Վախթանգ Անանյան

Հովազաձորի գերիները

26

Գլուխ վեցերորդ. Թե ուր են տանում հետքերը

Ոչխարները տեղ-տեղ կանգ էին առել, թփերից կոկոններ ու չորացած տերևներ պոկել-կերել, կճղակներով փորել էին ձյունը և երբ անցել էին մացառների միջից, իրենց բրդից թողել էին նրանց բերանում։

Ոչխարը ժայռի անմատչելի ծերպերը չի սիրում, դա այծի տարերքն է։ Բայց այս կենդանիները գնացել էին ամենադժվարին կածաններով, որից մեր պատանի բնասերները հասկացան, որ նրանք արդեն վայրենացել են և իրենց պահում են վայրենի կենդանուն հատուկ զգուշությամբ։

Քանի բարձրանում էին մեր տղաները, այնքան լայնանում էր նրանց հորիզոնը։

Հևալով, քրտնաթոր վեր մագլցեցին և կիրճից դուրս եկան աջ ժայռաշարքի «գոտկատեղից» մի քիչ ցած։

Այդտեղ հետքը կորավ, քարե արահետներում ձյուն չկար։ Աշոտը մնացել էր մոլորված։

Ե՛տ դառնանք, առաջարկեց նա։ Հասոն ներողամտաբար ժպտում էր։

Ո՞ւր գնանք, էստեղ կածան չկա, շփոթված արդարացավ Աշոտը։

Կա՛, ժպտալով պնդեց Հասոն։ Չի երևում, բայց կա՛։ Քո աչքը սովոր չի… Դու հետևիցս արի…

Պարզ չէ՞ր, որ եթե ոչխարները ամեն օր ձորակով գնացել են ջրի և վերադարձել, ուրեմն շավիղը պիտի շարունակվեր մինչև նրանց արոտն ու թաքստոցը։

Այնպես որ հովիվ պատանին տատանվելու ոչ մի պատճառ չուներ։ Նա սկսեց առաջնորդվել թափված կտիտով։ Բայց, զարմանալի բան, ոչխարների թողած այդ նշանները տանում էին ոչ թե դեպի վերևում սևին տվող անձավները, այլ բարձրանում էին ժայռերը։

Է՛հ, ի՞նչ արած, դժվար էր, բայց պետք էր բարձրանալ նրանց հետևից։

Հևալով հասան ժայռաշարքի կատարին և կանգ առան, այդտեղից երևում էին Փոքր Կովկասի բարձունքներից դեպի Արաքսի հովիտն իջնող բազմաթիվ լեռնաբազուկները և տեղ-տեղ բաց, իսկ իր մեծ մասով ձյան ճերմակ վերմակով ծածկված Արարատյան դաշտի այն հատվածը, որ պատմական Հայաստանի Սուրմարի գավառն էր կազմում։ Մեծ և Փոքր Մասիսները ուղղահայաց վեր էին ելնում ճերմակ դաշտից և իրենք էլ անբիծ ճերմակ էին հագած ոտից մինչև գլուխ։

Ի՜նչ ազատ, ի՜նչ լավ է հայրենի աշխարհը։ Իսկ իրե՞նք…

Աշոտի սիրտը լցվեց, արցունքները լճացան խոշոր աչքերում։ Ա՜խ, ե՞րբ են դուրս գալու այդ ազատ, այդ լայն աշխարհը։ Եվ դուրս կգա՞ն արդյոք…

Շարժվե՛նք, քամին կտրում է, շշուկով զգուշացրեց Հասոն։

Այո, գնա՛նք… Բայց էս ժայռերն անցնելու տեղ չպիտի լինի… Որ լիներ, հայրս կիմանար… կարծես ինքն իրեն դատում էր Աշոտը։

Կա՛, էս կածանը մեզ արդեն ձորից դուրս է հանում, նայի՞ր, իր գյուտից ալեկոծված ասաց Հասոն և քարի ցցունքներից բռնելով, շարունակեց քայլել ժայռի ճակատով ձգվող նեղ շավիղով։ Նրանով տղաների համար դժվար էր ընթանալ, իսկ ցածրահասակ կենդանիների համար՝ հեշտ, որովհետև արահետը խոր ակոսի նման գոտի էր կապում ժայռի «մեջքին»։ Ավելի շուտ դա մի երկար, խոր ընկած ճեղք էր, որով սողոսկել էին կենդանիները՝ իրենց մեջքի ու կողքի մազերը թողնելով սուր քարերի վրա։

Այո, այս անհայտ կածանը Հովազաձորից դուրս է տանում։

Նրանք ժայռի թամբաձև ուսը հասան և ձորը մնաց իրենց թիկունքում։

Տղաները մի պահ կանգ առան, շունչ քաշեցին։ Նրանք կարկամել էին հուզմունքից։ Մի՞թե իրոք դուրս են գալիս «լույս աշխարհ…»։ Մի ժայռաբեկոր ևս բարձրացան և մի նոր տեսարան բացվեց նրանց առաջ, մի այլ ձոր՝ շրջապատված կրաքարի շիկակարմիր ժայռերով։

Տենդագին հայացքով զննում էին այդ «աշխարհը», բայց շուտով համոզվեցին, որ փորձված որսորդ Արամը սխալվել չէր կարող. իրենց անցած շավիղը ոչ թե ելք էր դեպի դրսի աշխարհը, այլ մուտք՝ չորս կողմից փակված մի այլ ձորակ, ինչպես դահլիճից ելք փնտրելիս մտնես կից սենյակը, որի միակ դուռը այն է, որով դու մտար…

Մի՞թե նորից հուսախաբություն։ Ձորակը ափի նման երևում էր իր բոլոր մանրամասներով։ Տղաները հայացքով ելք էին որոնում նրանից, բայց իզուր։ Ձորը թիկունքից և երկու կողքերից շրջապատված էր շեկ ժայռերով, իսկ հարավում անդունդ էր։

Այդ ժայռերից ոչ մեկը իր վրա արահետ չուներ, ոչ մեկը չուներ այն դիրքը, որ կարելի լիներ բարձրանալ։ Նրանք ուղղահայաց էին, իսկ թիկունքի ժայռերը՝ նույնիսկ կռացած ձորի վրա։ Չէ, պարզ է, այստեղից ևս ոչ մի հնար չկա դուրս գալու…

Տղաների թափն իջավ, քիչ առաջ նրանց համակած ոգևորության հետքն անգամ չմնաց։ Քարերին նստած, նրանք հավանաբար իրենց սրտում նույն ափսոսանքն ունեին, ինչ անապատի ծարավ ճամփորդը, որ իր առաջ քչքչան ջրեր է տեսնում արմավենիների տակ, հևիհև գնում է դեպի փրկարար օազիսը և հանկարծ… ցնդում է ամեն ինչ. միրաժ է եղել։ Դարձյալ նույն անապատը, դարձյալ նույն ավազները…

Բայց ո՛չ, հիմա մեր տղաների վիճակի մեջ մխիթարական շատ բան կա. երեք ոչխար ունեն նրանք այդ ձորակում, երեք ընտանի կենդանի, դա հո կատակ բան չէ։ Նրանք չէին մոռացել այն օրերը, երբ վեց հոգով «սեղան էին նստում»… ճնճղուկից քիչ մեծ մի մոշահավ ուտելու…

Չէ, պիտի գտնել ոչխարներին ու մի հնարքով բռնել նրանց։ Դա արդեն կես ազատության նման մի բան կլիներ։

Իրենց լքած լավատեսությունը նորից վերադարձավ, վեր կացան և մտան ձորը։

Բայց ի՞նչ վայր էին ընկել Աշոտն ու Հասոն։ Դա այն գաղտնի ձորակներից մեկն էր, որոնք պատահում են Փոքր Կովկասի հարավ-արևելյան ժայռոտ լանջերին։ Ապառաժե պարիսպներն այդ ձորակներն ու փոքրիկ հողակտորները գաղտնի են պահում մարդկանց աչքերից։ Նրանց հայտնագործած ձորակը Հովազաձորից շատ փոքր էր, բայց նրանից գրավիչ, օժտված վայրենի գեղեցկությամբ։ Ժայռերը երեք կողմից իրենց նոթերը կախել էին բարձր աճած խոտով և նոսր թփուտներով ծածկված լանջի վրա, իսկ նրանց տակ այստեղ-այնտեղ երևում էին անձավների մթին երախները։ Ա՛յ ապահով արոտ, ա՛յ հրաշալի թաքստոց։ Վատ տեղ չէին ընտրել իրենց համար մարդկանց կողմից անխելք համարվող այդ կենդանիները։

Այժմ մեր տղաների համար հասկանալի էր, թե ինչպես կարող էին վտանգներով լի դաժան բնության մեջ կենդանի մնալ ամեն զենքից զուրկ ու անճարակ ոչխարները։

Այնպես տաք էր քամիներից պաշտպանված այդ արևահայաց լանջը, ժայռերն այնպես էին անդրադարձնում արևի ճառագայթները, որ ձյուն չէր մնացել այնտեղ։ Ա՜յ ձմեռային արոտավայր։

Շավիղը մի նեղ սարավանդով իջնում էր այդ նոր աշխարհը; Տղաներն զգուշությամբ իջան նրանով և բոլոր նշաններից հասկացան, որ կենդանիներն այդտեղ են բնակվում, նրանք տրորել էին չորացած խոտը, որոճալու համար այստեղ-այնտեղ նստել էին և ամեն տեղ ցրիվ տվել իրենց թուխ կտիտը։

Այն գաղտնի ձորակը, որ գտան Հասոն ու Աշոտը, ուղղակի մի այլ Հովազաձոր էր, միայն նրա կիսի չափ։ Ուրեմն Հովազաձորի աջ ժայռաշարքը կկազմեր այդ նոր ձորակի ձախ պարիսպը։

Բայց ընթերցողը կհարցնի, այդ ինչպե՞ս է, որ այդ նոր ձորակն էլ Հովազաձորի նման էր՝ շրջապատված անանցանելի բնական պարիսպներով։ Հնարովի բան չէ՞, կմտածի ընթերցողը, երկու իրար նման ձորակներ դնել իրար կողքի։

Ո՛չ, այստեղ հնարովի բան չկա։ Զենքը ձեռքիս, որսի հետևից ընկած, ես շրջել եմ Հայաստանի գրեթե բոլոր լեռներն ու ձորերը և նկատել եմ, որ զարմանալի օրինաչափություններ կան մեր հանրապետության բնաշխարհի մեջ։ Այսպե՛ս, մեր բոլոր հրաբխային լեռներն էլ իրար խիստ նման են՝ շաքարի գլխի նման կոնաձև գագաթներով և ձագարաձև խառնարաններով, կարծես բոլորն էլ մի վիթխարի չարխով «չարխաքաշած» լինեն։ Միայն չափերն են տարբեր։

Ով գնացել է Զանգեզուր, նկատած կլինի, որ այնտեղի բոլոր ժայռերն էլ սրագագաթ են և մեծ մասը իր գլխին «փափախ» ունի։

Ուրեմն, այն նյութը, որից կազմված են նրանք, իսկ նրանք կազմված են փուխր լեռնային տեսակներից, որ քլունգով անգամ կարելի է քանդել-փշրել, այդ նյութը միատեսակ է, ինչպես և միատեսակ են եղել այդ ժայռերն առաջացնող բնական պայմանները, պատճառները։

Կամ վերցնենք հենց Փոքր Կովկասի այն մասը, որ Արարատների դիմացով ձգվում է Երևանի թիկունքից մինչև լեռնաշղթայի վերջանալը, մինչև Ջուլֆա և Օրդուբադ։ Այդ նույն բնական գործոնների պատճառով այդ լեռնաշղթայի հարավ նայող ձորերը իրար նման են (մեծ մասամբ պատած կրաքարի շիկակարմիր ժայռերով), իսկ հյուսիս նայող ձորերը՝ իրար նման։

Մի այլ օրինակ. Զանգեզուրի Խնձորեսկ գյուղը Հովազաձորի նման կազմված է կողք-կողքի իրար նման յոթ ձորակներից, ամեն ձորակը մի թաղ է։ Կանգնում ես մի թաղում, երեք կողմից շրջապատված ժայռերով, դիմացը՝ բաց։ Թվում է, թե այդ է ամբողջ գյուղը։ Բարձրացիր աջ կամ ձախ «ժայռամատը», նրա մյուս երեսին նույնպիսի մի ձոր է, նույնպիսի մի գյուղակ մեջը թաքնված։ Չորս անգամ ես եղել եմ Խնձորեսկում, բայց դեռ լրիվ չեմ տեսել բոլոր այն թաղերը, որ թաքնված են նրա ժայռապատ ձորակներում։

Ֆանտանի թիկունքի Գութանասար (Քոթան-դաղ) լեռից մինչև Սևան ցածր լեռների մի շարք կա։ Չորս-հինգ տեղ լեռնանցքներ ունի այդ շարքը, որով մենք անցնում ենք այդ սարերի թիկունքը՝ լորի որսի։ Այնքան նման են իրար այդ լեռնանցքները (թե՛ լեռան ուսը, որով անցնում է ճամփան, թե՛ թիկունքի անջուր հովիտը), որ թեև մի հարյուր անգամ շրջած կլինեմ այդ վայրերում, բայց այժմ էլ իրար հետ շփոթում եմ այդ լեռնանցքներն ու լեռները՝ այնքան նրանք նման են իրար։

Այդպես զարմանալի յուրահատկություններ ունի Հայաստանի բնությունը։

Այժմ վերադառնանք մեր պատանիների մոտ։

Հասոն դեռ հեռվից որոշել էր, թե մոտավորապես որտեղ կարող են թաքնված լինել փախստական ոչխարները։ Նա Աշոտին նշան տվեց անձայն հետևել իրեն, այստեղ արդեն նրանց դերերը փոխվել էին, այժմ նա էր պետը։

Տղաները կտրեցին անցան ձորակը, որի փարթամ բուսականությունը մինչև նրանց ուսերն էր հասնում, և մյուս լանջի եզրին գտան ոչխարների տրորած, գցած շավիղը։ Դա արդեն ուղիղ նրանց թաքստոցը պիտի տաներ։ Եվ իրոք, այդ շավիղը մեր պատանիներին տարավ նեղ ու կլոր մուտքով մի անձավ, որի խորքից այնպիսի հոտ էր գալիս, կարծես նրանք կանգնած լինեին փարախի շեմքին։ Մի փոքր տատանվելուց հետո, տղաները կռացան ներս մտան։

Աղջամուղջի մեջ հետազոտեցին այդ անձավը, բայց ոչ մի շնչավորի չհանդիպեցին։ Այրը խոր էր, ցածր առաստաղով և ներսում մի ոլորան ուներ, իսկ նրա հետևում՝ մի թաքուն խորշ, ուր դրսի ցուրտը թափանցել չէր կարող։ Պատերը շոշափելով հետազոտեցին խորշը՝ ոչինչ չկար, միայն հատակին հաստ շերտ կապած չոր կտիտից հասկացվում էր, որ այդտեղ են գիշերում ոչխարները։

Հիմի որ պարզվեց, ասաց Հասոն։

Ի՞նչը։

Պարզվեց, որ դմակները տեղն են…

Հասոն մթնում ցույց տվեց իր ճերմակ ատամները։

Բա ո՞ւր պիտի լինեին որ։

Ո՞ւր։ Ձմեռվա ցուրտ գիշերը, եթե ոչխարը դուրս մնաց՝ դմակը ցուրտը կտանի։ Բայց դրանցը չի տարել, էստեղ հո մարդ էլ քնի՝ ոչինչ չի լինի։

Նրանք դուրս ելան այրից և կկոցած աչքերով զննում էին իրենց շրջակայքը, հայացքով որոնում էին ոչխարներին կամ նրանց թողած որևէ նշան։ Դարձյալ Արարատը վեհորեն կանգնած էր նրանց դիմաց, իսկ ձախ կողմում ձախ ժայռաշարքն էր, որ բարձր պարսպի նման Հովազաձորը անջատում էր Ոչխարանոցից, -այդպես կոչեց Հասոն նոր ձորը։

Այդ պարսպի լանջով մի կածան իջնում էր ձորակը և բոլոր նշաններից երևում էր, որ այդ կածանը միակ ճամփան է, որով կարելի է մտնել այդ թաքուն ձորը կամ դուրս ելնել նրանից։

Ոչխարներն էլ հենց այդ շավղով էին գնում Շոռ աղբյուրը՝ ջրի։

Կարող է խոտերի մեջ տապ արած լինեն… Մի դեսն արի…

Եվ Հասոն մի սեպ քարի կատարը բարձրացավ։ Այդտեղից լանջը կարծես ձեռքի ափի մեջ լիներ, խոտերի մեջ թաղված մանր քարերն անգամ երևում էին։

Տե՛ս, տե՛ս ոնց են տապ արել, հանկարծ ալեկոծվելով՝ նա մատը մեկնեց շավղի ներքևի բարձր «բոզախոտին»։

Առանց սուր աչք ունենալու էլ կարելի էր նկատել թուխ ոչխարը դեղնած խոտերի մեջ նստած։ Նրա մոտ երկու ճերմակ կենդանիներ կային, մեկը ոլորուն եղջյուրներով, մյուսը եղջյուրից զուրկ փոքրիկ գլխով։

Կենդանիներն անշուշտ նկատել էին տղաներին և իրենց վայրենի նախնիների նման քարացել իրենց տեղում՝ չմատնվելու համար։ Բայց հենց զգացին, որ մարդիկ իրենց նկատել են, վեր ցատկեցին ու, դմակները ծափ տալով՝ փախան դեպի ձախ, դեպի ձորակի միակ ելքը։

Հասոն ճիշտ էր որոշել, նրանցից մեկը մի խոշոր մաքի էր, մյուսը՝ երկու տարեկան ջահել խոյ, երրորդը՝ յոթ-ութ ամսական մի էգ գառ։

Վա՛հ, սա հո մեր Թուխիկն է… Թո՛ւխիկ, Թո՛ւխիկ, Թո՛ւխիկ, գդը, գդը, գդը, Թուխիկ գըդը… կանչում էր Հասոն ոչխարներին հասկանալի լեզվով։

Նրա կանչն իզուր չանցավ, հետևից ծանրաքայլ վազող թուխ ոչխարն իր արդեն մոռացված անունը լսելով, կանգ առավ, ետ նայեց և խղճալի բայուն արձակեց։ Խոյը նույնպես կանգ առավ, բայց հեռու, քարե շավիղի կենտրոնում և նորից խելակորույս փախչելու պատրաստ։ Իսկ գառը թեթև թռիչքներով անցկացավ Ձախ ժայռաբազուկը, դեպի Հովազաձոր, բայց մի քանի րոպե անց ժայռի հետևից նորից երևաց նրա փոքրիկ գլուխը, գաղտագողի նայում էր, թե ո՞ւր մնաց իր մայրը, ինչո՞ւ չի փախչում այդ երկոտանի, տարօրինակ արարածներից, որոնց նմանը նա իր կյանքում չէր տեսել…

Թուխիկը շարժվեց դեպի իր ձագերը, բայց այս անգամ չէր փախչում, այլ գնում էր։

Ի՞նձ Թուխիկ է, հարցրեց Աշոտը, որի հուզմունքը դեռ չէր անցել, երե՜ք ոչխար, դա հո փրկություն է։ Հիմա հաստատ կարելի էր ասել, որ իրենք չեն ոչնչանա քաղցից։ Միայն հարկավոր էր դրանց բռնելու հնարը գտնել։

Թուխիկը մեր ֆերմայի ոչխարներից է։ Անցյալ տարի ապրիլին, որ ներքին ձմեռանոցից սուրուն բերինք, էդ ոչխարը կորավ՝ չորս ամսական գառը հետը, ախր քոչը արանից բերելիս գառն ու ոչխարը խառն են լինում։ Ես ու հերս, շները վերցրած՝ հանդերն ընկանք, ման եկանք, ման՝ չգտանք։ Շատ զարմացանք, եթե գելը կերած լիներ, գոնե ոսկորները կգտնեինք։ Բա՞, դրա ֆանդերը տես, էնպես տեղ է եկել, որ ոչ մտքովդ անց կենա, ոչ գտնես։ Բռռո՜ւ, բռո՜ւ, բռու, գը՛դը, գը՛դը, գը՛դը,… յակ, յակ, յակ, կանչում էր Հասոն և լեզուն ծալած՝ այնպիսի ձայներ էր հանում, որից անծանոթ մարդը կամ կսոսկար, կամ կզզվեր, բայց Թուխիկը վաղուց կարոտ էր այդ ձայներին։ Այդ կանչերը նրա մշուշապատ ուղեղում քաղցր հուշեր էին արթնացնում՝ ֆերմայի ուրախ ժխորի մասին, որ վաղուց մարել-մոռացվել էր, իր հազարավոր ցեղակիցների մասին, որոնց հետ ինքը ապահով, առանց ահի արածում էր լեռնային մարգագետիններում, իսկ ձմեռը համեղ կեր ուտում տաք փարախում։ Գուցե այդ ձայները նրան հիշեցնում էին և իր բարի պահապան շների մասին, սրնգի խաղաղ ու ականջ շոյող դայլայլի մասին և իր սիրասուն մոր մասին, չէ՞ որ մի ժամանակ նա էլ էր փոքր, նրան էլ էին սիրում-փայփայում։

Հավանաբար հիշեց այդ բոլորը կենդանական կոլեկտիվից վաղուց կտրված Թուխիկը և սկսեց սրտակոտոր բայել, որով կարծես երազ դարձած այդ կյանքն էր կանչում…

Լա՛վ, բա ո՞նց է ընկել Հովազաձոր… Ո՞նց է որ նորից գառ է ունեցել, տարակուսած և թերահավատ ինքն իրեն խոսում էր Աշոտը։

Հովիվ պատանին միայն ժպտում էր. այսինքն թե՝ դրանք ի՜նչ հարցեր են Հասոյի համար որ։

Հիմի ես քեզ ասեմ, թե դա ոնց է Հովազաձոր եկել։ Դե ես ոչ դպրոց եմ գնում, ոչ էլ բնասերի խմբի մեջ կամ, բայց էդ բաներից կարող եմ գլուխ հանել, իր պարծենկոտ տոնի համար շիկնելով ասաց Հասոն։ Թուխիկը, որ ետ է մնացել իր ընկերներից ու մոլորվել, էդ ժամանակ դրա կողքով վիրու էծեր են փախած անցկացել։ Դա էլ խրտնած վազել է նրանց հետևից, ախր դրանք էնքան խելք չունեն, որ, պատահում է, գելի հետևից էլ են վազում… Էդպես, էծերը մտել են Հովազաձոր, դա էլ՝ հետևներից։ Խամ արոտի մեջ գառան հետ աղավարի ապրել են մինչև ձմեռնամուտ։ Որ ձմեռը վրա է հասել, դրանք արդեն վիրունի էին ու կարող էին իրենց գլխի ճարը տեսնել…

Բայց այս տարի նրան գառը որտեղի՞ց։ Հովազաձորում հո ղոչեր չկա՞ն։

Բա նա ղոչ չի՞, ժպտալով պատասխանեց Հասոն և մատը մեկնեց քարե թարեքին կանգնած կենդանուն, որի խոշոր եղջյուրները պարզ գծագրված էին ժայռի ֆոնին։

Ա՜ա՜ա, հասկացավ և ծիծաղեց Աշոտը։ Փսլնքոտի՜ն նայիր, մեծացել է հայր դառել… Իսկապե՛ս, գառը սպիտակ է իր նման… Մալադե՛ց, Հասո, դու այս երեկո մեր խմբին կպատմես քո այդ հետաքրքիր գյուտերի մասին…

Այդ գովասանքից հովիվ պատանին թեթև շփոթվեց և խոսքը փոխեց..

Որ Թուխիկին իր գառներով ֆերմա տանենք, համա կզարմանան հա՜…

Ո՞նց տանենք, բա ինչո՞վ ենք ապրելու։

Մորթե՞նք։ Չէ՞, իմ ձեռը չի բռնի… Մեռած բան է, որ ես Թուխիկին սաղ-սալամաթ ֆերմա չհասցնեմ, անառարկելի տոնով ասաց Հասոն։

Դու չե՞ս մորթի, ե՛ս կմորթեմ, խոսեցնում էր Աշոտը։

Չե՛ս մորթի։

Ինչի՛։

Ես չոլերը կընկնեմ ուտելիք կճարեմ։ Աղը որ կա, էլ չեմ վախենում։ Համ էլ ձեռքդ չի բռնի, որ մորթես։

Ինչո՞ւ։

Չես տեսնո՞ւմ, որ հղի է, էսօր-էգուց գառ կբերի…

Ինչի՞ց իմացար։

Երիշից… Չե՞ս տեսնում, որ փորը գետնին քարշ տալով անջախ է տանում։

Ուրեմն գա՞ռն ենք ունենալու… Վա՛յ քո հոգուն մատաղ Հասո։

Աշոտն այնպես ուրախացավ այդ լուրից, որ եթե չքաշվեր Հասոյից, կպարեր։

«Լավ, մտածում էր նա, Թուխիկին առայժմ կթողնենք սև օրվա համար, իսկ էն երկուսը մեզ մի ամիս հերիք են… իսկ կա՞թը…»։

Այսպես ուրախացած մտքում հաշիվներ էր անում Աշոտն ու անհամբեր սպասում, թե հովիվ Հասոն ինչ միջոցներ կգործադրի այսպիսի հաջող որսը ձեռքից չփախցնելու համար։

Հասոն դանդաղ առաջ էր գնում և միայն ոչխարներին հասկանալի հնչյուններ արձակելով՝ հորդորում էր Թուխիկին չվախենալ-չհեռանալ իրենից։

Մայր ոչխարը մոլոր քայլերով գնում էր դեպի իր ձագերը։ Մոլոր, որովհետև Հասոն իրեն ծանոթ կանչերով նրա կենդանական սիրտը երկու մասի էր բաժանել։ Ի՞նչ անի հիմա նա, կանգնի իր կարոտած տիրո՞ջը լսի, թե գնա ձագերի կողմը…

Վերջին բնազդն ավելի հզոր դուրս եկավ և նա, ոտքը դնելով քարե արահետին, առաջ գնաց։ Այնուհետև ոչ «գդդը-գըդը»-ն, ոչ քրդերի սովորական «յակ, յակ, յակ» կանչերը այլևս նրան չկանգնեցրին։ Այն ժամանակ Հասոն դիմեց ավելի զորավոր միջոցի, նա գոտուց դուրս քաշեց իր սրինգը և քարին նստելով՝ սկսեց «չոբան բայաթի» կոչված մեղեդին, որի հնչյունների տակ հոտը քարանում է։ Նվագեց ամբողջ սրտով, այնպես նվագեց, որ քարերը, եթե սիրտ ունենային՝ կարտասվեին։

Թուխիկը կանգ առավ վարանման մեջ, շուռ եկավ ու սկսեց բայել կարոտագին։ Ապա դունչն առաջ մեկնած՝ մի քանի քայլ առաջ եկավ ու նորից կանգ առավ։ Բայց երբ Հասոն դանդաղ քայլերով դիմեց դեպի կենդանին, սա շուռ եկավ և շտապեց դեպի իր ձագերը։

Հիմի ի՞նչ անենք, Հասո՛։ Ախր մենք ուրիշ ճամփա չունենք, մեր եկած կածանով էլ որ գնանք՝ ոչխարներդ ձորից դուրս կփախչեն…

Տղաները մնացել էին մոլորված, ընկերների մոտ գնալիս կամա-ակամա, իրենց անառիկ պատսպարանից դուրս էին վռնդելու ոչխարներին։

Մինչ նրանք ելք էին որոնում, ժայռաշարի մյուս երեսից մի մեծ անգղ երևաց և գառն ու խոյը կածանով ետ եկան լեղապատառ։ Ապա տեսնելով, որ իրենց բնի մոտ մարդիկ էն կանգնած, ձորակի հատակով ցած իջան։ Կածանը բացվեց։ Տղաները շտապով կտրեցին-անցան խոտոտ ձորակը և մտան կածանը, ուր քիչ առաջ ոչխարներն էին կանգնած։

Եթե ձորում գազան կա, սրանց հոտով գիշերը կգա-կուտի։ Ի՞նչ անենք, Աշո՛տ։

Ի՞նչ… Ի՞նչ…

Աշոտը մտածում էր։

Գտա՛։ Կրակ անենք կածանի ամենանեղ տեղում։

Այդպես էլ որոշեցին և տուն վերադառնալուն պես Հասոն կրակ վերցրեց, նորից ժայռերը բարձրացավ և խարույկ վառեց ժայռի ճակատով ձգվող շավիղի վրա։

Այդ խարույկը շատ անհանգստացրեց ճերմակ գառանը և նրա ջահել հորը։ Բայց Թուխիկի վրա նա այլ ազդեցություն ունեցավ, այժմ նա այլևս գրեթե երկյուղ չուներ մեր պատանիներից։

Ողջ գիշերը ժայռի վրա ծխացող կրակը իր մանկության վայրերն էին հիշեցնում, իր արխաջը

Բայց այդ ինչպե՞ս էր պատահել, որ հովազը մի քանի շաբաթ շարունակ ապրել էր ոչխարներից ոչ շատ հեռու և չէր վնասել նրանց։

Ո՜վ գիտի, բնության մեջ, բացառության կարգով, այդպիսի դեպքեր հանդիպում են. Միջին Ասիայի ավերակ շեներից մեկում որսորդները տեսել են, որ խայտաբադը ձագեր է հանել աղվեսի բնում, այդ գիշատիչի հարևանությամբ…

Բայց ո՛չ, քաղցած հովազը, երբ գաղտագողի հետապնդում էր մեր պատանիներից մեկն ու մեկին բռնելու համար, ոչխարներին չէր խնայի։ Հավանաբար նրանց չի էլ պատահել, չէ՞ որ Ոչխարանոցը Հովազաձորից պատնեշված է աջ ժայռաշարքի պարսպով; Բոլոր նշաններից երևում էր, որ հովազն այդ պարիսպը չի էլ անցել։

Բայց ոչխարները հո՞ ամեն օր անցնում էին այդ պարիսպը՝ գալիս էին Հովազաձորի շոր-շոր աղբյուրից ջուր խմելու, կհարցնի ընթերցողը։

Գալիս էին, բայց այն ձորակը, որով երթևեկում էին նրանը, ինչպես արդեն գիտենք, բուն Հովազաձորից անջատված է վերից վար ձգվող մի երկար ժայռով։

Հետո՛։ Գիշատիչ գազանները սովորություն ունեն ցերեկը մրափելու իրենց թաքստոցում, սովորաբար նրանք գիշերով են որս անուս։ Իսկ մեր ոչխարները, ընդհակառակն, իրենց հին սովորության համաձայն (սովորություն, որ նրանք ձեռք են բերել մարդու մոտ) մթնելուն պես մտնում էին «փարախը» և որոճում այնտեղ մինչև լույս։

Լույսը բացվելուն պես երբ հովազը մտնում էր իր անձավը, սկսվում էր ոչխարների արոտը։

Գուցե այդ էր պատճառներից մեկը, որ նրանք չէին հանդիպել իրար։

Բայց, զարմանալի չթվա, եթե ասեմ, որ հովազը հանդիպեր էլ ոչխարներին, կարող էր և չվնասել նրանց։

«Ինչպե՞ս, հովազի նման գազա՞նը…». կբացականչի ընթերցողը։ Այո՛, նա վայրենացած ոչխարին կարող էր բռնել անմեղ արածելիս կամ ջրի գնալիս, եթե դարան մտներ ճամփի եզրին, գաղտագողի։ Այլապես հովազը չէր կարող հասնել արդեն վայրենացած Թուխիկի հետևից։ Իսկ նրա գառը արդեն քարայծի նման մի կենդանի էր։

Բայց ինչպե՞ս, մի՞թե վատ է վազում հովազը, չէ՞ որ հայտնի են նրա հինգ-վեց մետրանոց թռիչքները։

Այո՛, սա լավ ցատկում է, բայց վատ վազում։ Կատվացեղ գազանները՝ առյուծը, վագրը, հովազը և հենց ինքը՝ կատուն ոտքերից խեղճ են։ Իզուր չէ ժողովուրդն ասում. «Կատվի վազքը մինչև մարագն է»։

Ասում են իբր առյուծն այնքան մեծահոգի է, որ երբ ցատկում է իր որսի վրա և չի հաջողեցնում բռնել նրան, այլևս չի հետապնդում, իր զոհի կյանքը «բաշխում է» իրեն…

Սխա՛լ է, մեծահոգության հարց չկա, քաղցած գազանին ի՜նչ մեծահոգություն, հաջողեցրե՞ց՝ պիտի պատառոտի։ Ուղղակի մեկ-երկու թռիչքից հետո առյուծը և նրա ազգակիցները՝ հովազը, վագրը հուսահատվում են ու, տեղում փորը գետնին կպցրած, նայում փախչող որսի հետևից, ագահությամբ լիզում իրենց շրթունքները և ջղայնությունից պոչով հարվածում գետնին։ Չեն հետապնդում, որովհետև ոտքերը շուտ հոգնում են և հույս չեն ունենում, որ կհասնեն որսի հետևից։

Հովազը դարերի ընթացքում դարանակալելու է վարժվել, ոչ, թե վազելու։

Ես այդ բանը մի անգամ աչքովս տեսա։ Նկարագրածս Հովազաձորից ոչ հեռու, Փոքր Արարատի դիմաց, քարայծ էի որսում։ Այդտեղ մի ժայռոտ սար կա, որին տեղացիները Փալանգիր են կոչում, որ նշանակում է Հովազանոց։ Այդ սարի ժայռոտ ծերպերում հաճախ կարելի է հովազի հանդիպել։ Եվ ահա ես ևս հանդիպեցի այդ ահռելի գազանին, քարայծերը փախչում էին ոչ այնքան արագ, իսկ նա կատվի նման հպվել էր սալին, մեջքն ուռցրել և պոչը գետնին խփելով բարկացած գոռում էր՝ «ուա՛խկ, ուա՛խկ…»։ Վեր չկացավ և այծերի հետևից վազելու փորձ անգամ չարավ։

Չվազեց, որովհետև հույս չուներ, որ կհասնի…

Այդպես էլ Հովազաձորում։ Գուցեև տեսել է փախչող ոչխարներին և հետապնդել մի փոքր տարածություն ու այնուհետև հույսը կտրելով՝ հպվել մի քարի ու երկար պոչով լախտի նման հարվածել գետնին։

Դե նա հո Թուխիկի նման ամուր «կոշիկներ» չունի իր հագին, հովազը բոբիկ է ման գալիս, նրա ոտքի տակը փափուկ է և անպաշտպան, ուրեմն և երկար չէր վազի Հովազաձորի քարքարոտ լանջերով։

Ահա թե ինչպես էր եղել, որ ոչխարները անվնաս էին մնացել այնպիսի սոսկալի թշնամու հարևանությամբ, որպիսին հովազն է։

Մոտավորապես այսպես էին դատում և խելք-խելքի տալով այսպիսի եզրակացության եկան մեր պատանիները։

Գլուխ յոթերորդ. Թե նորից ինչեր կատարվեցին անակնկալ դեպքերով հարուստ այն զարմանալի օրը

Այսպիսով, երեկվա մեծ ձախորդությունից հետո այդ օրը իրար հետևից այնպիսի բարիքներ պարգևեց մեր պատանիներին, որ շուտով մեղմացավ այն կսկիծը, որ գող արջը պատճառել էր նրանց։

Այժմ Հասոյի հիմնական հոգսը դարձավ՝ հնարներ մտածել վայրենացած ոչխարներին բռնելու։

Բախտ եմ ասում է՜, խորովածացուները եկել են իրենց ոտով, ձեռքերը բավականությամբ իրար խփելով ասում էր Գագիկը և սպասում այն երջանիկ պահին, երբ իր տնօրինության տակ գտնվող սննդի դատարկ «պահեստը» նորից կլցվի։

Փերմա-մերմա չեմ հասկանում, բռնածին մորթում ենք… Ո՞ւր մնաց էդ Հասոն, արջին չպատահի՞…

Եվ Գագիկը շեմքից գոռաց, կանչեց, նրան հետևեցին ընկերները։ Նրանք անհամբեր սպասում էին քուրդ պատանուն, ոչխարներին բռնելու հնարը նրանից էին սպասում։

Վերջապես վերադարձավ Հասոն։ Դեմքը փայլում էր գոհունակությունից, սև աչքերը խաղաղ էին։

Եթե էս ձորում գազան էլ կա, Թուխիկի կողմը չի գնա, տեսե՞ք, հաղորդեց նա իր կատարածից գոհ՝ մատը մեկնելով դեպի դիմացի ժայռերը։

Աջ ժայռաշարքի գագաթից ոլոր-մոլոր ծուխ էր բարձրանում դեպի երկինք։

Հիմա հանդարտվեցի՞ն… Չգնա՞նք բռնենք, հարցրեց Աշոտը։ Հասոն նկատեց, որ նրա ձեռքին նիզակ կա ու բարեսրտորեն ժպտաց։ Նա ասաց, որ կենդանիների մեջ նախ պետք է վստահություն առաջ բերել, նրանք պետք է սովորեն մարդկանց ներկայությանը։ Իսկ դրա համար ժամանակ է պետք։ Եվ՝ մեղմ վարմունք։

Պատանիների թափն իջավ։

Բա ես հույս ունեի էս երեկո ոչխարի ոտ ու գլխից խաշ եփել… Չեղավ, Հասո՛, սոված մարդին համբերությո՞ւն կքարոզեն, բողոքեց Գագիկը։

Է՛հ, ի՞նչ արած, եթե ոչխարներին բռնելու հույս կա, այդ հեռանկարով մի քանի օր ևս կարելի է ապրել։ Բայց ինչ անեին հիմա, դեռ կեսօր էլ չկար։

Եկեք փորձենք, գուցե այծ սպանենք… Հարսանիքի շրջանում նրանք անզգույշ են լինում, -առաջարկեց Աշոտը։

Ինչքան անզգույշ լինեն, մոտ չեն թողնում, առարկեց Հասոն, դե նա շատ անգամ էր հանդերում հանդիսատես եղել այդ կենդանիների «հարսանիքին»։ Բայց, ավելացրեց նա, որ մտնենք խոր-խոր զաղաները կարող ենք էծեր գտնել ու…

Հա, եթե այրի մեջ պատահեցնենք՝ մերն են, իրեն հանգի վստահությամբ ասաց Աշոտը և վեր կացավ։

Սարգիսը գրգռված շարժում արավ, բայց զսպեց իրեն։

Նիզակները, կացինը, ածխակոթեր վերցնելով խումբը դուրս ելավ անձավից։ Շուշիկն ու Սարգիսը նույնպես գնում էին մոտիկ թփերը նայելու, գուցե հատապտուղ գտնեն։

Աշո՛տ, նիզակդ էնպես կշպրտես, որ աչքին չդիպչի, կքոռանա, լուրջ խրատում էր Գագիկը։

Ո՞վ, հոնքերը խոժոռեց Աշոտը։

Էծը… Ո՞ւր ես դեպի վեր գնում, չգիտե՞ս, որ ներքև գնալն ավելի հեշտ է…

Այո, ցած գնալն ավելի հեշտ է, Աշոտը դա գիտեր, բայց այծերն ապրում էին Հովազաձորը վերևից փակող ժայռերում միայն։

Աշո՛տ, ես վախենում եմ… Իսկ չե՞ս մտածում, որ արջը կարող է վերևի քարի հետև տապ արած լինի, շշուկով բողոքում էր Շուշիկը։ Այդ զգուշացումից, թե նրանից, որ խումբն ընթանում էր արջի թարմ հետքերով, տղաները զգոնացան, և Աշոտը նշան տվեց զգուշություն պահպանել։

Արջի հետքերով տղաները բարձրացան այն ժայռի թիկունքը, որի մեջ ճգնավորի անձավն էր փորված։ Հասան նրա «կտուրին», պառկեցին արդեն չորացած գետնին և անձայն սողալով՝ դուրս եկան ձորի դիմաց. այդտեղից երևում էր և՛ Հովազաձորի բուն լանջը, ուր խաղողի այգին էր, և՛ արևելյան ժայռաշարքերը՝ փակված արահետով։

Դիմացի դարավանդից չրխկոցներ լսվեցին։ Հասոն, որ բոլորից սուր տեսողություն ուներ, տագնապով հրեց Աշոտի կողը.

Փափախդ…

Նոխազները ետ-ետ էին գնում, որ նորից մոլեգնած իրար հասնեն, և նրանցից մեկի եղջյուրին կախված տարուբերվում էր մորթե գլխարկը…

Աշոտը դառն ժպտալով գլուխն օրորում էր. «Ո՜ւմ համար էին կարել, ո՜վ է ծածկում…»։ Խումբը կազմված էր երկու նոխազից, չորս մայր այծից և երեք «չեփիչից»։ Պատանիները սրտատրոփ դիտում էին նոխազների կռիվը, դիտում էին նրանցից քիչ հեռու արածող մայր այծերին և ամեն մեկն իր մտքում ցանկանում էր, որ այդ կռվում մեկն ու մեկի գանգը ջախջախվի։ Բայց բնությունը վայրի նոխազի գլուխը շատ ամուր է ստեղծել, որպեսզի նա դիմանա ամեն աշուն կրկնվող ահեղ կռիվներին։ Ուստի որքան էլ քարայծերը ուժգին էին զարկվում իրար, նրանցից ոչ մեկը չվնասվեց։

Եվ մինչ նոխազները, տարված իրենց կռվով, իսկ մայր այծերը, իրենց բախտին հնազանդ՝ պայքարի ելքին էին սպասում, վտանգն անձայն կախվեց մենամարտի բռնված կենդանիների գլխին։ Վերին դարավանդում արևի տակ մի շեկ մեջք շողաց-խլրտաց։ Ապա ճիրանները բաց մի հսկա կատու կախվեց օդում ու ընկավ մոլուցքի մեջ շրջապատը մոռացած նոխազների վրա…

Քարայծերը սարսափահար փախան դեպի ձորի ելքը, իսկ նրանց հետևից՝ գլխարկավոր նոխազը։

Ահա այդ ժամանակ էր, որ Միրուք Ասատուրն ու Արամը նկատեցին Հովազաձորից վերադարձած խմբի հետքին և զարմացան, թե ո՞ւր անհետացավ նոխազներից մեկը։ Եթե դուրս գային Հովազաձորի դիմաց, կտեսնեին նոխազին գազանի թաթերի մեջ տրոփալիս…

Այդ ահեղ տեսարանին չդիմանալով՝ Շուշիկը թույլ ճիչ արձակեց և ետ սողաց, իսկ Սարգսի դեմքը կանաչեց։ Նա ուզեց գոռալ, բայց Աշոտը իր ձեռքով վայրկենապես փակեց նրա բերանը, ետ հրեց ժայռի մյուս երեսը։

Տեղդ կաց և ո՛չ մի ծպտուն, բռունցքը տղայի աչքերի առաջ բռնելով՝ շշնջաց նա. փորձից գիտեր, որ սպառնալիքն իսկույն սանձահարում է թուլակամ ու վախկոտ մարդկանց։

Աշոտը վերադարձավ իր տեղը, Շուշիկին ետ քաշեց, շշուկով սիրտ տվեց ու սողաց միացավ ընկերներին։

Նրանք գետնին հպված և շունչները պահած նայում էին ակնդետ։ Հովազը նախ ծալեց իր զոհի մեջքը, ապա ժանիքները խրեց նրա կոկորդը և ժնգժնգոցով ու երկար պոչը տագնապահար շարժելով, սկսեց լափել նրա տաք արյունը…

Հովազն զբաղված էր իր քստմնելի գործով, իսկ մեր պատանիները, մի թփի հետև թաքնված, նրա ճյուղերի արանքներով շարունակում էին դիտել այս թաքուն հույսով, որ գազանն իր որսից իրենց ևս բաժին կթողնի։

Ասենք, իզուր էին մեր պատանիների բոլոր զգուշությունները, գազանը վաղուց նկատել էր նրանց և առանց նայելու էլ զգում էր մարդկային հոտը, լսում էր նրանց փսփսոցը։ Բայց հովազը պատկանում է այն բացառիկ գազանների թվին, որոնք բանի տեղ չեն դնում իրենց հակառակորդներին և մարդու ներկայությամբ անգամ կարող են գործել ցանկացած ոճիրը։ Նա երբեմն աչքի տակով նայում էր դեպի թուփը, որի հետևում թաքնված էին մեր պատանիները, և շարունակում էր լափել իր զոհին, բոլորովին նկատի չառնելով, որ իր այդ արարքով գրգռում է քաղցի ահով համակված պատանիներին։

Գագիկի ծնոտները դեռ իրար էին զարնվում, բայց աչքը չէր կարողանում կտրել դարավանդում մեկնված նոխազից և մտովին արդեն խորովում էր նրա լյարդը։ Ա՛խ, այդ ժլատ Աշոտը եթե երեկ թողներ մի կուշտ ուտեին, ինքն այսօր այդպիսի ագահությամբ չէր դիտի հովազի նախաճաշը…

Սխալվում էր նա լյարդին տիրանալու իր հաշիվների մեջ, քանի որ թե՛ հովազը, թե՛ գայլը սովորություն ունեն ամենից առաջ իրենց զոհի լյարդն ու սիրտը վայելելու, որից հետո անցնում են նրա մարմնի մյուս մասերին։

Վերջապես գազանը կշտացավ և բեղերը լիզելով, գնաց դեպի անձավները՝ նրանցից մեկի մեջ մրափելու։

Այս ահավոր դեպքից ցնցված, մեր պատանիները լուռ պառկած էին թփի հետև։ Ոչ ոք չէր համարձակվում ո՛չ գլուխը վեր քաշել, ո՛չ ձայն հանել։

Նորից տաք օր էր, նորից ձյունը արագ հալվում էր, արեգունի լանջերը արդեն բացվել էին նորից։

Արևի տակ ընդարմացած պառկել էին նրանք գոլ խճին ու, եթե քիչ առաջ իրենց կրած սարսափը չլիներ, կնիրհեին։

Ասենք, ինչո՞ւ միայն սարսափը, ընկած որսի ներկայությունը պակաս չէր ալեկոծում նրանց։ Ա՜յ քեզ բա՜խտ… Անհույս կերպով էին այծ փնտրելու դուրս եկել, իսկ հիմա ահագին նոխազը մեկնված է իրենց բնակարանից ընդամենը երկու հարյուր քայլ հեռու։ Դե եկ սնահավատ Հասոյին հավատացրու, որ բախտ գոյություն չունի, թե ամեն երևույթ իր պատճառական կապն ունի։ Չէ՞, իր հովիվ հայրը իզուր չի ասում, որ կան ձախորդ օրեր և կան հաջողակ օրեր։ Քանի որ մեր պատանիները սովորություն էին դարձրել ամեն վայրի ու երևույթի հատուկ անուն տալու, հարկ է, որ իրենց գերության երեսունութերորդ օրը՝ դեկտեմբերի տասնհինգը կոչեին այսպես՝ «Անակնկալ հաջողությունների օր»։

Վերջապես Գագիկը շշնջաց Հասոյի ականջին.

Մի գլուխդ բարձրացրու տես այծը տեղո՞ւմն է, թե եկավ տարավ… Բարձրացրո՛ւ, մի՛ վախենա, ես էստեղ եմ…

Հասոն չոքած նայում էր թփի հետևից։

Հա, տեղումն է… Վա՜յ, Աշո՛տ, մի արծիվ մոտեցել է, ուզում է ուտի… ք՛շ, ք՛շ, և Հասոն քար նետեց։

Արծիվը դժգոհությամբ թռավ-հեռացավ։

Հը՞, չգնա՞նք շալակենք-բերենք, աքլորանալով հարցրեց Գագիկը։

Իրոք, սպանված քարայծի ներկայությունը հանգիստ չէր տալիս մեր պատանիներին։ Բայց Աշոտը տատանվում էր, երկյուղ ուներ հովազից։

Դո՛ւ չես բերելու, բերողը մե՛նք ենք, բայց… ով գիտե պետք է զգույշ լինել… ցածր ձայնով ասում էր Աշոտը։

Փալանգն էլ գելի պես բան է, չէ՞, հարցրեց Հասոն։ Դե որ կշտացել է, մի տեղ մրափելիս կլինի… Նա մեկ էլ կգա իրիկունը…

Աշոտը տատանվում էր. արդեն ինքը շատ ձախորդությունների պատճառ էր դարձել, նորի՞ց իր պատճառով մի բան պատահեր։

Հետզհետե սիրտ առան, ձայները բարձրացրին։

Քանի արծիվները չեն կերել, գնացեք բերեք, մնացածը թողեք ինձ վրա։

Չնայած կրած ողջ սարսափին, Շուշիկը փռթկաց, նա գիտեր, թե Գագիկի լեզվով ինչ է նշանակում «մնացածը…»։

Թե՞ իրեն բախշեմ-գնա, հարցրեց Գագիկը լրջորեն։

Չէ՛, պիտի բերենք, իրենը պնդեց Հասոն։

Նրանց տատանումներին վերջ տվեցին Շուշիկի երեխայավարի արտասանած խոսքը.

Աշո՛տ, այնպե՜ս եմ կարոտել մսով կերակրի՜… Իսկ դուք քանի օր էր ինձ էն զզվելի չղջիկներից էիք ուտեցնում…

Է՛, այդպիսի սրտակտուր խոսքին Հասոն կդիմանա՞ր։ Նա պատրաստ էր նույնիսկ հովազի բերանից որս խլելու իր «քուրացվի» համար։

Խուշկե, Շուշի՛կ, ես հիմի…

Նա ամոթ համարեց խոստումներ տալ։ «Դե որ բերես՝ կտեսնի, էլ ո՞ւր ես առաջուց գլուխդ գովում», -մտածեց տղան և վերցրեց իր տեգն ու մի մարած ածխակոթ։ Աշոտը նույնպես վերցրեց իր նիզակը։

Երկյուղը մեծացավ Գագիկի սրտում և անբնական ժպիտը դեմքին հարցրեց.

Կացինը չվերցնե՞մ, Աշո՛տ… Հա՞… Լա՛վ, դուք ո՞ւր եք գալիս, հիմի կգնամ՝ կ՛րպ՝ գլխին կտամ, ձեռքիցը կխլեմ-կբերեմ, ապուր կեփեմ Շուշիկի համար…

Ոչ ոք չարձագանքեց նրա կատակին և ուշադրություն չդարձրեց նրա կոմիկական վիճակի վրա։ Աշոտն ու Հասոն լրջացել-կենտրոնացել էին, ինչպես դա լինում է գրոհից առաջ։

Բայց երկյուղը իրենից վանելու համար Գագիկը պահանջ էր զգում խոսելու։ Եվ մինչ Աշոտը ածխակոթերի ծայրերը միացրել էր իրար և փոքր խարույկ էր անում, նա հարցրեց Հասոյին.

Գայլը որ ուտում է կոլխոզի ոչխարներից, կարողանո՞ւմ ես նրա կիսատ թողած գործը շարունակել։

Հասոն շփոթվեց։

Որտեղի՞ց գիտես… Պատահում է, որ շարունակում ենք, ծիծաղեց նա։

Տեսա՞ր, Աշո՛տ, մարդը փորձ ունի… Դե առաջ ընկիր, թիկունքդ պահած գալիս եմ…

Սպասի՛ր, առանց կրակի չի կարելի գնալ…

Ածխակոթերից մի քանիսը հանգել էին, ուրիշների վրա դեռ մոխրով ծածկված կրակ կար։

Ծուխ բարձրացավ, խանձողների ծայրերը բոցավառվեցին։

Այն ժամանակ Աշոտը մտածեց Գագիկին հանել ամոթալի վիճակից։

Գագի՛կ, դու սրանց տար տուն, կրակը թեժացրեք, մինչև որ մենք խորովածացուն բերենք, շշուկով կարգադրեց նա։

Բա առանց ինձ ո՞նց կլինի, լրջորեն մտահոգվեց Գագիկը։ Բա որ հովազը ետ գա՞…

Առանց քեզ մի կերպ կպաշտպանվենք, ժպտաց Աշոտը։

Ի՞նչ աներ Գագիկը, հո չէր կարող չկատարել պետի կարգադրությունը… Ստիպված համաձայնեց և խմբի «բալաստ անդամներին» (ինչպես նա անվանում էր Սարգսին և Շուշիկին) ցած տարավ։

Ա՜խ, ծանր քարերի նման կախվել եք ոտներիցս, չեք թողնում, որ մարդ գնա հովազի փորը թափի, -դժգոհում էր նա այրը մտնելիս։

Շուշիկը, չնայած կրած սարսափին, ստիպված էր ծիծաղել. «Ա՛խ այդ Գագիկը, որ հա՛մ վախկոտ է, հա՛մ աքլորանալ գիտի…»։

Աշոտն ու Հասոն ծխացող փայտերը ձեռքներին շարժվեցին դեպի դարավանդը, որի վրա հեռվից երևում էին մի զույգ եղջյուրներ։

Հովազը, իր ցեղի սովորության համաձայն, կերել էր իր զոհի փորոտիքը, լյարդը, ազդրերը, իսկ մնացածը թողել էր «ընթրիքի» համար։

Հասոն բռնեց կենդանու եղջյուրներից և քարշ տվեց դեպի ցած, բայց Աշոտը լուռ բռնեց նրա ձեռքից։

Լեշի հետքով կգա, -շշնջաց նա ընկերոջ ականջին։ Ապա կացնի մի հարվածով կիսեց կենդանու ողնաշարը, հետևի կրծած մասերը թողեց դարավանդի վրա, գլուխը՝ անարատ մնացած կրծքի և թիակների հետ դրեց ուսին և նշաններով հասկացրեց Հասոյին, որ կրակով ու ծխով կորցնի իրենց հետքը։

Ե՛վ սրտատրոփ ետ նայելով (հո գազանը չի՞ հետապնդում իրենց), և՛ ուրախ ալեկոծումով (նոխազի մարմնի կեսը արդեն իրենց ձեռքին է, ինչպե՞ս չուրախանային) նրանք շտապում էին դեպի քարայր՝ Աշոտը կքված իր ծանր բեռի տակ, իսկ Հասոն նրա հետևից ածխակոթերով հետքերն աղավաղելով։ Բայց մի վառ ածխակոթ նա պահում էր չնախատեսված վտանգի համար և չէր սխալվում, շուտով վտանգը վրա հասավ, բայց ոչ այն կողմից, որտեղից սպասում էին։ Դեռ չէին հասել ճգնավորի անձավին, երբ վերևից մի ահեղ գոռոց լսվեց և մի բրդոտ գազան, թփերը ջարդելով, ձյուն ու քար իրար խառնելով զառիթափով ցած գլորվեց…

Հասո՛, պտտիր ածխակոթը, Հասո, գոռաց Աշոտն իր բեռը վայր գցելով։

Մինչ Հասոն դողդողալով վրա կհասներ, արջը բռնեց Աշոտի պիջակի փեշից ու շպրտեց ցած։ Գնաց տղան խրվեց ձյան կույտի մեջ, բայց գազանը ոչ նրա կողմը գնաց, ոչ մսի. գոռգոռալով գլորվում էր ձյունոտ լանջին, վեր էր կենում տրտնգի տալիս, երկու ոտքերի վրա կանգնած ծամածռություններ անում։ Ապա գլուխը խոթեց ոտքերի արանքը, երկուտակվեց կծիկ դարձավ ու փափուկ ձյան վրայով գլորվեց ցած. խաղ էր անում… Հարբած էր և հարբած մարդու նման էլ բարի էր այդ արջը, դե՛, ով իմանա-չիմանա, գինու մեջ մեծացած այգեձորցիք լավ գիտեին, որ մաճառի բռնածը երկու օր բաց չի թողնում…

Հիմի ի՞նչ անեմ, Աշո՛տ, ծխացող փայտն օդում պտտելով հարցրեց Հասոն. այնպես էր այլայլվել նա և ոտքերն այնպես էին դողդողում, որ տեղում կանգնել չէր կարողանում։ Պակաս վախեցած չէր և Աշոտը, բայց արջի արարքից և գինու հոտից իսկույն հասկացել էր, որ կենդանու «խելքը գլխին չի»։ Սակայն նա չէր հասկանում, որ ինչպես հարբած մարդը դառնում է համարձակ ու անամոթ, այնպես էլ արջը կարող էր մի կողմ դնել իր սովորական զգուշությունն ու հարձակվել։

Սպասիր, մի դրան վախեցնենք։ Խոտ քաղիր…

Մինչ տղաները խոտ ու չորացած տատասկ էին հավաքում, արջը նստել էր ձյունին, գլուխը օրորում էր ու կամաց բրդբրդացնում։

Հավաքած խոտը տղաները խուրձ կապեցին, խրեցին նիզակի ծայրը, վառեցին և երբ ծուխ ու բոց իրար խառնվեցին, «հո՜ւ» գոչելով Աշոտը վազեց դեպի գազանը և վառվող խուրձը նետեց նրա վրա։

Արջը գոռգոռալով փախավ և նրա խանձվող մազերի հոտը բռնեց շրջակայքը։

Դե փախիր, էլ ետ չնայես…

Եվ տղաները իրենց ավարն ու գործիքները վերցնելով՝ փախան-մտան այրը։

Վա՜յ, բերի՜ն, որսը բերի՜ն, իսկույն աշխուժացավ և խնդալով դիմավորեց Շուշիկը։ Էն ի՞նչ գոռոց էր, հարցրեց նա։

Ոչի՛նչ… Կրակը թեժացրեք։

Օջախի մոտ ընկած էր ահագին քարայծի կեսը, որ համարյա երկու փութ կլիներ։ Կարծես, ոչինչ, բախտը սկսել էր ժպտալ։ Բայց մեր տղաների մեջ ամենից սրտոտը, չգիտես ինչու, բոլորից շատ էր անհանգիստ։ Նա ցրված էր և շուտ-շուտ նայում էր շեմքին, ականջ դնում դրսի ձայներին։

Իսկ Գագիկը, որսի տեսքից աշխարհ ու երկյուղ մոռացած, մտել էր իր տարերքի մեջ. միս էր կոտորում, ոստերից շամփուրներ շինում ու հետն էլ ասում.

Բա որ ասում եմ վերջը լավ կլինի՞… Ձեր արևը, ոտ ու գլխից էնպես մի խաշ եմ եփելու, որ մատներդ հետը ուտեք… Հասո՛, գլուխը կտրիր ու կրակի վրա բռնիր թող խանձվի… Պա՛հ, պա՛հ, պա՛հ, կյանք հո չի՞, իմ պապի ասած՝ արքայության մեջ ենք…

Սպասի՛ր, Հասո՛, գլուխը պիտի ուսումնասիրենք, արգելեց Աշոտը։

Չի լինի՞, որ խանձենք ուտենք, հետո ուսումնասիրենք…

Նորից ծիծաղ եկավ Հովազաձորի գերիների դեմքին, նորից սկսեցին աշխույժ խոսակցություններ, որոնք ընդհատվում էին Գագիկի հիացմունքի բացականչություններով՝ մանավանդ խորովածը շամփուրներից հանելու ժամանակ։

Չէ՜, բախտը վերջապես ժպտաց Հովազաձորի գերիներին։

Գլուխ ութերորդ. Թե ինչպես ձախորդությունն ու հաջողությունը հարազատ քույր ու եղբայր են

Այո, այդ օրը բախտն ակներև կերպով ժպտաց մեր պատանիներին։ Բայց երբ հանդարտվեցին, նրանք հետզհետե եկան այն եզրակացության, որ իրենց ուրախությունը «հորթի ուրախություն» է, և որ, իրենց վիճակը որքան փոխվեց դեպի լավը, նույնքան և վատացավ։ Ճիշտ է, այժմ նրանք առնվազն երկու շաբաթ ապահովված էին սննդով և այժմ ավելի համբերությամբ կսպասեն այն օրվան, երբ Հասոն սրինգ նվագելով իր «հոտը» հետևից գցած Ոչխարանոցից կբերի ճգնավորի այրը։ Աղն ու ջուրն էլ հո այնպիսի առատությամբ կար, որ հերիք էր մի ամբողջ գյուղի։ Նրանք երբեք նույնիսկ չէին երազել Հովազաձոր ընկնելուց հետո այդքան բան ունենալ։

Բայց դրա հետ մեկտեղ ինչպե՞ս կարելի է մոռանալ երկու ահռելի գազանների հարևանությունը։ Ճիշտ են ասում այգեձորցիք, որ հաջողությունն ու ձախորդությունը իրար քույր ու եղբայր են։ Մեծ հաջողություն ունեին մեր գերիներն այդ օրը, բայց չէ՞ որ հովազը ուղղակի այրի շրջակայքում էր, ինչպես ժողովուրդն է ասում՝ «ատամն արյուն առած», գրգռված։ Եկավ տեսավ իր որսը չկա՝ կգազազի, տղաներից մեկն ու մեկին «կորսի»։ Իսկ ա՞րջը։ Ո՞ւր էր, որտեղի՞ց հանկարծ հայտնվեց։ Ուրեմն սխա՞լ էին կարծել, թե հեռացել է ձորից։

Տղաները լսել էին, որ արջը չի հարձակվում մարդու վրա, բայց մի տեղ որ արջ կա՝ դե գնա աղբյուրը ջրի, տեսնեմ կգնա՞ս… Կամ երբ ժայռերում հովազն է թաքնված, կուտապ եկած, ինչ սրտով գնաս ոչխարներին ընտելացնելու։

Այս բոլորի մասին խոսելով, մեր պատանիները հանգեցին այն մտքին, որ այժմ իրենք զրկվում են իրենց ձեռք բերած երկու-երեք նվաճումից՝ աղից, ջրից, ոչխարներից։ Հետևապես դեռ վաղ էր նրանց ուրախությունը, դեռ վաղ էր կարծել, որ կապրեն մինչև գարուն։ Գազանները նրանց փակած կպահեն այրի մեջ, երկու շաբաթից սնունդը կվերջանա, իսկ դրանից ավելի շուտ՝ աղի պակասությունը խելագարության կհասցնի նրանց, չէ՞ որ նորից ստիպված պիտի լինեն ձյուն հալել, իսկ ձյան ջուրը «թորած» է, աղի նշույլ չկա ոչ անձրևի, ոչ ձյան մեջ…

Այս բոլորը կշռադատելուց հետո մեր գերիները եկան այն եզրակացության, որ պիտի միջոցներ մտածեն գազաններին կամ ոչնչացնելու, կամ ձորից վռնդելու։

Աշոտն առաջարկեց ձորի զանազան մասերում շատ խարույկներ վառել, ապա վերևից ներքև շղթա տալ և վառ «կերոնները» ձեռքներին աղմկելով՝ աջ լեռնամատից շարժվել դեպի ձախ լեռնամատ ու դրանով գազաններին խրտնեցնել-քշել դեպի ձորի ելքը ու վռնդել Հովազաձորից։

Այստեղ Գագիկը մեղմ արտահայտություններով հասկացրեց, որ այդ մեծ ձեռնարկությանը կարող են մասնակցել միայն երեք հոգի՝ «երեքից ի՜նչ շղթա…»։

Այսպես և՛ զրուցում էին, և՛ նոխազի միսը խորովում վառ ածուխների վրա։

Երբ կշտացան, Աշոտը վերցրեց այրի մի անկյունում ընկած թակարդը և սկսեց զննել։

Այո՛, սա իսկ և իսկ հովազ բռնելու թակարդ է, ինքն իրեն ասաց նա, ժանգոտած երկաթը շուռումուռ տալով։ Այդ միտքը նա հայտնել էր դեռ առաջին օրը, թակարդը տեսնելուն պես, բայց միայն այժմ նրա ուղեղը լրջորեն սկսեց զբաղվել այդ հարցով։

Հովազը ճգնավոր քեռու ինչի՞ն էր պետք, որ բռներ. հո նա հովազի միսը չէ՞ր ուտելու, ոչ էլ մորթին ծախելու էր, առարկեց Գագիկը։

Իսկապես, ինչո՞ւ, ի՞նչ նպատակով է հովազներ բռնել աշխարհից կտրված այն մարդը։

Շուշիկը մի բան հիշեց, տատանվեց, բայց վերջն ասաց.

Ես մի տեղ կարդացել եմ, որ մի ճգնավոր իր ոտքերին բոժոժներ է կապել, որ նրանց զնգզնգոցից ճամփին եղած միջատները հեռանան, չընկնեն ոտքի տակը…

Գագիկը ծիծաղեց։

Դա հո հեքիաթ է, ասաց նա։ Հետո, որ իմանաս իր ոտներին բոժոժ կապող էդ մարդը ինչե՜ր է արել…

Հա, բայց Շուշիկը ճիշտ է. դու նրան իզուր ընդհատեցիր, տեղից վրա բերեց Աշոտը։ Նա ուզում էր ասել, որ ճգնավորները բարի մարդիկ են եղել և դա ճիշտ է։

Իհարկե, ճիշտ է, էդ Գագիկը հո մարդու խոսք խլում է բերանից, նեղացավ Շուշիկը։ Որ բարի մարդ չլիներ՝ քարայծ կբռներ, ոչ թե նրանց արյունը թափող գազան…

Կեցցե՛ս, բա ասում եք մազերը երկար ե՞ն, բացականչեց Գագիկը։ Բայց, իմ կարծիքով, ճգնավոր քեռին էդ բարի գործը էլի հաշվով է կատարել. հույս է ունեցել իր լավ գործերով դրախտ ընկնել…

Ընկերները ծիծաղեցին, բայց Աշոտի միտքը ուրիշ հարցով էր զբաղված, եթե ճգնավորը այս թակարդով հովազ է բռնել, ինչո՞ւ իրենք ևս չփորձեն։ Ինքը հո տեսել է, թե իր հայրն ինչպես է թակարդ դնում գայլերի ու աղվեսների համար։

Նա իր այդ մտադրությունը հաղորդեց ընկերներին և հավանություն ստանալով, գործի անցավ։

Ի՞նչ է հարկավոր թակարդ դնելու համար, մի կտոր միս, ուրիշ ոչինչ։ Միս կար, բայց թակարդն այնքան ժանգոտ էր, որ չէր կարելի այդ վիճակում լարել։

Ժանգի հոտից կխրտնի, չի մոտենա, բացատրեց Աշոտը։

Նման դեպքերում նրա հայրը ճարպ էր քսում երկաթին և դրանով չեզոքացնում ժանգի հոտը։ Ճարպը որտեղի՞ց, արու քարայծը «հարսանիքի» ու կռիվների մեջ մի քանի օրում հալեցրել էր մարմնի ճարպի ամբողջ պաշարը։

Միակ տեղերը, որ կարող էր մի փոքր ճարպ մնացած լինել, դա կենդանու երիկամներն էին ու հաստ աղիքը դրսի կողմից։ Աշոտը այդ տեղերից մի քիչ ճարպ գտավ, տաքացրեց կրակի վրա և նրանով յուղեց թակարդի ժանգոտ մասերը։

Ապա ուժ տվեց-փորձեց զսպանակի դեր կատարող պողպատի բարակ շերտերը և գլուխն օրորեց։

Վախենում եմ չդիմանա, ասաց նա։ Աջ ճանկի վիզը ժանգը կերել-բարակացրել է…

Թակարդից մի երկաթ էր կախված, ծայրը խարսխաձև։

Դա էլ նրա համար է, որ երբ գազանը թակարդը թափ տալով փախչի, խարսխի կեռերը բռնեն քարից, թփից՝ նրան ետ պահեն, ուշացնեն, մինչև որ առավոտյան վրա հասնի որսորդը՝ հրացանը ձեռքին, -բացատրեց Աշոտը։

Իսկ չի լինի՞, որ այդ երկաթի ճանկը կապենք մի ծառից, որ հովազը հենց մնա տեղում մեխված, հետաքրքրվեց Գագիկը։

Այս հարցուփորձը, այս պատրաստությունները հետզհետե հուզմունքով էին համակում Աշոտին, չէ՞ որ կյանքում առաջին անգամ փորձում էր բռնել այնպիսի ահռելի գազան, ինչպիսին հովազն է…

Նրա երևակայությունը նորից այնպես էր բորբոքվել, որ միանգամայն իրական համարելով իր արտառոց ձեռնարկությունը, գործնական տոնով բացատրեց.

Կանգնած չի մնա. թափ կտա կպոկի իր թաթն ու կփախչի։ Դրա համար էլ էս խարիսխ-երկաթը ազատ թողնում են քարշ գա հետևիցը։ Դե՛, Գագի՛կ, մի կտոր միս տուր դնենք մեջը…

Առ հոգիս մեջը դիր, բայց միս չեմ տա, կտրուկ հրաժարվեց Գագիկը։ Հազիվ ենք մի քիչ ուտելիք ճարել, ուզում ես գլխին փորձե՞ր անես…

Էն կրծածից կդնենք, տեղից գլխի գցեց Հասոն, որ համեստորեն լսում էր։

Իսկապես, հովազի բաժինը մնացել էր դարավանդում, նրանից էլ հարմար գրավչանյո՞ւթ։

Գագի՛կ, դու մնա, մենք գնացինք, ասաց Աշոտը ոչ այնքան ընկերոջ վախը նկատի ունենալով, որքան Շուշիկի վիճակը, որը երբեմն երկյուղալի հայացքներ էր նետում իր տեղում գալարվող ու մռնչացող Սարգսի կողմը։

Դարավանդում (որին տղաներն արդեն Հովազի դարավանդ անունն էին տվել) շատ արծիվներ էին հավաքվել, պարզ էր, որ շարունակում էին հովազի նախաճաշը։

Տղաները քար նետելով քշեցին նրանց։

Ափսո՛ս, միս չէին թողել ագահ գիշատիչները։

Տնտղեցին նոխազի կրծոտած ազդրերը, «խնձորի» շուրջը մսախառն ջլեր էին մնացել։ Կացնով կտրեցին այդ մասը, դրին թակարդի մեջ, ապա նրա երկաթեղեն մասերը բոլորը թաղեցին հողի մեջ, ձյուն շաղ տվին վրան։ Բաց մնաց միայն ոսկորի կտորը։ Թակարդի բաց ճանկերը նույնպես քողարկված էին ձյունով։

Հետո, արծիվներին խաբելու նպատակով, նրանք նոխազի բոլոր մնացորդները նետեցին նրանց ու վերադարձան քարայր։

«Ա՜յ թե հաջողվի բռնե՜լ… Դա այնպիսի մի դեպք կլիներ, որի մասին նույնիսկ թերթերում կգրեին… Լճավանցի Կամոն, որ լսի, թե Այգեձորի պատանի բնասերները կենդանի հովազ են բռնել, վայ թե նախանձից պայթի… Ո՞վ գիտի, գուցեև ուրախությունից իր խմբով գա մեզ տեսության։ Ա՜խ, հովազը բռնենք ու ազատվենք այս ձորի՜ց, մեզնից բախտավոր մարդ չի լինի աշխարհում…», ճամփին մտածում էր Աշոտը։ Նրա ցնորքները նորից շարժվել էին։

Երբ վերադարձան, Աշոտը իրեն հատուկ լավատեսությամբ և ծանր-ծանր դիմեց այրի շեմքին սպասող ընկերներին.

Հովազի ժամերը հաշվված են… մնաց արջի հետ մաքրենք մեր հաշիվը։ Ես կարծում եմ, որ մենք պետք է…

Այդ ժամանակ Աջ ժայռաշարքի ներքին ծայրից, որտեղից դաշտն է սկսվում, կրակոց լսվեց և նրա արձագանքը տարածվեց Հովազաձորում։ Վայրկենապես ցնդեցին Աշոտի ցնորքները, շնչառությունն արագացավ, գունատվեց։ Մի՞թե իր հայրն էր… Ո՞րս է անում, թե՞ իրենց փնտրում… Անմիջապես լրջացել և ամբողջովին լսողություն էին դարձել մեր մյուս պատանիները ևս։ Այդպես լարված մի պահ մնացին, բայց կրակոցը չկրկնվեց և ոչ մի տեղ մարդ չերևաց։ Այդ ժամանակ նրանք միաբերան սկսեցին գոչել, ձայն տալ.

Այստեղ ե՜նք, այստեղ ե՜նք…

Ձայնն արձագանքեց-կրկնապատկվեց ժայռերում։ Նորից լռեցին, նորից շնչակտուր ականջ դրին՝ պատասխան չկա։

Արևն անցավ Մեծ Մասիսի հետևը և հրդեհներ վառեց այնտեղ, որոնց ցոլքերը խաղում էին հորիզոնում բարդ-բարդված ամպերի մեջ։

Ցրտեց, մեր պատանիները սկսեցին դողալ, բայց դեռ կանգնած էին Հարավային բարիկադի վրա, խարույկի կողքին։ Նրանք փայտ էին դարսում կրակին և երբ մթնեց՝ բոցը երկինք հասավ։

Ո՞վ էր այն կրակողը, գուցե կտեսնի խարույկը և կգա Հովազաձոր…

Գիշերն անհանգիստ անցավ։ Այնպես շատ ու ցնցող էին օրվա տպավորությունները, որ քարանձավի բնակիչներից ոչ մեկը կարգին չկարողացավ քնել։ Սարգիսը երբեմն գոռում էր և իր ձայնից արթնանալով վեր ցատկում, Շուշիկը աչքը փակելիս ցատկող հովազին էր տեսնում, իսկ Աշոտը դեռ ձայն էր տալիս երազում. «Ով ե՜ս, ով ե՜ս… Այստեղ ենք, այստե՜ղ…»։

Միայն Հասոն էր, որ ձեռքերը դրել էր բաց գլխի տակ և մուշ մուշ քնել հովվի առողջ քնով։ Կրակի թույլ ցոլքի տակ նրա խաղաղ դեմքին կարելի էր կարդալ հոգեկան այն անդորրը, որ հատուկ է միայն իրենց ողջ կյանքը բնության մեջ անցկացնող մարդկանց։ «Է՛հ, ի՞նչ վատ կյանք է որ… Սրանից վատն է լինում… Կապրե՛նք, մտածել պետք չի», կարծես այս էր արտահայտում նրա դեմքը անգամ քնած ժամանակ։

Գիշերն Աշոտը երկու անգամ այրից դուրս նայեց, չէր լուսանում։ Խարույկները իջել-հանդարտվել էին, զարմանալի հանդարտ էր և շրջակայքը։ Ոչ մի շշուկ, ոչ մի ծպտուն։ «Որտե՞ղ են մեր գազանները, ի՞նչ են անում…», մտածում էր նա ու անհամբեր սպասում լույսը բացվելուն, որ գնա ստուգի իր լարած թակարդը։

Ի՜նչ երկար է դեկտեմբերի գիշերը…

Առավոտյան շուտ պատանիները կուշտ կերած շրջապատել էին խարույկը, բայց բոլորն էլ մտահոգ էին։ Նախորդ երեկոյան դեմ բավական զվարճացել էին հարբած արջի վրա, բայց գազանը հո միշտ հարբած չի՞ մնալու։ Իսկ հովա՞զը։ Երկուսն էլ այսօր լրիվ կմարսեն իրենց խփշտած ավարը և այն ժամանակ փորձիր այրից դուրս գալ…

Հասոն գնաց նորոգելու դրսի խարույկները, իսկ Աշոտը կացինն էր սրում ողորկ բազալտի վրա։

Աշո՛տ, թակարդդ հիմի հովազի պոչից բռնած քեզ օգնության է կանչում, Շուշիկին աչքով անելով ասաց Գագիկը։

Ձե՞ռ ես առնում… Հիմի կգնանք-կտեսնես… Առ մի քիչ էլ դու քսիր…

Քսե՜մ… թե սրանո՞վ ես հովազի վիզը կտրելու՝ իհարկե, կքսեմ… Ասում են իբր թե անվանի որսորդ Արամն ու իր որդի Աշոտը…

Նրա խոսքը մնաց կիսատ, դրսից խուլ գոռոց լսվեց, խախուտ դուռը տապալվեց և լնգլնգալեն ներս մտավ հարբած արջը…

"Հովազաձորի գերիները" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Սամարիա
Էլեն Յոլչյան

Սամարիա

Կոստանդնուպոլիս
Կոստանդնուպոլիս
Խաղա առցանց