Raffi
Կայծեր
1 - ԺԵ, ԺԶ
ԺԵ
ՈՐՍՈՐԴԻ ՏՆԱԿԸ
Գիշերը մոտենում էր իր վախճանին, երբ հասանք Կ... գյուղը, որ գտնվում էր Դուշմանա լեռների մեջ: Անդադար հարձակումները այդ լեռներից Սալմաստ գավառի վրա` առիթ էր ավել տեղացիներին այսպես կոչել նրանց: Դուշմանա լեռներ նշանակում է թշնամու լեռներ:
Գյուղից դուրս, բլուրի վրա, միայնակ կանգնած էր փոքրիկ տնակ, որի պատուհաններից մեկը այն ուշ գիշերային պահուն լուսավորված էր մռայլ լուսով: Աղոտ լույսը քաշեց մեր քարավանը դեպի իր կողմը: Մենք կանգնեցանք մի քանի քայլ հեռու, միայն Կարոն մոտեցավ տնակին: Չգիտեմ նա ի՞նչ խոսեց, ի՞նչ ասաց, միայն այն տեսա, քանի րոպեից հետո բակի դռները բացվեցան, շեմքի վրա հայտնվեցավ մի ահագին կերպարանք ճրագը ձեռին: Որքան և նսեմացած լիներ իմ հիշողությունը, դարձյալ ես այն կերպարանքի մեջ ճանաչեցի որսորդ Ավոյին:
Կարոն նշան արեց իր ընկերներին, բոլորը մոտեցան: Մեր առաջին հոգսը եղավ հանգստացնել ձիաները: Ախոռատան քնաթաթախ սպասավորին, երևի, շատ հաճելի չեղավ տարաժամ հյուրերի այցելությունը. նա մրթմրթալով դուրս եկավ իր դարանից, «Ո՞ր սատանան էս վախտը դուրս կգա իր բունից» խոսեց քնթի տակից և սկսեց ձիաները ներս քաշել դեպի փարախը: Դա իմ նախածանոթ Մըհեն էր, որ առաջ աջակցում էր Ավոյին նրա որսորդությունների մեջ, իսկ այժմ մի աստիճան ևս բարձրացել էր իր պաշտոնի մեջ, դառնալով անասունների վերակացու: Տղերքը այն աստիճան սովորած էին նրան, որ ամենևին ուշադրություն չդարձրին նրա դժգոհությանը և պատվիրեցին շատ գարի և դարման տա ձիաներին:
Մըհեն գիտե, ասել պետք չէ, քսան տարի է, Մըհեն ձիաների հետ գործ ունի, պատասխանեց նա խռպոտ ձայնով և դիմեց դեպի մարագը:
Որսորդի տնակը, բացի ախոռատնից, բաղկանում էր մի քանի փոքրիկ սենյակներից, որոնցից մեկը պատրաստված էր հյուրերի համար. երբ ճրագ վառեցին, ամենքը հավաքվեցան այնտեղ: Շուտով հայտնվեցավ և տանուտերը, որ բակում Կարոյի հետ մեզ անլսելի ձայնով խոսում էր:
Դ՛ե , շուտ, Ավո, տղերքը ուտել են ուզում, դարձավ դեպի նա Կարոն:
Գայլի նման, վրա բերեց Սագոն, ինչ «հոգու բաժին» ունես, ամենը, ամենը բե՛ր:
«Տարաժամ հյուրը իր բախտից պետք է գանգատվի», պատասխանեց որսորդը թուրքերեն առածով: Աստուծո տվածից ինչ ունեմ, կբերեմ:
Ո՞ւր են, ոչ մեկը չէ երևում, հարցրեց Ասլանը:
Հասոն դաշտումն է, նա իր անասուններն է պահում. անիծված քրդերը իստակ կատաղել են, հենց որ աչքդ հեռացնում ես, էլ ապրանքիդ տերը չես: Մարոն քնած է, ես նրան կզարթեցնեմ:
Նա դուրս գնաց ընթրիք պատրաստել տալու:
Ես մնացի աննկատելի: Ընկերներիցս ոչ ոք չխոսեց որսորդի հետ իմ մասին. իսկ ես ամաչում էի, որ մոտենամ, նրա ձեռքը համբուրեմ ու ասեմ` ես քո Ֆարհատն եմ, դու միշտ սիրել ես ինձ:
Բայց ինչո՞ւ ես .այնքան ուրախացա, երբ նա խոստացավ զարթեցնել Մարոյին, ինչո՞ւ իմ աչքերն այնպես անհամբերությամբ նայում էին դեպի դուռը, որտեղից նա պետք է ներս մտներ: Ա՜խ, ո՛րքան սիրելի է լինում մանկության ընկերը, մանկության անմեղ բարեկամը:
Տղերքը մի կողմ դրեցին իրանց զենքերը, նստեցին բուրդից գործած թանձր օթոցների վրա, որոնցով ծածկված էր սենյակի հատակը: Շատ չանցավ, ներս մտավ մի աղջիկ, որ ձեռքով երկու կողմից բռնած, բերում էր մի մեծ պղնձե սինի, որի վրա դրած էին` լավաշ, պանիր, եղջերուի սառը միս, մածուն, կարագ և լեռնային զանազան բանջարներ: Նա լուռ մոտեցավ, դրեց սինին հյուրերի առջև և նույնպես լռությամբ հեռացավ, առանց աչքերը այս կողմ կամ այն կողմ դարձնելու: Տղերքը բարևեցին նրան մի քանի սրախոսություններով, բայց նա ոչ մեկին չպատասխանեց:
Նա Մարոն էր:
Ամբողջ տասներկու տարի էր, որ չէի տեսել նրան: Ո՜րքան մեծացել էր նա, ո՜րպիսի ծանր կերպարանք էր ստացել այն մշտազվարթ, պայծառ դեմքը, որից մանկական ժպիտը երբեք պակաս չէր լինում: Տարիները փոխել էին նրան, փոխել էին դեպի ավելի գեղեցիկը և ավելի սքանչելին: Մարոն կրկին վերադարձավ. այս անգամ բերեց մի ահագին խեցեղեն ամանով գինի: Նրա աչքերը հանդիպեցան իմ աչքերին և խաղաղ դեմքի վրա երևաց խռովության նման մի բան: Նա իսկույն դուրս վազեց, երևի, հորը իմացում տալու իմ մասին:
Իմ ընկերները դեռ ինձ «մարդի» տեղ չէին դնում և այս պատճառով նրանցից ոչ մեկը չմտածեց ներկայացնել ինձ: Իսկ որսորդը այն աստիճան զբաղված էր իր հյուրերով, որ կամ չնկատեց ինձ, կամ տեսավ և չճանաչեց: Վերջինը ավելի հավանական էր:
Ո՞ւր է, ձայն տվեց նա, շփոթված ներս մտնելով: Ո՞ւր է Ֆարհատը:
Ես մոտեցա նրան:
Ֆարհատ ջան, դո՞ւն ես, քո հոգուն մատաղ, բացականչեց նա ինձ գրկելով, և ուրախության արտասուքը ցողվեցավ ալեխառն մորուքի վրա: Տղա՜ս, աստծու աչքը վրադ լինի, ո՛րքան մեծացել ես դու... ի՞նչ շնորհալի տղա ես դարձել... Կարո,որտեղի՞ց գտար դրան: Ես չէի ճանաչելու, եթե Մարոն չասեր:
Կարոն կարճ կերպով պատմեց, թե որտեղ և ինչ դրության մեք գտավ ինձ: Որսորդը սկսեց ծիծաղել:
Ես այդ սպասում էի, որ դու կփախչես այն անպիտանի մոտից, ասաց նա, բայց ափսո՜ս, որ երկար մնացիր այն «դժոխքի» մեջ:
Դժոխք կոչում էր որսորդը տեր Թոդիկի դպրոցին: Այդ խոսքը կրկին հիշեցրեց ինձ վաղեմի տանջանքները, որ առժամանակ մոռացության էի տվել:
Գեղեցիկ Մարոն հեռվից նայում էր հոր գգվանքին, կարծես, նա էլ ուզում էր մոտենալ ինձ, կարծես նրա փակված շրթունքի մեջ պահված էին ինձ համար մի քանի քաղցրիկ խոսքեր «ես էլ ուրախ եմ, Ֆարհատ, շա՛տ ուրախ, քեզ տեսնելու համար»...: Բայց ոչ, հայ աղջկա ամոթխածությունը երկաթի փականք էր դրել նրա լեզվին, ես այս խոսքերը կարդում էի նրա ուրախությունից պայծառացած երեսի վրա:
Որսորդը սկսեց այնուհետև հարցնել մորս մասին, քույրերիս մասին, թե որպես ապրում են նրանք, ինչ վիճակի մեջ են գտնվում, ով է հոգ տանում նրանց անբախտությանը: Քաջալերեց ինձ, թե ես կարող էի օգնել նրանց, մխիթարել մորս և մտածել քույրերիս բախտավորության մասին: Նա ավելացրեց, թե շատ ուրախ է, տեսնելով, որ ես ընկել եմ Կարոյի հասարակության մեջ և թե այդ ընկերությունը կարող էր օգտավետ վախճանի հասցնել ինձ: Հետո նա դարձավ դեպի Մարոն.
Դու ինչո՞ւ մոտ չես գալիս, չես հարցնում Մարիամի, Մագթաղի մասին: Չէ՞ որ նրանք քո հին քույրիկներն էին. ամեն օր մեկմեկու ծամեր էիք փետտում, մեկ-մեկու երես էիք ծվատում էլի բարիշում էիք: Այդպես չէ՞, իմ կատվիկ, մոռացե՞լ ես, հա՛:
Ես հիշեցի այն գիշերը, այն ձմեռային սարսափելի գիշերը, երբ մրրիկը դրսում կատաղաբար մռնչում էր և ձյունը առատորեն մաղվում էր երկնքից: Մենք նստած էինք գերեզմանի պես ցուրտ խրճիթի մեջ: Մայրս կարում էր, ես վառարանի մոտ քրքրում էր հանգած կրակը: Մարիամը և Մագթաղը քնած էին: Աշտանակի վրա յուղը սպառված ճրագը պլպլում էր, որպես մի շնչավոր, որ հոգեվարքի մեջ է գտնվում: Հանկարծ դևի նման ներս վազեց Մարոն, ճարպիկ, աշխուժով լի մի երեխա, որի անմեղ չարություններն անգամ սիրելի էին մեզ: Ես հիշեցի, թե որպես քարշ ընկած մորս պարանոցին, հիմար-հիմար շատախոսում էր նա և տաք-տաք համբուրում էր մորս երեսը: Նա ուրախանում էր, որ ձյուն է գալիս, և մի առանձին երեխայական ոգևորությամբ ասում էր, վաղ առավոտյան կվազվզե նրա մեջ: Ես հիշեցի, թե որպես նա հարձակվեցավ քնած Մարիամի վրա, իր փոքրիկ ճանկերով բռնեց նրա կոկորդից, և կրկին կայծակի արագությամբ դուրս փախավ մեր խրճիթից:
Կրկին տեսնում էի այն կյանքով լի, վայրենի երեխային, այժմ հասուն, վայեչուչ կազմվածքով, կանգնած էր իմ առջև որպես մի լեռնային հրեշտակ: Նույն հրեղեն աչքերը և այժմ վառվում էին լի գեղեցիկ վրդովմունքով, նույն սևուկ երեսը իր դիվական ժպիտով և այժմ կախարդիչ էր:
Չնայելով հոր խոսքերին, Մարոն չմոտեցավ ինձ. միայն ծիծաղեց և սենյակից դուրս գնաց, հյուրերի համար մի նոր բան բերելու: Ամոթխածությունը ավելի իմ կողմի՞ց էր, թե նրա կողմից, չեմ հիշում, միայն երկուսիս լեզուն էլ պապանձված էր: Ես չգիտեի, ինչ խոսել նրա հետ, դրա համար շատ ուրախացա, երբ Մարոն իր հեռանալով դուրս բերեց ինձ իմ նեղ դրությունից: Ես այն ժամանակ միայն զգացի իմ անշնորհքությունը, թե ո՛ր աստիճան անկիրթ էի, թե որքան կոշտ և կոպիտ պատրաստել էր ինձ դպրոցը:
Տղերքը հավաքվեցան ընթրիքի սեղանի շուրջը: Ավոն նույնպես նստեց մեզ մոտ: Մարոն սպասավորություն էր անում, անդադար ուտելիքներ և ըմպելիքներ ներս բերելով և դուրս տանելով: Երևում էր, որ տանուտերը առաջուց գիտեր իր հյուրերի գալուստը և կանխապես պատրաստություններ էր տեսել նրանց համար: Գյուղական ամեն տեսակ բարիքներից, ինչ որ կարող է մատակարարել երկրագործի և խաշնարածի տնտեսությունը, գտնվում էր սեղանի վրա:
Ընթրիքի ժամանակ ես դեռ նոր զննեցի ծերունի որսորդի, խորշոմներով պատած դեմքը, նրա գլխի և մորուքի ալևորած մազերը, որոնք առաջ, իմ տեսած ժամանակը, բոլորովին թուխ էին, իսկ այժմ այն երկաթի մարդը ծերացել, շատ և շատ փոխվել էր: Նա պահպանել էր միայն իր վաղեմի աշխույժը, եռանդի կենդանությունը և հոգու ազնվությունը, որպես մի բույս, որ թառամած, ցամաքած դրության մեջ ևս պահպանում է իր անուշահոտությունը:
Ֆարհատ, ասաց նա ինձ, երբ առավոտյան լույսը կծագի, կասեմ Մարոյին քեզ տանե մեր լեռների վրա ման ածե, և դու կտեսնես, թե ո՜րքան գեղեցիկ են մեր լեռները:
Իմ սիրտը թնդաց ուրախությունից, ես շատ էի սիրում լեռը. որպես դաշտային երկրի բնակիչ, լեռը միշտ ինձ վրա մի առանձին դյութական տպավորություն էր գործում: Բայց իմ ուրախությունը կրկնապատիկ եղավ, երբ մտածում էի, թե Մարոն պիտի առաջնորդե ինձ իմ լեռնային զբոսանքի ժամանակ: Ա՜խ, ե՛րբ պիտի լուսանար այդ գեղեցիկ առավոտը: Համոզված էի, որ Մարոն երկար պիտի խոսեր ինձ հետ, շատ բաներ պիտի հարցներ քույրերիս մասին, մորս մասին, իր բոլոր հին ծանոթների մասին: Բայց դեռ բավական ժամանակ կար մինչև առավոտը. աքաղաղները դեռ նոր էին սկսել երկրորդ անգամ կանչել:
Կ. գյուղը, ուր բնակվում էր ծերունի որսորդը, գտնվում էր Դուշմանա լեռների վրա, որոնք կազմում էին մի շղթա, որ բաժանում էլ Սալմաստը Հաղբակից: Վասպուրականի սարոտ գավառներից մեկն է Հաղբակը, որ իր երկարատև ձմեռով և հովասուն ամառով, թեև ավելի հարմարություն չունի երկրագործության, բայց իր խոտավետ արոտներով խիստ նպաստավոր է անասնապահության, որը ժողովրդի գլխավոր պարապմունքն է: Ամենաջերմ ամառները միայն կարող են հալել մշտական ձյունը սարերի գագաթից. օդը տոգորված է կազդուրիչ խոնավությամբ, և ձորերի միջով վազող վտակները և աղբյուրները երբեք չեն ցամաքում:
Հաղբակա սարերի վրա և ձորերի մեջ ցրված են հայոց բազմաթիվ գյուղեր, որոնք ներկայացնում են մարդու կեցության խորին-նախնական դրությունը: Գետնափոր տները` զանազան ոլորմոլոր ուղղությամբ` տարված են հողի տակով և ձևացնում են կատարյալ լաբիրինթոս. նրանց մեջ իրանց անասունների հետ բնակվում են մարդիկ պարզ, խաղաղական կյանքով: Ամենափորձյալ աչքն անգամ չէ կարող որոշել գետնափոր խրճիթները հողի տափարակ մակերևույթից, միայն վաղորդյան ծուխը, երթիկների ծակերից դուրս հոսվող ծուխը հիշեցնում է` թե այն ստորերկրյա խորշերի մեջ ապրում են մարդիկ...
Գարնան սկզբից բնակիչները իրանց հոտերի հետ գաղթում են դեպի հեռավոր սարերի արոտները, այնտեղ ապրում են վրանների տակ մինչև աշնան վերջը: Գյուղերը համարյա թե դատարակվում են տղամարդերից, գերդաստանի ծերունիքը միայն մնում են հսկելու տներին, որ ազատ պահեն նրանց չար ձեռքերի հրդեհելուց:
Բացի հայերից, Հաղբակա սարերի վրա թափառում են քրդերի զանազան խաշնարած ցեղեր, որոնք չունեն հաստատ բնակություն, այլ տարվա տաք ամիսները անցուցանում են բաց օդի տակ, իսկ ձմեռը զետեղվում են հայերի գյուղերում, և ամեն մի հայ ընտանիք պարտավորված է պահել մի քանի քուրդ գերդաստան նրանց անասունների հետ: Ծանրությունը և նեղությունը, որ կրում են հայերը այդ ինքնակոչ հյուրերից, հասնում է վերին աստիճանի անախոոժության: Թողնենք այն, որ տանտիրոջ կացարանն իր համար ևս նեղ և անբավական է, ուր մնաց որ նա ավելորդ մարդիկ ընդուներ յուր խրճիթի մեջ: Բայց անտանելին այն է, որ շատ անգամ ձմեռը տևում է ավելի երկար քան թե սովորականը, քուրդը սպառնում է իր պաշարը, այն ժամանակ հյուրընկալը պարտավոր է խնամել նորան և նրա անասուններին, մինչև սարերից ձյունը բարձրանա, խոտերը բուսնեն, և նա կարողանա այնուհետև ապրել աստուծո սեղանից: Տանուտիրոջ մի փոքր ընդդիմադրությունը կարող է նրա կյանքը վտանգի մեջ գցել հյուրի կողմից, որի զենքերը մարմնի անբաժան մասն են կազմում, և նրանց իր կրքերին համաձայն գործածելը` չէ արգելում ոչ մի օրենք և ոչ մի իրավունք:
Այս կիսավայրենի ազգը, որ կառավարվում է իր բեկերով և շեյխերով, պահպանել է բոլոր բարբարոսական հատկությունները մի ժողովրդի, որ չէ խոնարհվում ոչ մի իշխանության, և իր ազատությունը գտնում է իր սրի և իր կոպիտ բռնակալական ուժի մեջ: Իսկ նույն բռնության անբախտ զոհը է մի ազգ, որ վաղուց կորցրել է իր սուրը, որի մեջ վաղուց սպանվել է ազատության և ինքնապաշտպանության ոգին, որ իր գլուխը ամենայն հնազանդությամբ խոնարհեցնում է ամեն մի անիրավ ձեռքի ներքո...
ԺԶ
ՍԻՐԱՀԱՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ
Մյուս օրը ես զարթեցա խիստ ուշ: Ճանապարհի հոգնածությունը, որ առաջին անգամն էր իմ կյանքում, բաշխել էր ինձ հանգիստ և երկարատև քուն: Ընկերներիցս ոչ մեկը չկար այնտեղ, ես մենակ էի մնացել քնարանում: Իսկույն հագնվեցա և դուրս եկա, որ տեսնեմ ո՞ւր են գնացել նրանք:
Գեղեցի՜կ էր լեռնային առավոտը. ճնճղուկները տակավին չըկչըկում էին վարսագեղ ուռիների վրա, որոնցմով հովանավորված էր որսորդի տնակը, և արևի առաջին ճառագայթներով լուսավորված բակում հավերն ախորժանոք քաղում էին գետնից հունդերի հատիկները, որ ցրվում էր Մարոն:
Դուրս գալով իմ սենեկից, ես առաջին անգամ նկատեցի, որ Ավոյի տնակը թե իր շինվածքով և թե մաքրությամբ համարյա մի պալատ էր, գյուղի մյուս խրճիթների հետ համեմատելով: Նա կանգնած էր գետնի մակերևույթից բավականին բարձր. պարունակում էր իր մեջ մի քանի փոքրիկ սենյակներ, նեղ պատուհաններով, ուր ապակու փոխարեն լուսամուտները պատած էին թղթով: Պատերը թե ներսից և թե դրսից ծեփած էին սպիտակ կավով, որոնք շատ կոկելուց մի առանձին փայլ էին ստացել: Խրճթի մեկ մասը բաժանած էր անասունների համար, այնտեղ զետեղված էին` ախոռը, մարագը և ոչխարների գոմը:
Մարոն ինձ տեսնելով, մոտ վազեց և հեգնական ժպիտը երեսին, ասաց.
Տե՛ս, նրանք գնացին, քեզ այստեղ թողեցին, ի՜նչ տղա ես, այսքան էլ կքնե՞ն. կասես թե, շատ ճանապարհ է եկել, մի օր և կես, այն էլ ձիով, դրա համար հոգնել է... Ծո՛ւյլ: Ես ոտով մինչև Բարդուղիմեոս գնացի, ինչքան հայրիկն ասաց, ձին չնստեցի, ուխտ էի արած: Երբ այնտեղ հասանք, չես հավատա Ֆարհատ, ողջ գիշերը չքնեցի, հենց պար էի գալիս և թռչկոտում...: Ա՜խ, ի՜նչ լավ էր այն գիշերը, ափսոս այնտեղ չէիր, Ֆարհատ: Ուխտավորները հենց ածում էին, ածում, «ջան գյուլում» ասում, ու խաղում էին մինչև լույս...:
Որքան ինձ ախորժելի էր լսել Մարոյից նրա ուխտագնացության ուրախալի, միևնույն ժամանակ անկապ պատմությունը, այսուամենայնիվ ես անհամբերությամբ նրա խոսքը կտրեցի, հարցնելով, թե ո՞ւր գնացին տղերքը և ինչո՞ւ ինձ թողեցին:
Նա ասաց, թե տղերքը տեսնելով, ես քնած եմ, թողեցին հանգստանալ, իրանք գնացին որսորդության. թե նրանք պատվիրեցին Մարոյին հայտնել ինձ` եթե ես ցանկություն կունենայի մասնակցել որսորդությանը, կարող էի գտնել նրանց Խանա-Սորի ձորի մեջ:
Կուզե՞ս ասեմ, որ Մըհեն քո ձին թամքե, հարցրեց Մարոն: Դու մի բան չե՞ս ուտի, ճանապարհը հեռու է, մինչև Խանա-Սորի ձորը, շատ հեռու է, կքաղցես: Ես հիմա կաթը տաքացրի, սերը քեզ համար պահեցի: Կուտե՞ս բերեմ:
«Քեզ համար պահեցի»... այս խոսքերը հնչեցին իմ ականջին, որպես քրոջ խոսքեր իրանց բոլոր անուշահոտությամբ: Նա դեռ մտերիմ էր ինձ հետ, որպես առաջ, երբ դեռ երեխա էր, երբ իրանց տանից կերակուր էր բերում մեզ, որը բարի որսորդը բաժանում է իր աղքատ դրացու հետ:
Բե՛ր, կուտեմ, պատասխանեցի ես: Ինչո՞ւ հենց «ինձ համար» սերը, հարցրի հետո:
«Լավ է նոր սատանան, քան հին քահանան», ասաց նա ծիծաղելով: Կարոն և Ասլանը էլ այնքան երեսի տեղ չունեն, Սագոն խո զահլա է տանում. ես նրան համբերել չեմ կարող: Բայց մենք վաղվա ընկերներ ենք, այդպես չէ՞, Ֆարհատ:
Ես այդպես չէի մտածում, ես մտածում էի, երբ Մարոն ինձ տեսնե, կասե, դու իմ ընկերը չես, դու ինձ ծեծում էիր, երբ երեխա էի:
Ի՞նչ անենք, ես էլ Մարիամին ծեծում էի, մի օր երեսը ճանկռտեցի, արյուն դուրս եկավ. հիմա այնքա՜ն ուզում եմ, այնքան ուզում եմ, որ նրան տեսնեմ: Նա հիմա ինձ չի կանչի «բոշա». նա հիմա խելոքացել է, չէ՞, Ֆարհատ:
Ավելի, քան Մագթաղը: Բայց դու Մագթաղին շատ էիր սիրում:
Մագթաղը խեղճ երեխա էր, Մարիամը գազան էր. ա՜խ, աստված, մեկ օր չէր անցնի, որ մենք մեկ մեկու պատահելիս` չկռվենք: Ի՜նչքան հիմարներ էինք մենք...:
Վաղեմի հիշողությունները զարթնեցրին նրա մեջ տխուր զգացմունքներ, և ուրախ աղջկա պայծառ երեսը մռայլվեցավ սև թախիծներով:
Ա՜խ, ի՜նչ լավ էր Սալմաստը, Ֆարհատ, այն այգիները, այն պարտեզները... Այստեղ, այս սարերի մեջ մանր թուփերից ավելի ոչինչ չես տեսնի: Ա՜խ, ի՜նչ լավ էր այնտեղ:
Օ՜հ, ես իստակ մոռացա քո նախաճաշիկը... ասաց նա և վազեց դեպի մերձակա սենյակը:
Ես մտա քնարանը, որ միևնույն ժամանակ տանուտիրոջ հյուրանոցն էր: Խաթունը, ծերունի որսորդի տնակալուչ պառավը, արդեն հավաքել էր իմ քնաշորերը և սենյակը սարքել էր: Պառավի հնացած աչքերը չկարողացան ճանաչել ինձ. նա խիստ կարճատես կերպով նայեց իմ երեսին, ինչ-որ փնթփնթաց քթի տակից, և դողդոջուն քայլերով դուրս գնաց:
Քանի րոպեից հետո, փոքրիկ փայտյա մատուցարանի վրա դրած, Մարոն ներս բերավ իմ նախաճաշիկը, որ բաղկանում էր սերից խառն մեղրի հետ. ես սկսեցի ուտել սպիտակ լավաշներով: Մարոն կանգնած էր իմ մոտ և պտտեցնում էր յուր «թեշին»: Կարծես, այն գեղեցիկ մատները չէին սովորել անգործ մնալ:
Ֆարհատ, դու շուտով չես գնա մեր տանից. այդպես չէ՞, հարցրեց նա շարունակելով «թեշին» պտտեցնելը: Ի՜նչ վատ բուրդ է, սատանան տանե, որքան աշխատում ես բարակ մանել, գլուխ չէ գալիս:
Դու ուզո՞ւմ ես, ձեզ մոտ մնամ:
Ինչո՞ւ չեմ ուզում: Բայց այստեղ լավ չէ գյուղումը. ես հայրիկին կասեմ մեզ տանե «օբան», այնտեղ լավ է, շա՜տ լավ է չադրների մեջ: Առավոտյան վեր ես կենում, մտիկ ես տալիս չորս կողմդ, ամեն տեղ կանաչ է, ծաղիկները վառվում են ուլունքների նման, գառները, ոչխարները թրթռում են դեպի արոտները...:
Սույն միջոցին հայտնվեցավ Մըհեի վիթխարի կերպարանքը, նա կիսով չափ կռանալով, անցավ դռնից և կանգնելով շեմքի մոտ, ասաց.
Ձին հազիր է, և ծուռը կերպով նայելով Մարոյի երեսին, դուրս գնաց:
Ես հրացանս քաշ տալով ուսիցս, պատրաստվեցա ճանապարհ ընկնել:
Դու ճանապարհն իմանում ե՞ս, հարցրեց Մարոն:
Չեմ իմանում, բայց կգտնեմ:
Դժվար է: Ես քեզ կհասցնեմ մինչև «Ծակ-քարը», այնտեղից ուղիղ ճանապարհ կա մինչև Խանա-Սորի ձորը:
Հետո դու կարո՞ղ ես մենակ ետ դառնալ:
Ես գիշերն էլ չեմ վախենում, երբ սարերի վերա մենակ ման եմ գալիս, պատասխանեց նա ժպտալով:
Բայց ինձ այն ասա՛, նրանք ձիո՞վ գնացին:
Չէ՛, ոտով:
Ես ինչո՞ւ չեմ գնում ոտով: Մըհե, ինձ պետք չէ:
Ձի՜ն պետք չէ՛... կրկնեց վիթխարին, դժդոհությամբ իմ երեսին նայելով: Էդ պետք էր առաջ փիքր անել և սատանայի տանջանք չտալ մարդուն...:
Նա գի՞ժ է, ի՞նչ է, հարցրի Մարոյից, երբ ծառան հեռացավ:
Նա շատ լավ մարդ է, բայց կտրաքվի, թե մի բանի վրա չխոսա, երբ նրան դուր չէ գալիս:
Մի նեղ շավիղ, որ տանում էր դեպի Ծակ-քարը, ոլոր-մոլոր պտույտներով անցնում էր բլուրների միջով, անդադար դեպի վեր բարձրանալով և դեպի վայր իջնելով: Մարոն հագած ուներ մի պարզ, խայտաճամուկ զգեստ, որը կարելի էր տեսնել քուրդ հովվուհիների հագին: Նրա սև գանգուրները գեղեցիկ կերպով ծածանվում էին բարակ քամուց, որ փչում էր ծովակից: Ամենահամարձակ այծյամն այնպես թեթև, այնպես հանդուգն չէր կարող թռչել այն քարաժայռերի միջով, որպես Մարոն: Լեռնային օդը և շտապ ճանապարհորդությունը ազդեցին մանուկ օրիորդի երեսի վրա, և նրա արևից այրված թուխ-թավիշյա թշերը ստացան մույգ վարդագույն պայծառություն:
Ես բոլորովին հիացած էի այն կիսավայրենի լեռնաբնակի սիրուն և վայելուչ կազմվածքով, որ այնքան առաձգական էր և թեքուն: Ես երբեք երևակայել չեմ կարող այնպիսի գեղեցիկ աչքեր, մե՜ծ սևորակ աչքեր, հովանավորված խիտ թերթերունքով, այնպիսի գեղագրական հոնքեր, որոնք միանում էին խոտորնակի գծերով: Ո՜րքան ինքնավստահություն կար նրա համարձակ շարժվածքների մեջ. ո՜րքան կյանք կար այն բնության ազատ և հավատարիմ զավակի մեջ...: Ես իմ մտքում նրան համեմատում էի գեղեցիկ Սոնայի հետ, որի ամեն մի գծերից արտահայտվում էր ընտանեկան բռնությունից ճնշված և տանջված աղջկա երկչոտ-ամոթխածությունը... Մե՜ծ տարբերություն...:
Մի տեղ, ճանապարհի կողքին, կուտակված էր փոքրիկ բլուր, որ բաղկանում էր քարերի մանր կտորներից. հասնելով այնտեղ, Մարոն առեց գետնից մի քար և նետեց նույն բլուրի վրա: Ես հարցրի այս խորհրդական գործողության պատճառը: Նա պատասխանեց, թե այս բլուրին ասում են «սիրահարի գերեզման» և պատմեց մի հին ավանդություն, որպես թե, մի տղա և մի աղջիկ միմյանց շատ սիրելիս են եղել. հայրը չէ ուզեցել յուր աղջկան տղային տալ. նրանք միաբանվում են, և տղան մի գիշեր փախցնում է իր սիրուհին: Հայրն իմանում է, աղջկա ետնեն է ընկնում, և այս ձորի մեջ բռնելով առանց մի խոսք ասելու իր խենջարը խրում է նրա սիրտը և սպանում է: Տղան այս տեսնելով, չէ կարողանում համբերել իր կսկիծին, և մի ժայռի գլխից իրան վայր է գցում և մեռնում է: Մարոն ցույց տվեց բարձր ժայռը, որի մոտ նույնպես կուտակված էին մանր քարերի կտորտանք: Աղջկան թաղում են այնտեղ, ուր թափվել էր նրա արյունը, իսկ տղային այնտեղ, ուր ընկած էր նա ժայռից: Այն օրից նզովք էր դրվել, որ ամեն մի ճանապարհորդ, այնտեղից անցնելով, մի քար գցում է նրանց գերեզմանի վրա, ի նշան այն նախատինքին, որով այն աղջիկը մրոտեց իր հոր և մոր անունը:
Դու էլ այն աղջկան վա՞տ ես համարում, որ քարկոծում ես խեղճի գերեզմանը, հարցրի ես:
Մեկ աղջիկ, որ ուրիշ տղայի ետնեն է ընկնում, այդ վատ չէ՞ հարցրեց նա պինդ ձայնով:
Ապա ի՞նչ պետք է անե, երբ սիրում է տղային: Սիրելն ինչով է վատ:
Նա սկսեց ծիծաղել, որպես թե լսում էր ինձանից մի հիմար խոսք:
Աղջիկն ի՞նչպես կարող է սիրել տղային, երբ հերն ու մերը ատում են: Հա՛ թող սիրե, այդ ոչինչ, նրա կամքով խո չէ՞, որ օտարի տղայի ետևից թրև է գալիս: Ամոթ չէ՞:
Ես ուզեցի հերքել նրա ասածը, բայց նա իմ խոսքը կտրեց, և մի կծու խոժոռմունք գործելով յուր գեղեցիկ երեսի վրա, ասաց.
Է՜հ, դատարկ բաներ մի՛ խոսի, գլուխս տանում ես...:
Նա վազեց առաջ:
Ճանապարհը Մարոյի համար սովորական լինելով, չէր զգում նրա երկարությունը: Ես համարյա թե հոգնեցա: Բարձրանալով բլուրի գագաթին, նա կանչեց.
Դիբո՜, Դիբո՜:
Նրա զիլ և ձգական ձայնը արծաթե հնչյուններով տարածվեցավ հեռու սարերի մեջ:
Հանդիպակած բլուրի ետևից հայտնվեցան մի քանի փոքրիկ կերպարանքներ, որոնք թռչկոտելով և ճիչ բարձրացնելով, վազեցին Մարոյի առաջ: Դրանք երեք կիսամերկ աղջիկներ էին, այնտեղ արածացնում էին Կ. գյուղի ուլերը և գառները: Մարոն բաժանեց նրանց հաց և պանիր, որ բերել էր իր հետ: Փոքրիկ հովվուհիքն ուրախությամբ ընդունեցին առատ նվերը բարերար ձեռքից և իսկույն սկսեցին ուտել:
Ես խոսեցրի մեկին, որին Մարոն կոչում էր Դիբո:
Ի՞նչ կանես, եթե գայլը քո գառներից մեկը գողանա:
Սորոն չի թողնի, պատասխանեց փոքրիկ հովվուհին, խոժոռած աչքերով նայելով իմ երեսին:
Ո՞վ է Սորոն:
Նա փոխանակ պատասխանելու, երեսը շուռ տվեց, և մատները բերնին դնելով, շվացրուց: Ժայռերի ետևից հայտնվեցավ կապտագույն շուն, որ մազոտ պոչը թափ տալով, վազեց Դիբոյի մոտ և խորին մտերմությամբ սպասում էր նրա հրամանին:
Տեսնելով գազանին, ես ետ քաշվեցա:
Մի՛ վախիր, քաջալերեց ինձ Դիբոն: Սորոյին կասեմ` քեզ չկծե:
Ես ծիծաղեցա: Մարոն գրկեց Դիբոյին, համբուրեց նրա այրված թշերը:
Այստեղից մենք կբաժանվենք, դարձա ես դեպի Մարոն:
Կուզե՞ս, քեզ կտանեմ մինչև Խանա-Սորի ձորը, ասաց նա ուրախ դեմքով: Վախենում եմ ճանապարհը կորցնես:
Ես պատասխանեցի, թե այդ խիստ դժվար կլիներ նրա համար, որովհետև արեգակն արդեն սկսել էր այրել, և խնդրեցի միայն ցույց տալ, թե ո՞ր կողմից պետք է գնալ: Նա այնպիսի ճշտությամբ նկարագրեց ճանապարհի ընթացքը, մինչ ես մտածում էի, թե աչքերս խփած կարող եմ գնալ: Երևում էր, այն լեռների բոլոր շավիղները, իրանց պտույտներով, իրանց ելևէջներով նրան ծանոթ էին: Նա գիտեր յուրաքանչյուր ժայռերը, աղբյուները, առվակները: Նա ճանաչում էր մինչև անգամ նշանավոր թուփերը:
Ես հեռացա: Մարոն երկար կանգնած «Ծակ-քարի» գլխին. հետազոտում էր իմ գնացքը, մինչև բլուրները թաքցրին իմ տեսությունից նազելի դեմքը: