Хачик Даштенс
Ռանչպարների Կանչը
10
ԽՐԹԻՆ ՀԱՐՑ
Անդրանիկը դեռ չէր նստել, երբ հանկարծ տեղից շարժվեց Հլողինքի ռեսը, որն ամբողջ ժամանակ գլուխը ծնկներին կախած լուռ ծխում էր և ուշադիր լսում խոսողներին։
Հարց ունեմ։
Հլողինքի ռեսը հարց ունի, լսվեցին ձայներ այս ու այն կողմից։
Տո՛ւր, ասաց Անդրանիկը։
Բոլորն իրենց հայացքներն ուղղեցին տալվորիկցի մեծ տանուտերին։
Անդրանիկը, որ ուրիշ գավառից էր եկել Սասուն, դժվարանում էր այդ լեռնականների բարբառը հասկանալ։ Խրթին խոսողներից մեկը Հլողինքի ռեսն էր։ Հենց որ այդ տալվորիկցին սկսում էր խոսել, Շապինանդը աչքով էր անում Գևորգ Չաուշին, թե թարգմանիր։
Այս անգամ էլ հարկ եղավ, որ Գևորգը թարգմանի նրա խոսքը։
Կազմվածքով ջղուտ մարդ էր Հլողինքի ռեսը։ նա նախ ծխամորճը թխկթխկացրեց իր նստած քարին, նոր ծխախոտ լցրեց մեջը, չախմախը զարկեց և մեկ-երկու բերան քաշելով՝ ասաց.
Կրթանը նստած է իր ձագերի վրա, ռեսի հարցը թարգմանեց Չաուշը։ Սև վիշապ օձը փաթթել է կրթանի չորս կողմը և գլուխը դրել է կրթանի կրծքին։ Դուք ինչպե՞ս պետք է սպանեք վիշապ օձին, որ ոչ կրթանին վնաս եղնի, ոչ ձագերին։
Տալվորիկցին բթամատով ոլորեց մինչև ականջները սրված բեղերը և վառված ծխամորճը նորից մոտեցրեց բերանին։
Դժվար հարց տվիր, ռես, ասաց Անդրանիկը։ Վա՜յ այն կրթանին, որի կրծքին սև օձի գլուխ է դրված։ Այդ հարցին պատասխանելուց առաջ, ես ձեզ մի իրական պատմություն անեմ։ Անցյալ տարի ես քնած էի Կիրո Օսմանի գլգըլի արտում։ Արթնացա տեսնեմ մի օձ նստել է կրծքիս։ Օսմանը գլգըլն էր ջրում։ Օսման, ասացի, օձ է նստել կրծքիս։ Մինչև Օսմանը իր թիակով հասավ, օձը իմ վրայից իջավ և խաղաղ սողալով գնաց։
Օսման, զարկ օձին, ասացի։ Օսմանն ասաց. «Կրծքիդ նստած թշնամին եթե քեզ վնաս չի տալիս և խաղաղ հեռանում է, նրան չեն սպանում»։ Ես Օսմանից սովորեցի ոչնչացնել այն թշնամուն, որ խրամատ է մտնում քեզ սպանելու համար։ Հիմա դառնանք քո հարցին։ Եթե վիշապը թողնի կրթանին և հեռանա, մենք նրան չենք ոչնչացնի, իսկ եթե օղակը սեղմեց, մենք այնպես պետք է անենք, որ վիշապը սպանվի և կրթանն ու ձագերը ազատվեն։
Այդ հնարավոր չէ, նկատեց սեմալցի իշխաններից մեկը։
Այդ պարագային ձագերից մի քանիսը կազատվեն գոնե։
Երեխա, տաքգլուխ երեխա, հեգնանքով բացականչեց Հլողինքի ռեսը։ Նա Սասնո մեծերին հիշեցրեց դրանից մեկ և կես տասնամյակ առաջ Ահրոնք գյուղի մեջ գումարված նույնանման մի ժողով, ուր ներկա էին եղել շենիքցի իշխան Գրքոն, գելիգուզանցի Պետոն և Տեր Քաջը, տալվորիկցի իշխան Թաթարը, Խիանքից իշխան Վարդանը, նաև Խուլբի գավառակի բոլոր հայ մեծավորները։
Չախմախլի հրացանի Ժամանակաշրջանն էր և ժողովը վճռել էր զինվել չախմախլի հրացաններով, Տիգրանակերտի կողմից վառող և կապար տեղափոխել «Արջնաց» գավառի և Տալվորիկի գյուղերը և զինվել սուլթանի դեմ։ Արդյունքն այն եղավ, բացատրեց Հլողինքի ռեսը, որ վիշապն իր պոչը ցնցեց, սպանվեց շենփքցի Գրքոն, պատճառ դառնալով տասնյակ բնակավայրերի ավերակության։ Մնացել է մի քանի գյուղ, էն էլ դու և Գևորգ Չաու՞շն եք ուզում ավերել։ Մեզ ոչ ձեր երկաթե շերեփն է հարկավոր, ոչ ձեր հարիսան։
Բաբանըն ջանընա, փոխադարձեց Անդրանիկը տեղից վեր ցատկելով և ձեռքը դեպի դաշույնը տանելով։
Լեռնականներն իրար անցան։
Քաչալ շան որդի, ղու ո՞վ ես, որ եկել ես Սասուն և խանչալ ես քաշում տալվորիկցու վրա, բացականչեց ջրտուքավար Ֆադեն, թիակը ձեռքին սպառնալի առաջանալով դեպի Շապինանդը։ Դրանից քաջալերված տալվորիկցի իշխանները միահամուռ հարձակվեցին Գևորգ Չաուշի և Անդրանիկի վրա։
Նստեք ձեր տեղը, գոռաց Կիրո Օսմանը, որ հին հայդուկ էր և որի տանը Անդրանիկը հաճախ էր հյուրընկալվել։ Այդ ազդանշանին երկաթագործ Համզեն, ռես Թաթարը և Տալվորիկցի մյուս իշխանները ետ քաշվելով նստեցին իրենց տեղերը։ Ջրտուքվար Ֆադեն նույնպես հանդարտված՝ վերադարձավ իր քարին, թիակը բաց ծնկների մեջ առնելով։
Մյուս գավառակների իշխանները սկսեցին աղմկալի վիճել, չհնազանդվելով իրենց մեծերի կարգադրություններին։ Վիճում էին Խիանքն ու Խաբլջոզը, Մոտկանն ու Խութ-Բռնաշենը։ Բսանքից և Խարզանից եկածները տաքացած հարձակվեցին իրար վրա։ Վեճը բորբոքվել էր օձին սպանելու եղանակի շուրջը, խստորեն շոշափելով Եվրոպայի իսլամացած թագավորների մորուքը, որ պատճառ էին դարձել Հլողինքի ռեսի դժվարին հարցին։ Ալիանցոց մի մասը, վերստին պնդեց, որ Անդրանիկը պատժվի սասունցոց վրա դաշույն քաշելու համար, իսկ մի մասն էլ իր ողջ զայրույթը թափեց Ֆադեի վրա, որ համարձակվել էր բոբիկ ոտքերով ներկայանալ մեծերի ժողովին և իր բահով սպառնալի խառնակություն ստեղծել։ Նրանք պահանջեցին Ֆադեին հեռացնել ժողովից։ Ոմանք այդ վեճից այնպես շոգեցին, որ աբաները հանելով ծալեցին իրենց տակ։
Խոսքը Ինդլիզի թագավորի, ջրաղացպան Միրոյի ալրոտ մատների և Ֆադեի բոբիկ ոտքերի վրայով անցավ Սասունում շինված զորանոցներին և պտույտ գործելով Անդրանիկի դաշույնի շուրջը, դարձյալ եկավ դեմ առավ վիշապ օձին։
Տալվորիկցու վրա դաշույն քաշելու այս հանդուգն միջադեպը, որ կարող էր ծանր հետևանքներով վերջանալ, Սասնո ժողովրդին ճանաչելու մի լուրջ փորձաքար եղավ Անդրանիկի համար։ Նա նկատեց, թե ինչպես նույնիսկ իշխան Մակարը և Գալեն վճռական շարժում կատարեցին իր վրա, մինչդեռ մյուս վայրերի մարդիկ տարաձայնեցին։
Երբ տալվորիկցիները Կիրո Օսմանի ձեռքի մի շարժումով նստեցին իրենց գահերին, նա Գևորգ Չաուշի ականջին թեքվելով՝ ասաց.
Սասունցին քաջ է, բայց Սասնո մեջ ամենաքաջ և միաբան ժողովուրդը տալվորիկցիներն են։ Երբ ես անզգուշությամբ նրանցից մեկի խաթրին դիպա, ձեռքս տանելով դեպի իմ դաշույնը, բոլորը ինձ քաչալ շան որդի անվանելով, մի ջրտուքվարի գլխավորությամբ հարձակվեցին վրաս։ Մի ուրիշն ասաց. «Նստեք ձեր տեղը», և նրանք իրենց մեծին հարբելով, մեկ մարդու պես ետ քաշվեցին։ Այսպիսի ժողովրդի հետ կարելի է աշխատել և լուծել նաև այն խրթին հարցը, որ Հլողինքի ռեսը տվեց։ Տալվորիկցիներն ազատագրական կռվի մակարդ են։ Ես Հայաստանում գտա Սասունը, իսկ Սասնո մեջ՝ Տալվորիկը։
ՊԱՅԹՈՂ ԱՂԲՅՈՒՐԻ ՀՐԱՇՔԸ
Հրեղեն ձի՜, հրեղեն ձի՜, հանկարծ բացականչեց Մոսե Իմոն, Պայթող աղբյուրի ակունքից ետ-ետ գնալով։ Սասնա մեծերն իրար անցան։ Մի պահ կարծեցին, թե Մոսե Իմոն խելագարվեց։ Բոլորն էլ գիտեին, որ Պայթող աղբյուրի ակունքում այդպիսի ձիեր կան։ Գիտեին նույնպես, որ նրանք ամեն մարդու աչքին չեն երևում։ Ով քաջ է, միայն նա կարող է այդպիսի ձի տեսնել։ Ոմանք հավատացնում էին, թե իրենք տեսել են այդ ձիերի բաշերը, բայց երբեք չի պատահել, որ հրեղեն ձին աղբյուրի խորքից ելներ և հասակով մեկ կանգներ մահկանացուի աչքերի առաջ։
Միայն մի դեպք էր եղել, որ ձին երևացել էր ամբողջությամբ և այդ դեպքը կապված էր Մոսե Իմոյի հետ։ Պատմում էին, թե նա մի անգամ աղբյուրից ջուր խմելիս նկատել է, թե ինչպես ձին դուրս եկավ ակունքից, բայց իրեն տեսնելով, նորից սուզվեց խորքը, անհետացավ Անդոկ սարի տակ։
Մի այդպիսի պատմություն էլ կապված էր Մոսե Իմոյի պապի հետ, իբրև թե այդ տունը շինելիս, նրա պապը Պայթող աղբյուրի մեջ տեսել է մի հրեղեն զամբիկ։
Մոգիչ աչքեր ուներ Մոսե Ւմոն։ Նա հավատացած էր, որ եթե իր աչքը հանդիպեր հրեղեն ձիու աչքերին, ձին անպայման դուրս կգար ակունքից, կամ ինքը նրա աչքերի զորությունից հաղթահարված, կգնար դեպի Անդոկի ծովը։
Այո, կամ ձին պետք է դուրս գար, կամ ինքը սուզվեր աղբյուրի մեջ։
Եվ ահա մի նոր հրաշք։
Ամենքը տեսան, թե ինչպես Մոսե Իմոն ետ-ետ էր գնում զորավոր աչքերը հառած Պայթող աղբյուրի ակունքին, ու այնտեղից, աղբյուրի ակունքից իր հրամանով կարծես ելնում էր հրեղեն ձին։ Զին մահկանացուին տեսնելով թափ տվեց բաշը, ուզեց ետ գնալ, բայց Մոսե Իմոն հանկարծ ցատկ կատարեց, ձեռքը գցեց ձիու բաշին։ Ծառս եղավ հրեղեն ձին ու Մոսե Իմոն կախված մնաց ձիու բաշից։ Զին նորից թոթվեց գլուխը, պոչի վրա ետ-ետ գնաց և ուզում էր դարձյալ ջուրը մտնել, սուզվել Պայթող աղբյուրի մեջ, իր հետ տանելով Մոսե Իմոյին, երբ Մոսե Իմոն դեմը կեցավ, ասաց»
Մի՛ մտիր Անդոկի տակ, ես ու դու դեռ պարտք ենք աշխարհին։
Եվ ասաց Մոսե Իմոն. «Ես երազելով երազել եմ քեզ, հրեղեն։ Սա Սասունն է, Գելի գյուղը և սրանք մեծերն են Սասունի։ Սուլթանը վիշապ օձի պես փաթթել է մեր չորս կողմը և գլուխը դրել է մեր կրծքին։ Ինչպես անենք, որ վիշապ օձը սպանվի և կրթանն ու իր ձագերը ազատվեն։ Ես աշխարհի բոլոր մեծերի հողերով անցա ու հասա մինչև ինգլիզաց երկիր, որ միջոց գտնեմ կրթանի ու իր ձագերի փրկության համար։ Նայեցի թագավորների աչքերի մեջ ու նրանց աչքերը իմ աչքերից խորամանկ գտա ու նենգավոր։ Ափսո՜ս, խութեցի ջրաղացպան Միրոյին, որ իր մատների սուրբ այլուրը թափեց Ինգլիզի թագավորի կեղծ թղթի վրա։ Եվ այսօր, այս ուշ ժամին, ես ժայթքող աղբյուրի խորքը նայեցի հուսահատ և դու ջրերի միջից երևացիր ինձ։ Ես մաքուր աչքերով նայեցի քո աչքերին և գոլ դուրս եկար Անդոկի տակից։ Ընդունիր իմ կանչը սասունական և կանգնիր այստեղ, հրեղեն, կանգնիր այստեղ»։
Եվ ասաց հրեղեն ձին. «Քո վիշտը երկրային է, իսկ իմը՝ աստվածային։ Եթե ես մնամ արևերես, աշխարհը ոտնատակ կտամ և Անդոկն ու Մարաթուկը նորից կզարկվեն իրար։ Թող ինձ գնամ, Մոսե Իմո, թող ինձ գնամ»։
Իսկ ինչպե՞ս փրկեմ իմ ձագերին։
Եվ ձին ասաց. «Քո ձեռքը դիպավ իմ բաշին։ Յոթ Գդալի դաշտում ծերունի ցեղապետը մի զամբիկ տվեց Շապինանդին։ Հերիք է, որ քո ձեռքը երեք անգամ զարկես նրա մեջքին, որ նա զորանա ինձ պես և ավելի երկար ապրի, քան ձին երկրային։ Եվ այն ժամանակ նրա հեծյալին պարտություն չի լինի, վիշապը կսպանվի և կրթանն ու իր ձագերը կազատվեն։ Թող ինձ գնամ, Մոսե Իմո, թող ինձ գնամ։ Մահկանացու աչքը ատելի է ինձ։ Թե ինչպես դարձանք ստորգետնյա, այդ պատմությունը գրված է Արաբոյի տան գրքի մեջ։ Գտեք այդ ավետարանը և երդվեցեք նրա վրա։
Իսկ որտե՞ղ է այդ ավետարանը։
Տատրակ գյուղումն է, որ հիմա Զմոյի գյուղ է կոչվում։ Եվ պղծությունը կմաքրեք Թաղվձորի կրակով։ Թող ինձ գնամ, Մոսե Իմո, թող ինձ գնամ։
Եվ գնաց, ետ-ետ գնաց հրեղեն ձին, պոչը ծալեց ջրերի մեջ ու ձկան պես սուզվեց Անդոկի տակ, դարձավ աներևույթ, ու մնաց Մոսե Իմոն ձեռնունայն կանգնած Պայթող աղբյուրի եզերքին։ Կարծես տեսիլք լիներ, ցնդեց, անհետացավ։
Այդ ժամանակ Պայթող աղբյուրին մոտեցավ ասորի ցեղապետի զամբիկը, որի համար ես տեղ էի պատրաստել Տեր Քաջի մարագում։ Ես բռնեցի սանձը և ձին եկավ առաջ։ Մոսե Իմոն բարձրացրեց իր աջ բազուկը, նայեց իր մատներին և ձեռքը ամբողջ թափով զարկեց Ասլանի մեջքին։ Երկրորդ անգամ դաջեց։
Եվ այն պահից, երբ Մոսե Իմոյի ձեռքը դիպավ նրան, ասես միագամից կերպարանափոխվեց այդ հասարակ ձին։ Հրեղեն ձիու ուժը կարծես անցավ նրան ու դարձավ անսանձ ու մրրկային, հեքիաթային դարձավ։
Սասնա մեծերը փորձեցին սանձել նրան։ Սպաղանաց Մակարը փորձեց թամբին ելնել, բայց ձին թափ տվեց գցեց Սասնո իշխանին։ Գալեն փորձեց սանձել, սրան էլ վայր նետեց։ Հերթով փորձեցին գրեթե բոլոր իշխանները։ Բոլորին էլ ցած գլորեց։
Հերթը հասավ Անդրանիկին։
Գևորգ Չաուշն ասաց. «Գնա հեծիր քո ձին»։
Ելավ Անդրանիկը տեղից, Ասլանի բաշը բռնեց, պոչն ու բաշը աղեղնաձև բերեց զարկեց իրար, երեք անգամ պտույտ տալով աղբյուրի շուրջ, ապա պոչն ու բաշը ի բաց վանեց և քաջաբար թռավ ձիու թամբին։
Հեծյալն էր քաջ ու ձին առույգ, հեծյալն ու ձին գտան իրար։
Քշեց Անդրանիկն իր ձին և Գևորգ Չաուշի հետ Ծովասարի լանշերով իջավ Մշո դաշտ, նախապես ինձ մի նամակ տալով կարևոր հանձնարարությամբ։
Մոսե Իմոն Անդրանիկի նամակը մի ձեռնափայտի մեջ հաստատելով, ասաց, բարի ճանապարհ։
Այդ ձեռնափայտը ձեռքիս, հետևյալ առավոտ ես հրաժեշտ տվեցի Հրեղեն ձիերի աղբյուրին։
ՄԵՀՄԵԴ ԷՖԵՆԴԻՆ
Մեհմեդ էֆենդու անունը սկսել էր թնդալ Մշո դաշտում։ Բաղեշի կուսակալին ուղղած իր դիմումի մեշ նա ցանկություն էր հայտնել, որ իրեն ուղարկեն Մուշ հասարակ ոստիկանի պաշտոնով։ Այդ ցանկությունը կատարվել էր։ Կարճ ժամանակամիջոցում Սուլթանի թշնամիների դեմ ձեռնարկած իր կտրուկ միջոցառումների համար նա կարգվել էր Մշո գաղտնի ոստիկանապետի օգնական և արդեն լուրեր էին շրջում, թե շուտով փոխարինելու է ոստիկանապետ Հյուսնի էֆենդուն։ Հյուսնին իր գազանություններով սարսափ էր տարածել Տարոնում, ուրեմն ինչպիսի՜ վայրագ հրեշ է լինելու նրան փոխարինողը. չէ որ օրենք է, որ հաջորդը ամեն ինչով գերազանցի նախորդին։
Ու մարդիկ սկսեցին հետաքրքրվել, թե ով էր այդ Մեհմեդ էֆենդին, որ կարճ միջոցում այդքան առաջ գնաց, ինչ ազգ ու ծին ունի և որտեղից հայտնվեց Մշո դաշտում։
Պատմում էին, թե նա Ստամբուլի կողմերից բերված թուրք պաշտոնյա է, մյուսները՝ թե Բիթլիս քաղաքի աղքատ թուրքերից է, որ ժամանակին վարունգ է վաճառել իրենց շուկայում՝ «պէշ թանէ օն փարա, խիար, ալան խիար» գոռալով։ Մեկն ասում էր, թե նրա մայրը հայ է, երկրորդն ուղղում էր, թե մոր կողմից է թուրք։ Երրորդը և չորրորդը նրա ազգակցությունը հանգուցում էին Սուլթան Համիդի տոհմածառին։ Այն աստիճանի հակասական բաներ էին պատմում Մեհմեդ էֆենդու անձի շուրջը, որ նրան անձամբ ճանաչող մի հայ գյուղացի Մշո շուկայում հայտարարել էր, թե Մեհմեդ էֆենդին հավատափոխ հայ է, անունը պարոն Ավետիս, Մանազկերտի Իկնա գյուղից։ Եվ նույնիսկ ավելացրել էր՝ «այդ գյուղի նահապետ Պողոս աղայի փեսան է»։
Դառնալով բաշքոմիսերի (գլխավոր ոստիկանապետի) օգնական, Մեհմիդ էֆենդին իր ձեռքին էր կենտրոնացրել լրտեսական ամբողջ ցանցը։ Նա էր հրահանգում ոստիկանական գաղտնի ջոկատներին և կառավարական զորքերին շարժվել այս կամ այն գյուղի վրա։ Ամբողջ Մշո դաշտում և Սասունում նա հայտնի էր դարձել ֆիդայիներին հետապնդելու և տանջելու իր խստություններով։
Կար սակայն մի բան, որ ոչ ոք չգիտեր։ Մեհմեդ էֆենդին գաղտնի կապեր էր հաստատել հայ ֆիդայիների առաջնորդների հետ։ Իբրև ոստիկանության խուզարկության պետ, նրան հայտնի էին հայդուկներին պատժելու պետության ծրագրերը և միջոցառումները։ Նա այդ մասին ծածկաբար տեղեկացնում էր Գևորգ Չաուշին և Անդրանիկին, բայց հրապարակով դաժանորեն չարչարում էր իր ձեռքն ընկած հայդուկին, նպատակ ունենալով վստահություն շահել թուրքերի շրջանակներում։ Թուրք պաշտոնյաների ներկայությամբ Մեհմեդ էֆենդին իրեն ձևացնում էր մոլեռանդ մահմեդական և շատ ավելի հայատյաց, քան թուրքը։ Հայերը նրան համարում էին «ուրացող», «ազգադավ», «դարձուկ» իրենց ցեղի ամենավտանգավոր թշնամին, իսկ թուրքերի մեջ առաջին մրցանակն էր շահած իբրև սուլթանին նվիրված ամենահավատարիմ պաշտոնյա։ Դրանից նա չէր խուսափում։ Ընդհակառակը, ինքն էր ուզում, որ հայերը իր մասին միշտ վատ խոսեն, պախարակեն ու հայհոյեն։ Կարևորը այն մեծ նպատակն է, որին նվիրվել է։
Մեհմեդ էֆենդին գաղտնի պայմանավորվել էր ֆիդայիների հետ, որ ինքը բաշքոմիսեր Հյուսնի էֆենդուց և մյուս պաշտոնյաներից ու ոստիկաններից արտաքնապես զանազանվելու համար իր պարանոցի շուրջը սպիտակ սավան է կապելու, որպեսզի հեռվից ճանաչելի դառնա և իր վրա գնդակ չարձակվի։ Այդ սպիտակ շորը վզին փաթաթած, նա իր պատժիչ խմբով շրջագայության էր ելնում, հետազոտելով Մշո դաշտի և Սասունի բոլոր կասկածելի քարափներն ու ծերպերը, որտեղ ենթադրում էին, թե կարող են թաքնված ֆիդայիներ լինել։ Իսկ երբ իր լրտեսները հաղորդում էին, թե այսինչ վայրում հայդուկների խմբեր են երևացել, նա անմիջապես զորք կամ ոստիկանական զինված ջոկատներ էր ուղարկում այդ կողմերը, միաժամանակ գաղտնի տեղեկացնելով հայդուկների առաջնորդներին, որ այդ վայրից շտապ հեռանան։
Մեհմեդ էֆենդին դիմագծերով շատ նման էր գերմանացու։ Ասում էին, թե նա ցերեկը մզկիթ էր գնում, իսկ գիշերը հայ քահանա էր կանչում իր տուն։
Այս մտածությունների մեջ հասել էի Տալվորիկի սարերին, երբ նկատեցի, թե ինչպես դեմից գալիս է քոմիսեր Մեհմեդ էֆենդին երկու զինված ոստիկանի հետ։ Վզի շուրջը սպիտակ սավան կար։ Այդ նա էր, Մեհմեդ Խալըթը։ Ես նրան ճանաչեցի իր դիմագծերից։ Հսկա մարդ էր, մաքուր սափրված և գեղեցկադեմ, պաշտոնական հագուստը վրան և սուրը կողքին։ Բոլորովին նման չէր այն ողորմելի մարդուն, որին տեսել էի Բիթլիսի բանտի մեջ։ Մեկ-երկու անգամ նա սպիտակ վզնոցի ծալքերը հարթեցրեց, որ ավելի տեսանելի դառնա։ Ոչ մի կասկած, որ եկողը Մեհմեդ էֆենդին էր։ Իսկ եթե հանկարծ ճանաչի՞ ինձ։ Բաղեշի բանտում նա մի չոր հայացք էր նետել վրաս և ես վախեցել էի. իսկ այ՞ժմ։ Ինչ էլ պատմեին նրա մասին, այդ տեսքով մարդը սարսափելի է, մանավանդ եթե հավատափոխ է և վրան սուր է կապած։
Սուլթանի հրամանով Սասունում հապճեպով շինված զորանոցը գարնան անձրևներից սկսել էր փուլ գալ։ Հայ որմնադիր վարպետները կանչված էին պատասխանատվության։ Երևի Մեհմեդ էֆենդին այդ գործով էր եկել Սասուն։
Կանգնած մնալը վտանգավոր էր, որովհետև մոտս նամակ կար։ Առաջանալ չէի կարող, ետ դառնալ նույնպես։ Ձախ թևի վրա երկու գահավեժների մեջ սեղմված մի քարայր կար. Արծվի Բույն էր կոչվում։ Տակը անդունդ էր։ Տալվորիկի հայտնի վայրերից մեկն էր և գտնվում էր Հարթք գյուղի մեջ։ Փախստական սասունցիները վտանգի պահին այդ քարաժայռին էին ապավինում։ Այդտեղ էր ապավինել նաև քարոզիչ Միհրանը, որին բռնելով բերել էին Մուշ։ Արաբոն էլ Միհրանի հետ այդտեղ էր եղել։ Արաբոյի հետ ես մեկ-երկու անգամ մագլցել էի դեպի այդ բարձունքը։ Սոսկում ազդող մի գահավեժ բացվածք էր, վրան՝ ցցված մի ժայռ։ Ծառերից պարան կապելով սահում էինք այդ ցցված ժայռին և մտնում Արծվի Բույն։
Այո, միակ միջոցն էր՝ որքան կարելի էր շուտ թաքնվել Արծվի Բնում։ Մեկ անգամ էլ նայեցի եկվորների կողմը և ճանապարհս թեքելով, արագությամբ շարժվեցի դեպի փրկարար քարաժայռը։ Բայց ինչպե՞ս հասնել այնտեղ։ Արծվաքարի տակ ժայռերը բաժանվում էին իրարից, իսկ ինձ մոտ պարան չկար։ Երանի Պայթող աղբյուրի հրեղեն ձին լիներ մոտս, նստեի վրան և նա ինձ թռցներ դեպի այդ անմատչելի բարձունքը, արծիվներից ու ամպերից վեր։ Սակայն վտանգի պահին հաճախ միջոցը ինքն է գալիս ու հրեղեն ձիու պես մտնում ոտքերիդ տակ։ Վերևից մի բարակ, ամուր ծառաճյուղ կռացել էր ցից քարի ուղղությամբ։ Կախվեցի այդ ճյուղից և ճոկանիս ծայրը այդ քարին հենելով, ամբողջ ուժով թափ առած թռա ներքև։
Արծվաբույնը խոր ու ոլորապտույտ մի անձավ էր։ Արդեն կիսով չափ տեղավորվել էի այնտեղ, երբ շատ մոտիկից մի գոռոց լսեցի.
Ետ դարձիր։
Շուռ եկա, տեսնեմ Մեհմեդ էֆենդին կանգնած է ժայռի գլխին և աշխատում է թռիչք գործելով իջնել ցից քարի վրա։ Կա չկա, նա եկել է ինձ բռնելու կամ տեղեկություն է ստացել, որ Արծվի Բնում թաքնված ֆիդայիներ կան։ Ինձ զարմացրեց, թե ինչպես կարողացավ այդքան արագությամբ հասնել Արծվի քարին, չէ որ քիչ առաջ ես նրան ներքևում տեսա։ Այս ինչ մեծ սխալ էր, որ ես գործեցի։ Հիմա ինչպե՞ս վեր բարձրանամ, ինչպես ազատվեմ Մեհմեդ էֆենդոլ ձեռքից։
Մի քանի տարի առաջ Մշո կառավարիչը և Բաղեշի կուսակալը Խաբլջոզի և Բսանքի կողմերից լեռնային թնդանոթներ բերելով ռմբակոծել էին Արծվի Բույնը, այնտեղ պատսպարված հայ իշխաններին ոչնչացնելու նպատակով։ Այժմ ես տեսնում էի այդ ռմբակոծության հետքերը։ Արծվի Բույնը չէր քանդվել, բայց ավերածություն եղել էր։ Ինձ համար, իհարկե, թնդանոթ չէին բերի։ Բավական էր մի տասնոցի կրակոց, որ ես տապալվեի այդ ժայռի վրա կամ գահավիժեի անդունդ՝ վաղվանից կեր դառնալով արծիվներին ու սողուններին։ Ինձ այդ մահացու գնդակը կարող էր Մեհմեդ էֆենդին ուղարկել, որ ահարկու տեսքով եկել կանգնել էր իմ գլխավերևում, գիշատիչ աչքերը իր որսին հառած։
Ձեռնափայտդ վեր նետիր, սպառնաց ոստիկանապետը։
Ես ձեռնափայտ չունեմ։
Եթե չես ուզում, որ քո դիակը այս քարաժայռին փռեմ, ձեռնափայտդ վեր նետիր։
Ես վայրկյանապես Անդրանիկի նամակը արագությամբ հանեցի միջից և դատարկ ձեռնափայտը ներքևից շպրտեցի իրեն։ Նա ծայրերը ստուգեց և տեսնելով, որ դատարկ է, ինչ-որ բան դրեց մեջը և ձեռնափայտը նորից արագությամբ շպրտեց իմ կողմը, իբրև թե սաստիկ բարկացած վրաս, որ իրեն խաբել եմ։ Փայտը ուղիղ ձեռքերիս մեջ ընկավ։
Մի փոքր էլ կանգնեց, զայրացած նայեց դեպի Արծվի Բույնը, կռացավ, բռունցք թափ տվեց վրաս և սուրը ուղղելով աջ կրունկի վրա՝ ետ դարձավ։
Երբ նա գնաց, ես ճոկանի գլուխը բաց արի և մեջը գտա մի թուղթ՝ հետևյալ բովանդակությամբ» «Դու մի կարծիր, թե ես քեզ չեմ ճանաչում։ Դու այն տղան ես, որ ինձ հետ բանտ էիր նստած Բիթլիսում։ Բավական էր մի նայվածք, որ քո պատկերը հավիտյան տպավորվեր աչքերիս մեջ։ Քո անունը Սմբատ է և դու այժմ Գևորգ Չաուշի և Անդրանիկի հանձնարարությամբ շտապում ես Զմոյի գյուղ Կարմիր ավետարանի ետևից։ Արագացրու վերադարձիդ քայլը և հայտնիր Անդրանիկին ու Գևորգ Չաուշին, որ քոմիսեր Մեհմեդ էֆենդին սարերն ընկած նրանց է որոնում։ Զորանոցների գործով եկել եմ Սասուն, բայց աչքս նրանց թաքստոցների վրա է։ Երկուսի գլուխն էլ գնահատված է։ Ամեն մեկը հազար օսմանյան ոսկի։ Բոլորին ասա, որ Մեհմեդ էֆեն դու պես գազան դեռ Հայաստան աշխարհը չի ծնել, որ նա դարձել է հավատարիմ ծառա Սուլթանի գահին և սկսել է բոլոր ապստամբներին մեկ առ մեկ որսալ և քշել դեպի բանտ ու կախաղան։ Այս թուղթը կարդալուց հետո ոչնչացրու»։
Այդ գիշերը ես լուսացրի Արծվի Բնում։ Առավոտյան Մեհմեդ էֆենդու նամակը ոչնչացրի և Անդրանիկի գիրը դնելով ձեռնափայտի մեջ, նույն ծառաճյուղից կախվելով զգուշությամբ վերև բարձրացա։ Շտապում էի Զմոյի գյուղը հասնել։