Վախթանգ Անանյան
Հովազաձորի գերիները
21
Գլուխ տասնվեցերորդ. Թե ուր է տանում խորհրդավոր շավիղը
Հը՛, հիվանդնե՞ր, խաղողից լիացա՞ք, այրը մտնելով՝ զվարթ հարցրեց Աշոտը։ Արտաքուստ էր անհոգ ձևանում, մտքում շարունակ նույն հարցն էր. «Տեսնես ո՞ւր էն տանում քարե աստիճանները…»։ Նրանք չէին համարձակվել այդ աստիճաններով վեր բարձրանալ և գերադասել էին վերադառնալ իրենց կացարանն ու նախապես կշռադատել իրենց անելիքը։
Այո՛, լիացա և ուռուցքներս իջան, վրա նստելով առաջին անգամ կատակեց Սարգիսը։
Իսկ Շուշիկը Բոյնախի տաք մորթու միջից դուրս էր հանել իր փոքրիկ շեկլիկ գլուխը ու ժպտում էր նոր կյանք վերադառնող արարածի երջանիկ ժպիտով։ Նրա վիճակը թեթևանում էր։
Ամեն մեկդ քսան պորցի գլյուկոզա եք ընդունել, դե, իհարկե, ուռուցքներդ կիջնեն…
Շուշիկը լսում էր Գագիկի կատակախառն խոսքը, բայց զգում էր, որ մտահոգ է թե՛ նա, թե՛ իրենց օղակավարը։
Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ հետներդ խաղող չեք բերել, կասկածանքով նայում էր նրանց ու հարցնում Շուշիկը։
Ոչի՛նչ… Հասո՛, ո՞ւր են մեր ծանր զենքերը։ Հին այրի առա՞ջ։ Նիզակների հետ նրանք էլ վերցնենք։
Ապա Աշոտը կանգ առավ և, կարծես ընկերների առաջ արդարանալու համար, ավելացրեց.
Զգուշությունը վախկոտություն չի…
Ի՞նչ է պատահել, ո՞ւր եք գնում, անհանգստացավ Շուշիկը։ Նրա խաժ աչքերը երկյուղ էին արտահայտում։
Ոչի՛նչ, գնում ենք քավթառքուսի սպանենք, անհոգ ձևանալով պատասխանեց Գագիկը և դուրս եկավ քարայրից։
Հիվանդներին կասկածների մեջ թողնելով՝ նրանք՝ երեք ընկերներ, նախնադարյան զենքերով զինված, շարժվեցին դեպի ցած. տեգերից բացի, նրանք վերցրել էին նաև քարե կացինը։
Հանկարծ Աշոտը կանգ առավ և ուրախ գոչեց.
Ջա՜ն, հիմի որ փրկվեցինք…
Ու մատով ցույց տվեց դիմացի ժայռը։ Նրա թիկունքից զույգ եղջյուրները բարձր պահած մի գլուխ երևաց, քարայծը գաղտագողի հետևում էր մարդկանց շարժումներին։
Տղաները հասկացան և ուրախության մի հախուռն ալիք անցավ սրտից-սիրտ։
Վա՜յ ես դրա հոգուն մեռնեմ… Դե ասա թող շուտ կյանքը զոհի մեզ համար, որ փրկվենք…
Առանց մեր ասելու էլ հիմի գազանը մեկին տակը դրած ճաշում է, դու հանգիստ կաց, Գագի՛կ… Այդ լավ եղավ, բայց մենք, համենայն դեպս, պետք է զգույշ լինենք, թե չէ, ո՜վ գիտի…
Հա՛, Աշո՛տ, ով գիտի, հանկարծ կամ հովազ լինի՝ հարձակվի, կամ քավթառքուսի լինի, համաձայնեց Գագիկը։ Թեև նա լրջորեն չէր հավատում «քավթառքուսու» առասպելին, բայց անորոշ երկյուղ էր զգում, ինքն էլ իրեն հաշիվ չտալով, թե ո՛րն է այդ երկյուղի հիմքը։ Բայց, Աշո՛տ, քանի մոտներս աղջիկ չկա, արի խոստովանվիր, որ վախենում ես… Չեմ ասում՝ շատ։ Մի քիչ, այ, այսքան, եղունգիս չափ…
Իհարկե, կվախենամ, ձեր բոլորի կյանքի համար ե՛ս եմ պատասխանատու…
Որպես ջոկխորհրդի անդա՞մ…
Այնպես հեգնանքով էին ծիծաղում Գագիկի սև աչքերը և այնպես սուր էր լեզուն, որ նրան զսպելու միայն մեկ միջոց էր մնում, որին և շուտով դիմեց Աշոտը։
Խելոք պիտի մնա՞ս, թե ոչ, գոչեց նա ու բռնելով ընկերոջ վզից, վեր բարձրացրեց նրա լղարիկ մարմինն ու խաշամի վրա մեկնելով, սկսեց հունցել։
Չե՛ս վախենում, չե՛ս վախենում, Դավթից էլ ես քաջ…Բաց թող, ներքևից աղաղակում էր Գագիկը։ Բայց հենց բաց թողեցին, ոտքերը գցեց ընկերոջ ոտքերի արանքը ու կատվի ճարպկությամբ շուռ եկավ փորի վրա։ Աշոտն իր ամբողջ հասակով մեկ տապալվեց, և մինչ ուշքի կգար, հակառակորդը թռավ նրա վրա։
Այդպես կոխ բռնեցին, փոխեփոխ տակ ու վրա արին, քրքջացին, հևացին, ըստ երևույթին, Գագիկի ասած գլյուկոզան՝ քաղցր պտղաշաքարը՝ արդեն տեղ էր հասել և ուժ էր տալիս նրանց ու ստիպում խաղալ ու տրտինգ տալ։ Գազանի մասին հո արդեն սկսել էին մոռանալ։
Երբ գզվռտվելուց կշտացան, հևալով ու հաշտ նայեցին իրար, Հովազաձորում փակվելուց հետո նրանք առաջին անգամ էին խաղում։
Քիչ անց մեր պատանիները, տեգերով հարվածելու պատրաստ՝ կանգնած էին քարե սանդուղքի աստիճաններին։
Դա Կաղնուտից ներքև էր, աջ ժայռաշարքի տակ։ Բայց որպեսզի ընթերցողը պատկերացնի, թե ի՛նչ թաքուն տեղ էին ընկել մեր պատանիները՝ այգու երբեմնի տիրոջը փնտրելով, թող նկատի առնի, որ Աջ ժայռաշարքը թեև Կաղնուտի, կամ բուն ձորի կողմից նայելիս իրենից ներկայացնում էր վերևից ներքև ձգվող մի ուղղահայաց պարիսպ, բայց եթե մարդ կանգներ այդ պարսպի կատարին և ցած նայեր, կտեսներ, որ ժայռը ներքև գնալով բաժան-բաժան է լինում մարդու մատների նման։ Ձեռքդ ցած կախիր և վերևից նայիր մատներիդ, կստացվի աջ ժայռաշարքի պատկերը։ Բութդ մի փոքր անջատ է ձեռքիցդ, այնպես չէ՞։ Այդպիսի անջատ մի երկար ժայռ աջ բազուկի «բութն» էր կազմել։ Մեր պատանիները ներքևից անցել էին այդ «բութի» հետևը և նրա երկայնքով դանդաղ շարժվում էին դեպի վեր։
Աշոտը, որպես խմբի ղեկավարը և գյուղում սրտոտ տղայի համբավ հանած պատանի, պարտավոր էր առաջ ընկնել, և այդպես էլ արավ։ Մտքում իրեն քաջալերելով, նա վեր բարձրացավ և մտավ խիտ թփուտները, որոնց երկու կողմերից ուղղահայաց պատերի նման ժայռեր էին բարձրանում։ Նրանց միջով մի նեղ միջանցք ձգվում էր դեպի վեր։
Երկու կողմերից մասրի, մամխի, գիրմաստի թփերը կռացել էին ճամփի վրա և ծածկել սանդուղքը։ Դրանից քարե աստիճանները խոնավ էին մնացել և նրանց վրա աճել էին մամուռն ու քարաքոսը։
Աշոտը ընկերներին մատով ցույց էր տալիս այդ նշանները և շշուկով հասկացնում, որ շատ վաղուց մարդ չի անցել այդ ճամփով։ Բայց զարմանալի բան. այն, որ այդ ժայռերում մարդ է ապրել (կամ ապրում է) տղաներին փոխանակ ուրախություն պատճառելու, անբացատրելի երկյուղ էր ներշնչում…
Վերջապես աջ կողմը, մեր ասած ժայռի պատին, կիսաբաց մի փայտե դուռ տեսնելով, նա կանգ առավ և մի պահ մնաց այդպես լարված-արձանացած։ Ապա սիրտ տալով իրեն, գոչեց.
Հետևեցե՛ք ինձ…
Չվախենա՛ս, ես սարի պես թիկունքիդ եմ, դողդողալով ասաց Գագիկը և ինչքան ուժ ուներ գոռաց.
Վա՜ա՜շտ, հառա՜ջ… գնդացիրները պատրա՜ստ…
Ափսոս, ոչ ոք չարձագանքեց նրա սպառնալիքին և ոչ ոք ձեռքերը վեր չբարձրացրեց ու չհանձնվեց։
Լուռ էր անձավը հավիտենական համրի նման…
Դուռը կիսաբաց էր, իսկ ներսում աղջամուղջն էր թագավորում։ Աշոտը ոտքով հրեց դուռը և քարե կացինը ձեռքին պատրաստ կանգնեց շեմքին։
Սկզբում ոչինչ չէր երևում, ապա հատակին նկատեց օջախի մոխիրը, ածուխները, մի քանի կիսայրվել փայտի կտորներ, իսկ սրանց վրա և շուրջը շերտերով նստած ինչ-որ մանր կտիտ, որ ոչ թռչնաղբի էր նման, ոչ վայրի այծի կտիտի։ Մանր էր նա գարու՝ հատիկների նման, բայց թուխ գույն ուներ։ Աշոտը կռացած տնտղում էր այդ նշանները բնասերի հետաքրքրությամբ։
Գլխի ընկավ, նայեց այրի առաստաղին ու ձեռքը շրթունքներին դնելով՝ ետ-ետ գնաց ու իր հետևից ծածկեց դուռը։
Գագի՛կ, չղջիկնե՛րը…
Մե՞ծ բաներ են… քանի՞ կիլո քաշ կունենան…
Աշոտը փռթկացրեց։
Կիլոյի անուն մի տա, էլի կխափանվի։ Ուսերիս բարձրացիր, պինջակդ խրի դռան վերևի անցքը։
Ես այստեղ պահակ կկանգնեմ, դու մի ներսը նայիր, տես ապրող չկա՞, առաջարկեց Գագիկը։
Չկա։ Մի տեղ, որ չղջիկներն են տեղավորվել, ուրեմն ապրող չկա։ Ձմռան քուն են մտել, սո՛ւս, կզարթնեն…
Տեսա՞ր… որտե՞ղ են…
Կախված են առաստաղից… Շո՛ւտ, վեր բարձրացիր…
Դռան վերևի անցքը ինչ-որ ժամանակ ծխնելույզի դեր էր կատարել։ Դա երևում էր ժայռի ճակատով դեպի վեր գնացող սև մրի շերտից։
Գագիկը խորովածի հույսեր ուներ, իսկի կհանգստանա՞ր որ… Իսկույն բարձրացավ-կանգնեց Աշոտի ուսերին, իր պիջակով անցքը փակեց ու ցած իջնելով՝ հարցրեց.
Մի ցույց տուր, որտե՞ղ են։
Սպասիր, կփախչեն։ Դռան ճեղքերն ամրացրեք։
Դո՜ւռ… Միայն անունն էր դուռ, իրականում կացնով տաշած և իրար մի կերպ ամրացրած փայտեր էին դրանք, որոնք փտել էին անձրևից ու խոնավությունից։
Նրա ճեղքերը տղաները խոտ ու տերև խցկեցին և նստեցին խորհրդակցության և միաձայն եկան այն եզրակացության, որ այգու տիրոջ բնակարանը անհամեմատ լավ է իրենց անձավից։ Խոր է, տաք, դուռ ունի, որի հետևը քար դնելով, կարելի կլինի ապահով քնել։
Եվ տղաները որոշեցին տեղափոխվել նոր բնակարան։
Բայց երբ հեռացան անձավից, Հասոն առաջարկեց ցերեկով գոնե մի քանի քայլ ևս բացել փակված ճամփից, իսկ տեղափոխությունը կատարել երեկոյան։
Նա ընկերներին հիշեցրեց, որ ամբողջ օրը զբաղվել են խաղողով, իսկ հետո՝ այգու տիրոջ անձավը փնտրելով և մոռացել են ամենակարևորը՝ բոլորովին չեն աշխատել կածանի վրա։
Լավ, քանի դեռ արև կա, գնանք մի քիչ գործ անենք, համաձայնեց Աշոտը։
Երբ մոտեցան Դիվային կածանին, Աշոտի լայն երեսը ողողվեց ինքնագոհ ժպիտով։
Ուրեմն, մեր աշխատանքը իզուր չի կորել, այծերի համար ճամփա ենք բացել, որ գան մեզ փրկեն գազանից, ասաց նա՝ մատով ցույց տալով քարայծերի հետքը։
Իրոք, «դրսի աշխարհից» կճղակավորների մի ամբողջ հոտ Հովազաձոր էր ներխուժել Դիվային կածանով։
Գնա՛նք, Աշո՛տ, գուցե նրանք էլ մե՛զ համար են ճամփան բացել, ուրախացավ Գագիկը։
Արահետով առաջ գնացին, հասան այնտեղ, որից դենը շավիղը փակ էր։ Այդտեղ այծերի հետքը հանկարծակի չքանում էր։
Դիմաց, ձյունով ծածկված լանջը հարթ էր հայելու նման, կենդանու ոտնատեղ չէր երևում։ Ներքևում անդունդն էր, վերևում՝ ժայռը։ Հո երկնքից չե՞ն իջել այծերը։ Բայց Աշոտի փորձված աչքը արդեն նկատել էր, որ վերևից ձյուն է թափվել մաքրված շավղին, ուրեմն այծերն իջել են ժայռից։ Նա մի քիչ վեր մագլցեց, հայացքով ստուգեց կածանի վրա խոնարհված ցցունքները և ցած թռչելով, բացականչեց.
Վերևից են իջել… Ա՛յ սատանաներ… Ցցունքից-ցցունք թռչելով հասել են կածանին։ Ա՜յ ռիսկ… Գայլն իսկի կարո՞ղ է էս քարափով իջնել որ… Իսկ դրանք իջել են…
Գուցե դրանց իջած տեղով մենք բարձրանանք, առաջարկեց Գագիկը և ժայռին կռթնելով իր նիհար ուսը դեմ տվեց, Աշո՛տ, մի ուսիս բարձրացիր, փորձենք… Չէ՛, չէ՛, դու ծանր ես։ Հասո՛, դո՛ւ արի, թե չէ դա խիղճ չունի…
Հասոն կանգնեց Գագիկի ուսերին, ձեռքերը գցեց քարի սեպ ժանիքին, ոտքերը պատ տվեց ու գնաց մնաց ժայռի կիսում։
Էստեղ էծի ոտնատեղեր կան, Աշո՛տ, վերևից հաղորդեց նա։
Մի ձեռքդ մեկնիր, տես հասնո՞ւմ է ժայռի գլխին, պատվիրեց Աշոտը։
Գլխին չի հասնի, բայց եթե մեկը տակիս կանգնի, ձեռս քարափի ուսին կհասցնեմ, էն վերի սեպին…
Բայց Հասոն ինքը ահից հազիվ էր կանգնում ժայռի ստինքանման այդ ցցվածքին, ո՜վ կհամարձակվեր կանգնել նրա ծանրության տակ։ Կամ թե կանգնեին էլ, Հասոյի ոտքերը չէի՞ն դողդողա, հավասարակշռությունը կարո՞ղ էր պահել…
Իջի՛ր իջի՛ր… ներքևից լսվեց Աշոտի ձայնը։
Հասոն զույգ ձեռքերով կախվեց քարե ցցունքից և ոտքերը կախելով հասցրեց Աշոտի ուսերին։
Այծերի եկած ճամփով վեր բարձրանալու հույսները կտրելով, տղաները սկսեցին իրենց կիսատ թողած գործը։
…Երբ հասել էին թունելին, որի կեսն արդեն դատարկված էր ձյունից, Գագիկը խլեց Աշոտի ձեռքի թիակն ու սկսեց աշխույժ և արագ դուրս տալ ձյունը։
Քո արևը, Աշոտ, խաղողը փորումս մաճառ է դառել-եռում է… որ մինչև լույս աշխատեմ՝ հերիք կանի։ Հասո՛, ի՞նչ ես ապշել, դուրս տվածը ցած թափիր։ Այդպե՛ս… Հիմի որ ճամփեն կբացե՜նք… Այսինքն, մենք չենք բացելու, մաճառն է բացելու։
Հույսդ քե՛զ վրա դիր, շտկեց Աշոտը։
Չէ՛, Աշո՛տ, դու խամ ես։ Կաց, ընդմիջում անեմ ու մի դեպք պատմեմ։ Ես դպրոց էի գնում, ծնողներս՝ դաշտ, կոլխոզի աշխատանքին, մեր տնամերձ այգին մնացել էր առանց փորելու։ Մի օր էլ երեկոյան դեմ հայրս դաշտից տուն եկավ ու բահը վերցնելով, գնաց, որ մեր այգին փորի, ես էլ հետը։ Գնացինք, տեսանք իմ ծեր պապը բահը ձեռքին աշխատում է կրակ կտրած։ Մեզ համար բաժին չէր թողել, այգին սևացրել էր ծայրեիծայր։ Էս ե՞րբ ես փորել, հարցրի ես զարմացած։ Ծիծաղեց, ասում է՝ ես եմ փորե՞լ որ… թթի արաղն է փորել… Հիմի ըմբռնեցի՞ք։ Սրանից հետո խաղողի մաճառն է մեր տեղ ճամփա բաց անելու, հո մե՛նք չենք աշխատելու…
Թեթևացած սրտերով և ուրախ կատակներով նրանք աշխատեցին մինչև մութն ընկնելը և դուրս եկան թունելի մյուս ծայրը։
Վաղը երեկո կմոտենանք ճամփի ծայրին…
Իսկ մյուս օրը ցերեկով դո՛ւրս կգանք ձորից։ Վայ ես քո արցունքներին մեռնեմ, մե՛ր ջան, դիմացի՛ր, մինչև քո «գիժ մոզին» տեղ հասնի… Տղե՜րք, չգնա՞նք խաղողին տեսության…
Մթնո՞վ։
Դու ուտելու բանի տեղ ցույց տո՛ւր, մթնով էլ կգտնենք…
Եվ նրանք իրար փեշից բռնած, զգուշությամբ ետ եկան արահետով ու ձորը հասնելուն պես ածխակոթերն օդում թափահարելով և իրենց հետևից ծխի ժապավեններ թողնելով, վազեցին դեպի, խաղողի այգին։
Քիչ անց հասուն ողկույզներով ծանրաբեռնված նրանք բարձրանում էին դեպի քարայր։
Արդեն ուշ էր, ուստի որոշեցին նոր բնակարան տեղափոխվել հաջորդ առավոտյան։
Իսկ Շուշիկը հիմա տեղափոխվելուն առհասարակ դեմ էր։
Մեկ-երկու օրվա գործ է մնացել, շուտ դուրս գանք, մեր տները գնանք, ինչ գործ ունենք ուրիշի տան հետ, ասում էր նա։
Այո՛, սննդի հարցը լուծվեց բոլորովին անսպասելի կերպով և հիմա որ անպայման դուրս կգան այս ձորից։
Որոշ իմաստով ճիշտ էր բնորոշել Գագիկը. այսուհետև խաղողն ինքն էր բացելու ճամփան…
Ինչ ասել կուզի, որ այդ գիշեր նրանց համար ամենից ուրախ գիշերն էր, ուստի և Հասոն գոտիկից հանեց իր սրինգը և ուրախ եղանակներ փչեց։
Չպարե՞նք, հարցրեց Գագիկը։
Ո՞վ պարելու հալ ունի…
Հենց հեղեղի տակ պիտի ընկնեք, որ պարե՞ք… Մի «քոչարի» փչիր…
Եվ Գագիկը, Աշոտի թևն ընկնելով, սկսեց «քոչարին»։ Շուշիկն ու Սարգիսը, կրակի մոտ թիկն տված՝ նայում էին նրանց ապաքինվող մարդու բարությամբ։
Շատ շուտ հոգնեցին մեր պատանիները, քիչ բան չէր շաբաթներով կիսաքաղց մնալը։ Նորից նստեցին խարույկի մոտ և լուռ ունկնդրում էին նվագին։
Դայլայլում էր Հասոյի սրինգը մերթ թախծոտ ու լալագին, մերթ զվարթ և կենսախինդ։ Եվ ամեն տուն նվազելուց հետո, նա շրթունքները կտրում էր սրինգից, և երբեք Շուշիկի կողմը չնայելով, դեմքը միշտ ստվերում, քրդական ձևով ձեռքը դնում էր ականջին ու քոլոզը թեք դրած երգում.
Բերիվանե՛, բերիվանե՛
Իրո մնի դլան գոթի դլան,
Ազե դուղակե բըկյամ,
Ձրաբի ալեմի մո՜րի…
Ի՞նչ էր այդքան երկար ու բարակ երգում Հասոն, ի՞նչ կար նրա երգի մեջ, որ մերթ հուզում էր նրան, մերթ դեմքը ողողում ժպիտով։
Է՜, կարծում ես քո «իրո մնիից» բա՞ն հասկացանք, ասաց Գագիկը։
Սա քուրդ սարվորների երգն է, միտքը սա է։ Ասում է՝ բերիվա՜նե, բերիվա՜նե, այսինքն, կթվորնե՛ր, կթվորնե՛ր, ձեր մե՞ջ է իմ սիրածը։ Թե որ ձեր մեջ է, ասացեք իրեն՝ աղջի, տնավե՛ր, առ կուժդ, մահանա արա աղբյուրը գնա, որ էնտեղ իրար հետ հանաք անենք։
Թե որ մայրդ հարցնի՝ աղջի, ինչի՛ ուշացար, ասա՝ ուլունքներս ու մարջաններս թափվել էին, հավաքում էի…
Բռավո՛, Հասո՜, մի տես ինչե՜ր է իմացել։ Հետո՞, հետո՞…
Հետո, ի՞նչ ասեմ, քուրդ չոբանների երգերը բոլորն էլ աղջիկների մասին են, շփոթվելով և գլուխը Աշոտի հետև թաքցնելով պատասխանեց Հասոն։
Երկարամազ այծյամների՛… Ավելի լավ, դու երգիր ու թարգմանիր, պնդում էր Գագիկը, որին քուրդ սարվորների այդ ուրախ երգերը շատ էին դուր եկել, հայ հովիվներից նա միշտ մելամաղձոտ երգեր էր լսել։
Լա՛վ, կուզե՞ք մեկն էլ երգեմ։
Եվ Հասոն նորից աջ ձեռքն ականջին դրեց, դեմքը դեպի այրի մութ անկյունը դարձրեց և կլկլացրեց իր դուրեկան ձայնով.
Իրո հաթի՜ա գնդի թութո՜ւնա զարա…
Երգեց ամեն բառն այնքան երկարացնելով, որ թվում Էր մի ամբողջ սիրավեպ երգեց, բայց երբ դադարեց երգելուց և թարգմանեց, պարզվեց, որ տղան մի քառյակով դիմել Է աղջկան և նրանից ընդամենը մի քառյակ պատասխան Է ստացել։ Ահա այդ քառյակների իմաստը.
Տղան.
Ո՜վ հարևաններ, թե որ չեք ճանաչում իմ կթվոր սիրածին, նշաններն ասեմ, բոյը շիմշատ է, աչքերը՝ նախշուն, ճակատին՝ ոսկեշար, գույնը՝ թխավուն, ու միշտ քայլում է կթվորների առաջից։
Աղջիկը.
Էսօր գյուղը թութուն բերին, առել եմ սիրածիս համար՝ հալած յուղին բարեբար։ Եթե վերցնի նվերս՝ լա՛վ թե որ չվերցրեց՝ մի զույգ համբույր կտամ վրան՝ հաստա՛տ կվերցնի…
Շուշիկը բարեսրտորեն ծիծաղում Էր, իսկ հովիվ պատանին իր ասած խոսքերից քրտնած, քոլոզն աչքերին էր իջեցրել։
Այդպես, Հասոն իր սրինգով ու երգերով մեր պատանիներին տեղափոխել էր պարզ խաշնարածների աշխարհը։
Վերջապես, նկատելով, որ Շուշիկի կոպերը ծանրանում են, նա դադարեցրեց նվագը։
Տանձ է կշռում, Շուշիկի կողմն աչքով անելով կամաց ասաց Գագիկը, վեր կացավ և դանդաղ ու վարանոտ դուրս եկավ քարայրից։ Ընկերները հետևեցին նրան։
Պարզկա գիշեր Էր, երկինքն իր անթիվ-անհամար աչքերով երկրին ԷՐ նայում պլշած։ Դիմացում, Արարատի փեշերին կրակե երկար ժապավեններ էին ձգվում, որոնք գալարվում էին հրե օձերի նման։
Տաճկաստանի քրդերն են կրակ տվել հանդը, ասաց Հասոն։ Հայրս պատմում է, որ գետի մյուս ափին անտեր հանդեր են՝ հայերի առաջվա հողերը։ Վար չկա, ցանք չկա, հանդն արածեցնող չկա, երկիրը վայրենացել է։ Ասում է՝ խոտի հինը մնում է խառնվում նորին, որ ձիավոր մտնի մեջը՝ կկորչի։ Ու ամեն աշունք քուրդ չոբանները կրակ են տալիս հանդերը, մաքրում, որ նոր խոտ դուրս գա։
Ապա քիչ լռելուց հետո, մտախոհ և մեծավարի ավելացրեց.
Հայերի դարդը մեծ է, բայց մերն էլ փոքր չի։ Է՜ն վառվող երկիրը տեսնո՞ւմ եք, էնտեղ շատ քրդեր կային։ Հերս ասում է՝ անգլիացիք դրանց զենք են տվել, թե՝ տաճիկները ձեզ օր ու արև չեն տալիս, կռվեցեք նրանց դեմ, մենք ձեզ պետություն կտանք։ Քրդերը կռվում են ու տեղները հենց նեղանում է՝ քաշվում են Փոքր Մասիսի փեշը, Իրան։ Քամալը, չգիտեմ իրեն երկրի ո՛ր մասից, հողեր է տալիս Իրանին, նրանցից վերցնում է Փոքր Մասիսի փեշն ու մեծ զորքեր է բերում, քրդերին քշում՝ դեմ է անում մեր էս Արազ գետին ու կոտորում… Ով կենդանի էր մնացել, անց էր կացել գետն ու հանձնվել մերոնց։ Չգիտեմ Դավալվո՞ւմ, թե՞ Արտաշատում իմ հերը պատահել էր մի քանի քրդի, խոսել էր հետները։ Պատմել էին, թե ի՜նչ զուլում են իրենց գլխին բերել Քամալի կառավարությունն ու երկու երեսանի անգլիացիք…
Լուսանում է, ներս գնանք, սրսփալով ասաց Սարգիսը, որ փայտին հենված ինքն էլ էր դուրս եկել այրից։
Ինչի՞ց գիտես, քննում է Հասոն։
Ա՛յ, լուսաստղը դուրս եկավ…
Քուրդ պատանին ծիծաղեց։
Դա լուսաստղը չի, դա Քյարվանղռանն է։ Շատերին է խաբել էդ աստղը։ Հիշո՞ւմ ես, Աշո՛տ, էն հեղեղի գիշերը ես էդ աստղի անունը տվի։ Պիտի պատմեի, թե ինչու են դրան Քյարվանղռան ասում, բայց էնպես էլ մնաց։ Քյարվանղռան, այսինքն՝ քարավան կոտորող։ Երբ ուղտերը հանգիստ որոճալիս են լինում, քարվանչիներից մեկն ասում է՝ լուսաստղը դուրս եկավ, վեր կացեք, ճամփա ընկնենք։ Աստղերին լավ ծանոթ չեն լինում ու մեր Սարգսի նման կարծում են, թե դա լուսաստղն է, որովհետև գրեթե նրա պես պայծառ է (մի տեսե՞ք), բայց նրանից շուտ է դուրս գալիս։ Քարավանը ճամփա է ընկնում, գնո՜ւմ-գնո՜ւմ, չի լուսանում։ Ղաչաղները կտրում են քարավանի ճամփեն, թալանում, մարդկանց կոտորում։ Էդ օրվանից էդ աստղի անունը դնում են քյարվանղռան… Է՜հ, ներս գնանք, ցրտում է…
Նրանք պառկեցին փափուկ խաշամին, երեք կողմից շրջապատեցին խարույկն ու մեջք-մեջքի տվին։ Իր անկյունից Հասոն նայում էր Շուշիկի դալկահար դեմքին և մի աղոտ ժպիտ էր նշմարում նրա նուրբ շրթունքներին։ «Երևի երազում մոր հետ է…», մտածեց տղան ու հաջորդ վայրկյանին ընկղմվեց քաղցր նիրվանայի աշխարհը, ինչպես դա հատուկ է բնության մեջ ապրող հովիվներին։
Գլուխ տասնյոթերորդ. Թե ինչպես մեր պատանիները արագությամբ կարճացնում էին դեպի ազատություն տանող ճամփան
Հիմա ի՞նչ եք կարծում, գնանք մեր նոր բնակարա՞նը տեսնենք, այգեկութի՞, թե՞ ճամփան մաքրելու, երբ արևածագին քարայրից դուրս եկան, դիմեց Աշոտն ընկերներին։
Դա նրանց գերության քսանութերորդ օրն էր։
Իհարկե, խաղող ուտելն ավելի հեշտ է… Բայց դժվարի կողմը պիտի գնանք։
Ես նույն կարծիքին եմ, Գագի՛կ, ձե՛զ էի փորձում։ Իմ կարծիքով, մենք այսօր մինչև մութն ընկնելը պիտի աշխատենք ճամփեն բացելու վրա։
Սարգիսը փայտի օգնությամբ վեր կացավ և կաղալով ու տնքտնքալով առաջ եկավ։
Բա մինչև ե՞րբ եմ ես անգործ մնալու, քաշվելով դիմեց նա ընկերներին։ Մինչև ե՞րբ եմ ձեր աշխատանքով ապրելու…
Աշոտը լայն ժպտաց. «Ահա իմ խմբի գլխավոր հաղթանակը…»։
Ոչի՛նչ, Սարգի՛ս, առողջանաս՝ դու էլ կաշխատես, մեղմությամբ պատասխանեց նա։ Հսկում ես մեր հիվանդ քրոջը, դա քի՞չ գործ է, նրբանկատորեն ավելացրեց նա։
«Ինքն էլ է փոխվում…», ուրախ մտածեց Շուշիկը։
Չէ՛, հերիք է ձրիակերություն անեմ։ Ինձ մի կերպ հասցրեք այգին, գոնե խաղող կքաղեմ…
Թող խաղող քաղի ու հոգին դուրս գալով ուտի։ Ի՞նչ կա որ, խորհուրդ տվեց Գագիկը։
Որ ոտով գնա, էլի խնձորը դուրս կընկնի բնից, զգուշացրեց խմբի «հեքիմը»։
Ճարն ինչ, պիտի շալակենք… Մենակ չե՞ս վախենա, Շուշի՛կ, հարցրեց Աշոտը։
Չէ, իմ դիմաց եք աշխատելու… Գնացեք։ Այրի առաջ արևկող կանեմ, գիրք կկարդամ։ Արդեն կարոտել եմ կարդալուն։
Ու ականջ կդնես կաքավների երգին… Չէ՜, նախանձելի է մեր կյանքը, Աշո՛տ, մորս կարոտը չլիներ՝ այստեղից ո՜վ էր գնացողը։ Հա՛, Շուշի՛կ, այրի առաջ կրակ արա մոտը նստիր… Դե՛հ, շարժվե՛նք, Հասո՛, Էս լոլոզին առաջ ե՞ս եմ շալակում, թե՞ դու… Ա՜խ, գոնե իմանամ՝ ինչի՞ համար են էս սաժենանոց բոյը տվել սրան…
Հասան այգուն, Սարգսին ցած դրին ու շարունակեցին իրենց ճամփան։
Խաղողի չորացած վազերը ջարդելով, տղան իսկույն մի թեժ խարույկ վառեց։ Նման մի խարույկ էլ սկսեց ճարճատել Դիվային կածանի վրա։ Ծուխ էր բարձրանում նաև անձավ-բնակարանի առաջից, ձորը լցվել էր խարույկների ծխով, այնտեղ գազա՞ն կմնար։
Չէ, վախենալու բան չկա, մանավանդ որ ընկերները աշխատում են դիմացի լանջին, ո՛չ հեռու իրենից։ Ահա, Գագիկը պարծենալով ու աղմկելով ձյուն է թափում ցած։
Եվ Սարգիսը, աշխատելով չմտածել վտանգի մասին, սկսեց խաղող հավաքել։
Հեշտ չէր ձյան տակից իրար խճճված թփերը վեր քաշելը։ Իրենց կյանքում այգեպանի մկրատ չտեսած վազերը, տարեկան մի քանի մետրաչափ երկարելով, հյուսվել-շաղաղվել էին իրար, և ձյան տակից նրանց հանելու համար Սարգիսը և՛ ջանք պիտի գործադրեր, և՛ համբերություն։ Մյուս կողմից էլ ոտքն էր երբեմն ցավում, իսկ արմունկի վերքը դեռ կարգին չէր առողջացել։ Բայց այն միտքը, որ Հովազաձոր մտնելուց հետո նա առաջին անգամ է աշխատում, այն էլ ընկերների համար, իրեն փրկող կոլեկտիվի համար, նրան ուժ և համբերություն էր տալիս։
Նստում էր որևէ քարի հանգստանում և նայում քաղած ողկույզներին։ Նրանց մեծ մասը թոռոմած էր, կուչ եկած և խաղողի հյութը թանձրացած էր պտուղների ներսում։ Կային նաև թփի վրա չորացած, չամիչ դարձած ողկույզներ։ Սարգիսը վայելում էր խաղողը ու զարմանքով զգում, որ ընտրում, վատն է ուտում, իսկ ամենալավ ճութերը մի կողմ է դնում։ «Շուշիկի համար… Այս էլ Աշոտին։ Նա որ չլիներ՝ մեր խումբը կորած էր», շշնջաց տղան, ամենամեծ ողկույզը առանձնացնելով։ «Բա Հասոյի՞ն», ախր նրա՜ մահակով վեր քաշեցին իրեն։ Այդ մահակը չլիներ… Չէ, մահակը՝ հեչ, միևնույն է, իր ընկերները ուրի՛շ միջոց կգտնեին իրեն փրկելու։ «Հասոն լա՛վ տղա է, պա՜րզ, մաքո՜ւր, էս էլ նրան»։ Բերիվանե՜, բերիվանե՜… ականջին հնչում էր քուրդ հովիվի դուրեկան, բայց տարօրինակ երգը։ «Իսկ Գագիկի՞ն։ խայթում է կարիճի պես, բայց սիրտը մաքուր է… էս իծապտուկն էլ նրան»։
Հանկարծ խշխշոց լսվեց և ձյան տակից մի գորշ ու տափակ կենդանի դուրս վազեց։ Կարճ ոտներն արագ-արագ փոխելով, անճոռնի քայլվածքով նա շտապում էր դեպի ժայռերը։ Իր տեսքով նա արջի ձագի էր նման, ուստի տղան չկարողանալով զսպել վախը, գոռաց.
Վա՛յ, արջը՛, արջը՛…
Պոչից բռնիր, գալիս եմ, դիմացից լսվեց Գագիկի ձայնը։
Մի՛ վախենա, փորսուղ է, խաղող ուտելու է եկել, հանգստացրեց Աշոտը։ Տեսնելուն պես՝ հեռվից նա որոշել էր ինչ կենդանի լինելը։
Ա՛խ, թե մոտ կլինեի՜ն։ Կարելի էր շրջապատել ու մահակներով սպանել այդ կենդանուն, որ աշնանը գեր է լինում խոզի նման։
Աշոտը թիակն ուսին վազեց, բայց մի քանի քայլ չարած կանգ առավ, խուճապահար կենդանին այգուց դուրս գալով արդեն ժայռերն էր հասել, ուր և անհետացավ անմիջապես։
«Ափսո՜ս…», մրմնջում էր Աշոտը։
«Փորսո՞ւղ… Ա՜յ քեզ խայտառակություն», մտածում էր Սարգիսը։ Հիմի Շուշիկն էլ այնտեղ իմացավ…. Աշոտը չէր վախենա, պարզ է, ոչ էլ Հասոն։ Մենակ Շուշիկը կվախենար՝ իր նման։ «Թո՛ւհ, խայտառակվեցինք…»։ Ի՛նչ լավ է սրտոտ լինելը…
Նրան համակել էր ամոթի զգացումը, ականջին դեռ հնչում էր իր բարձրացրած վայնասունը. «Վա՜յ, ա՛րջը, ա՛րջը…»։
Հիմի Գագիկն ասում Է՝ խե՛ղճ տղա, աչքին փորսուղն արջ է երևում։ Ինչո՞ւ ինքն էլ սրտոտ չի ընկերների նման։
Որ երկար մնանք այստեղ, կփոխվեմ, ասաց նա ինքնիրեն, բայց և սոսկաց այդ մտքից, ձմեռն այս վայրենի տեղն ապրե՞լ կլինի։ Այնպե՜ս է կարոտել փափուկ մահճակալին, մոր պատրաստած համեղ կերակուրների՜ն… Բայց պահեստին՝ երբե՛ք։ «Պահեստ» բառն անգամ նա այժմ անախորժ զգացումով է հիշում, դրա հետ իր և հոր համար ինչ-որ ստորացուցիչ բան է կապված։
Կստիպեմ թողնի պահեստը։ Թող գերանդին վերցնի… Թող արտ ջրի…
Առաջին անգամ իր կյանքում նա զգում էր, որ ըմբոստանում է իր անարդար հոր դեմ, այն կարգ ու կանոնի դեմ, որով դաստիարակվել է ինքը…
Սարգի՛ս, կարո՞ղ ես մի քսան պորցի գլյուկոզա ուղարկել, դիմացից ձայն տվեց Գագիկը։
Հիսունը կուղարկեմ։ Մի տեսեք ինչքան եմ քաղել, պատասխանեց նա՝ ուրախ ցույց տալով գույնզգույն ողկույզների կույտը։
Աչքիս առաջ մառախուղ է, չեմ տեսնում, ի՞նչ ես ցույց տալիս։ Ա՜խ Աշոտ, մի կտոր սև հաց լիներ, մառախուղն իսկույն կցրվեր… Ո՜նց մենք չենք իմացել սև հացի պատիվը…
Նա ձայնը նորից բարձրացրեց.
Հոգիս դուրս գա քեզ համար, Սարգի՛ս, տանջվելով ուտում ես, էլի՛։ Ինչքան դժվար բան կա՝ քե՛զ են հանձնարարում…
Քարայրի կողմից թույլ ու նվաղուն ծիծաղ լսվեց։
Վա՛հ, ականջ ես դրե՞լ, աղջի՛։ Մարդ չի կարողանում մի ինտիմ խոսակցություն ունենա սրտակից ընկերոջ հետ… Հասո՛, վազիր խաղողի… Ներողությո՛ւն, օղակավա՛ր, էլի ֆունկցիաներիդ մեջ մտա…
Ուրիշ անգամ Սարգիսը Գագիկի կծու ակնարկներին արհամարհանքով կվերաբերվեր։ Բայց այս անգամ եթե մոտը մարդ լիներ կտեսներ, որ նրա մեծ-մեծ ականջներն անգամ կարմրել են։ Իսկապես, իր ընկերները կյանքները վտանգի ենթարկելով իրեն համար ճամփա են բացում, իսկ ինքը խաղող ուտելով է զբաղված։ «Մեծահոգի են… Ես դժվար թե այդպես վարվեի», շշնջաց նա ինքն իրեն։ Իրեն Հասոյի հետ համեմատելը, որ առաջ այնքան վիրավորական էր թվում, այժմ դրա մեջ Սարգիսը նվաստացուցիչ ոչինչ չէր գտնում և նույնիսկ զարմանում էր այն կարծիքի վրա, որ ինքն իր մասին ուներ մինչև Հովազաձոր մտնելը։
Ձախորդությունների մեջ, կոլեկտիվի շարքերում միայն նա սկսեց ճանաչել ինքն իրեն։ Ճանաչեց և դառնորեն ժպտաց. «Իսկ իմ մոր համար ես գյուղում առաջին տղան եմ…»։
Հասոն փեշը լիքը խաղող էր տանում ճամփան բացող ընկերներին, բայց ինքն էլ չիմացավ, թե ինչպես շուռ եկավ և շտապեց դեպի այրը, որի առաջ, խարույկի մոտ Շուշիկը նստել գիրք էր կարդում։ Աղջիկը ձեռքը ճակատին դրեց, հով արավ և աչքերը կկոցեց։
Ինձ մոտ կա, ինչի՞ ես բերել, բողոքեց նա։
Սրանից չկա։ Մի տես ի՞նչ ճութ է, ոնց որ քյահրուբահր լինի… Ասի՝ քրոջս տանեմ, թե չէ կերածս կուլ չի գնում…
Ասաց ու ծիծաղեց։ Բայց այլևս չէր շփոթվում առաջին օրերի նման։
Կարգին բացվել ես, Հասո՛… Տո՛ւր… Վա՛յ, ի՛նչ լավն է, ի՜նչ սիրուն, սա ես կպահեմ մորս համար, դեմքին կարմիր խաղողի ողկույզը հպած՝ քնքշագին ասում էր աղջիկը։ Վաղը տանը կլինենք, չէ՞, Հասո՛։ Դու էլի կգնաս ֆերմա… բայց ես քեզ չեմ մոռանա, զգացված արտասանեց աղջիկն այս խոսքերը և աչքերը խոնավացան, կարծես մոտենում էր առհավետ բաժանվելու ժամը։
Ես էլ քեզ կհիշեմ։ Կնստեմ քարափի գլխին, շվի կածեմ ու կհիշեմ քեզ…
Այո, ծանր օրերի ընկերությունն ուրի՛շ ընկերություն է։ Նրա կապածը ամբողջ կյանքի ընթացքում չի քանդվում։
Է՛հ, լավ է, բոլոր նշաններից երևում է, որ խումբը վերջին գիշերն է անցկացնելու խոնավ ու սառը քարայրում։ Վաղը երեկո նրանք արդեն իրենց տաք վառարանների մոտ կլինեն, հարազատներով շրջապատված և կպատմեն իրենց հետ պատահած զարմանալի արկածները։
Երբ Հասոն վեր կացավ, որ վերադառնա ընկերների մոտ, Շուշիկը նայեց նրա անտրեխ ոտքին, որի գուլպան ծակվել էր ու հրճվում էր տղայի թաց մատները։
Նա իր ոտքից լուռ հանեց Հասոյի տրեխն ու մեկնեց իրեն։ Տղան ոտքի կապտած մատներն արագ թաքցրեց ու շփոթմունքով ասաց.
Ինչի՞ս է պետք… Ես ձնի մեջ բոբիկ ման գալու սովոր եմ…
Վերցրո՛ւ, ես տեղս նստած եմ, ի՞մ ինչին է հարկավոր, իրենը պնդեց Շուշիկը։
Հասոն հագավ իր տրեխն ու վազեց ընկերներին օգնության, այնտեղ, ուր «վերջին գրոհներն» էին տեղի ունենում փակված արահետի դեմ։
Այո՛, քիչ էր մնացել կածանից, այնքան քիչ, որ Գագիկը գլուխը տարուբերելով ասում էր.
Ափսո՛ս, որ չղջիկներին թողնելու ենք…
Իսկ Հասոն և՛ ուրախ էր, որ վերջապես կհասնի իր կարոտած ծնողներին, և՛ մեղմ թախիծով էր համակվում նրա հոգին, ինչպե՞ս բաժանվի այս լավ ընկերներից…
Երեկոյան դեմ նորից քարայծեր երևացին Հովազաձորում. գայլերի՞ց էին փախել ապաստանել այդ անմատչելի ձորում, թե՞ «հարսանիքի» էին եկել։ Այս անգամ նրանց անհանգստացնող չկար, արածում էին ձյունից ազատված դարավանդներում և երբ նկատում էին մեր պատանիներից մեկն ու մեկին, գեղանազ թռիչքներով փախչում-անհետանում էին հարկ առ հարկ իրար վրա կանգնած ժայռերում։
Գիշերը մեր պատանիներից ով արթնանում էր, երբեմն քարայրի մուտքի մոտ ոտնաձայներ էր լսում, այդ քարայծերն էին վազվզում ժայռի կառնիզներով, որոնց տակ բացված էր քարանձավի մուտքը։
Գլուխ տասնութերորդ. Թե ինչպես ջուրը սառույց է դառնում, իսկ սառույցը փակում է ճամփան…
Իրենց գերության քսանիններորդ օրվա առավոտյան, երբ դուրս եկան այրից, փառահեղ տեսարան բացվեց նրանց առաջ. արևի առաջին շողերը ոսկեզօծել էին Մեծ և Փոքր Արարատների ճերմակ բարձունքները, իսկ հովիտը դեռ թաղված էր վաղորդյան նոսր մառախուղի մեջ։ Ժայռերում կաքավները այնպիսի մի համերգ էին՝ սկսել, որ տղաները մի քանի րոպե զմայլված լսում էին։
Գնա՛նք, ընկերնե՛ր, օրը հիանալի է։ Այսօր մենք վերջնականապես բացելու ենք մեր ազատության ճամփան, պաթոսով դիմեց Աշոտն իր ընկերներին։ Նրա տոնից ու տրամադրությունից պարզ էր, որ շուտով իրենք տանը կլինեն։
Եվ քանի որ այդ բանում համոզված էին խմբի բոլոր անդամները, ուստի ոչ ոքի մտքով չանցավ գնալ-տեսնել ինչ կա իրենց գտած բնակարան-անձավում։ Նույնիսկ վառելիք հայթայթելու կարիք չեղավ, թեև կրակը հանգչում էր։ Ո՞ւմն էր հարկավոր կրակը, երբ երեկոյան տաքանալու էին թեժ վառարանների մոտ… և քնելու էին փափուկ անկողիններում…
Այդ միտքը ալեկոծում էր նրանց, բայց իրար ոչինչ չէին ասում, կարծես զգուշանում էին, որ իրենց ձեռքից նորից չթռչի արդեն ձեռք բերած ազատությունը։ Երեկոյան, երբ ընկերները քնած էին, Հասոն այգուց մեծ քանակությամբ խաղող էր բերել, ճմռել և նրա նյութով լցրել Գագիկի պատրաստած կավե ամանն ու դրել կրակի մոտ։ Խումբն այդ նյութին ձեռք չտվեց։ Որոշեցին ճամփան բացելուն պես խմել իրենց ազատության կենացը և դատարկ ամանները հետները տանել գյուղ, որպես իրենց անձավային կյանքի վկայական։
Իսկ քարե դարի մեր գործիքներն ու զենքե՞րը, հարցրեց Գագիկը։ Հիմիկուց հետներս չտանե՞նք աշխատանքի տեղը։ Էն տեղից էլ՝ լույս աշխարհ…
Ետ չե՞ք գալու, հարցրեց Շուշիկը և նրա սիրտը թնդաց իր հարցից։
Չէ՛, պիտի գանք մաճառը խմենք ու ձեզ տանենք հետներս, պատասխանեց Աշոտը։ Բայց հիմի հետներս կտանենք ինչ որ կարող ենք։
Նրանք վերցրին զենքերը, գործիքները, հագուստները։ Սարգիսը ընկերների առաջ պարզերես դուրս գալու համար շատ էր ցանկանում գոնե վերջին օրը մասնակցել աշխատանքին, ուստի փայտին հենվելով առաջ ընկավ։ Բայց երբ խումբը շարժվեց, Աշոտը հոգատարությամբ դիմեց նրան.
Մնա՛, դու դեռ թույլ ես…
Այո, մնար լավ կլիներ։ Նույնիսկ երբ առողջ էր և ուժեղ, աշխատանքը նրա համար ծանր բեռ էր, ուր մնաց հիմա, երբ նիհարելուց վիզը երկարել էր, իսկ ոտքերը ծալվում էին։
Բայց իր երբեմնի «հակառակորդի» մեղմ վարմունքը առաջին անգամ չէր, որ նրան ամոթահար էր անում։ Շատ բան հիշեց նա. հիշեց իր առաջին օրերի անվայել վարմունքը, հիշեց, թե ինչպես հավաքույթներում, ներքին մղումով, միշտ Աշոտին դեմ էր արտահայտվում։ Այդ բոլորը մի ակնթարթում հիշեց Սարգիսը և հաշտ նայելով ընկերոջը, պատասխանեց.
Չէ, կգամ, գուցե մի բանի էլ ես պետք գամ…
Մեծ թափով և մեծ հույսերով գնացին մեր պատանիները ճամփի մնացորդը բացելու։ Գնացին հաղթողի վստահությամբ։ Գնացին ցնծացող սրտերով։ Բայց շուտով պարզվեց, որ վաղ է նրանց ուրախությունը, տաք ցերեկը ձյունը հալել-ջրով լցրել էր կածանը, իսկ գիշերվա սառնամանիքը կաղապարել էր այն։ Այժմ արահետում փափուկ ձյունի տեղ սառույց էր, կապույտ ու ողորկ սառույց…
Խումբը թևաթափ կանգ առավ։ Հարվածն այնպես ծանր էր, որ մի պահ նրանք շշմել էին։ Այ քեզ բա՜ն… նորի՞ց չնախատեսված խոչընդոտ…
Երեկ ուրախացան, երբ տեսան, որ վերջապես հալ ընկավ նաև արևմուտք նայող այդ լանջի ձյունը և առվակներ հոսեցին, որ հատում էին Դիվային կածանն ու թափվում անդունդը։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ այդ անակնկալ բարիքը կփոխակերպվի չարիքի…
Մի գիշերվա մեջ ոչնչացել էր նրանց ամբողջ ջանքերի արդյունքը։ Մաքրված ձյան տեղ հիմա էլ սառույցն էր փակել ճամփան, ուրեմն և խմբի դեմ էր ելել ավելի համառ, ավելի դիմացկուն հակառակորդ…
Ի՞նչ արած, պիտի փորձեին իրենց ուժերը այդ նոր հակառակորդի դեմ ևս։ Եվ մեր տղաները, ձախորդությունից գազազած, նոր կռիվ սկսեցին համատարած սառցե կապանքների դեմ…
Խփի՛ր, Գագի՛կ, ուժե՛ղ խփիր…
Որտեղի՞ց ուժը Գագիկի բարակ բազուկներում, որ բարձրացնի քարե կացինը ու վրա բերի սառույցի կույտերին։
Բայց լա՜վ տեսարան էր. փշրած սառույցի կտորները ցած էին թափում ու նայում հետևից ժայռի ուղղահայաց ճակատով սառույցները շխկշխկալով գնում-թափվում էին ձորը։
Այդպես փոխեփոխ աշխատեցին և հասան այնպիսի մի տեղ, ուր արահետի վրա կռացած ժայռից ոչ թե լուլաներ էին կախվել այլ սյուներ… Տեղ-տեղ կարծես շավղի վրա թափվող ջրվեժներ էին քարացել…
Պատանիները կանգ առան հոգնած ու հուսահատ։
Ի՜նչ եք մոլորվել, բա սրանք ո՞ր օրվա համար ենք պատրաստել, գոչում էր Աշոտը և քարե մուրճով խփում-փշրում ճամփան փակող սառույցի սյուները, ապա նայում էր, թե ինչպես նրանք չխկչխկոցով գլորվում են անդունդը։ Իսկ Գագիկը մեկ զարկում էր ձեռքի մուրճով, մեկ նայում երկնքին ու ինքն իրեն փնթփնթում.
«Էս անտեր արևը տեղից չի շարժվո՞ւմ»։
Արևին շուտ-շուտ մի նայիր, աչքերիդ վնաս է, ասաց Աշոտը։
Լա՜վ խորհուրդներ են տալիս Գագիկին. մի՛ նայիր, թե երբ է գալու ճաշի ժամանակը, մի՛ հետաքրքրվիր, թե ո՞վ և ե՞րբ է գնալու խաղող բերի…
Վերջապես, երբ արեգակը հասավ զենիթին, Գագիկը արահետի կենտրոնում ուղիղ տնկեց իր մուրճը և հարցրեց Աշոտին.
Տեսնո՞ւմ ես ստվերն ինչքան կարճացավ։
֊ Տեսնում եմ, տեսնում, և Աշոտը քրտինքը սրբելով, ձայն տվեց.
Հասո՛, գնա ուտելիք բեր…
Ա՞յ մարդավարի խոսք, թե չէ՝ խփիր, խփիր… Մարդու ականջ են սղոցում էդ կոպիտ-անտաշ բառերը…
Մերթ հույսից պայծառացած դեմքով, մերթ հոգսից մթնած, մեր պատանիներն աշխատեցին մինչև երեկո, բայց առավոտյան եկան տեսան իրենց ամբողջ աշխատանքը նորից ջուրն է ընկել. օրվա տաք ժամանակ վերին ժայռերից ցած ծորող ջուրը լցվել էր կածանը ու գիշերը նորից սառչում, նորից փակում մեծ տանջանքների գնով ձեռք բերած ճամփան…
Այն ժամանակ մեր տղաները այսպիսի մի հնար մտածեցին. երեկոյան նրանք ոստեր շարեցին իրենց բացած կածանի վրա և առավոտյան եկան տեսան, որ ջուրը սառել է ոստերի տակ
ստացվել է այնպիսի ճամփա, որի վրա որքան էլ ցանկանաս, չես կարող սայթաքել։ Իսկ սառույցը տակից ամուր բռնած պահում էր իր վրայի ճյուղերը։
Այդպես շավիղը մաքրելով և նրա վրա ոստեր շարելով, հասան այն ճեղքին, որի վրայով Հովազաձոր մտնելու ժամանակ վախվխելով էին ցատկել։
Այժմ այդ ճեղքն այլևս թռչել-անցնել չես կարող, նրա երկու ափն էլ սառցակալած է։
Այն ժամանակ տղաները երկու երկար կտոր փայտ բերին, դրին ճեղքի վրա և նրանց վրա ճյուղեր շարեցին։ Ստացվեց կամուրջ, որի ծայրերը գիշերվա սառնամանիքից պիտի ամուր կպչեին թաց գետնին։
Կարծես գործը լավ էր գնում, երբ մեր պատանիները դեմ առան մի նոր և շատ լուրջ խոչընդոտի, վերևից հոսող ջուրը հետզհետե սառչելով և ուռչելով, լցրել էր «թունելը»։
Հո՜, հո՜… է՛լ վերջ։ Գնանք մտնենք մեր նոր գտած այրը ու սրթսրթանք մինչև գարուն…
Աշոտը զայրագին նայեց Գագիկին։
Եթե դու թուլամորթ ես, գոնե ուրիշներին մի՛ հուսահատեցնի։
Ապա մի փոքր մեղմանալով, շարունակեց.
Իսկ դու գիտե՞ս, որ ձմեռը դեռ մեր առաջն է… Դու կարծում ես բոլորը՞ կդիմանան հունվարի սառնամանիքին։ Վերցրեք մուրճերը խփենք։ Մինչև երեկո մենք թունելը կբացենք, մի՛ վախեցեք… Դե՛, արծվի ճուտե՛ր, ձեզ տեսնեմ…
Չէ՜, գործը նորից թափ առավ, նորից մոտեցավ ազատության բաղձալի ժամը, որ բնությունը հեռացրել էր այնպես անարդարացի կերպով ։ Հիմա որ նրանք հաստատ վաղը-մյուս օրը դուրս կգան ձորից, ուրիշ ի՞նչը կարող է արգելք հանդիսանալ այնքան մեծ տանջանքների գնով ձեռք բերված ազատությանը…
Այդպես, ցերեկները նրանք փշրում էին իրենց ազատության ճամփան փակող սառույցները, քրտնում էին ու հովանում, հուսահատվում էին ու ոգևորում, իսկ երեկոները մարխի լույսով երբեմն գիրք կարդում, ամենից հաճախ լսում հովիվ Հասոյի անուշ երգերը..
Լո, լո, լո, լո, բերիվա՜նե,
Ես տեսնում եմ քո աչքերը,
Զուլա՛լ-զուլա՜լ, Ալագյազի ջրերի պես.
Խմում եմ, խմում,
Սիրտս չի հովանում…
Մի գիշեր էլ, երբ նա ածուխով կեղևի վրա գրեց ու սովորեց հայկական այբուբենի վերջին տառը, ուրախությունից մի ձոն երգեց՝ ուղղված իր ուսուցչուհուն.
Մեր հանդերում հազար աղբյուր կա,
Հազար ծաղիկ,
Բայց ոչ մեկը քեզ նման չի, իմ քուրիկ
Շուշիկ…
Բռավո, Հասո, բռավո՛…
Այլևս ոչ «բռավոներով», ոչ ծափերով չես կարմրացնի Հասոյին. նա այնպես էր վարժվել ընկերներին, Շուշիկին, որ ազատ էր, զգում իրեն ամեն կաշկանդումից։
Արդեն երեսի կաշին լրիվ մշակվել է, եզրակացրեց Գագիկը։
Քաք գիրքա