Վախթանգ Անանյան
Հովազաձորի գերիները
24
Գլուխ քսանհինգերորդ. Թե ինչպես անշունչ չղջիկները հարություն առան և թռան-գնացին
Մի քանի օր ևս անցավ։ Օրերը պարզ էին, անամպ, բայց արդեն ձմեռնամուտ էր, արևի ուժը պակասել էր։ Պատանիները անձկությամբ նայում էին փակված կածանին, բայց իզուր, նրա քարերն անգամ չէին բացվում…
Այն ժամանակ նրանք որոշեցին շարունակել ձմեռելու պատրաստությունները։ Այստեղ-այնտեղ կրակներ վառեցին, ձորը լցրին ծխով («Դե հիմա թող հովազը գա…») ու կոտորեցին ծուռումուռ ծառերը, խնայելով միայն ծեր ընկուզենուն, որի պտուղներով սնվել էին այն ծանր օրերին։ Ձեռք չտվին նաև մերկացած թեղիներին, ինչպես և չկտրեցին սնձենին, որի վրա սկյուռը սունկեր էր չորացրել։
Փայտ հատելու գործը շատ էր հեշտացել։
Այն, ինչ որ դարբնոցում մեծ «չարխով» կարելի էր անել կես ժամում, Սարգիսը արել էր մի ամբողջ օրում, կեսօրից մինչև ուշ գիշեր և հաջորդ առավոտյան նա այնքան էր բութ կացինը քսել ողորկ բազալտին, որ բազուկները տնքում էին։ Նրա այդ համառ աշխատանքի արդյունքը այն էր, որ հիմա արևի տակ երբ բռնում ես, փողփողում է, իսկ երբ հարվածում ես, այնպես է խրվում գերանի մեջ, որ ուժ պիտի ունենաս դուրս քաշելու համար։ Դե ո՞նց չնայի կացնի փայլուն բերանին և չուրախանա Սարգիսը։
Սպասեցեք չոր կաղնուց սեպեր պատրաստեմ…
Այդ էլ արավ Սարգիսը՝ գործը բոլորովին հեշտացավ։ Սեպերի օգնությամբ նրանք ճեղքում-կոտորում էին տապալած ծառերը և կրում-դարսում անձավ-բնակարանի մի անկյունում։
Այ, հիմի որ կչորանա և լավ կվառվի, գոհունակությամբ ասաց Աշոտը։ Այսօր և վաղը թախտեր ենք պատրաստում ճեղքած գերաններից…
֊ Սպասի՛ր, Աշո՛տ, ախր ավելի կարևոր բաներ կան, առարկեց Գագիկը։ Թախտն ի՞նչ ես անում, բա սա թախտ չի, ի՞նչ է, նա ցույց տվեց գետնին պատրաստած իրենց փափուկ անկողինները։
Աշոտն իրենն էր պնդում, իսկ Շուշիկը հետևում էր բանավեճին։ Գագիկը լրջացավ, վրդովվեց։
Էլի քո էշը մի՛ քշիր, ասաց նա։ Էստեղ կոլեկտիվ կա, բարի եղիր կոլեկտիվին հարցնելու, թե ինչո՞վ զբաղվենք, որ լավ լինի… Չե՞ս հարցնի, վերընտրենք… Թե՞ մոռացար…
Աշոտը կարմրեց մինչև ականջները։ «Այն դեպքի» մասին իրեն առաջին անգամ էին հիշեցնում։
Մեկ էլ տեսար նորից քվեարկության դրի՝ մասսաները դղրդոցով տապալեցին քեզ… Զգույշ կաց հա՜, ընկերոջ վրա կատակով մատը թափ էր տալիս Գագիկը։
Լա՛վ, դո՛ւք ասացեք, առաջին հերթին ինչո՞վ զբաղվենք։
Ա՛յ, այդպե՛ս… Մենք պատրաստվում ենք հիմնավորապես ձմեռելու, այնպես չի՞։ Մեզ այս մութ անձավում ճրագ պե՞տք է, թե ոչ։ Պե՛տք է…
Ճրագը՝ հեչ, ճրագը ես կբերեմ, ասաց Հասոն, որ կրակի մոտ նստած դանակն էր սրում։
Կենո՞ւց, եղևնո՞ւց։
Բա էլ ինչի՞ց… Արխաջում մենք շատ ժամանակ շամի ենք վառում։
Լա՛վ, գնանք միասին։
Նրանք ժայռերը բարձրացան և կացնով հեշտությամբ կտրտեցին մի քանի գիհի ծառեր, որոնք մի մարդահասակ հազիվ լինեին, բայց դեպի չորս կողմ էին փռել իրենց թե՛ ճյուղերը, թե՛ արմատները։ Քարերի մեջ աճած, շարունակ կիզիչ արևի տակ, նրանք ամբողջովին հագեցած էին յուղոտ խեժով։
Կացնով, դանակով մեր պատանիները ճեղքեցին-ձողեր պատրաստեցին այդ ծառերի թե՛ ճյուղերից, թե՛ բնից, թե՛ արմատներից, որոնք կարծես ամբողջովին կազմված էին դեղին սաթից։
Հիմի էլ լսեցեք ի՛մ առաջարկը, ասաց Գագիկը, երբ «ճրագի» պաշարը արդեն կուտակված էր։ Ցեխ բերենք, ամեն մեկիդ համար մի-մի կուկլա գավաթ ու քերեղան պատրաստեմ, հերիք է մեր պապերի նման մի ամանից ուտենք։
Դրան էլ համաձայնեցին։ Բայց երբ հասան Կավհանք, Շուշիկը բողոքեց.
Մի ամիս է քոռանում ենք ծխի մեջ, ոչ մեկդ չեք մտածում վառարան պատրաստելու մասին։
Դե, ամեն օր մի բան պատահում է, չի հաջողվում, արդարացավ Աշոտը։ Բայց հիմա պիտի շինենք… Տղե՛րք, ամեն մեկս մի գիրկ կավացեխ տանենք…
Այդպես, «գերիներն» ամեն կերպ պատրաստվում էին դիմավորելու ձմռան։
Այդ օրերին, երբ նրանք պատրաստություններով էին զբաղված, հետզհետե քարայրը լցվեց եռացող մաճառի գազով։
Մեր պատանիների քեֆին քեֆ չէր հասնի, եթե մի արտասովոր դեպք չգար խանգարելու նրանց ուրախությունը։
Մի երեկո էլ հանդից տուն վերադարձան և տեսան, որ անձավի դուռը բաց է։
Սա ի՞նչ բան է… անհանգստացավ Աշոտը։
Լավ են արել, որ բացել են, ասաց Գագիկը, -օդը մաքրված կլինի… մաճառահոտից։ Եռող գինու զզվելի հոտը գլուխս պտտեցնում է…
Բայց կատակի ժամանակը չէր։ Նրանք զգուշությամբ ներս մտան և մնացին շեմքում սառած-կանգնած. կարասը շուռ էր տված, խաղողի կախանները պատից պոկոտել էին, անկարգություն էր տիրում անձավում։ Անհայտ մարդիկ կերել էին խաղողը, բոլոր «խորովածացու ճտերը», և վրան էլ խմել ամբողջ գինին։
«Երկրային դրախտը» օդը ցնդեց և խորտակվեցին նրանց բոլոր հույսերը։
Այժմ առանց պաշարի, պատառոտված հագուստներով և հյուծված մարմիններով կանգնած էին նրանք դաժան ձմռանը դեմ հանդիման։
Հովա՞զն է արել, շշուկով հարցրեց Գագիկը։
Հովազը մաճառ չի խմի, խաղող չի ուտի… Հովազն այսքան փոր չի ունենա… մտախոհ պատասխանեց Աշոտը։
Տեղները քարացած, նրանք մտածում էին. «Այս ո՞վ է թշնամություն անում մեզ…»։
Մաս երրորդ
Գլուխ առաջին. Թե ինչպես գլխարկը գլխին մի այծ էր շրջում սարերում…
Փոքր Կովկասի բարձունքներին ձմեռը վաղուց մտել էր իր իրավունքների մեջ. այնտեղ բուքն էր թագավորում։ Բայց լեռների հարավային փեշերին, Արարատին նայող ձորերում ու հովիտներում ձյունը ծալվում էր ու պղտոր վտակներ կապած՝ գնում-թափվում Արաքս գետը։
Վայրի այծերն ու ոչխարները ցուրտ լեռներից հովիտներն էին իջել ու մոտեցել գյուղերին։ Եթե որսորդ Արամը կորած որդուն փնտրելիս չլիներ Հեռավոր Արևելքում, իր սովորության համաձայն ամեն լուսադեմի կբարձրանար իր տան տափակ կտուրը և այնտեղից կտեսներ վայրի խոյերին՝ գյուղի թիկունքի ժայռի գագաթին վեհորեն կանգնած։
Բքից հալածված և կեր որոնելով՝ սարահարթերից նրանք իջնում են դաշտ և կճղակներով քանդում-արածում աշնանացան արտերը կամ լիզում են հին գերեզմանաքարերը, որոնց վրա հովիվ Ավդալն աղ էր ցանում ֆերմայի ոչխարների համար։
Ձորերն էր իջել և հանրային հոտը ու արածում էր չալ ընկած լանջերին։ Չարաճճի ու անհանգիստ այծերը, հովիտները թողած, ժայռերն էին բարձրանում և հանդիպում իրենց վայրենի ցեղակիցներին։ Երբեմն էլ վայրի այծերի կամ լեռնային ոչխարների մի խումբ, խրտնած ու հալածված՝ գալիս ալեկոծում էր հանրային հոտը և ճեղքում-անցնում։ Շները լարվում էին նրանց հետևից, բայց դե ո՜ւր, վայրի ոչխարի հետևից իսկի արաբական նժույգը չի հասնի, ուր մնաց շունը…
Նորից երկինքը ամպել էր, հատուկենտ փաթիլներ էին իջնում ցած։ Նստել էր հովիվ Ավդալը ժայռի տակ, թիկունքը հենել ապառաժին և իր հնամենի սրինգն էր փչում.
Լո՛, լո՛, լո՛, լո՛…
Նվագով էր նա արածեցնում հոտը, նվագով նրան հասկացնում, որ շուռ գա դեպի ավելի խոտավետ լանջը, նվագով էր զսպում գլուխները գիժ քամի մտած այծերին և նվագով էլ հոտին հրամայում էր իջնել առուն ջրի։ Մեր երկրի բոլոր եզդի խաշնարածների նման նա ծնվել էր վրանում, մեծացել ոչխարների հետ և այնպես էր հասկանում նրանց «լեզուն», ինչպես հասկանում էր իր որդիներին։ Կենդանիներն էլ նրան էին հասկանում ու սիրում և լուռ կատարում էին նրա բոլոր կարգադրությունները։
Արտաքուստ իր որդուն նման էր Ավդալը։ Նա յափունջին լայն ուսերին, հաղթ հասակով որ կանգնում էր ժեռ քարափի գլխին, զգում էիր, որ այս վայրերում բոլոր հոտերի տիրակալն է նա։ Սև ընչացք ուներ, ածուխի նման սև աչքեր, և բրոնզագույն էր, ինչպես անապատի բեդվինը, Հասոն արտաքինով մորը նման չէր, բայց իր մեղմ բնավորությամբ նրան էր քաշել՝ իր պղնձագույն մազերով մորը, որ մի աշխատասեր ու հեզ կին էր և որին Ավդալը հին ժամանակ քսանհինգ ոչխարով և երեք ռուսական ոսկով գնել էր Արագածի քրդերից…
Փչում էր իր սրինգը հովիվ Ավդալը, փչում էր մորմոքված սրտով և իր ուղեղում միշտ նույն հարցն էր կեծացած. «Յարաբ ո՞ւր մնաց իմ Հասո բալեն…»։
Նվագում էր հովիվ Ավդալը իր սրտաշարժ երգը և ուզում էր, որ ապառաժներն էլ մասնակից լինեն իր վշտին, որ նրանք էլ արցունք թափեն իր հետ։
Հեյ վա՜խ, իմ թառլան ղուշ, ո՞ւր ես…
Ապա սև կարակուլի փափախը թեքում էր ականջին, ձեռքը դնում քունքին և աչքերը խուփ ու գլուխն օրորելով-մղկտալով երգում էր քրդերի սիրած մեղեդին՝ իր կորած որդու գովքն էր անում.
Ազե հայրանա լավկե մոնի
Բըժբըլընդա դիլ շիրինա,
Ազե հայրանա լավկե խոմա
Եկե ռանգ Ասմարա անի գետատ…
Շները հեռվում, լանջերին ու քարերին զգաստ պահակների նման կանգնած՝ և՛ հսկում էին հոտին, և՛ լուռ ունկնդրում ծանոթ ու դուրեկան մեղեդին, կարծես նրանք էլ էին հասկանում, որ մեծ վիշտ ունի իրենց տերը՝ հովիվ Ավդալը։
Լո, լո, լո, լո, Հասո՜… լո, լո, լո, լո… հնչում էր սրտաճմլիկ երգը քարափներում և ով լսում էր այդ երգը, գիտեր, որ հովիվ Ավդալն է կանչում իր կորած որդուն…
Եվ շները՝ իր լավ ու վատ օրերի հավատարիմ ընկերները՝ հասկանում էին իրենց տիրոջ վիշտը, նրանք էլ էին Հասոյի կարոտը քաշում։ Ահա սրանցից մեկը՝ չալ կողերով մի գամփռ՝ մոլոր քայլերով մոտեցավ տիրոջը, լիզեց նրա ձեռը, պոչը շարժեց բարեկամաբար և գլուխը առաջին թաթերի վրա դնելով, թախծոտ հայացքը հառեց տիրոջ դեմքին։
Դու է՞լ ես կարոտել Հասոյին, Չալո՛ ջան, քո սիրտն է՞լ է մղկտում նրա համար, առանց արցունքի, բայց լալագին հարցնում էր Ավդալն իր շանը և լսում նրա տխուր տնքոցն ու արցունքներ էր տեսնում կենդանու վշտոտ աչքերում։
Գնա՜ց կորավ մեր Հասոն, Չալո՛ ջան, իր շան հետ մորմոքված զրուցում էր հովիվ Ավդալը, թռավ ձեռքիցս իմ արծիվ բալեն… էլ տղա չունեմ, Չալո ջան, բա որ ծերանամ գնամ էս աշխարքից, ո՞վ է իմ օջախը վառ պահելու։ Հանգավ իմ օջախը, Չալո ջան…
Հովվի սիրտը լցվեց, արցունքը դեմ առավ կոկորդին, այլևս չէր խոսում։ Միայն հոգու խորքից եկող խոր թառանչները պատմում էին, որ մե՜ծ, շատ մեծ է հովիվ Ավդալի վիշտը։
«Հեյ վա՜խ, ո՞ր սարի, ո՞ր քարի տակ մնաց իմ թառլան բալեն…», կսկիծով մտածում էր Ավդալը և որքան խրախուսում էր իրեն, որքան ջանք էր թափում, չէր կարողանում ազատվել իր սիրտը կեղեքող թախծից։ Աշխատում էր տարվել գործով ու գոնե մի ժամով մոռանալ իր ահավոր կորուստը, բայց չէր հաջողվում, հանդերի ամեն ձորը, ամեն քարը, ամեն թուփը իր Հասոյին էր հիշեցնում։ Հոտը այս ձորերից հավաքելիս իր բալեն քոլոզը դնում էր մահակի ծայրին ու իրեն զրնգուն ձայնով դղրդացնում ձորերը։ Նստում էր քարի գլխին ու շվին կլկլացնում էն քաղցր ձենով առվի նման։ Ո՞նց մոռանաս, ամեն բան նրան է հիշեցնում, Ավդալը ոչ մի տեղ, ոչ մի րոպե ազատ չէր իր սիրտը կեղեքող հուշերից։ Ֆերմայում լիներ, ընկերներին հանդիպեր, շներին լակ տար, թե կենդանիներին՝ խոտ, ժայռը բարձրանար, թե մտներ թփուտները, ոչխար ծնեցներ, թե չարաճճի այծերին սաստեր՝ աչքի առաջ միշտ իր Հասոն էր, այդ բոլոր վայրերն ու գործերն էլ նրան էին հիշեցնում, այդ բոլոր գործերին էլ նա մասնակից էր եղել մանուկ հասակից, բոլոր առուներն էլ մտել էր բոբիկ ոտքերով, բոլոր աղբյուրներից էլ չոքել ջուր էր խմել…
Գոնե ընկեր լիներ, գոնե մի մարդ լիներ հետը զրուցող։ Հովվի օրը կտրվի, հովիվ մարդու կյանքը միշտ մենության մեջ է անցնում, ծառ ու ծաղկի, սար ու քարի հետ է զրույց անում նա։
…Դիմացի ժայռի հետևից մի փափախ երևաց։ Է՛հ, լավ է, ընկերը եկավ ֆերմայից, գոնե հետը կխոսի, մռայլ մտքերը կցրվեն։
Սուրե՞ն, հաց ես բերե՞լ, հարցրեց Ավդալը և զարմանքով տեսավ, որ իր ձայնը լսելուն պես «Սուրենը» վայրկենապես անհետացավ, ապա քիչ անց նույն փափախը նորից երևաց ժայռի ներքևի մի սեպ քարի հետևից։
Պահմտոցի՞կ է խաղում սարսաղը, տարակուսանքով փնթփնթաց հովիվը և նորից ձայն տվեց.-Սուրե՛ն, դեսն արի, էդ ո՞ւր ես գնում։
«Սուրենը» գլուխը բարձրացրեց, և Ավդալը տեսավ, որ փափախը կախված է մի խոշոր քարայծի եղջյուրից։ Թե՞ աչքին այդպես երևաց…
Նալլաթ քեզ չար սատանա… երկյուղով փնթփնթաց հովիվը և աչքերը տրորեց, երազ հո չի՞…
Հաջորդ վայրկյանին փափախավոր քարայծն անհետացել էր, Ավդալին թողնելով ահի ու մութ կասկածների մեջ.
Էդ ի՞նչ բան էր, փափախավոր էլ է՞ծ կլինի… Թե՞ շեյթան էր…
Երկյուղն իրենից վանելու համար, նորից սկսեց փչել իր սրինգը։
Դիմացի շեկ ժայռերից չրխկոց լսվեց, ոտքերի մոտ պառկած շունը ականջները վեր տնկեց, լարվեց։ Ավդալը դադարեցրեց նվագը և ամբողջովին դարձավ լսողություն, նա գիտեր, որ սարերից հոտի հետ ցած էին իջել և գայլերը, ու հիմա ամեն թուփ, ամեն քար, ամեն խշրտոց նրան կասկածելի էր թվում։
Բայց ոչ, քարայծերն են իրար զարնվում իրենց ահագին եղջյուրներով. սկսվել էր նրանց զուգավորման՝ հետևապես և կռվի՝ շրջանը։ ՞Չր՛խկ, չր՛խկ, չր՛խկ՞, լսվում Էր ժայռի ծերպերից, կարծես այնտեղ ոսկորներ Էին խփում իրար։
Հովիվը որքան լարեց իր տեսողությունը, ոչինչ չերևաց, ժայռի գորշ ծերպերում գորշագույն կենդանի՞ կերևա։
Կողքից կախված հեռադիտակը դրեց աչքերին, հարմարեցրեց և մի պահ մնաց ապշած այն բանից, ինչ որ տեսավ ժայռերում։ Ահա երկու հսկա քարայծ, կրքից վտանգ ու աշխարհ մոռացած, ետ-ետ են գնում ու մոլեգնած վրա հասնում իրար, և նրանցից մեկի գլխին մի փափախ կա դրված, իսկական մարդկային փափախ…
Ժայռի գլխին պահապան կանգնած գամփռը ցած նայեց, վրդովված հաչեց այծերի վրա և սրանք խրտնած եկան-անցան Ավդալի մոտով։ Եղջյուրից կախված գլխարկը մեկ շպրտվում էր այծի ծոծրակը, մեկ ընկնում ճակատին և շփոթեցնում նրան։ Կենդանին թափահարում էր գլուխը, որ ազատվի իր անախորժ բեռից, բայց գլխարկը շարունակում էր ամուր կախված մնալ կեռ եղջյուրի արմատից։
Ա՜յ քեզ հրաշք… Եթե Ավդալը քրիստոնյա լիներ, իսկույն կխաչակնքեր երեսը, այնքան անբացատրելի բան էր նրա տեսածը։ Հավատում էր բնության ոգիներին անգրագետ հովիվ Ավդալը, հավատում էր հրաշքներին և իր տեսածն էլ հրաշքի նման մի բան էր համարում։ Բայց երբ այծը դեմ առավ առաջը փակող ժայռի պատնեշին և մի պահ կանգ առավ, որ իր փախուստի ճամփան որոշի, Ավդալը հեռադիտակով նրան բոլորովին մոտեցրեց և տեսավ, որ գլխարկի գագաթի մահուդը կարմիր է, «ականջները» ծալած և քուղով կապած իրարից, իսկ գույնը գորշ էր։
Էս հո կարծես Արամի տղա Աշոտի փափախն Է, զարմացած ու տարակուսած շշնջաց հովիվը։
Այո՛, այն գլխարկը, որ Արամը կարել էր տվել գայլի մորթուց, որին ինքը՝ Ավդալը շների օգնությամբ սպանեց մահակով, անցյալ տարի սարում, մի ակնակիր գիշեր։
Ափսոս, շունը չթողեց երկար դիտի և հալածված կենդանին ժայռի երկայնքով ցած վազեց ու հասնելով ծայրին, անհետացավ նրա հետևում։
Արտասովոր լուրը զարմանքով ընդունվեց ֆերմայի աշխատողների շրջանում և ալեկոծեց նրանց։ Ավդալի կինն ու Շուշիկի մայրը լաց ու կոծ բարձրացրին, իսկ հովիվները, երեկոյան ֆերմայի ընթերցարանում հավաքված, մտածում-գլուխ էին ջարդում այդ տարօրինակ երևույթը բացատրելու համար։ Իսկապես, ի՞նչ կերպ, ի՞նչ ճանապարհով, ի՞նչ պայմաններում կարող էր անհետացած տղայի գլխարկը վայրի նոխազի եղջյուրին անցկացվել… Կամ եթե գտնվել է Աշոտի գլխարկը, ի՞նչ կարող է նշանակել դա, կենդանի՞ են մեր պատանիները, թե՞ աղետի ենթարկված-ոչնչացած։
Ոչ ոք չկարողացավ սպառիչ պատասխան տալ մարդկանց հուզող այս հարցերից մեկն ու մեկին։ Մի բանում միայն համաձայնության եկան ֆերմայի աշխատողները, որ երեխաներին պետք է փնտրել ոչ թե Հեռավոր Արևելքում, այլ Այգեձորի հանդերում։
Մարդ ուղարկեցին գյուղ, լուր տվին Աշոտի մորը, թե՝ մի այծ որդուդ գլխարկը դրած՝ ման է գալիս սարերում…
Ո՞վ կարող էր այդ զարմանալի երևույթից բան հասկանալ, եթե ոչ միայն ինքը՝ բնության գործերի քաջ գիտակ Արամը։ Թող գա, սարերն ընկնի, այծին խփի, նախ մի լավ ստուգի, տեսնենք, իրո՞ք իր որդու գլխարկն է նրա եղջյուրից կախ և եթե նրանն է, որտեղի՞ց, ի՞նչ ճանապարհով կարող էր գլխարկն իր որդու գլխից տեղափոխվել վայրի կենդանու գլուխը։
Հա՛, ձեռագիր տվեք ետ գա, լալով ասում էր Աշոտի մայրը։ Բայց բարեկամները տատանվում էին. գուցե դրանով գործն ավելի կփչացնեն, գուցե, թյուրիմացության մեջ կգցեն ճիշտ ճանապարհով իրենց կորուստը փնտրող մարդկանց։
Արշակն ու Արամը իրենց վերջին նամակում, որ ուղարկել էին ավիոփոստով, գրում էին, որ երեխաների հետքը չի երևում և որ Հեռավոր Արևելքի բոլոր մարզերի, օկրուգների, շրջանների քրեական հետախուզության օրգանները ոտքի են հանվել, բայց երեխաները չկան ու չկան։
Է՛հ, որ այդպես է, գրենք թող ետ գան, վերջապես որոշեցին այգեձորցիք, և Պարույրը խմած, գլուխը տաքացած պահին այսպիսի մերկապարանոց հեռագիր տվեց Արամին.
«Մի վայրի այծ, տղիդ փափախը գլխին, ման է գալիս վերին ձորերում, արի տեսնենք ինչ ենք անում»։ Թող ճշգրիտ իմանա, որ իր դիրքը որոշի, մտածում էր Պարույրը։
Հազար բան մտածեցին Արամն ու Արշակը մինչև որ իջան Երևանի օդանավակայանում, ինչպե՞ս թե այծը ման է գալիս Աշոտի փափախը գլխին…
Գյուղ հասնելուն պես Արամը վազեց իր տուն, գրկեց վշտահար կնոջը, համբուրեց երեխաներին և լավաշի մեջ փաթաթած մի կտոր ղավուրմա գրպանը խոթելով, սար բարձրացավ։ Կինը շատ էր համոզել, որ նստի, հանգստանա, մի կտոր հաց ուտի։ Հա՞ց կուլ կգնա, երբ գիտես, որ կորած որդուդ գլխարկը վայրի կենդանիներն են ծածկում…
Շատ չգնաց Արամը, գյուղի վերևի ձորերում էին թե՛ ֆերմայի հոտերը, թե՛ ձյունոտ լեռնագագաթներից ու սարահարթերից իջած մուֆլոններն ու այծերը։ Արևը նոր էր թեքվել դեպի մայրամուտ, երբ նա հանդում գտավ Ավդալին, մոտեցավ, բարևեց ու տխուր նստեց մոտը։
Արամ քիրվո, ուրեմն մեր բալեքը կորա՞ն, տխուր հարցրեց Ավդալը և նրա աչքերը պղտորվեցին։
Արամը լուռ ծխում էր։ Ինչպե՜ս նիհարել-կերպարանափոխվել էր այդ միշտ անհոգ, միշտ կենսուրախ մարդը։ Աչքերի տակը փոսեր էին գոյացել։ Ճերմակը շատացել էր մազերի մեջ։ Նա ծոցից հանեց մի կապ դրամ և խոթեց հովվի գրպանը։
Տվածդ փողն է, ետ եմ բերել… հարկավոր չեկավ…
Հովիվը շատ բողոքեց՝ չեղավ։
Է՛հ, երկինքը թող քո սրտովը տա քեզ, Արամ քիրվո, խոնարհվելով օրհնեց նա։
Դու էն ասա, հաստատ Աշոտի՞ս փափախն էր քո տեսածը, խոսակցության նյութը փոխեց Արամը։
Դե, ինչ ասեմ, Արամ քիրվո, գլուխը կարմիր էր, մորթին էլ կարծես իմ տված գելի մորթին էր… Ով գիտի, գուցե աչքիս է էդպես երևացել…
Արամը լուռ մտածում էր։ Իրոք, Ավդալը սնահավատ մարդ է, գուցե իր մտքերով տարված ժամանակ այդպե՞ս է երևացել աչքին։ Չէ, պետք է սար ու ձոր ընկնել, գտնել խորհրդավոր նոխազին և պարզել գլխարկի գաղտնիքը։
Ավդալ ախպեր, դրանից հետո ասածդ թաքին տեսնող չի՞ եղել։
Չէ։
Գնա՛նք միասին ման գանք։
Իմ աչքի վրա…
Այս ասելիս Ավդալը արևելյան ձևով գլուխը խոնարհեց, աջ ձեռքը դրեց աշ աչքին և վեր կացավ։ Նա հոտը հանձնեց ընկերներին ու քայլեց Արամի հետևից։
Քուրդը նեղ օրի ընկեր է, քուրդը չի թողնի, որ մենակ շրջես սարերում։
Տարբեր ձորերով էին բարձրանում նրանք վեր, շրջում էին տարբեր ժայռերում և յուրաքանչյուրը տարբեր այծեր էր տեսնում ահաբեկված փախչելիս կամ միամիտ արածելիս։ Բայց արևը մայր մտավ, իրենց փնտրածը չկար ու չկար։
Արամը հոտի հետ գնաց ֆերմա, գիշերեց այնտեղ։
Անհանգիստ քնով քնեց որսկան Արամն այդ գիշեր, ինչքա՜ն տպավորություններ էր ստացել այդ օրը։ Այդքան էլ երկար, այդքան էլ բովանդակալի օ՜ր… Ասում են՝ ձմռան օրը կարճ է։ Ի՜նչ կարճ, առավոտյան նա նախաճաշել էր Վոլգոգրադում, Ռոստովն անցնելիս արևը նոր էր ծագում, իսկ երբ ամպերի միջով կտրեց-անցավ Անդրկովկասի լեռնաշխարհը, արևը նոր մոտենում էր զենիթին։ Եվ հետո ասում են՝ ձմռան օրը կարճ է…
Նրա ականջներին դեռ հնչում էր պրոպելլերի դռռոցը, թռչում էր անհուն տարածության մեջ, սիրտը թրթռում էր «օդային վիհերն» ընկնելիս։ Եվ երբ արթնանում էր «ցնցումից», աչքն ընկնում էր բուխարու կրակին և նրա մոտ թաղիքին նստած հովիվ Ավդալին, որ կամաց նվագում էր իր հնամենի սրինգը՝ տխուր ու մելամաղձոտ.
Լո՛, լո՛, լո՛, լո՛…
Գլուխ երկրորդ. Թե ինչպես ձեռնտու չէ կենդանուն, երբ մարդու գլխարկ է ծածկում…
Լուսադեմին Ավդալն ու Արամը նորից գնացին ժայռերի կողմը։ Արամը գիտեր, որ քարայծերը լուսաբացին դուրս են գալիս իրենց թաքստոցներից, արածում են հապճեպ, որպեսզի մինչև ֆերմայի հոտի ու շների երևալը կշտանան և նորից գնան թաքնվեն ժայռերի մեջ, նրանց թաքուն անձավներում։
Արամն ու Ավդալը քայլում էին բարձունքներով և երբեմն պառկելով՝ ցած էին նայում ժայռերից։
Վաղորդյան ցուրտը կտրում-կսկծեցնում էր նրանց դեմքերը, բայց ներքուստ եփվում էին՝ այնքան անհամբեր ու այնքան տենդոտ էին դարձել իրենց որդիներին որոնող այդ հայրերը։
Վերջապես արեգակը ծագեց և շեկ ժայռերը հուրհրատին տվին, հեքիաթային ամրոցների ու պալատների տեսք ստացան։ Եվ ահա նրանց պարսպապատ գոգավորություններից մեկում երևացին մի խումբ մայր այծեր, որոնք մերթ կռանում խոտ էին պոկում գետնից, մերթ վեր տնկում իրենց սիրունիկ դնչիկներն ու կերը կիսածամել, ականջ դնում շրջակայքի ձայներին։
Ավդալն ու Արամը, ժայռի կտուրին պառկած, ցած էին նայում և նրանց հայացքը ուրիշ բան էր փնտրում ներքևի ապառաժներում, մայր այծերը նրանց չէին հետաքրքրում։
Հանկարծ հովիվը դուրս հանեց յափունջու տակից իր ձեռքն ու մեկնեց ժայռի բեկորներից մեկի կողմը։ Նրա այդ շարժումը տագնապ էր արտահայտում։
Հա, տեսա՛, շշնջաց Արամը և հեռադիտակը մոտեցրեց աչքերին։
Արոտի դուրս եկած մայր այծերից այն կողմ, խոշոր ժայռաբեկորի վրա, մի գլուխ էր երևում և եղջյուրին խրված մարդկային մի գլխարկ, որի կատարը իրոք կարմրին էր տալիս…
Այդ գլխարկի տեսքից որսորդի շնչառությունն այնպես արագացավ, այնպիսի հուզմունք համակեց նրան, ինչպիսի հուզմունք նա չէր զգացել անգամ արջի որջի առաջ, երբ նրա բրդոտ բնակիչը փնչոցով ու գոռոցով դուրս էր գալիս իր քունը խանգարողի հետ դատաստան տեսնելու։
Նա մեկնել էր հրացանը, բայց աչքերը շաղվում էին, զենքի փողը դողդողում էր իր սրտի անհանգիստ զարկերից։
Իսկ նոխազը, իր պահակակետում անվրդով կանգնած, դիտում էր շրջակայքը, հոտոտում օդը, ականջները ամեն խշրտոցից դեսդեն էր թեքում ու որսում ամեն շշուկ, ամեն ձայն, մի խոսքով, հսկում էր իր ցեղակիցների խաղաղ արոտը, ինչպես հայրը կհսկի իր ընտանիքի անդամների ապահովությունը։
Ահա կասկածելի հոտ առավ ժայռի կտուրից, վեր նայեց և փախչելու ազդանշան տվեց՝ «փռ՛շտ… փռ՛շտ…»։
Պահակի ձայնից մայր այծերը ցնցվեցին, մի վայրկյան քարացան-լարվեցին իրենց տեղերում և սև յափունջու ծայրը նկատելով, գլխակորույս ցած վազեցին ու իրար հետևից ցատկեցին ժայռի ներքին թարեքները։ Իր պարտականությունը վերջացած համարելով, առաջ ցատկելու համար լարվեց-պրկվեց և պահակ նոխազը։ Բայց այդ ակնթարթին մեղվի բզզոցով մի գնդակ սուլեց անցավ նրա վզի տակով։ Ներքին ալեկոծումից որսորդը վրիպել էր…
Շխկրտոցն ընկավ ժայռերը, քարայծերը չէին երևում, բայց լսվում էր նրանց ոտնաձայնը, նրանց գլորած խճի ու մանր քարերի ձայնը։
Քառորդ րոպե անց, նրանք արդեն դուրս էին եկել ժայռերից և նազելի թռիչքներով սլանում էին դիմացի լեռան լանջով դեպի հաջորդ լեռնամատը։
Խմբի առաջից, մետրանոց եղջյուրները օդում ճոճելով և գլխարկը թափահարելով՝ վազում էր ծանոթ նոխազը։
Որսորդ Արամին կասկածների մեջ թողնելով, նա իր հետ դեպի անհայտություն էր տանում խորհրդավոր գլխարկի գաղտնիքը…
Երբ այծերի խումբն անհետացավ լեռնամատի հետևում, Ավդալը հարցրեց.
Աշոտի փափախը չէ՞ր, Արամ քիրվո։
Աչքերս ջրակալել էին, լավ չէի տեսնում… Ո՜վ գիտի… Մինչև չսպանենք, դժվար է ասել…
Եվ հրացանի կիսից բռնելով, շտապեց փախած այծերի հետևից։
Երբ լեռնամատն անցկացան, նկատեցին, որ ներքևից մի խումբ զինված մարդիկ են գալիս և գլխարկներն օդում շարժելով, կանգնելու նշան են տալիս իրենց։
Մոտեցան։ Արշակն էր, շրջանի որսորդական միության նախագահը և մի քանի ուրիշ որսորդներ։
Ուշացա… գնացել էի շրջանից օգնություն բերեմ, արդարացավ Արշակը՝ ճակատի քրտինքը սրբելով։
Խե՜ղճ մարդ, ի՜նչ էր մնացել այն հսկա տղամարդուց…
Զուր եք նեղություն քաշել, ես հիմա նրան կբռնացնեմ Հովազաձորում, ասաց Արամը ինքնավստահ և վեր կացավ։
Հա՛, մենք հեռվից տեսանք, որ դենն են փախչում, հաստատեց որսորդների նախագահը, որ սապոգները հագին, կարճ բեղերով ու լայն կրծքով մի տղամարդ էր։ Բայց հաստա՞տ Հովազաձոր գնացած կլինեն, հարցրեց նա։
Հա՛, էստեղ ղալմաղալը շատ է, ֆերման ցած է իջել, ես էլ վրաները կրակեցի… Էնպիսի տեղ են գնալու, որ խանգարող չլինի իրենց կռվին, իրենց հարսանիքին, բացատրեց Արամը՝ բնության գործերին գիտակ մարդու համոզվածությամբ և առաջ ընկավ։
Կաց, Արա՛մ, կաց, մի՛ շտապիր, հանգիստ ասաց որսորդների պետը։ Կաց, Միրուք Ասատուրն էլ հասնի իր խմբով, տեսնենք ինչ ենք անում։ Դե, փորձված մարդ է, գուցե մի բարի խորհուրդ կտա։
Միրուք Ասւստո՞ւրը։ Ի՞նչ գործ ունի Ասատուրը մեր հանդերում։
Դո՞ւ չես գրել նրան։ Չէ՞։ Ով գիտի, ոնց է իմացել ու օգնության եկել մեզ։ Գիշերս վերին ֆերմաներում են եղել, հիմի ուր որ է կերևան… առավոտը հեռախոսով հետս խոսեց։
Մեզ կգտնի՞ որ, հարցրեց Արամը, որ անվանի որսորդի անունը լսելով ալեկոծվել էր։ Միրուք Ասատո՜ւրը… Նա որ գա հո մի ճար կանի, մի ճամփա ցույց կտա…
Կգտնի։ Պայմանավորվել ենք իրար պատահենք Անգղաքարում։ Լավ է, էծերի հետքն էլ կարծես էն կողմն է գնում։
Այն լուրը, թե Սևանա երկրի անվանի որսորդ Միրուք Ասատուրն իրեն օգնության է գալիս, թևեր տվեց Արամին։ Ո՜վ գիտի, գուցե բախտն է իր այս նեղ օրին Ասատուրի նման մարդուն օգնության կանչում։ Ի՞նչ իմանաս բնության խորհուրդները, յուրովի մտածում էր Արամը և այդ մտքից հետզհետե ալեկոծվում, դառնում էր անհամբեր։ Լսած լուրից հանդարտվելու փոխարեն, նա կրակ կտրած ու շնչակտուր վազեց դեպի Անգղաքար, թեև քիչ անց փախստական այծերի հետքը ծռվեց դեպի աջ։
Հևիհև անցան հերթական լեռնաբազուկը և երբ դուրս եկան Անգղաքարի դիմաց, Արամի սիրտը թնդաց, ահա անգղի նման թառել է Միրուք Ասատուրը՝ ահագին մորթե փափախը գլխին, որ սևին է տալիս կապույտ հորիզոնի վրա։ Նրա մոտ քարերին էլի մարդիկ կային նստոտած, բայց Արամի հայացքը փափախավոր մարդուն էր ուղղված, նրա տեսքից նոր հույսեր էին ծնվել իր մեջ. «Հե՜յ գիդի որսորդի բախտ, մի բալես գտնվե՜ր, էլ բան չեմ ուզում աշխարքից…»։
Խումբը կանգ առավ, մարդիկ օդում թափահարեցին իրենց գլխարկները։ Դիմացի փափախավոր մարդը անձայն վեր կացավ, օդում ճոճեց հրացանը (այսինքն՝ «նկատեցի») ու լուռ ցած իջավ իր թառից։ Որսորդները հասկացան, որ իրար ձայն տալ չի կարելի։
Արամն իր խմբով ձորումն էր, երբ վերևից ծանր ու հանդիսավոր իջավ Միրուք Ասատուրը, արծաթապատ դաշույնը կապած, հրացանն ուսին, իր հավատարիմ Չամբար շունը հետևից գցած։
Արշակն ընդառաջ գնաց խմբին և գրկեց ծերունու կողքից քայլող պատանուն։
Գրիգոր ջան, դու է՞լ…
Գրեթե իր որդի Գագիկի տարիքին էր այդ պատանին, նրա քեռու որդին, նրան խիստ նման, նրա պես չարաճճի ու կատակասեր։ Տղան դեմքը սեղմել էր Արշակի թևին և հազիվ էր զսպում իր արցունքը, իսկ մարդը լուռ արտասվում էր։
Տղամարդին լացը վայել չի, մտերմաբար հանդիմանեց որսորդ ծերունին։ Իր սովորության համաձայն նա երկար մորուսը փաթաթել-ծոցն էր դրել, որ քայլելու ժամանակ չխճճվի դաշույնին ու չխանգարի։ Դեմքը քամհարված էր, աչքերը երիտասարդ էին ու բարի։
Բարի աջողում ձեզ, ա՛յ այգեձորցի՜ք, մոտենալով խրոխտ կանչեց նա։
Չամբարը հետաքրքրությամբ նայում էր անծանոթ մարդկանց և, իհարկե, այնքան անհասկացող չէր, որ հաչեր նրանց վրա, ում հետ բարեկամաբար խոսում է իր տերը։
Բարին քո որդկերանց արևին, քեռի Ասատուր, դու բարով եկար, մեր գլխի, մեր աչքի վրա եկար, -գլխարկը հանեց և հարգանքով գլուխ տվեց Արամը։
Թող երկնքի աչքը քաղցր լինի քեզ վրա, Արամ ջան, թող քո մուրազը կատարվի, օրհնեց բարի ծերունին։
Ապա մի պահ հայացքը ման ածեց խմբի վրա, գլխով հավանության նշան արավ, այսինքն թե՝ ոչինչ, այսպիսի մարդկանցով կարելի է գործ անել, ու ծանր-ծանր շարունակեց.
Ձախորդությունը մարդուս հին ընկերն է, նրա կյանքի չարակամ ուղեկիցը։ Սիրտդ պետք է պնդացնես ու նրա արարքներին վարժվես, մինչև որ մի օր հաջողեցնես բկիցը բռնես ու թափահարես՝ թե՝ «Բա հերիք չի՞, -ձեռք քաշիր ինձանից, էլի՛…»։
Ապա նստեց քարին ու դանդաղ սկսեց լցնել իր հնամենի ծխամորճը։
Էնքա՜՛ն ձախորդություններ են անցկացել գլխովս… Էն քարափի տակի կարճլիկ ծուռումուռ կաղնին տեսնո՞ւմ ես. ձախորդություններն են դրան շնորհքից գցել՝ քամին, կարկուտը, կայծակը։ Բայց էլի դիմանում է, էլի ապրում է։ Ու էլի կապրի, սրտապնդող տոնով ձայնը բարձրացրեց ծերունին։ Հա՛, Արա՛մ, էս էլ իմ ասլան թոռն է, Կամոն, երևի լսած կլինես։ Էս էլ մեր մասխարա Գրիգորն է, սրա հետ ապրողը տխուր օր չի ունենա…
Նրանց ոտքերը մինչև ծնկները թաց էին. դրանից երևում էր, որ խումբը սարերի խոր ձյունը ճեղքելով է եկել։
Ծարավ կլինեք, քեռի Ասատուր։
Հա, լցրո՛ւ, Արամ ջան, շան չարչարանք ենք քաշել սարերում։ Էդ ի՞նչ ջուր է, կարմի՞ր… Հա՜, բախտավոր մարդիկ են էս Արարատյան դաշտի բնակիչները, ջրի տեղ գինի են խմում։ Է՛հ, ողջ լինեք, ամեն մարդ թող իրեն կորուստը գտնի, աշխարքիս էլ թող մի խաղաղություն լինի… օրհնեց ծերունին, և կավե ամանով իրեն մատուցված գինին խմեց փնչոցով ու ծծեց բեղերը։
Իսկի որսի չպատահեցի՞ր։
Բա ո՞նց չպատահեցի։ Խոսրովի անտառում էս ասլան բալեքը Չամբարի հետ մի բոլուկ խոզ հանեցին…
Հետո՞, խփեցի՞ր…
Ի՞նչ ես կարծում խփած կլինե՞մ, թե չէ, պարծեցավ ծերունին, որի գլուխը տաքացել էր գինուց և սիրտն ուզում էր գունազարդած պատմել իր կատարած որսը ամենայն մանրամասնությամբ։ Բայց նկատեց, որ Արամը մռայլվել է ու անհամբերության նշաններ է ցույց տալիս, վեր կացավ.
Մի վարազ գետնովը տվի, վարազ մի ասիլ, մի գոմեշ ասա, այնուամենայնիվ չհամբերեց ու պարծեցավ ծերունին և չհասկացավ, թե ինչու իր ունկնդիրները զարմանալու փոխարեն ներողամտաբար ժպտում են. թիկունքից Գրիգորը նշաններով հասկացրել էր, որ սպանվածը խոճկոր է…
Բա վարազդ ո՞ւր է, հարցրեց Արամը, երբ արդեն քայլում էին։
Որսը սպանողինը չի, ուտողինն է, հանդիսավոր և խրատական տոնով ասաց ծերունին։ Հիմի ֆերմայում ով պատահում խորովում է։ Հա, Արամ, դե պատմիր տեսնենք էդ ի՞նչ բան է, բա էդ երեխեքը… Ախր ո՞նց…
Լսեց ծերունին երեխաների անհետանալու պատմությունը ու ծլթծլթացնելով գլուխն օրորեց.
Ասածիցդ տեսնում եմ, որ քո տղեն էլ իմ էս թոռան պես գլուխը լիքն է քամիներով։ Ինչե՜ր բերեց սա իմ գլուխը, գիտե՞ք… Բայց վերջը լավ եղավ։ Քոնն էլ լավ կլինի, չվախենա՛ս…
Բա փափախը իծի գլխին ի՞նչ գործ ունի, վերջապես Արամը տվեց իրեն տանջող հարցը։
Հա, դա հրաշքի պես բան է, մտատանջության մեջ պատասխանեց ծերունին, ապա անմիջապես ավելացրեց, ասենք մեզ մոտ պակաս հրաշքներ չկային, վերջը սուտ դուրս եկան։ Մեր Գիժ սարում Սև քարափներ կան, որ միշտ խշշում-թշշում էին։ Մարդիկ հին ժամանակ ասում էին՝ դժոխքի մեծ պղինձն է էնտեղ խլթխլթում։ Վերջը մեր էս Կամոն իրեն բնասերների խմբով գաղտնիքը բաց արեց, ի՜նչ հրաշք, ի՜նչ բան, քարափը պայթեցրին տեսան տակովը գետ է գնում… Գիլլի լճից գոռոց էր լսվում, ասում էին հրաշք է, սատանա է, ջրի գոմեշ է, չգիտեմ ինչ է։ Էլի սուտ դուրս եկավ, պարզվեց, որ Սև քարափների տակ հոսող էդ ջուրը գնում, Գիլլիում դուրս Է գալիս բլդբլդալով, անճոռնի ձեներ հանելով, մարդկանց ահի մեջ գցելով… Չէ՜, Արա՛մ, հրաշք չկա, հիմի ուր որ է կգտնենք քու էդ իծին ու փափախը կվերցնենք գլխից անհարմար է, տո՛, էծն էլ մարդի փափա՞խ կդնի…
Ծերունու լավատես տոնը որոշ չափով սրտապնդեց Արամին։
Է՛հ, բերանդ տաճար դառնա, քեռի Ասատուր, ինչ ասեմ, հոգոց հանելով արտասանեց նա ու առաջ ընկավ։
Խումբը նորից բռնեց քարայծերի հետքը և գնաց հևալով, քրտնաթոր։ Ձյունից բացված լանջերին դեռ հողը թաց էր և նույնիսկ տեղ-տեղ՝ ցեխ։ Ուստի փորձված որսորդի համար դժվար չէր որոշել այծերի փախուստի ուղղությունը։ Իսկ ձորակներում և արևմուտք նայող լանջերին, ուր ձյունը դեռ նստած էր, փախչող կենդանիները թողել էին իրենց սուր-սուր կճղակների հետքերը, որոնցով ծեր որսորդը որոշեց, թե քանի՞սն են նրանք, ի՞նչ սեռի և ի՞նչ հասակի։ Հետքերը հետազոտելով նա եկավ այն եզրակացության, որ խումբը բաղկացած է երկու նոխազից, չորս մայր այծից և յոթ-ութ ամսական երեք «չեփիչից»։
Նրանք տեղ-տեղ կանգ էին առել, շունչ քաշել, պոկել ձյան տակից նոր դուրս եկած «թոփալախոտի» կանաչ փնջերը , ապա հեռվից զգալով, որ իրենց հետապնդում են, նորից սլացել էին առաջ, դեպի Հովազաձորի բնական ամրոցը։
Մինչև կեսօր հետապնդեցին քարայծերին և երբ մոտեցան այն պատնեշին, որի հետև Հովազաձորն էր, նկատեցին, որ այծերի հետքը մի այլ արահետով նորից ետ է գալիս և գիրթ իջնում Արարատյան դաշտը։
Որսորդները կանգ առան երկմտանքի մեջ. Ի՞նչ անել, ո՞ր խմբին հետապնդել։ Հովազաձորի պռնկից վերադարձած այծերի հետքը թարմ էր. ոտ կոխել էին հալած ձյունը՝ կճղակների տակից ջուրը դուրս էր ցայտում։ Բայց գուցե ցած իջնողը ուրիշ խումբ է։ Ձյունածածկ մի փոքրիկ տափարակում, որի վրա ժայռը շվաք էր արել, նրանք կռացան և սկսեցին հաշվել հետքերը, չորս մայր այծ էր անցել այնտեղով, երեք չեփիչ, բայց ոչ թե երկու, այլ մեկ նոխազ։ Իսկ ո՞ւր էր մնացել մյուս նոխազը և եթե ցած էր գլորվի Հովազաձոր տանող «Դիվային կածանից», գլխարկավոր այծը չէ՞ր արդյոք գլորվողը…
Որսորդները, քարերին նստոտած, խորհում էին։
Հը, նո՞ւյն խումբն է, թե չէ, հարցրեց Արշակը։
Հա՛, խումբը նույնն է… երևի ձորում արջի են պատահել ետ եկել… Կամ, ո՞վ գիտի…
Ծեր որսորդը մտածում էր։ Վերջապես նա վճիռ ընդունեց ու վեր կացավ։
Հիմի դաշտում աղ են լիզում, գնա՛նք, ասաց նա և առաջ ընկավ։
Խումբը նրա հետևից թեթև իջավ Արարատյան դաշտը և ծռվեց դեպի աջ, դեպի խորհրդավոր հեղեղատը, որի ափերին արածելու չոր խոտ կար, իսկ քիչ դենը՝ տափաստանի մերկ ու քաչալ մասերում պսպղում էր հողի ընդերքից արևի երեսը դուրս ելած աղը. կարծես դաշտի այդ մասում գիշերը եղյամ էր նստել, բայց արևը անզոր էր հալեցնելու նրան։
Լեռներից իջնում և այդ աղուտները լիզում են հայկական մուֆլոններն ու վայրի այծերը։
Ահա և նրանք, մի խումբ կենդանիներ, գլուխները կախ, տարված են իրենց համար այնքան հաճելի զբաղմունքով։ Նայելով հանգիստ աղ լիզող այդ կենդանիներին, ճամփորդ մարդը կարող էր կարծել, թե հարևան գյուղի հորթերն են։ Բայց ծեր որսորդի սուր աչքը դեռ հեռվից արդեն որոշել էր, որ քարայծեր են, և դա երևում էր միակ նոխազի մեծ-մեծ եղջյուրներից։
Փափախավո՛րն է… ալեկոծված գոչեց Ավդալը, հեռադիտակը Արամին հանձնելով։
Հա՛, նա է։ Կացեք խորհրդակցենք։
Երբ նստեցին խելք խելքի տալու, թե բաց դաշտում ինչպե՞ս մոտենաս այնքան զգույշ կենդանիներին, Ասատուր պապը որոշեց քամու ուղղությունը, ապա առաջ քաշեց իր տակտիկան.
Սրանց որ փախցնենք, վազելու են դեպի վերին քարափները, դեպի իրենց բները։ Ես ու Արամը կկտրենք դրանց փախչելու ճամփան, կպառկենք էն վերին թփի տակ, իսկ դուք ներքևով գնացեք անցեք թիկունքն ու քշեցեք թող գան մեր կողմը…
Թփուտների միջով քողարկված՝ խումբն առաջ գնաց, անցավ աղուտներն ու դուրս եկավ այծերի թիկունքում։
Մարդկանց հոտն առնելով, կենդանիները մի ակնթարթում կուտակվեցին իրենց առաջնորդի շուրջը և հաջորդ վայրկյանին, ուժ տալով իրենց երկար ոտներին, սլացան դեպի փրկարար ժայռերը։ Ինչպե՞ս իմանային, որ իրենց փախուստի ճամփին, թփի հետևում, պառկել և հրացաններն առաջ են մեկնել իրենց ցեղի հին թշնամիները՝ Միրուք Ասատուրն ու որսորդ Արամը։
Որսորդներն իրենց առաջ պրկված ու աղեղնաձև մարմիններ էին տեսնում և օդում թափահարվող մի գլխարկ։ Քամին փչում էր այծերից դեպի թուփը և նրանք չէին առնում թաքնված մարդկանց հոտը, որ քարայծի համար թերևս ամենից զարհուրելին է բնության մեջ գոյություն ունեցող բոլոր թշնամական հոտերի մեջ։ Այդ հոտը հետապնդում էր նրանց թիկունքից, իսկ առաջից ոչ մի կասկած չունենալով, այծերը երբեմն կանգ էին առնում և գլուխները ետ թեքելով, նայում էին իրենց հետև մնացած աղուտներին։
Ահա նրանք բոլորովին մոտ են, պարզ երևում է առաջից վազող նոխազի լանջի բնական սև գոտին՝ նրա հողագույն մարմնի վրա։ Կուրծքը չալ է, փորի տակը ճերմակավուն, իսկ խոշոր գլխին տնկված եղջյուրները կարծես մի-մի կարաբիններ լինեն ճոճվելիս։ Այծերը, փոքրիկ սուր-սուր եղջյուրներով, բարակ ոտքերով, գողտրիկ իրանով և բարակ նազելի վզով այդ արարածները, թեթև թռչկոտելով հասնում էին իրենց առաջնորդին և երբ նա կանգ էր առնում ու ետ նայում, իրենք ևս, կարծես հրամանով, նույնն էին անում, և այդ պահին յուրաքանչյուր մայր իր վզի տակ պատսպարում էր փոքրիկ եղջյուրիկներով իր ձագին։
Կրակի՛ր, աչքդ սուր է, -շշնջաց ծերունին։
Չէ՛, շաղված եմ… չի դիպչի…
Միրուք Ասատուրը լուռ համաձայնության նշան տվեց և լարվեց, ամբողջովին դարձավ ուշադրություն, ինչպես դա լինում է որսի վրա կրակելուց վայրկյաններ առաջ։
Դավադիր թփից մի ճյուղ հազիվ նկատելի շարժվեց, ծեր որսորդը նշան էր բռնում նոխազի կրծքին, -և այդ շարժումը հերիք էր, որ խումբը կանգ առներ ու կասկածանքով նայեր առաջ։
Մինչ նրանք գլխի կընկնեին, թե ինչ ահավոր վտանգ է թաքնված իրենց դիմաց, ծուխ ու բոց ժայթքեց թփի միջից և խմբի առաջնորդը ցատկեց վեր ու զարնվեց գետին…
Այծերը շեղեցին իրենց ճամփան և սարսափահար փախան դեպի այլ ժայռեր։ Բայց իզուր էր նրանց երկյուղը, ծեր որսորդը դուրս էր եկել թաքստոցից և նրանց հետևից կրակելու ոչ մի միտք չուներ։
Արամը մոտեցավ հոգեվարքի մեջ թպրտացող կենդանուն, եղջյուրից հանեց մորթե գլխարկը և մնաց տեղում քարացած։
Իր որդու գլխարկն էր…
Քաք գիրքա