Khachik Dashtens

Ռանչպարների Կանչը

9

ԻՆԳԼԻԶԻ ԹԱԳԱՎՈՐԻ ՆՎԵՐԸ

Հազիվ էի քայլ արել դեպի Գելու կողմերը, երբ շատ մոտիկից ձայներ հասան ականջիս։ Նայեցի՝ տեսնեմ մի փոքրիկ բազմություն էր ելնում լեռն ի վեր, իսկ գյուղի կողմից նորանոր մարդիկ էին շտապում ընդառաջ բացականչելով՝ Մոսե Իմոն է եկել։

Բազմության առջևից ընթանում էր իմ ծանոթ քեռի Երանոսի ջորին, վրան մի կին նստած, գրկին մի նորածին բարուրի մեջ։ Ջորու առջևից քայլում էին քեռի Երանոսը և Տեր Քաջի որդի Ադամը։ Ջորու ետևից քայլում էր մի լայնաթիկունք, կաղնու պես ամուր, հաղթանդամ տղամարդ, խոշոր քթով և պալթա բեղերով, սասունցու գդակը գլխին, ձեռքին կեռգլուխ գավազան և մեջքին մի սիրուն օրորոց։

Մոսե Իմոն էր։

Ետևից գալիս էին հանդապահներ, կանայք, երեխաներ։ Ինչքան ջորեպանը, Տեր Քաջի Ադամը և կողքի մարդիկ պնդում էին, որ տղամարդը օրորոցը դներ ջորու վրա կամ տար իրենց շալակելու՝ չէր համաձայնում։ Անգլիայից մինչև Սասնո լեռները, մինչև Գելի գյուղի սահմանը նա այդ օրորոցը բերել էր մեջքին կապած։ Նույնիսկ շոգենավի մեջ շատ քիչ անգամ էր իջեցրել շալակից, այն էլ այն միջոցին, երբ կինը խնդրել էր երեխային դնել մեջը և մի քիչ օրորել, որ քնի։

Բազում ուղևորների ուշադրությունն էր գրավել այդ օրորոցը, թե՛ ծովի վրա, և թե՛ ցամաքի։ Տարբեր ազգերի շատ ամուսիններ էին երազել այդպիսի չնաշխարհիկ օրորոց ունենալ իրենց նորածինների համար։ Բայց որտեղի՞ց։ Միայն գելեցի Մոսե Իմոյին և իր կնոջը՝ իշխանուհի Ալթունին էր բախտ վիճակվել այդպիսի օրորոց ունենալ աշխարհում։

Ո՞վ տվեց։

Որտե՞ղ են վաճառում այդպիսի օրորոց, ամեն լեզուներով, ճանապարհի ամեն քայլափոխին հարցնում էին մարդիկ, խռնվելով Մոսե Իմոյի շուրջ։ Բայց Իմոն Սասնա բարբառից բացի անգետ էր աշխարհի բոլոր լեզուներին և ամենքին իր գիտեցած լեզվով մի կարճ պատասխան էր տալիս։

Ինգլիզի թագավորը տվեց։

Շատերը «Ինգլիզ» բառից կռահում էին, որ դա անգլիական ապրանք է, կամ ոճից որոշում էին դրա հայրենիքը, իսկ երբ իմանում էին, որ թագավորական նվեր է, զարմացած իրար էին նայում, ոմանք այտերը պայթեցնելու չափ ուռեցնելով, ոմանք էլ հոնքերը վեր ու վար անելով հարցական նշանների պես, ոչ մի առնչություն չգտնելով թագավորի և իրենց մեջքի շուրջ շալե ծանր գոտիներ ոլորած այդ գեղջուկների միջև։

Իրողությունը սակայն այն էր, որ իսկապես այդ օրորոցը Անգլիայի թագավորն էր նվիրել Մոսե Իմոյին։

Իմոյի և նրա կնոջ վերադարձը ամենից շուտ իմացել էին սասունցի հանդապահներն ու նախրապահները։ Սրանք էլ իրենց հերթին լուրը հաղորդել էին համագյուղացիներին, ու կարճ միջոցում մեծ թվով մարդիկ էին շտապել գյուղից դուրս նրանց դիմավորելու։

Ջորին կանգ առավ։ Ջորեպան Երանոսը նստեց մի ցից քարի։ Նրա կողքին նստեց Տեր Քաջի Ադամը։ Կանգ առավ և Մոսե Իմոն, շալակը ձեռնափայտի հետ զգուշությամբ մի ժայռի իջեցնելով։ Նա ծանր շնչեց և կռանալով բրդյա տաբատի ճոթերը քաշեց մինչև ծնկները։ Մոսե Իմոն սովորաբար երկու շալվար էր հագնում, մեջքին ոլորելով հաստ գոտի, որովհետև, ըստ Իմոյի, առողջության տեսակետից կարևորը մարդու համար ոտքերն էին և մեջքը։

Ծխել էր ուզում։ Գոտու տակից հանեց ծխամորճը և քիսան։ Տեր Քաշի Աղամը ծխամորճը լցրեց և տվեց, որ Իմոն ծխի։

Իմոն քաշեց ու պատմեց։

1896 թվականին եվրոպական յոթ պետությունների հյուպատոսները Բիթլիսից գալիս են Սասուն քննելու հայկական կոտորածների չափերը և բողոք ներկայացնելու իրենց տերություններին սուլթանի վրա։ Օսմանյան կառավարողները ոսկով կաշառում են հյուպատոսներին և արձանագրությունները ոչնչացնում։ Տալվորիկի հայերը Գևորգ Չաուշի ն Անդրանիկի առաջարկով մի տոհմիկ սասունցու՝ Մոսե Իմոյին պատվիրակ են ուղարկում Եվրոպա, հայերին սուլթանի բռնապետություններից ազատելու խնդրանքով։ Մոսե Իմոյի հետ իբրև պատվիրակ Եվրոպա է գնում նաև նրա կինը՝ Ալթունը, որի մեջքի թանկարժեք գոտին սուլթանի մարդիկ հափշտակել էին նրա տոհմական սնդուկը ջարդելով։

Մոսե Իմոյին հանձնարարված էր եվրոպական յոթ խառալներից (պետություններից) կնքված երաշխավորագիր բերել, որ իրենք պատրաստակամ են օգնելու Սասնո ապստամբներին։ Իմոն և Ալթունը, սասունցու ավանդական տարազ հագած, մեծ դժվարություններով հասնում են Լոնդոն և ուղևորվում դեպի թագավորական պալատ։ սուլթան Համիդը, տեղեկանալով այդ մասին, շտապ Լոնդոն է ուղարկում երեք գործակալների, որ գողանան Մոսե Իմոյին և իր կնոջը, թույլ չտալով, որ նրանք հանդիպում ունենան Անգլիայի թագավորի հետ։

Գնացեք Մոսե Իմոյին բերեք՝ իր քաշով ոսկի տամ ձեզ, ասում է սուլթանը։

Գործակալները հագնում են անգլիացու շորեր և կառք նստելով շտապում են սասունցիներին որոնելու։ Տեսնում են պալթա բեղերով թխադեմ մի լեռնցի և մի իշխանուհի կին զարմանքով նայում են բազմահարկ շենքերին և դանդաղ շարժվում դեպի թագավորական պալատ։ Հագուստից որոշում են, որ դրանք են Սասունից եկած պատվիրակները։

Անգլերեն և ֆրանսերեն լեզուներով հարցնում են. ինչու՞ եք ոտքով ման գալիս, եկեք կառք նստեք, ձեզ տանենք պալատ, մեզ թագավորն է ձեր ետևից ուղարկել, ասում են սուլթանի մարդիկ և կառապանին աչքով են անում, որ կառքը մոտ քաշի։

Բայց Մոսե Իմոն հեշտությամբ խաբվող մարդ չէր։ Հոտ է քաշում նրանց մարմնից և տեսնում է, որ ծպտված թուրքեր են։

Գործակալներից մեկը ձեռքը գցում է նրա կնոջը, իսկ մյուս երկուսը ուզում են բռնել Իմոյին և նետել կառքի մեղ։ Մոսե Իմոն աբայի տակ զենք ուներ կապած։ Քաշում է մաուզերը և կրակում։ Մեկին սպանում է, իսկ մյուսին կոխում է գետին ու չոքում վրան։ Երրորդը լեղապատառ փախչում է Լոնդոնի փողոցներով։ Ոստիկանները սուլթանի գործակալներին ձերբա կալում են, իսկ Իմոյին և իր տիկնոջը առաջնորդում են արքունի գանձատուն։ Գանձատան պաշտոնյան կարծելով, թե Մոսե Իմոն և իր կինը ողորմության համար են եկել Անգլիա, մի բուռ ոսկի է լցնում Ալթունի գոգը։ Ալթունը հրում է պաշտոնյայի ձեռքը և ոսկիները նրա երեսին շպրտելով՝ գոչում է. Առ քեզ, խղճուկ, միայն իմ մեջքի գոտին, որ սուլթանի մարդիկ տարան, արժի քո ամբողջ ղազինան, քո Լոնդոնն էլ հետը։

Սասունցի պատվիրակներին առաջնորդում են պալատ։

Նստե՛ք, հիմա թագավորն ու թագուհին կգան, հասկացնում են նրանց։

Մոսե Իմոն և Ալթունը նստում են։

Քիչ հետո՝ բացվում է դուռը և թագավորը ներս է մտնում ձեռքերը թափ տալով։ Ետևից թագուհին է գալիս։ Մոսե Իմոն ոտքի ելնելով բռնում է թագավորի ձեռքը և համբուրում։ Ալթունն էլ թագուհու ձեռքն է համբուրում։ Կամենալով ստուգել, թե դրանք իսկապես սասունցի հայեր են, թագավորը նրանց ցույց է տալիս Սասունի 1896-ի կոտորածներին վերաբերող մի հողված, երեք տղամարդու լուսանկարով, ձեռքով ծածկելով նկարի տակ անգլերեն գրածը։

Սա Սերոբ Աղբյուրն է, իսկ սա մեր Կարմիր Ծառի Արմենակն է, բացականչում է Մոսե Իմոն։ Այդ բացականչությունից թագավորը հաստատորեն իմանում է, որ դրանք իրոք սասունցիներ են։

Ի՞նչ եք ուզում, հարցնում է թագավորը թարգմանի միջոցով։

Մենք պատվիրակ ենք Բիթլիսի նահանգի հայության կողմից, ասում է Մոսե Իմոն և սև աբայի տակից մի թուղթ հանելով, երկարում է Անգլիայի թագավորին։ Մենք քրիստոնյա ազգ ենք, արքա, ուզում ենք, որ ղուք և եվրոպական մյուս վեց քրիստոնյա խառալները օգնեք մեզ ազատագրվելու սուլթանի լծից։

Մոսե Իմոն և Ալթունը միառժամանակ ապրում են Լոնդոնում իբրև թագավորի հյուր։ Այդտեղ էլ նրանց ծնվում է մի դուստր։ Երեխային կնքում են Լոնդոնի հայկական եկեղեցում և, ի պատիվ Անգլիո թագուհու, անունը դնում են Վիկտորիա։ Թագավորը և թագուհին նրանց նվիրում են մի սիրուն օրորոց և մի կնքված թուղթ հանձնելով, բարի ճանապարհ են մաղթում Տարոնի հայության պատվիրակներին։ Մոսե Իմոն օրորոցը շալակելով և թագավորի թուղթը աբայի տակ պահած, Ալթունի հետ ուղևորվում է Սասուն։

Երբ Իմոն վերջացրեց իր պատմությունը, համագյուղացիներից մեկը ուրախացած գոչեց.

Իշալլահ, մեր յոթ վիլայեթների հարցը լուծված է։

Փեչատած թուղթը իմ ծոցի մեջ է, հաստատեց Իմոն, ծխամորճի կրակը բորբոքելով։ Ու ամեն կողմից հարցեր տեղացին.

Թագավորն ինչու նկարի տակի գրածը ձեռքով ծածկեց։

Որ չկարգամ։ Կըսես, թե Իմոն անգլերեն գիտի։

Թագավորի քյոշկը Լոնդոնի մե՞ջ էր, թե Լոնդոնից դուրս։

Յոթ փարսաղ հեռու էր քաղաքից։

Քեռի Իմո, թագավորի կնիկ սիրու՞ն էր, վրա բերեց մի երիտասարդ։

Վալլահ շատ խորոտ էր։ Անունը Վիկտորիա էր։

Քանի՞ անգամ պագեցիր թագավորի ձեռքը։

Մեկ անգամ։ էն էլ հայ ազգի խաթեր, թե չէ Իմոն տղամարդու ձեռք պագող չէր։

Չէ, մեր հողերի հարցը հաստատ լուծված է, գոչեց մի ծերունի և ինքն էլ իր չիբուխի կրակը բորբոքեց։

Մի հարց էլ ես տվեցի։

Քեռի Իմո, Անգլիո թագավորը գիտի՞, որ Բիթլիսի մեջ բանտ կա։

Վա՜յ, քու տունը սուքվի, ապա էս խոջա աշխարհքի տերը չգիտի՞, որ Բիթլիս քաղաք կա ու մեջն էլ բանտ կեղնի։

Սուլթանն ինչպե՞ս իմացավ, որ դու Անգլիա ես գնացել ու էդքան շուտ քո ետևից լրտեսներ ուղարկեց, լսվեց մի ձայն։

Հալբաթ նա էլ թագավոր է, նա էլ նազիր-վեզիրներ ունի։

Իսկ ինչպե՞ս եղավ, որ ձեր երեխան Լոնդոնի մեջ ծնվեց։

Եղավ էլի, դրան էլ կասեն ինչպես եղավ, ասաց Իմոն, շալվարի ճոթը իջեցնելով։

Ու ճանապարհի եզրին, ժայռերին նստած գյուղացիները սկսեցին բազմաթիվ թեր ու դեմ կարծիքներ հայտնել Մոսե Իմոյի դեպի Անգլիա կատարած պատմական ուղևորության մասին։ Մի փորձված ծերունի մեծ իմաստ վերագրեց Անգլիայի մեջ սասունցի երեխա ծնվելու փաստին։

Ջորին շարժվեց։

Մոսե Իմոն օրորոցը շալակին թափորով շարժվեց դեպի Գելի։

Տեր Քաշի Ադամը ինձ առանձին տեսնելով ասաց.

Վաղը Գելիում մեծ ժողով կա, ու ինձ իր կողքին առած՝ թափորի հետ մտանք Գելի։

ՄԵԾԵՐԻ ԺՈՂՈՎԸ

Ու ժողովի հավաքվեցին Սասնո նշանավոր մարդիկ, որ Մոսե Իմոյի բերած թագավորական թուղթը կարդան։

Անդոկ սարի տակից մի հորդ ջուր էր ժայթքում։ Անունը Պայթող Աղբյուր էր։ Պատմում էին, որ այդ աղբյուրի մեջ հրեղեն ձիեր կան, բայց ամեն մարդ չի արժանանում նրանց տեսնելու բախտին։ Նրանք երբեմն դուրս են թռչում ակունքից, դիտում են արևն ու աշխարհը և արագ սուզվում Անդոկի տակ։

Մոսե Իմոն իր տունը Պայթող Աղբյուրի մոտ էր շինել, որ հրեղեն ձիերին տեսնի։

Սասնո մեծերը այդտեղ հավաքվեցին ժողովի։ Եկողը իրեն հարմար մի դիրք գրավեց Անդոկի թեք սարալանջին՝ Մոսե Իմոյի տան առաջ։ Եկան շատ անվանի իշխաններ Տալվորիկից և հարևան գավառակներից։ Եվ արժե, որ նրանք հիշվեն

սերնդե-սերունդ։

Նախ թող հիշվի Անդոկի ժայթքող աղբյուրը Գելի գյուղում իր հրեղեն ձիերով։ Եվ թող հիշվի Մոսե Իմոյի բերդանման տունը, շինված այդ աղբյուրի ակունքի մոտ, դուռը դեպի արևելակողմ։

Եվ թող հիշվեն Գևորգ Չաուշն ու Շապինանդը, որ գումարեցին այդ պատմական ժողովը Գելի գյուղում։ Եկավ Սպաղանաց իշխան Մակարը, տեղ գրավելով Անդրանիկի և Գևորգ Չաուշի կողքին։ Եվ թող հիշվի երկաթագործ Համզեն՝ անվանի դարբինը Տալվորիկի։ Հայտնվեց Հլողինքի մեծ տանուտեր Կիրո Օսմանը, որ սպանել էր Սելիմ բեկին «Գյալի» կռվում։ Թող նա էլ պայծառ հիշվի։ Եվ Հլողինքի ռեսը եկավ՝ վառված ծխամորճը բերանին և բեղերը մինչև ականջները ոլորած։ Եվ թող հիշվի ռես Թաթարը Տալվորիկի Վերին թաղից, որ բախշիշի փոխարեն օձի ձագ էր դրել Քոռ Սլոյի գրպանը։ Եվ Տալվորիկի բոլոր թաղերի ռեսերը եկան իշխանական մազոտ աբաներով, իրենց մեջտեղ առնելով մեծահամբավ ռեսին։

Եվ Գելի գյուղի Դհոլ թաղի ռեսը եկավ, որ իր չիբուխը վերցնելով այլայլված թխկթխկացրել էր Խալիլ աղայի արյունոտ գլխին՝ բացականչելով.

... ուտեիր, լավ չէ՞՚ր։

Եվ եկավ խութեցի Միրոն ջրաղացպան, որ անդունդից հանել էր լեռնային հեղեղից քշված ջրաղացքարը։

Նրան էլ բարի հիշենք։

Եվ ջրտուքվար Ֆադեն եկավ Խտանա Կածից, թիակը ուսին և ոտքերը քշտած, որ օգնել էր ջրաղացպան Միրոյին տապալված քարը իր հիմքին բարձրացնելու։

նրան էլ հիշենք։ Միշտ բարի հիշենք։

Եվ վերջապես հիշվեն թող բոլոր այն անվանի և անանուն մարդիկ Սասնո աշխարհի, որ ներկա եղան այդ հավաքին և որոնց անունները մոռացանք հիշել։

Եկան ու նստեցին Մոսե Իմոյի բերդանման տան առաջ, իրենց աշխարհագրական դիրքով ու տարազներով, խութեցիք՝ արևելքում, մոտկանցիք՝ հարավ-արևելքում, խարզանցիք՝ հարավում, տալվորիկցիք՝ արևմուտքում, բսանցիք՝ սրանց հարևանությամբ, Խուլբ-Խիանքի ռեսերը՝ հարավ-արևմուտքում, շատախցիք՝ հյուսիսում և բուն սասունցիք՝ կենտրոնում։

Եվ երբ ամենքը բազմած էին իրենց քարե գահերին, երեվաց Մոսե Իմոն։

Իմոն երկու աստված ուներ, մեկը Պայթող արբյուրն էր իր տան կողքին, իսկ մյուսը՝ անտեսանելի աստվածն էր վերևում։ Իմոն եկավ բարձրահասակ, ծխամորճը ձեռքին։ Մի պահ կանգնեց իր բերդանման տան առաջ, հաղթական նայեց բոլորին, գլխով բարև տվեց, բարև առավ, ծխոմորճը վառեց և թավ բեղերը ոլորելով, գնաց նստեց աղբյուրի եզրին, մեջքը Անդոկ սարին հենած։

Ու երբ իշխանները լռեցին, նա բարձրացավ իր քարե գահից, ձեռքը սև աբայի տակով տարավ դեպի մեջքի նախշուն գոտին։ Գոտու տակից հանեց խնամքով ծալված մի ոսկեզօծ ծրար, ծալքը բացեց և ի տես ամենքի, բարձրացրեց վեր։ Ու բոլորը տեսան Եվրոպայի մեծ խառալի թուղթը, որ կնքված էր մեղրամոմով։ Ոմանք իրենց աչքերին չհավատալով, մոտեցան, ստուգեցին ծրարնոցն ու կնիքը ու ետ գնալով նստեցին իրենց գահերին, հանգած ծխամորճերը հուզմունքից դատարկելով ու նորից բորբոքելով։ Վերջին մոտեցողը ջրաղացպան Միրոն էր, որ ալրոտ ձեռքը քսեց ծրարին։

Էդ ի՞նչ արիր, Միրո, չես տեսնում, որ թագավորական թուղթ է, նեղացավ Մոսե Իմոն, ծրարը թափ տալով որ ալրափոշին մաքրի։

Աշխարհքի բոլոր թագավորները թող ղուրբան էղնին իմ էս ալրոտ ձեռքին, ասաց խութեցի Միրոն, հպարտ բազմելով իր գահի վրա։

Ու մինչ մկրատ բերելու մասին կմտածեին, Գևորգ Չաուշը առաջարկեց սրով քանդել կնիքը և առաջանալով դաշույնով լուծեց աչն։ Պահնակի միջից դուրս եկավ Ինգլիզի թագավորի ոսկեգիր թուղթը։ ճակատին դրոշմված էր անգլիական առյուծ, իսկ աջ կողմում Արարատ լեռն էր, տակին Սերոբ Աղբյուրի նկարը, ինչպես ես նրան տեսել էի Նեմրութի լանջերին։

ներքևում մի շատ հակիրճ գրություն կար՝ նախ անգլերեն, ապա հայերեն լեզվով։

Բայց ո՞վ պիտի կարդար այդ մեծապատիվ գիրը։ Տեր Քաշը սպանված էր, իսկ Ստեփանոս վարդապետը բացակա էր ժողովից։

Սասնո մեծերը պահանջեցին, որ Անդրանիկը կամ Գևորգ Չաուշը կարդան։

Այս փոքրիկ տղան թող կարդա, լսվեց «ղոնդաղչի» Անդրանիկի ձայնը։

Ու թեպետ կարդացողներ կային, բայց այդ նամակը կարդալու պատիվն ինձ վիճակվեց։ Մոսե Իմոն թուղթը երկու ձեռքով զգուշությամբ պահեց կրծքի վրա ու ես առաջ գալով՝ բարձրաձայն կարդացի.

«Պատվական իշխաններ Սասունի։ Ձեր պատվիրակ Մոսե Իմոն իր իշխանուհի տիկնոջ հետ ժամանեց Լոնդոն սուլթանի բռնակալությունից քրիստոնյա հայերիդ ազատագրելու խնդրանքով։ Մի մոռացեք սակայն, որ ես քրիստոնյաներից բացի, թագավոր եմ նաև միլիոնավոր մահմեդականների։ Բիթլիսի մեջ մենք հյուպատոս ունենք՝ դիմեցեք նրան։

Թագավոր Անգլիո»։

Սասնո իշխանները զարմացած իրար նայեցին։ Ապա բոլորը դարձան և նայեցին Գևորգ Չաուշին ու Անդրանիկին։

Ինգլիզի թագավորի նամակը սառը ջուր լցրեց նրանց վրա։ Նույնիսկ Մոսե Իմոն, որ մեծ հույսեր էր կապել այդ կնքված նամակի հետ և կարծում էր, թե Սասնո ազատագրությունը իր գոտու ծալքերի մեջ էր պահված, սև աբայի տակ թուղթը ոլորելով, հուսահատ նստեց իր ժայռի վրա, գլուխը կախած Պայթող աղբյուրի ջրերին։

Ուրեմն իզուր անցավ իր և իշխանուհի Ալթունի ուղևորությունը դեպի Եվրոպա։ Իզուր քրիստոնեական երկյուղածությամբ համբուրեց Ինգլիզի թագավորի ձեռքը։

Ինգլիզից ու ֆրանկից մըզի օգուտ չկա, ամփոփեց երկաթագործ Համզեն և առաջարկեց հարձակվել Բիթլիսի վրա և բոլոր հյուպատոսներին, այդ թվում և անգլիական հյուպատոսին, գերի վերցնել։ Միայն այդ պարագային Եվրոպան լրջորեն կհետաքրքրվեր հայ ժողովրդի վիճակով և Սասունը կազատագրեր սուլթանի բռնակալությունից։

Տալվորիկի գրեթե բոլոր իշխանները հավանություն տվեցին դարբին Համզեի հանդուգն առաջարկին։

Հենց վաղը շարժվենք, առաջարկեց Հլողինքի մեծ տանուտերը։

Վաղը ուշ կլինի, պնդեց իշխան Թաթարը։ Հիմա քայլենք հյուպատոսների վրա։

Ոչ, ասաց Անդրանիկը ոտքի կանգնելով։ Ես դեմ եմ հյուպատոսների վրա հարձակվելուն, բայց կողմ եմ զինված ապստամբության։ Մի քանի իշխաններ մեզանից եվրոպական խառալների կողմից կնքված պարտավորագիր պահանջեցին։ Մենք Մոսե Իմոյին պատվիրակ ուղարկեցինք Եվրոպա այդ պարտավորագիրը բերելու։ Դուք ձեր ականջով լսեցիք, թե ինչ էր գրված Եվրոպայի ամենամեծ խառալից՝ Ինգլիզի թագավորից բերված թղթի մեջ։ Այնքան հուսահատ դարձավ Մոսե Իմոն իր բերած թղթից, որ գլուխը կախել է Անդոկի ջրերին և այնտեղից է կարծես օգնություն խնդրում։

Ոչ մի թագավոր մեզ փրկություն չի տա, շարունակեց Շապինանդը։ Սուլթանը մեր հորեղբոր տղան չէ, ոչ էլ Անգլիո թագավորն է մեր խնամին։ Մոսե Իմոյից շատ առաջ մեր կաթողիկոս Խրիմյան Հայրիկն է գնացել Եվրոպա հայերի համար ազատություն բերելու։ Գնացի Եվրոպա, ասում է Խրիմյանը, և ինչ տեսա այնտեղ։ Բեռլինի մեջ դրված էր մի մեծ պղինձ՝ մեջը հարիսա։ Զանազան ազգերի պատվիրակներ եկած էին երկաթե շերեփներով և հարիսայեն կվերցնեին ու կերթային։ Բուլղարը, սերբը, ղարադաղցին, ամենքն ալ առին իրենց բաժինը։ Կարգը եկավ մեզի՝ հայերուս։ Ես ալ իմ կարգին ձեռքիս աղերսագիրը ցույց տալով, խնդրեցի, որ ամանիս մեջ հարիսա լցնեն։ Կաթսայի գլուխը սպասող մեծավորները ինձի հարցուցին ու՞ր է քու շերեփդ։ Ճիշտ է, որ հոս հարիսա կբաժնվի, բայց շերեփ չունեցողը չի կրնար մոտենալ անոր։ Այս ալ իմացիր, որ եթե մոտ ատենքս այս հարիսան կրկին բաժնվի, առանց շերեփի չգաս, որովհետև կրկին պարապ ետ կդառնաս։

Եվրոպա չեն պարապ ետ դարձավ նաև մեր պատվիրակ Մոսե Իմոն, որովհետև ձեռքին երկաթե շերեփ չկար։

Ուրեմն ո՞րն է ելքը, Սասունի իշխաններ։ Զինվել այժմ մեր միակ ելքը այդ է։ Մենք պետք է շինենք մեր երկաթե շերեփը, որ իրավունք ունենանք ընդհանուր կաթսային մոտենալու։ Ձեզանից ոմանք, մանավանդ ալիանցիք և շենիկցիների մի մասը, նաև մի քանի սեմալցիներ դեմ են զինվելուն, դեմ են երկաթե շերեփին։ Սեմալի մեչ կա երկու խումբ, ռես Մանուկի (Մնոյի) խումբ, որ զինաթափության կողմ է, և տերտերի խումբ, որ դեմ է զինաթափության։

Մի գիշեր, շարունակեց Անդրանիկը, ես Տաղվրնիկից գնացել էի Շենիք։ Ալիանցիք և շենիկցիները գիշերով գաղտնի մտան իմ կացարանը և մեր զենքերը հավաքեցին։ Եվ ես Շենիքից Սեմալ գնացի իմ յոթ հոգիանոց զինաթափված խմբով։ Ալիանցիք և շենիկցիները վախենում էին, թե ես կարող եմ զինվել և շարժվել իրենց վրա, իսկ ես Սեմալից դուրբինն աչքերիս դրած, տագնապով նայում էի Շենիքի կողմը, կասկածելով, թե նրանք են պատրաստվում ինձ վրա հարձակվելու։ Իմ կասկածը ճշտվեց։ Շուտով լուր առա, որ շենիքցիները և ալիանցիք իսկապես որոշել են քայլել Սեմալի վրա։ Տեղացիներից մի քանի զենք առնելով, ես Սեմալից մեկնեցի Գելի, որ եղբայրասպան կռվի պատճառ չդառնամ։

Այժմ այստեղ եմ։

Ես իմ կյանքը Սասունում սկսեցի հրացանի կոթեր նորոգելով և փակաղակներ պատրաստելով։ Մի քանի շաբաթ էլ հովիվ եմ եղել Մուրո Օհանի տանը։ Դու ասա, Օհան, ձեր ոչխարն ո՞վ էր պահում, հարցրեց Անդրանիկը, շուռ գալով դեպի թիկունքում նստած սասունցին։

Անթուան փաշան, պատասխանեց Օհանը, բեղերը հպարտությամբ ոլորելով։

Ես փաշա չեմ, ասաց Շապինանդը։ Ահա իմ ապրած «պալատները». աղբեցի ռես Խեչոյի գոմ, Ղարիպշան՝ Ավոյի գոմ, Տաղվրնիկ՝ Չատոյի գոմ, Դաշտոք՝ սեմալցի Մարգարի գոմ։ Եվ դարձյալ ուրիշ գոմեր ու մարագներ։ Եվ ի՞նչ էր մեր կերած հացը՝ ցամաք կորեկ ու գլգըլ։ Սա էլ վերջացավ։

Սենոյի գոմի չորս կողմը փորեցինք, գտանք մի կարաս՝ մեջը ժաժիկ։ Երկու օր հիսուներեք հոգով էդ ժաժիկով ապրեցինք։ Սուլթանի մարդիկ իմ տեղն իմացան. ուզեցին բռնել։ Սեմալցիները իմ վրա հովվի կոլլափ գցեցին և ես ոչխարի հոտին խառնվելով, չորեքթաթ իջա ձորը։ Այդպիսի մարդու՞ն եք ասում փաշա։ Փաշան կպառկի՞ ավազների մեջ։ Իսկ ես ձեր բոլոր ձորերի ավազներին պառկել եմ։ Ոչ, ես փաշա չեմ։ Ես մի հասարակ զինվոր եմ, որ եկել եմ Սասուն և ուզում եմ, որ դուք բոլորդ լինեք Գևորգ Չաուշ, լինեք Սպաղանաց Մակար և Գալե։ Մի կեղեքիչ Խալիլ աղա է սպանված և մի մատնիչ Ավե։ Բայց գահի վրա ահեղ սուլթան կա։ Քանի դեռ Աբդուլ Համիդը նստած է Յըլդըզ քյոշկում, զինաթափության կողմնակիցը մեր թշնամին է։ Մեր միակ փրկությունը երկաթե շերեփի մեջ է։ Մենք պետք է զինվենք և, մեր երկրի բոլոր ճնշված ազգերի հետ ոտքի ելնելով, տապալենք բռնակալ սուլթանին։ Հայերը այս աշխարհի հարիսայից բաժին ունենալու ուրիշ միջոց չունեն։

Անդրանիկը խոսում էր բարձրաձայն, ջղագրգիռ, ձեռքերի շարժումներով, այնպես որ Մուրո տան Օհանը գլուխը միշտ ետ էր քաշում, որ զերծ մնա նրա արմունկի հարվածներից։ «Ղոնդաղչին» մերթ մոտիկ նստած Տալվորիկի մեծավորների վրա էր սևեռում հայացքը, մերթ ամենահեռուն նստած Խուլբ-Խիանքի և Բսանաց իշխանների։

Այս իշխանական ժողովը, որ մենք հրավիրեցինք Ինգլիզի թագավորի նամակին ծանոթանալու, թող պատմական ժողով դառնա զինվելու համար։ Նորից եմ կրկնում, մեր միակ փրկությունը երկաթե շերեփի մեջ է, կրակոտ նայվածքը Անդոկի գագաթին ուղղելով և արագ իջեցնելով Խութ-Բռնաշենի և Մոտկանի իշխանների վրա, իր խոսքը ավարտեց Շապինանդը։

Be the first who will comment on this

Other parts of "Ռանչպարների Կանչը"

Yatuk Music
Masquerade - Waltz
Aram Khachatryan

Masquerade - Waltz

The uprising of the peasants of Haghpat in 1903
The uprising of the peasants of Haghpat in 1903
Play Online