Վախթանգ Անանյան

Հովազաձորի գերիները

28

Գլուխ տասներկուերորդ. Թե ինչպես թյուրիմացաբար կռիվ ծագեց նրանց միջև, ովքեր միշտ խուսափում են իրար հանդիպելուց

Դեռ կերածը կարգին չէր մարսել, դեռ արևը նոր էր ընկել Մասիսի սառցադաշտերին, երբ դուրս եկավ իր ժամանակավոր որջից և նրա չալ մորթին հուրհրաց արշալույսի ցոլքերից։ Այդքան գեղեցիկ, և այդքան էլ չար կենդանի՛ … Ութսուն կիլոյանոց երինջի չափ էր նա, բայց այնպես թեթև ու փափուկ էր քայլում, կարծես ոտների վրա ծանրություն չկար։ Գեղիրան էր նա, մկանուտ ոտքերով, ողորկ փայլուն մորթով, որի բաց նարնջագույն ֆոնին բազմաթիվ սև խալեր կային ցրված։ Դրանք առանձին շքեղություն էին տալիս այդ գազանին և միևնույն ժամանակ անտեսանելի էին դարձնում, երբ նա փորի վրա պառկած կամ տեղն անշարժ կանգնած էր լինում քարքարոտ չալ լանջերին։

Քայլում էր նա առանց մազաչափ լարման և այնպես ժիր ու ճկուն, որ կարծես ոչ թե կաթնասուն էր գնացողը, այլ քարերի միջով գալարվում էր մի չալ վիշապ։

Կլոր գլուխը և մետրանոց պոչը կախ, առաջ եկավ՝ կատվի նման բեղի տակ փափուկ մռլտալով, դարավանդից ցած նայեց, հորանջեց ու գնաց ստուգելու, թե փորձանքի չի՞ ենթարկվել իր որսը։

Տեղ հասավ, տեսավ քարայծից միայն ոսկորներն են մնացել և շատ բարկացավ։ Պոչով հարվածներ հասցրեց գետնին, գոռաց կցկտուր, երեք-չորս անգամ և շատ տարօրինակ ձայնով, «խուրակ… խուրակ… խուրակ…»։

Առաջ եկավ, հոտոտեց, ձյան մեջ մի կտոր մսախառն ոսկոր գտավ ս թաթը մեկնեց։ Բայց հենց բռնեց ոսկորից, մի բան դուրս պրծավ ձյան միջից, չրխկոցով ճանկեց իր թաթը և այնպես սեղմեց, որ գազանը ցավից գոռաց։

Թափահարեց թաթը՝ մի ծանր բան կախվել էր նրանից ու շարունակում էր սարսափելի սեղմել։

Վրդովվեց հովազը, թաթից կախված երկաթը խփեց քարին փշրեց։

Այս ո՞վ է թշնամություն անում իրեն…

Արյունոտ աչքերով հետազոտեց շրջապատը և ապա ներքևում ննջող արջին նկատելով, հպվեց գետնին՝ «կուտապ եկավ»։

Ահա թե ով է գողացել իր պաշարը։ Ահա ով է թակարդ լարել, որ բռնի իրեն… «Վրե՛ժ, վրե՛ժ անամոթ բրդոտից», ասում էին զայրույթից կրակների նման վառվող նրա կլոր աչքերը։

Խե՛ղճ բրդոտ… Դեռ կարգին ուշքի չէր եկել իր ներսում երեկվանից ի վեր եռող մաճառից ու շիրայից, դեռ գլխի մեջ մշուշ էր տիրում, երբ լսեց թշնամու զզվելի ձայնը։ Պղտոր հայացքով վեր նայեց և եթե ձեռք ունենար, հարբած մարդու նման թափ կտար ու անտարբեր կասեր, «Է՛հ, քո հերն էլ անիծած…»։ Բայց հովազը արջի բարությունն ու մեծահոգությունը չունի, բնության մեջ դժվար թե ավելի նենգ ու քենոտ կենդանի գտնվի, քան նա է՝ դրսից սիրուն «հրեշտակ», ներսից՝ «դև»…

Եվ մինչ արջն անտարբեր ննջում էր իր համար, զգաց, որ մեկն իր շալակը թռավ, ժանիքները վիզը խրեց և սկսեց սուր դանակներով ծվատել իր կողերը…

Անակնկալի եկած բրդոտն այնպես վեր թռավ, այնպես գոռաց, որ ձորը դղրդաց։

Ահա այդ գոռոցն էր, որ լսեցին մեր պատանիները և դուրս վազեցին քարայրից։

Եվ այժմ նրանց աչքի առաջ կյանքի ու մահու կռիվ էր տեղի ունենում երկու գազանների միջև, որոնցից մեկն օժտված էր մեծ ուժով, մյուսը՝ մեծ ճարպկությամբ։ Տեղում խելակորույս պտտվելով՝ արջն աշխատում էր մեջքից գցել և տրորել իր անկոչ հեծյալին, բայց՝ իզուր, հովազը իր նախնիների դարավոր փորձն ուներ, որ բնազդ դարձած մնում էր նրա ուղեղի ծալքերում ու արյան մեջ։ Ատամներով ու առաջին ոտքերով ամուր բռնած իր հակառակորդի բաշից, հետևի ոտքերի սուր-սուր մագիլներով նա քրքրում էր հակառակորդի կողերը։

Միաժամանակ ժանիքներով քրքրում էր արջի բրդոտ վիզը, բազմաթիվ ջլերի ու երակների մեջ նրա զարկերակն էր փնտրում… Կյանքում երբեք չէր տեսել նա այդ անոթը, բայց գիշատչի իր բնազդը հուշում էր նրան, որ թշնամուն մեռցնելու համար այդ երակը պիտի կտրել…

Արջը ցավից գոռալով փախավ դեպի ցած՝ իր սարսափելի հեծյալը շալակին, բայց հասնելով Հովազաձորի ներքին ժայռերի պռնկին, կանգ առավ, ներքևում անդունդն էր։ Ետ վազեց, գլուխկոնծի տվեց խաղողի այգին ծածկող ձյան մեջ, հովազին գցեց իր տակ։ Այն ժամանակ նենգ թշնամին փոխեց իր տակտիկան և դիմեց ավելի սարսափելի միջոցի, ժանիքներով կախվեց արջի դնչից, առաջին թաթերի ճանկերը խրեց վիզը և նորից գործի դրեց իր հետևի ոտքերի սուր «նշտարները»։ Նրանցով ծվատեց արջի փորի տակը՝ պորտից մինչև հետևի ոտքերը, արագ-արագ պատառոտեց նրա մորթին, ծվենները ցրիվ տվեց։

Եվ երբ խեղճ բրդոտը վեր կացավ ու սարսափահար փախավ, թփերի տակից այս ողբերգությունը ահով դիտող մեր պատանիները տեսան, որ արջի ստամոքսը մնաց ձյան վրա։ Խեղճ կենդանին առանց փորոտիքի էր մնացել…

Վազեց նա դեպի Հովազաձորի ելքը, դողդողալով առաջ գնաց ձյունոտ շավիղով, ապա կանգ առավ, երերաց ու գլորվեց ցած…

Իսկ հովազը, չարագործի նման գլուխը կախ, լուռումունջ դեպի աջ գնաց։ Գնաց դանդաղ, անտրամադիր, անհաստատ քայլերով։ Առանց գլուխը վեր բարձրացնելու անցավ տղաների մոտով, կանգ առավ Աջ ժայռաշարքի տակ և սկսեց ագահությամբ լակել բնական գռի շորշոր ջուրը։ Ապա լիզեց իր վերքերը և ոտքերը քարշ տալով ցած գնաց, մտավ ժայռերն ու անհետացավ նրանց ծերպերում։

Այսպիսով, թակարդն իր դերը չկատարեց, նրանք չկարողացան բռնել հովազին։ Բայց թակարդը գազազեցրեց այդ գազանին և ստիպեց նրան հարձակվել այնպիսի հակառակորդի վրա, որից հանգիստ ժամանակ նա և՛ վախենում էր, և՛ խուսափում։

Իր թաթը սեղմող երկաթը վրդովեցրեց նրան և ստիպեց որս կատարել մեր պատանիների համար, ավելի խոշոր և պիտանի որս, քան ինքը հովազն է։

Այնպես որ Աշոտը կարող էր հպարտանալ իր հնարամտությամբ. նրա լարած թակարդը ջարդվեց, բայց անսպասելի մեծ արդյունք տվեց։

Սակայն այդ մասին այս անգամ նա լռում էր… համեստաբար։ Ավելացնենք նաև այն, որ ճգնավորի ժանգոտ թակարդը ավելի մեծ գործ կատարեց, քան այն, ինչ տեսան մեր պատանիները և ինչ գիտենք մենք։

Բայց այդ մասին՝ հետո։ Առայժմ ասենք, որ պատանիները մի քանի րոպե լուռ նայում էին հեռվում ճերմակ ձյան մեջ թուխին տվող մարմնին և լսում իրենց սրտերի անհանգիստ զարկերը։ Այն, ինչ կատարվեց իրենց աչքի առաջ, այնքան անսպասելի էր ու ահավոր, որ նրանք պապանձվել էին։ Ահավոր, բայց և ուրախալի։ Իրենց աչքերին նրանք չէին հավատում։ Դեռ երեկ առավոտ անհույս ու տրտում մի բուռ հատապտուղ էին փնտրում թփերում։ Հիմա ահագին մի կենդանի մեկնված է իրենց առաջ… Ա՜յ քեզ անակնկալ բա՜խտ։ Այդ դեռ սնունդը, իսկ վտա՞նգը։ Իրենց ահավոր թշնամիներից մեկն այլևս չկա, իսկ մյուսը աննախանձելի վիճակում քարշ եկավ դեպի իր թաքստոցը…

Այս ամենը մեր պատանիները վերապրեցին մի քանի վայրկյանում և անպատմելի ուրախություն պատեց նրանց։

Առանց մի բառ արտասանելու, լուռ իրար նշաններ տալով, նրանք, կացինով ու տեգերով զինված, դավադիրների նման շարժվեցին դեպի սպանված գազանը։ Տեղ հասնելուն պես Աշոտը կացնով, իսկ Հասոն իր սուր դանակով մարմնից անջատեցին կենդանու թիակներն ու ազդրերը։ Շտապելուց քրտնել էին, հևում էին և շուտ-շուտ նայում այն կողմ, ուր անհետացավ հովազը։

Տղաներն այնպես էին շտապում, ինչպես գողերը ուրիշի տանը, և ժամանակ չունեցան նույնիսկ մաշկելու մարմնի այն մասերը, որոնք մտադիր էին տանելու հետները։ Հենց այդպես մի-մի մորթապատ կտոր ուսները դնելով, նրանք հապճեպ քայլեցին, ավելի շուտ՝ վազեցին դեպի իրենց բնակարանը։ Հասնելով հարավային բարիկադին, Աշոտը քացով խփեց-խորտակեց այն։ «Պահակը» գլորվեց իր բարձունքից և խումբը անցնելով «քանդված պարիսպը»՝ հևիհև խուժեց այրը։ Ներս մտան, ցած դրին իրենց թանկագին բեռը և երջանիկ ժպտացին իրար։

Ապա «դավադիրների խումբը» նույն լուռ խորհրդավորությամբ դուրս ելավ անձավից, բայց «միջանցքում» Աշոտը կանգ առավ, ականջ դրեց և ետ դառնալու նշան տվեց։ Փոքրիկ պետի իր դերը այնպես սազում էր նրան, այնպես հաջող էր տանում այդ դերը նա, որ Շուշիկը նայում էր տղայի մերթ զգուշություն, մերթ հանդգնություն, մերթ ուժ, մերթ արհամարհանք արտահայտող խոշոր աչքերին և մի տեսակ երկյուղախառն հարգանքով էր լցվում դեպի նա։

Երբ բոլորը նորից անձավում էին, Աշոտը, չգիտես ինչու, ցած ձայնով ասաց.

Մնացածը ստիպված ենք առայժմ թողնել…

Ինչո՞ւ։ Գլուխս կթողնեմ էնտեղ, միսը չեմ թողնի, աքլորացավ Գագիկը։ Տնտեսական գործերի կառավարիչ եք նշանակել չէ՞, ամեն օր միս եք պահանջելու ինձանից։

Բայց Աշոտը այլ կարծիքի էր. նա գտնում էր, որ գազանի դին իր տեղում այնքան պիտի թողնել, որ պարզվի հովազը կենդանի՞ է, թե ոչ։ Եթե կենդանի լինի՝ անպայման կվերադառնա իր զոհին հոշոտելու։ Իսկ եթե չվերադարձավ՝ նշանակում է սատկել է ստացած վերքերից։

Արծիվները մեզ բաժին չեն թողնի, անխելք բան մի՛ արեք, նորից բողոքեց Գագիկը։

Ցերեկն արծիվներին կքշենք, արևը մտավ՝ նրանք թառելու են։ Իսկ հովազը եթե կենդանի լինի՝ գիշերը կգա…

Հա, գելն էլ է էդպես, կիսատ թողածը գիշերն է գալիս ուտում, հաստատեց Հասոն։

Գագիկը պատի տակից լուռ ու դժգոհ բերեց իր գործած կողովը, արջի ահագին ազդրը դրեց մեջն ու տնքալով տարավ բազմեցրեց վառելիքի կույտի վրա։

Մսի պահեստը նա է, տարեք մեջը դրեք, -ասաց նա սառը. երևի ուշք ու միտքը դեռ դրսում ընկած արջի կողմն էր։

Միսը տեղավորեցին, խորհրդակցեցին իրենց հերթական անելիքների մասին և իսկույն գործի անցան։

Նախ «պահակներին» նրանք տեղափոխեցին կռվի վայրը արջի դին արծիվներից պաշտպանելու նպատակով։ Իրոք, խրտվիլակները, որ այժմ գրեթե այլևս դեր չունեին կատարելու «անձավ-ամրոցը» պաշտպանող «բուրգերի» վրա, հիանալի գործ կատարեցին գիշակեր թռչունների դեմ։ Հեռու, քարերին թառած՝ նրանք նայում էին քոլոզը գլխին, ահագին մահակն ուսին քուրդ «մարդուն» և սիրտ չէին անում մոտենալ։

Հասո՛, երեկոյան, երբ արծիվները գնան թառելու, պահակներին տուն կբերես, պատվիրեց Աշոտը։ -Այո, եթե հովազը դեռ կենդանի է, արջի մոտ պահակ թողնել չի կարելի։

Այդ էլ վերջացնելուց հետո որոշեցին զբաղվել խորտակված դուռը կարգի բերելով, իսկ Հասոն պիտի գնար Ոչխարանոց։

Աշո՛տ, դու էլի ոգևորվեցիր ու վտանգը մոռացա՞ր, բողոքեց Շուշիկը։ Մենք դեռ խմբով ենք՝ ոչինչ, Հասոյին դու ո՞նց ես մենակ տեղ ուղարկում։

Քուրդ պատանին կարմրեց և շփոթմունքից ձեռքը դեպի գլուխը տարավ, որ քոլոզն աչքերին քաշի՝ գդակը գլխին չէր։ Տղաները ծիծաղեցին։ Չարաճճիորեն ծիծաղեց և Շուշիկը. նրան անշուշտ դուր էր գալիս այն շփոթությունը, որ առաջ էր բերում իր յուրաքանչյուր հոգատար խոսքը քուրդ պատանու մեջ։

Դու կարծում ես ես նրան հովազի բերա՞նն եմ ուղարկում, հարցրեց Աշոտը։ Հովազը չկա, չվախենաք։ Եթե կա էլ, նա էն դրության մեջ է, որ երբեք դեպի վեր՝ Ոչխարանոց չի գնա։ Ինչո՞ւ եմ ես այդպես կարծում։ Հիմի ասեմ։ Հովազը քաղցած էր, որ սկսեց կռիվը արջի հետ, բայց երբ նրան սպանեց, նկատեցի՞ք, որ մսի համն էլ չտեսավ։ Ուրեմն, ծանր վերք ուներ, տրամադրությունը տեղը չէր։ Այդ մե՛կ։ Երկրո՛րդ։ Կռվի տեղից շարժվեց ուղիղ դեպի ջուրը, իմացեք, որ ծանր վիրավորը դեպի ջուրը կգնա… Երրո՛րդ, որ գնում էր դեպի ջուրը՝ օրորվում էր, գլուխը կախ էր և չուներ հաղթողի ամբարտավանությունը։ Չորրո՛րդ՝ ջուրը խմելուց հետո չգնաց դեպի վերին ժայռերը։ Ինչո՞ւ եմ ես ասում դա։ Որովհետև կենդանիները միշտ աշխատում են թաքնվել ձորերի վերև, հեռավոր ժայռերում, ուր թշնամին դժվար կհասնի, և որտեղից շրջակայքը երևում է, որսի շարժմանն էլ կարելի է գաղտնի հետևել, թշնամու շարժմանն էլ… Այս բոլորը ես տեսել եմ աչքովս և հայրս որսի տեղն ինձ ցույց է տվել ու բացատրել։ Հիմի, գանք մեր հովազին։ Հենց որ ջուր խմեց ու վերևի պնդոցը թողած դեպի ցած գնաց, ես մտքումս ասացի՝ դրա օրերը հաշվված են։ Ամեն որսորդ էլ գիտի, որ վիրավոր կենդանին դեպի ցած կգնա, քանի որ վերև գնալու ուժ չունի… Համաձա՞յն եք իմ այս եզրակացություններին։

Ոչի՛նչ, խելքի մոտ բաներ ես ասում, պատասխանեց Գագիկը։

Դե որ համաձայն եք, քանի եղանակը լավ է շարունակենք մեր կիսատ թողած գործերը։ Դու էլ մնա, Հասո՛, քանի որ Շուշիկը… Նա նայեց աղջկա կողմը, ժպտաց ու լռեց։

Այդպես թե՛ արջի անկումով, թե՛ Աշոտի այդ բացատրություններով նորից, լարվածությունը թուլացավ և նորից սկսեցին «խաղաղ ժամանակներ» քարանձավի բնակիչների համար։

Որքան ժամանակ կտևեր այդ խաղաղությունը և հետագայում ինչ էր սպասում նրանց, ոչ ոք չգիտեր։

Գլուխ տասներեքերորդ. Թե ինչպես բուռն արկածներից հետո կարող են վրա հասնել մանր հոգսերով լի ձանձրալի ժամանակներ

Այո, վերջին օրերի արկածները և իրար հաջորդող ցնցող դեպքերն այնպես էին բորբոքել Աշոտի երևակայությունը, այնպես լարել էին նրա էությունն ու առաջ բերել անսովոր սխրագործություններ կատարելու բուռն տրամադրություններ, որ վրա հասած խաղաղությունը կարծես նրա սրտովը չէր։ Նրան թվում էր, որ ինքն ստեղծված է պայքարների և ոչ թե հանգիստ ու տափակ կյանքի համար։ Իսկապես որ՝ տափակ։ Դե եկ զենքերդ մի կողմ դիր, ցեխ կրիր Կավահանքից և կնկա նման հունցիր… Չէ՜, անցան «ասպետական ժամանակները», երանի չէ՞ր այն պահը, երբ արջ ու հովազ իրար խառնված՝ թավալվում էին ձյան մեջ ու ձորը դմբդմբացնում իրենց մռնչյուններով… Ա՞յ կյանքը։ Մարդու արյունը եռում է երակներում, այդպիսի տեսարանների ազդեցության տակ ինքն էլ է հերոսանում…

Միակ հետաքրքիր բանը, որ նրա համար դեռ մնացել էր շրջակայքում, դա հովազն էր։ Ի՞նչ եղավ, արդյոք կենդանի՞ է, թե շունչը փչեց։ Երկու դեպքում էլ հետաքրքիր է։ Այո՛, հովազի հետ կապված նա դեռ կարող է որոշ ցնորքներ ունենալ։ Այսպես, գտնում է վիրավոր գազանին և տեգի մի ուժգին հարվածով… Կամ թեկուզ սպանված է գտնում. մաշկիր և մորթին ուսիդ գցած գյուղ մտիր՝ քի՞չ բան է… Ամբողջ գյուղը «թամաշի» դուրս կգա… Իսկ հիմա դուռը կարկատելուց ու իր տեղում ամրացնելուց հետո ցեխ կրիր, որ կարասներ պատրաստես ջուր պահելու համար…

Բայց ոչ, ցեխը այլ բանի հարկավոր եկավ, ավելի անհրաժեշտ բանի։

Որքան էլ հաջող այր էր ընտրել իր համար անհայտ ճգնավորը, այնուամենայնիվ խարույկի ծուխը այնպես էր թանձրանում առաստաղի տակ, որ մեր պատանիները պիտի միշտ նստած կամ պառկած մնային, որպեսզի փրկեն իրենց աչքերը։

Այնպես որ բոլորն էլ վաղուց զգում էին վառարան ունենալու անհրաժեշտությունը և ամենից շատ դա զգում էր Շուշիկը, ուստի շարունակ շուռումուռ էր տալիս խարույկի եզրերին շարած կավացեխի քառակուսիները, որոնցից հազիվ նկատելի գոլորշի էր բարձրանում։

Վերջապես նա այլևս չհամբերեց և պահանջեց սկսել վառարանի կառուցումը։

Արդեն աղյուսները չորացել են, էլ ինչի՞ եք սպասում, դիմեց նա ընկերներին։

Վառարանի տեղն ընտրված էր՝ դռան մոտի, այրի մի անկյունում, բայց թե ինչ ձև պիտի ունենար իրենց ապագա վառարանը, ոչ ոք չգիտեր։

Եկեք ուղղակի աղյուսներից երեք պատ կառուցենք, իսկ դիմացը բաց թողնենք, առաջարկեց Աշոտը։

Ինչո՞ւ երեք, երկուսն էլ հերիք է, իսկ երրորդը կլինի այրի պատը։ Կդառնա բուխարի։

Շուշիկի այդ առաջարկը խելացի համարվեց, բայց վառարանի գլուխն ինչո՞վ պիտի ծածկեին, կամ ծխնելույզն ինչից պիտի շինեին, ոչ ոք չգիտեր։

Լա՛վ, դուք պատեցեք, ես հիմի կգամ, կարճ ասաց Հասոն և դուրս գնաց։ Նա «խաս քարից» մի բարակ ու լայն սալ էր տեսել դրսում։ Տնքալով ներս բերեց սալը ու հարցական նայեց ընկերներին։

Հրաշալի է, դա կլինի մեր վառարանի «կտուրը»։

Սարգիսը, որ այնքան սիրում էր երկրաբանությունը, ինչպե՞ս կարող էր իսկույն չհետաքրքրվել այդ քարով և չասել իր կարծիքը նրա ծագման մասին։

Այո՛, խաս քար է, ամեն տեսակի սրոցներ սրանից են պատրաստում, որոշեց նա։ Սա էլ է ծովի հատակին առաջ եկել… Հեղեղների բերած մանր ավազի նստվածքն է… Տեսե՞ք շերտերը, սա կարելի է սեպով ճեղքել շերտ առ շերտ…

Չէ՜, Սարգիսը քիչ բան չգիտի, նրա մասին եղած կարծիքը միակողմանի է եղել։

Մի ժամ հազիվ պահանջվեց, մինչև որ տղաները աղյուսի պատեր բարձրացրին՝ ամեն մեկը մոտ ութսուն սանտիմետր բարձրությամբ։ Պատերն իրարից հեռու էին այնքան, որքան սալի երկարությունն էր։ Եվ երբ սալը դրին պատերի վրա, ստացվեց վառարանի նման մի բան, որի թիկունքը ժայռի պատն էր, կողերը՝ աղյուսից էին, կտուրը՝ խաս քարից, իսկ առաջը բաց էր։

Սալը մի քիչ առաջ դնենք, որ հետևում ծխնելույզի համար անցք մնա։

Շուշիկի այդ առաջարկը ևս անցավ։

Մնա՞ց ամենադժվարը, հարցրեց Գագիկը, դե մնացածը թողեք ինձ։

«Մնացածը» ծխնելույզի խողովակներն էին, որ ոչ ոք չգիտեր, թե ինչից պիտի պատրաստել։ Իսկ Գագիկն արդեն գործի էր անցել։ Այրի անկյունում դեռ մի քիչ ցեխ էր մնացել, որով նա սվաղեց վառարանի պատերը և վերևից մի կավե անճոռնի ծխնելույզ պատրաստեց, որը հիմքում վառարանի լայնությունն ուներ, բայց կես մետրաչափ բարձրանալով՝ բոլորովին նեղանում-դառնում էր վառարանի խողովակի նման մի բան։ Կարծես ձագար լիներ շուռ տված՝ լայն մասով ներքև, նեղ մասով վերև։ Պարզ էր, որ այդ «հարմարանքը» պիտի վառարանի ամբողջ ծուխը ի մի հավաքեր և ուղղեր դեպի վեր։

Դե, հիմի կես-կես մետր երկարությամբ գյունգեր ենք շինում… Ի՞նչ եք մոլորվել, կոլխոզը սարի աղբյուրը ինչով բերեց գյուղ, կավե խողովակներով չբերե՞ց, գոչեց Գագիկը։ Կուկլա-կուկլա խողովակներ շինենք մի ծայրը լայն, մյուսը՝ նեղ, թրծենք, իրար հագցնենք, արմունկով դուրս հանենք այրի դռան գլխից, ահա ձեզ և ծխնելույզ…

Շուշի՛կ, քանոնդ դեսը տուր, դուք վազեցեք կավ բերեք, իսկ բարձրությունը չափելն ինձանից։

Վառարանից մինչև դռան գլխի անցքը երկու մետր էր, ուրեմն պահանջվում էր չորս ուղիղ խողովակ և երկու «արմունկ»։

Ուրեմն, մի ծայրի լայնքը պիտի լինի 16 սանտիմ, մյուս ծայրինը՝ 12, հասկացա՞ք։ Առաջ քանոնով չափել, հետո սկսել։ Չափը խախտողին՝ տուգանք, հրահանգեց խմբի «բրուտը»։

Ամբողջ երեկոն մեր պատանիները կորցրին խողովակներ պատրաստելով։ Հեշտության համար նրանք իրենց վառելափայտի վրայից կեղևներ էին մաշկում, նրանցից խողովականման բան պատրաստում ու չորս կողմից ծեփում ցեխով։ Պարզ էր, որ թրծելիս «հենքը» (կեղևը) պիտի վառվեր-գնար, կավը մնար խողովակի ձև ստացած։

Դրանք անճոռնի բաներ էին, բայց հաստ պատեր ունեին և ծուխ կանցներ նրանց միջով, այդ էր գլխավորը։

Թեև Գագիկը իրեն բրուտ էր հռչակել, բայց ամենից գեղեցիկ խողովակը ստացվեց Շուշիկի պատրաստածը։

Շարեցին խողովակները կրակի մոտ ու ժպտացին իրար։ Է՛հ, լավ է, վառարան ևս կունենան։

Բայց երբ գործը վերջացրել էին և ամեն մեկը տարվել էր իր մտքերով, դարձյալ տրտմությունը սկսել էր համակել նրանց, հարազատների՞ կարոտն էր դա, թե՞ ազատության կարոտը…

Դե՛հ, մի բան կարդանք, ընկերների թախիծը վանելու համար կանչեց Աշոտը։ Շուշի՞կ, հերթը քոնն է, բաց արա «Մայրենի գրականությունը» և կարդա մեզ համար «Վլադիմիր Մայակովսկին»։

Իր զնգուն ու բարակ ձայնով Շուշիկը կարդում էր.

Քանդե՛ց

ժողովուրդը

կապանքը ցարի։

Ռուսաստանում՝ փոթորի՛կ,

Ռուսաստանում՝ ամպրո՛պ, -

Կարդաց

Վլադիմիր Իլյի՛չը

Շվեյցարիա՛յում,

Կարդաց լրագրերի՛ց

Հուցմունքո՛վ,

Դողո՛վ։

Կարդում էր աղջիկը սկզբում անտրամադիր, ապա հետզհետե ոգևորվեց, նրա արծաթահնչուն ձայնը ղողանջեց քարանձավի կամարների տակ և կարմրություն եկավ դալուկ դեմքին։

Պատանիները, առաջ թեքված, կլանում էին մեծ բանաստեղծի հրե խոսքերը, և նրանց մատաղ հոգիները թռչում էին դեպի Նևայի ափերը, ապա ֆինլանդական կայարան, ուր ապստամբ ժողովրդի ծովն էր հուզված ծփում և ուր զրահապատի վրա կանգնած մարդը մարգարեական խոսքեր էր ասում մարդկության ապագայի մասին.

Ընկերնե՛ր,

և գլխավերևը հարյուրակների

առա՛ջ պարզեց նա

ձե՛ռքն իր –

ձեռքն առաջնորդող։

Մենք

ցածի խավերի

ձայնն ենք հզոր-

բանվորակա՛ն ցածի

ո՛ղջ աշխարքի։

Կեցցե՛ պարտիան՛

կոմունիզմ կառուցող…

Երբ վերջացրեց բոլորը լուռ էին և հուզված։ Նրանց մտապատկերների մեջ Լենինն էր կանգնած և պոետի թևավոր խոսքերն էին դեռ սավառնում այրի կամարների տակ…

Քնելու ժամը մոտենում էր, ուրեմն և ժամն էր հեքիաթ լսելու։

Հերթը Հասոյինն էր։

Լսվեց սրնգի դայլայլը և առանց հրավերի նա մի հեքիաթ սկսեց մեծ Լենինի մասին։

…Ու Լենին փաշան հեծավ իր հրեղեն ձին, հազար լիդրանոց գուրզը դրեց ուսին ու գնաց թագավորի դեմ…

Պատմում էր քուրդ պատանին «Լենին փաշայի» հեքիաթը և մեջ ընդ մեջ նվագում էր սրինգն ու ձեռքն ականջին դնելով և դեմքը դեպի այրի պատը՝ երգում էր իր կլկլան ձայնով.

Լո՛, լո՛, լո՛, լո՛…

Ձյունը հալչում է, սա՛րն է մնում,

Ջուրը գնում է՝ քա՛րն է մնում,

Իգիթը մեռնում՝ անունն է մնում…

Լո՛, լո՛, լո՛, լո՛…

Գլուխ տասնչորսերորդ. Թե ինչ մտադրություններ է ունեցել արջը Հովազաձոր մտնելիս

Արեգակը նոր էր դուրս եկել Հովազաձորը արևելքից եզերող բնական պատնեշի հետևից, երբ դրսից լսվեց Գագիկի խուճապահար կանչը.

Ձեր տունը չքանդվի, արծիվներն արջին կերան…

Սարգսին և Շուշիկին թողնելով անձավում, տղաները վերցրին իրենց զենքերն ու ցած վազեցին։ Իրոք, Հովազաձորում որքան անգղ ու արծիվ կար՝ հավաքվել էին արջի դիակի վրա և իրենց կտուցներով հարվածում էին քլունգների նման ու ամեն մեկն իր բաժինն էր պոկում արջի յուղոտ մսից։ Ուզում են մեր պատանիներին ամբողջ ձմեռը քաղցա՞ծ թողնել, ի՞նչ է։

Հա՜յ, հա՜յ, հա՜յ, հա՜յ… օդում իրենց զենքերը ճոճելով և ձորը դղրդացնելով՝ տղաները վրա հասան և քշեցին գիշատիչներին։ Սրանք ծանր-ծանր թռչում էին, իջնում մոտիկ քարերին ու արյունոտ կտուցները սրբելով՝ թշնամաբար նայում էին իրենց ավարը կողոպտողներին։

Սրիկաները մորթին քրքրել են… Հասո՛, դանակդ հանիր տեսնենք… Դուք մաշկեցեք, ես մի նայեմ տեսնեմ հովազի նոր հետք չկա՞… Չէ՛, բան չի երևում, ուրեմն, պարզ է…

Հավաքվեցին սպանված կենդանու շուրջը, նրա թուխ մարմինը ոտքով հրեցին, կարճ պոչից վեր քաշեցին։ Արջի կողերը պատառոտված էին, որովայնը ամբողջովին ճեղքած և դատարկ, իսկ խոշոր գլուխը հեզությամբ հանգչում էր տակը ճխլված մի թփի վրա…

Գագիկը լուռ վերցրեց գլխարկը ու խեղդված ձայնով սկսեց.

Ախր ինչո՞ւ էիր աղքատ օրով հավաքած մեր ապրուստը տանում, բա չէիր իմանո՞ւմ, որ վերև աստված կա, կտեսնի՝ կպատժի։ Գոնե մաճառից քիչ խմեիր, խելքդ տեղը մնար, որ կռիվ անես, այ իմ անբախտ քեռի բրդոտ, հա՛, հա՛, հա՛…

Եվ սկսեց ուսերը ցնցելով հեծկլտալ։

Պահեստապետ Պարույրի պես խժռում ես, նախագահ Հարութի պես խմում, դե իհարկե վերջդ սա է լինելու, թևքով աչքերը սրբելով իր «սուգը» վերջացրեց Գագիկը։ Է՛հ, ճգնավորի լեզվով ասած՝ աստված հոգին լուսավորի, գնա՛նք։

Չմաշկե՞մ մի-մի կտոր հետներս տանենք, խմբի ղեկավարին հարցրեց Հասոն։

Հա, թե կարող ես առաջ լյարդն ու թոքը հանիր։

Կարող ես ո՞րն է, խնդրեմ, վիրավորական ակնարկներ չանես ֆերմայի հովվի հասցեին, դա նրա արհեստն է, ինչի՞ չի կարող։ Գայլը հենց որ ոչխար է խեղդում, նրա կիսատ թողած գործը Հասոն է շարունակում, -կատակեց Գագիկը։

Հա՛, ուրիշ տեղերին ձեռք չենք տալիս, բայց ջիգյարը մերն է, խոստովանեց Հասոն շիկնելով։ Պահ, ի՞նչ մեծ թոքեր ունի…

Զգուշության համար Աշոտն առաջարկեց խարույկ վառել։

Մենակ դրա՞ համար, զարմացավ Գագիկը, ես կարծում եմ մարդիկ որսի մոտ ուրիշ նպատակով են կրակ անում։ Եվ արջի՝ երիկամները հանելով ցույց տվեց. Սրա խորովածն ուտողն էլ չի մեռնի…

Մինչ ընկերները զբաղված էին արջը մաշկելով, Աշոտի միտքը զբաղված էր մի հանելուկով, եթե արջը Հովազաձորի բնակիչ է, ինչո՞ւ մինչ այդ նրա հետքերը չէին երևում շրջակայքում։ Նա գնաց դիտելու ձորի մուտքը։

Օհ՜ո , արջը ահա եկել է Դիվային կածանով, դրսի աշխարհից է եկել։ Առաջին հայացքից այդ կենդանին կարծես անճոռնի է ու անճարպիկ, բայց տես ի՜նչ անդունդների վրայով է եկել… «Թաթերով մարդի նման բռնում է քարերից», իրեն հետաքրքրող հարցը լուծեց պատանի բնասերն ու իջավ ընկերների մոտ։ Հարկավոր էր կտրտել միսը և կազմակերպել տեղափոխությունը, բայց բնության ամենափոքր երևույթն անգամ այնքան էր հետաքրքրում Աշոտին, այնպես էր ապրեցնում, որ նա անկարող էր համբերել և ընկերներին չհաղորդել իր մտքերը այն մասին, թե ինչպե՞ս և ինչո՞ւ է արջը եկել Հովազաձոր։

Դադա՛ր, հրահանգեց նա։ Նստեցեք հանգստացեք, պատանի բնասերներով հիմա մի հարց պիտի պարզենք…

Ներողությո՛ւն, քաղցած փորով ես հարց պարզողը չեմ։ Խորովածը կուտենք, նոր կխոսենք, առարկեց Գագիկը։ Համա սիրում ես ելույթներ ունենալ, հա՜…

Աշոտը մեկ ուզեց վիրավորվել, մեկ էլ մտածեց. «Թե որ այդպիսի դիտողությունների համար նեղանամ, օրեկան քանի՞ անգամ պիտի նեղանամ»։ Եվ զգաց, որ այլևս չի վրդովվում Գագիկի նկատողություններից ու այդ նորությունից ուրախացավ։

Լա՛վ, ժպտալով համաձայնեց նա։

Բայց որպես մոլի բնասեր նա այնքան մեծ պահանջ էր զգում բնության ամեն մի երևույթի մասին իր տպավորությունն ու կարծիքը հաղորդելու ընկերներին, որ քիչ հետո չհամբերեց ու սկսեց.

Ես կարծում եմ, որ մեր երկրում Հովազաձորից ապահով տեղ չկա արջի քնելու համար, ամբողջ ձմեռը ոչ մի որսորդ չի մանում այս ձորը։ Արջը գիտի դա և միշտ այստեղ է ձմռան քուն մտնում։ Այս անգամ էլ եկել է որ քնի, մեկ էլ, ը՞հը, ծուխ է բարձրանում այրից ու մարդու հոտ է գալիս… Իսկ որտեղ մարդ կա, նա չի քնի…

Ու որոշում է՝ արի սրանց սոված թողնեմ, գուցե հեռանան կորչեն էստեղից, նրա միտքը լրացրեց Գագիկը և երիկամները մի ճիպոտի անցկացնելով՝ նայեց նրանց այնպես զմայլված, որ նույնիսկ «ուրբաթախոս» Սարգիսը ժպտաց։

Շուշիկին չկանչե՞նք, նրա ականջին շշնջաց Հասոն։

Բա առանց Շուշիկի պատա՞ռ կուլ կգնա, բարձրաձայն պատասխանեց Գագիկը, առանց նկատի ունենալու, որ քուրդ պատանին անհարմարությունից քրտնում է։ Շուշիկ, անմահական խորովածը գնաց-չմնաց, ծտից թև առ տեղ հասիր…

Աշոտն անհամբերության նշաններ էր ցույց տալիս, նրա համար անհասկանալի էր, թե ինչպես կարող է մարդ կողմնակի մտքեր ու ցանկություններ ունենալ այն ժամանակ, երբ քննվում է կենդանու բնավորությունը հասկանալու հարցը։

Լսեցե՛ք, շարունակում ենք։

Անուղղելի ես, անուղղելի՛, գլուխն օրորեց Գագիկը։ Ախր քիչ առաջ խոսք տվիր, որ համով խորովածին անհամ ճառ չխառնես… Լա՛վ, շարունակիր։

Ընկերները ժպտում էին, իսկ Աշոտը թեև նեղվում էր Գագիկի սուր լեզվից, բայց ստիպված էր համբերել։ ճարահատյալ ինքը ևս ժպտալով շարունակեց.

Արջը տեսնում է մարդ կա Հովազաձորում, անհամբեր սպասում է, որ մենք հեռանանք, հիմարը կարծում է՝ մեր կամքով ենք մնում։ Լավ էր, որ հովազի պատահեց, թե չէ ամբողջ ձմեռը մեզ օր ու արև չէր տալու։

Չէ՜… ես ինչքան արջի եմ պատահել, թողել է հեռացել, իսկի ոչխարներին էլ չի դիպել, առարկեց Հասոն։

Հա՜, արջը խաղաղ կենդանի է, նա նույնիսկ Թուխիկին էլ չի ձեռք տվել։ Բայց խաղաղ է, երբ հանդում կեր կա։ Այս ձորում փակված նա սոված էր մնալու ու պտտվելու էր մեր ուտելիքի շուրջը։ Իսկ որ շատ սովեր, մեկ էլ տեսար տապ արավ թփերի մեջ, թաքուն բռնեց մեզնից մեկն ու մեկին, դրեց կռնատակին ու լնգլնգալեն գնաց։

Ի՞նչ, չհասկացա՛… Լա՛վ, մի՛ կրկնի, մեկ է, մինչև խորովածը չուտեմ՝ բան չի մտնելու գլուխս… Հասո՛, մի դանակը դեսը տուր, պատանի բնասերների համար մի հարց էլ ես եմ պարզելու…

Գագիկը մոտեցավ ձյան վրա ընկած ստամոքսին, դանակով ճեղքեց և քիթը ցցելով՝ սկսեց հոտոտել օդը.

Օխա՜յ, մուսկաթ գինու հոտ է գալիս… Հիմի իմացա՞ք ինչու էր վատ կռվում Բրդոտը։ Իսկական Հիտլերի քաջերի պես. հայրս ասում է՝ խմում էին օղին ու օրորվելով գալիս։ Դե՛, տղա ես, «մաքսիմը» դեմ արա ու հնձիր… Վա՛հ, էս ի՞նչ բանի եմ, պլոճիկները ձեռից գնացին…

Գագիկը վազելով ետ եկավ, երիկամներից մեկը հանեց դեմ արավ այտին ու խուճապահար գոչեց.

Երեսս վառում է, ժամանակն է, կերե՛ք… Ու բերանի «պատերն» այրելով, աչքերից արցունքներ թափելով սկսեց ուտել։ Երբ կշտացավ և այլևս ուտելու բան չէր մնացել, քաղցր լեզվով դիմեց նոր տեղ հասած Շուշիկին.

Ոտներս քոռանան քեզ համար, Շուշիկ ջան, պատառները չանգռելով էին կուլ գնում, առանց քեզ ուտե՞լ է լինում որ… Դե՛, Հասո՞, քուրացվիդ համար մի բան պատրաստիր, ես գնում եմ մեր այգին քրքրեմ, գուցե մի ճութ խաղող գտնեմ ու ջանս դուրս գալով մենակ ուտեմ…

Երբ արջի միսն ու մորթին տեղափոխեցին ճգնավորի այրը, Աշոտը համոզված ու հեղինակավոր հայտարարեց.

Հիմի որ կարող ենք հանգիստ լինել, հովազը սատկել է։ Եթե կենդանի լիներ, կերևար…

Բա չգնա՞նք մորթին բերենք գցենք Շուշանիկ Ավետովնայի վիզը։ Ախր նրա մուշտակը առանց օձիքի է մնացել, անհարմար է…

Հերիք է ծաղրես… Ես հիմա սա կհանեմ դեն կշպրտեմ, խռովեց Շուշիկը։

Ուզենաս էլ, չես կարող, ազիզ ջան, չորացել-տախտակ է դառել, էդ տախտակի պարկի միջից դուրս գա՞լ կլինի…

Իսկապես, ամեն նստելիս, կռանալիս, շարժվելիս Շուշիկի հագի պարկը ճռճռում ու շխկշխկում էր. դե նիհար կենդանու չորացած մորթին ինչ պիտի լինի։ Նստել էր Շուշիկը կրակի մոտ ընկճված տրամադրությամբ, նայում էր իր տգեղ, վայրենի արտաքինին ու լացը գալիս էր։ Բայց ի՞նչ աներ, այդ տգեղ մորթին էր նրա կյանքը փրկողը, առանց նրա ինքը կսառչեր։

Աշոտը փորձեց աղջկա «մուշտակը» իր պիջակի հետ փոխել, բայց շուտով համոզվեց, որ առանց դանակի օգնության դա անհնար բան է։

Ոչի՛նչ, Շուշի՛կ, մենք արդեն կազդուրվել ենք, իսկ արջի յուղը մեզ շատ կօգնի, շուտով լույս աշխարհ դուրս կգանք, այն ժամանակ էլի սիրուն-սիրուն շորեր կհագնես ու կգնաս ակումբ…

Հասոյի հետ տանգո պարելու, Աշոտին լրացրեց Գագիկը և նայեց քուրդ պատանու դեմքին, որ ողողված էր ամոթխած ու բարի ժպիտով։

Է՛հ, դուք զրույց արեք, ես գնացի իմ ոչխարների կող, ասաց նա ու վեր կացավ։

Գնա՛, համաձայնեց պետը։ Իսկ մենք մի քիչ կողով կգործենք, պարապությունն էլ մի բան չի…

Երբ Շուշիկը հոգնեց կռացած կողով գործելուց, այսպիսի խոսքով դիմեց իրենց պետին.

Դուք շարունակ սննդի մասին եք մտածում, իսկ մաքրությո՞ւնը։ Բոլորովին վայրենացել ենք, Գագիկն ու Սարգիսը նույնիսկ չեն էլ լվացվում։

Դե առանց օճառ ո՞նց լվացվենք…

Օճառ ես գտել եմ։ Ինձ մի ժամով ազատիր, Աշո՛տ։

Հովազաձորում օճա՞ռ։

Այո՛, օճառին փոխարինող մի նյութ։

Ագռավի օճա՞ռ։ Չէ՜, «ագռավի օճառը» գարնանն է լինում։

Շուշիկը խորհրդավոր ժպտում էր։

Դա էլ ի՛մ գյուտն է… Հիմի կգնամ՝ կբերեմ։ Գարնանն իհարկե կարելի է ագռավի օճառով թե՛ լվացվել, թե՛ շոր լվանալ, իսկ ձմեռը… Լա՛վ, ես գնացի, հետո կիմանաք…

Շուշիկը ուռենուց ներքև, ուր Կավահանքն էր, կռացած ինչ-որ բան էր փորում-հանում գետնից։

Քիչ անց նա վերադարձավ մի մեծ գունդ մոխրագույն ու պինդ, ցեխ ձեռքին։

Ի՛նչ բան է դա։

Վայրի օճառ… Գի՛լ… Սրա մեջ բուսական ճարպեր կան։ Մայրս ասում է, կռվի տարին, երբ օճառ դժվար էր ճարվում, շորերը գիլով էինք լվանում… Լսել եմ, որ եթե քսան տոկոս ճարպ են ավելացնում այս հողին՝ հիանալի օճառ է ստացվում։ Եկեք օճառ պատրաստենք։ Ճարպ կոտորիր հալենք, Գագի՛կ։

Մաքրասեր չէր Գագիկը և դժկամությամբ մասնակցեց օճառ պատրաստելու գործին։ Երբ նրանք գիլին հալած ճարպ էին խառնել, հունցել և ապա օճառի կտորների ձև տվել, Շուշիկն ուրախացած պատվիրեց.

Դե՛հ, վերցրեք մեկ-մեկ կտոր, իսկ ես ջուր կլցնեմ։ Ա՛խ, փնթինե՛ր, փնթինե՛ր, միայն ուտելու մասին եք մտածում…

Գիլն իրոք որ տաք ջրի հետ հիանալի մաքրեց նրանց ձեռքերի և երեսի կեղտը։ Գագիկի օգնությամբ Շուշիկը նույնիսկ իր գլուխը լվաց։

Մազերդ հո մազեր չեն, Շուշիկ ջան, ոնց որ աբրեշումի փնջեր լինեն կատարիցդ կախված, ջուրը լցնում և գովում էր Գագիկը։

Դե, դե, գիժ-գիժ մի՛ խոսիր… Քիչ-քիչ լցրու… Տաք ջրից մի քիչ էլ ավելացրու… Այդպե՛ս…

Գլուխն ու ոտները լվանալուց, իրեն զարդարելուց հետո այնպես էր թարմացել Շուշիկը, որ տղաները նոր միայն հասկացան, որ մաքրությունը կին արարածի համար նույնքան անհրաժեշտ բան է, որքան Գագիկի համար ուտելը։

Ջուր տաքացրեք, բոլորդ էլ լվացեք ձեր ոտները, հրահանգեց Շուշիկը և հասկացնել տվեց, որ այդ գործում արդեն խմբի, պետն ինքն է։

Լուսավոր միտք, տղե՛րք, Շուշիկին նշանակում ենք մեր գաղութի սանիտարական մասի պետ։

Պայմանով, որ ինչ որ առաջարկեմ՝ կատարեք։ Լա՞վ։ Դե, որ այդպես է, այսօր սանիտարական օր եմ հայտարարում։ Ջուր ենք կրում-լցնում մեր բոլոր ամանները, տաքացնում և ես այսօր, լվանում եմ իմ և ձեր սպիտակեղենը։

Էհե՜, դա դժվար գործ է…

Ոչ մի դժվարություն չկա, դե՛հ, վերցրեք ամանները գնանք՝ ջրի…

Գնանք, բայց ինչո՞ւ պիտի դու լվանաս… Մենք ինքներս էլ կարող ենք լվանալ մեր սպիտակեղենը, ասաց Աշոտը և դրանով ցանկացավ Գագիկին հասկացնել, որ հույսը չդնի Շուշիկի վրա։

Է՛հ, չես թողնում, որ աղջիկը ծառայի կոլեկտիվին, բավականություն ստանա… Լա՛վ, ճգնավոր քեռու պտուկը ե՛ս վերցրի, գնա՛նք։

Այդ օրը ցերեկով եթե մեկը մտնելու լիներ ճգնավորի այրը, ականատես կլիներ հետևյալ տեսարանին, անձավաբնակները բոլորել են թեժ խարույկի շուրջը և յուրաքանչյուրը կրակին դեմ արած՝ չորացնում է իր սպիտակեղենը, որոնց շապիկները այնքան բծախնդրությամբ լվացել էր Շուշիկը։

Մեզ միայն բաղնիքն է պակասում։

Շուլուխի մի՛ տուր, Գագի՛կ, ես զարմանում եմ, որ չես նեղվում առանց լողանալու։ Վաղը մենք բաղնիք էլ կունենանք։

Այ քեզ բա՜ն, սանիտարական մասի պետ ընտրեցինք՝ կրակի մեջ ընկանք։ Սա էլ մեզ հանգիստ չի տալու, Աշո՛տ, արի պաշտոնից զրկենք, թե չէ՛ իսկապես կստիպի լողանանք…

"Հովազաձորի գերիները" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Էքսպրոմտ
Առնո Բաբաջանյան

Էքսպրոմտ

Կոստանդնուպոլիս
Կոստանդնուպոլիս
Խաղա առցանց