Хачик Даштенс
Ռանչպարների Կանչը
39
«ԽԵՆԹԻ» ԿՈՂՔԻՆ
Զարմանալի հանդարտ լուսանում էր Երևանի գարնանային առավոտը։ Ոչ քամի կար, ոչ զեփյուռ էր փչում Քանաքեռի և Նորքի բարձունքներից։
Աբովյան փողոցի ձախակողմյան մայթով փութկոտ քայլերով դեպի վեր է ելնում քաղաքի անքուն բնակիչներից մեկը։
Հայկազյանը սաստիկ զարմացավ հայրենադարձ Ղարիբին իր շեմքի վրա տեսնելով այդ տարաժամ պահին։
Զորավարը մեռավ, ասաց Ղարիբը անաղմուկ ներս մտնելով։
Ե՞րբ։
Այս գիշեր։ Սմբուլ Արշակն ասաց, որ երեկոյան մի աման Մշո կլուլիկ է կերել, երկար ծխել է և պառկել է քընելու։
Ուրեմն անկողնու՞մ մեռավ, տարաբախտ մարդ, բացականչեց Հայկազյանը։ Իսկ մոտը ո՞վ է եղել վերջին ժամին։
Ոչ ոք։ Նույնիսկ վանեցի հավաքարարուհին բացակա է եղել։ Մենակ էր ապրում և մենության մեջ էլ մեռավ։
Ղարիբը շտապեց մյուս հայրենակիցներին կոչնակելու, իսկ Հայկազյանը արագ հագնվելով նրա ետևից դուրս եկավ տնից։
Անատոմիկումը մոտ էր իր բնակարանին։ Նույն անտարբերությամբ Մասիսն ընդունում էր իր կրծքին արևի անդրանիկ ճառագայթները, առանց զգալու, թե ով է գալիս և ով է գնում աշխարհից։ Հայկազյանը դանդաղորեն իջավ ցուրտ աստիճաններով և կամաց հրեց նկուղահարկի կիսա՛բաց դուռը…
Նախասենյակի աջակողմյան պատի տակ, դիասեղանի վրա պառկած էր հաղթամարմին մի ննջեցյալ՝ սպիտակ սավանով ծածկված։ Խորքի սենյակում աշխույժ մի տղամարդ եռանդով ետ ու առաջ էր քաշում դատարկ դեասեղանները։
Ներեցեք, ընկեր հսկիչ, երրորդ մասից այս գիշեր ննջեցյալ բերվա՞ծ է ձեզ մոտ։
Մեզ մոտ գրեթե ամեն օր ննջեցյալ են բերում, անփութությամբ պատասխանեց գործավարը առանց իր աշխաւոանքը ընդհատելու։
Ես ձեզ հարցնում եմ այսօրվա բերածի մասին։
Անու՞նը։
Մախլուտո։
Չէ, այդպիսի ննջեցյալ չկա մեզ մոտ։ Պաշտո՞նը։
Վերակացու էր Կոմիտասի զբոսայգում։ Խոսքը մի հին զորավարի մասին է։
Հա՜, այդպիսի մի զորավար կա պառկած այստեղ։ Գուցե սա է, ասաց պահակը և մոտենալով նախամուտքի սեղանին, ետ քաշեց սպիտակ ծածկոցը։
Նա էր, զորավար Մ ախ լուսան։ Ոչ պսակ կար վրան, ոչ զարդ։ Անշուք, անաղմուկ պառկած էր նա պաղ ներքնահարկում, պաղ սեղանի վրա, պաղ լռության մեջ։
Հաջորդ օրը մարտի 20–ին Հայկազյանը վարորդին կանչեց և կարգադրեց իրեն Էջմիածին տանել։
…Հուղարկավորների մեծ թափորը Երևանից հասել էր Էջմիածին և դագաղը ձեռքերի վրա պահած թեքվում էր դեպի Գայանեի վանքի գավիթը։ Որտե՞ղից և ինչպե՞ս հավաքվեց այդքան ստվար բազմոկթյուն։
Թափորը գնալով ստվարացավ, իր մեջ առնելով էջմիածնի և շրջակա գյուղերի ու ավանների շատ բնակիչների։ Ղադազին գրեթե կպած քայլում էին հարյուրապետ Սմբուլ Արշակը, ձիապան Բարսեղը, հայրենադարձ կարիբը, Հոնկա պապի թոռ Սիմոնը, հանգուցյալի մի քանի ազգականները, ծերացած զինվորներ, հին ֆիդայիներ, հայրենակիցներ։
Ընդհանուր կարգադրիչը երբեմնի հարյուրապետ Սմբուլ Արշակն էր։
Վանքի պատի տակ մի քանի տեղացի հուղարկավորներ էին նստել։ Դրանց կողքին կանգնած էր մազոտ երեսով մի տղամարդ, մեջքը պատին հենած և հեռվից ակնապիշ նայում էր ահռելի փոսին։ Դա այն սևադեմ երիտասարդն էր, որ 1919 թվականին պատրաստվել էր մահափորձ կատարելու Անդրանիկի վրա Էջմիածնում։ նրա դեմքին ցավալի մի արտահայտություն կար։ Խղճի խայթ էր զգում և եկել էր Անդբանիկի մերձավորագույն զինակցի թաղմանը իր մեղքը քավելու համար։
Երբ դագաղը դրվեց թարմ հողաթմբին, առաջին մարդը, որ հայտնվեց նրա գլխավերևում, պատի տակ կանգնած սևադեմ մարդն էր։ Նա կռացավ համբուրեց Մախլուտոյի ճակատը և բազմությունը ճեղքելով հեռացավ։ Ու գլուխը վանքի պատին հենելով դառնորեն արտասվեց, շիթ առ շիթ մաքրելով իր խիղճը, իր հոգու վրայից քերելով տարիների անդարմանելի կոշտուկները։
Վեհափառ հայրապետը բացակա էր, ուստի առաջինը խոսեց նրա տեղապահ Սահակ արքեպիսկոպոսը։ Նա դրվատեց զորավար Մախլուտոյին իբրև մեծ հայրենասերի և զորավար Անդրանիկի մարտական զինակցի։ Հիշատակեց նաև Արաբոյի, Աղբյուր Սերոբի և Գևորգ Չաուշի անունները։
Հանգուցյալը միայն մի անգամ եկավ ս. Էջմիածին, ասաց նա, և այդ մի ամիս առաջ էր։ նա եկավ նորին սուրբ օծության Վեհափառի մոտ և նրան հանձնեց մի փոքրիկ ծրար։ Ապա ծոցից հանելով մի հին գդակ, նվիրեց վանքիս թանգարանին։ Սա Մշո սուրբ Կարապետի վանահայր Հեսու վարդապետի գդակն է, ասաց նա և պատմեց այդ գդակի հետ կապված ամբողջ պատմությունը։
Գուցե կհարցնեք թե ինչ էր գրված վեհափառին ուղղված նամակում, ընդամենը երկու խոսք՝ «Հավատքիս համար ինձ կթաղեք ս. էջմիածնում, իսկ քաջությանս համար «Խենթի» կողքին։ Եթե հարմար կդատեք։ Սախլուտո»։
Հավատքի համար Էջմիածինը պատրաստ էր նրան ընդունելու իր ծոցում, իսկ քաջության համար ստացվեց հայրենի կառավարության համաձայնությունը, որին նույնպես նա դիմում էր արել մահից առաջ։
Ապա ֆրանսահայերի կողմից խոսեց հայրենադարձ Ղարիբը։
Այս մարդը, որ այժմ հանգչում է դագաղում և քիչ հետո պիտի իջնի գերեզման, մեր ժողովրդի քաջարի զավակներից մեկն է, ասաց նա։ Դուք ծանոթ եք նրա ֆիդայական անցյալին, բայց չգիտեք, թե ով է եղել նա Ֆրանսիայում երկրորդ աշխարհամարտի տարիներին։ նա մեծ հայրենասեր Միսակ Մանուշյանի մերձավոր բարեկամն էր և Ֆրանսիայի մեր ընդհատակյա հակաֆաշիստ կազմակերպության ազգային կենտրոնի անդամը։ Երբ 1943 թվականի ապրիլին հայ ազգային խորհուրդը և հիտլերյան ռազմական բաժանմունքը նրան հրավիրեցին Բեռլին, առաջարկելով հայ գերիներից և գաղութներից հայկական լեգիոն կազմել և արշավել Սովե՛տական Միության վրա, Մախլուտոն վճռաբար հրաժարվեց այդ գործարքից, հայտարարելով, որ ինքը Ռուսաստանի վրա երբեք զենք չի բարձրացնի։
Զորավար Մախլուտոն հակաֆաշիստ ընդհատակի հետ պայքարեց հիտլերյան Գերմանիայի դեմ, օգնեց նրա շախջախմանը և 1947-ին հայրենադարձների առաջին քարավանով եկավ Հայաստան։ Գնաս բարով, Տարոն աշխարհի քաջակորով հայդուկ և աննման հայրենասեր։ Քո պատմությունը դեռ նոր պիտի գրվի։ Մենք քո և քո սերնդի մոլորությունները կհանձնենք Մասյաց հողմերին, իսկ բռնակալության դեմ մղած ձեր ազատատենչ կորովը և անհողդողդ կամքը՝ դարերին՛. Եվ գուցե այս բրոնզադեմ մանուկը շարադրի քո պատմությունը, որ գլուխը ձեռքերի մեջ առած մտախոհ կանգ Է առել քո տխուր վերջաբանին։
Երբ բոլորը հեռացան և Սմբուլ Արշակն ու ձիապան Բարսեղը վերջինը լքեցին նոր ծածկված շիրիմը, իրենց հետ տանելով խելագար Անդրեասին, բրոնզադեմ մանուկը հանեց ծոցատետրը և ծնկանը դնելով հուշագրեց, «Զորավար Մախլուտոն գերեզման իջավ 1956 թվականի մարտ ամսի 20–ին, երեքշաբթի, երեկոյան Ժամը 6-ին։ Նա թաղվեց «Խենթի» քարից յոթ թիզ դեպի աջ։ Փառք քաջ նախնիների հիշատակին»։
Հաջորդ առավոտյան երրորդ քաղմասի թաղային լիազորը հետը վերցնելով շրջանային սովետի նոտարին և գըլխավոր հաշվապահին, շտապեց դեպի Նաիրի փողոցի այն տունը, որտեղ իր վերջին օրերն էր անցկացրել ծերունի զինվորականը։
Կնիքը քանդեցին և ներս մտան։
Տունը դատարկ Էր։ Թախտի վրա, բարձի տակ հայտնաբերեցին հնամաշ մի պայուսակ և մի նույնքան հնամաշ զինվորական վերարկու։ Նոտարական բաժնում պայուսակը բաց անելիս մեջը գտան պատմական Հայաստանի քարտեզը, պարսկական մի մաշված ձիու սանձ դեզին ծոպերով, Գեորգիևյան երկու ոսկի խաչ, Աղբյուր Սերոբի, Գևորգ Չաուշի և Անդրանիկի լուսանկարները, կամավորական մի խմբանկար՝ Հայկ Բժշկյանը Անդրանիկի և իր կողքին նստած, Մուշ քաղաքի տեսարանը՝ Սիմ լեռը ետևում, դաշտային մի հեռադիտակ, երեք արշին ճերմակ կտավ և մի սևացած փոքրիկ տուփ։ Վերջինը Արաբոյի ծխատուփն էր։ Այնտեղ գտան նաև Բդեի Միսակի «Հիշատակարանի» վերջին գլուխը և մի քանի հաստ տետրեր վրան գրած՝ «Ֆիդայի Մախլուտոյի թղթերը»։
Այդ ամենը նույն օրը հատուկ արձանագրությամբ հանձնըվեց Հայաստանի Պատմական թանգարանին։
Երկու տարի անց Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքից մի ամերիկահայ զբոսաշրջիկ եկավ Երևան։ Դեմքը շիկավուն Էր, աչքերը՝ թաց կապույտ.
Ես եմ, Մախլուտո։ Ես եմ, քո դասընկեր կոփեցի Լեվոնը, ասաց նա նետվելով իր հայրենակցի անշուք գերեզմանին։ Մենք իրարից բաժանվեցինք սրանից վաթսուն տարի առաջ, երբ Մելքոն վարժապետը մեզ սովորեցնում էր անգիր անել «Ռանչպարների կանչը»։ Իմ հայրը կամուրջ շինող Էր Բուլանուխի Կոփ գյուղում, իսկ քո հայրը՝ որմնադիր։ Ինձ բախտը շպրտեց հեռավոր Կալիֆոռնիա, իսկ դու նետվեցիր ֆիդայական շարժումների մեջ, ուխտելով ծառայել Հայաստանի ազատագրության դատին։ Ես մի փոքրիկ պանդոկ շինեցի Ֆրեզնո քաղաքում անտուն և անտեր պանդուխտների համար, իսկ դու քո կյանքը կամուրջ շինեցիր, որ հայ ժողովուրդը անցնի նրա վրայով։ Դու մի խենթ Էիր և եկար թաղվեցիր «Խենթի» կողքին։
Եվ արցունքները թափվում թրջում էին գերեզմանը մեծանուն հայրեն ասերի, որ հանգչում էր Գայանեի վանքի բակում իր պես անհանգիստ ու մեծահամբավ մի ուրիշ քաջի կողքին։
Շուտով Մախլուտոյի հողաթմբին բարձրացավ գրանիտե մի հուշարձան, որի վրա երկաթագիր տառերով դրոշմված էր.
«Տարոնի հայդուկ Մախլոլտոյի (Սմբատ Բորոչան) հիշատակին։ 1872 1956 թ.։ Իր դասընկեր Լևոնից, Մշո Կոփ գյուղացի»։
ՎԵՐՋԻՆ ԺԱՅՌԱԳՆԱՑԸ
1962 թվականի վաղ աշնանը Մակու քաղաքի կողմից դեպի Արարատի գագաթն Էր մագլցում մի հանդուգն ժայռագնաց։
Լեռան արևելյան լանջը խիստ ապառաժոտ Էր։ Աշխարհի ոչ մի ճանապարհորդ դեռ փորձ չէր արել այդ կողմով վե՛րելքն սկսել։ Բայց այդ խիզախ լեռնագնացը որոշել էր Մեծ Մասիսը նվաճել հարավից բարձրանալով։
Մենակ էր ու մի ուսապարկ շալակին, ձեռքին ալպինիստի գավազան։
Ու՞ր էր գնում և ի՞նչ էր որոնում այդ խենթ ուղևորը։ Փա ոք։ Այդ հասակու՞մ։
Երկար մաքառելուց հետո կեսօրից առաջ հասավ ձյունի սահմանին։ նայեց դեպի աջ Փոքր Մասիսը իրենից ցածր էր կանգնած։
Ակոռին չէր երևում, ոշ էլ ս. Հակոբի աղբյուրը։ Թուխ, կապույտ երկինքը կախված էր գլխի վրա։ Հոգնած էր։ Նըստեց մի ցից ժայռի հանգստանալու, ապա սկսեց վերելքը։ Հսկա մի սառցաշերտ պոկվեց իր ոտքի տակից և դղրդոցով ներքև գլորվեց։ Փշրվեց մի երկրորդն էլ, երրորդն էլ։ Որքան վեր էր ելնում, տեսարանը դառնում էր վեհատեսիլ, իսկ վերելքը՝ դժվարին։ Նա կպած էր մի ձյունեղեն բարձունքի, որի ետևից մի ավելի մեծ ու բարձր գագաթ էր երևում։
Գիշերը քնեց այդ բարձունքին կպած։ Լուսադեմին Արցախի կապույտ լեռների և Փոքր Մասիսի թիկունքից բարձրացավ արևը։ Բայց շուտով փոթորիկ սկսեց և ձյուն տեղաց կարկաախառն։ Քամին հռնդյունով հարվածեց նրա մեջքին, կամենալով անդունդ գլորեր Մի ճայթյուն լսվեց փոթորիկի մեջ։ Կայծակն էր, որ օձապտույտ անցավ իր մոտով։ Քամին հանդարտվեց և թանձր մառախուղը ծածկեց հյուսիսային գագաթը։
Դարձավ ետ նայեց։ Դիմացի խոր ձորի մեջ երևաց Թադեի վանքը։ Նրանից դեպի արևմուտք տարածված էր գեղանի մի ծով, իսկ ծովից այնկողմ իր ծննդավայրն էր։
Մի քանի օր առաջ նա անցավ Մշո դաշտով։ Եղավ նաև Սասունի կողմերը։ Մի անծանոթ հայ կնոջ հետքերով էր գնում։ Լուր էր առել, որ այդ կնոջը քրդերը գերի են տարել, բայց թե որտեղ հայտնի չէր։
Հարցուփորձով հասավ Բաղեշ։ Բաղեշի դռանը օտարական մի հայի տեսավ, որ հեռվից երեք անգամ բարձրաձայն «Բիթլիս, Բիթլիս, Բիթլիս» գոչեց։ Մի տարեց բիթլիսցի նրան ցույց տվեց երկհարկանի քարաշեն կիսավեր մի տուն «Ավելի մեյդան» թաղամասում, բարձունքի վրա։ Սրանք ձեր սենյակներն են, ասաց ծերունին։ Գրագետը կանգուն մնացած պատի լուսամուտը ձեռքով մաքրեց։ Հետո գետնից քարեր առավ շոյեց, ծաղիկներ քաղեց և, ելնելով իր հորենական տան փլատակներին, ասաց. «Ապրելու համար շատ գեղեցիկ տեղ է։ Հիսունհինգ տարի այս վայրկյանը ապրեցի, այլևս փույթ չէ, եթե մեռնեմ»։
Երեք անգամ «Բիթլիս» աղաղակող հայը Ամերիկայում էր ծնված։
Իսկ ի՞նքը։ Ինքը, որ ծնվել էր Մշո դաշտում, ի՞նչ աներ ինքը։ Քանի" անգամ գռռար «Մուշ»։
Որոնեց, բայց չգտավ կնոջը։ Վաղեմի մի իղձ էր մնացել անկատար, մի սրբազան ուխտ, և նա վճռեց վերադարձից առաջ իրականացնել այն։
Չորս անտեսանելի ուժեղ բազուկներ ետևից հրում էին նրան դեպի Մասիսի հավերժական ձյուները։
Հյուսիսային գագաթի մառախուղը գլորվեց դեպի արևմըտյան լանջերը։ Մի քանի պալան ս. Հակոբի կիրճով իջան Մեծ Մասիսի ստորոտը, լիզելով այն խանձված քարերը, որտեղ Մորուք Կարոն և Զնգլիկ Պետռն մեծ խարույկ էին վառել տարիներ առաջ։
Քիչ առաջվա քամին ավլել էր արևելյան լանջերի ձյունը։ Բարձրում պսպղում էր մի հսկայական սառցագագաթ՝ արևի ճաճանչներով ողողված։ Նա դեպի արևոտ գագաթն էր ձըգտում, աչքերը հառած ցնորական բարձունքին։
Ստիպված էր սառույցի վրա աստիճաններ փորել։ Ուսապարկը ամրացրեց մեջքին և գավազանի բրիչով սկսեց սառույցը ջարդել, որ ոտքի համար հենարան շինի։ Կոտրեց ու մագլցեց վեր։ Միշտ դեպի վեր։ Լայնորեն տեսնելու համար պետք է բարձրանալ։
Արևը մոտենում էր մուտքին, իսկ գագաթը թվում էր անհունապես հեռու։
Նորից կոտրեց սառույցը և նորից մագլցեց վեր։ Կոտրեց ու բարձրացավ։ Մութ է, այլևս չի տեսնում։ Շեկ Ղավիթին հիշեց, քրդական տարազ հագած խնուսցի այն հմուտ ուղեցույցին, որ միշտ գիշերով էր շրջագայում, և որի աչքերը խավարին վարժված լինելով ազատորեն կողմնորոշվում էին մթության մեջ։
Հիշեց Տավրոսի բուքը և աջ ոտքը զգուշությամբ սառցե հենակին դնելով, բրիչը վերջին անգամ բարձրացրեց հարվածի համար։
Ահա և գագաթը։ Այլևս տեղ չկա բարձրանալու։ Վերևում երկինքն է և ինքը՝ կանգնած մեծ լեռան վրա։ Նայեց ետև։ Ե՞րբ նվաճեց այս ահռելի բարձունքը։ Սեպ զառիթափով այնքան էր առաջ անցել կյանքը վտանգի տալով, որ գրեթե հասել էր գագաթի կենտրոնին։
Գագաթը քիչ ուռուցիկ շրջանաձև հրապարակի էր նման։
Հենց այդտեղ էլ նա մի կետ ընտրեց։ Բրիչով փոս պատրաստեց սառցի մեջ և ծոցից ինչ–որ բան հանելով, ամրացրեց այնտեղ։
Մինչև այդ բարձրացողները խաչ էին տնկել լեռան գագաթին, իսկ իր տնկածը խաչ չէր, այլ մի գունագեղ պաստառ, վրան երեք գիր միայն՝ Ս. Մ. Տ., այսինքն Սրապ, Մախլուտո և Տիգրան։ Առաջին երկուսը վաղուց չկային։ Նրանցից մեկը հանգչում էր Բասենի դաշտում Ալեքսանդրոպոլցի Պոգվալի Վաղոյի հետ անանուն մի քարակույտի տակ, իսկ մյուսը՝ Գայանեի վանքի զավթում ։ «Մեր երեքի կողմից» երկյուղածությամբ շշնջաց նա պաստառի ճոթը համբուրելով։
Ու կանգնած էր նա երկնահաս լեռան գագաթին, ամպերից ու աշխարհից բարձր, անհասելի բարձր։ Մենակ էր, ուսապարկը մեջքին և ցրտից ու քամուց այրված դեմքին բերկրանքի արցունքներ։
Բայց այս ի՞նչ բան է. պաստառը շառագունեց։ Մատների ծայրերը կարմրեցին։ Գավազանը նույնպես։ Դեմքի վրա շողերի փայլ զգաց։ Բրդյա գլխարկը կարծես տաքացավ։ Արշալու՞յս է։ Ա՞րևն է ծագում։ Այս ի՞նչ լույս է ցոլանում դեպի երկինք՝ պատռելով գիշերային խավարը։ Հրաշք էր։ Սարսափած ետ–ետ գնաց։ Ապա նորից մոտեցավ և շոշափեց պաստառը։ Պաստառը իր տեղումն էր, բայց կարծես բոցերով բռնկված։
Որտեղի՞ց է այդ հրացոլքը։
Ամբողջ հասակով կանգնեց խավարի մեջ և նայեց դեպի լեռան հակառակ կողմը։ Լույսը այնտեղից էր բխում։ Վազեց դեպի լույսը։ Նա ներքևում տեսավ մի նոր աշխարհ և հրճվանքից գոռալով ուշաթափ ընկավ Արարատի գագաթին։ Այդ քո լույսերն են, Երևան։ Մի՞թե դու ապրում ես։ Կա՛։ Հայաստանը կա՛։ Հայաստանը ապրում է։ Հզոր, լուսավոր, մեծավոր Հայաստանը։ Եվ ողողված էր նրա դեմքը իր նոր հայրենիքի Սովետական Հայաստանի լույսերով։
Այս անսովոր վերելքի հաջորդ օրը արտասահմանյան լըրագրերում երևաց այսպիսի մի հաղորդագրություն, «Հին հայդուկապետ Գևորգ Չաուշի զինվորներից մեկը, որ հայդուկապետի մահից հետո նրա կնոջը և երեխային փախցրել էր դեպի Վան և Պարսկաստան և երկար տարիներ ապրել էր Ավստրալիայում, Մշեցի Տիգրան անունով, վերջերս մի անօրինակ վերելք է կատարել դեպի Արարատի գագաթը։
Իր հայդուկապետի առասպելական կնոջ հետքերով գնալով, նպատակ ունենալով նրան գտնել Արևմտյան Հայաստանի լեռնաբնակ քրդերի մեջ, նա իր ծննդավայրն է եկել աշխարհահռչակ գրագետ Վիլյամ Սարոյանի վերջերս դեպի Բիթլիս կատարած հայտնի ուղևորության օրերին և անցնելով Սուլուխի նշանավոր կամուրջը, Մակու քաղաքի վրայով մոտեցել է աստվածաշունչ լեռանը։
Հավատավոր լեռնագնացը և ուխտյալ զինվորը իր երեք հայդուկ ընկերների անունից գիշերով մի պաստառ է տնկել Արարատի գագաթին։ Այդտեղից նա տեսել է վերածնված Հա՛յաստանի լույսերը և ուրախությունից անդունդ գահավիժե՛լով անհայտացել է բիբլիական լեռան սառույցն երի մեջ։
Վերջին խելահեղ ժայռագնացն էր նա իր հանդուգն սերընդի։
ԻՄ ԱՂՈԻՆՆ ԻՋԱՎ
Ահագչի գյուղի Խոտնոցի մեծ քարը լայն ստվեր էր նետել ձորի մեջ։
Այդ քարի մոտով թիակը ուսին և ոտքերը քշտած լեռնի՛վեր էր շտապում մի կայտառ ծերունի։ Ետևից վազում էին մի խումբ մանուկներ, աղջիկ և տղա, մեկը մյուսից առաջ անցնելով և գրեթե կախվելով ծերունու թևերից։
Ֆադե պապի, էն հեքիաթը պատմիր։
Ո՞ր հեքիաթը։
Մոսե Իմոյի հեքիաթը։
էն, որ հրեղեն ձիեր է տեսել Պայթող աղբյուրի մեջ։
Պայթող աղբյուրի և Շապինանդի հեքիաթը։
Աշխարհի հեքիա՜թը։
Աշխարհը ջրաղաց է, դեպի մանուկների կողմը կըտրուկ շուռ գալով և թիակին հենվելով ասադ Ֆադեն։ Դու ջրաղաց մտնողի գալը մի հարցրու, նրա գնալը հարցրու։ Մեկի բերածը կորեկ է, մեկինը ցորեն, մյուսինը՝ գլգըլ։ Բոլոր մտնողները իրենց բերածը աղալու հերթի կսպասեն։ Ջըրաղացպանն էլ, ասենք թե աստվածն է։ Առաջին եկողին ասում է. «Պարկիդ տակը թոթվիր, խնամ Կիրակոս, քո աղունն իջավ»։ Հերթը մյուսինն է։ Քիչ հետո ջրաղացպանը կրիչակին նայելով գոռում է. «Խնամ Համբարձում, պարկիդ տակը թոթվիր, քո աղունն իջավ»։ Սա էլ է գնում։ «Քավոր Գրիգոր, թեռդ առաջ քաշիր, հերթը քոնն է»։ Մի հանգ հետո դառնում է մյուսին, «Խնամ Մարկոս, քավորից հետո հերթը քոնն է, պատրաստվիր»։ Ջրաղացպանի ալրոտ աչքը հանկարծ ընկնում է ռես Օնեին, որ նոր է ներս մտել և կանգնած է շեմքի մոտ։
Ռես Օնե, դու ինչու՞ ես շեմքին կանգնել, անցիր իմ մոտ, էս բարձր թեռան վրա նստիր, մինչև քո աղունը իջնի։ Իմա՞լ եք, քոչ–քուլֆաթ իմա՞լ է։ Ճժեր, մալեր, սաղ–սալամա՞թ են։
Փառք աստծո, ամենքն էլ սաղ–սալամաթ են։ ներս է մտնում մեկ ուրիշը։
Բարով, խնամ Աբրո, թեռդ իջեցրի՞ր։
Հա, իջեցրի։
Բերածդ ի՞նչ է։
Գլգըլ։
Քո հալն ինչպե՞ս է, խնամ Աբրո։ Լսեցի, որ աղջկադ մարդու ես տվել ու հորքուր Շաքրոն շատ լաց եղավ։ Հալբաթ, աշխարհք է։ Էսօր մեկը քո աղջկադ կտանի, դու կիլաս, վաղը դու կերթաս ուրիշի աղջկան կբերես քու տուն, էս անգամ դուք կխնդաք, էնոնք կիլան։ Մենք ամենքս էլ մանրած թութուն ենք աստծո ծխատուփի մեջ։ Կհանի իր գոտու տակից, կլցնի իր ղեյլանի մեջ ու կվառի։ Կրակ կեղնենք, ծուխ կեղնենք ու կերթանք։ Աղունդ պատրաստ է, քավոր Գրիգոր։ Հիմա քո հերթն է, ռես Օնե։ Խնամ Մարկոս, դու թեռդ քաշիր առաջ և քիչ սպասիր մինչև ես ռես Օնեի աղունն աղամ։
Առանց հերթի՞։
Ռեսին ի՞նչ հերթ։
Ու էսպես ամեն մարդ կմտնի ջրաղաց ու իր աղունն աղալով կերթա դուրս։ Բայց եթե աղացքի ջուրը կտրվի, ի՞նչ պիտի անի ջրաղացպանը։ Նա պետք է վերցնի իր թիակը և գնա ջուրը կապելու։ Ուրեմն, աստծո մոտ էլ, երեխաներ, ամենազորավոր գործիքը դարձյալ թիակն է։ Էս է աշխարհքի հեքիաթը, ասաց Ֆադեն և ետ դառնալով բահը ուսին դրած շարունակեց ճամփան։
Մոլուք Կալոյի հեքիաթը պատմիր, ծղրտաց երեխաներից ամենափոքրը, որ պորտը բաց տոտիկ–տոտիկ անելով ճիգ էր անում մյուսներին հասնել։
Գալե, դու փոքր ես, գոլ գնա տուն։ Աղջի Կաքավ, չե՞ս տեսնում, ախպորդ պորտը քիչ մնա վազելուց պատռի, տուն տար, բարկացավ խմբի ավագը, որի անունը Գևորգ էր։
Մոլուքի հեքիա՜թը, նորից ծղրտաց Գալեն, Կաքավի գրկից փախչելով։
Դե, լավ, սպասեք ջուրը կապեմ ու ետ գամ ձեզ Մորուք Կարոյի հեքիաթը պատմեմ, ասաց ծերունին առանց դադարեցնելու քայլերը։
Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։
Էդ թիակն է եղել, չէ՞, պապի։
Հա, էս թիակն էր, բայց պոչը փոխել եմ։
Ու էդ տարի շատ ձյուն էր եկել Խտանա Կածին։
Էնքան ձյուն էր եկել, ճնճուղը որ պառկեր մեջքի վրա ու ոտներն էլ տնկեր, կհասներ աստծուն։
Ու դու ելար նստեցիր էդ ձյուների՞ վրա։
Ելա նստեցի ու ձեռքս թալեցի աստծո չոքերին։
Էդ էս՞ արան է եղել, որ գցել ես Մորուքի վրա, հարցրեց Կաքավը, Գալեին շալակած ետևից հասնելով։
Հա՜, Կարոն էս ճանապարհով փախավ Ղարաչի։ Խեղճը տկլոր էր. արաս գցեցի վրան ու գնացի իր շորերի ետեվից։ Իշխնձորցին գլխաշորը թափ տվեց ձիու քթին ու Սոսեն թռավ դեպի Ղալաչի։ Գնացեք նստեք Խոտնոցի հովին, ես էս մեծ առվի ջուրը կոլխոզի արտին կապեմ ու ետ գամ ձեզ Մոսե Իմոյի, Շապինանդի և Մորուք Կարոյի հեքիաթը պատ՛մեմ։
Ու թե ինչպես քո թիակը մոռացար Խտանա Կածի ձյու՛ներին։
Քեռի Ֆադե, դու հրեղեն ձի տեսա՞ծ կաս։
Էս աշխարհում հրեղեն ձի միայն Մոսե Իմոն է տեսել։ Հետն էլ խոսել է։ Թե ուրիշը կասի՝ տեսել եմ, չհա՛վատաք։
Իսկ ու՞ր է Մոսե Իմոն։
էն քարափի գլխին կարմիր քարեր կան, տակը ձորն Է։ էգ քարերից մեկի տակ Մոսե Իմոն է պառկած։
Ո՞ր քարի։
Էն բարձրադիր կարմրաքարը տեսնու՞մ եք, որի վրա մի ձեռքի քանդակ կա՝ մաճը բռնած. տակը դրած է «Որդուդ մահը քեզ մահ պատճառեց»։ Դրա կողքին մի անգիր մաշված քար կա, դեպի Խոտնոցի դիմացի քարափը շուռ գալով մատնացույց արեց Ֆադեն. դա Մոսե Իմոյի գերեզմանն է։ Էս թիակով եմ փորել։
Դե, պատմիր, պապի, Մոսե Իմոյի հեքիաթը պատմիր։ Ճի՞շտ է, որ նա Լոնդոնից մինչև Սասուն մի օրորոց է շալակով բերել ու մեջը մի հրեղեն աղջիկ է եղել։
Բոլորը ճիշտ է։ Էն կարմիր գլխաշորով պառավին տեսնում եք, ձորի պռնկին նստած։ Էդ էն հրեղեն աղջիկն է։
Մորքուր Վիտոն, զարմանքով բացականչեցին երեխաները։
Հա, մորքուր Վիտոն, համոզիչ շեշտով հարեց Ֆադեն։ Գնացեք մոտը, նա ձեզ շատ բան կպատմի Մոսե Իմոյի և նրա բերած օրորոցի մասին։
Իսկ ճի՞շտ է, որ Մոսե Իմոն օձեր է կախարդել նրանց աչքերի մեջ նայելով։
Էդ էլ ճիշտ է։ Վերջին տարիներին նա մեր գյուղում օձերի հմայությամբ էր զբաղված։ Վիտոյի մոտ գնացեք, Վիտոն ձեզ ամեն ինչ կպատմի։
Չէ, դու պատմիր Մոսե Իմոյի ու Շապինանդի հեքիաթը։
Եվ Շապինանդի հրեղեն ձիու հեքիաթը։
Քաջ է եղել, չէ՞, պապի, Շապինանդը։
Շատ քաջ, երեխաներ, ես Էլ նրա պես քաջ եմ, տեսեք ինչպե՜ս եմ վազում։ Բռնեք ինձ, թե կարող եք։
Եվ ջրտուքվար Ֆադեն թիակը ուսին, ոտքերը քշտած շարժվեց լեռնիվեր։
Մանուկները վազում Էին, որ ետևից հասնեն, վազում Էին ու կանչում։
Պայթող աղբյուրի հեքիաթը պատմիր… Կապտաջուր լիքը առուն աղմկալի գալարվում Էր բարձրադիր լանջով։
Ծերունին հասավ ու թիակի թաթը ամուր հարվածեց մայր առվի մեջքին։ Զարկեց ու վայր թեքվեց հանկարծ։ Շեղբի վրայով խուժեց ջուրը բախվելով նրա ծնկներին։ Կարծես հանգստանում Էր թամբին նստած, գլուխը թեթևակի հակած կրծքի վրա, ձեռքով թիակը պահած։
Երեխեք, իմ աղունն իջավ…
Մանուկներից մեկը առաջինը մոտենալով բերանը դրեց նրա ականջին։
Շապինանդի հեքիա՜թը պատմիր, պապի…
Չե՞ս տեսնում, որ մեռած է, բղավեց Գևորգը հեռվից՝ կռահելով, թե ինչ պատահեց։
Մանուկները իսկույն հավաքվեցին շուրջը, խոշոր աչքերով կայտառ երեխաներ, այտերը մուգ կարմիր ինչպես աշնան մասուր։
Էլի էն էր, նույն ջրտուքվար Ֆադեն, կարճ բեղերով, սև արան ծալած ուսին, ոտքերը մինչև ծնկները քշտած, նեղ-թաթ թիակը ձեռքի մեջ։ Էն երկրագործ տալվորիկցին, որ լսել էր ջրաղացքարերի գոռոցը ձորերի մեջ և Սասնա գահավեժ ջրերի որոտը բարձր լեռներում, որ գիտեր, թե ինչ է կատարվում լեռնային արծվի հետ, եթե ջախջախված թեվերով վայր է ընկնում երկնքից։
Իր աբան քաշենք վրան և գյուղից մարդ կանչենք։
Ոտքերը կմրսեն, շուտ ծածկենք մի բանով։
Սերո՛բ, դու վազիր գյուղ և կոլխոզի նախագահին ասա՝ Ֆադե պապին մեռավ, թիակը մնաց, կարդա դրեց Գևորգը մի խաժաչք տղայի։
Սերոբը վազեց։
Մանուկները ծերունու աբան ուսից առնելով պարզեցին մեռածի ծնկների վրա, մինչև գյուղից մարդ կգար։
Լեռնային կապույտ պաղ ջուրը զնգալով գլորվում էր դեպի Խոտնոցի մեծ քարը, և աշխարհը կար։
էս էլ հեքիաթ է, ասաց Գևորգը և ձեռքը Ֆադե պապի թիակին դրեց։
ՎԵՐՋ