Վախթանգ Անանյան
Հովազաձորի գերիները
17
Գլուխ չորրորդ. Թե ինչ է սովորեցնում Հովազաձորում անցկացրած ծանր օրերի փորձը
Քիչ անց մեր աղետյալները նորից բոլորել էին թեժ խարույկի շուրջը և մոռացած ցուրտ ու սարսափ, խաղաղ զրուցում էին։ Մռայլ ու տաժանելի գիշերից հետո օրն այնպե՜ս պայծառ էր թվում, աշխարհը այնպե՜ս խնդուն։ Մահն այնքան մոտիկից տեսնելուց հետո կյանքն այնպե՜ս քաղցր էր թվում։ Նույնիսկ այդպիսի՛ կյանքը, երբ ջուրը տարել էր նրանց խղճուկ ունեցվածքն անգամ՝ դասագրքեր, պայուսակներ, տետրեր ու մատիտներ, հագուստներ, Շուշիկի մի կոշիկը, Սարգսի գլխարկը… Անգամ այդպիսի՛ կյանքը, երբ նրանք մնացել էին կիսամերկ, անզեն ու քաղցած վերահաս դաժան ձմռան դեմ-հանդիման։ Այդպիսի խղճուկ կյանքն անգամ հիմա քաղցր էր թվում, ավելի քաղցր, քան մինչ այդ գյուղում անցկացրած իրենց տաք ու ապահով կյանքը։
Մեծամեծ վտանգներից դուրս պրծնելով, նրանք նոր էին զգում կյանքի ողջ արժեքը։ Այդ վտանգներում նաև փորձ էին ձեռք բերել և վստահություն դեպի իրենց ուժերը։ Նրանք զգում էին, որ աճել են, հասունացել։
Էն ի՞նչ բան էր, Աշո՛տ, էն ի՞նչ զուլում էր, որ եկավ ու գնաց, հարցրեց Հասոն։ Նրա համար իրենց պետը հեղինակություն էր, նա պետք է որ իմանար աշխարհի բոլոր գաղտնիքները։ Իր միամիտ, պարզ աչքերը Աշոտի դեմքին հառած, Հասոն պատասխանի էր սպասում։ Ես բոլորը տեսա։ Ջուրը քարափի տակից դուրս եկավ՝ «բո՛ւհ», ոնց որ թե քարափը սիրտը ետ տա…
Անհաջող պատկերներով ես խոսում, Հասո՛, բայց ճիշտ է, ետ տալու նման էր… Հե՜յ գիտի, հա՜, երազումս Շուշիկենց բակում իրենց հավերից մեկը փետրում էինք, որ խորովենք, մեկ էլ տեսա ոնց որ կծպծան մաճառը շշի խցանը չի շպրտում, դուրս թռա այրից։ Զրխկացի ու պինդ բռնեցի մի թփից՝ քաղցր երազներս ցնդեցին… Հեղեղի հետ կոխ բռնեցի, ես նրան՝ նա ինձ, վերջը տեսավ ուժը չի պատում՝ ձեռ քաշեց թողեց կորավ… Անիրավը գոնե ժամանակ տար հավն ուտեինք, հետո դուրս վռնդեր մեր բնակարանից, այդ վիճակում էլ հումորով իր տպավորություններն էր պատմում Գագիկը։ Նա նույնպես կատակելու սիրտ չուներ, բայց ընկերների թախիծը պե՞տք էր ցրել, թե ոչ։
Աշոտը արդեն հասկացել էր, որ դա իր պապի հոր այգին ջրող հեղեղն էր։ Պատմեց ընկերներին իր իմացածը և զգաց, որ Հասոյի սիրտն ահ ընկավ։
Սատանի բան չի, Հասո՛, դրանք երկրի խորքում կուտակվող ջրեր են (հիշո՞ւմ ես, որ երկու-երեք շաբաթ էր «ծը՛լթ, ծը՛լթ, վը՛շ, վը՛շ» լցվում էր ավազանը)։ Երբ արդեն ավազանում տեղ չկա, ջրերը դուրս են հորդում։ Բայց ինչու այդպես հանկարծ ու կարճատև, դա մեր խելքի բանը չի, կպատմենք մեր մեծերին, մասնագետներ կգան-կպարզեն։ Գնա՛նք, Գագի՛կ, Հասո՛, տեսնենք մեր ավերված օթևանը…
Չէ՜, պրծա՜վ, Հասոն էլ էն կողմը գնացողը չի…
Ախպե՛ր, ավելի լավ է ես գնամ փայտ ջարդեմ… Հա՛, Աշո՛տ, հիմի հասկացա՞ր, թե ինչու էծերը մեր էրը չեն գալիս…
Հա՛, իսկապե՛ս որ… իբր թե ես էլ բնասերների ղեկավար եմ, թո՛ւհ, իր ճակատին ափով զարկեց Աշոտը։ Դա շատ հետաքրքիր երևույթ է։ Ուրեմն վայրի այծերը իրենց աչքով տեսնում են, որ մեկ-երկու ամիսը մեկ անգամ այդ այրից ջուր է ժայթքում, անապահով տեղ է։ Տեսնում են ու վախից չեն մտնում այնտեղ… Ինքնապաշտպանության բնազդ… Տեսեք ի՛նչ բաներ կան բնության մեջ է՜…
Աշոտը գլուխն օրորելով գնաց չարաբաստիկ քարանձավի կողմը։
Մոտեցան։ Անձավի առաջի լանջը հեղեղը սրբել մաքրել էր քարերից, իսկ ներքևը՝ ձյունից։ Այրից դուրս քշված փայտի կտորներից ու եղևնու ճյուղերից մի քանիսը դեմ էին առել այստեղ-այնտեղ։
Վա՛յ, վերարկուս, ուրախացավ Աշոտը, թաց ու ցեխոտ հագուստը եղևնու ճյուղերից ազատելով, -Սպասիր, մզենք փռենք, թող չորանա…
Տղաները անորոշ երկյուղը սրտներում մտան քարայրը և կանգ առան։ Թեև ջուր չկար, բայց նրանք ահով էին նայում խորքի մութ «որկորին», որտեղից դարձյալ վշշոցի ձայն էր լսվում և թվում էր հիմա նորից հեղեղ դուրս կժայթքի։
Աշոտը անվստահ առաջ գնաց, չոքեց թաց հատակին, ներս սողաց և ականջը դեմ արավ։ Այո, դատարկված ավազանը նորից լցվում է ժայռի թիկունքից երկրի խորքը ծծվող ջրերով։
«Բայց ինչո՞ւ է ժայթքում ու նորից փակվում…»։ Նա ետ եկավ և այրի պատերին նայելով գոչեց.
Ջա՛ն, Շուշիկի պայուսակը մնացել է… Էս էլ նրա սիրելի ոզնին…
Այրի բարձրադիր ու չոր անկյունում, տերևների միջից մի զույգ մանր աչքեր էին պսպղում։ Աշոտը մոտեցավ, սարսափահար կենդանուն գցեց իր վերարկուի թաց գրպանն ու դուրս եկավ չարաբաստիկ անձավից։
Ի՜նչ անհյուրընկալ դուրս եկավ այդ այրը։ Ինչպե՜ս իր խելագար արարքով նա նոր խոչընդոտ դրեց գերիների ազատության ճամփին։ Ի՞նչ անեն հիմա, նոր բնակարա՞ն փնտրեն, նոր անկողի՞ն, վառելի՞ք, թե շարունակեն աշխատել Դիվային կածանի վրա…
Այսպես դառն մտքերով էր Աշոտը հրաժեշտ տալիս իրենց «խենթ բնակարանին», երբ լսվեց Շուշիկի ուրախ կանչը.
Վա՜յ, ոզնիս կենդանի է… Իսկ ես համոզված էի, որ ջուրը տարել է… Եկ տաքացնեմ, ջանի՛կս… Իսկ պայուսակս… Վա՞յ, այդ ոնց է չոր մնացել, ախր մոտս ընկած էր, զարմացավ Շուշիկը։
Այո՛, Հասոն գիշերն իր քրոջ պայուսակը կախել է պատից, իսկ մերը թողել հեղեղի բերանում… Է՛հ, Հասո՛, Հասո, կողմնապահություն ես անում, մատը թափ էր տալիս Գագիկը։
Հասոն երջանիկ ժպտում էր. իր հայ «քուրացվի» նկատմամբ ուշադրության մի ապացույց էլ էր հայտնաբերված։
Դե՛հ, ընկերնե՛ր, կծոխուրը կերել եք ու տաքացել։ Հիմա ինձ լսեցեք։ Սարգի՛ս, ինչպե՞ս է ոտքդ։ Ոչի՞նչ, ցավերը մեղմացա՞ն։ Ապրե՛ս, դա էլ կմոռանաս, նեղ օրերն էլ, մա՛րդը կմնա… Կգնանք տուն, ամեն բան կմոռացվի, բայց չի մոռացվի իրար արած վատությունը, ոչ լավությունը, իր հանգի հանդիսավոր ու խրատական սկսեց Աշոտը։ Ուրե՛մն, ընկերնե՛ր, մեզ այնպես պահենք մեր այս նեղ օրերին, որ հետո կյանքում բաց ճակատով նայենք իրար երեսի… Ու իրարից ամաչելու ոչ մի պատճառ չունենանք։ Չմոռանանք մեր պապերի իմաստուն խոսքը՝ լավ ընկերը նեղ օրին կերևա… Լավ, թույլ տվեք ես ամփոփեմ մեր վերջին ձախորդության հետ կապված դասերը (Ա՜խ այդ Աշոտը, որ չի կարող յոլա գնալ առանց ժողովի ու ճառերի…)։ Այո՛, մենք մեծ դաս ստացանք։ Հեղեղը ցույց տվեց, որ մեզանից մի քանիսը կոփված չեն բնության դեմ մղվող կռվում և շուտ զենքերը վա՛ր են դնում, հանձնվում։ Ես օրինակներ չեմ բերում, բայց դուք ամեն մեկդ հիշեցեք, թե ձեզանից ո՛վ ինչպե՛ս պահեց իրեն հեղեղի ժամանակ և նրանից հետո…
Եվ տղան խուզարկու հայացքով մեկ-մեկ նայեց իր ընկերներին։ Սարգիսը խոնարհել էր իր հայացքը, իսկ Շուշիկը ծիծաղեց և պարզասրտորեն հանձն առավ.
Ես լաց լինելով «մամա, մամա» էի կանչում… էլ այդպիսի բան չեմ անի, Աշո՛տ…
Այո՛, և չպի՛տի անես։ Մենք, կարող է պատահել, ավելի ծանր ձախորդության հանդիպենք։ Պիտի դիմանանք։ Բա էլ ո՛ր օրվա համար ենք կապում այս վզկապները։
Երևում էր, որ զրկանքները Աշոտին չէին կոտրել։
Ես մի պատմություն անեմ ձեզ։ Ամեն օղակում զրույցներ են անցկացնում, իմ զրույցն էլ սա է լինելու։ Մի անգամ (պապս էր պատմում) Պետրոգրադից մի ուսումնական հայ մարդ գալիս է Սևան, որ վանքը տեսնի։ Վանքն էլ Սևանա կղզու վրա է։ Ցամաքաբերդցի ձկնորսներին խնդրում է նավակով իրեն տեղափոխեն կղզի։ Համաձայնում են։ Երբ սկսում են թիավարել, այս մարդը ձկնորսներից մեկին հարցնում է.
Բարեկա՛մ, մաթեմատիկա գիտե՞ս։
Ո՛չ, աղա՛։
«Աղան» գլուխը հանդիմանանքով շարժում է.
Ափսո՜ս, կյանքիդ մի քառորդը կորած է։ Մյուսին է հարցնում.
Իսկ դու քերականություն գիտե՞ս… փիլիսոփայությո՞ւն, աշխարհագրությո՞ւն…
Ոչ, աղա՛, մենք անգրագետ մարդիկ ենք, մեր կյանքը ծովի վրա է անց կենում։
Ափսո՜ս, կյանքիդ կեսը կորած է, իր վճիռը արձակում է նորեկը։
Ճամփի կեսին մեծ փոթորիկ է բարձրանում։ Ձկնորսները շորները հանում են ու նրանցից մեկը հարցնում է.
Աղա՛, լողալ գիտե՞ս…
Ո՛չ…
Ափսո՜ս, քո ամբողջ կյանքն է կորած, նավակը հիմի շուռ կգա…
Ինչո՞ւ համար եմ ես պատմում պապիցս լսած այս դեպքը։ Ասե՛մ։ Մենք, մեր գյուղի երեխաներից շատերս, կարեկցությամբ ենք նայել Հասոյին. «Դե, անուսում խեղճ ու կրակ չոբան է…»։ Տեսա՞ք, տեղ կա, որ նա պիտանի եղավ կյանքի համար, իսկ մեզանից մի քանիսը անպետք դուրս եկան։ Նրանք, ովքեր Հասոյին մինչև հիմա վերևից են նայել, կկորչեին, եթե նրա օգնությունը չլիներ։ Այո՛, նա պետքական դուրս եկավ բնության կույր ուժերի դեմ մղվող կռվում, իսկ մենք՝ ոչ։ Նա իրեն էլ փրկեց, մեզ էլ։ Ինչո՞վ։ Փորձո՛վ։ Ճիշտ է, մենք գիտություն ունենք, բայց նա փորձ ունի։ Իսկ փորձը քիչ բան չի։ Պարզվեց, որ մեր փորձը պակաս է, մենք բնությունը լավ չգիտենք։ Հասարակ բան, նա աստղերով հասկացավ, որ լուսանում է և դրանով սիրտ առավ ու մեզ էլ սիրտ տվեց։ Իսկ սիրտ առած մարդը կդիմանա, կապրի։ Նա սառչող մարդուն փրկելու երեք-չորս ձև ցույց տվեց։ Իսկ մե՞նք։ Նա՛ չլիներ, սվսվալով կուչ էինք գալու, սառչելու էինք, կամ թոքերի բորբոքում էինք ստանալու։ Ուրեմն, եկեք մեր գիտությանը ավելացնենք փորձը…
Իսկ Հասոյին տանք այս, ինչ նա չունի՝ գիտությունը, քուրդ պատանուն սիրալիր նայելով լրացրեց Շուշիկը։
Այո՛, որ ուսում ունենա, աննման անասնապահ դուրս կգա նրանից։ Դա մենք կանենք և՛ այստեղ, և՛ ֆերմայում։ Անպայմա՛ն կանենք։ Սարգի՛ս, քե՛զ եմ դիմում, չնեղանա՛ս, սա իմ վերջին խոսքն է, այլևս ինձանից թթու խոսք չես լսի։ Քո հայրը միշտ պահեստապետ չի մնա, որ դու ասեն ինչ պատրաստի վայելես։ Կարող է գա ժամանակ, երբ դու սեփական ուժերով պետք է հոգաս քո ապրուստը։ Բայց դու, չնեղանաս, լոդր ես սովորել։ Ծառի տակ պառկել ես ու մտածել՝ ա՛խ, էն տանձը ընկնի բերանս, կոթն էլ վերև…
Տղաները ծիծաղեցին, Սարգիսն ինքն էլ շփոթված ժպտաց։
Կմեծանաս, բանակ կգնաս ու կմնաս մոլորված։ Այնտեղ «մամայի բալային» չեն սիրում, այնտեղ կոշտ կյանքի սովոր ու պլոճիկ ունեցող տղաներ են պետք, որ դիմանան։ Խրամատներին չես դիմանա, ընկերներիդ ծաղրի առարկան կդառնաս, ախպե՛րս, լավ չի լինի քեզ համար։ Սովորիր աշխատել այստեղ էլ, տանն էլ։ Տե՞ս, նորից որպես օրինակ, Հասոյին եմ ցույց տալիս հա՛, ոմանց կողմից արհամարհված այս հովիվ տղային…
Հասոն լսում էր գովասանքից շիկնած ու շփոթված և Շուշիկի սիրալիր հայացքներն իր դեմքին զգալով՝ քիչ էր մնում գլուխը կորցնի, ախր նա իր կյանքում աղջիկ ընկեր չէր ունեցել, ֆերմայի աշխատողները մեծ մասամբ տղամարդիկ և պառավ կանայք են, իսկ իրեն հասակակից աղջիկները սովորում են գյուղում։ Ինքն էլ ամառը սարերում է լինում, ձմեռը՝ ձմեռանոցում, միշտ հոտի հետ, աղջիկ արարած նա որտեղի՞ց է տեսնում։ Երևի դրանից էր, որ Շուշիկի ներկայությունը հենց առաջին օրից այնքան ճնշում էր նրան, ստիպում՝ ստեպ-ստեպ քրտնել։ Բայց և այդ ներկայությունը նրան մղում էր գործի։ Նրա գլխում ցնորքներ էին ծնվում, նա երազում էր այնպիսի անսովոր բան անել, որ միանգամից աչքի ընկներ խմբի մեջ, մանավանդ այն նուրբ ու սիրալիր դեմքով արարածի առաջ, որին անմեղ կերպով նա իրեն քույր էր անվանել…
Իսկ ինչ էր զգում Սարգիսը։ Այդ տղաներն իրեն չէին սիրում և դաղված էին իր հոր արարքներից։ Բայց երկու անգամ փրկեցին իր կյանքը։ Ուրեմն, կոլեկտիվից դուրս ինքն անպայման կոչնչանար։ Հիմա էլ ընկերները կծոխուրի մեծ մասը հանձնել են իրեն, ստիպում են ուտել և ծածկել են իրենց շորերով։ Գիշերը կգա, նրանք կմրսեն, չեն քնի, բայց իրենց հագուստները ետ չեն վերցնի, Սարգիսը դա հաստատ գիտեր։
Աշոտի խոսքը նրան շատ էր ազդել. «Այնպես պահենք մեզ, որ երբ գյուղ վերադառնանք, իրար երեսի բաց ճակատով նայենք»։
Ո՞նց բաց ճակատով նայի Սարգիսը իր ընկերներին, երբ նույնիսկ ուրիշի հավաքած ընկույզի պահեստը… Ամո՛թ… Ամո՛թ…
Եվ նա կյանքում առաջին անգամ հաստատուն կերպով ազնիվ վճիռ կայացրեց իր մեջ ու գոչեց.
Ինձ վեր քաշեցեք, բան եմ ասում…
Հասոն նրա կռնատակերից այնպես զգուշությամբ բարձրացրեց, որ վնասված ոտքը չշարժվեց տեղից։ Այն ժամանակ Սարգիսը շփոթված ու կակազելով թոթովեց.
Ձեր առաջ մեղավոր եմ, ընկերնե՛ր… Գնացեք ընկուզենու մոտի շեկ քարի տակը քանդեցեք… Էնտեղ ուտելիք կա… Ներեցե՛ք…
Եվ հոգով թեթևացած, բայց մարմնով թուլացած նորից ընկավ իր տեղը։
Տղաներն իրար երես նայեցին և գոհ էին բոլորն էլ, որ նրանց անձավային կյանքի ամենամեծ կնճիռը հարթվում է։
Տղե՛րք, վայ ես մեռնեմ ուտելիքին, բա ինչի՞ եք նստել։
Ու Գագիկը մահակն օդում ճոճելով՝ վազեց դեպի ընկուզենու տակի «շեկ քարը»։ Բոյնախը տագնապով շարժում էր բրդոտ պոչն ու հարցական նայում իր տիրոջը՝ ուզում էր հասկանալ, թե ի՞նչ պատահեց։ Հասոն ու Շուշիկը ևս ցած իջան և տեղ հասան այն ժամանակ, երբ Գագիկը, խաշամի վրա չոքած, ընկույզները լցնում էր փեշն ու հետն էլ զգացված ասում.
Վայ ես քո դնչիկը կծեմ, մի տեսեք, թե ոնց է իր փոքրիկ տոտիկներով մեկիկ-մեկիկ գլորել-տարել իրեն բույնը, որ մեզ փրկի սովից։ Ոնց որ մեր Հասոն փոքրիկ թաթիկներով մեկիկ-մեկիկ հավաքեց ու իրենց երեք տարվա ապրուստը տարավ լցրեց հորը…
Ո՞ր հորը։
Պարույրի փորը… Լա՜վ, գույնդ մի՛ գցիր, չլսեց… Վերջին նախատինքն է, այն էլ հեռակա… Պա՛հ, պա՛հ, պա՛հ, պոպոք հո չի, ուտողը գիտի, չուտողն ի՞նչ գիտի…
Այդ զվարթ բացականչությունները կցկտուր հասնում էին Սարգսի ականջին և նա, աչքերը երկնքով լողացող ամպի մի քուլայի հառած, մտածում էր, որ վերջապես ինքն էլ ընկերներ ունի կյանքում, լավ, սրտակից ընկերներ։ Նա երբեք լավ ընկեր չէր ունեցել և կարծես չէր էլ զգացել դրա կարիքը։ Հիմա կոլեկտիվի հետ էր, հոգատարությամբ շրջապատված և, որ գլխավորն է, զգում էր, որ իր հոգին մաքրվում է, ազնվանում։
Դրանից էլ նա հիմա խաղաղ էր ու թեթև, թե՜թև…
Գլուխ հինգերորդ. Թե ինչպես մեր պատանիները ստիպված էին ամեն ինչ սկսել նորից
Այո՛, դժբախտաբար ամեն բան նորից պիտի սկսեին, կույր տարերքը նրանց զրկել էր բնակարանից, անկողնուց, զենքերից, օջախից։ Սնունդն էլ արդեն չկար ու չկար։ Հիմա արդեն ճամփան բացելու մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Առաջին հերթին հարկավոր էր ցերեկով պիտանի քարայր գտնել և հարմարեցնել բնակության համար։
Աշոտն ու Հասոն գնացին անձավ փնտրելու, Շուշիկը հերթապահ մնաց Սարգսի մոտ, իսկ Գագիկը սնունդ ճարելու հանձնարարություն ստացավ։
Ինչն է շատ՝ անձավները մեր երկրում։ Ազատ գետից մինչև Ջուլֆա, Փոքր Կովկասի հարավային լանջերով ձգվում են կրաքարե ապառաժների անվերջանալի շարքերը։ Իսկ կրաքարի մեջ ջուրը հազարամյակների ընթացքում անձավներ է փորում։
Աշոտն ու Հասոն լուռ բարձրանում էին ձորը աջ կողմից եզերող ժայռաշարքը, դեպի Կաքավի ժայռի կողմը, որի տակ մթին էր տալիս ճնճղուկների անձավի լայն մուտքը։
Հասան ժայռին, քրտնած կանգ առան անձավի առաջ։
Մուտքը շատ է լայն, ցուրտ կլինի, իր կարծիքը հայտնեց Աշոտը։ Վերադառնանք ընկուզենու մոտի անձավը, նրա մուտքը ցածր է, տաք կլինի։ Մենք պիտի գտնենք այնպիսի այր, որի մուտքը փոքր լինի, փորը՝ մեծ։
Հա, էդպիսի այրի մեջ ավելի տաք կլինի, ճիշտ ես ասում, համաձայնեց Հասոն։ Բայց երբ դուռը նեղ է, ծուխը կնստի մինչև գետին։ Շուշիկի աչքերը… այսինքն, բոլորիս աչքերն էլ…
Տղան շփոթվեց, կակազեց և իրեն հավաքելով շարունակեց.
Ծուխը սրա միջից հեշտ դուրս կգա։ Իսկ դուռը կպատենք, կփոքրացնենք։
Ուրիշ անգամ Աշոտը չէր համաձայնի, բայց այն օրվա «դեպքից» հետո կարծես մի փոքր փոխվել էր։
Նրանք ներս մտան ամբողջ հասակով մեկ կանգնած, բայց խորքը գնալով, հետզհետե ստիպված էին նախ խոնարհել իրենց գլուխները, ապա կռանալ, որովհետև այրի առաստաղը, որ մուտքի մոտ բավական բարձր էր, գնալով իջնում էր և աստիճանաբար թեքվելով գնում-խորքում հենվում էր քարե հատակին։
Հենց այդ թեքությունը նկատի առնելով էր Հասոն պնդում, որ այդ այրը ընտրեն իրենց բնակության համար, քանի որ ծուխը առաստաղի տակ չէր ամբարվելու, այլ նրա թեքությանը զուգահեռ գնալու-դուրս էր գալու բարձր մուտքի վերին մասից։ Հասոն ֆերմայի հոտի հետ շատ անգամ էր գիշերել անձավներում և նկատել էր, որ հայրը այդ կառուցվածքի անձավը գերադասում է ցածր մուտք և լայն «փոր» ունեցող անձավից, որովհետև այս վերջինի մեջ ծուխը կուտակվում-կուրացնում է մարդկանց։
Այդ վայրը մեր պատանիների նախկին բնակարանից հեռու լինելով, զերծ էր մնացել նրանց ավերածություններից, վառելիք էլ կար, խաշամին ու խոտին էլ ձեռք տվող չէր եղել, գաճաճ գիհի ծառերն էլ էին դեռ կանգուն։
Այնպես որ մինչ Գագիկը սնունդ ճարելու անհաջող փորձեր էր անում, Աշոտն ու Հասոն անձավում բավական քանակությամբ գիհի փարթամ ոստեր և խաշամ կուտակեցին։ Երբ նրանք իջան ցած, Գագիկն արդեն վերադարձել էր «որսից» և Շուշիկին պատմում էր իր արկածները.
Էդպես, Շուշիկ ջան, արծվի ոտից որ բռնեցի, քթի տակ ժպտաց։ Ասում է՝ լղարել մի աղվեսի չափ ես դառել, հիմի ես քեզ կթռցնեմ-կտանեմ ամպերը։ Անիրավը որ չթափահարեց մետրանոց թևե՜րը, ոտներս կտրվեցին գետնից՝ թե՜թև, թե՜թև… Չէ, ասի, էս անգամ կյանքը իրեն բաշխենք թող գնա, ու բաց թողեցի… Իսկ դու նախատում ես, թե՝ դատարկ ես եկել… Հը, Աշո՞տ, աչքերդ պսպղում են, երևի լավ բնակարան ես գտել…
Է՛, թեկուզև գտել է, ով է գժվել այս արև օրը սառն անձավը մտնի, մտածում էր Գագիկը։ Արեգակը զենիթից այնպես ջերմություն էր թափում, որ բոլորն էլ չոր խոտերին մեկնվելու կարիք էին զգում, նախորդ գիշերն այնքան մեծ էր եղել ցրտից ոչնչանալու ահը, որ մեր պատանիները, չնայած արդեն շոգել էին, բայց ագահությամբ դարձյալ ու դարձյալ կլանում էին արևի ջերմությունը, նման Ջեկ Լոնդոնի այն հերոսին, որ երբ փրկվում է քաղցամահ լինելուց, մթերքի առատության մեջ անգամ ձեռքը մեկնում է անծանոթ մարդկանց ու հաց խնդրում…
Դա ոչ թե քաղցն ինքն է, այլ քաղցի արդեն ապրած ահը։ Այդ ահը նույնիսկ թելադրում էր խարույկը թեժ պահել։ Թեև գոլացած ժայռերից ջերմ օդի ալիքները խփվում էին նրանց դեմքերին, բայց երբ հիշում էին այն ահավոր գիշերը, բնազդորեն ձեռքները դարձյալ մեկնում էին խարույկին…
Ահա այդ տրամադրության մեջ էին մեր պատանիները, ուստի հասկանալի է, թե ինչու բացի Աշոտից, ոչ մեկը չէր շտապում գնալ նոր բնակարանը և գիշերելու հարմարություններ ստեղծել նրա մեջ։
Հը՛, շարժվելու միտք չունե՞ք… գնանք տեղավորվենք, իր հարցը կրկնեց Աշոտը։ Նրա համբերությունը վերջանում էր, դեռ այնքա՜ն բան կար անելո՜ւ։ Իսկ սրանք հանգիստ արևկող են արել…
Կաց, մի քիչ էլ տաքանանք, Աշո՛տ, ի՞նչ ես կրակ կտրել, բողոքեց Գագիկը շուռ գալով և այժմ էլ մեջքը դեմ անելով արևին։
Ի՜նչ լավ է արևը, ի՛նչ բարի…
Արի՛, Հասո՛, արի գոնե աղեղներ պատրաստենք, փնթփնթաց Աշոտը։ Տրեխներիդ քուղը, ինչպես երևում է, բոլորը պիտի քանդես։
Հասոն տխուր ժպտաց և լուռ ցույց տվեց իր բոբիկ ոտքը։
Հա՜… տրեխներիդ մեկը տվել ես Շուշիկի՞ն… Լա՛վ, դե մյուսի քուղը քանդիր։
Հասոն իր միակ տրեխի թելերը քանդեց ու հանձնեց Աշոտին և սկսեց հարմար շիվեր կտրտել։
Մինչ նրանք աղեղներ էին պատրաստում, ընկերները շարունակում էին տաքանալ գոլ շողերով։ Ի՜նչ լավ, ի՜նչ բարի է արևը…
Գլուխ վեցերորդ. Թե ի՞նչ անակնկալ է սպասում այն մարդկանց, ովքեր իրենց գրաված պաշտոնի պատճառով մեծամտանում և վերևից են նայում ընկերներին
Այդպես ուրեմն, այդ պայծառ ու արևոտ օրը քաղցր թմբիրը համակել էր Հովազաձորի գերիներին և ամենից շատ՝ Սարգսին։
Հիվանդ ոտքը խարույկին դեմ արած, ձեռքերը գլխի տակ, մեջքի վրա պառկած, նա անքթիթ հայացքով նայում էր երկնի անհուն կապույտին ու լուռ վերապրում անցածը՝ երբեմն սոսկումով, երբեմն երջանիկ ժպտալով։ Հասկանալի է, որ նրա հոգին համակված էր այն ուրախությամբ, ինչ ունենում է մահից նոր ազատված մարդը։ Եվ քա՜նի մահից… Եվ ի՜նչ սոսկալի մահերից… Հենց աչքը խփում էր՝ իրեն զգում էր անդունդը գահավիժելիս, կամ հեղեղի երախում… Իսկ ո՞տքը։ Սա էլ մահվան հավասար բան էր, բայց ընկերները գլխի չէին։ Նրանք չգիտեին, թե ինչպես իրեն՝ Սարգսին ազատել են հավիտենական հաշմանդամությունից։ Իսկ Սարգիսը գիտեր դա։ Դրա օրինակը նա տեսել էր գյուղում։ Կոլտնտեսության կալը էլեկտրական գիծ տանելիս մոնտյոր Ռուբենը գլորվել էր սյունից և ոտքը դուրս էր ընկել նույն տեղից, ինչ որ իրենը։ ժամանակին չէին տարել վիրաբույժի մոտ, ուշացրել էին։ Տասը օր անց հիվանդին փոխադրել էին Երևան, այստեղ էլ մինչև զանազան անալիզներ էին կատարել, մինչև ռենտգենով նկարել էին դուրս ընկած մասը, անցել էր ևս չորս օր։ Պրոֆեսորը նայել էր ու ասել. «Ափսո՛ս, գոնե երկու օր շուտ բերեիք, «խնձորի» բույնը լցված հեղուկն արդեն քարացել է, խնձորը տեղը դնել չի լինի…»։ Հետո պրոֆեսորն ինչ-որ գրքեր էր նայել և ավելի ճշգրիտ տեղեկություն տվել հիվանդին, խնձորոսկրը իր բնից դուրս ընկնելուց հետո տեղը լցվում է հեղուկ նյութերով, որոնք քարանում են տասներեք օրվա ընթացքում։ «Աշխարհում մի դեպք չկա, որ տասներեք օրն անցկացնելուց հետո խնձորն իր տեղը գցեն», ասել էր պրոֆեսորը։ Այդպես էլ մոնտյոր Ռուբենը հենակներով մնաց և հաշմանդամ կմնա ցմահ։
Ահա Սարգսին ինչ մեծ աղետից էր ազատել հովիվ Հասոն։ Դե ինչպե՞ս երախտապարտ չլինես այդպիսի ընկերոջը…
Այսպես տարվել էր իր մտքերով Սարգիսը և նրա լսողությանն էին երբեմն հասնում ընկերների կցկտուր խոսքերը։
Հա, լավ ես ասում, Աշո՛տ, էլի նետ-աղեղներ շինենք… Հասո՛, թելից-քուղից ի՞նչ կարող ես ճարել, հարցնում էր Գագիկը։
Սարգիսը սթափվեց այդ ձայնից, բայց մտքերը նրան նորից հեռու տարան, նորից ընկերների ձայները հեռացան։
Իսկ Աշոտի արածը քի՞չ էր, սա ոչ թե հաշմանդամությունից, այլ մահից փրկեց իրեն, նույնպիսի երախտիքի զգացումով մտածում էր Սարգիսը։ «Բայց սարեր, ձորեր կան Աշոտի ու Հասոյի միջև, մտածեց նա։ Հասոն ոսկի սիրտ ունի… Լավությունն այնպես է անում, որ աննկատելի մնա արածը, չճնշվես։ Իսկ սա, համ շատ մեծ լավություն կանի, համ էլ խրատ կկարդա, գլխիդ… Մի տեսակ արածը երեսով տալու նման է ստացվում…»։
Այո՛, երբ Աշոտը խրատում է, հասկանում ես, որ իրեն իրավունք է համարում հովանավորի տոնով խոսել, որովհետև արել է քեզ համար, պարտ ես իրեն… Լավ չի, դա վիրավորում է, դա մեռցնում է երախտիքի զգացումը մարդու մեջ։ Երևի այդ էր պատճառը, որ Սարգիսը որքան էլ ստիպում, համոզում էր իրեն, չէր կարողանում սիրել այդ տղային։ Հիմա էլ, տե՛ս, նորից ամբարտավան տոնով է խոսում…
Եվ Սարգիսը ուշադրությունը կենտրոնացրեց ընկերների խոսակցության վրա։ Նա իր մտքերով տարված կարգին չէր լսել Աշոտի խոսքը, բայց Գագիկի պատասխանից մի բան հասկացվում էր։
Հա՛, կարծես Աշոտը կարգադրում է վեր կենալ և ճնճղուկների այրը տեղափոխվել, բայց Գագիկը չի ենթարկվում, առարկում է։ Իսկ Աշոտը առարկություն չի վերցնում… մանավանդ Շուշիկի ներկայությամբ… Ինչպե՞ս կարելի է առարկել պետին, ախր, հեղինակությունը կընկնի… Սարգսի տանջված դեմքին հեգնանքի ժպիտ երևաց։
Վա՛հ, ոնց է տաքացե՜լ, երևի Գագիկը դաղել է մի սուր պատասխանով… Արդեն նորից պետի տոնով է խոսում, վերևի՛ց…
Իսկ եթե չեք ենթարկվելու, ինչի՞ եք ընտրել, գոռգոռում էր նա կարմրած։ Իսկ Գագիկը «ուտեցնում էր» հանգիստ տոնով.
Լավ չի, Աշո՛տ, այդ տոնդ թող, խաղաղասիրաբար համոզում էր նա։ Այստեղ բոլորս էլ գրեթե մի տարիքի հավասար ընկերներ ենք, ի՞նչ կարիք կա, որ մեկը մյուսին հրամայական տոնով դիմի… Սովորություն ունեցիր խորհրդակցել, խելք-խելքի տալ ընկերների հետ…
Աշոտը գողունի նայում էր Շուշիկին և Գագիկի խոսքերից կաս-կարմիր կտրած՝ դարձել էր անհամբեր։ Իսկ սա զարմանալի հանգիստ ու լուրջ շարունակում էր.
Ճի՛շտ է, մասսաների ճնշման տակ վերջերս մի քիչ դեմոկրատացել ես, բայց դեռ էն չի…
Ես էն եմ, ինչ որ կայի, կտրեց Աշոտը։
Չէ, մի քիչ փոխվել ես։ Էլ չես ասում՝ «այսինչ բանն արա», ասում ես՝ «անենք»։ Դա լավ է։ Բայց էլի մեկ-մեկ սիրում ես հրամայել, կոպտել։ Թո՛ղ, ախպե՛րս, դրանից օգուտ չկա։ Եթե շատ ես սիրում, որ քեզ լսեն, ենթարկվեն, քաղցր խոսիր։ Եթե…
Գագիկի «եթե-ները» և դիտողությունները կպան Աշոտի ինքնասիրությանը և սա բոլորովին կողի ընկավ։ Զղջման զգացումը, որոշ մեղմությունն ու նրբանկատությունը, որ առաջացել էին տղայի մեջ նախորդ «դեպքերի» ազդեցության տակ, նորից տեղի տվին բիրտ ուժին և կոպտությանը։ Եվ վեճի մեջ տաքանալով, նա շպրտեց.
Այն է՞լ կժխտես, որ առանց ինձ հիմի կորած կլինեիք…
Այն ժամանակ Գագիկը, որ խոսակցությունն սկսել էր կիսակատակ, բոլորովին լրջացած հայտարարեց.
Լա՛վ, Աշո՛տ, որ դու քո մասին այդքան մեծ կարծիքի ես, ես ստիպված պիտի լինեմ խմբի առաջ հարց դնելու քեզ փոխեն…
Աշոտը հեգնանքով ծիծաղեց։
Ո՞վ է փոխարինելու ինձ, վախկոտ Գագի՞կը, թե…
Նա ցանկանում էր ամեն մեկին իրեն հարմար մի ածական կպցնել, բայց զգալով, որ կոնֆլիկտը կխորանա, իրեն զսպեց. չէր ուզում մյուսներին էլ իր դեմ հանել։
Գագի՛կ, վե՛րջ տուր.. Աշո՛տ, խնդրում եմ լռիր…
Երկյուղով լի էին Շուշիկի աչքերը, իսկ փոքրիկ սիրտն սկսել էր անհանգիստ խփել. «Կռիվ չդառնա՛»…
Չէ՛, սպասի՛ր, Շուշի՛կ, սա համը հանում է, տաքացավ Գագիկը։ «Սվսվոց չլսե՛մ», «մի՛ փնթփնթա», «կատարի՛ր, ինչ որ քեզ կարգադրում են»… Սա ի՞նչ տոն է, ինչպե՞ս է խոսում սս մեզ հետ։ Սրա քիթը որ հիմիկուց չջարդենք, սրանից կամ բռնակալ դուրս կգա, կամ բյուրոկրատ… Դպրոցում թիկունքին ավագ ջոկատավար կար, դիրեկտոր կար, կարող էր մեզ սպառնալ նրանց անունով… «որպես ջոկխորհրդի անդամ»։ Իսկ այստեղ ո՞վ է սրա թիկունքը։ Ես հիմի կապացուցեմ, որ դրա հեղինակությունը փքուն է… Այո՛, ուռեցված է արհեստական կերպով… Եկե՛ք վերընտրություն կատարենք… գաղտնի քվեարկությամբ…
Եվ Գագիկը տեղից վեր կացավ, գնաց Շուշիկի պայուսակից տետր հանեց, մի թերթ պոկեց նրանից, մասերի բաժանեց ու սկսեց ցուցակներ կազմել։
Աշոտը արհամարհական մի ժպիտ բերանի անկյուններում, իր խոշոր աչքերով հետևում էր նրա շարժումներին և զարմանում, այդ ինչպե՞ս է, որ այնքան մեղմ ու կատակասեր Գագիկը այսպես լրջացել է, դարձել չոր ու անողոք։ «Սա երևի հին վրեժ ունի իմ դեմ», մտածեց Աշոտը և սկսեց փորփրել ուղեղը, թե ե՞րբ, ի՞նչ վատություն է արել նրան։ «Թե՞ նախանձում է, որ ե՛ս եմ խմբի ղեկավարը… Հա՛, անպայման դա՛ է, ուզում է ինքը ղեկավար դառնալ… կդառնա՜ս, ո՜նց չէ…»։
Եվ նա չարախնդությամբ ծիծաղեց։
Ի՞նչ ես ծիծաղում, կարծում ես կատա՞կ եմ անում… Առ քո բաժին ցուցակը, հինգ անուն կա, չորսը կջնջես մեկը կթողնես։ Հետո թուղթը չորստակ կծալես ու կտանես-կգցես էն քարի հետև…
«Ի՜նչ անհարմար բան եղավ…», մտածում էր Հասոն, բայց համեստությունը թույլ չէր տալիս իրենից ավագ և շատ բան իմացող այդ «ուսումնական մարդկանց» վեճին խառնվել։
Սարգիսը լուռ էր, բայց, ըստ երևույթին, դեմ չէր ղեկավարի վերընտրությանը։
Շուշիկը ևս լռել էր մի պահ և կենտրոնացած մտածում էր։ Ապա մտքում մի բան վճռելով, նա կտրուկ ասաց.
Լա՛վ, թուղթն ու մատիտը դեսը տուր… Հիմի կերևա, թե ո՛վ ի՛նչ է…
Այդ սպառնալիքը ուրախացրեց Աշոտին. դե ինչ կասկած կարող էր լինել, որ Շուշիկը ի՛ր «կադրն է»։ Սարգսին էլ հո այնպիսի մի լավություն արավ, որ ապերախտ պիտի լինի, եթե իր օգտին չքվեարկի։ «Հասոն էլ հո իմն է ու իմը… Իմ ձայնն էլ հետը՝ չորսը կա։ Գագիկը մնաց մենա՜կ…»։
Էլ ինչո՞ւ եք երեսներդ դենն անում, քաջություն չունե՞ք, դիմեց նա Գագիկին։ -Տե՞ս, քո աչքի առաջ ես անունդ ջնջում եմ… Էլ գաղտնի քվեարկությունս ո՛րն է։
Չէ՛, ախպե՛ր, մենք վախկոտ ենք, թող գաղտնի քվեարկենք… Հասո՛, ուշադիր նայիր, էս առաջին անունը հո կարողանում ես կարդալ, քոնն է, երկրորդը Սարգսի անունն է, երրորդը…
Սա գիտեմ… Սա… շփոթվելով թոնթորաց հովիվ պատանին։
Գագիկը ծիծաղեց։
Դե իհարկե կիմանաս, երրորդը Շուշիկի անունն է…
Չէ՛, Շ-ի գլուխը իմ չոմբախի գլխի նման կեռ է, դրա համար չեմ մոռանում, ծիծաղելով փորձեց արդարանալ տղան։
Հա՛, ներքին ծայրն էլ Բոյնախի պոչի նման ոլորած-մեջքին դրած, իհարկե չես մոռանա։ Լա՛վ, կատակը մի կողմ, չորրորդը Աշոտն է, վերջինը՝ նվաստս…
Խմբի ունեցած միակ մատիտով նրանք հերթով իրենց նշումներն արին ցուցակներում, ծալեցին և գցեցին Գագիկի ցույց, տված քարի հետև։
Հիմա՛, Աշո՛տ, հաշվիչ հանձնաժողով ընտրենք։ Քանի որ ես ու դու, ոնց որ ասում են՝ «շահագրգռված կողմեր» ենք, թող նրա՛նք հաշվեն։
Լա՛վ, հիմա ես ու Սարգիսը կհաշվենք, մեջ մտավ Շուշիկը։
Իսկ Հասո՞ն։
Դե նա միայն իմ ու իրեն անունն է կարդում, ձեր անունները դեռ չի ջոկում իրարից, չարաճճիորեն ծիծաղեց Շուշիկը։
Նա հիմա ուրախ էր այդ վերընտրության համար և դարձել էր անհամբեր, հետաքրքիր է ո՛վ ինչքա՛ն ձայն է ստացել։ Շատ հետաքրքիր բան «մոգոնեց» այդ Գագիկը…
Միայն Շուշիկը չէր, բոլորն էլ անհամբեր սպասում էին ընտրության արդյունքին։
Շուշիկը վազեց բերեց թղթերը ու, կռանալով Սարգսի վրա» սկսեց քչփչալով նրա հետ բացել ցուցակներն ու հաշվել։
Մատներդ մեկ-մեկ ծալիր… Հասոյի օգտին՝ մե՛կ, երկո՛ւ, մեկ էլ… վա՞յ էս ի՞նչ շատ է… երե՞ք… և՛ զարմացավ, և՛ ուրախացավ աղջիկը, բայց այնպես, որ ձայնը չհասնի ընկերներին, որոնք ամեն մեկը մի դիրքով հեռու նստած՝ մի որևէ գործով էր զբաղված, կամ, ավելի շուտ, ձևացնում էր, որ զբաղված է, իսկ իրականում բոլորն էլ, ականջները սրած, Շուշիկի և Սարգսի խորհրդավոր քչփչոցին էին ունկնդրում, կարծես այնտեղ վճռվում էր ամեն մեկի լինելու կամ չլինելու հարցը…
Վերջապես առաջ եկավ Շուշիկը, թղթերը ձեռքին։ Առաջ եկավ դանդաղ ու հանդիսավոր։ Նրա դեմքը շողում էր ներքին հրճվանքից, խաժ աչքերում կար ջերմություն և մեկի հասցեին հեգնախառն մի բան։
«Անցե՜լ եմ…», հպարտ մտածեց Աշոտը և իսկույն էլ հանդիմանեց ինքն իրեն, «Հենց ուրախանում ես, կարծես ուրի՛շը կարող էր ընտրվել… Սրանցից ո՞վ կարող է ղեկավարել խումբը…»։ Եվ նա մի անգամ ևս հայացքով չափեց ընկերներին։
Իսկ Շուշիկը դիտմամբ դանդաղում էր (դե ինքն արդեն գիտեր, ինչո՞ւ պիտի շտապեր…)
Գիտե՞ք ինչ է եղել, ասաց նա ուրախությունը հազիվ զսպելով։ Զարմանալի բան է կատարվել… Այսինքն, զարմանալի չի, լավ է եղել, բնական է… Հասոն բոլորից շատ ձայն է ստացել… Սրանից հետո Հասոն է մեր ղեկավարը…
Ասաց և հայացքը ման ածեց ընկերների վրա, տեսնելու համար, թե ինչ ազդեցություն թողեց արտակարգ լուրը։
Սարգիսը խաղաղ ժպտում էր. ըստ երևույթին նա բավարարված էր կատարվածից։ Գագիկի սև աչքերում հեգնանքի կայծեր կային, նա իր հաղթանակն էր տոնում։ Հասոն «վա՛հ» արավ, շիկնեց մինչև մազերն ու շփոթմունքը թաքցնելու համար շուռ եկավ նայեց Բոյնախին։ Իսկ Աշոտը մնաց տեղում քարացած…
Սկզբում նա չհավատաց իր ականջներին։
Ո՞նց թե… Հո սխալ չե՞ք հաշվել… բացականչեց նա զարմացած։
Չէ՛, լավ ենք հաշվել… Մեկ էլ կարդամ. Սարգսին-մեկ կողմ, չորս դեմ… Շուշիկ-հինգ դեմ (ու աղջիկը բարեսրտորեն ծիծաղեց), Գագիկ երկու կողմ, երեք դեմ։ Հասոն երկու դեմ ունի, որից մեկն անպայման ինքը կլինի։ Իսկ Աշոտը… Աշոտը մեկ կողմ, չորս դեմ, դժվարությամբ արտասանեց աղջիկը և երբ վերջացրեց, թեթև շունչ քաշեց, կարծես մի ծանր բեռից էր ազատվել։
Անսպասելի հարվածից Աշոտը շշմել էր։ Ա՜յ քեզ բա՜ն, իսկ ինքը իրեն լճավանցի Կամոյից էլ լավ ղեկավար էր համարում։ Բացի Գագիկից, իրեն ո՛վ կարող էր դեմ լինել և ինչո՛ւ… Գագիկն էլ րոպեական հակառակությունից… Տե՛ս, հիմա էլի մեղմացել, նախկին Գագիկն է դարձել ու ի՜նչ մեղմ տոնով է խոսում հետը։
Այստեղ մի թյուրիմացություն կա, լսենք-տեսնենք ի՛նչ է ասում, գուցե կպարզվի։
Իրոք, Գագիկը՝ իր հավատարիմ ընկերը՝ շուռ էր եկել դեպի իրեն և աչքը նրա աչքին մեղմությամբ ասում էր.
Դու ինձ չես խնայել (Աշոտի տված «վախկոտ» ածականը դեռ այրում էր նրա սիրտը), դու չես խնայել, Աշո՛տ, բայց մենք խնայում ենք քեզ ու չենք ասում երեսիդ, թե էն մեկն ով է, որ ձեռքը չի բռնել քո անունը ջնջելու…
Հարվածը շատ ծանր էր և անսպասելի։ Այնպես որ բոլորն էլ գլուխները խոնարհեցին չտեսնելու համար, թե ինչ ազդեցություն գործեց այդ հարվածը ինքնասեր և հպարտ պատանու վրա։
Լա՜վ է խնայում Գագիկը, դրանից էլ պարզ ակնա՞րկ։ Աշոտը գունատվեց գողության մեջ բռնվածի նման։
Նույնիսկ Հասոյի նման միամիտ և ընտրությունների կարգից անտեղյակ հովիվը հասկացավ, որ Աշոտը միակ մարդն է խմբի մեջ, որ ձայն է տվել ինքն իր օգտին… Մնացածները միաձայն դեմ են քվեարկել նրան։ Ա՜յ քեզ խայտառակությո՜ւն։
Հասոն ամոթից վեր կացավ և, աղեղի համար փայտ կտրելու անվան տակ, գնաց դեպի թփերը։ «Խմբի ղեկավա՜ր… Իմ ի՞նչ բանն է… Ձե՞ռ են առել ինձ…», մտածում էր նա շփոթված։
Լավ չեղավ, բոլորովին լավ չեղավ։ Եթե իմանար, որ ոչ ոք Աշոտի օգտին չի քվեարկելու, Հասոն իր ձայնը կտար նրան… Ամոթ բան ստացվեց, շա՛տ ամոթ։ Ինքը լիներ Աշոտի փոխարեն, գետինը կմտներ…
Բայց ի՛նչ գիտես, որ Աշոտը իրոք «գետինը չի մտնում»։ Նրա սիրտը կարծես դաշույն էին խրել։ Այնպես էր վիրավորված, ինչպես Անուշի եղբայր Մոսին, երբ Սարոն նրա թիկունքը գետնովը տվեց հարսանիքում, հարս ու աղջիկների աչքի առաջ…
Մի՛ նեղանա, ավելի լավ կլինի այս դեպքից դաս առնես, մեղմ ասաց Գագիկը։ Տե՞ս, ինձ էլ չեն ընտրել, բայց չեմ նեղանում։ Ի՞նչ կա որ, հո բոլորն էլ ղեկավար չե՞ն կարող լինել… Գիտեմ, չէիր սպասում… Բայց միշտ այդպես է լինում, երբ ղեկավարը գոռոզանում է, մասսաները քաշվում են, երեսին բան չեն ասում, ոմանք էլ նույնիսկ շողոքորթում են։ Բայց հետո գաղտնի քվեարկությամբ տապալում են նրան, -կիսակատակ շարունակեց Գագիկը։ Դե, քիթդ մի՛ կախիր, մեծ բան չի պատահել, վեր կաց տեղափոխվենք մեր նոր բնակարանը…
Այնուհետև ոչ ոք ոչ մի բառ չարտասանեց։ Հասոն լուռ փայտեր կտրտեց, պարզ պատգարակի նման մի բան պատրաստեց, չորսով զգուշությամբ Սարգսին դրին վրան ու ամեն մեկը մի ծայրից բռնելով, քայլեցին դեպի Կաքավի քարի ստորոտը։
Շա՞տ է ցավում, ճամփին մեղմությամբ հարցնում էր Շուշիկը։
Սարգիսը տխուր ժպտաց։ Ցավում էր, բայց կարո՞ղ է մարդուս վերքին ավելի լավ սպեղանի լինել, քան սրտացավ խոսքն է…
Քաք գիրքա