Վախթանգ Անանյան
Հովազաձորի գերիները
22
Գլուխ տասնիններորդ. Թե որքան մոտ և որքան հեռու էր ազատությունը
Հաջորդ օրը երեկոյան դեմ եղանակը կտրուկ փոխվեց։ Ամպեր էին գալիս արևմուտքից և պատում երկինքը, օրը մռայլված էր, ցուրտ քամի էր փչում, քրտնած ու հոգնած տղաները հազիվ էին կանգնում նեղ շավղին։
Հը, ինչ ես կարծում, Հասո՛, էլի՞ մեյդան է ավլում ձյան համար, հարցրեց Աշոտը երկյուղով։
Հա՛, գիշերս ձին կգա…
Աշոտի թևերը թուլացան, ուրեմն նորի՞ց է փակվելու այնքան չարչարանքով բացած արահետը…
Եկավ Գագիկը. նա գնացել էր Սարգսին, իր քաղած խաղողի հետ միասին, քարայր տեղափոխելու։
Հը՛, ի՞նչ եք նոթներդ կիտել, հարցրեց նա։
Երևի ձյուն գա։ Դե՛հ, հուփ տանք, տղե՛րք, մինչև մթնելը մի քսան քայլ էլ առաջ գնանք։ Գագի՛կ, չափեցի՞ր, կածանից ինչքա՞ն ենք բացել առավոտից մինչև հիմա։
Տասնչորս մետր, վեց սանտիմետր, երկու միլիմետր…
Իսկի մի լուրջ բան կիմանա՞ս Գագիկից։
Նրանք լարեցին իրենց վերջին ուժերը և նորից գործի կպան։
Ո՜վ գիտի, գուցե մեր բախտից այս անգամ Հասոն սխալ դուրս գա՞, ընկերներին սիրտ էր տալիս Աշոտը։
Հովիվ պատանին իրենը չպնդեց, չէր ուզում ընկերների թափը կոտրել։ Բայց նա, որպես «բնության զավակ», իր բնազդով անսխալ կերպով զգում էր, որ շուտով սկսվելու է ձյան փոթորիկը…
Եվ իսկապես, մեր լեռնային գիժ բնությունն իսկի ժամանակ էլ չտվեց գոնե տասը քայլ շավիղ մաքրելու։ Ձյան չոր ու կարծր հատիկները քամու հետ սկսեցին խփել տղաների դեմքերին։
Տղե՜րք, ես էլ համբերություն չունեմ։ Ես հիմա, ինչ էլ որ լինի, պիտի դուրս գամ այստեղից ու գնամ գյուղից ձեզ օգնություն բերեմ, վճռեց Աշոտը և մի մահակ վերցնելով, առաջ ընկավ։ Այնպես էր զայրացել իրար հետևից կրած անհաջողություններից, այնպես նրա ջահելությունը ըմբոստացել էր բնության չար ուժերի դեմ, որ վճռել էր անելիքը, և ոչ մի ուժ այլևս չէր կարող նրան ետ կանգնեցնել իր խելագար մտադրությունից։
Կա՜ց, հիմարություն մի անի, նրա փեշից բռնեց Գագիկը։
Իսկ դու գիտե՞ս, որ չգնամ՝ ամբողջ ձմեռը փակված ենք մնալու։ Ձմեռն սկսվում է, այս ձյունն այլևս չի հալվելու… Դե՛, ես գնացի, դուք վերադարձեք ու այրում սպասեցեք, երեք-չորս ժամից օգնությունը կհասնի։
Աշոտի համառությունը հայտնի էր ընկերներին։ Վճռեց՝ պիտի կատարի, թեկուզ կործանվելու էլ լինի։ Է՛հ, ուրեմն, թող գնա, ո՜վ գիտի, գուցե ճի՞շտ է վարվում։
Արահետը դարավանդի ձև ուներ, բայց այժմ ձյունն այնպես էր լցրել, որ հավասարվել էր ժայռի մակերեսին։ Քանի սառած չէր, կարելի էր գնալ այդ թեք մակերեսով, որովհետև Աշոտը ուր դնում էր ոտքը, խրվում Էր։ Իսկ խրվել, նշանակում էր հաստատուն մնալ արահետի վրա։ Միակ վտանգն այն էր, որ կարող էր ձյան տակ մեծ ճեղք լինել, կամ կածանի պռունկը պոկ եկած կլիներ՝ հետո ձյունով քողարկված։ Տղան ձեռքի փայտը խրում էր ձյան մեջ, դրանով ստուգում ոտքի դնելիք տեղը, հենվում էր նրան և դանդաղ առաջ գնում՝ գլուխը շարունակ ձախ թեքած, հայացքը ժայռի պատին, որ նրա ձախ կողմից վեր էր ելնում ուղղահայաց։ Ընկերները քարացել էին իրենց տեղերում և շունչները պահած հետևում էին նրա ընթացքին։
Շատ չէր հեռացել Աշոտը, երբ պատահեց այն, ինչից այնքան վախենում էր. փոխեց քայլը, բայց ձյան տակ չկար ոչ հենարան, ոչ շավիղ, հավանաբար շավիղի եզրը պոկ եկած էր։ Այլևս չկարողացավ ետ կանգնել, և ոտքը իր տակ հենարան չգտնելով, ցած գնաց ու տղան երեսի վրա փռվեց ձյան վրա։ Մահակը շխկրտոցով ձորը գնաց, տղան սողաց դեպի անդունդը և կախվեց նրա պռնկից…
Բռնի՛ր քարից, պի՛նդ բռնիր… սարսափահար գոչեց Գագիկը և առաջ նետվեց։
Իզուր էր նրա նախազգուշացումը. խորտակվողը ձեռքերը գցել էր արահետի եզրին ցցված սեպ քարին, ամուր գրկել էր այն ու զույգ ոտքերը կախել անդունդի վրա…
Եթե քարը պոկ չգար, կարող էր այդպես մի քանի րոպե կախված մնալ։
Հասոն տեսավ, որ Գագիկի սրունքները դողդողում են և ծնոտները զարնվում են իրար ու հասկացավ, որ նա գործը փչացնելու է։
Որտեղի՞ց այդքան սառնասրտություն և կամքի ուժ առաջ եկավ հովիվ պատանու մեջ։
Կա՛ց, ե՛ս առաջ ընկնեմ, գոչեց նա։ Ապա շավիղի լայն մասում ընկերոջը իր հետևը թողնելով, քարայծի նման վազեց ժայռի ճակատով ու կռացավ-բռնեց խորտակվող ընկերոջ ուսից։
Տեղ հասավ և մյուս ուսից էլ Գագիկը բռնեց, բայց դողը չէր անցնում, սարսափը համակել էր նրան։
Սպասի՛ր, Աշո՛տ, չշարժվե՛ս, քեզ թափ չտաս, թե չէ մեզ էլ կտանես հետդ, արտաքին հանգստությամբ հրահանգներ էր տալիս Հասոն։ Դե՛, Գագի՛կ, ոտիդ տեղը պնդացրու, որ սոթ չտաս։ Պի՞նդ է։ Դե, քաշենք միասին, հո՛փ… հո՛փ… քաշի՜ր… եկա՜վ… եկա՜վ…
Վերջին «եկավը» հնչեց խնդալի, բերկրանքով։ Նրանք գրկում էին մահից ազատված իրենց ընկերոջը, համբուրում և արցունքախառն ծիծաղում։
Նստենք, թե չէ ուրախությունից հիմի ձորը կթափվենք, զգուշացրեց Գագիկը։
Լուռ նստեցին և ունկնդրում էին իրենց սրտի զարկերին։ Հետզհետե հանդարտվեցին, նույնիսկ Գագիկի դողն անցավ, բայց դեռ աչքերի առաջ էր ընկերը՝ զույգ ոտներով անդունդի վրա կախված…
Դե, ետ դառեք, ես շարունակեմ իմ ճամփեն, վեր կենալով պատվիրեց Աշոտը։
Գագիկն ահով բռնեց նրա ձեռքից։
Մեր պետն ես, բայց այս անգամ քեզ չենք ենթարկվելու, վճռականորեն հայտարարեց նա։
Աշոտը տատանվում էր։ Ընդամենը քսան քայլ էր մնացել մինչև ազատություն։ Իսկ հետևում տանջալի, զրկանքներով լի ձմեռն էր, որ կարող էր ոչնչացնել իրենց։ Ի՞նչ պիտի անեին առանց սննդի։ Այդ քսան քայլը հո նա չոքեչոք, ձեռքերով ձյունը մաքրելով կգնա։
Բայց քիչ առաջ նրան համակած մահվան երկյուղը դեռևս չէր անցել, ուստի լուռ հնազանդվեց ընկերների կամքին։
Ընդամենը քսան քա՜յլ… Ազատությունն այդքան մոտ էր և այդքան հեռո՞ւ…
Արդեն տրորված կածանով նրանք վերադառնում էին Հովազաձոր, իսկ շուրջը ոռնում էր բուքը և սպառնում անդունդը նետել խիզախ պատանիներին։ Հասան թունելին, կռացած ներս մտան և խրվեցին ձյան մեջ. քամին նորից լցնում էր հա լցնում…
Քանի մաճառը եռում է փորներումդ, մի՛ վախենաք, ճղեցեք-անցկացեք, տղամարդի պես հետևներիցդ գալիս եմ, ասում էր Գագիկն իր առաջից ընթացող ընկերներին։
Սկսվեց տանջալից պայքարը մոլեգնած բուքի և հյուծված պատանիների միջև։ Իր համար բույն փորող գորշուկի նման նրանք ձեռքերով ետ էին տալիս ձյունը ու առաջ սողում։ Վերջապես դուրս եկան թունելից, բայց այլևս առաջ գնալ անհնարին էր, արդեն մթնել էր, կածանը չէր երևում, իսկ ձյունախառն քամին ոռնում էր քարափներում։
Մտեք խոռոչը, -հրահանգեց Աշոտը։
Շավղի աջ պատին մի տեղ ժայռը կռացել էր և մի «պուճախ» առաջացրել, մի քարայծի թաքնվելու տեղ։ Դա այն խորշն էր, ուր խումբն անց էր կացրել Հովազաձոր մտնելու առաջին գիշերը։ Մեր տղաները մտան այդ խոռոչը և իրար սեղմվելով՝ դողացրին մինչև լույս։ Գիտեին, որ քանի ձյուն է տեղում, չեն սառչի, այդ ժամանակ երկիրը ծածկված է լինում ամպի վերմակով և տիեզերական սառնամանիքը չի հասնում նրան։
Իհարկե, նախանձելի չէր մեր պատանիների վիճակն այդ գիշեր, բայց և հուսահատական էլ չէր. արդեն ավելի վատ գիշերներ էին տեսել նրանք։ Քիչ առաջ էլ Աշոտի կյանքը մազից պրծավ, էլ ինչո՞ւ պիտի թափվող փափուկ ու տաք ձյունը անտանելի թվար նրանց, չէ՛ որ «կարկուտի տակ ընկնողը անձրևից չի վախենա»։
Երբ բուքը մի փոքր խաղաղվում էր, քարայրի շեմքից լսվում էին Սարգսի տագնապահար կանչերը.
Աշո՜տ, Գագի՜կ, որտե՜ղ եք…
Մի վախենաք, մեզ ոչինչ չի պատահի, պատասխանեց Աշոտը։
Երևի ձայնը տեղ չհասավ, Սարգիսը շարունակում էր տագնապով կանչել, երևի Շուշիկը նրան հանգիստ չէր տալիս։
Այստեղ ենք, այստե՜ղ, որքան ուժ ուներ գոռաց Աշոտը։
Եկե՜ք, ինչո՞ւ չեք գալիս..,
Ճամփան փակ է, դուք քնեցեք, դուք քնեցե՜ք, մենք վաղը կգանք։ Գիշերելու ենք այրի մեջ, դուք հանգիստ քնեցե՜ք…
Ի՜նչ սոսկալի էր շարունակ ձյուն փչող այդ մառախլապատ գիշերը…
Ես չեմ նկարագրի այն տանջանքները, որ կրեցին «Դիվային կածանում» փակված մեր պատանիները։ Ձյունը շարունակում էր տեղալ առատությամբ և լցնել դարուփոս, իսկ նրանք ժայռի ճակատներով նորից պիտի վերադառնային ձորը, այն արահետով, որով չոր ժամանակ անգամ անվանի որսորդ Արամը ահով էր գնում։
Իրենց գերության երեսունմեկերորդ օրը, քաղցած և տենդագին աշխատելով, նրանք հազիվ կարողացան նորից լցված արահետը մաքրել և մոտենալ ձորին, ուր Սարգիսը, իր փայտին հենված՝ արձանացել էր տեղացող ձյան տակ։ Անզորությունից նրա լացը գալիս էր, թե ինչու ինքն առողջ չպիտի լինի, որպեսզի ճամփա բանա դեպի ընկերներն ու սնունդ հասցնի նրանց։ Մյուս կողմից էլ Շուշիկն էր վայնասուն բարձրացրել քարայրի առաջ։ Նա ձայն էր տալիս, խնդրում, որ չշտապեն, զգույշ լինեն և ձայնը ցածրացնելով՝ լաց էր լինում այն մտքից, թե կարող է ընկերներից մեկն ու մեկը սայթաքել և ժայռից գլորվել։ Տագնապալի օր էր այդ օրը, և մեր պատանիները բոլորն էլ մեծ ապրումներ ունեցան, մինչև որ վտանգն անցավ, երեք ընկերները հասան շավիղի ծայրին, բաշի գլխից ցատկեցին ձորը և վրա ընկան Սարգսի բերած խաղողին։ Նույնիսկ Գագիկը ժամանակ չունեցավ կատակ անելու («Ինչ կատակի ժամանակ է, փորիս մտիկ եմ անում՝ գլխիս կրակ է վառվում», յուրովի մտածում էր նա)։
Հո չե՞ք հիվանդացել… հոգատարությամբ հարցնում էր Սարգիսը. Մենք գիշերը չկարողացանք քնել…
Չենք հիվանդացել, բայց հիվանդից պակաս չենք, թույլ ժպտաց Աշոտը։ Նրա թիկունքը բռնվել էր, ոսկորները տնքում էին, գիշերը սառած գլուխը ցավում էր։
Ավելի լավ վիճակում չէին և ընկերները. Գագիկը ծակոցներ ուներ կողերին և դրանից դժվարությամբ էր շնչում, իսկ Հասոյի ոտքերը, որ խոռոչից դուրս էին մնացել, մրմռում էին ցրտահարվածի նման։
Ոչինչ, տաքանանք՝ կանցնի, հուսադրում էր Աշոտը։ Շուշիկն ինչպե՞ս է։
Ոչի՛նչ։ Այդ ի՞նչ է, շալվարդ պատռվել է։
Ոչի՛նչ, հով կլինի, Աշոտի փոխարեն կարճ պատասխանեց Գագիկը։
Խաղող չէր դա, այլ ինչ-որ դրախտային մի բան, որի համը և պատճառած հաճույքը անկարելի է նկարագրել։
Երբ այնքան կերան, որ ուշքի եկան, Գագիկը մտածեց մռայլ եղանակը մեղմացնել.
Այս հո լավ եղավ…
Ի՞նչը լավ եղավ, զարմացավ Սարգիսը։ Նորից ձյուն ու բուք և հանկարծ՝ «այս լա՛վ եղավ…»։
Լավ եղավ, որ ճամփեն նորից փակվեց։ Պատկերացրո՛ւ, Սարգի՛ս, պալատի նման մի տուն ենք գտել, որ կարելի է ձմեռը հրաշալի ապրել, դռնո՛վ, լուսամուտո՛վ… և մեջը լիքը մի քանի հարյուր հատ չաղլիկ խորովածացու։ Իսկ մեր խելոք պետը ուզում է այդ բոլոր հարմարությունները թողնի գյուղ գնա։ Չէ՛, Գագիկը խամ բան չի անի. նա գյուղ կգնա միայն վերջին չղջիկը վայելելուց հետո…
Իսկապե՞ս, Աշո՛տ, տո՞ւն էլ կա, խորոված է՞լ…
Կա՛։ Կապրե՛նք, չվախենաք։ Եվ Աշոտը ամուր քայլերով առաջ ընկավ։
Նրանք՝ մահից ճողոպրած մեր պատանիները՝ վերջապես նորից օջախի մոտ են։ Ձյունն անընդհատ թափվում է երկնքից, ձմեռն է վրա հասնում իր արհավիրքներով։
Ի՜նչ լավ էր երեկ, արև՜, պայծա՜ռ… Իսկ ճամփից քիչ էր մնացել, բոլորովին քիչ… Ինչպե՛ս հանկարծ խորտակվեց լույս աշխարհ դուրս գալու հույսը։ Նամարդ բնությունը իր մի գիժ արարքով հիմնովին քանդեց մեր պատանիների հաշիվները։
Եվ խումբը ստիպված որոշում ընդունեց ձմեռել Հովազաձորում…
Գլուխ քսաներորդ. Թե ինչպես անցկացրին ձմռան առաջին օրը Հովազաձորի գերիները
Այդպես ուրեմն, մեր պատանիները, աղետի մեջ լինելով, ավելի մեծ աղետի ենթարկվեցին, այս անգամ արդեն վերջնականապես փակված մնացին Հովազաձորում, և միանգամից փշրվեցին ազատվելու նրանց այնքան վառ հույսերը։ Հիմա արդեն պարզ էր, որ իրենք մինչև գարուն փակված են մնալու։ Դրսի օգնության վրա հույս դնել չէին կարող, պարզ էր, որ գյուղում ոչ ոքի մտքով չէր անցել, թե պատանիները կարող են փակված լինել մոտակա ձորերից մեկում։
Չնայած այս անելանելի վիճակին, պիտի ասենք, որ մեր գերիները, բացի Շուշիկից ու Սարգսից, բավական արիաբար ընդունեցին մինչև գարուն փակված մնալու որոշումը որպես դառն իրականություն և արագ հաշտվեցին այդ փաստի հետ։
Սակայն որքան էլ անհավատալի թվա, պիտի ասենք, որ իրենց աղետալի վիճակը այս անգամ չէր ընկճել մեր պատանիներին։
Առաջին ձյունին, երբ պարզվեց, որ դրսից իրենց օգնություն չի գալու, ահն ու հուսահատությունը իսկույն պատեց նրանց, թեև եղանակը տաք էր, ձյունը հալվում էր և շատ էին ազատության շանսերը։ Իսկ այժմ, թեև շուտով ազատվելու շանս բոլորովին չէր մնացել, բայց նվնվացող չկար։ Նրանք այժմ համարձակ էին նայում ձմռան աչքերի մեջ, գրեթե մարտահրավերով։ Շատ աղետների ենթարկեց նրանց Հովազաձորը, բայց իրենք բոլորն էլ նորից կենդանի են, և դա քիչ բան չէ։ Հետո, նրանք այժմ մեծ փորձ ունեն ձմռան դեմ մղելիք պայքարի համար։ Մարմինները վարժվել է անձավային կոշտ կյանքին, ցրտին, զրկանքներին։ Եվ, ամենակարևորը, այժմ վստահ են, որ չեն կորչի, առաջին օրերի անվստահությունն այլևս չկա։ Իսկ վստահությունն առաջացել և ամրապնդվել է նրանց հոգում դժվարությունների մեջ, Հովազաձորի դաժան բնության դեմ մղած կռիվներում։ Մինչև այժմ Հովազաձորը նրանց չի կարողացել ընկճել։ Այսուհետև առավել ևս. Չէ՞ որ անգամ Սարգիսն ու Շուշիկը այլևս այն չեն, ինչ էին այն օրը, երբ ձորը մտան։ Ուրեմն խումբն ուժեղացել է։ Այդ բոլորի մասին ասաց Աշոտը և ամուր ասաց։
Ուրեմն, մենք պետք է պատրաստվենք ամբողջ ձմեռն այստեղ անցկացնելու, դիմեց նա ընկերներին։ Իսկ դրա համար՝ սննդից առաջ և նրանից շատ կամք է պետք և տոկունություն։ Եթե կամք եղավ՝ սնունդ կճարվի։ Առայժմ մենք խաղող և միս ունենք։ Վաղը ուրիշ բաներ կճարենք։ Հայտնի չէ, թե ինչ, բայց կճարենք։ Գլխավորը՝ չհուսահատվել և չնվվալ։ Այսպես, առավոտը տեղափոխվում ենք մեր նոր բնակարանը… Իսկ…
Ճշտի՛ր՝ մեր ձմեռայի՛ն բնակարանը։ Որովհետև մենք այս րոպեիս դեռ ամառանոցում ենք, վրա բերեց Գագիկը, իր լրացումի վրա հիացած։
Աշոտը շարունակեց.
Երբ կգնանք մեր նոր բնակարանը…
Էլի սխալ ես արտահայտվում, Աշո՛տ, պետք է ասել՝ երբ կմոտենանք առատ և համեղ խորովածացվին…
Այդ ի՞նչ խորոված է, որ քանի օր է այդ Գագիկը գլուխն է գցել, բարկացավ Շուշիկը, որը, հիվանդությունից նոր ապաքինված բոլոր կովկասցիների նման, սրտի թրթռոցով խորոված էր ուզում ուտել։
Գագիկը խորամանկ աչքով արավ.
Համբերի՛ր, Շուշի՛կ, իմ սեփական վառեկների նման լցրել եմ հավանոցս, դուռը վրաները փակել, ամեն ծակուծուկ խոտով բռնել, որ չփախչեն։ Վա՛հ, Աշո՛տ, դրուստ պիջակս մնացել է մեր նոր բնակարանի… բուֆետում կախած…
Հավատալս չի գալիս, թե քո հավանոցում հավ կա, գրգռում էր Շուշիկը, մի գաղտնի հույսով։
Նրա հաշիվները սխալ դուրս չեկան, Գագիկը տեղից վեր ցատկեց ու արժանապատվությամբ ասաց.
Ես որսո՞րդ եմ, թե որսորդի տղա, որ փչեմ։ Շամփուրները պատրաստեցեք, հիմի անփետուր վառեկները բերում եմ…
Հոխորտում էր, բայց մենակ իսկի այրի շեմքից կհեռանա՞ր որ։ Հասոն արդեն գլխի էր, որ Գագիկը այն կարգի տղաների թվին է պատկանում, որոնք իրենց երկյուղը աշխատում են խլացնել ամպագոռգոռ խոսքերով, որով և հետզհետե, ինքնաբերաբար, քաջալերվում են։ Գիտեր, բայց նրբանկատորեն ցույց չէր տալիս (իսկի ընկերոջ պատիվը կգցե՞ր որ)։
Գամ քեզ օգնե՞մ, համեստաբար հարցրեց նա։
Օգնականն ինչի՞ս է պետք… Հա՛, վառեկները շալակելու համար հարկավոր կգաս։ Գրքերի պայուսակը հետդ վերցրու։ Աշո՛տ, ինձ օգնող պետք չի, բայց քո հետաքրքրության համար կարող ես դու էլ ընկերանալ ինձ…
Այսպես նա հաջողեցրեց թե՛ իր երկյուղը քողարկել և թե այնպիսի խումբ կազմել, որի հետ կարելի էր անծանոթ անձավը մտնել։
Նրանք պետք է հետազոտեին այգու տիրոջ բնակարանը։ Անցյալ անգամ մթության մեջ ոչինչ չէին նկատել և շատ էլ չէին հետաքրքրվում, թե ինչ ժառանգություն է թողել իրենց խորհրդավոր անձավաբնակը, բոլորի ուշքն ու միտքը Դիվային կածանի կողմն էր։ Այո՛, երեկ ուրիշ էր, երեկ նրանք պատրաստվում էին տուն վերադառնալու։
Երբ ձյունը եկավ և պարզվեց, որ վերջնականապես փակված են մնում ձորում, այգու տիրոջ բնակարանը նոր արժեք ստացավ նրանց աչքում։ Իրենց փրկությունը շատ բանով այժմ կախված էր այդ բնակարանից, որի մեջ, անշուշտ, կլինեն այն հասարակ հարմարությունները, որով ապրել է նրա տերը։
Ահա ինչու Աշոտը ևս անհամբեր էր դարձել։ Նա վերցրեց կենու խեժառատ ձողեր, որ Սարգիսը պատրաստել-չորացրել էր օրեր առաջ՝ երեկոները ճրագի տեղ վառելու համար, և դուրս ելավ այրից։ Գագիկն ու Հասոն վառվող փայտեր վերցրին հետները (հո չէի՞ն մոռացել գազանի հարևանությունը) և գլխներից վերև պտտեցնելով ցած իջան, հասան քարե աստիճաններին և թեքվեցին դեպի վեր։
Երբ մտան այրը և խանձողները միացնելով փչեցին-բոցավառեցին, առաջին բանը, որ տեսան՝ հատակին ընկած մի մրոտ կաթսա էր, փայտե շերեփը մեջը։ «Ա՞յ, ընկերն ինչի համար է, առանց ընկերի այստեղ սի՞րտ կդիմանար», -մտածեց Գագիկը և մեծահոգաբար թույլ տվեց Աշոտին, որ առաջ անցնի և մոտիկից զննի պղնձյա կաթսան, որի ներսը արջասպի գույն էր ստացել։
Ահա թե ինչի մեջ է կերակուր եփել այգու տերը։ Այս էլ նրա ափսեն, և Աշոտը մի կավե աման վերցրեց այրի անկյունից։ Կաթսա՜… ափսե՜… Անպատմելի ուրախություն պատեց մեր պատանիներին։ Հիմի որ նրանք ջրի պաշար էլ կունենան, կերակուր էլ կեփեն։
Տղաները ժանգոտ կաթսան տարել-չորս կողմից զննում էին այրի շեմքին, լույսի առաջ, ապա կավե ամանն էին շուռումուռ տալիս և լուռ հրճվում։
Տեսնենք է՛լ ինչ կա… Սղո՛ցը պիտի գտնել, Աշո՛տ, հիշո՞ւմ ես սղոցած քոթուկը, գոչեց Գագիկը։ -Սղոցը որ գտնենք՝ էլ վառելիքի պակասություն չենք ունենա։
Այդ ժամանակ մի թռչուն, օդում անձայն և կեռումեռ պտույտներ անելով՝ բաց դռնից դուրս թռավ։ Նրան հետևեցին երկրորդը, երրորդը, չորրորդը…
Խորովածը ձեռից գնաց, գոչեց Գագիկն ու դուռը ծածկելով՝ մեջքը դեմ արավ նրան։ Երբ վեր նայեց, այրի առաստաղին կրակի լույսով բազմաթիվ թուխ ուռուցքներ տեսավ։ Ծիծեռնակի ցեխաշեն բնե՞ր են ապառաժին ամրացված, թե՞
Նա դեռ չէր որոշել, թե ի՞նչ է իր տեսածը, երբ այդ «բներից» մեկը պոկ եկավ և թևեր առնելով սկսեց պտույտներ գործել այրի մեջ։
Լույսից զարթնում են, Հասո՛, խանձողներն իրարից հեռացրու, գոչեց Աշոտը։
Բոցը հանգավ, ճնշող խավար տիրեց այրում և Հասոյին թվաց, թե նրա մութ խորշերը լցվեցին քաջքերով. նա հանեց դանակը, բաց արավ և պողպատը թույլ առկայծեց մարվող կրակի ցոլքից։ «Հիմի որ չեն մոտենա…», սրտապնդված մտածեց նա։ Հայրն ասել էր, որ «շեյթանը» վախենում է սրած պողպատից…
Դո՛ւրս եկեք, հրահանգեց Աշոտը։
Էն աղջկա առաջ գլուխս գովել եմ, Աշո՛տ, ինձ մի՛ խայտառակիր, չեղած մորուքը բռնելով խնդրեց Գագիկը։
Ի՞նչ անենք։ Ո՞նց բարձրանանք։ Պատն ի վեր գերան պիտի կանգնեցնենք, ուրիշ կերպ չի լինի…
Չգիտեմ, դուք մի հնարքով բռնեցեք մի քանիսին, տանելն ու Շուշիկին տալը իմ վզին… Կարող եմ ուտելն էլ վզիս վերցնել, արևս վկա…
Տղաները մթնում ծիծաղում էին։
Ես էլ չեմ գնա առանց վառեկի։ Իմ քույրը, որ վառեկ չուտի, ես չեմ հանգստանա, կտրուկ հայտարարեց Հասոն։ Հասկացա՞ք, որ սիրտը խորոված է ուզում…
Հասկացանք, հո գլուխներս դդում չի։ Հա՛, Աշո՛տ, ասում ես՝ գերան է պետք։ Բա ես ու դու մի գերանի չափ չկա՞նք։ Արի ուսերիդ կանգնեմ, Հասոն էլ՝ ի՛մ ուսերին…
Ճարն ինչ, համաձայնեցին։ Շարվեցին նրանք այրի պատն ի վեր և Հասոյի ձեռքը հասավ ամենամոտ չղջիկներին։ Տղան սարսռում էր նրանց կակուղ ու սառը մարմիններն իր ձեռքի մեջ զգալով, բայց և քաղցած մարդու հաճույքն էր զգում այդ հպումից։
Ուսից կախած պայուսակը լցրեց չղջիկներով և զարմանքով տեսավ, որ նրանցից ոչ մեկը փախչելու փորձ չի անում, նույնիսկ չի էլ շարժվում տոպրակում։ «Ա՜յ քեզ խելոք վառեկներ», Գագիկի «ոճով» մտածեց նա և ցած թռավ։
Որ պիջակս անցքից հանեմ, հո չե՞ն փախչի, հարցրեց Գագիկը։
Չէ՛, ամուր են քնած։ Որոնք դեռ լավ չէին քնել ու արթնանալու էին՝ արդեն փախել են, իսկ սրանց քունը խոր է, բացատրում էր Աշոտը։
Գագիկը դրսում հագնում էր իր պիջակը և հետը զրուցում.
Խե՜ղճ, առանց ինձ մրսել է։ Արի, արի մեջքիս կպիր տաքացիր…
Վառեկները բերե՞ց թուխ տղան, թե չէ, այրը մտնելուն պես գոչեց Գագիկը։ Քո արևը, Շուշի՛կ, մի աման ու մի պղինձ ենք գտել, որ ամեն մեկը մի աշխարհ արժե։
Վա՞յ, ինչ լավ է, ուրախացավ աղջիկը։ Իսկապե՞ս վառեկներ ես բերել։
Բայց իրենց թաղանթների մեջ փաթաթված և ձմռան քուն մտած չղջիկներին տեսնելով, աղջիկը զզվանքով դեմքը ծռմռեց։
Սրանց կերածը միջատներ են բոլոր մյուս թռչունների նման։ Իսկ միսը՝ հիանալի է, համոզում էր Աշոտը։
Բայց Շուշիկը ոչ մի կերպ չէր համաձայնում ճաշակել սննդի այդ նոր տեսակից։
Այն ժամանակ Սարգիսը նորից դիմեց դպրոցում անցած առարկաների օգնությանը։ Նա ասաց, որ իրենք շատ խաղող ունեն, բայց միայն խաղողով ապրել չի կարելի։ Կենսաբանությունից հայտնի է, որ խաղողը միայն «վառելիք» է տալիս մարդու օրգանիզմին։
Իսկ մեզ վառելիքից բացի, սպիտակուցներ են հարկավոր, ասաց նա ծանր-ծանր։ Մեր թուլացած մկանները ինչո՞վ ենք վերականգնելու, չէ՛ որ օրգանիզմի շինանյութը սպիտակուցն է…
Այո՛, -համաձայնեց Աշոտը։ Ուրեմն, եթե ուզում ենք ապրել, մի կողմ պիտի դնենք զզվանքը։ Եվ ինչ զզվելու բան կա, կրիայից էլ էինք զզվում, տեսա՞ք ինչ համով էր։
Է՜հ, բան ասացիր, Փարիզում գորտ են ուտում, Հունաստանում՝ խխունջ, ես Հովազաձորում փափլիկ չղջիկ չե՞մ ուտի։ Դրանցից մեկը տուր տեսնեմ։
Այնքան ամուր էին քնել չղջիկները, որ Գագիկը կրակի լույսի տակ նրանցից մեկին ափերի մեջ շուռումուռ էր տալիս, բայց սա չէր արթնանում, դա նման էր լեթարգիական քնի։
Չղջիկը իր մաշկե թևերով չորս կողմից փաթաթվել էր այնպես, ինչպես թիկնոցով կփաթաթվեն անձրևի ժամանակ, կամ այն դեպքերում, երբ չեն ուզում, որ մարդ ճանաչի իրենց։ Փաթաթանից դուրս էին մնացել միայն ոտքերի սուր ու կեռ ճանկերը, որոնցով և գլխի վրա կախվում ու հենց այդպես էլ կախված ձմռան քուն է մտնում նա։
Ա՜յ հետաքրքիր ուսումնասիրության նյութ բնասերի համար։ Աշոտը ափի մեջ զննում էր մի այլ չղջիկի և մեկ-մեկ ցույց տալիս ընկերներին, թե ինչպես այդ կենդանին իր հոտոտելիքը, շոշափելիքը, լսելիքը փակել է իր թաղանթով։ Նա զգուշությամբ ետ էր ծալում թաղանթն ու ցույց տալիս։ Չղջիկը քթի վրայի լրացուցիչ թաղանթով ծածկել էր անգամ իր քթի անցքերը։
Այդպիսով նա քնած ժամանակ կտրվում է արտաքին աշխարհից, տպավորություններ և գրգիռներ չի ստանում, ուստի և քնում է անվրդով, հանգիստ։
Երբ կենդանու «փաթաթանները» ետ տվին, բացվեց նրա մարմինը, որ բաց-գորշավուն էր, իսկ մեջքը թույլ մոխրա-շագանակագույն երանգ ուներ։
Հենց բացվեցին կենդանու ծածկված զգայարանները, արթնացավ և թպրտաց Աշոտի ձեռքի մեջ։
Դե՛հ, ուսումնասիրությունը հետաձգենք, հիմա ընթրիքի ժամանակ է, ընկերների հայացքներում անհամբերության որոշակի նշաններ կարդալով, վճռեց խմբի պետը։ Դժվարը դա էր՝ պետի վճիռը։ Մնացածը կատարվեց այնպիսի արագությամբ, որ մի քանի րոպե հետո արդեն խորովածի անուշ բույրը ծխի հետ թանձրացել էր այրի կամարների տակ։
Դե Հասոն հովի՜վ, Գագիկն էլ խոհարարի բնածին հատկություններով օժտված պատանի, պարզ է, որ խորովածը պիտի գլուխ բերեին հինգ րոպեում։
Շատ էին քաղցած, դրանի՞ց էր այդքան համեղ, թե՞ նրանից, որ այդ կենդանիները բռնվել էին իրենց ամենագեր ժամանակ, ձմռան քուն մտնելուց առաջ, մյուս բոլոր քնող կենդանիներին արջի, ոզնու, գորշուկի և մյուսների նման չղջիկն էլ է խիստ ճարպակալում։
Այդպիսի հաջող որսամիսը ավելացրեց ձմռանը դիմանալու, նրանց հույսերը։
Եթե ձեռքից չփախցնենք այս չաղլիկ ճուտերին, ամբողջ ձմեռը մեր օջախից խորովածն անպակաս կլինի, ասաց Աշոտը։ Միայն պետք է հնարը գտնենք, թե ինչպես վարվել, որ թե՛ մենք ապրենք այն ապահով այրում և թե՛ նրանք չարթնանան ու ցրիվ չգան։ Այդ բոլորը՝ վաղը։ Կաթսան ու ամանն էլ վաղը կուսումնասիրենք և կորոշենք, թե ինչպես գործածել դրանք։ Իսկ հիմա…. Ինչո՞վ սպանենք ժամանակը, մի քիչ չկարդա՞նք…
Աշոտը զգուշությամբ էր առաջ քաշում իր առաջարկը, վախենում էր, որ ընկերների դիմադրությանը կհանդիպի։ Բայց ոչ ոք չառարկեց նրան։ Նույնիսկ Շուշիկը, որը կշտանալուց հետո լավ էր տրամադրված, ասաց.
Գիտե՛ք, գյուղում այնքան էին ստիպել դաս պատրաստեմ, որ գրքերից զզվել էի… Իսկ երեկ չէ մյուս օրը ցերեկով սկսեցի կարդալ՝ երևակայեցեք, դուր եկավ։ Գագի՛կ, դու լավ ես կարդում, մի բան կարդա մեր «մայրենի գրականության» դասագրքից։
Դե իմ անուշ ձենը ում չի դուր եկել, որ քեզ դուր չգա… Սպասիր մոռի թեյը խմեմ՝ հետո։ Աշխարհում, որ մոռի թուփ կա, էլ ինչի՞ են թեյի պլանտացիաներ հիմնում՝ չեմ հասկանում։ Պա՛հ, պա՛հ, պա՛հ, թեյ հո չի՛, խմողը գիտի, չխմողն ի՞նչ գիտի, գովում և իր բաժին թեյը իր իսկ պատրաստած կոպիտ «գավաթով» խմում էր Գագիկը։
Երբ արդեն քաղցն ու ծարավը հագեցրել էր, ձեռքը դրեց փորին ու իր հանգի ասաց.
Հիմի որ խիղճս հանգստացավ…
Ասենք միայն Գագիկը չէր, որ անհոգ ձևանալու փորձեր էր անում, բոլորն էլ միմյանց սիրտ տալու կարիք էին զգում, բոլորն էլ այնպես էին ձևացնում, որ ճամփան փակվելով իբր թե առանձին մեծ բան չի պատահել…
Այո՛, դրսից էին ուրախ ձևանում։ Իսկ իրականում յուրաքանչյուրի սրտում նույն ահն էր, նույն հարցը՝ կդիմանա՞ն Հովազաձորի դաժան պայմաններին…
Գլուխ քսանմեկերորդ. Թե երբեմն որքան ձեռնտու չէ ձմռան քուն մտնելը
Դեռ չէր լուսացել, երբ անձավում փայտը վերջացավ։ Ասենք, շրջապատում այլևս վառելիք չէր մնացել, որտեղի՞ց պիտի ձեռք բերեին։ Այրին մոտ եղած ծառերը ճղակոտոր էին արված և քամու դեմ կանգնած էին ցից-ցից՝ այլանդակված ու հաշմանդամ։ Ինչ որ կարելի էր ձեռքով ջարդել՝ մեր տղաները արդեն ջարդել-վառել էին։ Մնացել էր կացնի բաժինը, կացին էլ չկար։
Նրանք կրակն անթեղեցին և իրար հպվելով, դողացին մինչև արևածագ, դրանից առաջ ո՜վ էր գժվել, որ դուրս գար։ Գիշերը ձյունը դադարել էր, մի աներևույթ ձեռք երկնքից վերցրել էր երկիրը ծածկող ամպե վերմակը և միջմոլորակային կտրող սառնությունն իջնում էր ցած, քարացնում ամեն ինչ։
Երբ այրի շեմքին կուտակված ձյունը կայծկլտաց նոր ծագած արևի անդրանիկ շողերից, խմբի պետը գտավ, որ ժամանակն է գնալ վառելիք հայթայթելու։
Դա խմբի գերության երեսուներկուերորդ օրն էր։ Փայտացած մարմինները ճրթճրթում էին ամեն լարված շարժումից։ Հետզհետե արյան հոսքը արագացավ նրանց երակներում, մի քիչ տաքացան, դուրս ելան քարայրից և աչքները կկոցելով կանգ առան։ Երկիրը նորից ճերմակ էր հագել, նորից ամեն ինչ ծածկվել էր փափուկ ձյունով և դիմացի լեռները կարծես բարձրացել էին ու շաքարի գլուխների նման ճերմակին էին տալիս երկնքի ջինջ լազուրում։
Հովտի աջ եզերքին վեհորեն նստել էր Արարատը՝ սպիտակափառ նահապետի նման, և խաղաղ նայում էր մոտը երկար շարքերով պար բռնած իր հսկա որդիներին ու թոռներին՝ հայկական լեռներին։
Հիանալու ժամանակ չի, գնա՛նք, հրահանգեց Աշոտը և առաջ ընկավ։
Սպասի՛ր, կանգնեցրեց Գագիկը, մեր սիրելի հարևանին մոռացե՞լ ես… Էն, որ կատվի նման ճանկեր ունի…
Ի՞նչ անեին, գոնե մի ածխակոթ չէր մնացել, որ զգուշության համար վերցնեն հետները։
Լա՛վ, Շուշի՛կ, էն մարխի ձողերը դիր կրակին, փչիր, թող ծուխ անի, մենք հիմի կգանք… Մի վախենաք, էս պայծառ օրը գազան չի լինի դրսում, գազանները չեն սիրում լույսը…
Ձեզ չեմ հասկանում, բողոքեց Շուշիկը։ Համ ասում եք պալատի նման տուն եք գտել, համ վեր չեք կենում գնանք-տեղավորվենք էն տաք տեղը… Ինչի՞ն եք սպասում, չեմ հասկանում, ախր սառչում ենք էստեղ…
Ուզում ես խրտնեցնե՞նք մեր ճուտիկներին։ Մինչև նրանց, չիջեցնենք իրենց թառից, տեղափոխվելը հանիր մտքիցդ, -բացատրեց Գագիկը։ Դե՛հ, մենք գնացինք…
Նրանք խրվեցին սառը ձյան մեջ, փշաքաղվեցին, սրսփացին։ Ա՛խ, մի թեժ կրակ լինե՜ր… Այդ արևն էլ ի՛նչ դանդաղ է բարձրանում…
Աղմկելով, գոռգոռալով եկեք հետևիցս, կարգադրեց Աշոտը և առաջ անցավ։
Ճամփին Գագիկը նրան կանգնեցրեց։
Աշո՛տ, վառելիքից առաջ մեզ սնունդ է պետք։ Մի գնանք տեսնենք ի՞նչ բանի են մեր վառեկները։
Այո, սնունդը ամեն ինչ էր. ձյունը ծածկել էր և՛ այգին, և՛ արմտիքը, և՛ հատապտուղները։ Պարզ էր, որ խմբի կյանքն այժմ կախված է Գագիկի «վառեկներից»։
Լավ, Հասո՛, գնա կլեպով կրակ բեր, համաձայնեց Աշոտը ու քայլերն ուղղեց դեպի խորհրդավոր անձավը։
Լավ է, «վառեկները» դեռ թառած են։ Բայց ինչպե՞ս բռնել նրանց։ Տղաները լուռ մտածում էին։
Իսկ եթե անզգուշաբար ձեռքից փախցնե՞ն։ Եվ դա ավելի հավանական էր, քան չղջիկներին ձեռք բերելը, որովհետև տղաներից ոչ ոք չգիտեր, թե ի՞նչ միջոցներով են որսում այդ կենդանիներին ձմեռային քուն մտած ժամանակ։
Անհանգստությունը հետզհետե պատեց մեր պատանիներին. եթե չղջիկները փախչեն, իրենք անպայման սովամահ կլինեն։
Ծուխ դնենք, թող խեղդվեն ցած թափվեն, առաջարկեց Գագիկը։
Մինչև խեղդվելը կզարթնեն ու այն ժամանակ էլ քնեցնելու հնար չի լինի։ Դրանց պետք է քնած ժամանակ բռնել։
Չէ՛, արի փորձենք ծուխը, մեկ-մեկ բռնելու ո՜վ գլուխ ունի։ Ծուխ դիր, թող մի րոպեում հինգ հարյուր հատ թափվի տանձի նման…
Ախր անխելք առաջարկ ես անում, Գագի՛կ։
Իսկ դու թո՛ղ ուրիշներին իշխելու այդ սովորությունդ, լրջացավ Գագիկը։ Հենց միայն քո ձին ես քշում՝ ուր որ ուզում ես։ Չի լինի՞, որ խորհուրդ անես ընկերներիդ հետ։
Քեզ հետ ի՞նչ խորհուրդ անեմ, ախր բնության գործերից դու բան չես հասկանում, շպրտեց Աշոտը, բայց և իսկույն զղջաց. Գագիկի խորհրդով չէ՞ր, որ Սարգսին փրկեցին մահից։ Իր այս նոր մտքից Աշոտը ժպտաց։ Եվ թեև համոզված էր, որ Գագիկի առաջարկը խելացի չէ, բայց և այնպես չկարողացավ նրա խոսքը մերժել։
Լա՛վ, փորձե՛նք, զիջեց նա։
Ներս մտավ Հասոն ծխացող փայտի ձողերը ձեռքին, իսկ նրա հետևից՝ Շուշիկը։
Այդ վիճակում ո՞վ է քեզ թույլ տվել, բարկացավ Աշոտը։
Վախենում եմ էնտեղ… Հասոն օգնեց, մի կերա եկա… Ինչո՞ւ եք մութի մեջ, ինչո՞ւ դուռը չեք բացում… Ի՞նչ եք գտել…
Հիմա կհասկանաս, սպասի՛ր…
Խռիվ հավաքեցին, ապա այրի ծակուծուկը նորից ամրացնելով, կրակ վառեցին։ Ծուխը հասավ քարե կամարներին, բայց չղջիկները ոչ մի բանով չարձագանքեցին։
Չե՞ս հիշում, ոնց էր թաղանթով քթածակերը ծածկել։ Դրանք երևի չեն էլ շնչում, ի՛նչ խեղդվեն… Ես մի գրքում կարդացել եմ, որ քնած ժամանակ դրանց մարմնի ջերմությունը իջնում է յոթ աստիճանի, ուրեմն, համարյա կենդանի չեն, էլ ի՞նչ խեղդվեն, ցած ձայնով խոսում էր Աշոտը։
Կա՛ց, մի քիչ էլ զոռենք։ Գոնե մի քիչ շնչելիս կլինեն։
Երբ ծուխը թանձրացավ այրի կամարների տակ, փափուկ թռիչք զգացվեց օդում և չղջիկները դռան նեղլիկ ճեղքով սկսեցին իրար հետևից դուրս թռչել։
Բռնի՛ր… բռնի՛ր… վա՛յ, վառեկներս փախա՜ն, գոչեց Գագիկն ու խուճապարար վազեց դեպի դուռը, որի ճեղքերով դրսից աղոտ լույս էր թափանցում։ Բայց այդ ճեղքերն այնքան նեղ էին, որ բզեզը նրանցով հազիվ դուրս սողոսկեր, ո՜ւր մնաց Գագիկի «վառեկները»։ Տղաները մոլորվել էին, իսկ չորս կողմից ուրվականի նման թռած գալիս և դռնով դուրս էին թռչում չղջիկները։
Աշոտ, ո՞ր ծակով են փախչում։
Գագիկը խուճապահար դես-դեն էր ընկել, երբ նկատեց, որ նրանց փախուստի ճանապարհները հենց այդ նեղլիկ ճեղքերն են։
Խցկի՛ր, շո՛ւտ… որտեղից լույս է երևում, խցկեցե՛ք… ասեղի ծակ էլ չթողնեք, ես դրանց էն, էն…
Աշոտը վրդովված էր թե՛ Գագիկի, թե՛ չղջիկների դեմ։ Այդպես էլ աներես կենդանինե՞ր, չե՞ն հասկանում, որ սովահար պատանիների կյանքն իրենցից է կախված։ Թո՛ւհ, այնպիսի անցքերով են փախչում, որ մատիտ չի մտնի…
Հասո՛, կրակը տրորիր-հանգցրու… իզուր լսեցի… իզուր տեղահան արինք դրանց…
Երբ ճեղքերը արդեն բռնված էին, իսկ կրակը՝ հանգած, մեր տղաները հետզհետե հանդարտվեցին, բայց ափսոսանքի զգացումը կրծում էր նրանց սիրտը։
Ուզում էիր հինգ հարյուրը միանգամից բռնել։ Կերա՞ր, նախատեց Աշոտը։
Գագիկը լուռ էր. ո՜նց թռան անիրավ խորովածացունե՜րը… դառնորեն մտածում էր նա։
Բայց ախր էս անցքից մի բզեզ հազիվ դուրս գա, դրանք ո՞նց անցկացան, ճեղքը ցույց տալով հարցնում էր նա։ Նստեցին պատի տակ, մտածում էին։
«Երևի դուրս փախչողները չղջիկների ամենափոքր տեսակներից են», մտածում էր Աշոտը։ Նա գիտեր, որ մի տեսակ չղջիկ կա, բզեզի մեծության չղջիկ, որը կարող է խցկվել այնպիսի ճեղքեր, ուր ճանճից խոշոր արարած մտնել չի կարող։ Աշոտը մտածեց, որ անձավի մի այլ անկյունում հավանաբար հավաքվել և առանձին ձմեռում էր չղջիկի հենց այդ տեսակից կազմված գաղութը։
Բավական ուշ, երբ արդեն բարկությունն անցել էր, նա ընկերներին տվեց իր բացատրությունը.
Տես ես ինչ եմ ենթադրում, չղջիկի մարմինը հարմարեցված է նեղ ճեղքի, որ ինքը ներս խցկվի, իսկ թշնամին չկարողանա հետևից ներս մտնել։ Աղվեսն էլ է այդպես, նրա բույնը այնքան նեղ է լինում, որ ամենաբարակ շունը չի կարողանում հետևից մտնել։ Աչքովս եմ տեսել։ Հիմի դուրս գանք, թող հանդարտվեն…
Ծխից արթնացած չղջիկներն անձայն թևածում էին քարայրում, երբ տեսան, որ դուռը բացվեց, դուրս թռան։ Մնացին քնածները, որ դեռ անվրդով կախված էին այրի բարձր առաստաղից։
Տղաները արևկող էին արել ժայռի պատն ի վեր և լուռ մտածում էին։ Ցուրտ էր, ձյան մեջ խրված ոտքերը սառչում էին, իսկ քաղցը նորից սկսել էր տանջել։ Եթե չտարվեին այդ անիծյալ ճամփան բացելու ապարդյուն գործով, կհավաքեին խաղողի բերքը և ձմեռը մի կերպ կապրեին խաղողով։ Հիմա ի՞նչ անեն, ո՞ւր գնան…
Կանգնելով ոչինչ չի լինի, պետք է մի բան անենք։ Հասո՛, քո դանակով կարո՞ղ ենք սանդուղք շինել, -հարցրեց Աշոտը։
Ի՞նչ ասեմ։ Ախր մեր խմբի մեջ արգելված է «չէ» բառը։
Այո՛, արգելված է…
Ուրեմն՝ կշինենք… Չկարողանանք էլ, պիտի շինենք…
Դե եկեք երկու երկար ու բարակ ծառ գտնենք։
Հարավին նայող քարքարոտ երկի՜ր, այդտեղ երկարահասակ ծա՞ռ կլինի, նրանք երկարում են միայն խիտ անտառում, մանավանդ հյուսիս նայող լանջերին։ Այնտեղ մրցություն կա արևի համար. ամեն մեկը իր կատարը վեր է մեկնում, որ հարևանից շատ արև ստանա։ Այստեղ՝ Հովազաձորում ծառն ի՞նչ կարիք ունի դեպի վեր գնալու, երբ շրջակայքն ազատ է, իսկ արևը այնքան առատ, որ պիտի արմատներդ խրես մինչև հողի խոնավ խորքերը, որ չչորանաս։
Ամենաերկար շահել ծառերը, որ նրանք կատարներից կախվելով արմատահան արին, այրի բարձրության հազիվ կեսը հասնեին։ Այն ժամանակ նրանք խելք-խելքի տվին և դիմեցին մի այլ հնարքի՝ այդ ջահել ծառերը զուգահեռ մեկնեցին գետնին և ճիլոպով նրանց ամրացրին փայտի կարճ կտորներ, նոսր աստիճաններով մի խախուտ սանդուղք ստացվեց, որը և հենեցին պատին։ Նրանք գտան մի այլ ձող, որ երեք ճյուղանի վերջավորություն ուներ, այդպիսի ձողով է այգեպանը, ծառի տակ կանգնած՝ բարձր ճյուղերից մեկ-մեկ պոկում և վար բերում խնձորներն այնպիսի զգուշությամբ, որ սրանք չեն էլ «զգում», որ պոկվել են իրենց մայր ճյուղից։
Գրեթե ամբողջ օրը կորցրին նրանք այդ գործի վրա։
Երբ արդեն պատրաստ էր, Գագիկն ասաց.
Սանդուղքը խախուտ դուրս եկավ, բայց ինձ կդիմանա, հիանալի թեթևացել եմ, տղե՛րք։ Դուք ամեն մեկդ մի կողմից բռնեցեք։
Նա վեր բարձրացավ, տեղավորվեց ամենավերին աստիճանին և ձեռքի ձողը մեկնելով առաստաղին, այնտեղից իր «եռամատով» մի չղջիկ ցած բերեց այնքան զգույշ, որ սա նույնիսկ չարթնացավ։
Մտիր տոպրակս, անուշ ջան, մեղմությամբ արտասանեց նա՝ կենդանուն խոթելով իր վզից կախած պայուսակը։
Ըմբռնեցի՞ր, հաղթական հարցրեց նա վերևից։
Աշոտը ծիծաղեց, մութի մեջ խնդաց և Հասոն։ Դե ինչպե՞ս չուրախանային, չէ՛ որ վերջապես գտնվել էր «վառեկներին» իրենց բարձր թառից իջեցնելու հնարը։ Լավ է, հիմի որ չեն կորչի։
Բայց Աշոտը գոհ չէր Գագիկի «տեմպերից»։
Այդպես դու երեք օրում չես վերջացնի։
Ապա դուռը կիսաբաց անելով, տեսավ այրի գմբեթը ծածկված մուգ կետերով և սկսեց մտքում հաշվել։
Եթե ամեն րոպեում մեկ հատ ցած բերես, ուրեմն հինգ վեց հարյուր րոպե պիտի աշխատես։
Վեց հարյո՛ւր… Սրանց հոգուն մատաղ, ուրեմն այդքան շա՛տ են։ Սպասիր, մեկը ցած գցեմ, տեսնեմ մինչև մեռնելը կզարթնի՜…
Նա ցած նետեց ձողի ծայրի չղջիկը։
Ինչ արթնանալ, այդ բարձրությունից ընկնողն իսկի կարթնանա՞ որ…
Գործը հեշտացավ. Գագիկն արագ-արագ ցած էր թափում խոր քուն մտած կենդանիներին և նրանք ներքևում շարունակում էին քնել, բայց այս անգամ արդեն հավիտենական քնով…
Ջա՜ն, ապրեցի՜նք… վերևում խնդում էր Գագիկը և եթե տակը խախուտ չլիներ, երևի պար էլ գար։
Քաք գիրքա