Хачик Даштенс

Ռանչպարների Կանչը

4

ԽԼԱԹԻ ՍԱՐԵՐՈՒՄ

Սողորդը Խլաթի մեջ էր։

Հայերը և քրդերը այդ գավառին Խլաթ էին ասում, թուրքերը՝ Ախլաթ։

Ես դեպի Խլաթ դիմեցի Սողգոմից շարունակ դեպի արևելք գնալով և անցնելով Մշո դաշտի Ազաղբյուր և Արագիլի բույն գյուղերը։

Արագիլի բու՜յն։ Հայկական այդ գողտրիկ բնակավայրի անունը տարիների ընթացքում բերանից բերան զարկվելով դարձել էր Ալիգլբուն։

Այդ գյուղի ծայրին մի կին ինձ կանգնեցնելով՝ հարցրեց.

Դո՞ր կերթաս, այ տղա։

Խլաթ կերթամ։

Խլաթ ո՛ր գեղը կերթաս։

Սողորդ կերթամ, ասացի։

Զգույշ Շամիրամա ավազներից և մանրիկ փշերի բը– լէրից։ Ղարիբ ես, լաո։ Ղարիբ աղավնին կուտի ետևից կերթա, թակարդ կընկնի, զգուշացրեց դաշտեցի պառավը և պատմեց Շամիրամա ավազների հին զրույցը.

Նեմրութ լեռան տիրակալը մի ամբարտավան իշխան է եղել։ նա թրով հարձակվել է աստծո վրա, որ նրան հաղթի և իրեն հայտարարի աստված։ Գոռոզ իշխանը Վանա ծովի ավազները ուղտերին բարձած բերել է տալիս դեպի Նեմրութ, որ իր գահը բարձրացնի երկինք հասցնի և թրի մի հարվածով վայր գլորի աստծուն ու նստի նրա տեղը։ Երկնավորը, զայրացած, իշխանի ավազով բեռնված ուղտերի քարավանը քարացնում է դեպի Շամիրամ գյուղը շարժվելու ճանապարհին, իսկ Նեմրութին անիծելով՝ որոտմունքով ցնցում է հիմքից, գագաթի քարաժայռերն ու փոշին շպրտելով ստորոտների վրա և տեղը գոյացնելով մի հսկայական փոս, որից մինչև այսօր դեղին գոլորշիներ են բարձրանում։ Անզգամ իշխանին պատժելով, աստված, այնուամենայնիվ, լեռան խառնարանը լցնում է սառնորակ ջրով, որ երկրագործ մարդիկ իրենց դաշտերը ոռոգեն։

Անզգամը աստված չունի, անգութը՝ խիղճ, ասաց դաշտեցի կինը և գնաց։

Չնայած, որ Ալիգլբունցի պառավը ինձ զգուշացրեց Շամիրամի «ուղտոլ քարերից», բայց ես մոլորվեցի և քիչ մնաց անհետանայի Նեմրութի ավազաբլուրների մեջ։ Շամիրամը շինված էր Նեմրութ լեռան մի փոքրիկ ձորահովտում։ Կողքին չորս մեծ բլուրներ կային, իսկ ավելի հեռվում կանգնած էր մի հինգերորդ սրածայր բլուր, որ վիզը երկարած Նեմրութի գագաթին էր նայում։ Իսկական ուղտի էր նման։ Ինձ թվաց, թե այդ հինգ քարացած ուղտերը հիմա վեր կկենան ու կգան ինձ վրա ու ես, այդ մտքից սարսափած, արագացրի քայլերս, որ Սողորդ հասնեմ։ Բայց այս անգամ դեմս ելավ Գրգուռ լեռան մանրիկ փշերի ու մացառների դաշտը։ Ոտքերիս տակից սահող ավազափոշին և այդ մանրիկ փշերն ու բլերը ինձ անվերջ քաշում էին դեպի իրենց խորքը։ Իսկապես, այդ վայրերի համար ես ղարիբ աղավնի էի, և ամեն քայլափոխին թակարդը լարված էր։ Իմ ոտնամաններից մեկը կորավ ավազների մեջ։ Խառնեցի ավազները, բայց չգտա, երկյուղս սաստկացավ ու ես մի պահ զղջացի իմ այդ հանդուգն ուղևորության համար։

Հազիվ էի հաղթահարել ավազափոշին և ուղտափշերը, երբ նոր արգելքի հանդիպեցի։ Սուլթանի ոստիկանները բռնել էին սասունցի մի ծերունու և մազի պարանով կապկպած, սարից–սար քարշ տալով, ստիպում էին նրան հայտնել հայդուկների տեղը։ Խոսակցությունից հասկացա, որ ծերունուն տանջող ոստիկանապետի անունը Ղալիպ էր, իսկ տանջվողի անունը՝ ռես Խեչո։

Ու՞ր տեսար Սերոբին ու իր ֆիդայիներին։ Ինչպե՞ս տեսար, գոռում էր ոստիկանապետը։

Անցյալ ամսին տեսա։ Ինձ ստիպեցին, թե՝ մեզ տար Կուրտիկ սար։ Ես ընկա իրենց առաջ ու տարա Կուրտիկ։

Կուրտիկից ու ր գնացին։

Կուրտիկից անցան Քոսուրա սար։

Իսկ Քոսուրա սարից ու՞ ր տարար։

Քոսուրա սարից անցան գնացին Խաթավին։

ճանապարհին պապիրոս վառեցի՞ն։

Մեկ-երկու հատ։

Մնացորդները գետին թափեցի՞ն։

Չէ, էֆենդի, ձեռքերի մեջ փշրեցին, քամուն տվին։

Կանգնած տեղը խո՞տ էր, թե հող։

Խոտ էր, էֆենդի։

Ի՞նչ էին հագած։

Բոլորն էլ չուխա շորեր։ Մի քանիսի գլխին փափախ կար։

Ո՞ր կողմով գնացին։

Մի Խաթավին սար՝ տաս ճամփա։ Որ ճամփով գնացին՝ չգիտեմ։

Դու ինձ գիտես, ռես Խեչո, գոռաց Ղալիպ էֆենդին։ Ես քեզ էլ եմ ճանաչում, քո պապին էլ, քո ջոջ պապին էլ։

Ի՞նչ պիտի անես, շատ-շատ գլուխս պիտի կտրես՝ մի ափ արյուն պիտի երթա... ես բոլոր ֆիդայիների պա՞պն եմ, որ նրանց տեղը իմանամ։

Դու իբրև հպատակ պարտավոր ես բռնել և մեր ձեռքը հանձնել սուլթանի թշնամիներին։

Դրանք թռչուն են, էֆենդի, ինչպե՞ս բռնենք։ Ֆիդային սահման չունի։ Հարյուր աշիրի միջով կանցնեն, հազար սարով կգնան կթառեն իրենց ուզած սարին։ Վաղն էլ կթռչեն կերթան ուրիշ սարեր։ Թագավորի ձեռքը երկար է, թող գնա բոնի։

Ուրեմն դու չե՞ս ուզում Սերոբի խմբի տեղն ասել։

Որ սպանեք էլ՝ չեմ ասի։

Նեմրութի վրա չե՞ն։

Որ Նեմրութի վրա լինեին, կթողնե՞ին, որ դու և քո կարմիրգլուխ ասկյարները ինձ էսպես տանջեք։

Խեչոն խոսում էր համարձակ, գրեթե բոռալով, չիբուխն էլ բարկությունից գետնին թխկթխկացնելով։

Իսկ երբ Սերոբը Կուրտիկ էր, ի՞նչ ասաց գյուղացիներին։

Սերոբն ասաց. «Սուլթանի երկրում առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնացեք»։

էլ Ի՞նչ ասաց:

Հետո ասաց. «Ես բախտավոր ընտանիքի զավակ էի։ Bայց պետք է բախտավորները երբեմն լան, որ թշվառները մխիթարվեն։ Տեսեք, մեր շեն տունը ձեզ օրինակ. ես նախ մեր տունը՝ Խլաթա Խչեի մեծ օջախը քանդեցի, որ շատ մայրեր իրավունք չունենան ինձ անիծելու, ասելով. «մեր տուն քանդողի տունը քանդվի»։

Եվ դու չե՞ս ուզում այդ ապստամբի տեղը մեզ ասել։

Ես նրա ասածը ասացի, բայց տեղը չգիտեմ։

Շու՛տ, ասա Սերոբի տեղը, թե չէ քեզ կխորովենք ավազների մեջ։

Չեմ ասի։

Ղալիպի հրամանով ոստիկանները շինական Խեչոյի մազե պարանը նորից ամուր ձգեցին և քարշ տալով տարան դեպի Շամիրամի ավազաթմբերը։ Այստեղ դարձյալ չարչարեցին նրան և, վզից մի մեծ ապառաժ կապելով, թաղեցին ավազների մեջ։ Միայն գլուխը դուրս մնաց։ Ապա ուղտափշերի մի կույտ դիզեցին շուրջը, չիբուխի կոթը մտցրին բերանը. «Դե, հիմա ծխիր», ասացին, և փշերը կրակ տալով՝ հեռացան։

Երբ նրանք իջան ձորը, ես ավազների միջով սողալով մոտեցա ռանչպար Խեչոյին, կրակները ոտքով, ձեռքով մի կողմ հրեցի և կապանքը քանդելով ապառաժը հեռացրի նրա կրծքից։

Շուտով տեսա, թե ինչպես ծերունին ավազներից ելավ և չիբուխը զայրացած ծխելով իջավ դեպի ձորը։ Իսկ ես Արաբոյի ծխատուփը ծոցիս մեջ, անվհատ շարունակեցի իմ վերելքը։

Վերջապես մեծ դժվարությամբ մագլցեցի Նեմրութի լանջերն ի վեր, իմ ետևում թողնելով Շամիրամի ավազաբլուրները և Գրգուռի ուղտաքարերն ու ուղտափշերը։

ՆԵՄՐՈԻԹԻ ՎՐԱ

Սողորդը Նեմրութ լեռան բարձրադիր լանջին էր։ Գտա իմ որոնած տունը և դուռը ծեծեցի։

Ու՞մ ես փնտրում, հարցրին։

Աղբյուր Սերոբին։

Դու սար պիտի երթաս, ասացին։ Ինքն էլ, Աղբյուր Սոսեն էլ սարն են։

Տեսան, որ իմ ոտքը բոբիկ է, դես-դեն ընկան, որ մի հարմար ոտնաման գտնեն՝ չգտան։ Ստիպված իմ ունեցածն էլ թողեցի այդտեղ, որ ազատ քայլեմ և տանից հաց առնելով ընկա ճամփա։

Խեղճ հայրս ինչ իմանար, որ իր սոլկար որդին մի օր առանց ոտնամանի կմնար։

Անցա գերեզմանոցի մոտով, որ պատով բաժանված էր գյուղից և շարժվեցի սարն ի վեր։ Իմ բախտից ամբողջ լեռը ծածկված էր գինարբուկի կապույտ ծաղիկներով և թովիչ կանաչով։

Սերոբ Աղբյուրին ես գտա Նեմրութի քարոտ լանջին, մի ժայռի նստած։ Սերոբն ավելի հաղթահասակ էր, քան Արաբոն և ավելի լավ զինված։ Արաբոյի ունեցածը մի հասարակ բերդանկի էր, իսկ Սերոբի ձեռքին մոսինի կար։ Մեջքի շուրջը փաթաթված կաշյա փամփշտակալները ուսերից իջնելով լայն խաչկապ էին կազմել կրծքի վրա։ Դեմքը թուխ էր, երկու խոշոր աչքերով լուսավորված։ Գլխին ոլորված էր մոխրագույն թաշկինակ՝ ծայրերն արձակ։

Եկել ես ճնճղու՛կ տեսնելու, հարցրեց Աղբյուրը, ոտքից-գլուխ չափելով իմ հասակը։

Այդ օրերին ճնճղուկ էին անվանում այն հայ շինականներին, որ ըմբոստանալով բռնության դեմ, բարձրանում էին սար, ի նկատի ունենալով նրանց թափառիկ, ոստոստուն կյանքը։

Ոչ, եկել եմ ճնճղուկ դառնալու, համարձակ պատասխանեցի ես և իմ ծոցից հանելով ծխախոտով լի տուփը՝ մեկնեցի նրան։

Սերոբը տուփը մոտեցրեց քթին։

Կարմիր Ծառի թութուն է։ Ծխու՞մ ես։

Ոչ։

Ապա ի՞նչ գործ ունի այս տուփը քեզ մոտ։

Տուփը Արաբոն տվեց, իսկ ծխախոտը Կարմիր Ծառից վերցրի։

Դու Արաբոյին տեսե՞լ ես։

Ուղիղ մեկ տարի նրա մոտ եմ ծառայել, հպարտությամբ նկատեցի ես։

Նրա ձիու անունը ի՞նչ էր։

Տիլիբոզ։

Որ էդպես է, տուփը քեղ մոտ պահիր, իսկ թութունը տուր ինձ։ Այս ասելով Սերոբ Աղբյուրը ծխախոտը դատարկեց իր տոպրակի մեջ և տուփը վերադարձրեց ինձ։

Դու դեռ շատ փոքր ես զենք բանեցնելու համար, ասաց Աղբյուրը, կամենալով ինձ ետ ուղարկել։

Ուզեցի ասել, որ ես հրացան գործածել գիտեմ, բայց նա հանկարծ իր զինափողին նայելով՝ ասաց.

Կարո՞ղ ես ոզնի բռնել։

Ինչու՞ չէ, ասացի, դրանից էլ հեշտ բան։

Դե գնա ոզնի բռնիր։

Ես անմիջապես գնացի սար և մի քանի ոզնի բռնելով եկա իր մոտ։

Ապրես։ Ինձ մեկն էր հարկավոր, իսկ դու միանգամից մի քանիսը բերիր։ Դե հիմա ոզնու ճարպով մաքրիր իմ զինափողը։

Սերոբ Աղբյուրի հրացանի փողը երկար էր և օղակավոր։ Ես նրա ներկայությամբ մաշկեցի ոզնիներից մեկին, հանեցի ճարպը և սկսեցի նրա զինափողը զգուշությամբ մաքրել։ Շատ եռանդուն էի աշխատում և նրան դուր էր գալիս իմ պատրաստակամությունը։

Զենքը մաքրելուց հետո Սերոբը դարձավ ինձ.

Կուզե՞ս ինձ մոտ մնալ։

Արաբոյից հետո իմ միակ փափագն է ձեզ հետ լինել, ասացի ես։

Ու ես մնացի Նեմրութի վրա, Սերոբ Աղբյուրի մոտ։

Մինչև իմ նեմրութ գալը այս ռանչպարը արդեն հայտնի էր դարձել բռնակալության դեմ մղած իր կռիվներով։ Ինքը և իր կին Սոսեն տասնվեց զինվորներով փայլել էին մանավանդ Բաբշենի նշանավոր ճակատամարտում և մտել երգերի մեջ։

Ռանչպար Սերոբը ընտանիքով էր հալածական սուլթանից։ «Իմա՞լ էնենք, սանդուղք չկա, որ դնենք էլնենք երկինք աստծուն բողոքելու։ Ուզենք-չուզենք սարեր պիտի քաշվենք մեր նամուսն ու կյանքը պաշտպանելու հույսով», ասել էր Սոսեն ու ապավինել Նեմրութին։

Սոսեին ես տեսա հաջորդ օրը արևածագին, երբ Սերոբի հետ հասել էինք լեռնային մի գետակի։ Դիմացի ափին յոթ-ութ զինված տղամարդիկ երևացին։ Նրանք ոտքերը քշտելով, ոտնամանները ուսերից կախ մտան ջուրը։ Նրանցից մեկը իր ետևից եկող մի երիտասարդ զինվորի ձեռքից բռնած, մյուս ձեռքով զենքը պահած, մաքառում էր ալիքների դեմ։ Լեռնային պաղ ջուրը խփում էր ծնկներից բարձր։ Ետևից եկող զինվորը գետակի մեջտեղ հասնելով, ստիպված եղավ վերնավարտիքի ծալքերը մի քիչ ավելի վեր բարձրացնել։ Մեկ-երկուսը զինվորներից, այս բանը նկատելով, երեսները շուռ տվին, իսկ երիտասարդ զինվորի ձեռքից բռնած լեռնականը ուղղակի թևով ծածկեց երեսը։

Ետևից եկող զինվորը Սոսեն էր, արական զգեստով ծըպտված։ Բոլորը թրջված դուրս եկան ջրից։ Սոսեն առանձնացավ և, տաբատի ծալքերը իր սրունքների կապույտ երակներին իջեցնելով, սկսեց ոտնամանները հագնել։ Տեսա, թե ինչպես մի զինվոր Սերոբ Աղբյուրի կողքով անցնելիս խուլ տրտնջաց.

Չեղա՜վ, չեղա՜վ, փաշա։

Խարտյաշ, գեղեցիկ կին էր Սոսեն, վայելուչ սլացիկ հասակով, վարդագույն դեմքին մի հպարտ ժպիտ։ Բայց նա ավելի հպարտ ու գեղեցիկ էր իր հայդուկային զգեստի մեջ, մազերը կրծքին և մեջքը փամփուշտներով գոտեպինդ։

Սերոբ Աղբյուրը միացավ իր «ճնճղուկներին» և խումբը շարժվեց։

Ոչ միայն Սոսեն, այլև Սերոբի երկու ռանչպար եղբայրները և մեծ որդին, սուլթանի բռնակալությունից փախչելով, նույնպես դեգերում էին լեռներում։

Սերոբի զինվորները լեռնցի և դաշտեցի գյուղացիներ էին։ Մի քանիսի անունները առաջին օրը նույնիսկ սարսափ ազդեցին վրաս. Առյուծ Ավագ, Փալաբեխ Կարապետ, Զուլումաթ Օհաննես, Կայծակ Անդրեաս, Լոլո Հաջի, Կարկուտ Թադե։

Նեմրութի վրա մնալով ես դարձա անբաժան Սերոբ Աղբյուրի «ճնճղուկներից»։ Ոզնի էի բռնում սարերում, մաքրում-յուղում էի նրանց զինափողերը, հովիվներից հաց ու կաթ էի բերում նրանց համար։

Այդ յոթ-ութ զինվորները միշտ միասին էին և Սոսեն նրանց հետ էր։ Նրանք երբեմն անհետանում էին խմբով և ես չգիտեի, թե որ ուղղությամբ գնացին և ինչով են զբաղված։

Հայ շինականները հաճախ էին սար գալիս «Սերոբ, հասնանցի քրդերը մեր նախիրը տարան, օգնության հասիր։ Սերոբ, Արաբոն չկա, մեր տերը դու ես, Իկնա գյուղի վարժապետին նորից բանտ տարան»։

Ու ամեն տեղ էր ռանչպար Սերոբը։ Բոլորի սրտի ծարավը կոտրում էր, դրա համար էլ անունը Աղբյուր Սերոբ էր։

Փետրվարյան մի ձյունոտ օր, երբ մենք Սողորդում էինք, սուլթանի զորքը հանկարծ պաշարեց գյուղը։ Փնտրում էին հայդուկապետին և նրա խմբին։ Սերոբը վերցրեց հրացանը և մեն-մենակ ելավ գյուղից, որ կոտորածի պատճառ չդառնա։ նա հագած էր լաքան և հանգիստ գնում էր ձյուների վրայով։ Սուլթանի զինվորները չէին կարողանում ետևից հասնել, որովհետև ձիերը մինչև գավակները խրվում էին ձյան մեջ։ Սերոբը երբեմն-երբեմն ետ էր դառնում և կրակում։ Երեք ռոմի ձիավոր սպանվեցին։ Նա բարձրացավ Նեմրութ լեռը և աչքով ինձ էր որոնում, իսկ ես մի կապոց հաց շալակած արդեն հասել էի լեռան գագաթը և հանգիստ նստած սպասում էի նրան։ Ոստիկանները կարծելով, թե Սերոբը խեղդված է նեմրութի դաշտերի մեջ, թողել հեռացել էին գյուղից։

Սերոբ Աղբյուրը ինձ իր հետ առնելով հասավ լեռան հրաբխաբերանը, որի լայնածավալ խորքի մեջ տաք ջրեր կային՝ շեկ գոլորշիների ամպով ծածկված։

Երբ ամենքը, հայ թե թուրք և քուրդ համարել էին Սերոբին զոհ գնացած Նեմրութի ձյուներին, հանկարծ Խլաթի գյուղերում հայտնվեց Սողորդի հերոսը, և մարդիկ սկսեցին նրա շուրջը առասպելներ հյուսել և նրան կոչել Նեմրութի ասլան։ Այդ անունը մտավ քրդական երգերի մեջ և հասավ սուլթանի ականջին։

Այդ նույն տարվա սեպտեմբերին Սոսեն անհետացավ։ Բագրեվանդի հայ գյուղացիները ըմբոստացել էին սուլթանի դեմ։ Սոսեն բարձրացել էր Բագրեվանդի լեռները և ղեկավարել ըմբոստ շինականների ապստամբությունը։

Սակայն Նեմրութի Սերոբի՝ կնոջ հետ սարերում թափառելը դուր չէր գալիս իր խմբի զինվորներին։ Սոսեն քաջ էր, բայց քաջերի քաջին վայել չէ կնոջը խմբի հետ ման ածել թեկուզ տղամարդու հագուստով։

Սոսեի պատճառով Սերոբից արդեն բաժանվել էին մի քանի զինվորներ, որոնցից մեկը իր հին զինվոր Անդրանիկն էր։

Բողոքողներից երեքը Սերոբի երեք ամենասիրած զինվորներն էին. մեկը Կայծակ Անդրեասն էր, Խլաթի Շամիրամ գյուղից։ Սա միշտ խմբի առջևից էր գնում և պատասխանատու էր նրա երթի համար։ Սարսափազդու դեմք ուներ Անդրեասը, ոչխարենու մի ահագին գդակ գլխին և բեղը մինչև ականջները սրած։

Մյուսը Լոլո Հաջին էր կամ Հաջի Գևոն, որ մասնակցել էր Խանասարի և Բաբշենի կռիվներին և հավատարիմ թիկնապահն էր Սերոբի։ Երրորդը Կարկուտ Թադեն էր, Սասունի Փեթար գյուղից։ Սա մանուկ հասակից էր զենք վերցրել իր հոր կողքին մասնակցելով սասունցի իշխան Գրքոյի և իշխան Պետոյի գլխավորությամբ մղած հերոսական կռիվներին։

Անհանգիստ զինվոր էր Թադեն, սատիկ արագաշարժ ու անհամբեր։ Կռիվը չսկսած, սա միշտ առաջինն էր պայթեցնում գնդակը։ Հրացանը շտկում էր ու բլթակը քաշում։

Մի օր սա առանց հրամանի նետվեց մի ժայռի ետև և փակաղակը արագությամբ բացում ու փակում էր չխկոցով։

էդ ի՞նչ կենես, Թադե, հարցրեց Սերոբ Աղբյուրը հեռվից մոտենալով։

Գյուլեքի սերտն ու փուլը կջոկեմ, փաշա, պատասխանեց Թադեն և բեղը խածնելով՝ բլթակը նորից քաշեց։

Սերոբը բարկացավ, փակաղակը ձեռքից առավ և սպառնաց, որ եթե շարունակի խախտել կարգապահությունը և առանց հրամանի կրակել՝ կհեռացվի խմբից։

Չեղա՜վ, չեղա՜վ, փաշա, այս խոսքերը հաճախ էին կրկնում Կայծակ Անղրեասը, Լոլո Հաջին և Կարկուտ Թադեն, երբ լեռնային հորդ գետակներն անցնելիս՝ ստիպված էին լինում հերթով բռնել Սոսեի դաստակից։

Ու մի օր նրանք ասացին Սերոբին.

Սոսեին ուղարկիր Սասուն, իսկ դու մնա Նեմրութի վրա։

Ջուր անցնելու ժամանակ նա ի՞նչ իրավանք ունի մեր ներկայությամբ տկլորանալու։ Մեղք է նրա ոտքերին նայելը։

Սոսեի պատճառով մի օր կարող է փորձանք գալ մեր գլխին։

Սերոբի հոգին Բաբշեն էր, իսկ սիրտը՝ Սասուն։

Սասնո Գելի գյուղում նա Տեր Քաշ անունով մի հին բարեկամ ուներ։ Տեսավ, որ իր զինվորների խոսքը արդար էր, վերցրեց Սոսեին ու տարավ Գելի։

Ինձ էլ իր հետ տարավ։

Գելին կամ Գելիեգուզանը ձորի մեշ էր և գետակով բաժանված երկու մասի։ Այդ Գյուղը շատ թաղեր ուներ և ամեն թաղը մի անուն։ Գյուղի ետևը Անդոկ սարն էր։ Բոլոր տները շինված էին Անդոկի թեք լանջին, ամեն մեկը մի ժայռի վրա ու մի թաղի մեջ։ Գլխավոր թաղերն էին՝ Տաղվրնիկ, Հարսնգոմեր, Ղարիպշան, Մխիթար, Տեղ, «Գյուղ» կամ Գելի։

Տեր Քաշի տունը «Գյուղի» մեշ էր։

Ծեծեց Տեր Քաջի դուռը և ասաց. «Սոսեին քեզ մոտ պահիր, իսկ ինձ լուսաբացին դիր ճանապարհ»։

Տեր Քաջն ասաց. «Եկ դու էլ մնա Սասուն։ էսքան ժամանակ Խլաթ եղար, մի քանի տարի էլ մեզ մոտ ապրիր»։

Խութեցիք ընկան ոտքը՝ ասացին.

Արաբոն չկա, եկ տեր կանգնիր Արաբոյի երկրին։

Ու Սերոբի մի գիշերը դարձավ շաբաթ, շաբաթը՝ ամիս։

Տեսնելով, որ Նեմրութի Ասլանը Ուշանում է, իր զինվորներն էլ եկան Սասուն։

Սերոբը մի որդի ուներ Խլաթում, անունը՝ Հակոբ և երկու եղբայր՝ Մխո և Զաքար։

Երեքն էլ հայդուկ էին։

Նրանք էլ եկան Սասուն։

ԿՐԱԿՈՑ ԳԵԼԻ ԳՅՈԻՂՈԻՄ

Արաբոյի մահից հետո Սասունում իր քաջագործություններով անուն էր հանել Գևորգ անունով մի անվեհեր երիտասարդ։

Գևորգը Սասնո Բսանք գավառի Մկթինք գյուղից էր, Արաբոյի և Սերոբ Աղբյուրի հին զինվորներից մեկը։

Սրա հայրը հայտնի որսորդ էր։ Որդուն տվել էր Առաքելոց վանք, որ քահանա դառնա։ Մի օր որդին վանքից գալիս է տուն։ Տեսնում է պատից մի չախմախլի հրացան կախված և տակը թախտին մի հսկա քնած՝ սև արան հագին, երեսով դեպի պատը։

Կա չկա սա իմ հայրն է, ասում է Գևորգը, աչքը պահած պատից կախված զենքին։

Արթնացնում է հսկային ու ասում.

Ես չորս տարի կարդացի վանքում։ Ինձ մի թվանք տուր՝ գնամ միանամ Արաբոյի խմբին։

Կորի՛ր, լակոտ, դու ու՜ր, Արաբոն ու՜ր։ Զենքը քո բանը չէ, սաստում է հայրը և պահանջում է, որ որդին վերադառնա վանք և Մաշտոց ու շարական կարդա։

Գևորգը խռոված փախչում է տնից։

Գյուղամիջով անցնելիս տեսնում է երկու բագրևանդցի քուրդ իրենց եկեղեցու ծառերից սաստկորեն վայր են թափում ընկույզները» Գևորգը հարձակվում է նրանց վրա և սկսվում է ուժեղ ծեծկռտուք։ Վախեցած գյուղացիները օգնության չեն հասնում և Գևորգը մի լավ ծեծ կերած, գլուխը կապած հեռանում է գյուղից։

Բսանցի հայ գյուղացիների պանդխտության վայրը գլխավորապես Հալեպն էր, որտեղ նրանք աշխատում էին հացի փռերում և ջրաղացներում։ Այդ երկրի մեչ արաբները սասունցիներին ուրիշ Հայերից տարբերելու համար սուսանի էին անվանում։

Գևորգը գտնում է դեպի Դամասկոս գնացող մեկ-երկու բազրկան և նրանց հետ գնում է Հալեպ։

Բազրկանները քաղաքի դռներին հասնելով՝ ասում են.

Հալեպ, որ կասեն՝ սա է, մենք գնացինք։

Գևորգը անծանոթ քաղաքի դռանը շվար կանգնած, չի իմանում ինչ անի։

Մտածում է, որ, երևի Արաբոն էլ Հալեպ մշակության գնալիս առաջին օրը այդպես շվար կանգնած է եղել անծանոթ քաղաքի դռանը։

Տափարակ կտուրների միջից մի գմբեթ է երևում։

Էդ եկեղեցու անունը ի՞նչ է, հարցնում է մի արաբի։

Սուրբ քառասնից մանկանց։

Ո՞վ է շինել։

Մի սուսանի։

Շինողը ո՞ղջ է։

Իր շինածը կա, ինքը չկա։ Հազար տարվա եկեղեցի է։ Դամասկոսի մեծ խալիֆը, շարունակում է ծերունի արաբը, մի օր Դամասկոսից գալիս է Հալեպ։ Ոչ ոք չի դիմավորում նրան, բացի մի կաշեգործ սասունցուց։

Խալիֆը հուզված հարցնում է սասունցուն.

Ի՞նչ բարիք ես ուզում, որ քեզ անեմ։

Ես Սասունի Բսանաց գավառի Գոմք գյուղից եմ, մեծդ խալիֆ, ասում է կաշեգործը։ Մեր գյուղում Քառասուն Մանուկ անունով մի եկեղեցի կար։ Եթե ուզում ես ինձ բարիք անել, մի կտոր հող տուր ինձ, որ դրա նման մի եկեղեցի շինեմ Հալեպում ապրող սասունցոց համար։

Ինչքա՞ն հող ես ուզում, հարցնում է խալիֆը։

Սասունցու թևատակին մի եզան կաշի է լինում։ Պարզում է գետնին և ասում. էս եզան փոստի չափ։

Արածիգ համեմատ քո ուզածը շատ քիչ է, նկատում է խալիֆը և եզան կաշին վերցնելով սրեմում է ծայրեծայր և նրա թելերի բռնած տարածության չափով հող է տալիս սասունցուն քաղաքի կենտրոնում։

Եվ սասունցին շինում է իր եկեղեցին։

Առավոտյան ժամկոչը զանգակները քաշելիս տեսնում է մի կապած գլուխ տղա իրենց վանքի շեմքին պառկած։

Ո՞վ ես, հարցնում է ժամկոչը քնածին արթնացնելով։

Ես Բսանաց Գևորգն եմ։

Ղարիբ ես, ուրեմն։

Ղարիբ եմ ու գլուխս կոտրած։

Հալեպի հայերը գալիս են աղոթքի։ Մեկ-երկուսը ճանաչում են Գևորգի ծնողներին և հարցնում են, թե ինչի համար է եկել։

Եկել եմ, որ մի քիչ փող վաստակեմ, մի հրացան առնեմ ու երթամ Սասունն ազատեմ սուլթանի լծից, ասում է Գևորգը և պատմում գյուղում իր գլխին պատահած դեպքը։

Սասունցի մի քանի հացթուխ և ջրաղացպան մտածում են, որ իրենք մի բան չդարձան, գոնե այդ ծուռ տղայից մի բան դուրս գա։ Փող են հավաքում և Գևորգի համար մի հրացան առնելով, նրան Հալեպից ճանապարհ են դնում դեպի Սասուն։

Դե, գնա ազատիր հայոց ազգին։

Մի ծեր հացթուխ երկմտում է. էս տղան, ասում է նա, Սասունից ճղված գլխով եկավ Հալեպ։ Ընկույզի համար երկու քրդից ծեծված մարդը ինչպես կարող է մի ամբողջ ազգ ազատել սուլթանի լծից։

Իսկ դու կհավատայի՞ր, որ գոմքեցի մի խեղճ ու կրակ կաշեգործ ընկներ Հալեպ և մեն-մենակ մի եկեղեցի շիներ քաղաքի կենտրոնում։ Մինչև մարդու գլուխը չճղվի, նա ազգի ցավը չի հասկանա, առարկում է նրան երկրորդ հացթուխը։

Կտրիճ տղա է երևում, թող երթա իր բախտը փորձի, վրա է բերում մի երրորդ պանդուխտ սասունցի։

Գևորգի հայրն ու մայրը սպասում են մի շաբաթ, երկու շաբաթ՝ որդին չկա։

Վա՜յ, մեր խեղճ տղան կորավ, ասում են ու գլխներին տալիս։

Գևորգը մի քանի հորեղբայր ուներ։ Սրանք կասկածում են, թե երևի, Հալեպ է գնացել։ Որոշում են, որ իրենցից մեկը գնա Հալեպ, տղային գտնի բերի։

Յա բարի լուսո քաղցրիկ Քրիստոս, ասում է մեծ հորեղբայրը և բռնում Հալեպի ճամփան։ Ու դեռ հորեղբայրը Հալեպ չհասած, Գևորգը զինված մտնում է Սասուն։ ճանապարհին որսում է մի քարայծ և ուսին դրած գալիս է տուն։ Տու՜ն, ի՜նչ տուն, որձաքարից շինված մի բերդ։ Որսը դնում է ցած և մեկնվում թախտին՝ երեսով դեպի պատը։

Հայրը մտնում է ներս, տեսնում է անծանոթ մարդ թախտին քնած, գլխավերևում՝ հրացան, կողքին՝ մի սպանված քարայծ։

Կա չկա սա իմ տղան է, ասում է հայրը և արթնացնում քնած երիտասարդին։

Վատ հարևանը մարդուս գործիքի տեր կդարձնի, ասում է Գևորգը և հրացանն առնելով նույն օրը գնում միանում է Արաբոյի խմբին։

Արաբոյից հետո զինվոր է դառնում Սերոբ Աղբյուրին։ Կռիվներից մեկում սպանում է սուլթանի ազդեցիկ չաուշներից մեկին և շուտով հայտնի դառնում Գևորգ Չաուշ անունով։

Միջահասակից քիչ ցածր էր Գևորգը, թուխ ու թիկնեղ և աչքերը բոցավառ։ Վարսերը սև գանգուր էին, հոնքերը խիտ ու գեղագծված։ Արաբոն ինձ շատ էր պատմել նրա մասին, բայց տեսած չկայի։ Իսկ Սերոբն ասում էր, որ նա մեծ համբավ է ձեռք բերել քրդական աշիրեթների մեջ և այնպես վարժ է խոսում քրդերեն, որ դժվար է նրան տարբերել քրդից։

Սասունում աղջիկ փախցնելը խստորեն արգելված էր օրենքով, որպեսզի հայ գյուղերի համերաշխությունը չքայքայվի։

Ձեր մորուքները կնտել կտանք, եթե աղջիկ փախցնողին պսակեք, զգուշացրել էին սասունցիք իրենց քահանաներին։

Երբ Սերոբ Աղբյուրը Տեր Քաջի տանն էր, լուր եկավ, որ Գևորգ Չաուշի հորեղբայրներից մեկը կին է փախցրել Սասնո Աղբիկ գյուղից։ Գյուղացիները փախցնողին հետապնդելով բռնել բերել էին նեմրութի Ասլանի մոտ, որ նա դատն անի։ Նրան բերեցին այն ժամանակ, երբ ես Սերոբ Աղբյուրի զենքերն էի մաքրում։

Հասակավոր մարդ էր, մեծ բեղերով և գոմշե տրեխներով։

Ու՞մ համար էիր փախցնում այդ կնոջը, հարցրեց Սերոբը։

Ինձ համար, համարձակ պատասխանեց հորեղբայրը։

Ու՞ր տեսար առաջին անգամ նրան։

Առաքելոց վանքում։

Ո՞ր գյուղից էր և ինչու՞ էր գնացել վանք։

Դաշտի գյուղերից էր, բայց հարս էր տրված Սասուն։ էրիկը տաս տարի է, ինչ պանդխտության է գնացել և ոչ մի օգնություն ցույց չի տալիս իրեն։ Խեղճ կինը դիմել էր Մշո Առաջնորդարանին, որ ինքը նեղության մեջ է։ Առաջնորդարանը նամակ էր գրել վանքի վանահայր Հովհաննես վարդապետին, որ նրան վանք ընդունի, պայմանով, որ աշխատի իբրև հավաքարար և օգտվի վանքի հացից։

Դու ի՞նչ էիր անում վանքում։

Ես վանքում տնտես էի։

Այդ կնոջը գյուղի՞ց փախցրիր, թե վանքից։

Գլուղից։

Որտե՞ղ է գտնվում այդ գյուղը։

Ծովասարի վրա։

Աղբիկցիները ձեզ որտե՞ղ բռնեցին։

Բսանաց ճանապարհին։

Այդ կինը ամուսին ունի, դու ի՞նչ իրավունքով փախցրիր նրան։ Չէ՞ որ դու ծեր ես, իսկ նա՝ ջահել։

Մեր երկիր հազար բան կպատահի, փաշա, թող դա էլ լինի հազար ու մեկը, պատասխանեց սասունցին։

Շիտակ խոսիր, դու այդ կնոջը քե՞զ համար փախցրիր, թե Գևորգի։

Ինձ համար փախցրի, փաշա։

Չգիտեի՞ր, որ Սասունում կին փախցնելը օրենքով արգելված է։

Գիտեի, բայց եղավ...

Մարդուն մի կողմ տարան, կնոջը ներս բերին։

Դու այդ մարդու հետ ինչու՞ փախար, հարցրեց փաշան։ Ու՞մ համար կերթայիր՝ նրա՞, թե ուրիշի։

Ես էդ մարդու հետ կերթայի իրեն համար։ էրիկս էս տաս տարի զուրբաթ է գնացել, ու ես մնացել եմ վանքի սեղանին։

Երկրորդ օրը նորից հարցաքննության բերեցին։ Աղբիկցիները համառորեն դատաստան էին պահանջում։ Սերոբը կանչեց Աղբիկ գյուղի ռեսին, գելեցի մի քանի իշխանների և Տեր Քաջին։ Նրանք գլուխ տվին երկրի մեծին ու միաձայն ասին նրան.

Դրանց դատաստանը դու մեզ հանձնիր, փաշա։

Այդ ժամանակ եկան ասացին, թե Գևորգ Չաուշը Տաղվրնիկ է հասել։ Սերոբը իր զինվորներից երկուսին ուղարկեց, որ նրան իր մոտ կանչեն։

Երկար գյուղ էր Գելին և թաղերը իրարից շատ հեռու։ Թաղից թաղ մարդ կանչելու համար պետք է բոռային։

Դեպի Ծովասար իջնող մի սար կար Անդոկի մոտ, անունը Խտան։

Զինվորները ելան Խտանա կածը և բոռացին.

Գևորգ Չաու՜շ, Տեր Քաջի տուն արի, բոռաց առաջին զինվորը։

Քո հորեղբայրը կի՜ն է փախցրել Աղբիկ գյուղից, բոռաց երկրորդ զինվորը։

Գևորգ Չաուշը վերցրեց հրացանը և Խտանա կածը անցնելով եկավ իր հայդուկապետի մոտ։

Տեր Քաջի տանը շատ մարդիկ կային։ Մեծամեծ իշխաններ, քահանա և ռամիկ։

Սոսեն էլ ներկա էր։

Բարև տվեց բոլորին և հրացանը սյունից կախելով նստեց։

Եվ Նեմրութի Սերոբը դիմեց նրան՝ ասելով.

Ինչպես է, որ դու՝ ամենահին զինվորը այս երկրի, ուր օրենք է դրված, որ սասունցին իրավունք չունի աղջիկ փախցնելու, թույլ ես տվել, որ քո հորեղբայրը կինարմատ փախցնի Սասնո աշխարհից։

Գևորգը պատասխանեց.

Դու սերն ու մածունը կերել ես, չորթանի՞ն ես ինձ կանչել։

Ասաց ու նայեց Սոսեի աչքերին։

Եթե դու փոքր չափով պատիվ ունենայիր մեծավորիդ հանդեպ, չէիր հանդգնի ինձ այդպիսի խոսք ասել։ Ես ի՞նչ սեր ու մածուն եմ կերել, դիմադարձեց Սերոբը և սաստիկ առնված ձեռքը նետեց դաշույնին։

Սոսեն բռնեց Սերոբի թևը։

Գևորգը ոտքի ելավ։

Իմ հորեղբայրը այդ հանցանքը կատարել է ինձանից ծածուկ, ասաց նա։ Դու ես երկրի մեծը և դատն ու դատաստանը քո ձեռքին է, ինչպես ուզում ես, այնպես էլ վճռիր։

Եթե դատն ու դատաստանը իմ ձեռքին է, ուրեմն այս գործը ես քեզ եմ հանձնում, Արաբոյի հին զինվորիդ, որ այժմ իմ զինվորն է։ Գնա և ինքդ դատիր, ասաց Աղբյուր Սերոբը և նույնպես ոտքի ելավ։

Ի՞նձ ես հանձնում։

Այո, քեզ։

Գևորգ Չաուշը առանց պատասխանի, զենքը վերցնելով՝ գլխահակ հեռացավ Տեր Քաջի տնից։

Ես հետաքրքրությունից գնացի նրա ետևից դեպի այն մարագը, ուր փակված էին Գևորգի հորեղբայրը և աղբիկցի կինը։

Մոլեգին էր Գևորգը և անկշռադատ։

Նրա ինքնասիրությունը վիրավորված էր։ Կանգնեց շեմքին և Հալեպից բերված հրացանը որոտաց հորեղբոր կրծքին։ Երկրորդ գնդակով սպանեց աղբիկցի կնոջը և, հրացանը վիզը գցելով, մռայլադեմ հեռացավ դեպի Շուշնամերկի անտառները։

Գևորգը այլևս չվերադարձավ Սերոբի խմբի մեջ։

Ես առաջին անգամ էի հրազենի կրակոց լսում այդքան մոտիկից և այդպիսի ուժգնությամբ։

Ես այդ ժամանակ ընդամենը տասնյոթ տարեկան էի։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Ռանչպարների Կանչը"

Ятук Музыка
Новое небо для Луны
Элен Йолчян

Новое небо для Луны

Восстание крестьян Ахпата в 1903 г.
Восстание крестьян Ахпата в 1903 г.
Играть онлайн