Хачик Даштенс
Ռանչպարների Կանչը
8
ԽԱԼԻԼ
Գևորգ Չաուշը արագ էր քայլում, իսկ ես ուղղակի վազում էի, որ նրան հասնեմ։ Լսել էի, որ նա միշտ ձիով է շրշում, բայց այս անգամ ինչու էր ոտքով և այդպիսի փութկոտությամբ՝ չհասկացա։ Ճիշտն ասած, վախենում էի նրանից։ Իմ աչքի առաջ նա սպանել էր իր հորեղբորը, ականջովս լսեցի, թե ինչպես դաշույնի տակ էր առել գեղաշենցի ռես Ավեին։ Ծուռ սասունցի է, հանկարծ կտա մի ձորի մեջ կսպանի ինձ, անցնում էր իմ մտքով, չնայած ինքս էլ պակաս ծուռ չէի, թեև հասակով շատ փոքր նրանից։
Ամենից շատ մտածում էի, թե նա որտեղից եկավ, և գտավ ինձ ծերունի ջրաղացպանի շողտան մեջ։ Արդյոք դա պատահակա՞ն հանդիպում էր, թե նպատակով։
Հանկարծ կանգ առավ։
Դու քիչ առաջ որտե՞ղ էիր, հարցրեց։
Խութեցի Միրոյի շողտան մեջ։
Իսկ մինչև ա՞յդ։
Մի շաբաթ առաջ Կարմրակ վանքի գերեզմանի վրա էի, դրանից մի օր հետո՝ Բաղեշի բանտում։ Այսօր այստեղ եմ, իսկ թե վաղը որտե՞ղ կլինեմ՝ հայտնի չէ։
Դու այսօրվանից ինձ հետ կլինես, ասաց Գևորգ Չաուշը և ինձ տարավ դեպի Շմլակի կողմերը։
Երբ այդ գյուղի տակ հասանք, նորից կանգնեց։
Դու Կիրճի ճանապարհը գիտե՞ս, հարցրեց։
Գիտեմ, ասացի, Արաբոյի ավետարանը այդ Կիրճի մեջ է կորել։
Լսիր, ուրեմն, Խալիլ աղան Մուշ է եկել և վաղ առավոտ Խաչուկի սարով պետք է վերադառնա Սասուն։ Այդ այն մարդն է, որ կտրել է Սերոբ Աղբյուրի գլուխը։ Մենք Բռնաշենի անտառի մեջ նրա գլուխը պիտի կտրենք։
Երբեք չկասկածեցի, որ Խալիլի գլուխը պիտի թռչի, որովհետև ասողը Գևորգ Չաուշն էր։
Ինչո՞վ կարող եմ օգնել, ասացի։
Դու այդ Կիրճով գնա դեպի Բռնաշեն։ Շմլակից վերև անտառի մեջ յոթ ջոթ քարեր կան. չորս քարը աջ թևի վրա, երեքը՝ ձախ։ Աջակողմյան նախավերջին ջոթքարը ծակ է։
Այդ քարին նստած սպասիր։ Լուսադեմին քեզ կմոտենան երեք զինված տղամարդ գյուղացու մաշված շորերով, որոնցից մեկի ձեռքին փայտ կա։ Ձեռնափայտ ունեցողի անունը քեզ չեմ ասի, իսկ մյուս երկուսից առաջինի անունը Մակար է, երկրորղինը՝ Գալե։ Մակարը Գալեի քեռին է։ Հենց որ նրանք երևացին, կասես՝ քեռիներ, էսօր ուրբա՞թ է, թե՞ շաբաթ։ Ուրիշ բան չասես։ Քո օգնությունը այդ կլինի։
Շմլակի ճակատին հասնելով մենք բաժանվեցինք։ Գևորգ Չաուշը գնաց դեպի վերին Մառնիկ, իսկ ես դիմեցի դեպի Շմլակի Կիրճը։ Այդ քարերի տեղը ես լավ գիտեի։ Լեռը այդտեղ ոլորապտույտ էր և ճամփան անցնում էր ոլորտների վրայով։ Ներքևը ձոր էր, իսկ վերևը՝ խիտ մացառներով ծածկված անտառ։
Շմլակից դեպի Բռնաշեն տանող ճանապարհի այդ մասը Կիրճ էր կոչվում, և ես Արաբոյի հետ շատ էի գնացել-եկել այդ կիրճով։ Մանավանդ լավ հիշում էի կարմիր ալուջների ձորը։ Կիրճի ամենանեղ տեղից մի կեռման ծառերի տակով բարձրանում էր դեպի Խաչասար։ Ալուջների պուրակը այդ կեռմանի կողքին էր։
Հասա թե չէ՝ որոնեցի գտա այդ յոթ ջոթքարերը և մոտենալով նստեցի աջակողմյան ծակ քարին, ինչպես ասված էր։
նախ երևացին Սպաղանաց Մակարը և փայտ բռնած գյուղացին։ Ապա երևաց Գալեն։ Ձեռնափայտով տղամարդը մի ձեռքով հենված էր Գալեի թևին։ Ես նրան հեշտությամբ ճանաչեցի «ղոնդաղչի» Անդրանիկն էր։ Աչքի տակ, աջ այտի վրա մի գորշագույն խալ կար։ Դեռ չմոտեցած՝ ես հեռվից ձայն տվեցի. «Քեռիներ, էսօր ուրբա՞թ է, թե շաբաթ»։
Երեքն էլ անմիջապես կանգ առան։
Աֆերիմ, տղաս, ասաց Անդրանիկը։ Այս լեռան անունը ի՞նչ է։
Խաչասար։
Ինձ թողեցին ջոթ քարի մոտ և երեքով քաշվեցին մի ծառի տակ։
Սպաղանաց Մակարին մեջքից ճանաչեցի։ Դա այն, թիկնեղ ծերունին էր, որին տեսել էի Տաղվրնիկում Չատոյի գոմի պատի տակ՝ մի ձեռքին ծխամորճ, մյուս ձեռքը նեցուկ արած ճակատին» Նույն աժդահա տղամարդն էր, խոշոր, հաստ տրեխներով, աչքերը արնոտ։
Աշիրեթապետ Խալիլ աղայի ազդեցությունը տարածվում էր Սասունից մինչև Մուշ։ Իր կտրածը կտրած էր և կապածը՝ կապած սուլթանի տիրության այդ մասում։ Բողոքողին խոշտանգում էր և տնով-տեղով ոչնչացնում՝ հայ լիներ, թե քուրդ։ Այս ցեղապետը ոչ միայն նենգությամբ սպանել էր Աղբյուր Սերոբին և նրա գլուխը ցույցի դրել Բիթլիսի հրապարակում, այլև դրանից մի քանի ամիս առաջ կառավարության զորքերով քանդել էր Տալվորիկի Սպաղանք գյուղը և սրի քաշել բնակիչներին։
Այդ էր պատճառը, որ ծերունի Մակարի աչքերը արնոտ էին։ Կարծես կատաղած գոմեշ լիներ։ Սպաղանցին Անդրանիկից և Գալեից բաժանվելով, եկավ նստեց ծակ քարին՝ ձեռքը աբայի տակով դաշույնի կոթին դրած։ Նա հանկարծ պոկվեց տեղից և ընկերներին մոտենալով՝ ասաց.
Տղաներ, մենք սխալ տեղ ենք ընտրել։ Երթանք Ծծմա– կա Քիթը և առաջը կտրենք։
Անդրանիկը առարկեց ասելով, թե Ծծմակում պահվելու տեղ չկա. այդ վայրը Մուշին մոտիկ է, կռիվը կշարունակվի մինչև երեկո, փամփուշտը կվերջանա և իրենք կվրիպեն։
Այդ խոսքի վրա Գևորգ Չաուշը երևաց։
Անդրանիկը հարցրեց.
Խալիլը Մու՞շ է։
Մուշից դուրս է եկել։
Մառնի՞կ է գնացել, թե Ալվառինջ։
Ալվառինջով բարձրացել է Վերին Մառնիկ։
Ինչո՞վ է զբաղված։
Գյուղերից բռնատուրք է հավաքում։
Ե՞րբ է գալու և ո՛ր ճանապարհով։
Լուսադեմին դուրս է գալու Մառնիկից և անցնելու է Կիրճի ճանապարհով։
Մերոնցից ո՞վ կա հետը։
Ամեն բան կարգադրված է, ասաց Գևորգը։ Նրա շքախմբի հետ լինելու է նաև Մառնկա Պողեն և մի քանի հայ մշակներ։
Սպաղանքը քանդելու և Սերոբին սպանելու համար կառավարությունը Բշարե Խալիլին հրավիրել էր Մուշ՝ փաշայական աստիճան տալու և պարգևատրելու սուլթանի ուղարկած պատվանշանով։
Մի ուրիշ պատճառ էլ կար։
Խալիլ աղայի և Շեկո տան աշիրեթները իրար թշնամի էին։ Շեկո քրդերից մեկը վերքին կռվում սպանել էր նալիլի որդուն։ Խալիլը Մուշ էր եկել սուլթանի շքանշանը ստանալու, միաժամանակ կառավարությունից զորք պահանջելու, որ պատերազմ սկսի Շեկոների դեմ։ Շեկո տան քրդերը տագնապի մեղ էին և արդեն գաղտնի տեսակցություն էին ունեցել Անդրանիկի հետ, խնդրելով նրա օգնությունը։
Արևը սկսել էր բարձրանալ, երբ Գևորգը սուլեց։ Ու ես տեսա, թե ինչպես մի քանի նոր վրիժառուներ եկան և Անդրանիկը, Գևորգն ու Մակարը նրանց միացած արագորեն դիրքեր գրավեցին Կիրճի աջակողմում։
Գալեն իբրև անփորձ զինվոր մտավ ջոթքարի ետև, Անդրանիկի կողքին։
Հոկտեմբեր ամիսն էր և օրը, կարծեմ, ուրբաթ։ Անտառը դեղնած էր։ Մասուրն ու վարդալուջը կարմրել, կախվել էին թփերից։
Շատ չանցած երևացին մի քանի զինված ղոլամներ, որոնք գնում էին առջևից իրենց հետ վարելով ավանակների բեռնված մի քարավան։ Շուտով ծառերի միջից երևաց աշիրեթապետի ձիու գլուխը։ Խալիլ աղան թեթևակի կռացած էր դեպի առաջ, բաշլըղի թևերը փաթաթած վզի շուրջ։ Ետևից զինված ձիավորներ էին գալիս, իսկ կողքից քայլում էր Մառնիկ գյուղի տանուտերը երեք հայ ծառաների հետ։
Խալիլի ձին հանկարծ ընդոստ կանգ առավ և տարօրինակ վրնջաց։
Աղա՛, ես քեզ բան ասացի, արի էսօր մի երթա, ետ դարձիր, քո առաջ փորձանք կա, խրատեց տանտերը։
Լաո, որձ ձի է, հազար բան մտքեն կանցնի։ Երթանք, ասաց աղան, ընթացքը շարունակելով։
Մի քանի քայլի վրա ձին նորից վրնջաց ականջները խաղացնելով։ Տանուտերը դարձյալ զգուշացրեց, որ ետ դառնան։ Այդ ժամանակ հայ ծառաներից մեկը, որի անունը Պողե էր, ետևից ծածուկ մի կռուփ զարկեց տանուտերին, որ նշանակում էր թե՝ լռիր։
Դե, լավ, ճամփացույցը դու ես, դու առաջնորդիր, Պողե, ասաց տանուտերը, իր տեղը զիջելով ծառային, իսկ ինքը ետ դարձավ։ Ճամփացույց Պողեն ընկավ Խալիլի ձիու առաջ ու գնացին։ Երբ հասնում էին Կիրճի ամենանեղ տեղը, Պողեն ասաց. «Աղա, դու ուշիկ ձին քաշիր գնա, ես իմ չարուխի թելերը կապեմ ու գամ հասնեմ»։ Այդ պատրվակով Պողեն ետ մնաց։ Հայ և քուրդ ծառաներից մի քանիսը նրան հետևելով գնացին մացառների ետևը ջուր թափելու։
Որտեղից-որտեղ մի անծեղ կռավեց ծառի վրա՝ ճյուզից– ճյուզ թռչելով։ Նույն միջոցին ձին փեքոլ արեց և չէր ուզում առաջ գնալ։
Չէ, էսօր իմ առաջ հաստատ փորձանք կա, իր հեծյալ պահապաններին դարձավ Խալիլ աղան և արագությամբ ձիու գլուխը շուռ տվեց, որ փախչի։ Բայց նրանք արդեն խրվել էին Կիրճի ամենանեղ տեղը, որտեղից դուրս պրծնելը հեշտ չէր։
Փաշա, եթե Խալիլ աղային սպանենք, ինձ մի թվանք կտաս, թախանձեց Գալեն։
Իմ առաջին զարկածի հրացանը քոնն է, ասաց Անդրանիկը։
Սպաղանաց Մակարը անհամբեր էր և առաջինը նա կրակեց։ Հարվածը վրիպեց՝ վայր գլորելով մի հեծյալի։ Խալիլը սարսափահար զարկեց ձիու կողերին, քառասմբակ արշավելով։ Մակարը դիրքը թողած վազեց նրա ետևից։
Թշվառական, դու իմ ձեռքից չես պրծնի, գոռաց Անդրանիկը, գլուխը ծակ քարի ետևից հանելով։ Այդ ձայնի վրա աշիրեթապետը ձին կանգնեցրեց, բայց նորից արագությամբ սկսեց վազեցնել։ Ջին էր հեծյալին փախցնողը։ Անդրանիկը կրակեց։ Զին վայր ընկավ։ Խալիլի մի ոտքը մնաց ասպանդակի մեջ։ Այդ վիճակով վիրավոր ձին իր տիրոջը բավական տեղ քարշ տալով տարավ։ Ձիավորներից մեկը հրացանը Անդրանիկին ուղղեց։ Երկրորդ գնդակը կանխեց հարվածը, վայր տապալելով ձիավորին։
Այդ հրացանը Գալեին տարեք, կարգադրեց Անդրանիկը երկու զինվորի, որոնցից մեկը Մառնկա Պողեն էր, և զենքը ձեռքին, դաշույնը ատամների մեջ սեղմած խոյացավ Խալիլի վրա։ Նրան տեսնելով Խալիլը վախից աչքերը փակեց։
Աշիրեթապետը ձիու հես։ ընկած էր Կիրճի մեջ՝ անկարող շարժվելու։ Անդրանիկը և Մակարը բռնեցին Խալիլի թևերից, բարձրացրին թամբից, ոտքերը ասպանդակից հանեցին և բերեցին ծակ քարի մոտ։ Բարձրահասակ, լայնաթիկունք տղամարդ էր, հագին չուխա վերարկու, մեջքին մետաքսե գոտի, բաշլըղը վզի շուրջ։
Գևորգ Չաուշն ու Անդրանիկը երդվել էին, որ Սպաղանաց Մակարին է պատկանելու Խալիլ աղային պատմելու իրավունքը, եթե նրան ողջ բռնելու լինեն։
Գալեն Անդրանիկի ուղարկած հրացանը վերցնելով գնացել էր զինված ղոլամների առաջը կտրելու։ Մակարը ուժեղ կրակոցներ լսելով շտապեց Գալեին օգնության։
Անդրանիկը դահճին նստեցրեց ծակ քարին և նրա գլխի երկայն մազերը հավաքեց բռի մեջ։ Հանկարծ հևասպառ Կիրճի մեջ ցատկեց Գևորգ Չաուշը՝ հեռվից գռռալով.
Մի զարկիր, բան պիտի հարցնեմ։
Անդրանիկը քրդերեն լավ չգիտեր։
Գևորգ, ինչ որ կասեմ՝ թարգմանիր նրան, ասաց Անդրանիկը։
Բշարե Խալիլ որ կասեն՝ դու՞ ես։
Այո, պատասխանեց Խալիլը։
Սերոբ Փաշի գլուխը դու կտրեցիր։
Խալիլը լուռ էր։
Դու՞ էիր, որ Սպաղանք գյուղը քանդեցիր և սպանված ռանչպարներին Մակարի տան մեջ լցնելով վառեցիր։
Նա դարձյալ լուռ էր և գլուխը կախ նայում էր գետնին։
Դու՞ էիր, որ պատրաստվում էիր սուլթանի զորքով ու զենքով հարձակվել Շեկո տան քրդերի վրա։
Բա՛վ է, բա՛վ է, ժամանակս լրացավ, միայն խնդրում եմ իմ դիակը չփչացնեք։
Դու Սերոբ Աղբյուրի գլուխը մեռած տեղը կտրեցիր, իսկ ես քեզ ողջ բռնելով գլուխդ կկտրեմ։ Գևո՛րգ, մեկդի քաշիր այդ բաշլըղը, բոռաց Անդրանիկը։
Գևորգը բաշլըղը հանեց Խալիլի վզից։
Եվ քանի որ Մակարն ուշանում էր, Անդրանիկը դաշույնը իջեցրեց...
Մառնկա Պողեն վազեց, որ բռնի, բայց ես ավելի արագությամբ վրա հասնելով, գլուխը բերելով տվեցի Անդրանիկին։ Նրան հանձնեցի նաև իր ձեռնափայտը, որ նետել էր ծառերի տակ։
Այս Խաչասարը ինձ բոլորովին բուժեց, տղաս։ Իմ հոդացավն անցավ։ Ասկե ետքը ինձ ոչ ձեռնափայտ է պետք, ոչ տաք ավազ։ Իմ ուզածը հիմա մի տոպրակ է։
Մացառներից խշրտոց լսվեց։
Հրացանները այդ կողմը ուղղվեցին։
Փաշա՛, մի զարկեք, ես հայ եմ, և տոպրակը ուսին մի գյուղացի թփուտից դուրս գալով, այլայլված կանգնեց մեր առաջ։ Եկել էր անտառ ալուջ ժողովելու։
Այդ լեռան վերևը դեռ քոչվորական վրաններ կային։ Հավարն արդեն ընկած էր և լեռը իրար անցած։
Հասե՜ք, ջան-ֆիդաները Խալիլ աղուն սպանեցին, սարե-սար վազելով ձայն էին տալիս քրղերը իրար։
Գևորգ, այս պատանին կտրիճ տղա է։ Եթե նա չլիներ, Խալիլ աղայի գլուխը գլորվելով մինչև ձորը կերթար, ապա դառնալով շվարած գյուղացուն՝ ասաց.
Քո ալուջները ինչպես ուզում ես՝ տար։ Ես քեզ պարտք մնացի մի տոպրակ։
Կիրճից ելավ Գալեն, բերելով Խալիլի ձիու գորգապատ թամբը։ Մի բրդոտ շուն նրա ոտքերի մոտով գետինը հոտոտելով նետվեց Կիրճի մեջ։ Ում շունն էր՝ չիմացանք։
Գևորգ, դու քո հարցը մոռացար, հիշեց Անդրանիկը։
Մեռածին էլ ի՞նչ հարց։
Ես պարկը շալակեցի և մենք ելանք ճամփա դեպի Սասուն։
ԱՍՈՐԻ ՑԵՂԱՊԵՏԻ ՁԻՆ
Մենք արագ քայլերով անցանք Հավատորիկի սարերը և թրջվեցինք Քոփ գյուղի վրա։
Ահա Դուքանե Զեֆրան՝ Շենիքի գլուխը, ասաց Սպաղանաց Մակարը, ձեռքը ուղղելով դեպի շենիկցիների հեռավոր ամառանոցը Կուրտիք լեռան լանջին։ էնտեղ եղավ «Յոթ Գդալի կռիվը», շարունակեց ծերունին։
1882 թվականի ամռանը շենիկցիների ամառանոցից փախցրած յոթ գդալի պատճառով շաբաթներ տևող մեծ կռիվ է ծագում խոշկանցի զինված քրդերի և հայերի միջև։ Շենիքցիներին հաջողվում է իրենց լեռներից վռնդել խոշկանցի աղաներին և վերադարձնել բռնագրաված գդալները։
Քեռի Մակարն ասաց, որ ինքը մասնակցել է շենիկցիների այդ ճակատամարտին և իր թիկունքին երկու հին սպի ունի այգ տարիներից մնացած։
էն օրվանից չախմախլին իմ ձեռքից չի իջել, ավելացրեց ծերունին։
Քոփը «Արջնաց երկրի» յոթ գյուղերից մեկն էր և պատկանում էր Խալիլ աղային։
Այդ գյուղի ռեսը և Դհոլ թաղի ռեսը, որ հյուր էր այդտեղ, օջախի մոտ նստած չիբուխ էին ծխում։ Հայտնի էր, որ կատարվածի մասին տեղյակ չէին։
Ձևական բարևից հետո Անդրանիկը դիմեց Քոփի մեծավորին։
Ի՞նչ լուր կա, ռես։
Դրսեն եկողը դուք եք, լուրը ձեզ մոտ է, ասաց ռեսը։ Ասում են Մուշից զորք պիտի գա Շեկո տան վրա։
Մենք էլ լսած ենք, ափո, բայց չգիտենք, թե որքան ստույգ է։
Մեր աղան հիմա Մ ուշ է։ Մեր մարդիկ նրան տվել են երեք հազար զորք, վեց հարյուր ձիավոր և թնդանոթ, որ գա շեկոների վրա։ Ինչու՞ եք եկել էս կողմերը։ Չէ որ Քոփը Խալիլի գյուղն է։
Ձեր աղան հրավիրել է մեզ։
Ի՞նչ բանի համար։
Տեսակցության համար։
Մեր աղա՞ն, ասաց Քոփի ռեսը աչքերը զարմանքից մեզ վրա պտտացնելով։
Այո, ձեր աղան։
Մեր աղան քո գլուխը կտրելու հրաման է բերած Պոլսեն։ Սերոբի գլխից հետո քո գլուխը կտրելը հեշտացավ։ Տեսակցության մասին խոսք լինել չի կարող։ Ռեսը լռեց և սկսեց ոտքերով աթոռին զարկել։
Կփափագե՞ս աղայիդ տեսնել, հարցրեց Անդրանիկը։
Աղայի՞ս։ Ինչպե՞ս։
Եթե կփափագես, կարող ես տեսնել։
Քոփի մեծավորը Անդրանիկի դեմքի պաղարյուն արտահայտությունից սաստիկ շփոթված մերթ մեկիս, մերթ մեկելի դեմքին էր նայում։
Իրա՞վ է, ռես, որ Խալիլ աղան Քոփ է եկել, հարցրեց Դհոլ թաղի ռեսը։
Ինչ կխոսես։ Եթե աղան Քոփ գար, ամբողջ գյուղը պիտի գիտենար։
Եկել է, ասաց Գևորգ Չաուշը, և տոպրակը իմ մեջքից առնելով օջախի լույսի առջև գլխիվայր շրջեց։
Ահա աղադ։
Դհոլ թաղի ռեսը աչքի ծայրով նայեց նրան։ Խալիլի լեզուն ատամների միջից դուրս էր ընկած։ Քոփի ծերունին մեկից շտկվեց նստած տեղից տեսածը ստուգելու։ Հանկարծ Դհոլ թաղի ռեսը չիբուխը վերցնելով սկսեց գլխին զարկել, զայրացած գոչելով.
... ուտեիր, լավ չէ՞ր։
Ես իմ բեռը շալակեցի և մենք ռեսի տնից դուրս եկանք։ Բավական հեռացել էինք Քոփից, երբ տեսանք մի քուրդ լեռան գագաթից վազում է դեպի Շենիք և Սեմալ գյուղերը բարձրաձայն աղաղակելով.
Ուրախացե՜ք, հայեր և Շեկո տան քրդեր, ջան ֆիդայիները Խալիլ աղային սպանեցին։ Բռնաշենի կիրճում հրացանաձգություն էր։ Թոզ ու դումանը երկինքն է բռնել։
Աչքովդ տեսա՞ր, որ սպանեցին, արձագանքեց Խալիչի աշիրեթին թշնամի մի ուրիշ քուրդ՝ Յոթ գդալի հակառակ կողմից նրան ընդառաջ վազելով։
Տեսա՜, տեսա՜։ Մի շուն կանգնած լիզում էր Խալիլի արյունը։ Սև սուգի մեջ են Խալիլի տունը և նրա կնիկը։
Խալիլի կնիկը եթե սուգի մեջ է, թող ինձ հետ ամուսնանա, ես նրա սուգը կփարատեմ, պատասխանեց ընդառաջ վազող քուրդը և ետ դառնալով Մրկեմոզանի խոտավետ մարգագետնով սլացավ դեպի Շենիք՝ ուրախալի լուրը բարեկամ քրդերին Հայտնելու։
Շուտով Շեկո տան հարյուրավոր քրդեր ցնծագին աղաղակներով շարժվեցին դեպի մեր կողմը։ Բոլորն էլ գունագեղ տարազ էին հագած, բրդյա սև-սպիտակ քոլոզների շուրջը փաթաթած գույնզգույն թաշկինակներ, ոմանք զենքով, շատերն էլ առանց զենքի։
Առջևից եկողը Շեկո տան մեծավորն էր՝ իր հավատարիմ մարդկանց հետ ձիերը հեծած։ Նրա ազդանշանով բոլորը իջան թամբերից և ձեռքները կրծքներին՝ խոնարհվեցին Գևորգ Չաուշի և Շապինանդի առաջ։
Խուաշբե Անդրանիկ փաշա, խուաշբե Գևորգ Չաուշ, գոչեցին միաբերան և երեք անգամ իրենց մեծավորի հետ խոնարհվելով ու բարձրանալով, գոհունակություն հայտնեցին իրենց ամենամեծ թշնամուն ոչնչացած տեսնելու համար։
Տարածել էին, որ Անդրանիկի վզից կախված է Բշարե Խալիլի հմայիլը և նրան կյանքում այլևս ոչ մի գնդակ չի դիպչի։ Մանրամասնորեն պատմում էին, թե ով է կտրել բալաքցի ավազակապետի գլուխը։ Ոմանք ասում էին, թե Շապինանդն է կտրել, մյուսները թե՝ Գևորգ Չաուշը։ Մի հարվածով դաշույնը մինչև խոսափող իջավ, պարծենում էր նրանցից մեկը իբրև ականատես։ Բերնեբերան փախցնում էին Սպաղանաց Մակարի և Գալեի անունները, հսկայական քաջություն վերագրելով նաև Մառնկա Պողեին, որ անզգույշ գյուղապետին մի կռուփ տալով ստիպել էր ետ դառնալ, իրենց աշիրեթի կատաղի թշնամուն առաջնորդելով հայդուկների թաքստոցի վրա։
նրանք իրենց հիացմունքի մի փոքրիկ բաժինը հանում էին նմանապես և ինձ համար, զարմացած նայելով իմ պատանեկան խրոխտ դեմքին, հերոսական նշաններ որոնելով այնտեղ։ 0՜, եթե իմանային, որ Խալիլի գլուխը այդ միջոցին գտնվում էր իմ շալակին կապված ալուջի պարկի մեջ։
Ու հանկարծ այդ ամբողջ բազմությունը սկսեց երգել հայ ֆիդայիներին նվիրված մի երգ.
0՜, Սասունի կապուտակ երկինք, մեկ էլ քեզ կտեսնե՞մ իմ գլխիս վերև, մեկ էլ կլսե՞մ այդ երգը կյանքում։
Անդրանիկը, Գևորգ Չաուշը, քեռի Մակարը, Գալեն և Մառնկա Պողեն մանկան անհոգությամբ նայում էին այդ բազմությանը, կարծես այդ երգը ոչ մի առնչություն չուներ իրենց հետ, կարծես այդ երգի հերոսները իրենք չէին։ Պատռված, մաշված էին նրանց հագուստները։ Այնքան հին ու մաշված էին, որ մեկ-երկուսի մարմինը երևում էր միջից։ Եվ անկարելի էր հավատալ, որ այդ գովասանքը նրանց էր ուղղված։
Այդ երգից հետո, բազմությունը ճեղքելով, Անդրանիկին և Գևորգ Չաուշին մոտեցավ մի թիկնեղ ծերունի։ Ասորի էր ազգով։ Մորուքը շատությունից կոխել էր ծոցը։
Մի որդի ուներ և մի ձի։
Ձին տվեց Անդրանիկին, իսկ որդուն՝ Գևորգ Չաուշին և ասաց.
Ձիուս անունը Ասլան է, որդուս անունը՝ Աբդելո։ Երկուսն էլ սասունցի են, ծնված Խարզանում։ Կարմիր իրիցոց ավետարանում գրված է, որ ս. Աղբերիկի վանքի առաջին վանահայրը եղել է ասորի Աբդելոն։ Իմ տոհմի ծագումը Աբդելոյից է։ Ասորին երեք բան չի կարող զիջել ուրիշի՝ ձի, զենք և զավակ։ Բայց դուք ուրիշ չեք, դուք մերն եք, և ես իմ ձին ու որդին նվիրում եմ ձեզ։ Իմ հայրը սպանվել է «Յոթ գդալի» կռվին, շենիքցիների կողմից կռվելով խոշկանցի զինված աղաների դեմ։ էսօր մեր ամենամեծ օրն է, որովհետև ոչնչացված է մեր և ձեր ամենամեծ թշնամին, որն ուզում էր սուլթանի զորքով և իր աշիրեթով հարձակվել մեր վրա։ Ընդունեք ծերունի ցեղապետիս այս համեստ նվերը հայրենիքը կորցրած բոլոր ասորիների և Շեկո տան քրդերի կողմից և թող հավիտյան անխախտ մնա հայ, քուրդ և ասորի լեռնականների բարեկամությունը։
Բարձրահասակ, գեղադեմ երիտասարդ էր Աբդելոն։ Բայց իմ ուշադրությունը ամենից շատ գրավեց ասորի ցեղապետի ձին։ Սպիտակին խառը կարմրամազ մի մտրուկ էր Ասլանը, կապույտ փուլերով պճնված։ Գլուխը փոքր էր, աչքերը՝ մանր ու խելացի։ Տեսքով վագրի էր նման, ոտքերը բարձր ու բարակ, ռունգները լայն բացված։ Արևի փայլի տակ ամբողջ մորթը կարմիր երանգներ էր ստանում։
Հրաժեշտ տալով մեզ դիմավորելու եկած քրդերի բազմությանը և ասորի ծերունուն ու վերջին անգամ հայացք նետելով Շենիք և Սեմալ գյուղերի ամառանոցներին, մենք դուրս եկանք «Յոթ գդալի» լեռնադաշտից, մեզ հետ տանելով ցեղապետի որդուն և նրա ձիու քուռակին՝ Ասլանին։
ճանապարհին Անդրանիկը կարգադրեց, որ իրենից առաջ շտապեմ Գելի, մի ապահով տեղ պատրաստելու ասորի ցեղապետի ձիու համար։