, աղջիկն ասաց։

Չէ, գիշերով երթանք։

Ինչու՞ գիշերով, չէ որ Հուռիաթ է։

Հուռիաթ է, բայց ես իմ զենքերը չեմ հանձնել, փախըստական եմ։

Ու գիշերով եկան Մուշ, Հեսու վարդապետի մոտ։

Ես իմ հոժար կամքով եմ Մորուքին առել, իմ հայրն ու մայրը բողոքավոր չեն, հայր սուրբ, ասաց մազրեցի աղջի՛կը առաջնորդարան մտնելով։

Աղջի, քեզ համար մի ամբողջ պատերազմ եղավ ու քիչ մնաց Սասունը ավերվեր, անունդ ի՞նչ է, հարցրեց Հեսու վարդապետը։

Մարթա։

Մորուքը քեզ որտեղի՞ց փախցրեց։

Իմ մոր ծոցից։

Բռնությա՞մբ։

Ինչի՞ բռնությամբ։ Բա էն ավելն ո՞վ էր դրել դրսի դռան շեմքին։

Իսկ ռեսի տղան ո՞վ է։

Իմ սիրածը Մորուքն է։ Ես ռեսի տղին ե՞րբ եմ սիրել։ Երբ աշխարհում քաջ հայդուկ կա, ռեսն ի՞նչ բան է։

Ապրես, զավակս։ Ձեռքդ դիր էս թղթի տակ։ Աղջիկը բթամատով թուղթը կնքեց։

Իսկ համերաշխ ապրելու կարգը գիտե՞ք։

Ինչու չէ։ Դուրան ճամփի վրա իրար կողք–կողքի կերթանք։ Նեղ կածան հանդիպեց՝ կերթանք իրար ետևից. Մորուքն առջևից, ես՝ ետևից։ Իրար չենք հրի։

Բարին ընդ ձեզ և օրհնյալ լինի ձեր սերը։ Հիմա ազատ ես, գնա։ Շատ ֆիդայիներ մեռան առանց ընտանեկան հարկի։ Էդ մեկ ֆիդային թող քեզ հետ բախտավորվի կյանքում։

Բարի գիշեր, հայր սուրբ, ասաց աղջիկը և Մորուքի հետ առաջնորդարանից դուրս եկավ։

Կարոն մազրեցի աղջկան տարավ հանձնեք իր ծնողներին և Մարթային առնելով բարձրացավ սար։

Առատ ցողը ադամանդներ էր թափել լեռնային ճոխ բուսականության վրա։ Մի տեղ նրանք սպիտակ շուշանները կոխելով անցան, մի ուրիշ տեղ կարմիր գինարբուքն ու աղբըրանց արյունը։ Մի երրորդ տեղ քայլեցին կապույտ ու դե՛ղին ծաղիկների գորգերի վբայով։ Մերթ կողք–կողքի ու մերթ իրար գրկած գնացին, ու մերթ իրար ետևից՝ նեղ ժայռերի միջով։

Հասան, նստեցին մի բարձր ժայռի։

Մարթան հաշտվել էր իր բախտի հետ և այլևս փորձ չէր անում ետ գնալու։

Այսպես ամուսնացան Մորուք Կարոն և Մարթան։ Բայց նրանք սարերից ցած չիջան։ Ճրագ վառեցին Սասնո լեռների վրա և ապրեցին այնտեղ մինչև 1915 թվականը։

Be the first who will comment on this

Other parts of "Ռանչպարների Կանչը"

Yatuk Music
The Resurrection Of Christ
George Gurdjieff

The Resurrection Of Christ

The uprising of the peasants of Haghpat in 1903
The uprising of the peasants of Haghpat in 1903
Play Online