Վախթանգ Անանյան
Հովազաձորի գերիները
14
Գլուխ քսանհինգերորդ. Թե ինչպես մեր պատանիները շարունակում էին նորանոր միջոցներ հորինել իրենց ընկերոջը փրկելու համար
Անուժ և գունատ արևը վաղուց ծագել էր, բայց մեր պատանիները դեռ դուրս չէին եկել քարայրից։ Դա նրանց գերության տասնհինգերորդ օրն էր։ Կարմրած մոխրի մեջ նրանք կաղնու ճյուղեր էին փափկացնում և միացյալ ուժերով կլորացնում, ծայրը ծայրին հասցնում ու իրար վրա դրված ծայրերն ամուր փաթաթում քանդված «պարանի» ճիլոպով։
Փայտը վերջացավ, հայտարարեց Հասոն, երբ հերթական օղակը արդեն կռել էին։
Մոխիրը մի լավ խառնիր։
Հասոն կատարեց պատվերը և մի բազուկի երկարությամբ ձող ևս գտավ։
Կլորացրե՛ք։ Ոչի՛նչ, թող փոքրիկ օղակ դուրս գա։ Սպասեցեք մի հաշվեմ… մեկ, երկու, երեք… քսանչորս օղակ ունի մեր շղթան։ Գագի՛կ, ծայրից բռնիր, հետևիցդ քարշ տալով դուրս արի։ Օհո՛, սա հո տասը մետր կլինի։
Որ ծանրություն կախենք՝ ավելի կերկարի, ասաց Շուշիկը։
Հա, հենց որ Սարգիսը կախվեց՝ կլոր օղերը երկարելու ձվաձև են դառնալու, մեր շղթան երկու մետր էլ դրանից կերկարի։ Բայց էլի կարճ է, մա՛րշ, գնանք էլի շիվեր կտրենք։
Եվ վերջին օղակը շղթային հագցնելուց հետո Աշոտը դուրս ելավ անձավից։
Հեշտ է ասել «շիվեր կտրենք»։ Դե փորձիր մատիդ հաստությամբ կաղնի շիվ ջարդել, պրկված ու ճկուն պողպատի նման դիմադրում է։ Այնպես որ իսկական գործ անողը դարձյալ Հասոյի դանակն էր։
Անքուն ու քաղցած՝ նրանք մինչև կեսօր շարունակեցին երկարացնել իրենց «փայտե շղթան»։ Երբ հասան երեսունվեց օղի, Աշոտը հայտարարեց.
Էլ ես համբերություն չունեմ, գնա՛նք…
Ժայռերում լսվում էին Սարգսի աղիողորմ կանչերը.
Շուշի՜կ, գոնե դո՛ւ խիղճ ունեցիր… փայտ բե՛ր… Մի քանի զկե՜ռ…
Սպասի՛ր, գալիս ենք…
Եվ երբ մոտեցան, Աշոտը սիրտ տվեց.
Քեզ ոչ փայտ է պետք, ոչ զկեռ։ Հիմա մենք քեզ կազատենք։
Ինչո՞վ, ո՞նց… Ձեզ մատաղ, շուտ արեք, բա ես ձեր ընկերը չե՞մ…
Մենակ ընկե՞ր ես, դու մեր աչքի լույսն ես, մեր քաղցր ազիզն ես։ Քո կարոտից քունս ե՞րբ է տանում որ, ծիծաղը հազիվ զսպելով ասում էր Գագիկը։
Սարգիսը սսկված լսում էր ու չէր հավատում իր ականջներին. այդ ո՞ր օրվանից է ինքը Գագիկի աչքի լույսը դարձել։ Թե՞ ձեռ է առնում…
Այդ առեղծվածը դեռ Սարգիսը չէր լուծել, երբ շխկշխկալով մի տարօրինակ շղթա ընկավ իր առաջ, ժայռի թարեքին։
Ծայրը կապիր եղևնու բնից, վերևից լսվեց պատվերը և ցած ընկավ ճիլոպից հյուսած պարանի մի հաստ կտոր։
Քիչ անց անճոռնի շղթան կախված տարուբերվում էր անդունդի վրա։
Հիանալի է, բայց ափսոս որ կարճ է։
Եթե տակը փափկացնենք, կթռչի, ոչինչ, ասաց Գագիկը, որ գիշերվա իր պատմությունների ազդեցության տակ լավատես էր բոլոր թռիչքների նկատմամբ, դե որ գյառնեցի հարսը չէր ջախջախվել, նիհարած ու թեթևացած Սարգիսը ինչո՞ւ պիտի թռչելիս վնասվեր։
Հա, տակին մի փափուկ կույտ հարկավոր է։ Ով գիտի, գուցե օղակներից մեկը չի դիմանում…
Թեև նրանք նախապես էին փորձել շղթայի ամրությունը, բայց հարկավոր համարեցին նախազգուշական միջոցներ ձեռք առնել։ Նախ, շրջակայքում ինչքան որ եղևնու ու կեչի թփեր կային, ջարդոտեցին և նրանց փափուկ ճյուղերը իրար վրա կույտ արին ձորի հատակին, շղթայի ուղղությամբ։ Ապա քանի որ օրը տաք էր, յուրաքանչյուրը հանեց իր բլուզը, թևերը կապեց, ժայռի շվաքից փափուկ ձյուն լցրեց մեջը և դրեց ճյուղերի կույտի վրա։ Դրանով էլ չբավականանալով, նրանք արևահայաց լանջին սկսեցին հալ ընկած ձյուն գլորել դեպի ցած։ Ձնագնդերը գնալով մեծանում էին, սկզբում մի ձմերուկի չափ, ապա հասնում մեծ ու փոքր տակառների։ Մեծ տանջանքներով այդ գնդերը ևս դրին կույտի վրա, մի բլրակ ստացվեց։ Մինչ այս, մինչ այն՝ կարճ օրը հասավ իր վախճանին, քրտնած պատանիներն սկսեցին դողալ։
Լավ կլիներ, որ նրանք մի քանի օղակներ ևս պատրաստեին և երկարացնեին իրենց շղթան, բայց դրա համար այլևս ժամանակ չէր մնացել, ինչպես գիտենք, Հովազաձորում օրը շատ կարճ էր, քանի որ նրա երկու կողմերից բարձրանում էին ապառաժյա պատնեշները։
Սարգի՛ս, դե իջիր, ձայն տվեց Աշոտը։
Սարգիսը կռացավ նայեց անդունդին ու սոսկումով ետ-ետ գնաց։
Բա որ կտրվի՞, բողոքեց նա լացակումած։
Չի կտրվի։ Ոտներդ դիր օղակներին ու կամաց իջիր։ Վերջին օղակից կկախվես ու հենց որ ձեռքերդ բաց թողեցիր՝ կընկնես մեր պատրաստած փափուկ բլրի վրա։
Սարգիսը վախվխելով բռնեց եղևնու բնից և իսկույն ձեռքը ետ տարավ։
Սառն է, օղակներից բռնել չի լինի… թողեք էգուց արևով իջնեմ… Մութն ընկնում է, ես ո՞նց իջնեմ…
Այսպես մի ամբողջ խումբ պատճառաբանություններ մեջտեղ, բերելով՝ Սարգիսը հրաժարվեց ոտքը դնելու կախված «սանդուղքին»։ Իհարկե, բոլոր պատճառների պատճառը երկյուղն էր։
Լա՛վ, ինչ արած, գնա՛նք, վճռեց Աշոտը՝ ատամները կրճտացնելով։
Իրենց բլուզները ձյան կույտի մեջ թաղված թողնելով, նրանք բարձրացան քարայր։
Շուշի՛կ, դու կրակը թեժացրու, մենք վառելիք տանենք նրան։
Այնքան վրդովված էր Աշոտը, որ Սարգսի անունը տալ չէր կարողանում։ Իրոք, որքա՜ն օրեր և որքա՜ն ջանքեր խլեց այդ անարժանը։
Ցրտից դողալով և քաղցից տանջվելով, նրանք մի զիշեր ևս անցկացրին, մի ծանր գիշեր։
Ո՜ւմ քունը կտաներ։
Ի՜նչ անեմ, Բոյնա՛խ, որ Չամբարի խելքն ու ճարպկությունն ունենայիր, մենք հիմի վաղուց էինք ազատվել, շանը նախատում էր Գագիկը։ Մի կերպ դուրս կգար ձորից ու կգնար օգնություն կբերեր…
Ո՞ր Չամբարի, վիրավորվեց Հասոն. ա՛յդ էր մնացել, որ Բոյնախից էլ խելոք շուն գտնվի։ Հասոյի համար այդպիսի շուն չկար աշխարհում։
Որ Չամբարի՞։ Լճավանցի որսորդ Միրուք Ասատուրին ճանաչո՞ւմ ես։
Տղան բացասաբար շարժեց գլուխը։
Իսկ նրա թոռ Կամոյի՞ն։ Իսկ իմ քեռու տղա Գրիգորի՞ն…
Իսկապես, Գրիգորը քո քեռու տղա՞ն է, չեմ հավատում, հետաքրքրվեց Շուշիկը։ Նա ևս կարդացել էր այդ մշտուրախ և կատակասեր տղայի մասին։
Չե՞ս տեսնում, որ Գրիգորն ինքն է, ոնց որ մի խնձոր միջից կիսած։ Բնավորությունը, կատակները…
Չէ՛, Աշո՛տ, ես Գրիգոր չեմ դառնա։ Նա ո՜ւր, ես՝ ո՜ւր։ Բարձրանում էր Ճանճաքարից մեղր հանում, մտնում էր Գիլլիի եղեգնուտներն ու ջրագռավի ձվերը հավաքում ուտում։ Ո՛ր կողմ գնում էր՝ ուտելիք էր ճանկում, իսկ ես օջախի մոտ ընկած նվվում եմ սովից… Գրիգորը որ մեզ հետ լիներ, մենք այսպես կապրեինք, ա՞յ (և նա մատը քսեց իր կոկորդին)։
Իսկ որ մեր խմբի պետը Կամոն լինե՜ր, հիմի մենք…
Շուշիկը ձայնը ցածրացրեց ու երկյուղով նայեց Աշոտի դեմքին, որ նրա խոսքից վայրկենապես շիկնել կրակ էր կտրել։
Դե ես ի՞նչ անեմ, շփոթված ու դժգոհ ասաց Աշոտը։ Նրանք էլ Հովազաձոր ընկնեին, երևի չկարողանային դուրս գալ…
Դե՛, դե՛, խնդրեմ, մեր պետի քեֆին չկպչեք։ Մենք ոչ մի բանով էլ պակաս չենք լճավանցի Կամոյի խմբից, գիրք են գրել նրանց մասին, ուռեցրել, կարծում եք մենք պակա՞ս ենք նրանցից, հոխորտաց Գագիկը՝ կրակը խառնելով։ Մեր Աշոտը Կամոյից պակաս չի, ես՝ իմ քեռի Գրիգորից (կարճության համար քեռի ասեմ, թեև ինձնից մի տարով է մեծ)։ Մեր Բոյնախը նրանց Չամբարից է լավը, մեր Հասոն՝ նրանց Սեթոյից, մեր Շուշիկը՝ նրանց Հասմիկից։ Միայն, ասում են, նրանց Հասմիկը շատ սիրուն է, իսկ մերը, սրա տունը շինվի, դեռ գարունը չեկած պեպեններ են դուրս գալիս շեկ երեսին…
Տղաները ծիծաղեցին, իսկ Շուշիկը կարմրեց, նրա սիրտը նեղվում էր այդ համեմատությունից։ Մի՞թե ինքը իսկապես տգեղ է լճավանցի Հասմիկից…
Բայց ես Միրուք-Ասատուրին տեսել եմ, գիտե՞ք, ոգևորված վրա նստեց Աշոտը։ Մի աշուն եկել էր ընկերացել իմ հորը, միասին որսի էին գնում։ Ի՜նչ փառավոր մարդ է՜ր… Իսկական բնության փիլիսոփա… Շատ ծիծաղելի էր մորուքը, շտապելիս փաթաթում էր արխալուղի ծոցը դնում ու գնում, ո՜նց էր գնում…
Չամբարն էլ հետևից, պոչը ոլորած-մեջքին դրած…
Հա՛, Չամբարն էլ հետևից… Ա՛խ, թե հայրս նրան իմաց տված կլինի մեր կորչելու մասի՜ն… Մեկ էլ տեսար Ագրիջա սարի ձները ճղեց-անցկացավ ու իջավ ուղիղ մեր ֆերման, նրա նման որսկանին ի՞նչ կա որ. մեր հանդը Սևանից մի լեռնաշղթայով է բաժանվում։
Իսկապես, ով գրի-չգրի մայրս իմ կորչելու մասին կգրի տատիս։ Անպայմա՛ն կգրի։ Ջա՛ն, հիմի իմ քեռի Գրիգորը դունչը կոխել է Այգեձորի գինու կարասներն ու ասում է՝ «Ասատուր պապի, էստեղ լավ է, քան մեր տունը, միշտ մնանք էստեղ, գինին շա՜տ, թթուն էլ վրեն…»։ Ա՜խ, մեկ էլ մեր դիմացի ժայռի գլխին երևար Գրիգոր քեռին՝ քուֆթեն լավաշի մեջ փաթաթած ու ձեն տար՝ Գագի՜կ, բռնի՛ր, քուֆթեն եկավ…
Հերի՛ք է մեզ տանջես, բարկացավ Աշոտը և դուրս եկավ անձավից. նրա աղիքները կտրտվում էին, գլուխը պտույտ էր գալի։
Լեռների հետևից, ինչ-որ տեղից կիսալուսինն աղոտ լուսավորում էր Արարատի մշուշոտ կերպարանքը։
Շրջակայքը սա՜ռը, խաղա՜ղ…
Գլուխ քսանվեցերորդ. Այն մասին, թե ինչպես է ծնվում մարդկայնությունը
Լուսադեմին նրանք արթնացան ինչ-որ պայթյուններից, կարծես մոտերքում խառնիխուռն կրակում էին փոքր տրամաչափի ատրճանակներից։
Հասոն օջախի մոտ նստած ծիծաղում էր ընկերների քնաթաթախ ու խուճապահար տեսքի վրա։ Նորից պայթյուններ լսվեցին, կարմրած մոխրի կույտերը ցրիվ եկան, կրակի կտորներ թռան այս ու այն կողմ, կարծես պայթուցիկ նյութեր թաղված լինեին մոխրի մեջ։
Կերե՛ք, սա լավ սնունդ է, այս ասելով Հասոն մեկ-մեկ վերցնում և ընկերներին դեմ էր անում պատյանները պատռված կաղինները։ Ցրտատար կաղինը կրակի մեջ գցեցիր՝ կտրաքի, բացատրեց նա։
Որտեղի՞ց։
Ճարեցի էլի, Բոյնախի հետ գիշերհանա որսի էինք գնացել։ Ա՛ռ, Բոյնա՛խ, առ դու էլ կեր…
Հա՛, սա մեզ ուժ կտա, սրանից կոֆե էլ են պատրաստում, հաստատեց Գագիկը՝ իր բաժինը խփշտելով։ Բայց խորհուրդ չեմ տա սրանից Սարգսին բաժին հանել։
Ինչո՞ւ։
Լավ չի, կծանրանա, շղթան չի դիմանա… ու թույլ ժպտաց, ծիծաղելու ուժ չկար։
Երբ արեգակը բարձրացավ և ձորը տաքացավ, խումբը ցած գնաց ու կանգ առավ թփից կախված «սանդուղքի» դիմաց։ Դա արդեն մեր պատանիների գերության տասնվեցերորդ օրն էր։
Սարգի՛ս, մի որջիցդ դուրս արի տեսնենք ինչ ենք անում, գոչեց Աշոտը։
Վարանոտ քայլերով ու վախվխելով տղան առաջ եկավ։
Բռնիր եղևնուց ու ոտդ դիր առաջին օղակին։
Չեմ կարող, ուրիշ հնար մտածեցեք, անդունդին նայելով բողոքեց Սարգիսը։
Լավ, դո՛ւ գիտես, մնա արծիվների բաժին դառիր, դիտմամբ անողոք պատասխանեց Աշոտը։
Շուշիկը բերանը բացեց, որ բողոքի դաժան վճռի դեմ, Աշոտը սաստեց հայացքով։
Եվ Շուշիկի կարծեցյալ դաժանությունն այն հետևանքն ունեցավ, որ Սարգիսը վախվխելով ոտքը դրեց շղթայի առաջին օղակին ու սկսեց դողդողալով իջնել։
Երեսով դեպի պատը…
Ցած չնայես։ Աչքերդ խուփ արա։
Աշոտի այդ խորհուրդներն օգնեցին։ Վերջապես Սարգիսը հասավ վերջին օղակին, իսկ խումբը ներքևում սրտատրոփ սպասում էր։ Շուշիկը ձեռքերով ծածկել էր աչքերն ու անցել Գագիկի թիկունքը, իսկ Բոյնախը պպզել էր, լեզուն հանել ու հետաքրքրությամբ դիտում էր այդ անսովոր տեսարանը։
Կա՛ց, չշարժվե՛ս, շղթան վերջացավ, ձայն տվեց Աշոտը և Սարգսի ոտքը, որ ցած մեկնված կուրորեն հենարան էր փնտրում, ետ գնաց։ Հիմի պետք է կախվես վերջին օղակից ու թռչես։ Չվախենա՛ս, ներքևում փափուկ ձյան կույտ է։
Փափո՞ւկ։ Հա, երեկ փափուկ էր, մեքենայորեն ասաց Գագիկն ու իր խոսքի իմաստը նոր միայն հասկանալով, գոչեց. Սարգի՛ս, չշարժվե՛ս, կաց ձյունն ստուգենք…
Լա՜վ փափուկ կույտի վրա էր թռչելու Սարգիսը։ Նախորդ օրվա հալ ընկած ձյան գնդերը գիշերվա սառնամանիքից այնպես էին կարծրացել, որ ավելի շուտ քարաղի ճերմակ կույտի էին նման, քան ձյան բլրակի։ Ի՜նչ ժամանակին գլխի ընկավ Գագիկը. մեկ րոպե էլ, և Սարգիսը՝ ենթարկվելով իր բարյացակամ ընկերների խրախուսանքներին, փշրվելու էր կարծր կոշտերի վրա…
Վե՛ր բարձրացիր, պատվիրեց Աշոտը։ Հուզմունքից քրտինքի կաթիլներ էին դուրս ցայտել նրա ճակատին։ Նա լուռ օրորում էր գլուխն ու իրեն հանդիմանում անզգուշության համար։
Գագիկը զննում էր նրա դեմքը, կարևոր բան ուներ ասելու, բայց տատանվում էր։
Ընդունո՞ւմ ես, որ դու էլ կարող ես սխալվել, մեղմ ու բարեկամաբար հարցրեց նա։
Աշոտը լուռ էր և շփոթված։ Ընդունում էր, բայց՝ իր մեջ։ Նրան թվում էր, որ եթե հրապարակով ընդունի սխալը, իր հեղինակությունը կընկնի խմբի աչքում։
«Հաստակո՜ղ, իսկի մեջքը գետնովը կտա՞ որ…», մտքում հանդիմանեց Գագիկը և որոշեց փակել այդ անօգուտ բանավեճը, միևնույն է, այդպես հեշտությամբ չես կարող կոտրել նրա գոռոզությունը։ Բայց և այնպես չկարողացավ չավելացնել.
Դրա համար ես ասում՝ երկու խելքը մեկից լավ է, հիմի հավատացի՞ր… Գնանք նոր օղակներ շինենք։
Սպասի՛ր, այստեղ ո՞վ է կարգադրողը, ե՞ս, թե՞ դու… Եկեք գոնե մեր բլուզները ազատենք։
Կազատե՜ս, ինչպես չէ…
Եվ իսկապես, թաց ձյունը սառել էր բլուզների մեջ ու ՛այնպես կպել, որ նրանցից պոկ կգար միայն գարունը բացվելիս։
Այ քեզ ձախորդությո՜ւն։ Դե եկ հիմի էլ…
Կրակ անենք, տղերք, առանց կրակի չի լինելու։
Մինչև կեսօր նրանք զբաղված էին իրենց զգեստները սառույցից ու ձյունից ազատելու գործով։ Կրակ էին արել ձորում, ձյունով լիքը բլուզները տնքալով գլորել-հասցրել խարույկի մոտ ու հալեցնում էին։
Ազիզ տիրոջդ թողած, գնացել ես ձյո՞ւն ես տաքացնում, իր բլուզին մեղմությամբ նախատում էր Գագիկը և կրակի բոցերի դեմ պահած՝ շուռումուռ էր տալիս, որ չորանա։
Իսկ Աշոտը և Հասոն զբաղված էին նոր օղակներ պատրաստելով։
Սարգսին ազատելը էլի հետաձգվեց վաղվան, արդեն ուժասպառ հայտարարեց Աշոտը։ Սարգի՛ս, շղթան արձակիր, թող վեր ընկնի։
Շղթան շրխկոցով ընկավ ճերմակ ու կարծր կույտի վրա։ Նրան նոր օղակներ ավելացրին, բայց դեռ որքա՜ն պետք է աշխատեին, որ շղթան երկարելով հասներ անդունդի հատակին…
Սպասեցե՛ք, կարկաճիս մեջ հանճարեղ մտքեր ծնվեցին, տեղից վեր թռավ Գագիկը։ Մենք հիմա ևեթ կազատենք, մեր խմբի ամենասիրելի ու ամենից արժանավոր անդամին։ Շա՛տ մենակ մնաց, ոտներս քոռանան նրա համար (այստեղ տանջանքներից նիհարած Շուշիկի դալուկ դեմքին ժպիտ երևաց)։ -Սարգի՛ս, քո ելարան ծառը այնպես ամրացրու, որ վերև բարձրանալիս չշարժվի։ Կարո՞ղ ես։
Ամուր է, ծայրը մտցրել եմ մի ճեղքի մեջ, վերևի ծայրն էլ երկու քարի արանքում է, լսվեց թույլ ու դժգոհ պատասխանը, որին հետևեց տղայի հուսահատ քրթմնջոցը. Վա՜յ, վա՜յ, հայրիկ, որտե՞ղ ես…
Հայրիկդ հիմի մեծ տանջանքների մեջ է, նրա մասին մի՛ մտածիր, շաղակրատում էր Գագիկը։ Ինչ տանջանքների՞։ Ասե՛մ։ Խորոված է ուտում ու անիծում աստծուն, թե ինչու իրեն մի հինգ-վեց փոր չի տվել, որ բոլորն էլ լցնի… ուրիշի տանը։ Գնա՛նք, տղերք, գնա՛նք ազատենք Պարույրի երկարավիզ զավակին…
Ո՞ւր գնանք… ի՞նչ ես քեզ ու գլխու կարգադրություններ անում… Էլի՞ դուրս եկար քո ֆունկցիաներից, զայրացավ օղակավարը։
Աշո՛տ, սովորիր վերևից չնայել ընկերներիդ, անսովոր լրջությամբ խորհուրդ տվեց Գագիկը և առաջ ընկավ։
Ամեն անգամ ընկերների միջև վեճ ծագելիս Շուշիկը տագնապ էր ապրում։ Իրար ասված յուրաքանչյուր կոպիտ խոսք սրի նման ցցվում էր նրա քնքուշ սիրտը։ Այդ բանը գիտեին ընկերները, և Աշոտը ատամները կրճտացնելով լռեց։ Շարունակեր վեճը, Գագիկի մի անզգույշ խոսքից նորից պիտի կարմրեր այս աղջկա առաջ, նորից պիտի տուժեր «պետի» իր հեղինակությունը։ «Լա՛վ, ես քո քթից կհանեմ», մտքում վճռեց նա, բայց և անհանգստացավ այն մտքից, որ իր մանկության սիրելի ընկերը կարող է գժտվել իր հետ։ Այդ միտքը Աշոտի կրքերը զսպող սանձ դարձավ և նա որոշեց այս անգամ շարժվել Գագիկի խորհրդով։
Ընկերները թեև չգիտեին Գագիկի մտադրությունը, բայց շղթան վերցնելով, թույլ-թույլ հետևեցին նրան։
Մի ասա, միտքդ ի՞նչ է, ճամփին անհամբեր հարցրեց Աշոտը։
Չեմ ասի։ Ուզում ես գյուտս յուրացնե՞ս…
Երբ խումբը կանգ առավ Դիվային կածանի այն մասում, որտեղից ներքև Սարգսի ապաստարանն էր, Գագիկը ճոպանը փաթաթեց արահետի եզրին ցցված քարին և փայտե շղթան կախեց ելարանի ուղղությամբ։
Սարգի՛ս, օղակները հասա՞ն գերանին, հարցրեց նա։
Հասան… Վա՜յ, էս ինչ են ուզում անեն… չեն թողնում, որ մարդ հանգիստ մեռնի իր տեղում։
Ժամանակից շուտ մեռնելն արգելված է, ազիզ ջան, գերանով վեր բարձրացիր։ Օղակավա՛ր, հիմի ըմբռնեցի՞ր։ Գլուխ հո՛ չի, խելքով լիքը դդում է, մատով իր ճակատին կտկտացնում էր Գագիկը։
Ընկերները ժպտում էին ոչ թե նրա կատակներից, այլ այն մտքից, որ վերջապես կարծես գտնվել էր Սարգսին ազատելու հնարը։ Բայց Աշոտը մռայլ էր ու դժգոհ, սա ի՞նչ բան է, Գագի՞կն է ազատելու աղետյալին։ Այդ դեպքում էլ ինչո՞ւ են իրեն պետ ընտրել…
Մինչ նրանք սպասողական դրության մեջ էին, մոտիկից տնքոցներ լսվեցին։
Օ՜ֆ, էս անտեր քարը…
Ոչինչ, անուշ ջան, մարդ էլ ցավից կտնքա՞… Զնդանի նման ճակատովդ հարթելով արի… Հասա՞ր ելարանիդ ծայրին։ Հա՞։ Դե հիմի էլ օղակներով բարձրացիր, ալպինիստի կուլտուրական սանդուղք է, չէ՞…
Սարգիսը չէր երևում, բայց քարին փաթաթված ճոպանը ձգվեց և սկսեց ցնցվել, որից մեր պատանիները հասկացան, որ նա այժմ էլ փայտե շղթան է իրեն համար ելարան դարձրել։ Գագիկը ցնծության մեջ էր, նա մերթ Աշոտին էր նայում, մերթ պարծենալու լուռ ցույցեր անում Շուշիկի առաջ և նրա հայացքն ասում էր. «Տեսա՞ք ինչ արավ էս տղեն…»։ Եվ այդ ցույցերը խոցում էին Աշոտի ինքնասիրությունը։
Ճոպանը դադարեց ցնցվելուց, ներքևից հեծկլտոց լսվեց։
Ի՞նչ է պատահել, այ հոգիս դուրս գա քեզ համար, վշտահար հարցրեց Գագիկը։ Լաց մի լինիր, ախպեր ջան, աչքերդ ափսոս են…
Շուշիկը իր թևը կծել էր ու քրքջում էր անձայն, իսկ Հասոյի բրոնզագույն դեմքին մի անմեղ ու բարի ժպիտ էր խաղում. «Իսկապես որ սրա հետ ապրողը չի ծերանա», մտածում էր նա։
Ինչո՞ւ չես բարձրանում, անհամբեր հարցրեց Աշոտը։
Իմ ծանրությունից օղակները ձգվել պինդ կպել են պատին։ Ոչ բռնել է լինում, ոչ ոտը դնել… Մնացել եմ օդում…
Նստիր ներքևի օղակին հանգստացիր, հիմի մի բան կմտածենք, պատվիրեց Աշոտը։
Չոմբախս մեկնենք, թող ծերից բռնի, առաջարկեց Հասոն և, հավանություն ստանալով, ցած մեկնեց իր մահակը։
Չի հասնո՞ւմ։
Չէ՜… վա՜յ, ի՞նչ անեմ, իջնե՞մ…
Սուգ մի անի, ախպեր ջան, քաշդ կպակասի, իր քեռի Գրիգորի ոճով խորհուրդ տվեց Գագիկն ու թիակի կոթը Հասոյի մահակին միացնելով, նրանց ծայրերը գոտիով ամուր կապեց իրար ու կախ արավ ժայռի լանջն ի վար։
Կանգնիր լոլոզ բոյովդ մեկ ու ձեռքդ մեկնիր, տես հասնո՞ւմ է։
Սարգիսը կանգնեց, ձեռքը հասնում էր։
Ամուր բռնիր մահակի ծայրից ու ոտներդ քարի ցցունքներին դնելով, արի, մենք կօգնենք։
Ո՛ւժ տուր…
Ե՛տ չնայես…
Հասա՜ր, հա՜… փայտը քաշում և հետն էլ սիրտ էին տալիս ընկերները։
Վերջապես նրանք վեր քաշեցին Սարգսին։
Մահից նոր ճողոպրած մարդու հուզմունքով համակված, տղան ցանկացավ չոքել իր ազատարարների առաջ, բայց Աշոտը կանխեց նրան, թևը բռնեց, վեր քաշեց և բարեկամաբար ու ամուր ասաց.
Հարկավոր չի, Սարգի՛ս… Բայց այսուհետև իմացիր, որ կոլեկտիվից դուրս կյանք չկա…
Իսկ Շուշիկը մտքում նախատում էր իրենց պետին. «Ի՜նչ խրատելու ժամանակ է գտել…»։
Ապա երբ քարերին նստոտած խաղաղվել էին իրենց մեծ ապրումներից, Աշոտը շարունակեց իր միտքը ծանր, հանդարտ ու խրատական.
Լավ է, որ ազատվեցիր, սրտներիցս մի-մի ծանր քար ընկավ։ Հիմի որ կշարունակենք բացել փակված ճամփան։ Բայց գործի անցնելուց առաջ ուզում եմ քեզ մի բան էլ ասել։ Ես իմ հոր հետ շատ անգամ եմ որսի գնացել և տեսել եմ, թե ինչպես նույնիսկ վայրի կենդանիները խմբեր են կազմում, իրար օգնում, որ չկորչեն… Բա ո՞նց դու այդ մասին չես մտածել… Ո՞նց ես դու ասում՝ «Թող ամեն մեկն իր գլխի ճարը տեսնի…»՞։
Սարգիսը գլխահակ կանգնած էր նրա առաջ փքված ու լալու պատրաստ մեծ երեխայի նման, ուստի Աշոտն ինքն էլ զգաց, որ դրանից ավելին այլևս ասելու կարիք չկա։ Եվ թիակը վերցնելով, շարունակեց բացել փակված կածանը։
Այն ժամանակ բոլորի համար անսպասելի մի բան կատարվեց. չնայած իր տանջված ու խղճալի վիճակին, Սարգիսը առաջ եկավ, նրա ձեռքից մեղմությամբ առավ գործիքը և իր ուժերի մնացորդները լարելով, սկսեց ձյունը ցած թափել այնքան սրտանց, ինչպես երբեք չէր աշխատել իր կյանքում։
Ի՞նչ ես անում… Քո գործը չի… Սրան տարեք տուն…
Բայց Սարգիսը որոշել էր այս անգամ չենթարկվել օղակավարին։
Դուք շատ եք չարչարվել, հիմա էլ հերթն իմն է, ասում էր նա և բարակ վիզը ձգում, դողդողացող ծնկներին ուժ տալիս…
Մի՛ խանգարի… քանի որ դարձի է գալիս, մի խանգարի, Աշոտին մի կողմ տանելով խորհուրդ տվեց Գագիկը։
Մեղք է, ի՞նչ եք անում… դեռ նրա մարմնի ջարդվածքները պիտի գտնել ու կապել, բողոքեց Շուշիկը, բայց և հպարտ էր նա, ինչպես և ուրախ։ Դատողություններ էին անում, թէ «գայլի ճուտ է», դարձի չի գա։ Ո՞վ ճիշտ դուրս եկավ, ի՞նքը, թե՞ այդ թերահավատները։
Դեսը տուր, Սարգի՛ս, ախր քեզ չի կարելի։ Եվ նա մեղմությամբ խլեց «թիակը» պատանու, ձեռքից։ Սա ուժասպառ նստեց քարին, մի քիչ մնաց լուռ և երբ միշտ կախ գլուխը վեր քաշեց, այն ժամանակ աղջիկը նկատեց, որ նրա քունքի տակն ուռած է ու կապտած։
Վո՜ւյ, քոռանամ ես, զուտ կանացիորեն բացականչեց Շուշիկը և իր թաշկինակը թրջելով սառը ձնաջրի մեջ՝ դրեց վերքին։
Այ տղա, է՞լ որտեղդ է ցավում, անհանգստացավ Աշոտը։
Ծունկս… սրունքս… մեջքս… տնքալով թվում էր տղան։
Շուշիկը հեռացավ, ընկերները Սարգսին մերկացրին և մի քանի ջարդվածքներ, քերծվածքներ ու կապույտ խալեր հայտնաբերեցին, իսկ արմունկից արյուն էր հոսել և չորացել։
Այ տղա, բա ինչի՞ բան չես ասում… Ինչի՞ այդ դրությամբ աշխատեցիր, նախատեց Աշոտը։
Ինչու աշխատեցի՞։ Որ հիշում եմ մահից պրծա, մնացածը դատարկ բաներ են թվում…
Մալադե՛ց, այդպես էլ պետք է։ Սրանից դժվա՛րը կա, արհամարհի՛ր ամեն ցավ, գովեց Աշոտը։ -Դե՛հ, բերեք կոմպրեսներ դնենք։ Սառը թրջոցը լավ է ջարդվածքին, բայց ափսոս, օղի չկա խառնենք հետը…
Քրդերի վրա ծիծաղում եք, թե էդ շալերն ինչի են փաթաթում քոլոզին ու մեջքին։ Տեսա՞ք որտեղ պետք եկան, ասաց Հասոն՝ իր հնամաշ ապրեշումե չալման ու գոտին արձակելով։ Նրանով փաթաթեցին-կապկպեցին Սարգսի վերքերն ու թևերն ընկած՝ տարան հասցրին ձորի տափարակը։
Մի փայտ տվեք, ես հենվելով կգամ, ասաց նա։
Երբ աշխատանքից տուն վերադարձան, տնտեսվար Գագիկը մտադրվեց իրեն մեծ հաղթանակը նշանավորել մի համեղ ընթրիքով։ Նա գնաց այրի խորքը, բարձրացավ մի քարի ցցունքի, ձեռքը մեկնեց աչքից հեռու մի խոռոչի խորքը ու այնտեղից ինչ-որ բաներ հանելով լցրեց գլխարկի մեջ։
Սպանված ճնճղուկներից էին։
Խորովեցեք-վայելեցեք։ Նեղ օրվա համար էի պահել… Բա՞, տան տնտեսուհու մի ձեռքը պիտի գող լինի, պարծեցավ սա իր տնտեսվարական շնորհքով։ Հիմի կհարցնեք, թե ումնից եմ սովորել։ Մորի՛ցս։ Ականջը կանչի, ինչքան տանը բան լինի պիտի ասի՝ «վերջացել է», կամ՝ «վերջանում է»։ Մորս ամենասիրած բառերը դրանք են։ Ասում է ու մեկ էլ տեսար այդ «վաղուց վերջացած» բաները լույս աշխարհ եկան իմ էս ճնճղուկների պես։ Այնքան է ասել՝ «չկա», որ նրա «չկային» էլ ոչ ոք չի հավատում, թեկուզ իսկապես չլինի էլ…
Գագիկի սարքած այդ փոքրիկ «սյուրպրիզը» բոլորովին բարձրացրեց մեր «գերիների» տրամադրությունը։ Ամենքին երկու ճնճղուկ ընկավ, խորովեցին-կերան, մի փոքր հանգեցրին իրենց լափող քաղցը։
Նոր, ջերմ և մինչ այդ անծանոթ զգացմունքներ էին առաջանում Սարգսի սառը հոգու մի անկյունում։ Ի՜նչ լավ է, որ ինքն ընկերով է… Ի՜նչ լավ է, երբ ընկերները ուշադիր և հոգատար են իր նկատմամբ… Այն ի՞նչ էր դուրս տալիս, ո՞նց թե՝ ամեն մեկն ի՛ր համար։ Չէ՜, դա մեծ սխալ է. առանց ընկերոջ կյանք չկա…
Սարգսի հետ պատահած դեպքը արագ հասունացրեց մեր պատանիներին, մեծացրեց նրանց տոկունությունն ու կենսափորձը։ Այդ դեպքը ավելացրեց նրանց վստահությունն իրենց ուժերի նկատմամբ։ Դուրս եկավ, որ նրանք ոչ միայն ընդունակ են ամենածանր պայմաններում անգամ պահպանելու իրենց գոյությունը, այլև փրկելու իրար, փրկելու խմբից նրան, ով աղետի կենթարկվի։
Ճիշտ է ասում Աշոտը՝ կա՛մք և համառություն, և այն ժամանակ բնությունն անզոր կլինի ոչնչացնելու իրենց։
Քաք գիրքա