Хачик Даштенс
Ռանչպարների Կանչը
32
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՊԱՇԱՐՎԱԾ
Անդրանիկը դեռ չէր հեռացել Էջմիածնից, երբ մութ գիշերով լուր բերեցին իրեն, թե Հրազդանի ափին «իր զինվորներից յոթ հոգի սպանված են, և հրաձգությունը դեռ կշարունակվի»։
Զորավարը իր արձակված զինվորներին արգելել էր առանց արտոնագրի Երևան մտնել։ Սակայն մեծ թվով զինվորներ առանց թույլտվության գործով մտել էին քաղաքի շուկան։ Զատկական տոնի առթիվ շուկան լիքն է եղել բազմությամբ։ Զինվորներից մեկը վաճառքի է հանել իր ձին, որ դրամ շահի վերադարձի համար։
Հրազդանի կամուրջը անցած միջոցին մի ոստիկան բռնել է սրան,
Արտոնագիր ունե՞ս։ Ոչ։
Ատրճանա՞կ։ Ոչ։
Ոստիկանը ատրճանակը որոնելու պատրվակով Հափշտակել է զինվորի քսակը և փախել։ Զինվորի մյուս ընկերը վազելով բռնել է գողին։
Վրա է հասել Հանրապետության սպաներից մեկը։ Սպան Փոխանակ քննելու խնդիրը և դրամը վերադարձնելու տիրոջը, փորձել է փախցնել գողին։ Անդրանիկի զինվորները բողոքել են։ Սպան ատրճանակ է բանեցրել սրանց դեմ։ Ուրիշ զինվորներ են Հասել դեպքի վայրը և կռիվ է սկսվել քարերով։
Երևանի զորամասի պետ Դրոյին անմիջապես զեկուցել են, որ Անդրանիկի զինվորներից մի քանի Հարյուր մարդ Էջմիածնից Երևան գալով տակն ու վրա են արել զատկական շուկան, ոտքի տակ տվել գյուղերից բերված մթերքներով լի զամբյուղները, Զանգվի կամրջի վրա ծեծել են Հանրապետության ոստիկանին ու սպային, Հայաստանի կառավարության հասցեին լուտանքներ են թափում և իրենց կեցվածքից երևում է, որ կռիվ են փնտրում։
Դրոն կարգադրել էր մի հիսնյակ ուղարկել «խառնակիչներին» զսպելու։ Հիսնյակը, որ կազմված էր վանեցիներից, պատասխանել էր. «Մենք մեր եղբայրների վրա չենք կրակի»։ Դրոն բերել է մի Հարյուրակ։ Սրանք կրակ են բացել։ Զինվորները քարերով Հարձակվել են Դրոյի ինքնաշարժի և նրա զորքի վրա, խլել են երեք Հրացան։ Անդրանիկի զինվորներից մի քանիսը սպանվել են, կան վիրավորներ և բանտարկվածներ։
Այդ լուրն առնելով, Անդրանիկն անմիջապես զորք կազմեց և զինաթափ արեց Էջմիածնի պահակազորը։ Կտրել տվեց Էջմիածինը Երևանի Հետ կապող բոլոր թելերը և իր զորամասը շտապ շարժեց Երևանի վրա։ Խռոված հայդուկապետը Հրազդանի հին կամուրջի և Ծիծեռնակաբերդի կողմից պաշարեց դաշնակցության մայրաքաղաքը և թնդանոթների բերանները ուղղեց դեպի Հայոց պառլամենտի շենքը։ Զորամասի ալ կարմիր դրոշակը, որ նվիրել էին Զանգեզուրի հայ կանայք, փողփողում էր Դալմայի կանաչ բլուրներին, Երեվանի բերդի դեմ–հանդիման։ Անդրանիկը պահանջեց, որ իրեն հանձնվեն իր սպանված զինվորների դիակները և մեղավորները պատժվեն։ «Մեկ ժամ միջոց կտամ զինվորներիս դիակները և բանտարկյալները ինձ վերադարձնելու, Հակառակ պարագային, գրել էր Անդրանիկը, ես պատասխանատու չեմ այն կռվի համար, որ պիտի մղվի քաղաքեն դուրս»։
Դաշնակ պարագլուխները այդ արշավանքի լուրը առնելով մի պահ իրենց գլուխը կորցրին։ Մայրաքաղաքում սկսվեց իրարանցում. «Անդրանիկը շրջապատել է Երևանը։ Դալմայի կանաչ բլուրներին կարմիր դրոշակ է փողփողում։ Հայդուկներն ուզում են գրավել պառլամենտի շենքը» լսվում էր այս ու այն կողմից։ Դրոն փորձեց կապվել էջմիածնի հետ։ Էջմիածինը չպատասխանեց։ Դաշտային հեռախոսով կապվեց Մարգարայի հետ։ Մարզարան հաղորդեց. «Լսել ենք, որ Անդրանիկը սաղ թելերը փրթել ա ու գնում ա Երևանի վրա»։ Հեռախոսով կապվեց Արտաշատի հետ. «Անդրանիկը գալիս է Երևանի վրա, ինչքան զորք կա լցրու վագոնները և շտապ փոխադրիր Հրազդանի կամուրջը» ։ Նույնպիսի կարգադրությամբ Դրոն կապվեց Աշտարակի հետ. «Անդրանիկը գալիս է Երևանի վրա։ Ամբողջ զորքը փոխադրիր Դալմայի այգիների թիկունքը»։
Ապա Երևանի նահանգի զորամասի հրամանատարը կարգադրեց Երևանի կայազորից երեք հարյուրակ, երկուսը հետևակ և մեկը ձիավոր, դուրս բերել և դասավորել Հրազդանի ափին, Էջմիածին տանող կամուրջի ուղղությամբ։ Այնուհետև նստեց և հետևյալ վերջնագիրը շարադրելով ուղարկեց Անդրանիկին.
«Անդրանիկ, մենք Սասունի քո հեղափոխական կռիվներով, քո հեղափոխական շնչով դաստիարակված սերունդ ենք։ Այսօր մի քանի հարբածների ոչ ճիշտ, հերյուրածո լուրերը հիմք ընդունելով, դու գալիս ես Երևանի վրա։ Ես խընդրում եմ իմ պաշտած հայդուկապետին, որ նա սև արատ չբերի իր հեղափոխական անցյալին և հրաժարվի Երևանի դեմ քայլ անելուց։
Միաժամանակ, իբրև Երևանի նահանգի հրամանատար, պարտք եմ համարում զգուշացնել քեզ, որ եթե չհրաժարվես քո մտադրությունից և թնդանոթները ետ չքաշես Ծիծեռնակս/բերդից, դու ինձ կստիպես դիմել զենքի և կարող եմ վստահեցնել քեզ, որ Երևան չես կարող մտնել։ Այդ ուղղությամբ հարկ եղած հրամանները տրված են։ Ավելորդ է փորձ անել, նպատակիդ չես հասնի»։
Կարդաց Անդրանիկը Դրոյի վերջնագիրը և մի մտրակ քաշելով ճաղատ սուրհանդակին և թուղթը պատռելով՝ ասաց.
«Ես Դրոյի մասսա՛բը։ Դրոն խենթ է։ Ես նրա հետ գործ չունեմ։ Իմ գործը Երևանի կառավարության հետ է»։
Եվ ճիշտ այն պահին, երբ ըմբոստ հայդուկապետը պատրաստվում էր ռմբակոծել Արարատյան հանրապետության պառլամենտի շենքը և արշավել Երևանի վրա, ձի հեծած հևիհև տեղ հասավ Գարեգին եպիսկոպոսը մի վարդապետի հետ, որպես պատվիրակ կաթողիկոսի կողմից։
Ի՞նչ ես անում, զորավար, գոռաց Գարեգին եպիսկոպոսը իրեն վայր նետելով Անդրանիկի ոտքերի մոտ։։ Մի տարի առաջ մեր ամբողջ ժողովուրդը կոչնակներ զարկեց և մեկ մարդու պես ոտքի ելավ օսման զավթիչների դեմ և ի՞նքդ ես այժմ քայլում հայոց մայրաքաղաքի վրա։ Հայտնի բան է, բերանն այրված մարդը թանը փչելով է խմում։ Ես հասկանում եմ, ոչ միայն քո բերանն է այրված, այլև քո սիրտը։ Բայց զգաստացիր, զորավար։ Ի՞նչ պիտի պատմեն այս երկու փառահեղ գագաթները ապագա սերունդներին քո մասին։ Երեք հազար տարի հայոց նվիրական ոստանը կանգնած է այդ գագաթների դեմ և դու՞ ես ուզում կործանել հինաւվուրց մայրենին։ Քո պայծառ ճակատը, որ միշտ աստղերին էր դարձած, գետին մի հպիր անխոհեմ քայլով։ Ամենայն հայոց կոնդակով և խաչը ձեռքիս շտապել եմ քո ոտքը, որ ետ կենաս եղբայրասպան պատերազմից։
Նույն միջոցին Երևանի կողմից դեպի Դալմայի այգիները շարժվեցին զինվորական ներկայացուցիչները՝ համոզելու Անդրանիկին ետ կենալու Երևանի վրա հարձակվելու վըտանգավոր քայլից։ Խոստանում են անմիջապես բերել և իրեն հանձնել իր սպանված, վիրավոր և բանտարկյալ զինվորներին։ Շուտով բերում են ծունկից վիրավոր մի զինվորի, որին Անդրանիկը փոխադրում է Էջմիածին։
Հայտնում են, որ միջադեպի պատճառը Դրոյի զինվորներն են եղել և խոստանում են պատժել հանցավորներին։
Այդ միջնորդությունից ազդված, հատկապես Գարեգին եպիսկոպոսի սրտառուչ խնդրանքին անսալով, Անդրանիկը կարգադրում է ծալել իր վրանը և զորքն ու թնդանոթները Ծիծեռնակաբերդից ու Դալմայի այգիներից քաշել դեպի էջմիածին։
Դրոն նույն օրը երեք փութ գարի ուղարկելով վանք և շտապ կարգադրություն անելով սասունցի հին հայդուկի շիրմաքարի համար, վրեժխնդրությունից սարսափած փախել էր դեպի Դիլիջան։
Ապրիլի 27–ին առավոտյան հայդուկապետը իր հետ առնելով երկու հարյուր յոթանասուն զինվոր, հեռացավ Հայաստանից։ Շահալի կայարանից նա հեռագիր տվեց Վրաստանի Արտաքին գործոց նախարարին. «Հալածված Արարատյան հանրապետության կառավարությունից, գալիս եմ ապաստանելու ձեր հյուրընկալ հողը։ Խնդրում եմ թույլ տալ ինձ Թիֆլիս մտնել»։
Բայց նա Վրաստանում երկար չմնաց։ Հեծավ իր ձին և զինվորներին վերցնելով Սև ծովին հասավ։ Զինվորների մեծ մասին նա աշխատանքի տեղավորեց Բաթում քաղաքում, մի մասին ուղարկեց Բուլղարիա և Ռումինիա, իսկ ոմանք Հաջի Գևոյի հետ վերադարձան Հայաստան։ Ինքը մի քանի ուխտյալ զինվորներ առած մտավ զրահանավ։
Իր հետ վերցրեց նաև իր նժույգը՝ Ասլանին։ Այդ նավը նրան տարավ Եվրոպա, իսկ այնտեղից Էլ՝ Ամերիկա։
ՄԻՏԴ ՊԱՀԻՐ ԻՄ ՀԱՍՑԵՆ
Շուտով ծնկից վիրավոր զինվորը դուրս գրվեց հիվանդանոցից և հետևյալը պատմեց այդ դեպքերի և Անդրանիկի վերջին հրաժեշտի մասին.
«Ապրիլի մեջ անցանք Բազարչայը և Հերհերի անտառներով իջանք Ղավալու։ Ճանապարհի ամբողջ երկայնքով հայ ժողովուրդը քաղցի մատնված արածում Էր դաշտերի մեջ։ Արարատյան Հայաստանը, հյուծված և արյունաքամ, իր շունչն Էր փչում մեր աչքի առաջ։
Անդրանիկը այդ տեսարանից ազդված, սկսեց բարձրաձայն Հայհոյել դաշնակիցներին։ Գնդապետ Գիբոնը ձիուց իջավ և զորավարին մոտենալով ցավակցություն հայտնեց իրենց փոքրիկ դաշնակցին այդ վիճակում տեսնելով։
Անդրանիկը կանչեց թարգմանչին.
Էդ սրիկային ասեք, Լոնդոնը Հայաստանի օրին ընկներ՝ ես գայի ցավակցություն հայտնեի իրեն։ Օ՜, սրիկաներ, ինչպես չարաչար խաբեցին իրենց հավատարիմ դաշնակցին։
Հետևյալ օրը գնացք եկավ։
Ընկեր Անդրանիկ, ես քո զորքի համար հաց եմ բերել Երևանից, ասաց Դրոն վագոնից դուրս գալով։ Բայց Անդ՛րանիկը չթողեց, որ նա շարունակի իր խոսքը, ձեռքը բարձրացրեց, որ լռի և արհամարհանքով ասաց*
Դրո՛, ես ե՞րբ եմ քեզ հետ թալանի գնացել, որ դու ինձ ընկեր ես անվանում։ Զորավարը կանչեց Հաջի Գևոյին և նհրամայեց բաց անել առաջին վագոնի դուռը։
Հաց Է, փաշա, զեկուցեց Հաջի Գևոն։ Հացերից մեկը ինձ տուր։
Առավ, մեջտեղից կիսեց, տեսավ բրնձի և թեփի մանրուքից թխած հաց Է։
Ուրեմն Երևանում սով Է, ասաց Անդրանիկը։ Ետ տվեք թող տանի, և կարգադրեց վագոնի դուռը փակել։
Գավալու գյուղի տերտերն եկավ, թե՝ եթե չեք ուզում, Էդ հացը մեզ տվեք, փաշա, մեր գյուղում սով Է։
Տղաս, ասաց փաշան, վագոնի դուռը բաց և բերած հացը տուր տերտերին։
Տերտերը մարդիկ բերեց և հացը առավ տարավ։
Գնացքը զորավարը վերցրեց իր տրամադրության տակ։
Մի քանի վագոն Էլ կցիր։ հրամայեց զորավարը զընացքի պետին։ Ես իմ հետևակ զորքը և ռազմամթերքը պիտի բառնամ վրան։ Չլինեմ, չիմանամ, որ Երևան տանես։
Գնացքը ուղիղ կքշես Էջմիածնի կայարան։
Շուտով գնացքը Անդրանիկի հետևակ զորքով և բեռներով շարժվեց առաջ։
Մնացինք հեծյալներս։
Թամբերի վրա, հնչեց հրամանը։ Բոլորս թռանք թամբերին։
Դրոն ինքնաշարժ ուներ։
Արի նստիր իմ մեքենան, երթանք, ասաց Դրոն ինքնաշարժը մոտեցնելով։
Ի՜նչ է, դու Անդրանիկին նո՞ր ես ծանոթ։ Ես իմ զորքը թողնեմ, գամ քո կողքին նստեմ, լսվա՞ծ բան է, ասաց զորավարը և ոտքը դրեց ասպանդակին։
Եկանք Արտաշատ, տեսնենք Դրոն էնտեղ է։
Արի նստիր իմ մեքենան, նորից հրավիրեց Դրոն։
Գնա՛, ասաց Անդրանիկը, ճամփադ շարունակիր։ Հասանք Նորագավիթ։ Տեսնենք՝ Դրոն Նորագավիթ է։
նորից մոտեցավ։
Արի նստիր, երթանք։
Քշիր մեքենադ ու գնա, սպառնաց փաշան։ Էլ ճամփիս չերևաս, թե չէ վերջը դու գիտես։
Փաշա, ասաց Դրոն, զորքը կտանես զորանոցները, իսկ դու կգաս Երևան։
Երևանի բերդին չհասած, Անդրանիկը երկու զինվորի ուղարկեց դեպի Հրազդանի կամուրջը։ Շուտով մեր հեծելազորը Շուստովի գործարանի առջևով անցավ կամուրջը և ծաղկած այգիների միջով շարժվեց դեպի Էջմիածին։ Առջևից Անդրանիկն էր գնում, ետևից՝ մենք, Լսվեց ետևից քառատրոփ սուրացող ձիերի վազք և երկու գլխաբաց ձիավոր քափ-քրտինք մտած հասան մեր շարքերին։ Մեկը Դրոն էր։ Նրանք թափով անցան գնացին զորավարի մոտ։
Փաշա, դու մեզ խաբեցիր, ասաց Դրոն։ Դու խոստացար Երևան գալ։
Իմ ձիավորը ի՞նչ գործ ունի Երևանում, երբ իմ հետևակը վաղուց Էջմիածին է հասել։ Բացի աչդ, ես իմ զորքը ինձ հետ արտասահման պիտի տանեմ։
Իրական Հայաստանը թողած, անիրականի հետևի՞ց կըվազես։ Հայաստանը այնտեղ է, ուր Մասիսներն են, ասաց Դրոն և ավելացրեց. Դու գնա, թող զորքը մնա։
Շուտ ետ դարձիր և այլևս քո երեսը չտեսնեմ, սպառնաց Անդրանիկը։
Դրոն ետ դարձավ գնաց, մյուս ձիավորներն էլ հետը։
Գիշերը լուսացրինք Փարաքար գյուղում։ Առավոտ շուտ Անդրանիկն ասաց. «Տղերք, էսօր Ծառզարդար է, ինչու՞ ձիանքը չեք զարդարում»։
Ձիերի գլուխները զարդարեցինք ծաղիկներով ու ելանք թամբերին։
Հոիփսիմեին չհասած աղուհացով մեր դեմ ելան կաթողիկոսը և Գարեգին եպիսկոպոսը։ Անդրանիկը ձիուց իջավ ու չոքեչոք մոտենալով համբուրեց վեհափառի աջը։ Աղու-հացը վերցրեց, բերանը դրավ և իր ձին հեծյալներից մեկին հանձնելով, մտավ կառքը վեհափառի կողքին նստեց։
Փաշան Էջմիածնում մեր բոլոր զենքերը հավաքեց լցրեց պահեստը և բանալին կաթողիկոսին հանձնեց։ Հանձնեց նաև Սասանից բերված մի դրոշակ, որ քառասուն տեղով ծակծըկված էր։ Ապա ամեն մեկիս մի ազատական տվեց և հրաժեշտի ճառ ասաց, որ մեր տները երթանք։
Ես և երզնկացի մի քանի տղաներ գնացինք քաղաք մեր ձիերը ծախելու։ Ձիանքը տվեցինք Դրոյին և բանակից փող ստանալով, եկանք շուկա գնումներ կատարելու։ Երեք թելանի մի ոստիկան մեր ընկերներից մեկի փողը փախցրեց։ Մեջիտի հայաթի մեջ բռնեցինք գողին։ Խորենը՝ քեռուս տղան, որ իմ հարյուրակից էր, բռունցքով զարկեց՝ գետին գցեց գողին։ Ոստիկանի բերանից արյուն հոսեց։ Բերեցինք «Ղանթարի» աղբյուրի մոտ։
Հայտնվեց քաղաքի ոստիկանապետը ատրճանակը ձեռքին.
Տղերք, էս ով արեց։
Ես արեցի, ասաց Խորենը, ինչու՞ փախցրեց Ստեփանի ձիու փողը։
Եթե գողություն է, լավ եք արել, ասաց պետը և երկու անգամ օդի մեջ կրակելով թողեց գնաց։ Նորից մտանք «Ղանթարը» բան–ման առնելու, որ ճամփա ընկնենք։ Մեկ էլ էն տեսանք, որ զորքը եկավ ու ռուսաց ժամի մոտ մեր տղաներին շրջապատեցին։
Դրոն էր։
Ղանթարի դիմաց մի սև շենք կար։ Ես կանգնած էի էդ շենքի առաջ, իսկ Խորենը՝ պատշգամբում։ Մի զինվոր ուզեց ինձ խփել։ Մոտս սուր կար. քաշեցի։ Հանկարծ մեկը հեռվից կրակեց։ Իմ ծունկը ծալվեց ու ես վայր ընկա։
Ամոթ քեզ, Դրո, ասաց Խորենը և իրեն պատշգամբից ցած նետեց։
Անդրանիկը ձին կապել էր վանքի ախոռում և «Ղազարապատ» հյուրանոցի պատշգամբում նստած նարգիլե էր քաշում, որ հետևյալ օրը մեկնի Էջմիածնից, երբ երկու լրաբեր հևիհե կանգ առան պատշգամբի տակ։
Փաշա, ասացին, Երևանում կռիվ է, Դրոյի զորքը կրակել է զինվորներիդ վրա, իսկ դու հանգիստ նստած նարգիլե կքաշես։
Էլ չխոսեց փաշան։ Նարգիլեն ցած դրեց պատշգամբից իջավ մտավ Վեհարան։
Վեհափառ, – ասաց, բանալին տուր։ Բանալին առավ, վանքի պահեստի դուռը բացեց, Էջմիածնում եղած բոլոր զինվորներին կանչեց իր մոտ, ամեն մեկին մեկ կամ երկու զենք տվեց, ձին հանեց ախոռից ու զորքը քաշեց Երևանի վրա։
Թնդանոթները կապեց Կողբ դյուզի գլխին, գնդացիրները՝ Ծիծեռնակաբերդի։
Հին կամուրջի գլխին Դրոն զինված պահակ էր դրել։ Մոտեցավ պահակի ձեռքից զենքը առավ։
Դու ո՞վ ես, հարցրեց պահակը։
Ես Անդրանիկ փաշան եմ։ Գնա Դրոյին ասա, փաշան կամուրջի գլխին քեզ կսպասե։
Զենքս տուր՝ գնամ։
Գնա արի՝ զենքդ կտամ։
Պահակը ելավ գնաց Դրոյի մոտ։ Տեսավ Դրոն սապոգները հանել է, որ պառկի։
Անդրանիկ փաշան քեզ կանչում է։ Ինձ ասաց՝ գնա Դրոյին ասա, որ շուտ ելնի գա։
Որտե՞ղ է փաշան։
Կամուրջի գլխին։
Դրոն սապոգները հագավ ու ելավ շտապ գնաց նախագահ Խատիսովի մոտ։
Խատիսովը սապոգները հանել էր, որ քնի։
Անդրանիկը կամուրջը գրավել է և թնդանոթները կապել Երևանի վրա։ Վեր կաց գնա դրան բան հասկացրու, զեկուցեց Դրոն։
Դու ես արել, ինքդ էլ գնա պատասխան տուր, ասաց նախագահը ։
Դրոն հրաժարվեց գնալ։
Խատիսովը ճարահատյալ ելավ մենակ գնաց Անդրանիկի մոտ։
Դու ինչու ես եկել, Իմ կանչած մարդը Դրոն է, ասաց փաշան։
Բայց Դրոն դիմեց անգլիական և ֆրանսիական դեսպաններին և զորավար Գիբոնին՝ միջնորդության համար։ Դեսպանները Խատիսովի և Գիբոնի հետ եկան նստեցին կամուրջի հանդիպակած կողմը, քարե սանդուղքներին։
Անդրանիկը բանակցող կողմից պահանջեց իր սպանված զինվորների դիակները և համապատասխան գումար սպանվածներին թաղելու և վիրավորներին խնամելոլ համար։ Պահանջեց նաև, որ վիրավորները անմիջապես փոխադրվեն Էջմիածնի հիվանդանոց։
Խատիսովն ասաց, որ ինքը մինչև կես գիշեր շրջել է քաղաքում պարզելու, թե որքան սպանված և վիրավոր կա։ Ընդամենը մի զինվոր կա ծունկից վիրավոր, նա էլ տեղափոխված է հիվանդանոց։
Խատիսովը գնաց և հանրապետության բանկից մի մեծ գումար բերելով, հանձնեց զորավարին իր տուժած զինվորներին բաժանելու համար։
Ես քաղաքային հիվանդանոցում պառկած էի, երբ առավոտ վաղ Հայաստանի նախագահը եկավ։
Առանձին հարվածող զորամասից ձեզ մոտ քանի՞ վիրավոր կա պառկած, հարցրեց։
Մեկ հոգի, պատասխանեց հերթապահ բժիշկը;
Անու՞նը։
Հարություն։
Ծննդյան վա՞յրը։
Բագառինջ գյուղ, Արևմտյան Հայաստան։ Ազատական ունի՞։
Այո, №119։
Ծա՞նր է։
Գնդակը առել է ծունկից ներքև։
Որտե՞ղ է պառկած։
Առաջին հարկում, և ցույց տվեց իմ պատուհանը։
Փոխադրեք մի ավելի լուսավոր պալատ, իսկ վաղը ես իմ կառքը կուղարկեմ, նրան ապահով կտեղափոխեք Էջմիածին։
Հետևյալ օրը նախագահի կառքով ինձ էջմիածին տարան։
Էջմիածնի հիվանդանոցը Մանթաշովի շինած շենքումն էր։
Նոր էին ինձ կառքից իջեցրել, տեսնեմ փաշան եկավ։
Ու՞ր Է իմ Հարություն զինվորս, հարցրեց։
Փաշա, ես հոս եմ, ասացի։
Վերքդ ինչպե՞ս է։
Աղեկ է, փաշա, մի քանի օրեն ոտքի եմ։
Քեզ վրա ո՞վ կրակեց, Հարություն։
Չգիտեմ, փաշա, գնդակը հեռվեն եկավ։ Թոփերը քաշեցի՞ր Ծիծեռնակաբերդից։
Քաշեցի, տղաս, բայց ծունկիդ պատճառով քիչ մնաց Հայաստանի պառլամենտը մեջտեղից գնար։
Ինձ տարավ դրեց հիվանդանոց և ուզեց աչքով ստուգել վերքս։
Քանդեցի վիրակապը և ցույց տվի։
Տղաս, այս ծունկդ հազիվ մեկ–երկու ամսեն լավանա, իսկ ես վաղը ճամփորդ եմ։
Ինձ էլ հետդ տար, ասացի։
Չէ, տզաս, դու պառկիր և հոգ տար միայն քո առողջությանը։ Իմ ցավերն ուրիշ են։ Ամեն մեկիս մեջ մի խենթություն կա վերջին պահին, դրանից է, որ Հայաստանի ծունկը մինչև այժմ անբուժելի եղած է։ Ես վաղը նորեն կուգամ։
Առավոտ փաշեն եկավ։ Ինձ համար փող բերեց, վեց հազար ռուբլի մեկ տվեց, երեք հազար մեկ։ Տղաս, ասաց, իմ հասցեն գիտե՞ս։
Չգիտեմ, ասացի։
Տղաս, ասաց, միտդ պահիր իմ հասցեն. Գեներալ–մայոր Անդրանիկ։ Աշխարհի որ ծայրը գրես, քո նամակը կգա կհասնի ինձ։
Լռեց, հետո ասաց. Եթե Տաթև ուխտի գնալու կլինես՝
հիշիր ինձ։
Որ Տաթևը մտքովդ անցավ, անպայման կգնամ, զորավար։
Այդ վանքի ճոճան սյունը շատ նման է մեր բախտին։ Հավիտյան կճոճվենք, բայց չենք ընկնի։ Դե, քեզ ամուր պահիր, իմ քաջ, իմ անգին հարյուրապետ, իմ լավ զինվոր։ Շոյեց մազերս, կռացավ համբուրեց իմ ճակատը և կեցիր բարով ասաց։
Էլ չտեսա նրան։
Էն գնալն էր՝ որ գնաց։
ԲԵՐԴԱՔԱՂԱՔԻ ԱՆԿՈՒՄԸ
Աշուն էր, հոկտեմբեր ամիսն էր, թաց ու տիլ էր գետինը։
Հանկարծ լուր եկավ, որ Սև Բեքիրի զորքը հարձակվել է Հայաստանի վրա։ Ու ես տեսա, թե ինչպես Սարիղամիշի կողմից նրանք շարժվեցին դեպի Բերդաքաղաք։ Նույն նենգ ու ասպատակող հորդան էր, որի դեմ կռվել էին հայ ֆիդայիները Առաքելոցի պատերի տակ, Սուլուխի կամուրջի վրա, Սարդարապատի դաշտում և Տղմուտի ափին։
Բայց դարձյալ գալիս էին, ու նրանց զորապետը ոչ թե Ալի փաշա էր կոչվում կամ Քոսա Բինբաշի, այլ Սև Բեքիր։ Ֆեսի փոխարեն կրում էին բաշլըղ և բոլորի ձեռքին մոսին կար։
Բերդաքաղաքը տասներեք մեծ բերդեր ունի և դրանցից ամենամեծը կանգնած է քաղաքի կենտրոնում։ Երեք հարյուր թնդանոթ կար այդ բերդերի վրա և մոտ երկու հարյուր գընդացիր։ Ու այդ բոլոր բերդերի հրամանատարը զորավար Մելիք–Օսեփովն էր, թամբագործի արհեստանոցում իմ տեսած հինգ գնդապետներից մեկը։
Երբ մոտեցան Բերդաքաղաքին և տեսան, որ անհնարին է այն գրավել, Սև Բեքիրը մի ձորի մեջ կանգնեցրեց իր սև զորքին և բոլորը նրա հրամանով փոխեցին իրենց սև հագուստը։
... Ես նրան տեսել էի թամբագործ Արշակի արհեստանոցում իգդիրցի Սուրեն փաշայի հետ վիճելիս։ Երկրորդ անգամ տեսա Բերդաքաղաքի մատույցներում Վազի կոչվող գյուղի մոտ։ Այդ ալեքսանդրոպոլցի ֆրենչ հագած երիտասարդ սպան էր։ Հայրենասեր գնդապետը մերկացրեց սուրը և հրամայեց գնդին հետևելու իրեն.
Հայ զինվորներ, ասաց գնդապետը, Սև Բեքիրը վճռել է խաբեությամբ գրավել Բերդաքաղաքը։ Հառա՜ջ, իմ ետևից։
Բայց զորքը մերժեց կատարել հրամանը։ Երկրորդ անդամ հրամայեց գրոհի գնալ զավթիչների դեմ։ Միայն մի քանի զինվորներ սրերը մերկացնելով կանգնեցին նրա թիկունքին։ Ու երբ քաջարի գնդապետը տեսավ իր անօգնական վիճակը, դարձավ ու ասաց զորքին. «Հայե՜ր, փոխանակ թուրքերը գան և թքեն իմ ճակատին, որ առանց կրակոցի Բերդաքաղաքը հանձնեցինք, ավելի լավ է թքեն իմ դիակի վրա», և մաուզերը քաշելով ինքնասպան եղավ իր գնդի առաշ։
Ու չկար Անդրանիկը, որ այդ օրհասական պահին զորավիգ լիներ իր երկրին,
Եվ ես տեսա, թե ինչպես մտավ Սև Բեքիրի զորքը կանաչ դրոշակը պարզած։
Եվ հայոց հռչակավոր Բերդաքաղաքը, որ երբեք իր գլուխը հեշտությամբ չէր խոնարհել ոչ մի ոսոխի, առանց մի գնդակ արձակելու անձնատուր եղավ նենգ ոսոխին։
Եվ ամբողջ երեք օր քաղաքում համատարած կոտորած եղավ։ Ոչ խաղաղ բնակչությանը խնայեցին, ոչ գերի զինվորներին։ Բոլորին զորանոցների և տների մեջ լցնելով վառեցին անխնա, կամ քաշեցին դեպի երկրի խորքը տաժանակիր աշխատանքի։
Եվ ընկավ հայոց աննման բերդաքաղաքը։ Տասներեք բերդ կար այդ քաղաքում և վեց կամուրջ։ Եվ կամուրջներից մեկը «Վարդան Զորավար» էր կոչվում, իսկ մյուսը՝ «Չուգունե», և անցավ Սև Բեքիրի սև հորդան այդ կամուրջներով ու բերդերով։ Անցավ Լոռիս Մելիքովի գետափնյա փողոցով ռուս հաղթական զինվորի բրոնզյա արձանը շուռ տալով միջնաբերդի առաջ։ Շուռ տվեց, և քաղաքի ելքերը ամուր փակելով՝ շարժվեց դեպի Գյումրի։ Նոյեմբերի յոթին Սև Բեքիրի զորքը մտավ Ալեքսանդրոպոլ։
Միայն մենք դիմադրեցինք թշնամուն Բերդաքաղաքից դեպի Օլթի տանող ճանապարհին։ Իմ զորամասը Արդահանի կողմից շարժվելով ուժգնորեն գրոհեց Բեքիրի վրա Ճլաուզ չեռան տակ և այն վայրում, ուր ալեքսանդրապոլցի հայրենասեր գնդապետը ինքնասպան եղավ իր զորքի առաջ։
Տաս օր սաստկագին կռիվ եղավ մեր և նրանց միջև։ Ես էի՝ իմ խնուսցի և մշեցի զինվորներով և սասունցի հի՛ն հայդուկ կամավորները իրենց հեծյալ գնդերով։ Դարձյալ ինձ հետ էին Ախոն, Մորուք Կարապետը, Արծիվ Պետոն, Տեր Քաջի Ադամը, Իսրոն Փեթարցի և Սարդարապատի ճակատամարտին մասնակցած իմ ձիապան Բարսեղը և Առղա Զորիկը։
Ֆրանկ–Նորշենցին էլ այնտեղ էր։
Մեր վերջին դիմադրությունը եղավ Շիրակի դաշտում, ուր Սև Բեքիրը սկսել էր անլուր կոտորած։
Իմ դաշտային հեռադիտակի վրա դեղնավուն մի տերև կաթեց, իմ վրայից սահելով ընկավ Առղա Զորիկի ծնկներին։ Բայց դա տերև չէր, այլ մի կոչ՝ հայ զորքերին ուղղված։
Հայ զինվորներ, ասված էր այդ կոչում, Հայաստանի խորհրդայնացումով խորհրդայնանալու է նաև Տաճկաստանը, որ Ռուսաստանի դաշնակիցն է։ Սև Բեքիրի զորքերը գալիս են ոչ թե ձեզ կոտորելու, այլ թալանչի դաշնակ խմբապետներ Սուրեն փաշայի և Թոմաս Բեկովի ձեռքից Հայաստանը ազատագրելու։ Հաստատ համոզված եղեք, որ Բերդաքաղաքում, Ալեքսան դրոպոլում և գրավված մյուս վայրերում նրանք ոչ թալան ել են և ոչ էլ կոտորել, այլ հաստատել են բանվորա–գյուղացիական կարգ ու կանոն։
Որտեղի՞ց քամին բերեց այդ տերևանման թերթիկը և զարկեց իմ ռազմիկի ծնկներին։
Առղա Զորիկը, որին իմ ձիապան Բարսեղը Սարդարապատի կռվից հետո «բոլշևիկ Զորիկ» էր ասում, այդ կոչը գրպանը դրած նույն գիշերը գաղտնի թափանցեց Ալեքսանդրոպոլ և շուտով մեզ տեղեկություն բերեց, որ Սև Բեքիրը Ալեքսանդրոպոլում նոյեմբերի 18-ին կազմել է «Հայաստանի Հեղկոմ» և հռչակել է Սովետական իշխանություն. որ այդ թռուցիկը հորինել է Սև Բեքիրը իր կազմած «հեղկոմի» անունից, կամենալով կոտրել հայ բանակի դիմադրությունը և նենգորեն նվաճել Հայաստանը, որ Հայաստանի կոմունիստները այդ գորշ գայլի արշավանքի դիվային նպատակների մասին արդեն իրազեկ են դարձրել Սովետական Ռուսաստանի համայնավարներին, կոչ ուղղելով հայ զորքերին՝ կասեցնելու Սև Բեքիրի առաշխաղացումը։
Իմ զինվորները, որ տեսել էին Բերդաքաղաքի և Շիրակի դաշտի գյուղերի կոտորածը և ամրացումը, «բոլշևիկ Զորիկի» վերադարձից հետո ուժեղացրին դիմադրությունը, Սև Բեքիրի ասկյարների ճակատներից կատաղորեն պոկելով կարմիր աստղերը և քանդելով նրանց թևերի կարմիր երիզները, որոնցով նրանք ծպտվել էին Արևելյան Հայաստանը ջախջախելու համար։
Դեպի մեր երկրի խորքը առաշացող զավթիչների դեմ հերոսաբար կռվելով շատ քաջարի զինվորներ զոհվեցին իմ կամավորներից։ Շատերն էլ ճանապարհներին բռնվելով չարաչար տանջվեցին բանտերում. դրանցից մեկը նորշենցի Ֆրանկ–Մոսոն էր, սամիրի ճաշով իրենց գյուղի սահմանային վեճը լուծող այդ անսահման նվիրյալ ֆիդային, որ Պզտիկ Արամի խմբի հետ անցել էր Կովկաս և մեր կամավորներին միացած կռվել էր Բաղեշի և Խոյի ճակատամարտերում։
Մեր դիմադրությունը ահեղ եղավ, բայց մենք վերջիվերջո պարտվեցինք, չդիմանալով ոչ արևմուտքի հողմին, ոչ էլ հարավի խորշակին։
Մենք արդար էինք, բայց քիչ էինք, նրանք նենգ էին ու բազում։
Եվ եկան նրանք՝ Սև Բեքիրի հրոսակ զորքերը և գրավեցին Ալեքսանդրոպոլն ու Շիրակի դաշտը։ Կողբի լեռներով մտան Սուրմալու։ Գրավեցին Անին և իրենց մահիկը բարձրացրին Անիի միջնաբերդի վրա։
Մեր երկրի վրայով թուրք անցավ…
Եվ եղավ ահեղ կոտորած ու կողոպուտ Արևելյան Հայաստանում։
Եվ քանդեցին։
նրանց կոչումն էր քանդել ու քանդեցին։ Քանդել էին դարեր, եկան ու նորից քանդեցին։
Այլևս թնդանոթ չէր արձակվում Բերդաքաղաքի միջնաբերդից։ Ժամանակը կանգ էր առել Հայաստանում և մարդիկ մի պահ շփոթված՝ մոռացել էին իրենց ժամացույցներն ու գլուխները ուղղել։
Բայց մի ժամացույց անխափան աշխատում էր ամբողջ աշխարհի բախտի համար։
Ու Լենինին լուր հասավ Հայաստանին սպառնացող աղետի մասին։
Եվ նա կարգադրեց իր կարմիր զորքին Սև Բեքիրի բանակը ետ շպրտել Ալեքսանդրոպոլից։
Եվ գնացին Սև Բեքիրի սև հորդաները իրենց ետևից պայթեցնելով Ալեքսանդրոպոլի զինաբերդը։
Պայթեցրին ու գնացին։
Բայց նրանց կիսալուսինը մնաց Անիի միջնաբերդի վրա։
Վայ ինձ, որ տեսա այդ օրերը։