Վախթանգ Անանյան

Հովազաձորի գերիները

2

Առաջին մաս

Գլուխ առաջին. Թե ինչպես մի սովորական փոստարկղ պատճառ դարձավ մի շատ մեծ թյուրիմացության

Իսկապես, եթե այդ օրը Այգեձոր գյուղի փոստատար Մուրադը փոստարկղ չկախեր կաթնապրանքային ֆերմայի շենքերից մեկի պատին, տեղի չէր ունենա այն մեծ թյուրիմացությունը, և այս վիպակն էլ չէր գրվի։ Բայց դե հո չե՛ս կարող ամեն բան կանխատեսել. ձախորդությունը հաճախ ա՛յն կողմից է գալիս, որ կողմից նրան երբեք չես սպասում։ Հետո՛, Մուրադն ինչպե՞ս փոստարկղ չտաներ լեռների գրկում տեղավորված իրենց ֆերման, երբ շրջանի բոլոր ֆերմաներում էլ կան այդպիսի արկղեր. հո Այգեձորը պոչից չի՞ գնալու։ Իսկ Այգեձորի հովիվներն ու տավարածները այնքան գրագետ մարդիկ են, որ նույնիսկ թղթակցություններ են գրում թերթերին, նամակներ են գրում Շահումյանի շրջանի անասնապահներին՝ իրենց փորձը հաղորդում են նրանց, գրում են գյուղ՝ իրենց հարազատներին, դե առանց փոստարկղի ինչպե՞ս կլինի։

Եվ այդպես, փոստատար Մուրադը, արագաշարժ ու աշխույժ մի ծերունի, առանց հետևանքների մասին մտածելու, մի նոր, փայլուն փոստարկղ բերեց գյուղից, հանդիսավոր կերպով ամրացրեց ֆերմայի շենքերից մեկի պատին, ետ-ետ գնաց, ձեռքերը կողքերին կանթած՝ նայեց հպարտ ու հայտարարեց.

Այլևս ձեռքով նամակ չուղարկե՛լ գյուղ։ էս ո՞ր դարում ենք ապրում։ Նամակները գցեցեք արկղը, տանողը կտանի, ուղարկողը՝ կուղարկի, ինչպես որ կարգն է։ Քաղաքի՛ նման…

Ու սկսեց թուղթ, ծրարներ և դրոշմանիշեր վաճառել ֆերմայի աշխատողներին։

Այդ ժամանակ քիչ հեռու, առվի մյուս ափին, դեղնած սաղարթները թափող վայրի տանձենու տակ, մի խումբ դպրոցականներ դաս էին պատրաստում։ Կաթ փոխադրող բեռնատար մեքենայով նրանք եկել էին ֆերմա, խնամել էին պիոներական ջոկատի ենթաշեֆ հորթերին և այժմ, ընդմիջումի ժամին, պատրաստում էին իրենց դասերը։

Հերթը հասավ «ՍՍՀՄ աշխարհագրությանը»։ Լայն թիկունքը ծառի բնին հենած, խոշոր սև աչքերը երկար թարթիչների տակից բաց գրքին հառած, ամեն բառը շեշտելով, ընթերցում էր մի պատանի՝ Աշոտը, որ դասարանում աչքի էր ընկնում բնագիտական առարկաների մեջ։ Կարդում էր ոգևորությամբ, բայց զգացվում էր, որ դասագիրքը չի բավարարում, նա երկրի բնության մասին ավելի բան գիտեր, քան դասագրքերի սեղմ շարադրանքներն են։ Հասավ գլխի վերջին և հիսաթափված կանգ առավ։

Հենց այսքա՞նը հեռավոր Արևելքի կենդանական աշխարհի մասին…

Այդքանն էլ շատ է, ո՜վ գլուխ ունի… քթի տակ փնթփնթաց մեջքի վրա խաշամին պառկած մի տղա և բարձրացնելով իր մեծ գլուխը՝ մոխրագույն աչքերով նայեց ընթերցողին։

Շա՜տ է… Տասնութ էջ է բռնում հեռավոր Արևելքի նկարագրությունը, իսկ կենդանիների մասին ընդամենը հինգ տող կա։ Այնինչ ռուս ճանապարհորդները հատորներ են գրել այդ երկրի մասին, տաքացավ Աշոտը։ Ի՞նչ բան է սա, երկու խղճուկ նախադասություն մի երկրի կենդանիների մասին, որը Եվրոպան իր փորի մեջ կտեղավորի և նրանից հարուստ է իր բնությամբ, իր հանքերով, գետերով։ Իսկի պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես Խաղաղ օվկիանոսից ձկները վտառներով սև շվաքի նման մտնում են հեռավոր Արևելքի գետերն ու գնում նրանց հոսանքն ի վեր։ Այնքան են գնում, որ գետերը բարակում են, դառնում առուներ և ձկների մեջքերը երևում են ջրի միջից… Ու այն ժամանակ նույնիսկ արջերը դառնում են ձկնորսներ, պպզում են ջրի ափին ու թաթերը գցում-դուրս շպրտում իրար հրմշտելով դեպի վեր գնացող ձկներին… Պատկերացնում եք, չէ՞, արջը ձուկ որսալիս… Ինչպե՞ս կարելի է այդ մասին չգրել։

էլի դու դասը թեքեցիր որսորդությա՞ն կողմը։ Մենք աշխարհագրություն ենք սովորում, հո որսորդություն չե՞նք սովորում, ներողամիտ ժպիտը շեկ ու բարակ դեմքին, դիտեց խմբի միակ աղջիկը՝ Շուշիկը, որ արմունկներին կռթնած, հայացքը տղայի լայն ու արդեն առնականացող դեմքին՝ ուշադիր լսում էր նրան։

Բայց այդպիսի թեքումը դուրեկան է, պառկած տեղից իր կարծիքը հայտնեց մի թուխ, նիհար տղա՝ Գագիկը, և ծիծաղը սև-խաղող աչքերի մեջ՝ շարունակեց։ Քանի որ հենց «որսորդություն» բառից անգամ ես խորովածի հոտ եմ առնում…

Ոմանք ծիծաղեցին, մեծագլուխ տղան՝ Սարգիսը խեթ ու հեգնական նայեց նրան, իսկ Աշոտը լուրջ-լուրջ շարունակեց.

Եվ ինչո՞ւ մանրամասն չի գրված այդ երկրի անտառներում իրար խճճված ու լիանոսների նման ծառերը բարձրացած վայրի խաղողի մասին, հովիտներում վխտող վարազների մասին, մարալների մասին, որոնց նմանը ո՛չ մի երկրում չկա… Բա վագրերը, վագրե՛րը, որոնք ապրում են խոր ձյան մեջ, սառնամանիքում…

Տղան աշխուժացավ, առաջ թեքվեց, նրա մեծ-մեծ աչքերում կրակներ երևացին։

Դե ցույց տվե՛ք աշխարհում մի երկիր, ուր վագրն ապրի քսանհինգ աստիճան սառնամանիքում…

Ասաց և հարցական, հրացայտ աչքերով նայեց ընկերներին, այնպես, կարծես այդ վագրերն իր գյուտն էին կամ իր աճեցրած կենդանիները։

Չկա՛։ Այդպիսի երկիր չկա։ Ամեն տեղ վագրն ապրում է տաք վայրերում, եղեգնուտներում, ջունգլիներում, ո՛չ մի երերում նա ձյուն չի տեսնում։ Իսկ մեզ մո՞տ… Ա՜խ, Արսենևի գրվածքները չեք կարդացել, թե չէ վեր կկենայիք հենց հիմա կգնայինք հեռավոր Արևելք՝ տեղում նայելու այդ հրաշք երկիրը։ Ի՜նչ կա այստեղ որ…

Եվ Աշոտը արհամարհանքով մի կողմ նետեց դասագիրքը։

Իսկ դու կարդա ինչ-որ գրքում է գրված, քո ֆանտազիան ինձ պետք չի, կոպտեց Սարգիսը։

Չէր սիրում նա Աշոտին, չէր սիրում նրա ցնորամիտ բնավորությունը, նրա մեծ-մեծ խոսելը, համարձակությունը։ Չէր սիրում, երբ «այդ պարծենկոտը», հոր հետ որսից վերադառնալիս, դպրոցականներին հավաքում է գլխին ու փչում, իսկ նրանք բերանները բաց լսում են, մանավանդ աղջիկները…

Սարգի՛ս, ախր դու Պրիշվինի «ժեն-շենը» չես կարդացել, որ կարդացած լինեիր, կառաջարկեիր հենց հիմա գնալ կայարան, գնացք նստել և՝ ուղիղ դեպի հեռավոր Արևելք…

Այնպես կարոտով ու երազուն է խոսում այդ Աշոտը հեռավոր Արևելքի մասին, որ եթե բաց թողնեն, իրոք կգնա։

էն ինչե՜ր են գրում ռուս ճանապարհորդնե՜րը… էն ի՜նչ հրաշք երկիր է հեռավոր Արևելքը, երազող հայացքը դիմացի ժայռերին հառած շշնջում էր պատանին։

«ժեն-շե՞ն», ես հո դա կարդացե՛լ եմ, արձակ պոեմ է, վրա բերեց Շուշիկն աշխուժանալով։ Նույնիսկ մի դարձվածք էլ հիշում եմ… «Որսո՛րդ, որսո՛րդ, ինչո՞ւ բռնեցիր եղնիկի ոտքից…»։

Կբռնե՜ր, ոնց չէ…

Իհարկե, կբռներ։ Ինքը թաքնված է լինում վայրի խաղողի խիտ թփի տակ։ Եղնիկը գալիս տերևներ է պոկում ու առաջին ոտքը խոթում թփի մեջ։ Բայց այնքան գեղեցիկ է լինում այդ ոտքը և կենդանին այնքան անմեղ, որ մարդը խղճահարվում ու ձեռքը չի մեկնում նրա ոտքին… Կարծեմ այդպես է, լավ չհասկացա, ռուսերեն էի կարդում… Հա՛, այդ ժեն-շենը նա չի՞, Աշո՛տ, որի տերևի մոտ զինված մարդիկ ապրում են տասնհինգ-քսան տարի, որ մեծանա։ Հետո հանում են այդ բույսի արմատը ու զինված խմբով տեղափոխում Չինաստան, որ վաճառեն շա՜տ, շա՜տ մեծ գնով, չգիտեմ քանի հազար ոսկով…

Պա՛հ, հազար ոսկի մի արմատի՞ն…

Այո՛, որովհետև այդ արմատը «կյանքի արմատ է», երիտասարդացնում է ծերունիներին… Վա՜յ, մի դենը նայեցե՛ք, փոստարկղ են կախում ֆերմայում։ Ջա՜ն, սրանից հետո մայրս ֆերմայից շուտ-շուտ նամակ կգրի ինձ…

Վեճը դադարեց, բոլորն էլ շուռ եկան դեպի այն կողմ, ուր ֆերմայի աշխատողները հավաքված նայում էին նոր փակցված փոստարկղին։

Սպասեցե՛ք, առաջին նամակը ե՛ս պիտի գցեմ, գոչեց Գագիկը։ Բայց ո՞ւմ գրեմ, ի՞նչ գրեմ։ Սպասիր, քո հեռավոր Արևելքի մասին գրեմ իմ պապին…

Եվ Գագիկի խելքին փչեց այսպիսի մի կատակ անել իր պապի հետ.

«Մնաս բարի, պապիկ ջան, ես գնում եմ հեռավոր Արևելք քեզ համար բերելու «կյանքի արմատը», որի մասին գրված է Պրիշվինի «ժեն-շեն» գրքում։ Նրա ջուրը խմեցիր թե չէ՝ իսկույն կերիտասարդանաս։ Լազաթ կտա, հը՞, պապի՛, մարդ քեզ տեսնի մորուքդ սև, հրացանն ուսիդ Աշոտի հոր հետ որսի գնալիս։ Քո ջահելությամբ շատ ես պարծենում, պիտի քեզ ջահելացնեմ՝ տեսնեմ ի՞նչ տեսակ ջահել ես։ Քո թոռ Գագիկ, որ գրում է ֆերմայի մեծ տանձենու տակից»։

Գրեց, կարդաց բարձրաձայն, ծիծաղեցրեց ընկերներին։

Թո՛ղ, ա՛յ տղա, կկարծի, թե իսկապես գնացել ես հեռավոր Արևելք, կանհանգստանա, լրջացավ Աշոտը։

Որտեղի՞ց պիտի կարծի, ես նամակից շուտ եմ գյուղ հասնելու։

Ու Գագիկը թուղթը ձեռքին վազեց փոստատարի մոտ։ Նրանից ծրար վերցրեց, նամակը դրեց մեջը, հասցեն գրեց և գցեց արկղը։

Առաջին նուբարը ե՛ս արի, երեխավարի թռվռաց նա՝ ընկերների մոտ վերադառնալով։

Աշոտն էլ գրեց իր որսորդ հորը՝ Արամին.

«Հայրի՛կ, այսօր դաս սովորելիս ծանոթացանք հեռավոր Արևելքին։ Ինչ երկիր է՜, ինչքան որս կա՜… Ե՞րբ ենք քեզ հետ հրացաններով զինված հեռավոր Արևելք գնալու… Այնպես եմ ուզում գնալ այդ երկի՜րը, ուղղակի հոգով-սրտով այնտեղ եմ…»։

Այդպես, դասի թե՞ Աշոտի գունագեղ պատմության ազդեցության տակ, երկու նամակն էլ հեռավոր Արևելք գնալու մասին դուրս եկան։

Ծրարները փոստարկղը գցելուց հետո, նրանք խուզեցին հորթերի պոչերի արմատները, դաղեցին պարազիտներ ոչնչացնող լուծույթով և պայուսակները վերցնելով, պատրաստվեցին ճամփա ընկնելու դեպի գյուղ։

Դա շաբաթ օրն էր, նոյեմբերի 7-ին։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 8-ին ևս տոն էր, այնպես որ նրանք մեկ օր ևս կարող էին մնալ ֆերմայում։ Բայց կայանալիք տոնական շքերթը, թմբուկների ու շեփորների ձայները նրանց քաշում էին գյուղ, և պատանիները սկսեցին հրաժեշտ տալ ֆերմայի իրենց հարազատներին։

Կթվորները ճամփի ուտելիք դրին նրանց հետ՝ ոչխարի անքաշ պանիր՝ սաջի վրա թխված լավաշի մեջ փաթաթված։

Շուշիկի մայրը՝ ֆերմայի կթվոր Աշխենը, դույլը ձեռքին անցնում էր, երբ աղջկան տեսավ պայուսակը ուսը գցած՝ ճամփա ընկնելու պատրաստ։

Դեռ երեսդ կարգին չեմ տեսել, էդ ո՞ւր ես գնում, աղջի՛, հարցրեց նա անհանգստացած։

Ո՞ւր… հեռավոր Արևելք, ծիծաղեց աղջիկը և հետն էլ մտածեց. «Այդ Աշոտն էլ զարմանալի տղա է. հանրահաշվի դասին ննջում է, իսկ աշխարհագրության ժամին կրակ կտրում»։

Վիի՜ , քոռանամ ես, Արևե՞լք… ի՞նչ կա էնտեղ, աղջի՛…

Ի՞նչ… ձուկ որսող արջեր և ձյան մեջ ապրող վագրեր… շարունակում էր ծիծաղել Շուշիկը։ Իսկ Աշոտը, հոնքերը խոժոռած՝ լսում էր նրան, գիտեր, որ իրեն է հեգնում։

Երբ ճամփա ընկան, հետևներից լսվեց քուրդ պատանի Հասոյի ծանոթ ձայնը.

Դո՛ւ ո՞ւր ես գնում, տո սատկած, բա ոչխարն ո՞վ պահի…

Շանն էր նախատում։

Իսկ դո՞ւ ուր ես գնում, Հասո՛, հարցրեց Աշոտը։

Գյո՛ւղ։ Խանութից շաքար ու թութուն եմ առնելու։

Հասոն ֆերմայի հովիվներից մեկի՝ Ավդալի որդին էր, ծնվել էր սարի ճամփին, մեծացել էր հանդերում՝ հոտի հետևից շրջելով, և իրենց գյուղից բացի, կյանքում մի քանի գյուղ էր տեսել, իսկ քաղաք բոլորովին տեսած չկար։ Ասենք, գյուղ էլ նա հազվադեպ էր գնում հոր համար ծխախոտ, շաքար գնելու, կամ ուշ աշնան այն օրերին, երբ ոչխարներ էր տանում մթերման կայան հանձնելու։

Տասներեք-տասնչորս տարեկան մի պատանի էր դա, սաթի նման սև ու պսպղուն մազերով, բրոնզագույն քամհարված դեմքով և ածուխի պես սև աչքերով։ Նա դրել էր հոր «քոլոզը» (թաղիքե կլոր գլխարկ), որի վրա փաթաթված ապարոշի ծոպերը իջել էին ճակատին ու ծոծրակին։ Գոտու տեղ նույնպիսի մի մետաքսյա հնամաշ շարֆ փաթաթված էր նրա բարակ մեջքին։ Հագին ուներ անթև աբա կոշտ ու հաստ շալից, իսկ շալվարը լայն էր ու զոլավոր, որպիսիք հագնում էին շատախցիները։

Սիրում էր Հասոն իր ազգային տարազով մտնել գյուղ, սիրում էր, երբ ամեն կողմից իրեն էին նայում, չէ՞ որ Այգեձորում միայն նա էր այդ հագուստով։

Դե լավ է, ճամփին քո չոմբախով ու Բոյնախով կպաշտպանես մեզ, ուրախացավ Գագիկը։

Ինչի՞ց պաշտպանեմ, միամտորեն հարցրեց Հասոն։

Ինչի՞ց… Նալած նապաստակներից…

Այդ կատակի վրա միայն Շուշիկը ծիծաղեց. այնպես զվարճալի է այդ Գագիկը, հենց բերանը բաց արավ, գիտես, որ մի ծիծաղաշարժ բան պիտի ասի։ Իսկ այդ Սարգիսը միշտ լուռ է, նույնիսկ ճամփա գնալիս ետ է մնում, որ ոչ ոքի հետ չխոսի… Երևի դրա համար են դպրոցում նրան «ուրբաթախոս» կոչում։

Գլուխ երկրորդ. Թե ինչպես մի տղայի ցնորամիտ բնավորության պատճառով խումբը շեղվեց իր ուղիղ ճանապարհից

Ճանապարհը մեր պատանիներին ձորից դուրս հանեց Արարատյան դաշտն իջնող մի լեռնամատի ուսը և նրանց հորիզոնը միանգամից ընդարձակվեց։

Ետ նայեցին. ահա ձորում, լեռներից ցած իջնող երկու գիժ առուների միացման կետում, կարմրին են տալիս ֆերմայի նոր շենքերի թիթեղյա տանիքները։ Ձորն այնքան նեղ է, որ վերին ժայռերից պոկ եկած քարը դղրդոցով գլորվում-հասնում է գոմերին, զարկվում է որևէ պատի, նոր միայն կանգ առնում։ Ֆերմայի ձմեռանոցից վերև, մինչև լեռների ճերմակած գագաթները մերկ է, խանձված ու գորշ, մանրածառ անտառներ կան միայն հույսիս նայող լանջերին։ Ներքևում, մինչև Արարատյան դաշտը, բուսականությունն ավելի աղքատ է։ Այդտեղ շիկակարմիր ժայռեր են՝ կազմված կրաքարից, իսկ ավելի ցած՝ լեռները վեր են ածվում դեպի դաշտ իջնող մաշված բլրաշարքերի, որոնց արանքներով հոսող առուների ափերին է, որ կյանք կա՝ այգիներ, ցանքեր, մնացած վայրերը օձառատ «ղռեր» են։

Բայց երբ հայացքդ այդ բլուրներից սահեցնում ես ավելի ցած և իջնում Արաքս գետի հովիտը, սիրտդ փառավորվում է, հայացքդ՝ շոյվում։

Սկսած Ջուլֆայի մոտերքից, ուր Արաքսը դաշտից մտնում է խոր-խոր կիրճերը, մինչև Հոկտեմբերյանի բլուրները՝ մոտ 250 կիլոմետր երկարությամբ, հովիտը ծածկված է ոսկեգույն խաղողի, ընտիր դեղձի, Արարատյան աշխարհի գույնզգույն պտուղների այգիներով և «ճերմակ ոսկու» պլանտացիաներով։ Իսկ հովտի մյուս ափից մինչև ամպերը, և ամպերից էլ վեր՝ մինչև երկնի լազուրը՝ վեհորեն բարձրանում են Մեծ ու Փոքր Արարատները՝ փեշները վառ զգեստներով ծածկված, իսկ գլուխները ճերմա՜կ ճերմա՜կ…

Տարված դիտում էր բնության սիրահար պատանին հայրենի երկրի աննման տեսարանները և մի պահ մոռացել էր և՛ իրեն, և՛ ընկերներին։

Վերջապես նա սթափվեց և ծանր ու հեղինակավոր ասաց.

Այսպիսի օրը մարդ գյո՞ւղ գնա… Եկեք ես ձեզ տանեմ վայրի այծերի մոտ։

Խոսքերիցդ խորովածի հոտ չի գալիս, Աշո՛տ, ձեռքիդ հրացան չկա, առարկեց Գագիկը։

Դու էլ՝ խորովա՛ծ, խորովա՛ծ, գոնե ուտողներից լինի։ Վզին նայեցեք, ոնց որ տանձի պոչ, դա խորոված ուտողի՞ վիզ է։ Իսկապե՛ս, գնանք ձեզ քարայծեր ցույց տամ։

Հա՛, ոտները կապած քեզ են սպասում, ասաց Սարգիսը։ Ընկերնե՛ր, գնանք գյուղ շքերթին մասնակցենք, թե չէ որ դրան լսենք, մեզ իսկապես գլխից կհանի, հեռավոր Արևելք էլ կտանի։

Արդեն ուշ է, շքերթին չենք հասնի… Մեր աջ կողմի այս ժայռոտ լեռը որ շուռ գանք, մյուս երեսին Հովազաձորն է։ Ձո՜ր, ի՜նչ ձոր, իսկական այծանոց, շարունակում էր համոզել Աշոտը։ Այնքա՛ն անձավներ կա՜ն, ամեն մեկը այծերի մի փարախ։ ժայռերի ճակատով մի նեղ կածան է իջնում ձորը։ Այդ կածանով այծերը գնում-թաքնվում են անձավներում։ Ապահո՜վ, գայլն էլ չի հասնում նրանց…

Իսկ դու հասե՞լ ես, հարցրեց Շուշիկը։

Ե՞ս։ Ինչ սուտ ասեմ, ես էլ չեմ հասել, հայրս չթողեց։ Բայց ես ժայռի գլխից նայում էի, թե մայրիկս իր ընկերների հետ ո՛ր կածանով գնաց ձորը։ Գնա՛նք, էլ մի՛ կանգնեք, մի ժամվա ճամփա է։ Կտեսնենք Հովազաձորի հրաշքները, կգնանք-կպատմենք գյուղում, կգրենք «Պիոներ կանչին» ու բոլորը կիմանան, թե ի՜նչ սրտոտ տղերք կան Այգեձորում…

Կգրենք «Պիոներ կանչի՜ն»… Չլինի՞ ուզում ես Կամոյի նման անուն հանել երկրում, իր չարաճճի աչքերով նայում էր տղային Շուշիկը՝ հեգնախառն մի ժպիտ սիրուն բերանի անկյուններում։

Այդ մերկ ակնարկից պատանին շփոթվեց, բայց և իսկույն իրեն տիրապետելով, շպրտեց.

Տեսնում եմ, որ քո ցնորքների մեջ շարունակ լճավանցի Կամոն է… Ուռեցրել են գրքերում, կարծում ես նա մեզնից լա՞վ է…

Պատանին մատնվել էր, դրանից էլ աշխատում էր իր շփոթմունքը արտաքին զայրույթով քողարկել։ Իրոք, այն օրից, երբ կարդացել էր Սևանի Լճավան գյուղի փոքրիկ բնասերների և նրանց խիզախ ղեկավար Կամոյի սխրագործությունների մասին, այդ օրից նա հանգիստ չուներ։

Որոշ բաներով գերազանցում էր Աշոտն իր ընկերներին, ընդունակություններով, ֆիզիկական ուժով և մանավանդ՝ համարձակությամբ։ Նա դպրոցի առաջին բնասերն էր և միակ որսորդը։

Իր այդ առավելությունները մի փոքր գոռոզամտություն և իր ուժերի գերագնահատություն էին առաջ բերել պատանու մեջ։ Նրան թվում էր, որ եթե դեպքերի բերումով ինքը ևս ընկներ լճավանցիների դրության մեջ (Ճանճաքարի անձավները բարձրանալը, մուտքը «Դժոխքի դուռ» կոչվող զարհուրելի քարայրը) ոչ պակաս սրտոտ կլիներ, քան այդ Կամոն։

Չէր տեսել Աշոտը լճավանցի Կամոյին, բայց երբ նրա մասին հիացմունքով էին խոսում, սիրտը նեղվում էր։ Բարի նախա՞նձ էր դա, մրցությո՞ւն, թե՞ մի այլ զգացմունք, նա իրեն հաշիվ տալ չէր կարողանում։ Միայն զգում էր, որ իր ներքին ուժերի աճման հետ միասին մեկը մյուսից ֆանտաստիկ ցնորքներ են ծագում գլխի մեջ և սխրագործությունների մղում։ Ա՜խ, ինչպես կուզենար ինքը ևս գրքի հերոս դառնա՜լ…

Կամոն իսկի չէր էլ թողնի, որ մեր շարքերում տատանում լինի, մեզ կտաներ ուղիղ Հովազաձորի հովազների բերանը, Շուշիկին գաղտնի աչքով անելով գրգռեց Գագիկը։

-«Կամո՜ն, Կամո՜ն», զարմացրիք դուք էլ ձեր Կամոյով։ Գնա՛նք, զայրացած շպրտեց Աշոտը։

Նրա աչքերը վառվեցին ֆանատիկ փայլով, ձախ այտին և վզին ցրված խալերը ցնցվեցին, որից նրան լավ ճանաչող ընկերներին պարզ դարձավ, որ այլևս ոչ մի ուժ չի կարող այդ տղային ետ պահել իր մտադրությունից։

Հասոն լսում էր ու զարմանում, որ այդ հասարակ ու պարզ բանի վրա վիճում են։ Նա իր մահակն ուսին դրեց և դիմեց շանը.

Դե, Բոյնա՞խ, գնացի՛նք։

Ո՞ւր, հարցրեց Շուշիկը։

Հովազաձո՛ր…

Ուրեմն, ձեր մեջ վախկոտը հենց ե՞ս եմ։ Ես ուղղակի չեմ պատկերացնում որսորդությունն առանց խորովածի, ուրիշ ոչինչ։ Գնացի՛նք։.

Ու Գագիկը վճռական քայլերով առաջ անցավ։

Բոլորն էլ դուրս եկան ճամփից և սկսեցին մագլցել դիմացի լեռան լանջը։ Սարգիսը մնաց ճամփին կանգնած։

Գնա, գնա մորդ փեշի տակը մտիր, վերևից ձայն տվեց Գագիկը։ Զայրույթից ու վիրավորանքից Սարգսի բարակ վզի երակներն ուռան, մոխրագույն աչքերն արյունով լցվեցին։

Ոչ ոքի հայտնի չէր, թե ինչ քաջություններ էր արել Սարգիսը, բայց ուր երևում էր նա իր բարակ ու երկար հասակով, խաղացող տղաները կամ ձայները կտրում էին, կամ չքվում։ Այնքանն էր միայն հայտնի, որ նա միշտ հրամայական տոնով էր խոսում իր հասակակիցների հետ և ով չէր ենթարկվում նրան, տուժում էր որևէ կերպ, իսկ ամենից շատ ձմեռը՝ ձնագնդի խաղալիս. Սարգիսը սովորություն ուներ քար դնելու գնդակի մեջ…

Չէր պատժվում Սարգիսն իր արարքների համար, շատերն էին ներողամիտ նրա նկատմամբ։ Գուցե այն պատճառով, որ նրա հայրը՝ կոլտնտեսության պահեստապետ Պարույրը ազդեցիկ մարդ էր համարվում գյուղում…

Հիմա այս կաչաղակ Գագիկը եկել ծաղրում է իրեն՝ գյուղի տղաների «ահ ու սարսափ» Սարգսին։ Ի՞նչ անես, թե բռնես քոթակ տա՛ս՝ վաղը պիոներական կազմակերպությունում հարցդ կքննեն։ Ասենք, հիմա նրան «քոթակել» չի էլ կարող, թիկունքն ամուր չի, ընկերները հետը չեն։ Ի՞նչ անի, այդ մեծամտին հետևի՞, թե՞ գյուղ գնա։ Ինչպե՞ս գնա։ Որ գնաց, այդ անպիտան, Գագիկի ծաղրից ազատվե՞լ կլինի, գյուղում մեկը հազար է շինելու, էնպես բաներ է հնարելու, որ մարդ ծամոն կդառնա գյուղի բերանում։ Ճար չկա, պիտի գնալ այդ խելագարի հետևից։

Եվ Սարգիսը անսիրտ և ծույլ-ծույլ սկսեց բարձրանալ խմբի հետևից։

Ուզում է աչքի ընկնի… Փառասե՜ր, փնթփնթում էր նա ինքն իրեն Աշոտի հասցեին։

Քանի գնում էին լանջն ի վեր՝ նրանց հորիզոնը փակ էր, բայց երբ դուրս եկան Հովազաձորի ժայռերի գլուխը և նայեցին սարի մյուս երեսը, այնպիսի տեսարան բացվեց, որ մի պահ նրանք ոչ մի բառ չկարողացան արտասանել և կարկամած նայում էին հայրենի երկրի նոր, փառահեղ բնանկարին։

Ներքևում տարածվում էր Արաքս գետի հովիտը։ Այս հովտի երկու կողմերից խստադեմ ու խոժոռահայացք լեռներ են վեր ելնում՝ բարձունքներին ամպ ու մշուշ, գուցե դրանի՞ց է այս դաշտն այսքան մեղմ ու գրավիչ։ Թե՞ հովտի երկարությամբ արծաթե գոտի կապած ուրախ գետն է հմայք տալիս այս երկրին։ Կամ գուցե գեղանի դեղձենիներն են այս հովտի զարդը, բարակիրան բարդիները, ծառաստաններն ու պտղաբեր այգիները, որոնց միջից հանդարտ ու խաղաղ հայկական գյուղերն են ծխում։ Թե՞ այդ հովտի զվարթությունը հյուսիսից եկող թռչունների երամներն են իրենց հետ բերում հեռավոր ափերից…

Պատանիները կանգնած էին Փոքր Կովկասի բազմաթիվ լեռնաշարքերից վերջին շարքի բարձունքներից մեկին։ Այդ լեռնաշղթան ձգվում էր դեպի Իրան և նրա ժայռոտ կատարները հեռվում մխրճվում էին կապույտ երկնքի սիրտը ու հետզհետե ծածկվելով մանիշակագույն շղարշով՝ կորչում էին հեռավոր հորիզոններում։ Լեռնաշղթայի հարավ-արևելան ծայրին, երկնի մովի մեջ, երևում էին Կապույտջիղ լեռան կնճռոտ կատարի ուրվագծերը։

Դեպի աջ, դեմ առ դեմ, Հայկական Պար կոչվող լեռնաշղթան էր ձգվում իր բազմաթիվ կամարներով։ Մեծ Արարատը փաթաթված էր ամպի շղարշով, իսկ Փոքր Արարատն իր սուր գագաթը մխրճել էր երկնի կապույտի մեջ։ Ո՛չ մի ժայռ, ո՛չ մի անհարթություն չէր երևում այդ լեռան վրա։ Կարծես տիեզերական մի հսկա մեքենայով հղկել էին նրա կողերը և շաքարի գլխի ձև տվել։

Ավելի շուտ դա վիթխարի մի արկի էր նման, որ տնկված էր Արարատյան դաշտի ափին, սուր ծայրը դեպի երկինք…

Ահա այդ կախարդական հովտի կենտրոնով դեպի Կասպից ծովը հոսող Արաքս գետը բաժանում է սովետական աշխարհը կապիտալի աշխարհից։

Իր արևային շամբուտների մեջ այստեղ-այնտեղ կայծկլտալով, Արաքսը գնում-կորչում էր Կապույտջիղի և հյուսիսային Իրանի Ղարադաղ կոչված լեռների միջև ընկած խորխորատներում։

Մի տեսեք այդ գետը քանի՛ երկիր է բաժանում իրարից, ձեռքը ճակատին հով արած՝ նայում ու խոսում էր Աշոտը։ Այն կողմինը՝ մինչև Փոքր Մասիսը՝ Թուրքիան է, նրանից այս կողմ՝ ձախ՝ Իրանն է։ Մեր կողմից, վերևից եմ գալիս, Վրաստան, Հայաստան, Նախիջևան, Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան։ Բա՜, մի տեսեք, թե մեր փոքրիկ ու գիժ Արազը քանի երկրի սահման է, է՜… պարծեցավ Աշոտը։ Հեյ գիտի հա՜, պապս ասում է, մեր դիմացի սարերն էլ, աշխարքներն էլ մերն էին։ Ասում է՝ թուրք փաշաները սրի քաշեցին մեր ժողովրդին, խլեցին մեր օջախը, իսկ ով կենդանի մնաց՝ քոչեցրին-տարան կոտորեցին Արաբիայի անապատներում…

Բայց պատանիները այնպես խանդավառված էին հայրենի երկրի տեսարաններով, որ ժամանակ չունեին վերապրելու թուրք փաշաների կատարած չարագործությունները։

Աշո՛տ, մի ցած նայիր, ներքևում իսկական գարուն է… Մի հոտերին նայիր, դաշտերում փռված արածում են, թռվռում էր Շուշիկը։ Անսպասելի տեսարաններից նա մանկացել էր։

Իսկ Սարգիսն այդ ժամանակ մտածում էր. «էդ Աշոտն էլի սկսեց փչել։ Որտեղի՞ց գիտի այդ բոլորը»։ Եվ նա չթաքցրեց իր մտածածը։

Իր «հակառակորդին» տեսնելով քարե բարձր պատվանդանին հպարտ կանգնած և պաթեթիկ խոսքեր արտասանելիս, նրա մեջ նորից շարժվել էր հին մաղձը։

Հայրս է այստեղից ցույց տվել, պարզ, առանց վիրավորվելու պատասխանեց Աշոտը, որ շարունակում էր մտազբաղ նայել Արարատյան երկրին։

Ի՜նչ լավ է բարձունքներից դիտել հայրենի աշխարհը…

Այո՛, մենք կանգնած ենք Սովետական Միության հարավային սահմանում, անսովոր լրջությամբ ասաց Գագիկը։ Մարդ որ մի կուշտ ուտի ու պարսատիկով քար նետի՝ կընկնի կապիտալիստական աշխարհը… Մի դենը նայիր, Աշո՛տ, գոչեց նա հանկարծ, տեսնո՞ւմ ես Նոյի տապանի կտորը Արարատի կատարին։ Նկատեցի՞ր։ Էն էլ ամերիկյան արշավախումբն է չոքեչոք բարձրանում… Ծիծաղո՞ւմ ես, Շուշի՛կ… Էն էլ գեներալ Ռիջուեն, ձեր արևը վկա, Արարատի փեշին տնկված, հեռադիտակն աչքերին կարոտով նայում է սոցիալիզմի երկրին… Երևի սիրտը չի կտրվում մեր հարստություններից…։

Ընկերները ծիծաղում էին, միայն չգիտես ինչու Գագիկի հեգնական ուրախ տոնը դուր չէր գալիս Սարգսին և ոչ էլ այն, որ Շուշիկը Գագիկի ամեն կատակին արձագանքում էր իր անհոգ ու զրնգուն ծիծաղով։

Նրանց ոտքերի տակ կարմրագույն ժայռեր էին, հարկ առ հարկ իրար վրա բարդբարդված ժայռեր, որոնց ճակատներով զուգահեռ նեղ դարավանդներ ու շավիղներ էին ձգվում։ Այդ շավիղներով է, որ վազում են վայրի այծերը և թաքնվում անմատչելի խոռոչներում ու անձավներում։

Այդ վայրերում ստվար հոտերով վխտում են նաև վայրի ոչխարները կամ «հայկական մուֆլոնները»։ Բայց ոչխարը նկարագրածս ժայռերում չի բնակվում։ Նա կամ լեռան ուսի սիզավետ սարահարթերում է, կամ ժայռերից ցած ընկած ձորակներում ու հովիտներում, կամ ավելի հաճախ՝ այն մաշված ու լերկ բլուրներում, որոնք հազարամյակների ընթացքում քայքայվել, պոկ են եկել մայր լեռնաշղթայից ու այժմ ցրված են Արաքսի հովտի ձախ ափին, նրան զուգահեռ։

Մեքենայով սլանում ես այդ բլուրների մոտով և ահա հեռվից նկատում ես մի ստվար հոտ՝ փռված արածում է գորշ լանջին։ Մտածում ես՝ հիմա շները աղմուկով կդիմավորեն քեզ, հովիվը հիմա կհրավիրի ու ոչխարի թարմ կաթով կհյուրասիրի։ Բայց ոչ հովիվ կա, ոչ շներ։ Որսորդի փորձված աչքը դեռ հեռվից նկատում Է բլրի գագաթին կանգնած վայրի խոյին, որը, քարե պատվանդանի վրա գլուխը բարձր պահած, աչալուրջ դիտում է շրջակայքը։ Հոտի ժամապահն է դա։

Նկատելով հեռվից մոտեցող ձեր ավտոմեքենան, նա զիլ սուլոց է արձակում և սլանում դեպի հաջորդ բլուրները։ Մեկ էլ տեսար փռված հոտը արագ կենտրոնացավ, պոկ եկավ այդ լանջերից և իր առաջնորդի հետևից անհետացավ բլրի հետևում։

Այդպես, այդ լեռներում ու բլուրներում երբեմն միրաժի պես երևում են վայրի ոչխարների հոտեր և միրաժի պես էլ անհետանում։ Եվ շրջապատումդ նորից մնում է նույն գորշ ամայությունն ու մեռելային անդորրը։

Այդ բոլորը գիտեր Աշոտը, նա հոր հետ շրջել էր լեռնային ոչխարների հետևից։ Եվ այժմ գիտակ մարդու նման շարունակում էր ընկերներին ծանոթացնել իր որսի վայրերին։ Նա ցույց տվեց դիմացի սարի կոնաձև գագաթը։

Այստեղ են վայրի ոչխարները կանգնում ու նայում Մասիսներին։ Դրա համար էլ հնում այդ սարին Մարալ-բախան են կոչել, բացատրեց նա։

Ապա մատը մեկնեց դեպի ձորն ու ավելացրեց.

Հովազաձորը սա է, որ երեք կողմից շրջապատված է ժայռերի բնական պարիսպով։ Դիմացը, որ նայում է Արարատյան դաշտին, բաց է, բայց ներքևը նորից բարձր ժայռեր են, իջնելու, տեղ չկա, միայն հեղեղի ջրերն են ցած թափվում։ Այս ձորը միայն մեկ մուտք ունի, այն նեղ քարե շավիղը, տեսե՞ք։ Մյուս շավիղները ժայռի ճակատին կտրվում են այստեղ-այնտեղ, իսկ այդ մեկը գնում է հասնում ձորը։ Դրանով են այծերը գնում Հովազաձոր, և դրանով էլ վերադառնում ձորից, ուրիշ ելք չկա։ Դե՛հ, ինչպես Գագիկի պապը կասեր, ով պլոճիկ ունի, թող հետևի ինձ։

Եվ Աշոտը, քարից-քար թռչկոտելով, իջավ ցած։

Ընկերները հետևեցին նրան։ Սարգիսը մեկ վճռեց մնալ և այդտեղից իջնել գյուղ, մեկ էլ նորից մտածեց, որ վախկոտի անուն կհանի։ Դա էլ կարելի էր արհամարհել և գյուղ գնալ։ Բայց երբ ընկերները ցած իջան և անհետացան սեպ-սեպ քարերի հետևում, մնացին ինքը, ուժեղ փչող հողմը և ժայռերին լուռ կանգնած արծիվները, տղան զգաց, որ ահի անորոշ մի զգացում սողոսկում է սիրտը։

Ա՜յ քեզ բա՜ն, ուրեմն ես մենակ չե՞մ կարող գյուղ գնալ, շշնջաց ինքն իրեն և այդ նորությունից նրա սիրտը ճմլվեց։ Առաջին անգամ էր նա հանդում փորձում իր սիրտը, և արդյունքը մխիթարական չէր։ Տեղում կանգնած մտածեց, տատանվեց։ է՛հ, ո՞վ էր գժվել մենակ ճամփա գնալ ժայռերով ու ձորերով… Ինչ կրակի մեջ գցեց գլուխը ցնորքներով լիքը այդ մեծամիտը…

Եվ Սարգիսը դժգոհ իջավ խմբի հետևից։

"Հովազաձորի գերիները" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Սիմֆոնիա N3
Ավետ Տերտերյան

Սիմֆոնիա N3

Կոստանդնուպոլիս
Կոստանդնուպոլիս
Խաղա առցանց