Վախթանգ Անանյան
Հովազաձորի գերիները
16
Երկրորդ մաս
Գլուխ առաջին. Թե ինչեր ասես չէր հորինում ժողովուրդը, երբ անգետ էր ու սնահավատ
Լուսադեմ էր, պարզկա և ցուրտ լուսադեմ։ Այգեձորի հանդերով տակառներ բարձած մի բեռնատար մեքենա էր անցնում։ Պահեստապետ Պարույրը, տաք մուշտակի մեջ փաթաթված, ննջում էր խցիկում, երբ անակնկալ արգելակից մեքենան հանկարծ կանգ առավ և այնպես ցնցվեց, որ քիչ Էր մնում Պարույրը իր մսոտ ու լայն ճակատով փշրեր դիմացի ապակին։
Ի՞նչ պատահեց, վրդովված հարցրեց նա։
Մի հեղեղը տես…
Ձյունով ծածկված ճերմակ դաշտով պղտոր մի հեղեղ եկավ և մեքենայի քթի առջևից անցավ գոռում-գոչյունով։ Անցավ արագ, տեսիլքի նման և հեղեղատը նորից ցամաքեց…
Դեռ մութ էր, եթե մութ չլիներ, գուցե նա տեսներ և իր որդու կաշվե թանկագին պայուսակը՝ հեղեղի պղտոր բաշին թառած ցած գնալիս…
Պարույրը սնահավատ մարդ չէր, բայց սիրտն ահ ընկավ այդ խորհրդավոր երևույթից և վարորդից թաքուն բնազդորեն խաչակնքեց. «Նալլաթ քեզ չար սատանա, է՞ս ինչ բան էր…»։
Եվ նրա երկյուղն անհիմն չէր, այդ երկյուղը գալիս էր իր պապերից, դարերի խորքից։ Անհիշատակ ժամանակներից սկսած Այգեձորի հին բնակիչները նկատել էին, որ երբեմն, մեկ-երկու ամիսը մեկ անգամ, հանկարծ հեղեղ է գալիս սարերից, թափով կտրում-անցնում իրենց հանդերն ու գնում թափվում Արաքս գետը։
Հեղեղը երբեմն գալիս էր պարզ ու անամպ օրը, անգամ հունիսի շոգին, երբ սարերում հալվող ձյուն չկա, երբ օրերով մի կաթիլ անձրև չէր ընկել երկնքից։
Սանձազերծ վիշապի նման նա իջնում էր Հովազաձորի ժայռերից, կտրում-անցնում Արարատյան տափարակն ու մի քանի րոպեում այնպես չքվում, որ հետքն էլ չէր մնում…
Դե ոնց Այգեձորի հին ու սնահավատ բնակիչները չմտածեին, որ դա կա՜-չկա սատանաների սարքած բանն է…
Դժոխքի մեծ պղինձը շուռ են տալիս, հին ջուրը դատարկում, որ նորը լցնեն՝ մեղավոր մարդկանց հոգիները նրա մեջ խաշելու համար, մտածում ու բարձրաձայն ասում էին որսորդ Արամի, այգեգործ Արշակի և Այգեձորում այժմ ապրող ու աշխատող լուսավոր մարդկանց մութ ու հետամնաց նախնիները։
Հեղեղատի հունով նրանք գնում էին դեպի վեր, կանգնում Հովազաձորի ներքին պռնկի դեռ թաց ժայռերի տակ, ահով վեր էին նայում, երկյուղածությամբ խաչակնքում էին երեսները, չարը խափանող աղոթքներ էին մրմնջում ու վերադառնում սիրտները լի կասկածներով։ Ո՜վ էր գլխից ձեռք վերցրել, որ Հովազաձոր մտնի, ստուգի, թե ի՞նչ երևույթ է դա, որտեղի՞ց է գալիս այդ «հանկարծակի հեղեղը»։ «Աստծու գործերն անքննելին են»… խորիմաստ խրատում էր Տեր-Կարապետը, և այդպես էլ «անքննելի» մնաց մինչև նոր կարգերը։
Նոր մարդիկ՝ Աշոտի հայր Արամը և մի քանի ուրիշներ երբեմն, երեք-չորս տարին մեկ անգամ, որսի ազարտով բռնված՝ մտնում էին այդ ահալի ու անիծված ձորը։ Չէին հավատում նրանք ո՛չ չարքերին, ո՛չ նրանց գործերին։ Բայց մի անգամ, մի պայծառ աշնանային օր, երբ իրենց աչքով տեսան պղտոր հեղեղը Հովազաձորի ներքին ժայռերից կախված և երբ լսեցին նրա դղրդոցը, ակամայից ահ ընկավ սրտները և զարմացած շշնջացին. «Է՞ս ինչ բան էր…»։
Հնում մի անհավատ մարդ կար Այգեձոր գյուղում՝ Սարոյենց Արտեմը։ Կարիքից հալածված այդ մարդը ոտքով գնացել-հասել էր Բաքու, իր պողպատե բազուկների ուժը և մարմնի երկաթյա առողջությունը թողել էր Նոբելի նավթահանքերում ու շատ տարիներ անց գյուղ էր վերադարձել ճերմակած, ուժասպառ։
Հող չուներ Սարոյենց Արտեմը՝ մեզ ծանոթ որսորդ Արամի պապը։ Իսկ ընտանիքը կերակրել հարկավոր էր։ Գնաց նա արորով հերկ արավ գյուղից շա՜տ հեռու, Հովազաձորից ցած՝ դեպի Արաքս ձգվող խանձված ու չոր հանդում։ Շատ քրտինք թափեց, փորեց խիճը, վազի կտրոններ տնկեց և աչքը գցեց Հովազաձորի ժայռերին, ո՜վ գիտի, գուցե իր բախտից սատանաները իրենց կաթսան դատարկեն իր ցանքի հենց ամենածարավ ժամանակ…
Իսկ սատանաները իսկի չէին էլ մտածում, որ աղքատ Արտեմի արտը ներքևում թոռոմում է։ Ծերունի Արտեմը դողդոջ ձեռքերով առուներ էր անցկացրել ցամաքած հեղեղատից դեպի իր ցանքն ու այգին և աչքը պղնձագույն ժայռերին՝ սպասում էր։
Գյուղացիք սկսեցին թուք ու մուր տալ նրան.
Ա՛յ մարդ, դևերը քեզ ջո՞ւր պիտի տան, որ դու հացի տեր դառնաս…
Բայց դևերը անակնկալ կերպով ջուր ուղարկեցին և նա իրոք «հացի տեր դարձավ»։ Ճիշտ է, հեղեղը սրբեց տարավ արտի մի մասը, բայց մնացածը ոռոգեց իր տղմուտ ջրով և արտը լավ բերք տվեց։ Իսկ խաղողի կտրոնները շիվեր արձակեցին, աճեցին։
Խելացի հողագործ էր Սարոյենց Արտեմը. նա կտրոնները տնկել էր թոնրի նման խոր փոսերի մեջ։ Առուներով բաժան-բաժան հեղեղը գնաց այդ փոսերը լցրեց ջրով ու պարարտ տիղմով։ «Էս տարի որ էլ մի կաթիլ ջուր էլ բաց չթողնեն, էլի հերիք է», մտածեց նա։
Այսպես, տարիների ընթացքում, ծարավի արևից խանձված այդ ամայի դաշտում մի փարթամ այգի ստեղծվեց, որ հեռվից մարդու աչք էր շոյում անապատի դաժան դեմքը մեղմող կանաչ օազիսի նման։ Ի՜նչ մրգեր ասես, որ չկային այդ դրախտ-այգում՝ ալ ու ալվան խաղող, արյան նման կարմիր նուռ, հյութալի և արևագույն դեղձ։
Բայց Տեր-Կարապետը (օղորմի իրեն, ի՜նչ լուսավոր մարդ է՜ր) անիծեց այդ «սատանեկան այգին» և նրա պտուղը ոչ ոք չգնեց, նրանից ստացված գինին ոչ ոք չըմպեց. «Սատանի ջրով է ջրված…»։ Տեր-Կարապետի թելադրանքով ոչ ոք այլևս չկտրեց Սարոյենց Արտեմի հացը։ Ինքն էր մեղավոր, հետը կնունքի նստեին, հարսանիքի, թե՛ սովորական ընթրիքի, տանտերը սեղանին պիտի դներ իր ունեցած հացը, միրգը, գինին, բոլորն էլ «դժոխքի ջրով» սնված-աճած։
Շատ համոզեց ծեր Արտեմը համագյուղացիներին, թե՝ ո՛չ սատանա կա, ո՛չ դժոխք (դե նա Բաքվի բանվորության մեջ կոփված մա՜րդ, ոչ աստծուն էր հավատում, ոչ սատանային), լսողն ո՜վ էր. նա հո Էջմիածնում կրթություն ստացած, հոգևոր ճեմարանն ավարտած Տեր-Կարապետից շատ բան չգիտե՛ր…
Սարոյենց Արտեմը ստիպված մի հոլիկ շինեց իր մենավոր այգում և այնտեղ ապրեց մարդկանց աչքից հեռու։
Երբեմն «դժոխքը» ջուր էր ուղարկում, երբեմն ամիսներով նրա ցանքն ու այգին ծարավ էին մնում։ Մի տարի բերք էր ունենում, մյուս տարին՝ ոչ, ու այդպես ապրում էր ծերունի Արտեմը վիշտն ու կսկիծը սրտում, իր ժամանակի մութ աշխարհի դեմ դառնացած, մինչև որ տարիները իրենց հետ մաշեցին-տարան նրա ուժերի մնացորդները և մի օր էլ խաղաղ վախճանվեց իր մենավոր հոլիկում…
Այգին անտեր մնաց, վայրենացավ, ոչ ոք ձեռք չէր տալիս նրա պտուղներին։ Հեղեղը երբեմն գալիս էր նրան ջրում, ծառերը ծաղկում էին, պտղակալում, վայրի կենդանիները՝ ոզնի, նապաստակ, սարից դաշտի աղուտներին այցի եկող քարայծեր, ամեն տեսակի թռչուններ, գալիս վայելում էին քաղցրահամ պտուղներն ու իրենց կենդանական լեզվով «օրհնում» այդպիսի բարիքներ իրենց ժառանգություն թողած բարի ծերունուն։
Բայց ինչպես որ մարդու խնամքոտ ձեռքը ետ քաշվելուց հետո անգամ Միջագետքի նման ծաղկած երկիրը ծածկվեց ավազով և վերածվեց անապատի, այնպես էլ այդ կանաչ օազիսը խամրեց-ամայացավ, քանի որ տիղմով լցվեցին առուները և ջուրը այլևս չէր հասնում ծառաստանին։
Երբ Արամը՝ տասնհինգ տարեկան մի պատանի՝ առաջին անգամ հոր հետ որսի գնաց դաշտ, նախկին փարթամ այգու տեղ հեռվից մի քանի չորացած ծառեր էին երևում, ճյուղերը ծուռումուռ ու կախ, թևակոտոր ագռավների նման։
Քո պապի հոր այգին է, տխուր ասաց հայրը, և որդուն պատմեց այն ամենը ինչ գիտեր այդ այգու և Հովազաձորից եկող խորհրդավոր հեղեղի մասին։
Երբ Արամը որդիներ ունեցավ և սրանք մեծացան, ինքն էլ իր հերթին իր Արտեմ պապի պատմությունն արավ սրանց։ Այնպես որ Աշոտը արդեն լսել էր հորից, թե որտեղի՞ց է գալիս Այգեձորի հանդը կտրող-անցնող հանկարծակի ու կարճատև հեղեղը։ Բայց այդ մասին նա իր ընկերներին ոչինչ չէր ասել, չէր ուզեցել նրանց սրտները ահ ու կասկած գցել։ Մանավանդ Հասոն չպիտի իմանար ոչ «սատանաների ուղարկած ջրի», ոչ էլ այն մասին, որ այդ ջուրը հենց Հովազաձորում է դուրս հորդում, թե չէ սնոտիապաշտ պատանին ահից գիշերները քուն չէր ունենա։
Չէր ասել, բայց նրա մտքով էլ չէր անցել, թե անակնկալ հեղեղը կարող էր սկիզբ առնել հենց այն անձավից, ուր իրենք բնակություն են հաստատել…
Հմուտ բնասերի համբավ ուներ Աշոտը Այգեձորի դպրոցում, բայց ահա այդ հարցում չարաչար սխալվել էր։ Նա ընկերներին խրատում էր, որ աչքաբաց դիտեն-ճանաչեն ամեն երևույթ, բայց ինքը ուշադրություն չէր դարձրել, որ անձավից ներքև հին ջրամբարի նշաններ կան, որի ներքին պռնկին ջուր սիրող բույսեր ու ծառեր են աճել՝ եղեգներ, ուռենի, թեղի… Այս ցամաք վայրում որտեղի՞ց են նրանք ջուր ստանում, այդ մասին Աշոտը չէր մտածել։ Այնուհետև, այրի հատակը հղկված էր, իսկ քարայծերը խուսափում էին այդ անձավից։ Աշոտը եթե շրջահայաց լիներ և ուշադրություն դարձներ այդ նշաններին, խումբն այն սոսկալի աղետին չէր ենթարկվի։
Աշոտը լսել էր նաև այն, որ իր հայրը կոլվարչության առաջ մի քանի անգամ հարց էր հարուցել՝ մեծ այգի գցել իր պապի այգու տեղը և վերականգնել-լայնացնել վաղուց ոչնչացած օազիսը։
Ի՜նչ հող ուներ այդ հանդը, ի՜նչ ոսկի հող։ Եվ ի՜նչ արևի տակ է՜ր… Միայն ջուրն էր պակասում։ Եթե սանձ դնեին հեղեղի երախին և ստիպեին ծառայել մարդուն, Արարատյան դաշտի այդ մասը «երկրային դրախտ» կդառնար, ինչպես սիրում էր արտահայտվել Արամը։ Դա մեծ օգնություն կլիներ հողից պակաս Այգեձորի համար, ուստի այդ առաջարկը շատերը պաշտպանեցին, բայց այդ հարցը մնացել էր անլուծելի, ոչ թե այն պատճառով, որ այգեձորցիք վախենում էին «սատանի ջրով» ոռոգել իրենց այգին, վաղուց նրանք այլևս չէին հավատում իրենց պապերի հորինած հեքիաթներին, այլ չէին ցանկանում այգի հիմնել պատահաբար եկող ջրի հույսով։ Կարելի էր ջրամբար կառուցել և կուտակել ու աստիճանաբար օգտագործել հեղեղի բերած ջուրը։
Բայց ինչպես ընթերցողն արդեն մի ուրիշ առիթով տեսավ, Այգեձորի ղեկավարությունն ապիկար էր և այդ գյուղի մարդիկ ոչ այնքան նրա կատարելիք գործին էին սպասում, որքան նրա շուտափույթ փոխվելուն։ Նրանք սպասում էին հունվարին, կոլվարչության հաշվետվությանը, որպեսզի նոր, գործունյա մարդիկ ընտրեն վարչության կազմում, որոնք կզբաղվեին նաև Հովազաձորից եկող խորհրդավոր հեղեղը օգտագործելու և Սարոյենց Արտեմի հին այգու տեղը նոր, հանրային այգի գցելու գործով։
Քշի՛ր, Սե՛րոբ, քշի՛ր հեռանանք էս անիծված տեղից, կրած երկյուղից ուշքի գալով կարգադրեց Պարույրը վարորդին։ Սերոբը նորածիլ բեղի տակ քմծիծաղ տվեց և քաշեց բռնակը։ Վաղորդյան աղջամուղջի մեջ մեքենան սլանում էր դեպի Այգեձոր։
Գլուխ երկրորդ. Թե ինչքան ցանկալի է արևը, երբ շուրջդ մութ է ու խավար
Սարսափից Հասոյի լեզուն բռնվել էր։ Մինչև ծնկները ջրի մեջ կանգնած՝ նա դողդողում ու մրմնջոցով օգնության էր կանչում ամենազոր Շամս աստծուն, երբ շեմքից լսվեց Աշոտի կանչը։
Ի՛նչ ես քարացել, դուրս վազիր փրկենք...
«Փրկենք» բառը շանթահարեց տղային։ Իսկապես, գուցե հեղեղն ընկերներին սրբել-տարել է, իսկ ինքը տնկված նայում է ապշահար։
Սառը ջրերի մեջ չփչփացնելով, նա հենց դուրս եկավ քարայրից, հեղեղը կտրվեց։ Գնում հեռանում էր նրա աղմուկը և քիչ անց դղրդոցով թափվեց Տափարակի ներքևի շեկ ժայռից և նրա թափից գետինը ցնցվեց։
Ոչ ոքի ջրից դուրս քաշելու կարիք չեղավ, ինչպես որ գետի ընթացքը հանկարծ փոխելուց հետո ձկները թպրտում են ցամաքող հունի մեջ, այնպես էլ հեղեղն անցնելուց հետո Հովազաձորի լանջին այստեղ-այնտեղ դեգերում էին քարայրից վռնդված պատանիները։
Ո՜տս, ո՜տս, փրկեցեք, խավարում լսվում էր Սարգսի լալագին ձայնը։
Նրանից ցած մի թույլ ճիչ լսվեց, կանացի մի հուսահատ կանչ. «Մե՜ռա…»։
Հասոն սայթաքելով ցած վազեց, ոտքը քարի առավ, բայց ընկնելու ժամանակ չունեցավ։
Գալիս եմ, խուշկե Շուշի՜կ, ձայն էր տալիս նա աղջկան, որ ջրերի մեջ խելակորույս փախչելիս վայր էր ընկել և, մի թփի դեմ առած՝ թույլ նվվում էր։
Չվախենա՛ս, ահից կանչեց Հասոն և Շուշիկին շալակելով, տարավ-դրեց մի չոր տեղ։
Գագի՜կ… տագնապահար գոռում էր Աշոտը։
Թող մի սառը դուշ ընդունենք, ի՛նչ ես ձայնդ գլուխդ գցել, լսվեց Գագիկի պատասխանը այրի շեմքից երկու քայլ ցած։ Դեսն արի Սարգսին տանենք։
Մթնում ո՜վ պիտի նկատեր նրա դեմքի սարսափը…
Է՛հ, լավ է, բոլորն էլ կենդանի են։ Աշոտը ազատ շունչ քաշեց, բայց դեռ սիրտն ուժգին խփում էր։ Դե ինչպես չվախենա մարդ, երբ քնի ամենաքաղցր պահին հեղեղի բերանն է ընկնում…
Վա՛յ, վա՛յ, ջարդվեց, կամա՛ց, գոռում-մղկտում էր Սարգիսը, երբ ընկերները փորձում էին նրան տեղափոխել։
Շուշի՛կ, հանիր շորերդ ու մզիր։ Շո՛ւտ, ես երեսս դենն եմ անում, խրախուսում էր Հասոն։
Աղջիկը լալով ու զնգր-զնգր դողացնելով մզում էր հագուստը, իսկ Հասոն՝ երեսը շրջած շարունակում էր սրտապնդել նրան.
Չվախենա՛ս, քուր ջան, չվախենա՛ս։ Հիմի էնպես կրակ անեմ, աստծու ոտները խանձի…Չվախենա՛ս, քեզ համար չոր շորեր եմ պահել… Բոյնա՜խ, այ Բոյնախ, հե՜յ…
Ներքևում թույլ հաչոց լսվեց, որ հետզհետե մոտենում էր։
Ջա՜ն, Բոյնախս, Բոյնախս կենդանի է, արցունքն աչքերին կրկնում էր հովիվ պատանին։ Պրծա՞ր, դե թող հագցնեմ…
Ջուրը անցքից ժայթքելուն պես Հասոն տեղից վեր էր թռել խայթվածի նման ու ոտքի կանգնել։ Եվ քանի որ երեկոյան նա համեմատաբար հեռու էր քաշվել խարույկից և լավ տեղերը զիջել
իր ընկերներին, այդ պատճառով էլ այրի կենտրոնով հոսող ջուրը Հասոյի միայն ոտքերին էր հասել։ Ծնկներից վերև նրա հագուստները չոր էին։ Տղան, առանց տատանվելու, հանեց իր բլուզը, հագցրեց աղջկան և պատվիրեց.
Պա՛ր արի, տեղումդ մի՛ կանգնիր, պար արի, ես հիմի կգամ…
Ու վազեց ընկերներին օգնության։ Երեքով նրանք դժվարությամբ Շուշիկի մոտ տարան Սարգսի թրջված ու կիսաշունչ մարմինը։
Ասա, ո՞ւր ես ստեղծել էսքան բոյը, տնքալով տանում ու ինքն իրեն բողոքում էր Գագիկը։ Անուշ ջան, ոսկորներդ տե՞ղն են։ Հա՞, դե լավ է, պինդ կաց, վերջը լավ կլինի…
Գագիկը էլի կատակով է խոսում, ուրեմն վտանգն անցավ, չեն մեռնի, մտածեց Շուշիկը և մի քիչ սրտապնդվեց։ Բայց այդ վիճակում էլ նրա գլխով անցավ Հասոյի տարօրինակ առաջարկը՝ «Պար արի, տեղումդ մի՛ կանգնիր…»։ Հո չի՞ ցնդել տղան, ի՞նչ սրտով ինքը պարի այդ ողբերգական գիշերը…
Տղաները միացյալ ուժերով մերկացրին Սարգսին, մզեցին նրա շորերը ու մնացին մոլորված. Ի՞նչ անեն, նորի՞ց հագցնեն թաց հագուստը, թե՞ մերկ թողնեն։
Իսկ Սարգիսն այլևս ցավից չէր բողոքում, երևի անզգայացել էր։
Մարմինը շփենք, առաջարկեց Հասոն։ Շուշի՛կ, քեզ չասացի՞ պար արի։
«Չէ, հեղեղի տեսքից ուղեղի ցնցում է ստացել…», ահով մտածեց Շուշիկը։
Բայց տղան իրենն էր պնդում.
Ձմեռը հանդում, որ ցուրտը զոռում է, մեր չոբանները բոլորն էլ պար են գալիս, որ չսառչեն… Չգիտե՞ք։
Տխուր ժամանակ է՞լ…
Սուգի ժամանակ էլ…
Եվ Հասոն սկսեց ինքը բերանով թե՛ նվագել, թե՛ «լեզգինկայի» նման մի պար պարել։ Տարօրինակ էր, բայց նրա համար՝ սովորական։ Ամեն բանից քաշվող պատանին այժմ պարում էր ազատ, այնպես, ինչպես շատ անհրաժեշտ գործ են կատարում, ասենք՝ փայտ են ջարդում, գոմ մաքրում, կամ խոտ բերում ոչխարների համար։ Այդ կարգի պարը հովիվ մարդու համար զվարճություն չի, և ոչ էլ հոգեկան բավականություն, այլ կյանքը փրկելու միջոց, ուստի այդպիսի պարին չեն ուղեկցում խնդագին բացականչությունները և ոչ էլ պարողն ուրախ տեսք է ունենում…
Տաքացա… Պարի՛ր, Շուշի՛կ, պարեցեք, տղե՛րք, կանչում էր Հասոն և զարմանում, որ ընկերները չեն հասկանում այդ հասարակ բանը։
Ի՛նչ արած, սևակնած սրտերով նրանք շուրջպար բռնեցին, ձեռք ձեռքի տվին ու սկսեցին թռչկոտել։
Եթե այդ պահին որևէ որսորդ Հովազաձորի ժայռերից ցած նայեր, կարող էր հավատալ, որ իրոք աշխարհում սատանաներ գոյություն ունեն, որոնք գիշերները պար են բռնում…
Երբեմն նրանք կանգ էին առնում շունչ առնելու, հերթով շփում էին իրենց վնասված ընկերոջ մարմինը, ապա նորից շարունակում հարկադրական ու տանջալից պարը…
Մեռնո՜ւմ եմ, մեռնո՜ւմ եմ… ուշքի գալով գոռում էր Սարգիսը։
Այստեղ մեռնելն արգելված է, կտրուկ իր վճիռն արձակեց Գագիկը։ Կաց մի թիկունքդ տրորեմ… Գոնե ձեռքերով շարժումներ արա, տո՜, ի՞նչ ես լեշի նման փռվել։
Ինչ էլ որ անեին, ցուրտը սպառնում էր ոչնչացնել մինչև ոսկորները թրջված մեր պատանիներին։
Այն ժամանակ Հասոն, որ տարվա բոլոր եղանակներին էլ իր կյանքն անց էր կացնում բաց երկնքի տակ, գործադրեց իր մի այլ միջոցը։
Տղե՛րք, ասաց նա, թոքերը թիկունքից են մերսում, փչեցեք իրար թիկունքի։ Ա՛յ, այսպես։
Եվ բերանը հպելով Աշոտի թիկունքին, ինչքան ուժ ուներ փչեց։
Վա՛հ, թիկունքս վառեցիր։ Շուռ արի, Շուշի՛կ, մեջքդ դեմ արա…
Նա էլ Շուշիկի թիկունքին սկսեց փչել։ Հասոն՝ Գագիկի, Գագիկը՝ Հասոյի, իսկ Շուշիկը կռացել նույն ձևով տաքացնում էր գետնին նստած Սարգսի մեջքը։
Ոտքիդ ի՞նչ է պատ… պատ… պատահել, հազիվ կարողացավ հարցնել աղջիկը, նրա ծնոտներն իրեն չէին ենթարկվում։
Կոտրվել է՜, լալով մղկտաց Սարգիսը ներքևից։
Թևերդ շարժիր, սուգ մի՛ անիր, ոչինչ չկա, ականջի մոտ որոտաց Աշոտը։ Այդ ձայնից տղան ապրելու հույսեր առավ և սկսեց անկանոն շարժումներ անել։
Մինչև լույս կդիմանա՞նք, հարցրեց Շուշիկը։
Ի՜նչ սարսափելի է մահը, իսկապե՞ս պիտի մեռնի առանց մորը տեսնելու։ Աղջիկը լուռ հեկեկում էր, իսկ Հասոն նայում էր աստղերին։
Չվախենա՛ք, շուտով լույսը կբացվի, գոչեց նա։ -Նայեցե՛ք, էն բարձր աստղը Քյարվանղռանն է, լուսադեմից առաջ է դուրս գալիս, հետո կասեմ, թե ինչի են «քյարվանղռան» ասում էդ աստղին։ Նրանից ներքև, քարափի գլխից մեզ մտիկ անողը լուսաստղն է, էն էլ՝ «բազումքը»։ Կես ժամից լույսը կբացվի, չվախենա՛ք։ Գնանք քարափի տակ…
Աշոտը նույնպես կարողանում էր քիչ ու միչ «կարդալ երկինքը», որսորդ հորից էր սովորել, բայց այդ գործում հովիվներին չէր հասնի, հովիվն աստղերով անսխալ որոշում է գիշերվա պահը։ Նա ստուգեց Հասոյի տված տեղեկանքը և սրտապնդված հաստատեց.
Մի քիչ էլ դիմանանք՝ կլուսանա, արևը դուրս կգա, չվախենա՛ք։ Արի քեզ շալակեմ, այ մախաթ կուլ տված լոլոզ, էստեղ լուսադեմի քամին կբռնի։
Եվ Սարգսի երկար ու թուլացած մարմինը շալակելով, քայլեց դեպի ժայռերի կողմը, ուր խաշամով լիքը մի փչակ գտավ և իր բեռը խցկեց նրա մեջ։
Հասո՛, կրակ անելու հնար չունե՞ս, ցրտից ավելի ու ավելի նեղվելով հարցրեց Աշոտը։
Չէ, աբեթն էլ է չարդ տարել, չախմախն ու քարն էլ։ Ապա քիչ լռելուց հետո ավելացրեց.
էլի պար պիտի գանք, ճար չկա, իսկ լուսանա՝ մի հնար կանենք…
Եվ թուլացած ընկերներին պարի մղելու համար Հասոն իր գոտուց հանեց սրինգն ու սկսեց նվագել արյուն եռացնող մի պարերգ։
Ցրտից սառչող պատանիները շունչ առան այդ եղանակից, արյունները շարժվեցին նրանց երակներում և իրար ուս բռնելով, շարունակեցին պարել։
Ապա դրանից էլ հոգնելով, Հասոյի խորհրդով նրանք գրկում էին իրար թիկունք և այդպես տաքացնում իրար։
Ա՜խ, թե ուժ մնացած լիներ մեջնե՜րդ, տես ոնց էի կոխ բռնում, տաքանալու համար կոխից լավ միջոց չկա։ Ի՜նչ անեմ, որ հետս կոխ բռնող չկա , -ափսոսում էր Գագիկը, բայց բոլորն էլ գիտեին, որ լեզուն է բլբլացնում, իսկ ինքը ոտքի վրա կանգնել չի կարողանում։
Լուսանում է, պինդ կացեք, սիրտ էր տալիս Աշոտը։ Ով հուսահատվեց, անշարժ մնաց, կսառչի, տեղում կմնա… Մի՛ վախեցեք… Սա ի՞նչ է որ։ Ճակատում մեր հայրերը շորը հագներին սառցակալած գետեր են անցել։ Կրակ էլ չեն վառել, որ թշնամին չտեսնի, ու գնդակների կարկուտի տակ դողացրել են, վիրավորվել, սպանվել, բայց առաջ են գնացել։ Մեր դրությունը նրանցից շատ լավ է, չվախենա՛ք, մեր դեմ ոչ թշնամի կա, ոչ էլ ռմբակոծում են մեզ… Երկու ժամն ի՜նչ է, որ չդիմանանք… Մի տեսե՛ք արևելքը ինչպես է գույնը փոխում։ Մի տեսեք Մասիսի կատարը ոնց լուսավորվեց… Չվախենա՛ք։ Դե՜, Հասո ջա՜ն, փչիր սրինգդ մի քիչ էլ պարենք…
Հասոն և՛ պարում, և՛ փչում էր սրինգը, ինչպես անում են քուրդ իմպրովիզատորները։ Իսկ քաղցից ուժասպառ, ցրտից կապտած մեր պատանիները վեր-վեր թռչելով՝ իրենց ուժերի մնացորդներն էին ծախսում՝ մահից փրկվելու համար։
Բայց րոպեներն անցնում էին ծանր ու տանջալի։ Թվում էր ժամանակը կանգ է առել։ Երբեք մեր պատանիները այդպիսի ուժով չէին զգացել արևի կարոտը, նրա կենսարար ջերմության կարոտը…
Վերջապես ուժերն սպառվեցին, վաղորդյան ցուրտը սեղմեց-կուչ ածեց նրանց։ Թուլացած և գրեթե անզգա նրանք կուտակվեցին իրար վրա, թաղվեցին ժայռի տակ թափված խաշամի մեջ, հպվեցին իրար ու մնացին անշարժ։ Հասոն էլ իր անբաժան ընկերոջ՝ Բոյնախի թաց մարմինն էր իր գիրկն առել ու հայացքը շարունակ Մասիսների բարձունքներին հառած՝ նվվում էր. այնտեղից էր սպասում իրենց փրկության նշանը…
Վերջապես Մեծ Արարատի ճերմակ գլուխը ոսկեզօծվեց և բերկրալից ճիչ դուրս թռավ պատանու հոգուց.
Շա՜մսը… Շա՜մսը…
Եվ աջ ձեռքը կրծքին դնելով, խոնարհվեց ու երկրպագեց արևին…
Շա՜մս, Շա՜մս, փրկի՛ր ինձ… փրկի՛ր իմ ընկերներին… մրմնջում էին նրա կապտած շրթունքները։
Ապա ծունկի եկավ և ձեռքերը տարածելով դեպի Արևը՝ անձայն կրկնեց հորից լսած աղոթքը.
«Շամս աստված, տուր մեզ լույս ու խաղաղություն…»։
Թմրած և ընդարմացած պատանիները գլուխները վեր քաշեցին, տեսան Փոքր Ասիայի լեռների արքային արեգակի նարնջագույն ծիրանին ուսերին գցած, տեսան լեռան հավերժական սառցադաշտերը փայլփլելիս և թվաց հեռո՜ւ-հեռվում կայծկլտող ճառագայթներն անդրադարձան ու թափանցեցին իրենց հոգու մեջ, լույսով ու ջերմությամբ ողողեցին իրենց սրտերը։
Ա՜րևը… արևը… մրմնջում էին ցրտահար պատանիները և ապրելու, այս սիրուն աշխարհում նորից ապրելու հույսը վերակենդանանում էր նրանց մեջ…
Գլուխ երրորդ. Թե ինչպես իսկական ընկերը երևում է նեղության մեջ
Այդպե՛ս բացվեց մեր պատանիների գերության տասնութերորդ օրը։
Առաջինը տեղից վեր կացավ Աշոտը, մի քանի կտրուկ շարժումներ արավ, սառած ու կաշկանդված մկանները աշխուժացրեց։ Նա տեսել էր քուրդ պատանուն բազուկներն առաջ մեկնած, բայց նրբանկատություն ունեցավ չբարկանալու, չծաղրելու. հավանաբար հիշեց այն դեպքը, հիշեց կեծացած բրոնզի նման նրա դեմքը և վիրավորանքի կայծն աչքերի մեջ։ «Չէ՛, սրա ինքնասիրությանը կպչել չի կարելի…», մտածեց նա և բարեկամաբար առաջարկեց (այո՛, առաջարկեց և ոչ թե կարգադրեց).
Հասո՛, եկ խոտ ու խաշամ հավաքենք։
Ոտքի վրա կանգնել չէին կարողանում, նրանց մարմնի բոլոր անդամները մասնակցում էին համատարած և անընդհատ դողին։
Բայց և այնպես իրենց տիրապետելու ճիգ գործադրեցին և սկսեցին չորացած խոտ քաղել, խաշամ հավաքել և լցնել իրենց ընկերների վրա։
Շուտով իրար «շուլալված» մարդկային կույտը թաղվեց փափուկ խաշամի տակ։
Հետո կտրտեցին ժայռի արանքում բուսած մշտադալար թփերը, և դարսեցին այդ կույտի վրա։
Հիմի տակին կտաքանան։ Հասո՛, կրակ անելու հնար չկա՞, կրկնեց լուսադեմին տված իր հարցը Աշոտը։ Արևն ուժ չունի, որ կրակ չանենք՝ թոքերի բորբոքում կստանանք…
Հնար հիմա կգտնենք։ Սատանի եղունգ գտիր։
Է՛հ, ի՞նչն է շատ Հովազաձորում՝ «սատանի եղունգը»։
Աշոտի հագուստներից մի քանիսը ևս չոր էին մնացել։ Նա էլ, որպես ֆիզիկապես կոփված և ընկերասեր պատանի, անցած երեկո հեռու էր քաշվել կրակից և նրա մոտ տեղ տվել ջարդվածքներ ունեցող Սարգսին ու նիհար, մրսկան Շուշիկին։ Այսպիսով, այրի կենտրոնով հոսող հեղեղը ամենից շատ վնասել Էր օջախին մոտ պառկածներին, իսկ Աշոտը «հեղեղվել» էր միայն մասամբ, թեև ջուրը նրա վրայից փախցրել Էր իր աշնանային գորշ վերարկուն։ Ափսո՜ս, հագից հանած չլիներ, կմնար վրան։ Բամբակով աստառած նրա պիջակի փեշերը թրջվել-ծանրացել էին, իսկ թիկունքը չոր էր մնացել։ Ահա այդտեղից Էր, որ Հասոն բամբակ հանեց՝ դրեց կայծքարի վրա և սկսեց հարվածել իր դանակի հետևով։ Քարը կայծեր էր արձակում, բայց բամբակը չէր վառվում։
Շատ չարչարվեցին, փտած չոր փայտ դրեցին սալի վրա և քարով հարվածեցին։ Կայծեր թռան այդ հարվածներից, բայց կրակ չստացվեց։
Հետզհետե արևը բարձրացավ, սառը ժայռերն սկսեցին գոլանալ, խաշամի վրայից եղյամը վեր կացավ։ Քամիներից պաշտպանված և արևահայաց այդ լանջերին նոյեմբերյան արև օրը տաք է լինում, այնպես ինչպես ամառը հյուսիսում։ Տղաները իրենց զգեստները փռել էին քարերին և լուռ միմյանց հյուծված մարմիններին էին նայում։ Հասոն, որ առաջ էլ նիհար Էր, այժմ կարծես ոսկորների վրա քաշած կաշին էր մնացել։
Աշոտը մարզված մկաններ ուներ և ատլետիկ մարմին, ուստի համեմատաբար քիչ էր տուժել քաղցից ու զրկանքներից։
Անշարժ կսառչենք, գնանք մի բան ճարենք, առաջարկեց նա։ Այ տղա. է՛յ, Սարգի՛ս, կսառչես-կմեռնես, էս պիջակս հագիր… Փեշերը թաց են, բայց վերևը չոր է, թիկունքդ կպահի… Վերցրո՛ւ, էլ նազ մի անի, խստությամբ պատվիրեց նա և հագուստը ուժով ընկերոջը հագցնելով առաջ անցավ։
Ամեն անգամ Սարգսի համար մի լավ բան անելիս թեթևանում էր նրա հոգին։ Զղջո՛ւմ էր դա, թե մի այլ զգացում, նա ինքն էլ հաշիվ չէր կարողանում տալ իրեն։
Թաց հագուստները քարերին թողած, միայն ճերմակ շապիկները հագներին, նրանք մագլցեցին ժայռերի ծերպերը և կարմիր ու թթվաշ պտուղներով բեռնավորված կծոխուրի մի թուփ գտան։ Աշոտն ու Հասոն խժռում էին թթվաշ ողկույզները և թվում էր ավելի համեղ պտուղ չի եղել և չկա աշխարհում։
Թեև դժվար էր ետ կանգնել այնքան հաճելի զբաղմունքից, բայց քաղցած ընկերներին հիշելով, նրանք իսկույն կանգնեցրին իրենց «աղացները» և այնուհետև այլևս ոչ մի հատիկ բերանները չդրին։
Գլխարկները հատապտղով լիքը նրանք ցած իջան, հագան իրենց կիսաչոր շորերը և կանգ առան խաշամի ու ճյուղերի կույտի առաջ։ Նրա տակից տնքոցներ էին լսվում, մեկի բաց ոտքը դեռ դողում էր։ Ետ տվին կույտը, տակից գոլորշի բարձրացավ, իրար գրկած և խաշամով ծածկված պատանիները տաքացել էին, թաց հագուստները սկսել էին չորանալ։
Կամա՜ց… ո՜տս… կո՜ղքս… ճչում ու լալիս էր Սարգիսը։
Աշո՛տ, իմ ծունկն էլ է ցավում, շրթունքներն ուռցնելով՝ լցրեց Շուշիկը։
Սպասիր նայեմ, մի՛ ամաչիր, այդպե՛ս…
Աղջկա ծունկը զարնվել էր քարի և նրա վրա ձվի չափ մի կապույտ ուռուցք էր առաջացել։
Կա՛ց, դրա միջոցն էլ կա։
Աշոտը ծառից դանակով մի կտոր հարթ կեղև կտրեց-դրեց ուռուցքի վրա և շատ ամուր փաթաթեց թաշկինակով, այնքան ամուր, որ աղջիկը սկսեց ցավից հոնգուր-հոնգուր լաց լինել։
Հովիվ պատանին լցվել էր, նա զգում էր աղջկա ցավը և սիրտը մղկտում էր նրա համար։
Դիմացի՛ր, քուր ՛ջան, դիմացի՛ր։ Առ, կծոխուր կեր… հիմի կրակ էլ կանեմ, խաբում ու մխիթարում էր նա, ինչպես երեխային կմխիթարեն։
Էս ինչ քաղցր մեղեդիներ եմ լսում, գլուխը վեր քաշեց և աչքերը տրորեց Գագիկը։ Հա՜, Հասոյի սիրային երգն էր…
Քուրդ պատանու նիհարած-կապտած դեմքը վայրկենապես շիկնեց, վզի երակներն ուռան։
Իմ քույրն է, ինչե՞ր ես խոսում, զայրացավ նա։
Դե լա՜վ, հանաք եմ անում։ Իսկապես, քրդի խասյաթ ունի, տո՜…
Նա գիտեր, որ քուրդը եթե մեկին իրեն քույր հռչակեց, նրա համար կդնի կյանքը։ Դե՜հ, ուրեմն, Հասոյի սրբազան զգացմունքի հետ խաղալ չի կարելի։
Ասենք, թեև դու տիպիկ քուրդ չես (ինձ թվում է արաբական ծագում ունես), բայց ենթադրում եմ, որ երակներումդ քրդի արյուն է։ Է՛հ, Հասո՛, ձեռք տվեք իրար, Շուշիկն էլ արդեն եղբայր ունի…
Շուշիկն իր երկնագույն պարզ աչքերով նայում էր շփոթմունքից այլայլված քուրդ պատանուն ու մտածում. «Բնության մեջ է մեծացել, դրանից է հոգին անարատ…»։
Նա ձեռք տվեց Հասոյին և մի պահ այնքան ուրախ էր, որ ծնկի ցավն էլ մոռացավ, իր վիճակն էլ։
Դրա համա՞ր էիր գիշերը ԽԾԲ-ի կարգով քո աբան Շուշիկի վրա գցում… Կարծում ես չնկատեցի՞, ախր ես մի աչքս բաց եմ քնում…
Բռնվե՜ց… Հասոն այնպես էր քրտնել իր խոնավ շորերի մեջ այդ սառնաշունչ առավոտին, որ այլևս խարույկի կարիք չէր զգում։
Աբա՞ն։ Ո՞ւր է, հարցրեց Շուշիկը։ Նրան հաճելի էր, որ իրեն հոգատարությամբ ծածկել է իրեն «քուր» անվանող այդ տղան…
Աբա՞ն։ Աբան ջուրը տարել է վրայիցդ…
Ափսո՜ս… Եվ դու իմ պատճառով մնացել ես առանց շորի՞։ Վա՜յ, ի՜նչ վատ բան է եղել…
Աղջիկն այնպես խղճահարվեց, որ աչքերը նորից խոնավացան։ Նա ակամայից հիշեց իրենց հետ այնպես անխիղճ վարվող պահեստապետ Պարույրին, նրա որդի Սարգսին, ապա նայեց Աշոտի պարզ ու խոշոր աչքերին, զգաց իր դեմքին Գագիկի հումորով ու ծիծաղով շաղաղված բարի հայացքը, անսահման նվիրվածություն կարդաց քուրդ պատանու դեմքին, նրա, որ իր առողջությունը, իր կյանքը վտանգների էր ենթարկում ընկերների համար և սիրտը լցվեց ջերմ սիրով դեպի մարդիկ, դեպի իր ընկերները։ «Աշխարհում միայն պարույրները չեն, մեր աշխարհում լավ հոգիներ շատ կան…», ուրախ մտածեց և նրա երկնագույն աչքերը սկսեցին խաղաղ փայլել։
Լուռ կերան կծոխուրը և Սարգսին մի կողմ տանելով՝ մերկացրին։ Նրա ոտքը կարծես դուրս էր ընկել «խնձորի» մոտ, հին վերքերին նորերն էին ավելացել, քանի որ հեղեղը նրան զարկել էր քարերին, թեև ժամանակ չէր գտել խեղդելու ոչ նրան, ոչ իր երախն ընկած մյուս երկուսին, որովհետև արագ դուրս էր ժայթքել և արագ էլ անցել։
Ասենք, նրանցից ոչ մեկը չէր ազատվի կործանումից, եթե իրենց բախտից չլիներ քարայրի կենտրոնով վերից վար բնության փորած խոր ակոսը։ Դա ջրի դարավոր հունն էր, որով և նա դուրս վազեց սրընթաց, իսկ տղաները այդ բնական տաշտի բարձրադիր ափերին էին պառկած։ Եթե նրանք հեղեղը հայտնվելուն պես քաշվեին այրի հեռավոր անկյունները, այդքան չէին տուժի։ Բայց այն ահավոր գիշերը քնաթաթախ և մթամած ուղեղով ինչպե՞ս հասկանային, թե ի՛նչ է կատարվում և ինչպե՛ս վարվեն, որ լավ լինի։
Եվ ահա հետևանքը. Սարգիսը, խաշամին մեկնված, նվում էր և ով փորձ էր անում ձեռք տալ նրա ոտքին, այնպես էր գոռում, կարծես ոտքը պոկելիս լինեին։
Հիմի ի՞նչ ենք անելու, լացակումած հարցրեց Շուշիկը։ Ոչ-ոք նրան չպատասխանեց, դե ո՞վ գիտեր, թե ինչպես են տեղը գցում «դուրս ընկածը»։
Քուրդ հովիվ Ավդալը ֆերմայում հայտնի էր որպես կոտրվածքներ կապող հեքիմ։ Ասենք, ամեն հովիվ մեր լեռնային երկրում գիտի կենդանիների ջարդված ոտքը միացնել, «յախու գցել» ու կապել։ Արդեն արկածներով լի նրանց կյանքի թելադրանքն է դա. հո քաղաքում չեն, որ վազեն բժիշկ կանչեն, ուզեն չուզեն պարզ ու հասարակ միջոցներով իրենք պիտի մի բան ձեռնարկեն։ Ուշիմ երեխա լինելով, Հասոն հետաքրքրվել էր, թե ինչպես է իր հայրը կապում ջարդված ոսկորը և ինչպես է տեղը գցում «դուրս ընկածը»։
Սովորիր, լաո, պետք կգա, միշտ ասում էր հովիվ Ավդալն իր որդուն և ցույց էր տալիս խնձորոսկրը տեղը գցելն ու կապելը։
Կաց, մի շոշափեմ, ասաց Հասոն, ձեռքը մեկնելով։
Վա՜յ, մորթեց ի՜նձ, գոռաց Սարգիսը ցավից, երբ Հասոն ձեռք տվեց նրա ազդրին։
Հա՜, դուրս ընկածն է էդպես ցավում… Կա՛ց, դիմացիր մի տեսնեմ… Պարզ է, այ տե՞ս, Աշո՛տ, ոտի ոսկորի ծայրը, որին դուք խնձոր եք ասում, դուրս է ընկել իր բնից, տե՞ս…
Սարգսի նիհարած մարմնի վրա դա այնպես պարզ էր երևում, որ հավատացնելու կարիք չէր զգացվում։
Շո՛ւտ արա, քանի շատ չի ուռել, շտապեցնում էր Աշոտը։
Իրոք, ուռուցքն արագ բարձրանում էր, իսկ ցավերը դառնում էին անտանելի։
Մեկնվի՛ր, այդպես։ Աշո՛տ, առ շարֆս, ոտի ծայրից կապիր։ Գագի՛կ, գլխից բռնիր, այդպե՛ս։ Դե քաշեցե՛ք, ես հիմի տեղը կգցեմ, սա հեշտ բան է…
Քաշեցին՝ մեկը գլխից, մյուսը՝ դուրս ընկած ոտքի թաթից։ Տղան ցավից բառաչեց մորթվող արջառի նման, բայց ո՜վ էր նրան լսողը։
Երբ ոսկրի ծայրը հավասարվեց իր բնին, Հասոն հուպ տվեց, «խնձորը» գցեց իր բույնը և իր ապարոշով ազդրը փաթաթեց ու պատվիրեց.
Աշո՛տ, ձգած պահիր, կարող է նորից դուրս գա։ Գագի՛կ, գոտիդ կապիր ոտի ծայրից, մյուս ծայրն էլ… Կա՜ց, քո բանը չի, դուք ձգած պահեցեք, ես ինչ որ պետք է՝ կանեմ։
Հասոն ճիլոպներ հանեց մեզ ծանոթ անբախտ թեղուց (որին հասնողը մաշկում էր իր կարիքների համար), պարան գործեց, մի ծայրին ծանր քար կապեց, մյուսը՝ Սարգսի ոտքին կապեց, մի կոճղ էլ դրեց ոտքի տակ և քարը այնպես կախեց ոտքի ծայրից,
որ նա շարունակ ձգած պիտի պահեր տղայի մարմնի այդ անդամը։ Սարգիսը գոռում էր ցավից, մղկտում էր, որ ձեռք չտան իրեն, չշարժեն։
Դիմացի՜ր, Սարգիս ջան, դիմացի՛ր, մի քիչ պնդի թե չէ՝ կարձակենք, սիրտ էր տալիս Աշոտը և ինքն էլ զարմանում իր մեղմության վրա։
Ընկերնե՛ր, կրա՛կը, կրա՛կը, հանկարծ գոռաց Հասոն այնպես ուրախացած, որպես չէր ուրախանա, եթե մի բուռ ադամանդ գտներ։
Ո՞ւր է, ո՞ւր է…
Աշոտի պիջակին նայեցեք, թևքի ծայրին է…
Պիջակը հիվանդի հագին էր, նայեցին՝ ոչինչ չկար, ի՜նչ կրակ, ի՜նչ բան։
Սպասի՛ր, Սարգի՛ս, թևերդ չշարժես, կրակը կհանգչի… Ընկերները զարմանքով հետևում էին Հասոյի շարժումներին։
Նա շատ զգուշությամբ բարձրացրեց Սարգսի բազուկը, ցույց տվեց թևքի ծայրի վաղուց վառված-սևացած բամբակը և դարձավ Աշոտին.
Էն որ թևքդ կրակ ընկավ, ասացիր՝ «Հեյ վա՜խ, պիջակս», մի՞տդ է։
Հեյ վախ չեմ ասել, բայց միտս է…
Իմացա՞ր, որ բամբակը կրակ ընկավ, մեզ համար աբեթ պատրաստեց։ Հիմի էդ աբեթը մեզ կփրկի…
Ո՞ր աբեթը, զարմացած հարցնում էին ընկերները։ Շուշիկն էլ էր «կրակը, կրակը» կանչից դուրս եկել խաշամի տակից, շունն էլ էր հարցական նայում իր տիրոջ կերպարանափոխված դեմքին։ «Երևի նապաստակի փորոտիք են գտել, որ այսքան ուրախացել են…», հավանաբար մտածում էր նա։
Աբեթն այս է, այս… Հիմի սա կրակ կդառնա, ասաց Հասոն՝ վառված ու հանգած բամբակի վրայի սև մրճեղը ցույց տալով։ Դե էն չոր փթռակը դեսը բերեք։
Եվ կայծքարը այդ սև կետին մոտեցնելով, տղան սկսեց ծալած դանակի բութ կողմով հարվածներ հասցնել։ Կայծերը ցած էին թափվում կամ ուժգին խփվում բամբակի մրճեղին։ Շուտով սևացած բամբակը հազիվ տեսանելի մի շիթ ծուխ արձակեց և նրա վրա երևաց մի կարմիր կետ։ Տղաներն առան այրվող հագուստի հոտը և շունչները պահեցին։ Հասոն շատ թույլ փչեց այդ կարմիր խալին, սա արագ մեծացավ, սևը ամբողջովին կարմրեց, ծուխը շատացավ և պիջակի թևքն սկսեց այրվել։
Փթռակը դեմ արա… այդպե՛ս… փչի՛ր։ Լա՛վ, հերիք է, մարդի ձեռքը կվառես, համ էլ պիջակն ափսոս է, թևը հանգցրու..
Քաք գիրքա