Khachik Dashtens

Ռանչպարների Կանչը

29

ՏՂՄՈԻՏ

Խոյից դեպի արևելք մի բարձր լեռ կա։ Գաղթականութւունը տեղավորված էր Սեյդավարի և Խոյ քաղաքի միջև, ձգվելով մինչև այդ լեռան ստորոտը։

Բլուրներից մեկը, որ իշխում էր դեպի հյուսիս տարածվող դաշտին, Վարդանաց անունն էր կրում։ Նրա վրա կանգնած էր մի անպաճույճ մատուռ և կողքից դանդաղ հոսում էր Տղմուտ գետը։ Մեր հեծելազորը դաշտով գնաց և կարմիր մարգարտածաղիկների միջով դուրս եկավ այդ մատուռի տակ։ Այդ այն նվիրական վայրն էր, որի վրա ես և Մշեցի Տիգրանը մոմեր էինք վառել տարիներ առաջ։

Մենք գտնվում ենք Շավարշյան դաշտում, զորքին դիմելով ասացի ես։ Ահա քաջն Վարդանի գերեզմանը և ահա այն կարմիր ծաղիկները, որ ամեն գարնան բացվում են մեր հերոսների նահատակության վայրում, նրանց կարմիր արյունով ներկված։ Իմացեք, իմ քաջեր, հայրենիքին դուք կարող եք օգտակար լինել հերոսաբար կռվելով Տղմուտի ափին, ինչպես որ կռվեցիք Սեյդավարում և Խոյի պարիսպների տակ։

Խոսքս վերջացրի թե չէ, Անդրանիկը իմ ճակատը համբուրեց և այդ համբույրը զինվորից–զինվոր փոխանցվեց խոր լռության մեջ։

Ապա խոսեց զորավարը։

Իմ առյուծ քաջեր, ասաց նա, չընկճվեք թշնամու գերակշիռ ուժերի առջև։ Միշտ էլ մեր թշնամին շատ է եղել, իսկ մենք՝ քիչ։ Մենք նպատակին ձգտում ենք ոգեկան ուժերի լարումով, իսկ մեր թշնամին՝ աճելով։ Այդ թշնամին անչափելիորեն նենգ է և անհունորեն անգութ։ Նա ձի չի նըստում ասպետական սխրանք կատարելու խանդով, այլ իր մարմինը փոխադրելու պահանջից։ Մի վայրկյանում նա ավելի Է ստրկանում, քան սասունցի հայը տարիների, դարերի ընթացքում։ Նա կարճահուշ է, ուստի և ապերախտ։ Այս կռվում ձեզ հետ է Տարոնի առյուծ զորավար Մախլուտոն։ Պատերազմներում տարած իմ հաղթանակների մեծ մասը ես պարտական եմ նրան։ Ձեզ Հետ են Հեծելազորի հրամանատար Սարդիս Ճեպեճին և հին հայդուկ Գևոն։ Ձեզ հետ են գումարտակի հրամանատար Բոնապարտը և Սեյդավարի հերոս հիսնապետ Թորգոմը։ Ձեզ հետ են մեր անվեհեր հայրուրապեներ Սմբուլ Արշակը, Շահկա Արոն և հիսնապետ Ճիրոն։ Ձեզ հետ է մեր բանակի աննման երգիչ Ալադին Միսակը։ Ձեզ հետ են խնուսցի Փիլոսը և Պուճուր Աբրոն։ Եվ վերջապես, ձեզ հետ է Ավարայրի հերոսների անընկճելի կամքը և նրանց անմահ ոգին։ Գիտցեք, որ թշնամին շինված է նույն նյութից, ինչ–որ մենք, բայց կռվում կհաղթի ավելի համարձակը, ավելի տոկունը և երկաթե կամք ունեցողը։ Նա, որ երդվել է հաղթել, բայց ոչ երբեք խորհել պարտության մասին։ Մենք հարկադրական նահանջներ արել ենք, բայց արդար կռվի մեջ թշնամին դեռ երբեք չի տեսել մեր թիկունքը։ Երաշխավորեք ինձ ձեր պատվի փառքով, որ այսուհետև էլ նրան չի հաջողվի մեր թիկունքը տեսնել։ Եթե վստահ չեք ձեր ուժերին, ապա կաղաչեմ, բարձրացրեք ինձ ձեր սվինների վրա և տարեք ա՜յ այնտեղ, ուր հավիտենական քնով հանգչում է Ավարայրի հերոսը և կենդանի թաղկ ինձ նրա կողքին, քան ճակատը լքելով անարգեք մեր քաջարի նախնիների սրբատեղին։

Ոչ, փաշա, մեր զորամասում վախկոտներ չկան։ Մենք պատրաստ ենք ձեզ հետ հաղթել կամ մեռնել Շավարշյան դաշտում, գոչեցին մարտիկները միաբերան։

Ուրեմն ձեր հայացքն ուղղեցեք դեպի այն բլուրը, որ մատնացույց արավ զորավար Մախլուտոն, և ծնկի գալով Մամիկոնյան մեծ նահատակի աճյունի առաջ, երգվեցեք, որ Ավարայրի այս երկրորդ ճակատամարտում պատերազմի դաշտ լքողը առաջինը մենք չենք լինի։

Եվ Շապինանդը սուրը պատյանից հանելով իր նժույգի առաջ ծունկի իջավ։ Նրա ետևից մենք իջանք և մեր ամբողջ գունդը՝ ձիերի սանձերից բռնած։

Թշնամին, որ Խոյի պարիսպներից դուրս հարվածի տակ էր առել գաղթականների առաջին շարքերը, խուճապահար փախուստի դիմեց։ Սակայն զգաստացած՝ մերկացած սրերով գլուխը շուռ տվեց դեպի մեր կողմը։

Ու Տղմուտ գետի առաջ, Վարդանաց բլուրի և դաշտի մեջտեղ, սկսվեց ամեհի սրամարտ։ Հեծյալ ու հետևակ խառնվեցին իրար։ Սրեր էին, որ ճայթում էին և կայծակների պես իրար բախվելով թնդացնում էին օդը, Կռիվը ծավալվեց Վարդանաց բլուրի կամուրջի շուրջ, որ իշխում էր դեպի Սալմաստ երկարող ճանապարհին։

Անսպասելի հայտնվելով կռվի մեջ էր նետվել սասունցի հայդուկների գունդը՝ Փեթարա Մանուկի գլխավորությամբ։ Հայդուկուհի Սոսեի կոչով կռվի մեջ նետվեցին նաև գաղթական տղամարդիկ և զինվորի զգեստ հագած կանայք, ով ինչով կարող էր Մոսե Իմոն, Տալվորիկցի Ֆադեն՝ բահը ձեռքին և թաղիքն ու կարպետը մեջքին կապած, բռնաշենցի Ծաղիկ Համբարձումը, Մորուքի եղբայր Օհանը, երկանք ու գերանդի շալակած գյուղացիները, դհոլ գրկած խութեցին, երկար թարթիչներով ասավածամոր պատկերը մինչև Ավարայրի դաշտը բերած ալաշկերտցին, Մարթան, Աղջնա Վահանի կինը, Լոլան, Յադիգամը, ինքը Սոսե մայրիկը և բազում ուրիշներ։

Իմ գումարտակի և Փիլոսի ու Շավարշի ձիավորները կըռիվը տեղափոխել էին հռչակավոր մատուռի շուրջը։

Գլուխդ ձախ թեքիր, Փիլոս։ Հարյուրապետ Արո, առաջըդ անդունդ է, զգու՜յշ։ Աֆերիմ, Ճիրո, ա՜խ, ինչպես է շանթում ձիու բաշը մտած։ Այդպե՜ս, այդպե՜ս, այդպե՜ս։ Երկրորդ հարվածդ շեղ գնաց, Մորուք։ Օհա՛ն, աչքդ ծածկիր, վըրադ սուր է գալիս։ Ժայռին հենվիր, Ախո, բազուկդ հոգնեց։ Շտապիր, Չոլո, Փեթարա Իսրոն նեղ տեղ է ընկած։ Իսկ Պետոն ու՞ր է, Ուժգնորե՜ն, ուժգնորե՜ն, ուժգնորե՜ն։

Այսպիսի խոսքերով Շապինանդը քաջալերում էր կռվողներին, սուրը ձեռքին շանթելով և արծվի պես թռչելով ռազմադաշտի մի ժայռից մյուսը, մերթ Խոյի կիրճով գետափն Ի վեր վազելով, մերթ հայտնվելով ձախակողմյան բլուրի վրրա, մերթ հարյուրապետներ Ճեպեճի Սարգսի, Սմբուլ Արշակի և Բոնապարտի թիկունքին կանգնելով։

Եվ կռվում էին զորք ու զորական՝ Ֆրանկ–Նորշենցին, և՛ հիսնապետ Ճիրոն, և՛ Ալադին Միսակը, և՛ Աղջնա Վահանը, և՛ Պուճուր Աբրոն։

Եվ Տեր Քաջի Ադամն էր կռվում։ Եվ Հաջի Գևոն եվ Հիսնապետ Թորգոմը։ Եվ Կուրավա Շմոն։

Տղմուտը նորից ծածկվեց թշնամու դիակներով։ Մեզնից էլ շատ երևելի քաշեր ընկան և այդ քաշերից մեկն էր հարյուրապետ Շահկա Արոն։

Տղմուտի թրամարտից շատերը խելագարվեցին։ Սրերի շաչ ու շառաչից և մարդկային գոռում-գոչումից դողում էր երկինքն ու երկիր։ Շատ զինվորներ այդ ժխորից ցնորված սկսեցին պատառոտել իրենց հանդերձանքը, գլխի մազերը փետել, ծիծաղել, հռհռալ և խելակորույս վազել ռազմադաշտով։

Ու հանկարծ երկու կողմերն էլ բռնեցին նահանջի ուղին. թշնամին դեպի հարավ, հայերը՝ դեպի Արաքս։

Անդրանիկը զգալով, որ հակառակորդը ձգտում է Ջուլֆայի կամուրջը գրավել և խափան ել զորքի ու ժողովրդի անցումը Արաքսից, մի քանի հարյուրակ առած շտապեց Ջուֆայի կամուրջը պաշտպանելու։

Ես միայնակ մնացի Խոյի մոտ իմ մի բուռ տարոնցի քաշերով։ Իմ սուրը հոգնեց, փամփուշտը վերշացավ և ձիս խըփվեց։ Այդ ժամանակ մոտ վազեց իմ քաջարի հեծյալներից մեկը և տեսնելով, որ ես շրջապատման մեջ եմ, վայր թռավ թամբից և իր ձին առաջարկելով ինձ՝ ասաց.

Հեծիր իմ ձին և ազատիր քեզ։ Եթե ես կորա, մի մարդ կկորի, իսկ եթե դու կորար՝ բանակը կկորի։

Նայեցի տեսնեմ՝ մշեցի Ճիրոն էր, մեր խիզախ հիսնապետը։

Մերժեցի վերցնել։

Ճիրոն տասնոցը քաշելով սպառնալի դեմ տվեց կրծքիս.

Հեծիր և հասիր Անդրանիկին, այլապես ինքս կսպանեմ քեզ։

Իսկ դու՞։

Հոգ չէ, թե ես մնամ ու մեռնեմ, հեծիր իմ ձին և շտապիր զորավարի ետևից։

Ես հեծա Ճիրոյի ձին։

Ռազմադաշտը արագ դատարկվում էր և ամայանում կըրվողներից։ Ավարայրը ծածկված էր դիակներով, ծանր տնքացող վիրավորներով և վրնջացող ձիերով։ Տեղ–տեղ հատուկենտ հերոսներ դեռ շարունակում էին կռվել։

Հազիվ էի մի քանի քայլաչափ հեռացել, երբ երեք զինված ասկյար պաշարեցին ինձ, կամենալով գերի վերցնել։ Նըրանք այնքան մոտեցան, որ ձեռք գցեցին նժույգիս սանձին, ստիպելով զենքը հանձնել և վայր իջնել թամբից։

Ես ակնթարթում ձեռքիս տասնոցը թափով նետեցի ձիուս ոտքերի առաջ։ Երեքն էլ, ինչպես ենթադրում էի, իրար հրելով վազեցին տիրանալու զենքին։ Ես արագությամբ իմ թուրը քաշելով, երեքին էլ սրախողխող արի։

Բայց ի՞նչ եղավ Ճիրոն։ Մի սև աբավոր երիտասարդ կարմիր բլուրի մատուռի մոտ դիրք մտած մեն–մենակ կռվում էր թշնամու դեմ։ Դիտակով նայեցի՝ Ճիրոն էր։ Որքան աչքս կտրեց, ես տեսա նրան սև աբան հագին այդ դիրքում հերոսաբար կռվելիս։ վերջին գնդակը նա ուղղեց իր ճակատին և ընկավ Վարդանի մատուռի տակ։

Վշտից փակեցի աչքերս, որ ետ դառնամ, բայց հանկարծ մի սրտակեղեք երգի ձայն դիպավ ականջիս։ Ծանր վիրավորների մեջ Տղմուտի ափին ընկել էր նաև Ալադին Միսակը։

Երգողը նա էր։

Քիչ անց նրա երգը լռեց։

Այդպես երգելով էլ նա մեռավ։ Տղմուտի ծանծաղներում վերջացան Ալադին Միսակի երգերը, այն հրաշալի երգերը, որոնց շնչի տակ կաղապարվել էր իմ հայդուկային մանուկ հոգին, իմ սերնդի հոգին։

ՆԱՀԱՆՋ ԵՎ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ

Մեր մնացյալ ամբողջ զորքն ու գաղթականությունը հավաքվեց Ջուլֆայի գլխին։ Այդտեղ դարձյալ կռիվներ եղան և տիֆ ընկավ զորքի ու ժողովրդի մեջ։

Ջուլֆայից եկանք Աղա։ Աղայում փաշան ասաց,

Գնա Նախիջևանի սարը դիրք բռնիր։ Նահանջ չտաս՝ ես հիմա կգամ։ Փոքրիկ մի զորք առա ու գնացի իր ցույց աղած սարը։ Նախիջևանի գլուխը դիրք բռնած սպասում եմ։ Տեսնեմ մի քանի բեկեր Շահթախտիի կողմից օսմանցու մեծ բանակ առած գալիս են ինձ վրա։ Անդրանիկը ուշացավ։ Տեսա, որ պաշարվում եմ, զորքը ետ քաշեցի դիմացի սարը։

Իմ գնալուց հետո փաշան դալիս է։ Իմանալով, որ նահանջ եմ տվել, նեղանում է վրաս և մենակ կռվելով օսմանցու դեմ, մութին հարկադրված զորքը ետ է քաշում։

Եկանք Աբրակունիս։

Ընդարձակ այգիներով շրջապատված գյուղ էր։ Զինվորներին տեղավորեց այգիների մեջ, իսկ հրամանատարներին տարավ վանք։

Այդտեղ Շապինանդն ասաց. «Ես էս ու՞ր չոլերն ընկած կերթամ։ Ու՞մ մոտ կերթամ էսքան զորք ու ժողովուրդ ձիուս պոչին կապած։ Անգլիացու՛ մոտ կերթամ»։

Ու էգ գիշեր Անդրանիկը վանքում նստած նամակ գրեց Բաքու Ստեփան Շահում յանին՝ Նախիջևանի գավառը հայտարարելով Սովետական Ռուսաստանի անբաժան մասը և իր զորամասը դնելով Սովետների կառավարության տրամադրության տակ։

Աբրակունիսից եկանք Ցղնա, որ Փարադաշտով գնանք Բեստ։

Ճանապարհին Անդրանիկի ձին կորավ։

Բարկացավ Հաջի Գևոյի վրա։ Շատ ման եկավ, գտավ իր ձին և Փարադաշտից քշեց եկավ Բեստ։ Բեստում բժիշկ Բոնապարտին ծեծեց, ինձ վրա գոռաց՝ թե ինչու նահանջ տըվիր։

Առավոտ ելանք տեսանք Շապինանդը չկար։ Վերցրել էր մի քանի տասնյակ ուղտ ու ջորի ու բռնել Քաջարանի ճամփան։ Ես էլ կազմեցի իմ զորագունդը և Կապուտջուղ լեռան ձյուն ու ծաղկի միջով իջա Քաջարան։ Քաջարանում ես Անդրանիկին բարև տվի՝ բարևս չառավ։ Նախիջևանի նահանջի պատճառով խռովել էր ինձ հետ։ Ու էդպես իրարից խռով քաջերի երկրից ելանք գնացինք Պղնձե քաղաք։

Էդ քաղաքի անունը Կապան էր։

Քաղաքը ձորի մեջ էր, Ողջի գետի ափին։ Զորի ամենանեղ տեղը շինված էր Գավիթ Բեկի բերդը։ Բայց ոչ Պղնձե քաղաքն էր աչքիս գալիս, ոչ էլ Գավիթ Բեկի բերդը։ Իմ ամբողջ մտածմունքը Անդրանիկի հետ հաշտվելն էր։ Մտածում եմ, թե ում գտնեմ, որ մեզ հաշտեցնի։ Որոշեցի Ճեպեճի Սարգսին դիմել կամ Հաջի Գևոյին։ Պատրաստ էի նույնիսկ մի հասարակ ձիապանի դիմել, միայն թե գործը գլուխ գար։ Վերջում կանգ առա Աղբյուր Սոսեի վրա։

Գաղթականների մեջ շրջեցի, բայց Սոսեին չգտա։ Գնացի դեպի այն ժամանակավոր կացարանը, ուր զորավարն էր տեղավորված։

Դուռը չբացած ականջիս հասավ կանացի մի բարկացած ձայն. «Տո, Անդրանիկ... »։

Մտածում էի, թե ո՞վ կլինի այդ կինը, որ համարձակվում էր զորավարին անունով կոչել և խստորեն հանդիմանել նըրան։ Գուռը կամաց բաց արի։ Ներսում շատ մարդ կար։ Մի կերպ ներս մտա և աննկատ կանգնեցի։ Զորավարը կուչ էր եկել թախտի վրա, իսկ նրա առաջ կանգնած էր մի ջլապինդ, բարձրահասակ նիհար կին և անվախորեն դատափետում էր Անդրանիկին, որ միջոցներ ձեռք չի առնում սոված գաղթականությանը կերակրելու համար։

Սոսեն էր։

Ոչ մի մեծավորի առաջ Անդրանիկը գլուխ չէր խոնարհում։ Բայց հենց որ Աղբյուր Սոսեն էր խոսում, թեկուզ և հրամայաբար, նա խեղճացած գլուխը կախում էր՝ ի հարգանք հայդուկապեա Սերոբի, որի զինվորն էր եղել ինքը։

Անհույս համարելով այլևս Սոսեի միջոցով Անդրանիկի հետ հաշտվելը, ես դուռը իմ ետևից ծածկելով, կամաց դուրս եկա։

Մի հայտնի մարդ կար Կապանի մեջ։ Ղարաբաղցի էր, անունը՝ Սմբատ։

Սմբատ Բեկ էին ասում։

Այդ ղարաբաղցին մի շքեղ տուն էր շինել անտառի մեջ՝ Գավիթ Բեկի բերդի մոտ։ Լսելով, որ զորավար Անդրանիկը Պղնձե քաղաք է եկել, Սմբատ Բեկը եկավ և նրան իր ապարանքը հյուր տարավ։ Ուզում էր ինձ էլ տանել, բայց Շապինանդն ասաց՝ կամ ես, կամ նա։

Անդրանիկը չէր սիրում հարուստներին, բայց նրանց հրավերքին գնում էր և հանդիմանում նրանց։ Երբեմն էլ խրճիթներում ապրող թշվառ ժողովրդի վիճակը հիշելով, զայրույթից շուռ էր տալիս նրանց ճոխ սեղանները։ Կարծում էի, թե այդպես կլինի նաև Սմբատ Բեկի հետ։ Բայց տեսնեմ՝ հանգիստ ապրում է և բոլորովին էլ չի հիշում ինձ։

«Քսան տարի մենք ախպոր պես լինենք ու հիմա էսպես իրարից խռո՞վ» ասացի ինքս ինձ ու իմ զորք ու զորականից գաղտնի ելա գնացի Սմբատ Բեկի մոտ։

Սմբատ Բեկը ինձ Սմբատ փաշա էր ասում։ Նա իր ապարանքը տվել էր Անդրանիկին, իսկ ինքը տեղավորվել էր փայտաշեն տանը, ծառերի տակ։

Սմբատ Բեկ, ասացի, ես ու Անդրանիկ փաշան խռով ենք իրարից։ Նախիջևանի կռվին ես հարկադրական նահանջ տվի ու հիմա ամաչում եմ նրա աչքին երևալ։ Երեկ Քաջարանում ես նրան բարև տվի՝ բարևս չառավ։ Հաջողացրու, որ հաշտվենք։

Սմբատ Բեկը առավոտ վաղ ելավ. գնաց Անդրանիկի մոտ։ Պառավ մայր ուներ նրան էլ իր հետ տարավ։

Փաշան սուրը կապած գնում–գալիս էր սրահի մեջ։ Դուռը ծեծեց.

Մտե՛ք, ասաց փաշան։

Սմբատ Բեկն ու իր մայրը ներս մտան։

Հա, ասաց փաշան, գոլ եկել ես, իսկ իմ քրոջն ինչու ես բերել։

Մայրն ասաց.

Փաշա, ես եկել եմ խնդրելու, որ թույլ տաս Սմբատ փաշան գա քեզ մոտ։

Քո ասածը կատարված է, դու ազատ ես, գնա, ասաց Շապինանդը ։

Սմբատ Բեկի մայրը դուրս գնաց։

Մնացին Սմբատ Բեկն ու Անդրանիկ փաշան։

Գնամ բերե՞մ։

Գնա՛, ասաց փաշան։

Սմբատ Բեկն եկավ ինձ տարավ Անդրանիկ փաշայի մոտ։ Հեծա Ճիրոյի ձին ու գնացի։

Քսան քայլի վրա ձիուց իջա և մոտենալով համբուրեցի փաշի ձեռքը։ Նա էլ իմ ճակատն համբուրեց։

Դու Նախիջևանի կռվին ինչու՞ նահանջ տվիր։ Չէ՞ որ ես քեզ հրամայեցի նահանջ չտաս։

Փաշա, ասացի, քո մարմինը պողպատից է, իսկ իմը՝ մսից, ինչպե՜ս դիմանայի։

Հաշտվեցինք, մնաս բարով ասինք Սմբատ Բեկին ու Պըղնձե քաղաքից ճամփա ելանք դեպի Գորիս։

Կապան–Գորիս խճուղին փակ էր, ուստի գնացինք Առաջաձոր–Տաթև դժվարին ճանապարհով։ Կեռմաններով բարձրացանք լեռան գագաթ։ Իջանք մի ուրիշ ձոր ու նորից բարձրացանք։ Նորից իջանք։ Նորից վերելք։ Վերին Խոտանա դյուզը մնաց մեր թիկունքում։ Զորքի ետևից հազարավոր գաղթականներ են շարժվում, բոլորն էլ հոգնած, փոշոտված, անոթի, սևացած։ Շատ ձիեր մնացին ու բեռներ թափվեցին ճանապարհին։

Վերջապես մութով հասանք Տաթև։

Վանքը նստած էր վիթխարի ժայռերի կատարին։ Առաջը Որոտանի կիրճն էր, իսկ ետևը ձյունապատ լեռներ։ Վանքի բակում մի ճոճվող քարասյուն կար գլխին խաչքանդակ։ Շապինանդը ձեռքով հրեց այն։ Սյունը խորհրդավոր շարժվեց։ Վերջին փորձողը Թորգոմը եղավ՝ դարձյալ ճոճվեց։

Մենք նման ենք այս քարե սյունին։ Թեթև հպումից շարժվում ենք խորհրդավոր, բայց կանգուն ենք բոլոր փոթորիկների ու դարերի մեջ, ասաց Անդրանիկը և կարգադրեց վաշտապետներին զորքին դադարի հրաման տալ։ Գիշերը Տաթև մնացինք։

Հետևյալ օրը օգոստոսի 3–ին, ելանք ճամփա։ Մեր առաջ անտակ ձոր է, սրունքին՝ Տաթևի մեծ անապատը, իսկ տակը՝ Սատանի կամուրջը։ Մեկիկ–մեկիկ իջնում ենք ձորի կողերով։ Ձիավոր մի կին մեր աջակողմյան ժայռ ու մատուռի միջով վերևից շարժվում է դեպի մենաստան–անապատը։ Սոսե մայրիկն է իր զինվոր Ղարիբի հետ։ Ետևից մի խումբ գաղթականներ են գնում։ Նրանց մեջ է բռնաշենցի Ծաղիկ Համբարձումը, տալվորիկցի Ֆադեն իր թաղիքն ու բահը շալակին, և դհոլ գրկած շինականը, և մի չարքաշ բարձկան, որի տերը սպանվել էր Սեյդավարի կռվում։ Բարձկանը բնազդորեն գալիս էր գաղթականների հետ։ Բեռը թեթև էր այլևս։ Սելիմի լեռնանցքում ընկել էր ճրագվառոցը, ընկել էր ուրագը, հավի թառը չկար։ Մի փայտե շերեփ, դռան սողնակ և հարսանեկան բարձ թափվել էին դեպի Տաթև վերելքի ժամանակ։ Տալվորիկցի Ֆադեն մի քանդված առու էր շտկում դեպի մենաստան տանող ճանապարհին, երբ մի ծանր բան իր ոտքերին զարկվելով գլորվեց անդունդ։ Աստվածամոր նըկարն էր երկար թարթիչներով։ Հետո մի արծաթե բուրվառ ընկավ։

Բան չկա, գաղթի ճամփա է, դրախտի ճամփա չէ, ամեն բան կպատահի, հուսա դրեց Ծաղիկ Համբարձումը, առանց ընթացքը դադարեցնելու։

Կիրճի հատակին, Որոտանի մի ափից մյուսը, մի հսկա քարաժայռ էր ձգված։ Սատանի կամուրջն էր։ Անցանք վրայով և բռնեցինք դիմացի զառիթափը։ Մեր աջ թևի վրա Հալի ձորն էր, գլխին՝ անդունդ։ Զորքի մի մասը հասել էր Շինուհայր գյուղի «Յոթ աղբյուր» սարը, մյուս ծայրը չոքած էր Որոտնա գետին, իսկ գաղթականների բազմության վերջին շարանը դեռ գալարվում էր վանքի ճոճվող սյունի շուրջ։

Այնտեղ է նաև Մոսե Իմոն։ Տաթևի քարափին կանգնած նայում է ձորն ի վար տեսնելու, թե մինչև ուր գլորվեց աստվածամայրը երկար թարթիչներով, կամ ուր հասավ Սոսե մայրիկի ձին։

Հաշտվել ենք ես ու Շապինանդը, գնում ենք կողք–կողքի։ Մեր ետևից գաղթականությունն է գալիս, դրոշակի ետևից զորքը, զորքի ետևից՝ գումակը և հետնապահ զինվորներ։

Հոգնած է մեր զորքը։ Քչերը կոշիկ ունեն։ Շատերը ծակ տրեխներով են, առանց գուլպաների։ Սպաներից մի քանիսը նույնպես տրեխ են հագել։ Իսկ գլխարկները բազմաձև են, տարբեր։ Մեկ–երկու զինվոր զենքի հետ ջութակ և սրինգ են կրում։ Զենք, ջութակ և սրինգ կողք–կողքի. իսկապես, որքա՜ն տարօրինակ զորաբանակ է։ Արևմտյան Հայաստանի հեռավոր լեռներից այդ զորքը հասել է մինչև Որոտանի կիրճը։ կիրճով Որոտանն է հոսում, իսկ լեռների վրայով՝ ինքը։ Մեկը ոռոգում է հայոց հողը, իսկ մյուսը՝ հայության ոգին։

Բազում կռիվներից ու դժվարին երթից խոցոտված, պատառոտված, մաշված է նաև զորամասի դրոշակը։ Շինուհայրը մնաց Որոտանի կիրճում, իսկ ձախ թևի վրա՝ երեք մեծ բըլոլրներ։ Գնալով եռաբլուրները հեռացան, թիկունքում մնաց նրանց կանաչ հարթությունը և հանկարծ մեր առաջ, խոր ձորի մեջ, երևաց մի սպիտակ քաղաք։

ՔԱՐԵ ՄՍՈԻՐ

Գորիսը ցնծությամբ դիմավորեց Անդրանիկին։

Զորքը տեղավորվեց մոտակա Վերիշեն, Տեղ և Խնձորեսկ գյուղերում, իսկ գաղթականությունը՝ քաղաքի այգիներում, տներում և գետափի կենդանակերպ քարաբուրգերի շուրջ, ժայռափոր այրերի մեջ։

Բայց Գորիսի շրջանը ցորենից սակավ էր։ Սիսիանում զով էր և ցորենն ու խոտը առատ։ Ելանք Գորիսից և շարժվեցինք դեպի Անգեղակոթ։

Զորքի համար մի փոքրիկ հոտ է կազմված։ Ուր գնում ենք, այդ հոտը արածելով գալիս է մեր ետևից։ Հոտի մեջ է նաև անհայտ գաղթականի բարձկանը։

Հազիվ էր Անդրանիկը Անգեղակոթ մտել, երբ մի գյուղացի վրդովված ցցվեց նրա առաջ.

Փաշա, գանգատ ունեմ։ Մի աչքդ գցիր իմ տանիքին։ էս գյուղում հազար տանիք կա, ես ո՞ր տանիքին նայեմ, ասաց զորավարը։

Էն, որ նոր քաղած առվույտ կա վրան և մի զինվոր առվույտս քանդելով թափում է ցած։ Ի՞նչ իրավունքով։

Անդրանիկը դուրբինը դրեց աչքին։ Նայեց տեսավ Ախոն էր։ Եղանը ձեռքին բարձր կանգնած քանդում էր գյուղացու կանաչ դեզը։

Քանդում ու թափում էր ցած։ Ամեն հարվածին եղանի պոչը ցնցվելով դիպչում էր ժամատան զանգակին՝ մի թեթև ծլնգոց արձակելով։

Սառը քրտինք եկավ վրան։ Նա երբեք Ախոյին այդպես չէր տեսել։ Մի՞թե Ախոն է։ Նորից նայեց։ Չէ՛, Ախոն էր։ Մինչև այդ դեռ ոչ մի զինվոր չէր արատավորել իր զորքի պատիվը այդքան գրգռիչ արարքով։

Սեյդավարի կռվից հետո Ախոն սասունցոց պոլկից անջատվելով հետնապահ էր դարձել մեր զորամասին և գումակի ետևից էր գալիս։ Գաղթականների հետ հնձում էր սիսիանցոց կղծած արտերը, օգնում բերքահավաքի աշխատանքներին։ Իսկ այսօր ի՞նչ է պատահել այդ տարօրինակ զինվորին։

Անդրանիկը եկավ կանգնեց անգեղակոթցու տան առաջ։ Ախոյի աչքը դիպավ զորավարի աչքին։

Մեր ձիերի համար է, փաշա։

Ո՞ր ձիերի։

Սասունցոց պոլկի։ Սասունցուն ներքև կանչեց,

էս գյուղացին գանգատ ունի քո դեմ ու իր գանգատն արդար է, խոսեց փաշան ու մի շառաչուն ապտակ տվեց Ախոյին։

Ախոյի կարճ, մոխրագույն փափախը գլորվեց վար։

Փաշա, պատիվդ քեզ պահիր, գոռաց Ախոն ու ձեռ՛քը մաուզերին գցեց։

Շապինգարահիսարցիները սրերը քաշեցին։ Փեթարա Մանուկն ասաց. «էդ ի՞նչ խոսք է, Ախո», ու սասունցուն հրելով նետեց մի կողմ։

Քո մարդը ճանաչիր, գոչեց Ախոն վեր կենալով և փափախը ծածկելով վագրի կատաղությամբ նետվեց դեպի զորավարը։

Մանուկը թևը բռնեց։

Դեռ քո ծռությունը չե՞ս թողել, ասաց Անդրանիկը։ Կամ մոռացել ես, թե մեր այսքան տարիների պայքարն ու տանջանքը ինչի համար է։

Ախոն լռեց։

Սասունցին հավաքեց թափած առվույտը, իր ձեռքով դիզեց անգեղակոթցու տանիքին ու ցած իջավ։ Տեսավ զորավարը նստել է գյուղացու շեմքին և հազիվ լսելի ձայնով ինչ–որ տխուր եղանակ է շվացնում։

Պրծա՞ր, Ախո։

Պրծա, փաշա։

Դե, հիմա երթանք։

Գյուղի ծայրին մի ծերունի հաց էր կալսում։ Ծերունուն իջեցրեց, ինքը թռավ կամին։ Չորրորդ պտույտի վրա թիկնապահները կանգնեցրին մի գաղթական զինվորի։ Լեռնցի էր, բեղերը թանձր ու ոլորուն։

Անթուան փաշան ու՞ր է։

Կամ է քշում։

Ինձ փաշի մոտ տարեք։

Փաշա, մազոտ արայով մի զինվոր է ուզում քեզ տեսնել, զեկուցեց հիսնապետ Թորգոմը։

Սասունցի Օհանն Է, թողեք, թող քովս գա։ Զորավարը իջավ կամից։ Օհանը նրա առաջը կտրեց։

Տխուր ես, Օհան, ի՞նչ կա։

Փաշա, իմ ախպեր Մորուքը ծանր հիվանդ է։ Մի ոչխար տուր տանեմ Մորուքի համար։

Անդրանիկը Սասունում երեք տարի ապրել էր Օհանի տանը։ Հիշեց Մուրոյի տան աղ ու հացը և հովիվներից մեկին կանչելով՝ կարգադրեց զորամասի խաշներից մի ոչխար տալ Օհանին։

Ոչ թե ձեր ընտրությամբ, այլ այս սասունցին ո՛ր ոչխարի վրա ձեռքը դրեց այն էլ կտաք։

Օհանն առավ ոչխարն ու գնաց։

Շուտով Մորուք Կարոն ոտքի ելավ և զորքը Անգեղակոթից շարժվեց դեպի Բռնակոթ։ Այստեղ մերկ զինվորներին հագուստ տրվեց։

Բռնակոթից անցանք Որոտնավանք։

Գեղեցիկ է Շաքիի ջրվեժը։

Անդրանիկը թիկնեց մի ժայռի և փափախը ձախ ոտքին կոտրած՝ ընկավ մտքերի մեջ։ Բոլորս կախարդված էինք հըրաշք տեսարանով։ Ի՜նչ ամեհի գեղեցկություն է։ Ինչպիսի՜ միասնական որոտալի ընթացք։ Նրա թնդյունը ինձ հիշեցրեց Գուռգուռան, որի գոռոցը Խոզմո սարի տակից մինչև Սասուն էր հասնում։

Ա՜, եթե մեր ժողովուրդը այդպիսի միասնական թափ ունենար։

Հետևյալ օրը մենք մտանք Որոտնագյուղ և սեպտեմբերի 1Օ–ին վերադարձանք Գորիս։ Այդտեղ էր հասել նաև սասունցիների գունդը։

Գորիսում նստեցինք երկար։

Անդրանիկը կանչեց տեղի ազգային խորհրդի մարդկանց և կարգադրեց զորամասի քառանիվ սայլերը նորոգել։

Ե՞րբ պատրաստ կլինի, հարցրեց։

Մի շաբաթից, պատասխանեցին խորհրդի անդամները։

Ձեզ երկու շաբաթ ժամանակ։

Անցավ երկու շաբաթ, բայց սայլերը չնորոգվեցին։

Զայրացավ Անդրանիկը և զգաց, որ ազգային խորհուրդը իր դեմ հակառակ ընթացք է բռնել։

Եղանակը աշուն էր և արդեն ցուրտ էր իջնում ձորերը։ Անդրանիկը կանչեց ինձ՝ ասաց.

Ստիպված ենք էս ձմեռը Գորիսում մնալ։ Քո կարծիքըն ի՞նչ է։

Սա քարե մսուր է, ասացի։ էս մսուրը մեզ չի կարող պահել։ Ձմռանը դժվար կլինի զորքի և ձիերի համար։ Մարդիկ չեն ուզում նույնիսկ քո սայլերը նորոգեն։

Նա հա ասելով, ես՝ չէ, ելանք նորից եկանք Անգեղակոթ։

Անգեղակոթում պառակտում ընկավ մեր մեղ։ Սարդիս Ճեպեճին և երրորդ գումարտակի հրամանատար Բոնապարտը իրենց երկու հարյուր ձիավորներին առած Պղնձե քաղաքի վրայով ինքնագլուխ մեկնեցին Մեղրի, որ Պարսկաստան անցնեն։ Փեթարա Մանուկը սասունցիների գունդը քաշեց դեպի Դարալագյազ։ Այդ գնդի հետ գնացին Մորուք Կարոն, Տեր Քաջի Ադամը, Չոլոն, Իսրոն Փեթարա և Արծիվ Պետռն։

Ախոն նույնպես մեկնեց։

Գաղթականներն էլ տրոհվեցին։ Նրանց մի մասը տեղա՛վորվեց Սիսիանի գյուղերում, ուր հացը թեև ցամաք, սակայն առատ էր, իսկ մի զգալի մասը սասունցիների գնդի հետ մեկնեց Վայոց ձոր։

Անդրանիկը դարձավ ինձ։

Ի՞նչ ես շվար կանգնել։ Քո միտքը նույնպես ինձնից բաժանվելն էր։

Բայց մենք Պղնձե քաղաքում հաշտվեցինք։

Հաշտվողներն էլ կարող են բաժանվել։ Ձեր նպատակն է հեռանալ Զանգեզուրի սահմաններից և զորամասը ցրել։ Շաքիի ջրվեժը, որ մենք տեսանք, համարիր, որ չենք տեսել։ Ափսո՜ս Հայկ Նահապետի ազգին։

Մեր զորքը ճեղքվեց։

Մշեցի և խնուսցի զինվորները, ինչպես նաև զորամասի հարյուրապետների մեծ մասը մնացին ինձ հետ, իսկ Անդրանիկի հետ մնաց միայն առանձին հարվածող զորամասի մնացյալ ամբողջ զորքը՝ թվով հազար երեք հարյուր զինվոր, գլխավորապես Շապինգարահիսարի, Կաբինի, Խարբերդի, Խուտորջուրի և Կամախի հեծյալն ու հետևակը։

Շապինանդը իր զորամասով մնաց Զանգեզուր, իսկ ես իմ ձիավոր վաշտերն առած եկա Վայոց ձոր և Սելիմի լեռնանցքով բարձրացա դեպի Սևանի արևելյան ափերը։

Be the first who will comment on this

Other parts of "Ռանչպարների Կանչը"

Yatuk Music
Violin concerto in D Minor
Aram Khachatryan

Violin concerto in D Minor

The uprising of the peasants of Haghpat in 1903
The uprising of the peasants of Haghpat in 1903
Play Online