Raffi

Կայծեր

Ա

ԸՆՏԱՆԻՔ

Իմ մանկությունից շատ փոքր բան կարող եմ գրել, որովհետև նա անցավ այնքան շուտ և այնքան դատարկ կերպով, որ շատը ես ինքս չեմ հիշում:

Բայց երբ մտաբերում եմ անցյալը, իմ տխուր և հիմարություններով լի անցյալը, կրկին զարթնում են վաղեմի հիշողությունները, և որպես մթին խավարի միջից, նկարվում է իմ առջև մանկությունը իր անմեղ-երեխայական կերպարանքով:

Ահա մինը մյուսի ետևից երևան են գալիս ծանոթ պատկերները.

Ես տեսնում եմ հայրենի տնակը իր հին, ժամանակի ավերմունքից մաշված պարիսպներով: Դեռ նույն տերևախիտ ծառերը հովանավորում են նրան իրանց հսկայական ճյուղերով, դեռ նույն ճնճղիկները երգում են ոստերի վրա, ինձ թվում է, որպես թե ծանոթ լինեին նրանց խորամանկ երեսիկները:

Կարծես, շատ ժամանակ չէ անցել, կարծես, հենց երեկ լիեներ այդ, ես տեսնում եմ իմ պառավ տատին, նստած իր սովորական տեղում, մեր խրճիթի դռան հանդեպ: Դարձյալ նույն ընկուզենին պատսպարում է ալևոր գլուխը ամառային արեգակի կրակոտ ճառագայթներից: Նա նստած է, որպես միշտ, լուռ և մտախոհ կերպով: Նրա ծնկների վրա մրափում է իր մտերիմ` ահագին մազոտ կատուն, երևի, քաղցր երազներ է տեսնում:

Սիրելի տատ, և այս րոպեիս քո երեսի մուգ-դեղնագույն խորշոմների մեջ ես տեսնում եմ նույն բարությունը, որպես առաջ, և այժմ քո լի գթով աչքերը նայում են իմ վրա վաղեմի սիրով: Ինձ թվում է, որպես թե դեռ լսում եմ քո իմաստալից խրատները. «Ֆարհատ, որդի, բաց գլխով մութի մեջ ման չգաս, չարքերը կզարկեն գլխիդ... հորանջելու ժամանակ երեսիդ խաչ հա՛ն, որ սատանան չմտնե փորդ... գիշերը մաստաք չծամես, մեռելները կնեղանան»... Այսպիսի շատ խրատներ տալիս էիր դու ինձ, զգուշացնում էիր, որ ավերակների մեջ չմտնեմ... զգուշացնում էիր, որ գերեզմանատան մոտից մենակ չանցնեմ... ու սև կատվի հետ չխաղամ...

Տատս կոչվում էր Շուշան: Նա ժառանգել էր իր մոր անունը: Թե քանի՞ տարեկան էր, ես հիմա էլ չգիտեմ: Բայց նա ականատես էր եղած այնպիսի անցքերի, որոնց վրայից դարեր էին սահել: Այսուամենայնիվ, նա բոլորովին չէր կորցրել իր ժրությունը: Կտեսնեիր, մի անվաստակելի մեքենայի պես, առավոտից մինչև երեկո, անդադար շարժման մեջ է: Նրա ամենատես աչքերը ամեն բանի վրա կնայեին և ամեն բան կդիտեին. նրա անհանգիստ լեզուն ամեն բանի մասին հարցմունքներ կաներ և անվերջ հաշիվ ու համարներ կպահանջեր: Մինչև մահ նա չթողեց ձեռքից իր կառավարության գավազանը ահագին փայտյա շերեփը, որով նա ընթրիքի և ճաշի ժամանակ կերակուր էր բաժանում: Մինչև նրա մահը մեր տան թե մեծը և թե փոքրը ամենայն խոնարհությամբ հպատակում էին նրա հեղինակությանը:

Տատս շատ աշխատասեր կին էր: Ես դեռ հիշում եմ, թե որպես գիշերի մեծ մասը, նստած այծի մորթի վրա, դնում էր իր առջև մանելու մեքենան, և ոսկրացած ձեռքով, պտույտ տալով ճախարակի թևքը, բամբակից թել էր պատրաստում: Ինձ թվում է, թե դեռ զարկում է իմ ականջներին պառավի դողդոջուն մեղեդին իր տխուր, մելամաղձական հնչյուններով. ինձ թվում է, թե դեռ լսում եմ նրա նահապետական մեքենայի խուլ ճռճռոցը:

Մեր գյուղում տատս համարվում էր խելացի պառավներից մեկը, իսկ իր տան մեջ նրա իմաստությունը հասնում էր անսխալականության: Ճշմարիտն ասած, ես էլ փոքր ժամանակս հիացած էի նրա իմաստությունով: Նա ամեն բան գիտեր: Նա գիտեր, թե ի՛նչ նշանակություն ունեն այս և այն երազները: Նա գիտեր, թե ի՛նչ խորհուրդ ունեն, երբ մարդու մարմնի այս ու այն մասերը «խաղում են»: Նա հասկանում էր կաչաղակի լեզուն, և բացատրում էր, թե ի՛նչ լավ խաբարներ է բերում նա, երբ մեր պատի վրա նստած կչկչում է: Նա լսել չէր կարող բուի չարագուշակ ձայնը, և պատվիրում էր ինձ` քարով սպանել նրան, երբ կնստեր մեր պատի վրա: Նա գիտեր, թե ինչո՞ւ Սողոմոն իմաստունը անիծեց ճնճղիկին, կամ ո՞վ դրեց հոպոպի գլխի վրա այն գեղեցիկ փետուրե սանդրը:

Այո՛, տատս շատ բան էր իմանում: Նա պատմում էր ինձ, թե ինչպես կհասնի աշխարհի վերջը, կամ երբ կհայտնվի Նեռը: Նա ասում էր, թե անիծյալ Նեռը կգա, մի ահագին էշի վրա նստած, թե նրա ավանակի ականջները այնքան երկար կլինեն, որ մի ականջի ծայրը կհասնի մինչև արևմուտք, իսկ մյուսինը` մինչև արևելք: Նա ասում էր, թե այն ժամանակ կհայտնվին «աջուջ-մաջուջները», թե դրանք այնքան փոքրիկ թզուկներ են, որ իմ կոշիկները կարող էին նրանց համար բնակարաններ լինել:

Բայց ես ավելի սիրում էի տատիս հեքիաթները:

Ես դեռ հիշում եմ մի քանի հեքիաթներ, որ գիշերները պատմում էր նա: Երբեմն, մի անգամ սկսած հեքիաթը վերջացնում էր մի ամբողջ շաբաթվա ընթացքում: Ա՜խ, ինչպես լավ պատմում էր նա: Ես բոլորը, բոլորը հասկանում էի և միշտ ուրախությամբ էի լսում: Բայց երբ պատմում էր դևերի, սատանաների, գրողների և դժոխքի մասին, ես սարսափում էի, և ավելի շատ էի վախենում, երբ խոսում էր մեռելների մասին:

Իսկ երբ տատս մեռավ, նրանից չէի վախենում: Նա խիստ հանգիստ կերպով պառկած էր դագաղի մեջ, կարծես քնած լիներ: Նրա դեմքը էլի այնպես բարի էր, որպես առաջ: Ես մտածում էի, թե նա հրեշտակների մոտ կգնա, նրա համար, որ ինձ երբեք չէր ծեծում: Երբ նրան թաղեցին, ես շատ լաց եղա: Մայրս ասում էր, թե նա մի օր գերեզմանից կվերկենա. ես ուրախանում էի:

Իմ մորը կոչում էին Նիգյար: Դուք տեսե՞լ եք դեռ նոր բացված մի ծաղիկ, որ թառամել էր իր կոկոնի մեջ, այդ իմ մայրն էր: Խե՜ղճ կնիկ, ես երբեք չեմ կարող մոռանալ քո միշտ տխուր և գունաթափ դեմքը: Ինչո՞ւ դու ուրախ լինել կարող չէիր... Ինչո՞ւ այնպես սպանված էին քո գեղեցիկ աչքերը, որոնցից արտասուքը շատ քիչ էր պակասում...

Մայրս մի բարձրահասակ կին էր, նիհար և թույլ կազմվածքով: Ոտքի վրա նա միշտ հիվանդ էր, բայց երբեք չէր պառկում: «Ո՞վ պիտի պահե իմ երեխաներին» պատասխանում էր նա, երբ նրան ասում էին, թե պետք է փոքր-ինչ հանգստանալ, թե պետք է փոքր-ինչ կազդուրել սպառված ուժերը: Ամբողջ օրը դադարում չուներ: Նա էր թխում մեր տան հացը, նա էր եփում կերակուրները, նա էր լվանում մեր շորերը, նա էր կարում և կարկատնում մեր հագուստը: Բայց տնային հոգսերը չէին, որ մաշում էին նրան, նրա ցավը սրտիցն էր... Ես այն ժամանակ չէի հասկանում, բայց հիմա հասկանում եմ...

Մեր գյուղում գովասանված էր մորս վարպետությունը կարելու և ձևելու մեջ, բայց շատ քիչ էին վճարում նրա աշխատությունների համար: Շաբաթական մի քանի շահի հազիվ էր վաստակում, և նրանցով ապրում էինք: Տատիս մեռնելեն հետո տան հոգսը բոլորովին մնաց մորս վրա: Քույրերս` Մարիամը և Մագթաղը, դեռ փոքրիկներ էին. դրանք ավելի խանգարում էին մորս, քան թե օգնում էին:

Մարիամը և Մագթաղը երկվորյակներ էին, այնքան նման միմյանց, որ ես շատ անգամ սխալվում էի մինը մյուսից որոշել: Մայրս նրանց ճանաչելու համար կարել էր զանազան գույներով գդակներ, Մարիամինը կանաչ գույնով, իսկ Մագթաղինը կարմիր: Ես դեռ հիշում եմ այն անմեղ կռիվները, որ ծագում էին այդ երկու հրեշտակների մեջ իրանց գդակների մասին: Պատճառները շատ ծիծաղելի էին, օրինակ, երբ Մարիամին սիրում էին, Մագթաղը խլում էր նրա գդակը, դնում էր իր գլխին, որ ինքն էլ Մարիամ դառնա և նրան էլ սիրեն:

Ես շատ անհանգիստ երեխա էի, բայց դարձյալ մայրս ինձ չէր ծեծում, որովհետև նրա մի հատիկ տղան էի: Մորս սերը հասնում էր մինչև այն թուլությանը, որ շատ անգամ ներում էր իմ անկարգություններին: Կպատահեր վաղ առավոտյան, ամենևին երեսս չլվացած ու մազերս չսանդրած, տանից դուրս կգայի, և ամբողջ օրը կխաղայի, կթափառեի դատարկաշրջիկ երեխաների հետ: Մայրս մասամբ գոհ էր լինում, երբ ես տանը չէի գտնվում, նրա համար որ, եթե տանը մնայի, անպատճառ կամ մի բան կկոտրեի, կամ մի բան կվիթեի, և եթե ոչինչ չլիներ, կսկսեի քույրերիս ծեծել: Խե՜ղճ երեխաներ, ի՜նչպես համբերում էին չար եղբոր կոպտություններին: Կարծես նրանք զգում էին, թե իրանք աղջիկներ էին, իսկ ես տղա, կարծես, մտածում էին, թե ես շատ բանով բարձր էի նրանցից, ուրեմն, իրավունք ունեի տանջելու: Եվ այսպես, մանկությունից պատրաստվում էին լինել տղամարդի ստրուկներ... Ո՞վ մտցրեց նրանց մեջ այդ զգացմունքը:

Մեր դրացիները հանգստություն չունեին ինձանից: Նրանց մեջ կազմվել էր մի այսպիսի համոզմունք, թե մայրս ինձ ծնելու միջոցին ոգիները գողացել էին նրա տղան և փոխարենը մի դև էին դրել: Բայց իմ և դևի մեջ ոչինչ նմանություն չկար. ես բավական գեղեցիկ երեխա էի, ի՞նչ անենք, որ չար էի: Բայց դարձյալ մայրս չէր հավատում այդ զրույցներին, նա ասում էր, եթե մի այնպիսի բան լիներ, տատս կգիտենար: Նա դևերի հանգամանքները լավ էր հասկանում:

Իմ հորս հիշում եմ որպես մի երազ: Այսքանը միտքս է գալիս, որ նա մի չոր ու ցամաք մարդ էր, մորս նման բարձր հասակով և դեպի ցած կռացած մեջքով: Նրա գլուխը պատած էր տարաժամ ալևորած, սպիտակ մազերով: Նրան կոչում էին Հայրապետի տղա Սհակ: Երեսուն և վեց տարեկան տղամարդ էր նա, բայց վաղահաս ծերությունը բոլորովին փոխել էր նրա երիտասարդական դեմքը: Ինչու՞ այնպես շուտ ծերացավ նա, ինչո՞ւ մորս նման նա էլ միշտ տխուր էր, և երբեք ուրախ լինել կարող չէր:

Մեր տանը խիստ սակավ էի տեսնում հորս: Նա, որպես սովորաբար ասում են, դաշտի մարդ էր: Տարվա երեք եղանակներում` գարուն, ամառ և աշուն նա մշակում էր իր հողերը և փոքրիկ այգին, ձմեռը իր ջուլհակի խորի մեջ կտավ էր գործում: Բայց դարձյալ մնում էր միշտ աղքատ: Հայրս շռայլ մարդ չէր, ոչ արաղ էր խմում, ոչ ծխում էր և ոչ էլ լավ ուտում կամ հագնվում էր: Ես դեռ չեմ մոռացել նրա բազմամյա հողաթափները, որոնք ստեպ կարկատվելուց այնքան ծանրացել էին, որ հազիվ կարելի էր շարժել: Նրա մորթե գդակը բոլորովին կորցրել էր իր մազերը: Էլ ինչո՞վ պետք էր բացատրել այդ խնայող և աշխատավոր մարդու դառն աղքատության պատճառները:

Լինում էր, շատ անգամ տանը հաց չունեինք ուտելու, քույրերս լաց էին լինում սովից: Եվ ահա՛, գիշերային տարաժամ պահուն հայտնվում էին հարկապահանջները: Սկսում էին դուռը զարկել: Կկոտրեին, եթե իսկույն չբաց անեինք: Ներս էին թափվում մի խումբ կատաղի ֆերրաշներ: Բոլորովին դժոխք էր դառնամ այն ժամանակ մեր տունը: Ամենքս սարսափում էինք: Հայրս մեռելի գույն էր ստանում, իսկ մայրս երկյուղից սկսում էր դողալ: Ես և քույրերս փախչում էինք ու մտնում մեր քնաշորերի մեջ, թեև երբեք քնել կարող չէինք, բայց սուս էինք կենում:

Ֆերրաշները հորս բռնում էին ու կապում մեր խրճիթի սան վրա, այնքան պինդ, որ շարժվել կարող չէր, կարծես ամբողջ մարմնով մեխած լիներ սան հետ: Նրա մոտ դիզվում էր մի ահագին խուրձ դալար ճիպոտների` սկսում էին ծեծել հորս: Նա մորմոքում էր, աղաղակում էր, աղաչանք էր անում բայց ո՞վ էր նրա ձայնը լսողը...

Ֆերրաշները հարկ էին պահանջում: Եվ եթե մի փոքր ուշանում էր, սկսում էին հորս մերկ ոտների տակ կրակ լցնել, այդ բավական չէր, նրա մարմինը այրում էին տաքացրած շամփուրներով: Այդ սոսկալի տանջանքների ժամանակ ինչ որ իմ մոր դրությունն էր, աստվա՜ծ ազատե, ես անկարող եմ նկարագրել: Նա բոլորովին գժվում էր, նա կտրում էր իր գլխի և պարանոցի զարդերից ամենաթանկագինը և տալիս ֆերրաշներին: Նա աղաչում էր, պաղատում էր, որ չծեծեն հորս, որ չսպանեն նրան, որ սպասեն մինչև առավոտ, մինչև լույսը ծագի, որ հայրս կարողանա մի տեղից պարտք անել և պահանջած հարկը վճարել:

Այս րոպեիս էլ իմ մարմնի վրա դող է ընկնում, երբ մտաբերում եմ այն սարսափելի գիշերները... Ֆերրաշները գալիս էին միշտ գիշերով, ինչպես չար երեխաները միշտ գիշերային մթության ժամանակն են քանդում խեղճ ծտի բույնը, և գիշերով են բռնում նրան, որովհետև գիտեն, որ ողորմելի թռչունը այն ժամանակ մի ուրիշ պատսպարան չունի, բացի իր օթևանը:

Զարհուրելի գիշերներ... Որքա՜ն արտասուքի և որքա՜ն տանջանքների պատճառ էին դառնում նրանք մորս... Նա գիշերային այն մթին խավարի մեջ, մենակ դուրս էր գալիս տունից, առնում էր իր հետ մի պղինձ կամ մի ուրիշ բան, և տանում էր գինետուն, որ գրավ դնե և նրանց համար ըմպելիքներ բերե: Նա մորթում էր մեր հավերը և նրանց համար կերակուրներ էր պատրաստում, բայց անողորմ հյուրերի ուտելուն և խմելուն չափ չկար:

Այսպիսի դեպքերը պատահում էին համարյա միշտ, որովհետև հարկերը վերջ ու սահման չունեին: Ամեն բանի համար պահանջվում էր, թե ցանքի համար, թե անասունների համար և թե մեր ընտանիքը կազմող հոգիների համար: Հաշիվ չկար. հաշիվը կախված էր պահանջողի կամքից միայն: Վերջապես հարկերը կարող էին ծագել հազար ու մեկ հանգամանքներից, և այնքան զանազան միմյանցից, որ շատերի անունները մոռացել եմ: Ո՞րտեղից պետք էր վճարել: Պետք էր տունից մի բան ծախել, մի բան գրավ դնել: Բայց մեր տանը ոչինչ չէր մնացել. մեր տունը նմանում էր մերկ գերեզմանի: Այդ կարո՞ղ էր հասկանալ ֆերրաշը: Նա ինքն էր ծախել տալիս մեր կովը, մեր եզը և մեր գոմեշը, ամենևին չմտածելով, թե վաղը մեր արորը կդադարե գործելուց և մի ամբողջ ընտանիք կզրկվի ապրուստի միջոցներից:

Հայրս վերջին ժամանակներում բոլորովին թողեց իր հողերի մշակությունը, որովհետև ստացած արդյունքը մինչև անգամ չէր լրացնում հարկերի վճարը: Բայց այսպիսով նա դարձյալ չազատվեցավ ֆերրաշներից, նրանց այցելությունները դարձյալ շարունակվում էին:

Ի՞նչով պետք էր ապրել: Մնում էր մի բան, որ սոված չմեռնենք` միշտ պա՜րտք և պա՜րտք անել... Բայց որքան ծա՜նր էին տոկոսները... ես այն ժամանակ երեխա էի, իհարկե, հաշիվներ չէի կարող հասկանալ, բայց դեռ չեմ մոռացել մեր անիրավ վաշխառուի վայրենի դեմքը: Նրան կոչում էին Հաջի-Բաբա. դա մի հարուստ մահմեդական էր, բայց հոգեառ հրեշտակը ձեզ օրինակ, երբ հայտնվում էր տոկոսները հավաքելու: Նա գրել-կարդալ չէր իմանում և ոչ տված փողերի համար պարտամուրհակ էր պահանջում: Նրա պարտամուրհակը իր խղճմտանքն էր, իսկ ամսաթիվը կամ տարեթիվը հաշվում էր եղանակների փոփոխության վրա: Նա մի տոպրակի մեջ իր հետ ման էր ածում փայտի զանազան կտորներ, երկայն և կարճ, բարակ ձողերի նման, որոնց վրա նշաններ էին արած գույնզգույն դերձաններով, դրանք նրա հաշվամատյաններն էին: Ձողերի վրա կային շատ և փոքր թվով խազեր, որ նշանակում էին գումարների որքանությունը, իսկ գույնզգույն դերձանները պարտականների անուններն էին որոշում:

Հաջի-Բաբան գանգատ անելու սովորություն չուներ, երբ նրա պարտականներից մեկը իր ժամանակին փող չէր վճարում կամ ուշացնում էր. նա իր դատաստանը իր ձեռքովն էր անում: Ամենին հայտնի էր Հաջի-Բաբայի ահագին մահակը, որով նա ջարդում էր իր պարտականների ոսկորները: Նա մինչև անգամ իր հրամանով բանտարկում էր շատերին և ծախել էր տալիս նրա տան կայքը:

Ես դեռ հիշում եմ անգութ վաշխառվի խոսքերը, երբ նա տոկոսները առնելու համար մեր տունն էր գալիս: «Սհակ, ասում էր նա իմ հորը, գիտե՞ս ո՛րքան է անցել, տե՛ս, այս ծառը դեռ նոր էր տերև բացել (նա ցույց էր տալիս մեր բակի ընկուզենին), հիմա կրկին կանաչել է նա, ուրեմն, անցել է մի բոլորակ տարի: Թե գլուխքը չես կարող տալ, գոնե կաթը (տոկոս) տուր, թե չէ, այդ ջուխտ աղջիկներիդ կտանեմ, կթուրքացնեմ»...

Մարիամը և Մագթաղը, երբ այդ խոսքերը լսում էին կուչ էին գալիս և միմյանց գրկելով, սկսում էին լաց լինել: Անմե՜ղ արարածներ, կարծես, նրանք հասկանում էին, թե ինչ սարսափելի բան է թուրքի հարեմը...

Ահա այսպես էին անցնում մեր սև օրերը:

Հայրս, չկարողանալով հայրենի երկրում իր ընտանիքը պահել, ստիպվեցավ դիմել դեպի պանդուխտություն, օտար աշխարհներում բախտ որոնելու: Մենք տարանք նրան մինչև գյուղից դուրս ճանապարհ գցելու: Ես և քույրերս շատ ուրախ էինք, երբ նա գնում էր, կարծում էինք, թե բազարն է գնում, որ մեզ համար չամիչ կամ խուրմա բերե: Բայց մայրս լաց էր լինում: Տխուր էր և հայրս. մահվան չափ տխուր էր նա: Ես մինչև այսօր չեմ մոռացել այն խոսքերը, որ բաժանման րոպեում ասաց նա մորս. «Ամանաթ քեզ որդիքս, Նիգյար, եթե կենդանի կմնամ, թող չեմ տա, որ նրանք սոված մնան»... «Շուտ ե՛կ, շո՛ւտ, հայրիկ, կանչում էինք ես և քույրերս նրա ետևից, մեզ համար չամիչ և փշատ բե՛ր»:

Բայց նա գնաց, էլ չվերադարձավ...

Տարի չանցավ, հորս մահվան լուրը մեզ հասավ: Այդ ցավալի մահը, որի մանրամասնությունները ես կպատմեմ հետո, ամենասաստիկ ներգործություն ունեցավ մեր դժբախտության վրա: Այն ժամանակ հայտնվեցավ Հաջի-Բաբան, տիրեց մեր բոլոր կայքերին և մեզ մերկ ու ոտաբոբիկ դուրս արեց հայրենական տնակից: Մայրս բռնելով իմ և քույրերիս ձեռքից, գնաց քեռուս տունը, այնտեղ ապրելու: Միակ ժառանգությունը, որ մնաց մեր հոր հարստությունից, էին` Մըրոն մեր ահագին շունը և Նազլուն-տատիս մտերիմ կատուն, դրանք չբաժանվեցան մեզանից:

Բ

ՀԱՅՐԵՆԻՔ

Պարսկաստանի Ատրպատական կոչված նահանգի ամենահարուստ գավառներից մեկն է Սալմաստը: Նա բռնում է Ուրմիո ծովակի արևմտյան ափերը, և շրջապատված լեռների ալիքավոր բարձրությամբ, կազմում է մի գեղեցիկ, բոլորակ հովիտ, որ ոռոգվում է Սոլա գետով: Այդ գետը Սալմաստա Նեղոսն է, որի բազմաթիվ ճյուղերի վրա, մինը մյուսի մոտ, շարված են մեծ և փոքրիկ գյուղեր, որոնց գեղեցիկ երևույթը ամենևին չէ համապատասխանում աղքատ բնակիչների անմխիթար վիճակին:

Սալմաստը որպես հին ժամանակներում եղել է Հայաստանի բազմամարդ գավառներից մեկը, և այժմ նրա բնակիչների մեծ մասն բաղկացած էին հայերից: Մնացյալ ազգաբնակություններին պատկանում էին թուրքերը, հրեաները, ասորիները և քրդերը, այդ բոլորը միասին վեր առած, հազիվ թե հայերի կես մասին էին հավասարվում:

Ամեն դար, սկսյալ խորին հեթանոսական ժամանակներից, թողել էր այդ գավառում իր տիրապետության հետքերը: Այստեղ դեռ տեսնվում էին հին Զարեհավանի հետքերը: Այստեղ ահագին մոխրաբլուրներ դեռ հիշեցնում էին մոգական ատրուշանները և սրբազան կրակի հազարավոր տարիներով լափած նյութերը: Այստեղ բարձր մինարեթներ իրանց գեղեցիկ մոզայիկներով ցույց էին տալիս արաբաբոց տիրապետությունը և հիշատակը այն ազգի, որը ուր և իշխում էր, տարածում էր արհեստ, գիտություն և արյուն: Այստեղ դեռ մնացել էին բեկորները այն ամրոցի, ուր մեծ Հուլավունը պահում էր իր գանձերը: Այստեղ զանազան լեռների և բլուրների բարձրավանդակի վրա դեռ մնում էին փլատակները մեծամեծ բերդերի, որպես փշրանք ավատական իշխանների խորտակված փառքի, որոնք իրանց բռնակալության ներքո ճնշում և խեղդում էին ամեն կենդանի զորություն: Իսկ այդ բոլոր հնությունների մեջ իմ ուշադրությունը գրավում էր մեկը. դա Փիրչավուշ լեռան ժայռերից մեկի վրա քանդակած, պատմական մի անցքի տխուր նկարագիրն էր: Պարսպաձև ժայռի հարթած մակերևույթի վրա դուրս էին բերված մի քանի ձիավորներ հնադարյան հագուստով և նույնպես նախնական զենքերով: Մեկին գերի էին տանում: Նա թագավոր էր: Ոչ մի արձանագրություն չէր ցույց տալիս դրանց ո՛վ և ի՛նչ ժամանակի մարդիկ լինելը: Միայն հայ ժողովրդի մեջ պահված էր մի ցավալի ավանդություն. գերին Արշականյաց վերջին թագավոր Արտաշեսն էր, որից հետո Հայաստանը ընկավ պարսիկների իշխանության ներքո և կորցրեց իր թագավորներին: Կարծես, այդ պատկերը, որպես մշտական նախատինք, իր քարաժայռի բարձրությունից հանդիմանում լիներ հայերին, ասելով. «Ահա, ինձ նման միշտ գերի և ստրուկ կմնաք դուք, որովհետև ձեր թագավորին գերության մատնեցիք»...

Եվ իրավ, հայ մարդու գերությունը և ստրկությունը իսկույն նկատվում է այդ երկրում, երբ մարդ փոքր-ինչ խորին կերպով ծանոթանում է ժողովրդի կենցաղավարության հետ: Երկրի արտաքին կերպարանքը խաբուսիկ է, կարող է մինչև անգամ սխալանքի մեջ ձգել անփորձ հետազոտողին: Երբ ջերմ, ամառային օրերում մարդ հեռվից նայում է Սալմաստա պայծառ արեգակի ճառագայթներով լուսավորված հովտին, տեսնում է դաշտերը, մշակված աշխատասեր ձեռքով, խոստանում են առատ հունձք. տեսնում է` ցորյանը, գարին, բրինձը, բամբակը և ընդեղենների ամեն տեսակները, իրանց բեղմնավորությամբ ներկայացնում են խիստ գոհացուցիչ առատություն. տեսնում է` մրգաբեր այգիները լիացած են պտուղների ամենաազնիվ տեսակներով. տեսնում է` խոտավետ արոտամարգերի վրա արածում են տավարների նախիրներ և ոչխարների հոտեր, մի խոսքով, նա տեսնում է, որ բնությունը անխնա առատությամբ թափել է այստեղ իր հարստությունները: Նա սկսում է մտածել. «ո՜րքան բախտավոր ապրում են այստեղ մարդիկ»... Իսկ այդ ճոխությունները, բնության այդ պարգևները չեն պատկանում այն բյուրավոր աշխատող ձեռքերին, որոնք դաշտերի վրա, արևի կրակոտ բոցերի մեջ քրտինք են թափում:

Ահա գյուղերում, այստեղ և այնտեղ բարձրանում են ամրոցներ, որոնք իրանց հպարտ աշտարակներով և ատամնավոր պարիսպներով իշխում են շրջակայքի վրա, նրանց մեջ բնակվում են «աղաները» իրանց ախտերով և մոլություններով, ահա նրանց է պատկանում երկրի բոլոր բեղմնավորությունը, նրանք են շռայլում մշակ մարդու աշխատավոր ձեռքի վաստակը:

Երեխայությանս ժամանակ, երբ ես որևիցե անկարգություն էի անում, տատս և մայրս ամեն մեկը իր առանձին եղանակն ուներ ինձ սաստելու, որ վախենամ և հանգիստ կենամ: Տատս ասում էր. «Սու՜ս, սու՜ս, մարդագելը եկավ, քեզ կտամ կուտի»: Մայրս ասում էր «Ձենդ կտրի՛, թե չէ, ֆերրաշին կկանչեմ»... Թե առաջին և թե վերջին սպառնալիքը իմ վրա միօրինակ ազդեցություն էին գործում. ես ֆերրաշից նույնքան էի վախենում, որքան գայլից: Բայց երբ փոքր-ինչ մեծացա, մարդագայլից այլևս չէի վախենում, որովհետև հասկանում էի, թե մարդը գայլ չի դառնա, բայց ֆերրաշի երկյուղը երբեք դուրս չեկավ իմ սրտից... Ինձ թվում է, որ այս րոպեիս էլ լսում եմ նրա մտրակի ձայնը ինձ թվում է, թե իմ ականջին զարկում են գյուղացու ցավալի հառաչանքները, և ես տեսնում եմ նրան թուլացած, ուշաթափ եղած հարկապահանջի անգութ գանահարությունից...

Քեռուս տունը, ուր տեղափոխվեցանք մենք, մեզ հասած դժբախտությունից հետո, գտնվում էր Քոհնա Շահարում: Քոհնա Շահար նշանակում է հին քաղաք. այսպես կոչում էին նրան Սալմաստա նոր քաղաքից որոշելու համար, որի անունը Դիլիման էր: Հին քաղաքը կորցրել էր իր անունը: Շատ հավանական է, որ դա լիներ մեր Զարեհավանը կամ Զարեվանդը, որի անունով մի ժամանակ կոչվում էր ամբողջ գավառը:

Այս քաղաքում բնակվում էին չորս ազգություններ` հայ, թուրք, ասորի և հրեա. յուրաքանչյուր ազգություն զետեղված էր առանձին թաղերում: Հայերը ունեին երկու եկեղեցի, իսկ ասորիները` մեկ: Հին քաղաքը արժանի էր իր կոչմանը, այստեղ, կարծես, մի քանի քաղաքներ շինված էին մինը մյուսի վրա: Նոր շենք կառուցանելու համար նյութեր պետք չէին. քանդում էին գետինը և հողի տակից դուրս էին բերում ահագին քանակությամբ աղյուս, կոփածո քարեր, և շատ անգամ բացվում էր մի ընդարձակ, ստորերկրյա բնակարան: Ո՜րքան փորձանքներ, ո՜րքան հեղափոխություններ պետք է կրած լիներ այդ քաղաքը. ո՜րքան ազգեր այնտեղ բնակվել և անհետացել էին. իսկ հայը, նրա նախկին բնակիչը, դեռ մնում էր: Արաբներից մնացել էր մի լայնատարած գերեզմանատուն միայն, գեղեցիկ զարդարած տապանաքարերով:

Քաղաքի բոլորովին սպառված մի անկյունումն էր գտնվում քեռուս տունը, մեծ հեղեղատի ափի մոտ: Այդ հեղեղատը գարնան անձրևների ժամանակ հորդանում էր, և քանդելով ավերակները, բերում էր իր հետ զանազան հնություններ: Ես շատ ուրախ էի լինում, երբ հեղեղը փոքրանում էր, որովհետև մեր դրացի երեխաների հետ գնում էինք գետի ափերի մոտ և ավազների միջից գտնում էինք հին դրամներ, կանանց զարդեր, և վաճառելով հրեա ոսկերիչներին, փող էինք ստանում:

Հայերի տները թեև փոքրիկներ էին, բայց հովանավորված պարտեզներով և ծառերով, գեղեցիկ տեսք ունեին: Բնակարանը, ասում են, խիստ խորին կապ ունի մարդու կյանքի ու բնավորության հետ: Այս մտքով, հայերի տների ձևը և նրանց ներքին ու արտաքին դիրքը, ոչ միայն մեծ նշանակություն ունեին բնակիչների ճաշակի մասին, այլ առավելապես արտահայտում էին նրանց վիճակը և հասարակական դրությունը: Տները շատ սերտ և անմիջական կերպով կցած էին մինը մյուսի հետ, այնպես, որ տանիքերի վրայով կարելի էր հայոց թաղի մի ծայրից մինչև մյուսը գնալ: Բոլոր տները ունեին գաղտնի հաղորդակցություն: Այդ հաղորդակցությունը պահպանվում էր զանազան ծակերի միջոցով, որ բացված էին մի տանից մյուսի մեջ: Ծակերը բացված էին աննկատելի տեղերում: Նրանցից շատերը այնքան նեղ էին, որ մի ձեռք միայն կարելի էր անցկացնել, և ծառայում էին ավելի բանավոր հաղորդակցության համար: Երբ պատահում էր մի անսովոր դեպք, մի քանի րոպեի մեջ թաղի մյուս ծայրում արդեն գիտեին: Ամեն մի լուր, ամեն մի խոսք, ծակերի միջոցով, կայծակի արագությամբ տարածվում էր ամբողջ թաղի մեջ, առանց մի մարդ իր տանից դուրս գալու: Ծակերից շատերն այնքան մեծ էին, որ կարելի էր, մանավանդ վտանգի ժամանակ, մի տան կայքը թաքցնել կամ տեղափոխել մյուսի մեջ, և կամ հարևանի մոտ ապաստան գտնել: Թաքստի համար յուրաքանչյուր տան մեջ կային ստորերկրյա մառաններ, որոնց գաղտնի մուտքը միայն տան տիրոջն էր հայտնի:

Ասեցի, հայոց թաղի բոլորովին սպառված ծայրումն էր քեռուս տունը, ուր մենք պատսպարան գտանք մեզ հասած դժբախտությունից հետո, այսինքն այն օրից հետո, երբ հորս պարտատերերը մեզ արտաքսեցին հայրենական տնակից: Ամենօրյա երկյուղը, գողերի և ավազակների հարձակումների հաճախ կրկնությունը ստիպել էին կանգնել տան շրջապարիսպը, որքան կարելի է, բարձր և հաստ պատերով, որոնք անձրևից և խոնավությունից ստացել էին մուգ-կանաչ գույն: Ժամանակի ավերող ձեռքը կիսով չափ մաշել էր շրջապարիսպի վերին մասը, բայց նա տակավին այնքան բարձրություն ուներ, որ կարող էր ընդդիմադրել ամենահանդուգն հարձակման: Պատերի քայքայված ճեղքերից բուսել էին մացառներ փշոտ ոստերով և մանրիկ տերևներով, որոնց միջից կանաչ մողեսները շատ անգամ դուրս էին նայում իրանց նենգավոր աչիկներով: Բայց ես մողեսներից չէի վախենում, երբեմն ձեռքով բռնում էի նրանց. ես վախենում էի միայն օձերից, թեև նրանք այնքան ընտելացած էին մեզ հետ, որ երբեք չէին կծում: Քեռուս տան մեջ այդ օձերի մասին պահված էին խիստ հետաքրքիր ավանդություններ. պատմում էին, թե նրանք թագավոր և թագուհի ունեն, թե երկուսի գլուխներն էլ գարդարած են ոսկի պսակներով, որոնք կրում են իրանց վրա աշխարհի ամենաթանկագին գոհարները: Ասում էին, թե իմ մեծ քեռին շատ անգամ տեսել էր նրանց, բայց չէր կամեցել խլել նրանց պսակները, որովհետև այդ օձերի հետ մի դյութական կապով կապված էր նրա տան բախտավորությունը:

Գլխավոր դուռը ներս էր տանում դեպի բավական ընդարձակ բակը, որ հովանավորված էր դարևոր թթենիներով և կեռասենիներով: Բակի մեկ ճակատում արևելյան ճաշակով շինված էին մի քանի մեծ և փոքրիկ սենյակներ, հնացած, քայքայված, և միայն իրանց ծերության մեջ պահպանած հնության պատկառանքը: Այս տունը շինված էր այն ժամանակ, երբ քեռուս պապը քաղաքի նշանավոր և հարուստ բնակիչներից մեկն էր. հարյուրավոր տարիներից հետո նա տակավին պահպանել էր վաղեմի վայելչությունը: Ծառերի հետ փաթաթած խաղողի որթերը համարյա թե գրկում էին իրանց ծոցի մեջ այդ կիսանահապետական բնակարանը, որի նմանը անտառներում կամ լեռների խուլ ձորերի մեջ միայն կարելի է տեսնել: Փողոցից հոսող վտակից բաժանված էր մի առվակ, որ անցնում էր բակի միջով և ոռոգում էր ոչ միայն պարտեզը, այլ պահպանում էր մի մշտական զովություն, որ ազատում էր բնակիչներին ամառային տոթերից:

Առհասարակ այդ հնացած և մաշված տունը իր ընդարձակությամբ դարձյալ մեծ հարմարություն ուներ քեռուս հոյակապ ընտանիքի համար, որ կազմված էր բազմաթիվ անդամներից: Մեծ քեռիս, այսինքն մորս հայրը, դեռ կենդանի էր. նրան բոլորը դա-դա (հայր) էին կոչում: Նա հինգ որդի ուներ, բոլորը ամուսնացած, բոլորը բազմաթիվ չափահաս և անչափահաս զավակների տեր էին: Մայրս իր եղբայրների միակ քույրն էր: Առհասարակ մի հատիկ քույրը միշտ սիրելի է լինում իր եղբայրներին, բայց մորս վերաբերությամբ ընդհակառակն էր պատահել: Մայրս այն հազվագյուտ բնավորություններից էր, որին անկարելի էր չսիրել: Բայց ի՞նչ էր պատճառը, որ նրա և իր ազգատոհմի մեջ տիրում էր մի տեսակ խուլ սառնասրտություն, մի տեսակ ծածուկ անհամակրություն, որը իսկույն աչքի էր զարկում: Այստեղ մի գաղտնիք կար, որ ինձ համար այն ժամանակ անհասկանալի էր, թեև ես չէի կարող չնկատել, որ քեռիներս խիստ անտարբերությամբ ընդունեցին իրանց քրոջ ամուսնու մահվան ցավալի բոթը, և կարծես ուրախ լինեին, որ աստծու արդար դատաստանը վերջապես պատժեց նրան: Այդ էր պատճառը, որ մեզ պատահած դժբախտությունից հետո մայրս խիստ դժվարությամբ հանձն առեց իր եղբայրների մոտ բնակվիլ, և եթե անճարությունն ու աղքատությունը չստիպեր նրան, գուցե այդ ծանր զիջողությունը չէր անի:

Քեռուս տան այն մասը, ուր տեղավորեցին մեզ, բոլորովին զուրկ էր ծառերից: Այստեղ գտնվում էր ախոռատունը, որի բակի մեջ կար փոքրիկ խրճիթ բաղկացած մի սենյակից և նախասենյակից, որ շինված էր ծառաների համար: Եվ որովհետև այժմ քեռիս ծառաներ չուներ, խրճիթը մնացել էր բոլորովին անբնակ. այնտեղ պահում էին տան կոտրատված և անպիտանացած կարասիքը: Այդ մթերքներին փոխարինեցինք մենք, որ մեր վիճակով շատ չէինք տարբերվում նրանցից: Այնուամենայնիվ, մենք գոհ մնացինք մեր բախտից, մաքրեցինք խրճիթը իր հին ապականությունից, շինեցինք և սարքեցինք նրան, թեև քայքայված առաստաղը և խարխուլ պատերը բոլորովին անզոր էին անձրևի հոսանքի առաջը առնելու, կամ պահպանելու մեզ վատ եղանակից:

Be the first who will comment on this

Other parts of "Կայծեր"

Yatuk Music
Old day's song
Tigran Mansuryan

Old day's song

The disaster of war
The disaster of war
Play Online