Хачик Даштенс

Ռանչպարների Կանչը

11

ԶՄՈ

Սասնո ճամփի վրա Տատրակ անունով մի գյուղ կար։ ճանճիկ սարը իր մերկ ծունկը ծալելով սեղմել էր նրա ծոծրակին, իր ոտնաթաթի վրա խաղացնելով բրգաձև բարդիների մի գեղեցիկ պուրակ։

Եկա, եկա ու դեմ առա այդ գյուղին։

Զմոյին ես այդտեղ տեսա։

Զմոներ ամեն տեղ կան։

Աշխարհը չի կարող լինել առանց Զմոների։

Մեծահարուստ տներից մեկի առաջ կանգնած էր գյուղի ռեսը, գլխին թաղիքե սև գդակ, նախշուն գոտին մեջքին ոլորած, ծխատուփը խրած գոտու տակ։

Գյուղի բոլոր կողմերից բազմություն էր հավաքվում ռեսի շուրջը, գլխավորապես կանայք։ Աջից ու ձախից հարսներ էին գալիս, և ի՜նչ շարմաղ հարսներ։ Ոմանք աղբյուրից էին տուն դառնում, լիք կժերը ուսերին, ոմանք նոր էին գնում ջրի, բայց ճանապարհը փոխելով շտապում էին դեպի ռեսի ապարանքը։ Գալիս էին քաղվոր կանայք, գալիս էին սարվոր կանայք, ու ամենքը կանգ էին առնում ռեսի տան առաջ։ Ու բոլորի դեմքին բողոքի արտահայտություն կար, դժգոհություն և զայրույթ։ Մեկ-մեկ եկան, խումբ-խումբ եկան, լիք կժերով եկան, դատարկ կժերով եկան, խոտով ու խոտկապով եկան, փոցխով ու մանգաղով եկան։ Եկան, մոտեցան, խտացան ու շրջապատեցին ռեսին։

Ի՞նչ կա, հարսներ, ինձ բողոքելու եք եկել, հարցրեց ռեսը ձեռնափայտին հենվելով ու զարմացած, վախեցած շուրջը նայելով։

Եկել ենք պահանջելու, որ Զմոյին կարգի բերես։ Մշո աշխարհի մեջ էդպիսի լիրբ կին չի եղել, ռես։ Մեզ ազատիր էդ լրբից, պոռթկաց մի գեղջկուհի, համարձակ առաջ գալով։

Զմոյին քշիր գյուղից, ռես, պահանջեց հարսներից մեկը, կուժը բարկացած իջեցնելով ուսից։

Զմոն օռոսփի է, հնչեց մի ուրիշ ձայն։ Իր տանը սուրբ գիրք է պահում, որ իր օռոսփի լինելը ծածկի։

Կարմիր իրիցու տան ավետարանը։

Նա մեր գյուղի ու գավառի անունը խայտառակեց, զայրացած վրա տվին հարսներ ու կանայք ամեն կողմից։

Ֆինջո անունով մի համարձակ կին Զմոյի արարքը մոտավորապես այսպես ձևակերպեց. Զմոն իրենց գյուղի ամենավատահամբավ, անառակ կինն է, բայց բոլորից բարձր է գոռում ուրիշների անառակության մասին։ Մեկին լիրբ է ասում, մյուսին՝ օռոսփի, երրորդին՝ գող, չորրորդին լարում է հինգերորդի դեմ, հինգերորդին՝ երրորդի ու վեցերորդի դեմ։ Հարսները աղբյուր են գնում ջրի՝ Զմոն նրանց ետևից կանչում է՝ անամոթ հարսներ, էսօր մեկը ձեզանից լրբություն է արել, ո՞րն է եղել ձեզնից։ Կթվորները գնում են սար՝ բղավում է. աղջի, ձեր աչքը էդ պստիկ հարսի վրա պահեք մեջքից թույլ է։ Քաղվորներին հաց են տանում, նրանցից մեկին կանգնեցնում շշուկով ասում է. աղջի, քո վերջին երեխան ինչքան նման է մեր գիշերապահ Անթևանին։ Մեկ ուրիշի լաչակից քաշում է ասելով՝ տեքոր կնիկ՝ օձի բնիկ։

Զմոն մեզ վառեց թափեց, ռես։

Ու նորից.

Մեզ ազատիր էդ լրբից։

Զմոյին քշիր գյուղից, ռես։

Ավետարանը ձեռքից առ։

Նրա ուժը էդ սուրբ գրքի մեջ է։

Կամ մենք, կամ Զմոն, ընտրություն արա, ռես, էս գյուղի մեծավորը դու ես։

Ու ռեսը բարկացայտ աչքերով խստությամբ շուրջը նայեց։

Գզիրն ու՞ր է, հարցրեց։

Գզիրն եկավ։

Տղա, Մխտո, մի գնա էդ անամոթ կնոջը կանչիր։

Ո՞ր կնոջը։

Մեր գյուղի Զմոյին։

Ի՞նչ ասեմ։

Ասա՝ ռեսը կանչում է։

Գնաց գզիր Մխտոն լընկլնկալեն ու շուտով երևաց՝ հետևից մի կին։

Զմոն էր։

Երկու որդի ուներ Զմոն, բայց ամուսինը հայտնի չէր։ Որդիներից մեկը կոչվում էր Կանոն, մյուսը՝ Անկանոն։ Սրանք առաջ գնալիս ետ-ետ էին գնում, ետ գնալիս առաջ էին քայլում, կուրծքը իբրև մեջք և մեջքը իբրև կուրծք ցուցադրելով։ Թեև մի քանի անգամ շփոթվել էին ու սայթաքել, բայց պնդում էին, որ ամենօրյա վարժության դեպքում դա կարող է բնականոն դառնալ։

Հարսները Զմոյին տեսնելով գլուխները ամոթից կախեցին, կանայք երեսները շուռ տվին։ Եկավ Զմոն աչքերին սուրմա դրած, երեսը ներկած կարմիր ու կանաչ, ոտքերին կանաչ սոլեր, գլխին՝ դեղին լաչակ։

Եկավ, հպարտ կանգնեց բոլորի առաջ, արհամարհալի մի հայացք նետեց ռեսի շուրջը հավաքված բազմությանը, թևերը կանթեց կողքերին ու ասաց.

Ես եկա, ռես։

Տեսնում եմ, որ եկար։ Մի քիչ ավելի մոտիկ արի։

Զմոն մոտեցավ։

Աղջի, Զմո, երեք հազար տարի էս Տատրակ գյուղը կանգնած է Մշո դաշտի էս հով սարին։ Սասնո ճամփի վրա։ Բայց քեզ պես անառակ ծնունդ մեր աշխարհը դեռ տեսած չկա։

Քո բերան կարգին բաց արա, ռես։

Տո, անամոթ, շարունակեց ռեսը, հերիք չի՞ մեր Տատրակ գյուղի անունը խայտառակ անես։ էս ամբողջ գյուղը հավաքվել է քեզ վրա գանգատ, ու բոլորը պահանջում են քեզ քշել գյուղից։

էս լրբե՞րը։

Լիրբը դու ես, լռի՛ր։ Մի ասա, տեսնենք, ի՞նչ են արել քեզ էս խպնոտ խորոտիկ հարսները, էս անմեղ առաքինի հայ կանայք, որ դու առավոտից իրիկուն գյուղի մեջ կամ գյուղից դուրս կանգնած, մեկ ցածրաձայն, մեկ բարձրաձայն, մեկ առջևից, մեկ ետևից անպատվում ու վիրավորում ես նրանց։ Լիրբը դու լինես, գողը դու լինես, օռոսփին ղու լինես և քո կեղտը նրանց ճակատի՞ն քսես։ Ես ինչքան գիտեմ, ոչ քո պսակն է հայտնի, ոչ քո ամուսինը։ Իսկ սրանք բոլորը օրինավոր ամուսիններ ունեն, բոլորի պսակը գրանցված է վանքի տոմարում։ Շատերի հարսանիքին ես ներկա եմ եղել։ Շենքով, շնորհքով մարդիկ են, ունեն տուն, տեղ, ընտանիք։ Եվ ինչպե՜ս են աշխատում։ Ամբողջ գյուղը կարծես մեղվի փեթակ լինի։ Մեկին մի խոսք ես ասում՝ ամոթից կարմրում է։ Տղամարդու ներկայությամբ շուռ են գալիս՝ նոր են մի պուտ ջուր խմում։ Ղու մեր գյուղի էս հրաշալի ժողովրդի հանգիստը ինչու՞ ես խանգարում։Առանց էդ էլ մեղ տանջողները շատ են, դու ինչու՞ ես մեզ տանջում։ Թե սուլթանի կնիկ ես՝ գնա քո սուլթանի կողքին հանգիստ նստիր, թե խանբեկի սիրեկան ես՝ գնա քո խանբեկի մոտ, ինչ գործ ունես մեր էս չարքաշ գյուղում։ Մի սրանց ցորենագույն սիրուն դեմքերին նայիր. բոլորը իրենց բնական գույնով են, մեր դաշտերի ծաղիկների ու խոտերի հոտով, իսկ դու էդ ի նչ կատվի կեղտ ես քսել քո աչք-ունքին։ էդ ի՜նչ կարմիր ու կանաչ ներկ ես շպարել երեսիդ։ էդ զզվելի ներկը որտեղի՞ց բերեցիր մեր աշխարհը։ Հոգով անմաքուր, տեսքով սատանա, բայց տանդ սուրբ գիրք ես պահում, որ կարծեն, թե սուրբ ես։ Պատասխան տուր էս ժողովրդին։ Ու՞ր ուղարկենք քեզ, ինչպե՞ս ազատվենք քեզանից։

Քշե՜լ, Զրոյին քշել գյուղից։ Չընք ուզի, չընք ուզի, բարձրագոչ թնդացին մեծ ու փոքր։

Այդ միջոցին դիմացի ճանճիկ սարի քարքարոտ կողերից փրթելով գյուղ իջավ աղքատիկ հագուստով մի կին։

Չքավոր կին էր Ֆիդոն, ամուսինը վաղուց մեռած ու տունը՝ դատարկ։ Վառելիք էլ չուներ։ Կերակուրը եփում էր հարևանների թոնիրների վրա։ Օր էր լինում, որ երկու թոնիր էր փոխում, մինչև կերակուրը եփվի։ Գլխավորապես բանջար քաղելով էր պահում իր երեխաներին։

Եկավ Ֆիդոն կարմիր գոգնոցը բանջարով լիքը, շղբիկը թևի տակ և տեսնելով, որ իրենց գյուղի բոլոր կանայք ռեսի քյոշկի առաջ հավաքված բղավում են «չընք ուզի, չընք ուզի», ինքն էլ իր ձայնը հեռվից խառնեց ընդհանուրի կանչին ու բոռաց.

Չընք ուզի, չընք ուզի։

Գյուղապետը հարցրեց.

Մորքուր Ֆիդո, էս բոլոր մարդիկ մի դարդ ունեն, որ կբոռան «չընք ուզի, չընք ուզի»։ Դու՞ ինչու կբոռաս «չընք ուզի»։

Որ ըմմեն կըսին «չընք ուզի», ես լե կըսիմ չընք ուզի։ Չըմ գինա ինչ դավի է, մենակ էնքան գինամ, որ ժողովուրդ զուր տեղ չբոռա «չընք ուզի»։ Ուր ընդհանուր ժողովուրդ՝ էնտեղ լե Ֆիդո։

Խոսքը Զմոյի մասին է, բացատրեց գյուղապետը։ Ժողովուրդը պահանջում է նրան քշել գյուղից։ Դու ի՞նչ գանգատ ունես նրա վրա։

Հորի դու չըս գինա, ռես, որ Զմոն լիրբ է։ Էդ կնկա երեսին մեռոն չկա։ Երկու երեխա ունի, երկուսն էլ խելռտուկ։ Առջի օրը քիչ մնաց էս շղբիկով դրա աչքերը հանեի կոճղեզի տեղ։ Ւնձի կըսե. Ֆիդո, դու հորի շուտ-շուտ սար կերթաս։ Զգույշ էղիր, ծառերի տակ ֆիդայիներ կան։ Որ մի երեխա էլ էղնի, ո՞վ կկնքի նրան։ Վա՜յ, ես հողեմ դրա լիրբ գլուխը։ էս Տատրակի մեջ մեր երկուսից մեկը պիտի մնա, ռես, կամ ես, կամ Զմոն։ Աշխարհ մեռնել կա, Զմո, քո յոթ պորտի մեղք իմ վիզ էղնի, թե ես ֆիդայիների մեծավոր Սերոբ Փաշին գանգատ չանեմ քեզ վրա։

Սերոբ Փաշեն մեռած է։

Գևորգ Չաուշին կասեմ։ Ռես, բան ասի քեզ. էս գյուղի մեջ կամ ես, կամ Զմոն։

Քո գնալուց վնաս չկա» թորթեկ ու գռզիկ ուտող մի աղքատ կնիկ կպակսի մեր գյուղից, ասաց Զմոն։

Լավ է լինեմ քյասիբ, քան անթասիբ, պատասխանեց Ֆիդոն, հեռվից թքեց Զմոյի երեսին ու շուռ գալով հեռացավ։

էս էլ քեզ Ֆիդոյի թուքը։ Կերա՞ր։ Դե, հիմա խոսիր, ասաց գյուղապետը։

Ի՞նչ խոսեմ, ռես։ Դու սրանց բոլորին ճամփու դիր, որ խոսեմ, ասաց Զմոն երեսը սրբելով։

Գնացեք, հարսներ, բոլորդ տուն գնացեք, տեսնենք Զմոն ինչ է ասում։

Կանայք, հարսներ, բոլորը գնացին, ցրվեցին իրենց տները։

Տո, ռես, հողեր քո գլխին, ռես, ասաց Զմոն, երբ ամենքը հեռացել էին։ Ես կարծում էի, թե դու խելոք մարդես։ Ւնքդ էլ գիտես, որ ես աշխարհքի անառակն եմ։ Որ վեճի կամ կռվի ժամանակ ես դրանց գող ու ավազակ չասեմ, լիրբ ու օռոսպի չասեմ, ու իմ տան մեջ սուրբ գիրք չպահեմ, իմ անառակությունը ինչպե՞ս մաքրեմ։

Ինչպե՞ս է ընկել այդ գիրքը քո ձեռքը։

Մի ծանոթ քուրդ էր գտել Կարմիր ալուջների կիրճի մեջ։ Գիշերով եկավ իմ տուն և նվեր տվեց ինձ։

Քանի՞ տարի առաջ։

Յոթ տարի։

Քո այդ շիտակ խոստովանության համար ես քեզ գյուղից չեմ վտարի, բայց գիրքը քո ձեռքից կառնեմ։ Դա Կարմիր իրիցու տան «Կոճղեզ» ավետարանն է, որ Արաբոյի թամբից ընկնելով, կորել էր Բռնաշենի անտառում։ Մագաղաթյա արծաթակազմ գիրք է յոթերորդ գարու։

Այո, և թռչնագիր թաշկինակով փաթաթված։ Վրան նկարված է մի արոր և մի տղամարդ՝ ձեռքը դրած մաճին։

Շուտ գնա բեր և հանձնիր ինձ։

Քո կամքն է, ռես։

Տղա, Մխտո։

Համմե, ռես։

Գնա Զմոյի ետևից և Կարմիր իրիցու տան տոհմական ավետարանը առ արի։

Գնացի, ռես։

Ու գզիրը լընկլընկալեն հետևեց Զմոյին։

Մխտոն բերեց ավետարանը և ես հրաժեշտ տալով Տատրակ գյուղին և նրա մեծապետին, Արաբոյի տան գիրքը թևատակիս, բռնեցի Մշո դաշտի ճանապարհը։

Էս էլ Զմոն։

Ես նրան Տատրակ գյուղում տեսա։

Զմոներ ամեն տեղ կան։

Աշխարհը չի կարող լինել առանց Զմոների։

ԹԱՂՎԶՈՐԻ ԿՐԱԿԸ

Բայց ես պետք է Արաբոյի ավետարանը պղծությունից մաքրեմ, չէ՞ որ այդպես էր պատվիրել Հրեղեն ձին։ Վերջում իսկապես մի հիշատակարան կար, որի առաջին թերթիկի վրա ճանապարհին կարդացի. «Եթե ինձ պիղծ մարդոց և անսրբության մեջ տեսնես՝ սրբիր Թաղվձորի կրակով»։

Հիշեցի, որ Թաղվձոր անունով մի գյուղ կար Խութի մեջ, ուստի թողեցի Դաշտի ճանապարհը և շարժվեցի դեպի Խութ։

Այդ գյուղը ձորի բերանին էր, առաջը բաց։ Դիմացը Մարաթուկն էր, իսկ կողքով Բռնաշենի ջուրն էր անցնում։ Բնակիչների կեսը հայեր էին և բոլորի տները հազարաշեն։ Մյուս կեսը Շեկո քրդերն էին։ Հողը շեկոների ձեռքին էր, բայց կիսովի։

Իմ ետևում մի ոտնաձայն լսվեց։ Մի տղամարդ քայլերն ինձ հավասարեցնելով առաջ անցավ և շարունակեց ճանապարհը, ոչ մի ակնարկ չնետելով վրաս։ Թևի տակ ճերմակ կտավի մի փաթեթ կար և մի գործիք։ Շուրջը չէր նայում։ Գնում էր փոքր-ինչ կռացած և աչքերը միշտ գետնին, կարծես մտովի իր քայլերն էր հաշվում։

Այն ակնթարթում, որ իմ աչքը դիպավ նրան, խղճի խայթից և հուսահատությունից ամենավտանգավոր միջոցին դիմելու մի արտահայտություն կարդացի նրա դեմքին։ Կամ մարդ էր սպանել, կամ մարդ սպանելու էր գնում, որովհետև հայացքը խիստ վճռական էր։

Սպիտակ գլգըլի և գավարսի արտերի միջով նա հասավ գյուղի առաջին տնակին և դուռը բախեց.

Խութեցի մի կին բացեց դուռը։

Մարդը թևատակի կտավն ու գործիքը դրեց կնոջ առաջ, շեմքի վրա և ծունկի իջավ նրա դեմ։

Ահա այն գործիքը, որով սպանեցի ձեր ամուսնուն և ահա այն կտավը, որով ես պետք է պատանքվեմ ու թաղվեմ։ Ես կատարել եմ աններելի հանցանք և մեղքս քավելու համար իմ ոտքով ու պատանքով եկել եմ ձեր շեմքը։ Իմ արյունը տալիս եմ ձեր հարազատի արյան դիմաց և իմ կյանքը հանձնում եմ ձեզ։ Սպանել կամ ներել՝ իմ դատաստանը ձեր ձեռքին է։

Իմ վիշտը մեծ է, բայց ինքս լեռնցի եմ և տմարդությամբ իմ շեմքը չեմ պղծի, ասաց խութեցի կինը իր առջև ծունկի իջած տղամարդուն դիմելով։ Իմ ամուսնու արյան դիմաց նույնիսկ տասնյակ տարիներ հետո տասնյակ կյանքեր կպահանջեի, բայց քանի որ դու պատանքով ես եկել իմ տուն, իմ լեզուն փակվեց և իմ վրեժը մեղմացավ։

Եթե ներված եմ, ուրեմն թույլ տուր ձեր թոնրի կրակի վրա մի խոստովանություն անել և մի խանձող տանել իմ հանգած կրակը վառելու համար։

Այդ խոստովանքի տեղը Թաղվու տան կրակն է, ասաց խութեցի կինը։ Երթանք Հոնկա պապի տուն։ Ես այս տարի իմ հին կրակը չկարողացա փոխել։

Տղամարդը վերցրեց իր կտավն ու գործիքը, և նրանք շարժվեցին դեպի գյուղի հյուսիսային կողմը։

Միանգամայն պարզ դարձավ, որ իմ որոնածը նույնպես այդ երևելի տան կրակն Էր, ուստի վստահ քայլերով հետե" վեցի նրանց։

Հոնկա պապի հազարաշեն տունը թիկնած Էր մի ապառաժոտ բլրի։ Թիկունքին գյուղի անտառն Էր հոշի ծառերով։

Թաղվձորի այդ գերդաստանը ծագում Էր խութեցի Հովնանի հռչակավոր տոհմից։ Այդ տան առաջ, ըստ ավանդության, թաղված Էր գյուղի հիմնադիր ռանչպար Հովնանի խոփը և խութեցի շինականները գարնանը վարի գնալիս իրենց լծկանը անպայման քշում Էին այդ տան մոտով, իբրև հարգանք երկրագործ Հովնանին։

Հոնկա պապի տան կրակի մասին հրաշքներ Էին պատմում։ Ասում Էին, որ այդ նահապետական տան առաջին կը– րակը վառել Է խութեցի Հովնանը իր կայծքարի արձակած կայծերով։ Եվ այդ օրվանից այդ կրակը սրբություն Է համարվել ոչ միայն Թաղվձորի, այլև հարևան գյուղերի հայ և քուրդ բնակիչների համար։

Տան ամենատարեց անդամը միշտ ներկա Էր կրակի կողքին, հսկելով որ այդ հուրը անմար մնա։ Հենց որ բարակել էր թե կմարի՝ նա մի շալակ ցախ կամ հսկա կոճղ անտառից բերելով, նետել Էր կրակի մեջ։ Այդպես, տաս տղամարդ կամ տաս կին իրար հաջորդելով, մինչև խոր ծերություն անտառի դանդաղ այրվող կոճղերով հազար տարի անընդհատ անշեջ Էին պահել երկրագործ Հովնանի վառած հուրը։ Այժմ Հոնկա պապի՝ տասնմեկերորդ սպիտակամորուս ծերունու հերթն Էր։

Խութեցիները տարին մի անգամ պարտադիր կերպով փոխում Էին իրենց օջախների կրակը։ Այդ կատարվում Էր ամեն տարի փետրվարի 14-ին։ Այդ օրը ամեն ընտանիք, իր տան առաջ կամ տանիքին, վառում Էր տոնական կրակ տերնդեզ, և այդ կրակից իր օջախը տանելով՝ փոխում, նորոգում Էր իր օջախի հին կրակը։

Հոնկա պապի տան տղամարդիկ առաջինն Էին վառում տերընդեզի կրակը իրենց գյուղում։ Այդ համարվում Էր ազդանշան, որին հետևելով բոլոր տների կամ թաղերի տերնդեզները սկսում Էին վառվել։ Հոնկա պապի տերընդեզի վրայով նախ թռչում Էր ինքը՝ պապը, հետո Հոնկա պապի որդի ջուլհակ Հակոբը, հետո պապի թոռներ Սիմոնը, Դավիթը և Մուշեղը։ Իրիկնամուտին ամբողջ գյուղը լուսավորվում Էր, տերընդեզների բոցերով։ Երբ կրակները հանդարտվում էին, Հոնկա պապի որդիներն ու թոռները տերընդեզի հրավառ խանձողերը վերցնելով, շպրտում Էին իրենց արտերին՝ բացականչելով. «բարաքեն վերին արտին՝ ցորենը շատ լինի», «բարաքեն սպիտակ գլգըլի արտին՝ հասկերը խոշոր լինեն», «կաթը ցուլան լինի», ասում էին ու խանձողերը տանիքից շպրտում ձյունածածկ գոմերի պատերին իրենց լծկանին զորություն և կովերին կաթի առատություն ցանկանալով։

Հոնկա պապի տան հարսանիքներից մեկում նվազել էր Բսանաց գավառի հռչակավոր փողփուչ Նատորա Արեն, որը դրանից մի տարի առաջ Մարաթուկի ուխտին քսանչորս ժամ անընդհատ փող փչելու պայմանով, տոսափից շինված յոթ սրինգ էր պայթեցրել գովընդ պարի մեջ։ Մեկ օրվա մեջ յոթ սրինգ պայթեցրած կորովի փողփուչի անունը ավելի հռչակավոր էր դարձրել Թաղվձորի այդ նահապետական տունը։

Հոնկա պապի տան կրակը վառ Էր, երբ մենք ներս մտանք։ Կրակի կողքին աղվեսի մորթու վրա նստած Էր սպիտակամորուս ծերունին։ Տան առանձին մի անկյունում, ուր հավի թառն Էր կախված, եռանդով իր մաքոքն Էր աջ ու ձախ դարձնում ջուլհակ Հակոբը։

Պատանքով տղամարդուն և նրան ուղեկցող սևազգեստ կնոջը տեսնելով, հազարաշեն տան նահապետը ոտքի ելավ։

Հոնկա պապին մեր գյուղի մուխսին է և այս կրակը՝ մեր բոլորիս սրբությունը։ Քո խոստովանքը այս կրակի առաջ կատարիր, ասաց խութեցի կինը, դիմելով պատանքով տղամարդուն։

Մեծ մեղք եմ գործել, մուխսի պապի, և եկել եմ իմ սպանածի արյան դիմաց իմ արյունը վճարելու։ Իմ տան կրակն էլ, ճրագն էլ հանգած է։ էս կրակը վկա, այդ սպանությունը կանխամտածված չի եղել։ Ուզում եք սպանեք ինձ, իսկ եթե ներում եք, մի խանձող տվեք ձեր կրակից, որ իմ օջախի հանգած կրակը վառեմ, ասաց լեռնցին, ճերմակ կտավը և գործիքը ծերոլնու առաջ դնելով։

Սպիտակամորուս ծերոuնին, որ տեղյակ էր այդ սպանությանը, կռացավ և իր թվեքի բոցկլտուն կրակից մի խանձող հանելով, երկարեց նրան.

Գնա, վառիր քո օջախը։

Տղամարդը վերցրեց պատանքն ու գործիքը և սևազգեստ կնոջ հետ դուրս եկավ Հոնկա պապի տանից, իր հետ տանելով Թաղվձորի կրակը։

Հերթը հասավ ինձ։

Ես էլ այդ կրակի համար էի այդ Գյուղը եկել։ Ականատես չլինի այդ տեսարանին, միգուցե թերհավատ մնայի, թե աշխարհում կգտնվի մի կրակ, որ կարող է վատահամբավ կնոջ ձեռքի պղծությունը մաքրել։

Ուրեմն ճիշտ էր ասել Պայթող Աղբյուրի հրեղեն ձին։

Ես լռությամբ «Կոճղեզ» ավետարանը իմ թևատակից հանելով, մեկնեցի Հոնկա պապին։

Քանի՞ տարվա պղծություն կա վրան, հարցրեց ծերունին իմ միտքը կռահելով։

Յոթ տարվա։

Պղծողը կի՞ն է, թե՞ տղամարդ։

Զմո անունով մի անառակ կին է Տատրակ գյուղից։

Հոնկա ծերունին Արաբոյի գիրքը դրեց մի սակառի մեջ և կախեց իր երդիկի տակ։

Յոթ օր Թաղվձորի կրակի կապույտ ծուխը անցավ նրա վրայով։ Վերջին անգամ նա սակառը առաստաղից իջեցնելով տարավ դրեց այն քարի վրա, որի տակ խութեցի Հովնանի խոփն էր թաղված։ Լուսադեմին կանչեց իր որդի ջուլհակ Հակոբին և իր թոռներին՝ Սիմոնին, Դավթին ու Մուշեղին, և «Կոճղեզ» ավետարանը սակառից հանելով, դրեց ամեն մեկի կրծքի վրա առանձին-առանձին, ապա առավ դրեց իր կրծքին և ինքը առաջն ընկած, որդին ու երեք թոռները ետևից, յոթ անգամ գնացին մինչև անտառի խորքը և վերադարձան։

Ապա քաղեց յոթ տարբեր ծաղիկ և յոթ տարբեր տերև և հավասար հեռավորությամբ դրեց գրքի թերթիկների մեջ։ Երբ երկինքը թխպեց, նա «Կոճղեզը» յոթ անգամ պահեց Մարաթուկի կայծակի փայլատակումների դեմ և յոթ տարբեր բացականչություն արեց, որ միայն իրեն էր հասկանալի։ Ամենավերջին անգամ մտավ տուն և ծաղիկներն ու տերևները թափեց իր կրակի մեջ։

Երբ պղծությունը իսպառ մաքրվեց, ես Կարմիր իրիցու «Կոճղեզ» ավետարանը թևատակիս՝ դիմեցի դեպի Առաքելոց վանք։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Ռանչպարների Կանչը"

Ятук Музыка
Симфония N3
Авет Тертерян

Симфония N3

Восстание крестьян Ахпата в 1903 г.
Восстание крестьян Ахпата в 1903 г.
Играть онлайн