Khachik Dashtens
Ռանչպարների Կանչը
26
ԱՊԱՐԱՆՔԻ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ
Բաղե՜շ։
Այդ այն քաղաքն էր, որով Քսենոֆոնից հետո Ալեքսանդր Մակեդոնացին էր անցել և Մեհմեդ էֆենդին էր հավատափոխ եղել վճռական շրջադարձով։
Ահա և Կարմրակ վանքը, որի ծերացած թթենու տակ ես ուշագնաց ողբացել Էի մի ամրոզշ գիշեր։
Մեր առաջին գործը եղավ գրոհել քաղաքի կենտրոնական բանտը։ Բայց ու՞ր Է Ռասիմ էֆենդին, որ ինձ տանջել Էր այդ բանտի մռայլ ներքնահարկում։
Միջնադարյան հինավուրց ամրոցի կողքին երևաց Խաչմանուկյանների ճաղավոր պատշգամբով ապարանքը։ Տներից մեկ-երկուսի ճակատին դարձյալ կարդացի «Շեկ Մելիքի տուն», «Արմեն Սարոյանի տուն»։ Առաջինը ձորի մեջ Էր, իսկ երկրորդը՝ Ավելի մեյդան. թաղում, բարձունքի վրա։
Իմ հայացքը սակայն գամված Էր ապարանքի խորհըրդավոր պատշգամբին։ Ոլորապտույտ սանդուղքներով շտապեցի վեր։ Իմ առջևից Սմբուլ Արշակն Էր գնում՝ մեր հեծյալ գնդի հարյուրապետը ետևից՝ իմ ձիապան Բարսեղը և Ալադին Միսակը։
Ռուս հյուպատոսի աշխատակից մշեցի Խաչման ոսկյան ի ապարանքն Էր դա։ Քաղաքի թուրք ոստիկանապետը կոտորելով Խալմանուկյանի ամբողջ ընտանիքը, տեր Էր դարձել նրա շքեղ ապարանքին։ Դուրսը սարսափելի ցուրտ Էր, իսկ ոստիկանապետը դեպքերին անտեղյակ հարբած պառկել Էր տաքուկ անկողնում ապարանքի գեղեցկուհուն գրկած։
Աղախինը, որ արթուն Էր, կարծելով, թե շեմքին կանգնածները քաղցած զինվորներ են, հայտնեց իր տիրոջը, թե դարձյալ ասկյարներ են եկել և հաց են ուզում։ Ոստիկանապետը վերմակի տակից բարձրաձայն հայհոյեց մեզ, ասելով թե երբ ամբողջ զորքը Ալի փաշայի առաջնորդությամբ գընացել Է գյավուր Անդրանիկի և Դոնի կազակների դեմ կըռվելու, այդ ասկյարները ինչու՞ են մնացել քաղաքում և առավոտ կանուխ տներն ընկած հաց են մուրում։
Լռեց թե չէ մենք ներս մտանք։ Մեր ոտնաձայնից տիրուհին կիսաթեք նստեց անկողնում, շփոթված հայացքը մեզ հառած։
Ես ամբողջ Մշո դաշտը և Սասունը ոտքի Էի տվել, բայց այդպիսի հրաշագեղ կին տեսած չկայի։
Այդ աներես ասկյարներին դուրս արա և դուռը պինդ փակիր, հրամայեց ոստիկանապետը վերմակի տակ քաշելով գեղեցկուհուն։ Ասա, թող գնան Ռահվե–Դուրան գյավուրների դեմ կռիվ։ Շուտ այդ ոջլոտներին դուրս վռնդիր։
Աղախինը մոտեցավ, որ մեզ դուրս հրավիրի, իսկ ապարանքի տիրուհին շարունակում Էր համառորեն մեր կողմը նայել։
Անո՞ւնդ, հարցրեց Սմբուլ Արշակը՝ աղախնուն մի կողմ հրելով և մոտենալով նրան։
Շուշան։
Նա Էր, այն գեղանի նորահարսը, որի ճաղավոր պատըշգամբին ես երկար նայել Էի իմ բանտի նեղլիկ պատուհանից։ Աշխարհի ամենագեղեցիկ կինն Էր Շուշանը։ Նա տեսավ, որ եկողները թուրքի նման չեն հագնված։
Սրանք ասկյարներ չեն, Անդրանիկի զինվորներն են, վեր կաց, հրեշ, ուրախաձայն գոչեց Շուշանը և վերմակը ետ քաշելով բռունցքի մի ուժգին հարված իջեցրեց ոստիկանապետի քունքին։ Դահիճը քնաթաթախ վեր թռավ։ Նա մի անզոր շարժում գործեց դեպի գլխավերևում կախված զենքը, բայց ուշացավ։
Թողեք ես սպանեմ մեր քաղաքը ավերողին և իմ տունը կործանողին, գոչեց Շուշանը և դաշույնը արագությամբ պատից առնելով անկողնում խողխողեց ոստիկանապետին։
Այստեղ ես գտա նրան։
Իմ առաջ պառկած Էր Ռասիմ Էֆենդին, այն առնետանըման դահիճը, որ հազարավոր ինձ նմաններին քշել Էր դեպի բանտ ու կախաղան։ Այդ չարագործությունների համար նրան բանտի ներքնահարկից հանելով կարգել Էին քաղաքի ոստիկանապետ։
Սմբուլ Արշակը և ձիապան Բարսեղը ճիվաղի դիակը փաթաթեցին վերմակի մեջ և պատուհանից շպրտեցին ներքև։
Ներս մտավ Շապինանդը Կայծակ Անդրեասի և Հաջի Գեվոյի հետ։ Շուշանը մերկանդամ կանգնած էր սենյակում, արյունոտ դաշույնը ձեռքին։
Այս ի՞նչ կին է, զարմացած գոչեց զորավարը հոնքը խոժոռելով։
Հայ կին է և այս ապարանքի տիրուհին, պատասխանեց Սմբուլ Արշակը։
Բայց լսվա՞ծ բան է, որ հայուհին մերկանդամ կանգնի տղամարդկանց առաջ։
Նա սպանեց իր տունը և պատիվը կործանողին, ավելացրի ես, հրամայելով Շուշանին շորերը հագնել։
Շուշանը հագավ իր շրջազգեստը ու հանկարծ պոռթկաց արցունքով և սկսեց բարձրաձայն հեկեկալ։ Ամոթի՞ց արդյոք, իր կատարած սպանության սարսափից, թե՞ կամավորներին տեսնելու ուրախությունից՝ չիմացանք։ Երբ հանդարտվեց, բացեց պահարանում փակված մի խոշոր սնդուկ, որ լիքն էր ոսկով ու հակինթով։ Մի նախշուն ծանր արկղ էլ քաշեց գորգածածկ թախտի տակից։
Մախլուտո, էս գեղեցկուհին միայն քեզ է հարմար և օժիտն էլ կա, կատակեց Շապինանդը, ոսկով լի սնդուկ՛ները ցույց տալով։ Շուշանին մենք կուղարկենք Երևան։ Երբ պատերազմը վերջանա, ձեր հարսանիքը կանենք։ Քավորն էլ ես կլինեմ։
Հետևյալ օրը Շուշանին և այդ ամբողջ հարստությունը ուղտերին բարձած Կայծակ Անդրեասի հսկողությամբ ուղարկեցինք Երևան, իսկ Շուշանի ապարանքը դարձրինք մեր սպայակույտի կենտրոնատեղին։
Նոր էինք տեղավորվել այդ շինության մեջ, երբ գեներալ Աբասովը Կովկասյան բանակի գերագույն հրամանատարին զեկուցագիր ուղարկեց, որ իբրև թե հայ կամավորները սպանել են քաղաքի ոստիկանապետին և նրա դիակը շպրտել անդունդ, և պահանջում էր, որ հայ կամավորական առաջին գունդը Բաղեշից հեռանա։
Անդրանիկը պատասխանեց, որ ինքը քաղաքը չի թողնի, որ պետք է հետաձգել առաջին կամավորական գնդի մեկնումը Բաղեշից։
Բաղեշը վերցնելու գրեթե նույն օրերին ռուս զորքը հայ կամավորական երկրորդ և երրորդ գնդերի օգնությամբ գրավել էր Կարինը և Մուշը։ Փոխարքան այդ առթիվ հրաման էր արձակել կովկասյան բոլոր զորքերին ու քաղաքներին մեծ զորահանդեսներ կազմակերպել։ Ամենուրեք խրախճանք էր և ուրախություն։ Տխուր էր միայն գեներալ Աբասովը։ Նա կանչվեց Թիֆլիս։ Սմբուլ Արշակը և կազակ գնդապետը նրան առաջնորդեցին դեպի Խլաթի ծովահայաց սարերը և վերադարձան։ Ո՞ր դավաճանն էր ազատվել մեր ձեռքից, որ ռուսական զենքի թշնամին ազատվեր։
Աբասովի գործով փոխարքան Անդրանիկին կանչեց իր նստավայրը դատի։ Զորավարը կամավորական գնդի հրամանատարությունը ինձ հանձնելով պատրաստվեց մեկնել Թիֆլիս։
Ձիու սանձը բռնած մռայլ կանգնած էր ձյուների վրա։ Գնա՞լ, թե չգնալ։ Այդ մտքերի մեջ էր, երբ սառած ձյունը Հարգվեց և նրան մոտեցավ մեր վաշտապետներից մեկը։ Հայկ Բժշկյանն էր, թավրիզեցի։ Բանվոր Հայկ էին ասում։ Պատերազմի սկզբից այդ նախկին նավթաքաշ բանվորը մի խումբ հայ կամավորների գլուխ անցնելով Հաշտարխանից մեկնել էր Բասենի դաշտ՝ կռվելու Կովկասյան ճակատում. երեք անդամ վիրավորվել էր և վերադարձել շարք։
Գլուխը վիրակապված էր, ձեռքը վիրակապով վզից կախ։
Ի՞նչ կա, Հայկ։
Ների՜ր, մեծ հայդուկ, որ հուզված եմ խոսում։ Մեր կամավորական առաջին գունդը փառավոր հաղթությամբ Բաղեշը վերցրեց,
Այո։ Սակայն մեզ այժմ առաջարկում են քաղաքը թողնել։
Եվ կարծեմ փոխարքան ձեզ կանչել է դատի։
Կանչված եմ, այո։
Խաբված ենք, մեծ հայդուկ, դաժանորեն, անխղճորեն խաբված ենք։ Բոլորս միասին ազգորեն խաբված ենք, ասաց երիտասարդ վաշտապետը։
Ուրիշ բան չասաց, միայն այղքանը և պատվի առնելով դանդաղ հեռացավ։
Հետևյալ առավոտ Դոնի կազակները սրերը քաշած աղմուկով ներս մտան Խաչմանուկյանի ապարանքը։
Ու՞ր է Անդրանիկ Փաշան։
Նրան թագավորը տվել է դատի։
Ո՞ր թագավորը։
Կովկասի փոխարքան, Նիկոլայ Նիկոլաևիչը։
Ի՞նչ գործով։ Աբասովի։
Աբասովը դավաճան է, և նա արժանի էր այլդ պատժին, միաձայն գոչեցին կազակները։ Մենք պահանջում ենք մեր Անդրանիկին։ Նա իսկական հերոս է և ոչ մի թագավոր իրավունք չունի նրան դատելու։
Ու նրանք Շուշանի ապարանքից դուրս գալով հետևյալ հեռագիրը ուղղեցին փոխարքային. «Եթե զորավար Անդրանիկը մի քանի օրից չվերադառնա Բաղեշ, մենք կլքենք ճակատը և ետ կգանք։ Իսկ եթե ետ եկանք, այլևս ոչ մի թագավոր չենք թողնի թախտին»։
Անդրանիկը երբ պալատ է մտնում, նույն պահին փոխարքային է հասնում կազակների հեռագիրը։
Դատը չեղյալ համարվեց և շուտով Շապինանդը իր ձին հեծած Երևանի վրայով վերադարձավ Բաղեշ։ Ճանապարհին նրան էր միացել Կայծակ Անդրեասը, որ ապարանքի գեղեցկուհուն առաջնորդել էր դեպի ՛Արարատյան դաշտ։ Ամբողջ ռուս զորքը, հայ կամավորները և կազակների գունդը բարձրագոչ աղաղակներով դիմավորեցին իրենց գերագույն հրամանատարին։
Բաղեշից ես և հարյուրապետ Սմբուլ Արշակը մեկնեցինք Մուշ։ Ինձ հետ Մուշ մեկնեցին նաև Ալադին Միսակը և իմ ձիապան Բարսեղը։
ԲԴԵԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ
Բաղեշի գրավման լուրը և Անդրանիկի փառավոր հաղթանակը այդ ճակատի վրա ցնծությամբ էին համակել Մուշ քաղաքի հայ բնակիչներին։ Նրանք շտապել էին Մոկունքի դաշտը մեզ դիմավորելու։
Մոկունքը այն գյուղն էր, ուր ես տեզափոխել էի առաջին ծանր արկղը ֆիդայական երդումից հետո։
Կամավորական երրորդ գունդը փետրվարի 5-ին մտել էր Մուշ։ Նրա հետ Մուշ էր հասել նաև ռուսական բանակը։ Այդ բանակի հրամանատարը ինձ այցելության եկավ իր գոհունակությունը հայտնելու Բաղեշի ազատագրման առթիվ։
Բայց ու՜ր էր իմ տեսած Մուշը։ Եվ մի՞թե այդ այն օրն էր, որ ես պետք է ոտք դնեի այնտեղ քսանհինգ տարվա բացակայությունից հետո։
Այդ նույն օրը հուղարկավորների մի տխուր բազմություն անցավ ս. Մարինեի թաղով։ Մշո մեջ մեռել էր բռնաշենցի մի հովիվ և Սև սարի մարդիկ նրան տանում էին թաղելու։
Եվ ննջեցյալն էր ծանոթ և նրա վրա դամբանական ասող հովվապետ Խոդեդանը։
Իմ հարյուրապետ Սմբուլ Արշակը, որ մասնակցել էր այդ հուղարկավորությանը, վերադարձին ինձ մի «Հիշատակարան» հանձնեց, որ իմ ձիապան Բարսեղը գտել էր Ձորաթաղի կործանված տներից մեկի ավերակներում՝ իմ ձին Մշո գետակը ջրի տանելիս։
Քեռի Բդեի հիշատակարանն էր, ավելի ճիշտ նրա հուշապատումի վերջին գլուխը, որ նա գրել էր բանտից դուրս գալուց հետո։
Առաջին գլխից միայն մի պարբերություն գտա. «Ես նըրան օրհնեցի և նա գնաց իր պայուսակը նստարանին թողնելով, Մավի աղջկան՝ գերեզմանում, իսկ իր խաղընկերներին՝ Շահկա Արո, Պզտիկ Արամ և Ճիրո՝ հայրենի գետակի եզերքին…»։ Մյուս մասերը այրված էին։ Այրված էին նաև հիշատակարանի վերջին գլխի սկզբի մի քանի էջերը։
Ինչ որ կարողացա կարդալ՝ այս էր.
«... Ոտքերը քշտած մի սասունցի ուրախ-ուրախ հրապարկն էր մաքրում թիակով, երբ մեզ դուրս բերին բանտից։ Մուշ քաղաքի բնակիչները նույնպես ուրախացել էին, որ Սասունը էրմենիստան է լինելու։ Հայ ֆիդայիները դուրս եկան իրենց թաքստոցներից։ Շատերը իրենց զենքերը վաճառեցին կամ հանձնեցին կառավարությանը և սկսեցին զբաղվել հողագործությամբ։ Ոմանք ամուսնացան, ինչպես օրինակ Մորուք Կարոն։
Բայց մի զարմանալի բան պատահեց։
Մուշի մեջ բացվեց երիտասարդ թուրքերի ակումբ և մեր քաղաքի սուլթանի նախկին գրեթե բոլոր պաշտոնյաները դարձան իթթիհատի անդամ և այդ ակումբի մշտական հաճախորդ։ Այդտեղ գաղտնի սկսեցին ելումուտ անել Խվների Ղասըմբեկը. Հաջի Ֆերոն և Սլեման Օնբաշին։
Ու մի օր հանկարծ լուր տարածվեց, թե զորահավաք է։ Մեր բոլոր արական ուժը հավաքեցին տարան բանակ։
Իմ եղբայր Վաղարշակը նոր էր վերադարձել Ամերիկայից և ապրում էր Խասգյուղում։ 1915 թվի հունիսի 20-ին, շաբաթ օրը, ես Մ ուշից Վաղարշակի մոտ ուղարկեցի իմ Գասպար որդուն, որ տասներեք տարեկան էր։
Մի քանի օր հետո Գասպարը վերադարձավ Մուշ և պատմեց հետևյալը,
«Հունիսի 25-ին Վարդավառի պահոց հինգշաբթի օրը, քուրդ ցեղապետները ժողովի կանչվեցին Խութի Մապուպնեք գյուղի մեջ։ Այդ ժողովին ներկա են եղել նաև Հաջի Ֆերոն և Ճուռո կնիկը։ Հետևյալ օրը Ֆերոն եկավ հաս գյուղ և գյուղացիներին հայտնեց. «Իմացեք, որ ձեզ պիտի կոտորեն»։
Շաբաթ օրը քսանի չափ երևելի անձեր, որոնց մեջ էին նաև Տեր Քերոբը, գնացին Քոլոսիկ հաջի Ֆերոյի մոտ, որ իրենց գյուղին պաշտպան կանգնի։ Այդ նույն օրը հազար հինգ հարյուր զինված քրդեր լցվեցին Խասգյուղ։
Վաղարշակ հորեղբորս հետ ելանք գնացինք Քոլոսիկ։ Հաջի Ֆերոն ասաց Վաղարշակին. «Գնա քյոշկը հանգիստ նըստիր»։ Կեսգիշերին Սլեման Օնբաշին Շաքիր անունով մի քրդի, որ մեր բոստանչին Էր, պատվիրեց, որ Վազարշակ հորեղբորս և ինձ տանի իր տուն պահի։ Մյուս օրը Գորդոնի ժանդարմաներից մեկը (Մեհմեդ) եկավ և Շաքիրին ասաց, «Սլեման Օնբաշին Վաղարշակին կանչում Է»։ Հորեղբայրս մենակ գնաց։ Երբ տեսա, որ ուշանում Է, ելա գնացի Գորդոնի դուռ։ Տխուր մտքերի մեջ Էի, երբ տեսա Վազարշակ հորեղբորս դուրս հանեցին Գորդոնից՝ մի չվան վիզը և թևերը մեջքի վրա իրար կապած։
Քիչ վերջը տեսա, որ Գորդոնի ոստիկան Պարտկա Ճաղոն Վաղարշակի հագուստները առած Գորդոն վերադարձավ, լըվաց, արյունը մաքրեց, հագավ նրա Ամերիկայից բերած բաճկոնը և խոսքը ընկերոջը ուղղելով՝ ասաց,
Լավ նստեց վրաս, մեջքին մի թեթև ծակ ունի, բայց կարկատանով կգոցեմ, որովհետև ինը կրականոց Էր, և հագուստը վառել է...
Առավոտյան գյուղում հայտարարեցին, թե հայ կանայք ու աղջիկները երկու օրվա ուտելիքով պետք Է գնան Բիթլիս. գերմանացու թագավորի աղջիկն եկել Է և ուզում Է նրանց տեսնել։ Մի քանի տղաների հետ ինձ Էլ աղջկա շոր հագցրին և խառնեցին Բիթլիս գնացող կանանց խմբին։ Ճանապարհին մեր կապոցներն առան և մեզ փոքրիկ խմբերի բաժանելով քշեցին դեպի Էրիշտեր գյուղի գոմերն ու մարագները։ Դռները փակեցին, զինված հսկիչներ դրին և երդիկից քարյուղ լցնելով՝ կրակ տվին։ Ես գոմի մսուրում կանգնած բերանս սեղմել Էի պատին։ Կրակն ու ծուխը տարածվեցին դեպի պատերը և ես մեջքի կողմից ուժեղ տաքություն զգացի։ Սաստիկ ճնշումից ետևի պատը փուլ եկավ և ես դուրս փախա կրակների միջից։
Հետևյալ առավոտ Սլեման Օնբաշին ինձ և Գորդոնի ծառա լալ Հասոյին կարգադրեց, որ գնանք հայերի ցրված նախիրը ժողովենք տուն բերենք։ Գնացինք մինչև Սկրագոմ գյուղի ձորը։ Հասոն գնաց դաշտի ուղղությամբ, իսկ ես իջա դեպի մեծ խանդակը։ Զարմանքով տեսա դիակների կույտեր խառնիխուռն իրար վրա լցված։ Նրանց մեջ ճանաչեցի Տեր Քերոբին, մեկ թևը կտրած, կրծքի վրա դաշույնի մի քանի Հարված։
Ճանաչեցի նաև գյուղապետ Մուքոյի և Թարղու երեցի դիակները։
Մարագների մոտ ընկած Էին մի քանի դիակներ։ Լալ Հասոն սկսեց քարերով դրանց գլուխները ջախջախել, իսկ ես զբաղվեցի Վաղարշակ հորեղբորս դիակը որոնելով։ Մի բլուրի տակ գտա այն մերկանդամ ու բաց ձգված։ Գորդոնի կողմը գնացի և հայերից թալանված մի հին կարպետ գտնելով, դիակը նրանով փաթաթեցի, հողի մի քանի կույտեր դրեցի վրան ու գյուղ վերադարձա։
Պարտկա Ճաղոն ասաց,
Ես պիտի պահեմ քեզ և այսուհետև քո անունը Հասան պիտի լինի։ Ապա հայտնեց, որ իր եղբայրը եկել է և ես իր հետ Պարտիկ պիտի երթամ։ Սայլը շարժվեց։ Հասանք Վաղարշակի ընկած տեղը և տեսա, որ քիչ առաջ վրան ձգված կարպետը առել տարել էին և դիակը թաց թողնված էր արևի տակ։
Ճաղոն Վաղարշակի նոր լվացած հագուստը փռել էր սայւԻ վրա, աչքերիս առաջ, որ չորանար, իսկ բաճկոնը հագին էր։ Դիակը տեսնելով՝ հարցրեց.
Սա քո հորեղբա՞յրն էր, որ սպանեցի։
Այո, ասացի, և նա նոր էր եկած Ամերիկայեն։
Ճաղոյի եղբայրը իջավ սայլից, մտավ մի հայի տուն, ամբարից հինգ–վեց թեռ ցորեն հանեց և մի նորածին հորթ տես՛նելով, հորթը սայլի վրա գրավ ու կովն էլ սայլին կապեց։
Պարտկա Ճաղոն երկու կին ուներ. մեկը՝ քրդուհի, մյուսը՝ թրքուհի։ Թրքուհին իմ բախտից բարի էր։ Քրդուհին ինձ հասակակից մի տղա ուներ, որին թելադրում էր ինձ սպանել։ Հաջորդ օրը, երբ գնացինք իրենց անասունները արածացնելու, այդ տղան ուրիշ երեք լամուկների հետ վրաս հարձակվեցին, որ սպանեն։ Ու ես Փախչելով շուտով ինձ գտա Խասգյուղի մեջ։
Գորդոն գնացի։ Համիդ Օնբաշին հարցաքննեց ինձ և որոշեց հաջորդ օրը Մուշ տանել։ Երկու բրիչ և երկու թիակ վերցրի և Գորդոնի մի հայ ծառայի հետ գնացինք Վազարշակի ընկած տեղը։ Մկրագոմի ճամփու վրա, մարագների տակ մի փոս փորեցինք և մարմինը դրինք մեջը։
Որովհետև ուշ էր, Տեր Քերոբին չկարողացանք թաղել։ Միայն լսեցի, որ հայ ծառան աչքերը սրբելով ասաց* «Ֆիդայու սուրը խոնարհվեց քո խաչի առաջ, որ Հաջի Ֆերոն փրկվի» բայց Հաջի Ֆերոյի սուրը ոչ քեզ խնայեց, ոչ քո խաչին»։
Ճանապարհին երկու հայ շինական Գորդոնի ձիերի համար խոտ էին հնձում։
Դուք դեռ ո՞ղջ եք և խո՞տ կհնձեք, բոռացին հեռվից դեպի Մկրագոմ գնացող մի քանի ժանդարմաներ և նրանց կըրոնքը հայհոյելով, սպանեցին երկուսին էլ։ Գերանդիները հնձվորների կողքը ընկած մնացին։ •
Մուշ հասնելուս հաջորդ օրը այլևս բացահայտ դարձավ, որ ռուսները գալիս են։ Սոսկալի իրարանցում և շփոթ սկսվեց քաղաքի թուրքերի մեջ։ Նրանք տեր էին դարձել հայերի շարժական և անշարժ անչափելի հարստությանը։ Այդ բոլորը ինչպե՞ս և ինչո՞վ տեղափոխեին։
Ով կարող էր մի բան առնել, առավ ու ընկավ ճամփա։ Շատերը հետիոտն, քչերը՝ ձիով կամ գրաստով։ Քարավանի մի ծայրը հասած էր Արածանի, իսկ մյուս ծայրը քաղաքի մեջ էր դեռ։
Թուրք մեծամեծներից ոմանք դիմում կատարեցին կառավարիչ Սերվեթ Բեյին, որ իրենք որոշած են քաղաքից չըգաղթել, առարկելով, թե այս ձյուն ու բքին ու՞ր երթան։ «Վերջին պահին մենք լեզու կգտնենք ռուսների հետ, ասել Էին նրանք իրենց դիմումի մեջ։ Ռուսները ոճրագործներ չեն, նրանք ուր մտած են, ոչ ոքի չեն դիպած»։
Համիդ Օնբաշին աոաջինը շարժվեց քաղաքից։ Նրա կինը՝ Մարճանը լաց Էր լինում ու ասում. «Այսքան առատաբուխ մի տուն ինչպե՞ս լքենք ու փախչենք»։ Բայց թնդանոթի շատ մոտիկից լսվող երրորդ որոտը արագացրեց նրա քայլերը։ Նըրանք գնացին ու ինձ Էլ իրենց հետ տարան»։
Այսքանը իմ Գասպար որդու «ոդիսականից», որ շատ երկար Է։ Եվ ես կընդհատեմ այն իմ հիշատակարանը շարունակելու համար, պատմելով այդ դեպքերին նախորդող և հաջորդող մի քանի անցքերի մասին, որոնց ականատես եղա և մասնակից, ես՝ Տարոն աշխարհի վերջին դժբախտ հուշագիրս։
«Նոյեմբերի վերջն Էր, խիստ պայծառ ու սքանչելի մի օր։ Մենք Մշո խանութների առաջ զբաղված Էինք մեր գործով, երբ քաղաք մտան մի քանի քուրդ ցեղապետներ իրենց զորքով։ Նրանք քայլեցին շուկայի երկայնքով և հավաքվեցին կառավարչական հրապարակի վրա։ Նախ եկան Ղասմրեկը և իր երկու եղբայրները՝ Մուսաբեկ և Նհոբեկ, ամեն մեկը իր հեծյալ ու հետևակ հինգ հարյուր զինվորով։ Հետո եկավ բալա քցի Ֆերոն իր որդիներով՝ Հասան և Մահմուդ, ամեն մեկը բերելով հինգ հարյուր մարդ։ Բացառությամբ բեկերի և նըրանց շքախմբերի, բոլորն Էլ անզեն Էին և իրենց ուսերին դրած Էին. մեկական երկար փայտ։
Քրդական մեծ ձիարշավ եղավ հրապարակի վրա, Ասլան Ղափլան խանի առաջ։ Ձիարշավից հետո մեր տուն հրավիրեցի բալաքցի Ֆերոյի անդրանիկ որդուն՝ Հասան աղային։ Խոսակցության ժամանակ ես նրան հարցրի.
Ի՞նչ է ձեր կարծիքը ներկա պատերազմի մասին։ Ի՞նչ եք մտադիր անել։
Մենք, իբրև ցեղապետ, շիտակ չէ, որ մեր խորհածն ու ծրագրածը ուրիշին հայտնենք, բայց քեզ իբրև վստահելի բարեկամի՝ կասեմ։ Մենք՝ քրդերս, օրվա եղանակին կհետեվենք։ Այսօր այսպես կանենք, վազն էլ, երբ որևէ փոփոխություն ստացավ երկիրը, անմիջապես շուռ կգանք դեպի այդ փոփոխությունը, այնպես, որ մեր այս սարքած խազերը հոս գալը և պատերազմի դաշտ երթալը պարապ բաներ են։ Մենք ռուս թագավորի դեմ ոչ կարող ենք, ոչ էլ ուզում ենք կռվել։ Օսմանցին մեզ չի սիրում, և մենք նրա աչքը թոզ փչելու համար է, որ այս շարժումները կանենք։
Վստա՞հ եք ռուսների գալուն, հարցրի։
Դուք այնքան վստահ չեք, որչափ մենք։ Երբ ռուսի և մեր տերության զինվորական ուժերը համեմատության մեջ կդնենք՝ ինչպես լուն ուղտի քով։ Էսօր մի մարդ էր եկել Հասան–Ղալայի կողմից. ասում էր՝ ռուս զինվորները թուրքերի պարենակիր ավանակների երկար շարանը տեսնելով իրար ծաղրանքով ասում են՝ օսմանցու երկաթուղին է գալիս, ըզգույշ, տակը չընկնես։
Երեք օր անց պաշտոնական հեռագիրը գուժեց Էնվեր փաշայի հարյուրքսան հազարանոց բանակի ջախջախման մասին Օլթիի և Սարիղամիշի տակ։ Ինքը՝ Էնվերը հազիվ է կարողացել փրկվել։ Ռուս թագավորի զորքը հասել է Հասան–Ղալա։
Ու սկսվեց նոր զորահավաք ռուսների արշավանքը կասեցնելու համար։
Ռուսների դեմ կռվելու համար օսմանցիք բերել էին նաև արաբ զորք։ Այդ օրերին Մշո շուկայի և փողոցների անկյուններում կարելի էր տեսնել շատ հիվանդ արաբ զինվորների կանգնած կամ պառկած՝ վայրկյան առ վայրկյան մահվան սպասելիս։ Մուշի հայ բնակիչներս մի քանի անգամ դիմում կատարեցինք քաղաքապետ արանին արաբներին օգնելու համար։ Հայ վաճառականներից ձրի ճերմակ կտավ էինք վերցնում և մեռած արաբներին տանում թաղում էինք հայոց գերեզմանոցներում։
Հայերին և արաբներին ռուսական ճակատ ուղարկելու դեմ խստորեն բողոքողներից մեկը Գոմս գյուղի նշանավոր երկրագործ Կորյունն էր (Գոմսա Իսոն)։
Մարտ ամսի սկզբին Աղջան գյուղի մյուդիրը քսան հեծյալ չեթեներով գալիս է Գոմս՝ նոր կռվողներ տանելու ռուսների դեմ։ Կորյունը պատասխանում է, որ բոլոր տղամարդիկ արդեն մեկնած են ճակատ, գյուղում մնացել են միայն մի քանի հիվանդ շինականներ։
Չեթեն ոստիկանները խուզարկում են տները և կռվից վերադարձած մեկ-երկու հիվանդ արաբ զինվորի և հայ շալակավորների գտնելով, ստիպում են նորից ճակատ մեկնել։ Կորյունին էլ բռնում են, որ քաղաք տանեն։
Իբրև բողոք այդ. բռնության դեմ Գոմսա Իսոն կրակի է տալիս իր տունը՝ մեջը ունենալով չեթեներին, նաև իր ախոռն ու անասունները և զենք վերցնելով՝ մեկնում է Սասուն։
Ապրիլին ձյունից ազատված էր դաշտը։ Բայց Խնուսի և Քոսուրի լեռները դեռ տեղ–տեղ ծածկված էին ձյունով։ Օսման բանակը շպրտվել էր մինչև Բլեջան սարի ստորոտը։ Մյութասարիֆ Սերվեթ Բեյը որոշեց քաղաքի երկու թնդանոթները փոխադրել Ցրոնք գյուղի կռնակը, Քոսուրի լեռներից դիմադրություն կազմակերպելով ռուսական առաջացող բանակի դեմ։
Թնռանոթների փոխադրությունը հանձնարարվեց թուրք բանակի փորձված զինվորական Կոտո Հակոբին։ Զենքը փոխադրելուց հետո Կոտո Հակոբը հայ մեծավորներին ժողովի հրավիրեց քաղաքի մոտակա հնձաններից մեկում։ Ժողովին ներկա էին ինքը՝ Կոտո Հակոբը, Կառնենու Սողոմոնը, Շահկա Արոն, Սասուն ապաստանած Կորյունը և մի քանի լեռնցի ու դաշտեցի ղեկավար ընկերներ։ Կանչված էի նաև ես։
Կոտոն ներկաներին պարզաբանեց Մ ուշին և Սասունին սպառնացող վտանգը։ Ի նկատի ունենալով, որ ցարական բանակը շատ մոտ է Մշո դաշտին և օսման բանակն ու տեղական ուժերը զբաղված են նրա առաջխաղացքը կասեցնելու գործով, Կոտոն ասաց. «Մեր բոլոր ուժերը պետք է կենտրոնացնենք և գրավենք Մուշ քաղաքը, ձեռք ձգենք զինամթերքի պահեստը, իսկ մնացյալը դյուրին է»։ Նա առաջարկեց Քոսուրա լեռների թիկունքից հարձակում գործել թշնամու վրա, իսկ քաղաքում զինարանը գրոհելով, զինել ժողովրդին և գրավել իշխանությունը։
Աստծո սիրուն, այսօր մեր օրն է, ասաց Կոտո Հակոբը, պետք է օգտվենք այս հազվագյուտ պատեհությունից և գործադրենք մեր փրկարար ծրագիրը։ Կոտոն մի քանի անգամ գոչեց, «Օսման բանակը Բուլանուխի գծի վրա շատ թույլ է։ Ճակատը հիմնականում պաշտպանվում է քրդերի կողմից, որոնք մի փոքր ճնշումից տեղի կտան և կցրվեն։ Ճակատը ճեղքելով մենք անմիջապես կմիանանք ռուս զորքին և նրանց հետ վերադառնալով կգրավենք Մ ուշը, Սասունն արդեն մեր ձեռքին է, և կփրկենք մեր ժողովրդին»։
Այս առաջարկի դեմ առարկություն եղավ։ Ընդդիմադիր հոսանքի կողմնակիցները անընդունելի և անիրագործելի համարեցին Կոտոյի բանաձևը և թելադրեցին քաղաքի և դաշտի բոլոր ուժերը փոխադրել Սասուն։ Երբ Կոտոն տեսավ, որ իր առաջարկը մերժվեց, «վայ մեզ, ասաց, ամբողջ Տարոնը գնաց ձեռքից»։
Եվ իսկապես, շուտով նպաստավոր դրությունը փոխվեց։ Ցարական բանակը կասեցրեց իր առաջխաղացքը և նրա առջևից խույս տվող թուրք և քուրդ փախստականները ողողեցին Մուշ քաղաքն ու դաշտի գյուղերը։ Մուշի մեջ երևաց Ղասըմբեկը իր եղբայրներով, որոնք ետ էին կանչված Լիզ գյուղի ռազմաճակատից։ Ետ էր կանչված նաև Բալաքցի Ֆերոն իր զինված որդիներով ու չեթեն զինվորներով։ «Մեր և ձեր մարդկանց ներկայությունը խիստ կարևոր է Մուշի մեջ», գաղտնի հեռագրել էր Մյութասարիֆը այդ ցեղապետներին։ Եվ նրանք միանալով հասնանցի ու ճիպրանցի աշիրեթապետներին՝ ներքին Բուլանուխի հայ գյուղերը կոտորելով, մեծամեծ ավարով մտան Մուշ։ Հասան աղան իր չեթեներով ուղիղ իմ խանութի մոտով մտավ հրապարակ։
Դիարբեքիրի և Բաղեշի կողմից Մուշ հասավ նաև երեքչորս հազար սև զորք, որոնց ներկայությունից սոսկաց հայ անզեն բնակչությունը։ Այդ օրերին և դրանից էլ առաջ հազարավոր հայ ընտանիքներ Մանազկերտից, Բուլանուխից, Խնուսից, Վարդովի և Բաղեշի շրջաններից եկել լցվել էին Մուշ։ Մուշ հասան նաև շատ սասունցի կանայք ՛ու երեխաներ, այն հույսով, թե քաղաքի հայությունը զերծ պիտի մնա վտանգից։
Ես ընտրված էի Զորի թաղի ատենապետ՝ գաղթականների տեղաբաշխման և պարենավորման գործով։ Շատ տներ պարպել տվինք և հատկացրինք գաղթականների։ Մի քանի հարուստ դասակարգի մարդիկ ոչ մի գաղթական ընտանիք չառան իրենց հարկի տակ։ Մենք երկու տուն ունեինք։ Մեկը, որ պարտեզի մեջ էր, ամբողջապես սասունցի ընտանիքների տրամադրեցինք՝ նրանց ապրուստն էլ մեր կողմից հայթայթելու պայմանով, քանի որ ներքին նախազգացումս ինձ թելադրում էր, թե երբ ազգային գոյությունը մեծ հարցականի տակ է, այդ պարագային այլևս ի՞նչ արժեք ունի հարստությունը կամ խնայողությունը։ Հարուստներից ոմանք մեր առաջ դուռ չբացին։ Իրենց վերին հարկի պատուհաններից մեկերկու չոր հաց էին նետում վար, հայտնելով, թե իրենց ունեցածը այդ է։ Մենք էլ իրենց տված հացերը նետում էինք իրենց երեսին ու հեռանում։ Այդ մշեցիներից մի քանիսը աղետի ժամանակ մեջտեղ հանեցին իրենց դեղին ոսկիները ու երբ տեսան, որ ոսկին էլ անզոր է իրենց կյանքը փրկելու, իրենք եղան առաջինը, որ իրենց տները հրդեհեցին և բոլորն էլ վառվեցին կրակների մեջ։
Հունիսի 27-ին հայոց առաջնորդ Հեսու վարդապետը պաշտոնական գրությամբ կանչվեց Սերվեթ Բեյի մոտ։ Հեսուն կառավարչատուն գնաց մի քանի երևելի ազգայինների հետ։ Ժողովուրդը խռնված էր առաջնորդարանի շուրջը, երբ Հեսու վարդապետը և իր ընկերները վերադարձան։ Թալիաթի մըտերիմ բարեկամ Խոճա աղայի բերանով երեք ժամ միջոց էր տրված, որ քաղաքի ամբողջ արական հայ բնակչությունը տարագրվի ավելի ապահով վայրեր, մինչև պատերազմը վերջանար։
Ըմբոստանալ, դիմադրել օգուտ չունի, ասաց Հեսուն, դիմելով հայ բնակչությանը։ Վերջապես ամեն մարդ ազատ է. ուզողը թող մնա ու դիմագրի, չուզողը թող ինձ հետ գա։
Եվ շատ երևելի մշեցիներ գնացին Հեսու վարդապետի հետ։ Բաղեշ տանելու պատրվակի տակ նրանց առաջնորդել էին մինչև մոտակա գյուղի ձորը և բոլորին կոտորել։ Ծերունի վարդապետին, ճյուպեի մեջ փաթաթելով կոխել էին տոպրակը և վրան քարյուղ լցնելով՝՝ այրել։
Կոտո Հակոբը Հեսու վարդապետին հակառակ որոշեց մնալ քաղաքում և մարտական դիմադրություն կազմակերպելով՝ ապրել կամ մեռնել ժողովրդի հետ։ Գրեթե մեկ շաբաթ քաղաքի քաջարի հայ կտրիճները Կոտո Հակոբի գլխավորությամբ կատաղի դիմադրություն ցույց տվին թշնամուն։ Քաղաքը վերածվեց փլատակների և կռվողների մեծ մասը նահատակվեց։ Նահատակվողների մեջ էր նաև պարոն Սենեքերիմը։ Գոյամարտը ղեկավարած քաջերից աղատվեցին միայն Շահկա Արոն, վարժապետ Մելքոնը և Մշո վերջին ատենապետ Հակոբ Տեր-Զաքարյանը։ Ճակատագիրը ինձ էլ դրեց նրանց շարքը, երևի նրա համար, որ իմ «Հիշատակարանը» ավարտեմ։
Գիշերով անցանք Մշո գետակը, հասանք Կողու թաղի գերեզմանոցը Սաչկի դուրանի վրա։ Բոցերի փայլից տապանաքարերը լուսավորվել էին։
Վեր կաց, Գևորգ Չաուշ, քո սիրած Մուշը վառվում է, ասաց Շահկա Արոն փարվելով հայդուկապետի գերեզմանին։ Այդտեղից ես և Շահկա Արոն, Մելքոն վարժապետի հետ Արաղ գյուղի վրայով բարձրացանք դեպի Հավատորիկ, որ մի բարձրը բլուրի գագաթին էր շինված։
Հետևյալ օրը միչև կեսօր թնդանոթները գռռացին քաղաքի վրա։ Երեկոյան երկու հարևան մշեցի տեսանք։ Կոտո Հակոբի մասին տեղեկություն ուզեցինք. պատասխանեցին, «Ցավ ի սրտե իմացանք, որ Կոտո Հակոբր և իր ընկերները նահատակված են»։ Ապա ավելացրին. «Ոստիկանները ձեր տան մոտով գնում –գալիս էին և իրար ասում. «Կոտո օղլու մեշհուր ֆիդայի վուրուլմըշ» (Կոտոյի տղա նշանավոր ֆիդային սպանված է)։ Գլխին ռուսական փափախ ուներ և միջնամատն էլ՝ կտրված։
Հավատորիկ գյուղը դեռ շեն էր։ Բնակիչները բողոքական լինելով իրենց փրկության հույսը դրել էին Գերմանիայի վրա։ Մենք սրանց անտառի մեջ ճլոներից խզեր էինք շինել և պատըսպարվել դրանց մեջ։
Մեզանից կես ժամ հեռու գտնվում էր Առաքելոց վանքը իր ամբողջ շրջապատով, որ միշտ մեր հայացքի տակ էր։
Վանքը լցված էր ասկյարներով։ Մեր գտնված վայրը բարձրադիր լինելով, նրանք մեզ տեսնել չէին կարող, տեսնելիս էլ կկարծեին, թե Հավատորիկի բնակիչներ ենք։ Միշտ կասկածի մեջ էինք, չլինի՞ թե հարձակում գործեն մեզ վրա, ուստի լեռան գագաթին դիրքեր փորել տալով, հինգ-վեց կետերում պահակներ էինք դրել զինյալ երիտասարդներից։
Այդ դիրքերից մեկի ղեկավարը Շահկա Արոն էր։
Մի օր Շահկա Արոն իր դիրքից վազեց դեպի մեր կողմը աղաղակելով՝ «Քանդու՜մ են»։
Եվ իսկապես, հուլիս ամսվա կեսերին Առաքելոց վանքի մեջ գտնված ասկյարները սկսել էին քանդել վանքի գմբեթը, պարիսպներն ու սենյակները։ Ամեն օր առավոտից մինչև երեկո հարյուրավոր չեթեններ բահ ու բրիչ առած քանդում էին հնադարյան սրբավայրը՝ մեր հերոս հայդուկների ամրոցապաստարանը։ Իմ աչքի առաջ վանքի զանգակատունը վայր ընկավ։ Հետո սկսեցին քանդել Թարգմանչաց Հուշարձանները Դավիթ Անհաղթի և Մովսես Խորենացու գերեզմանները։ Վանքի ծերունի վանահայր Հովհաննես վարդապետը արդեն նահատակված էր վանքի սեմի վրա և թաղված իր ձեռքով փորված փոսի մեջ։
Այդ փոսն էլ շուռումուռ տվին։
Հուլիսի 5-ին Հավատորիկի լեռներից անցանք Քանա լեռը, կորելով Արաղ գյուղի ձորը։ Եղեռնից ազատված քսանհինգ Հազարից ավելի փախստականներ եկել պատսպարվել էին այգ անտառների մեջ։
Քանասարի վրա այդ նույն գիշերը սպանված գտանք Սուլուխի կռվի հայտնի ֆիդայի Ալիզռնանցի Մուքոյին։ Քնած տեղը, գիշերով, ինչ–որ անհայտ մարդիկ ջախջախել էին նրա գլուխը և հեռացել։ Այդպես վերջացավ Հուռիաթից խաբված այդ հերոսական մարտիկի կյանքը։
Քանասարի վրա էինք, երբ Սասնա լեռներից լսվեց թընգանոթի որոտ։ Երեք օր վերջը որոտը լռեց։ Շուտով նամակ եկավ Սասունից, որ Կորյունը (Գոմսա Իսոն) իր քաջերով նահատակվել է և հանգչում է Հրայրի կողքին, իսկ Ստեփանոս վարդապետը, որ Հուռիաթից հետո ստանձնել էր Ճկույթ (Գոմաց) վանքի վանահայրությունը և գլուխ կանգնել Բսանաց գավառի ինքնապաշտպանությանը, ծանրորեն վիրավորված ընկած էր Անդոկի ժայռերից մեկի տակ։
Սասնո վերջին գոյամարտին հերոսաբար կռվել էր նաև Մոսե Իմոն։ Իմոն մերկերցի և ալիանցի մի խումբ երիտասարդներով ետ էր մղել քրդերի հարձակումները Անդոկի Սրբու կած կոչված վայրում։ Դավադրությամբ գերի տարվելով Սուլուխ, նա կազմակերպել էր գելեցի երեսուներկու երիտասարդների գիշերային Փախուստը դեպի Սասուն։
Մենք բաժանվեցինք երկու խմբի։ Մեկը Շահկա Արոյի հետ իջավ դեպի Մառնիկ, իսկ ես վարժապետ Մելքոնի հետ մեկնեցի Ալվառինջի լեռը։
Մեղրի ժայռերի մոտ մի քարայր գտանք։ Մի մարդ հազիվ կարող էր ներս մտնել։ Նախ ես մտա, հետո՝ Մելքոն վարժապետը։ Ներսը ավելի լայն մի տեղ գտա և տեղավորվեցի դյուրությամբ։ Գլուխս թեև վերի քարերին չէր դիպչում, բայց պառկել, երկննալ անկարելի էր։ Շարունակ մի կողմի վրա անշարժ նստած պիտի մնայինք։
Քարայրի մեջ մեր կողքին փայտե մի սնդուկ էր դրված; Բաց արինք և մեջը գտանք բրդե թել, գուլպա, ավանակի սանձ, փորքաշ, ոսկրե սանր, մի քանի արշին Ճերմակ կտավ, նաև մի հին արա և մի քանի մաշված քոլող։ Քարայրի պատից կախված էր մի մեծ ալրամաղ, գրեթե քրքրված։ Վարժապետ Մելքոնը շուռում ուռ տվեց և ասաց. «Տերգևանքցի Ռեհանի մաղն է, կորել էր Բերդակի կռվին»։ Հայտնեց նաև, որ այդ սնդուկը պատկանել է ֆիդայի Սեյդոյին և սա էլ իր քարայրն է։ Այդ նեղ անցքից է նա ներս ու դուրս արել և զենքին կռթնած հսկել Ծծմակի Ճանապարհներին։
Մեր վերևում ոտնաձայն լսվեց և մեր ականջին ծանոթ ձայներ հասան։ Քարայրից դուրս փութացինք և ի՜նչ տեսանք։ Մոտ ութսուն անձից կազմված մի խումբ դեպի դաշտ էր իջնում լեռներից։ Մի քանիսը Մուշ քաղաքից էին, օրինակ՝ զինվոր Պստիկ Արամը և Ճիրոն։ Մնացյալները ծանոթ գյուղացիներ՝ որոնցից մեկը հայտնի ֆիդայի Առղա Հորիկն էր, որի հետ բանտ էի նստած։
Պստիկ Արամ և Ճիրո։ Խենթացա նրանց տեսնելով։ Այդ երկուսն էլ մեզ հետ կողք–կողքի կռվել էին հայրենի քաղաքի պաշտպանության համար։
Ինչպես նրանց պատմածից հասկացա, Քանասարում սուր հարձակումներ էին եղել երկու պարագլուխների՝ Ռուբենի և Կոմսի դեմ, որոնք լքել էին դիրքերը և իրենց մարդկանցով փախել։ Պստիկ Արամը նրանցից անջատվելով, մի առանձին խումբ կազմած իջել էր Ալվառինջի լեռը։ Այդ խումբը Արամի և Ճիրոյի առաջնորդությամբ որոշել էր ռուսական բանակ երթալ։ Խմբի բոլոր մասնակիցները երիտասարդներ էին։
Վարժապետ Մելքոնը իսկույն միացավ նրանց։ Պստիկ Արամը ինձ էլ ընդունեց իր խմբի մեջ, բայց մի պայմանով, որտեղ չկարողանամ քայլել՝ պիտի գնդակահարվեմ, որ արգելք չլինեմ խմբի արագընթաց երթին։
Խմբի առաջնորդն ու ղեկավարը զինվոր Արամն էր, օգնականները՝ Ճիրոն և Առղա Զորիկը։ Ութսուն հոգուց երեսունհինգը զինյալ էին, իսկ քառասունհինգը՝ անզեն։ Զինյալների կեսը առջևից և կեսն էլ հետևից էր քայլում։ Այդ գիշերը, արշալույսը չբացված, մեր խումբը ամբողջ դաշտի լայնքը և Հացիկ գյուղի կիրճը կտրելով, հետևյալ արշալույսին պետք է հասներ Բլեջան լեռան տակ։
Օգոստոսի երկուսին Ալվառինջ գյուղի սարից իջանք դաշտ և Մեղրագետն անցնելով, ուղղվեցինք դեպի Քոսուրի լեռները։
Շատ մութ գիշեր էր։ բախտավոր էինք, որ լուսնյակը լուսադեմին պիտի դուրս գար։ Հացկա կիրճը բավական երկար էր և մենք արշալույսը չբացված այդ կիրճը կտրելով մտանք մի խիտ անտառ։
Երեկոյան մութին խումբը շարժվեց։ Արշալույսին հասանք Բլեջան լեռան տակ, ինչպես պայմանավորվել էինք։ Հայկը Բելին այդտեղ էր սպանել։ Բլեջան այսինքն Բելի մարմնի ընկած տեղը։ Կեսօրին սկսվեց մեր վերելքը այդ լեռան ապառաժոտ կողերն ի վեր, ուր վայրի սալորի ծառեր կային։
Այդտեղ էր, որ վարժապետ Մելքոնը, որ արդեն շատ ծեր էր և ուժասպառ, մահացավ վերելքի ժամանակ։ Մենք նրան փաթաթեցինք իր հնամաշ վերարկուի մեջ և թաղեցինք Բլեջանի լանջին, մի ճյուղատարած մասրենու տակ, կրծքի վրա դնելով Նարեկը, որ կյանքում միշտ իր կրծքի վրա էր, իսկ ծոցի մեջ «Ռանչպարների կանչը», որի հեղինակն էր նա և որի շնչով շատ երևելի մարդիկ էին կրթվել Մուշ քաղաքում։
Վերջապես, ամեն դժվարություն հաղթահարելով, իրիկնադեմին հասանք լեռան գագաթը։ Չորրորդ օրվա ցերեկը աչդ լեռան մյուս երեսին անցկացրինք։ Մ ութին հասանք Նազուկ լիճը, և նրա եզերքները քերելով շարժվեցինք առաջ։ Եղավ մի պահ, որ վազեցինք։ Ոտքերս արյունլվիկ դարձան և ես դժվարացա քայլել։ Մեջքիս գոտին քանդելով փաթաթեցի ոտքիս և մի հարմար ձեռնափայտ պատրաստելով, աշխատեցի խմբին հասնել։ Դեպի վեր մագլցած պահին ոտքս սահեց և ձեռնափայտիս գլուխը ուժով զարկվեց կրծքիս։ Ստիպվեցի նըստել, որ շունչ առնեմ։
Պստիկ Արամը ինձ նստած տեսնելով, իմ մոտ փութաց.
Եթե քովդ դրամ ունես, որևէ մտերիմ բարեկամի հանձնիր, հրամայեց։ Ես ուժ հավաքելով վեր ելա և իր հետ վազելով հասա խմբին։
Ձիերի մաշված պայտերից և մարդահասակ փորված խրամատներից պարզ դարձավ, որ Նիկոլ թագավորի զորքը եկել էր մինչև այդտեղ և նորից ետ նահանջել։ Հասանք Արածանու եզերքը և շարժվեցինք դեպի Խաթավին՝ Մանազկերտի ամենաբարձր լեռը։ Արշալույսը նոր բացված մշուշի միջից երեվաց Մանազկերտի բերդը։ Պստիկ Արամը կարգադրեց, որ խմբի ամեն անդամ Խաթավինի անտառից մեկական ճյուղ կտրի։
Այդպես էլ Այրեցինք։ Ծառերից մեկական ճյուղ կտրելով և մեր ուսերին դնելով, սկսեցինք Խաթավինից իջնել։ Պզտիկ Արամը «Զեյթու՛ն, անկախ դու Հայաստան» բարձրաձայն երգելով գնում էր առջևից, իսկ մենք ետևից «հելէ, հելէ» գոռալով՝ հաղթական իջնում էինք սարից։
Այդ թնդյունի վրա մոտակա բնակավայրից մի մարդ ժայռերը մագլցելով մոտեցավ մեզ։ Փափախից նկատեցինք, որ եկողը ռուս զինվոր է։ Նա մեզ հայերեն լեզվով բարև տվեց և հայտնեց, որ Մանազկերտի բերդը ռուսական առաջապահների ձեռքին է, և մեզ առաջնորդեց կազակ հրամանատարի մոտ։
Կազակ հրամանատարը համբուրվեց Պզտիկ Արամի, Ճիրոյի և Առղա Զորիկի հետ՝ սաստիկ զարմացած մեր առասպելական երթի վրա։
Հանգստից հետո մեզ առաջնորդեցին Դութաղ, ուր հայ կամավորական մի գունդ էր կանգնած։ Գնդի հրամանատարը Պանդուխտ անունով հնչակյան մի գործիչ էր Մշո դաշտի Հունան գյուղից։ Պատերազմը սկսվելուն պես Պանդուխտը կամավորների մի խմբով Ամերիկայից եկել էր Կովկաս և Բերդաքաղաքի վրայով շարժվել դեպի Կարին։
Իմանալով, որ մենք մշեցիներ ենք, մեզ իսկույն մշեցի կամավորների վրանը տարան։
Բոլորիս հագուստները պատառոտված էին և ոտքերը վերքերով պատած։ Պանդուխտի կարգադրությամբ բժշկական քննության ենթարկեցին մեզ և մեր վերքերը դարմանվեցին։ Միայն մեկը մեզանից չփրկվեց. դա Գոնջոյան Փասիկն էր Մուշ քաղաքից։ Նրան տեղափոխեցին դաշտային հիվանդանոց, այնտեղից էլ Սարիղամիշի հիվանդանոց և նա այնտեղ էլ մեռավ»
Հետևյալ առավոտ ես և մեր բոլոր տղաները լողացանք Արածանու մեջ և հագանք կամավորական զգեստ»։
Այստեղ քեռուս հիշատակարանը ընդհատված էր, բայց վերջում մի այսպիսի հավելված կար, որից երևում էր, որ նա Դութաղից նորից Մուշ է գնացել և իբրև ճամփացույց եղել է դեպի Սասուն արշավող գնդապետ Սամարցյանի զորքի մեջ։ «1916. փետրվարի 12-ին Մ ուշից դուրս գալով, մենք դիմեցինք դեպի Սասուն՝ փրկելու համար Մորուք Կարոյին և Չոլոյին իրենց քառասուն ընկերների հետ։ Փետրվարի 15-ին մտանք Մառնիկ։ Բարձունքը հաջորդում էր բարձունքին և մեր բեռնավորված գունդը շարան–շարան շարժվում էր դեպի վեր։ Հետևյալ օրը Կարմիր ալուջների ձորով շուռ եկանք ս. Աղբերիկի վրա։ Գնդապետ Սամարցյանը, որ Ռոստով-Դոնի հայ էր, առաջին անգամ Մարաթուկի սպիտակ գագաթը տեսնելով, իր գնդի հայ զինվորներին շուրջը ժողովելով, չոքեց Սև սարի վրա և աղոթեց.
Ես կանգնած եմ Սասնո սահմանագլխին, ասաց նա։ Դոնի–Ռոստովից ես այստեղ եմ եկել հազարավոր այրված հայ կանանց և մանուկների կանչով։ Երդվում եմ քո սուրբ գագաթներով, ով Մարութա սար, որ այսօր կամ վաղը ազատության դրոշը կծածանվի Սասունի գլխին։
Հայազգի գնդապետը ռուսերեն էր խոսում և հրամանները արձակում էր ռուսերենով։ Զինվորները պահանջում էին, որ հայերեն խոսի։ Նա պատասխանում էր. «Ես արժանի կլինեմ հայերեն խոսելու միայն այն ժամանակ, երբ իմ գունդը մտնի Սասուն։
Խութա հայտնի ցեղապետ Ղասմբեկը իր եղբայր Նհոբեկի հետ իրենց քրդական աշիրեթներով հարձակվեցին մեզ վրա, սակայն մի լավ շարդ կերան և քաշվեցին ետ։ Նորից հարձակում եղավ և այս կռվում սպանվեց Ղասմբեկը։ Եթե չեմ սխալվում, նա ընկավ գնդապետ Սամարցյանի գնդակից։
1914 թվականի պատերազմի առաջին օրերին մենք մի բաղձանք ունեինք տեր դառնալ մեր երազած Հայաստանին։ 1916-ի ձմռան և գարնան ամիսներին այդ բաղձանքը իրականացավ կարծես և մեր զորքը մտավ Սասուն։ Եղեռնը ահավոր էր, մոտ երկու միլիոն ռանչպար և արհեստավոր հայեր կոտորվեցին, բայց զգում էինք, որ այլևս հաստատուն կերպով ամրացած ենք մեր հայրենիքի վրա ու կարելի պիտի լինի ավերակների տակից կանգնեցնել մի նոր Հայաստան։
Մոտկանի հայ ռանչպարները գալիս տեղավորվում էին Բաղեշում, տարածվելով մինչև Խլաթի գյուղերը։ Վանեցիները դեպի Վան էին դիմում, մանազկերտցիները՝ դեպի Մանազկերտ։ Խնուսցիները և Մշո դաշտի վերապրածները շտապում էին իրենց փլատակները շոշափել։ Թեև ցանուցիր, սակայն Բասենից մինչև Կարին և Կարինից մինչև Չմշկածագ հայրենի երդիկներից սկսել էր նորից ծուխ բարձրանար
Ես էլ ս. Աղբերիկի ճակատամարտից լեռներով եկա տուն։ Սասնա ետևը, Կուրտիկ լեռան մեջքից գահավիժող ձորի մեջ տեսա իմ հայրենի քաղաքը։ Մշո գետակը դարձյալ գլորվում էր Ձորաթաղի միջով։ Մոտեցա իմ տան ավերակներին, ուզեցի շոշափել այն, նորից վառել իմ տան ծուխը և այլևս չիմացա, թե ինչ կատարվեց ինձ հետ»։
Այս վերջին տողերին էի հասել, երբ իմ ձիապան Բարսեղը մոտենալով հայտնեց, թե Անդրանիկը Մուշ է եկել։
Ես քեռի Բդեի ձեռագիրը դրեցի Ալադին Միսակի խուրջինը, և մենք երեքով շարժվեցինք զորավարին ընդառաջ։