Хачик Даштенс
Ռանչպարների Կանչը
27
ՄԵԿ ՀԱՅԸ՝ ՄԵԿ ՈՍԿԻ
Հուլիս ամիսն էր։
Սմբատասարը մխրճված էր մուգ կապույտի մեջ։ Վրան էինք զարկել և Անդրանիկի հետ նստած զրուցում էինք այդ սարի վրա։
Ալադին Միսակը և Հաջի Գևոն զգաստ կանգնած էին մեր թիկունքին։
Տխուր էր զորավարը։
Բաղեշի Ճակատամարտից հետո կամավորական գնդերը լուծված էին։ Ստացվել էր առաջին հրամանը Ալաշկերտի, Դիադինի և Բայազետի հովիտներում սահմանամերձ կազակություն կազմելու մասին։ Բաղեշն ու Մ ուշը գրաված հին հայդուկներն ու կամավորները հավաքվել էին Մշո դաշտի մեջ մի պետական զինվորական հեղաշրջումի սպասելով։
Սմբատասարի քերծերից մեկի վրա, մեր վրանի առջև, կանգնել էր Փեթարա Իսրոն, մեր հին ֆիդային։
Իսրոն փոխել էր ֆիդայական հագուստը, հագել էր գյուղացու շորեր և մի նախշուն խուրջին ուսը գցած որբ երեխաներ էր հավաքում ավերակներից։
Մեկ հայը մեկ ոսկի էր։
Քրդերը այդ շահութաբեր գործից քաջալերված ԽութԲռնաշենի գավառակներից հայ մանուկներ էին բերում և հանձնում Իսրոյին։ Գնում-հասնում էին մինչև Մոտկան, Խիզան, Ալիվան և նույնիսկ Բշերիկ և այնտեղից որբեր էին հավաքում, որ ոսկի վաստակեն։ Իսրոն արդեն մի քանի տասնյակ մանուկներ էր ուղարկել Մշո, Խնուսի և Բասենի մանկատները։ Մի մանկան համար մի ոսկի էր տալիս և սայլին դրած ուղարկում էր մանկատուն։ Փեթարա Իսրոյի առաջին փրկած որբերից մեկը Բաղեշի ճակատամարտում զոհված Հայդուկ կամավորի որդին էր։
Հայ բեկորների հավաքման գործով եռանդուն աշխատանք էին ծավալել նաև սասունցի Մոսե Իմոն և Արծիվ Պետոն։ Մոսե Իմոն հասել էր մինչև Խիանք և քրդերի միջից հարյուրավոր հայ կանանց և մանուկների ազատելով բերել էր Մուշ։ Իսկ Արծիվ Պետոն սասունցի երկու հարյուր որբերի մի քարավան էր փոխադրել Ալեքսանդրոպոլ։
Շեկո տան քրդերը հարյուրավոր հայեր էին փրկել կոտորածից։ Կամավորության ընթացքին նրանք այղ բոլոր հայերին բերել էին Մուշ և Անդրանիկին հանձնել, արժանի նըվերներ ստանալով զորավարից։
Մանուկներին նրանք սովորաբար Փեթարա Իսրոյին էին հանձնում։ Բայց այս անգամ Իսրոյի խուրջինը դատարկ էր։ Քերծի վրա կանգնած Իսրոն թունդ սակարկում էր մի քրդի հետ, որ նոր էր եկել Սասնո գյուղերից։ Քուրդը սրունքների մեջ պահել էր երկու–երեք տարեկան մի որբուկի, որի համար Իսրոն սակարկում էր, որովհետև մոտը ընդամենը կես ոսկի էր մնացել, իսկ քուրդը չէր համաձայնվում կես գնի։
Տուր, կես ոսկով տուր, ասաց Փեթարա Իսրոն խուրջինը ուսից իջեցնելով և լայն բանալով երեխայի առաջ։ Մանկիկն ուրախացած վազեց, որ նետվի խուրջինի մեջ, բայց խնամակալը ետևից հասնելով նրան նորից սրունքների մեջ առավ, ծնկները ամուր սեղմելով վրան։
Տուր, ասում եմ, էդ մեկին առանց ոսկու տուր, մեր գանձը պրծել է, բացատրեց Իսրոն։
Չեմ տա, համառեց քուրդը և սկսեց օրինակներ բերել, թե ինչպես դրանից երկու օր առաջ իր ծանոթ քրդերը Խութի Թաղվձոր և Թաղավանք դյուզերից որբ երեխաներ էին բերել և ամեն մեկի համար ստացել մեկ լրիվ ոսկի։ Ինքը ինչու՞ նրանցից պետք է պակաս ստանա։
Փեթարա Իսրոն նորից խնդրեց և մերժում ստանալով, զայրացած մեր վրանը մտավ։
Ի՞նչ ես անում, Իսրո, ի՞նչ հալի ես, հարցրեց զորավարը։
Որբեր հավաքենք, փաշա, շիթիլ անենք Հայաստանի համար։
Այդ շիթիլները որտե՞ղ ես փոխադրելու։
Խնուս, օրիորդ Հռիփսիմեի ղեկավարած որբանոցները։
Իսկ ինչու՞ ես բարկացած։
Մի քուրդ ինձ բարկացրեց, փաշա։ Որբ երեխա է բերել, ինչ անում եմ՝ չի տալիս։ Իսկ մեզ համար ամեն շիթիլը թանկ է։
Այդ քրդին ներս կանչիր։
Փաշան քեղ կանչում է, դեպի դուրս ձայնեց Իսրոն։
Քուրդը մանկան ձեռքից բռնած ներս մտավ։ Քրդի համար ռազմիկի արտաքին երևույթը մեծ կարևորություն ունի։ Քանի որ ես ավելի հաղթանդամ էի, քան Անդրանիկը, ուստի լեռնական քրդերը մեզ հաճախ էին շփոթում։ Այս մեկն էլ վախով ներս մտավ և կարծելով, թե փաշան ես եմ, քոլոզը հանելով գլուխը իմ առաջ խոնարհեց։ Ես ձեռքս զորավարի կողմը մեկնելով ասացի.
Փաշան նա է։
Քուրդը սաստիկ զարմացած շուռ եկավ դեպի Շապինանդը և երևի սխալը ուղղելու համար, քոլոզը կրծքին սեղմած գըլուխը երկու անգամ խոնարհ իջեցրեց զորավարի առաջ։
Անդրանիկը քրդերեն հարցրեց,.
Որտե՞ղ գտար այդ երեխային։
Մի ասկյարի ձեռքից առա։ Ուզում էր մեջտեղից ճըվտել՝ չթողեցի։ Վանքի ջորեպանի որդին է։
Քո հոր անունը ի՞նչ է, տղաս, հարցրի ես երեխայի թևից բռնելով։
Երանոս։
Ո՞ղջ է։
Չէ, իմ հայրկան սպանեցին։
Իսկ քո անունը ի՞նչ է։
Զուլում։
Շեկո տան քրդերը հարյուրավոր հայերի կյանք փրկեցին։ Դու ի՞նչ նվեր ես ուզում այս երեխայի համար, հարցրեց զորավարը։
Ես Շեկո տան քուրդ չեմ և այս երեխային դժվար տեղից եմ փրկել, փաշա, պարծեցավ քուրդը և Իսրոյին դառնալով ասաց. Եթե մի ոսկի տաս՝ քեզ կտամ, չտաս՝ ետ կտանեմ։
ԾԱ ձեռքս ծոցս տարա, բայց դատարկ դուրս եկավ։ Փաշայի ձեռքն էլ դատարկ դուրս եկավ։ Իսկ երեխան մեզ էր նայում իր աղերսական աչքերով։
Մեզ համար հեշտ էր մի հարվածով վայր տապալել քըրդին և երեխային վերցնել նրանից, բայց ստիպված էինք զըսպել մեզ, չկամենալով ձախողել հայ բեկորների հավաքման գործը, որը վերջին օրերին լայն թափ էր ստացել, տարածվե՛լով մինչև ճղերու չոլերը։
Հոս եկուր, տղաս, ասաց Անդրանիկը, իր մոտ կանչելով Ալադին Միսակին։
Երգչին կանչելը նշան էր, որ Շապինանդի հոգին ալեկոծ է։ Այդ պահերին երգը միակ սփոփանքն էր նրա խռովահույզ հոգու համար։
Ալադինը մոտեցավ և նստեց զորավարի կողքին։
Քրդերեն մի խաղ ասա, տղաս։
Բողոքի երգ ես ուղում, թե՞ սիրային։
«Հայլե, հայլեն» գիտե՞ս։
Գիտեմ, փաշա։
Դե կանչիր։
Միսակը ձեռքը դրեց ականջին։
Ոչ, «Խուլնկոն» երգիր, ասացի ես։
Համաձայն եմ, ասաց փաշան, թավամազ փափախը կոտրելով մռայլ ճակատի վրա և սրածայր բեղերը ոլորելով։
Խուլնկո, հեռավոր և խորունկ տեղերեն կուգաս… Բույնդ շինե ավերակ բերդի պատուհանի մոտ, ոգևորությամբ երգեց Միսակը քրդական այդ հայտնի երգը, որից հետո Մշո դաշտին նայելով երգեց հայերեն.
Սիրտս լիքն է, ձեռքս փակ, Մուշը դարձավ ավերակ, Փլվեց Նորշեն ու Բերդակ, Աշխարհն էսպես ու՞ր կերթա։
Ամեն մեկս մի փաշա, Հիմա դարձել ենք բոշա, Նեղված ընկել ենք խոսքով, որբ ենք գնում կես ոսկով։
Լամուկ, ու՞ր է քո պարոն, Ու՞ր է մեր քաջ Արաբոն. Քաշի պատիվ տուր քաշին, Մեր որբուկին դիր խուրջին։
Քրդի աչքերի մեջ արցունք երևաց։
Վերցրու, ասաց քուրդը, քո կես ոսկին էլ հարկավոր չէ։ Քո երգը ոսկուց զորավոր էր…
Ես ղրկեցի ջորեպան Երանոսի տղային և դրեցի Փեթարա Իսրոյի խուրջինի մեջ։
Եվ քանի որ այդ դեպքը պատահեց Սմբատասարի վրա և այն օրերին, երբ հայ կամավորական գնդերը վերացվել էին, ուստի Անդրանիկի առաջարկությամբ մենք այդ որբի անունը կնքեցինք «վերջին կամավոր»։
ԵՏ ԴԱՐՁԵՔ
Այնպես ուզում եմ Ալադին Միսակին տեսնել, այնպես ուզում եմ, որ նա երգի։ Հայդուկ զինվորների գրեթե մեծ մասը չկա։ Վերջին սպանվածը Ջնդոն եղավ Սեյդո Պողոսի հետ, իսկ Լաճկանցի հին ֆիդային մեռավ տան մեջ հրացանի կրակոցով լուսավորելով իր վախճանը, իբրև թե մեռնում է պատերազմի դաշտում։
Բայց ի՞նչ եղավ իմ խաղասացը։ Օ՜, ինչպես կուզեի նըրան տեսնել։ Ես նրան կնստեցնեի իմ կողքին, գլուխս կառնեի ափերիս մեջ և նա կհասկանար, թե ինչ եմ ուզում։
Երգիր, Միսակ, երգիր։ Երգիր էն երգ, որ այնպես սրտալի էիր երգում։
Ես հոգնած եմ, Միսակ։ Սմբատաբերդը փուլ եկավ գըլխիս, իմ Պայթող աղբյուրի նժույգները գնացին։ Այնպես ուզում եմ քո երգը լսել, էն երգը, որ գնաց, էն երգը, որ էլ չի կրկնվի։
Ես սարերն ընկած բրաբիոն ծաղիկ էի փնտրում, բրաբիոն ծաղկի երգը երգիր։
Ձիապան Բարսեղը քնած էր մսուրում։ Ես արթնացրի նրբան և մենք ձին առած միասին դուրս եկանք։
Ու՞ր ես գնում այդպես, նժույգիդ սանձը բռնած ու գըլխահակ, դատարկ խուրջինը կապած թամբիդ և հրացանը թևդ գցած։ Մտքերիդ հե՞տ ես և ծանրորեն ես քայլում։ Առաջին անգամը չէ, որ քեզ տեսնում եմ այդքան մտազբաղ։ Ին~ չո՞վ օգնեմ քեզ։ Գուցե ես նկարագրեմ քո ճանապարհը։
Դու անցնում ես Մշո դաշտով։ Ծծմակն է կանգնած քո ճամփին և վերևում մի ծանոթ քար կա։ Արի քեզ տանեմ նըստեցնեմ այդ քարին։ Դու Ծծմակով սկսեցիր քո ֆիդայական կյանքի ուղին և ղրանով գուցե ավարտես այն։
Ի՞նչ ես բեղերդ սեղմում շուրթերիդ և երեսդ շուռ տալիս, որ ձիապանդ չտեսնի։ Արաբոյի՞ն հիշեցիր։ Աջ կողմդ Տերգևանքն է, և առաջվա պես բաց է այն դուռը, որի պատից ալյուրի մաղը վերցնելով նետվեցիր ֆիդայական առաջին առասպելական կռվի մեջ։
Կողքը Ալվառինջն է։ Գևորգը հարբեց, բայց դու մի խմիր, մի խմիր այդ գյուղի գինին, այն սաստիկ թունդ է։ Եթե Ալվառինջու սարերով վեր բարձրանաս, կհասնես Հավատորիկի ձորին։ Այդտեղ սպանվեց Ավրանա Արամը, քո անվեհեր ֆիդային։ Երկու վերք ուներ, մեկը ուսին և մյուսը՝ կրծքին։ Դու քո հայդուկներով ծունկի իջար նահատակի առաջ։ Նա երկար նայեց ձեզ իր բոսորագույն աչքերով և մրմնջաց. «Իմ բանս վերջացած է... սպանեցեք ձեր ձեռքերով»։ Եվ դուք սարսափեցիք։ Ո՞վ էր, որ ձեռք բարձրացնելու հանդգնություն պիտի ունենար այդ նվիրական կյանքին վերջ տալու։ Այդ ժամանակ ձեզ մոտեցավ իր փեսա Վահանը, որ զինվոր էր եղած թուրքական բանակում և համարձակ ասաց, թե կարող է ազատել Արամին իր տանջանքներից։ Վայրկյան չանցած դուք տեսաք, թե ինչպես նա անվարան մոտենալով Ավրանա Արամին՝ շշնջաց. «Քո կյանքը հալալ արա ինձ, իմ ազիզ ախպերս» և տասնոցի երեք հարվածով վերջացրեց նըրան։
Հայացքդ վշտից առել ես թևերիդ տակ, բայց նայի՜ր դեպի ուր են ուղղված ձիապանիդ աչքերը։ Ձիուդ սանձը բըռնած նա կարոտով նայում է Մշո դաշտին։
Դե, վեր կաց, վեր կաց։ Դու լուսաստղով պիտի բաժանվես Տարբանի դաշտից։ Բարձրացրու գլուխդ և վերջին անգամ Ծիրնկատարի լուսեղեն բարձունքին նայիր։ Նայիր Սըմբատաբերդին։
Իջիր, իջիր։ Վերևում մնաց Սեյդոյի քարայրը։ Ահա Բերդակը։ Դու կանգնած ես Բերդակի և Նորշենի սահմանագլխին։ Ֆրանկ Մոսոն այդտեղ չափեց ձեր գյուղերի հողային սահմանը։ Սամիրով ճաշը այդտեղ կերար։ Գեթ իմանայի, թե կանգուն է Ֆրանկ–Նորշենի տունը։ Ես քեզ այնտեղ կըտանեի, կծեծեի նրանց դուռը և կասեի.
Կաքավ քույրիկ, մի տեղ տվեք սրան և իր ձիապանին ձեր գոմի մութ անկյունում։ Սա այն մարդն է, որ տակավին պատանի և Մուշից նոր փախած, օգնել է լուծելու ձեր երկու գյուղերի սահմանային վեճը։
Բայց, ավա՜ղ, ավեր է Ֆրանկ–Նորշենի տունը։
Քանդված է ամեն սահման ու սրբություն։ Եվ չկա մի չըվան՝ չափելու անարդարությունը անչափելի։
Այս ի՜նչ մոլեգնած ոտնահետքեր են ձիերի։ Այստեղով առավոտ վաղ Մորուք Կարոն և Չոլոն են անցել Սասնո լեռներից իջնելով։
Մորուք Կարո՜ն։ Սասունը Էրմենիստան էր դառնում և Կարոն դեռևս յոթ տարի առաջ շտապեց ամուսնանալ, որ երկիրը լցվի։ Այս գարնանը, մանավանդ, նա հաստատ հույսեր ուներ, որ ավերակների տակից հառնում է մի բաղձալի Հայաստան։ Ամեն գյուղի մեջ վառվել էր հինգ-տաս ճրագ։ Երզնկայից մինչև Կարին, Տիգրանակերտից մինչև Բաղեշ ու Վան հայրենի երդիկներից սկսել էր ծուխ բարձրանալ։
Չոլոն էլ ուզում էր իրենց գյուղում ճրագ վարել։ Եվ սակայն, նա մեկն էր սասունցի այն հեծյալներից, որ այս առավոտ իջան Մշո դաշտ։
Կա՛նգ առ։
Դու ուզում էիր Ալադին Միսակին տեսներ Խորոնք գյուղի մոտ իր հայրենի գյուղն էր։ Ահա նա իջնում է լեռներից, ավարտելով վերջին այցելությունը Ալադինի ավերակներին։
Ու՞ր ես ետ նայում։ Այդ ո՞վ է կանչում՝ ես, դարձիր։ Բերդակ սարի կաղնու՞տը, Սմբատաբե՞րդը, թե՞ Հանդակ սարի քամին։ Տես, ինչպես Մշո գետակը գոռալով դեպի հյուսիս է շտապում, իր ընթացքի հետ քանդելով հայրենի քաղաքի կամուրջները։
Դու այդ ե՞րբ անցար Սուլուխի կամուրջը և հասար Խընուս։
Հիշու՞մ ես Բինգյոլի ձյունը։ Դարձյալ ձյուն կա Դեղթափ սարին, բայց ո՛չ Բինգյոլից եկող կա, ո՛չ Խնուսում՝ շոգից տանջվող։
Թագավորին դուր չեկավ ձեր կամավորական գնդերի գոյությունը։ Վանի ազատագրումից և Բաղեշի ճակատամարտից հետո այդ գնդերը ցրվեցին։ Դրանց փոխարեն կազմվեցին հայկական հրաձգային գումարտակներ ցարական զորամասերի մեջ։ Այդպես կամեցան ինքնակալ կայսրը և Կովկասի փոխարքան։ Իսկ այժմ ցարական զորքը քաշվել է, ճակատի պաշտպանությունը թողնելով հայոց երկրապահ զորքերին։ Թշնամին սաստկացրել է հարձակումը և արագ շարժվում է դեպի Մուշ։ Կուրտիկ և Փեթար լեռների կողմից արդեն լըսվում է նրա հրանոթների որոտը։ 1916-ի գարնանը ավերակված գյուղերի մեջ վառված ճրագները նորից սկսեցին մեկ առ մեկ հանգչել, և հազարավոր հայ գաղթականներ խռնվել են Զարբհորի լեռնանցքում։
Բաղձալի Հայաստանը ամայանում է նորից։ Բայց այս ո՞վ է պառկել Խնուս–Բերդի փողոցում։ Այդ ի՞նչ զորքեր են շարժվում նրա վրայով։ Ա՜, գնդապետ Սամարցյանն է, Դոնի–Ռոստովի քաջամարտիկ զինվորականը։ Այդ նա էր, որ 1916-ի գարնանը Սիլիկովի զորամասի հետ մագլցեց Սասուն, չոքեց ու աղոթեց Մարաթուկի դեմ։ Երբ ցարական զորքը սկսեց քաշվել, նա մնաց հայկական հրաձըգային գնդի հետ հայրենի երկիրը պաշտպանելու։ Այժմ պառկած է նա Բերդի փողոցի մեջտեղ և իր վրայով զորքեր են անցնում։
Բայց այս ի՞նչ է. այս ի՞նչ զորք է իր վրայով ետ նահանջում։ Մի՞թե դրանք այն գնդերն են, որ գնացին Կարին։ Ցարական զինվորների օրինակին հետևելով նրանք լքում են ճակատը և դառնում տուն։ Հայրենասեր գնդապետը ցեխի մեջ պառկած փաթաթվում է նրանց ոտքերին, խնդրելով, որ իր վրայով չանցնեն–չգնան.
Մի՛ դարձեք, մի՛ լքել ճակատը։ Ո՞ւր եք գնում, հայ զինվորներ, ու՞ր եք գնում։ Ես ինքս ռոստովցի հայ եմ, ռուս գնդապետ, բայց պարտք ունեմ հայրենիքի հանդեպ։ Ետ դարձեք։ Բռնում–քաշում էր իր զինվորների ոտքերից, որ ետ դառնան։ Անդրանիկը Բերդաքաղաքում ասաց, «Չկարծեք, թե Կարինը չպաշտպանելով, դուք պիտի կարողանաք Բերդաքաղաքը պաշտպանել երկար ժամանակ»։ Իմ խոսքը ավելի դառն է. եթե դուք Խնուսի բերդը լքեք, մեր դիրքերը կլի՛նեն էջմիածնի պատերի տակ։ Կացե՛ք, սա մեր հայրենիքըն է, ու՞ր եք գնում, բարձրաձայն գոչում էր նա, հրամայելով, որ ետ դառնան։
Ճանաչեցի՞ր։
Այո, այդ նա է, գնդապետ Սամարցյանը։ Այդ նա է պառկած Խնուս–Բերդի ցեխոտ փողոցում։ Այդ նա է հարվածում իր զինվորների ոտքերին, որ ճակատը չլքեն։
Ծեր է, փոքր–ինչ արծվաքիթ։ Խնուս–Բերդի ընդհանուր հրամանատարն է, մեկը ռուսահայ այն հինգ երիտասարդ գնդապետներից, որոնց դու տեսել էիր Կարսի թամբագործի արհեստանոցում։ Անակնկալի է եկել Կարինի անկման լուրը առնելով։
Բայց ի՜նչ փույթ։ Հայ զինվորները ճամփան շեղելով շարժվում են դեպի Ալաշկերտի դաշտ, այնտեղից դեպի Կովկաս։ Եվ նա միայն իր նահանջող զորքի ոտնաձայնն է լսում և իր հրամանը ե՜տ դարձեք։
Նայիր այդ քաջ գնդապետին և թող նրա հերոսական պատկերը ցոլանա աչքերիդ մեջ և գալիք սերունդների սրտերում։
Ես Նոր–Նախիջևանի հայ եմ, սա իմ հայրենիքն է, ու՞ր եք գնում, վերջին անգամ բղավեց Բերդի անօգնական գընդեպետը՝ շաղախվելով ցեխի մեջ։
Բայց զորքը, տես, գնում է, անվերջ գնում, աչքերը հառած Խաթավին լեռան ձյունոտ բարձունքին և միայն մի ազդու հոգեմաշ և հետզհետե խլացող դառնագին կանչ է լսվում, որ գնդակի պես գլորվելով ելնում-իջնում է նրանց ոտքերի տակ. Ե՛տ դարձեք։
ԲԱՍԵՆՈՎ՝ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՊՈԼ
Անդրանիկը Կարին մեկնեց Բերդաքաղաքից, իր հետ ունենալով արևմտահայ կամավորներ, մեծ մասը ջարդի դիակների տակից ճողոպրած և Կովկաս ապաստանած օսման բանակի հայ զինվորներ։ Ահա մի քանիսը դրանցից. կեսարացի Ճեպեճի Սարդիս՝ ձիավոր գնդի հարյուրապետ, դոկտոր Բոնապարտ, քարտուղար Եղիշե, հիսնապետ Թորգոմ՝ Ճեպեճի Սարգիսի ձիավոր հարյուրակում, որ նախապես Սեբաստացի Մուրադի մոտ ձիապան էր եղել, թարգման Ռուբեն և այլն։
Մշեցիներից իր հետ էին Կայծակ Անդրեասը՝ սուրհանդակ, հին հայդուկ Հաջի Գևոն, խնուսցի Փիլոսը և Շավարշ բասենցին։
Սեբաստացի Մուրադը Երզնկայի ճակատը ճեղքելով նոր էր հասել Կարին, երբ Անդրանիկն իր երկրապահ զորքով այնտեղ հասավ։ Մուրադը նրան դիմավորեց իր սպիտակ ձիու վրա, սև յափնջին հագին, հարյուր հիսուն ձիավորներով։
Զորքեր կային նաև Բերդաքաղաքից և Ալեքսանդրոպոլից։
Բայց ահա վերջնագիր. «Անդրանիկ փաշին և Կարնո մեծերին, Բրեստ–Լիտովսկի դաշնագրով մեզ են թողնված Բաթումը, Կարսը, Արդահանը, Օլթին, Արտվինը։ Ուստի առաջարկում եմ ձեզ անմիջապես հեռանալ մեր սահմաններից, այլապես խստիվ պիտի պատժվեք. Վեհիբ փաշա» ։
Հայդուկ էր, չդիմացավ. նստեց և գրեց. «Զենքն է, որ պիտի վճռե, թե այս հայրենիքը մե՞րն է, թե՞ ձերը։ Ես քեզ պես փաշաներ շատ եմ տեսած։ Քեզ հետ էլ կչափվենք»։
Այս պատասխանը Վեհիբին ուղարկելուց հետո, Անդրանիկը դարձավ իր զորքին. Ես մի անհատ եմ։ Անդրանիկը ձեզնով է Անդրանիկ։ Կարգը եկած է և հաղթանակը ձեր սվինների ծայրին է, ով հայ զինվորներ։ Չկարծեք, թե Կաբինը չպաշտպանելով պիտի կարենաք Կարսը պաշտպանել երկար ժամանակ։
Անդրանիկը հրամայեց սկսել հարձակումը։ Ինքը կենտրոնից, իսկ Սեբաստացի Մուրադը և մյուսները՝ թևերից։
Պայթեցին ձայներ։
Սա մեր հայրենիքը չէ, մենք մեր երկիրը պիտի երթանք։
Զորավարը հանկարծ ետ նայեց, տեսավ բոլորը փախել են։ Բարկությունից ձիու վրայից սուրբ շպրտեց։ Սուրը զնգալով ցոլաց սառած ձյուների վրայով։ Հիսնապետ Թորգոմը վազեց բերելու։
Տղաս, ասաց Անդրանիկը, դրա ուժը անցավ արդեն։ Կանչեց Սեբաստացի Մուրադին և Ճեպեճի Սարգսին և թելադրեց զորքի նահանջը դեպի Բասեն։
Ինքը վերջինը լքեց դատարկված Կաբինը։ Մենակ է։ Ետեվից մի թարգման և մի քանի թիկնապահ են գնում Երզընկացի հիսնապետ Թորգոմը, հայդուկներ Լոլո Հաջին և Կայծակ Անդրեասը։
Գնում է և մտածում։ Ի՜նչ է սպասում իրեն և իր ժողովըրդին։ Իրեն Հայաստանի երկրապահ զորամասի հրամանատար նշանակելու համար սուր վեճեր էին ծագել հանրապետության խորհրդում։ Ասել էին, որ նա բնածին ռազմական տաղանդ է, բայց այդ տաղանդը չունի գիտական մշակում. որ նա անիշխանական խառնվածք ունի և ըմբոստ է ամեն տեսակ իշխանության դեմ՝ հայրենի թե օտար։ Ի վերջո, մերժել էին՝ ցարական կադրային զինվորական չլինելու և թուրքերին չգրգռելու պատճառաբանությամբ։ Այդ նույն օրը նա ջղայնացած զենքը ուսը առավ և գնաց ռուս հրամանատարին հայտնելու, որ ինքը կմեկնի ճակատ իբրև շարքային զինվոր, որովհետև կարելի չէր ուշանալ։
Ինչպիսի բարձր տրամադրությամբ նա Թիֆլիսից Կարին մեկնեց, անընդհատ կատակներ անելով վագոնի մեջ։ Իսկ ա՞յժմ։
Հասավ Բասենի դաշտ։
Առաջին անգամ Բերդաքաղաքից դեպի երկիր գնալիս անցել էր այդ դաշտով, գիշերելով գոմաձորցի մի հայ շինականի հարկի տակ։ Այդ դաշտով 1903 թվականի ամռանը իր հեծյալ խմբով Կովկասից դեպի Մշո դաշտ էր անցել Սեբաստացի Մուրադը, օգնության փութալով Սասնո ապստամբներին։
Ահա և Բոցիկա սարը։ Դիմացը ձյունի համատարած սպիտակության մեջ մի քանի քարաբլուրներ երևացին։ Բոցիկա հովը շնկշնկալով իջնում էր այդ բլուրների վրա։ Մեկի առաջ կանգ առավ։ Այդտեղ թաղված էին Լոռեցի Սրապը և Գյումրեցի Պոդվալի Վաղոն և դարձյալ մի հին հայդուկ «Մենակ» անունով։
Տասնհինգ-քսան տարի առաջ ռուսահայ երիտասարդի միակ ձգտումն էր, թե ե՞րբ պիտի անցնի սահմանը՝ իր հայ եղբայրներին ազատագրելու սուլթանի լծից։ Ալեքսանդրոպոլցի Վաղոն և Լոռեցի Սրապը 1904 թ. ընկերներով ճեղքել էին սահմանը և անցել երկիր, միանալու Սասնո ապստամբներին, բայց ռուսաց թագավորի հրամանով սպանվել էին սահմանագլխին և ամփոփվել աչդ քարակույտի տակ։ Բերդաքաղաքի շրջանի մի ձորի մեջ նույնանման մի քարակույտի տակ թաղված էին Սարդիս Կուկուն յանի արշավախմբի նահատակ ընկերները։ 1903-ին Խանի խմբի հետ Բասեն մըտնելիս սուլթանի բանակին բախվելով և առյուծաբար կռվելով սպանվել էին սուլուխցի Առյուծ Սերոբը և իր երկու կորյունները Հակոբ և Ավետիս։
Բասենի դաշտով ուրիշ շատ խմբեր էին անցել։ Նրանց մեծ մասին անձամբ ճանաչում էր Շապինանդը։ Հայդուկներ էին, որ մահով զինված բռնության դեմ մահի էին գնում։
Բայց բոլորն էլ գրեթե անխնա բնաջնջվեցին, ոմանք կիսաճամփին, շատերն էլ սահմանագլխի վրա, ճզմվելով բռնակալներից։ Թշվառ, հավատավոր ուխտի զինվորներ, սուրբ վերքերով պառկած անհայտ, անանուն շիրիմների մեջ։
Անդրանիկը հրացանին կռթնած երկար նայ՛եց հայդուկների բլուրներին։ Ճակատին հայկական հոգսն էր, հագին՝ ցարական գեներալ–մայորի համազգեստ, կրծքին՝ ս. Վլադիմիրի շքանշան և Գեորգիևյան խաչ։ Զորավարական ուսադիրները ծանրորեն ճնշում էին իրեն։ Հայդուկի հոգին ըմբոստանում էր այդ համազգեստի մեջ։ Ոտքը դրեց մի կոշտի։ Ձյունը փուլ եկավ։ Թիթեղյա մի ժանգոտած ջրաման պսպղաց քարի տակից։ Ո՞ր հայդուկինն էր եղել արդյոք։ Ո՞վ էր ջուր խմել նրանով։ Գուցե Պոդվալի Վաղոյի կամ Լոռեցի Սրապի տափաշիշն էր, միակ անհրաժեշտ պիտույքը զենքից հետո, որ երկիր գնացողը անպայման վերցնում էր իր հետ և սպանվելիս բարձի փոխարեն դրվում էր նրա գլխի տակ։
Տխուր մտածությունների մեջ Շապինանդը անցավ Բասենի դաշտը և հասավ Ռուսահայաստանի հին սահմանին։ Ներքևում մնաց Ալաշկերտի դաշտը։ Հայ շինականներին արգելված էր այդ դաշտում խոտ հնձել։ Դոնից և Կուբանից բանվորական ջոկատներ էին շտապում Ալաշկերտ, Դիադինի և Հին Բայազետի հովիտների խոտը հնձելու կազակական գնդերի ձիերի համար։ Այդ վայրերում մշտական բնակության համար արդեն դիմումներ էին ներկայացրել ցարական բազմաթիվ չինովնիկներ։ Մի կալվածատիրուհի խնդրել էր, որ Դիադինի հովտում իրեն հողամաս հատկացվի դաստակերտ կառուցելու։
Այդ երկու տարի առաջ էր։
Այժմ Կաբինը գրավված էր։ Թշնամին արագ մոտենում էր Կաղզվանին։ Տարոնի ժողովուրդը Խնուսից, Մանազկերտից և Բուլանուխից շարժվում էր դեպի Ալաշկերտ։ Հայ երկրապահ զորքը ետ քաշվելով քայլ առ քայլ կռվում էր ներխուժող հորղաների դեմ, որոնք ուզում էին կտրել նահանջող ժողովրդի ճանապարհը։ Հայտնի էր դարձել, որ թշնամին արդեն գաղտնի հարաբերության մեջ էր մտել Թալինի բերդի հետ։ Ալեքսանդրոպոլի և Երևանի թիկունքում սպառնալիք էր ստեղծված։
Բերդաքաղաքին չհասած Բեռնա գյուղի մոտ Անդրանիկը հանդիպեց Սեբաստացի Մուրադին։ Նա դարձյալ իր սպիտակ ձիու վրա էր, սև յափնջին հագին։ Այդ հին հայդուկապետին հարկադրել էին հեռանալ Սարիղամիշից։ Եվ նա զայրացած իր զինվորներով լքել էր Սարիղամիշը և հեռացել։
Երկճղանի մորուքով մի մալական անցավ հեռվից։ Շապինանդը կարգադրեց իր մոտ բերել նրան։ Կանչեց թարգմանին.
Հարցրու այս մալականին, թե ով է իրենց գյուղի տերը։
Բոգ վիսոկի, ցար դոլյոկի, նա զեմլյե օդին Շապուհ, պատասխանեց մալականը։
Հարցրու իրեն, թե ինչ գիտի Թալինի բերդի հետ հակառակորդի ունեցած կապի մասին։
Մալականը հայտնեց, որ Բերդաքաղաքի նահանգապետը Մ ուշից բերված մի սիրուն հարճ է ուղարկել այդ ամրոցի թաթար խանին իբրև նվեր։
Բեռնայի մալականը գնաց։
Ի՞նչ անել։
Նորից գնալ Թիֆլիս և բողոքել։ Բայց ու՞մ։ Ազգային բյուրոյի՞ն։ Վրաց մենշևիկների՞ն։ Գուցե հարկավոր կլինի Խորհըրդային Ռուսաստանի Կովկասյան արտակարգ կոմիսարին տեսնել։
Եվ գնաց։ Կոմիսարը անցել էր Բաքու։ Նա խոսք տվեց, որ Խորհրդային Ռուսաստանը ամեն կերպով կօգնի Թուրքահայաստանի անկախությանը։
Վերադարձավ Ալեքսանդրոպոլ։
Բերդաքաղաքը ընկել էր։ Թշնամին իր հարձակողական ուժերը երկու մասի բաժանած, մեկ մասով ուղղվում էր դեպի Ալեքսանդրոպոլ, իսկ մյուսով՝ Կողբի և Սարդարապատի վրայով՝ դեպի Երևան։ Ճակատից ետ քաշված բոլոր երկրապահ ուժերը հավաքվել էին Շիրակի դաշտ։ Բերդաքաղաքից այդտեղ էին հասել Սեբաստացի Մուրադը, Սարդիս Ճեպեճին, հիսնապետ Թորգոմը և բժիշկ Բոնապարտը։ Սուլուխի կամուրջից Բասենի վրայով այնտեղ էին նահանջել բասենցի Շավարշը, խնուսցի Փիլոսը և Պուճուր Աբրոն։
Ապրիլի 10–ին Անդրանիկը Ալեքսանդրոպոլում շտապ նոր բանակ կազմեց, որ Ալեքսանդրոպոլը և Երևանը պաշտպանի թուրքական հարձակման դեմ։ Այդ զորքի մոտ վեց հարյուր ձիավորը և հետիոտնը գարահիսարցի, երզնկացի և խոտորջուրցի տղաներ էին, հայդուկ զինվորներ և նախկին կամավորներ։
Հեծելազորի հրամանատար կարգեց Ճեպեճի Սարգսին, գումարտակի պետ՝ Հաջի Գևոյին։ Նշանակեց նաև հրամանատարներ, որոնցից երկուսը մշեցիներ էին՝ Սմբուլ Արշակ և Շահկա Արո։ Զորամասի երրորդ գումարտակի հրամանատարը և գլխավոր բժիշկը Բոնապարտն էր։ Թիկնապահ և քարտուղար՝ Եղիշե, թարգմանիչ՝ Ռուբեն։
Սուրհանդակը Կայծակ Անդրեասն էր։
Այդ բանակը կոչվեց «Հայկական առանձին հարվածող զորամաս»։