Khachik Dashtens

Ռանչպարների Կանչը

23

ԱՐՏՈՆՔ

Ավա՜ղ, Գևորգ Չաուշ, դու էս ինչ անել վիճակի մեջ դըրեցիր ինձ։ Ինչու՞ խմեցիր Ալվառինջու թունդ գինին ու մեղք գործեցիր Սասնա լեռների վրա։ Այժմ ինչպե՞ս վարվեմ։ Ալա՛դին՛ Միսակին ուղարկեմ Մշեցի Տիգրանին օգնության Հեղինեին երգո՞վ փախցնելու դեպի Վան, թե նրան առաքեմ Արտոնք։

Արտոնքը կես ժամու ճամփա է Վարդենիսից։ Գեղեցիկ գյուղ է Արտոնքը, Գևորգ, և դու, երևի, շատ անգամ էիր լինում այնտեղ։ Ալվառինջու Սեյդոն Ջնդոյի հետ այդ գյուղը պիտի երթան։

Ոչ, եկ ես Ալադին Միսակին նրանց ետևից Արտոնք ուղարկեմ, Գևորգ։

Չխուրի մեջ է Արտոնքը, և այնտեղ շամբեր շատ կան։ Հպարտ են այդ գյուղի բնակիչները, այնքան հպարտ, որ արան ծածկելիս մի թևը չեն հագնում, թողնելով, որ շարժվի ետ ու առաջ։

Ու ճամփա ելան Ալվառինջու Սեյդոն և Արտոնքա Ջնդոն դեպի Չխուր, և Ջնդոյի արայի աջ թևանոցը հպարտ ճոճվում էր թիկունքից կախ։ Ու նրանց ետևից դեպի Արտոնք գնաց իմ խաղասաց Ալադին Միսակը։

1907 թվականի աշունն էր։ Կովկասից Մուշ էր եկել Զավեն անունով մի երիտասարդ գործիչ։ Եկել էր Նոր Մելիքի հետ հայ–֊քոյրդ համերաշխության դաշինք կնքելու։ Բանակցության վայրը Արտոնքն էր ընտրված։ Ու նույն օրը Արտոնք ներկայացավ Խութա բեկը հետը առած իր մի քանի ղոլամներին ու բաշ-ղոլամին, որ մեր ներկայացուցիչն էր բեկի մոտ Գևորգի ժամանակներից։

Ու թարգման դարձան Ալվառինջու Սեյդոն և Արտոնքա Ջնդոն Զավենի ու Խութա բեկի միջև։

Նոր Մելիքը համաձայնություն հայտնեց Զավենի հայտնած բոլոր գաղափարներին։ Նա հանձն առավ տաս հազար քրդերի գլուխ անցած ֆիդայիների աջակցությամբ տապալել սուլթանի կառավարությունը Մ ուշում և քրդերին ու հայերին տեր դարձնել կացության։ Ու դաշինք կնքվեց։

Դաշնագրից հետո երկու կողմերը ոգելից ըմպելիքներով ողջագուրեցին իրար և մաղթանքներ արին իրենց համերաշխության և ծրագրի հաջողության համար։

Ու երբ բալաքա քուրդը զգաց, որ Զավենն ու Ջնդոն լավ գինովյցած էին, թույլ տվեց, որ անկողին երթան։

Ուրախությունից ու գինուց հարբած անկողին մտավ նաև Ալվառինջու Սեյդոն։ Երբ նրանք հարբած քնած էին, Նոր Մելիքը կանչեց իր ղոլամներին, որ երեքին էլ քնած տեղը սպանեն։

Պատի տակ երկար սպասեց Ալադին Միսակը։ Տագնապով ու կարոտով սպասեց, որ ընկերները դուրս կգան քյոշկից։ Կեսգիշերին բաշ–ղոլամը գաղտագողի մոտեցավ երգչին և արտասուքը սրբելով լռությամբ անցավ նրա կողքով։

Ու զգաց երգիչը, որ Արտոնքա Ջնդոն ու Զավենը և Ալվառինջու Սեյդոն սպանված են։ Ու պատին հենված ողբաց Ալադին Միսակը։ Ողբաց ու երգեց մինչև լուսադեմ։

«Օ, միամիտ ֆիդայիներ, դուք ինչպե՞ս վստահեցիք բալաքա բեկին։ Քամին թիկունքից փչելիս դուք սաստկացնում էիք ձիերի վազքը, կողքից փչելիս՝ սանձերը ամուր ձգում էիք, որ թույլ չտաք ճամփան շեղեն, իսկ դեմից փչելիս՝ դառնում էիք հետևակ և ձիերը խոնարհ գալիս էին ձեր ետևից։ Ինչպե՞ս եղավ, որ չիմացաք, թե Խութա քամին ո՛ր կողմից է փչում։ Վաղու՜ց փոխված էր այն ջուրը, որ Սուլուխա կամուրջի տակով անցավ։ Ո՞ր ձին է իր ոտքը դրել առաջվա կճղակի տեղը։ Այն օրերը ուրիշ էին, երբ Նոր Մելիքը կապված էր ֆիդայիների հետ և գեղեցիկ Ջեմիլեն իր ապարանքի մեջ բուժում էր վիրավոր Գալեի թևը։ Այդ տարիներին Խութա բեկը եղբայրն էր Գևորգ Չաուշի, իսկ Ջեմիլեն՝ նրա քույրը։ Գևորգի անունը այդ օրերին սարսափ էր ձգել բեկի հակառակորդ աշիրեթների վրա, ուստի և ամուր էր այդ բարեկամությունը։ Գևորգի մահով այդ հմայքն անցավ, ինչպես ամեն հմայք ու զորություն աշխարհում, երբ նախկին տերը չկա։

Խութա բեկն ասաց, որ ինքը այդ սպանդը կատարեց իբրև փոխվրեժ Սուլուխում մահաբեր գնդակով սպանված իր եղբայր Գևորգի, բայց Գևորգի և ձեր հիշատակի առաջ նա ստեց չարաչար։

Ավա՜ղ, կործանված էր այն կամուրջը, որ դուք եկաք նորոգելու։ Նրա մի ծայրը հենված էր Միրզաբեկի տան խարդախ կրծքին, իսկ մյուսը՝ հայոց Սասնա տան ազնիվ սրտի վրա։

Միրզաբեկի տունը մի ճյուղն էր Ալադին փաշայի համբա՛վավոր տոհմի։ Նենգ էին այդ տան մարդիկ և Ալադինի կողմից վաղուց անիծված իբրև խարդախ ազգական։

Չխուրի բեկը այդ խարդախ տան գլխավորն էր և թոռը Միրզաբեկի։ Նրա նախնիները Բաղեշի ճանապարհին դարան մտած սպանել էին Ալադին փաշայի մի ազգականի և չորս եղբայրներով եկել Մուշ։ Միրզաբեկի տան մարդիկ նույնիսկ իրար հանդեպ խարդախ ընթացք ունեին։ Ու տեսեք, թե ինչ է պատմում հին երգը նրանց մասին։ Մի անգամ նրանք յոթ եղբայրներով հասան մի գյուղ և ուզեցին իրենց ձիերը ախոռ մտցնել։ Առաջին եղբայրը քաշեց իր ձին, որ ներս տանի, բայց ախոռի դուռը ցածրիկ լինելով, կոտրեց իր ձիու թամբը և մյուս վեցին չզգուշացրեց։ Երկրորդ եղբայրը քաշեց իր ձին, որ ներս տանի, սա նույնպես թամբը կոտրեց։ Երրորդ եղբայրը հետևեց սրան, սա էլ իր թամբը կոտրեց։ Ու այսպես յոթ եղբայրները իրար ետևից ներս մտնելով և իրար չզգուշացնելով կոտրեցին իրենց ձիերի թամբերը։ Ու դրանց անու՛նը այդ օրվանից մնաց «մալայհաֆգ» խարդախ Յոթ թամբերի տուն։

Ավա՜ղ, Ալվառինջու Սեյդո և Ջնդո Արտոնաց, ասենք թե «Մարալկաների երկրից» եկած մեծավորը նոր էր իջնում Մշո դաշտ և դեռ անփորձ էր, բայց դուք, որ փորձված էիք և այդքան զգաստ, ինչպե՞ս պատահեց, որ անզգուշորեն ընկաք Յոթ թամբերու տան ծուղակի մեջ։

Եվ մանավանդ դու, Ալվառինջու Սեյդո, որ գիշեր–ցերեկ չախմախլի հրացանը ձեռքիդ Ծծմակի Քիթը բռնած զգաստ հսկում էիր Ֆրանկ–Նորշենի ճանապարհներին։ Գոլ, որ մաս՛նակցեցիր Բերդակի վանքի և Շամիրամի մեծ կռիվներին, նաև Դաշտի բոլոր կռիվներին իբրև տասնապետ, դու, որ միշտ ասում էիր. «Հլա դաշնակ, հնչակ չկար մեր երկիր, մենք հեղափոխական էինք», և դու, լուսամիտ շինականդ, մի անարգ դավով զո՞հ գնաս Յոթ թամբերի տան խարդավանքին։

Ողբացեք Արտոնքի վիշտը, ողբացեք Չխուրի Վարդենիս, Ազաղբյուր և Արագիլի բույն գյուղեր։

Ողբացեք Ալվառինջու Աեյդոյի, Ջնդոյի և Զավենի մահը»։

Ու այդպես երգելով Արտոնքից դեպի Խվներ շարժվեց Ալադին Միսակը։ Նա հասավ Խութա անտառի զովասուն պուրակին, որտեղ ամեն ամռան իր կարմիր վրանն էր զար֊ կում գեղեցիկ Ջեմիլեն։

Երգեց Ալադին Միսակը ու բացվեց օրը այդ պուրակի ու աշխարհի վրա։ Բայց Յոթ թամբերի քյոշկից այլևս դուրս չեկավ ֆիդայի քրդուհին, ոչ էլ բաշ–ղոլամը երևաց շեմքին։

Արտոնքից վերադարձավ նոր Մելիքը և այն միևնույն զենքով, որ նրան նվեր էր ուղարկել Գևորգ Չաուշը, լուսաբացից առաջ սպանեց իր բաշ–ղոլամ Զմնթլիկ Սոհակին և իր կնոջը՝ Ջեմիլեին։

Ավա՜ղ, Գևորգ Չաուշ, գոլ ինչու՞ խմեցիր Ալվառինջու կարասների թունդ գինին և մեղք գործեցիր Սասնա լեռների վրա։

ՍԱՍՈԻՆԸ ԷՐՄԵՆԻՍՏԱՆ

Մենք դեռ արջի որջումն էինք, երբ լուր ստացվեց, որ Սալոնիկի բանակը մտել է Պոլիս, և սահմանադրություն է հռչակվել։ Հատուկ կոչ էր ուղղված հայ ֆիդայիներին՝ սարերից վերադառնալ իրենց գյուղերը, զենքերը հանձնել և լծվել խաղաղ աշխատանքի։

Մեհմեդ էֆենդու ցուցմունքով ես Հեղինեին Մշեցի Տիգրանի առաջնորդությամբ ուղարկեցի Վան և զենքերն ու հեռադիտակը վերցնելով, Ալադին Միսակի հետ քայլերս ուղղեցի դեպի Առաքելոց վանքի կողմերը։

Ես նման էի կիսավայրենու։ Իմ երեսը մազակալվել էր և պնդացել հողմից ու սառնամանիքից։ Ալադին Միսակը նույնպես վայրենու տեսք ուներ։ Նա կրում էր իմ տոպրակը, որի մեջ կար մի քիչ ծխելիք՝ չոր տերևից, մի կտոր կորեկհաց և կես չորթան։

Մեր վերևով քրդեր անցան։ Կանգնեցին, նայեցին մեզ, երևի ճանաչեցին, որ հայդուկներ ենք ու հանկարծ խմբով բացականչեցին. «Եկե՜ք, եկե՜ք, ազատություն է, եկե՜ք»։ Նրանցից մեկը ուղղակի մոտեցավ մեզ և առանց ուշադրություն դարձնելու մեր զենքերին ու ահարկու տեսքին, բղավեց. «Ֆիդայիները քանդեցին Սուլթան Համիդի թախտը։ Սասունը էրմենիստան է լինելու։ Հայերը, քրդերը և թուրքերը եղբայրներ են»։

Մերձակա գյուղերի ճանապարհներին լսվում էին հրաձըգության ձայներ։ Որքան մոտենում էինք Առաքելոցին, այնքան ուրախագին աղաղակները շատանում էին։ Մի թե սա այն վայրն էր, ուր ահեղ կռիվներ էին մզվել մի բուռ հայդուկների և սուլթանի զորքերի միջև դրանից ընդամենը մի քանի տարի առաջ։ Աստվածածնի մատուռի մոտով սև զորքերը սվինների վրա սպիտակ ժապավեններ ամրացրած, նվագախըմբով շարժվում էին դեպի Մուշ։ Նրանց ետևից Ճանճիկ սարի կողերով և Ծիրնկատարի լանջերով սասունցիների խմբեր էին անցնում։

Նրանք էլ շտապում էին Մուշ հասնել։

Շուտով ամբողջ վանքը և նրա շրջապատը դատարկվեց։ Թարգմանչաց գերեզմանատանը մեն մի ծերունի մնաց ձեռնափայտով։ Դավիթ Անհաղթի դամբարանի մոտ կանգնած նա լուռ նայում էր մի ահռելի փոսի։ Վանքի միաբանության ավագ Հովհաննես վարդապետն էր։ Փոսը ինքն էր փորել։ Նրա եզրին դրված էր մի տապանաքար հետևյալ արձանագրությամբ. «Սա է տապանն ի տեր հանգուցյալ Հովհաննես վարդապետի յա մեն... » մահվան թվականը բաց էր թողնված։

Հայր սուրբ, ասացի, մի թե այս ուրախությունը արձագանք չունի ձեր սրտի մեջ։ Մոռացեք այդ փոսը, չէ որ Հայաստանի վրա արշալույս է ծագել։

Իմ արշալույսը այս փոսի մեջ է, առանց գլուխը բարձրացնելու շշնջաց ծերունի վանահայրը ձախ ձեռքը կոխելով իր կուրծքը վերմակի պես ծածկող սպիտակ մորուքի տակ։

Վանահորը թողնելով իր փոսի վրա, ես և Ալադին Միսակը շտապեցինք ֆիդայիների մոտ։ Մենք նրանց գտանք ս. Կարապետի անտառի ծառերի տակ։ Ամեն մեկը մի սարից ու ծերպից էր եկել և կոճղերի ու քարերի վրա ցաքուցրիվ նստած ինձ էին սպասում։

Միայն Լաճկանցի Արթինն էր բացակա։

Ես նրանց հայտնեցի, որ Սուլթան Համիդը գահընկեց է ՝ արված, վաղը Մշո մեջ տոնահանդես է լինելու և մեզ հրավիրում են մասնակցելու այդ հանդեսին և վայր դնելու զենքերը։

նկատեցի, որ իմ խոսքի ժամանակ բոլորը գլուխները կախ գցեցին, ամեն մեկը կարծես մտասևեռ նայելով իր առջև բացված աներևույթ մի փոսի։

Դուք բոլորդ ճանաչում եք վանքի միաբանության ավագ Հովհաննես վարդապետին, շարունակեցի ես դիմելով նրանց։ Այնքան բարի մարդ է այդ ծերունին, որ մեր ուխտավորները նրան հաճախ շփոթում են վանքի տաճարի հետ.. փոխանակ վանքին երկրպագելու, նրան են երկըրպագում՝ անվանելով «Առաքելոց սուրբ»։ Երեկ, երբ Ալադին Միսակի հետ անցնում էինք Թարգմանչաց հուշարձանների մոտով, մենք Հովհաննես վարդապետին տեսանք իր փոսի առաջ կանգնած։ Երբ ես նրան հիշեցրի Հայաստանի վրա բացվող արշալույսի մասին, հայր սուրբը պնդեց, թե այդ փոսի մեջ է իր արշալույսը։ Ձեր մտասևեռ հայացքներին նայելով, ես այդ ծերունի վարդապետին հիշեցի։ Ինչու՞ եք գլխահակ վար նայում։ Փոսե՞ր կան ձեր առաջ և այնտե՞ղ է միթե ձեր արշալույսը։ Բոլորդ էլ ինձ նման վայրենի տեսք ունեք, իսկ վայրենին հանդուգն է լինում։ Հարցը պարզ է դրված. մեզ հրավիրում են իջնել լեռն երից, զենքերը ցած դնել և լծվել խաղաղ աշխատանքի։ Արհեստավորը պետք է իր արհեստին դառնա, ռանչպարը՝ իր մաճին։

Ես իմ զենքը ցած չեմ դնի ու սարերից չեմ իջնի, առաջինը խոսեց Փեթարա Ախոն։ Իմ առջև փոս չկա։ Իմ արշալույսը հայ ժողովրդի ապագայի մեջ Է։

Մենք մեր նպատակին հասած կլինենք, երբ հայ իշխանություն լինի, հայ զենք լինի ու մենք գերի չլինենք բեկերին ու աղաներին, վրա բերեց Ֆրանկ–Մոսոն։

Սահմանադրություն արին, որ ֆիդայիները թասլիմ լինեն և իրենք իրենց ուզածն անեն մեր ժողովրդի գլխին, դժգոհեց Մորուք Կարապետը և սասունցիներին կոչ արեց զենքերը չհանձնել։

Մլեմ Հուռիաթ, կարճ կապեց Չոլոն։ Առանց Սեյդոյի էլ ի՞նչ Հուոիաթ։

Դու Սալոնիկի մեծերին ասա, որ ֆիդային միայն այն ժամանակ իր զենքը կհանձնի, երբ չված կլինի աշխարհից։ Քանի ողջ է, նա իր զենքը ցած չի դնի։ Խոսողը Հաջի Գևոն էր։

Ա՜խ, երբ կգա էն օրը, որ արդարության աքաղաղը կանչի, և ես իմ գտած ցորենը շաղ տամ ազատ Հայաստանի դաշտերում, հառաչեց Կուրավա Շմոն։

Էդ օրը երբեք չի գա առանց զենքի, շպրտեց Կարոն։

Էսօր ֆիդային կա, վաղը նրա ջանդակը անծեղին ու մուկլեզին պիտի բաժին դառնա։ Եկեք վերջ դնենք էս թափառական կյանքին, հանձնենք մեր զենքերը և դառնանք տուն, առաջարկեց Ալիզոնանցի Մուքոն։

Քառասուն տարի ֆիդային թասլիմ չի եղած։ Մենք ուխտ ենք արել զենքով մեռնելու, դու ի՞նչ խղճով քո զեն՛քը համաձայն ես օսմանցուն տալ, Ալիզռնանցի Մուքոյի առաջ ցցվելով տաքացած խոսեց Կայծակ Անդրեասը։

Ես տուն դարձող չեմ։ Նորից տուն ու տե՞ղ՝ դժվար բան է։ Էլի կառնեմ իմ զենքը ու կընկնեմ սարեր։ Չեղավ-չեղավ, Սեբաստացի Մուրադի կամ Քեռու մոտ կերթամ, հարեց Կարկուտ Թադեն և իր չախմախլին առնելով հեռացավ։

Փեթարա Մանուկին հարցրի, թե ինչ է մտադիր անելու։ Մանուկն ասաց. Անհավատալի բան է, որ ռոմի թուրքը Սասունը և Մուշը իր կամքով Էրմենիստան շինի։ Մի բան ասեմ, լսեք. դուշմանը, որ քո ուզածը չտված կսիրե քեզ՝ վախեցիր, և այդ կեղծ սիրո ժամանակ կացինը գլխին իջեցրու։ Դուշմանը, որ քո ուզածը չտված ատամներ ցույց կտա քեզ նրանից զգուշացիր։ Դուշմանը, որ քո ուզածը կտա, նրան հավատա և հետը բարեկամացիր։

Ուրեմն դու Հուռիաթից սպասելիք չունե՞ս, հարցրի։ Մանուկը կրկնեց Չոլոյի կարճ խոսքը սև մազոտ աբան ուսերին քաշելով։

Իսկ եթե պահանջեի զենքերը հանձնել և տուն դառնա՞լ։

Ես տուն դարձող չեմ։ Ես էս երկրռւմ այլևս ապրող չեմ։ Կերթամ Ռուսիա, մարալկաների երկիր։ Ինձ էնտեղ ճանաչող չկա, ասաց փեթարացին։

Իսկ դու, Իսրո՞։

Ես լե մլեմ Հուռիաթ։

Չոլո, դու՞։

Ես կերթամ մեր սարերը չոբան կլինեմ։

Ֆրանկ–Մոսոն ասաց. Եթե պահանջվի զենքերը հանձնել, ես կվերադառնամ Նորշեն իմ Կաքավի մոտ։ Հեչ որ չեղավ, մեր գյուղում գրագիր կամ գզիր կլինեմ, մինչև որ ճրագով էլի մեր ետև ընկնեն։

Իսկ ես կերթամ Ամերիկա, ասաց Բամբկու Մելոն։ Աշխարհը հո չկործանվե՞ց։ Ֆիդայու օրերը նորից պիտի գան։ Երբ ժողովուրդը նեղն ընկնի, նորից մեր հրացանը մենք պիտի բռնենք։

Ամերիկա՞։ Ի՞նչ պակաս տեղ է Խասգյուղը, որ կուզես Ամերիկա երթալ։ Մի բան պատմեմ դրա մասին։ Մի զիլանցի քուրդ, որ առաջին անգամ էր ջրաղաց տեսնում, պըտըտվող ջրաղացքարին նայելով զարմացած հարցնում է. էս ի՞նչ բան է։

Սուրբ է, ասում են նրան։ Զիլանցին չոքում և համբուրում է քարը։

Էս սրբին հեռվից պիտի պաշտել, ասում է քուրդը ցավից գռռալով և արյունոտ շուրթերը հազիվ պոկելով պըտըտվող քարից։ Ամերիկա ասածդ էդպիսի տեղ է, ասացի ես։

Մի պահ բոլոր հայդուկները լռեցին։ Բամբկու Մելոն Ֆրանկ–Մոսոյի գլխի վրայով հայացքը հառել էր դիմացի կաղամախու կատարին, ուր մի քարանծեղ էր թառած։ Կարծես այնտեղ էր Ամերիկան։ Կայծակ Անդրեասը սուր, երկար բեղերը նիզակների պես դեպի ականջները ցցած, մտքով սլացել էր դեպի Խլաթի սարերը, իսկ Հաջի Գևոն Հանգած ծխամորճը ձեռքին, իր լոլոն էր շվացնում Արծիվ Պետոյի ականշի տակ։ Չոլոն կարգի էր բերում իր ուսապարկը։ Մորուք Կարոն և Ախոն խրատում էին Փեթարա Իսրոյին զենքը չհանձնել։ Փեթարա Մանուկը Ալադին Միսակի կողքին նստած շարունակում էր մտասևեռ նայել իր աներևույթ փոսին։ Ասորի Աբդելոն մի չախմախլի գրկած սպասում էր իմ կարգադրու՛թյանը։

Մտածմունքի մեջ էր նաև ձիապան Բարսեղը, աչքի տա֊ կով հսկելով, որ ֆիդայիները վառված ծխախոտները ձեռնափերի մեջ պահեն գոնե վերքին անգամ։ Նրա կողքին կնճիռները կախած իր հրացանն էր շոկում Աղջնա Վահանը։

Բոլորը դժգոհ էին «Հուռիաթից»։

Ամենից ծանրը, սակայն, «Բրինդարի» վիճակն էր։ Որքա՜ն չորացած ճյուղեր էր կեղևել, որ անծուխ կրակ շինի ֆիդայիների համար, որքան ավելորդ բեռներ էր շալակել ու տեղից աեզ տարել, որ իրեն մի հրացան արտոնվի որևէ ճակատամարտում իր քաշությունը ցուցաբերելու։ Եվ, ի՜նչ, «Հուռիաթ» էր հայտարարված և ֆիդայիներին կոչ էր արված զինաթափ լինել։ Ի՜նչ պիտի անի, ու՞ր պիտի գնա։ Եվ գնալիս ինչո՞վ պիտի պարծենա հայրենակիցներին։ Ասի, որ տարիներով կրակ է վառել Մառնկա անտառում, ոչ մի գնդակ չարձակելով, ոչ մի սպի չունենալով իր վրա։ Եվ անունն էլ որքա՜ն հեգնական է «Բրինդար»՝ այսինքն վիրավոր, երբ ոչ մի վերք ստացած չկար կյանքում։

Եվ նա որոշեց գնալ Խնուս, իր հայրենի գյուղը՝ Հարամիկ։ Ականջիս ասաց, որ երևի կգնա Պոչիս որևէ դպրանոցում ուսանելու, իսկ թե դրանից հետո ինչպես կդասավորվի իր կյանքը՝ հայտնի չէ։

Իմ վիճակը ծանր էր։ Ֆիդայիներին արձակելով ես ինքս դառնում էի անուժ և միանգամայն անպետք մարտական կյանքի համար, թեև վերքերով հարուստ։

Բաժանվեցինք երեք խմբի.

Ալիզռնանցի Մուքոն, Ֆրանկ–Մոսոն և Աղջնա Վահանը որոշեցին զենքերը ցած դնել և վերադառնալ տուն։ Բամբկու Մելոն որոշեց մեկնել Խասգյող, որ պատրաստվի Ամերիկա գնալու։ Անդրեասը բռնեց Խլաթի ճամփան։

Հաչի Գևոն գնաց Մառնկա սարերը, իր լոլոն շվշվացնելու։

Մտմտուքների մեջ էր նաև Կուրավա Շմոն։ Նա էլ գնաց դեպի այն քարուտները, որ իր գտ՛ած հնագույն ցորենը ծածուկ մշակի, մինչև կգա իր երազած բաղձա լի օրը և ինքը այդ ցորենը շաղ կտա ազատագրված Հայաստանի դաշտերում։

Փեթարա Ախոն, Չոլոն, Մորուք Կարապետը և Արծիվ Պետոն Փեթարա Մանուկի գլխավորությամբ դիմեցին Սասուն։

Իսրոն էլ մեկնեց։

Ամեն մեկը գնաց իր ուզած ձևով արշալույս որոնելու։ Իսկ ես Ալադին Միսակի և մյուս հայդուկների հետ (մեզ հետ էին նաև քուրդ Հասանոն և ասորի Աբդելոն), փոխանակ Մուշ գնալու, բռնեցինք Տատրակ գյուղի կածանները։

ՇԱՂԳԱՄԻ ԾԻԼԸ

Զմոյի մոտ, որ նայում էր ճանճիկ սարի լերկ կողերին, Մշո կողմից եկող մի տղամարդ երևաց՝ թիակը ուսին։

Ֆադեն էր։

Մասնակցել էր Սահմանադրության տոնահանդեսին և զըվարթ տրամադրությամբ վերադառնում էր Սասուն։

Սուլթանն ընկավ թախտից, աղաղակեց նա, Տալվորիկը Էրմենիստան է լինելու։ Հենց այս գիշեր Սասունում շինված բոլոր զորանոցները պայթեցնելու են, ասաց Ֆադեն։ Էլ աշխարհում թոփ ու թվանք չի լինելու և ինքը վաղվանից Խտանա կածից իջնելու է իր պապական հողերի վրա։

Ֆադեն դարձյալ գդակը թեք էր դրած և ոտքերը քշտած էին։

Տոնահանդեսը որտե՞ղ եղավ, հարցրի։

Մշո Ասլան–Ղափլան խանի մոտ, կառավարչատան առաջ։

Ովքե՞ր կային ամբիոնի վրա։

Բոլորն էլ ամբիոնի վրա էին Սալեհ փաշան, Սերվեթ բեյը, Մեհմեդ էֆենդին, բալաքցի Ֆերոն, Սլո Օնբաշին, Ռասոզ էֆենդին։

Իսկ ո՞վ ճառ ասաց։

Սալեհ փաշան։

Ի՞նչ ասաց փաշան։

Փաշան ասաց, որ Սահմանադրության արևը բոլորիս համար է ծագել և բոլորիս հավասար է տաքացնելու։

Եթե սուլթանի թախտը իսկապես փուլ է եկել, նկատեցի ես, ուրեմն քո թված այդ բոլոր մարդիկ պետք է նրա փլատակների տակ լինեին և ոչ թե ամբիոնի վրա, ուր միայն հերոսներն իրավունք ունեն կանգնելու։ Ուրիշ ի՞նչ ասաց փաշան։

Սալեհ փաշան խմեց հայ ֆիդայիների կենացը և ճառը վերջացրեց այսպես. «Յաշասըն էրմենի ֆիդայլար։ Յաշասըն հուռիեթ»։ Այդ խոսքի վրա բոլորը ուռա գռռացին, ամեն մեկը իր լեզվով և իր թոքերի կարողության չափով։

Ջնդոյին սպանող Ղասմբե՞կն էլ ամբիոնի վրա էր։

Ամենից բարձր գոռացողը նա էր։

Հետո ի՞նչ եղավ։

Էն եղավ, որ իմ աչքի առաջ Հեսու վարդապետն ու Սալեհ փաշան համբուրվեցին։

Ուրեմն Հեսու՞ն էլ այնտեղ էր։

Նա ուշ եկավ և կանգնած էր Մեհմեդ էֆենդու և Ղասըմբեկի կողքին։ Երբ Սալեհ փաշան ասաց՝ «Այլևս խտրություն չպիտի լիսի թուրքի և հայի միջև, բոլորս էլ հավասար ենք օրենքի առջև և իրարու եղբայր»՝ գրկեցին իրար ու համբուրվեցին։

Ֆադե, ասացի, դու իմաստուն մարդ ես, վերջը ինչպե՞ս է լինելու էս աշխարհի բանը։

Աշխարհի բանը վերջանալու է թիակով։ Թիակն է տիրելու աշխարհին։ Վարդապետ, քավոր, թագավոր, թոփ ու թնդանոթ բոլորը էս թիակի շեղբին են նստած։ Ջրի խշշոց և թիակի զնգոց է՛ս է աշխարհը, ասաց Ֆադեն։

Նա մեջքով կանգնած էր դեպի իմ կողմը և ճակատը բարձր պահած նայում էր հայրենի լեռն երին։ Հեռվում Խտանա լեռան արևոտ լանջին ծփում էր մի փայլուն լճակ այգ իր գարու արտն էր։ Կախված ժայռերի ու քարափների կողերով իրար պոզահարող սպիտակ այծերի պես աղմկալի վազում էին կոհակները այն առուների, որ ինքը շատ անգամ նորոգել էր, երբ քանդվել էին հեղեղից։ Ստվերի մեջ ընկնելով նրանք մերթ նմանվում էին ձորերն ի վար սլացող մորուքավոր սև այծերի և մերթ շիկակարմիր ուլերի՝ ծաղիկներից ու լույսից կարմրելով։

Հայացքը շքեղ տեսարանից սահելով դեմ առավ մի գորշ զորանոցի, որ բռնությամբ շինված էր իր շաղգամի արտի մեջ։

Վաղը դու Տալվորիկում այդ շինությունը չես տեսնի, ասաց Ֆադեն։

Իսկ դու հավատու՞մ ես, որ զորանոցները պիտի քանդվեն։

Հենց էս գիշերը սուլթանի զորքը քաշվելու է Սասունից։

Որ Տալվորիկի զորանոցը քանդվի, տեղը ի՞նչ պիտի ցանես։

Շաղգամ։ Խտանա կածի և բոլոր առուների ջրերը պիտի կապեմ վրան, որ վառոդի հոտը կտրվի աշխարհից և տեղը շաղգամ պիտի ցանեմ։

Բանտե՞րն էլ են քանդելու։

Սուլթանի երկրռւմ այսուհետև ոչ բանտ է լինելու, ոչ զորք ու զորանոց։ Բերդարգելված բոլոր ֆիդայիները ազատ արձակվեցին։

Եվ դու տեսա՞ր նրանց։

Մշո բանտին կից հրապարակի մեջ թուրք դատախազը քաղաքական բանտարկյալների անունները մեկիկ-մեկիկ կարդալով, բանտի նեղ դռնով նրանց դուրս հանեց։

Իսկ դու ու՞մ ճանաչեցիր։ Առաջինը ո՞վ դուրս եկավ։

Առաջինը ելնողը Տեր Փոթորիկն էր։

Հետո՞։

Երկրորդը Կառնենու Սողոմոնն էր՝ բոլորովին ճերմակ մազերով, երրորդը՝ Սեմալցի Քյաթիպ Մանուկը։

Ուրի՞շ։

Հետո բանտից ելան Ավրանա Արամը, Ցրոնաց Մուշեղը, Բդե Միսակը և Առղա Մամիկոնյան Զորիկը, որ հարյուրմեկ տարով էր նստած։ Զորիկը նախշուն Հուլունքից մի սիրուն ֆես էր գործել բանտապետի տզայի համար մեջիթն ու մինարեն գագաթին՝ մոլլեն վրեն ալլահ կանչելիս։ Շեմքի վրա տվեց բանտապետին ասելով՝ «Առղա Զորիկից հիշատակ սուլթանի բանտից»։

Բայց դու ի՞նչ գործ ունեիր բանտի հրապարակում։

Վա՜հ, էս գործիքն ունեցողի՞ն էլ կասեն՝ դու ինչ գործ ունեիր։ Կանչեցին, որ հրապարակի աղբը մաքրեմ։

Ու թիակը հպարտորեն ուսին շտկելով դեպի Տալվորիկ ընթացավ ջրտուքվար Ֆադեն։ Գնաց քանդելու սուլթանի զինվորանոցը, որ տեղը շաղգամ ցանի…

Հետևյալ առավոտ բանտերից ազատ արձակվածները տուն վերադարձան։ Վերադարձան նաև հայդուկային շարժումներին օժանդակելու մեղադրանքով դատապարտված շատ ռանչպար գյուղացիներ։

Այդ նույն օրը ռոմի օրդաները վաշտ առ վաշտ քաշվեցին Սասունից։ Երբ նրանք հեռացան, գելեցի շինականները մի գիշերվա մեջ իրենց զորանոցը քարուքանդ արին։ Ավերակների կույտերի վերածվեցին նաև Սեմալում և Իշխանձորում շինված զորանոցները։ Ջրտուքվար Ֆադեն հողմի պես իջավ սարից և տալվորիկցիներին միացած կործանեց Վերին գյու՛ղի զինվորանոցը։ Մինչև վերջին քարն ու կիրը մեջքով կրեց թափեց ձորը և լեռնային առուների հորդ ջրերը կապեց վրան։

Լվաց, մաքրեց կարծրացած գետինը, բահով շուռ տվեց զորանոցի հիմքից ազատված հողը, մի քանի անգամ հերկեց, ցաքնեց, ակոսներ քաշեց նորաբաց արտի մեջ, իսկ երկու–երեք օրից հետո այդ հողի ծոցից, ինչպես հավերժական գարնան՝ ավետաբեր, երևաց շաղգամի կանաչ ծիլը։

Ես իմ ֆիդայիներին առած մոտեցա Տատրակ գյուղին։

Be the first who will comment on this

Other parts of "Ռանչպարների Կանչը"

Yatuk Music
Symphony N3
Avet Terteryan

Symphony N3

The uprising of the peasants of Haghpat in 1903
The uprising of the peasants of Haghpat in 1903
Play Online