Хачик Даштенс

Ռանչպարների Կանչը

3

ԱՐԱԲՈ

Ծծմակի կողմերով մի կածան էր ոլորվում դեպի վանքի կողմերը։ Բռնեցի այդ կածանն ու գնացի։ Հասա Մեղրի քարերին և Ծիրնկատարի լանջերով բարձրացա վեր։ Հանկարծ կածանը չքացավ, ու դեմս ցցվեց ծառերով ծածկված մի ապառաժ։ Նստեցի այդ քարին, որ հանգստանամ։ Չնկատեցի, թե ինչպես նիրհը հաղթեց ինձ, ու ես այդ քարին ընկած քնեցի։

Երազ տեսա։ Երկու տղամարդ կուզեկուզ գալիս էին Ծծմակի կողմից։ ճանաչեցի։ Մեկը պարոն Սենեքերիմն էր, իսկ մյուսը՝ Մելքոն վարժապետը։ Առաջինը վազեց կաքավների ետևից։ Մեկ-երկուսին բռնեց դրեց ծոցը, իսկ մյուսները խախաբալով փախան թաքնվեցին ծերպերում։ Երկրորդը մոտեցավ Մեղրի քարերին։ Վերարկուի տակ աման կար։ Բռնեց ժայռերից ծորացող մեղրի դեմ։ Մեղուները պարսերով եկան լցվեցին ամանի մեջ։ Մեկ էլ տեսնեմ՝ ի՜նչ աման, ի՜նչ բան։ Մելքոն վարժապետի ձեռքին Նարեկն է ու աստվածային մեղուները մեջը կողք-կողքի շարված։

Ու մի ծանոթ ձայն է հնչում ականջիս. «Գոնե այնքան սովորեիր, որ կարողանայիր Նարեկը և Րաֆֆու «Խենթը» կարդալ»։

Երբ արթնացա՝ Լուսաստղը չկար։ Եվ մենության մեջ սարի վրա ահավոր մտքեր պաշարեցին ինձ։ Չէ որ այդ վայրը կապված էր քաջ Արաբոյի անվան հետ։

Արաբոյի անունը վառել էր իմ մանկական երևակայությոuնը։ Յոթ տարեկան էի, երբ առաջին անգամ ինձ պատմեցին Արաբոյի և նրա ձիու՝ Տիլիբոզի մասին։

Արաբոն կարմիր իրիցոu տներից էր, Բռնաշեն գավառակի Կուռթեր գյուղից։ Մկրտության անունը Առաքել էր։ Ասում էին, որ նա ապրում է Առաքելոց վանքի մոտերքը՝ դարավոր ծառերով ծածկված մի քարայրի մեջ։ Ձմեռը մշակություն է անում Հալեպում, իսկ ամառները զենքը ձեռքին կռվում է քրդական աշիրեթների և տաճիկ հարստահարիչների դեմ՝ իրեն զինակից ունենալով Մխո Շահեն անունով տերգեվանքցի մի երիտասարդ։ Որ ինքը և Մխո Շահենը ահաբեկում են իշխանավորներին, կողոպտում նրանց քարավանները և ավարը բաժանում չքավոր գյուղացիներին։

Արաբոյի հայրը մի անգամ տեղեկանում է, որ իր որդին գնացել է Կովկաս։ Ենթադրելով, որ որդին պետք է մեծ հարստություն դիզած լինի և նրա բեռնված քարավանը շուտով հասնելու է Մուշ, գնում է, որ նրան օգնի քարավանը բերելու։ Մի ծանոթի միջոցով իմանում է, որ Արաբոն Կարս քաղաքի ճամփեզրին նստած մուրճով քար է ջարդում խճուղի շինելու համար։ Ծերունին մեջքից ճանաչում է զավակին և մոտենալով ասում է. «Առաքել, լաո, էդ ղու՞ն ես, որ քար կջարդես։ Ապա ու՞ր են քո քարվանները, որ Կովկասեն Մուշ պիտի բերեիր։ Թու՛հ, մորդ կաթը հարամ լինի վրադ»։ Ու հայրը առանց որդու երեսին նայելու Կարսից վերադառնում է Բռնաշեն։

Արաբոյի և իմ տեսած երազի մտքերով էի տարված, երբ գեղադեմ մի ձիավոր, իրեն թամբից վայր նետելով, ձիու սանձը բռնած՝ մոտեցավ ինձ։ Հագած էր կիսաթև աբա, գլխին՝ կարմիր արախչի, ոտքերին՝ տրեխներ բրդյա գուլպաներով, թևին՝ բերդանկի։

Դու ի՞նչ գործ ունես այս քարի վրա, հարցրեց նա, կռանալով վրաս։

Նստեցի, որ հանգստանամ։ Քաջ Արաբոյի մասին էի մտածում ։

Արաբոն ես եմ և սա իմ քարն է։ Որտեղացի՞ ես։

Մշեցի։

Սրտոտ տղա ես երևում, որ եկել նստել ես այս քարին։ Իմ ձին պահիր, ես հիմա կգամ, ասաց ու սանձը ինձ հանձնելով՝ աներևութացավ։

Նայում եմ՝ սանձը բռիս մեջ է, իսկ ինքը չկա։ Աչքերս շաղվեցին։ Մի՞թե սա Արաբոն էր։ Ու՞ր գնաց։

Տեսնեմ՝ գետնի տակից մի խուլ ձայն է գալիս» «ձին քաշիր Մեղրի քարերի մոտ»։ Մի դող եկավ վրաս։ Կանչը նորից լսվեց» «Զին քաշիր Մեղրի քարերի մոտ»։

Զիու սանձր բռնած իջա դեպի Մեղրի քարերը։ Հասա ճիշտ այն կետին, որտեղ քիչ առաջ Մելքոն վարդապետն էր կանգնած երազիս մեջ։ Մեղուները տենդագին պտույտներ էին գործում երկնասլաց ժայռերի շուրջ։ Կաքավները ծերպերից բխելով լցվել էին ձորերը։

Ու հանկարծ մեկը ետևից ձեռքը դրեց ուսիս։

Արաբոն էր։

Ինչպես Հայտնվեց՝ չիմացա։

Արաբոն ինձ նստեցրեց Տիլիբոզի թամբին, և մենք Մեղրի քարերի տակով ընկանք ճանապարհ։ Ուր էր գնում նա, ուր էր տանում ինձ՝ չգիտեի։ Ամբողջ ժամանակ մենք գնում էինք անտառների միջով։ Նա այդ անտառներով անցնում էր իբրև այդ երկրի տերը, համարձակ և անվախ, և ոչ մի իշխանավոր չէր հանդգնում նրա առաջ ելնել։ Ընթացքի միջոցին, մեկ էլ տեսար, ձին թափով կանգնեցնում էր որևէ ընկուզենու տակ և ծառաբնից մի կտոր չորացած աբեթ պոկելով դնում էր կայծքարին ու չախմախը զարկում։ Տեղ-տեղ նա երգելով էր գնում, ձայնը գցելով, տեղ-տեղ էլ՝ հանգիստ ծխելով և դանդաղ պատմելով բեկերի և աշիրեթների դեմ մղած իր անթիվ կռիվներից, թե ինչպես շեյխի կամ աշիրեթապետի տարազով ծպտված ներկայացել է այս կամ այն գյուղի վայրագ բռնակալին և ոչնչացրել նրան իր ապարանքի մեջ։

Անհավատալի էր ուղղակի, որ ես գտնվում էի այդ հերոսական մարդու նժույգին, որին երազում նույնիսկ չէի կարող այդքան մոտիկից տեսնել։ Մի քանի անգամ նա իր կարմիր արախչին դրեց գչխիս և ես ինձ այնքան հպարտ էի ըզգում, որ պատրաստ էի նրա հետ մինչև աշխարհի ծայրը գնալ։

Անվեհեր նշանառու էր Արաբոն, և առաջին իսկ օրը նա ինձ սովորեցրեց հմուտ հրաձիգ դառնալ։ Իր բերդանկին մեկ կրականի էր. տալիս էր իմ ձեռքը և, կողքիս կանգնելով վարժեցնում էր ինձ անվրեպ կրակելու ձևերին։ Մի ուրիշ վարժություն էլ սովորեցրեց. ինչպես մագլցել ժայռից-ժայռ և ձիով թռիչք գործել կիրճերի և անդունդների վրայով։ Արաբոյի սիրած վայրերից մեկը Շմլակ գյուղի կիրճն էր, որ տանում էր դեպի Բռնաշեն։ Այդտեղ ճանապարհը շատ նեղ էր և լեռը կոչվում էր Խաչասար։ Շատ կարմիր ալուջ կար Խաչասարի անտառներում, և Արաբոն ինձ հաճախ տանում էր այդ կողմերը ալուջ ուտելու։ Բայց ամեն անգամ այդ ճանապարհով անցնելիս տխրում էր Արաբոն։

Կարմիր իրիցու տան «Կոճղեզ» ավետարանը պահվում էր Արաբոյի տան տոհմական սնդուկի մեջ, Կուռթեր գյուղում։ Այնքան զորավոր էր, որ հին խութեցիները կռվի գնալուց առաջ նրա վրա երդվել էին։ Սուրբ Կարապետի վանահոր առաջարկով Արաբոն այդ ավետարանը տանում է վանք, որ սուլթանի դեմ զենք վերցնող ռանչպարները աստվածաշնչի փոխարեն նրա վրա երդվեն։ Կապում է ձիու թամբին և տանում։ Զին արագ քշելիս՝ «Կոճղեզը» ընկել էր թամբից և կորել կիրճի ճանապարհին։

Ա՜յ, այստեղ կորավ, ասում էր Արաբոն, մատնացույց անելով ինձ անտառի նեղ կածանը կարմիր ալուջների ձորում։

Արաբոյի հետ ձի հեծած Բռնաշենի լեռներով գնալը իմ առաջին ղասն էր, հայոց պատմության առաջին անմոռանալի դասը։

Արաբոյի երազն էր Սասունում ստեղծել Տալվորիկ անունով մի իշխանապետություն, դրա մեջ միավորելով Սասնո և Մշո դաշտի բոլոր բերդերը։

Բերդե՛ր։

Աստված իմ, որքան շատ էին դրանք։ Ամեն սարի ու սարավանդի վրա մի բերդ կամ բերդամրոց կար։ Մշո հովտի վրա շինված էր Մուշեղի բերդը։ Մոկնաց հովտի մեջ երևում էին Մոկնաց բերդի ավերակները։ Ալվառինջի մոտ՝ Պստիկ բերդը։ Բերդակի դաշտահովտի մեջ՝ Խասգյուղի վերևում, խոյանում է առեղծվածային Սմբատաբերդը։ Հենց որ Տիլիբոզը մոտենում էր այդ բերդին՝ սկսում էր խրխնջալ և սմբակներով կատաղորեն դոփել նրա քերծերը։

Մի օր Արաբոն ինձ Տիլիբոզի թամբին առած բարձրացավ Սմբատաբերդի գագաթը և այդտեղից, Սասնո լեոների միջով, ձին քշեց մինչև Փրե-Բաթմանի կամուրջը, Տիգրիսի հովիտն իջնող ճանապարհի վրա։

Սա է իմ իշխանության սահմանը, ասաց Արաբոն, ձին կանգնեցնելով կամուրջին։

Կամարներին բախվող ամեհի ջրերի որոտից ձին ծառս եղավ կամրջի վրա։ Մի ակնթարթ՝ և ես թամբից պոկվելով կանհետանայի գետի հորձանքների մեջ, եթե Արաբոն ինձ չբռներ։

Բաթման անունով կամուրջ շինող մի հայտնի վարպետ կար, ասաց Արաբոն, կարմիր իրիցու ավետարանի մեջ է գրված։ Սասունցիք դիմեցին նրան՝ թե եկ, մեր գետի վրա կամուրջ կապիր։

Ձեր գետի անունը ի՞նչ է, հարցրեց Բաթմանը։

Սասնա գետ։

Որտեղի՞ց է բխում։

Մարաթուկի և Ծովասարի գագաթներից։

Կկապենք, ասաց Բաթմանը։

Քարհանքը Ֆարխին քաղաքի մոտ էր։ Չափն առավ ու

հիմքը գցեց։

Հաջորդ օրը եկավ տեսավ իր շինած հիմքը չկա։ Երկրորդ և երրորդ անգամ գցեց՝ դարձյալ չդիմացավ։ Ու զարմացավ Բաթմանը իր վարպետության վրա։

Մի ծերունի երազի մեջ եկավ՝ ասաց նրան.

Սասնա գետին հիմք չի դիմանա, Բաթման։ Սրանց երկրի ջուրը որձ է։ Եթե կուզես, որ քո շինած կամուրջը Սասնա ջրին դիմանա, նրա հիմքում դիր առավոտյան առաջին հանդիպած շնչավորին և որմը նրա վրա շինիր»։

Առավոտյան Բաթմանը աշխատանքը սկսելիս տեսավ սիրած կինը կերակուրը ձեռքին, շունը ետևից՝ գալիս է։ Հուզվեց Բաթմանը։ Շունն առաջ անցավ։ Ուրախացավ վարպետը։ Բայց հաց բերող կինը անհամբեր էր։ Ոտքը շտապելուց դիպավ քարին և կերակուրը թափվեց։ Շունը զբաղվեց կերակուրը լիզելով։ Փրեշան հասավ ամուսնու մոտ։ Մռայլվեց Բաթմանը։ Կինը հարցրեց տխրության պատճառը։ Վարպետը պատմեց իր տեսած երազը։ Կինը ասաց. «Մահը մահ է, շինիր քո կամուրջը»։

Բաթմանը կնոջը դրեց շինվածքի հիմքում և որմը շարեց։

Եթե աստված չքանդի, քանի աշխարհը կանգուն է, էս կամրջին քանդվել չկա, ասաց վարպետը և իր շինած կամրջի տակով անհետացավ գետի հորձանքի մեջ։ Այդ օրվանից կամուրջը կոչվեց Փրե-Բաթման վարպետ Բաթմանի և. իր կնոջ անունով։

Արաբոն ինձ մի քանի անգամ տարավ-բերեց այդ կամուրջի վրայով և Սասնա ներքին դաշտից ձին քշեց դեպի Տալվորիկ։

Գիշերը անցկացրինք Զկնգոլում։

Այդ աղբյուրը գտնվում էր Ծիրնկատարի լանջին։ Նրա վերևով անցնում էր Սասունից Մուշ և Մուշից Սասուն տանող լեռնային ճանապարհը՝ բարձր գագաթներով։

Լուսաբացին Արաբոյի հետ Զկնգոլից հասանք Ծիրնկատար և նրա բարձունքից դիտեցինք արևածագը։ նա, ով չի տեսել արևածագը Ծիրնկատարից, թող երբեք չասի, թե ինքը ապրել է աշխարհում։

Անկարելի է այդ վայրով անցնել և չիջնել Կորեկ աղբյուրի վրա։ Մենք էլ իջանք։

Արաբոն Տիլիբոզին կապեց արոտ և շտապեց աղբյուր։ Կռացավ, կարմիր արախչին լցրեց ջրով և խմեց։ Մի գդակ ջուր էլ ինձ տվեց։ Գրեթե բոլոր խութեցիք այդ ձևով էին ջուր խմում։

Բերդակի հանդում կերած սամրե ճաշից հետո ես դեռ տաք ճաշ կերած չկայի։ Երկուսս էլ քաղցած էինք, իսկ մեր ունեցածը կորեկ հաց էր. փոքրիկ չոր գնդեր՝ քարի կարծրությամբ։

Այդ հացը լավ է կաթի հետ։

Արաբոն ինձ ուղարկեց հովիվներից կաթ բերելու, իսկ ինքը, աջ թևը զենքի վրա բարձ արած, պառկեց հանգստանալու։

Բավական հեռացել էի, երբ ինձ թվաց իմ ետևում ձիու խրխինջ լսվեց։ Ետ դարձա, տեսնեմ մի զինված տղամարդ ձախ ոտքը հասցրել է Տիլիբոզի ասպանդակին և փորձում է թամբին բարձրանալ։

Արաբ՜ո, Տիլիբոզին փախցրին, գոռացի ես հեռվից և արագ նետվեցի դեպի ձին։ Իմ գոռոցից Արաբոյի վեր թռչելն ու մի կարծր գունդ ավազակի քունքին զարկվելը՝ մեկ եղավ։ Գողը անշնչացած փռվեց խրտնած նժույգի սմբակների տակ։

Ես շատ զարմացա, թե Արաբոն ինչով սպանեց հափշտակիչին, որովհետև իր պառկած տեղում միայն ծաղիկ էր ու կանաչ։ Քար ու կոշտ չկար։

Ինչո՞վ սպանեցիր, հարցրի։

Կորեկ հացով։

Ժամանակ չկար այլևս կաթի ետևից գնալու։ Նստեցինք աղբյուրի մոտ և կորեկ հացի վերջին կոշտերը ջրի մեջ թաթախելով կերանք։

Ու լուր տարածվեց, որ կարմիր իրիցու Արաբոն մի կտոր կորեկ հացով սպանել է իր ձին հափշտակելու եկած բագրևանդցի մի քրդի։

Այդ օրվանից այդ աղբյուրի անունը մնաց «Կորեկ աղբյուր»։ Թեպետ այդպիսի զրույց պատմում էին Աղբիկ գյուղացի մի քաջ սասունցու մասին, բայց իրապես այդ աղբյուրի անունը առնչվեց Արաբոյի հետ պատահած դեպքին, որին ես անձամբ ականատես եղա։

Ընդամենը մի տարի եղա Արաբոյի հետ Բռնաշենի լեռներում։

Մի առավոտ Արաբոն շատ կանուխ արթնացավ։ Ես բռնեցի ասպանդակը և նա թռավ Տիլիբոզի թամբին։ Զգում էի, որ հեռու տեղ էր գնալու։ Գնալուց առաջ ծոցից հանեց ընկույզի փայտից շինած մի ծխատուփ և մեկնելով ինձ՝ ասաց.

Կգնաս Կարմիր Ծառ և ինձ համար թութուն կբերես։ Ապա ավելացրեց.

Եթե ինձ չտեսնես՝ բերածդ կտանես Աղբյուր Սերոբին։ Նրա տեղը Սողորդն է, կողմը՝ Խլաթ։

Հետևյալ օրը ես առա Արաբոյի մահվան լուրը։ Քոսուրա սարի վրա կա մի ձոր։ Կոչվում է Գյալառաշ (Սև բերդ)։ Արաբոն զոհվել էր այդ ձորի մեջ 1895 թվականին, երբ քրդական տարազ հագած, իր հինգ ընկերներով, քնից նոր արթնացած անհավասար կռվի էր բռնվել մի ավազակախմբի հետ։

Սպանվելուց հետո նրա զենքը տեսել էին հասնանցի մի քրդի ձեռքում։

Բայց ես կատարեցի նրա պատվերը։

ԴԵՊԻ ԿԱՐՄԻՐ ԾԱՌ

Կարմիր Ծառ, ու՛ր ես, եկա՛, ասացի ու ելա ոտքի։ Ծծմակից իջա Մշո դաշտ և դեպի արևմուտք գնալով՝ Աջմանուկ և Քարձոր գյուղերի տակով հասա Խորոնք։ Խորոնքի վերևում Կարմիր Ծառն էր, որին օտարները Ղզլաղաճ էին ասում։ Նստած էի Խոզմա լեռան ստորոտում։ Աջ կողմը մի սիրուն անտառ կար կարմրատերև ծառերով։ Երևի այդ էր պատճառը, որ այդ գյուղը Կարմիր Ծառ էր կոչվում։

Ես այդտեղ հասա հետևյալ օրր. Արաբոյի մահվան լուրը առնելուց հետո։ Դեռ գյուղ չմտած, զգացի, որ ականջներս լավ չեն լսում։ Մի խուլ ու խոր շառաչ է գալիս Զանգակ սարի կողմից։ Ես այդ ձայնը առել էի Քարձորի տակով անցնելիս։ Որքան մոտեցա Կարմիր Ծառին, այնքան այդ գոռոցը ուժեղացավ։ Վերջում հիշեցի, որ դա Գուռգուռա կոչվող ջրվեժի գոռոցն է Առածանու վրա, Խոզմո սարի տակ, որի թնդյունը լսելի էր շատ հեռուներից, մանավանդ պարզկա գիշերներին և վաղ առավոտյան։ Արաբոն նրա մասին ասում էր» «Էդոր համար կըսեն Գուռգուռ, որովհետև ձեն կիտա ու իր ձեն երեք օրվա ճամփա կերթա»։

Քիչ-քիչ ականջներս ընտելացան այդ ջրվեժի որոտին և ես Արաբոյի ծխատուփը ծոցս դրած, մտա Կարմիր Ծառ։ Այդ վայրի թութունը հռչակավոր էր։ Հիշում եմ, թե ինչպես Մելքոն վարժապետը հաճախ շուկա էր գնում, որ այդ գյուղի ծխախոտից առնի։

Ամբողջ գյուղում ընդամենը մի հատիկ ծառ կար և այն էլ տնկված եկեղեցու բակում։

Առաջին իսկ հարցումից, թե որ տան ծխախոտն է հարգի, ինձ հեռվից ցույց տվեցին Արմենակ անունով մի գյուղացու, որ իրենց ասելով ամենահայտնի ծխախոտ մշակողն էր։ Ասացին, որ նա Սասունի Ահարոնք գյուղից է գաղթել Կարմիր Ծառ։ Երկար տարիներ եղել է Ռուսաստանում և նոր է ազատվել Կարինի բանտից։

Անցա մի քանի տնկարաններ և հասա այն տունը, որ հեռվից մատնացույց էին արել։ Իմ տեսածը փոքրահասակ մի գյուղացի էր, նիհար ու ոսկրոտ կազմվածքով, գլխին կարմիր արախչի։ Իր որոշ դիմագծերով նա ինձ հիշեցրեց Արաբոյին։

Բայց ինձ այդ պահին ոչ մի բան չէր հետաքրքրում։ Շտապում էի իմ տուփը լցնել ծխախոտով և ելնել ճամփա։

Արմենակը ինձ նախ իր ծխախոտի մարգերը ցույց տվեց, ապա տարավ չորանոց և ամենաընտիր ծխախոտի շարանները ցույց տալով՝ հարցրեց.

Ինչքա՞ն թութուն է քեզ պետք։

Ընդամենը մի տուփ, պատասխանեցի։

Մի տուփ թութունի համար Կարմիր Ծա՞ռ ես եկել, ծիծաղելով հարցրեց նա և սաստիկ զարմացավ, որ ես մի փոքրիկ տուփ իմ ծոցից հանելով՝ մեկնեցի նրան։ Նա տուփը շուռ ու մուռ տվեց, ուշադրությամբ նայեց մաշված նախշերին, կարծես ինչ-որ բան էր ուզում վերհիշել կամ մտաբերել և դժվարանում էր։ Երկու անգամ աչքի տակով խորհրդավոր նայեց ինձ։ Հազաց։ Նորից նայեց։ Ապա տուփը լցրեց ծխախոտով, մատներով ամուր սեղմեց և կափարիչը փակելով ու ինձ հանձնելով՝ ասաց.

Երևի մի նպատակ ունես, որ ընդամենը մի տուփ թութուն է քեզ հարկավոր։

Ուզեցի հայտնել, որ իմ նպատակը բարի է, բայց աչքերս, չգիտեմ ինչու, հանկարծ լցվեցին արցունքով և նա հասկացավ, որ մի վիշտ է ինձ տանջում։ Նա ինքն էլ հուզվեց և առաջարկեց գնալ իրենց տուն, բայց ես կարևոր համարեցի ճանապարհ ընկնել։

Կարմիր Ծառի Արմենակը մինչև գյուղի ծայրը եկավ ինձ հետ։ Փոքրիկ, վտիտ մարդ էր, շատ քչախոս։ Ավելի շատ իր մտքերի հետ էր, քան թե իր շրջապատի։ Երբեք չհարցրեց, թե որտեղից եմ գալիս և դեպի ուր եմ գնում։ Եվ արդյոք որևէ տեղ ունե՞մ գնալու։

Անտառը հրաշալի բուրում էր։ Իրար կողք-կողքի կամ իրար թիկնած հպարտ կանգնած էին բոդախին, լուսանը, կաղամախին։ Բայց անտառին իշխողը կարմրատերև նորքենին էր։

Սրա ամուր, ծանր ու փայլուն փայտից մեր պապերը նետեր են շինել ինքնապաշտպանության համար, ասաց Արմենակը ծառերից մեկին մոտենալով։ Այդ եղավ նրա ամբողջ խոսակցությունը։ Նա այդ ծառից մի ճյուղ պոկեց, հավանորեն ձեռնափայտի համար, և դանդաղ վերադարձավ գյուղ, իսկ ես մի քանի քայլ անելուց հետո՝ վարանած կանգ առա անտառի եզրին։ Ուղղակի շփոթված էի։ Կանգնած մտածում եմ. ու՞ր գնալ։ Մի քանի անգամ հոտ քաշեցի՝ Արաբոյի կարոտը առնելու համար, ապա տուփը դրեցի ծոցս և ինձ նետեցի դեպի Դաշտի գյուղերը՝ հայացքս Խլաթի սարերին պահած։

Որքան հեռացա Կարմիր Ծառից և Զանգակ սարից, այնքան Գուռգուռայի գոռոցը նվազեց և ականջներս, Արածանու զայրագին թնդյունից խաղաղվելով՝ անձնատուր եղան Մեղրագետի հանդարտիկ հոսանքին։

Միայն մի տեղ կանգ առա. այդ Սողգոմն էր, հռչակված իր սոխով և անուշահամ շաղգամով։ Այդ գյուղի մոտակայքում իմ հայրենի քաղաքի գետակը գալիս միանում էր Մեղրագետի ջրերին։ Այդտեղ հասնելով նա սպառում էր իր կյանքը՝ խառնվելով ավելի մեծին, դառնալով անճանաչելի ու անըմբռնելի։

Իմ կյանքն էլ այդ գետակի նման էր։

Ես գնում էի դեպի Խլաթ, հեռանալով իմ ծննդավայրից և խառնվելով ավելի մեծին ու անծանոթին։ Եվ արդյոք երբևիցե վերադարձ կլինե՞ր դեպի Մուշ։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Ռանչպարների Կանչը"

Ятук Музыка
Танго нашего детства
Тигран Мансурян

Танго нашего детства

Восстание крестьян Ахпата в 1903 г.
Восстание крестьян Ахпата в 1903 г.
Играть онлайн