Raffi

Կայծեր

1 - Գ, Դ

Գ

ՀԻՆ ՄԵՂՔԸ

Աշունը մոտենում էր իր վախճանին:

Այդ առաջին աշունն էր, որին հանդիպում էինք մենք, քեռուս տունը տեղափոխվելուց հետո: Դաշտերը ստանում էին տխուր և գունաթափ կերպարանք. կանաչ մարգագետինները, օրըստօրե դեղնելով, մեռելային դեմք էին կրում: Անխղճաբար փչում էր սառը քամին և թափում էր մերկ ծառերի մնացած տերևները: Երկնքի խոժոռ և մոխրագույն դեմքի վրա գլորվում էին մթին ամպերի ահագին բեկորներ և արգելում էին արևի թույլ ճառագայթները: Խիստ տխուր եղանակով լսելի էր լինում կռունկների խուլ կռնչյունը, որոնք բարձր եթերքի միջով, եռանկյունի շարքերով, դիմում էին դեպի օտար աշխարհ: Ծիծեռնակներ ամենևին չէին երևում. նրանք վաղուց էին գաղթել: Միայն մրջյունները խիստ եռանդով կրում էին դեպի իրանց ամբարները ընդեղենների զանազան տեսակներ: Ամեն արարած պատրաստվում է ընդունել ձմեռը իր անախորժ հյուրը:

Այս օրերը սակավ հոգսեր չպատճառեցին մորս: Ձմեռը, աղքատների թշնամին, մեզ պատժելու համար էր գալիս:

Մայրս իր հոր տունը տեղափոխվելուց մի քանի օրից հետո հրաժարվեցավ կերակուրներ ընդունել նրանց սեղանից և ապրում էր իր անկախ աշխատանքով: Նա շուտով հաշտվեցավ իր նոր վիճակի հետ, չկամենալով ծանրություն պատճառել իր եղբայրներին, որոնց շատ հաճելի չէր իրանց գերդաստանի վրա ընդունած նոր բեռը: Մայրս աղքատություն շատ էր կրած, բայց երբեք իր տան չքավորությունը օտարներին հայտնած չէր, թե ինչպես է ապրում, կամ ինչ միջոցներով է պահում իր երեխաներին: Նա բավական հպարտ կին էր: Նա ամեն հույս դրած էր իր աշխատող ձեռքերի և աստծո վրա: Բայց աստված շատ անգամ թույլ է տալիս, որ դժբախտությունը մինչև վերջին ծայր տանջե մարդուն: Այդ անում է նա, որպես ասում են, արարածների համբերությունը փորձելու համար: Մորս համբերությունը երկաթի ամրություն ուներ: Բայց երկաթն էլ փշրվում է, երկաթն էլ խորտակվում է...

Ես երբեք չեմ կարող մոռանալ մորս արտասվալի աչքերը, երբ առաջին անգամ, ինձ և երկու քույրերիս իր հետ առնելով, գնացինք դաշտը, հնձած արտերից թափված հասկերը հավաքելու: Դա մուրացկանության առաջին քայլն է, որին ենթարկվում է պատվավոր աղքատը: Մենք մի ժամանակ արտեր ունեինք, հունձք ունեինք, և մեր հունձը հավաքելուց հետո խուրձերից ընկած հասկերը թողնում էինք աստուծու աղքատներին և երկնքի թռչուններին: Բոլո՜րը կորցրինք, և այժմ ստիպված էինք ուրիշի արտերից հասկաքաղ1 անել.... Արտերի կարճ խուզած տափարակի վրա, մխաթների նման վեր ցցված ձողերի սուր ծայրերը ծակծկում էին իմ և քույրերիս բոլորովին մերկ ոտները: Բայց մենք ցավ չէինք զգում: Մենք շատ ուրախ էինք և խիստ եռանդով կպանք գործին: Մարիամը և Մագթաղը իրանց մանրիկ ձեռներով հավաքում էին ընկած հասկերը և ինձ վրա ծիծաղում էին, որովհետև ես ծույլ էի: Նրանք փունջեր էին կապում հասկերից, և երկու քույրեր մրցություն էին անում, թե որը շատ կհավաքե: Խե՜ղճ երեխաներ, կարծես զգում էին, թե ձմեռը քաղցած կմնան, եթե այժմ պաշար չպատրաստեն: Մայրս նայում էր նրանց վրա և լաց էր լինում...

Երեկոյան ժամուն մեզանից ամեն մեկը իր հավաքածը կապեց շալակին, դարձանք տուն: Մարիամը և Մագթաղը իրանց բեռներով մի առանձին հպարտությամբ հանդիպեցին քեռուս երեխաներին, որպես անխոնջ մշակներ, որ դառնում էին դաշտից:

Այսպես ամեն օր, վաղ առավոտյան գնում էինք դաշտ հասկաքաղ անելու և երեկոյան վերադառնում էինք: Մեր խրճթի դռան առջև կազմվեցավ մի փոքրիկ դեզ հավաքած հասկերից: Այնուհետև սկսեցինք մեր կալը կալսել: Բայց նա այնքան մեծ չէր, որ հարկավոր լիներ կալսել ջարջառով: Մայրս սկսեց իր ձեռքով մանրել հասկերը մի հաստ փայտով, որը այնքան ծանր էր, որ ես դժվարությամբ կարողանում էի բարձրացնել: Երբ հարդը քամուն տվեցինք, մաքուր ցորենը հավաքեցինք թաղարների մեջ: Ձմեռվա մեր հացի պաշարը արդեն պատրաստ էր:

Դեռ մնում էր ամենահարկավորը վառելիքը: Մեր խարխուլ բնակարանի համար պետք էր բավական տաքություն, մանավանդ որ ձմեռը այս կողմերում խիստ սաստիկ է լինում: Մայրս այնքան զբաղված էր, որ ամենևին ժամանակ չուներ հոգ տանելու վառելիքի մասին. այդ պատճառով, այդ հոգսը մնաց իմ և քույրերիս վրա: Մայրս իր ձեռքով հյուսեց երեք փոքրիկ կթոցներ, մեկը ինձ համար, երկուսը Մարիամի և Մագթաղի համար: Տեսնելու էր, թե ո՛րպիսի ուրախությամբ մենք այդ կթոցները առնում էինք մեր ուսերի վրա և ամեն օր գնում էինք դաշտը. այնտեղ հավաքում էինք քակորներ, ծառերից թափված տերևներ, փուշ և մացառներ, և բերում էինք ձմեռը մեր խրճիթը տաքացնելու համար: Ա՜խ, ո՛րքան լավ բան է եղել աշխատությունը: Ես այնուհետև միշտ հարգանքով էի նայում այն քակորների կույտի վրա, որ ինքս էի հավաքել, և բարկանում էի, թե ինչո՞ւ խնայողությամբ չէին գործ ածում, թեև մորս խնայողությունը հասնում էր ժլատության:

Ձմեռվա մեր ապրուստը բավական ապահովված կլիներ, եթե մի մեծ դժվարություն դեռ մնացած չլիներ: Մայրս պետք է վճարեր հարկերի վերջին վեցամսյակը: Թեև մենք այժմ ոչ տուն ունեինք և ոչ տեղ, ոչ հող ունեինք և ոչ ցանք, բայց հարկը դարձյալ պահանջում էին: Պահանջում էին գլխավորապես հորս գլխահարկը: Մայրս ցույց էր տալիս այն նամակը, որ ստացել էր հորս մահվան մասին, և ասում էր, որ մեռելի համար հարկ չեն վճարում: Բայց նրան չէին լսում, պատասխանում էին, թե դուք խորամանկությամբ հնարել եք այդ նամակը, որ հարկ չտաք, թե նա դեռ կենդանի է: Մայրս աղաչում էր, որ փոքր-ինչ ժամանակ տան, մինչև կարողանա փող վաստակել և նրանց պահանջը լրացնել: Թեև ընդունվեցավ խնդիրքը, բայց շատ թանկ նստեց այն մի ամիս ժամանակը, որ շնորհեցին մեզ, որովհետև առանց կաշառքի չէր կարելի գրավել հարկապահանջների բարեսրտությունը: Այնուհետև մայրս գիշեր ու ցերեկ հանգստություն չուներ. ասեղը, ջահրեն և թեշին անդադար գործում էին:

Բայց Ի՞նչ կարող էր լինել մորս աշխատանքը, մանավանդ մի այնպիսի երկրում, ուր տիրում էր ընդհանուր աղքատություն, ուր ամեն մարդ ինքն էր կատարում իր տան գործերը: Նա ընդունում էր երբեմն ապսպրանքներ հրեա մանրավաճառներից, որոնք մի շապիկ կամ մի արխալուղ կարելու համար վճարում էին խիստ չնչին վարձատրություն: Այդ նրա ցերեկվա պարապմունքն էր: Իսկ գիշերների մեծ մասը անց էր կացնում նա իր ջահերով, կամ բամբակից թել էր պատրաստում և մանածը վաճառում էր ջուլհակներին և կամ թեշիով բուրդ էր մանում շալ գործողների համար: Ճրագալույսի ծախսը դուրս գալուց հետո մնում էր այնքան վաստակ, որ հազիվ բավական էր լինում շաբաթը մի անգամ, այսինքն տոն օրերում, միս գնելու և տաք կերակուր ուտելու: Մնացած օրերը ապրում էինք համարյա ցամաք հացով:

Մեզ շնորհված մի ամիս ժամանակը անցավ ստվերի պես: Մայրս չկարողացավ մի ամսում պատրաստել պահանջված գումարը: Հարկահանները ծախեցին մեր կայքից ամեն բան, որ կարող էր փոքր ի շատե գին բերել, և նրանց թվում վաճառվեցավ ցորենի մթերքը, որ հավաքված էր իմ, Մարիամի և Մագթաղի ձեռքով: Երևակայեցեք մեր արտասուքը և մեր դրությունը այնուհետև: Աղքատությունը հասցրեց իր վերջին հարվածը, և շատ զգալի էր...

Այդ բոլորը կատարվեցավ իմ մեծ քեռու և իմ մոր հինգ եղբայրների աչքի առջև: Բայց նրանք այնքան աղքատ չէին, որ չկարողանային օգնել մեզ, որ չկարողանային ազատել մեզ մեր անտանելի թշվառությունից:

Ես հետո, շատ հետո, հասկացա այն սառնասրտության պատճառը, որ տիրում էր իմ մոր և նրա ազգատոհմի մեջ և որը արդեն ատելության կերպարանք էր ստացել: Մայրս, որպես վերևում հիշեցի, իր եղբայրների միակ քույրն էր, նա իր աղջիկ ժամանակը շատ սիրված էր թե եղբայրներից և թե հորից: Ամեն կողմից խնդրում էին մորս ձեռքը, ոչ այն պատճառով միայն, որ նա շատ գեղեցիկ էր, այլ ամեն երիտասարդ մի առանձին բախտավորություն էր համարում լինել փեսա այն ընտանիքի, որ ամբողջ գավառի մեջ վայելում էր մեծ հարգանք: Փեսաների թիվը այնքան շատ էր, որ չգիտեին, թե որին պետք էր ընտրել, կամ որին պետք էր մերժել: Վերջապես ընտրեցին Մահլամ գյուղի մելիքի որդուն, իհարկե, առանց հարցնելու իմ մոր կամքը և առանց ստանալու նրա հաճությունը: Երբ կատարվում էր հարսանիքի հանդեսը, հենց այն գիշերը, երբ նորահարսին և փեսային պետք է եկեղեցի տանեին, հանկարծ գտան նորահարսին անհայտացած հոր տնից: Խայտառակությունը չափ և սահման չուներ: Չար լեզուները սկսեցին զանազան կերպով բացատրել նրա պատճառը. ոմանք ասում էին` թուրքերը գողացել են նորահարսին, ոմանք ասում էին իրան սպանել է, ոմանք ասում էին` որ նա ծածուկ սիրում էր մի ուրիշին և նրա հետ փախել է: Այդ կարծիքներից արդյոք ո՞րն էր ուղիղ, այն ժամանակ դժվար էր ստուգել, իսկ ինչ որ ճշմարիտ էր, այն էր, որ իմ մայրը կորավ և կորավ:

Անցան տարիներ, իմ մոր մասին տեղեկություն չկար: Նրա մայրը կսկիծից մեռավ, նա չկարողացավ տանել իր աղջկա ցավը: Մյուսները բոլորովին մոռացան նրան:

Հանկարծ հայտնվեցավ նա իր ամուսնի և երեք զավակների հետ: Այն ժամանակ միայն ստուգվեցավ, որ վերջին ենթադրությունը ուղիղ էր. արդարև, մայրս փախել էր իր սիրած տղամարդի հետ: Հասարակական կարծիքը սկսեց դատապարտել նրան: Նրան չներեցին հարազատ եղբայրները և մինչև անգամ հայրը, չնայելով, որ նա արդեն ամուսին էր և երեք զավակների մայր: Բայց ինչո՞վ էր մեղավոր հին հանցավորը, ինչո՞վ էին մեղավոր նրա զավակները. մի՞թե ծնողների հանցանքը տարածվում է որդիների վրա...

Իմ քեռիները զայրացան ավելի այն պատաճառով, երբ տեսան, որ իրանց քույրը ամուսնացել է մի տղամարդի հետ, որին ատում էին, որի ազգատոհմի հետ ժառանգական թշնամություն ունեին, և, որ ավելի գլխավորն է` աղքատ էր: Այսպիսի ամուսնությունները մոռանալ են տալիս հին ոխակալությունը և բառնում են հին վրեժխնդրությունը երկու տոհմերի միջից: Բայց մայրս չկարողացավ քավել այդ մեղքը, նրա ամուսնությունը չկարողացավ կապել թշնամի տոհմերին միմյանց հետ: Մորս հայրը անիծեց նրան, և նա այնուհետև չհամարձակվեցավ ոտք կոխել ծնողական տան շեմքի վրա, մինչև այն օրը, որ հորս մահը մի փոքր մեղմացրուց նրանց խստասրտությունը:

Այժմ պիտի խոսեմ այդ ցավալի մահվան մասին: Հայրս դիմելով դեպի պանդխտություն, նպատակ ուներ Կ. Պոլիս գնար, ուր այն ժամանակ լինում էին հայ գաղթականները: Նա պետք է անցկենար Էրզրումից: Այստեղ, մի օր, փողոցից անցկենալու ժամանակ, հանկարծ մի թուրք հարձակվում է նրա վրա, և իր դաշույնի մի հարվածով կտրում է նրա պարանոցը, և գլուխը մի կողմ գլորելով, ուրախությամբ գոչում է. «Ես տա՜րա... ես տարա՜»... Թուրքերի բազմությունը հավաքվում է նրա շուրջը, հետաքրքրությամբ հարցնում են, թե ի՞նչը տարավ. «ընկերիս հետ վիճում էինք, պատասխանում է եղեռնագործը, նա ասում էր, թե իմ դաշույնը ավելի սուր է. իսկ ես ասում էի, թե իմն է ավելի սուր: Վճռեցինք փորձել այդ գավուրի պարանոցի վրա, գրազ գալով, թե մեզանից ով որ մի հարվածով կկտրե պարանոցը, մյուսը պետք է պարտավորվի իր հաշվով հյուրասիրել նրան մի ֆինջան քաղցր ղահվեով և մի նարգիլեով: Այժմ ես տարա»: Բազմությունը գովաբանում է սրիկայի քաջությունը, ասելով` «մաշալլա... մաշալլա»... և հեռանում է: Իսկ սրիկան, իր ընկերի ձեռքից բռնելով, քարշ է տալիս դեպի ղահվետուն, որ ստանա խոստացած մրցանակը: Մի ամբողջ օր հորս դիակը մնում է հրապարակի վրա: Մուսուլմանները ծաղրելով են անցնում նրա մոտից, թե ո՜րքան թույլ է եղել «գավուրի» պարանոցը, որ մի հարվածից կտրվել է. իսկ ոմանք զարմանում էին սրիկայի բազկի զորության և նրա դաշույնի սրության վրա: Բայց տեղային հայերը, երկյուղից չէին համարձակվել ցերեկով մոտենալ նրան, և միայն գիշերով վեր էին առել դիակը ու թաղել:

Այդ սարսափելի եղեռնագործության լուրը խիստ սառնասրտությամբ ընդունվեցավ մեր կողմերում, որպես թե, սովորական անցքերի կարգից դուրս մի բան չլիներ: Մեր թշնամիները ուրախացան, իսկ մեր բարեկամները ավելորդ համարեցին տրտմել: Ավելի հասկացող մարդիկ այսպես էին բացատրում, թե աստված նրա ճակատին այնպես էր գրած, պետք է այս տեսակ մահով վախճանվեր: Իսկ իմ քեռիները ասում էին, թե աստված պատժեց նրան, որովհետև նա գողացել էր նրանց քրոջը հոր տանից, և մի այսպիսի մարդ չէր կարող բախտավոր լինել: Մի սիրող սիրտ միայն խորին կերպով խոցված էր, դա իմ մոր սիրտն էր: Այդ ողորմելին մինչև մահ չկարողացավ մոռանալ թշվառ ամուսնի կսկիծը: Ես և իմ քույրերս ոչինչ չէինք հասկանում. մենք միայն անգիտակցաբար լաց էինք լինում, երբ տեսնում էինք, որ մեր մայրը լաց էր լինում: Բայց երբ ես մեծացա, այն ժամանակ միայն հասկացա բոլորը, և դառն վրեժխնդրությունը, իմ հասակի հետ, սկսեց փոքր առ փոքր աճել...

Դրանից ավելի այլևս ի՞նչ կարող էր լինել, որ ազդեր որդու սրտի վրա, որ զուրկ չէր զգացմունքից, որ սկսել էր հասկանալ, թե ի՞նչ բան է բարբարոսությունը: Իմ հոր պարանոցի վրա կատարվել էր մի սոսկալի փորձ, որը եթե գործ դրված լիներ մի հավի, մի այծի և մինչև անգամ մի շան պարանոցի վրա, անտարակույս անպատիժ չէր մնալու չարագործը: Բայց հայ մարդը գավուրը ավելի ստոր էր այդ անասուններից: Նա տեր չուներ, նա գին չուներ. նրա հետ կարելի էր անել ամեն բան և անպատիժ մնալ...

Իմ քեռիները արհեստով զինագործ էին. այդ արհեստը ժառանգաբար անցել էր նրանց տոհմի մեջ, և հարյուրավոր տարիների ընթացքում զարգացել և բավական կատարելագործվել էր: Պարսկաստանում, ինչպես և Տաճկաստանում, առհասարակ բոլոր զինագործները հայեր էին. նրանք զենք էին պատրաստում իրանց թշնամիների համար, որոնք թեև շինելը չէին իմանում, բայց գործ ածելու մեջ շատ հմուտ էին: Ես միշտ մի առանձին բարկությամբ էի մտածում այն աղետալի անցքի մասին, թե անպատճառ մի հայ արհեստավորի ձեռքով պետք է շինված լինեին այն դաշույնները, որոնցով փորձ փորձեցին իմ հոր պարանոցի վրա:

Իմ քեռիները մեր գավառի նշանավոր զինագործներն էին, այդ պատճառով նրանց արհեստանոցը ամբողջ տարի միշտ գործ և աշխատություն ուներ: Արհեստանոցը զետեղված էր տան գլխավոր մուտքի գավիթում և բաժանվում էր կանանոցից առանձին բակով: Այստեղ միշտ կարելի էր տեսնել մի խառնիճաղանջ բազմություն, բաղկացած պարսիկներից, թուրքերից և քրդերից, որոնք բերել էին իրենց զենքերը շինել տալու: Հեռու կամ օտար երկրներից եկողները այնտեղ մնում էին օրերով և շաբաթներով մինչև կպատրաստվեին նրանց զենքերը: Այս վերջիններից շատերը կերակրվում էին քեռիներիս սեղանից և մինչև անգամ փող չէին վճարում նրանց աշխատության համար: Ես փոքր ժամանակս չէի կարողանում հասկանալ, թե ի՞նչ նշանակություն ուներ այդ նահապետական հյուրասիրությունը` համ ձրի աշխատել, համ կերակրել, համ փող չստանալ: Հետո հասկացա, որ այդ հյուրասիրությունը ցույց էին տալիս ոչ բոլորին, այլ նշանավոր անձնավորություններին միայն: Խաների, բեկերի, սեիդների, շեյխերի և զանազան քուրդ ցեղապետների համար աշխատում էին ձրի: Դրանք մահմեդական ժողովրդի առաջնորդներն էին, դրանց պետք էր քաղաքավարի կերպով կաշառել, դրանց բարեսրտությունը պետք էր գրավել, որպեսզի կարելի լիներ դրանց շնորհիվ հասարակ մահկանացուներից վարձատրություն ստանալ: Հակառակ դեպքում անհնար էր գործել, առաջնորդները կարող էին հրամայել, որ բոլորովին ձրի աշխատեցնեն արհեստավորներին կամ զանազան շառեր կսարքեին: Իսկ այժմ ոչ մի թուրք, ոչ մի պարսիկ, և ոչ մի քուրդ չէր համարձակվում իր վճարը չհատուցանել, որովհետև գիտեր, որ պետերը հարգում են, պաշտպանում են վարպետ Բաբային. այսպես էր իմ մեծ քեռու անունը:

Կար և մի ուրիշ բան: Մեր գավառում բնակվող զանազան մահմեդական ցեղերը, մանավանդ քրդերը, անհաստատաբնակ ժողովուրդ էին. գարնան սկզբից սկսած մինչև աշնան վերջը իրանց հոտերով և վրաններով թափառում էին լեռնային ամարանոցներում, և ձմեռը միայն վերադառնում էին իրանց տները: Թափառումների ժամանակ ամեն մի խումբ պետք է իր հետ զինագործ ունենար, որովհետև զենքը նրանց ամենահարկավոր գործիքն էր: Եվ այս մտքով ման էին ածում իրանց հետ զինագործի շարժական արհեստանոցներ: Իմ մեծ քեռու հինգ որդիներից չորսը մի քուրդ ցեղի վարպետներն էին և իրանց աշակերտներով շրջում էին նրանց հետ: Նրանք վերադառնում էին տուն ձմեռը, բերելով իրանց հետ բեռներով յուղ, պանիր, բուրդ և մեծաքանակությամբ ոչխարներ, կովեր, եզներ և այլն: Քրդերը վճարում էին այն մթերքներով, որ ստանում էին իրանց անասուններից:

Մյուս որդիների բացակայության ժամանակ մեծ քեռուս մոտ մնում էր միայն կրտսեր որդին: Ես, կարծես, հենց այս րոպեիս տեսնում եմ իմ աչքի առջև ծերունի արհեստավորին, նստած զնդանի առջև, կաշյա գոգնոցով, անդադար ուղղում էր քթի վրա դրած ահագին ակնոցները, և երկաթի կտորը ունելիքով բռնած, կամ խառտում է, կամ հղկում է և կամ փոքրիկ մուրճով ծեծում է: Նրա շուրջը լսելի են լինում ահագին կռանների դաշնակավոր ձայները. փուքսերը գոռում են, շիկացրած երկաթը դուրս են բերում քուրայի միջից, դնում են զնդանի վրա և մեծ-մեծ կռաններով կռում են – յուրաքանչյուր հարվածի հետ դուրս է ցայտում կայծերի մի ամբողջ հեղեղ: Չգիտեմ թե ինչո՞ւ այդ կայծերը իմ ամենափոքր հասակից միշտ մի առանձին կախարդական ազդեցություն ունեին իմ վրա. ես տեսնում էի նրանց մեջ մի անբացատրելի խորհուրդ, մի գաղտնիք, որը հասկանալ չէի կարող: Երկաթի մեջ թաքնված կայծերը դուրս էին ցայտում այն ժամանակ միայն, երբ սառն երկաթը սաստիկ ջերմացնում էին, և երբ սկսում էին ծեծել, հարվածել նրան: Երկաթի հանգիստ և խաղաղ դրության ժամանակ կայծերը, կարծես, քնած էին լինում. հենց որ տաքացնում էին երկաթը, հենց որ զարկում էր առաջին կռանը, իսկույն շանթերի կոտորակների նման նրանք դուրս էին ցայտում և սփռվում էին դեպի ամեն կողմեր... Ուրիշ երեխաներ կարող էին վախենալ, բայց ես միշտ մի առանձին զվարճությամբ էի նայում այդ հրեղեն տարափի վրա: Ես մինչև անգամ սիրում էի մրրիկը, երբ երկինքը սարսափելի կերպով որոտում էր, երբ օդի մեջ տիրում էր մի սոսկալի ալեկոծություն և երբ կայծակը դուրս էր շողում մթին ամպերի միջից: Ինձ երևում էր, թե այնտեղ, երկնքի բարձրության մեջ, կատարվում է մի սաստիկ պատերազմ. հսկաները ահագին կռաններով փշրում էին ամպերը, ես լսում էի նրանց հարվածների ձայնը և տեսնում էի, թե որպես կայծերը հրեղեն օձերի նման դուրս էին ցայտում ամպերի միջից: Ինչո՞ւ օդի խաղաղ ժամանակը չէին հայտնվում նրանք, բայց երբ սկսվում էր փոթորիկը, երբ սկսվում էր տարերքի միմյանց հետ ընդհարումը, միմյանց հետ զարկվելը, այն ժամանակ միայն հայտնվում էին երկնքի կայծերը: Ինձ թվում էր, թե այնտեղ կատարվում էր միևնույնը, ինչ որ կատարվում էր իմ քեռու դարբնոցի մեջ...

Դ

ՈՐՍՈՐԴԸ

Անցան մի քանի ամիսներ այն օրից, երբ հարկապահանջները ծախեցին մեր տան կայքը, անցան մի քանի դա՜ռն և մահաբե՜ր ամիսներ...

Մեր շուրջը տիրում էր արդեն ձմեռ, որ սառն ձեռքով խլեց դաշտերի և լեռների բոլոր գեղեցկությունները: Ցուրտը օրըստօրե սաստկանում էր և մուգ մոխրագույն երկնքի երեսը ավելի և ավելի խոժոռ կերպարանք էր ստանում: Արեգակը, կարծես, խռովել էր երկրից և չէր ուզում իր դեմքը ցույց տալ: Վերջապես եկավ ձյունը և թանձր պատանը տարածեց երկրի վրա:

Մութ փոթորկային գիշեր էր: Դրսում քամին կատաղի կերպով մռնչում էր և նորեկ ձյունի փխրուն տարափը ահագին քանակությամբ տարուբերում էր մի տեղից մյուս տեղ: Մեր խրճիթը դողդողում էր սարսափելի մրրիկից: Մտածում էինք, ահա րուֆանը հիմքից կխլե նրան և խառնելով ձնային լեռների հետ, կտանե հեռու և հեռու և կփշրե դաշտերի մեջ:

Մայրս նստած էր յուղային ճրագի մոտ, կարում էր մի բան: Նա այնքան խորին կերպով ընկղմված էր իր մտածությունների մեջ, որ ամենևին չէր զգում, թե ինչ էր կատարվում դրսումը: Մարիամը և Մագթաղը երկար լաց եղան, որ մի բան ուտեն, և երբ ոչինչ չգտան, այնպես քաղցած քնեցին: Ես նստած էի վառարանի մոտ և շուտ-շուտ դնում էի նրա մեջ ցամաք տերևներ և չոր մացառներ, որ քույրերիս հետ հավաքել էինք այգիներից: Նրանք հանկարծ բռնկում էին, բոցավառվում էին և քանի րոպեից հետո կրկին հանգչում, մոխիր էին դառնում: Այդ խաղը պատճառում էր ինձ ավելի զվարճություն, քան խրճիթի մեջ որևիցե տաքություն:

Դուռը սաստիկ զարկեցին: Մայրս չլսեց. ես գնացի բաց արի: Ներս վազեց սպիտակ գնդակի նման մի բան, երբ անցավ շեմքից, կատվի պես թափ տվեց իր մարմինը և ձյունը բամբակի գլուջների նման թափվեց ցած:

Տո, Մարո, գետի՜նը մտնես, ո՞րտեղից եկար, հարցրի ես:

Փոքրիկ աղջիկը ոչինչ չպատասխանեց և իմ վրա ուշադրություն անգամ չդարձրեց, միայն գցելով մորս մոտ թաշկինակի մեջ կապած մի բան, վազեց դեպի վառարանը և սկսեց իր լրջացած ձեռքերը տաքացնել արդեն մարած կրակով: Երբ նկատեց, որ ջերմություն չկա, գնաց մորս մոտ, և գրկելով նրա պարանոցը, կպավ կուրծքին:

Հայրս ուղարկեց, ասաց նա, ցույց տալով կապոցը:

Հետո դարձավ դեպի ինձ, կարծես նա չէր կարող համբերել, որ իմ կոշտ հարցմունքը թողեց առանց պատասխանի:

Ես քեզ նման պառավ տատիկ չեմ, որ կրակի մոտը նստեմ, ու տնից դուրս չգամ:

Մորս տխուր դեմքի վրա երևաց մի անսովոր ժպիտ, նա դրեց Մարոյի սառած ձեռքերը իր ծոցի մեջ, և գրկելով նրան, սկսեց տաքացնել: Նրա լեզուն բացվեցավ:

Հարսի՛, ասաց նա մորս մի առանձին ուրախությամբ, ա՜յնքան ձյուն է եկել, ա՜յնքան ձյուն է եկել, ուղիղ մի արշին, տես այսքան (նա ձեռքով չափեց իր ոտքից մինչև գլուխը): Ֆարհատ, դարձավ նա դեպի ինձ, առավոտյան ձնագնդի կխաղանք, այնպես չէ՞: Ո՞ւր է Մարիամը, խոսքը փոխեց նա, թո՛ղ լուսանա, ես նրա աչքը կհանեմ... Մագթաղին ձյունով չեմ խփի, նա լավ աղջիկ է: Բայց այդ սատկած Մարիամը, բերնումը ինչ որ գալիս է, դուրս է տալիս... Թո՛ղ լուսանա...

Ես ինքս կծեծեմ Մարիամին, կպատվիրեմ, որ քեզ վատ բան չասե, հանգստացնում էր նրան մայրս:

Լեզուն կտրե՛ր, որ սուս կենա:

Կկտրեմ... պատասխանեց մայրս ժպտալով:

Մարոն տեսնելով, որ պատիժը ավելի սաստիկ պետք է լիներ,քան այն վիրավորանքը, որ Մարիամը հասցրել էր նրան, ետ առեց իր խոսքը:

Չէ, մի՛ կտրե, ասա, որ ինձ վատ բան չասի, թե չէ ծամերը մեկ-մեկ կփետրեմ...

Մայրս սեղմեց նրան իր կուրծքին և համբուրեց:

Հարսի, առաջ տարավ շատախոս Մարոն, ի՛նչ լավ է ձյունը... վազում ես, վազում, չես կշտանում... ընկնում ես, այնքան փափուկ է, որ կողքդ չէ ցավում... Հարսի, ե՞րբ կսառչի մեր լիճը:

Մարոյի վերջին հարցմունքը մեր տան մոտ գտնված փոքրիկ լճակի մասին էր, որը ձմեռը սառչելով, մեծ զվարճություն էր պատճառում խաղասեր երեխաներին: Մայրս այդ մասին ոչինչ չպատասխանեց, միայն հարցրուց, արդյոք վախեցա՞վ նա, որ այնպիսի մթին և վատ եղանակում մեր տունը եկավ:

Ինչի՞ց պիտի վախենամ, ասաց նա մի առանձին հպարտությամբ, գայլ չկա, սատանա չկա, բոլորը ցրտից փախել, մտել են իրանց ծակերը: Ես խո Մարիամը չեմ. որ վախենամ: Ո՜ւհ, սատկած, հիմա կքնե՞ն: Տես, ի՞նչպես քնել է, մտիկ տո՛ւր, Ֆարհատ, մտիկ տուր, հարսի...

Վերջին խոսքերի միջոցին Մարոն այնպիսի մի հեգնական ծամածռություն գործեց իր սևուկ դեմքի վրա, որ չէր կարելի առանց ծիծաղելու նրա երեսին նայել: Բայց հանկարծ նրա մեծ և գեղեցիկ աչքերը վառվեցան, նա դուրս թռավ մորս գրկից և վազեց մահճի մոտ, ուր քնած էին քույրերս: Նա խոնարհվեցավ, համբուրեց Մագթաղի երեսը, բայց Մարիամի մազերից այնպես սաստիկ ձիգ տվավ, որ խեղճ աղջիկը ծվաց, սարսափելով քնած տեղից վեր թռավ, և տեսնելով իր ոխերիմը կշտին նստած, գոչեց վրդովված ձայնով:

Տո, սև սատանա, այստեղ ի՞նչ ես շինում:

Դեռ քնաթաթախ Մարիամը ջանք արեց, որ նրան բռնե, վրեժը առնե, բայց վայրենի Մարոյի ճարպիկ մատները պինդ սեղմվեցան նրա կոկորդին և շնչասպառ աղջիկը գլորվեցավ բարձի վրա: Ես մոտ վազեցի, որ ազատեմ քրոջս: Նույն միջոցին Մարոն կատվի արագությամբ դուրս թռավ, և աներևութացավ գիշերային խավարի մեջ: Մայրս չգիտեր` ծիծաղել թե բարկանալ. նա ասաց ինձ, որ գնամ և այն «դևի ծնունդին» հասցնեմ իրանց տունը, չիցե թե ճանապարհին փորձանքի հանդիպի: Ես դուրս վազեցի, նա արդեն անհետացել էր, միայն փողոցում տեսա մի ահագին կերպարանք, որին մոտեցավ Մարոն: Դա նրա հայրն էր:

Մի՞թե կարելի է թողնել փոքրիկ աղջկան այս խավարում, այս ձների մեջ, տնից դուրս գալ, հարցրի նրանից:

Թո՛ղ սովորե՛... պատասխանեց հայրը և հեռացավ:

Այդ սառն և խստասիրտ պատասխանը ինձ խիստ օտարոտի երևաց: Ի՞նչ պիտի սովորեր փոքրիկ աղջիկը: Գիշերային փոթորիկի ժամանակ, ձյունի և սառնամանիքի մեջ միայնակ ման գալ: Ես չէի հասկանում դրանում ինչ միտք կամ նպատակ կարող էր լինել: Այդ ինչ տարապայման կրթություն էր, որ խստասիրտ հայրը ցանկանում էր տալ մանկահասակ աղջկան: Մարոն առանց դրան ևս վայրենի բնավորություն ուներ: Ամեն անգամ, երբ մեր տունն էր գալիս, առանց մեկին կծելու, առանց մյուսին ճանկռելու չէր հեռանա: Նա անպատճառ մեկ ղալմաղալ պետք է սարքեր: Այս պատճառով վերջին անկարգությունը մեզ երևաց բոլորովին սովորական: Նա խիստ չար աղջիկ էր, բայց մենք ամենքս սիրում էինք այդ կյանքով լի և միշտ ուրախ փոքրիկին: Իսկ Մարիամի հետ նրա ոխակալությունը ուներ իր պատմական պատճառները. չգիտեմ մի տարի առաջ, թե երբ, մի անգամ Մարիամը նրան կոչել էր «բոշա». այդ վիրավորանքը Մարոն երբեք չէր կարող մոռանալ, թեև քրոջս խոսքը բոլորովին հեռու չէր ճշմարտությունից, որովհետև Մարոյի մեջ կար շատ ինչ բոշայական: Մարոն չէր կարող համբերել, երբ նրան հիշեցնում էին, թե նրա երեսը սևուկ գույն ունի, թե նրա մեծ, կրակոտ աչքերը «ֆալ բացողի» (կախարդի) աչքեր էին, նրա մանր գանգուրներով թուխ ծամերը միայն արաբները կարող էին ունենալ: Հարկավոր չէր ուղղակի նկատողությունը, բավական էր ասել, թե Մարիամի երեսը ճերմակ է կամ նրա մազերը շեկ ոսկու գույն ունեին, այն ժամանակ Մարոն իրանը հասկանում էր: Նա մինչև անգամ նախանձվում էր, որ Մարիամը միևնույն անունն է կրում, ինչ որ ինքն ուներ, և այս պատճառով ամենևին չէր բարկանում, երբ նրան կրճատած կերպով Մարո էին կոչում. դրանով գոնե իր անունը զանազանվում էր:

Ինձ հետ Մարոյի հարաբերությունները նույնպես բարեկամական չէին. երբ ես բարկացնում էի, նա պատրաստ էր պատառոտել ինձ, բայց զգալով իր ուժի անհավասարությունը, միշտ սպառնում էր, թե «գիշերը, իմ քնած ժամանակը, նա կգա և կխեղդե ինձ»: Մարոն հաշտ էր միայն Մագթաղի հետ, որովհետև չափազանց փափուկ բնավորություն ունեցող Մագթաղը թեքվում էր նրա առջև և համարյա բոլորովին ենթարկված էր նրա ազդեցությանը: Այդ պատճառով Մագթաղի նույնպես ճերմակ երեսը և շեկ մազերը չէին բարկացնում նրան և չէին հիշեցնում, թե ինքը բոշայի դեմք ունի:

Մարոյի այն գիշեր բերած կապոցը այնպիսի սովորական բան էր, որ մենք առանց բաց անելու, գիտեինք նրա միջում ինչ կար: Դա որսի խորոված միս էր հացի հետ, որ երբեմն ուղարկում էր նրա հայրը, չնայելով, որ ինքն էլ ոչ սակավ աղքատության մեջ էր ապրում: Երբ Մարիամին հրավիրեցին ուտելու, նա հրաժարվեցավ, ասելով, թե ինքը քաղցած կմեռնի և այն «սև սատանայի» բերած ողորմությանը չի մոտենա: Բայց մայրս միշտ գոհությամբ էր ընդունում բարերար ձեռքի օժանդակությունը այն մարդից, որի հետ ամենևին ծանոթություն չուներ, որը մի անգամ ևս ոտքը ներս դրած չէր մեր շեմքից, թեև մեր ամենամոտ դրացին էր: Միայն Մարոն, որ հաճախ գտնվում էր մեր խրճիթում, պատմել էր իր հորը մեր թշվառ դրությունը, և նա համարյա ամեն գիշեր չէր դադարում ուղարկել իր տնում գտնվածից մեր բաժինը, և այնպես ծածուկ, որ ոչ ոք չէր հասկանում:

Մարոյի հորը կոչում էին Ավո նրա իսկական անունը ես չգիտեի: Նա ահագին բարձրությամբ, մի վիթխարի տղամարդ էր, որ պարապում էր որսորդությունով: Ավոն մեր քաղաքի բնիկներից չէր, բայց մի քանի տարի առաջ, մի սաստիկ ձմեռնային եղանակում նա հայտնվեցավ մեր քաղաքում, բոլորովին միայնակ, որպես մի փախստական: Հետո փոքր առ փոքր կազմվեցավ նրա ընտանիքը: Այդ ընտանիքը շատ մեծ չէր, ինքը` որսորդը, իր միակ զավակի` Մարոյի հետ ահա բոլորը: Դրանց թվում գտնվում էին` մի մշտական ծառա Մըհե անունով, մի տնակալուչ կին, որին կոչում էին Խաթուն, և մի պատանի, որին կոչում էին Հասո: Այս վերջինը որսորդի որդեգիրն էր: Ո՞վքեր էին դրանք և ո՞րտեղից եկան հայտնի չէր: Միայն մեր քաղաքում որսորդի մասին խոսվում էին շատ զարմանալի պատմություններ, իբր թե նա տաճկական Հայաստանի արևելյան կողմերիցն էր, թե նա իր հայրենիքում մի նշանավոր մարդ է եղել, թե նա շատ կռիվներ է ունեցել քրդերի հետ և իր գլխի մազերի համբարքով մարդիկ է սպանել և այլն: Ո՞րքան ստույգ էին այդ զրույցները, մենք չգիտեինք, մեզ այսքանը միայն հայտնի էր, որ Ավոն մի բարի մարդ էր և մեր ամենալավ դրացին, թեև ամենքն ատում էին նրան և խորշում էին նրանից, որպես մի սարսափելի եղեռնագործից:

Ճշմարիտ է, որ Ավոն իր միշտ լուռ, միշտ տխուր և ծածկամիտ բնավորությամբ մնաց ամենի համար որպես մի մթին հանելուկ: Նրա ճակատի վրա դրած խոր սպին իր ահավորությամբ մի առանձին արտահայտություն էր տալիս դեմքի խոշոր, միևնույն ժամանակ ավազակային գծագրությանը, որ հարուցանում էր նայողի մեջ ակամա երկյուղ և կասկած: Այսուամենայնիվ, նա շատ բարեսիրտ մարդ էր. ես, Մարիամը և Մագթաղը ամենևին չէինք վախենում նրանից: Երբ գնում էինք նրա տունը, նա առնում էր մեզ իր երկայն և ահագին ծնկների վրա, օրորում էր, և «պոչը կտրած մկան», «քոսոտ այծի» հեքիաթներն էր պատմում. մենք թուլանում էինք ծիծաղելուց: Մարոն չէր կարողանում համբերել, երբ տեսնում էր, որ իր հայրը Մարիամին նույնքան սիրում էր, որքան Մագթաղին և ինձ: «Նա էլ քո քույրն է», ասում էր հայրը և խրատում էր նրան նախանձոտ չլինել: Ամեն անգամ, երբ մենք գնում էինք որսորդի տունը, նա անսահման զվարճություն էր պարգևում մեզ: Ավոն տալիս էր մեզ իր որսած թռչուններից, որը դեռ կենդանի էր մնացած. մենք կապում էինք նրա ոտը թելով և օրերով խաղ էինք անում նրա հետ:

Ֆարհատ, ասաց ինձ մի անգամ որսորդը, դու շատ ես չարչարում թռչուններին, եթե այսպես կվարվես, ես մյուս անգամ քեզ ոչինչ չեմ տա –

Ես, սկսյալ փոքր հասակիցս, խոսքի ետևից ման եկողներից չէի. իսկույն պատասխանեցի.

Ես խո չեմ սպանում, բայց դու սպանում ես թռչուններին ու ինձ ասում, թե ի՞նչու ես չարչարում:

Սպանելու և տանջելու մեջ մեծ զանազանություն կա, ասաց նա ժպտելով, վերջինը ավելի վատ է:

Ամեն անգամ, երբ մեր թաղի մեջ ձայն էր տարածվում, թե Ավոյի ծուղակի մեջ գայլ, արջ կամ մի ուրիշ գազան է ընկել, ամբողջ թաղը թափվում էր այնտեղ տեսնելու: Նա իր ծուղակը կազմել էր քաղաքից դուրս, որ շատ հեռու չէր մեր բնակարանից: Դա մի բոլորակ վիրապ էր, բավական ճարտարությամբ գետնի մեջ փորած, և քսան արշինի չափ խորություն, հինգ արշինի չափ լայնություն ուներ: Երևակայեցեք ձեզ մի սամովար. որի ջուր լցնելու տեղը դատարկ է, իսկ կրակ լցնելու տեղը ամբողջ է. վիրապը մի այսպիսի ձև ուներ: Վիրապի մեջտեղում, ուր մի հաստ սյունի նման պինդ գետին էր բարձրանում, նրա վրա ամեն գիշեր դրվում էր մի գեշ, իսկ սյունի չորս կողմի դատարկությունը ծածկվում էբ եղեգներով, այնքան թույլ կերպով, որ եթե մի հավ անցնելու լիներ ծածկոցի վրա, իր ծանրությամբ կարող էր իսկույն ցած գլորվել: Գազաններր գեշի հոտը առնելով, մոտենում էին նրան, բայց դեռ գեշին չհասած, ընկնում էին վիրապի մեջ:

Վաղ առավոտյան հայտնվում էր որսորդը Մըհեի հետ: Բազմությունը հետաքրքրությամբ սպասում էր, թե ինչպես պետք է դուրս բերեն գազանին, որը կատաղած, զայրացած և անհանգիստ կերպով պտտվում էր վիրապի մեջ, մռնչում էր, զարհուրելի ձայներ էր արձակում և փորձեր էր փորձում դուրս գալ, բայց չէր կարողանում: Այդ միջոցին վիթխարի Մըհեն, աջ ձեռքում մի ահագին երկաթե մահակ բռնած, իսկ ձախ ձեռքում բռնելով շղթաներով ամրացրած քալափչեն2, իջնում էր վիրապի մեջ: Բազմությունը սարսափում էր կիսախելագար որսորդի աներկյուղության վրա: Լիներ այնտեղ գայլ, արջ, վագր, ինծ, մի երկչոտ աղվես, միևնույն էր Մըհեի համար. նա բոլոր գազանների վրա նայում էր, որպես ոչխարների վրա:

Վիրապի մեջ սկսվում էր գազանի և Մըհեի ստորերկրյա կռիվը: Մենք ոչինչ չէինք տեսնում, միայն լսում էինք գազանի բարկացկոտ մռնչյունը, շղթայի ձայնը և երբեմն երկաթե մահակի ծանր հարվածները: Երբ գազանը հաղթված էր, Մըհեն մի առանձին փաղաքշական եղանակով ասում էր նրան. «հանգստացի՛ր, գառնուկս, ես քեզ երկար այստեղ չեմ թողնի»: Եվ իրավ, մի քանի րոպեից հետո հայտնվում էր Մըհեն, իր հետ դուրս քաշելով գազանին, որի գլուխը և բերանը կաշկանդված էին լինում քալափչեի մեջ, և այնքան ամուր կերպով, որ ոչ ոքին վնասել չէր կարող:

Խիստ սակավ անգամ էր պատահում, որ Մըհեն դուրս գար վիրապից երեսը արյունաթաթախ, ծվատված կամ մարմնի մի այլ մասը վիրավորված: Բայց երբեք չէր պատահում, որ նա չկարողանար զսպել գազանին: Ես մինչև այսօր հիշում եմ, թե ո՛րպիսի անհոգությամբ այդ երկաթե մարդը ձեռքով սրբում էր իր երեսից արյունը, կարծես թե քրտինք էր սրբում:

Ավոյի պարապմունքի մեջ Մըհեն օգնում էր նրան ավելի, քան նրա բոլոր որսորդական շները և բարակները: Նա զարմանալի ճարպկություններ և հասկացողություն ուներ որսորդության մեջ: Անասունների բնավորությունը և նրանց սովորությունները նա այն աստիճան ուսումնասիրած էր, որ բավական էր տեսնել նրանց թաթերի ձյունի վրա տպավորված հետքերը, այնուհետև նա գիտեր, թե ի՛նչ անասուն էր անցել, ո՛րտեղ կարելի է գտնել նրան կամ ի՛նչ հնարքով պետք էր որսալ:

Ավոն ուրիշ պարապմունք չուներ. նա ապրում էր որսորդությունով միայն: Մազոտ գազանների մորթերի գործածությունը մահմեդականների համար պիղծ համարվելով, թուրքերը, պարսիկները և քրղերը նրանց որսորդությունով չէին պարապում, և այս պատճառով ասպարեզը մնացել էր միայն Ավոյին: Նրա տունը մի կատարյալ գազանանոց էր: Ամեն անգամ, ես այնտեղ գնալիս, գտնում էի նրան զբաղված կամ գազանները կերակրելով և կամ աղվեսի, կուզի, գայլի, արջի, վագրի և այլ այս տեսակ անասունների մորթերը չորացնելով: Հրեա և հայ վաճառականները իրանք գալիս էին, և գնելով մորթերը, տանում էին հեռու երկրներ վաճառելու:

Մարոն այն աստիճան ընտելացած էր գազանների հետ, որ ամենևին նրանցից չէր վախենում: Մի անգամ նա ցույց տվեց ինձ մի ամեհի վագր, ասելով.

Տես, Ֆարհատ, ի՜նչ գեղեցիկ բծեր ունի:

Ես սարսափեցա, երբ փոքրիկ աղջիկը մոտեցավ և սկսեց փայփայել գազանի ահագին գլուխը:

Ի՞նչու ես վախենում, ասաց նա ծիծաղելով, դա մի մեծ կատու է, և ավելի ոչինչ:

Այդ վագրին մանուկ հասակից որսացել էր նրա հայրը, որովհետև Մարոն շատ սիրում էր նրան, այս պատճառով պահել, մեծացրել էին: Ինձ թվում էր, որ Մարոն էլ այն գազանների ձագերից մեկը պետք է լիներ, որովհետև նրանցից չէր վախենում և նրանց շատ սիրում էր:

Be the first who will comment on this

Other parts of "Կայծեր"

Yatuk Music
Lullaby for Mum
Elen Yolchyan

Lullaby for Mum

The disaster of war
The disaster of war
Play Online