Хачик Даштенс
Ռանչպարների Կանչը
30
ՎԱ՜Խ, ԻՄ ԱՍԼԱՆՍ ԿՈՐԱՎ
Մշեցի հին հայդուկներից Գորիսում շատ քիչ մարդ մնաց։ Դրանցից մեկը գումակի պետ Հաջի Գևոն էր։ Զորավարի բարկության, վշտի կամ ուրախության պահերին սպայակույտի միակ անդամը, որ համ արձակվում էր նրան մոտենալ Հաջին էր։ Զվարթախոս, կենսախինդ մարդ էր Հաջին, բոլոր զինվորների ու սպաների սիրելին։ Տարիքով ծեր էր, ոտքից էլ թեթև կաղում էր, բայց բնավորությամբ ու խառնվածքով երիտասարդ էր։ Ելնում էր միշտ առավոտ շատ վաղ, երբ ամենքը քնած էին, և չերքեզկան հագին, թուրը կապած, երկաթակոթ ծխամորճը ձեռքին, շվշվացնելով անցնում էր Գորիսի փողոցներով։ Սովորություն ուներ կանգնել Շապինանդի լուսամուտի տակ և բարձրաձայն սուլել իր հայդուկային հին երգը, որի ամեն երկու–երեք բառերից մեկը «լոլո» էր։
Այդ առաջին գիշերն էր, որ Անդրանիկը հոգնած քուն էր մտել քարե մսուրում, Մախլուտոյի և իր ձիավոր զորքի մեծ մասի բացակայությամբ։
Առավոտ կանուխ իր պատուհանի տակով անցավ Հաջի Գևոն, բարձրաձայն լոլո կանչելով։ Շապինանդը բարկությամբ բաց արավ լուսամուտը և հրամայեց նրան ետ դառնալ։
Հաջին մոտեցավ։
Լսի՛ր, դու քու՞րդ ես, թե՞ հայ։
Հայ եմ, զորավար, և այն էլ մանազկերտցի։
Դու երևի մանազկերտցի քրդերից ես։ Ի՞նչ ես ամեն առավոտ լուսամուտիս տակ լոլո կանչում։ Շարքային հասարակ զինվոր էիր. ես քեզ սպա դարձրի, հետո էլ կարգեցի զորամասի գումակի պետ, որ իմ և զորքի քու՞նը խանգարես քո լոլոներով։
Հայդուկ եմ եղել, զորավար, և այդ երգը միշտ իմ շուրթերին է։
Հայդուկ ես եղել։ Իսկ մենք քո կարծիքով երկնքի՞ց ենք ընկեր Վարժվիր զինվորական կարգ ու կանոնի։ Չերքեզկա և հանկարծ՝ լոլո։ Հիմա լսիր իմ հրամանը։ Մեր քառանիվ սայլերը արագ նորոգվում են. ազգային խորհրդի տղաներին զգուշացրու, որ վաղը վերջին օրն է։ Սարգիս Ճեպեճին էր մեր ձիանքը պայտում։ Նա հիմա չկա։ Գորիսում կամ գաղթականների մեջ շտապ մեկ–երկու պայտառ գտիր, որ զորամասի ձիերը պայտեն։ Աղբյուր Սոսեն երկու օր առաջ գանգատվեց, որ իր ձիու պայտերից մեկը մնացել է Որոտանի կիրճում։ Հիսնապետ Թորգոմ ի ձիու պայտն էլ ընկած է։ Ստուգիր և երկուսի ձիերն էլ պայտել տուր։ Մի խոսքով, քո լոլոները պակասեցրու և նալերը շատացրու։ Կարգադրել էի, որ քաղաքում մնացած գաղթականներին պարեն բաժանեն։ Իմացիր, բաժանեցի՞ն, թե ոչ։ Ճրագվառոցին կգաս զեկուցելու։
Լսում եմ, զորավար։
Դե, հիմա գնա։
Հաջի Գևոն ամբողջ օրը զբաղվեց զորավարի հրամանը կատարելով։ Երեկոյան, երբ շվշվացնելով վերադառնում էր սպայակույտի կենտրոնատեղին, արձանացած կանգ առավ մի տեսարանի առաջ։
Մի աշխույժ խութեցի գետափի կոտրած գերաններին գաղթականների մի խումբ շուրջը ժողոված, ոգևորությամբ հեքիաթ էր պատմում,
«Սեբաստացի Մուրադ Սարիղամիշեն անզեն կհասնի Թիֆլիս քաղաք։ Գեներալ Նազարկեբով նրան կկանչե իր քով, կասե. «Մուրադ, մենք օսման թուրքի հետ խալ ու խարզ ենք հիմա։ Մեր մեջ կռիվ վերջացած է։ Դու կուզես, որ քո և Անդրանիկի պատճառով մեր մեջ նորից կռի՞վ էղնի։ Շուտ առ քո սև յափնջին, առ քո սպիտակ ձին ու հեռացիր էստեղից»։ Մուրադ կառնի իր սև յափնջին, կհեծնի իր սպիտակ ձին, ինքն էլ քաջ սիրուն տղամարդ կեղևի, կերթա Հյուսիսային Կովկաս։ Իր ետևից նորից հեռագիր կգա, թե ավելի հեռու գնա։ Մուրադ կերթա կհասնի Հաշտարխան։
Կլսե, որ էդ կողմերը մի կարմիր հրամանատար կա, անունը՝ Վորոշիլով։ Զին կքշե կերթա էդ հրամանատարի քով։ Բարև կիտա, բարև կառնե ու կարմիր հրամանատարին կասե. «Դուք Լենին փաշի հետ զորք ու զենք եք վերցրե ազատ կյանքի համար։ Մենք լե ռանչպար մարդիկ ենք ու մեր կռիվ աշխարհի բեկերի ու զոռբաների դեմ է, էլ կարելի՞ է տարակուսել, որ ձեզ հետ ենք»։ Վորոշիլով կասե. «Որ էդքան քաջ մարդ ես ու մեր գործին համակիր, մեր ընկեր Ստեփա՛նոս Շահում յան Բաքվի մեջ նեղ տեղ է ընկած։ Ել գնա Բաքվի ճակատ»։
Զենք տուր էրթամ։
Վորոշիլով իրեն զենք կտա։ Ու Մուրադ նույն օր, ձին տակ, հրացան թևին, կանցնի Բաքվի ճակատ ու կկանգնի Ստեփանոս Շահումյանի կողքին։
Էնի թող էնտեղ մնա, մենք ջուղաբ տանք Անդրանիկից։
Անդրանիկ, որ կհասնի Աբրակունիս, կնստե նամակ կըգրե Ստեփանոս Շահում յանին։ Նամակի մեջ կգրե. «Ես, դարբնի տղա Շապինանդ, Գողթան գավառ և Նախիջևանի գավառ, և Մեղրի գավառ կարմիր դրոշակի տակ առա»։ Գի՛շերով կերթա Կղնութ ու իր նամակ անթել հեռագրով կքաշե Բաքու։
Շահումյան Ստեփանոս կվերու Անդրանիկի անթել հեռագիր ու կքելե Լենինի քով. թե հալ ու հալբաթ էսպես բան, զորավար Անդրանիկ իր զորքով մեր կողմ անցավ։
Լենին կհարցու. Անդրանիկ ու՞մ տղեն է։
Դարբնի տղա է, կպատասխանի Շահում յան Ստե՛փանոս։
Բարև արա Անդրանիկ փաշին, կասե Լենին։ Ու շատ կուրախնա, որ դարբնի տղա Անդրանիկ Նախիջևանի վրա կարմիր դրոշակ է քաշել։
Շահում յան Ստեփանոս կնստի ու նամակ կգրե Անդրանիկ փաշին, թե քո ընկեր սեբաստացի Մուրադ արդեն Բաքու է հասե, դու ինչու՞ ես նստե Աբրակունիս, շուտ վեր կաց արի։ Ու էն ժամանակ, որ Շապինանդ կկարդա Ստեփանոսի նամակ և Լենինի բարևներ և կուզե ձի նստել, որ իր զորքն առնի Բաքու էրթա, կտեսնի իր ձին չկա։
Իմ ձին գողցան, կգոռա փաշան։
Հարյուրապետ Ճեպեճի Սարդիս և հիսնապետ Թորգոմ բժիշկ Բոնապարտի հետ վազելով կիգան։
Իմ ձին ու՞ր է, կհարցու փաշան։
Չգիտենք, քոլ ձիապանին հարցու։ Էստեղ փաշան կհերսոտի։ Մի չափալախ կիտա Ճեպեճի Սարգսին, մի չափալախ կիտա հիսնապետ Թորգոմին, իսկ բժիշկ Բոնապարտը լեղապատառ կփախչի։
Կկանչե Հաջի Գևոյին։
Իմ ձին ու՞ր է, կհարցու փաշան։
Ագուլիսից վերև ձորի մեջ մի հին վանք կա։ Հաջին կհիշե, որ Սեյդավարի կռվից հետո զորավարն Ասլանին ուղարկել էր էդ վանքին պահելու։
Քու ձին տվել ես վանքին պահելու, կպատասխանե Հաջին։
Շուտ մարդ ուղարկե թող բերի։ Ես էդ ձիով Բաքու՝ Ստեփանոս Շահումյանի հավարին պիտի էրթամ։
Հաջի Գևոն մարդ կուղարկե վանք, բայց դատարկ ետ կգա։
Հեյ վա՜խ, կասե փաշան, մեր վանքերն էլ անսուրբ դարձան։ Ու մի չափալախ կիտա Հաջի Գևոյին։ Հաջի Գևոն ցավից երկու ականջ կբռնե ու կգոռա։ Էդ գոռոցի վրա ներս կմտնե Սմբատ փաշան։
Իմ ձին ու՞ր է, կհարցու փաշան ու մի չափալախ կիտա Սմբատ փաշին։ Դեռ մինչև էդ օր Անդրանիկ փաշան Սմբատ փաշի վրա ձեռք բարձրացրած չկար, էնքան որ կըսիրեր էնոր։
Սմբատ փաշեն կասե. «Եկեք էրթանք էդ խելռտուկի ձին գտնենք, թե չէ մենք դրա ձեռքից պրծնող չենք»։ Ճեպեճի Սարգսին ուղարկեց Գողթան գավառի Վերին Ագուլիս ու Յըղնա, հիսնապետ Թորգոմին՝ Սեյդավար։ Հաջի Գևոն ականջը բռնած շվշվացնելով կերթա Նախիջևանի սարերը։ Իսկ ինքը մի քանի սասունցի ծուռ հայդուկ իր հետ առած՝ Մորուք Կարո, Չոլո և Արծիվ Պետռ, մինչև Ջուլֆա կհասնի։ Շատ ման կգան, չեն գտնի։ Ճարահատյալ ետ կգան։
Վախ, իմ Ասլանս կորավ, կգոռա Անդրանիկ փաշան ու բարկությունից ամեն մեկին նորից մի չափալախ կտա։ Ամենամեծ չափալախ էլի բաժին կընկնի Հաջի Գևոյի ականջակոթին։
Ես լսել էի, որ գաղթականների մեջ բռնաշենցի մի հիանալի հեքիաթ պատմող կա, բայց տեսած չկայի, ասաց Հաջի Գևոն գերանների վրա նստած մարդկանց մոտենալով։ Անունդ ի՞նչ է։
Իմ անունը Ծաղիկ Համբարձում է։ Էդ հեքիաթ պատմողը ես եմ։
Քանի՞ տարի է, որ հեքիաթ ես պատմում։
Հա՜ կպատմեմ։ Վերջին ասացողի ձեռքից կառնեմ, մեկ երկու նախշ կդնեմ վրեն ու կտամ ինձնից հետո եկողին։ Իմ հեքիաթին վերջ չկա։
Հիանալի պատմություն է։ Բայց մի բան ասեմ, Համբարձում եղբայր, դեռ մինչև էսօր Անդրանիկ փաշան ինձ ապտակ տված չկա։
Ինչի դու ո՞վ ես։
Ես Հաջի Գևոն եմ։
Հեքիաթի մեջ կիտա, դու խաբար չես էղնի։ Ուրեմն Հաջի Գևոն դու" ես։ Ես քոլ լոլոն լսել եմ, բայց քեզ տեսած չկայի։ Հեքիաթն էլ իմ լոլոն է, պարոն Հաջի։ Դու քո լոլոն առավոտ կշվացնես, ես՝ իրիկվան, ասաց բռնաշենցին բեղի ծայրը մատի վրա բարակ ոլորելով։ Ասում ես, փաշան քեզ ապտակ տված չկա։ Ինչու Փեթարա Ախոն քեզնից պակա՞ս տղամարդ էր, որ նրան ապտակ տվեց։ Էդ էլ հո հեքիաթ չէ։ Ախոն ի՞նչ իրավունք ուներ խեղճ անգեղակոթցու առվույտը տանիքից ցած թափել։ Կամ Սմբատ փաշա՞ն էր պակաս տղամարդ, որ նահանջ տալու համար արժանացավ Շապինանդի ապտակին։ Էդ բոլորը փաշան արել է Հայաստանի պատվի համար, իմ ու քու պատվի համար։ Քանի որ
խոսքը տեղն էկավ, մի կարճ բան պատմեմ, մինչև Անդրանիկի ձին գտնենք։ Խութեցի Սալիմ աղեն իր քոլոզը տարավ դըրեց ճամփի մեջտեղ։ Շաքիր իշեց տեսավ ճամփի վրա իր դուշմանի քոլոզն է դրված։ Կարծելով թե Սալիմն սպանվել է, նշան բռնեց նրա քոլոզին։
Դու իմ քոլոզին զարկեցիր, ուրեմն ինձ զարկեցիր, բոռաց Սալիմ աղեն ու զարկեց սպանեց իր քոլոզի վրա նշան բռնողին։ Հիմա դու իմ հարցին պատասխան տուր, պարոն Հաջի, մեր ազգության պատիվ մի քոլոզի չա՞փ էլ չկա, որ Անդրանիկ փաշեն նրա վրա նշան բռնողին անպատիժ թողնի, կամ նրա տանիքի բարդոցը քանդողին մի ապտակ չտա։ Հիմա ջուղաբ տանք Անդրանիկի ձիուց։
ԵՐԵՔ ԲԱՂԱՐՋ
Ծաղիկ Համբարձումը փաթաթեց մի գլանակ և շարունակեց.
Լուսադեմին Շապինանդ Մորուք Կարոյին, Չոլոյին և Սաֆար–Պետոյին ուղարկեց սասունցոց պոլկ, իսկ ինք հագավ ախոռապետի շոր ու մի փոքրիկ ձիակապ առնելով, մեն-մենակ ընկավ ճամփա։ Հազար ձի խրխնջար, Անդրանիկ իր ձիու խրխնջոց կջոկեր հազարի միջից։ Հազար ձի անցներ ճամփով՝ գիտեր թե իր ձիու կճղակի տեղ որն է։
Վեց օր, վեց գիշեր ման եկավ։ Յոթերորդ օրվա հրամկային տեսավ մի մարդ ելավ ցախուտից, ետևից մի սել անտառափայտ քաշ տալով։ Մոտեցավ, հարցրեց.
էդ փայտ ու՞ր կտանես։
Վաճառելու։
Անտառի մեջ ձի կամ ձիու հետք տեսա՞ր։
Ոչ ձի տեսա, ոչ ձիու հետք, պատասխանեց փայտավաճառ գյուղացին։
Վա՜խ իմ Ասլանս, ու գլխին զարկեց փաշան։ Խոսքը բերանին տեսավ կողքի չեչոտ սարով մի ծեր մարդ կերթա՝ ետևը համետած մի ձի, վրան քառսուն փութ աղուն բարձած։ Զիու տեսք վագրի էր, ոտքեր բարձր ու բարակ։
Ասլանն էր։
Ճմլվեց Անդրանիկի սիրտ իր նժույգին էդ վիճակի մեջ տեսնելով։
Հեռվից ձեռքով արեց ու հևիհև վազեց։ Գյուղի ճամփին բռնեց ծերունուն։
Բարև, մեծ ախպեր։
Բարին արևդ, փոքր ախպեր, ինչի՞ ձեռքով արիր։ Ձի՜ն, ձի՜ն ափսոս է։ Ինչի՞ ես վրեն համետ դրել։
Բա համետն ինչի՞ վրա դնեմ։
Չէ որ դա Շապինանդի ձին է։
Դու Շապինանդի ի՞նչն ես։
Ես նրա ախոռապետն եմ։
Շապինանդն ախո՞ռ ունի, որ ախոռապետ ունենա, պատասխանեց զանգեզուրցին։ Նրա բարձը մի ժեռ քար է ու ձիու սանձը միշտ բռի մեջ։ Մեր փաշան ոչ տուն ունի, ոչ ախոռ։
էդ մեկը դու ճիշտ խոսեցիր։ Բայց էդ պուտ-պուտ խալերով գրաստը նրա ձին է, ու քոլ փոքր ախպերն էս մի շաբաթ է սար ու ձոր ընկած դրա ետևից ման կգա։ Եկ էդ բեռն ու համետը վրայից ցած առ ու իմ հրեղեն ձին տուր տանեմ։
Ի՜նչ ասացիր։ Հրեղե՜ն։ Էս քոսոտ ձի՞ն է հրեղեն, զարմացավ ծերունին։ Մի էս շրջանի գյուղերը ման արի Ագուլիս, Ցղնա, Փարագա, տես թե մարդիկ ինչ հրաշք են տեսել։ Փաշեն նստել է ձին։ Ձին խրխնջացել է ու առջևի ոտքերը բարձրացնելով էնպես է զարկել Խոյ քաղաքի պատերին, որ պատը մեջտեղից ճղվել է, ու ինքն ու իր ձին մտել են ներս։ Ծուխն ու մուխը, ձիու խրխինջն ու թոփի ձենը խառնվել են իրար։ Ա՜յ, դրան կասեն փաշա, դրան կասեն հրեղեն ձի։ Իսկ դու եկել աչք ես տնկել էս քոսոտ գրաստին։
Մեծ ախպեր, սա Շապինանդի ձին է, ես եմ կորցրել, ես էլ պետք է գտնեմ։ Էս ձին մի ասորի ցեղապետ է նրան նվիրել Սասնա սարի վրա և անմահական Է, որովհետև հրեղեն ձիու շունչ է դիպել նրան։
Հիմա էլ անմահակա՞ն դարձավ։
Հրեղեն է և անմահական։
Քո փաշեն հիմա որտե՞ղ է։
Քնած է վրանի տակ։
Փոքր ախպեր, կամ դու ես գիժ, կամ ինձ ես գժի տեղ դրել, նեղացավ սարեցին։ Շապինանդն հիմա Խոյ քաղաքի թագավորի թախտին նստած իր շորերն է թափ տալիս գնդակներից։ Սմբատ փաշեն էլ թագավորի նալբանդին կանչել է, որ նրա ձիու մաշված պայտերը փոխի։ Էս ինչ ժամանակ է, որ ազգի հերոսն հանգիստ քնի վրանի տակ։
Դու էդ հեքիաթը սարքեցիր, որ տիրանաս փաշի ձիուն, ասաց ախոռապետը։ Ճիշտ է, որ Շապինանդը կռվով հասել է մինչև Խոյ և Սեյդավար, բայց նա ամենևին փափագ չունի թագավորի թախտին նստելու։ Նա թշնամի է թագավորներին և ինձ շտապ ուղարկել է իր ձին գտնելու, որ նստի Բաքու էրթա։ Էդ փաշա ասածդ շատ հասարակ մարդ է։ Օր է եղել, որ մենք միասին նույն մսուրի մեղ ենք քնել և տանտերը ինձ ավելի մեծ պատիվ է տվել, կարծելով թե Շապինանդը ես եմ։
Սու՛տ է, որ դու նրա ախոռապետն ես։ Սու՛տ է, որ մի ասորի ցեղապետ է էդ ձին տվել նրան։ Եթե նա էլ քեզ պես մի հասարակ ծառա է, ուրեմն էլ ի՜նչ փաշա, բարկացավ զանգեզուրցին ու ձին շարժեց առաջ։
Կճղակների տեղերը տես, բոլորովին տարբեր է ուրիշ ձիերի ոտնատեղերից, բոռաց ախոռապետը ետևից կռանալով և ցույց տալով ձիու մանրիկ թարմ հետքերը գետնի վրա։
Հիմա էլ կճղակներին կպա՞ր։ Ո՞վ է էդ ձևով ձիու տեր դարձել աշխարհի վրա, հերսոտավ զանգեզուրցին ու սկսեց նոր երդումներով հավատացնել, որ ինքը էդ ձին առել է մեղրեցի մի շինականից, սա էլ իր հերթին առած է եղել նախիջևանցի մի ձիավաճառից։
Ախոռապետի և ծերունու վեճի վրա շատ մարդիկ հավաքվեցին գյուղաճամփին։
Է, աղեկ, որ անհավատ ես, եկ էսքան մարդու առջև դու էլ կանչիր Ասլան ջան, ես էլ կանչեմ, տեսնենք որի կանչին ձին պատասխան կտա։ Ում կանչի վրա խրխնջաց՝ ձին նրանն է, առաջարկեց ախոռապետը։
Զանգեզուրցին համաձայնեց ու նրանք հերթով դիմեցին ձիուն։ «Ասլանս, Ասլանս», կանչեց սարեցին, բայց ձին նրա կանչին անտարբեր մնաց։ Շապինանդը դիմեց նրան իր սովորական փաղաքշական ձայնով. «Ասլա՜ն, Ասլա՜ն»։ Ջին ականջները սրելով բոլորի առաջ բարձր խրխնջաց։
Հիմա համոզվեցի՞ր, որ սա Շապինանդի ձին է, հարցրեց ախոռապետը։
Համոզվեցի, ախպեր, բազմության առաջ երկու ձեռքը վեր բարձրացնելով իր պարտությունը խոստովանեց ծերունին։
Բայց ես քեզ առանց գրաստի չեմ թողնի, հուսադրեց ախոռապետը։ Գնանք մեր գումակը և ուզածդ ձին վերցրու։ Մի քիչ էլ կանխիկ դրամ կտամ։
Կանխիկ դրամը հիմա տուր։
Ինձ մոտ դրամ չկա։ Սասունից մինչև էստեղ գանձի փոխարեն իմ ձեռքի մեջ միայն էս ձիու դատարկ սանձն է եղել։
Զանգեզուրցին Ասլանի վրայից կվերցնի բեռն ու համետը։ Ախոռապետը կհեծնի ձին։
Ո՞վ է էդ մարդը, կհարցնի անթացուպին հենված մի հայ զինվոր, ճեղքելով բազմության շարքը։
Շապինանդի ախոռապետն է, կպատասխանեն ներկաները։
Ոչ, դա ինքը Անդրանիկ փաշան է։ Նա ծպտված է ախոռապետի շորերով, կբացականչի զինվորը և հիացմունքից ու զարմանքից առաջ կգա զինվորական գլխարկը նրա ետևից հանելով։ Ես նրա առանձին հարվածող զորքի մեջ էի։ Իմ վերքը Խոյի ճակատամարտին ստացա։
Էդ խոսքի վրա բոլորը իրենց գլխարկներ կհանեն և շուռ կգան ձիավորի կողմը, որ մոտիկից տեսնեն նրան։ Բայց Շապինանդն արդեն Ասլանի ականջը մտած կբարձրանար սարով։
Ճամփան ձորնիվեր զառիթափ ու ցից կերթար։ Էդ ձորի փորի մեջ մի ուրիշ ձոր կեղնի։ Էդ ձորի մեջ էլ մի պստիկ ձոր։ Կքշե ձին ու էդ նեղ ու ցից ճամփով կելնի վեր։ Էդ սարի վրա յոթ ճամփա կբացվի իր առաջ։ Կմոլորվի ձին, չգիտի ո՛ր ճամփով էրթա։ Ետ ու առաջ կերթա կգա ու կգլորվի կընկնի առաջին մեծ ձորի փորի մեջ։ Էստեղ Անդրանիկի ուշք կերթա, թամբից կպատի ցած։ Երկու ալրոտ տղամարդ ձորի միջից վազելով կգան կբռնեն թևից։ Կասեն՝ այ մարդ, ինչ պատահեց քեզ, ինչու պատար ցած։ Կասե՝ հազար ձի խըրխնջա, ես իմ ձիու խրխինջ կջոկեմ հազարի միջից։ Հազար ձի անցնի սարով, ես կերթամ կկանգնեմ իմ ձիու կճղակի վրա, բայց էս սարի կողեն յոթ ճամփա բացվեց իմ առաջ։ Ես ու իմ ձին մոլորվեցինք, չգիտենք, թե ո՛ր ճամփով էրթանք։ էդ մարդիկ ջաղացի առվից ջուր կբերեն կցանեն Իր վրեն. ուշքի կգա։ Կասեն՝ դու ո՞վ ես։ Կասե՝ ես Անդրանիկ փաշեն եմ, Բաքու՝ Շահումյանի հավարին կերթամ։
Ծեր ջաղացպանը Շահում յան Ստեփանոսի Բաքվի ընկերներից կեղնի։ Երեք բաղարջ կեփե կդնե Անդրանիկի խուրջինի մեջ, կասե՝ էդ յոթ ճամփից երեք ճամփեն աջ կողմի թող, երեք՝ ձախ կողմի, ու մեջտեղի ճամփով քելե։ Բաքվի ճամփեն էդ է։
Անդրանիկ խուրջինը երեք տաք բաղարջով կկապե թամբին ու Ասլանին հեծնելով կհասնի Բեստ։ Բեստի մոտ նամակ կգա Բաքվից, որ Շահումյան Ստեփանոս և իր քսանհինգ ընկերներ սպանված են։ Շապինանդ էստեղ կընկնի թամբին ու կիլա–կիլա ու կբարձրանա սարով։ Մեկ էլ էն կտեսնի, որ կանգնած է Փարագա գյուղի ձորի գլխին, անտառի մոտ։ Ով, տեր աստված, կասե, ես, որ Սելիմից Վայոց ձոր իջա, արտ ու անտառ կանաչ էր, մըկա ցորենն լե հասավ՝ ես դեռ Քաջարանի ճամփին եմ։ Փարադաշտի կողմից մի սև ագռավ կգա ու կնստի էն ծառի վրա, որի տակ Անդրանիկի ձին էր կանգնած։
Յաման, անծեղ, աստծո հավորի՛կ, կասե, էդ ինչ սև թուղթ է սպիտակ կտուցիդ մեջ։
Խոսք բերանին՝ թուղթը կընկնի ձիու մեջքին, անծեղ կթռնի կերթա։ Մեկ էլ էն կտեսնի Անդրանիկ, որ ընկած տեղը սևցավ։
Զին իմաստուն էր, դարձավ ասաց, Հեյ վա՜խ, Շապինանդ, քո ընկեր Սեբաստացի Մուրադ սպանված է, ու իր զորք էնոր տարե թաղել է Արմենիքենդ գերեզմանատուն։
Շապինանդն էնտեղ վշտից ձիու վրա շուռ կգա։ Խուրջին կպոկվի թամբից, ու բաղարջներ վերևից կգլորվեն ձոր։
Ողորմի, հազար ողորմի բոլոր անմեղ սպանվածների հոգուն, աստված ձեր անդարձին դարձ ի տա, դուք էլ, որ անմեղ եք՝ հասնեք ձեր մուրազին։
Ճրագները հանգչում էին, երբ Հաջի Գևոն ներկայացավ Շապին անդին։
Կարճ զեկուցիր։
Քառանիվ սայլերը վերանորոգված են, փաշա, բոլոր ձիերը պայտված են։ Հեծելազորը կազմ ու պատրաստ է վաղվա համար։
Գաղթականների մոտ եղա՞ր։
Եղա, փաշա։ Նրանք գետափի գերաններին նստած հեքիաթ են պատմում ձեր մասին։
Հեքիա՞թ։ Մեր ժողովուրդը սիրում է խալիչա գործել։ Երկնքից քանի՞ խնձոր ընկավ։
Երկնքից ընկավ երեք բաղարջ։ Մեկը Լենինի, մեկը Ստեփանոս Շահում յանի, իսկ մյուսը՝ մեզ բոլորիս համար։
Քեզ բաժին չմնա՞ց։
Իմ բաժինը մի ապտակ եղավ, որ տվել ես ինձ հեքիաթի մեջ։
Հիմա դու իրավունք ունես լոլո կանչելու. դե կանչիր։
Լո լո, լո լո, լո՜...
ԳԻԲՈՆ
Գորիսի հրապարակի վրա շարված էր ձիավոր զորքը։ Կանգնած էր հոգևոր դասը և ժողովուրդը։
Զանգեզուրի հայ կանայք կարմիր դրոշակ էին գործել Անդրանիկի զորքի համար։ Ոսկեթել ծոպերով մետաքսե կըտորի վրա ասեղնագործված էր «Հայկական առանձին հարվածող զորամաս»։
Անդրանիկը դրոշակը ընդունելով ամենատարեց կնոջ՝ գորգագործ Սուլթան բաջու ձեռքից՝ ասաց. «Մինչև հիմա շատ դրոշակներ են նվիրված, որոնք բոլորն էլ խորհրդանիշ եղած են ավերի, ջարդի և դժբախտության։ Կուզեի, որ սա վերջին դրոշակը լիներ, որ հայ մայրը կուտա իր որդուն՝ նրան դեպի կռվի դաշտ քաջալերելով։ Կմաղթեմ, որ սա նշանակ լինի հաջողության և խաղաղության։ Ես այս փառապանծ դրոշակը վերցնում եմ խոր գիտակցությամբ և զգացումով, նախ և առաջ մեր պատմության, մեր ապագա սերունդների Հայաստանի առաջ, նաև համայն Սիսիանի և Գորիսի հայության առաջ։ Հավատացած եմ, որ ապագային, երբ երկիրը խաղաղվի, նրանք պիտի օրհնեն ահա այս օրը և այս դրոշակը»։
Մեր հանդիսավոր արարողությունից հետո ձիավոր զորքը կարմիր դրոշակը բարձր ծածանելով սրընթաց առաջացավ քաղաքից դուրս։ Մութը կոխած էր, երբ Խնձորեսկի վերևով հեծելազորը հասավ Տեղ՝ Գորիսի վերջին գյուղը։
Ցից անդունդ էր Զապ ձորը, ապառաժ ու լերկ։
Շապինանդը զորքը քաշել էր այդ ձորի մեջ և հեռադիտակը ձեռքին, թնդանոթի կողքին կանգնած հրամայում էր հերթական համազարկը տալ, երբ սպիտակ պաստառով մի ավտոկառք երևաց ձորի հինավուրց կամուրջի մոտ։
Երեք ձիավոր փութացին դիմավորելու։
Նրանցից մեկը շուտով ձին քշեց եկավ և հայտնեց, թե անգլիացի մի գնդապետ է եկել հաշտության բանակցության համար։
Անու՞նը։
Գիբոն։
Սպայակույտի անդամները առաջարկն ցին շտապ կարգի բերել վրանը։ Շապինանդի վրանը հաստատված էր կրակի առաջին գծի վրա, մի հսկա ժայռի կողքին։ Վրանի առաջ փողփողում էր Գորիսի հայ կանանց կարմիր դրոշակը։
Հաջի Գևոն և հիսնապետ Թորգոմը շտապով մի քանի գորգեր պարզեցին վրանի մեջ, բարձ դրին և իրեն խնդրեցին, որ շքեղ երևույթով երևա օտար զինվորականին, և նրբան ներս հրավիրի շեմքին կանգնած։
Աղեկ, աղեկ, այդքան գիտենք, դուք ձեր գործին նայեցեք, ասաց Անդրանիկը։ Նա հագավ իր զինվորական համազգեստը, պատվանշանները կախեց, մազերը սանրեց դեպի ետ, ինչպես անում էր սովորաբար, բեղի ծայրերը ոլորեց և ելավ դուրս անգլիացի գնդապետին դիմավորելու վրանի առաջ։
Սպիտակ դրոշակը անցավ կամուրջը և հասավ ճանապարհի այն կետը, որ ամենամոտն էր վրանին։ Այդտեղ երկու վաշտ հետևակ և ձիավոր էր շարված իբրև պատվո պահակ։
Գնդապետը իջավ կառքից։ Շապինանդի թարգմանը նրան ընդունեց և խոնարհ կանգնած զինվորների առջևից անցկացնելով, ուղղվեց դեպի վրան։
Զապողի ձորը, որի երկինքը ամբողջ գիշերը կարմրած էր զորամասի խարույկների կրակներից, դեռևս հանդարտ ծըխում էր։ Ճանապարհի ամբողջ երկայնքով հայ զինվորները փոսերի մեջ և ժայռերի տակ ինչ–որ բան էին խանձում կըրակների վրա։
Այդ ի՞նչ են անում, զարմացած հարցրեց գնդապետը։
Ցորեն են խանձում հացի տեղ ուտելու համար։
Ուրեմն այս տեսակ հաղթություն տանող հայ զինվորը այս ապրուստի՞ն է դատապարտված։
Այո։
Իսկ եթե մեր զինվորների ապրուստը ունենային, ինչե՞ր կարող էին անել։
Հայոց զորավարը իր վրանի առաջ բարի գալուստ մաղթեց գնդապետ Գիբոնին և հրավիրեց ներս մտնել, ուր, իհարկե, ոչ սեղան կար, ոչ աթոռ, բայց միայն գետնին պարզած գորգեր և մեկ–երկու բարձ՝ ծալապատիկ նստելու համար։
Միջահասակ, նիհար կազմվածքով և անշուք արտաքինով մի զինվորական էր հաշտության բանակցությունների համար եկողը։ Շապինանդը նրա համեմատությամբ շքեղ երևույթի և տարազի մեջ էր։ Հայ զորավարի հայացքը խըստություն էր արտահայտում, բայց աչքերի մեջ զվարթասիրություն և բարեմտություն կար։ Գիբոնը հասկանում էր, որ իր դեմ կանգնած է մի երևելի հայ զինվորական, որ վերջին պահին Նախիջևանի գավառր հայտարարել էր Ռուսաստանի հանրապետության անբաժանելի մասը, գործակցության մեջ մտնելով Կովկասի կարմիր կոմիսար Ստեփան Շահումյանի հետ և իր զորամասը դնելով Սովետների իշխանության տրամադրության տակ։ Երկուսն էլ մի պահ շեշտ նայեցին իրար և պատրաստվեցին նստել։
Անդրանիկը նստեց ծալապատիկ, ոտքերը սապոգներով արագությամբ տակը ծալելով։ Անգլիացին սովոր չէր արևելյան այդ վարժությանը և բավական չարչարվեց, մինչև որ իր երկար չոր սրունքները մի կերպ դասավորեց նույն դիրքով։
Երկուսի մեջտեղ նստեց թարգմանը։
Զորավար Գիբոնը սկսեց պարզել իր գալու նպատակը։ Ասաց, որ ինքը գալիս է Բաքվից, դաշնակից զորքերի ընդհանուր հրամանատար Թոմսոնի կողմից։ Նամակ եմ բերել և եկել եմ հայտարարելու, ասաց նա, որ դաշնակիցները հաղթությունը շահած են և գերմանացին ու թուրքը պարտված են չարաչար։ Զինադադար է, հետևաբար պիտի խնդրեի, որ դադարեցնեիք կրակը և զենքը վայր դնեիք առանց մի թիզ այլևս առաջ շարժվելու։ Թոմսոնը հայ զորավարից պահանջում էր կասեցնել առաջխաղացումը և կանգ առնել այնտեղ, որտեղ այդ հրամանը կհասնի տեղ։ Զինադադարի խախտումը ձեր կողմից թշնամական ակտ պիտի նկատվի դաշնակիցների դեմ և հետևաբար ձեր դեմ պիտի գտնի դաշնակիցն երի միացյալ դիմադրությունը։
Անդրանիկը հապճեպով կտրեց նրա խոսքը։
Իսկ մեր հաշիվնե՞րը։
Ձեր հաշիվները պիտի պարզվեն հաշտության սեղանին, խաղաղ և արդար կերպով, որին դուք արժանի եք ձեր անհուն զոհաբերությամբ։
Հայ զորավարը թարգմանչի թևը մշտելով՝ ասաց.
Ըսե իրեն, որ ես դիվանագիտություն շատ չեմ հասկնար և շատ ալ վստահություն չունեմ, բայց սիրով կընդունեմ զինադադարը, պայմանով, որ խոստումները կատարվեն։
Քիչ վերջը զինադադարի փողեր հնչեցին երկու ճակատից։ Պարտված թշնամին գոհ էր, հաղթանակած հայը՝ տխուր։
Սրակները մարեցին Զապողի ձորում և վրանը ծալվեց։
Իսկապես, այս ի՞նչ տարօրինակ շեփորներ են և ինչու են իր զինվորները այդքան հուսաբեկ կանգնած։
Անդրանիկը ձեռքի մեջ ամուր սեղմել էր ընդհանուր հրամանատարի նամակը։ Աչքերի մեջ տագնապ և հուսահատություն կար։ Դաշնակիցները, որոնց հաղթանակին այնքան նպաստել և սպասել էր ինքը, մի անգամ ևս պիտի ի դերև հանեին հայ ժողովրդի հույսերը։
Գնդապետ Գիբոնի հետ Զապողի ձորից Գորիս վերադառնալով, նա հյուրանոցի սրահի մեջ բաժակ բարձրացրեց ի պատիվ անգլիացի հասարակ զինվորների և նրանց ծնած մայրերի, սակայն բաժակաճառի վերջում չկարողանալով իրեն զսպել, ոտքի ցատկելով և ճակատի երակները ուռած, աչքերը բոցարձակ և ամբողջ մարմինը զայրույթից դողահար, իր ցասկոտ արհամարհանքը նետեց հարստահարիչների երեսին.
Գնացեք և ասեք բրիտանացիներին, նաև ձեր թագավորին ու թագուհուն, թե այսօրեն սկսյալ ես իմ ձեռքերս ավանում եմ դաշնակիցների հետ ունեցած իմ բոլոր գործարքներից։ Ինչ օժանդակություն որ ստացած եմ նրանցից, պիտի վերադարձնեմ իմ զորքի ձիերը Երևանի շուկայի մեջ աճուրդի հանելով։ Դուք ինձ հրաման բերեցիք, որ դադարեցնեմ կռիվը և սպասեմ խաղաղության վեհաժողովի կարգադրություններին։ Սակայն ի՞նչ երաշխիք։ Այս պա՛տերազմում հայերը քաջաբար կռվեցին Թուրքիայում, Կովկասում, Պարսկաստանում և հեռավոր Սիրիայում, մեծ ծառայություններ մատուցելով դաշնակից բանակներին։ Միայն ռռւսահայերը տվեցին երեք հարյուր հազար զինվոր, իսկ Տաճկահայաստանը կոտորվեց, բնաջնջվեց, մեղադրվելով ձեր դաշնակիցը լինելու մեջ։ Եվ այսօր, երբ դուք հաղթել եք, թույլ եք տալիս, որ երկրի երեսից անհետանա մի հինավուրց քրիստոնյա ժողովուրդ ձեր փոքրիկ դաշնակիցը։ Դուք փաստորեն շարունակում եք օսմանյան պետության սկսած հայաջնջման գործը։ Դուք արգելեցիք մեզ կռվելու մեր երկրի և մեր կյանքի համար, սովամահության ամոթալի վախճանին դատապարտելով մեզ։ Ձեր աչքով տեսաք իմ զինվորների ծանր վիճակը Զապողի ձորում։ Մարդակերի սառնասրտությամբ ամենուրեք ականատես եղաք, թե ինչպես իմ ժողովուրդը սովից լռելյայն մահանում է Տաթևի վանքի և Գորիսի պատերի տակ։ Ես ցարդ հավատարիմ եմ մնացած դաշնակիցներին ու համբերությամբ սպասել եմ մեր փրկությանը, բայց այլևս անկարող եմ տոկալ մեր դատի հանդեպ ցույց տրված այսքան անարդարության։ Զինադադարի շեփորները հնչեցին։ Բայց ինչու՞ իմ զինվորը այսքան անհաղորդ է հաղթանակի շեփորին։ Հաղթանակած զինվոր և այսքան տխու՞ր։ Եթե դուք ինձ ըսեք, այո՛, եթե նույնիսկ աստվածն ալ ինձ ըսե, թե իմ ցեղիս հանդեպ արդարություն կա, ես պիտի ժխտեմ այդ իր ներկայության իր երեսին բոռալով։
Լի բաժակը խնջույքի սեղանին թողած, Շապինանդը վըրդովված դուրս եկավ Գորիսի հյուրանոցից և հրապարակը կտրելով շարժվեց դեպի գետափ։ Գնում էր բարկացած շա՛րունակելով իր մեղադրանքը. տո, ես ձեր կեղծ մարդասիրությունը, ձեր քրիստոնեությունը, ձեր դիպլոմատիան…
Գետափի մերկացած ծառերի տակ ծվարած էին գաղթական ընտանիքներ։ Մեկը Մոսե Իմոն էր իր իշխանական կնոջ և աղջկա հետ։ Մյուսը խութեցի Ծաղիկ Համբարձումն էր։ Կարպետն ու ներքնակը շալակին, թիակը ձեռքի մեջ, մի քարի վրա տխուր նստած էր ջրտուքվար Ֆադեն։
Երևի դարձյալ հեքիաթ էին պատում։ Նայեց նրանց, գլխով լուռ բարևեց և անցավ։ Մոտեցավ դիմացի բարձր ժայռաբեկորներին, արմունկը դրեց մի քերծի և հիշեց երեք տարի առաջ Պյատիգորսկում արտասանած ճառը.
«Հայերն ի՞նչ են սպասում ապագայից։ Սպասում են շատ բան։ Միայն գալիքումն է նրանց կյանքը… Ամեն ինչ Ռուսաստանի վրա է դրված։ Հայ ժողովուրդը նրան է վստահում իր ճակատագիրը։ Մենք հայերս չենք ունեցել այլ ձգտումներ, քան այն, ինչին ձգտել է Ռուսաստանը։ Վայ այն հային, ով փորձ կանի Ռուսիո դռները փակել մեր առաջ։ Մեր միակ բարեկամը Ռուսաստանն է։ Ամեն ինչ գալիքի մեջ է։ Մեր ժողովրդի խնդիրն է այժմ, ինչպես և բոլորինը, ջախջախել ներկա պատերազմի հանցագործին։ Միայն գերման իմպերիալիզմի դիակի վրա հնարավոր է կայուն խաղաղություն, որը որպես կենաց ջուր ավերակներից կվերակենդանացնի և Հայաստանը»։
Ահա և այդ գալիքը։ Գերմանիան ջախջախված է։ Իսկ ու՞ր է Հայաստանը։ Սասունցի Ֆադեն Խտանա կածից մինչև Գորիս է շտապել։ Ա՞յդ էր իր երազած Հայաստանը։
Լո-լո–՜լո՜ իր թիկունքում հնչեց ծանոթ եղանակը։
Հաջի Գևոն էր։ Տեսնելով, որ Շապինանդը վրդովված դուրս եկավ հյուրանոցից, նա նույնպես լքել էր խնջույքի սեղանը և աչքը հեռվից զորավարի քայլերին պահած, աննկատելի եկել–թառել էր նրա թիկունքի քարաբուրգին։
Անդրանիկը ետ նայեց, ժպտաց և նրան իր մոտ կանչեց. Աղբյուր Սոսեին ասա, որ ինքը գաղթականների հետ պետք է մնա Գորիս, մինչև ճանապարհները բացվեն, իսկ զորամասը պետք է շարժվի։ Գումակը կարգի բեր և ձիերից մեկը պատրաստ պահիր գնդապետ Գիբոնի համար։ Վաղը մեկնում ենք։
Լսում եմ, զորավար, պատվի առավ Հաջի Գևոն և «լոլոն» շարունակելով շտապեց զորքի մոտ։