Raffi

Կայծեր

1 - ԺԱ, ԺԲ

ԺԱ

ՂԱՐԱ-ՄԵԼԻՔՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ

Մի անգամ Կարոն ինձ ասաց. Ֆարհատ, տատս շատ հիվանդ է, ես մենակ եմ, գնանք մեր տուն, այս գիշեր մեզ մոտ կացի՛ր:

Ես գնացի: Կարոյենց բնակարանը շատ հեռու չէր մեր տնից: Ես գտա Զումրուդին, արդարև, ծանր հիվանդության մեջ. խեղճ կնոջ միայն մորթն ու ոսկորն էր մնացել. շունչը հազիվ ելումուտ էր անում: Երբ մեզ տեսավ նա, փոքր-ինչ հոգի առավ, խնդրեց գլուխը վեր բարձրացնել և բարձերը նեցուկ տալ մեջքին, որ կարողանա նստել: Կարոն կատարեց նրա ցանկությունը: Հնոցի մեջ վառվում էին մի քանի կտոր փայտեր, և կարմիր լույսը ծավալվելով փոքրիկ խրճիթի մեջ, լուսավորում էր հիվանդի մաշված, դալկացած դեմքը:

Հիվանդը կանչեց Կարոյին, նստեցրեց իր մոտ, և նրա ձեռքը առնելով իր ոսկրացած ափի մեջ, ասաց թույլ և դողդոջուն ձայնով.

Ես մեռնում եմ, Կարո, քանի որ բերանս փակված չէ, թող լեզուս բաց անե քեզ այն գաղտնիքը, որ այսքան տարի ծածուկ էր պահված:

Նա պատմեց, թե ինքը Կարոյի ոչ տատն է, ոչ նրա ազգականը, այլ սկզբում Կարոյի հոր տան աղախինն է եղել, իսկ հետո դարձավ նրա դայակը: Նա պատմեց, թե Կարոյի հայրը կոչվում էր Միր-Մարտո, նա պատկանում էր Ղարա-մելիքների ընտանիքին, որ սերված էր հայոց մի հին իշխանական տոհմից: Դարերի ընթացքում այդ տոհմի բախտը նույնքան փոփոխության է ենթարկվել, որքան փոփոխական, հեղհեղուկ է եղել Հայաստանի դրությունը: Նա բարձրացել և խոնարհվել է իշխանության, աստիճանի բոլոր ելևէջների մեջ, երբեմն տիրող իշխան, երբեմն հասարակ տանուտեր, երբեմն տաժանակիր հողագործ, բայց երբեք չէ կորցրել իր ազնվապետական ոգին: Պարսից մարզպանների ժամանակ այդ տոհմը դեռ պահպանել էր հզոր նախարարի արտոնությունները, բայց արաբացոց արշավանքների ժամանակ նա բավական ընկավ, երբ այդ ցեղի նշանավոր իշխանները բռնվելով, տարվեցան Դամասկոս և այնտեղ գլխատվեցան: Նրա մի ճյուղը բոլորվին ոչնչացավ հունաց Կյուրապաղատների օրերում: Մոնղոլական արշավանքների ժամանակ այդ ցեղից մի տղամարդ, որ իր թուխ դեմքի պատճառով ստացել էր թաթարների խանից «Ղարա-մելիք» կոչումը, կրկին զորացավ: Նրա անունով այդ տոհմի ներկայացուցիչները սկսվեցան կոչվիլ Ղարա-մելիքներ:

Հայաստանի հեղաշրջումների փոթորիկների մեջ այդ տոհմը անդադար արմատախիլ լինելով հայրենի երկրից, տարուբերվել է երբեմն Արարատ, երբեմն Վասպուրական, երբեմն Ատրպատական և երբեմն Փոքր-Հայքի կողմերը: Իսկ վերջին դարերում, երբ Վասպուրականի մեջ զորացան քրդերը, Ղարա մելիքներից մեկը, Մարաշի կողմերից փախստական գալով, հաստատվեցավ Վանա ծովակի հարավային ափերի մոտ: Քուրդ ցեղապետների հետ դաշնակցելով, նա հետզհետե ընդարձակեց իր իշխանությունը և տիրում էր ամբողջ Ռշտունյաց գավառի վրա: Դա էր Կարոյի հայրը` Միր-Մարտոն: «Միր» տիտղոսը ստացավ նա քրդերից, որ նշանակում է տեր, իշխան, պետ: Նրա հզոր ամրոցը գտնվում էր Ոստանի մոտ, մի լեռան անմատչելի բարձրավանդակի վրա, մի կողմից ծփում էր ծովակը, մյուս կողմից, շրջապատած էր սարերի պարսպաձև շղթաներով:

Միր-Մարտոն, որպես տեղային հայերի պետը, էր միևնույն ժամանակ ամենահարուստ մարդը ամբողջ գավառի մեջ: Նա ուներ մի առանձին սնահավատություն դեպի յոթնյակ թիվը և այդ պատճառով իր բոլոր հարստությունը բաժանած էր յոթն մասների վրա: Նա ուներ յոթն ջրաղաց, յոթն ձիթհան, յոթն այգի, յոթն անտառ: Նրա տնից դուրս էր գալիս յոթն գութան, որ մշակում էին յոթն անգամ յոթ անասուն օրավար հող: Նրա սեփական արոտատեղերում արածում էին յոթն հոտ ոչխարներ, յուրաքանչյուր հոտը միագույն, մեկը ճերմակ, մյուսը սև, երրորդը շիկագույն, չորրորդը խայտաճամուկ, հինգերորդը մոխրագույն և այլն: Նույն խորհրդավոր թիվն ունեին նրա ձիերի, կովերի, գոմեշների երամակները: Այդ բոլորը պիտի մնար որպես ժառանգություն նրա յոթն որդիներին, որոնցից ամենակրտսերն էր Կարոն:

Միր-Մարտոյի օրըստօրե զորանալը, նրա հաջողությունները մշտական կռիվների մեջ, գրգռեց մի հարևան քուրդ ցեղապետի նախանձը: Նա չկարողանալով բացարձակ կերպով վնասել նրան, սկսեց դիմել խորամանկության. բարեկամություն հաստատեց Միրի հետ, ձևացրեց իրան նրա ամենամտերիմ դաշնակից: Եվ մի անգամ, խաբեությամբ Միրին իր մոտ հյուր կանչելով, ընթրիքի ժամանակ հրամայեց նրան ցած գլորել իր բերդի բարձրությունից:

Կարոյի հայրը այսպես նենգությամբ սպանվելեն հետո, նրա ամբողջ ընտանիքը զոհ եղավ քուրդ բռնակալի բարբարոսությանը, բոլորը սրից անցան. ողջ մնաց միայն փոքրիկ Կարոն, որին իր դայակը– Զումրուդը – փախցնելով, թաքցրեց մի ասորու տան մեջ:

Հիվանդը վերջացրեց իր պատմությունը այս խոսքերով.

Այն սարսափելի կոտորածի միջոցին, քո մայրը, Կարո,կուրծքից խենջարով խոցված, մի ձեռքով բռնել էր վերքը, մյուս ձեռքով քեզ հանձնեց ինձ, ասելով. «Ա՛ռ, Զումրուդ, եթե աստված կհաջողե ազատել երեխայիս, սովորեցո՛ւր նրան վրեժխնդիր լինել»... Այդ խոսքերի հետ նազելի տիկինս ավանդեց հոգին:

Բոլոր պատմության ժամանակ Կարոն հանգիստ էր. նրա դեմքի վրա ես նկատում էի մի տեսակ զարմացում, մի տեսակ ապշություն, որ առաջ էին գալիս անագան ինքնաճանաչության զգացմունքից: Անտեր, անտուն, թափառաշրջիկ պատանին հանկարծ զգում էր իր երակների մեջ իշխանական արյան հոսումը: Բայց երբ նա լսեց պառավի վերջին խոսքերը, նրա դեմքի արտահայտությունը իսկույն փոխվեցավ. շրթունքը սկսեց դողդողալ, աչքերի մեջ փայլեց կատաղի բարկություն: Կարծես այն լուռ, զայրացած դեմքի վրա ես կարդում լինեի– «Երդվում եմ իմ մոր սուրբ հիշատակով, որ ես անպատճառ վրեժխնդիր կլինեմ»...

Ես չկարողացա ավելի վաղ հայտնել քեզ, Կարո, մորդ կտակը, շարունակեց պառավը, որովհետև դու շատ փոքր էիր: Սպասում էի, մինչև մեծանաս, մինչև ավելի հասունանաս: Ես ոչինչ չկարողացա սովորեցնել քեզ: Բայց քո հոր պատմությունը բավական է վրեժխնդրության դաս լինելու համար: Ես մեռնում եմ հանգիստ սրտով, որովհետև գիտեմ, ինձանից հետո մի ավելի հմուտ, ավելի փորձված ձեռք քեզ պիտի առնե իր պաշտպանության ներքո: Լսի՛ր նրա խրատները և ոգևորությամբ ընդունիր ինչ որ կներշնչե նա քո մեջ: Այդ ազնիվ մարդը քո հոր բարեկամն է և նրա գավառի հինգ տանուտերներից մեկը: Նա ևս ենթարկվեցավ միևնույն բարբարոսություններին, քո հոր տունը բնաջինջ լինելուց հետո: Այդ պատմությունը գուցե նա ինքը կհահողրդե քեզ:

Պառավի վերջին խոսքերը որսորդ Ավոյի մասին էին: Ուրեմն նա հասարակ մարդ չէր. որսորդի ծպտյալ դիմակի տակ ծածկված էր մի խորհրդավոր անձնավորություն: Այդ րոպեից ես հասկացա նրա առանձին ուշադրության գաղտնիքը, որ ուներ դեպի Կարոն:

Այժմ փակի՛ր իմ աչքերը, շարունակեց հիվանդը, գլուխը ցած թողնելով բարձի վրա: Եթե կուզես կրկին ձեռք բերել քո հոր իշխանությունը, դու կգտնես այն փոքրիկ սնդուկի մեջ բոլորը, ինչ որ քեզ հարկավոր է...

Նա աշխատեց ձեռքը մեկնել դեպի պատուհանը, ուր դրած էր փոքրիկ սնդուկը, բայց ձեռքը թուլացավ, ընկավ վերմակի վրա:

Նրա աչքերը կրկին բացվեցան և անշարժ նայում էին դեպի երկինքը: Կարծես այնտեղ, վերին երկնակամարի այն կողմը, նրա առջև բացված լիներ հավիտենական աթոռը, և նա շնորհ, զորություն, հաջողություն էր մաղթում այն էակի համար, որին իր ձեռքով էր սնուցել, իր բազուկների վրա էր մեծացրել:

Նրա ալևոր գլուխը թեքվեցավ, երեսի վրա երևացին մի քանի ցնցումներ, աչքերը դարձյալ փակվեցան...

Նա մեռա՜վ... բացականչեց Կարոն, առանց մի կաթիլ արտասուք անդամ աչքից թափելու:

Ես զարմանում էի նրա քարասրտության վրա: Ո՜րպես սառնությամբ լսեց այդ բոլորը: Կարծես, նա ամենը գիտեր, կարծես, դայակի պատմածները նրա համար նոր բաներ չլինեին: Բայց նա ոչինչ չգիտեր իր ծագումի մասին, նա իրան միշտ համարում էր պառավ Զումրուդի թոռը:

Ես սխալվում էի: Կարոն բոլորովին հանգիստ չէր: Նրա կերպարանքի գունաթափ, միևնույն ժամանակ խաղաղ կեղևի տակ բորբոքվում էր մի սարսափելի կրակ, որ նմանում էր ծածկված հրաբուխի: Նրա սիրտը փոթորկվում էր կատաղի խռովության մեջ: Ես այն ժամանակ չէի կարող հասկանալ նրա բնավորության բոլոր զորությունը, թե որքան զգացմունք, որքան կամքի ուժ կար այն անչափահաս պատանու մեջ, իսկ այժմ բոլորը հասկանում եմ, նա ծածկեց մեռնող կնոջ երեսը, և մի քանի րոպե լուռ ու անշարժ նստած էր նրա մոտ:

Ես բաց արի այն փոքրիկ արկղիկը, որը հիվանդը ցույց տվեց իր հոգեվարքի միջոցին: Նա լիքն էր զանազան հին, ցեց կերած թերթերով, որոնք գրված էին պարսից, արաբացոց, հունաց, թուրքաց և հայոց լեզուներով: Նրանց վրա դրոշմված էին մեծ և փոքր կնիքներ: Մագաղաթի գրվածքը դարերի ընթացքում բոլորովին գունատվել և մուգ-դեղին գույն էր ստացել: Կարոն խլեց իմ ձեռքից հրովարտակները և բոլորը միասին նետեց հնոցի մեջ: Կրակը բորբոքվեց, և Ղարա-մելիքների ավելի քան հազար տարվա տոհմային վկայականները մոխիր դարձան:

Ինձ պետք չէ արտոնական իշխանությունը, որ իբրև ողորմություն շնորհված է եղել իմ պապերին, ասաց Կարոն խորին վրդովմունքով: Ես պիտի աշխատեմ չսովորել մուրացկանություն: Եթե կհաջողվի ինձ կրկին ձեռք բերել այն, ինչ որ կորցրել են իմ նախնիքը, այդ պետք է լինի իմ սեփական ջանքով: Սրով, բռնի ուժով խլածը պետք է սրով վերադարձնել: Բայց ինչ որ ամենաթանկագինն է ինձ համար, դա է իմ ծնողների արյունը: Ահա՛ ամենագլխավոր պահանջը, որ պիտի տուժել տամ մեր թշնամիներին...

Այդ խոսքերը զարթեցրին իմ հիմար գլխում մի միտք, որ մինչև այն րոպեն մնացել էր խուլ, անշարժ, անկերպարան: Մի՞թե իմ հոր արյունը նույնպես չէր բողոքում արդարության ատյանի առջև, մի՞թե նա գերեզմանից չէր կոչում որդուն վրեժխնդիր լինել: Թուրքը թուրքի հետ գրազ եկավ և իր սրի զորությունը փորձելու համար, մի հարվածով կտրեց իմ հոր պարանոցը և ստացավ մի ֆինջան զահվե... Ո՜րքան նախատինք, ո՜րքան ցածություն էր այդ, իր կյանքով լինել առարկա մի այդպիսի բարբարոսական կատակի...

Հնոցի մեջ մագաղաթը դեռ այրվում էր. կապտագույն բոցերը դեռ պլպլում էին:

Տե՛ս, այլևս ի՞նչ կա այնտեղ, հարցրեց Կարոն, ցույց տալով սնդուկը:

Հատակի վրա մնացել էր փղոսկրյա մի տուփ. ես բաց արի տուփը. նրա մեջ դրած էր մի փոքրիկ մեդալիոն, ոսկուց շինած և ադամանդներով զարդարած, որի վրա հմուտ ճարտարությամբ նկարված էր մի գեղեցիկ կանացի գլուխ: Այդ Կարոյի մոր պատկերն էր: Նա առեց իմ ձեռքից մեդալիոնը, մի քանի վայրկյան նայեց նրա վրա, հետո թաքցրեց իր ծոցում: Այն ժամանակ միայն նկատեցի` նրա աչքերից գլորվեցան մի քանի կաթիլ արտասուք գունաթափ, տխուր դեմքի վրա:

Նա իսկույն սրբեց արտասուքը, որ ես չտեսնեմ, դարձավ դեպ ինձ, ասելով.

Երդվի՛ր, Ֆարհատ, որ այդ բոլորը, ինչ որ լսեցիր, ինչ որ տեսար այստեղ, կմնան քեզ մոտ որպես գաղտնիք:

Ես երդվեցա:

Այդ անցքից երեք օր հետո Զումրուդին թաղեցին: Ամբողջ քաղաքը ցավեց նրա համար: Նա իբրև բժիշկ այնքան բարի էր, որ չկար մի աղքատ, որ նրա օգնությունը վայելած չլիներ:

Նրա թաղումից հետո Կարոն այլևս չերևաց: Կարոյի հետ անհայտացան մեր քաղաքից երեք հոգի որսորդ Ավոն, Ասլանը և Սագոն: Ու՞ր գնացին, ոչ ոք չգիտեր...

ԺԲ

ՄԹԻՆ ԳԱՂՏՆԻՔ

Դառնանք դեպի մեր պատմությունը:

Վաղ առավոտյան, դեռ արևը չծագած, ես զարթեցա: Ես ինձ գտա խորհրդավոր մինարեթում, պառկած ցամաք տերևներից կազմված անկողնի վրա: Գլխիս տակին, բարձի փոխարեն, դրած էր մի խուրձ խոտ: Կարոյի վերարկուն ծածկում էր ինձ վերմակի տեղ: Երևում էր, ընկերներս խնամք էին տարել իմ հանգստության համար, որովհետև դեռ չէի սովորած բացօթյա կյանքի խստություններին:

Երկու զեյթունցիները չկային: Մյուսները` Կարոն, Ասլանը, Սագոն դեռ քնած էին մերկ գետնի վրա, առանց ծածկոցների: Նրանց քունը ծանր էր և խորին: Ինձ երևում էր, թե ամբողջ գիշերը արթուն էին մնացած. երևում էր, հենց նոր դարձել էին մի հեռու տեղից... որովհետև նրանց տրեխների ցեխը դեռ թաց էր: Նրանք պառկել էին առանց հանվելու, իրանց հագուստով, մինչև անգամ ոտնամաններով: Նրանք կրած ունեին և զենքեր, բայց գիշերը, թե ընթրիքի ժամանակ, թե վիճաբանության միջոցին, նրանց վրա զենքեր չտեսա, բացի մի-մի դաշույնից: Ուրեմն նրանք գիշերը այստեղ չէին մնացած, մտածում էի ես, ուրեմն ինձ հարբեցրին, քնացրին, որ չիմանամ, թե դեպի ո՛ր կողմն են արշավանք գործում...

Բայց ո՞րտեղ կորան այն երկու ծածկամիտ զեյթունցիները, ինչու՞ չմնացին այստեղ, ինչո՞ւ Կարոն չծանոթացրեց ինձ նրանց հետ և ոչ ասաց, թե նրանք ովքեր են... Մի՞Բթե նա չի հավատում ինձ: Ահա այդ հարցերը զբաղեցրին իմ միտքը, երբ առավոտյան զարթեցա խորհրդավոր մինարեթի մեջ:

Ինձ թվում էր, թե ես ընկած եմ մի կախարդված ամրոցի ավերակների մեջ, թե մի դյութական ձեռք ինձ բերեց այդ դիվաբնակ ավերակներում, թե Կարոն, Ասլանը, Սագոն, այդ բոլորը առաչոք և խաբեական պատկերներ էին: «Չէ՛, մտածում էի ես, թողնեմ, փախչեմ և հեռանամ այստեղից, գնամ մորս մոտ, հնազանդ գլուխս խոնարհեցնեմ նրա առջև և ասեմ. «ես քեզանից չեմ հեռանա, միշտ կաշխատեմ քեղ համար և քույրերիս համար, միայն ինձ վարժատուն մի՛ ուղարկիր»:

Իսկ երբ վարժապետիս սարսափելի պատկերը ալքիս առջևն էր գալիս, իսկույն սթափվում էի, կրկին լուծվում էր դյութական թիլիսմանը, և ես զգում էի, թե իրականության մեջ եմ գտնվում, թե այս բոլորը, ինչ որ տեսնում էի, երևակայության ցնորքներ չէին: Իսկույն փոխում էի միտքս. «Չէ՛, ասում էի, երազ չէ իմ տեսածը և ոչ կախարդություն. դրանք իմ լավ ընկերներն են` Ասլանը հրեշտակի սիրտ ունի, Կարոն հենց վարժարանում եղած ժամանակ սիրում էր ինձ, Սագոն նույնպես բարի տղա է, նրա սիրտը այն չէ, ինչ որ լեզուն է: Չէ՛, կմնամ այստեղ, դրանցից չեմ բաժանվի»...

Մինչև ես այսպիսի խորհրդածությունների մեջ էի, աչքս ընկավ պառկած ընկերներիս վրա. չգիտեմ ինչու՞ ես հիշեցի մի զրույց, որ շատ անգամ լսել էի տատիս հեքիաթների մեջ: Ինձ երևաց, որպես թե, այդ երեք երիտասարդները երեք հսկաների ձագեր լինեին, որոնց մայրը կաթի փոխարեն կերակրում էր ադամորդու արյունով...Ո՞րտեղից ծագեց իմ մտքում մի այդպիսի օտարոտի համեմատություն...

Կարոյի քունը անհանգիստ էր. երևում էր, նա գտնվում է երազների սարսափելի խռովության մեջ. «Կսպանեմ, թե չտաս» «ո՞ւր ես փախչում» «իմ գնդակը ավելի սրընթաց է, քան քո ոտները» «Ասլա՛ն, սատկացրու նրան» «Սագո, զգույշ, մարդ չտեսնե»-«նրանք այս կողմից փախան»... Ահա այսպիսի անկապ խոսքեր էին լսվում նրա բերանից: Նա խոսում էր խառն, զանազան արևելյան լեզուներով:

Ասլանի քունը հանգիստ էր, որպես երեխայի քուն: Երբեմն նրա գեղեցիկ շրթունքը ցնցվում էր թեթև ժպիտով: Նա լուռ էր: Մի անգամ միայն նա արտասանեց անունը «Սոնա»: Խե՜ղճ տղա, մտածում էի ես, նա ինձանից առաջ սիրում էր նրան... գուցե այժմ տակավին սիրում է...

Սագոն իր երազների մեջ նույնպես ծիծաղելի էր, որպես արթուն ժամանակը. մեկին ջիգրացնում է նա: Նրա դեմքի վրա նկատվում էին հեգնական ծամածռություններ:

Արշալույսը սկսել էր շառագունել: Ամեն կողմից լսելի էին լինում թռչունների ուրախ, ծլվլուն երգերը: Մինարեթի վերի հարկերում բուն դրած վայրենի աղավնիները այս կողմ և այն կողմ էին թռչկոտում և նրանց թևքերի թափ տալուց աշտարակի կամարները թնդում էին խուլ որոտմունքով:

Ես ձանձրացա երկար պառկելուց, վեր կացա, մոտեցա Կարոյին և, նրա վերարկուն իր վրան ծածկելով, կանգնեցա նրա մոտ: Նա տարածված էր գետնի վրա, որպես մի ահագին պղնձե արձան, մթին, հսկայատիպ կերպարանքով: Նրա լայն կուրծքը անհանգիստ կերպով բարձրանում և ցածրանում էր: Երկար ես խորին պատկառանքով նայում էի այդ վեհափառ պատկերի վրա, մինչև իմ սիրտը լցվեցավ մի ջերմ, եղբայրական զգացմունքով. ես խոնարհվեցա և մի համբույր քաղեցի այն շրթունքներից, որոնցից շատ անգամ լսել էի այդ խոսքերը. «Ֆարհատ, ես քեզ շատ եմ սիրում»:

Նա մի թեթև շարժում գործեց և կրկին խորասուզվեցավ ծանր քնի մեջ: Ես հեռացա:

Դեռ երեխայության ժամանակից, այն ավերակները, որոնցով շրջապատված էի, այն մինարեթը, որի մեջ այժմ գտնվում էի, միշտ մի առանձին դյութական տպավորություն էին գործում ինձ վրա: Ես լսել էի նրանց մասին շատ առասպելական զրույցներ: Բայց առաջին անգամն էր, որ գտնվում էի այնտեղ, թեև այդ ավերակներն ունեին մեր քաղաքից հազիվ քառորդ մղոն հեռավորություն: Մարդիկ, մի առանձին սնահավատությամբ, վախենում էին մոտենալ նրանց: Բայց նույն ժամուն ինձ ևս անհասկանալի մի հետաքրքրություն քարշում էր իմ սիրտը դեպի վեր, դեպի այն հսկայական շինվածքի գագաթը. այնտեղից ես ցանկանում էի նայել դեպի աստուծո գեղեցիկ աշխարհը:

Խորին երկյուղածությամբ ես ոտք կոխեցի առաջին սանդուղքի վրա, սկսեցի բարձրանալ: Ամեն տեղ տիրում էր դատարկություն. ամեն տեղ ոչ այնքան ժամանակը, որքան կույր խառնիճաղանջի մոլեռանդությունը ավերակ էր դարձրել ճարտարության այն հրաշալի գործը, համարելով նրան մի կախարդված մնացորդ «ջինների» թագուհու ամրոցից: Ես բոլորովին հոգնեցա, մինչև հասա մինարեթի գագաթը: Ա՜խ, որքան բարձր էր նա: Ամբողջ սալմաստը, լուսավորված արեգակի առաջին ճառագայթներով, դրած էր իմ առջև, որպես մի գեղեցիկ պատկեր, նկարած զանազան գույներով: Գյուղերը, այգիները, ձեռնատունկ անտառները, լավ մշակված դաշտերը, բոլորը միախառնվելով հանդիսանում էին ամբողջ հովիտը իր կանաչազարդ, գեղագրական տարածության մեջ: Ես ջոկում էի բոլոր ինձ ծանոթ տեսարանները:

Հեռու, բարձր ապառաժի վրա, տեսնում էի ես Ղարնի-Յարուղի ավերակները, ավերակները այն առասպելական ամրոցի, ուր թափվել էր այնքան արյուն, այնքան արտասուք և սեր... ուր անօրեն թուրք իշխանի ձեռքը խլում էր ամուսնի գրկից կնիկների ամենագեղեցիկը... ուր տարվում էին ամենաընտիր աղջիկները ամբողջ գավառից, և անբախտ զոհերի արտասուքը, ընտանիքի սրբությունը, ծնողների աղաչանքը չէին կարողանում ամոքել բռնակալի կրքերը...: Դեպի աջ նայելով, ես տեսնում էի սուրբ Հովհաննու մատուռը, միայնակ կանգնած բլուրի գագաթին, որը մի ահագին շաքարի գլխի նման վեր էր բարձրացել ընդարձակ դաշտի միջից: Ո՜րքան քաղցր զգացմունքներով կապված էր այդ սրբարանը իմ հիշողության հետ: Այնտեղ, տոնական հանդեսների ժամանակ, ուխտավորների աշխարհային զվարճությունները, ախտերը և կրքերը եփ էին գալի, բորբոքվում էին, միախառնվելով կրոնական ջերմեռանդության հետ...

Վերջապես իմ աչքին ընկավ քաղաքը. նա թաքնված էր ծառազարդ այգիների մեջ, որոնք ձևացնում էին մթին բոլորակ տարածություն: Ես որոշեցի մեր թաղը, այնտեղ ես երկար և երկար որոնում էի «մեկին»... կարծում էի, թե կտեսնեմ նրան... Չգիտեմ ինչու՞ նույն րոպեում իմ աչքերը լցվեցան արտասուքով, ես այլևս չկարողացա նայել...

Ես սկսեցի իջնել ցած, կրկին նույն ոլոր-մոլոր սանդուղքներով: Այն ժամանակ միայն նկատեցի, որ աշտարակն ուներ մի քանի գաղտնի պահեստներ և խորին մթերանոցներ: Հետաքրքրությունը հրապուրեց ինձ մտնել նրանցից մեկի մեջ: Նեղ պատուհանից ներս ցոլացած լույսով հազիվ կարողացա որոշել հետևյալ իրեղենները. զենքերի զանազան տեսակներ, ձիաների թամքեր իրանց պարագաներով, խուրջիններ լիքը զանազան բաներով, որոնք այնքան ծանր էին, կարծես, ամբողջապես լցված լինեին մետաղներով: Ես ձեռքս տարա մեկի մեջ, տեսա, ուրիշ ոչինչ չկար, բայց միայն հրացանի փամփուշտներ, գնդակների կապոցներ և վառոդ: Այս մթերքը, անտարակույս, պատկանում էր այն երեք հոգուն, որ պառկած էին աշտարակի ներքին հարկում: Բայց ի՞նչ նպատակի համար էր այդ բոլոր պատրասաությունը: Այդ միտքը սկսեց տանջել ինձ: Այնտեղ կար պատրաստություն ավելի քան հիսուն հոգու համար: Բայց ո՞րտեղ էին այդ մարդիկը: Ես ոչինչ հասկանալ չէի կարողանում: Երկյուղը և կասկածը տիրեցին իմ սրտին: Այստեղ երևում էր ինչ-որ խորհրդավոր ծածկապահություն...

Ես չուզեցի կասկածանքի պատճառ տալ ընկերներիս, և առանց մյուս բաներին նայելու, իջա ցած: Տղերքը տակավին քնած էին նույն դրության մեջ, որպես թողել էի: Ես չկամեցա խանգարել նրանց հանգստությունը, դուրս եկա մինարեթից մի փոքր թարմ օդ ծծելու համար:

Be the first who will comment on this

Other parts of "Կայծեր"

Yatuk Music
The Resurrection Of Christ
George Gurdjieff

The Resurrection Of Christ

The disaster of war
The disaster of war
Play Online