Khachik Dashtens

Ռանչպարների Կանչը

18

ՈՎ ԷՐ ԵՐԳՈԻՄ ԼՈՒՍՆՅԱԿ ԳԻՇԵՐԻՆ

Եթե դուք Փոքր Մասիսի կողմից մոտենաք Մակու քաղաքին, ապա նրանից ոչ շատ հեռու, մի լեռնալանջի տափարակի վրա կտեսնեք երկգմբեթանի մենավոր մի վանք։

Այդ Ծործորի կամ ս. Թադեի վանքն է։

Իսկապես մենավորիկ է այդ վանքը, բազմած գեղանիստ լեռան լանջին, այն վայրում, ուր ըստ ավանդության, նահատակվել է Թադևոս առաքյալը։

Վանքի մոտ մի հին ժամատուն կա, իսկ հարավային պատին՝ արևային ժամացույց։

Դեռ սարի վրա էինք, երբ լսվեց վանքի իրիկնային զանգերի ղողանջը։ Մշեցի Տիգրանը գդակը հանեց և մի բարակ խաչ քաշեց երեսին։ Ապա ձորից մեզ հասավ լեռնական շների հաչը զանգերի հանդարտիկ կանչը խլացնելով։

Թադեում կար մի պառավ, որ վանքի տնտեսն էր, մի ջրաղացպան, մի հովիվ և հաստ կոպերով մի երիտասարդ վարդապետ։

Մենք վանք մտանք այն պահին, երբ Գինդ վարդապետը արևային ժամացույցին նայելով վերջին զանգակը քաշեց։

Ես և Տիգրանը ներկա եղանք ժամերգությանը՝ կանգնելով գմբեթավոր խաչկալի առաջ։ Ժամերգությունից հետո վարդապետը հապճեպով ավլեց տաճարի հատակը և, երկաթյա դռներին մի ամուր կողպեք դնելով, մեզ առաջնորղեց իր խուցը։

Ավանակներին տեղավորեց գոմանոցում, իսկ մենք լուսացրինք իր մոտ։ Այստեղ մենք դարձյալ փոխեցինք մեր հագուստը՝ ծածկելով քրդական թաղիքե քոլոզներ, նախապես խուզելով մեր գլուխների առջևի մասը աբաղացիների նմանությամբ։

Գինդի ակնարկով անմիջապես հայտնվեց աբաղացի մի հմուտ ուղեցույց.

Երթաք խաղաղությամբ, օրհնեց մեզ երիտասարդ վարդապետը, և մենք ավանակներին վանքում թողնելով, մեր բեռները շալակած ելանք ոտքի։

Անցանք վանքի ընդարձակ բակը, ուր մի քանի հին գերեզմաններ կային, և մեր քոլոզները ուղղելով, իջանք դեպի Ավարայրի դաշտ։ Դաշտի կողին, փոքրիկ բլրի վրա երևաց մի հին մատուռ, շուրջը ծփացող անհամար կարմիր ծաղիկներով։ Աբաղացին ասաց, որ դա Վարդան Մամիկոնյանի գերեզմանն է, և այդ ծաղիկները բուսնում են միայն այդ դաշտի մեջ։ Վարդանաց ծաղիկներ են կոչվում, և ամեն ուխտավոր այդտեղով անցնելիս դրանցից հիշատակ է տանում իր հետ։ Մենք նույնպես մեկական մոմ վառեցինք այդ մատուռի մեջ և, հիշատակի կարմիր ծաղիկներ քաղելով, վեր֊ ջին անգամ շուռ գալով նայեցինք Թադեի արևային ժամացույցին։

Գինդ վարդապետը այդ ժամացույցի արձակած ստվերին նայելով առավոտյան զանգերն էր քաշում։

Ճանապարհը մեր առաջ երկճղվում էր. մեկը դեպի Պարսկաստան էր գնում, իսկ մյուսը թեքվում էր դեպի արևմուտք։ Աբաղացին կանգնեց վերջինի վրա։ Նա փոքր ինչ շունչ առավ և գավազանը բարձրացնելով՝ գոչեց. Ճանապարհը սա՛ է, գնացինք։

Թե՛ վանքը, և թե՛ այդ ճանապարհը շատ հին էին։ Հազարավոր մարդիկ էին երազել գնալ այդ ճանապարհով։ Այդտեղով էր երկիր անցել Աղբյուր Սերոբը իր զինվոր Անդրանիկի հետ։ Այդտեղով էին անցել Արաթոն, Հրայր–Դժոխքը, Քեռին, Սևքարեցի Սաքոն։ Մենք նույնպես որոշել էինք այդ ճանապարհով գնալ։ Մեր գնացած վայրը Տարոնն էր, Սասնո առասպելական աշխարհը, որին «Գյադան Գյալմազ» անունն էին տալիս, այսինքն մի երկիր, ուր գնացողը հազիվ թե ետ գար։ Բայց մենք այն երջանիկներից էինք, որ այդ երկրի մեջ էինք ծնված, եկել էինք այդ երկրից և դեպի այդ երկիրն էինք գնում և չէինք մտածում ետ գալու մասին։

Մի փոքր առաջանալով, վանքի ուղեցույցը հանկարծ շեղեց ճանապարհը և մեզ տարավ ապառաժների միջով։ Ժայռից ժայռ մագլցելով հասանք ձյունաշատ մի գագաթ։ Այդ գագաթը ուղիղ Պարսկաստանի և Տաճկաստանի սահմանագլխին էր։

Թադեի վանքը մնաց ձորի մեջ։ Բարձրիկ բլրի վրա հեռվից երևում էր մենավոր մատուռը կարմիր ծաղիկներով։ Մեր վառած մոմերը երևի արդեն հանգել էին։

Ամբողջ օրը մնացինք լեռան գագաթին, ձյուների աակից հոսող մի առվակի մոտ։ Իրիկնամուտին սկսեցինք իջնել։

Լուսնյակ գիշերով մտանք Աբաղայի դաշտ։ Եվ հանկարծ հեռուներից մի ծանոթ երգ լսվեց։ Ինչ-որ մեկը Խաթավինի կռվի երգն էր երգում լուսնյակ գիշերին։ Աղբյուր Սերոբի ֆիդայիների խումբը ճարտար Հակոբի գլխավորությամբ 1896-ին դեպի Խլաթ անցնելու ժամանակ, Խաթավին լեռան վրա վաղ լուսաբացին կռվի էր բռնվել համիդական գնդերի հետ։ Ֆիդայիները գրավելով Խաթավինի լանջերը, կրակի տակ էին առել համիդիե ձիավորներին, որոնք երիվարների սանձերը թողած կատաղորեն գրոհել էին սարնիվեր հայդուկների բարձունքը գրավելու համար։ Հարյուրավոր ձիավորներ դիաթավալ ընկել Էին հայդուկների գնդակներից, և շատ նժույգներ, խրխնջալով և ետևի սրունքներին բարձրանալով, վայր էին գլորել իրենց հեծյալներին։ Կռիվը շարունակվել էր մինչև մայրամուտ բազմաթիվ զոհեր խլելով թշնամուց և նոսրացնելով Ճարտար Հակոբի փոքրաթիվ խումբը։ Հայդուկներից երկուսը՝ Առաքել և Մուշեղ, վերջին րոպեին ապաստան էին գտել մի ավերակ ջրաղացի մեջ, Մանազկերտի մոտ։

Այդ կռվի մասին քրդերը երգ էին հյուսել։ Այդ երդն էին երգում լուսնյակ գիշերով։ Տների անվերջանալի շարանով երգիչը քրդի բերանով հայ ֆիդայիների գովքն էր անում, փառաբանելով ազատասեր հայդուկի գնդակը։

Ոչ մի բան այնպես ուժգնորեն չի ազդում քրդի վրա, որքան հերոսական կռվի երգը։ Բայց ո՞վ էր այդ գիշերային երգիչը։ Ո՞վ էր Խաթավինի այդ քաջաշունչ երգով կախարդել Աբաղայի լայնածավալ դաշտը։ Լռել էր քամին, լռել էին ոտնաձայները, միայն լուսինն էր արթուն և դաշտի վրայով թռչող երգը։

Որքան մոտենում էինք, այնքան երգողի ձայնը դառնում էր հարազատ ու ծանոթ։

Ու հանկարծ Մշեցի Տիգրանը բացականչեց. կա չկա սա Միսակն է։

Եվ իսկապես, երգողը Ալադին Միսակն էր։ Քոլոզը գլխին նստել էր ճանապարհից հեռու մի ժայռի վրա և բարձրաձայն երգում էր քրդերեն։

Պայանո՜, պայանո՜, պայանո՜։

Գևորգ Չաուշը համոզված լինելով, որ մենք կարող ենք Թադեի վանքի ճանապարհով վերադառնալ, իր երգչին շտապ ուղարկել էր Աբաղայի դաշտ՝ մեզ այդ վտանգավոր վայրի գիշերային հարձակումներից ապահով անցկացնելու համար։

Հնչում էր Միսակի երգը Աբաղայի դաշտում այդ հրաշալի լուսնյակ գիշերին, և մենք քրդական տարազով ալ Միսակի հերոսական երգով պաշտպանված զենք էինք տեղափոխում երկիր։

Երկու գիշեր Ալադին Միսակը երգել էր այդ դաշտում, այդ միևնույն քարին նստած անձկորեն սպասելով մեր վերադարձին։ Մեզ տեսնելով նա շարունակեց մեջընդմեջ երգել առջևից գնալով, և մեր փոքրիկ քարավանը՝ աչքը նրա սպիտակ քոլոզին և ականջը նրա երգին պահած, անվտանգ անցավ Աբաղայի միջով։

Վերջում նա երգեց քրդական «Դումանը»։ Ո՞վ էր Դումանը, ի՞նչ երգ էր դա։

Ղարաբաղի հաչեն գավառից էր հայդուկ Նիկոլը։ Խաթա֊ վինի կռվից մի տարի առաջ Նիկոլը իր խմբով դեպի Վան անցնելիս, Պարսկաստանի սահմանագլխին ապավինել էր մի մարագի։ Լամիդիե ձիավորները խոտի խրձեր բերելով հըրդեհել էին մարագը, կամենալով ծխի մեջ խեղդել հայդուկներին։ Նիկոլը հրամայում է ճեղքել պաշարման շղթան։ Նա դուրս է ցատկում կրակի բոցերի վրայով և անընդհատ կրակելով սուրում է առաջ։ Հակառակ իր վրա տեղացող գընդակների տարափին, քաջարի խաչենցին անվնաս հասնում է մերձակա սարի բարձունքները։ Քրդերը մնում են ապշահար, տեսնելով, թե ինչպես իրենց առջևից փախչող հայդուկը գումանի, ծխի պես անհետանում է լեռան վրա։ Շուտով իմանում են, որ նա ճանապարհին սպանել է երկու բռնակալ բեկերի։ Քրդերը, սարսափահար, այդ առասպելկան հերոսի անունը կնքում են Դուման և այդ անունով երգ են հորինում նրա մասին։

Ալադին Միսակը այսպես ավարտեց այդ երգի վերջին բառերը, «Այս առավոտ կանուխ, ֆիդայիների մեծը՝ Դումանը, որ աստծո կրակ է, մեզնից ձեռք չի քաշում»,..: Ցնդեց Խաչենի Դումանը։ Լուսինը, որ ամբողջ գիշերը մեզ հետ լսում էր Ալադին Միսակի երգը, Աբաղայի երկնքից սահելով, մտավ Բանտի–Մահոլ գետի քարե կամուրջի տակ։

Լուսադեմին մեզ վրա հարձակում եղավ։

Մեզանից սպանվեց մեր ճամփացույցը։

Խեղճ աբաղացի։ Նա չկարողացավ այլևս վերադառնալ վանք։ Գնաց ու ետ չեկավ։ Չհասցրեց նույնիսկ շալակը իջեցնել։ Ազգությամբ քուրդ էր նա՝ իր կյանքը ուխտով դրած հայ և քուրդ ժողովուրդների ազատագրության դատին և հավատարմությամբ կապված Թադեի վանքի և Գինդ վարդապետի հետ։

Մենք նրան թաղեցինք Բանտի–Մահոլ քարե կամուրջի մոտ, մի բարձրաբերձ քարաժայռի տակ, որ պահակի պես հսկում էր Աբաղայի մեծատարած դաշտի անցքերի վրա։

Ալադին Միսակը շալակեց աբաղացու բեռը, և մենք Բերկրիի կիրճը անցնելով, մեր ճակատները ուղղեցինք դեպի Սիփան։

ՕՁԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԲԻՆԳՅՈԼ

Ալադին Միսակն ասաց, որ շուտով մեզ կդիմավորի Խնուսից եկած մի փորձված ուղեցույց։

Եվ իսկապես, շուտով այդ մարդը երևաց։ Նա մեզ հանդիպեց այն ժայռերի մեջ, որտեղ եռանդով գանձ էր որոնում մեր ծանոթ վանեցին։

Հին սուրհանդակ էր Շեկ Գավիթը։ Նա քրդական տարազով շրջագայում էր իրենց գավառի մեջ, գիշերային ճամփորդությամբ երբեմն հասնելով մինչև Կովկաս։

Դավիթը ճամփորդում էր միշտ գիշերով։ Անվախ էր, արագաշարժ և սրատես։ Նրա աչքերը գայլի աչքերի պես վարժված էին խավարին և կարծես մթության մեջ ավելի լավ էին տեսնում։ Այդ գյուղացին ճանապարհներին հատուկ նշաններ էր անում և նույնիսկ գիտեր, թե ո՛ր քարի տակ ի՛նչ է պահել իր նախորդ ուղևորության միջոցին։ Գնում էր շա՛րունակ առշևից և գրեթե չէր խոսում ընթացքի ժամանակ։ Մեկ էլ տեսար՝ արագ շուռ եկավ և քարավանը տարավ բոլորովին տարբեր ուղղությամբ։ Շների հալոցից, առուների և աղբյուրների կարկաչից և ծառերի սոսափյունից իմանում էր, թե ո՛ր բնակավայրին է մոտենում։

Հասանք Սիփան սարի ստորոտը։ Այդտեղ էր գեղեցիկ Մավին հանդիպել ինձ իմ պատանեկան թափառումների ժամանակ։

Շեկ Գավիթը Մանազկերտի լեռների միջով մեզ առաջնորդեց դեպի Զեռնակի լանջերը։ Երկու տեղ միայն կանգ առավ. առաջին անգամ կասկածեց, թե սխալ ենք գնում, որովհետև շատ մութ էր։ Մի ժայռի տակ ռուսական ձիու պայտ էր պահել. ստուգեց. պայտը իր տեղումն էր, ուրեմն ընթացքը ճիշտ էր։ Իսկ երկրորդ կանգառին մութի մեջ կռացավ մի քարի, քարը շուռ տվեց և տակից հանեց մի զույգ տրեխ։ Հա֊ գավ, իսկ ունեցածը, որ ավելի հնամաշ էր, դրեց ժայռի տակ ու նորից շարունակեց ճամփան։

Մի երրորդ տեղ մի քարի թիկնելով կիսաձայն կարդաց,

«Ես կըսեի՝ թե ես եմ. Ան, որ կըսե թե ես եմ, Կըլլա՝ ինչպես որ ես եմ»։

Մենք ինչով ենք զբաղված և ինչ է քարոզում այս տապանագիրը։ Եթե դրա տակ պառկածը իսկական տղամարդ է, նա ինչու պետք է գերեզման ունենար։ Ոչ, մենք չենք ուզում քեզ պես լինել, խոսքը տապանաքարի տակ հանգ֊ Լողին ուղղելով ասաց Մշեցի Տիգրանը։ Մենք այն սերունդըն ենք, որ գերեզման չունի։

Մոտենում ենք Կայենի ծառերին և Աբելի աղբյուրին, գավազանը խավարի մեջ պարզելով ազդարարեց Շեկ Դավիթը։

Գիշերով հասանք Խաչմելիք գյուղի տակ։

Մեր ձախ թևի վրա Ժաժան քարն է, բացատրեց ճամփացույցը՝ ձեռքը դեպի ձախ ուղղելով։

Երեքս էլ մեր աչքերը լարեցինք. խավարի միջից մարդանման սև կերպարանքով մեզ էր նայում բարակ հողասյունին կանգնած մի վիթխարի ժայռ։

Իսկ սա Հաջի Հայդարի սպանության վայրն է, մեր աջակողմում ինչ–որ տեղանք ցույց տվեց Շեկ Գավիթը։

Այժմ մոտենում ենք օձերի խազին աչին, զգուշացրեց ճամփացույցը աղոթարանին նայելով։

Հարամիկ գյուղի շրջակայքում մեծ քարաբլուրներ երեվացին։ Հենց որ արևը ծագեց, անթիվ–անհամար սև օձեր հայտնվեցին այդ արտասովոր տեսքով քարաբլուրների վրա, որոնցով մեր ճանապարհն էր անցնում։ Շեկ Գավիթն ասաց, որ այդ օձերը չեն խայթում ։ Հայտնվում են արևածագին և գիշերից առաջ անհետանում են։ Եվ այնուամենայնիվ դըրանք օձեր էին և այդ օձերը փակեցին մեր ճանապարհը։ Նրանք գունդ–գունդ քարերին պառկած կամ գլուխները տնկած ամբողջ օրը մեզ էին նայում։ Արևամուտին անհետացան, ինչպես հայտնվել էին, և ճանապարհը բացվեց։

Օձերի թագավորությունից անցնելով հասանք Հարամիկ։ Մեր հայդուկ «Բրինդարը» այդ գյուղից էր։ Շեկ Դավթի կարգադրությամբ նրանց տանը մեր քրդական տարազը փոխեցինք և շտապեցինք Արոս և Խաչալույս գյուղերի մոտով իջնել Մշո դաշտ։ Ճանապարհին համիդիե ձիավորներ երևա֊ ցին։ Շեկ Դավթին, որ մեզնից առաջ էր գնում, բռնեցին, իսկ մենք թաքնվեցինք խոտերի մեջ։ Նրանց մեծավորը հարցրեց.

Ո՞վ եք, ինչու՞ ընկերներդ փախան և ուր կերթայիք։

Կերթայինք Բերդ՝ մանգաղ առնելու, ասաց Գավիթը։

Գիշերով ինչու՞ կերթաք։

Չեթեներից վախենալու համար գիշերով կերթանք։ Երբ համիդիե ձիավորները հեռացան, Շեկը սուլելով հա-

վաքեց մեզ և վտանգ զգալով կտրուկ շրջադարձ կատարեց՝ մեր քարավանը տանելով դեպի Սև կամուրջ։

Շեկը գնաց այդ գյուղը, որ մեզ համար տեղ պատրաստի։ Գնաց և երկար ժամանակ չերևաց։ Գյուղի կողքին մի հին մարագ կար։ Լուսաբացի մոտ ես և Մշեցի Տիգրանը մարագի դուռը բաց անելով մեր բեռները ներս տարանք։ Տիգրանը և Ալադին Միաւկը պառկեցին քնելու, իսկ ես պահակ կանգնեցի։ Արևը բավական բարձրացել էր, երբ մի կին, կողովը շալակած, եկավ մարագի ղռան առաշ։ Բանալին մաքրեց, դուռը բացեց։ Մեզ տեսնելով վախեցավ և ուզեց փախչել։ Ես իմ թաքնված տեղից բռնեցի նրան՝ ասելով, մայրիկ, չվախենաս, մենք հայ ենք։ Եկանք, լույսը բացվեց՝ մտանք ձեր մարագը։ Հոգնած, նեղված ճամփորդ ենք։ Կարելի է երթաս մի քիչ հաց բերես մեզ համար և իմանաս գյուղում զորք կամ համիդիե ձիավոր կա ,. թե ոչ։

Կինը կողովը հարդ լցրեց ու գնաց։ Շատ չանցած եկավ կողովը շալակին։ Կողովի չորս կողմը գրել էր կաղամբի թուփ, մեջտեղը՝ մի պուտուկ մածուն ու հաց և ծածկել կա՛ղամբի թփով։

Կարո՞ղ ես մի կուժ էլ ջուր բերել, ասացի։

Ազնիվ կին էր և անունն էլ՝ Ազնիվ։ Գնաց ջուր էլ բերեց։ Ասաց, որ քսանհինգ զինված ձիավոր կա գյուղում։ Ապա կողովը լցրեց հարդով ու դուրս ելավ։ Գնալուց առաշ ասաց. «Տղաներ, էս մածունն ու հացը թաքուն եմ բերել, մեր տանեցիքն էլ տեղյակ չեն»։

Զարմանալի մի լռություն էր համակել Ալադին Միսակին։ Ոչ խոսում էր, ոչ երգում։ Իսկ Մշեցի Տիգրանը շատ անհանգիստ էր, որ Շեկ Դավիթը գնաց ու ետ չեկավ։

Հանկարծ ինչ–որ աղմկալի ձայներ լսվեցին մարագի շրշա֊ կայքում։ Աղմուկը ուղիղ դեպի մեզ էր գալիս։ Գլուխս դռան արանքից դուրս հանեցի տեսնելու, թե ինչ բան է, չլինի թե Դավթին բռնել են ու մենք մատնված ենք։ Իմ դուրս գալն ու գլխարկիս վայր ընկնելը մեկ եղավ։ Մոռացել էի, որ գլխիս առաջամասը մեջտեղից խուզված էր։ Կռացա գլխարկս վերցնելու։ Մարագի մոտով լեռնական քրդեր էին անցնում, իրար հրմշտելով ու գռռալով։ Նրանք իմ գլխի խուզված մասը նըկատելով կարծեցին, թե ես քուրդ եմ և ձեռքով արեցին, որ միանամ իրենց խմբին։ Մի քանիսը նույնիսկ շարժվեցին դեպի իմ կողմը։ Ես առանց շփոթվելու մարագի դուռը կամաց ծածկեցի և ինքս շտապեցի նրանց մոտ, որ խափանեմ մեր թաքստոցին մոտենալը։ Նրանց կանչերից ու քայլվածքից իմացա, որ Բինգյոլ են գնում։

Բինգյո՞լ եք գնում, հարցրի քրդերեն։

Բինգյո՜լ, Բինգյո՜լ, խմբով պատասխանեցին։

Ես էլ եմ գալիս, ասացի։

Դե՛, շուտ միացիր մեզ։

Ինչ արած, ուզեի չուզեի պետք է միանայի նրանց, թեկուզ մի որոշ հեռավորության վրա, մինչև մարագից հեռանային և այնուհետև մի ելք կգտնեի վերադարձի համար։

Սակայն այնպես եղավ, որ չկարողացա ետ գալ և մինչև Բինգյոլ գնացի այդ բազմության հետ։ Այդ սարի արևելյան կողմը հայերի ամառանոցն էր, արևմտյանը՝ քրդերի։ Նըրանց մեծ մասը ամառանոց էր գնում, մի քանիսն էլ գնում էին Բինգյոլից ձյուն բերելու իրենց աղաների համար։

Ես էլ ձյուն բերող դարձա, որ շուտ ետ գայի ընկերներիս մոտ։

Ձյունի և սառույցի վաճառքով զբաղվում էին գլխավորապես Մժնկերտ գյուղի բնակիչները։ Ամառվա շոգերին նըրանք կամ Բինգյոլի սարերումն էին, կամ Խնուս բերդի շուկայում։

Սև օձերի թագավորությունից Բինգյոլ ընկնելը մեծ բախտավորություն էր ինձ համար։ Որքա՜ն էի երազել գեթ մի անգամ լինել Բինգյոլում և գտնել բրաբիոն ծաղիկը։ Գտնել և երջանկանալ։ Իզուր չէ, որ ղրան էր կոչում նաև ժայռերի ստվերների ետևից թափառող և իրական գանձ որոնող վանեցին։ Ականջիս մեջ մեկ անգամ էլ ուժգնորեն հնչեց նրա ձայնը. «Գնացե՜ք, գնացե՜ք Բինգյոլ։ Բրաբիոն ծաղկի տեղը Բինգյոլն է»։

Եվ ես Բինգյոլումն եմ։ Ու՞ր է այն գագաթը, որի այսինչ կողմից այսքան քայլ անելուց հետո երեք օր ծոմ պահող և ոտաբոբիկ ապաշխարողը կգտնի այդ անմահական ծաղիկը։

Ինձ հետ եկած քրդերը ցրվեցին ամեն մեկը մի կողմ, նույնպիսի աղմկալի կանչերով ու գույնզգույն տարազներով, ինչպես հանդիպել էի Սև կամուրջի մարագի մոտ։ Ամեն մեկը գնաց մի գագաթի ու մի աղբյուրի ուղղությամբ։

Իսկ Բինգյոլի աղբյուրները այնքան շատ են իրար նման, որ մարդ կարող է հեշտությամբ մոլորվել և անսպասելիորեն վերադառնալ այն աղբյուրին, որից քիչ առաջ ջուր է խմել, կարծելով, թե նոր ակունք է։ Իմ փնտրածը անմահական ծաղիկն էր։ Բայց ինչպե՞ս գտնել այն։

Մի խոսք կար Մշո դաշտում. Սալնո ձորի նուռը ուտես, Բինգյոլի ջուրը խմես։ Սալնո ձորի նուռը կերած չկայի, բայց Բինգյոլի ջուրը խմեցի։ Իմ հաշվով երեք անգամ յոթ աղբյուրից ջուր առա, ամեն մեկից մի կում և վերջին աղբյուրի մոտ պառկելով՝ քնեցի մինչև առավոտ։ Երբ արթնացա, իմ արախչին չկար, փոխարենը գլխիս մի քոլոզ էր դրված։ Ով էր դըրել՝ չիմացա։

«Երևի սա իմ բախտն է», ասացի։ Այս քոլոզը կօգնի ինձ, որ շուտով Սև կամուրջ հասնեմ։

Շուռումուռ տվեցի, նայեցի, ժպտացի, դրեցի գլխիս ու վեր կացա։

Բարձունքին ձյուն կար։ Հասա ամենաբարձր գագաթին ու կանգ առա։ Ամբողջ Բինգյոլը աչքիս առաջ էր։ Խոտավետ գեղեցիկ աշխարհ։ Ոտքերիս տակ ձյուն էր ու ծաղիկ, վերեվում՝ կապույտ երկինք և հավքերի երազային սլացք։

«Որ քոլոզը եղավ, երևի մի գրաստ էլ կլինի, որ Բինգյոլից ձյուն տանեմ», մտքումս ասացի։ Ճիշտ այդ ժամանակ մի փոքրիկ քարավան սկսեց դանդաղ իջնել լեռան կողով։ Ուղտերից մեկը համառորեն ծունկը զարկել էր գետնին ու վեր չէր կենում։ «Կա չկա, սա է այն հեքիաթային գըրաստը, որ ինձ Բինգյոլից ցած է տանելու»։ Արագությամբ պոկեցի ձյունասառույցի մի հաստ շերտ, կողքից էլ մանուշականման մի ծաղիկ և վազեցի դեպի չոքած ուղտը։ Սառույցը դրեցի ուղտի շալակը և մեջքը շոյեցի, որ վեր կենա։ Հանկարծ նա պարանոցը երկարելով, ելավ տեղից, ու ես կպած մնացի նրա սապատին։ Ու այդպես էլ ուղտի մեջքին նստած դանդաղ օրորվելով քարավանին հասա։

Ուղտապանը մժնկերտցի մի հայ էր, որ ձյուն ու սառույց էր տանում Խնուս-Բերդի բնակիչներին։ Ուրախացավ, որ իր համառ գրաստին քարավանին հասցրի և նույնիսկ մի քիչ թեփ տվեց, որ իմ սառույցը ճանապարհին չհալչի։

Ու այդպես քոլոզը գլխիս, ուղտի վրա նստած, զանգակների կանչով ես Բինգյոլից ցած իջա։

Խնուս–Բերդում սաստիկ շոգ էր։ Մժնկերտցու ձյունն ու սառույցը իսկույն սպառվեց։

Ձյունը Բինգյոլի՞ց է, հարցրեց մի ուշացած տղա՛ մարդ, հևիհև մոտենալով ինձ։

Բինգյոլից է, բայց վերջացավ, պատասխանեց քարավանի տերը։

Տանը հիվանդ կա, Բինգյոլի ձյուն է ուզում։ Գոնե մի կտոր սառույց ճարվեր հիվանդիս համար։

Ես իմ բերածը տվեցի նրան։

Որտե՞ղ է ձեր հիվանդը, հարցրի։

Շապատին։

Մժնկերտցի ուղտապանը քարավանը առած շարժվեց դեպի սար, իսկ ես նրան շնորհակալություն հայտնելով իմ նոր ուղեկցի հետ բռնեցի Շապատինի ճանապարհը։

Անցանք Արոս և էլպիս գյուղերը։ Հարամիկը իր քարաբլուրներով մնաց վերևում։

Երեկ այստեղ հազարավոր սև օձեր կային, ի՞նչ եզան։

Նրանք տարին մեկ անգամ են մեծ խմբերով երևում, ամեն Համբարձման արևածագին։ Այժմ թաքնված են քարաբլուրների տակ, պատասխանեց իմ ուղեկիցը։

Իսկ ձեր գյուղում սև զորք կա՞, հարցրի։ ֊Չկա,

Նրա՞նք էլ տարին մեկ անգամ են երևում։

Ոչ, ամենաքիչը ամիսը մեկ անգամ։ Երեկ Սև կամուրջում քսանհինգ համիդիե ձիավոր կար։ Այս գիշեր նրանք քաշվեցին Վարդովի լեռները։

Ուշ երեկոյան Շապատինը անցնելով հասա Սև կամուրջ։ Մշեցի Տիգրանը և Ալադին Միսակը պառավի մարագում նըստած ինձ էին սպասում։ Շեկ Գավիթը քնած էր հարդի վրա։ Իմ ոտնաձայնից իսկույն արթնացավ։ Երեքն էլ սաստիկ զարմացան իմ գլխին մի տարօրինակ քոլոզ և ձեռքիս մի անծանոթ ծաղիկ տեսնելով։

Ի՞նչ պատահեց քեզ, որտեղի՞ց ես գալիս, հարցրեց Մշեցի Տիգրանը բարկացած։

Բինգյոլից, պատասխանեցի։

Ինձ չթողեցիր Մասիս բարձրանամ, իսկ դու մինչև Բինգյո՞լ հասար, գոռաց վրաս։

Ստիպված էի։

Այդ ի՞նչ ծաղիկ է ձեռքիդ։ Բրաբիո՞ն։

Հասա մինչև Բինգյոլի ամենաբարձր գագաթը, բայց այդպիսի ծաղիկ չգտա։ Իմ բերածը լեռնային մանուշակ է։

Խնուս–Բերդից մի խճուղի էր դնում դեպի Մուշ։ Շեկ Գավիթն ասաց, որ այդ ճանապարհով Մշո դաշտ իջնելըվտանգավոր է։ Խավարը ճեղքելով նա մեզ նազիկ լճի տակով առաշնորդեց մինչև Գրգուռի ծծմբագույն ստորոտները և վերադարձավ Խնուս։

Հովիվներից իմացանք, որ մեծ զորք է պաշարել Շամիրամ գյուղը, և ճանապարհը փակ է։ Գրգուռի ստորին լանջերին մի քարայր կար։ Մեր բեռները թաքցրինք այդտեղ և հովիվներից հաց վերցնելով, մագլցեցինք Նեմրութն ի վեր։ Երկու գիշեր մնացինք Նեմրութի գագաթին։ Գտա Նեմրութի այն ժայռը, որի մոտ տեսել էի Աղբյուր Սերոբին։ Այդ՛տեղ էր, որ ես առաջին անգամ սկսեցի ծխել։ Հիշեցի Աղբյուր Սերոբին ու Արաբոյի ւոուփը հանելով՝ փաթաթեցի առաջին գլանակը իմ կյանքում։

Երրորդ օրվա լուսաբացին մեր բեռները թաքստոցից վերցնելով՝ Գրգուռի լանջերով շարժվեցինք դեպի Մշո դաշտ։ Հեռվում երևում էին Ծիրնկատարն ու Ծծմակա Քիթը Մեղրի քարերով։ Այդտեղ էր Բերդակի սարը։ Այդտեղ էր Գևորգ Չաուշը իր հայդուկներով սպասում մեզ։

Հազիվ էինք պատրաստվում նետվելու Տավրոսի լանջերին, երբ սկսվեց ձյունախառն բուքը։

Be the first who will comment on this

Other parts of "Ռանչպարների Կանչը"

Yatuk Music
Circular
David Balasanyan

Circular

The uprising of the peasants of Haghpat in 1903
The uprising of the peasants of Haghpat in 1903
Play Online