Хачик Даштенс

Ռանչպարների Կանչը

5

ՇԱՊԻՆԱՆԴ

Այդ կրակոցի հաջորդ օրը Սերոբ Աղբյուրն ինձ մի կոտրած հրացանի կոթ տվեց, որ տանեմ նորոգելու։

Վարպետ Շապինին կտաս, ասաց ու ձեռքով ցույց տվեց իմ գնալիք տեղը՝ Տալվորիկի ուղղությամբ։

է, ասացի ինքս ինձ, եթե Խլաթից հասել եմ մինչև Գելի, ուրեմն կարող եմ նաև Տալվորիկ գնալ։ Մարդ ինչքան շատ աշխարհ տեսնի, այնքան Լավ։

Ու բռնեցի Տալվորիկի ճամփան։ Անցա Ղարիպշան, Մխիթար և Տեղ թաղերը և սկսեցի Անդոկով բարձրանալ։ Խտանա կածը շուռ էի գալիս, երբ մեկը իմ թիկունքից գոռաց։

Նայեցի տեսնեմ՝ մի ջրտուքվար է։

Դեպի ու՞ր։

Տալվորիկ կերթամ, ասացի։

Ա՜յ ծուռ, ասաց, քո գնալիք տեղը Տաղվրնիկն է և ոչ թե Տալվորիկ։

Հասկացա, որ սխալ եմ եկել և ետ դառնալով քայլերս ուղղեցի դեպի Տաղվրնիկ։ Երանի նրանց, որոնք շուտ են ուղղում իրենց սխալ ճամփան։

Տազվրնիկը Գելու թաղերից մեկն էր։ Այն տունը, որ պետք է գնայի, թառած էր մի բարձրիկ ժայռի։ Հաստ պատերով տուն էր, ճակատով դեպի հարավ։

Շեմքի մոտ նստած էր մի տղամարդ՝ մի ձեռքը նեցուկ արած գլխին, մյուսով ծխամորճը պահած։ Ոտքերը խոշոր էին, մեծ տրեխներով։ Կորացած մեջքը և զորավոր թիկունքը հսկայի երևույթ էին տալիս նրան։ Կարծեցի, թե իմ ոտնաձայնից ուշքի կգա, բայց տեղից չշարժվեց։ Երևի քնած էր։

Համարձակ մոտեցա շեմքին։ Դուռը մի փեղկանի էր, ընկույզի երեք հաստ տախտակներից շինված։

Հրեցի և ներս մտա։

Փողանը մութ էր։ Ամբողջ երկայնքով վառելափայտ էր դարսված, մեծ-մեծ կոճղեր և չորացած ծառեր։ Թեքվեցի դեպի ձախ և մտա տան գլխավոր մասը, ուր թվեկն էր՝ օջախը։ Ամբարը և մառանը մնացին աջ թևի վրա։ Թվեկը պատի մեջ էր, կիսաղեղի ձևով և բուխարիկով միացած երդիկին։ Սալաքարը դեռ տաք էր, երևի կրակը նոր էր հանգել։ Կողքին գաթաներով լի մի տաշտակ կար՝ ընկուզենու կանաչ տերևներով ծածկված։ Քանի որ սասունցու տուն եմ մտել և նոր թխած հաց կա, եկ դրանցից մեկը ուտեմ։ Եմ ասելն ու տաշտակից մի գաթա վերցնելը մեկ եղավ։ Բայց հանկարծ վարանեցի։ Չլինի՞ թե սխալ տուն եմ մտել։ Արագ նետվեցի դեպի փողանը, որ դուրս գամ։ Դիպա մի սյունի և մի բան վայր ընկավ։ ճրագն էր։ Ի՜նչ արած, որ անծանոթ տանը մի գաթա եմ կերել կամ մի հողե ճրագ եմ շուռ տվել մութի մեջ։ Սասունցու տունը միշտ բաց է, իսկ սիրտը այնքան ճրագներ ունի, որ կարող է ամբողջ աշխարհը լուսավորել։ Ձեռքս տարա դեպի սողնակը, որ դուռը բանամ։ Մի խուլ թխկոց դիպավ ականջիս։ Պատի մեջ բացվեց մի դուռ, որը ինձ տարավ դեպի մի ընդարձակ աչք. ախոռն էր։ Գլուխս կամաց ներս մտցրի։

Մի մարդ ախոռի վերին անկյունում նստած ինչ-որ բան էր շինում։ Գոմը մութ էր և ես նրան տեսնում էի կիսաստվերի միջով։ Ինձ օգնում էր արևի շողքը, որ թեքությամբ իջել էր նեղլիկ շբաքից։ Հատակը սալած էր անտաշ քարերով։ Թացությունից այդ սալաքարերը տեղ-տեղ փայլում էին, մանավանդ մսուրի մոտ, ուր մի մարդ էր նստած՝ արևի շողքը ճակատին։

էստեղ ո վ կա հրացանի կոթ շինող, հարցրի ես, մսուրի կողմից զգուշությամբ մի քանի քայլ առաջանալով։

Բեր, վարպետ Շապինը կշինի, ձայն տվեց գոմի կիսաստվերում զբաղված մարդը առանց գլուխը բարձրացնելու։

Անծանոթ արհեստավորը բանում էր տակը փռած մի թաղիքի վրա։ Ձեռքին եղածը մի հին փակաղակ էր, որ նա նորոգելով աշխատում էր տեղը գցել։ Թիկնեղ տղամարդ էր, ճակատը լայն, փոքր-ինչ կլոր դեմքով, բեղը շեկ և սրածայր ոլորած։ Գլխի սև մազերի միջից սպիտակին էր տալիս մի լուսնաձև ճաղատ։ Կողքին մի սնդուկ կար փոքրիկ գավը վրան, իսկ մեջքի ետևը՝ թամբաձև մի կոճ, որ հյուսնի գործասեղանն էր հիշեցնում։

Վարպետ Շապինը գարահիսարցի էր։ Տակավին պատանի փախել էր իր ծննդավայրից և երկար թափառումներից հետո եկել էր Սասուն։ Լսել էի, որ նա հյուսնի որդի էր և Սասունում գլխավորապես իր հոր արհեստն էր բանեցնում։ Միաժամանակ հրացանի կոթ շինող էր և հրազենի կոտրած մասերը վարպետորեն նորոգող։ Ու այժմ աչքով տեսնում էի նրա ձեռքի գործը։

Փաշեն տվեց, ասացի ես և հրացանի խզակոթը տոպրակից հանելով՝ մեկնեցի նրան։

Փաշեն ո՞վ է։

Նեմրութի Սերոբը։

Բոլորը փաշա են դարձել։ Չլինի" թե դու էլ ես ուզում փաշա դառնալ, ասաց նա փակաղակը ձեռքին հարցական նայելով ինձ։

Ոչ, ես մի հասարակ ընտանիքի զավակ եմ։

Արհեստ ունե՞ս։

Սոլկար եմ, ասացի։

Լավ արհեստ է և կյանքում շատ պետք կգա։ Իսկ կարդալ գիտե՞ս։

Գիտեմ, ասացի։

«Շունն ու կատուն» կարդացե՞լ ես։

Այո։

Իմ ոտնամանը ծակվել է, կարո՞ղ ես կարել, հարցրեց նա։

Կարող եմ, բայց ձեռքիս գործիք չունեմ։

Ես ունեմ, տղաս։ Դ՛ու նստիր քովս և իմ կոշիկը նորոգիր, մինչև ես քո փաշի հրացանի կոթը շինեմ։ Ասաց և կոշիկը ոտքից հանեց։ Մեջը ավազ էր, թափ տվեց և հանձնեց ինձ։ Ես հասկացա, որ նա ավելի շուտ ինձ փորձելու համար այդ առաջարկը արեց, քան թե լրջորեն ուզում էր, որ ես իր ոտնամանը կարեմ։ Զինվորական մի մեծ պայուսակ ուներ մոտը։ Գործիքները հանեց և ես, իր կողքին նստելով, սկսեցի նորոգել իր ոտնամանը։

Մենք աշխատում էինք միասին։ Վարպետ Շապինը փակաղակը տեղն էր գցել և զբաղված էր Սերոբ Աղբյուրի հրացանի կոթը շինելով, իսկ ես եռանդով նորոգում էի նրա ոտնամանը։ Լուռ էինք աշխատում և կարծես իրար հետ մրցելով։ Երբ վերջացրի, նա կոշիկը հագավ և ձեռքը ուսիս դնելով ասաց.

Աֆերիմ, տղաս, լավ կար ունես։ Իմ ձախ ոտքը ավազներից ազատեցիր։ Ա՜յ, ես եկել եմ Տարոն և հրացանի կոթ ու փակաղակ եմ շինում, երբեմն էլ՝ դուռ ու լուսամուտ։ Դա– տավորի գործ էլ եմ անում գյուղացիների ներքին վեճերը մաքրելով։ Ի՜նչ արած, պետք է։ Եվ որտե՞ղ եմ նստած՝ ախոռում։ Չատոյի գոմն է։ Վերջերս մի անբուժելի ոսկրացավ է բռնել ինձ։ Տիրամոր քամի են ասում։ Ամեն օր ձեռնափայտը ձեռքիս իջնում եմ ձորը, պառկում արևից տաքացած ավազի մեջ, որ ցավերս մեղմանան։ Մի քիչ էլ սա է օգնում։ Նա թեքվեց սնդուկի վրա և գավը մոտեցրեց բերանին։ Օղի էր։ Մի կում խմեց։

Ապա պատմեց, թե ինչպես Սերոբ Աղբյուրը սկզբում իրեն օգնել էր Սարիղամիշում, բայց հետագայում, երբ ինքը եկել էր Խլաթ նրան զինվոր դառնալու, Սերոբը իրեն զենք չէր տվել և չէր ցանկացել պահել իր մոտ։

Ես ուզում էի նրան հարցնել Գևորգ Չաուշի սարսափելի արարքի մասին, բայց չհամարձակվեցի։ Ինձ, թվաց, թե ինքը տեղյակ էր այդ սպանությանը և գաղտնի էր պահում ինձանից։

Ասում են, երեկ մարդ են սպանել Գելիում։ ճի՞շտ է, հարցրեց նա դիմելով ինձ։

ճիշտ է, ասացի։ Բսանաց Գևորգը սպանել է իր հորեղբորը։

Չիմացա՞ր թե պատճառը ինչ է։

Կին էր փախցրել Աղբիկ գյուղից։

Կնո՞ջն էլ է սպանել։

Այո։

Ծուռ են էդ սասունցիք, քթի տակ ծիծաղեց վարպետ Շապինը և լռեց, հավանորեն չուզենալով այդ մասին խոսել։ Երկու թռչուն կա, որ սասունցիները շատ կսիրեն՝ կաքավ և արծիվ։ Կաքավին իրենց հավերի հետ կպահեն, իսկ արծվին իրենց տանիքների վրա։ Իրենց ուտելիքը շաղգամ է և մածնահատիկ, իսկ մտածելիքը՝ աստվածներից բարձր։ Տեսնենք Մոսե Իմոն մեզ ի՞նչ լուր կբերի Եվրոպայից։ Ազգի գործով թուղթ է տարել թագավորներին։

Ուզում էի հարցնել, թե ով է Մոսե Իմոն, երբ վարպետ Շապինը վերջին աշխատանքը հյուսնի գործասեղանի վրա ավարտելով, դարձավ ինձ.

Առ, Սերոբ փաշի հրացանի կոթը պատրաստ է։ Եվ խզակոթը մի կոշտ ստվարաթղթով սրբելով՝ կոխեց տոպրակիս մեջ։

Քո փաշեն կնոջը ման է բերում իր հետ, մի բան, որ թույլատրելի չէ հայդուկի օրենքով, իսկ Գևորգ Չաուշի հորեղբորը մեղադրում է կին փախցնելու մեջ։ Գաղափարին նվիրված մարդը պետք է ամեն կողմից կատարյալ լինի, ասաց հրացանի կոթ շինողը և նայեց հորթուկի կողմը՝ որոշելու, թե օրվա որ ժամն է։

Արևի շողքը հորթի ճակատից թռել էր մսուրի պատին։

Ձորի ավազը հիմա տաքացած կլինի, ասաց նա, դարձյալ շրջվեց դեպի ձախակողմը և սնդուկի վրայից գավը վերցնելով՝ դրեց բերանին։

Ո՞վ կար դռանը, երբ ներս մտար։

Մեծ տրեխներով մի տղամարդ։

Նա քեզ նկատե՞ց։

Ոչ, քնած էր։

Լսիր, տղաս, ասաց վարպետ Շապինը դատարկ գավը սնդուկին իջեցնելով։ Փաշան եթե իմ մասին կհարցնի, ասա, որ ես այս գիշեր Շենիք պիտի երթամ։ Իսկ դու իմացիր իմ իսկական անունը։ Իմ մկրտության անունը Անդրանիկ է և ինձ այստեղ ղոնդաղչի Անդրանիկ են ասում։ Իսկ մի քանի հին սասունցիներ անվանում են վարպետ Շապին կամ կարճ՝ Շապինանդ, այսինքն շապինգարահիսարցի Անդրանիկ։ Ասքե ետքը դու էլ այդ անունով ճանաչիր ինձ։

Շապինա՜նդ, հնչեցրին իմ շուրթերը խավարի մեջ։ Ես վերցրի իմ տոպրակը, մնաս բարով ասի նրան և անաղմուկ դուրս ելա մութ գոմից, դիմելով դեպի Տեր Քաջի տունը, ուր Աղբյուր Սերոբն էր։

ՋՐՎՈՐՆ ՈԻ ԱԼԻԱՆՑԻՔ

Մի երիտասարդ լեռնցի թիակը ուսին քայլում էր Խտանա կածով։ Նույն ջրվորն էր, որ գռռալով ցույց էր տվել ինձ Տաղվրնիկի ճամփան։ Գդակը թեք դրած գալիս էր լեռնային առվի հետ։ Հագած էր մաշված ոտնաման, բրդյա կարմրավուն տաբատ՝ ճոթերը մինչև ծնկները քշտած, կուրծքը մազոտ ու բաց և կրծքի մազերը խառնված, խճճված աբայի սև մազերին։

Ես ներքևից եկա, նա վերևից իջավ և մենք իր նորածիլ գարու արտի եզրին հանդիպեցինք իրար։

Անունդ բարի։

Ֆադե։

Քո գործը ի՞նչ է էս սարի վրա, Ֆադե քեռի, հարցրի։

Իմ գործը աշխարհ ջրելն է, ասաց նա, և մոլորվածներին շիտակ ճամփա ցույց տալը։

Աշխարհն ինչո՞վ ես ջրում։

էս թիակով։

Մազե աբան հանեց ծալեց մի ժայռի ու նստեց վրան՝ նեղթաթ թիակը երկու ձեռքով ծնկների մեջ սեղմած։

Ֆադեն Տալվորիկի Վերին գյուղից էր։ Սուլթանը հրաման էր արձակել, որ Սասունի մեջ զորանոցներ շինվեն։ Զորանոցներից մեկի հիմքը դրել էին Ֆադեի շաղգամի արտի մեջ։ Զայրացել էր տալվորիկցին և գիշերով բոլոր քարերը շալակելով տարել թափել էր ձորը։ Առավոտյան քարերը նորից ետ էին բերվել, մի մասն էլ պարտադրաբար Ֆադեի կռնակին դնելով, և զորանոցը մինչև ձյուն դնելը շինվել էր։

Ու ջրվոր Ֆադեն անիծելով զորք ու զորական, թիակը ուսին դրած փախել էր Տալվորիկից՝ ապավինելով Խտանա կածին։ Ընտրել էր մի հարմար տեղ այդ սարի վրա, որ ոչ զորք տեսնի, ոչ զորական։ Շաղգամի փոխարեն գարի էր ցանել և իր արտի ջրտուքով էր զբաղված։

Զորանոցների հանդիսավոր բացմանը Տալվորիկ է գալիս Բաղեշի կուսակալը։ Բոլոր սասունցիները զարդարված և զենք ու զրահ կապած շտապում են նրան դիմավորելու։

Միայն Ֆադեն է բացակա։

Որտե՞ղ է թագավորի հրամանին դիմադրած ըմբոստ գյուղացին, հարցնում է կուսակալը։ Գտեք, բերեք ինձ մոտ։

Ֆադեն ոտքերը քշտած և բահը ուսին սարից իջնելով, համարձակ գալիս կանգնում է կուսակալի առաջ։

Արար-աշխարհ իմ պատվին զրահ է կապել, դու ինչու ես բահով եկել, սպառնում է փաշան։

Արար-աշխարհի զենքն ու զրահը թող ղուրբան էղնեն իմ թիակի պոչին, փաշա։ էս թիակն է պատճառը և ստեղծողը բոլոր զենքերի։ Ինչքան էլ թոփ ու թվանքները գռռան, վերջը պիտի խոնարհվեն թիակի առաջ։ Ուրեմն, ես քեզ ավելի մեծ պատիվ եմ արել, որ թիակով եմ ներկայացել և ոչ թե ղենք ու զրահ կապած։

Դու ինչ-որ բանի մասին մտածում ես։

Գլուխդ ողջ մնա, փաշա, մտածում եմ թե վաղը մյուս օր, որ էս զորանոցը քանդվի, էսքան քար ու կիրը ո՞վ պիտի թափի իմ շաղգամի արտից։

Սուլթանի զորանոցին քանդվել չկա։

Շատ բան է քանդվել, սա էլ կքանդվի: Գնա քո սուլթանին ասա, որ Ֆադեի շաղգամի ծիլը իր զորանոցի հիմքից զորավոր է։

Շաղգամի ծի՞լը։

Դու էդպես ասա սուլթանին։ Եվ ավելացրու նմանապես, որ աշխարհը ջրաղաց է և երկուսիս աղունն էլ մի օր կիջնի։

Աղունն ի՞նչ բան է։

Երբ սուլթանը ինձ նման գարու արտ ցանի Խտանա կածին, իր քաղածը շալակով տանի խութեցի Միրոյի ջաղաց, էն ժամանակ կիմանա, թե աղունն ինչ բան է, ասում է և շուռ գալով դեպի լեռ է բարձրանում Ֆադեն, որոշելով այլևս Տալվորիկ չիջնել, մինչև իր շաղգամանոցում շինված զորանոցը չքանդվի։

Առողջ, ուժեղ մարդ էր Ֆադեն։ Միշտ իր մեծապատիվ բահի հետ էր, մազե սև աբան հագին, տաբատի ճոթերը մինչև ծնկները կամ ծնկներից վեր քշտած, ջրի ընթացքի հետ վար իջնելիս կամ լեռնիվեր բարձրանալիս։

Ֆադեի գլխավոր հոգսը մայր վտակն էր, որ թնդալով իջնում էր լեռներից և մի քանի առուների բաժանված գալարապտույտ թռչում էր անդունդներին կախված քարափների վրայով։ Բարձունքին կանգնած նա դիտում էր, թե ինչպես աղմկալի այդ ջրերը սպիտակ այծերի պես իրար հեծնելով նետվում էին ահռելի ձորը։ Ահա նկատեց՝ առուներից մեկի կողը քանդվել է հեղեղից։ Իջավ, նորոգեց ու բարձրացավ։

Խտանա կածի արևոտ լանջին փայլում է մի կապույտ լճակ։ Այդ Ֆադեի գարու արտն է։ Մի բարակ ջուր մայր առվից երակվելով դեմ է առել կորաթմբին։ Կռացավ Ֆադեն և թիակի թաթը այդ ջրի կոկորդին զարկելով՝ նրան մի քանի մանր ճյուղերի բաժանած, հավասար ուղղությամբ տարավ դեպի իր արտի խորքը։

Այդ բարձրության վրա մարդկանց քիչ էր հանդիպում Ֆադեն։ Անցորդները մեծ մասամբ ծանոթ լեռնականներ էին։ Գիտեր, թե այս կամ այն ճանապարհով գնացողը ուր է գնում և ինչ բեռ ունի շալակին, շիտակ ճամփով է գնում, թե սխալ։ Մոլորվածներին թիակի պոչով կամ հեռվից գոռալով ցույց էր տալիս ուղիղ ճանապարհը։

Երբ հարցնում էին.

Ե՞րբ ես իջնելու սարից։

Երբ սուլթանի զորանոցը քանդվի, պատասխանում էր տալվորիկցին։

Տարին բոլոր Ֆադեն ապրում էր բացօթյա։ նա ծածկի տակ էր մտնում միայն այն ժամանակ, երբ ձյունը խփում էր իր անկողնին։ Իսկ ի՞նչ էր նրա անկողինը մի թաղիք իբրև ներքնակ և մի կարպետ՝ իբրև վերմակ։ Դեկտեմբերի ցրտին թիակի ծայրով կոտրում էր գետակի բարակ սառույցը, մտնում էր մեջը լողանալու և կողինքը շալակած, թիակը թևատակին գնում պատսպարվում էր մոտակա ջրաղացներից մեկում։ Իր սիրած տեղը խութեցի Միրոյի աղորիքն էր դի– մացի սարալանջին կամ Թամոյի հռչակավոր ջրաղացը՝ Ծո– վասարի վրա։ Գարնանը նա շալակում էր կողինքը և թիակը թևատակին բարձրանում էր սար։

Ջրաղացաքարերի գոռոցը ձորերի մեջ և Սասնո գահավեժ ջրերի որոտը բարձր լեռներում սա էր տալվորիկցի Ֆադեի բովանդակ աշխարհը։ Իսկ ինչեր ասես նա չէր տեսնում այդ լեռների բարձրության վրա։ Նույնիսկ գիտեր, թե ինչ է կատարվում բարձրաթռիչ արծվի հետ, երբ նա վայր է ընկնում երկնքից։

Մեր զրույցի ժամանակ Ֆադեն հանկարծ թռավ տեղից.

էդ ո՞վ կտրեց իմ առվի ջուրը, ասաց, թքեց ափի մեջ և թիակը բռնած շպրտեց լեռնիվեր։ Շուտով վերադարձավ մի ահագին բազե ձեռքին» Արծիվն ու բազեն կռվել էին օդում։ Բազեն պարտված ընկել էր առվի մեջ, խափանելով ջրի ընթացքը։

Իսկ պատահել է, որ վերևից արծիվ ընկնի։

Մի անգամ ընկավ, ասաց Ֆադեն։ Ուժեղ փոթորիկից լեռնային մի արծիվ ընկավ դիմացի քարափին։ Գնացի դիտելու։ 0՜, ինչ զարհուրելի բան է, երբ ընկնողը արծիվ է։ Թևերը ջարդված էին։ նախ անծեղները մոտենալով հանեցին աչքերը՝ կտուցները նրա գագաթին զարկելով։ Հետո նապաստակները հավաքվելով նրան քարշ տվեցին մի ժայռի տակ։ Նապաստակներից հետո դաշտային խոշոր մկները բարձրացան նրա թևերին։ Իսկ երբ վերջին անգամ գնացի՝ անթիվ մրջյուն ու ժժմունք կտուցի միջով տարածվել էին նրա մարմնի վրա։

Այդ քարափի կողմից, ուր արծիվն էր ընկել, մի խումբ լեռնականներ երևացին։

էհե՜յ ալիանցիք, էդ ու՞ր կերթաք, գոռաց ջրվոր Ֆադեն թիակը բարձրացնելով։

Կերթանք Շապինանդին զինաթափ անելու, պատասխանեցին ալիանցիք միաբերան։

Խեղճ Շապինանդը ձեզ ինչ է արել, որ կերթաք նրա վրա։ Ի՞նչ եք ուզում էդ հիվանդ, քամոտ մարդուց, որի ամբողջ փափագը մի բարկ թոնիր է կամ մի քանի բուռ տաք ավազ մեր ձորերի մեջ։

Նրանցից մեկը հեռվից բացատրեց, որ Սասնա մեծերի և նրա խմբի մեջ վեճ է ծագել։ Մուշից մարդ է եկել երկու կողմերը հաշտեցնելու, բայց Շապինանդը չի ուզում զիջել։ Տաղվրնիկի մի կիսամութ գոմում նստած, նա զենք է շինում իր զինվորների համար։

Մոտ եկեք, ձեզ մի բան ասեմ, խոսեց Ֆադեն։ Ալիանցիք վազելով շրջապատեցին մեզ։

Իմ թիա՞կն է զորավոր, թե Շապինանդի զենքը։

Քո թիակը, ասացին։

Ուրեմն դուք ինձ պիտի զինաթափ անեք և ոչ թե Շապինանդին։

Տեսան, որ խելառ բան է ասում, շտապեցին հեռանալ։

Կացեք, մի բան ասեմ։

Խումբը կանգ առավ։

Մի տարի էս սարի վրա էնքան ձյուն եկավ, որ եթե ճնճղուկը պառկեր մեջքի վրա և ոտները տնկեր վերև՝ կհասներ աստծուն։ Խելքս փչեց թե՝ թիակս առնեմ ելնեմ նստեմ էդ ձյուների վրա։ Հագա իմ աբան և թիակը ձեռքս ելա նստեցի աստծո չոքերի տակ։ Հանեցի քիսես, որ մի ճղարա քաշեմ։ Մեկ էլ էն տեսնեմ, որ ձենս Տալվորիկի ձորից է գալիս։ Դու մի ասի, գլորվել ընկել եմ անդունդ՝ թիակս մոռացած երկնքում։ Գարնանը Խտանա կածի ձյուները հալվեցին ու իմ թիակը թըր՜մփ ընկավ ցած։ էսպես է աշխարհի բանը։ Մի օր սարի վրա ես, մեկ էլ տեսար ձենդ անդունդից եկավ։ Մի քիչ առաջ էս գելհավքը* օդի մեջ կռվում էր կշկուռի հետ։ Կշկուռը հաղթեց և գելհավքը վերևից ընկնելով քանդեց իմ առուն։ Ես թիակի պոչով նրան հրեցի մի կողմ և ջուրը գընաց։ Հիմա դու՞ք եք ուզում մայր առվի ջուրը կտրել։

Մե՞նք, զարմացան ալիանցիք։

Որովհետև դուք ավելի անմիտ եք, քան թե գելհավքը։ Դուք կռվի եք ելել կշկուռի դեմ։ էնպիսի մի ժամանակ, երբ Սոսե Իմոն դեռ չի վերադարձել խառալների երկրից, երբ Գևորգ Չաուշը Սերոբի խմբից հեռացած իր վիշտն է ողբում Շուշնամերկի անտառներում, դուք գնում եք Անդրանիկի զենքերը խլելու։

Մենք մենակ չենք, շենիկցիներն էլ են մեզ հետ։

Նրանք ձեզանից պակաս անմիտ չեն։ Դուք ուզում եք ազգի մայր առուն քանդել։ Բայց վա՜յ ձեզ, եթե վերևից ընկաք։ Բոլորիդ էս թիակիս պոչով մի կողմ կշպրտեմ ու ջուրը նորից անխափան կերթա։

էս ջրտուքվարը կատարյալ խենթ է, ասացին ալիանցիք ու հեռացան։

Խենթը ղուք եք, մեկ էլ էն ընկնավոր սուլթանը, որ իմ շաղգամի արտի մեջ զորանոց էր շինել, գոռաց տալվորիկցին, իր ձեռքի գելհավքը բարկությամբ շպրտելով նրանց ետևից։

Արդեն ուշ էր։ Ես իրավունք չունեի այդքան դանդաղել ճանապարհներին։ Ֆադեին թողնելով իր գարու արտի և առվի կողքին, արագ վերցրի իմ տոպրակը և շտապեցի դեպի այն թաղը, որտեղից դուրս էի եկել Աղբյուր Սերոբի պատվերը կատարելու։

ՍՈՍԵԻ ԿԱՆՉԸ

Սակայն բախտը չժպտաց ինձ։

Շուտով լուր ստացվեց, որ ալիանցի երիտասարդները շենիկցոց հետ միաբանելով խուժել են Տալվորիկ և Անդրանիկին զինաթափ անելով փախցրել Սիմ լեռան կողմերը։

Մուշի մեջ իշխում էր ոստիկանապետ Հյուսնի էֆենդին, իսկ Սասունում ցեղապետ էր Բշարե Խալիլ աղան։ Եվ ճիշտ այն միջոցին, երբ Անդրանիկը զինաթափված էր, սուլթանից հրաման եկավ, ողջ թե մեռած, ձեռք գցել Սերոբ Աղբյուրին։

Սասնո Գեղաշեն գյուղում Ավե անունով մի իշխան կար։ Ավեն ռես էր իրենց գյուղում։ Տեսնելով, որ քաջությամբ անկարող են նեմրութի հերոսին հաղթել, Հյուսնի էֆենդին և Բշարե Խալիլը որոշեցին Ավեի միջոցով Սերոբին թունավորել։ Այդ գործի համար Հյուսնին ռես Ավեին խոստացավ մի կճուճ ոսկի։

Իմացավ Ավեն, որ Սերոբ Աղբյուրը Խլաթից Գելի գալով իր զինվորներին դրել է թաղերի վրա, իսկ ինքը և Սոսեն ապրում են Տեր Քաջի լեռան գոմում։

Ավեն մի քանի անգամ տեսության գնաց Սերոբին ծանոթ իշխանների հետ և ամեն անգամ ջորին բարձած ուտելիք տարավ նրա համար, մինչև որ Սերոբ Աղբյուրի և Տեր Քաջի կատարյալ վստահությունը շահեց։

Վերջապես Մուշից եկավ թունավորելու հրամանը։ Ավեն դարձյալ այցելության գնաց Սերոբ Աղբյուրին, բայց այս անգամ ուտելիքը թունավորված էր։ Հյուսնի թույնը մի այնպիսի բաղադրություն ուներ, որ անմիջապես չէր մեռցնում, այլ ենթակային երեք-չորս օրով պահում էր կիսազգա վիճակում, անկարող շարժվելու։

Սերոբը միամտորեն կերավ ռեսի բերած պանիրը և ծխախոտը քաշեց։ Երբ ամեն ինչ կարգադրված էր, Ավեն լուր ուղարկեց Խալիլ աղային, որ Սերոբը թույնը ընդունել է, ապա գնաց Մուշ և ոստիկանապետի խոստացած մի կճուճ ոսկին առնելով՝ հայտնեց, թե զորքը կարող է շարժվել։ Խալիլն իր հերթին այդ մասին շտապ հայտնեց Բաղեշ։ Եվ նույն գիշերը սուլթանի զորքը Բաղեշից շարժվեց դեպի Բռնաշեն, լուր տարածելով, թե Սասնո ըմբոստ քրդերը ճնշելու կերթա։

Հրամանատարը Ալի բեկն էր։

Միաժամանակ Խալիլի գլխավորությամբ Գելու վրա շարժվեցին Խուլբի և Խիանքի զինված քրդերը։ Սուլթանի զորքը հինգ հարյուր ասկյար էր, աշիրեթը՝ հազար հինգ հարյուր։

Գելին պաշարվեց 1899-ի Հոկտեմբերին, երբ ամբողջ գյուղը քնած էր։ Լեռան գոմի մեջ քնած էր նաև Սերոբ Աղ– բյուրը՝ գլուխը դրած իր հրացանի նոր շինված խզակոթին։

Սոսեն առավոտ շուտ դուրբինն առավ ելավ դուրս։ Նայեց տեսավ Թուխ Մանուկ եկեղեցու մոտով զորք է գալիս։

Փաշա, ասաց Սոսեն, ասկյարն ելավ ժամու դուռ։

Սերոբը շեմք ելավ։ Դուրբինն առավ նայեց, բայց աչքերը ծանր էին, չկարողացավ ջոկել։ Ետ դարձավ, որ մոսինը վերցնի ոտքերը փոթ եղան, վայր ընկավ։ Ձեռքը տարավ դեպի գլուխը մազերը մնացին բռի մեջ։

Վա՜յ ինձ, Գեղաշենի ռես Ավեն թույն է խառնել իմ հացին, գոռաց Սերոբն ու գլխին զարկեց։ Ու զղջաց, որ իր գիշերը շաբաթ դարձավ ու շաբաթը ամիս դարձավ Սասունում։

նրա գոռոցից ու անսպասելի հրաձգությունից գյուղը զարթնեց։

Զարթնեց նաև Տեր Քաշը։

Թուխ Մանուկ եկեղեցու մոտով սև զորքը սուրաց դեպի Սերոբի պահված լեռան կողմը։

Սոսեն բռնեց Սերոբի թևից, որ բարձրացնի, բայց ծանրությունից երկուսն էլ վայր ընկան։ Տեր Քաջն ու իր որդի Ադամը փորձեցին՝ նրանք էլ վայր ընկան։

Մի գնդակ եկավ լեռան կողից, և Տեր Քաջն հենց այդպես էլ ընկած մնաց իր դռան շեմքին։

Հանկարծ փոթորիկի պես հայտնվեցին Սերոբի զինվորներից չորս հոգի և Սոսեի հետ Սերոբին իրենց թևերին առնելով թռցրին դեպի Անդոկ։ Ամբարնի կոչվող մի բարձունք կա Անդոկի վրա. նրան այնտեղ դրին։ Սոսեն մոսինը տվեց Սերոբի ձեռքը, բայց նրա թևը մերժեց զենքը վերցնել։ Հայդուկապետը դժվարությամբ մեկ-երկու գնդակ վառեց և թուլացած ընկավ։

Ու Ամբարու վրա հերոսաբար կռվելով նահատակվեցին Սերոբ Աղբյուրի եղբայրները Մխեն ու Զաքարը և որդին՝ Հակոբը։ Զոհվեցին նաև չորսը այն յոթ զինվորներից, որ Խլաթից եկել էին Սասուն։ Իսկ Տեր Քաջն արդեն սպանվել էր իր պատի տակ։

Տեր Քաջից մի որդի մնաց Տեր Քաջ Ադամը, Սերոբից՝ մի այրի Սոսե ու մի քանի զինվոր։

Ու գոռաց Սոսեն Անդոկից, որ ձայնը Տալվորիկ հասնի։ Բարձրացավ մի քարաժայռի ու նորից գոռաց. «Անդրանի՜կ, Սերոբը նեղ տեղ է, Գևորգի, Մակարի հետ օգնության հասեք»։ Վերջին անգամ կրակեց Սերոբը և զենքը վայր նետեց զայրույթից։

Սոսեն վերցրեց հերոսի հրացանը, չոքեց մի ժայռի ետև ու սկսեց կատաղորեն կրակել։ Անզորությունից մռնչում էր Սերոբը, աչքերը շանթեր էին արձակում։ Ամբարնու լեռան կողին մեռնում էր Նեմրութի Ասլանը մենակ ու անօգնական։

Երկրորդ անգամ դեպի Տալվորիկ գոռաց Սոսեն։ Ջրտուքվար Ֆադեն հեռվից առավ նրա կանչը և Խտանա կածին կանգնած որոտաց դեպի Տալվորիկ. «Սերոբը նեղ տեղ է, հասե՜ք»։

Հայց ոչ Գևորգն էր այնտեղ, ոչ Անդրանիկն էր օգնության կանչը լսում։ Մեկը Շուշնամերկի անտառները քաշված իր վիշտն էր ողբում մենության մեջ, իսկ մյուսը անզեն և անզոր դեպի Սիմ լեռը փախչելով՝ կաշկանդվել էր Սեմալ գյուղի գոմերում։

Սոսեն բարձրացավ հավասարվեց ջրտուքվար Ֆադեին ու նրանք սարի գագաթին կանգնած միատեղ գռռացին, «Հասե՜ք»։

Անդրանիկն առավ աչդ կանչը Սեմալում, բարձրացավ տանիք ու զայրույթից գնաց ու եկավ տանիքին։ Իր զինվորները փամփուշտ ու զենք կապեցին վրան ու նրա հետ դեպի Սերոբի լեռը շարժվեցին։

ճիշտ այդ միջոցին մի գնդակ վերևից գալով խոցեց Աղբյուր Սերոբին։ Սասնո ցեղապետ Խալիլ աղան հասավ և մեռած հերոսի գլուխը կտրելով ու վիրավոր Սոսեին գերի վերցնելով, հրաման տվեց ավարտի փող հնչեցնել։ Քիչ վերջը թե՛ զորք, թե՛ խուժան լեռներից իջան վար։

Հեծյալ մի ոստիկան Սերոբ Աղբյուրի գլուխը մի ցցափայտի զարկած երեք զինվորով գնում էր Բշարե Խալիլի առջևից։ Ետևից ձիու վրա վիրավոր Սոսեն էր իջնում երկու ոստիկան կողքերից նրա թևերը բռնած, իսկ սանձը բռնած էր ռես Ավեն։ Սոսեի ետևից Ալի փաշան էր շարժվում իր հաղթական զորքով։

Սերոբ Աղբյուրի գլուխը նախ տարան Մուշ, ապա այնտեղից տարան Բաղեշ։ Երկու օր քաղաքի հրապարակի վրա ցուցադրելուց հետո հանձնեցին Բաղեշի հայոց առաջնորդարանին։

Կարմրակ անունով մի վանք կա Բաղեշում։ Հայոց առաջնորդը և վանքի սպասավորը նեմրութի հերոսի գլուխը գիշերով թաղեցին Կարմրակ վանքի արևելյան գավթի մեջ, մի ծեր թթենու տակ։

   Թաղեցին և օրհնելով հեռացան։
   Գլուխդ Բաղեշ, մարմինդ Անդոկ,
   էլ քեզ նման քաջ կծնվի՞ արդյոք,
   Ննջիր սուրբ հողում Բաղեշ քաղաքի,
   Հին թթենու տակ Կարմրակ վանքի։

Ես Սասունից գնացի Բաղեշ, գտա Կարմրակ վանքը և մի ամբողջ գիշեր արտասվեցի այդ դժբախտ գերեզմանի վրա, ուր մի հատիկ գլուխ էր հանգչում Սերոբ Աղբյուրի հերոսական գլուխը։

Առաջին մարդը, որ ինձ արթնացրեց այդ շիրիմի վրայից, մի թուրք ոստիկան էր։ նա ինձ գիշերով բանտ տարավ։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Ռանչպարների Կանչը"

Ятук Музыка
Самария
Элен Йолчян

Самария

Восстание крестьян Ахпата в 1903 г.
Восстание крестьян Ахпата в 1903 г.
Играть онлайн