Վախթանգ Անանյան
Հովազաձորի գերիները
9
Գլուխ տասնհինգերորդ. Թե ինչպես հայելի պիտի դնել մարդու առաջ, որ տեսնի իր կերպարանքը…
Երկու օր ևս անցավ, այնքան ծանր օրեր, որ պատանիները գրեթե հասան հուսահատության շեմքին, ծանր մահակներն ուսներին, թուլացած ոտքերով նրանք քարշ էին գալիս Հովազաձորի ծերպերում, բայց մի քանի բուռ խղճուկ հատապտուղներից բացի, ոչինչ չէին գտնում։
Տղե՛րք, քարից կակուղ ինչ ճանկներդ ընկնի՝ կերեք, վերջը լավ կլինի, խրախուսում էր Գագիկը։
Քարից կակուղ ի՞նչ կար Հովազաձորում։ Հա՛, ուռենիների մոտ եղեգներ կային բուսած։ Ի՞նչ արած, «անճարն է կերել բանջարը», այդ եղեգների քաղցրավուն արմատները ևս կերան, հետո հողը փորփրեցին զանազան արմատիք հանեցին կերան։
Կերան, բայց զղջացին. Շուշիկը գլխապտույտ զգաց և սկսեց գժություններ անել։ Նրա աչքերի պարզ հայացքը պղտորվել էր, հարբածի նման երերում էր ու անկապ բաներ ասում։
Ի՞նչ ես կերել աղջի՛, սթափեցնելու համար նրա ուսերից բռնած ուժգին թափահարում էր Աշոտը։ Թե՞ վախից է ցնորվել…
Խումբը լուռ քարայր վերադարձավ։
Ահա քո քյալլագյոզության արդյունքը, խայթեց Սարգիսը։
Թեև նա խմբի հետ արմատիք ուտելու չէր գնում, բայց, զարմանալի բան, նույնիսկ աշխուժացել էր և նկատելի կազդուրվել, ձայնը զվարթացել։
Մի՛ կռկռա, սրտնեղած կտրեց Աշոտը։
Երեկոյան դեմ Գագիկը նորից իջավ ձորակը և ինչ-որ արմատների մնացորդներ ձեռքին վերադարձավ։
Բանգի է կերել, մի վախեցեք, ասաց նա՝ արմատները ցույց տալով։
Բանգի՞… Հա՜… թեթևացած շունչ քաշեցին պատանիները։ Այգեձորի երեխաներից ոմանք գիտեին, որ բանգ կամ բանգի կոչված բույսի արմատը և սերմը հարբեցնելու-՞գժվեցնելու՞ հատկություն ունի, և գիտեին, որ դա անցողիկ բան է։
Բա ասում ես՝ քարից կակուղ ինչ պատահի, կերե՛ք, Գագիկին նախատեց Աշոտը։ Խնդրեմ, այսուհետև սխալ լոզունգներ չտաս։
Այո՛, լոզունգս իրեն չարդարացրեց. հարկավոր է ճշտել և դարձնել այսպես. «Քարից կակուղ ինչ պետքական բան պատահի, կերե՛ք»։
Լռեցին։ Շուշիկը օջախի մոտ պառկած, Հասոյի տաք աբան մեջքին գցած՝ մուշ-մուշ քնել էր։
Քիչ հետո երբ արթնացավ, աչքերը տրորեց և վրա նստելով՝ քնաթաթախ մարդու ցրվածությամբ հարցրեց.
Էս որտե՞ղ ենք…
Ձեր բակում, պատասխանեց Գագիկը։ Կրակը թեժացրել ենք, որ պոմիդոր խորովենք։ Վազիր բոստանից մի փեշ բեր։ Տաքդեղն ու բադրիջանը չմոռանաս։
Աղջիկը վեր կացավ, քայլեց դեպի այրի շեմքը, ապա ուշքի գալով՝ լաց եղավ։
Էլի փակված ենք ձորո՜ւմ… Ուրեմն, մեռնելո՞ւ ենք…
Շուշի՛կ, հետո՞.. անհարմար չի՞՛, հանդիմանեց Աշոտը։
Աղջիկն զգաստացավ, ամաչեց իր արարքից։
Շուշիկի անակնկալ ճիչն ու լացը ազդել էր բոլորին։ Իրոք, մահը մոտենում էր անձավի շեմքին, պատանիներն այնքան էին նիհարել-թուլացել, որ շատ դժվարությամբ էին վառելիք հայթայթում։ Իսկ որ կրակը հանգչեր, սառը քարայրը ականատես կլիներ նրանց վախճանին… Այդ բանը բոլորն էլ գիտակցում էին և լուռ մտածում։
Ի՞նչ աներ հովիվ Հասոն, ինչպե՞ս սրտապնդեր իր ընկերներին։ Նա քաշվելով քրդական մի փոքրիկ հեքիաթ պատմեց, հետո սրինգ նվագեց և այրի բնակիչների ուշադրությունը առավ-տարավ Փոքր Կովկասի զմրուխտյա բարձունքները…
Երբ այդ էլ վերջացավ, սովորականի նման փռեց իր աբան ու գրպանների պարունակությունը դատարկելով նրա վրա, ասաց.
Այս անգամ վեց բաժին պիտի անենք… Եկեք Բոյնախին էլ տանք։
Կուտի՞, հարցրեց Աշոտը՝ թառամած վայրի մամուխին նայելով։
Ճարն ինչ, ստիպված պիտի ուտի։ Փորձի համար մի քանի հատ տվի՝ կերավ…
Բոյնախն էլ իր բաժինն ստացավ և իրոք սկսեց կրտկրտոցով, կորիզները ջարդելով խժռել այն, ինչի համն իր կյանքում տեսած չկար։
Տեսա՞ք, շունը մեզանից փորձված է. կորիզները ջարդեցեք, տղե՛րք, ես պատասխանատու եմ, խրախուսեց Գագիկը։
Երբ հատապտուղը կերան-վերջացրին, շունը սկսեց անհանգիստ ծմրալ և պոչն արագ-արագ շարժելով, տիրոջից էլի ուտելիք խնդրել։ Խեղճ կենդանին շատ էր քաղցած։
Չկա, ազիզ ջան, չկա, ի՞նչ անեմ, մղկտում էր հովիվ պատանին, և կենդանու բրդոտ վիզը գրկած՝ ընկերներից թաքուն արտասվում էր մութի մեջ։ Դե, նրա զգացմունքները հասկանալի էին մեր պատանիներին, նրանք գիտեին, որ շունը հովիվ մարդու համար եղբոր նման մի արարած է։ Զգալուն կենդանին երևի հասկացավ. նա պառկել էր, գլուխը դրել տիրոջ ազդրին և մեղմ լիզում էր նրա ձեռքը, կարծես ներողություն էր խնդրում վշտացնելու համար…
Ապա ինչ-որ չրխկոց լսվեց, վեր թռավ, մոտեցավ Սարգսին և նրա գրպանները հոտոտելով, սկսեց բարկացած հաչել։ Այնպես արտահայտիչ էր նրա հայացքը, որ կարծես պարզ ասում էր. գրպանիդ ուտելիքը դատարկիր, թե չէ հիմա կպատառոտեմ քեզ…
Ի՞նչ է ասում, հարցրեց Աշոտը։
Հասոն անհարմարությունից լռում էր։
Դենը կորի՛ր, գունատված գոռաց Սարգիսը, բայց շունն ավելի վրդովվեց։
Ինչ է ասո՞ւմ… պարզ չի՞ որ, թոթովեց Հասոն։
Աշոտը հասկացավ և վեր ելավ տեղից։
Գրպաններդ դատարկի՛ր, որոտաց նա՝ զայրագին նայելով մեղավորի գունատ դեմքին։
Գագիկը խուզարկեց և բավականաչափ ընկույզ հանեց Սարգսի գրպաններից։
Ի՞նչ իրավունք ունեք… Ե՛ս եմ գտել… Ամեն մարդ ի՛ր համար…
Իսկ ի՞նչ իրավունքով և ի՞նչ խղճով ես դու ուտում էս թույլ աղջկա բերածը, Հասոյի բերածը, մեր բերածը, վրդովված հարցրեց Աշոտը և ձեռքը ետ տանելով մի ծանր ապտակ հասցրեց նրա դեմքին։ Շուշիկը ճչաց, Հասոն շուռ եկավ, նրան ցնցեց այդ տեսարանը։ Նույնիսկ Գագիկը շփոթված մտածում էր, թե ինչ դիրք բռնի, դեպքն այնպես ծանր էր, որ կատակով չես հարթի։ Սարգսի դեմքին սառել էր ինչ-որ տարօրինակ, ծուռ մի ժպիտ, որից նա ավելի ողորմելի էր երևում։ Իսկ Աշոտը կարծես ուժասպառ էր եղել։ Վրդովմունքից գունատված, նա դողում էր։ Որպես որսորդի որդի, իր փոքրիկ կյանքում նա մի սկզբունք ուներ. հանդում ձեռք բերածդ կիսի՛ր ընկերոջդ հետ։ Քանի՜-քանի անգամ հայրն իր աչքի առաջ, առանց ափսոսելու, և նույնիսկ հատուկ բավականությամբ բաժանել էր ընկերներին իր խփած կենդանու միսը։ Միշտ հավասար, միշտ արդարացի։ Նույնիսկ հրաժարվում էր պապենական օրենքով խփողին պատկանող որսի մորթուց ու ազդրից։ Իսկ նա գիտեր, թե ինչ չարչարանքով է հայրը ձեռք բերում որսի կենդանուն, ինչ տանջանքներով է նա խփածը շալակով իջեցնում սարերից։ Բայց բաժանում էր հավասար, այդպես է հնուց դրված կարգը, այդպես է պահանջում ընկերությունը, մարդկայնությունը։ Իսկ սա՞, այս տակա՞նքը։ Ա՜խ, զզվելի էգոիստ, նույնիսկ այժմ երբ գրպանները լիքն են, դարձյալ ձեռքը մեկնում է քաղցած ընկերների ողորմելի պատառին…
Այս բոլոր մտքերը մի վայրկյանում փոթորկեցին Աշոտի փոքրիկ ուղեղը և նա ոչ միայն չզղջաց իր հասցրած ապտակի համար այլև քիչ մնաց նախնադարյան մարդու մահակի զորությունը փորձեր Սարգսի գանգի վրա, բայց զսպեց իրեն և խեղդված ձայնով հարցրեց.
Հիմի քեզ ի՞նչ անենք…
Սարգիսը քմծիծաղ տվեց։
-Ի՜նչ է, գողությո՞ւն եմ արել… Կա՛ց, Աշոտ տղա, թե մի այստեղից դուրս կգա՜նք…
Դեռ սպառնում է, այդքան էլ անամոթությո՞ւն։
Ինձ խոսք չի հասնում, բայց մի բան ասեմ, քաշվելով մեջ մտավ Հասոն և դիմեց Սարգսին։ Դու քեզ մեզանից մի՛ ջոկի, լավ չի… Մեր քրդերն ասում են՝ սուրվից ջոկված ղոչը գելի բաժին կդառնա…
Սարգիսը միայն մի արհամարհական հայացքով չափեց Հասոյին և խմբին դառնալով, շպրտեց.
Աչքներդ տնկել եք իմ աշխատանքի՞ն… Տեղներդ նե՞ղ է, թող ամեն մարդ իր գլխի ճարը տեսնի…
Հաա՞, ուրեմն այդպե՞ս… Լա՜վ…
Եվ Աշոտը տեղում լարված մի պահ, մտածեց և մի վճիռ կայացնելով, կարգադրեց.
Ընկուզենու տակ մի փայտ եմ պատրաստել, գնա բեր, որ գիշերը վառենք։
Ինչո՞ւ պիտի ես գնամ…
Հերթը քոնն է։ Գնա՛, թե չէ դուրս կշպրտենք, դրսում կսառչես…
Այդ սպառնալիքը իսկույն ներգործեց։
Բա մենա՞կ գնամ, խեղճացած հարցրեց նա։
Հասո՛, Բոյնախի հետ դուրս եկեք, շեմքում կանգնեցեք, որ չվախենա։ Դե՛, մա՛րշ…
Երբ Սարգիսը վրեժը սրտում, բայց ճարահատյալ դուրս եկավ այրից, Աշոտը դարձավ ընկերներին.
Փայտը պատրվակ էր։ Ուզում եմ վճռենք, թե ինչպես վարվենք դրա հետ։
Դու շատ խիստ ես և կոպիտ, Աշո՛տ, մեղմությամբ դիտեց Շուշիկը։ Այդպես չի կարելի մարդ ուղղել։ Նա վիրավորանքներից ավելի կհակառակվի և կփչանա։
Շուշիկի այդ խոսքով էլ սկսվեց կարծիքների փոխանակությունը։
Իսկ դո՛ւ ի՞նչ կասես, Գագի՛կ։
Ե՞ս։ Ես իմ պապի նման կասեմ. ՞Սևին սապոնը, խևին խրատն ի՞նչ անի…՞։
Ուրեմն այդպես էլ թողնե՞նք։ Չազդե՞նք վրան, վրդովվեց Աշոտը։
Ազդենք… բայց ինչո՞վ։ Իմ պապը հո գիտես ինչ առակախոս մարդ է։ Ասում է՝ գայլի ճուտին նստեցրին, որ գիր սովորեցնեն։ Ասացին՝ ասա ա, ասաց այծ, ասա բ, ասաց բադ (թե՞ բուդ…), ասա գ, ասաց գառ, ասա դ, ասաց դմակ… հիմա, քանի չի վերադարձել, լսեցեք ի՛մ վճիռը։ Շուշիկը իրավացի է, բայց նրա խոսքը շեղված ընկերոջը ուղղելու մասին է։ Սա շեղված չի, այլ մինչև ուղնուծուծը այլասերված։ Դա գայլի ճուտ է, հասկանո՞ւմ ես, դա իրեն եսից դուրս աշխարհ չունի, զայրույթից չափը կորցրած հայտարարեց Գագիկը։ Մեկ է, ուժով բաց արած վարդը հոտ չի ունենա… Իզուր է…
Իզուր չի, նա կամ պիտի մնա այստեղ, կամ մարդ դառած պիտի դուրս գա Հովազաձորից… Գայլի ճո՛ւտ է, պիտի ժանիքները հանենք։ Դու քո պապի առակներն ես մեջ բերում, ես էլ իմ հոր ասածները կբերեմ. ՞Սոխի կողքին պետք է սխտոր ծեծես…՞, ՞խաթրով չեկավ, չվանով կգա…՞։
Եվ ոգևորվելով, Աշոտը, իր սովորության համաձայն, Գագիկի խոսքով ասած՝ ՞մի ամբողջ դասախոսություն՞ սկսեց Սարգսի մասին։ Նա ասաց, որ այդպիսի մարդիկ իրենց պակասությունները չեն նկատում։ Շատերն են քծնում նրա հոր առաջ և նրան թվում է, թե իր հորից էլ լավ մարդ չկա։ Շատերն են հոր դիրքի պատճառով երես տալիս և սա իր մասին թյուր կարծիք է կազմել։ Պետք է քողը դեն տանել և պարզ ցույց տալ, թե ո՛վ է ինքը և ո՛վ է իր հայրը։ Հորը պետք է մերկացնել, որովհետև նա իր հոր դիրքով է այդպես մեծամտացել։ Իսկ իրեն պետք է իր տեղը ցույց տալ և նույնիսկ ստորացնել։ Եվ երբ զգաց, որ ինքը ոչնչով ավելի չէ ուրիշներից և դեռ շատ բաներով էլ պակաս է, այն ժամանակ միայն կարելի է քիչ-քիչ վեր քաշել…
Դա իմ առաջարկն է, վերջացրեց նա։ Գուցե մանկավարժության կողմից չընդունվի դաստիարակելու մեր այս մեթոդը, չգիտեմ։ Բայց մեղմ միջոցները նրան չեն օգնի, ես դրանում համոզված եմ։ Այդպիսի մարդու հետ եթե մեղմ վարվեցիր, բոլորովին կփչանա, գլխիդ կնստի…
Միտքդ լավն էր, բայց ափսո՜ս, գրաբար էր ու երկար, իր գնահատականը տվեց Գագիկը։
Ի՞նչ է, դու իմ ամեն խոսքը կշռելու-քննադատելո՞ւ ես։
Այո՛, ճիշտ ես գլխի, ամեն խոսքդ կշռելու եմ։ Ե՛կ, Աշո՛տ, մարդավարի զրույց անենք, ինչի՞ ես չոր ճառեր ասում, ախր ափսոս ես…
Աշոտը մի գողունի հայացք գցեց Շուշիկի կողմը և մի պահ կարկամեց. անսպասելի հանդիմանությունից նա շիկնել-քրտնել էր։
Իսկ պետը իր մտքերը պետք է արտահայտի՞, թե ոչ… Իսկ…
Գագիկը հանդարտ ու լուռ ծիծաղում էր. նրան դուր էր գալիս, երբ իր կծու խոսքից Աշոտը վեր-վեր էր թռչում և, մանավանդ, իր պետ լինելը հիշեցնում։ Համով ու հեգնական մի միտք ՞քոր էր ածում՞ նրա լեզուն, բայց զսպեց իրեն։ Զսպեց, որովհետև զգում էր, թե ինչպես իր յուրաքանչյուր դիտողությունը, յուրաքանչյուր կծու կատակը վիրավորում է իրենց ինքնասեր (և գուցե մի փոքր էլ գոռոզ) պետին։ Մանավանդ Շուշիկի ներկայությամբ Աշոտը ոչ մի դիտողություն չէր կարողանում սառնարյուն կերպով ընդունել, ուստի Գագիկը բարվոք համարեց լռել։
Ինչի մասին հարցնում են, նրա մասին խոսիր, բարկացավ Աշոտը։ Ասա քո կարծիքը, ինչպե՞ս վարվենք այդ, այդ…
Այսպես, Գագիկը բուն հարցին կողմնակի վեճ խառնեց և չթողեց, որ խումբը մինչև տղաների վերադարձը եզրակացության գա իր անուղղելի համարվող անդամի մասին։
Ընկերները Աշոտին դեռ իրենց վերջնական կարծիքը չէին հայտնել, երբ ներս մտավ Հասոն, հետևից էլ Սարգիսը, մի ճյուղ ուսին։ Չէր հևում իր ընկերների նման, խեղճ սկյուռի յուղալի պաշարը ուժ էր տվել նրա հյուծված օրգանիզմին։
Այդպես, սրանից հետո պիտի մեզ հետ հավասար աշխատես։ Թե չէ ինչի՞ նման է ՞Հացից մոտիկ, բանից հեռու՞, ինչպես իմ պապը կասեր, այս անգամ անսովոր լրջությամբ խրատեց Գագիկը։ Դե հիմա նստիր և լսիր մեր անուշ-անուշ զրույցները…
Ինչի՞ մասին, կասկածանքով հարցրեց Սարգիսը՝ փոխեփոխ նայելով նրան և օղակավարին. ջանում էր գուշակելու, թե ինչ վճիռ են կայացրել իր մասին։
Ինչի մասի՞ն։ Քո՛ մասին, հո՛րդ մասին…
Ու նայելով Աշոտին, հարցրեց.
Այդպես չի՞… Չսկսե՞նք…
Այդպես է, սկսենք…
Այդ լավ է, ուրեմն Գագիկն էլ կողմնակից է իր ՞մեթոդին՞։ Իսկ Շուշի՞կը։ Աշոտը հարցական նայեց աղջկան և նրա լռությունը համաձայնության նշան համարելով, սկսեց.
Սարգի՛ս, դու շատ ես հպարտանում քո հորով և քեզնով։ Այստեղ թյուրիմացություն կա, ուզում ենք պարզենք, որ դու ամեն բան տեսնես այնպես, ինչպես որ կա… Ուզում ենք համոզվես, որ օրինակ, հենց այս քուրդ հովիվ Հասոն քեզնից մի քանի գլխով բարձր է…
Սարգիսը շանթահարվեց։
Քուրդ Հասո՞ն, խեղդված հարցրեց նա։ Թե այստեղից դուրս կգա՜նք…
Եվ նա սեղմեց բռունցքները, բայց Աշոտի հայացքից վատ բան գուշակելով, կուչ եկավ, աչքերը երկյուղով խոնարհեց։
Այո՛, Հասո՛ն։ Հիմա լսիր և կհամոզվես։ Հասո՛, խնդրում եմ պատմես, թե այս տարի ինչո՞ւ եք դուք վատ ապրում, չէ՞ որ մայրդ ֆերմայում կթվոր է, դու՝ հովիվ, իսկ հայրդ՝ անվանի անասնապահ։ Ո՞ր անխիղճն է ձեր ապրուստը վատացրել…
Հարցն անակնկալ էր։ Հասոն անճարակությունից մեկ Աշոտին էր նայում, մեկ Գագիկին և նրա հայացքն աղերսում էր. «Թո՛ղ, հարամ լինի իրենց գլխին, ինձ ազատեցեք էդ ծանր պարտականությունից…»։
Ասա՛, մարդի՛ց կամաչեն, սա ի՞նչ մարդ է որ… Հո տեսա՞ր ոնց բռնվեց գողության մեջ… Դու հո էդպիսի բան չէի՞ր անի։
Ե՞ս։ Հասոն ցույց տվեց իր ճերմակ ատամները։ Ես ո՛ր օրը էդպես բան անեմ, լավ է էդ օրը մեռնեմ, արժանապատվությամբ պատասխանեց սա։
Իմացա՞ր ինչով է քեզանից բարձր հովիվ Հասոն, շեշտակի հարցրեց Աշոտը։ Իսկ դու քեզ նրա հետ համեմատելը ամոթ էիր համարում, չէ՞։ Այդ դու և նա։ Դե հիմա լսիր նրա՛ հոր ու քո՛ հոր մասին, և ինքդ համեմատիր նրանց երկուսին իրար հետ։ Հասո՛, պատմի՛ր։
Դե Հասոն ինչպե՞ս հակառակեր Աշոտին։ Եվ անհարմար զգալով ու երբեք Սարգսի կողմը չնայելով, նա սկսեց իր պատմությունը.
Դե ինչ ասեմ, սաղ գյուղը գիտի։ Երկու տարի առաջ ֆերմայի վարիչը թոխլիները իմ հոր առաջն արավ, թե՝ Ավդա՛լ, տար գյուղ, հանձնիր Պարույրին, որ մուտք անի ու մթերման տանի։ Հերս գնաց, ես էլ հետը։ Տարանք, երկինքը վկա, լրիվ հանձնեցինք իրեն՝ ուղիղ հարյուր ութսուն երկու գլուխ։ Ստացական առանք եկանք ֆերմա։ Մյուս օրը Պարույրը խաբար ղրկեց, թե՝ մնացած վաթսունհինգ թոխլին ինչի՞ չեք բերում։
Ֆերմայի վարիչը կարդաց հորս ձեռքի ստացականը, թե՝ Պարույրը ճիշտ է, բա մնացածն ո՞ւր է, ախր ես քեզ հարյուր ութսուն երկուսն եմ հանձնել… Հերս մնաց շշմած, հասկացավ, որ Պարույրը խաբել է իրեն։ Դե հայերեն կարդալ չգիտեինք, ստացականը չէինք կարդացել, նա էլ թիվը բառերով էր գրել… Ես ու հերս մրմնջալով գնացինք գյուղ՝ Պարույրի մոտ, մտածում էինք, թե՝ երեսը երեսից կամաչի։ Բայց աչքը գցեց մեր աչքին ու մաքուր հրաժարվեց։ Ասում է՝ ստացականում գրված է, թե ինչքան եմ ընդունել… Մղկտացինք, հերս թաթա տվեց, չեղավ։ Գործը հասավ դատախազին, բայց ամեն տեղ էլ էդ սուտ ստացականը մեր մեջքը կոտրեց, էդ թղթի կտորին հավատացին, մեզ չհավատացին…
Հասոն ընդհատեց պատմությունը, աչքերը լցվել էին։
Շարունակի՛ր…
Ինչ շարունակեմ, Պարույրը տարածեց, սուտ վկաներ սարքեց, թե տեսել են, որ Ավդալը ճամփի կիսից թոխլիների մի մասը քշել հասցրել է Ադրբեջան գնացող քոչվորներին ու ծախել նրանց։ Քիչ մնաց հորս բանտ նստեցնեն։ Լավ էր, կուսբյուրոյի քարտուղարն էլ պաշտպանեց, գյուղսովետն էլ և էնպես, ներքին կարգով որոշեցին, որ մենք էդ վաթսունհինգ թոխլու պակասորդը առայժմ լրացնենք, մինչև որ հարցը վերևում նորից քննեն… Հիմի աշխատում ենք, աշխատում, էդ պարտքից չենք պրծնում։ Բա դա խի՞ղճ է, անսպասելիորեն ձայնը բարձրացրեց հովիվ պատանին։ Զայրույթից նա շառագունել էր, աչքերը շողում էին անսովոր փայլով։
Պարզվե՞ց հորդ կերպարանքը, Սարգիս, իմացա՞ր ում աշխատանքն ես ուտում… Բա ի՞նչ խղճի տեր ես դու, որ էս աղքատ տղի քրտինքը լափում ես։ Դու գիտե՞ս, որ սա ո՛չ գիշերն է քնում, ո՛չ ցերեկը, ու անձրևին էլ, կարկուտին էլ, ձյունին էլ պետք է աչքը չորս արած հսկի կոլխոզի հոտին, որ գայլը վնաս չտա։ Դու գիտե՞ս, որ սրանք՝ հայր ու որդի՝ ամիսներով շոր չեն հանում… էն ժամանակ, երբ սա խոնավ խրճիթում է ապրում, դու հարամ փողով շինված սիրուն շենքում ես ապրում։ Էն ժամանակ, երբ դու տաք սենյակում փռվում ես փափուկ անկողնուդ վրա, սա մեկնվում է թաց գետնին ու գլուխը դնում չոր քարին։ Ասա՛, դու ի՞նչ խղճով ես ուտում սրա աշխատած հացը…
Այնպես էր խոսում Աշոտը, նրա մեծ-մեծ աչքերը այնպես էին վառվում արդար զայրույթով, որ քար լիներ Սարգսի տեղը կհալվեր։ Իսկ Գագիկը համակրանքով նայում էր արդարացի վրդովմունքից շառագունած ընկերոջ դեմքին ու մտքում ասում՝ «Էլի ճառ ես ասում, Աշոտ շան, բայց այս անգամ տեղին է. խփի՛ր ամբիոնիցդ փթանոց խոսքերով, խփիր առանց խնայելու»։
Իսկ Սարգի՞սը։ Նա ընկճվել էր այդ անակնկալ հարձակումներից և մեծ գլուխը կախ լուռ լսում էր։ Դեմքը չէր երևում, իսկ կախ ականջներից դժվար էր գուշակել, թե ինչ ներգործություն են ունենում օղակավարի փթանոց խոսքերը այդ տղայի վրա։
Աշոտը մի պահ լռեց, բայց դեռ ալեկոծված էր։ Վերջապես նա խոսեց.
Իմ հայրը ասում է՝ ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մեռնում… Իհարկե, վերջիվերջո կպարզվի և գերագույն դատարանը կբեկանի Հասոյի հոր մասին հանված սխալ որոշումը։ Բայց ինչպե՞ս կարելի է… Լա՛վ, թողնե՜նք… Շուշի՛կ, հերթը քոնն է…
Ես բան չգիտեմ… եսիմ… կմկմաց աղջիկը։
Պատմիր, թե ո՛ւմ փոխարեն է կռիվ գնացել հայրդ…
Կարծես աղջկան շանթահարեցին։ Նա գույն տվեց, գույն առավ և առանց խնայելու շպրտեց.
Դրա հոր փոխարեն ուղարկեցին… Մայրս մինչև օրս էլ մղկտալով պատմում է այդ դեպքը։ Հայրս բրինձ էր մշակում գյուղի համար։ Ցանքից սկսած մինչև հունձը շարունակ ջրերի մեջ էր, դրանից ծանր ոսկրացավ էր ստացել։ Քանի եղանակը տաք էր, կարողանում էր աշխատել, որ սկսվում էր ձմեռը՝ անկողին էր ընկնում. նրանից ի՞նչ զինվոր դուրս կգար։ Ազատել էին զինվորական ծառայությունից, ձեռքը բրոնյա էին տվել։ Մի օր էլ կանչում են զինկոմիսարիատ։ Նախագահ Հարութն ու դրա հայրը մարդ են գցում մեջը, ինչ են անում՝ չգիտեմ, քարտը փոխում են իմ հոր քարտի հետ, Պարույրին ետ ուղարկում, իմ հորը կանչում, նրա տեղ գնացք նստեցնում… Գնաց կռիվ ու էլ ետ չեկավ… Իսկ դրա հայրը առողջ մնաց թիկունքում, որովհետև… որովհետև պահեստապետ էր, ուտեցնում էր, ում որ պետք էր… Բա մեր հարևան գյուղերում ինչի՞ այդպես չի։ Մայրս ասում է՝ Մեղրաձորի պահեստապետն էլ է մաքուր մարդ, նախագահն էլ… Այդ կեղտոտները հենց մե՞ր գյուղում պիտի լինեին, որ իմ հորը… իմ հորը…
Շուշիկն այլևս չկարողացավ շարունակել։ Սիրտը լցվեց, հնացած վիշտը նորոգվեց, արցունքները դեմ առան կոկորդին։
Ճանաչեցի՞ր, թե ո՛վ ես և ո՛ւմ զավակը, հերթական հարվածը հասցրեց Աշոտը։ Հիմա թող ե՛ս շարունակեմ նրա պատմությունը. Պատերազմի տարիներին, երբ Շուշիկի հայրը կռվի դաշտում էր, իսկ մայրը չէր կարողանում կուշտ կերակրել իր երեք երեխաներին, քո հայրը տաշած տուֆից երկու հարկանի տուն շինեց։ Ո՞ւմ աշխատանքով, իսկի հարցրե՞լ ես, պիոնե՛ր Սարգիս…
Սարգիսը գլխահակ լսում էր իր հոր արարքների մասին և կյանքում առաջին անգամ ամոթի զգացումը պատում էր նրա հոգուն, մի զգացում, որ նրան բոլորովին անծանոթ էր եղել։ Ամոթ՝ իր հոր անարդար արարքների համար։ Ամոթ այն բանի համար, որ ինքը, պիոներ լինելով, աչք է փակել այդ արարքների հանդեպ, պարծեցել է իր հոր դիրքով, օգտվել է նրա բերած հարամ եկամուտից։ Չէ՜, սրանք, դժվար ապրող, բայց ազնիվ մարդկանց այս որդիները, իրավունք ունեն իրեն արհամարհելու, գիշերը ինքն իրեն երկար խորհելուց հետո եզրակացրեց նա։ Հը՞, թե՞ շուտ եմ զինաթափ լինում, լսեց նա իր հոգում մանկուց ի վեր բուն դրած եսի ձայնը։ Ո՞նց կարող է քուրդ Ավդալը իմ հորից բարձր լինել, իմ անվանի հորից… Կամ նրա որդին, էն հասարակ, անճար չոբանը՝ ինձանից…
Այսպես, և՛ զղջում, և՛ դատապարտում, և՛ ինքն իր մտքում հոխորտում, աքլորանում էր Սարգիսը։
Թեև նրա գլխում հակասական մտքերը բախվում էին իրար, Բայց և այնպես Աշոտի ՞ոչ-մանկավարժական մեթոդը՞ ներգործել էր։
Փուլ էր եկել այդ տղայի կեղծ հպարտությունը ավազի վրա շինված խարխուլ շենքի նման։ Խորտակվել էր նրա մեծամտությունը, նա այլևս ոչ ոքի վերևից նայել չէր կարող։
Գլուխ տասնվեցերորդ. Թե ինչքան դառն է լինում մարդուս վիճակը, երբ դուրս է մնում կոլեկտիվից
Ձմեռը երբ նայում ես Հովազաձորի բարձունքից, թվում է մառախուղ է իջել Արաքսի հովտի վրա։ Իսկ վերևում, ուր մեր պատանիներն էին, օդն այնպես հստակ էր ու պարզ, երկինքն այնքան ջինջ ու արևը պայծառ, որ եթե սովամահ լինելու ահը չլիներ, այնտեղ փակված պատանիները կզգային այն հրճվանքը, որն ունենում է տափարակից լեռ բարձրացած մարդը, որի առաջ նոր ու անակնկալ հորիզոններ են բացվում, իսկ ինքն իրեն զգում է թե՜թև թեթև։
Այրի շեմքին կանգնած, նրանք մի պահ դիտեցին այդտեղից բացվող տեսարանները և շարժվեցին դեպի Մասրուտը. այդպես էին կոչել նրանք ժայռերի միջև թաքնված այն թփուտը, ուր նախորդ օրը Հասոն շատ մասուր էր հայտնաբերել։ Հեշտ չէր հասնել ծերպերին թառած այդ հողակտորին։ Բայց ճարն ինչ, պիտի գնային։
Դա Հովազաձորում փակվելու տասներորդ օրն էր։
Սարգիսը այրի շեմքից հայացքով հետևում էր ընկերներին։ Ոչ ոք նրան չնկատեց, ոչ ոք ետ չնայեց։ Ասենք, ո՛չ, Հասոն ետ նայեց և կանչեց ետ մնացած Բոյնախին։ Շանն անգամ կանչում են, իսկ իրեն՝ ոչ…
Երկու օր էր ոչ ոք ոչ մի խոսք չէր փոխանակել իր հետ։ Խումբն առավոտը գնում էր հատապտուղ հավաքելու, երեկոյան վերադառնում, և որպես կանոն Սարգիսն ստանում էր իր բաժինը։ Ամեն անգամ վճռում էր չվերցնել, բայց ապրելու բնազդն ստիպում էր մի կողմ դնել ինքնասիրությունն ու պատիվը։ Ուտելիքի տեսքից նա մոռանում էր մտքում տված երդումը, բայց և ուտում էր իրեն անծանոթ մի նոր զգացումով համակված, հավանաբար ամոթի զգացումն էր, որ ծնվում էր նրա մեջ։
Ծերպերից իջնում էին ընկերները ուժասպառ, բայց ամբողջ երեկոն կրակի շուրջը զրուցում էին խաղաղ, հերթով հեքիաթ պատմում և նույնիսկ երբեմն էլ ծիծաղում Գագիկի թե՛ անհամ, թե՛ համով կատակների վրա։
Սարգսի ներկայությունն անտեսում էին, նրա կողմը ոչ չէր նայում, նրան ոչ մի հարց չէին տալիս կարծես Սարգիսը կամ չկար քարայրում, կամ օջախի մոտ թափթփված փայտերից մեկն էր։
Ինքը՝ Սարգիսը թեև քչախոս էր (այդ էր վկայում նաև նրա ՞ուրբաթախոս՞ տիտղոսը), բայց բոլորովին լռելը մահվան էր հավասար։ Այժմ, երբ իրեն հետ ոչ ոք չէր խոսում, նա խոսելու, կատակելու, շաղակրատելու պահանջ էր զգում։
Ի՜նչ սարսափելի բան է եղել անխոս մնալը… Մի քանի անգամ փորձեց խառնվել խոսակցությանը, բայց ոչ ոք չպատասխանեց, ուշադրության չարժանացրեց նրան։ Տղան զայրույթից քիչ էր մնում պայթի։ Գնաց մամուխ գտավ, բերեց յուրաքանչյուրին մի-մի բուռ առաջարկեց՝ ոչ ոք չվերցրեց, սրանից երես դարձրին և սկսեցին իրար հետ զվարթ զրուցել, կարծես ինքը բացակայում էր անձավից։
Տխուր էր Սարգիսը, մենակ մնալով՝ ավելի տխրեց, միայնակ մարդը ուրախանալ չի կարող։
Եվ կյանքում առաջին անգամ նա զգաց, թե ի՜նչ ահավոր բան է եղել մենակությունը…
Հիմա խմբի հետևից քարշ է եկել, հասել Մասրուտ, բայց չի համարձակվում մոտենալ ընկերներին։ Ասենք, այդպիսի մի փորձ արդեն արել էր նախորդ օրը և զղջացել, նրանից խույս էին տալիս…
Թփերի մեջ ցրված, պատանիները մասուր էին քաղում։ Երբեմն որևէ մոշահավ դուրս էր թռչում ճյուղերի միջից և այդ պահերին յուրաքանչյուրի մեջ հավանաբար նույն միտքն էր՝ ինչպե՞ս խփել այդ թռչուններին։ Որքան էլ Աշոտը իր ժամանակին նսեմացրել էր Հասոյի առաջին որսը, բայց ոչ ոք, և ոչ էլ ինքը՝ Աշոտը, չէր մոռացել մոշահավի հիանալի համը։ Չէ՜, մասուրով բան չի դուրս գա, պիտի որս անելու հնար գտնել։ Որսի միսը կարող էր նրանց ուժ տալ՝ ճամփան բացելու, մասուրով ճամփա՞ կբացվի…
Պարսատիկներ շինեցիր, պարծեցար աղջկա առաջ… Ո՞ւր է որսը, կարծես Աշոտի միտքը կռահելով գրգռեց Գագիկը։
Ի՞նչ աներ Աշոտը, պարսատիկով էլ թռչուն խփե՞լ կլինի, քարը դեռ տեղ չհասած, մոշահավը տեղից պոկվում է։ Ավելի հիմնավոր միջոց պիտի գտնել։ Գյուղում մի անգամ նա տեսել էր Սարգսին ՞ռագատկայով՞ թռչուններ խփելիս, տեսել էր և նախատել։ Հիմա նա պատրաստ էր քաջալերելու այն, ինչ առաջ դատապարտել էր, բայց ռեզին որտեղի՞ց գտներ։
Տղաները, մի քարի տակ հավաքված, խորհրդակցում էին նոր, ավելի արագ և հատու հարվածող զենք շինելու մասին։
Ռեզի՞ն… ռեզին ես ունեմ, ձայն տվեց Շուշիկը, որ թփերում և՛ մասուր էր հավաքում, և՛ «մի ականջով» լսում տղաների խոսակցությունը։
Նա իր գուլպաների ռեզինները հանեց և մեկնեց Աշոտին։
Թո՞ւյլ են… թե՞ մանր թռչուններ խփելու համար պետք կգան։
Սարգիսը Հասոյից խնդրեց դանակը և մի երկճյուղ փայտ պատրաստելով, մեկնեց Աշոտին։ Ոչ ոք նրա կողմը չնայեց և տղայի ձեռքը մնաց օդում պարզած…
Աշոտը ինքը երկու փայտ պատրաստեց, ռեզինները ամրացրեց նրանց ճյուղերին և սկսեց քաշքշել, փորձել…
Թույլ են… Տղե՛րք, եկեք նետ-աղեղ պատրաստենք, ոգևորվեց նա։ Նետ-աղեղով մենք կարող ենք նույնիսկ արծիվ խփել։
Այո, նետով միայն արծիվ կսպանենք, հո մոշահավ չենք սպանելու՝ միսը կփչանա, լրջորեն հաստատեց Գագիկը։
Վճռված է, Գագիկի հեգնանքը չհասկանալով շարունակեց Աշոտը։ Ուրեմն, մենք կունենանք ռագատկաներ (որին, կարծեմ, գրական լեզվով ճեղապարսատիկ են ասում), պարսատիկներ և նետ-աղեղներ…
Այդ առաջարկը բոլորից շատ դուր եկավ Հասոյին. նա հանդերում շատ անգամ էր նետ-աղեղ պատրաստել և ծայրերը բութ նետեր արձակել անհնազանդ այծերի վրա, որոնք հարթ տեղերը թողած միշտ բարձրանում էին ժայռերը՝ ոչխարներին էլ մոլորեցնում տանում իրենց հետևից։
Ժայռերում աճող դալար թփերը շատ ամուր են լինում, այնքան ամուր, որ չորացած վիճակում, երբ խփում ես կացնով, զրնգում են պողպատի նման։ Այդ ամրությունը հարավի արևն է տալիս նրանց։
Հասոն մարդու բութ մատի հաստությամբ դալար շիվեր կտրեց վայրի ունաբի ծառաթփից և քիչ անց աղեղների համար կտրած փայտերն արդեն պատրաստ էին, մնում էր շատ ամուր թել գտնել։ Մինչ Աշոտը մոլորվել էր, Հասոն հանեց իր թաց տրեխները։ Նրանցից յուրաքանչյուրի մեջ մի կտոր եզան կաշի կար. նեղ օրվա համար էր պահում պատանին (ինչպես սովոր էր ամեն բանից նեղ օրվա՞ համար պահելու), թե՞ տրեխների տակը հաստացրել էր, որ քարերի վրայով քայլելիս ներբանները չցավեն։ Հասոն վերցրեց դանակն ու սկսեց ՞սրիմ՞ քաշել կաշվից։
Շուշիկը տաք խաշամին նստած իր խատուտիկ աչքերով հետաքրքրությամբ հետևում էր հովիվ տղայի շարժումներին և նրան շփոթմունքի մեջ գցում։ Նրա խնդագին հայացքն ասում էր. ՞Տեսա՞ք ինչպես հնարը գտավ՞։ Գագիկը թփերում զկեռ էր փնտրում, իսկ Սարգիսը, մեջքը մի քարի հենած, տաքանում էր հեռվում։
Դանդաղ, հավասար ու երկար քուղ քաշեց Հասոն իր ունեցած կաշվի կտորներից, ապա մի փայտի ծայրի կապելով, սկսեց քուղը ոլորել, ձգել ու հետզհետե փաթաթել ձեռքի փայտի կտորին։ Բոյնախը նրա դիմաց պպզած՝ սիրալիր նայում էր տիրոջը և աշխատում էր գուշակել, թե ինչ պատրաստություն է տեսնում նա։
Երբ քուղը ոլորած-պատրաստ էր, հանձնեց Աշոտին ու համեստությամբ ասաց.
Դու ուժեղ ես, առ դու կապիր…
Աշոտը, իհարկե, չառարկեց իր ուժի մասին հայտնված կարծիքին, ծնկի տակ դրեց կռացրեց փայտերից մեկը և նրա դիմադրական ուժից տղայի երակները ուռան։
Կապի՛ր, փնչաց նա։
Հասոն քուղը կապեց աղեղի երկու ծայրերին և երբ Աշոտը բաց թողեց, քուղը չդիմացավ շտկված փայտի ուժին և կտրվեց։ Մնացին մոլորված։
Ոլորենք երեքտակ, ի՞նչ ես մտածում, մեջ մտավ Շուշիկը։
Եղած քուղը նա երեքտակ դարձրեց, ոլորեց, ստացվեց այնպիսի փոկ, որ «գոմեշն էլ չէր կտրի», ինչպես բնորոշեց Հասոն։ Եվ երբ արդեն աղեղը պատրաստ էր, Աշոտը մատով ձգեց ու նորից բաց թողեց նրա լարը և հաճույքով տեսավ, որ նա դողդողում է գզրարի պրկված աղեղի նման։
Այդ ձևով պատրաստեցին ևս երկու աղեղ։
Շուշիկը ձեռքերը շփում էր իրար և հրճվում, չէ՞ որ ինքը մասնակցություն է ունեցել խմբի համար զենք շինելուն։
Հա՛, լարը ուժեղ ստացվեց, խուշկե Շուշիկ, սրանով կարելի է հո արջ էլ սպանել, կատակելու փորձ արավ Հասոն, որով շատ ուրախացրեց աղջկան։
Մնաց նետեր շինելը։ Դե նետ պատրաստելուց էլ հեշտ բա՞ն։
Ծանր ու չոր ձողերից պատրաստված նետերը ևս հաջող դուրս եկան։
Լավ կլինի ամենքի ծայրին կայծքարի մի սուր կտոր ամրացնենք, առաջարկեց Աշոտը։
Սարգիսը կայծքար լավ է գտնում, Աշո՛տ, այդ էլ նրա՛ն հանձնարարենք, մեջ մտավ Շուշիկը։ Նա առիթ էր որոնում ընկերներին հաշտեցնելու Սարգսի հետ։
Չէ, ժամանակը չի, առարկեց Աշոտը։ Չէ՞ որ ձեզ հետ միասին որոշել ենք բոյկոտով ազդել նրան… Գագի՛կ, ման արի, տես կայծքար կգտնե՞ս։
Սևը՛, սևը՛, սպիտակը պետք չի, լրացրեց Հասոն։ Նա լավ գիտեր, որ ճերմակ և դեղին կայծքարերը թեև լավ կրակ են հանում, բայց սուր եզրեր չունեն։ Էն, որին «սատանի եղունգ» են ասում։
Իսկ երկրաբանի լեզվով՝ «հրաբխային ապակի»։
Շուշիկը նկատեց, որ տղաների ձայները լսելուն պես Սարգիսը, որ քարին հենված ննջում էր տաք արևի տակ, սթափվեց, վեր կացավ տեղից և սկսեց կուզեկուզ պրպտել ժայռի խոռոչները, պարզ է, որ կայծքար է փնտրում, ուրեմն և կամուրջ է փնտրում ընկերներին միանալու…
Այդ մտքից Շուշիկը, որ բնականից զգայուն սրտի տեր աղջիկ էր, զգացվեց։ «Խե՜ղճ տղա… երևի ծանր բան է մենակությունը…»։
Ինչպե՞ս համոզի այս հաստակողին։ Ստիպե՞ս, մեկ էլ տեսար մի նոր կոպտություն՝ ու պառակտումը խորացավ։ Իսկ նա այնքա՜ն էր վախենում պառակտումի՜ց… Հենց մեկը մի փոքր խախտում էր տակտը, նա լարվում էր. չլինի՞ կոնֆլիկտ առաջանա, չլինի՞ կռվեն… Ա՜խ այս տղաները, որ աքաղաղների նման միշտ իրար կատար են արյունոտում։ Չի՞ կարելի, որ միշտ հաշտ լինեն իրար հետ, միշտ մեղմ ու սիրալիր…
Այս մտքերի մեջ էր Շուշիկը, երբ անհամարձակ քայլերով մոտեցավ Սարգիսը և, առանց Աշոտին նայելու, մի բուռ պսպղուն ու սև քարեր թափեց նրա առաջ։
Վա՞յ, ինչ սուր են, թռվռաց Շուշիկը, բայց Աշոտի խիստ հայացքին հանդիպելով՝ հիշեց կոլեկտիվի դրած պայմանն ու լռեց։
Քար հո չի, ածլի է, ածլի, ձեռքի կայծքարը գովալով ներքևից գալիս էր Գագիկը։
Աշոտը նրա բերած կայծքարը ջարդեց և այնպիսի սուր կտորվածք ստացավ, կարծես փշրված ապակու կտորներ լինեին՝ ասեղի նման սուր ծայրերով և դանակի նման կողերով։
Սարգիսը նյարդային մի շարժումով շուռ եկավ ու գնաց, բայց Աշոտը կարծես չնկատեց էլ նրա ո՛չ մոտենալը, ո՛չ բերած քարերը, ո՛չ հեռանալը։ Իր գործով կլանված, նա դանակի ծայրով փոքրիկ ճեղքեր էր անում նետերի ծայրերին, մի-մի կտոր քար հագցնում, բութ մատով ստուգում ծայրի սուրը ու բարակ թել փաթաթում-ամրացնում։
Երբ ամեն ինչ պատրաստ էր, Աշոտը ոգևորված վեր կացավ.
Դե՛հ, հիմի ինձ ու քեզ կտեսնենք, դիմեց նա Հասոյին։
Գնում եք որսի, էլ մրցելս ո՞րն է, անհանգստացավ Շուշիկը. երկյուղ ուներ, որ Հասոյին կարող է վիրավորել Աշոտի գոռոզ ու գրգռող տոնը։ Բայց Հասոն այնպես համեստ ու ներողամտաբար էր ժպտում, որ թվում էր ոչ մի բանով չես հանի նրան ափերից։
Դո՞ւ ուր ես գալիս, շուռ գալով հարցրեց Աշոտը Գագիկին։
Սպանածներդ հավաքելու…
Ես էլ Հասոյի սպանածները կհավաքեմ, ծիծաղեց Շուշիկը։ Մենք ձեր որսը շալակողներն ենք…
Ընկերների այդ զվարթ խոսակցությունը հասնում էր Սարգսի ականջին, պղտորում էր նրան ու ստիպում լուրջ մտածել իր բռնելիք դիրքի ու վարքի մասին…
Զարմանալի բան, այդ փայտե զենքերն ուժ ու ինքնավստահություն էին ներշնչել մեր պատանիներին։ Կատակ բան չի է՜, նրանք նետ ու աղեղ ունեն նախամարդու նման… Աշոտը տնտղում էր թևին հագցված լայնալիճ աղեղը, շոշափում նրա պրկված լարը, որ դրնգում ու դողդողում էր սազի ձգված լարի նման և հրճվում էր, հրճվում… Նրա հոգին ճախրում էր այն մտքից, որ ինքը նախնադարյան որսորդի է նման, նորից շարժվել էին ցնորքները նրա փոքրիկ ուղեղում։
«Հիմի, շեկլի՛կս, կտեսնես, թե ով եմ ես…», -կարծես ասում էին Շուշիկին ուղղված հայացքները, երբ նա թփերը փշրելով առաջ էր գնում ու երբեմն շուռ գալիս նայում իրեն հետևող աղջկան։
Մի սև մոշահավ (կեռնեխ) թռավ ճչալով և տասը քայլի վրա նորից իջավ, այդպես է մոշահավը, նրա «մանգզիլը» տասը-քասը քայլ է։ Միշտ թփերի մեջ է նա, թփերն են նրա պաշտպանը. հեռու թռչելու կարիք չունի այդ թռչնակը և այդպես էլ կարճ թռիչքները սովորություն են դարձել նրա համար։
Մինչ մոշահավը շուռ էր եկել և պոչը ցնցելով ճչում էր անհանգիստ, Աշոտը չոքեց, ուժգին քաշեց լարը և նետը բաց թողեց։ Թռչնակը քարի նման ցած ընկավ, որին հետևեց մեր պատանիների ճիչն ու աղմուկը։
Այնպիսի ուրախություն էր պատել նրանց, կարծես այծյամ էին խփել, կամ մի մեծ թռչուն, համենայն դեպս, ոչ փոքր վայրի հնդուհավից…
Կանգնել էր Աշոտը խփված թռչունը ձեռքին, երջանկությունից հրդեհվող դեմքով, գոհունակությունը սիրուն աչքերի մեջ։
Հասոն իր աղեղը հանդիսավոր կերպով դրեց նրա ոտքերի տակ ու ետ քաշվեց։
Չեղա՛վ, չեղա՛վ, մի՛ հանձնվիր, բողոքեց Շուշիկը։ Դեռ հայտնի չի… գուցե դու ավելի շատ կխփես…
Այդպես աղմուկով նրանք շրջեցին թփուտները և ծախսեցին իրենց բոլոր նետերը։
Օ՜Ֆ, մեջքս կոտրվեց որսի ծանրությունից, կռացած գանգատվում էր Գագիկը՝ Շուշիկին աչքով անելով։ Նա մի թել էր կապել մոշահավի վզից, ուսն էր գցել ու նրա «ծանրության տակ» քայլում էր կռացած, տնքալով…
Ինչ աներ Աշոտը, ծաղրը կուլ պիտի տար։ Բայց դժվար էր կուլ տալ ու մարսել այն, ինչ վերջում արավ Հասոն, իր արձակած նետերից նա գտավ մի քանի հատ և շեշտակի հարվածներով երկու կեռնեխ սպանեց։
Ուռա՜, թռվռում էր Շուշիկը և Աշոտին ակամա մտածել տալիս. «Ինչո՞ւ իմ խփածի վրա չուրախացավ…»։ Դրանից ընկավ նրա տրամադրությունը։
Տեղն ու տեղը կրակ արին, փետրեցին թռչունները, Բոյնախին հասանելիք բաժինը հում վիճակում տվին իրեն, մնացածը խորովեցին։
Իսկ Սարգսի բաժինը՞, հարցրեց Շուշիկը անհամարձակ։
Նրան ո՞վ է զրկել բաժնից, որ հիշեցնում ես, նեղացավ Աշոտը։ Ինձ կարգ մի սովորեցնի, ես կարգը լավ գիտեմ։ Ես պատրաստ եմ նույնիսկ թշնամուս հետ կիսելու իմ խփած որսը, այդպես է որսորդական կարգը… Գնանք նրա մոտ, համ միասին ուտենք, համ բան ունեմ ասելու…
Նրանք խորոված թռչունները վերցրին և հասնելով Սարգսին, նրա բաժինը լուռ դրին առաջը՝ չորացած տերևների վրա։
Տղան շփոթվեց, կարմրեց, բայց վերցրեց իր բաժինը։ Կերավ անհարմարությունից քրտնելով, ապա վեր կացավ կանգնեց իր ողջ հասակով մեկ և բերանը բացեց, որ զղջման խոսք ասի, հավաստիացնի կոլեկտիվին, որ ինքը կաշխատի չխախտել ընկերության կանոնները, բայց քաջություն չունեցավ լռեցնելու իր հիվանդոտ ինքնասիրությունը։ Նրան առանձնապես հակառակեցնում էր Աշոտի ամբարտավան տոնը։ Ուստի կեղծ հազաց, քար նետեց դեպի ձորը և այնպես ձևացրեց, թե իբր ինքը բան չունի ասելու կոլեկտիվին և առանձնապես չի էլ հետաքրքրվում, թե իր մասին ինչ կարծիքի են ընկերները։
Բայց, իհարկե, բոլորն էլ զգում էին, որ խմորում է տեղի ունենում նրա հոգում…
Քաք գիրքա