Վախթանգ Անանյան

Հովազաձորի գերիները

18

Գլուխ յոթերորդ. Թե ինչպես հիվանդությունը եկավ առանց հարցնելու՝ Հովազաձորում բժիշկ ու բուժկայան կա՞, թե ոչ

Տարօրինակ ղեկավար դուրս եկավ Հասոն. ոչ ոքի ոչ մի կարգադրություն չէր անում։

Տեսնելով, որ Շուշիկը սփրթնել է և հազիվ է ոտքի վրա կանգնում, սուսուփուս գնաց ծեր ընկուզենու տակից այնքան խաշամ բերեց իր բլուզով, որ երբ աղջիկը պառկեց, կիսով չափ թաղվեց խշխշացող չոր տերևների մեջ։

Մեզ շա՛տ խաշամ է հարկավոր, կարծես ինքն իրեն ասաց նա և արևին նայելով՝ ծոծրակը քորեց։ -Կհասցնե՞նք որ…

Ի՞նչը, հարցրեց Գագիկը, որ հետաքրքրությամբ հետևում էր Հասոյի գործողությանը։

Ի՞նչ…. Դուռը պիտի պատենք… Հիվանդները չեն դիմանա…

Մենք մի հիվանդ ունենք, նա էլ օջախի թիկունքում է, չի մրսի։

Չէ՛, Շուշիկն էլ է հիվանդանում, կամաց և ցավով ասաց Հասոն։ Պատի մեջ ուզում եմ ցեխի տեղ խաշամ լցնել։ Պինդ չի լինի, բայց ամեն ծակ-ծուկ կբռնի, տաք կլինի…

Այո՛, քանի որ այդ քարքարոտ վայրում առանց ջրի հնարավոր չէր ցեխ գտնել, պիտի ընդունեին Հասոյի առաջարկը։

Նոր պետը թեև ոչ ոքի գործ չհանձնարարեց, բայց երբ վերցվեց իր թևքերով կապած և տոպրակի ձև տված բլուզը ու քայլեց դեպի ցած՝ ծեր ընկուզենու վերջին տերևները բերելու, Գագիկը և Աշոտը հետևեցին նրան։

Երբ արդեն բավական խաշամ էին կուտակել այրի առաջ, Հասոն սկսեց պատել-նեղացնել այրի մուտքը։

Ընկերները առանց հարցնելու լուռ հասկանում էին նրա մտադրությունը և իրենք էլ նույնն անում։ Նրանք տափակ քարերը շարում էին մոտ կես մետր լայնությամբ, վրան առատ խաշամ էին լցնում կրացեխի փոխարեն, ապա վրան շարում քարերի հերթական շարքը։

Երբ պատը բարձրացավ մոտ մեկ ոտնաչափ, Հասոն նրա վրա երկարությամբ երկու փայտ մեկնեց իրար զուգահեռ և քրտինքը սրբելով կարծես ինքն իրեն հետ խոսեց.

Հիմի էլ երկու կողմից բարձրացնենք պատը, թող մեջտեղը մի նեղ դուռ մնա…

Քար շատ կար այրի առաջ թափթփված, այնպես որ գործը արագ էր առաջ գնում։

Աշոտը աշխատում էր լուռ և կենտրոնացած, իսկ Գագիկը երբեմն գաղտագողի նայում էր նրան ու ժպտում. «Շա՛տ է վիրավորված…»։

Եվ այն, որ Աշոտը «շատ էր վիրավորված»՝ գործին օգնեց, նյարդային շարժումներով, ամբողջովին լարված, նա այնպիսի քարեր էր բերում դնում պատի վրա, որ Գագիկը դրանք գետնից կտրել չէր կարող։

Երբ երկու կողմերից պատերը բարձրացան մոտ մեկ մետրաչափ, Հասոն վերցրեց նախորոք պատրաստած երկու փայտ ևս և իրար զուգահեռ դրեց պատի գլխին՝ դռնակից վերև։ Գործը լիովին պարզ դարձավ, եթե այդ փայտերի վրա քար շարելով պատը շարունակեին մինչև այրի առաստաղը, մուտքը կփակվեր, բայց նրա մեջտեղը մի դուռ կմնար՝ մոտ մեկ մետր բարձրությամբ, իսկ լայնքն այնքան, որ մի մարդ անցներ։

Գագիկը գործի արդյունքին նայելով՝ ուրախանում էր, բայց ափսո՛ս, չկար սրտակից մեկը, որին Աշոտից գաղտնի աչքով աներ ու հասկացներ, թե՝ «Տեսա՛ր իմ առաջ քաշած թեկնածուն ինչ ղեկավար դուրս եկավ…»։

Այնուամենայնիվ չդիմացա՞վ, թե մոռացավ քիչ առաջ իր անցկացրած անախորժ ընտրությունները, Աշոտին գաղտնի աչքով արավ, թե՝ տե՞ս, էդ սուսիկ-փուսիկին, ինչեր է իմացել։ Աշոտը խորթ-խորթ նալեց նրան։

Գործը դժվարացավ, իսկ օրը մթնում էր։ Դժվարությունն այն էր, որ պատը գետնից արդեն բարձրացել էր մի մարդաբոյ և հեշտ չէր արդեն նրա վրա քարեր շարելը։ Ստիպված այրի շեմքին մի քարակույտ կազմեցին, որի վրա Հասոն կանգնած շարունակում էր պատել, իսկ Աշոտը և Գագիկը ներքևից նրան «շինանյութ» էին մատակարարում։

Բոլորովին մի փակիր… ծխի համար անցք թող, ներքևից ձայն տվեց Գագիկը, երբ պատն արդեն հասել էր առաստաղին։

Հասոն մի ներողամիտ ժպիտով միայն պատասխանեց նրա առաջարկին, որ նշանակում էր. «Բա էդքանն է՞լ չենք իմանում…»։ Բավական ուշ, կրակի լույսով նրանք հազիվ ավարտեցին աշխատանքը։ Ստացվեց մի խախուտ, բայց հաստ և խիտ պատ, որից ցուրտը ներս չէր թափանցի։ Մնում էր, որ պատանիները ներս ու դուրս անելիս զգույշ լինեին և պատին չկպչեին։

Երբ գործը վերջացավ, Հասոն Բոյնախի հետ քայլեց դեպի Կաղնուտը։

Ո՛ւր, Հասո՛, ձայն տվեց Գագիկը։

Փե՛տի…

Ա՛յ քեզ ղեկավա՜ր։ Պիտի գուշակես անելիքդ, ուրիշ ճար չկա։ Աշոտն ու Գագիկը Կաղնուտ գնալու փոխարեն, գնացին դեպի այն չարաբաստիկ այրը, որից ներքև գտան հեղեղի դուրս նետած վառելիքի մի մասը այս ու այն թփին դեմ առած։

Երբ ներս եկան, Շուշիկը իր տաք անկողնում քնած էր անհանգիստ քնով, նրա այտերը վառվում էին ջերմությունից…

Քիչ անց Հասոն խարույկի մոտ նստած, փայտե բիզը ձեռքին՝ Շուշիկի պատռված կոշիկն էր կարկատում (աստված կարկատել համարի…) և աշխատում էր թեժ պահել կրակը։

Հիվանդը ջուր խնդրեց։ Ինչպե՞ս խմեցնես հիմա նրան։ Ստիպված էին խճաքար լցնել կրակը և նրանով ձյունից ջուր ստանալ։

Սառը ջուրը կվնասի, նրան թեյ պետք է տալ, -մռայլ ու մտախոհ ասաց Աշոտը։

Առանց ամանի՞…

Մտածում էին, ելք էին որոնում։

Աման կարելի է պատրաստել… Մենք նախամարդու մասին դպրոցում անցնելիս… Դա հեշտ բան է, տեղից ասաց Սարգիսը։

Կավի՞ց։ Այս քարերի մեջ կավ որտեղի՞ց, առարկեց Աշոտը։

Բա սա կավ չի, ի՛նչ է, դժվարությամբ վրա նստելով և օջախի մոտ ընկած կարմրա-շագանակագույն սալը ցույց տալով՝ ասաց Սարգիսը։

Չհասկացան, ուստի նա սկսեց իր միտքը բացատրել, քաշվելով, շփոթվելով, նույնիսկ մռայլ տոնով, դե Հովազաձոր ընկնելուց հետո դա առաջին դեպքն էր, որ նա հանդես էր գալիս իր առաջարկներով՝ կոլեկտիվի վիճակը բարվոքելու համար, ուստի խոսում էր մի տեսակ կաշկանդված։

Դե պարզ չի՞ որ։ Էս շեկ ժայռերը կրաքարից են, իսկ կրաքարը ծովի տակ է առաջ գալիս։ Դե որ առաջ այստեղ ծով է եղել, ուրեմն նրա տակ նստած կլինի հեղեղների բերած կավը։ Ա՛յ էդ կավն է, որ քարացել է առաջ ծովի, հետո էլ երկրի շերտերի ճնշման տակ…

Ընկերները ուշադիր լսում էին. նրանք գիտեին, որ Սարգիսը սիրում է երկրաբանությունը և մտադրություն ունի դպրոցն ավարտելուց հետո մտնելու համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։ Այնպես որ պատահականություն չէր, որ նա դեղնա-ճերմակ քարի կտորը կայծքարի փոխարեն հանձնեց Հասոյին. նա քարերը ճանաչում էր։

Հա՛, կավաքար է, հաստատեց Աշոտը սալը զննելով։ Բայց մեզ կավ է պետք, ոչ թե կավաքար։

Որ դնենք ջրի մեջ կփափկի՞, չգիտես լո՞ւրջ, թե՞ կատակով հարցրեց Գագիկը։

Այո՛, կփափկի՛…-հաստատեց Սարգիսը և որպեսզի ծաղրի չենթարկվի, իսկույն ավելացրեց. Կփափկի, բայց դարերի ընթացքում։ Խոնավ տեղ գտեք, այնտեղ քարը քայքայված և նորից կավ դառած կլինի, ինչպես եղել է միլիոնավոր տարիներ առաջ…

Ասաց և տնքալով նորից մեկնվեց խաշամի վրա։

Հա՛, սատանի ջուրը, իր ճակատին խփեց Գագիկը։ Ախր այդ ջուրը դարեր շարունակ եկել է… Գնա՛նք, եղեգների տակ կարող է կավ լինել…

Սարգիսը գլխի շարժումով հավանություն տվեց։ Նրա ուրախ հայացքն ասում էր. «Վերջապես գլխի՞ ընկաք…»։

Տղաները հետները կրակ վերցրին, Հասոն իր «անկողնու» ճյուղերից մի քանիսը հանեց և Բոյնախի ուղեկցությամբ մթնում խարխափելով շարժվեցին դեպի Ուռիները։

Այդտեղ նրանք վառեցին կենու խեժոտ ճյուղերը և նրանց արձակած լույսի տակ սկսեցին արմատահան անել եղեգները և բրիչներով փորել նրանց տակի խոնավ հողը։ Դա դարերի ընթացքում կուտակված հումուս էր՝ բուսական մնացորդների փտվածքներ, որոնց տակ Հասոն կավի խոնավ շերտ գտավ։ Երբ ընկերները հոգնած ու հուսախաբ հանգստանում էին, Հասոն գլուխը կախ դեռ փորում էր։

Հասո՞, ի՞նչ բանի ես, վերևից հարցրեց Գագիկը։ Բան չի դուրս գալիս, չգնա՞նք տուն…

Ի՞նչ բանի պիտի լինեմ, կավ եմ հանում…

Կա՞վ… վա՜յ ես կավի շեկ ջանին մատաղ, բա ինչո՞ւ չես խոսում, ա՛յ տղա…

Դե ի՞նչ խոսեմ, էնա հանում եմ, էլի՛…

Աշոտն ու Գագիկը մոտեցան և կավը տեսնելով, վրա ընկան։

Հիմի ամեն տեսակ ամաններ էլ կունենանք… Էնպես մի բրուտանոց բաց անեմ ո՛ր… Ա՛յ տղա, գոնե հավից օրինակ վերցրու. մի ձու որ ածում է, կչկչալով աշխարհին իմաց է տալիս, թե՝ ձու եմ ածել… Դու կարևոր բան ես գտել ու սուս արե՞լ, նախատում էր Գագիկը՝ քուրդ տղայի համեստության վրա զարմանալով։

Քանի քանդեցին, կավը խոնավացավ, իսկ կես մետր խորությունից արդեն պատրաստի ցեխ էր դուրս գալիս։

Ջա՜ն, քանդենք՝ տակից ջուր դուրս կգա, ուրախացավ Գագիկը։

Չէ՛, սա անձավից եկող ջուրն է ծծվել-մնացել, իր կարծիքը հայտնեց Աշոտը։

Նրանք շեկ ցեխից մի-մի գունդ արին՝ ամեն մեկը մի փոքր -ձմերուկի չափ, հետո Գագիկը ուռենու թփից դալար ոստեր կտրտեց և վերադարձան խարույկի մոտ։

֊ Զամբյուղ կարո՞ղ ես գործել, հարցրեց Գագիկը Հասոյին։

Գործած չկամ, խոստովանեց տղան։

Լա՛վ, դուք կավը հունցեցեք։

Նրանք լուռ հունցում էին, իսկ Գագիկը սկսում էր գործադրել իր «արհեստը», իհարկե, նախապես գլուխը գովելով.

Եկա՛ք իմ դուռը… ճիպոտները դե՛սը տուր…

Գլուխ ութերորդ. Թե ինչպես արհեստ ունեցող մարդը չի կորչի կյանքում

Գագիկը գետնին տնկեց ոստերը և սկսեց մի կլոր զամբյուղ գործել մատների այնպիսի վարժ շարժումներով, որից դժվար չէր կռահել, որ նրա համար դա սովորական զբաղմունք է. տանը նա մեծ-մեծ զամբյուղներ էր գործում, որով հարդ էր կրում իրենց կովի համար։ Ավելի փոքր զամբյուղներով ինքը, հայրը, մայրը ամեն աշնան հավաքում էին տնամերձ այգու խաղողն ու բանջարանոցի բերքը՝ պոմիդոր, բադրիջան, տաքդեղ, բամիա և մյուս բարիքները, որոնցից այնքան առատությամբ տալիս է Արարատյան դաշտի արգավանդ հողը։

Արհեստավոր մարդը չի՛ կորչի, և՛ աշխատում, և՛ խրատում էր Գագիկը։ Գիշերը երկար է, Հասո՜, քանի որ հերթն իմն է, լսիր մի հեքիաթ պատմեմ, պետք կգա, մանավանդ մեր ընկեր Սարգսին, որ աղվեսի նման սուտմեռուկ է տվել, աչքերը խփել, բայց ականջները չորս արած լսում է իմ իմաստուն խոսքերը (իրոք, մի ժպիտ անցավ Սարգսի գունատ դեմքով, արթուն էր)։ Հա՛, կուժ քե՛զ ասեմ, կուլա՝ դո՛ւ լսիր։ Հասո՛, հին ժամանակ մեր Աղվանից աշխարհի թագավորի մինուճար որդին՝ Վաչագանը, որսից վերադառնալիս Հացիկ գյուղի աղբյուրի մոտ պատահում է այդ գյուղի նախրապանի աղջկան՝ Անահիտին, խմում է նրա տված ջուրը, բայց սիրտը հովանալու փոխարեն, կրակ է ընկնում։ Դե ոնց կրակ չընկներ, Հասո ջան, Անահիտը աղջիկ հո չէր, ջե՛յրան էր, ջե՛յրան, աչքերը թուխ էին իմ աչքերի պես, ունքերը ոնց որ վրձինով քաշած մեր Շուշիկի ունքերի նման, ծամերը փռված թիկունքի վրա, բոյը՝ չինարի։ Քաջ էր էդ աղջիկն ու իմաստուն, խելոք։ Հացիկ գյուղի ծերունիներն անգամ նրանից էին խորհուրդներ հարցնում։ Դե արի ու այսպիսի աղջկա վրա մի՛ սիրահարվիր։ Թագավորի տղա Վաչագանն էլ սիրահարվեց, ու ինչպես բոլոր սիրահարվածները՝ խելքը կորցրած, դունչը կապած մոզու նման գնաց-կանգնեց իր մոր առաջ, թե՝ կա-չկա նա՛ է իմ ուզածը, կուզե՞ք՝ լա՛վ, չե՞ք ուզի՝ գնում եմ վանք մտնեմ, ճգնա՛վոր դառնամ… (էն ուռը դեսը տուր, Աշո՛տ, բերանդ բաց ինձ մի՛ նայի, համ լսեցեք, համ հունցեցեք։ Իմ տատը միաժամանակ համ թել էր մանում, համ էլ առանց դժվարությամբ կռիվ մղում պապիս դեմ…)։ Հա՛, Շուշիկ ջան, ժպիտ երևաց երեսիդ, ուրեմն դո՞ւ էլ ես լսում։ Լսի՛ր, մինչև հեքիաթը վերջացնեմ, թեյամանդ պատրաստ կլինի։ Թագավորը, ճարը կտրած, իր իշխաններին ուղարկում է Հացիկի նախրապանի աղջիկը ուզելու։ Բայց արի տես, որ հպարտ աղջիկը մերժում է արքայազնի ձեռքը (այստեղ Հասոն զարմանքից «վա՛հ» արավ)։ Մերժում է Անահիտը ու ասում է՝ եթե թագավորի որդին ուզում է ինձ ամուսին լինել, պետք է գոնե մի արհեստ սովորի։

Ասում են՝ ա՛յ աղջի (չէ, ներողություն, «այ աղջի» չեն ասում), նա ողջ աշխարհի տերն է, ամենքն էլ նրա ծառաներն են, արհեստը նրա ինչի՞ն է պետք։ Ասում է՝ ո՜վ գիտի, աշխարք է, մեկ էլ տեսար փոխվեց, ով ծառա էր՝ տեր դարձավ, ով տեր էր՝ ծառա (իմաստուն խոսքեր են ունեցել հեքիաթ հնարող մեր պապերը, տեսա՞ք, ոնց կատարվեց նրանց գուշակությունը…) Հա՛, Անահիտն ասում է՝ ի՞նչ անենք, որ թագավորի տղա է, ասենք թե մի օր թագավորությունից զրկվեց, ինչո՞վ է ապրելու… Դա քեզ էլ է վերաբերում, Սարգիս ջան, լսի՛ր… Հիմի մտքումդ ասում ես՝ էլի ի՛մ օձիքը բռնեցին։ Նեղանալ մի, ախպեր ջան, որ տեղը նեղանա՝ Աշոտը որսորդությամբ կապրի, ես՝ զամբյուղ գործելով, Շուշիկը լվացք կանի, շոր կկարկատի, Հասոն ոչխար կպահի, իսկ դո՞ւ… Բա՛, արհեստավորի ձեռքը ոսկի է, մի տես ի՛նչ զամբյուղ է դուրս գալի՜ս…

Վաչագան թագաժառանգը ճարահատյալ սկսում է արհեստ սովորել։ Մի տարվա մեջ սովորում է դիպակ՝ այսինքն մետաքսյա ոսկեթել զգեստ գործել։ Գործում է մի սիրուն բաճկոն և ուղարկում Անահիտին։ Աղջիկը տեսնում է, որ թագաժառանգը իսկապես հիանալի զամբյուղ է գործել (մի դեսը նայիր է՜, Աշո՛տ)։ Վա՛հ, ինչ զամբյուղ, բաճկոն, բաճկո՛ն, շտկեց Գագիկը և ուրախությամբ տեսավ, որ ընկերները բոլորն էլ մի պահ մոռացել են իրենց ցավերը և նույնիսկ հիվանդները զվարթացել են։

Հա՛ հարսանիք են անում Վաչագանին, ի՜նչ հարսանիք, ձեր արևը, խորովածի հոտը բռնում է Աղվանից աշխարհը։ Այդտեղ Վաչագան արքայազն ասում է՝ մինչև որ իմ փոքր ախպեր Գագիկը ներկա չլինի, ես էս խորովածից մի պատառ չեմ կտրի։ Ի՞նչ իմանար, որ «ախպեր Գագիկը» Հովազաձորում սոված զկռտում է… Հա՛, ձեզ չտանջեմ խորովածի համով ու փլավի անմահական հոտով, հարսանիքից շատ չանցած՝ թագավորն ու թագուհին մեռնում են և գահին բազմում է նրանց որդի Վաչագանը։

Այդ ժամանակ գյուղերից ու քաղաքներից շատ մարդիկ խորհրդավոր կերպով անհետանում են։ Ուղղակի, ասենք, ձմեռանոցից գրքերն առած Այգեձոր գնալիս, մեկ էլ տեսար կորան Հովազաձորի նման մի մութ աշխարքում…

Այսպես Գագիկը աշխույժ ու հումորով պատմեց «Անահիտ» հանրածանոթ հեքիաթը մինչև այն տեղը, ուր Վաչագան թագավորը քրմապետի զնդանում սկսում է դիպակ գործել։

Նա դահիճի կացնի տակից փրկած իր մարդկանց սիրտ էր տալիս, թե՝ պինդ կացեք, մի դուռ էլ մեզ համար կբացվի, հո մենք միշտ գերի չե՞նք մնալու Հովազաձորում, նորից սխալվեց Գագիկը։

Ընկերները լուռ ծիծաղում էին, իսկ Գագիկը և՛ գործում էր և՛ շարունակում նույն կատակախառն տոնով.

Երբ դիպակը պատրաստ էր, ինչպես որ հիմա իմ կուկլա զամբյուղն է պատրաստ (կավը դեսը տուր, Աշո՛տ, սկսենք ծեփելը՝ մեր վայրենի պապերի նման…), վերակացու քուրմը գալիս է, վերցնում դիպակն ու մնում բերանը բաց։ Սրա գինը հարյուր քաշ ոսկի չի, այլ երկու հարյուր քաշ, -ասում է Վաչագանը։ Բայց սրա գինը մենակ Անահիտ թագուհին կարող է տալ, նրանից բացի ոչ ոք չի համարձակվի հագնել այսպիսի թանկագին գործվածք։

Այդ ժամանակ Անահիտ թագուհին մղկտում էր, ինչպես որ մեր հարազատներն են հիմա մեզ համար մղկտում, թե ինչո՛ւ չեկավ Վաչագանը, կամ ուր է Գագիկ-բալեն… Թագավորի Զանգի շունը կլանչում էր ու տխուր ոռնում, ձին խրխնջում էր, ոչինչ չէր ուտում և օր-օրի նիհարում էր ու մտատանջության մեջ գցում թագուհուն։

Այդ ժամանակ մի վաճառական է մտնում պալատ և ասում, թե մի անգին բան է բերել թագուհուն վաճառելու։ Վաճառականին տանում են թագուհու մոտ, դա ճամպրուկից հանում է Վաչագանի գործած բաճկոնը… Թագուհու սիրտը տեղահան է լինում, թպրտում։ Դե հիմի որ էս զամբյուղը մեկը տանի մեր գյուղը, ոճից չե՞ն ճանաչի, որ դա Գագիկ տղի ձեռքի գործն է… Ծիծաղում եք, հա՞, Հասո՛, կրակի փորը բաց արա, զամբյուղս կրակի բերանը տամ, թող մատաղ գնա մեր Անահիտին, այսինքն՝ քո Շուշիկ քույրիկին։

Թեժ կրակի մեջ զամբյուղը բոցավառվեց, իսկ նրա ներսից ծեփած կավը սկսեց թրծվել։

Հա՛, աչքդ է՛ն բարին տեսնի, Անահիտը տեսնում է, որ դա իր ամուսնու գործած դիպակն է, ուշադիր նայում է նկարներին ու հասկանում է, որ դրանք նկարներ չեն, այլ ծաղկագրեր։ Ու մտքում կարդում է հետևյալ խոսքերը. «Իմ աննման Անահիտ, ես ընկել եմ սոսկալի դժոխքի մեջ։ Այս դիպակ բերողը նույն դժոխքի վերակացուներից մեկն է։ Դժոխքը գտնվում է Պերոժ քաղաքի արևելյան ծայրին, մի պարսպապատ մեհյանի մեջ, գետնի տակ։ Եթե շուտ օգնության, չհասնես, ես կորած եմ, ինձ հետ էլ հարյուրավոր անմեղ մարդիկ։ Քո Վաչագան»։

Կարդաց Անահիտն ու իրեն զսպելով, ասաց վաճառականին՝ իսկապես, անգին դիպակ ես բերել ինձ համար, հիմի ես քեզ կվարձատրեմ քեզ արժանի չափով։ Ասաց ու նշան տվեց իր սպասավորներին։ Հենց նշան տվեց՝ վաճառականի ձեռք ու ոտքը կապեցին ու տարան այնտեղ, ուր որ պետք է։ Հետո շեփորներ հնչեցրին, քաղաքի դարբասները բաց արին ու զորքը դուրս եկավ՝ Անահիտ թագուհին էլ հրեղեն ձիու վրա նստած, ոսկե զրահները հագին։ Էլ ի՛նչ ասեմ, գնացին Պերոժ քաղաքը շրջապատեցին, հիմնահատակ արին, քուրմերին բռնեցին և ստիպեցին դժոխքի դուռը բաց անել։ Բաց արին, Վաչագան թագավորը նորից աշխարհ դուրս եկավ, ոնց որ մենք ենք շուտով դուրս գալու, ու իրեն հետ աշխարհ հանեց երկրի խորքում տանջվող շատ մարդկանց….

Հիմի իմացա՞ք արհեստի գինը։ Ասենք, մինչև որ էս իմ ոսկի ձեռքերով կավե ամաններն ու կճուճները չշարեմ ու մեջներն էլ բոզբաշ չեփենք, դուք ի՜նչ պիտի իմանաք իմ արհեստի պատիվը…

Եվ Գագիկը վեր կացավ ու գնաց կրակի համար փայտ բերելու։

Նրա հեքիաթը թեթևություն բերեց իր ընկերներին։ Երևի կգա օր, երբ իրենք ևս Վաչագանի նման դուրս կգան այս դժոխքից…

Իր պատմած հեքիաթից ոգևորված, Գագիկը կրակից հանեց կավե ամանն ու նրա պատերի ճաքերը տեսնելով, թուլացած նստեց տեղը։

Էհե՜, ճաքճքում է, արտասանեց նա խեղճացած։

Քիչ առաջ ոգևորված-աքլորացած Գագիկի հետքն էլ չէր մնացել։

Ոճից երևում է, որ Գագիկ-տղի ձեռքի գործն է, հեգնեց Աշոտը՝ նրան հիշեցնելով իր պարծենկոտ խոսքը։

Թաց ցեխը միանգամից կրակն ես գցում, դե իհարկե կճաքճքի, վրա նստելով ասաց Սարգիսը։ Չես տեսե՞լ մեր գյուղի բրուտանոցում ոնց են գինու կարասներ պատրաստում, առաջ ամանը չորացնում են արևի տակ, հետո թրծում կրակի մեջ։

Լավ ես ասում, բայց էս գիշերվա կեսին արև որտեղի՞ց, գտնեմ… Ախր թեյը հիմի՛ է հարկավոր…

Եվ Գագիկը սկսեց ծոծրակը քորելով մտածել։

Լա՛վ, գործի թափը դանդաղեցնենք, վճռեց նա և ամանի ճաքերը ցեխով սվաղելով, դրեց կրակի մոտ։ -Թող հիմի էլ դանդաղ չորանա։ Շուշիկ ջան, համբերի՛ր։

Երկար ժամանակ պահանջվեց, մինչև նոր սվաղը չորացավ։ Չորացավ, բայց նորից ճաքճքեց, այս անգամ բարակ, սարդի ոստայնի նման։ Գագիկը այդ փոքր ճաքերը ևս սվաղեց և հաղթական հայացք ձգեց ընկերների վրա, որ նշանակում էր. «էս տղեն հնարը գտնո՞ւմ է, թե չէ…»։

Իրոք, հնարը գտնվում էր։ Այդպես մի քանի անգամ սվաղելով ս դանդաղ չորացնելով, նա ողորկ աման ստացավ, որ կրակի վրա թրծվելուց հետո այլևս ոչ մի ճաք չուներ։ Բայց հարկավոր էր ամանը թողնել թեժ կրակի մեջ մինչև կարմրելը։

Հիմա մնաց, որ ես անմահական դեղ բերեմ հիվանդի համար։

Նա վեր կացավ և վարանոտ քայլերով դուրս եկավ։

Այրի շեմքից նայում էր Գագիկը ժայռերի ուրվագծերին և շատ կուզենար Աշոտի սիրտն ունենալ, ցերեկով այրից ոչ հեռու մոռի թփեր էր տեսել, գիտեր, որ նրանց արմատներից մեր երկրի խաշնարածներն ու որսորդները համեղ և բուժիչ թեյ են պատրաստում։ Մի քանի քայլ արավ դեպի թփերը, բայց դիմացից խշրտոց լսվեց։ Տղան շուռ եկավ և հապճեպ մտավ քարայր։

Գնացի մոռի թփեր գտա, Հասո՛, ափսոս դանակ չկար մոտս… Գնա, հենց ապրես, արմատից կտրի բեր, մոռի արմատը մրսածի լավ դեղ է… Համա ի՜նչ գիշեր է՜, Աշոտ. սիրտս ասում է՝ գնա ժայռերը բարձրացիր, գտիր քնած կաքավներին ու մեկ-մեկ բռնիր…

Այդպիսի բան չանես, լրջորեն անհանգստացավ հիվանդը։

Որ իրավունք տաք, էս րոպեիս կգնամ… Հը, չգնա՞մ… ինչո՞ւ չգնամ… Հա, իսկապե՜ս, ախր ես ամանն եմ թրծելու։ Հասո՛, ախր քեզ բան խնդրեցի…

Հասոն հաճույքով հանձն առավ (միայն թե մի բանով հարկավոր գար Շուշիկին), և մի վառվող ճյուղ ձեռքին դուրս եկավ անձավից։

Հիվանդը ցամաքած բերանում շարժում էր լեզուն և ջուր խնդրում։

Հիմա՛, հիմա՛, ազիզ ջան, մի թեյ պատրաստեմ քեզ համար, որ խմելուն պես քրտնես-լավանաս, ասում էր Գագիկը՝ կրակից հանած իր ամանը զննելով։ Դա մի շատ կոպիտ, ծուռումուռ «քրեղան» էր, որի նմանը պատրաստում էր մերկությունը գազանի մորթիներով ծածկող նախամարդը։

Ձևը կարևոր չէ, ազիզ ջան, կարևորը բովանդակությունն է, ասում էր Գագիկը։ Հիմի էս անճոռնի ամանի մեջ էնպիսի թեյ պատրաստեմ, որ համից չկշտանաս։ Իսկ լուսացավ թե չէ՝ մի կաքավ եմ բռնելու, կավե ամանով սուպ եփեմ…

Գլուխ իններորդ. Թե ինչպես չիրագործվեց հովիվ պատանու իղձը

Գիշերը հանգիստ անցավ, այս անձավում գիշերելու հարմարությունները համեմատաբար լավ էին. խարույկի ծուխը թեք առաստաղի տակով գնում-դուրս էր ելնում մուտքի վերևի անցքից և չէր կուտակվում այրի մեջ։ Ցուրտը միայն դռնից կարող էր ներս թափանցել, այն էլ Աշոտը իր լայն վերարկուով փակել էր, այնպես որ ներսում տաք էր։

Չնայած այդ անձնազոհ արարքի համար ընկերները հանդիմանեցին Աշոտին, բայց նա ճիշտ էր վարվել, վերարկուն միայն իրեն պիտի պաշտպաներ ցրտից, իսկ հիմա տաքացնում է յոթ շնչավորի՝ հինգ պատանու, Բոյնախին և փոքրիկ ոզնուն, որը գիշերը դես-դեն վազվզելուց հետո, անկողիններից խաշամ էր գողանում՝ իրեն բույն պատրաստելու համար։ Նա գլորվում էր չորացած տերևների վրա, իր փշերի մեջ խրում դրանք, գնում այրի մութ անկյունում դատարկում իր բեռը և նորից վերադառնում։

Բոյնախը հայացքով հետաքրքրությամբ հետևում էր նրա շարժումներին, բայց չէր համարձակվում մոտենալ, գուցե այն պարզ պատճառով, որ զգայուն քիթը դեռ մռմռում էր։ Շուշիկը, չնայած իր գլխացավին և ծակոցներին, չէր կարող մեղմությամբ չժպտալ իր ոզնու այդ խելոք արարքների վրա։

Լուսադեմին արդեն մոռի արմատից պատրաստած թեյ էին խմել բոլորը։ Բայց ահավոր քաղցը, որ մեղմացել էր ոզնու խորովածի շնորհիվ, նոր ուժով գլուխ բարձրացրեց այդ առավոտ։ Դա մեր պատանիների գերության տասնիններորդ օրն էր։ Մինչ խումբը մոլորված էր և չգիտեր օրվա իր անելիքը, ղեկավար Հասոն լուռ էր, ինչպես միշտ։ Իր ամբողջ փոքրիկ կյանքում նա միշտ կատարող էր եղել, հիմա ինչպե՞ս կարգադրություններ անի։ Եվ ի՞նչ կարգադրի։ Բեռ էր դարձել Հասոյի համար իր փոքրիկ «պաշտոնը» և նա շատ ուրախ կլիներ ազատվել այդ բեռից։

Գագիկը ևս հասկանում էր նրա վիճակը։ «Չէ, մեծամիտ է, թե ոչ էլի Աշոտը կազմակերպչական ջիղ ունի… Արդեն կոտրվել Է, հիմա կարելի Է…»։ Եվ Գագիկը ընկերների հետ քչփչալուց ու նրանց համաձայնությունն առնելուց հետո, մի անսպասելի խոսակցություն սկսեց.

Աշո՛տ, ասաց նա հանդարտ և լուրջ, մենք ճիշտ արինք, որ քեզ տապալեցինք, «մասսաները երբեք չեն սխալվում», փիլիսոփայեց նա ի միջի այլոց։ Բայց էլի մեր ղեկավարը դո՛ւ կլինես։ Դու մեզանից ուժեղ էլ ես, սրտոտ էլ… Իսկ ընտրությունը քիթդ մի քիչ ջարդելու համար էր, չնեղանաս…

Աշոտի ծանրացած սիրտը կարծես մի քիչ թեթևացավ։ «Չէ՛, Գագիկն էլի նույնն է, ի՜նչ անձնական հաշիվ, ի՛նչ նախանձ, էն ի՞նչ հիմար բաներ էին անցնում գլխովս…», մտածեց նա։ Մյուսներն էլ վատը չեն, երևի նրանք էլ են տվել իրենց համաձայնությունը, թե չէ Գագիկը ինչո՞ւ պիտի խոսեր բոլորի անունից։

Գագիկի այդ առաջարկի վրա ամենից շատ Հասոն ուրախացավ։

Հա՛, հաստատեց նա քաշվելով, դե ղեկավարելը իմ ի՞նչ բանն է… Իմ ձայնը էլի քեզ եմ տալիս, Աշո՛տ, երեկվանը հե՛չ…

Չէ՛, ընկերները իր լավն են ուզում, դա պարզ է լույսի նման, դա երևում է նրանց վարմունքից, աչքերից։

Եվ Աշոտն զգաց, որ մի նոր սիրով է լցվում իր ընկերների նկատմամբ, ա՛յլ կարգի սիրով, որի մեջ մեծ տեղ է գրավում հարգանքը։ Իսկ երբ հարգում ես, գնահատում ես ընկերոջդ արժանիքներն ու նայում նրան որպես քեզ հավասարի, այլևս վերանում է գոռոզությունն ու արհամարհանքը նրա նկատմամբ։

Այս խմորումն էր տեղի ունենում Աշոտի մեջ և դրանից էր, որ նրա հոգին սկսեց մաքրվել իր ունեցած նախկին, արատներից։ Մաքրվում էր դանդաղ, դժվարությամբ։ Բայց մաքրվում էր։

Լա՛վ, վճռեց նա շփոթված, ղեկավարս ո՞րն է… կաշխատենք միասին… եթե…

Ա՞յ, կեցցե՛ս, էդպես խոսիր, ուրախացած նրա խոսքը կտրեց Գագիկը։

Ճիշտ է, բայց էլի կազմակերպվածություն պետք է։ Բանակում, հայրս է պատմում, որ երկու հոգու մի տեղ են ուղարկում, մեկին անպայման ավագ են նշանակում։ Ուրեմն դա հարկավոր է… Եթե ես երբեմն խիստ լինեմ, մի՛ նեղանաք… Հիմի մեր անելիքի մասին։ Առայժմ ճամփա բացելը հետաձգում ենք, այնպես չէ՞։ Մանավանդ, որ հիվանդներ ունենք… Ափսո՛ս,՛ ջուրը մեզ զինաթափ արավ, զենք չունենք…

Զենքը իրիկունը ազատ ժամանակ կշինենք, իր կարծիքը հայտնեց Հասոն։

Նրանք խորհրդակցում էին, երբ լսվեց Շուշիկի տնքոցն ու թույլ ձայնը։

Գնացեք ճամփան բացելու…. Այստեղ ապրել չի լինի…

Աշոտը հարցական նայեց Գագիկին, իսկ նա նորից կատակի տվեց.

Ո՞ւր եմ գնում, ախր գիշերս Շուշիկին տղամարդի խոսք եմ տվել կաքավի սուպ ուտեցնեմ։

Գնա՛, Գագի՛կ, ես ոչ մի բանի ախորժակ չունեմ, տնքաց հիվանդը։ Ոչինչ պետք չի, միայն ճամփեն շու՛տ բաց արեք…

Իսկապես, եթե ճամփան բացվի՝ սուպն էլ կլինի, խորովածն էլ, կյանքն էլ, ինչի՞ են գլխավորը թողած՝ ընկել դատարկ բաների հետևից։ Հեղեղը չընդհատեր, գուցե նրանք հիմա արահետը մաքրած-վերջացրած լինեին, այս հիվանդները շատ խանգարեցին։

Աշոտը տատանվում էր, երբ Շուշիկը նորից կրկնեց իր խնդիրքը։ «Լա՛վ, գնանք Դիվային կածանի կողմը, թե՛ պտուղներ կճարենք, թե՛ մի քանի քայլ ճամփա կբացենք… գոնե հիվանդներին սիրտ տալու համար…»։

Իր այդ միտքը Աշոտը առանձին հաղորդեց Գագիկին։ «Այնպես պիտի ցույց տալ, թե ճամփան բացում ենք, թե չէ էդ աղջիկը հուսահատությունից կմեռնի…», քչփչում էր նա ընկերոջ ականջին։

Լա՛վ, սուպը հանձնարարում եմ Հասոյին։ Ա՛յ տղա, ժայռերը կբարձրանաս, կուտ կգցես, ջու-ջու կանես, էն վայրի վառեկներից մեկին կբռնես կմորթես։ Դե, Աշո՞տ, մենք գնացինք…

Իսկապես, չփորձի՞ Հասոն իր բախտը։ Ահա վերևում, ապառաժե թարեքներին կաքավները նստած երգում են։ Ինչպե՞ս մոտենալ, ինչպե՞ս խփել նրանց։ Պարսատիկ պատրաստեց և մագլցեց վեր։ Բոյնախը ծույլ-ծույլ հետևում էր նրան։

Թեև Հասոն հմուտ պարսատիկ նետող էր, բայց ոչ մի կաքավ չհամաձայնեց իր տեղում հանգիստ նստել և սպասել նրա նետած քարերին, բոլորն էլ ապրել էին ուզում…

Այն ժամանակ նա թևը ջարդված մի անգղ գտավ (ա՛յ քեզ բախտ), մինչև կեսօր հետապնդեց նրան, շատ անգամ քարեր նետեց, շատ անգամ նրա պատճառով վայր ընկավ, որից քերծվեցին սրունքները, բայց շարունակ վրիպում էր։ Գուցե դրա պատճառը այն ժանգագույն պուտ-պուտ ու բրդոտ «շալվարով» գառնակերն էր, որ զիլ ծղրտոցներով պտտվում էր տղայի գլխավերևը, շփոթեցնում, վրա քշում, սպառնում։ Վիրավոր թռչունի մա՞յրն էր, ընկե՞րը, թե ամուսինը՝ դժվար էր որոշել։

Հասոն շարունակում էր քարերի արանքներով կուզեկուզ հետևել փախչող թռչունին։ Արծվից շատ խոշոր, նրա նման կեռ կտուցով և մորուքավոր մի թռչուն էր դա, որի թուխ թիկունքին ու թևերի վրա ճերմակավուն զոլեր կային։ Հասոն գիտեր, որ նա արծիվ չէ, բայց կարողանում է ընտանի ու վայրի ուլեր և գառներ փախցնել, մինչդեռ անգղի մյուս տեսակները որս չեն անում, այլ միայն լեշ են ուտում։ Հետապնդում էր Հասոն վիրավոր գառնանգղին և Բոյնախին խրախուսում էր օգնել իրեն։ Խե՛ղճ Բոյնախ, ո՞ւժ էր մնացել որ… Թռչունը, հակառակի նման, շարունակ ձգտում էր դեպի անմատչելի ծերպերը, բնազդով զգում էր, որ այնտե՛ղ է իր փրկությունը։ Իսկ Հասոն իր պարսատիկով քարեր էր նետում իրար հետևից։

Վերջապես վերջին հարվածը հաջող ստացվեց և թռչունը փռվեց այնպիսի մի դարավանդի վրա, ուր իջնելու համար հարկավոր էր, որ մարդ առնվազն կուշտ լինի և ոտքերը չդողան։ Հասոն այդ օրը այնքան էր քայլել, չարչարվել, որ այժմ, ժայռի կտուրին պառկած, հևում էր և ուժ չէր գտնում իր մեջ ցած իջնելու և տեր կանգնելու իր որսին։ Բայց նրա սիրտը թնդում էր բերկրանքից, ա՜նգղ, դա հո, Գագիկի լեզվով ասած, չորս-հինգ կիլո մաքուր միս է… Հիմա որ Շուշիկը սուպ կունենա, ընկերները կկշտանան, ուժ կառնեն ու կշարունակեն ճամփա բացել դեպի ազատություն։

Ահա ինչ գործ պիտի տեսներ սպանված գառնանգղը։

Այդ հեռանկարն այնպես իրական էր Հասոյի համար, որ նա նույնիսկ պառկած տեղը սկսեց հոտավետ ուրց պոկոտել, որ գցի եփելիք կերակրի մեջ։ Քաղցած մարդու վառ երևակայությամբ նա արդեն նույնիսկ զգում էր ապագա կերակրի բույրը…

Բոյնա՛խ, գնա բեր, հրամայեց նա՝ մատը անգղի կողմը մեկնելով։

Շունը հասկացավ, ցատկեց ցած, ուրախության վնգստոցով բերանն առավ թռչունին, իր շրթունքներին զգաց տաք արյունը, առավ թռչնային խելքամաղ անող բույրը և քարե թարեքներով շտապեց վեր։

Այդ պահին կարծես երկնքից ռումբ ընկավ Բոյնախի վրա, մեծ անգղը, իր հարազատին փրկելու համար, հզոր թևերով զարկեց շանը, մագիլներով բռնեց նրա թիկունքից և տեղից հազիվ կտրելով, նորից բաց թողեց։ Չկարծեք, թե ուժը չէր պատում գամփռին վեր բարձրացնելու։ Անգղի ճանկերը բութ են, չհաջողեցրեց խրել շան թիկունքը։ Կենդանին ժայռի ճակատով ցած գլորվեց և անհետացավ Հասոյի տեսողությունից, իսկ սպանված թռչունը ընկավ այնպիսի մի թարեքի վրա, որտեղից ցած կարող էր բերել միայն թևեր ունեցող արարածը։

Վա՜խ Բոյնախ ջան, վա՛յ ախպեր ջան, գոռաց տղան և խելակորույս ցած վազեց։

Ժայռի տակ, փափուկ խաշամին, շշմած նստած էր շունը և իր բարի աչքերով նայում էր տիրոջն ու պոչը շարժում։

Տղան շուռումուռ տվեց նրան, ոտքի կանգնեցրեց, զննեց բոլոր կողմերից, ստիպեց քայլել՝ ոչինչ, ոսկորները տեղն են, խաշամի կույտը փրկել է։ Բայց մեջքին ջարդվածք կար, որից արյուն էր ծորում։

Վա՜յ, Բոյնախ ջան, դու է՞լ հիվանդների շարքը մտար։ Հիմի ես ի՞նչ անեմ, ինչո՞վ պահեմ քեզ, շան վզովն ընկած մղկտում էր տղան։

Առանց սննդի վիրավոր կենդանին հո երկար չէ՞ր ապրի։ Իսկ Շուշի՞կը։ Նա հիմա երևի խոստացած թռչունին է սպասում, տաք սուպի հեռանկարը երևի հիմա նրան հանգստություն չի տալիս։ Իսկ Աշոտն ու Գագի՞կը։ Խե՜ղճ տղաներ։ Ահա իր դիմաց շավիղի ճերմակ ժապավենին երկու մուգ, մարմիններ են շարժվում ՛կռացած, իսկ շաքարավազի նման ճերմակ ձյունը ընդհատ-ընդհատ ջրվեժ է կապում ժայռի լանջով։ Հովազաձորի արևահայաց լանջերը բոլորը բացվել են և ձյունը հակառակի նման մնացել է այնտեղ, ուր իսկի հարկավոր չէր որ մնար, մնացել է դեպի ազատություն տանող արահետում, մեկ էլ ուռենուց ցած, փոքրիկ հարթության վրա։

Հասոն սուր աչքով հետևում էր ընկերների շարժումներին, նկատում էր, որ նրանք ստեպ-ստեպ դադարեցնում են աշխատանքը և շուռ են գալիս ու նայում իր կողմը։

Ուտելու բան են ուզում, ես գլուխս ո՞ր քարով տամ, մղկտում էր Հասոն։

Վերև նայեց, գուցե մի հնար գտնի թարեքին մնացած անգղը ցած բերելու։ Քարեր նետեց՝ ապարդյուն։ Թևերի շափշափյուն լսվեց ցած իջավ մինչ այդ Հովազաձորի վրա դանդաղ պտույտներ գործող խոշոր անգղը, կանգնեց սպանված հարազատի մոտ։ Կտուցով շուռումուռ էր տալիս նրան, ջանում էր ոտքի կանգնեցնել ու թռցնել իր հետ դեպի ջինջ լազուրը, բայց անշնչացած ընկերը չէր արձագանքում նրա կանչերին։ Ու այդ ահագին թռչունը զարմանալի բարակ ու սուր ձայնով ճչում, ողբում էր իր մեծ կորուստը, լաց էր լինում և շարժում ներքև քարացած պատանու գութը։

«Էս ինչ վատ բան արի… Սրա մեղքից ես հաց չեմ գտնի», մտածում էր սնահավատ պատանին ու հիշում իր հովիվ հոր խոսքը, թե՝ ամեն շնչավոր էլ աստծու ստեղծածն է, ամեն կենդանի էլ սիրտ ունի…

"Հովազաձորի գերիները" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Երևանյան էտյուդներ
Ալեքսանդր Սպենդիարյան

Երևանյան էտյուդներ

Կոստանդնուպոլիս
Կոստանդնուպոլիս
Խաղա առցանց