Վախթանգ Անանյան
Հովազաձորի գերիները
25
Գլուխ երրորդ. Այն մասին, թե ով է եղել մեր գերիներին կողոպտող ավազակը
Ստացած հարվածը այնքան անակնկալ Էր, որ մեր պատանիները մի քանի րոպե մնացել էին շշմած։ Ոչ ոք ծպտուն չէր հանում, բոլորը քարացել էին այրի շեմքին։ Ապա երբ ուշքի եկան, արին առաջին բնազդական քայլը, կարծես մեկի հրամանով միասին դուռը ամուր ծածկեցին և հետևից հենեցին գերանը։ Ապա շունչները պահած ականջ դրին, իսկ Գագիկը նույնիսկ ձեռքը ամուր հպել էր բերանին, որ խլացնի իր հազը։
Մի փոքր խաղաղվելուց հետո, նրանք շրջապատեցին մոխրով ծածկված, բայց գոլ օջախը և լսողությունները լարած մի փոքր էլ մնացին։
Դուրս չգա՞նք հետախուզության, շշուկով հարցրեց Աշոտը։ Նա Հասոյին էր նայում, դե այդ ահավոր պահին ուրիշ ո՞ւմ վրա կարող էր հույս դնել։
Գնանք… ձնի վրա ռադը կերևա… համաձայնեց Հասոն իր նիզակի ծայրին նայելով։
Զգուշությամբ դուռը բացեցին, այրի ներսից հայացքով հետազոտեցին դրսում տեսանելի աշխարհը՝ դիմացի ժայռի պատը, նրա տակ ցաքուցրիվ թփուտները, և սիրտ առնելով՝ դուրս ելան այրից։ Նիզակները բարձր և հարվածելու պատրաստ պահած՝ մի քանի քայլ արին և ետ նայեցին, այրի «ողջ բնակչությունը» զինված հետևում էր իրենց։
Այնուամենայնիվ Աշոտը Շուշիկին ու Սարգսին հայացքով սաստեց և սրանք վերադարձան կրակի մոտ, իսկ Գագիկը, կացինը բարձր պահած, առաջ եկավ։
Մա՛րդ է տարել մեր մթերքը, բացականչեց նա՝ մատը մեկնելով շավղի ձյունին։
Իրոք, բոբիկ ոտքերով մարդ էր քայլել շավիղն ի վեր…
Զենքերը պատրա՛ստ, գոչեց Աշոտը, մի քանի քայլ առաջ գնաց և կռացավ թարմ հետքի վրա։ Ա՛րջ է, կարճ եզրակացրեց նա և մնաց տեղում լարված, ամբողջովին լսողություն դարձած։
Նրանք բնազդորեն ետ-ետ գնացին, մեջքները հենեցին դռանը, վտանգի դեպքում պատրաստ իսկույն քարայրը մտնելու։
Հիմի խեղճը հարբել է… Մաճառը փորում եռ է գալիս, գլուխը շշմեցնում, շշուկով ասում էր Գագիկը՝ ծնոտներն իրար; զարկելով։ Ի՜նչ ցուրտ է անտերը…
Հասոն հասկանում էր, թե ինչո՞ւ է մրսում նա, բայց խնայում էր ընկերոջը, «Է՛հ, մարդ է, էլի՛, հո ամեն մարդ սրտոտ չի՞ լինի…»։
Գնամ տաքանամ, ասաց Գագիկն ու այրը մտավ։
Ի՞նչ կա, ահով հարցրեց Շուշիկը։
Ոչի՛նչ, դատարկ բան է…
Հե՛չ, արջը… Մի վախկոտ արջ եկել է գողեգող մեր ունեցածը կերել ու փախել…
Բա հիմի ի՞նչ եք անելու։
Հե՛չ, սպանելու ենք…
Եվ Գագիկը մարտական հայացք ձգելով երկյուղից կուչ եկած աղջկա վրա, զարմացած հարցրեց.
Բա հո չենք թողնելու, որ մարսի….
Այս Գագիկն այնպես անփույթ է խոսում, կարծես խոսքը ոչ, թե գազանի մասին է, այլ հորթի…
Սարգիսը ուզում էր բան ասել, ձեռքը հուսահատ թափ տվեց։
Իսկ ինչպե՞ս եք սպանելու արջին, միամտորեն հարցրեց Շուշիկը։
Հե՛չ, սովորական ձևով… Կացնով կտանք գլխին՝ կպառկի…
Եվ նա ձեռքով ցույց տվեց, թե ինչպես է պառկեցնելու արջին։
Ներս մտան Աշոտն ու Հասոն, փայտ դրին կրակին և նստեցին օջախի մոտ։
Քո պատճառով մենք քաղցած մնացինք, տեղում վրա նստելով՝ գոռաց Սարգիսը։ Ինչի՞ մարդ չթողեցիր մթերքի մոտ…
Իսկ դու մի նվնվա…
Իրավացի էր Սարգիսը, բայց Աշոտի հպարտությունը թույլ չէր տալիս իր սխալն ընդունել։
Դո՛ւ, դո՛ւ… մատն առաջ մեկնած գոռում էր Սարգիսը և սրա փրփրած բերանի անկյունները հողոտ էին…
Աշոտը հազիվ էր զսպում իրեն, նրա բազուկները դողդողում էին։ Ընդհարումն անխուսափելի էր, բայց խոհեմություն ունեցավ լռելու։ «Պարզ Է, ջղերը խանգարվել են…», մտածեց նա և իրեն մեղավոր զգաց։ Առիթ էր փնտրում հանգիստ թողնելու գրգռված ընկերոջը, ուստի Հասոյին հարցրեց.
Դուրս չգա՞նք…
Թող օրը տաքանա, ի՞նչ ես շտապում, արտաքուստ անփույթ պատասխանեց Գագիկը։
Չէ, դուրս պիտի գանք մի բան ճարելու։ Իսկ արջից կարելի է պաշտպանվել էլի ածխակոթերով։ Ամեն մեկդ մինը վերցրեք…
Նա այնպես ամուր ասաց այս խոսքերը, այնպես ինքնավստահ, որ երկյուղը մեղմացավ, նահանջեց ընկերների սրտերում։
Հետդ եթե կրակ ունեցար, ոչ մի գազան քեզ չի մոտենա, ներշնչեց Աշոտը։ Գնա՛նք։
Եվ ծայրը վառված մի փայտ վերցնելով դուրս ելավ այրից։
Ընկերները հետևեցին նրան։
Մենակ եք թողնում, որ արջը գա ինձ ուտի՞… Դավաճաննե՛ր, հետևից լսվեց Սարգսի գոռոցը։ Նա դուրս վազեց և ցրված նայեց շուրջը։
U՜ս՜u, ձեռքը բերանին լռելու նշան արավ Աշոտը։ Դա իսկույն ազդեց, կարող էր արջը լսել…
Առհասարակ այդ օրը Սարգիսը շատ տարօրինակ էր պահում իրեն, շարունակ գրգռված էր, հայացքն անհանգիստ թափառում էր։ Երկյուղի՞ց էր, թե՞ ուրիշ պատճառ կար…
Աշոտի կարգադրությամբ նա և Շուշիկը պիտի մնային անձավում, խարույկը վառ պահեին, իսկ ապահովության համար դրան հետև մեծ-մեծ փայտեր շարեին։
Երբ երեքով զինված դուրս եկան այրից, Աշոտը ընկերներին ասաց.
Իսկապես, այնքան մաճառը, որ նա է խմել, անպայման հարբած կլինի։
Եվ մի ձեռքում կացինը, մյուսում՝ նիզակը առաջ գնաց արջի հետքերով։
Գազանը անձավից դուրս գալուն պես «միջանցքի» շավիղը թողած ծռվել էր դեպի աջ և գնացել դեպի վեր։ Մի տեղ թփերի մեջ այնպես էր թավալ տվել, ինչպես դա անում է հարբած մարդը փողոցում։ Մի քանի քայլ այն կողմ նորից պառկել էր ձյան վրա։
Աշոտը ընկերներին լուռ ցույց էր տալիս այդ նշանները և հասկացնում, որ «բրդոտ քեռու» խելքը տեղը չի…
Սրտոտ պատանու մեջ մի խելահեղ միտք էր ծնվել, հարբած արջին գտնել մրափելիս և՝ կացնով գանգին… Ա՜յ հաջողություն կլիներ հա՜… Այն ժամանակ ոչ մի ձյուն, ոչ մի ձմեռ սարսափելի չէր լինի, -ապրիր քեզ համար մինչև գարուն…
Այդ միտքը այնպես հրապուրեց նրան և այնպես իրական էր թվում, որ տղայի մեջ երկյուղին հետզհետե փոխարինեց հանդգնությունը։
Եվ երբ մի խշտոց էր լսում, թփերում անակնկալ մի բան էր խլրտում, կամ ժայռի բեկորի հետևից ինչ-որ ստվեր էր երևում՝ Աշոտը իսկույն լարվում ու տագնապ էր ապրում, տագնապ ոչ այնքան ահից, որքան թշնամուն ոչնչացնելու այն տենչից, որ ուժգնությամբ ծնվել էր նրա երևակայության մեջ։
Այսպես, արջի հետքերով նրանք բարձրացան վերին լանջը և երբ տեսան, որ գազանը թեքվել է դեպի արևելքից ձորը փակող ժայռաշարքը, կանգ առան։
Ձորից դուրս է գնացել, վճռեց Աշոտը։ Մեր ձայներից էստեղ ա՞րջ կմնա, ավելացրեց նա՝ երևի իրեն և ընկերներին հանգստացնելու համար։ Ասենք, նա դրանում համոզվել էր, ուստի և շուտով հրաժարվեց արջին հետապնդելու և քնած վիճակում սպանելու մտադրությունից։
Խումբը իջավ խաղողի այգին։ Այդտեղ նրանք կրակ արին, որը ոչ այնքան բոց էր արձակում, որքան թանձր ծուխ (հենց ծուխ էլ հարկավոր էր նրանց ինքնապաշտպանության համար) և սկսեցին խոր ձյան տակից խաղող փնտրել։ Դա տաժանելի գործ էր, որ չնչին արդյունք տվեց։ Այնուամենայնիվ, գտած մի քանի ողկույզներից նրանք Գագիկի միջոցով բաժին ուղարկեցին այրում մնացած ընկերներին։
Գնում էր Գագիկը ահը սրտում, ծխացող փայտը պտտելով, իսկ հետևից լսում էր ընկերների հարայ-հրոցը, որով սրտապնդում էին նրան և «քշում» աներևույթ գազաններին։
Խոր ձյան մեջ երկար պրպտելուց ու հոգնելուց հետո, Աշոտն ու Հասոն ևս վերադարձան անձավ։
Թեև անմիջական վտանգի ոչ մի նշան չկար, բայց և այնպես տղաները որոշեցին ինքնապաշտպանության մի քանի միջոցների դիմել։ Նախ «միջանցքի» երկու ծայրերին քարերով բարձր բարիկադներ կառուցեցին, բայց շուտով գլխի ընկան, որ դրանք արջին խոչընդոտ հանդիսանալ չեն կարող։ Այն ժամանակ որոշեցին յուրաքանչյուր բարիկադի գլխին մի պահակ կանգնեցնել։ Այդ արդեն դժվար չէր, միայն հարկավոր էր, որ տղաներից ովքեր ֆիզիկապես ավելի ամուր են՝ ժամանակավորապես զրկվեն իրենց շապիկներից։ Դրանց մեջ նրանք խոտ լցրին, թևերի տեղ փայտեր մտցրին, Հասոյի քոլոզն ու Սարգսի գլխարկը դրին այդ խրտվիլակների գլխին և ամեն մեկին մի քարակույտի գագաթի բազմեցրին։
Հեռվից նայողին այնպես կթվար, որ ճերմակ հագուստներով երկու տղա, մեկի գլխին քրդական քոլոզ, մյուսի՝ մահուդե գլխարկ, զգոն կերպով հսկում են շրջակայքին, և վա՛յ նրան, ով կմոտենա այն անձավին, ուր բնակվում են Հովազաձորի գերիները…
Ծանր երեկոն իջավ ձորի վրա։ Տխուր էին մեր պատանիները, իսկ նրանց անդամները տնքում էին հոգնածությունից, որքա՛ն քար էին կրել այդ երեկո… Եվ այդ ծանր աշխատանքին Սարգիսը չմասնակցեց։ Չկարողացավ։ Նա մեկ օջախի մոտ մեկնված նվվում էր, մեկ վեր թռչում և խելագարի հայացքով նայում չորս կողմը։ Ի՞նչ էր կատարվում նրա հետ, ոչ ոք չհասկացավ։
Գլուխ չորրորդ. Թե ինչու ճգնավորը անպատճառ մի այլ կածան ևս պիտի գցեր իր «սրբազան ոտքերով»
Խախուտ դռան ճեղքերից լույսը ներս ընկավ, բացվեց մեր խմբի գերության երեսունութերորդ առավոտը։
Անձավի բնակիչները վրա նստեցին և տխուր նայում էին մարած կրակին։
Ի՜նչ լավ էր երեկ, այրի մի անկյունում Գագիկի «ճուտերի» կույտն էր, եռացող մաճառը դուրեկան գազեր էր արձակում կավե կճուճից, խաղողի քաղցր հյութը սպասում էր, որ վայելեն իրեն և «օխայ» կանչելով գովաբանեն։ Չկային և գույնզգույն խաղողի ողկույզները. մի անխիղճ արարած անողոքաբար նրանց զրկել էր իրենց ձմեռվա պարենից։ Ո՞ւր գնան, ի՞նչ փնտրեն, սպառված էին թվում Հովազաձորի ունեցած բոլոր պաշարները։
Եվ ահա պատանիները նստել էին գլխահակ ու նույնիսկ կրակը բորբոքելու սիրտ չկար, ինչպես և սիրտ չկար կիսատ մնացած գործերը շարունակելու, վառարանի համար բերած ցեխը մնացել էր մի անկյունում, մյուս անկյունում ճիպոտներն էին, որոնցից նրանք կողով պիտի գործեին։ Նորից սովը չոքել էր անձավի դռանը, նորից սնունդ հայթայթելու մասին պիտի մտածեին։ Բայց ի՞նչ, որտեղի՞ց…
Գնանք մեր փախած «վառեկներին» փնտրենք, առաջարկեց Գագիկը։
Հա՛, համաձայնեց Աշոտը, դուրս թռածները մի տեղ մտած կլինեն, ո՞ւր պիտի գնան որ…
Իսկ ա՞րջը… Իսկ հովա՞զը, հարցրեց Շուշիկը։
Արջը ձորից դուրս է գնացել, իսկ Հովազը վաղուց չի երևում… Երևի նա էլ գնացած լինի, արտաքին հանգստությամբ պատասխանեց Աշոտը և վեր կենալով, քանդեց դռան հետևի «բարիկադը», որ նրանք կառուցել էին քնելուց առաջ։ Նա զգուշությամբ գլուխը դուրս հանեց անձավից. պարզկա էր ու ցուրտ։ Քարե «աշտարակների» վրա դեռ կանգնած էին զգոն պահակները։ Աշոտը դառնությամբ ժպտաց։ Ապա Հասոյի հետ դուրս եկան այրից, որսորդի զգուշությամբ անձայն շրջեցին անձավի շրջակայքը և ոչ մի հետքի ու կասկածելի բանի չհանդիպելով, ներս եկան, սիրտ վին ընկերներին։
Կրակի ծխից հեռացած կլինեն, էստեղ գազան չի մնա, գնանք ուտելու բան փնտրենք, ընկերներին համոզում էր Աշոտը։
Ինձ հանգիստ թողե՛ք, հանկարծ բորբոքվեց Սարգիսը։ Հերիք է ինչքան սուտ հույսեր տվիք։
Նա վրա նստեց, խելագարի աչքեր ուներ, որ վառվում էին այրի մթության մեջ, իսկ խոշոր գլուխը տմբտմբում էր բարակ վզի վրա…
Քեզ ի՞նչ պատահեց, հարցրեց Աշոտը զարմացած։
Ոչինչ չպատահեց… Թո՛ղ հանգիստ մեռնենք…
Եվ տղան մեկնվեց իր «անկողնին» այնպիսի վճռականությամբ, որ այլևս նրան տեղից հանելու փորձն անգամ ավելորդ էր։
Գագիկը մատով կտկտացնում էր իր ճակատին ու լուռ հարցնում. «Սրա վերին հարկը կարգի՞ն է, թե՞…»։
Աշոտը տարակուսանքով թոթվեց ուսերը. «Բան չեմ հասկանում»։ Եվ նա սկսեց լրջորեն մտածել Սարգսի կերպարանափոխության մասին, հետաքրքիր է, դարձյալ ներսում գլուխ է բարձրացրել իր վատ բնավորությո՞ւնը, թե՞ սա էլ մի ուրի՛շ բան է…
Նա վեր կացավ, ձգվեց, լայն շարժումներ արավ։
Գնա՛նք…
Բոլորը ոտքի ելան, Սարգիսը տեղից չշարժվեց։
Ինձ հանգիստ թողեք, գոռաց նա, թեև նրան ոչ ոք չէր անհանգստացնում։
Անձավից դուրս գալուց առաջ կամարների տակ զրնգաց Աշոտի ամուր, համոզված ձայնը.
Չվախենա՛ք, չե՛նք կորչի։
Առհասարակ ոչինչ չի կորչում աշխարհում, տխուր փիլիսոփայեց Գագիկը։ Շա՜տ-շա՜տ պիտի կեր դառնանք գազաններին։ Չենք կորչի, իհարկե… ուղղակի կկերպարանափոխվենք, ուրիշ բան կդառնանք…
Որ տեղներս ընկած նվվանք, իհարկե, կեր կդառնանք ուրիշներին։ Ռի՛սկ ու գո՛րծ, և մենք կապրենք։ Չվախենաք, ներշնչեց Աշոտը։
Սարգիսը ջղայնությունից դեմքը ծամածռում էր և տենդագին պոկոտում տակի ոստերը։ Ապա պառկեց երեսի վրա, եղունգներով փորեց այրի հատակն ու սկսեց լիզել։
Ա՜ղ, մի քիչ ա՜ղ աղիողորմ գոչեց նա և թափով շուռ եկավ մեջքի վրա։
Ա՜ղ… Աղը մուրազ է։ Մի բուռ աղի համար նրանք պատրաստ էին իրենց կյանքի կեսը տալու։ «Աղ» բառը այնպիսի ռեֆլեքսներ առաջացրեց այրի բնակիչների մեջ, որ նրանց բերանների ջուրը վազեց և աղիքները սկսեցին գալարվել։ Ա՜ղ…. Ինչպես նրանք գյուղում չէին հասկանում, որ ամենաթանկ բանն աշխարհում աղն է, որ աղը կյանք է…
Համբերի՛ր, Սարգիս, աղ էլ կգտնենք, հուսադրում էր Աշոտը, բայց ինքն էլ չէր հավատում իր խոսքին։
Համբերի՜ր… հերիք է քարոզներ կարդաս։ Դո՛ւ ես մեղավոր, դո՛ւ… Սարգիսը վրա նստեց և բորբոքված հայացքը հառեց նրա դեմքին։ Սպանեցի՞ր մեզ, սպանեցի՞ր…
Եվ ջղաձգումների մեջ սկսեց գալարվել իր տակ փռված ճյուղերի վրա։
Փառամո՜լ… ուզում էիր հերոս դառնա՞լ… Հասա՞ր, հասա՞ր, գոռում էր նա իրեն կորցրած։
Աշոտը գլուխը կախեց, իրոք, ինքն է պատճառը ընկերների կործանման։ Բայց ինքն էլ կգտնի, պարտավոր է գտնել փրկության միջոցը։
Ա՜ղ… ա՜ղ… շարունակում էր աղաղակել Սարգիսը խելագարի նման և խելագարի նման էլ ճանկռտում էր գետինը ու ծամում-ծծում կրաքարով հարուստ ավազը։
Սարգսի տրամադրությունը փոխանցվել էր ընկերներին, նրանք դարձել էին մտահոգ, դյուրագրգիռ, իսկ Շուշիկի գլուխը ցավում էր, սիրտը խառնում, դարձյալ աղի պակասությունից չէ՞ր արդյոք…
Թե ի՞նչ է զգում մարդը աղի պակասությունից, Աշոտը չգիտեր, բայց մի բան գիտեր, որ երբ որսի էին գնում, հայրը տափաշշի ջրի մեջ աղ էր գցում։ «Աղը չի թողնում, որ մարդ թուլանա», ասում էր նա։ Անտանելի թուլությունը, որ համակել էր իրեն և ընկերներին, անշուշտ աղի պակասությունից էր. օրգանիզմում վերջացել էր աղի պաշարը… «Դրանից հո մարդ կարող է մեռնել», անսպասելիորեն անցավ նրա մտքով, բայց ուրիշ բան ասաց ընկերներին.
Այնպես եք խոսում, կարծես դպրոցում բան չեք սովորել։ Հասոն չգիտի, բայց դուք հո գիտեք, որ մեր կերած բոլոր բաների մեջ էլ աղ կա։ Նույնիսկ մասուրի ու արմատների մեջ…
Նա սիրտ էր տալիս ընկերներին, բայց հասկանում էր, որ առաջ է եկել մի չնախատեսված և մեծ վտանգ, մի ծանր աղետ, և նրա դեմ արդեն չես կռվի ո՛չ քաջությամբ, ո՛չ համբերությամբ։ Այո՛, շատ բանի էին դիմացել, բայց աղի պակասությանը նրանց թուլացած մարմինները չէին դիմանալու։ Դա պարզ էր Սարգսի օրինակով։
Եվ այդ կողոպտված ու ծանր վիճակում խմբի առաջ իր ամբողջ սրությամբ կանգնեց մի նոր, ծանր պրոբլեմ ևս, աղի պրոբլեմը։ Ի՞նչ անեն, դա էլ հո հատապտուղ չի, որ թփերում փնտրեն։ Ո՞վ կարող էր նրանցից ասել, թե ո՞ւր է աղը, երբ ամբողջ Հայաստանում աղի մի հատիկ հանք չկա։
Արջի, հովազի, սննդի բոլոր հարցերը ժամանակավորապես ետ էին քաշվել և այժմ աղի հարցի լուծումով էր զբաղված մեր պատանիների միտքը։
Տղե՛րք, գոչեց Գագիկը, լուսավոր միտք է ծագել կարկաճիս մեջ, և մատը դրեց իր ճակատին։ Իսկի մտածե՞լ եք, թե որտեղից է աղ վերցրել ճգնավոր քեռին…
Որտեղի՞ց…
Աղահանքից։
Սարգիսը վեր թռավ տեղից։
Ո՞ւր է աղահանքը, գոռաց նա անբնական ձայնով և ամբողջ մարմնով սկսեց դողդողալ։
Ո՞ւր է… ժայռերի տակ։ Նստիր ասեմ։ Մեր էս կրաքարի ժայռերը որտե՞ղ կարող էին առաջանալ։ Ծովի տակ։ Աղը որտե՞ղ է առաջանում։ Էլի ծովի տակ։ Հո՞ էքսկուրսիայի ժամանակ տեսել եք Նախիջևանի աղահանքերը. բոլորը կրաքարի մոտ են. դե որ ծովը ցամաքել է՝ կրաքարի հետ աղ էլ է թողել։ Մենք այդ աղը պետք է գտնենք և լիզենք ոչխարների նման, իր լուրջ խոսքին նորից մի հիմար կատակ խառնեց Գագիկը։
Ասենք թե այս ձորում աղահանք կա, իսկ ինչպե՞ս գտնենք, հարցրեց Աշոտը։
Իսկ ճգնավորը ո՞նց է գտել…
Նա կարող էր գյուղերից աղ բերել։
Իմ պապն ասում է՝ ճգնավորները գյուղ չեն մտնում, որ կնկա երես չտեսնեն…
Բա ո՞ւր է նրա աղը, ինչո՞ւ չի թողել։
Թողել է, բայց մնացել է քո վառեկների ծերտի տակ…
Այսպես կարծիքներ էին հայտնում ու վիճում մեր պատանիները, երբ Գագիկը նորից մատը դրեց իր ճակատին.
Կարկաճիս մեջ նորից մի լուսավոր միտք ծնվեց։ Իսկ ի՞նչ է խմել ճգնավորը։
Ձյուն է հալեցրել։
Սխալվում եք. եթե նա էլ ամբողջ ձմեռը ձնաջուր խմեր՝ աղի պակասությունից մեր օրը կընկներ, մի ամբողջ ամիս մենք թորած ջուր ենք խմում, այնպիսի ջուր, որի մեջ աղի նշույլ չկա… Հասկացա՞ք… Դե հիմա գնանք ճգնավորի ջուրը գտնենք։ Այստեղի ջրերի մեջ աղեր շատ են լինում, մանավանդ՝ լուծված կրաքար։ Դա կօգնի, գնա՛նք…
Եթե այստեղ մարդ է ապրել, նշանակում է իրոք Հովազաձորի որևէ անկյունում ջուր կա, թաքնված ջուր, այլապես ո՛չ ճգնավոր կմնար այստեղ և ոչ էլ, գուցե, քարայծ։ Հո այդ մարդը չէր կարող հույսը դնել քարայրից պատահաբար հորդող ջրի վրա։
Մի ավելի լուսավոր միտք, մատը նորից ճակատին դրեց Գագիկը։ Կարելի է ասել, որ ջուրն արդեն գտել ենք։ Ասացեք՝ ո՞նց։ Շատ հասարակ ձևով։ Եթե Հովազաձորում աղբյուր կա, ճգնավոր քեռին իրեն սուրբ ոտքերով կածան գցած կլինի մինչև աղբյուրը…
Բռավո՛, իսկապես որ լուսավոր միտք, գոչեց Աշոտը, ձեռքով Գագիկի մեջքին թփթփացնելով։ Գլուխ հո չի ուսերիդ վրայինը, խելքի պուտուկ է… Ասածդ իսկական գյուտ էր։ Իհարկե, եթե այդ մարդը մի տասը տարի էլ ապրած լինի այստեղ ու ամեն օր ջրի գնացած, ուրեմն առնվազն երեք հազար անգամ գնացել, մի այդքան անգամ էլ ետ է եկել։ Պարզ չի՞, որ այրի շեմքից մինչև ջուրը կածան գցած կլինի…
Աղ գտնելու տենչը այնպիսի ուժով բորբոքվեց նրա մեջ, որ մյուս բոլոր ցանկություններն ու զգացումները՝ քաղցը, ահը, ամեն ինչը նախանշեցին այդ հզոր, ամբողջ էությունը լափող պահանջի հանդեպ։
Եթե աղ չգտնեն, վաղը, մյուս օրը նույնպիսի խելագարություն է սպասում իրենց, Սարգսի պղտորված հայացքը բռնելով մտածեց Աշոտը։ Նա վճռականորեն տեղից վեր կացավ և բոլորն էլ վերցրին իրենց զենքերը՝ մի-մի տեգ ու ծխացող փայտ և զգուշությամբ բացեցին այրի դուռը։
Ես էլ եմ գալիս… ես այստեղ չեմ մնա, Սարգսի կողմն ահով նայելով ասաց Շուշիկը։
Մնա, մենք հիմա կվերադառնանք։
Դուրս ելան անձավից, դես-դեն նայեցին։
Երբ տղաները անցան հարավային բարիկադը (այդպես էր անվանվում «միջանցքը» ներքևից փակող քարերի կույտը), իջան քարե աստիճաններից և նրանց դեմ բացվեց Հովազաձորը։ Աշոտը կանգ առավ, հայացքով զննեց դեպի «այգին» գնացող արահետը։ Այդ արահետից հազիվ նկատելի մի շավիղ ծռվում էր դեպի աջ և ժայռաշարքի տակով ցած իջնում նրան զուգահեռ։
Դեպի աղբյուր տանող քո ասած կածանը սա պիտի լինի, Գագի՛կ, ասաց նա և շտապ գնաց այդ շավիղով։
Ընկերները աղմկելով և չորս կողմ ծուխ տարածելով հետևեցին նրան։
Շավիղը թփերի և քարերի արանքներով իջնում էր դեպի ցած և ծռվելով աջ՝ ձգվում էր դեպի Հովազաձորը արևմտյան կողմից փակող ժայռաշարքի ներքին ծայրը։ ժայռը ծալել էր իր շեկ «ծունկը», որը և իր հետևում մեր տղաների տեսողությունից շարունակ գաղտնի էր պահել այն թաքուն անկյունը, ուր ինչ-որ ժամանակ ամեն օր այցելել էր ճգնավորը։ Եվ երբ տղաները վախվխելով անցան այդ «ծունկը» (որի հետև, ձախ կողմում, անդունդն էր, այն անդունդը, ուր թափվում է Հովազաձորից իջնող հեղեղը), ժայռի հետև մի անհայտ փոս բացվեց, ժայռերի մեջ սեղմված մի շատ փոքրիկ ձորակ, որի հատակում առկայծեց-ցոլցլաց ջուրը։
Աղբյո՛ւր, աղբյո՛ւր, վա՛յ ես քո հոգուն մատաղ, ո՞ւր ես տապ արել, գոչեց Գագիկն ու առաջ վազեց։ Բոլորին միանգամից համակեց ուրախությունը, բոլորն էլ թափ առած առաջ վազեցին։
Այսպիսով Գագիկի ենթադրությունը ճիշտ դուրս եկավ, շավիղը մեր տղաներին տարավ-կանգնեցրեց աղբյուրի գլխին։ Բայց շատ տարօրինակ էր այդ աղբյուրը, բխում էր նա մի անձավի մուտքից և հենց այնտեղ էլ կուլ գնում ժայռի ճեղքին։ Բլդբլդում էր նա իր իսկ աղերից գոյացած մի ծուռումուռ ահագին «վաննայի» մեջ, որի կողերից սառույցի լուլաների նման կախկխված էին քարացած դեղնաճերմակ աղային նստվածքները։
Աղը՜, դեռ համը չառած գոչեց Աշոտը։
Զարմանալի բան, առհասարակ ոչ մի հոտ չունի աղը, բայց տղաները մի քանի մետր տարածությունից զգում էին նրա խելքամաղ անող բույրը, ինչպես այդ բանն զգում են աղի կարոտ խոտաճարակ կենդանիները…
Երեք ընկերներ երեք կողմից վրա ընկան և սկսեցին ագահությամբ լիզել «վաննայի» խորդուբորդ եզրերը։ Նրանք բռերով ջուր էին վերցնում փոսից, խմում էին շոռ-շոռ հեղուկն ագահությամբ, և որքան խմում էին, այնքան բորբոքվում էր նրանց մեջ աղի անհագուրդ պահանջը։
Հերի՛ք է, իրեն զսպելով հրահանգեց Աշոտը։
Որ ճակատիս ատրճանակ էլ դեմ անես, վաննայից պոկ եկողը չեմ, անընդհատ լիզելով՝ ներքևից վերև գռմռաց Գագիկը։
Հասոն դժկամությամբ վեր կացավ և շարունակում էր լիզել աղոտ շրթունքները։
Գագի՛կ, մոռանում ես առաջին օրվա մեր պայմանը, գոչեց Աշոտը։ Նա երկյուղ ուներ, որ չափից դուրս աղը կարող է վնասել վաղուց ալանի մնացած իր ընկերներին։ Մոռանում ես կարգապահությունը… հերի՛ք է, կտրաքվե՛ս…
«Կարգապահություն» բառը ուշքի բերեց աղի ներկայությունից խելագարության եզրին հասած պատանուն։ Նա վեր կացավ, հևում էր։
Հեռանա՛լ և շո՛ւռ գալ, լսվեց հրամանը։
Քարերին նստոտած, նրանք հեռուներն էին նայում, բայց իրենց ծոծրակին զգում էին կախարդական աղբրի ներկայությունը…
Լուռ բավականությամբ զգում էին նրանք, թե ինչպես կենարար նյութը արյան հոսքով տարածվում է ողջ մարմնով մեկ և զգում էին դա իրենց օրգանիզմի յուրաքանչյուր նյարդով, յուրաքանչյուր բջիջով։
Ի՜նչ զորավոր բան է եղել աղը, այն ամենաէժան նյութը, որին մարդ իր առօրյայում հաճախ ուշադրության էլ չի արժանացնում։
Երկար մնացին նրանք այդպես արևի տակ նստոտած և զգացին, որ հետզհետե հագենում են աղից, ինչպես խիստ ծարավ մարդը, որին խմելու պահին թվում է, թե երբեք չի հագենալու, բայց անցնում է մեկ-երկու ժամ և այլևս ձրի պահանջ չի զգում։
Պատանիներն զգում էին, որ աստիճանաբար վերականգնվում են իրենց կորած ուժերը։
Հիմա պետք է Շուշիկին ու Սարգսին աղ հասցնել, ասաց Աշոտը։
Ե՛ս կտանեմ, տեղից վեր կացավ Հասոն։
Գագիկը ինքն էր մտադիր տանելու, բայց արջի մասին հիշելով՝ նորից ներքին պայքարի մեջ էր։ Ասենք, բեկումն արդեն սկսվել էր նրա մեջ և պիտի խորանար բնական կարգով։ Թուլամորթության համար նախատեց իրեն և գոտեպնդված վեր կացավ, քարացած նստվածքից մի կտոր պոկեց և վճռականորեն քայլեց դեպի այրը։
Աշոտն ու Հասոն նշանակալից հայացքներ փոխանակեցին։
Դա շատ է, կեսը դեն գցիր, հետևից ձայնեց Աշոտը։
Գագիկը լուռ համաձայնեց. նա լսել էր, որ շատ օրեր քաղցած մնացած մարդուն քիչ-քիչ են կերակրում, նույնը և աղը։ Արջը հո չի՞ գա… Հարբածի խելքը գլխին չի լինում, ով գիտի որտեղ է լինում, մեկ էլ տեսար…
Տղան կանգ առավ կես ճամփին, շուռ եկավ նայեց, ընկերները մնացին ժայռի հետևում։ Սարսափելի է։ Բայց լավ է, որ չեն երևում, գլխի կընկնեն, որ վախենում է։ Ո՜վ է վախենում, սրանց նայեցեք, ինքը հո Պարույրի տղա Սարգիսը չի՛… Աշոտն ու Հասոն էլ իր նման տղաներ չե՞ն, ի՛նչ է… Չէ՜, այդ հիմար վախը ինչ-որ սովորություն է, երեխա հասակից եկած սովորություն։ Մեծացել է ինքը, երեխայական շատ սովորություններ մնացել են հետևում՝ մատը ծծելը, քիթը քչփորելը, քրոջ մազերից քաշքշելը։ Սա՛ էլ կարելի է հետևում թողնել, տղամարդ է դառնում, չէ՞, վաղը մյուս օրը. կմտնի կոմերիտմիության շարքերը, գուցեև կոմիտեի քարտուղար, ընտրվի։ Ասենք չէ, Աշոտին քարտուղար կընտրեն, նա հենց կարծես քարտուղարացու է ծնվել…
Այս մտքից Գագիկը ժպտաց։
Ե՛տ մի նայիր, Գագի՛կ, առա՛ջ, առա՛ջ, վտանգի ժամանակ պիոները ետ չի նայում…
Այսպես ինքն իրեն սիրտ տալով, իրեն խոսք հասկացնելով՝ գնում էր Գագիկը կուզեկուզ, թփերի հետև քողարկվելով։ Հանկարծ խշրտոց լսվեց, որից տղայի սիրտը թպրտաց։ «Դե լա՜վ, հանգստացի՛ր, մոշահավ էր», ձեռքը սրտին դրած համոզում էր նա։
Մի քանի քայլ ևս առաջ գնաց։ Հազիվ էր մի փոքր հանգստացել, երթ նորից թպրտոց լսվեց թփերում, որից տղայի սիրտը նորից սկսեց ուժգին բաբախել։
Քեզ ասում եմ մոշահա՛վ էր, ձեռքը կրծքին դրած համոզում էր Գագիկը։ Ապա տեսնելով, որ իր խոսքը տեղ չի հասնում, վրդովված սկսեց նախատել.
Մոշահավ չի, զենքը ձեռքին ավազա՛կ է, հովա՛զն է… պրծա՞նք… դե տրաքվի՛ր…
Ու իր թույլ սրտի դեմ զայրացած, առաջ գնաց՝ կամքի ուժով… Այսպես, իր հասունացող ու կազմավորվող գիտակցությունը շարունակ պայքարում էր «սրտի թուլությունների» դեմ, մինչև որ վերջապես հասավ աստիճանների տակ մլմլացռղ խարույկին։ Հասավ, ազատ շունչ քաշեց, շուռ եկավ ու բռունցքով սպառնաց չեղած գազանին.
Դե հիմի տղա ես՝ արի կոխ բռնենք…
Այդ ո՞ւմ հետ ես խոսում, Գագի՛կ, շեմքից լսվեց Շուշիկի բարակ ձայնը։
Արջերի՛…
Նա տղամարդու հաստատուն քայլերով վեր բարձրացավ, և թնդում էր հոգին այն գիտակցությամբ, որ ինքը հասունացել է և կարողանում է մերկ ձեռքերով, առանց զենքի քայլել այնպիսի վայրերում, ուր արջ է երևացել։ Մայրը որ լսի՝ չի հավատա, գյուղի ընկերներն էլ չեն հավատա։ Ա՜խ, մի այստեղ լինեի՜ն, իրենց աչքով տեսնեին…
Սարգի՛ս, պինդ կաց, աղ եմ բերել, այրի շեմքից գոչեց նա։
Ա՞ղ։
Ա՞ղ… լսվեց երկու ճիչ և Գագիկը դեռ բերանը չէր բացել, որ պատմի իր վտանգավոր ճամփորդության մասին, երբ նրա ձեռքից հափշտակեցին քարի կտորը։ Շուշիկն օջախի մոտ նստած ագահությամբ լիզում էր իր բաժին քարը, գցում ատամների տակ, փշրում, իսկ Սարգիսը խելագարի նման ոստոստում էր ու անդադար կանչում.
Ա՛ղ… ա՛ղ… ա՛ղ…
Գլուխ հինգերորդ. Թե ինչ են պատմում մեծ և փոքր կճղակները
Գագիկի գնալուց հետո Աշոտն ու Հասոն բավական ժամանակ նստեցին աղբյուրի մոտ և զգում էին, թե ինչպես հետզհետե հանգստանում են իրենց գրգռված նյարդերը։ Այժմ, երբ արդեն կշտացել էին շոռ ջրից և վերացել էր այն ահավոր վտանգը, որ մինչև վերջին րոպեն կախված էր խմբի գլխին՝ անաղ մնալուց ոչնչանալու վտանգը, նորից իր ամբողջ հասակով ծառացավ սննդի հարցը։ Նա վերադարձավ իր մշտական տեղը գրավելու մեր գերիների հոգսերի մեջ… Արջին սպանելու միտքը պատանեկան ցնորք դուրս եկավ։ Խաղողը նորից թաղվել է խոր ձյան տակ։ Ինչո՞վ են ապրելու ամբողջ ձմեռը։ Եվ նորից հուսահատությունը կհամակեր մեր պատանիներին, եթե մի անակնկալ դեպք չգար յուղ ավելացնելու նրանց հույսի մարվող ճրագին։
Դա կատարվեց շատ պատահական և անսպասելի կերպով։ Ուղղակի Հասոն աղբյուրի մոտ նկատեց, որ վերև, ժայռի տակի թփերի մեջ, ինչ-որ պտուղներ են կարմրին տալիս։ Աշոտին ոչինչ չասաց։ «Թող հանգստանա էս տաք տեղը, ես գնամ բերեմ», վճռեց նա և գնաց դեպի թփերը։ Գերմաստի կարմիր հատապտուղը, որ այնքան սիրում են արջերը, չնայած իր սիրուն տեսքին՝ անախորժ համ ուներ։ Բայց քաղցած մարդուն սև հացը գաթա է թվում.
Կերավ Հասոն այդ պտուղներից, մնացածը քաղեց-լցրեց փեշը և այդտեղ այնպիսի մի գյուտ արավ, որ հուզմունքից շնչակտուր վազեց ընկերոջ մոտ, փեշի պտուղը դատարկեց նրա առաջ ու խնդագին ժպտաց։
Աշոտը ուտում էր ու հարցական նայում պատանի հովվի շառագունած դեմքին։
Ի՞նչ է պատահել։
Պատասխանի փոխարեն Հասոն ծոցից մի փունջ թուխ մազ հանեց և մեկնեց Աշոտին։
Ի՞նչ բան է։
Բո՛ւրդ։
Հետո՞։
Հետո էն, որ սև բուրդ եմ գտել։ Այո, էս էլ քեզ սպիտակ բուրդ…
Աշոտը տարակուսանքով թոթվում էր ուսերը։ Ապա գլխի ընկավ։
Որտեղի՞ց գտար…
Վերևի՛ց… թփերի միջից…
Հո կոլխոզի հոտը այս կողմերը չի՞ եկել։
Չէ՛, ի՜նչ ես խոսում, էստեղ ոչխա՞ր կգա…
Հանելուկ էր, իսկական հանելուկ, ընտանի ոչխարը Հովազաձորում ի՞նչ գործ ուներ։ Բայց կարևորը դա չէր, կարևորն այն էր, որ այստեղ, մոտերքում, ընտանի ոչխարներ կային, իսկական ոչխարներ, վայրի ոչխարը հո բուրդ չի՞ ունենում։ Առնվազն երկու ոչխար՝ մեկը ճերմակ, մյուսը թուխ։ Այ հեշտ որս, գտի՛ր, մոտդ կանչիր ու…
Այո՛, եթե գտնեն այդ ոչխարներին, սննդի հարցը միանգամից կլուծվի և կվերանա կործանվելու վտանգը։
Եվ երբ եկան այդ եզրակացության, պահանջ զգացին առանց մի րոպե իսկ հետաձգելու փնտրել այդ կենդանիներին։ Բայց ո՞ւր փնտրես։ Աշոտն իրեն հատուկ անհամբերությամբ ուղղակի գործի անցավ։
Որտեղի՞ց գտար… էն թփերի՞ց… Գնա՛նք… Ու վեր կացավ տեղից։ Հասոն առարկեց.
Չէ՛, կաց, տես ի՞նչ եմ մտածել։ Եթե էս հանդում ոչխար կա, պետք է դա էս աղբրից ջուր խմի։ Արի դրանց իզը գտնենք։
Աղբյուրի շրջապատում լերկ քարեր էին, նրանց վրա հետք չէր երևա։ Տղաները հեռացան աղբյուրից և սկսեցին հայացքով հետազոտել շրջակայքը։ Ապառաժե մի բազուկ վերևից իջնում էր աղբյուրի վրա։ Նրա հետև վերևից ցած իջնող մի ձորակ կար, ուր ձյունը դեռ նստած էր։ Այդ ձորակն էլ, դեպի վեր գնալով՝ հետզհետե նեղանում էր և վերածվում կիրճի։
Ահա այդ թաքուն կիրճի հատակում տղաները ձյան մեջ վերից վար իջնող մի կածան գտան, որ գցել էին կենդանիներն իրենց կճղակներով…
Հասոն խոնարհվել էր շավիղի վրա և, ձեռքը բերանին դրած, ցույց էր տալիս ընկերոջը։
Երեք հատ են… Մեկը մեծ ոչխար է, մեկը՝ գառ, մեկը՝ ջահել ղոչ, շշուկով հաղորդեց նա։
Հաստա՞տ…
Հասոն հանդիմանանքով նայեց ընկերոջը, նրա հայացքն ասում էր. «Չիմանամ-չիմանամ, բա ոչխարի հետքն է՞լ չիմանամ…»։
Դե փորձված հովվի համար ձյան վրա տպված կճղակներից դժվար չի որոշել կենդանու սեռը, մոտավոր տարիքը և նույնիսկ մարմնի չափը։
Տղաներն այնպես էին ուրախացել, որ չգիտեին վազե՞ն տուն և այդ բերկրալի լուրը հաղորդեն ընկերներին, թե՞ ուղղակի գնան հետքերով։
Իսկ եթե արջը արդեն կերել է ոչխարների՞դ, հարցրեց Աշոտը։
Ե՞րբ կերավ։ Արջը նոր է եկել էս ձորը, որ շուտ եկած լիներ՝ նշաններից կերևար։ Երեկ կուշտ էր… Սպասի՛ր, ոչխարների իզը նոր է, տե՞ս, առավոտը իջել են ջուր խմելու, ետ գնացել։ Երևի սրանք էլ են վիրու անասունի պես պինդ տեղերում ապրում։
Իհարկե, եթե պնդոցում չապրեն, կենդանի չեն մնա։ Գնա՛նք, Հասո՛, ես վառվում եմ հետաքրքրությունից։ Ի՞նչ ոչխարներ են դրանք, պետք է պարզել…
Եվ շոռ ջրից ու ոգևորությունից նոր ուժեր առած, Աշոտն սկսեց մագլցել զառիվերը՝ դեպի կճղակավորների անհայտ թաքստոցը։
Քաք գիրքա