Վախթանգ Անանյան

Հովազաձորի գերիները

19

Գլուխ տասներորդ. Թե ինչպես դեպք է լինում, երբ ընկերոջդ համար պիտի զոհես ամենաթանկագին բանն անգամ

Կեսօրը նոր էր անցել, երբ Աշոտն ու Գագիկը ուժասպառ և քաղցած ետ եկան։ Ի՜նչ գալ, ուղղակի մի կերպ քարշ գալով հասան այրին ու փռվեցին նրանից ներքև։ Դառն փորձով նրանք նորից համոզվեցին, որ առանց սնունդ հայթայթելու հնարավոր չէ աշխատանքը շարունակել։ Արևը տաքացնում էր մեղմ ու գորովագութ մոր նման։ Մարդ այսպես պառկած անզգայանա, մոռանա ամեն ինչ՝ և՛ աշխարհ, և՛ քաղց։ Բայց քաղց-հրեշը լափում էր նրանց ներսը, հանգիստ չէր տալիս։ «Ուտելու բան չկա՞», -հարցնում էին նրանք հայացքով։

Հասոն մեղավորի նման գլուխը կախ էր գցել ու լռել։ Ուզում էր պատմել այդ օրը իր գլխին եկածը, ուզում էր ասել, որ հիմա ինքը կգնա-կփնտրի պտուղներ կգտնի, բայց ուժ չուներ ասելու, թե որ խոստանար էլ, չէր կարող կատարել։

Տնքոցներ էին լսվում այրի ներսից և այդ տնքոցները մուրճի նման իջնում էին նրա զգայուն սրտին։

Բոյնախը դժվար ապրի, խեղդված ձայնով ասաց նա և կարճ պատմեց եղելությունը։

Աշոտը կենտրոնացած մտածեց և չորս կողմ նայելուց հետո մի տեսակ դավադիր շշուկով ասաց.

Ստիպված ենք շանը զոհելու…

Հասոյի աչքերը արցունքով լցվեցին։

Էլ ես ո՞ւր եմ ապրում, տնքաց նա։

Մի պահ բոլորն էլ լռեցին։ Նրանք գիտեին, թե ի՛նչ է Բոյնախը Հասոյի համար։ Բայց ուրիշ ելք չկար և նրանք արդեն ագահությամբ էին նայում վիրավոր կենդանուն։ Անծանոթ կրակներ էր տեսնում Հասոն նրանց փոս ընկած աչքերի մեջ ու սարսռում։ Տես ո՜ւր է հասցրել սովն այս բարի տղաներին…

Միայն սնունդը չի։ Եթե Շուշիկին տաք չպահենք, չի ապրի… Պետք է տիկ հանել (նա չասաց, թե ում), շուռ տալ և տոպրակի նման հագցնել նրան, ինչպես բևեռային երկրներում են անում։ Միայն դա կփրկի Շուշիկին, մեկ էլ տաք մսաջուրը…

Հասոն ընկավ սրի ու կրակի մեջ։ Իսկապես, Շուշի՜կը… Այդպե՛ս է քուրդ մարդը հոգ տանում իր քուրացվի կյանքի համար։ Բայց Բոյնախին ինչպե՞ս զոհի, ի՜նչ դաժան ձեռք պետք է լինի, որ բարձրանա նրա վրա… Երկու հակադիր զգացմունքներ երկար պայքարեցին Հասոյի ներսում։ Վերջապես, այդ պայքարից ուժասպառ՝ տղան խեղդված ձայնով ասաց.

Լա՛վ… Ես հեռանում եմ, էնպես արեք, որ չտեսնեմ… չլսեմ…

Ու մոլոր քարշ եկավ ու անցավ ժայռաբեկորների հետևը, որպեսզի ներկա չլինի այն եղեռնին, որ պիտի կատարվեր իր իսկ թույլտվությամբ…

Բոյնա՛խ ջան, ախպե՛ր ջան, ես մեղավոր չեմ… երեսի վրա փռված, դեմքը խաշամի մեջ թաղած՝ դառնագին մրմնջում էր հովիվ պատանին…

Գնում էր Աշոտը դեպի ներքին ժայռաշարքերը, գնում էր տրտում ու մոլոր քայլերով։ Գագիկը հանդիսավոր ու լուռ հետևում էր նրան։ Իր կյանքում դեռ երբեք նա այդքան լուրջ ու տխուր չէր եղել։ Իր գոտին նա դրել էր Բոյնախի վզին ու քաշում էր կամաց.

Արի՛, Բոյնախ ջան, արի՛…

Վիրավոր կենդանին հլու-հնազանդ, արյուն տալով հետևում էր նրան, առանց իմանալու, թե ինչ մտադրությամբ են իրեն տանում դեպի ներքին ժայռը։ Միայն իր տերերի արտասովոր լուրջ դեմքերից և այն բանից, որ կապ էին դրել իր վզին, լավ բան չէր գուշակում։

Անցան ժայռերի հետևը և կանգ առան։ Շունը իր խելացի աչքերով փոխն ի փոխ մեկ Աշոտի դեմքին էր նայում, մեկ Գագիկի։ Տղաները խուսափում էին նրա հայացքից, չէին համարձակվում ուղիղ նայել կենդանու աչքերի մեջ. մեղավոր էին նրա առաջ, ահավոր մտադրություն կար թաքնված նրանց ներսում, ի՞նչ երեսով նայեին իրենց զոհին…

Իսկ շունը հայացքով շարունակում էր խուզարկել իր տերերին, ջանում էր պարզելու նրանց թաքուն մտադրությունը։ «Ասացե՛ք, ինչի՞ եք բերել ինձ այստեղ…», հարցնում էին նրա խելացի աչքերը։

Հիմի ի՞նչ ենք անելու, հարցրեց Գագիկը շշուկով ու դավադիր։

Ի՞նչ… Ես այսպիսի բան արած կա՞մ, որ իմանամ… Կա՛ց, ավելի լավ է կապենք այն ծառից…

Եվ Աշոտը իր գոտին միացրեց Գագիկի գոտուն ու նրանցով շանը կապեց ծառին։

Կենդանին հասկացավ, մի թույլ ոռնոց արձակեց, խղճալի ու նվաղ մի կանչ, և սկսեց լիզել Աշոտի ձեռքերը։ Ապա պառկեց փորի վրա, գլուխը դրեց տղայի ոտքերին և ներքևից վերև աղերսանքով լի այնպիսի մի հայացք ձգեց նրա աչքերի մեջ, որ Աշոտը սարսռեց։

Վազիր կրակ բեր, չգիտես ինչու, կտրուկ կարգադրեց նա։

Գագիկը վերադարձավ քարայր։

Ինչո՞ւ ներս չեք գալիս… Էնտեղ ի՞նչ բանի եք… տնքալով ու նեղսրտած հարցրեց Շուշիկը։

Հիմի կգանք… ուտելիք ենք ճարում…

Եվ իրեն չմատնելու համար, վառվող ածխակոթը ձեռքին դուրս եկավ։

Հասոյի մոտով անցնելիս, թեև նրան չէր նայում, բայց իր դեմքին զգում էր հովիվ պատանու կարմրած աչքերի հարցական հայացքը։

Երբ տեղ հասավ, զարմանքով տեսավ, որ Աշոտը մերկացել է։ Նա մերկ մարմնի վրա հագավ բլուզը, ապա պոկեց իր շապիկի թևը և վառեց ածխակոթով։ Շունը հայացքով հետաքրքրությամբ հետևում էր տղայի շարժումներին, պակաս չէր հետաքրքրված և Գագիկը։ Հարցնելն ավելորդ էր, Աշոտն իր անելիքների մասին իսկի մարդու բա՞ն կասեր…

Երբ շորի կտորը վառվեց դարձավ սև մրճեղ, Աշոտը բալասան հանդիսացող այդ մուրը դրեց կենդանու վերքին, պատառոտեց իր շապիկը և նրանով փաթաթեց։

Վա՜յ ես քո հոգուն մատաղ, դու ինչ գիտեիր, որ իմ մտքումն էլ հենց դա է, ընկերոջը գրկելով զգացված բացականչեց Գագիկը։ Ապա ետ-ետ գնաց և հոնքերը խոժոռելով, խիստ հարցրեց.

Թե՞ փաթաթում ես, հետո սպանես…

Երեխա չլինես։ Սա մեր նեղ օրերի ընկերն է, ով է լսել, որ անմեղ ընկերոջը սպանեն… Սրան մենք պետք է առողջացնենք։ Մտիր թփուտները մի քիչ ուտելիք ճարիր…

Շունը հասկացավ։ Եվ երբ կապն արձակեցին, փաթաթվեց իր բարերարների ոտքերով և նրանք անսահման նվիրվածություն կարդացին նրա աչքերում։

Շատ կուզեր, որ գնար իր Հասոյի մոտ և ուրախացներ նրան։ Բայց ժայռից ցած ընկնելուց ինչ-որ բան էր կտրվել նրա ներսում և կենդանին զգում էր, որ այլևս չի վազելու, չի ցատկոտելու…

Հասո, հե՜յ, արի՜, արի՜, Բոյնախը կանչում է, թփուտից ձայն տվեց Գագիկը։ Քաղցած էր նա և ուժասպառ, բայց հոգով թեթև՜, թեթև՜…

Եկավ Հասոն, սիրտը բերկրանքով լի եկավ։ Եկավ, գրկեց ընկերներին և լուռ արտասվեց։ Ուզում էր իր շնորհակալությունը հայտնել, բայց ինչ-որ բան սեղմում էր նրա կոկորդը։ Նա հասկանում էր, որ շանը կենդանի թողնելով՝ շատ բան են զոհում իր ընկերները։ Եվ երախտիքի զգացումը ալիք էր տալիս նրա ներսում ու արտացոլվում իր սև ու փայլուն աչքերի մեջ։

Բայց մեր պատանիների ուրախությունը երկար չտևեց. Բոյնախի վիճակը ժամ առ ժամ վատանում էր։ Նրանք հատապտուղներ էին հայթայթում և իրենց բերանից կտրելով, տալիս էին իրենց անլեզու ընկերոջը, բայց ոչինչ չէր օգնում։

Բոյնախին տարան օջախի մոտ, պառկեցրին փափուկ խաշամի վրա, ծածկեցին իրենց հագուստներով։

Բայց և այնպես մենք Շուշիկի համար սուպ էլ կպատրաստենք, մրսածի դեղ էլ, ասաց Աշոտը և վեր կացավ։

Ո՞ւր, հետաքրքրվեց Գագիկը։

Մոշահավ խփելու… Սպասիր, մի փորձեմ մեր նոր աղեղները… Լա՛վն են, եզրակացրեց Աշոտը լարը տնտղելով։

Բայց քանի օր է ես մոշահավ չեմ տեսել, ասաց Գագիկը տխուր։

Մոշահավ շատ կար ձորում, հիշո՞ւմ ես։ Դրանք հիմի մի ինչ-որ տեղ են։ Տես ինչ եմ ենթադրում…

Եվ Աշոտը, որ առաջ ուղղակի կհրամայեր լուռ հետևել իրեն, մանրամասն բացատրեց, թե իր ենթադրությամբ ո՞ւր անհետացած կլինեն մոշահավերը։ Նա ասաց, որ հենց մոշահավ անունը ցույց է տալիս, որ այդ թռչունը ապրում է մոշուտում և սիրում է մոշ ուտել։ Աշոտն այն միտքը հայտնեց, որ բնության մեջ բոլոր երևույթները կապված են իրար հետ. մեկի ծայրից բռնեցի՞ր՝ կգտնես հաջորդը, իսկ նրա միջոցով՝ երրորդը, և այդպես անվերջ։ Ներկա դեպքում, ասաց նա, եթե Հովազաձորում այսքան շատ մոշահավ կա, ուրեմն մոշուտ էլ կա։ Եվ եթե մոշուտ կա, ուրեմն մոշ էլ կարող է լինել։ Իսկ մոշուտ լինում է խոնավ փոսերում։

Քանի դեռ Աշոտի ենթադրած «մոշուտը» ծածկված էր ձյունով, այդ թռչունները բնավեր թափառում էին ամեն տեղ։ Այժմ քանի որ նրանք այլևս չեն երևում, պիտի ենթադրել, որ մի ինչ-որ փոսում մոշուտ է բացվել ձյան տակից և թռչունները գնացել են չորացած մոշ ուտելու։ Նրանց հետևից պիտի գնալ-գտնել մոշը, որի թեյը օգտակար է նաև մրսածի համար։

Աշոտը խելքին մոտ բան ասաց, ուստի ընկերները անտրտունջ հետևեցին նրան։

Նրանք գնում էին ժայռաշարքի ստորոտով, ուր ցրված են կաղնի ծառերը, իսկ նրանց մեջ՝ ծեր ընկուզենին. դա մեզ ծանոթ Կաղնուտն է։ Կաղնուտից ներքև մի կենտ ժայռ կա ցցված։ Այդ ժայռն անցար՝ նրա և բուն ժայռաշարքի միջև մի պարարտ փոս կա։ Ահա այդտեղ գտան մեր պատանիները դես-դեն կչկչալով թռչկոտող մոշահավերին և փոսի թփուտը Մոշուտ կոչեցին։ Շատ նետեր կորցրին նրանք, բայց միայն մեկ մոշահավ հաջողվեց սպանել։ Դրա փոխարեն թփերի վրա չորացած մոշ քիչ չկար։ Ճիշտ է, նրա մեծ մասը հասել-թափվել էր դեռ ամառը, բայց մոշը այնպիսի հատապտուղ է, որ մի կողմից հասնում է, մյուս կողմից ծաղկում։ Այնպես որ վերջին բերքը ծածկվելով հանկարածահաս ձյան շերտով, ոչ միայն դեռ չէր թափվել, այլև մի մասը նույնիսկ դեռ թարմ էր։

Քաղցրաթթվաշ հատապտուղները շատ համեղ թվացին քաղցած պատանիներին։ Նրանք թե՛ կերան, թե՛ հիվանդների բաժինը վերցրին ու ճամփա ընկան դեպի տուն։

Էսօր էլ ապրեցի՜նք… էգուց տեսնենք… Իրավունք ուներ Գագիկն այդպես ասելու, որովհետև թփերի վրա նրանք այլևս մոշ չէին թողել։

Մինչև մոշի թեյ պատրաստեցին և խմեցրին հիվանդին՝ մթնեց։ Այսքան էլ կարճ օ՞ր։ Իսկ մեր պատանիներին երկար օրեր էին հարկավոր, շա՜տ երկար։ Այնքա՜ն գործ կար անելո՜ւ։ Կածանի վրա աշխատելուց բացի, հարկավոր էր գոնե մի կավե գավաթ պատրաստել Շուշիկի համար։ Հարկավոր էր կավից հարմար վառարան պատրաստել, որ կանգնած ժամանակ անգամ մարդ չնեղվի ծխից։ Հարկավոր էր մի քանի ամաններ ունենալ, որպեսզի կարողանաս միաժամանակ և՛ թեյ եռացնել, և՛ կերակուր եփել։ Թե չե հիմա ինչի նման է, պիտի սպասես թեյը դատարկվի, որպեսզի հետո նույն ամանի մեջ մոշահավի շորվա պատրաստես հիվանդի համար։

Մոշահավի շորվա՛… Այն ինչ եփեցին մեր պատանիներն այդ երեկո, իր ծավալով երևի ամենափոքր կերակուրն էր աշխարհում, ահագին կավե ամանի մեջ կրակին դրած եռում էր լորից փոքր մի թռչուն…

Խարույկի շուրջը բոլորած, աչքները հառել էին եռացող ջրին և նրա արձակած գոլորշուց խելքամաղ անող մսահամ էին առնում, ուստի և մռայլվել էին։

Կերակուրը դեռ չէր եփել, երբ Հասոն գրպանից մի քանի չոր պտուղներ հանեց և գցեց ամանի մեջ. վայրի սալոր էր, որ նա հավաքել էր մի ծառի տակից։

Հիմի որ դառավ իսկական թթվով շորվա… Ափսո՛ս, երեկվա ոզնին կենդանի լիներ…

Ապա ձայնը ցածրացնելով, Գագիկը հարցրեց դավադիր.

Լուսահոգի ոզնու ձագին չմաշկե՞նք…

Դե, դե, ի՛նչ եք քչփչում այդտեղ… Ոզնու անուն չտաք… Կարծում եք չլսեցի՞, անհանգստացած տեղում վրա նստեց Շուշիկը։

Քրտնած ես, պառկի՛ր, խուշկե Շուշիկ… ես չեմ թողնի, որ դրանք…

Եվ հովիվ պատանին աղջկա վրայից մի կողմ ընկած շորերով ծածկեց նրան։

Մոշի թեյը քրտնեցրել էր Շուշիկին։ Տղաները կրակը թեժացրին և Աշոտի վերարկուով փակեցին այրի մուտքը։ Ծուխ էր, բայց պառկածների համար՝ ոչինչ։

Այս ի՞նչ ես արել, Հասո՛, քո տակի ամբողջ խաշամը լցրել ես կողքերս… Դու փայտերի՞ վրա ես քնելու, ի՛նչ է, բողոքեց Շուշիկը։ Այդ էլ տրե՞խն էր. իմ պատճառով բոբիկ ես մնացել…

Տղան շփոթվեց։

Դա ոզնին տեղափոխած կլինի… Հասոն դրանից տեղյակ չի, Աշոտին աչքով անելով վրա բերեց Գագիկը։ Փորձեց ծածկել Հասոյի «գողությունը», բայց բոլորովին բացեց։

Մինչ այս, մինչ այն կերակուրն արդեն պատրաստ էր։ Հասոն գրպանից հանեց վայրի համեմունքը (որ, ինչպես գիտենք, քաղել էր անգղի մսից կերակուր պատրաստելու նպատակով), փշրեց-լցրեց կերակրի մեջ, իսկ Գագիկը, որպես խմբի խոհարար, ամանը դրեց հիվանդի առաջ։

Տաք գոլորշին, սուպից բուրող թթվաշահոտն ու համեմունքը տարածվել էր այրի մեջ։

Տղաները անձավից դուրս ելան…։

Այսպես հաճելի ու խաղաղ էր անցնում երեկոն, երբ հանկարծ շունը սրեց ականջները, վեր թռավ տեղից և դուրս վազեց, բայց սիրտ չարավ շեմքից դենը գնալ։ Հասոն լարվեց տեղում՝ ռունգները լայնացան, նա անծանոթ ու կասկածելի ձայներ էր լսում հեռվից։

Այրի շեմքին քարացած, Բոյնախը իր հայացքը հառել էր դիմացը՝ վեր ելնող աջ ժայռաշարքի սև ուրվագծերին ու անհանգիստ ծմրում էր։

Խավարի միջից մլավոց լսվեց՝ սկզբում հանգիստ ու մեղմ, նման քաղցած կատվի մլավոցի։ Ապա շրջապատում տարածվեց խռպոտ մի խզզոց և հաջորդ վայրկյանին՝ կերկերաձայն երկար շառաչյուն՝ խորհրդավոր ու չարագուշակ…

Պատանիները մի պահ կարծեցին, թե քամին է ոռնում լեռան ծերպերում, որովհետև նրանց լսածը նման չէր ոչ մի կենդանու արձակած ձայնի, եթե չհաշվենք կատվի մլավոցը։ Բայց շուտով պարզ դարձավ, որ դա քամին չէ, քանի որ հաջորդ վայրկյաններին լսվեց զայրագին գռմռոց՝ խռպոտ ու մռայլ….

Ի՞նչ կարող է լինել, ո՞ր կենդանին այդպիսի ձայներ կհանի։ Մեր պատանիները մտածում էին այդ հանելուկի վրա, երբ խավարը պատռեց սուր ու աղիողորմ մի ճիչ և ժայռերն անդրադարձրին մի տարօրինակ ձայն, որ կրկնվեց երեք, թե չորս անգամ՝ «խուրա՛կ… խուրա՛կ… խուրա՛կ…»։

Զարզանդ ազդող այդ ձայնից պատանիները սարսռեցին։ Զզվելի կանչը կրկնվեց, արձագանքեց ձորում և գնաց մարեց մթին անձավներում… Ապա ոռնաց չարագուշակ հողմը և կլանեց ու իր թևով տարավ կորցրեց ամեն ձայն ու շշուկ։

Տղաները մի պահ ևս ականջ դրին ահով ու լուռ մտան անձավը։

Ի՞նչ է պատահել… Ինչո՞ւ եք գունատ, անհանգստացավ Շուշիկը։

Ի՞նչ կարող է լինել… Ո՞ր գազանն է այդպիսի ձայներ հանում, մտամոլոր ու ինքն իրեն կրկնում էր Աշոտը և մտաբերում հանդերում իր լսած բոլոր ձայները։

Ոչ, դա ինչ-որ ուրի՛շ բան էր… Անսովոր ու տարօրինակ բան…

Էդպիսի ձեն ես կյանքումս լսած չկամ, ասաց Հասոն և ձայնը ցածրացնելով, ավելացրեց երկյուղով, երևի քաջքերն էին…

Գլուխ տասնմեկերորդ. Թե ինչպես ահավոր վտանգը գաղտագողի մոտենում էր անձավի շեմքին…

Մեր պատանիների գերության քսաներորդ օրը երկու անակնկալ դեպք տեղի ունեցավ, մեկը աննշան, բայց ուրախալի, մյուսը՝ ահավոր։

Պատմենք հերթով։

Առավոտյան տղաների առաջին գործը եղավ ստուգել հիվանդների վիճակը։ Սարգսի ոտքը չէր ցավում, ուռուցքն իջել էր։ Բայց խմբի ինքնակոչ «սնղչին» ասաց, որ առայժմ նա պառկած պիտի մնա։

Երեկվանից մնացած մոշը լցրին կավե ամանի մեջ, վրան ջուր քամեցին, եռացրին, խմեցրին հիվանդներին ե դուրս ելան այրից։

Բոյնախը կաղալով հետևեց նրանց։

Տղաներն իջան Մոշուտը, բայց ոչ մի մոշահավ չէր երևում, բոլորը խրտնել-հեռացել էին իրենց բնակության ալդ հիմնական վայրից։ Ապա նրանք ցրիվ եկան Կաղնուտում, ձեռքերով, ոտքերով, փայտի կտորով սկսեցին խառնել չոր խաշամը և կաղին փնտրել։

Օրը նորից արևոտ էր ու տաք։ Կուշտ լինեին ի՛նչ եռանդով կաշխատեին փակված ճամփի վրա…

Գագիկն ու Աշոտը, ծեր ընկուզենու տակ նստած, իրենց մռայլ մտքերով էին տարված, երբ վերևից լսվեց Շուշիկի թույլ ձայնը.

Աշո՛տ, ինչո՞ւ չեք ճամփեն բացում… Ինձ խաբեցի՞ք…

Ախ, այդ աղեկտուր կանչը… Պարզ էր, որ հիվանդ աղջիկը իր ապրելու միակ հույսը կապում էր կածանը բացելու հետ։ 

Ներս գնա… դադար է… Հիմա էլի կգնանք – կշարունակենք, ձայն տվեց Աշոտը և մնաց մոլորված, ի՞նչ անել։

Այդ պահին մոտիկից լսվեց Հասոյի կանչը.

Եկեք, խնձոր եմ գտել…

Տղաներն իսկույն աշխուժացած վեր թռան։

Ա՜յ քեզ բան, այս որտե՞ղ է թաքնված եղել այդ գաճաճ խնձորենին։ ժայռի հետև՞… Գաճաճ, բայց՝ պտղաբեր։ Այնքան շատ խնձոր կար այդ թզուկ ծառի վրան ու տակը, որ տղաները շուտով լցրին իրենց գրպանները ու սկսեցին ագահությամբ ուտել։ Ցրտատար և կնճռոտ վայրի խնձորը կծելուն պես պղպջակներ էր արձակում։

Ես գնացի հիվանդների կողմը, քոլոզը խնձոր լցնելով, վեր կացավ Հասոն։

Սիրտ տուր, ասա՝ գնացին ճամփան բացելու, նրա հետևից պատվիրեց Աշոտը։ Ասաց և ներշնչվեց իր խոսքից, իսկապես, պարապ ինչո՞ւ են նստել, չգնա՞ն մի քանի քայլ ևս բացեն…

Զարմանալի բան, ամուր վճռում էին նախ սննդի պաշար կուտակել, բայց հենց մի քիչ ուտելիք էր ընկնում ձեռքները, բնազդորեն շարժվում էին դեպի Դիվային կածանը, ինչպես մութ գիշերին ձուկը ձգտում է դեպի վառվող ճրագը… Իրենք ևս հուսահատ էին, իրենք ևս հասկանում էին, որ այդ վիճակով ճամփա բացել չի լինի։ Բայց ի՞նչ է պատրաստում իրենց համար ձմեռը։ Կդիմանա՞ն… Այդ հարցն էր բոլորի ուղեղում, դա էլ մղում էր նրանց դեպի ուժից վեր գործի։

Գնանք, Գագի՛կ…

Եվ Աշոտը վեր կացավ, կտրեց անցավ Նապաստակի տափարակը և անտրամադիր քայլեց դեպի Դիվային կածանը։

Չգնար, ի՞նչ աներ, օր-օրի թուլանում էին, իսկ Հովազաձորում եղած սննդի պաշարները գրեթե վերջացել էին. ճնճղուկներն ու մոշահավերը մեծ մասամբ ոչնչացված էին, իսկ հատապտղի թփերը՝ մերկացված։ Հապաղել, նշանակում էր կործանվել։ Քանի եղանակը թույլ էր տալիս, պետք էր մաքրել ճամփան և դուրս գալ «լույս աշխարհ»։ Այդ հնարավորությունը կար, քանի որ արահետի կեսից ավելին արդեն մաքրված էր. մնացել էր քիչ, բայց դժվար տարածություն։ Եթե լարեին իրենց վերջին ուժերը, երեք-չորս օրում կարող էին ավարտել աշխատանքը, և այն ժամանակ…

Այդ հեռանկարն էր, որ ուժասպառ պատանիներին գործի էր մղում։

Հասոն կերակրեց հիվանդներին և մի քանի սրտապնդող խոսքեր ասելով, դուրս ելավ անձավից։

Շուշի՛կ, տղերքն արդեն բացում են ճամփան, կանչեց նա շեմքից, իսկ ես գնում եմ որսի… Բոյնա՛խ, դու կրակի մոտ մնա, համոզում էր նա իր բրդոտ ընկերոջը։

Ուրիշ ժամանակ Բոյնախը միշտ էլ լսում էր իր տիրոջը։ Այս անգամ թախիծով նայեց նրան, քսվեց ոտքերին, յուրովի «շոյեց» իր տիրոջը և թույլ-թույլ քարշ եկավ նրա հետևից։ Ով գիտի, գուցե իր կենդանական բնազդով զգում էր մահվան մոտությունը, ուստի չէր ուզում անջատվել իր սիրելի տիրոջից։ Ի՜նչ տեր, Հասոյի մանկության ընկերն էր նա, միասին էին մեծացել։

Բոյնա՛խ, պառկիր այստեղ, տաքացի՛ր, ես հիմա կգամ, պատվիրեց Հասոն, երբ մտան Կաղնուտը։ Հիվանդ կենդանուն ևս դուր էր գալիս արևը։ Նա մեկնվեց չոր ու գոլ տերևների վրա և գլուխը թաթերին դնելով, խփեց աչքերը։

Հասոն նետ-աղեղը ձեռքին դես-դեն ընկավ, ոչ մի թռչուն չերևաց։ Եղածներն էլ դարձել էին զգույշ, այրի շրջակայքում այլևս չէին երևում։ Վերադարձավ մի քանի սինձ բռի մեջ, մեկնեց շանը։ Բոյնախը հոտոտեց, տխուր նայեց ու հրաժարվեց ուզելուց։

Վա՛յ, Բոյնախ ջան, ուտելուց է՞լ ընկար, մղկտաց Հովիվ պատանին, զգալով, որ մոտ է իր «մանկության ընկերոջ» վախճանը…

Շունը նորից գլուխը դրեց թաթերին և աչքերը խփեց։ Հանկարծ նա մի ականջը առաջ մեկնեց, աչքերը բացեց և գլուխը բարձրացնելով՝ նայեց մոտիկ մասրի ցանցառ թփին։ Ապա վեր կացավ, ուժերը լարեց, քարշ եկավ մինչև թուփը և ետ շրջվելով՝ Հայացքով հասկացրեց տիրոջը, որ մոտենա։ Հասոն առաջ գնաց, բայց շան առաջ նոսր մասրենին էր և ցաքուցրիվ քարեր, ոչ մի շնչավոր արարած չկար։

Տղան շուռ եկավ, որ գնա սնունդ փնտրելու, շունը թույլ հաչոցով ստիպեց նրան վերադառնալ։

Ի՛նչ է, ո՞ւր է, Բոյնախ ջան…

Շունը նայում էր իր առաջի քարերին և զարմանում, որ տերը չի հասկանում։

Այդ քարերից մեկը գրավեց տղայի ուշադրությունը իր կանոնավոր նախշած մակերեսով։ Աներևույթ մի ձեռք գլխի մեծության այդ տափակ քարի «մեջքին» քառակուսի և վեցանկյունի նախշեր էր արել։

Վա՞յ, կրիա՞ ուրախացավ տղան և անմիջապես շուռ տվեց կենդանուն, որպեսզի չփախչի ձեռքից։ Էս լավ եղավ, Գագիկի ասած՝ էսօր էլ ապրեցի՜նք, ինքն իրեն խոսում էր Հասոն և մտածում, թե ինչպես մորթի այդ կենդանուն և ինչպես հանի նրա միսը չորս կողմը փակ պատյանի միջից։ Հիշեց Գագիկի խոսքը, թե ինչպես է նա կրիա մորթում, և կենդանուն թևի տակ առնելով գնաց ընկերների մոտ։

Աշոտն ու Գագիկը դեռ հեռվից նկատեցին, որ Հասոն վստահ քայլերով էր մոտենում և նրա բրոնզագույն դեմքը փայլում է, ուրեմն, դատարկաձեռն չի։ Է՛հ, որ այդպես է, ինչո՞ւ մի քսան թիակ ձյուն ավելի ցած չթափել մինչև նրա գալը։

Ձյունը խշխշալով անդունդն էր թափվում նոսր ու ճերմակ ջրվեժների նման, և ճխում էր Հասոյի սիրտն այն մտքից, որ շուտով կգա բաղձալի ազատությունը։

Այ տղա, եփեիր հետո բերեիր, կանչեց Աշոտն ուրախացած։ Օհո՛, ի՜նչ մեծն է։ Հա՛, մեր ցամաքի կրիաները ջրի կրիաներից մեծ են լինում… Վա՜յ, դեռ քուն չի մտե՞լ…

Ապա քիչ լռելուց հետո, երբ Գագիկը կենդանուն ձեռքով ծանր ու թեթև էր անում (երևի կշիռը որոշելու համար…), ինքն իրեն ավելացրեց.

Զարմանալի է… Մեզ մոտ կրիաները մեծ մասամբ այգիներում են լինում… կրիան Հովազաձորում ի՞նչ գործ ունի…

Այգիներո՞ւմ, ինչո՞ւ միայն այգիներում, հարցրեց Գագիկը։

Խաղողի համար։ Խաղող են ուտում։ Ուրեմն, Հովազաձորում խաղո՞ղ կա…

Ախորժակիդ քացախ։ Խաղո՜ղ… ձմերուկի ծառեր էլ կան, չե՞ս տեսել, հեգնեց Գագիկը։

Աշոտը չպատասխանեց, բայց սիրտը կասկած ընկավ, եթե մեծ խմբով ճնճղուկներ կան, ինչպես լինում են մարդու բնակավայրում, ուրեմն մարդ է ապրել այստեղ։ Եթե մարդ է ապրել, կարող է այգի էլ ունեցած լինի, որի պտուղներից կօգտվեն կրիաները, ոզնիները… Հա՛, ոզնիները… Իսկապես, նրանք էլ հաճախ այգիների հետ են կապված… Ի՞նչ են նշանակում այս նշանները… Եթե այս կենդանիները կան, կարող է և այգի լինել… (այստեղ նա հիշեց ընկուզենին, որ հավանաբար մարդ էր տնկել)։

Մինչ Աշոտի ուղեղը ջանում էր լուծելու այս հանելուկները, Գագիկը անցավ գործի։ Դե նա ի՞նչ գործ ուներ «բնության երևույթների փոխադարձ կապերի» հետ, որի մասին ընկերներին տեղի անտեղի հիշեցնում էր Աշոտը։ Ձեռքդ ո՞րս է ընկել, շուտ միջոց գտիր նրանից կերակուր պատրաստելու։

Աշո՛տ, սրան պետք է օջախի մոտ տանենք, այստեղ չի լինի… ասաց Գագիկը՝ կրիան ցույց տալով։

Լա՛վ, գնացե՛ք, ես մի քիչ էլ աշխատեմ՝ կգամ։

Միասին գնանք։

Աչքիցս հեռու եփես, ավելի հեշտ կլինի ինձ համար, պատճառաբանեց Աշոտը՝ թին վերցնելով, կերակրի հեռանկարը նրան դարձրել էր դյուրագրգիռ։

Հասոն մնաց Աշոտի հետ աշխատելու, իսկ Գագիկը վերցրեց նրա դանակը և գնաց քարայր։

Բոյնա՛խ, հանգստանո՞ւմ ես, շոյեց նա կենդանու գլուխը նրա մոտով անցնելիս։ Կեցցե՛ս, իմացանք, որ էսօր էլ ենք քո աշխատանքով ապրելու… Չես ուզում գա՞լ… Լա՛վ, հանգստացի՛ր, ես քո բաժինը հիմա կբերեմ…

Բոյնախը տխուր լիզեց նրա ձեռքը և թույլ-թույլ շարժեց պոչը։ Նրա հայացքը մշուշապատ էր։

Այնուհետև ամեն ինչ գնաց իր կարգով և մի ժամ անց արդեն Գագիկը ձայն էր տալիս այրի առաջից.

Աշո՜տ, Հասո՜, եկե՛ք, եկե՜ք, գառան սուպը գնաց չմնաց…

«Անունը գառան սուպ դնենք, որ էն աղջիկը չզզվի», մտածեց նա, բայց արդեն ուշ էր. Շուշիկը արթնացել էր, տեսել կրակի մոտ ընկած դատարկ պատյանը, ամեն ինչ հասկացել ու հիմա բողոքում էր սրտնեղած.

Ամեն զզվելի բան եփում եք ու ստիպում, որ մարդ ուտի..

Գագիկը շատ աշխատեց համոզել աղջկան՝ ապարդյուն, մինչև որ տեղ հասավ Աշոտը և այնպիսի բաներ ասաց կրիայի սուպի մասին, որ վերջ ի վերջո այն տպավորությունն ստեղծվեց, թե իբր կրիայի մսից համեղ միս չկա։

Նա ասաց, որ, իր հոր պատմելով, Բեռլինում կրիայի մսից պատրաստած սուպը երեք անգամ թանկ է ոչխարի սուպից։

Գագիկը փորձեց այդ բանը կասկածի տակ առնել, բայց Աշոտը նրան ջախջախեց։

Շուշիկին երկար համոզելու կարիք չզգացվեց. իրոք, համեղ մսաջուրը ինքը խոսեց իր օգտին, և երբ աղջիկը ճաշակեց այն, այլևս ոչ մի բառ չասաց կրիայի «հարամ» լինելու մասին։

Երբ կերան-կշտացան, Գագիկը հայտնեց իր զարմանքը.

Աշո՛տ, այսքան ձյուն է եկել ու կրիան քուն չի մտել, սա ի՞նչ բան է…

Թեև ձյուն է եկել, բայց կենդանիները զգում են, որ դեռ աշուն է, իր կարծիքը հայտնեց Աշոտը։ Երևի եղանակից են զգում, կամ՝ արևի ուժից… Հայրս ասում է՝ ընդհակառակը, եթե տարի է պատահում, որ մինչև հունվար ձյուն չի գալիս, միևնույն է, արջը էլի իր ժամանակին քուն է մտնում։ Ուրեմն ժամանակը գիտի ուրիշ նշաններից։ Կամ՝ զգում է բնազդով, որ մտանք ձմեռ…

Աշոտը մտավ իր տարերքի մեջ։ Փորը կուշտ, թեման՝ սիրելի… Նա շատ հետաքրքիր նորություններ հայտնեց ընկերներին բնության այդ երևույթի մասին։

Վայրի այծերը, օրինակ, իրենց «հարսանիքներն» սկսում են դեկտեմբերի սկզբներին, որպեսզի ձագ բերեն գարնան տաք օրերին։ Բայց եթե նույնիսկ սեպտեմբերին ձյուն գա և ամբողջ աշունը նման լինի խոր ձմեռվա, դարձյալ քարայծերը չեն սխալվի և իրենց «հարսանիքը» չեն սկսի ժամկետից շուտ։ Եթե սխալվեն, ծանր պատիժ կստանան, ուլերը կծնվեն ձմեռը և կոչնչանան սառնամանիքից։ Դրան հակառակ, եթե մինչև փետրվար ձյուն չգա, և թվա, թե դեռ աշուն է, դարձյալ քարայծերը չեն խաբվի, իրենց բնազդով նրանք կզգան, թե ե՛րբ են մտել դեկտեմբեր և մտնելուն պես կսկսեն իրենց «հարսանիքների շրջանը»։

Հիմա իմացա՞ք, թե ինչու կրիան դեռ քուն չի մտել, հարցրեց Աշոտը մի փոքր հպարտ շեշտով, նախորդ օրերի նման նա այլևս ընկճված չէր։

Տո թող քուն չմտնեն, է՜, դրանց հոգուն մատաղ… Ես դրա ընկերներին էգուց մեկ-մեկ կգտնեմ, պատյանահան կանեմ, պարծեցավ Գագիկը. կշտանալուց հետո առհասարակ նա շատ լավատես էր դառնում։

Բայց Գագիկն իր այդ սպառնալիքը չկարողացավ իրագործել, որովհետև հետագա դեպքերը նրան ստիպեցին հաջորդ օրը կուչ գալ այրի մի անկյունում, ծխացող փայտը ձեռքին։

Բանն այն է, որ երբ տղաները կշտանալուց հետո գնացին ճանապարհի վրա աշխատելու և Շուշիկն էլ կիսաքուն վիճակում էր, խարույկի մոտ անշարժ մեկնված շունը հանկարծ վեր թռավ և սարսափահար ետ-ետ գնաց դեպի այրի խորքը։

Սարգիսը նկատեց, որ նա պոչը խոթել է հետևի ոտների արանքը ու դողում է ամբողջ մարմնով և երկյուղով լի հայացքը հառել է այրի շեմքին։

Այդ պահին երկու հաղթ ու չալ ոտքեր բարձրացան շեմքի ցածրիկ պատին և կատվակերպ մի գազան բռնեց այրի նեղ մուտքը։ Նա հոտոտեց օդը, բեղերը գրգռված շարժեց և ժանիքները բացելով, թույլ մռլտաց։

Սարսափահար տղան բնազդորեն մի վառվող փայտ վերցրեց՝ ու շպրտեց գազանի վրա։ Սա ետ ցատկեց ու անհետացավ, իսկ Սարգիսը մնացել էր տեղում կապտած։

Ի՞նչ էր… էն ի՞նչ էր… արթնանալուն պես հարցրեց Շուշիկը, բայց պատասխան չստացավ։ Սարգսի լեզուն կապվել էր…

Գլուխ տասներկուերորդ. Թե ինչպես ապրելու հույսը մեկ բոցավառվում, մեկ աղոտանում էր մեր գերիների մեջ

Գազանի երևալը անմիջապես խառնեց մեր պատանիների թե՛ ծրագրերը, թե՛ օրվա ռեժիմը։ Այդ դեպքը փոխեց նրանց ապրուստի պայմանները, վիճակները միանգամից վատացավ։

Ճիշտ է, Աշոտը անհոգ ձևանալով պնդեց օրեր առաջ հանած իր եզրակացության վրա, թե իբր հիվանդներին այցի եկած կենդանին միջինասիական «մանուլ» կոչված կատուն է եղել, բայց Սարգիսը դրան առարկեց.

Ի՜նչ կատու, փոքր վագրի չափ մի բան էր…

«Ընտրություններից» առաջ Աշոտը անփութորեն կշպրտեր, թե՝ «Վախկոտի աչքին կատուն կարող է վագր երևալ», բայց այժմ իրեն զսպեց։

Մեր հանդերում ես վագր չեմ պատահել, պարզամտորեն ասաց Հասոն, կարող է լուսան լինել։ -Սարգի՛ս, ականջների ծայրին փոքրիկ մազափնջեր չկայի՞ն։

Չէ, ականջները ոնց որ կատվի, իսկ գլուխը կլոր էր…

Ի՞նչ կարող էր լինել, գուցե հովա՞զ… Ինչ էլ որ լինի պետք է զգույշ լինել։ Եվ հաջորդ ամբողջ օրը նրանք չհամարձակվեցին ո՛չ գործի գնալ, ո՛չ որսի։ Խելք-խելքի տալով նրանք եկան այն եզրակացության, որ այդ գազանը ևս իրենց նման փակված է մնացել ձորում։ Այլապես, ի՞նչ գործ ուներ այստեղ, երբ քարայծերը ձյան փոթորիկն սկսվելուն պես քոչել էին Հովազաձորից։ Հավանաբար այդ ժամանակ կուշտ լեշ լափած և իր որջում քնած չի հասկացել, թե ինչ է կատարվում դուրսը, և երբ դուրս է եկել որջից՝ ձյունն արդեն փակած է եղել ձորի միակ ելքը։ Գոնե այդպես էր բացատրում Աշոտը։

Հիմա վատն այն էր, որ ձորում սնունդ չկար գերի գազանի համար. քարայծ չէր մնացել Հովազաձորում։ Պարզ չէ՞ր, որ քաղցած կենդանին պիտի հետապնդեր մեր պատանիներին։

Հենց այն փաստը, որ համարձակվել էր օրը ցերեկով դունչը խոթել քարայրը, ցույց էր տալիս, որ նա քաղցից դարձել է աներկյուղ ու անամոթ։ Պիտի կարծել, որ գազանն առաջին հերթին մտադրություն է ունեցել շանը փախցնելու։

Սովամահ լինելու վտանգին ավելացավ գազանին կեր դառնալու վտանգը։

Նրանք օջախը տեղափոխել էին այրի մուտքի մոտ, բայց շուտով փայտը վերջացավ, հարկավոր էր վառելիք հայթայթել։

Աշոտի նշանով մի-մի ածխակոթ ձեռքներին, վախվխելով դուրս եկան քարայրից։

Շրջապատը այնպես լույսով էր ողողված, որ երկյուղը հետզհետե նահանջեց նրանց սրտերում։ Մեծ Արարատի հավերժական սառցադաշտերին կռացած արևը նայում էր Հովազաձորին մեղմ ու ջերմ հայացքով և այդ հայացքից արտասվում էին դեռ իրենց դարավանդների վրա ձյան շերտեր կրող ժայռերը։ Շրջապատը պայծա՜ռ, լուսավո՜ր, այս կուրացուցիչ լույսի մեջ չա՞ր կլինի, գազա՞ն կմնա…

Եկե՛ք, մի՛ վախենաք… Սարգիս, դու էդ թաց թփերը դիր կրակին, թող ծուխ անի… Չվախենա՛ս, կրակին առյուծն անգամ չի մոտենա… Գնա՜նք, տղե՛րք… Իրեն և ընկերներին սիրտ էր տալիս Աշոտը։ Հա, լավ է, որ հեղեղը չի կարողացել տանել մեր ծանր զենքերը… Վերցնենք, պետք կգան…

Նրանք զինվեցին քարե կացնով, մուրճով, գուրզով, որ նախորդ օրը քարշ էին տվել-բերել իրենց հին բնակարանից և իջան Կաղնուտ, ուր և զգուշության համար իսկույն խաշամ կուտակեցին ու հրդեհեցին։ Ապա սկսեցին կախվել կաղնի ծառերի դես-դեն մեկնված ճյուղերից ու ջարդել։ Փորձից արդեն հասկացել էին, որ արեգունի լանջերին կաղնի ծառը ճկուն չի լինում, մանավանդ՝ նրա հասակավոր ճյուղերը։ Երեքով կախվում էին մամռակալած ծուռումուռ ճյուղից և երբ հաջողվում էր ջարդել, մի պահ ուրախանում էին՝ քաղց ու գազան մոռացած։

Բայց վատ վառելիք է կաղնի փայտը, ծխում է առանց բոց տալու և նրա ծուխը դառն է ու կուրացնող։ Ճարն ի՞նչ, հատապտղի թփերն ու ցածրիկ ծառերը այնպես ճկուն են, որ դիմադրում են պրկված պողպատի նման, իսկ ծեր ընկուզենին «չհամաձայնեց» իր ճյուղերից գոնե մեկը զիջել նրանց։

Երբ նստեցին ծառի տակ հանգստանալու, Աշոտն ասաց ընկերներին.

Հիմի որ առանց նիզակների մենք չենք կարող յոլա գնալ։ Քանի որ ձորում գազան կա, այնպիսի զենք պիտի ունենանք, որ պատահելիս հեռվից հարվածենք…

Այդպես հասունացավ նոր զենքի խնդիրը, վտանգն ստիպեց տղաներին մտածել նիզակներ պատրաստելու մասին։

Ա՜յ լավ նիզակներ, գոչեց Աշոտը՝ ընկերներին ցույց տալով կաղնի շիվերի մի ամբողջ խումբ։ Փտած կաղնի կոճղի շուրջը, կարծես իր թոռների նման, շուրջպար էին բռնել մարդու բազուկի հաստության և մոտ երեք մետր բարձրության շիվերը։

Նրանք ծնվել էին մեռնող կաղնու արմատներից և ձգտում էին արագությամբ աճել ու փոխարինել նրան։ Հինգ հատ էին այդ արդեն առնականացած շիվերը. հինգ եղբոր նման թիկունք-թիկունքի տված՝ Հովազաձորին այցի եկող փոթորիկների դեմ։

Նրանցից չորսը շուտով զոհ գնացին Հասոյի սուր դանակին։ Երբ «զոհվելու» հերթը հինգերորդին հասավ, Աշոտը բռնեց ընկերոջ բազուկից։

Թող աճի, փոխարինի հորը, ասաց նա հանդիսավոր. Իր որսորդ հոր նման՝ նա ևս շնչավորում էր բնությունը…

Քիչ անց կաղնի ճյուղերը դանդաղ մխում էին կրակի վրա, իսկ տղաները այրի շեմքին նստած տեգեր էին պատրաստում։

Իրենց հագուստներով նրանք փաթաթել էին Շուշիկին և այրից դուրս հանելով, նստեցրել ժայռի տակ։

Մայր մտնող արևը իր շողերով ողողել էր շիկակարմիր ժայռը և նրա հետ էլ աղջկա գունատ դեմքը։

Սարգի՛ս, կայծքարերը որտեղի՞ց գտար, հարցրեց Աշոտը։ Սարգիսը ևս ծխից նեղվելով դուրս էր եկել այրից։

Գնա՛մ բերեմ…

Չէ՛, քեզ չի կարելի, դու միայն մեզ տեղը ցույց տուր։

Այ էն քարի հետևի ձախ կողմի… Չէ՛, չեք գտնի, իմ բաժին նիզակը տուր հենակ դարձնեմ, առայժմ ես նիզակ գործածող չեմ, հաշտ, ժպտալով ասաց տղան և դժվարությամբ վեր կացավ։

Հը՛, հեքի՞մ… գնա՞…

Ինձ հետ կարելի է…

Եվ Սարգիսը մի թևով Հասոյին, մյուսով իր ապագա տեգին հենվելով՝ շարժվեց դեպի այն ապառները, որոնց տղաները Կայծքարի հանքավայր անունն էին տվել։

Զգուշության համար Հասոն իր հետ մի ծխացող փայտի կտոր էր վերցրել։

Շուշի՛կ, ինչպե՞ս ես, ծակոցներ դեռ ունե՞ս, հարցրեց Աշոտը։

Չէ՛, էլ չի ծակում… միայն շատ եմ թույլ…

Նա ուզեց ասել քաղցած է և եթե ուտելու բան լինի՝ կկազդուրվի, բայց ընկերների հոգսը չավելացնելու համար զսպեց իրեն։ Ասենք, առանց նրա ակնարկի էլ լույսի նման պարզ էր, որ նրան հիմա սնունդը կփրկի։ Իսկ եթե երկու օր էլ քաղցած մնա, հյուծված փխրուն օրգանիզմը չի դիմանա…

Կաքավներին բռնելու հնար չունե՞ս, հարցրեց Գագիկը. նրան ևս զբաղեցնում էր այն հարցը, ինչ բոլորին, եթե սնունդ չհայթայթեն՝ Շուշիկը չի ապրի… Հա՜, Աշո՜տ, մի օր բերանիցդ խոսք փախցրիր, որ եթե ձիու պոչի մազ լիներ, բոլոր կաքավներին կբռնոտեիր…

Այո՛, ձիու մազից թակարդներ կարելի է շինել։ Բայց ո՞ւր է ձիու մազը։

Բա էս ի՛նչ է…

Այս ասելով Գագիկը քնքշությամբ բռնեց Շուշիկի շեկ հյուսը, որ գորշ գլխաշորի տակից կախվել էր նրա նիհար կրծքին։ Աղջիկը թույլ ժպտաց։

Հը՞, կլինի՞… Շո՛ւտ ասա, քանի Հասոն չի եկել, թե չէ «խանչալ կքաշի», չի թողնի մոտենանք իր քուրացվի մազերին։

Աշոտը նեղացավ։

Կատակելու նյութդ վերջացե՞լ է… .

Ոչի՛նչ, Աշո՛տ, եթե պետք կգա, կտրեցե՛ք… հևալով և դժվարությամբ արտասանեց աղջիկը, իր՛ հյուսերից մեկը դանդաղ քանդելով։ Ինչպե՜ս բարակել-մոմի նման դեղնել էին նրա մատները։ Իսկ աչքերի խոռոչները այնպես էին խորացել, որ առանց կարեկցության չէր կարելի նայել նրան։

«Կմեռնի՛», անցավ սոսկալի միտքը Աշոտի գլխով և նա վեր կացավ տեղից։

Առ պահի՛ր, Հասոն գալիս է…

Եվ Գագիկը Շուշիկի մազերից մի փունջ հանձնեց Աշոտին ու հարցական նայեց նրան, այսինքն, «Ասա՛, ինչով օգնեմ քեզ… Մի բան արա, թե չէ աղջիկը ձեռքից գնում է…»։

Հա՛, երեքտակ կդիմանա… Բայց կուտ չկա, որով գրավենք կաքավներին… Հասո՛, դիմեց Աշոտը մոտեցող տղային, տոպրակումդ կարո՞ղ է հացի փշրանք մնացած լինել…

Հացի անուն լսելով, բոլորի բերաններն էլ լցվեց ջրով։ Ա՛խ, մի կտոր սև հաց լինե՜ր…

Հասոն քարով լիքը գրպանները դատարկեց Աշոտի առաջ և մտավ այրը…

Ա՜յ հրաշալի զենք… Մի տե՛ս, ծայրն ասեղի նման սուր է. սև աբսիդի ծայրը բութ մատով շոշափում ու հիանում էր Աշոտը։

Սև աբսիդը (սև կայծքարը, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «սատանի եղունգը») սրելու կարիք չունի, որովհետև նրա շերտավոր կտորները ջարդելիս նույնպիսի մասնիկներ է տալիս, ինչպես եթե սև ու հաստ շիշ ջարդես։

Աշոտը ընտրեց իր ցուցամատի երկարության մի սուր կտոր, ապա դալար շիվի ծայրը ճեղքեց դանակով, լայնացրեց, սեպ խփեց կողքից և այդպես ճեղքը մնաց «բերանը բաց»։ Ապա երբ աբսիդի բութ կողմը դրեց ճեղքի մեջ և սեպը հանեց, փայտի «բերանը» ամուր խփվեց և կայծքարը մնաց նրա «լնդերի» միջև ամուր սեղմված։

Դե՛, Հասո՛, թել հասցրո՛ւ…

Հասոն ոչ միայն թել հասցրեց Աշոտին (իր չալ գուլպայի ճիտքը նա քանդել-կծիկ էր արել «սև օրվա համար»), այլև նրան հանձնեց իր տոպրակի անկյուններում մնացած հացի հողախառն փշրանքը։

Աշոտը թելով փաթաթեց տեգի ծայրը, վեր կացավ և երբ գլխից վերև ճոճեց իր պատրաստած ծանր գեղարդը, թվաց, թե իր մեջ ուժն էլ ավելացավ, ինքնավստահությունն էլ։

Դե հիմի թող գա քո գազանը, հոխորտաց նա։ Սրա թափին ոչ մի կենդանի չի դիմանա…

Տղաները հերթով իրենց ձեռքը վերցրին գեղարդը և երբ ճոճում էին ետ և առաջ՝ մի որևէ բանի հարվածելու տրամադրություն էր առաջանում նրանց մեջ։

Իրոք, մոտիկ տարածության վրա այդ զենքը ատրճանակից ուժեղ էր. թափով նետելու դեպքում ո՞վ կդիմանար նրա հարվածին։

Ջա՜ն, հիմի որ իսկական նախամարդ դառանք… Աշո՛տ, գնա լուսանին բեր մոտս վրան փորձեմ, տեսնեմ կծակի՞, թռվռում էր Գագիկը, հավանաբար Շուշիկին սիրտ տալու համար։ Բայց նրա հևքը լսելով և պղտորված աչքերին նայելով, իսկույն թափն իջավ։ Աշո՛տ, ի՞նչ ես անում, մնացածները գիշերը օջախի մոտ էլ կշինենք։ Վեր կաց գնանք կաքավի, հիմի կմթնի։

Արևը մայր մտավ, Հովազաձորի շքեղ գույներն իսկույն խամրեցին, շրջակայքը դարձավ միագույն-գորշ։

Միանգամից ցրտեց։

Տղաները Շուշիկին ներս տարան, պառկեցրին օջախի եզրին՝ իր փափուկ «թախտին», և Սարգսին մոտը թողնելով, շարժվեցին դեպի վերին լանջը, ուր ամեն օր խմբովին երգում էին կաքավները։

Նրանք հետները վերցրել էին մի-մի ածխակոթ, իսկ Աշոտը՝ իր պատրաստած տեգը։

Շատ հասարակ կառուցվածք ունեին, բայց և սրամիտ էին մտածված այն թակարդները, որ այդ երեկո տղաները լարեցին վերին դարավանդում։ Աշոտը մազից օղակ էր պատրաստում, իսկ մազի երկու ծայրը խրում էր բռունցքի մեծության մի գունդ ցեխի մեջ։ Գիշերը ցեխը պիտի սառչեր և իր մեջ ամուր սեղմած պահեր մազի ծայրերը։ Օղակը դարանակալ սպասում է գնդից դուրս և եթե կաքավն իր գլուխը մտցնի այդ օղակի մեջ, չի ազատվի, որովհետև հենց գլուխը ետ քաշեց, օղակը սեղմվելու է։ Թռչունը չի փորձելու թափ տալ-կտրել մազը, որովհետև գլուխն ազատելու համար որքան ուժեղ քաշի վիզը, այնքան օղակը նեղանալու և սեղմելու է նրա կոկորդը։ Ստիպված պիտի սուսուփուս կանգնի այդպես և սպասի իր վախճանին։

Քանի՜-քանի անգամ Աշոտը հոր հետ լուսադեմին սար է բարձրացել և տեսել կաքավներին շարքով կանգնած, օղակները վզներին, կարծես բրիչներից կապած հորթեր լինեին… Այն ժամանակ հայրը շտապեցնում էր. «Ցեխը որ հալվեց, մազը միջից կհանեն կթռչեն», բացատրում էր նա։ Հենց այդ ցեխն էլ, եթե պատկերավոր խոսենք, գերի կաքավի համար նույնն է, ինչ խարիսխը՝ ափին կանգնած նավի համար։ Անշարժ կանգնիր, քանի խարիսխը վեր չի քաշված։

Ախր ո՞ր կաքավը կհամաձայնի կամավոր գալ ու գլուխը կոխել էս օղակի մեջ, Աշոտի բացատրությունները լսելուց հետո հարցնում էր Գագիկը։

Դրան Աշոտը չպատասխանեց։ Նա չոր խոտ քաղեց, մանր կտրտեց հարդ դարձրեց և գրպանի հացի փշրանքը խառնեց այդ հարդին։ Ապա չորս կտոր քարով չորս պատ կանգնեցրեց և մի փոքրիկ սալ դրեց այդ «պատերի» վրա։ Ստացվեց մի թիզ լայնություն և մի այդքան էլ բարձրություն ունեցող տնակ, որի մեջ դրված էր ցեխի գունդը՝ օղակի ծայրերը մեջը թաղած։ Դռնակի փոխարեն Աշոտը մի ճեղք էր թողել, իսկ օղակը այդ ճեղքում այնպես էր հարմարեցված, ինչպես շրջանակը պատուհանին։ Այդ ճեղքի միջով ներսում երևում էր ուտելիք խառնած հարդը։ Է՛, ձմեռը քաղցած կաքավը որ հարդ տեսնի և զգա ուտելիքի հոտը, գլուխն այդ ճեղքով ներս չի՞ մեկնելու։ Մեկնելու է, կտուցով քրքրելու է հարդը և ետ քաշվելիս մազի օղակը ձգվելու և սեղմելու է նրա կոկորդը…

Աշոտին նայելով, տղաները նրա նման տնակներ էին կառուցում դարավանդներում ու հարդ պատրաստում չոր խոտերից։ Իսկ Աշոտը վարպետությամբ լարում էր իր ընկերուհու մազից պատրաստված թակարդները…

Երբ արդեն մութ էր և հինգ թակարդ էր լարված, նրանք նորից խոտ քաղեցին, մանր կտրտեցին դանակով, ծեծեցին քարի վրա և հեռվից շաղ տալով եկան դեպի թակարդները, կաքավներին ճամփա էին ցույց տալիս…

Հիմի որ էգուց մեր Շուշիկը կաքավի շորվա կուտի, ուրախ ասաց Աշոտը և ձյունով սկսեց մաքրել իր ցեխոտ ձեռքերը։

Սպասիր, պարզենք, հետո գնանք։ Քանի՞ կաքավ պիտի բռնվի, որ շորվայից մեզ էլ բաժին հանես, հարցրեց Գագիկը՝ Հասոյին աչքով անելով։ Իսկ սա փոքրիկ կրակն էր թեժացնում, երևի չէր մոռացել գազանի մասին։

Գնա՛նք, ձուկը ջրի մեջ առևտուր չեն անի… Թող բռնենք՝ հեշտ է, անորոշ պատասխանեց Աշոտը։

Տղաները նոր հույսերով անձավ մտան։ Առանձնապես լավատեսորեն էր տրամադրված Գագիկը։

Մի տես շեկլիկ մազերդ ի՜նչ գործ են կատարելու, ասում էր նա Շուշիկին։

Այդ երեկոն նրանք անցկացրին տեգեր պատրաստելով, և երբ յուրաքանչյուրն ստացավ իր նոր զենքը, տղաներն արդեն նույն զգացումն ունեին, ինչ ունենում է լիքը ատրճանակը կողքից կախած մարդը…

Այնուամենայնիվ, Աշոտը անհրաժեշտ համարեց նախորդ գիշերվա նման հերթապահություն սահմանել։ Տղաները մինչև լույս հերթով հսկում էին կրակին և անձավի մուտքին։

Երբ բացվեց մեր պատանիների գերության քսանմեկերորդ օրը, Գագիկը շտապեցրեց.

Գնանք մեր վառեկներին բերենք…

Մի քիչ էլ սպասենք։ Արևը ծագելիս կաքավները համ երգում են, համ քուջուջ անում, պատասխանեց Աշոտը։

Րոպեներն անցնում էին ժամերի ծանրությամբ։ Բոլորի մտքում և երևակայության մեջ դարավանդներում բռնված կաքավներն էին։

Քաղցը այնպես դյուրագրգիռ էր դարձրել նրանց, որ Գագիկը գոռաց.

Հիմի ցեխը կհալվի, բռնվածները կփախչեն, վեր կացեք…

Կփախչե՞ն… տենդագին Հարցրեց Շուշիկը տեղում վրա նստելով։ Նրա հայացքը թափառում էր անձավում…

Հասոն գրկել էր իր բրդոտ ընկերոջ գլուխը և գաղտնի արտասվում էր. Բոյնախը այլևս չէր կարողանում ոտքի կանգնել։ Իսկ Շուշիկի տեսքը ահարկու էր։

Տղան վեր ելավ տեղից և մի ածխակոթ վերցնելով, դուրս գնաց այրից։

Աշոտը ևս վեր կացավ դժկամությամբ, նրա կարծիքով դեռ շուտ էր։ Բայց թուլացած տղաները մինչև տեղ հասան, արեգակը «չվանաչափ» բարձրացավ Հովազաձորի արևելյան պատնեշից։

Բռնվե՜լ են, ճչաց Գագիկը թափթփված փետուրներ տեսնելով, բայց Աշոտի մռայլ հայացքին հանդիպելով, սառավ.

Ի՞նչ ես հորթի նման տրտնգի տալիս, չե՛ս տեսնում, որ աղվեսը կերել է մեր որսը…

Տղաների թևերը թուլացան, իսկապես, ամբողջ դարավանդով մեկ փետուրներ էին ցրված…

Ոչի՛նչ, հետքով գնանք, բնի մեջ բռնենք, հույս տվեց Գագիկը։

Ինչո՞վ ես բռնելու, հեգնանքով հարցրեց Աշոտը։ Կարծես ունելիով սեղմում էին նրա սիրտը, ինչպե՜ս ձեռքից գնաց պատրաստի որսը՛…

Ծուխ կդնենք՝ կխեղդվի բնի մեջ։

Որ խեղդվեց, ո՞նց ես հանելու… Սպասի՛ր, աղվեսին բնից չհանենք էլ, ոչի՛նչ, որ խեղդվի, էլ մեր թակարդների կողմը չի գա… հետքը գտեք…

Տղաների մեռնող հույսերը նորից վերակենդանացան, իրոք, եթե մեջտեղից վերացնեն այդ «ավազակին», բռնված կաքավները կմնան իրենց։ Է՛հ, մեկ օր էլ կարելի է դիմանալ՝ պտուղներ հավաքելով։ Իսկ վաղը առավոտյան արդեն կարելի է փետրել բռնված կաքավները, չէ՞ որ արդեն գտնված է նրանց որսալու հեշտ ու հասարակ ձևը։

Որքա՞ն մեծ բան է հարկավոր այդ հասակի պատանուն ոգևորելու համար։ Եվ ահա այդ նոր հեռանկարից ոգեշնչված՝ տղաները սկսեցին փնտրել իրենց նոր հակառակորդին։

Սպասեցե՛ք, գոչեց Գագիկը։ Իսկ կաքավները ցերեկով քուջուջ չե՞ն անում։

Դժվար թե… Արդեն մեզ տեսան այստեղ… Բայց երեկոյան դեմ էլի դուրս կգան արոտի։

Որ այդպես է, եկեք մի ուրիշ տեղ թակարդներ սարքենք, հետո գնանք աղվեսի հետևից։ Էլ ո՞ւր ենք սպասում էգուցվան, մենք հենց այս երեկո կարող ենք կաքավ ուտել…

Խելացի էր Գագիկի առաջարկը, ուստի նրանք տեղափոխվեցին մի այլ դարավանդ, որ ավելի վերև էր՝ հետևապես որսով ավելի հարուստ՝ և սկսեցին այնտեղ թակարդներ լարել։ Մի բան վատ էր, որ այլևս ուտելիք չէին կարող խառնել հարդին։

Իսկ եթե խոտի սերմեր խառնե՞նք, հարցրեց Գագիկը։

Բայց ոչ ոք չկարողացավ ասել, թե կաքավը վայրի բույսերից որի՞ սերմն է ուտում, ուստի որոշեցին այդ օրը միայն «հարդը» դարձնել գրավչանյութ, քանի որ կաքավները սիրում են քուջուջ անել հարդի մեջ՝ նույնիսկ եթե նրա մեջ մի հատիկ էլ չլինի։

Փոսերում, քարերի շվաքում եղած ձյան մնացորդները հալվում էին-ծծվում հողի մեջ։ Մեր տղաները չոքեչոք ցեխ էին հունցում թաց հողից, քարե տնակներ կառուցում, հևում ու ընկնում գլխապտույտից, բայց դեռ դիմանում էին։

Աշխատանքը հույս էր ներշնչում, իսկ հույսը պահում էր նրանց։ Ի՞նչ արած, քանի շնչում էին պիտի աշխատեին, այլապես… .

Լա՛վ, հերի՛ք է, գնանք աղվեսի հետքը գտնենք, առաջարկեց Աշոտը և իր տեգը վերցնելով, առաջ անցավ։

Նրանք հասան բզկտված թռչունների փետուրներով ծածկված դարավանդը և սկսեցին փնտրել գազանի հետքը։

Գտա՛… Ի՜նչ մեծ աղվես է եղել, գոչեց Գագիկը՝ ցեխի վրա տպված հետքը ցույց տալով։

Աշոտը նայեց հետքին ու գունատվեց։

Ի՜նչ աղվես… մեծ գազան է… շշնջաց նա և գոչեց. Ածխակոթերը վառ պահեցեք… Քարեր գցեցեք… Աղմկեցե՛ք…

Նրա երկյուղը անհիմն չէր. աներևույթ գազանը իր նախաճաշը կատարել էր քիչ առաջ, արևածագին…

Տղաները քարեր գլորեցին, աղմկեցին և երբ իրենց կանչերից մի քիչ սրտապնդվեցին, Գագիկն ասաց.

Մի լավ նայիր, Աշո՛տ, գուցե սխալվում ես։

Ի՞նչ նայեմ, պարզ չի՞ որ… Մի տես ինչքան մեծ է…

Գուցե գայլ է եղել, իզուր մենք վախենում ենք։

Չէ, գել չի, հետքը ուշադիր նայելուց հետո իր կարծիքը հայտնեց «գայլի մասնագետ» Հասոն։ Գելի ռադը սրանից փոքր է ու երկարուկ։

Եվ մեջտեղի երկու ճանկերը երկար, լրացրեց Աշոտը այնպիսի շեշտով, որ հասկացնել էր տալիս, թե՝ «քո կյանքը գայլերի հետ է անցնում, բայց մենք էլ պակաս չենք ծանոթ էդ գազանին»։

Հա՛, երկու մատը առաջ է ցցված, ճանկերն էլ բաց, հաստատեց Հասոն։ Իսկ սրա ճանկերը բաց չեն…

Ասաց և իր խոսքից ահը շատացավ նրա մեջ, կարծես նոր ըմբռնեց, թե ինչ սոսկալի գազան է ապրում այրի մոտերքում։

Իսկ ո՞ւր են ճանկերը, միամտորեն հարցրեց Գագիկը։

Ծալել է դանակների նման… որ չբթանան… Գնա՛նք…

Աշոտն էլ չգիտեր ո՞ւր գնան։ Երկար ժամանակ նրանք մնացել էին դարավանդում մոլոր կանգնած։

Ինչպե՞ս, ի՞նչ երեսով ներկայանան նրանք իրենց ընկերուհուն, որի մեջ կյանքը հետզհետե մարում էր ձեթը վերջացած ճրագի նման…

"Հովազաձորի գերիները" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Ալմաստ - Պարսկական երթ
Ալեքսանդր Սպենդիարյան

Ալմաստ - Պարսկական երթ

Կոստանդնուպոլիս
Կոստանդնուպոլիս
Խաղա առցանց