Хачик Даштенс

Ռանչպարների Կանչը

14

ՖԻԴԱՅԻՆԵՐԸ

Ուրախացավ Գևորգ Չաուշը իմ ձեռքին զենք տեսնելով։

Այդ նույն օրն էլ նա ինձ առաջնորդեց Բերդակի սարը։

Աղբյուր Սերոբը Նեմրութի վրա էր շրջում, իսկ Գևորգ Չաուշի և իր հայդուկների ապաստանը Ալվառինջի, Մառնիկի և Բերդակի սարերն էին։

Կեռումեռ կածանով մտանք մի թավ անտառ։

Այդտեղ էին ապրում հայ ֆիդայիները։

Վայրը մի բացատ էր՝ կաղնիներով շրջապատված։

Գևորգը ինձ տարավ կանգնեցրեց ստվերախիտ մի կաղնու տակ։

Հայդուկները նստած էին կոճղերի ու ժայռերի վրա, ոմանք թիկնած էին ծառերի բներին։

Շատերին ճանաչեցի։

Սպաղանաց Մակարի կողքին նստած էր Գալեն, Շմլակի կիրճում Անդրանիկի տված հրացանը գրկած։ Ապա հերթով շարված էին Պայթող Աղբյուրի մյուս լեռնականները Փեթարա Մանուկը, Փեթարա Ախոն և Փեթարա Իսրոն։ Մորուք Կարապետը և Արծիվ Պետոն առանձին էին նստած։ Չոլոն թիկնել էր Շենիքցի Մանոլկի կողքին։ Սրանց առջևում կիսաթեք մեկնված էր Լաճկանցի Արթինը՝ վագրադեմ մի հայդուկ, աչքերը հառած Շենիքցի Մանոլկի զենքին։ Այս երկու սասունցիների մեջ վեճ կար։ Արթինը բարձրաձայն գանգատվում էր, որ իր ատրճանակը հին տեսակի է, բավական ծանր, և միջոց էր որոնում փոխանակելու Մանոլկի տասնոցի հետ։ Վագրադեմ հայդուկի և Շենիքցի Մանուկի վեճին ներկա էին Մառնկա Պողեն և Դաշտեցի մի տղա, որին կոչում էին Ալիզռնանցի Մուքո։ Երկու ուրիշ հայդուկ մի ծառի տակ նըս– տած տամա էին խաղում։ Մեկը իմ ծանոթ Արտոնքա Ջնդոն էր, իսկ մյուսը խասգյուղացի էր՝ Բամբկու Մելո անունով։ Նրանց գլխավերևում մի երիտասարդ զինված հայդուկ էր կանգնած Ալվառինջ գյուղից Սեյդո Պողոսն էր, վանքի կռվի հերոսներից մեկը։ Սա աչքով թեև խաղին էր հետևում, բայց ուշադրությունը, որքան նկատեցի, ամբողջապես Լաճկանցի Արթինի և Շենիքցի Մանուկի կողմն էր, տեսնելու, թե ինչով կվերջանա այդ երկու լեռնականների վեճը։ Իսկ այդ վեճը արդեն ծավալվել էր։

Ձեր տունը հարուստ է, դու ինչու՞ ես զենք առել և դարձել հայդուկ, ասում էր Լաճկանցի Արթինը։ Շենիքցի Մանուկն առարկում էր, ասելով, թե Մարութա վանք կամ ս. Կարապետ ուխտի գնացողները չեն ընտրում քոսոտ այծեր, այլ իբրև մատաղացու գերադասում են գեր ու պարարտ այծերին։ Հետևապես Հայաստանի ազատագրության զոհասեղանին մատաղվելու արժանի են նախ և առաջ ունևոր հայերը։

Այդ խոսքի վրա, բոլորովին աննկատելի, իմ կողքին հայտնվեց մի գեղադեմ հայդուկ՝ երկար թարթիչներով։ Գրեթե իմ հասակին էր, բեղերը փոքր-ինչ թավ և հոնքերի կամարը շեշտված։ Մշո գյուղերից էր և անունը Տիգրան։ Դա այն զինվորն էր, որ Վանքի կռվին ձեռքը կրակ բռնած վառել էր սուլթանի բանագնացների գլանակները, սարսափ ազդելով գլխավոր բանագնաց Մուխտի էֆենդուն։ Տիգրանը մի ձեռքով իմ վիզը գրկեց, մյուսով ետևից տնտղեց իմ մեջքը, կարծես կամենալով ստուգել, թե արդյոք ես լա վ մատաղացու եմ, թե ոչ։ Ապա սև ընչանցքները կարմիր այտերի վրա ոլորելով, գնաց դեպի վիճաբանողների կողմը։

Ֆիդայիներից մեկը մի կոճղի առաջ չոքած հրացանի փակաղակն էր բարկությամբ չխկացնում։ Դա գյուլլեքի սերտն ու փուչը որոշող սասունցի Կարկուտ Թադեն էր, որին ես տեսել էի Աղբյուր Սերոբի խմբում։ Սա միշտ առաջինն էր պայթեցնում գնդակը։ Թադեն մասնակցել էր շատ կռիվների։ Չդիմանալով հայդուկային զենքի կարգապահությանը, դեռևս Խլաթում եղած ժամանակ Թադեն առել էր իր չախմախլին և ընկել սարերը։ Վերջում մենակությունից ձանձրանալով, եկել միացել էր Գևորգ Չաուշի խմբին։

Սերոբ Աղբյուրի խմբից մի ուրիշ հայդուկ էլ կար այդտեղ. դա մանազկերտցի Հաջի Գևոն էր, այն յոթ զինվորներից մեկը, որ Շենիքից Սեմալ էր փախել Անդրանիկի հետ։

Հասանո անունով քոյողավոր մի քուրդ Հաջի Գևոյի կողքից անցնելով, եկավ կանգնեց Գևորգ Չաուշի թիկունքին և ձեռքը կրծքին դնելով, խոնարհ բարև տվեց ինձ։ Հասանոն փոխանակված էր մի հայ զինվորով և համարվում էր Գևորգ Չաուշի հավատարիմ թիկնապահներից մեկը։ Երբ հարկ էր լինում որևէ պատգամավոր ուղարկել Խութա մեծավոր Ղասմբեկի մոտ, Հասանոն միշտ առջևից էր գնում, որ իրենց վրա հարձակում չլիներ բրդերի կողմից։

Բացատի վերջավորությանը մի պատանի հայդուկ զբաղված էր ծառերի չոր ճյուղերը կեղևելով։ Խնուսի Հարամիկ գյուղից էր։ Սրա պաշտոնն էր չոր փայտերից անծուխ կրակ վառել։ Մեկ առ մեկ վերցնում էր ճյուղերը, զննում ոստոտ տեղերը և կեղևը երկարությամբ մաշկում։ Երկար տարիներ նա պետք է կեղևեր ծառերի ճյուղերը, մինչև որ որևէ կռվի մեջ քաջություն ցույց տար և նրան արտոնություն տրվեր հրացան կրելու՝ ավելի մեծ ճակատամարտերի մասնակցելու համար։ Մինչև այդ շատ կռիվներ էին եղել, բայց նա դեռ ոչ մի կռվի մասնակցած չկար։ Վրան ոչ մի վերք ու սպի չուներ։ Ֆիդայիները նրա անունը ծաղրանքով կնքել էին «Բրինդար»՝ այսինքն վիրավոր։

«Բրինդարի» մոտ մի հին թամբի կռթնած նստած էր մի ուրիշ հայդուկ, անունը Բարսեղ։ Միջահասակ էր, շեկլիկ բեղերով։ Աչքերը մի քիչ շիլ էին։ Բարսեղը Գևորգի ձիապանն էր։ Միաժամանակ հսկում էր, որ ֆիդայիները ճանապարհին ծխախոտ չվառեն կամ վառելիս կրակը բռնեն ձեռնափայտի մեջ և մնացորդները գետին չգցեն։ Իրենց գյուղում ծխախոտի մշակությամբ էր զբաղվել և միշտ մոտը, տոպրակի մի անկյունում կամ գոտու տակ, մանր թութուն ուներ պահած։ Երբեմն ինքն էր գլանակ փաթաթում և հրամցնում այս կամ այն զինվորին։

Սև բեղավոր մի հայդուկ գլուխը Հաջի Գևոյի թիկունքին դրած ակնապիշ ինձ է նայում։ Դեմքը ծանոթ է։ Մտածում եմ, թե որտեղ եմ տեսել նրան։ Աստված իմ, մի՞թե Ֆրանկ՜ Մոսոն է։ Այո, այդ նա է, նորշեն գյուղի այն երիտասարդ շինականը, որի կինը պարտվել էր սամիրով ճաշի կռվում, իրենց գյուղի հողային սահմանը որոշելու ժամանակ։ Հիշում եմ, բերդակցու կնոջ եփած սամիրով ճաշը ինձ բաժին ընկավ։ Ի՜նչ սահման, ի՜նչ օրենք։ Տեղական այդ բոլոր գժտությունները հետևանք են մի համատարած անիրավության, ասել էր վշտացած գյուղացին։ Ֆրանկ-Մոսոն թողել էր միջգյուղյան փոքրիկ վեճը, պարանի կապոցը և ցցափայտերը իմ ձեռքից առնելով բարկությամբ շպրտել էր սահմանագլխին և անութի տակ մի հրացան սեղմած՝ շտապել էր Բերդակի սարը՝ իր ազգի համաշխարհային վեճը լուծելու։

Այդ վեճը լուծելու համար դեռևս Խաթավինի կռվի օրերից զենքի տակ էր մտել նաև Առղա Զորիկը։

Ուրիշներ էլ կային՝ Աղջնա Վահանը, Կուրավա Շմոն և Ծուռխաչ Հազարիկը։ Այս վերջինի մոտ ամեն ինչ ծուռ էր. խաչը երեսին ծուռ էր հանում, գդակը ծուռ էր դնում, գոտին ծուռ էր կապում։ Կարկուտ Թադեին հակառակ, սա միշտ ուշացումով էր կրակում և երկուսից մեկը անպայման ծուռ։ Հազարիկը տեղից տեղ գնալիս ֆիդայիների ավելորդ բեռներն էր շալակում և հսկում, որ հայդուկները լուսնյակ գիշերներին հրացանները ուսերին չդնեն, փայտե կոթերը միշտ պահեն լուսնի կողմը, որ չփայլեն։

Իսկ դեղնած ականջներով Շմո՞ն։ «Ա՜խ, ե՞րբ կլրնի, որ արդարությունը աքաղաղի պես ելնի տանիք ու գոռա թե՝ վեր կացեք, ես եկա», այս խոսքն էր միշտ սրա բերանին։ Շմոն գտնում էր, որ աշխարհը չափազանց անկատար է շինված։ Աստծո վեց օրում շինած աշխարհը ի նչ պետք է լինի, գանգատվում էր Շմոն, և դեռ հասցրել է մարդ ստեղծել ըստ նրա աստծո ամենաանկատար արարածը։

Լեռնային քարուտներից մեկում Կուրավա Շմոն պատահմամբ գտել էր ուրարտական ցորենի մի հազվագյուտ տեսակ, ընդհամենը մի քանի հասկ՝ անսովոր խոշոր հատիկներով։ Նա զարմացել էր աստծո խելքի վրա, որ այդ փոքրիկ վայրում այդքան շատ քար էր կուտակել, իսկ Մշո դաշտում մի հատիկ քար չէր թողել, որ մաճկալը հերսոտելիս իր ծուռ գնացող եզան կողին խփի։ Շմոն փորձի համար գաղտնի ցանել էր այդ ցորենի սերմը և ստացվել էր ապշեցուցիչ բերք։ Զսպել էր իր ուրախությունը և այնպես արել, որ ոչ ոք չիմանա այդ մասին, որ հանկարծ չընկնի սուլթանի ձեռքը։ Ջրաղաց էլ չէր տարել, որ տեղը չգտնեն, սերմացուն չգողանան։ Որոշել էր, որ երբ Հայաստանը ազատագրվի, այդ սերմը շաղ տա ազատագրված Հայաստանի հողի մեջ, առաջին հերթին, իհարկե, Մշո դաշտում։

Եվ անհամբեր սպասում էր արդարության աքաղաղի կանչին։

Աբղելոն էլ այնտեղ էր, ասորի ցեղապետի որդին։ Նրան կոչում էին Յոթ Գդալի Աբդելո, որովհետև բերված էր Յոթ Գդալի դաշտից։ Աբդելոյի աջ ու ձախ կողմերում թիկնած էին երկու երիտասարդ հայդուկներ՝ Ցրոնաց Մշիկը և Ավրանա Արամը։

Հին զինվորներից էր նաև սասունցի Կամե Գասպարը։ Գասպարը քիչ էր լինում Բերդակի սարում։ Սրա անելիքը ամբողջապես դրսի հետ էր։ Այդ տալվորիկցի հայդուկը հարուստ հայերի անասունները փախցնում-ծախում էր քրդերին, քրզերից փախցնում ծախում էր հայերին և դրանով գումարներ հայթայթում ազատագրական շարժման համար։

Սրանք էին կազմում Գևորգ Չաուշի ֆիդայական խմբի կորիզը Սերոբ Աղբյուրի մահից հետո։ Բոլորը հավաքվել էին Բերդակի անտառում, որ իրենց ազգի վեճը լուծեն։ Սրանք էին այդ օրվանից իմ ընկերները և սրանց հետ էր անցնելու իմ հայդուկային կյանքը։ Իմ առաջին փորձնական շրջանն անցել էր և չկար այլևս առաջվա անհոգ, անմիտ պատանին։

Իմ շուրջը նստած հայդուկները քաջակազմ մարդիկ էին, տապից ու պաղից թրծված երեսներով։ Ոմանք ալեհեր էին, ինչպես Սպաղանաց Մակարը, որ մեծացել էր բազում կռիվների մեջ։ Հագած էին լայն տաբատներ և գույնզգույն բաճկոններ՝ կարմիր ու դեղին նախշերով։ Գոտիներին ամրացած էին կաշյա քառակապ փամփշտակալներ՝ պսպղուն փամփուշտներով։ Փամփշտակալները քողարկելու համար բոլորն էլ անխտիր հագած էին անթև աբաներ։ Կողքերին կապած էին տասնոց մաուզեր և դամասկոսյան կեռ դաշույններ։ Գլուխները ծածկած էին արախչի կամ գդակ՝ մուգ կարմրավուն փոլշիներով ոլորած։ Յուրաքանչյուրը մի պայուսակ ուներ մեջքին կապած և մի ճոկան՝ ժայռերը մագլցելու համար։

Գևորգ Չաուշը ինձ ներկայացրեց խմբին և ասաց, որ ես վերջին կռվին վանքի նկուղից քաջաբար դուրս եմ բերել Անդրանիկի ձին, ճեղքելով թշնամու շղթան, իսկ մինչ այդ մեծ դժվարությամբ Տատրակ գյուղը Հասնելով, գտել-բերել եմ Արաբոյի տան «Կոճղեզ» ավետարանը, որ Հայդուկները երդվեն նրա վրա և ես առաջիններից մեկն եմ, որ երդվել եմ այդ ավետարանի վրա։ Իբրև արժանիք նշեց նաև, որ Սասանի բովանդակ պատմության մեջ ինձ է բախտ վիճակվել կարդալու Մոսե Իմոյի բերած թագավորական թուղթը։ Որ ես իբրև մշեցի դիտակից երիտասարդ, այդտեղ գալով ուխտել եմ մատղվել Հայաստանի ազատագրության Համար։ Ապա կարգադրեց, որ ինձ փամփշտակալներ բերեն։

Ինձ անմիջապեմ տվեցին մի զույգ փամփշտակալ, որ ես ձգեցի իմ ուսերի վրայով։ Վրան Հագա մազոտ աբա։ Աբայի վրա կապեցի պայուսակ, որի մեշ կար մի խզակոթ, երկու ասպանդակ, մի սանձ, մի վիմադարձ, երկու զույգ գուլպա և տրեխ և մի ոսկրե սանր։ Պայուսակին ամրացած Էր մի փոքրիկ տոպրակ՝ մեջը մի քանի բուռ բոված կորեկայլուր և մի կտոր չորթան իբրև նեղ օրվա պարեն։

Երբ արտաքնապես փոխվեցի և չափլին հրացանը թևիս տակ առա, թվաց, թե ամբողջ աշխարհը ինձ տվեցին։

Բայց դրանով չվերջացավ իմ կերպարանափոխությունը։

Մշեցի Տիգրանը, որ քիչ աոաջ տնտղել Էր իմ մեջքը իմանալու, թե ես լավ մատաղացու եմ թե ոչ, Հանկարծ Հեռվից սուր աչքով չափեց իմ Հասակը և ձիապան Բարսեղից երեք արշին ճերմակ կտավ առնելով, արագ մոտեցավ ինձ։ Սա էլ քո պատանքն է, ասաց նա և բոլորի ներկայությամբ կտավը երեք տակ ծալելով կոխեց պայուսակիս մեջ։

Խմբի մեջ միայն մի քանիսը պատանք ունեին, և ինչպես քիչ Հետո իմացա, դրանցից մեկը Մառնկա Պողեն Էր, մյուսը՝ Ծուռխաչ Հազարիկը, իսկ երրորդը՝ անտառում անծուխ կրակ վառող խնուսցի պատանին։

Ինձ Էլ պատանք տվին և երևի դարձյալ այն պատճառով, որ իբրև նորեկ Հենց սկզբից ընտելանամ իմ ճակատագրին։

Պատա՜նք։ Ի՜նչ սարսափելի բառ Է։

Այդ պահին բոլորը շեշտակի նայեցին ինձ, տեսնելու, թե ինչ տպավորություն կգործի այդ երեք արշինանոց կտավը ինձ վրա։

Ու այդպես, ես դարձա ֆիդայի։

Գևորգ Չաուշը ինձ ցույց տվեց մի կոճղ Կարկուտ Թա֊ղեի և Հաջի Գևոյի կողքին և ես մոտենալով բազմեցի վրան։

Երբ ամեն ինչ պատրաստ Էր, Չաուշը իր մոտ կանչեց կաթի պես սպիտակ երեսով մի զինվորի, որ Հեռավոր մի գերանի նստած իր ուսապարկն Էր կարում։

Եկ էստեղ, Միսակ, ասաց Գևորգ Չաուշը, մի խաղ ասա լսենք։

Միսակը Գևորգ Չաուշի երգասացն Էր և նրա թիկնապահ ներից մեկը։ Ծնվել Էր Մշո դաշտի Ալադին գյուղում։

Գրեթե բոլոր Հայդուկները երգել գիտեին։ Փեթարա Մանուկը Հայտնի «Բերիվանի» երգող Էր։ Հաջի Գևոն աննման լոլո շվշվացնող Էր։ Լավ ձայն ուներ նաև Մորուք Կարոն, բայց ուրիշ Էր, երբ Ալադին Միսակն Էր երգում։ Այնքան Հայտնի խաղասաց Էր, որ Գևորգը Նրան երբեմն ուղարկում Էր մինչև Արաղայի դաշտ՝ իր երգով քրդական բեկերին նվաճելու։

Սիսակը մոտեցավ և նստեց Գևորգ Չաուշի կողքին, գերանի վրա ու ձեռքը դրեց ականջին։ հախ նա երգեց ֆիդայիների երգը։

Աշխարհում ֆիդային ոչ մի Հարստություն չունի։ Նա օթևան չունի։ Յոթ օրից ավելի ֆիդային իրավունք չունի մնալու նույն տեղում։ Նա անվերջ շարժման մեջ Է։ Երբ բոլորը քնած են, ֆիդային ելնում Է ոտքի։ Նա զրկված Է լուսաբացի քաղցր քնից: Ոչ ոք չպիտի իմանա, թե ֆիդային ինչ ուղղությամբ անհայտացավ խավարի մեջ, ո՛ր ձորից ելավ և ո՛ր սարի լանջերով գնաց։ Գյուղ մտնելիս ֆիդայու իջևանը Հայ լեռնականի գոմի կամ մարագի մութ անկյունն Է։ Երբ ձմեռ Է, նա պետք Է գտնի որևէ քարայր և մտնի մեջը մինչև գարունը բացվի, կամ սառած ձյունը փորի և ծածկվի ձյունի տակ՝ մի աննշան ճեղք թողնելով լույսի և օդի համար։

Ֆիդային գերեզման չունի։ Նրա ամենամեծ բաղձանքը կռվի մեջ մեռնելն է՝ ազատության երգը շուրթերին և գընդակը ճակատին։

Այս էր այդ երգի բովանդակությունը։

Գևորգ Չաուշը կարծես արեց այդ երգի միջոցով ինձ հոգեբանորեն նախապատրաստել այն մեծ առօրյային, որ այնուհետև կազմելու էր իմ կյանքի իմաստը։

Ապա Սպաղանաց Մակարի պատվերով Ալադին Միսակը երգեց Արաբոյի երգը։

«Արաբո՜, Արաբո՜, ֆիդայությունը կրակե շապիկ է։ Հազար ընտրյալից մեկին է վիճակված այդ շապիկը հագնել, և դու առաջին ընտրյալն էիր Մշո դաշտում, որ այդ շապիկը հագար։

Արաբոն սպանվել է Գյալարաշի ձորում՝ իր նպատաԿին չհասած, բայց ժողովուրդը չի հավատում, թե նա մեռած է։ Կարծում է, թե նա ողջ է, և գործում է Սասնո լեռների մեջ։ Տիլիբոզ է Արաբոյի ձիու անունը։ Մառնիկա սարից դեպի Շմլակի կիրճը տանող ճանապարհին, Մ ուշից դեպի հարավ–արևելք կանգնած է առեղծվածային մի գագաթ Սմբատասարը։ Այդ սարի վրա մի հին բերդ կա։ է՜յ, երանելի անցորդ, եթե բարձրանալու լինես դեպի այդ բերդը,. իմացիր, որ այնտեղ Արաբոն է ապրել և այդ սարի քերծերին է դիպել նրա նժույգի սմբակը։ Այդ սարի վրա էր, որ լուսահոգի Արաբոն, երբ առաջին անգամ Մշո դաշտը տեսավ, ասաց. «Ես որ Մշո դաշտը տեսա, էլ ընձի մահ չկա»։ Սմբատասարի հյուսիս և արևմտյան կողերը ժայռոտ են իրենց տակ բացվող անդունդով։ Այդ անդունդի միջով անցնող ջուրը գալիս է Մառնիկի վրա, անցնում է Հավատորիկի ձորով և Պստիկ բերդի տակով դնում թափվում է Մեղրագետ։ է՜յ» խելագար անցորդ, ինչու՞ ես մոլորվել Պնտխներ և Մառնիկ գյուղերի մեջտեղ։ Այնտեղ է հավերժորեն կանգնած Սմբատասարը։ Այդ լեռն ի վեր ելնելիս նժույգի մի հեռավոր ու խուլ խրխինջ կհասնի ականջիդ։ Մի՛ փորձիր իմանալ, թե որտեղից է գալիս այդ ձայնը՝ գետնի տակից, անդունդի միջից, թե երկնքից։ Մառնիկ գյուղի երիտասարդները, որ մոմիկներ վառելով ու հարդ թափելով են գտնում դեպի բերդի ներսը տանող ճամփան, չեն իմացել այդ գաղտնիքը, դու էլ չե՛ս իմանա։ Որքան դեպի վեր ելնես, այնքան խրխինջը կհզորանա։ Ժողովուրդը հավատացած է, որ դա Արաբոյի ձիու խրխինջն է։ Եվ քաջ ֆիդայիները տարին երկու անգամ դեպի Սմբատաբերդն են մագլցում Տիլիբոզի խրխինջը լսելու համար։ Արաբո՜, Արաբո՜, դու առաջին ընտրյալն էիր, որ ֆիդայության կրակե շապիկը հագար Մշո դաշտում»։ Արաբոյի երգը տակնուվրա արավ իմ հոգին։ Մի՞թե ես եղել էի այդ առասպելական հեծյալի հետ։ Մի՞թե նա ինձ նստեցրել էր իր հեքիաթային նժույգի թամբին։

Գևորգ Չաուշը նունպես խստորեն հուզվեց։ Ծերունի Մակարը գլուխը Գալեի թիկունքին դրած, հուզմունքից խածեց իր բեղի ծայրը.

Թռնոքի, գոչեց հայդուկապետը, կոճղի վրայից ելնելով։

Մեր ուսապարկերը հանեցինք, զենքերը հենեցինք ծառերին, ու պարն սկսվեց։

Ո՞վ է տեսել աշխարհում այդպիսի պար։ Նախ կանգնեցին որպես պարիսպ, ապա ցնցեցին ուսերը, թափ առան և խոյացան առաջ։ Տեսե՛ք ինչպես է պարում Փեթարա Իսրոն Գևորգ Չաուշի կապարճակիրը։ Ուսերի վրայով իրար են հյուսվել Արտոնքա Ջնղոյի, Մշեցի Տիգրանի և Բամբկու Մելոյի թևերը։ Ոտքերի խրոխտ դոփյունով նետվում են առաջ և մոլեգին արագությամբ քաշվում ետ։ Գևորգ Չաուշը, քուրդ Հասանոն և Մառնկա Պողեն միասին են պարում։ Ինձ էլ քաշեցին շղթայի մեջ։ Իմ մեջքին ոլորվեցին Ալիզոնանցի Մուքոյի և Ծուռխաչ Հազարիկի ձեռքերը։ Հազարիկի մեջքին ծալվեց Հաջի Գևոյի բազուկը։ Ձիապան Բարսեղը, Ալադին Միսակը և Սեյդո Պողոսը միացան շղթային։

Ֆրանկ–Մոսոն էլ։

Ցրոնաց Մ ուշիկն ու Ավրանա Արամն էլ եկան։ «Բրինդարը» բորբոքեց անծուխ կրակ և Առղա Զորիկի և Աղջնա Վահանի հետ նետվեց պարի մեջ։ Պարի մեջ նետվեցին նաև դեղնած ականջներով Շմոն և ասորի Աբդելոն։ Սկսվեց «Ծափպարը»։

Այստեղ գլխավոր պարողները սասունցիները եղան։ Այդ ոչ թե պար էր, այլ հողմի շառաչ։ Զույգերով կանգնեցին ճակատ–ճակատի։ Ծունկի են իջնում, բարձրանում, օրորվում և պտույտներ գործելով ձեռքերը թափով բախում են իրար։ Նորից են չոքում, կռանում, կանգնում և նորից շառաչելով բախվում են միմյանց։ Միայն մի անգամ վրիպեց Արծիվ Պետոն։ Մորուքը ուշացավ։ Պետոն երեք անգամ պտույտ գործելով և ծաՓ զարկելով, Սպաղանաց Մակարին և Կարկուտ Թադեին՝շրջանցելով, ձեռքի թաթերը թափով իջեցրեց դիմացի զույգ կեչիներին։

Ու այսպես պարելով էլ նրանք հոգնած թափվեցին ծառերի տակ, իրենց զենքերի և ուսապարկերի վրա, իրենց պատանքների վրա։

ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐԸ

Այդ Գիշերը Գևորգ Չաուշը ինձ պահակ կարգեց անտառում։

Ահա գետնին երկարած կամ ծառերի բներին թիկն տըված պառկած են հայդուկները։ Պառկած են ամեն մեկը իր զենքը գրկած։ Ոմանք հարմար քարեր են դրել իրենց գլխատակին՝ վրան ուսապարկը իբրև բարձ։ Մեջքի վրա աժդահայի պես տարածվել է Սպաղանաց Մակարը։ Հոգնեց ծափպարից։ Խարույկի մոտ պպզելով կրակից հանեց կիսեփ խորովածի մի շաբան, վրայից թափ տվեց աժուխի կտորները և մոխրախաոն կերավ։ Մի հարված տվեց Գալեի մեջքին, մի թեթև հարված Փեթարա Մանուկի թիկունքին և Լաճկանցի Արթինի կողքից անցնելով, հոգնած շուռ եկավ նրանց մեջտեղ։ Պառկած է հանգիստ, գլուխը իր հբացանի խզակոթին դրած։ Հին է այդ հրացանը։ Նրա կոթը երկու անգամ նորոգել է Անդրանիկը՝ Տաղվրնիկի կիսամութ գոմում նըստած։

Չոլոն մեկնվել է Սպաղանաց Մակարի ոտքերի տակ, Արտոնքա Ջնդոյի կողքին։ Իսկ իր ծնկներին հանգչում է Ալադին Միսակի գլուխը։ Մորուք Կարոն և Արծիվ Պետռն հենց նոր քուն մտան մազոտ արաները իրենց վրա քաշելով։ Փեթարա Ախոն այնպես է պառկել, կարծես ինչ֊որ բան է փըսփըսում Մառնկա Պողեի ականջին, բայց իրապես փսփսա֊ ցողները Լաճկանցի Արթինը և Շենիքցի Մանուկն են։ Մանուկն ամուր գրկել է իր տասնոցը, իսկ Արթինը՝ Սմիթ ատրճանակը։

Ա՜խ, թե քո տասնոցը կունենայի, վերքին անգամ բավական լսելի ձայնով ասաց Լաճկանցի Արթինը և խռո՛վածի պես շուռ գալով, բազուկները ամուր ոլորեց ճակատի տակ։ Ծոծրակին երևում է մի մանգաղաձև վերք, որ արդեն սկսել է սպիանալ։

Սպիներ կան Ալիզոնանցի Մուքոյի և Մշեցի Տիգրանի թիկունքին։ Իսկ ո՞վ է հաշվել Սպաղանաց Գալեի, Փեթարա Մանուկի և Փեթարա Ախոյի վերքերը։ Օ՜, եթե բաց անեք քեռի Մակարի թիկունքը։ Այնտեղ կան նոր սպիներ և կան հին սպիներ, որ մնացել են դեռևս հռչակավոր «Յոթ Գդալի» ժամանակներից։

Իսկ Շենիքցի Մանու՞կը։ Իսկ Չոլոն և Մորուք Կարապե՞տը։ Ապա վեր կաց կանգնիր, Փեթարա Իսրո, որ քո վերքերը հաշվեմ։ Իսրոն Գևորգ Չաուշի կապարճակիրն է։ Այն օրը, որ Գևորգ Չաուշը նրա հայրենի Փեթար գյուղը ազատեց բըռ֊ նակալ Յուսուֆից, Իսրոն զինվոր դարձավ նրան և իր մարմինը օծեց հերոսական վերքերով։

Մառնկա Պողեն ականջը հեռացրեց կապուտաչյա Ախոյից, շուռ գալով դեպի ձախակողմ, կարծես կամենալով նրան ասեի իսկ ես իմ կռուփով օգնեցի բալաքցի ավազակապետի ոչնչացմանը, նրա շքախումբը առաջնորդելով Շըմլակա կիրճի ամենանեղ տեղը և հանձնելով վրիժառու հայդուկների կատաղի գրոհին։ Քաջությամբ ինչո՞վ եմ քեզանից պակաս։

Ջնդոն էլ վերքեր ունի և Ալվաոինջու Սեյդոն էլ։ Ասորի Աբդելոն, որ բոլորովին վերջերս զինվորագրվեց, արդեն մի քանի թարմ դրոշմներ ունի իր մեջքին։ Բամբկու Մելոն էլ զերծ չէ վերքերից, ոչ էլ ձիապան Բարսեղը, կամ ՖրանկՄոսոն։ Կարկուտ Թադեի անրակը առաջին անգամ կարմիր ներկվեց Նեմրութի լանջին, երբ Աերոբ Աղբյուրից գաղտնի անզգույշ կրակում էր մի ժայռի չոքած։ Քուրդ Հասանոն կյանքը վտանգի տալով երկու անգամ մահից փրկել է Գևորգ Չաուշին։

Իսկ կարծում եք Ավրանա Արամ՞ը վերքեր չունի, կամ թեկուզ Ծուռխաչ Հազարիկը։ Այս հայդուկը դաշույնի մի ծուռ հարված ունի իր գոտկատեղում և ոսպաձև մի սպի փորի վրա։ Պատանքը տոպրակ է շինել և մտել մեջը։ Այդպես էլ քնած է։ Այդպես էլ գուցե մեռնի մոտակա կռիվներից մեկում, որովհետև կարճ է հայդուկի կյանքը. նա այսօր կա, վաղը՝ չկա։

Լուսնի շողքը մոլորվել է Մշեցի Տիգրանի մազոտ բլթակի վրա և փայլում է ինչպես մացառներում կորած հուլունք։ Նրա մի կողքին Ալվառինջու Սեյդոն է պառկած, մյուս կողքին՝ Ալիզռնանցի Մուքոն։ Սեյդոն ժպտում է քնի մեջ։ Երևի վանքի կռիվն է հիշում։ Մուքոյի զենքը չախմախլի էր։ Մի տարի առաջ նա գնաց Ալիզռնան, վաճառեց իր լծկանը և զինվեց մոսինով։

Արծիվ Պետոն էլ նոր զենք ունի և պառկել է հրացանը կրծքին սեղմած, ուսապարկը շալակին։ Նա հեռու է պառկած Մորուք Կարապետից և կարծես հեռվից ասում է նրան, «Է՜, Մորուք, Մորուք, դեռ ինչե՜ր պիտի անցնեն ու դառնան իմ ու քո գլխով»։

Առղա Զորիկն ու Ցրոնաց Մուշիկը քնել են մեջք-մեջքի տված։ Զորիկն իր աջ թևը դրել է գլխի տակ, ծածկելով Խաթավինի կռվում ստացած հին վերքի սպին։ Մուշիկի ճախ դաստակը Աղջնա վահանի ճակատին է հանգչում։ վահանի կողքին Բամբկու Մելոն է պառկել, գլուխը մի մեծ կրիայի կոտին դրած։

Լո-լո-լո՜. Հաջի Գևոյի հոգին Մանազկերտի սարերումն է։ Ահա նա պոկվեց Փրխուս գյուղից և գնաց միացավ Սերոբ Աղբյուրի խմբին։ Երազի պես հիշում է Մանազկերտի սարերը և լոլո է կանչում։ Հայդուկներից ոմանք նրան հենց այդպես էլ կոչում են Լոլո Հաջի։

Կեսգիշերից առաջ եկավ Կամե Գասպարը։ Նա էլ իր «լոլոն» ունի։ Հիշում է, թե ինչպես կարմիրգլուխ ասկյարները բռնեցին իրեն Խոզվանքի ճանապարհին և հինգ փթանոց յուղով լի կճուճը պարանոցից կապած, քշեցին սարեսար, ստիպելով հայտնել ֆիդայիների թաքստոցը։ Ասկյարները Գիշերը սարի վրա կրակ վառեցին և նրա վրա մի զինված ասկյար պահակ դնելով, հոգնած քուն մտան։ Սասունցին մազե պարանը կամցուկ հանեց թևերից, ձեռքը գցեց ասկյարի վզին, խլեց նրա հրացանը և փախավ։ Այդ զենքն է այժմ նրա մոտ և դաշույնի մի դաժան հարված թիկունքի վրա։

Այդ հայդուկներից ամեն մեկը վերքերի և հին ու նոր սպիների մի թանգարան է։ Նույնիսկ Ալադին Միսակը, որ Գևորգ Չաուշի երգիչն է, մի քանի հիշատակներ ունի ֆիդայական կռիվների. ձախ ականջի կեսը չկա։ Կարճաթև աբայով ծածկել է թիկունքը, գլուխը Չոլոյի ծնկներին դրած։

Բոլորից հեռու Ծուղրուղու Շմոն է տարածվել։ Սրա ականջները թեև կռիվներից անվնաս են, բայց երկուսն էլ դեղնած։ Պառկել է երկու կոճղերի մեջտեղ։ Գլուխը չի երեվում, իսկ մի ականջը կարծես կոճղին կպած փչակ լինի։ Շմոն զայրացած է աշխարհի դեմ և մի ականջը գետնին սեղմած, մյուսը տնկած դեպի երկինք, սպասում է, որ արդարությունը մի առավոտ կարմիր աքաղաղի պես երևա աշխարհի տանիքին՝ բարձրագոչ շեփորելով, թե «Ռանչպար Շմո, ինչու ես պառկել Մառնիկի պաղ անտառում, ես եկա : վեր կաց, գնա քո պահած սերմը ցանիր քո երազած Հայաստանի դաշտերում»:

«Բրինդարը» պառկել է իր անծուխ խարույկի առաջ։ Միակ զինվորն է, որ ոչ մի սպի չունի։ Պառկել է մեջքով դեպի կրակը, կարծես ամաչելով իր ընկերներից։ Դիմացը անտառն է և լուսնի ցոլքը ծառերի բներին։ Նույնիսկ ծառերը վերք ունեն, իսկ ինքը չունի։

Կապարճակիր Իսրոյից և Հասանոյից ոչ հեռու, տերևախիտ կաղնու ոստոտ բթամատի վրա կիսաթեք հանգչում է Գևորգ Չաուշը։ Նրա հագուստը նույնիսկ ավելի անշուք է, քան իր զինվորներինը։ Կրծքին ունի խաչկապ փամփշտակալներ, երեք կարգ էլ մեջքի կողմից։ Մի թևը դրել է հեռադիտակին, իսկ մյուսը՝ «Արաբոյի» վրա։ «Արաբոն» իր զենքըն է։ Այդպես է կոչել իր հրացանը, ի հիշատակ Արաբոյի, որի զինվորն է եղել։ Հայդուկապետի պայուսակը երեք աչք ունի. մի աչքում կորեկալյուր է պահում, երկրորդում՝ գլգըլ, իսկ երրորդի մեջ՝ չորթան, որ նեղ ընկած միջոցին բաժանի իր զինվորներին։ Այդ պայուսակը սովորաբար Մառնըկա Պողեն է շալակում, որ թե հասակով և թե դիմագծերով շատ նման է իրեն։

Ֆիդայու ամեն մի վերքը, ամեն մի սպին դրոշմ է բռնակալության դեմ մղած անթիվ կռիվների։ Իսկ Գևորգ Չաուշի կռիվները շատ են։ Կռիվներ Սպաղանքի, Խոծոծի և Տատրակի մոտ։ Կռիվներ Իշխան–ձորում և ս. Աղբերիկի վրա։ Կըռիվներ Շմլակի Կարմիր ալուջների ձորում։ Ընդամենը մի ամիս առաջ ՛էր, որ նա հիմնահատակ բնաջնջեց Գեղաշենի ռես Ավեի գերդաստանը, մի կաղլիկ մանուկ թողնելով իբրև նմուշ նրա բովանդակ տոհմից:

Ուղիղ երեսուն և վեց հոգի են Գևորգ Չաուշի հայդուկները, ամեն մեկը մի տարբեր դիրքով և կերպարանքով պառկած։ Ընչանցքների ինչպիսի բազմազանություն. և ցից բեղը կա, և կախ ընկածը, և ոլորածը։

Սրանք են իմ սիրած դասերը։ Սա է այն այբուբենը, որ ես եկել եմ սովորելու։ Ոմանք քնած են, իսկ ոմանք նոր նիրհեցին։

Բայց մի՞թե քուն կա հայդուկի աչքին։

Տեսե՜ք, քեռի Մակարը արթնացավ։ Իմ կողքով ծանրաքայլ անցնելով, գնաց դեպի աղբյուրը։ Խմեց և թաց բեղերը քամելով, նորից պպզեց կաղնեփայտի հանգած կրակի մոտ։ Խառնեց տաք մոխիրը։ Մի քանի պատառ փայծախ էր մնացել կրակի տակ։ Փչեց վրայի ածուխները և կերավ։ Ապա ուղղեց մեջքի փամփշտակալները, ստուգեց զենքը և նայեց երկնքին։

Բույլքը ելել էր։

Շուտով կարթնանան կապուտաչյա Ախոն և Փեթարա Մանուկը։ Կելնեն Ալիզռնանցի Մուքոն և Աբդելոն Ասորի։ Մորուք Կարոն էլ ոտքի կելնի, Արծիվ Պետոն էլ։ Կբարձրանան քուրդ Հասանոն և Սեյդո Պողոսը։ Ջնդոն էլ շարժվեց։ Նստել է ծունկը ծնկին, գլխին թաշկինակ ծայրը աջ ականջին կախ, չորստակ փամփշտակալները կրծքին, հրացանը կողքին պահած։

Ժամն է, որ արթնանան Մշեցի Տիգրանը, Բամբկու Մելոն և Մառնկա Պողեն։ Աողա Զորիկը գլուխը բարձրացրեց, նայեց Արտոնքա Ջնդոյին, մի հայացք նետեց Ավրանա Արամի և Ցրոնաց Մուշիկի կողմը և աչքը հայդուկապետի վրայով սահեցնելով կանգ առավ իր կողքին պառկած Աղջնա Վահանի վրա։

Շուտով նրանք էլ կարթնանան։ Կարթնանան Ֆրանկ֊ Մոսոն, Լաճկանցի Արթինը և Գալեն։ Իսկ երբ Չոլոն շարժվեց՝ Ալադին Միսակը ոտքի վրա է։ Ոտքի կելնեն Փեթարա Իսրոն, Կարպուտ Թադեն և Շենիքցի Մանուկը։

Եվ Ծուռխաչ Հազարիկը։

Եվ «Քրինդարը»։

Եվ Լոլո Հաջին։

Իսկ Կամե Գասպարը վաղուց չկա։ Ադամամութն էր, երբ նա մեկնեց՝ ճանապարհին իր ծխամորճը թափ տալով Կուրավա Շմոյի ականջի մեջ, կարծելով, թե ծառի փչակ է։

Քիչ այն կողմը ինչ–որ փռշտոց է լսվում։ Դրանք Գևորգ Չաուշի և իր մի քանի հայդուկների ձիերն են։ Թամբած են և խուրջինները կապած։ Ամեն րոպե նրանք կարող են ցատկել դրանց թամբերին և սլանալ խավարի կամ կիսամութի մի֊ ջով։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Ռանչպարների Կանչը"

Ятук Музыка
Сирень
Тигран Амасян

Сирень

Восстание крестьян Ахпата в 1903 г.
Восстание крестьян Ахпата в 1903 г.
Играть онлайн