Хачик Даштенс

Ռանչպարների Կանչը

33

ՉՈԼՈՅԻ ՃԱՌԸ ԱԽՈՅԻ ՎՐԱ

Այժմ ես ձեզ պիտի պատմեմ իմ ամենաքաջ զինվորներից մեկի վերջաբանը։

Այդ Ախոն էր, Փեթարա Ախոն, այն կապուտաչյա ֆիդային, որը, երբ Սասունը պարտվեց, առաջարկեց մի մեծ խարույկ վառել Անդոկի գագաթին և մեջը նետվելով վառվել թըշնամու ձեռքը չընկնելու համար։

Գուցե ոմանք ձեզանից նրան չեն սիրում, քանզի վայրագ է, բայց նա իմ զինվորն է և իմ պարտքն է հիշատակի խոսք ասել։

Ախոն անցավ բազում կրակների և փոփոխական եղանակների միջով և իր ձիավոր գնդի հետ հասավ Սարիղամիշ։ Ու հանկարծ լսեցինք, որ Ախոն զարկվեց։ Նա զարկվեց Սարիղամիշի անտառի մեջ, Շաղան գյուղում։ Չոլոն ճառ ասաց սպանված Ախոյի վրա և ես ուզում եմ նրա ճառը նույնությամբ փոխանցել բոլոր ապրողներին՝ ներկա և գալիք։

«Ախո, դու մեռա՞ր։ Դու էդքան տաք ու պաղ օրեր տեսար ու եկար Սարիղամիշի անտառի՞ մեջ ընկար։ էդ չեղավ, Ախո։ Անդոկից ու Կեպինից հետո Սարիղամիշը սպանվելու՞ տեղ էր, որ դու սպանվեցիր։ Դու, որ բոլորի բախտի գուշակն էիր, ինչպե՞ս եղավ, որ անգուշակ ընկար էս չամի անտառի մեջ։ ՞ու ինձ մեծավոր, ես քեզ փոքրավոր, ինչու՞ սխալվեցիր, Ախո։ Ե՜լ, ել երթանք Բրիմոքի ցից քարեր, երթանք Հարսընգոմեր և Քարձոր։ Կհիշե՞ս, ինչպես Ամրեի գյալուց բուք ու բորանին մեր ճոկաններին հենված սահեցինք դեպի Փեթար։ Ախ, Ախո, դու իմ թանկ պահած ու էժան ծախված հայրապետ։ Ե՛լ, ե՛լ, Փեթարա առյուծ, ե՜լ։ Ել, թվանքը կապեմ քո մեջքին ու երթանք էրկիր։ Նայի՜ր, վերջալույսը կարմրին տվեց ու անծեղները կկչկան կտուցները քամուն, թևերը շուտ–շուտ իրար զարկելով։ Երևի էս գիշեր փոթորիկ էղնի։

Քեզ հետ եմ, Ախո։ Ինչպե՞ս։ Պանդու՞խտը։ Նա էլ Սարիղամիշի մեջ մեռավ, աչքը Մուշի ճանապարհին։ Խնուսցի Պուճուր Աբրո՞ն։ Նա անգուշակ սպանվեց Զանդիբասարի ճահիճների մեջ։ Փեթարա Մանու՞կը։ Նա Կողբի տակ սպանվեց, որ Հայաստանն իր հացը առանց աղի չուտի։ Ավա՜ղ, մենք Քարվան–Կորուսը շփոթեցինք Լուսաստղի հետ և կորցրինք մեր ճամփան։ Դեռ արևը չծագած, իմ ու քո աստղը ճապղեց, Ախո։

Նոր, նոր էր մեր երամը բարձրացել երկինք, երբ սեղմըվեցինք խժխժալով ու ահեղ փոթորիկ եղավ, եղավ բուռ ու բորան, ու մեր երամը կորավ բքնոցի մեջ։

Էլ ո՞վ պիտի գուշակի մեր ապագան, մեր գալիք ու անցնելիք ճամփան։ Ո՞վ պիտի կարդա բնության գաղտնիքը, մեր լեռների ու երկնքի գույնը, արևի, լուսնի ու աստղերի փայլը, ամպերի ընթացքն ու խտությունը։ Ո՞վ պիտի հասկանա մեր վերևով անցնող կռունկների կանչը, ագռավների կղկղոցն ու կաչաղակի լեզուն, գորտերի կռկռոցը մեր ոտքերի տակ ու ճպուռների տզզոցը մեր ականջների մեջ։

Ո՞վ պիտի մեր ձիերի փռշտոցից ու նրանց ռնգերի խաղից ձևակերպի մեր կեսօրյա տեղատարափն ու իրիկվա բուքը։ Ե՛լ, ել գնանք Ծծմակա Քիթ, որ Խութա Բեկը անցնելիս Ալվառինջու Սեյդոյի վրեժը լուծենք։

Կարծում ես միայն Յոթ թամբերի տան Խութա բե՞կն էր նենգ։ Դեռ երեկ էր, որ Մազե կամուրջի մոտ իշխան Շառոյի ծառան ձայն տվեց, որ իր տերը մոտենա վանքի ճեղքին, իրեն կարևոր ասելիք ունի։ Շառոն մոտեցավ ու երբ սկսեց խոսել, իր հավատարիմ ծառան ճեղքից մի գնդակ զետեղեց նրա կրծքի մեջ ու առյուծասիրտ Շառոն ընկավ դավաճան գնդակից։

Էլ ու՞մ հավատանք։ Ոչ ծառա մնաց վստահելի, ոչ բեկ ու աղա։

Մեր գլխի վրա գելհավք երևաց, Ախո։ Մենք երկնքից ընկանք, հազար կտոր եղանք ու մեր կտորները դեռ կերթան։

Աշխարհի մակարդը փչացավ, Ախո։ Մարդիկ հավասարվել են մկլեզներին։ Դրանից է, որ դու վերջին տարիներին էդքան արյունարբու դարձար։ Քո մեղքը մեր ամոթն է և մեր անմեղությունը քո ճակատին՝ մեռոն։ Վա՜յ ինձ, վա՜յ ինձ. դու, որ գիտեիր աստղերը կորեկի պես հաշվել, մի էժան հուլունքի պես կորար էս անտառի ղամիշների մեջ։ Գոնե Մրկեմոզանի մարգագետնում ընկնեիր, որ Շենիքից դեպի Փեթար վազելիս քո ցոլքը հեռվից նկատեի խոտերի մեջ։ Եվ եթե շփոթեի, միայն մեր ծաղիկների ցողի հետ շփոթեի քեզ։ Եվ արժե՞, որ Չոլոն ապրի ծմուկների ու մկլեզների աշխարհում, երբ դու չկաս։ Հինգ տարի ավելի ապրես հինգ սոմար գարի ավելի պիտի ծամես, ղուրբան։

Ախ՜, Ախո, Ախո, դու Մշո դաշտի քռիկ ցորեն՝ խզուզներից կերված։

Տղերք, հորի՞ կիլաք։ Թե Փեթարա Մանուկի համար կիլաք, Մանուկն սպանվեց Կողբա աղի համար։ Քանի կաք՝ Կողբա սարերին իշեք, Փեթարա Մանուկն էնտեղ զարկվավ։ Մանուկի աստղն էլ սարի վրա ճապղեց։ Թե Ախոյի համար կիլաք, Ախոյի արյուն թող իրեն համար մահ էղնի, իսկ մեղ վրեժի խնդիր։

Եթե աստված կամենար ու ինձ նորից կյանք տրվեր, Ախո, ես դարձյալ կուզեի քեզ հետ լինել, քո սերնդի հետ։ Ու լինել էնպես, ինչպես եղա։ Մեր սերունդը Ասլու ջնսից էր, Ախո։ Մեկ ու կես կոտրած ֆշանկով ելանք կանգնեցինք օսմանցու դեմ։ Ւսկ եթե զենք ու փամփուշտ ունենայինք՝ հազար սասունցի բավական էր, որ գերմանացու և ինգլիզի թագավորները չոքեին մեր առաջ ու մեկի թագը գլորվելով մյուսի թագին դիպչեր, սուլթան Համիդի թագն էլ հետը։

Վեր կաց, նստիր, վառիր քո ճղարան ու թող Փեթարա Մանուկը մեզ համար «Բերիվանի» երդի։ Դու ինձ մեծավոր, ես պզտիկ զինվոր, ինչու՞ ես պառկել էդպես վիրավոր։ Երևի կուզես, որ մի ապտակ էլ Չոլո՞ն քաշի քո երեսին։ Երբ հայրենիքը անհանգիստ է, դու ի՞նչ իրավունք ունես էդպես հանգիստ պառկելու։ Եվ էն էլ որտեղ Սարիղամիշի անտառում։

Ել երթանք Մրկեմոզան ու Աղլեզ քարեր։ Ել երթանք Ճանճկու սար։

Էն ո՞վ է նստած Սխտոր քարին։ Ես էլ կարծեցի, թե մեռել ես։ Գնացինք, Ախո, վե՛ր կաց։

ԲԱԺԱՆՈԻՄ ՁԻԱՊԱՆԻՍ ՀԵՏ

Բերդաքաղաքի և Ալեքսանդրոպոլի անկումից հետո այլևս ի՞նչ էր մնում իմ երազներից։ Գրեթե ոչինչ։ Իմ քաջ զինվոր Ախոն էլ չկար։

Եվ ես որոշեցի հեռանալ Հայաստանից։ Ծանր էր ինձ համար աչդ վճիռը, բայց ուրիշ ելք չունեի։ Արաբոյից, Սերոբ Աղբյուրից և Գևորգ Չաուշից հետո իմ վերջին երեսուն տարվա փոթորկալի կյանքը անցել էր Անդրանիկի հետ։ Իսկ Անդրանիկը չկար։

Ես նրա հետ էի եղել և պետք է գնայի նրա ետևից։ Իմ բաժանումը հեծյալներիս հետ եղավ Նոր–Բայազետում՝ Ծովազարդի լեռների վրա։ Կանչեցի իմ զինվորներին, առանձին–առանձին համբուրվեցի բոլորի հետ և ամենքին կոչ արեցի գնալ ով ուր կամենում է։

Ու գնացին իմ նախկին կամավորական գնդի հայդուկ զինվորները։ Ինձնից բաժանվեցին Մորուք Կարապետը, Չոլոն, Փեթարա Իսրոն, Զնգլիկ Պետոն, հիսնապետ Սմբուլ Արշակը, Աղջնա Վահանը և շատ զինվորներ Մանազկերտից, Խլաթից ու Մշո դաշտից։ Ինձ հետ մնաց միայն իմ ձիապան Բարսեղը։ Թաց էին աչքերը, երբ նա մոտեցավ ինձ։ Գլուխը կախ սպասում էր իմ հրամանին։

Դու դարձյալ տխուր ես քայլում։ Եվ քո ձիապանից ավելի գլխիկոր ես։ Մի ձեռնափայտ կա ձեռքիդ և մի դատարկ ուսապարկ շալակիդ։ Դու նույնիսկ ավելի տրտում ես, քան այն օրը, երբ նույն ձիապանի հետ մենակ անցնում էիր Տարոնի դաշտով։ Դու կորցրիր երկու հայրենիք քո չքնաղ Տարոնը և կապույտ Բերդաքաղաքը Սինամ գետով։

Ա՜խ, դու ուզում ես նստել Ծովազարդի այս թեք քարաժայռին ու անձնատուր լինել խոհերիդ։ Նստիր, չեմ ուզում դիպչել քո արցունքներին և վրդովել քո և քո զինվորի մենությունը։

... Իմ ձիապանը ինձ հետ եկավ մինչև Թադեի վանքը Մակու–Սալմաստ տանող ճանապարհի վրա։ Վանքի ծառա Գինդ վարդապետը մեռած էր։ Այդ այն կորովի վանականն էր, որ երեսուն տարի առաջ հայդուկային խմբերին զինելով ուղարկում էր դեպի Արևմտյան Հայաստան։ Այդ ճանապարհով անցել էինք նաև մենք, մեր բեռները Տավրոսի փոթորիկների միջով հասցնելով մինչև Մառնիկի ու Բերդակի սարերը։

Վանքի մոտով անցնելիս իմ նպատակն էր ստուգել նմանապես, թե ինչ եղավ Մշեցի Տիգրանը, որին Գևորգ Չաուշի կնոջ և երեխայի հետ արջի ծմակից հանելով փախցրել էի դաշտի գյուղերը։ Ասում էին, որ դեռևս պատերազմից առաջ Տիգրանր նրանց Մեհմեդ էֆենդու օգնությամբ տարել էր Վան։ Այնուհետև դեպքերն այնպես էին դասավորվել, որ Տիգրանը Գևորգի կնոջը Վանից ուղարկել էր Կովկաս, իսկ ինքը Վարդգեսին առած Աբաղայի դաշտով մտել էր Թադեի վանքը և այնտեղից անցել Պարսկաստան։

Ես իմ ձիապանի հետ Թադեի վանք մտա իրիկնային զանգերի ղողանջով, ինչպես մտել էի առաջին անգամ Մշեցի Տիգրանի հետ լեռներից իջնելիս։ Զարմանալի սրտագրավ մի դյութանք ունեն գյուղական զանգերի ղողանջները իրիկնային պահերին։

Իմ առաջին այցելության ժամանակ մի պառավ կար վանքում, որ վանքի տնտեսն էր, մի ջրաղացպան, մի հովիվ և մի վարդապետ։ Նրանցից միայն պառավն էր մնացել, մի զառամյալ էակ, որ քայլում էր կուզեկուզ, գրեթե հողին կըպած, մաշված գավազանը ափի մեջ, միջամատին Ավարայրի մատանին։

Արևի ժամացույցը կրկին իր տեղումն էր՝ վանքի ճակատին, ինչպես տեսել էի շատ տարիներ առաջ, բայց չկար հաստ կոպերով վարդապետ Գինդը, որ օրեկան երկու անդամ այղ քարակոփ ժամացույցի արձակած ստվերներին նայելով հանդիսավորությամբ քաշում էր վանքի զանգակները։ Այդ պաշտոնը այժմ կատարում էր զառամյալ կինը։ Ինքն էր քաշում և ինքն էր ժամերգում վանքի մեջ իր դողդոջ ձեռնափայտին կռթնած, որովհետև ուրիշ ուխտավոր և աղոթարար չկար։ Մաղթանքից հետո ավելը վերցնելով մաքրում էր հատակը և դուրս գալով՝ հաստ կողպեքով երկյուղածությամբ փակում էր երկաթյա դռնակը։

Վանքի շրջափակի գերեզմանոցը, ուր առաջ հազիվ մի քանի հին շիրիմներ էին երևում, այժմ ավելի ընդարձակվել էր։ Պառավը մեզ ցույց տվեց այդ հանգստարանի եզրին բարձրացած մի փոքրիկ շիրիմ։ Այդ հողաթմբի տակ թաղված էր Գևորգ Չաուշի որդին։ Պառավը պատմեց, որ Վանից դեպի Ավարայրի դաշտը անցնելու ճանապարհին Վարդգեսը մըրսում է և մեռնում Թադևոս առաքյալի վանքի մեջ։ Մշեցի Տիգրանը նրան թաղում է այդտեղ, իսկ ինքը գնում է Պարսկաստան։

Ես և Մշեցի Տիգրանը մեր ձեռքերով նրան հող ամփոփեցինք, ասաց խեղճ կինը աչքերը սրբելով։

Վարդգեսը թաղված էր Գինդ վարդապետի տապանից երկու քայլաչափ դեպի արևելք, վանքի ջրաղացպանի կողքին։ Հուշատախտակին գրված էր.

«Վերջին բարևս տարեք հայ ազգին, Վերջին համբույրս՝ որդիս Վարդգեսին»։

Ես ավելի պատճառ ունեի լալու, բայց իմ ձիապանը ավելի շուտ փլվեց։ Առանց այդ էլ նա վշտացած էր, որ շուտով բաժանվելու էր ինձնից։ Շարունակ դեպի ետ էր նայում և որքան հեռանում էր Հայաստանի սահմաններից, այնքան դանդաղեցնում էր ընթացքը։ Ի՜նչ կախարդական բան է այս հայրենիք Ուսվածը, այս Հայաստանը։ Երբ նա մեր ձեռքին է, մենք չենք զգում, թե որքան գրավիչ է այն և թե որքան շատ բանով ենք մենք պարտական նրան։ Մենք կորցնում ենք նրա հետ վարվելու կերպը, նրան բոլորանվեր սիրելու եղանակը։ Իսկ երբ նա կաշկանդված է կամ ստրկության մեջ է, սկսում ենք մորմոքել նրա կարոտից։ Երբ նա ազատ է, անփույթ ենք դառնում նրա հանդեպ, երբ նա գերված է, սկըսում ենք ախ ու վախ անել ու տանջվել նրա համար, ուրիշ՛ներին էլ տանջելով մեզ հետ, և ճիգ ու ջանք թափել, որ ազատենք մեր ձեռքից անզգուշությամբ փախցրած դրախտահավը։

Գիշերը լուսացրինք Թադևոս Առաքյալի վանքում։ Առավոտ շուտ մտանք վանքի ախոռը, ուր իմ ձին էր կապված, վերջին հայդուկ–կամավորի վերջին նժույգը; Ինձ տեսնելով սկսավ սանձը ծամել։ Թիմարեցի մեջքը և թամբը դրեցի վրան։ Մի պահ առանձին մնացի երիվարիս հետ։ Այդտեղ էր, որ ես լաց եղա։ Արտասվեցի մենության մեջ իմ և իմ նմանների կորած բախտի համար։ Բայց դա կարճատև մի միջոց եղավ միայն։ Ես ձին դուրս քաշեցի ախոռից։ Չգլորե՞լ արդյոք մի ձորի մեջ։ Ես առանց ձի պիտի մտնեմ պարսկական հող։ Պարսիկ ժողովուրդը բարի է, իմաստուն։ Նա գիտի, որ ես հայրենիք եմ կորցրել, և գուցե միառժամանակ ապաստան կտա ինձ։

Ձին սպիտակին էր տալիս վանքի արոտի մեջ, սմբակներով փորելով գետինը։ Բարսեղը ձիու սանձը բռնելով ընկավ առաջ։ Ես ձիով էի, իսկ նա ոտքով։ Դանդաղ էր գնում, շատ դանդաղ և դարձյալ ետ էր նայում կարոտով։

Թադեի վանքը և Գևորգի որդու գերեզմանը կորան իմ աչքից։ Ավարայրը Տղմուտով մնաց թիկունքում։ Մենք իջանք մի ձոր, որից այն կողմը Թավրիզ տանող ճանապարհն էր։ Ես սանձը Բարսեղի ձեռքից վերցնելով, մի պահ քայլեցի նժույգիս հետ կողք–կողքի։ Ապա ֆիդայական պայուսակը իմ մեջքին առնելով, սանձը դրեցի ձիապանիս ձեռքը։

Դու էլ իմ զինվորն ես եղել, Բարսեղ, իմ հայդուկ զինվորներից մեկը և իմ վստահելի ձիապանը։ Մեր ճանապարհները այստեղ բաժանվում են։ Ես իմ հավատարիմ ձին քեզ եմ ապավինում։ Որոշել էի սպանել և գլորել մի խանդակի մեջ, կամ կամուրջից վայր նետել, բայց մի պայծառ միտք սթափեցնում է ինձ։

Վերադարձիր Հայաստան։ Հայրենի հողը կանչում է քեզ։ Գնա և հերկիր նոր Հայաստանի քարքարոտ դաշտերը։ Իմ հոգին քո հոգու պես կապված է նրա ամեն քար ու կոշտին, Դա էլ մերն է, մեր հայրենիքի թանկագին բեկորը։ Մինչև հիմա այս ձին եղել է հայդուկի նժույգ, իսկ այժմ թող լծվի նոր Հայաստանի շինարար վերելքին։ Դեպի այդ երկիրը գնացին իմ զինվորներից շատերը։ Դո՛ւ էլ գնա։ Դու Սարդարապատի դաշտում կռվել ես այդ երկրի համար և ավելի իրավունք ունես նրա վրա։ Գնա և նրա մեջ փնտրիր վերապրումի հույսը և նոր կյանքի իմաստը։ Այնտեղից Կողբա սարերն են երևում, ուր Փեթարա Մանուկը զարկվեց։ Գնա դեպի Հայաստան։ Իսկ իմ սիրտը Անդրանիկի մոտ է։

Նա լուռ նայեց աչքերիս մեջ և վերջին գլանակը փաթաթելով երկարեց ինձ։

Ես ոտքով բռնեցի Թավրիզի ճանապարհը, իսկ Բարսեղը իմ ձին հեծնելով, ճակատով շուռ եկավ դեպի Հայաստան:

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

ՀԱՅԴՈԻԿԻ ՓԱԽՈԻՍՏԸ

Ամռան գիշեր էր։

Ահագչի գյուղի ծայրամասում գտնվող իր խաղաղ խրճիթի տանիքին քնած էր Մորուք Կարոն։

1921 թվականի փետրվարին Մորուք Կարոն եղել էր դեպի Էջմիածին և Աշտարակ արշավող զինված ուժերի շ՛արքերում, իսկ նույն տարվա ապրիլին Չոլոյի հետ Ջուլֆայի վրայով փախել էր Պարսկաստան։ Համ աղան քաղաքից Բաղդատի վրայով անցել էր Հալեպ, այնտեղից էլ՝ Հունաստան։

1924-ին Սովետական Հայաստանից փախած ֆիդայիներին ներում էր շնորհվել և այդ երկուսն էլ Հունաստանից Հայաստան վերադառնալով ձեռնամուխ էին եղել երկրագործական խաղաղ աշխատանքի։

Կարոն ընտրված էր գյուղսովետի անդամ և «փոդի» նախագահ։

Գյուղում տիրական էին դարձել բատրակները։ Ստեղծվել էր չքավոր և միջակ գյուղացու դաշինք ընդդեմ ուռճացած տնտեսությունների։

Անբարեհույս էին համարվում հին ֆիդայիները։

Վերադարձից երեք տարի անց Չոլոն ձերբակալվեց։ Մորուք Կարոն դարձավ անհանգիստ։

Մի օր մի միլիցիոներ եկավ Ահագչի և ուզեց իմանալ, թե որտեղ է Կարոն։ Կինը պատասխանեց, թե աղուն է տարել Ոսկեթաս։

Միլիցիոներս շտապեց Ոսկեթաս։ Ճանապարհին Հանդիպեց մի ալրոտ մարդու։ Կարոն էր։ Հարցրեց.

Ջրաղացում շատ մարդ կա՞ր։

Կար։

Մորուսն էնտե՞ղ է։

Հա, իր հերթին է սպասում, խորհրադավոր պատասխանեց Մորուք Կարոն և տուն հասնելով ծեծեց կնոջը, թե ինչու է իր տեղը ուրիշներին հայտնում։

Թեև Կարոն գյուղսովետի անդամ էր և փոդի նախագահ, բայց արդեն համոզվել էր, որ իրեն կասկածում են և սկսել էր մոտը զենք պահել։ Ու այժմ էլ քնած էր տասնոցը գլխատակին։ Ցերեկները նա այդ զենքը թաքցնում էր ամբարի կամ թոնրի ակի մեջ։ Այդ հին ֆիդային վերին աստիճանի զգույշ էր և կասկածամիտ։ Չէր վստահում ոչ մեկին, նույնիսկ կնոջը, մանավանդ, Չոլոյի ձերբակալությունից հետո։ Քնում էր միշտ առանձին, ամառները տանիքին և զենքը միշտ վրան։ Գլխի տակ բարձի փոխարեն նա երբեմն մի սուր քար էր դնում, որ խոր քնով չտարվի։

Զենքից բացի Կարոն ձեռք էր բերել մի հրաշալի զամբիկ։ Անունը Սոսե էր։ Այնպես էր վարժեցրել, որ ձին ցերեկը արածի մարգագետնում, իսկ գիշերները պատրաստ կանգնած լինի տան ետև։ Զին ոչ միայն դրան էր վարժվել, այլև տիրոջ միջամատի մի թեթև շարժումով քառատրոփ սուրալ ցանկացած ուղղությամբ։

Ռանչպար մարդուն ինչ է հարկավոր հայրենի հող և մի խաղաղ անկյուն այդ հողի վրա։

Այդ խաղաղ անկյունը կար։ Կարոն ուներ բարձր տանիքով մի տուն լեռնային գյուղում, դիմացը մի սար՝ Արտենի, և սարի ճակատին լուսին։

Հրաշալի հնձվոր էր Կարոն և դաշտ էր գնում միշտ արշալույսից առաջ։ Միջահասակից քիչ ցածր էր, փոքր–ինչ շեկին տվող, ճակատը լայն, բեղերը խիտ ու ոլորուն։ Արագաշարժ մարդ էր, ազդու շարժուձևերով։ Հանգիստ հաց կերած չկար կյանքում, այլ միշտ ոտքի վրա։ Խնայել, խղճալ չգիտեր, երբ խոսքը վերաբերվեր ընդհանուրի ապահովությանը։ Այս նոր վայրում Կարոն այնքան բարեկեցիկ էր դարձել, որ ակնարկներ կային, թե «Գյուղսովետի անդամ Մորուքը սեփականատիրական ձգտումներ ունի»։

Ընդամենը մի քանի տարի նա իրեն զգաց խաղաղ աշխատավոր այդ լեռնային գյուղում։ Դարձյալ խափանվեց հանգիստը։

Ռանչպարն ու ըմբոստ ֆիդային կողք–կողքի ապրում էին այդ հին սասունցու մեջ։ Ճնշվում էր առաջինը՝ պոռթկում էր ֆիդային, երկրորդն էր ճնշվում՝ զարթնում էր ռանչպարը։

Տեղական թերթերից և եկող–գնացողներից հայտնի էր դարձել, որ քրդական նոր շարժումներ են սկսվել Արարատի թիկունքում և Շեյխ Զիլան անունով մի հայ ֆիդայի այդ շարժումների գլուխն անցնելով, դրանք վերածել է թուրք բըռնակալության դեմ ուղղված մեծ ապստամբության։ Նույնիսկ այդ ֆիդայու անունն էին տալիս «Բրինդար»։ Որ այդ կռիվների մեջ սպանվել են երկու հին հայդուկ քուրդ Հասանոն և ասորի Աբդելոն։ Եթե այդ լուրերը ճիշտ են, ինչու չգնալ և չմասնակցել այդ ապստամբությանը։ Թեկուզ և սպանվի, ինչ կա որ։ Չէ որ հայդուկի կոչումն է կռվել և մեռնել ազատության համար։ Ինչո՞վ է ինքը ասորի Աբդելոյից կամ Հասանոյից պակաս։

Այսօր նա հնձից եկավ, գերանդին հանեց տանից, որ հեսանի, բայց հոգնած էր, շուտ քնեց։ Գիշերը նոր էր ճեղքվել։

Կարոյին թվաց, որ իր ականջին ձայն դիպավ։ Արթնացավ, նայեց շուրջը։ Ոչ ոք չկար։ Արտենի սարը կախված էր իր վրա, իսկ տան առջևի ձորակով խշշալով գնում էր առուն։ Տան ետևը քարե սանդուղքներ կային։ Ստուգեց։ Ջին կանգնած էր վերջին սանդուղի մոտ, պատի տակ։ Մի բերան ծըխեց և տանիքին նստելով սկսեց գերանդին սրել։ Լուսաբացին հնձի էր գնալու։

Քիչ անց խուլ ոտնաձայն լսվեց։ Թվաց, թե ներքևում դուռը բախեցին։

Ո՞վ է, հնչեց Մորուքի ձայնը վերևից։

Տանիքի վրա կանգնել էր տանտերը նախշուն վերմակը շուրջը հավաքած, գերանդին ձեռքի մեջ։ Նայեց։ Լուսնյակն իր տեղումն էր։ Արտենի սարը իր տեղումն էր, խրճիթներն իրենց տեղում էին։ Այս մեկը իր եղբայր Օհանի տունն է։ Մյուսը Մոսե Իմոյի տանիքն է։ Տեր Քաջի դեզը ստվեր է նետել իր մարագի պատին։

Ահա և գյուղի Խոտնոցը՝ մեծ քարով։

Դռան վրա դարձյալ զարկ լսվեց։

Ո՞վ է, իր հարցը կրկնեց Մորուքը տանիքից ներքև կռանալով։

Դռանը մի կին էր կանգնած։

Իշխնձորցի, դու ես։

Ես եմ, Մորուք։ Գործով ելա դուրս, դուռը իմ ետևից փակվեց։

Ուժով հրիր։

Հրում եմ, լի բացվում։ Սողնակը իջել է դռան վրա։

Մորուք Կարոն գերանդին ձեռքին տանիքից կռացած նայում էր կնոջը՝ Մարթային։ Ի՞նչ էր մնացել այդ հրեղեն հարսից, որ դժվարանում էր նույնիսկ մի դուռ բանալ։ Մի՞թե այդ այն լեռնական աղջիկն է, որին ինքը ձիու մեջքին դրած փախցրել էր Կեպին սարի ամառանոցից։

Սեփական դուռը փակվել էր իրենց դեմ։

Ո՞վ պետք է փակած լիներ, այն էլ այդ լուսնյակ գիշերին, այդ զմայլելի խաղաղության մեջ, երբ Մորուքը գերանդին էր հեսանում, որ շուտով հնձի գնա։

Ու ծանր մի տրտմություն իջավ երկուսի վրա, որ միգուցե այդ դուռը հավիտյան է փակվելու։

Մորուք Կարոն հագավ շորերը, իջավ բաց արեց դուռը և գերանդին ուսին դրած գնաց հնձի։ Մինչև երեկո հնձեց։ Հեսանեց ու նորից հնձեց։ Հոգնած էր, դաշտից վերադարձավ, գերանդին կախեց պատից ու մտավ օդան։ Վրայի շորերը հա՛նեց, որ շոգից չնեղվի։ Կինը գնաց ճաշ բերելու, բայց փողանից դատարկ ետ դարձավ։

Դիմացի ձորակի մեջ ինչ–որ անծանոթ մարդիկ երևացին, Յոթ հոգի էին և դեպի իրենց կողմն էին գալիս։

Կարո, էդ մարդիկ եկել են քեզ տանելու, տագնապալի ազդարարեց Մարթան ցածր ձայնով։ Մորուքը նայեց օդայի նեղլիկ լուսանցքից և արագ նետվեց հացատուն։ Ինչ-որ բան էր ուզում վերցնել, բայց ետ դարձավ և փողանից ձիու կապը առնելով շտապեց դուրս։ Շեմքին չհասած դեմը կտրեցին,

Մարթան ետևից ձայնեց. «Մորուք, դու գնա իրենց բարև տուր։ Եթե քո բարևն առան ու քեզ ձեռք տվին, վնաս չկա, իսկ եթե քո բարևը չառան՝ ուրեմն հաստատ իմացիր, որ եկել են քեզ տանելու»։

Կարոն մոտեցավ, բարև տվեց, բայց ոչ մեկը նրա բարևը չառավ։

Զին կանգնած էր պատի տակ։ Մարթան մոտեցավ և գըլխի կամաց թափ տվեց ձիու երեսին։ Ջին ընդոստնեց դեպի աղբյուրը։

Կարոն շարժվեց ձիու ետևից։

Մենք քեզ հետ մի քիչ գործ ունենք, ու՞ր ես գնում, զգուշացրեց նրանց պետը։

Ձին աղբյուրն է, գնամ բերեմ, հետո գործի մասին կըխոսենք, ասաց Կարոն։

Տեսան, որ անզեն է, շապիկ վարտիքով և ձեռքին ձիու սանձ կա, համաձայն եղան։

Մորուքը գնաց դեպի աղբյուրը։ Ձին տիրոջ ոտնաձայնն առնելով ականջները խաղացրեց։ Հազիվ էր կապը ձիու բերանը դրել, երբ անծանոթ մարդիկ մոտեցան աղբյուրին։

Ինչպե՞ս, դուք իմ ետևից եք գալիս, ասաց Կարոն և ձեռնաթաթով աննկատելի հարվածեց ձիու դնչին։ Սոսեն խրտնեց ու փախավ։

Քուռը, քուռը, բղավեց սասունցին և շտապեց ձիու ետևից։

Ջին քառատրոփ վազքով բարձրացավ քարքարոտ բլուրը, որի վրա գյուղն էր շինված և սլացավ դեպի Խոտնոցի ձորը, մեծ քարի ուղղությամբ։

Այդ ձորը ուղիղ տանում էր դեպի Արագածի լանջերը։ Կարոն հետքը կորցնելու համար ճանապարհին մտավ ինչ–որ տուն, և հակառակ կողմից դուրս գալով, սլացավ ձիու ետեվից։ Սոսեն Խոտնոցի մեծ քարի տակ կանգնած սպասում էր իրեն։ Հասնելն ու հեծնելը մեկ եղավ։ Մինչ մարդիկ ուշքի կգային, թե ինչ կատարվեց, Մորուք Կարոն արդեն մոտենում էր Ծխով աղբյուրին։

Շատ թամբահ ձիեր էր սանձել այդ անսանձ ֆիդային, բայց այս մեկը անթամբ էր և անսանձ, սակայն նույնքան հնազանդ իր կամքին, որքան մինչև այդ եղած բոլոր նժույգները։ Այնպես էր մտել ձիու ականջը և այնպիսի հմտությամբ էր վարում, մերթ իջնելով ձիու փորատակ, մերթ հակառակ կողմից բարձրանալով մեջքին ու նորից դեպի վար թեքվելով կպչում մերթ այս կողին, մերթ այն կողին, որ տեսարանը թվում էր զարմանալի անիրական։ Մարթան, հարևանները և շատ գյուղացիք, ոմանք տանիքներին կանգնած, ոմանք էլ հավաքված Խոտնոցի ձորում, զարմացած նայում էին այդ տեսլացած ձիավորի ետևից, որին բռնելու համար դեպի Լեռնաձորի աղբյուրն էին վազում յոթ զինված մարդ։

Չմոտենաք ինձ և չգաք իմ ետևից, լսվեց Մորուք Կարոյի սպառնական կանչը հեռվից և ինքն ու իր ձին կորան արևի վերջին ճառագայթներից դատարկված ոլորապտույտ ձորի մեջ։

Փախավ մեր ձեռքից, ասաց պետը հուսահատորեն կանգ առնելով և արմունկը հենելով մի մթնած ժայռի։

Գնաց միանալու կոլխոզից փախածներին, ավելացրեց նրա թիկունքից վազողներից մեկը, զայրույթից կրակելով ձորնիվեր։

Կարոն, իհարկե, բանդիտներին չմիացավ։ նա իրեն համարում էր նպատակի մարդ և գնաց իր նպատակի ետևից։

ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՕԳՆԵՑԻՆ

Ու՞ր էր գնում այդ ծուռ սասունցին։ Արևը մայր էր մըտնում, և ցուրտ էր սարերի վրա։

Գոնե մեկնումեկը իր շորերը բերեր։

Լեռան բարձրադիր լանջով աղմկալի գալարվում էր մի կապտաջուր վտակ։ Մի բարակ առվակ նրանից անջատվելով խոխոջալով իջնում էր դեպի Խոտնոցի ձորը։ Երևի որևէ գյուղացի իր արտն է ջրում սարի տակ։ «Եթե ջուրը կտրեմ, ջրի տերը սար կգա և ես նրան կպատվիրեմ, որ շորերս բերի», ինքն իր մեջ խոսեց Մորուք Կարոն և ձիուց իջնելով առուն կտրեց։

Շուտով երևաց մի ջղուտ տղամարդ, որ թիակը ուսին բարձրաձայն գոռալով գալիս էր ներքևից։

Էդ ո՞վ կտրեց իմ առվի ջուր։

Ճանաչեց։ Ջրտուքվար Ֆադեն էր։ Սա նույնպես նոր բընակավայր էր ընտրել Ահագչի գյուղը և իր սովորության համաձայն գիշերով էր ջրտուք անում։ Խտանա կածից մինչև Գորիս և Գորիսից մինչև Արագած Ֆադեն եկել էր թիակը ուսին դրած։ Աշխարհում շատ բան էր փոխվել, բայց երեք բան անփոփոխ էր մնացել այդ սասունցու վրա. սև աբան, քշտած ոտքերը և իր թիակը։

Իր բանն ու գործը դարձյալ ջրի ու ջրտուքի հետ էր։ Դարձյալ քնում էր բացօթյա, իր հին կարպետը իբրև վերմակ և թաղիքն իբրև ներքնակ օգտագործելով։ Միայն խոր աշնանը, երբ ձյունը խփում էր վերմակին, նա անկողինը պլուլելով մտնում էր տուն։

Էդ ո՞ր զոռբան կտրեց իմ առվի ջուր, նորից բղավեց Ֆադեն և բարկությամբ տեղ հասնելով թքեց իր ափի մեջ և բահը ամուր զարկեց մայր առվի կոկորդին։

Ես կտրեցի, քեռի Ֆադե, մի հայհոյիր, ասաց Մորուքը և եղելությունը պատմելով, խնդրեց, որ գնա գյուղ ու իր հագուստն ու զենքը բերի։

Ու ցնցվեց ծերունի ջրվորը Մորուքին այղ վիճակի մեջ տեսնելով։

Մաուզերը որտե՞ղ է, հարցրեց Ֆադեն։

Իշխնձորցին տեղը գիտի, ասաց Կարոն։

Ֆադեն իր աբան համագյուղացու ուսին գցելով, թիակը ձեռքին շտապեց գյուղ։

Զենքը պահված էր թոնրի ակի մեջ։ Առավ զենքն ու հագուստը և ետ եկավ։

Կարոն վերցրեց կապոցն ու ձին քշեց։ Ճանապարհին հիշեց։ Վարադարձավ, աբան տվեց ջրտուքվար Ֆադեին։

Աբան քոնն է, ասաց ու ձին քշեց։

Ջրվորը ետ դարձավ իր առվի հետ, Կարոն մենակ մնաց սարի վրա։

Քշեց հայդուկն իր ձին ու կանգ առավ մի ժայռի տակ։ Կապոցը բաց արավ, որ շորերը հագնի։ Զենքն ու շապիկը կար, բայց շալվարը չկար։ Հեյ վա՜խ, ասաց Կարոն, դեռ գիշերը չեկած կինս շփոթվել է մտածմունքից։

Վերնաշապիկն հագավ ու կիսամերկ թռավ ձիու մեջքին։

Տեսավ վերի սարից երկու ուշացած ճամփորդ են իջնում մի տղամարդ և կին։

Տղամարդը Մոսե Իմոն էր, հռչակավոր սասունցին, իսկ կինը Վիկտորիան էր, Լոնդոնում ծնված աղջիկը։

Թշնամին Սասունը գրավելով հափշտակել էր նաև Մոսե Իմոյի առասպելական օրորոցը։ Իմոն նախ զինվոր էր դարձել գնդապետ Սիլիկովի և Սամարցյանի գնդերում, կատարե՛լով բազմաթիվ մարտական առաջադրանքներ, ապա իր կընոջ և երեխայի հետ, Անդրանիկի զորամասին կրնկակոխ հետևելով, հասել էր մինչև Գորիս և սովետական կարգերի հաղթանակից հետո հաստատվել Թալինի շրջանի Ահագչի գյուղում ։

Ու թեպետ շատ տարիներ էին անցել այդ դեպքերի վրայով, բայց Մոսե Իմոն չէր մոռացել իր պատմական ուղևորությունը դեպի ինգլիզաց երկիր և այն օրորոցը, որ նվեր էր ստացել Ինգլիզի թագավորից։ Ահագչի գյուղում ծնված մանուկներն անգամ լսել էին այդ օրորոցի մասին և երբ Իմոն անցնում էր գյուղամիջով, մատնացույց էին անում՝ ասելով* «Օրորոց քեռին եկավ»։

Մոսե Իմոն, սակայն, նշանավոր էր նրանով, որ տեսել էր Անդոկի ժայթքող աղբյուրի հրեղեն ձիերին։ Թալինի գյուղերում պատմում էին, թե ինչպես Մոսե Իմոն ձեռքը դիպցրել է այդ աղբյուրից ելած հրեղեն ձիուն, ապա նույն ձեռքը դիպցրել է Շապինանդի ձիուն և դրանից Շապինանդի ձին դարձել է հրեղեն։ Նա այլևս այն հողեղեն մտրուկը չէր, որ նվիրել էր ծերունի ասորին Յոթ Գդալի դաշտում, այլ անմահական մի նժույգ մանրիկ կճղակներով՝ պատրաստ ճախրելու դեպի երկինք։

Ու այսպես, Սովետական Հայաստանի գյուղերում առասպելական էին դարձել ոչ միայն ասորի ցեղապետի ձին և Անդոկի Պայթող աղբյուրը, այլև Շապինանդը և ինքը՝ Մոսե Իմոն։

Ահագչի գյուղում հրեղեն ձիեր չկային և Մոսե Իմոն իր մոգությունը փորձում էր օձերի աչքերի մեջ նայելով և նըրանց հմայելով; Նա գյուղի մանուկներին սովորեցնում էր, թե ինչպես պետք է օձերին կախարդել նրանց կոկորդից բըռնելով։

Ազդեցիկ էր Մոսե Իմոն մանավանդ իր գյուղի մեջ։

Այդ լեռնային գյուղի վերաբնակները, ով որտեղից եկել էր, այնտեղից բերած տարազն էր հագնում։ Մոսե Իմոյի հագուստը տարբերվում էր բոլորից։ Առաջվա պես նա ծածկում էր սասունցու տոհմիկ գդակը, սև փուշին շուրջը ոլորած, մեջքին կրում էր շալե հյուսված թանձր գոտի՝ ծխամորճն ու քիսեն ծալքի մեջ, մազե երկար աբա և բրդյա լմած վերնավարտիք, նաև մի հավելյալ վերնավարտիք, որ չմրսի։ Խոշոր քթով, պալթա բեղերով և ծանր բուռը ամուր սեղմած կեռգլուխ գավազանին։ Այդ էր Մոսե Իմոն։

Այդ ձեռնափայտով և այդ տեսք ու տարազով էլ նա ներկայացել էր Անգլիայի թագավորին (իհարկե, ներս մըտնելիս նրա ձեռնափայտը քաղաքավարությամբ վերցրել և կախել էին թագավորական հանդերձարանում մինչև իր դուրս գալը)։

Մոսե Իմոն միշտ այդ տոհմիկ տարազի մեջ էր, մանավանդ տոնական օրերին, կամ երբ հյուր էր գնում։ Իսկ այդ օրը նա իր աղջկա հետ առավոտ վաղ հյուր էր գնացել Արագածի քրդական օբաները և այժմ վերադառնում էր գյուղ։ Երկուսն էլ հանկարծ նկատեցին, որ իրենց մոտով մի տղամարդ է անցնում շապկանց։ Սաստիկ զարմացան հայր ու աղջիկ գրեթե մ երկանդամ տեսնելով այդ տարօրինակ

Քա վու՜յ, Մորուքն է, բացականչեց Վիկտորիան աչքերը ամոթից փակելով և գլուխը շուռ տալով, որ չըտեսնի։

Մորուքն է, հաստատեց Մոսե Իմոն։

Կարոն սկզբում բոլորովին չճանաչեց իր համագյուղացիներին։ Նույնիսկ կասկածեց, թե իրեն հետապնդում են, և ձիու գլուխը թեքեց, որ ձորը մտնի, աջ ձեռքում ատրճանակը պատրաստ պահած։ Սակայն շուտով համոզվեց, որ սարից իջնողները իր համագյուղացիներն են և ձին կանգնեցրեց։

Չեմ կարող մոտենալ, որովհետև շոր չունեմ վրաս, ասաց Մորուքը։ Մոսե Իմոն վազեց նրա մոտ։ Կարոն պատմեց եղելությունը։

Երանի ես Անդոկի տակ մեռած լինեի և քեզ չտեսնեի էս վիճակի մեջ, Մորուք, պոռթկաց Մոսե Իմոն։ Սասունցին նրան տվեց իր վերնավարտիքներից մեկը և իր նոր տրեխները, ասելով, որ ինքը գյուղ է գնում և մինչև տուն հասնելը ոտնաման կճարի։

Սակայն կար մի ավելի զարմանալի բան. ձին ոչ թամբ ուներ և ոչ կանոնավոր սանձ։ Գիտեին, որ Մորուքը հմուտ ձիավոր է, բայց որքան կկարողանար նա իր ձին առանց թամբի և սանձի վազեցնել այղ քարքարոտ վտանգավոր լեռների մեջ, որ արդեն մթնել էին։ Վիկտորիան նոր խուզված ոչխարի բուրդ էր բերում սարից։ Մոսե Իմոն աղջկա բեռը ցած առավ, վրայի պարանը քանդեց ոլորեց և մի բավական հարմար սանձ պատրաստելով հանձնեց Կարոյին։

Կարոն առանց ձիուց իջնելու նրանց հետ հաց կերավ։

Իմ հունձը կիսատ մնաց, Մոսե։ Օհանին կասես՝ գնա վերջացնի։ Գերանդին տանն եմ թողել, հիշեցրեց փախստական սասունցին։

Դե, ես գնացի, մենք իրար չենք տեսել, պատվիրեց Մորուքը և համագյուղացիներից բաժանվելով ձիու գլուխը ուղղեց դեպի Արագածի ամայի բարձունքները։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Ռանչպարների Կանչը"

Ятук Музыка
Enzeli
Александр Спендиарян

Enzeli

Восстание крестьян Ахпата в 1903 г.
Восстание крестьян Ахпата в 1903 г.
Играть онлайн