Raffi

Կայծեր

2 - ԺԹ, Ի

ԺԹ

ՆՎԵՐ

Հետևյալ օրը, առավոտյան, ամեն ինչ պատրաստ էր: Մնում էր միայն փաշայի խոստացած թղթերը ստանալ և ճանապարհ ընկնել: Ասլանը կապկապում էր իր չեմոդանը:

Մի՞թե այդքան կարևորություն ունեն այդ թղթերը, որ արժեր նրանց սպասել, հարցրի ես:

Մի առանձին կարևորություն չունեն, պատասխանեց նա, փաշայի երկչոտ զափթիաները չեն կարող մեզ ավազակներից ազատել, բայց մի ուրիշ կողմից մենք պետք ունենք այդ թղթերի մեջ...

Ես հասկացա Ասլանի միտքը. ես գիշերը առաջնորդարանում արդեն ականատես էի եղած, թե ինչ ազդեցություն ունեցան Արզրումի փաշայի թղթերը ամեն կասկածները փարատելու համար:

Կեսօրին մոտ էր, երբ հայտնվեցավ փաշայի քարտուղարը: Դա միևնույն երիտասարդն էր, որ մեզ առաջնորդում էր քաղաքի հնությունները հետազոտելու: Նա բերել էր իր հետ ոչ միայն փաշայի խոստացած թղթերը, այլև մի թանկագին նվեր նրանից: Դա մի գեղեցիկ արաբական նժույգ էր իր բոլոր փառավոր ասպազենքով. գլուխը և պարանոցը զարդարած էր մետաքսյա սև փունջերով, որ բռնված էին արծաթյա, զանգակաձև կոճակների մեջ. թամբի ծածկոցը պատրաստած էր վագրի մորթից, որի եզերքը զարդարած էր ոսկեթել ծոպերով. երկու սևամորթ ստրուկներ, կարմիր մահուդի զգեստներով և գույնզգույն չալմաներով, աջ և ձախ կողմից բռնել էին աշխույժ նժույգի սանձը, որը, կարծես, ինքն էլ էր զգում իր գերազանցությունը և, բակը մտնելուն պես, սկսեց խրխնջալ և մի առանձին հպարտությամբ առջևի սմբակները դոփել գետնին:

Ասլանը, հասկանալով բանի էությունը, սանդուղքներից ցած իջավ, դիմավորեց թե քարտուղարին և թե նորին վսեմության ուղարկած նժույգին: Քարտուղարը, սեղմելով Ասլանի ձեռքը, ասաց ճառական եղանակով.

Ես ինձ շատ բախտավոր եմ համարում, պարոն բժշկապետ, որ ինձ վիճակվեցավ թարգման լինել իմ տիրոջ` նորին վսեմության փաշայի` առ ձեզ ունեցած հարգանքի և սիրալիր զգացմունքների: Իմ տերը, բարեմաղթելով ձեզ բարի ճանապարհ և անդորրություն, իրան շատ երջանիկ կհամարե, եթե դուք կհարգեք նրան, ընդունելով այդ նվերը, որ նորին վսեմության ախոռատան ընտրյալներիցն է:

Ասլանը նույնպիսի փքած խոսքերով հայտնեց իր շնորհակալությունը և, բռնելով քարտուղարի ձեռքից, սանդուղքներով տարավ վերև, իր սենյակը: Երբ նստեցին, քարտուղարը ծոցից հանեց թղթերը և, առանձին-առանձին տալով Ասլանին, ասաց.

Այդ ձեր անցագիրն է, որ մենք ևս վավերացրինք, այդ նորին վսեմության փաշայի նամակն է Մուշի գայմագամին գրած, այդ մի բաց հրաման է, որ ամեն տեղ կառավարության պաշտոնակալները մատուցանեն ձեզ պարտ ու պատշաճ ընդունելություն և ցույց տան ձեզ ամեն տեսակ պատրաստականություն ձեր ճանապարհորդությունը դյուրացնելու:

Շնորհակալ եմ, ասաց Ասլանը, ընդունելով թղթերը: Նորին վսեմությունը չափազանց ողորմած է գտնվել դեպի ինձ:

Իսկույն սուրճ և նարգիլե ներս բերեցին: Քարտուղարը անլռելի կերպով խոսում էր, արդյոք գո՞հ մնաց պարոն բժշկապետը իր այցելություններից Վան քաղաքում, արդյոք նա ի՞նչ տպավորություններ կտանե իր հետ, հետո հայտնեց իր խորին փափագը, թե որքան կցանկանար գոնե մի անգամ Եվրոպայում լինել, տեսնել ֆրանկների երկիրը, ասում են, այնտեղ կանայք բաց երեսներով են ման գալիս, ազատ, համարձակ ամենի հետ խոսում են, գիշերները հավաքվում են, տղամարդիկ և աղջիկները միասին պար են գալիս և այլն, այդ բոլորը այնքան հրապուրում էր երիտասարդ քարտուղարին, որ նա բոլորովին մոռացավ, թե մեզանից ժամանակ է խլում, թե մենք ճանապարհորդ ենք:

Նրա շատախոսությանը վերջ տվեց Ասլանը, դնելով նրա առջև հարյուր ոսկի, փաթաթած թղթի մեջ:

Թեև ձեր ծառայությունը ավելի մեծ գնահատության արժանի է, ասաց նա, բայց կխնդրեմ, ընդունեցեք այդ փոքրիկ նվերը իմ կողմից:

Խնայեցեք ինձ, պարոն բժշկապետ, ասաց քարտուղարը հրաժարվելով, դուք այդ երկրորդ անգամն է, որ ինձ ամաչեցնում եք. ես հավիտյան չեմ մոռանա այն գեղեցիկ ժամացույցը, որ դուք ընծայեցիք ինձ բերդի հնությունները տեսնելու ժամանակ. ամբողջ քաղաքում իրանմանը չկա, ամեն մարդ, ով որ տեսնում է, հիանում է:

Քարտուղարը, հազար ու մեկ շողոքորթություններից հետո, վերջապես ընդունեց ոսկիները և, զգալով, որ երկար նստեց, վեր կացավ և, բարի ճանապարհ մաղթելով, դուրս եկավ սենյակից: Ասլանը նրան տարավ մինչև բակի դուռը: Այստեղ կանգնած էին երկու սևամորթ ստրուկները, որոնք փաշայի ախոռատան ծառաներիցն էին: Նրանք ևս ստացան Ասլանից մի-մի ոսկի և, մինչև գետին խոնարհվելով, մի քանի անգամ գլուխ տվին:

Ինձ այնքան չէր զարմացնում փաշայի գեղեցիկ նվերը, որքան այն միտքը, թե ո՞րտեղից և ի՞նչ գումարից Ասլանը առատորեն շաղ էր տալիս այդ ոսկիները: Երբ վերադարձանք մեր սենյակը, ես նրան հեգնորեն նկատեցի:

Փաշայի ընծան շատ էժան չնստեց:

Ընդհակառակն, բավական էժան նստեց, պատասխանեց նա ծիծաղելով:

Հետո նա բացատրեց, թե արևելքում ընծաները, լինեին նրանք սուլթանից, շահից կամ նրանց բարձր պաշտոնակալներից, մի տեսակ արդյունքի աղբյուրներ են: Օրինակ, թագավորը սովորաբար տարին մի անգամ խալաթներ է ուղարկում իր նահանգապետներին կամ զանազան նշանավոր աստիճանավորներին: Այդ խալաթները լինում են` կա՛մ մի վերարկու, կա՛մ մուշտակ, կա՛մ թանկագին շալեր և կա՛մ այլ հագուստներ: Նրանք ավելի բարձր նշանակություն ունեն, երբ առնված են արքայական անձից, այսինքն` երբ թագավորը նրանց մի անգամ հագել էր: Խալաթները բերում են թագավորի արքունիքի սպասավորները, ըստ մեծի մասին նրա սենեկապետները: Նահանգապետը իր բոլոր աստիճանավորներով և քաղաքացիների խառն բազմությամբ ընդառաջ է գնում ընդունելու արքայական ընծան: Եվ որովհետև այդ տեսակ ընծաներ ստացվում են համարյա ամեն տարի, այդ պատճառով նահանգական մեծ քաղաքների մոտ, մի քանի մղոն հեռավորությամբ, դեպի մայրաքաղաքը տանող ճանապարհի վրա, շինված են առանձին պալատներ, որ կոչվում են խալաթ-փուշան, որ նշանակում է խալաթ հագնելու տեղ: Այդ պալատների մեջն է կատարվում ընդունելության մեծ հանդեսը. բոլոր բազմությունը լիանում է անուշահոտ շերբեթներով և քաղցրավենիքով: Հետո նահանգապետը հագնում է խալաթը և, բազմության առջևն ընկած, մտնում է քաղաքը: Ամեն կողմից ողջունում են նրան, ամեն կողմից օրհնում են ողորմած թագավորին: Բերողը ստանում է նահանգապետից մեծ գումար, և այգ գումարը ծանրանում է գյուղացիների վրա, որպես մի բացառիկ, արտակարգ հարկ, որ կոչվում է խալաթ-փուլի, այսինքն խալաթի փող:

Տեսնո՞ւմ ես, ավելացրեց նա, թագավորը իր հին հագուստները ուղարկում է նահանգապետներին, նահանգապեաները փառք են վայելում, իսկ ծախքերը խեղճ գյուղացին է տուժում...

Հետո Ասլանը բացատրեց և այն, թե ո՛րքան նշանակություն ունեն մեծ մարդկանց հագուստները: Գանահարությունը սովորական պատիժներից մեկն է արևելքում: Երբ մի երևելի պաշտոնակալին պետք էր գանահարության ենթարկել, փոխանակ նրա անձը գանելու, տանում են նրա վերարկուն և հրապարակի վրա ծեծում են:

Երևի, եթե այդ վերարկուն թագավորից ստացված լիներ, չէին համարձակվի այնպես վարվել նրա հետ:

Անտարակույս: Բայց և այն պետք է ի նկատի ունենալ, որ եթե նահանգապետը մի տարի խալաթ չստացավ, նա կկորցնե իր բոլոր նշանակությունը. այդ արդեն նշան կլինի թագավորի դեպի նա ունեցած սառնությանը, և ժողովուրդը այլևս նրանից չի վախենա: Դու տեսար գիշերը այստեղի փաշային. չնայելով առաջնորդարանի սաստիկ տոթին, նա մեծ բավականությամբ հագած ուներ այն թանձր մուշտակը, որը այս տարի սուլթանից է ստացել:

Ասլանը բացատրեց ինձ, թե որքան ուրիշ շահեր ևս կապված են խալաթների բաշխման հետ: Խալաթ բերողները, ըստ մեծի մասին, լինում են արքունիքի սպասավորները և սենեկապետները: Այդ մարդիկը ամենևին ռոճիկ չեն ստանում: Բավական էր նրանց մի այսպիսի ծառայություն կատարել, մեկի համար խալաթ տանել, և նրանց մի քանի տարվա ռոճիկը կարելի էր միանգամից ստացված համարել:

Ինչպես փաշայի քարտուղարինը, ընդմիջեցի ես:

Այո՛, նա ևս ռոճիկ չունի, կամ թե ունի, անպատճառ շատ չնչին բան կլինի: Նրա եկամուտները բխում են գլխավորապես այդ տեսակ հանձնարարություններ կատարելուց, երբ փաշայից մեկի համար ընծա է տանում:

Սկսյալ սուլթանի պալատից, մինչև վերջին մուդիրի գրասենյակը, ամեն տեղ նույն կարգերն են տիրում. մեծերը ընծաներ են տալիս փոքրերին և նրանցից փող են ստանում, և այսպես կաշառակերությունն աստիճանաբար վերևից իջնում է ցած: Հարցրեք այս և այն պաշտոնակալին, թե ո՞րքան ռոճիկ եք ստանում: Նա ռոճկի մասին կամաչե խոսել, որովհետև շատ չնչին է, բայց առանց ամաչելու և մինչև անգամ պարծենալով կասե ձեզ, թե տարին այդքան «եկամուտ» ունեմ: Բոլոր եկամուտները բխում են մթին աղբյուրներից և այնքան սովորական են դարձել, որ ամեն մի մեծավոր, երբ պաշտոն է հանձնում իր ստորադրյալին, նրան կամ բոլորովին ռոճիկ չէ նշանակում, կամ եթե նշանակում է` մի չնչին բան, բացարձակ ասում է նրան. «Այդքանն ինձանից կստանաս, այդքան էլ եկամուտը կունենաս»:

Ապա ո՞ւր են գնում պետության գանձարանից դուրս եկած ռոճիկները, հարցրի ես:

Խոշոր պաշտոնակալների գրպանը, պատասխանեց Ասլանը, իսկ մանր պաշտոնակալները բավականանում են միայն «եկամուտներով»:

Դու կարծո՞ւմ ես, փաշան այդ ձին ուղարկելով շահի նպատակ է ունեցել:

Ես այդ չեմ կարծում: Եվրոպացիների հետ նրանք բոլորովին այլ կերպ են վարվում: Նա, այդ ձին ուղարկելով, կամեցել է կաշառել ինձ: Եթե ես նրա քարտուղարին այն ոսկիները չտայի, նա ավելի ուրախ կլիներ: Բայց ես չկամեցա նրան պարտական մնալ: Այստեղ մի տարի առաջ կար մի անգլիական գործակատար. փաշայից հաճախ ընծաներ էր ստանում, քուրդ ավազակապետները նրա կնոջ և երեխաների համար եղջերվի ձագեր և կենդանի կաքավներ էին ուղարկում, և նա քրդերի մասին շատ նպաստավոր գաղափար կազմեց, համարելով նրանց բարի և ազնիվ մարդիկ և այնպես էլ հաղորդեց իր կառավարությանը: Իսկ հայերը նրան կաքավներ չտարան և համարվեցան ագահ, ժլատ, հարստահարիչ հրեաներ:

Մեր խոսակցությունը ընդհատեց վարպետ Փանոսը, որ վերադարձավ քաղաքից: Նա տարել էր մեր բեռները հանձնելու քարավանին:

Շնորհավորում եմ, ասաց նա ծիծաղելով, գեղեցիկ ընծա եք ստացել: Երևի, փաշան չէ կամեցել, որ դուք չարվադարի անշնորհք ձիով ճանապարհորդեիք:

Փաշան այդ մասին շատ քաղաքավարի է, պատասխանեց Ասլանը: Ասացեք, ե՞րբ է դուրս գալիս քարավանը:

Երեկոյան, արևը մտնելուց մի ժամ առաջ:

Ուրեմն մենք բավական ժամանակ ունենք մի քանի բաներ կարգադրելու:

Վարպետ Փանոսը և Ասլանը առանձնացան: Ես դուրս եկա նոր ստացված ընծայի վրա հիանալու:

Ի

ՔԱՐԱՎԱՆ

Քարավանների պատմությունը միշտ իմ վրա կախարդիչ տպավորություն էր թողել. նրանց մասին լսել էի շատ և շատ հետաքրքիր զրույցներ: Այժմ դուք կարող եք երևակայել իմ ուրախությունը, որ առաջին անգամ ես բախտ ունեի ճանապարհորդել մի մեծ քարավանի հետ: Նա պետք է դուրս գար երեկոյան պահուն. ցերեկվա տոթի պատճառով որոշել էին գնալ գիշերով:

Վարպետ Փանոսը, նրա մայրը, կինը, երեխաները հավաքվել էին բակում մեզ ճանապարհ դնելու: Ծառաները, աղախինները և գործարանի աշակերտները, խումբով կանգնած, հեռվից նայում էին: Բոլորի դեմքի վրա երևում էր մի տեսակ տխրություն, կարծես Ասլանը այդ տան սիրելի անդամներից մեկը լիներ, որ գնում էր հեռու, շատ հեռու, և գուցե մյուս անգամ չէին տեսնի նրան: Նա ցած իջավ սանդուղքներից, մոտեցավ վարպետի մորը, կնոջը, սեղմեց նրանց ձեռքը, գրկեց նրա երեխաներին և, բոլորին մնաք բարով ասելով, դուրս եկանք: Փողոցում սպասում էին մեզ երկու ձիաներ` փաշայի ընծայած ձին Ասլանի համար և մի բավական լավ ձի ինձ համար, որ բերել էին քարավանից: Ասլանը համբուրվեցավ վարպետ Փանոսի հետ և կրկին անգամ սեղմեց նրա ձեռքը: Ես նկատեցի վարպետի աչքերում արտասուքի կաթիլներ: Նստեցինք ձիաները: Բակում հավաքված բազմությունը այժմ խմբված էր բակի դռանը:

Մնաք բարյա՜վ, բարեկամներ, ասաց Ասլանը:

Բարի ճանապա՜րհ և հաջողությո՜ւն ասաց վարպետ Փանոսը:

Բարի ճանապա՜րհ, կրկնեցին նրա մայրը, կինը և փոքրիկ երեխաները:

Մենք մեծ շնորհակալությամբ թողեցինք այն տունը, որտեղ վայելել էինք այնքան հյուրասիրություն, այնքան հարգանք և այնքան անկեղծ բարեկամական սեր:

Արևի երեկոյան ճառագայթները դեռ շողշողում էին մինարեթների բարձր կիսալուսինների վրա, դեռ մոլլան «ազան» չէր տվել, երբ քարավանը ճանապարհ ընկավ քաղաքի պարիսպների մոտ գտնված «Չայիր» կոչված մարգադաշտից, ուր բանակ էր դրել նա, մինչև կհավաքվեին բոլոր ճանապարհորդները:

Այստեղ մենք վերջին անգամ հանդիպեցինք մուսուլցի թումաջի վաճառական խոջա Թորոսին, որ, մի կողմում կանգնած, խոսում էր քարավանի պետի հետ: Տեսնելով մեզ, նա մոտեցավ:

Բարո՜վ, պարոն բժշկապետ, դուք արդեն գնո՞ւմ եք, հարցրեց նա, ձեռք տալով

Գնում եմ, խոջա Թորոս, պատասխանեց Ասլանը: Դուք այստեղ ի՞նչ եք շինում:

Վաճառականի գործը ի՞նչ կլինի. բամբակի բեռներ ունեի Բաղեշ ճանապարհ դնելու. եկա, հանձնեցի քարավանին: Դուք Բաղեշ կհանդիպե՞ք, պարոն բժշկապետ:

Անպատճառ:

Իսկ Մո՞ւշ:

Նույնպես:

Ուրեմն, եթե չեք մերժի իմ փոքրիկ ծառայությունը, ես կտամ ձեզ երկու հանձնարարական նամակներ, մեկը Բաղեղ, մյուսը Մուշ, այդ քաղաքներում ես երկու լավ բարեկամներ ունեմ, նրանք կարող են պիտանի լինել ձեզ: Դուք, կարծեմ, հետաքրքրվո՞ւմ եք հնություններով, պարոն բժշկապետ:

Այո՛ , շնորհակալ եմ, խոջա Թորոս, ասաց Ասլանը, ընդունելով նամակները և սեղմելով մուսուլցու ձեռքը: Մնաք բարյավ, խոջա Թորոս:

Հաջողությո՜ւն և բարի ճանապա՜րհ, պարոն բժշկապետ, ասաց նա և պինդ սեղմեց Ասլանի ձեռքը:

Մենք բաժանվեցանք: Ընթերցող, դու խո չես մոռացել, թե ով էր այդ մուսուլցին իր արաբական ապարոշով և իր շիլ վառվռուն աչքերով...

Քարավա՜ն, դա արևելքի շարժական կյանքն է. քարավան տեսնելով, կարելի է արևելքի կենդանի, գործունյա և եռանդոտ մասը տեսած լինել:

Նեղ ու անձուկ ճանապարհի երկարությամբ բռնել էր նա մի քանի փարսախ տարածություն: Մինը մյուսի ետևից շարված էին բեռնակիր գրաստները: Այդ երկար, կենդանի շղթան, որի ծայրը չէր երևում, դանդաղ կերպով շարժվում էր, առաջ էր ընթանում և, ճանապարհի խոտորնակի ուղղությամբ, օձի նման պտույտներ էր գործում, գալարվում էր և դարձյալ ուղիղ ընթացք էր ստանում, երբ ճանապարհը փոքր-ինչ հարթ էր և ուղղաձիգ: Բեռնակիր գրաստները բաղկացած էին ջորիներից: Նրանք ղաթար-ղաթար, այսինքն խումբ-խումբ, դասավորված էին միմյանց ետևից: Յուրաքանչյուր խումբը բաղկացած էր տասն ջորիից, բոլորը միագույն: Մի խումբը սպիտակներ էին, մյուսը՝ սևեր, երրորդը՝ մուգ մոխրագույն և այլն: Բոլորից առաջ գնում էր սպիտակների խումբը: Յուրաքանչյուր խումբ կազմում էր մի միություն: Մեկ ջորին կապած էր մյուսի համետի ետևից երասանակի շղթայով: Ամեն մի խումբի հետ գնում էին երկու ծառաներ, որ եթե բեռները ծռվելու լինեն, ուղղեն, կամ եթե անասուններից մեկը սայթաքելու և ընկնելու լինի, կանգնեցնեն: Բոլոր ջորիների գլուխը, պարանոցը և գավակը զարդարած էին գույնզգույն հուլունքներով, գույնզգույն խխունջներով, գույնզգույն փնջիկներով և փոքրիկ, ընկուզաձև զանգակներով: Ամեն մի քարավանապետ մի առանձին պարծանքով է զարդարում իր գրաստները, մանավանդ, երբ քարավանը մոտենում է մի նոր քաղաքի, կամ դուրս է գալիս քաղաքից: Եվ այդ պճնասեր անասունները այն աստիճան սովորած են իրանց զարդարանքներին ու զանգակներին, որ եթե զանգակներ չունենան, լավ չեն գնա:

Երբ հարյուրավոր անասուններ շարժվում են, շրջակա լեռները, բլուրները դղրդում են զանգակների խլացնող ձայնից: Նրանց քայլերի չափով` հնչյունները պահպանում են մի առանձին ներդաշնակություն, որ խիստ կախարդիչ տպավորություն է գործում, մանավանդ գիշերային լռության պահուն, երբ քարավանը գնում է ամայի ձորերի միջով:

Բոլորի առջևը ընկած, միայնակ գնում էր «փիշանգը»` քարավանի առաջնորդը: Դա մի սպիտակ, ամեհի ջորի էր, հզոր կուրծքով և գեղեցիկ գլխով: Իր հետևողներից որոշվում էր նա իր ավելի շքեղ զարդարանքներով, որ կազմված էին թանկագին իրեղեններից: Նա ջորիների արքան էր. նա ազատ էր բեռնից. նա միայն առաջնորդում էր:

Նայելով այդ խելացի անասունի վրա, ես մտածում էի. ո՜րքան լավ կլիներ, եթե այդ երկրի առաջնորդները կամ նրա կառավարիչները այդպես բարեխիղճ կերպով կատարեին իրանց պաշտոնը, որպես այդ սպիտակ ջորին...

«Փիշանգը» արժանի է նկարագրության: Լինում է ձմեռ, թանձր ձյունը ծածկում է ճանապարհների բոլոր շավիղները, բոլոր հետքերը: Դարուփոսեր հավասարվում են, և առջևում դրած է ձյունային ընդարձակ, հարթ տարածություն: Նեղ հորիզոնը միախառնվում է մառախլապատ երկնքի հետ: Դեպի ամեն կողմ նայում ես, ոչինչ չես տեսնում: Ճանապարհը նշաններ չունի. ո՞ւր պետք է գնալ: Ցուրտը սառեցնում է, և կատաղի քամին ձյունային թանձր փոշին պտտեցնում է օդի մեջ: Սարսափելով մտածում ես՝ ահա ամբողջ քարավանը կկորչի, կանհետանա սպիտակ թանձրության ներքո: Անապատի միջով գնալիս քամին, մրրիկը նույն գործողությունն են կատարում ավազի հետ, որպես ձմեռը ձյունի հետ: Բոլոր ճանապարհները ծածկվում են ավազի ներքո: Դեպի երկինք նայում ես՝ ավազ, դեպի գետին՝ ավազ, ավազային մոխրագույն փոշին լցրել է ամեն տեղ: Այդ տագնապի և ճգնաժամի միջոցներում օգնության է հասնում «փիշանգը»: Նա, որպես մարմնացած բնազդում, գիտե ուղիղ ճանապարհը, որքան էլ ծածկված լիներ ձյունի կամ ավազի ներքո: Իր հզոր կուրծքով պատառում է նա ձյունը և քարավանը առաջ է տանում: Ամեն ինչ սառել է, մարդկանց աչքերի թերթերունքից անգամ կախ են ընկած սառցային լուլաներ: Բայց նրա մարմինը պատած է սպիտակ փրփուրով, և ջերմ գոլորշին թանձր սյուներով դուրս է հոսում լայն պնչածակերից: Երբ մի տեղ ճանապարհը նրան երկբայական է թվում, նա զգուշությամբ կանգ է առնում: Ամբողջ քարավանը նույնպես, նրա ետևում, դադարեցնում է իր ընթացքը: Նա խորին ուշադրությամբ գլուխը այս կողմ ու այն կողմ է դարձնում, ականջները ցցում է, կարծես հողմերի ընթացքն է ուզում հետազոտել: Նայում է դեպի երկինք, կարծես աստղերի ուղին է ուզում դիտել: Դունչը տանում է դեպի գետին և հոտ է քաշում, ստուգելու` արդյոք անցե՞լ էր այնտեղից մի որևիցե արարած: Մի մեղմ խրխինջ արտահայտում է նրա սրտի ուրախությունը: Նույն ուրախությունը անցնում է անասունների ամբողջ շղթայով. բոլորը ընդհանուր ձայնով խրխնջում են: Նրանց առաջնորդը գտավ ուղին, փոխեց քայլերը: Եվ ամբողջ շղթան շարժվում է նրա ետևից: Գիշերային խավարը նրա համար չէ: Նրա երկու լուսափայլ աչքերը` երկու լապտերներ են, որ առաջնորդում են նրան: Երբեմն նա սարերի, ձորերի միջով է գնում կամ խորին անդունդների եզերքով է ընթանում: Մի սխալ քայլ կարող է գլորել նրան անհատակ վիհը և նրա հետ ամբողջ քարավանը կորստյան մատնել: Բայց նա երբեք այդպիսի սխալներ չէ անում, կարծես նրա ամուր սմբակներն ևս աչքեր ունեն: Երբ մոտենում են իջևանին, որքան էլ մութ ու խավար լիներ, նա մի քանի մղոն հեռավորությունից իմանում է այդ և դարձյալ ուրախաձայն խրխնջում է: Նրա հետևողները ձայնակից են լինում նրան և շտապեցնում են իրանց քայլերը, որ շուտ տեղ հասնեն և հանգստանան:

Բեռնակիր ջորիները առաջ էին ընկած, իսկ նրանց ետևից գնում էին ճանապարհորդները, ոմանք ձիաների վրա նստած, ոմանք` ավանակների վրա: Այդ խեղճ անասունների բեռը ավելի ծանր էր: Յուրաքանչյուրի վրա բարձած էին երկու մեծ ջվալներ, լցրած զանազան իրեղեններով, որ անհրաժեշտ են ասիական ճանապարհորդության համար: Ջվալների մեջ տեղավորված էին զանազան կարասիք, ինչպես կաթսա, պղնձե ամաններ, ջրի աֆթաֆա, սուրճ պատրաստելու ղավանոց, նարգիլե` իր բոլոր պարագաներով և այլն: Նրանց թվում կար և ամբողջ պաշար ուտեստի համար, ինչպես` հաց, յուղ, բրինձ, պանիր, աղ, սոխ, քամած մածուն և այլն: Յուրաքանչյուրը իր խոհանոցը իր հետ էր ման ածում. ինքը իր խոհանոցի և՛ խոհարարն էր, և՛ վայելողը: Առանց այդ պատրաստությունների կարելի էր քաղցած մնալ, որովհետև ամառը քարավանը սովորաբար իջևանում է բնակություններից հեռու, բացօթյա տեղերում, անասուններին ճարակ գտնելու համար: Բնակությունների մոտ գյուղացիք թույլ չեն տալիս, որ անասուններն արածեն: Ջվալների վերևից կապած է ճանապարհորդի անկողինը, և այդ փափուկ տեղի վրա նստած է նա: Ձին այդ բոլոր ծանրությունների տակին հազիվ է երևում: Ավելի ունևոր ճանապարհորդները նստած էին թեթև, թամքած ձիաների վրա: Նրանց ծանրությունները տանում էին առանձին ձիաներ, որոնց վրա նստած էին ծառաները: Այդ հարուստները ման էին ածում իրանց հետ և վրաններ: Քարավանի մեջ կային և կանայք, որոնք, փաթաթված իրանց չադրաների մեջ, աչք ու երես կապած, մի շորեղեն գունդի նման, գրված են գրաստների վրա: Հարուստների կանայք նստած էին ծածկված պատգարակների մեջ. յուրաքանչյուր պատգարակը տանում էին երկու ջորիներ:

Մահմեդական ունևորը իր բավականությունների ոչ մեկից ետ չէ մնում և ճանապարհորդության ժամանակ: Նա սովորել է ամեն րոպե նարգիլե ծխել, ամեն րոպե մի ֆինջան դառը ղահվե խմել, որը մի մեծ մատնոցի չափ հազիվ կլինի: Այդ երկուսի պատրաստությունը բավական հոգսերի է կարոտ, կրակ է հարկավոր, ջուր է հարկավոր և, վերջապես, զանազան անոթներ են հարկավոր: Նրա ծառան այդ բոլորը իր հետ ունի: Նրա նստած ջորիի մի կողքից երկաթյա շղթայից քարշ է ընկած մի թաղարաձև մանղալ, որի մեջ, որմզդական հուրի նման, պահվում է մշտավառ ածուխը: Ջորիի մյուս կողքից, հաստ կաշյա տիկի մեջ, քարշ է ընկած ջուըր: Ջուրը մահմեդականի ամենաանհրաժեշտ պիտույքն է, որ միշտ պետք է իր հետ ունենա: Գուցե այդ է առիթ տվել, որ այդ տիկերի պատրաստությունը զարմանալի կերպով կատարելագործված է արևելքում: Նրանք ջուրը և՛ սառն են պահում, և՛ ամենասաստիկ տոթերի ժամանակ երբեք չէ հոտում: Կաշին արհեստավորի շնորհիվ դարձել է մի տեսակ խեցեղեն աման, որ ազատ թույլ է տալիս օդի հաղորդակցությունը ջրի հետ: Նույն ջորիի վրա, զանազան անոթների մեջ կա և թրջած թամբաքու և սուրճի բոլոր պարագայքը: Բավական է, որ ծառան լսում է իր տիրոջ հրամանը`. «ղահվե՛, նարգիլե՛»: Ծառան իսկույն պատրաստում է նախ ղահվեն, ապա նարգիլեն, մատուցանում է իր տիրոջը: Հետաքրքիր է նայել այդ տեսարանի վրա: Ծառան նարգիլեն բռնած ունի իր ձեռքում, իսկ երկար օձի նման գալարվող կաշյա ծխաքարշի ծայրը գտնվում է տիրոջ բերանում: Ջորիները գնում են, իսկ տերը մեծ բավականությամբ ծխում է, կարծես իր տանը լինի:

Քարավանի մեջ կային և մի խումբ չինգանաներ (ցիգաններ) իրանց կապիկներով և պար եկող տղաներով ու աղջիկներով: Տղաների, աղջիկների և կապիկների վրա հավասար կերպով խնամք էին տանում: Այդ թռչկոտող արարածները նստած էին ավանակների վրա, իսկ նրանց տերերը գնում էին ոտով: Այդ ուրախ, թափառական խումբը, որ ճանապարհի բոլոր ընթացքում միշտ երգում էր, ծիծաղում էր, կատակներ էր անում, իր վրա էր դարձրել ամբողջ քարավանի ուշադրությունը:

Կային և մեկ խումբ վանեցի մշակներ, որոնք մերձակա գյուղորայքից էին: Դրանք պանդխտությունից էին վերադառնում: Ո՜րքան հեռու տեղից էին գալիս և ո՜րքան ժամանակ բացակա էին հայրենիքից, այդ երևում էր նրանց թախծալի դեմքերից: Բայց որքան մոտենում էին հայրենի տնակին, այնքան նրանց դեմքերը հետզհետե զվարթանում էին: Նրանցից և ոչ մեկը գրաստ չուներ: Մի-մի պարկ ուսներին կապած, ուղևորի երկար ցուպը ձեռներին, այրված, սևացած արևի բոցերից, գնում էին ոտով:

Թափառական չինգանե՜, թափառական վանեցի՜: Երկուսի մեջ սերտ համեմատություն կա: Զանազանությունը նրանումն է միայն, որ մեկը հայրենիք, տուն ու տեղ չունի, այլ, որպես աշխարհաքաղաքացի, թափառում է ամբողջ աշխարհում: Իսկ մյուսը ամեն ինչ ունի` և հայրենիք, և՛ ընտանիք, և՛ հայրենական տուն ու տեղ, բայց դարձյալ թափառում է և օտար երկրներում հաց է որոնում:

Քարավան-բաշին (քարավանի պետը) ազգով հայ էր, հայտնի Թոխմախ-Արթինը, որը, բնիկ արզրումցի լինելով, սովորություն ուներ ամեն խոսքի մեջ կրկնել այդ առածը՝ «մինչև չպղտորվի, չի պարզվի»: Նա առանց պատճառի չէր ստացել իր թոխմախ մականունը, որ նշանակում է երկաթյա մեծ կռան, որով դարբինները երկաթ են կռում ու կոփում: Միջին հասակով մարդ էր Արթինը, ամրակազմ, որպես ծառի բուն: Նրա խոշոր դեմքի վրա մազերից ազատ մնացել էր միայն քիթը և ճակատի մի փոքրիկ մասը: Մինչև անգամ ականջները ծածկված էին խիտ ու կոշտ մազերով: Նա սովորություն ուներ ինքն իրան ծաղրել, ասելով, թե մայրը իրան գողացել է արջերի որջից: Բայց երբ խոսում էիր այդ կոշտ ու կոպիտ մարդու հետ, նրա դեմքի խոշոր գծերը մեղմանում էին և կարծես հետզհետե գեղեցկանում էր նա: Այն խիստ և կարծր կեղևի մեջ կար ազնիվ սիրտ, կային և ազնիվ զգացմունքներ: Նստած մի սև նժույգի վրա, հրացանը ուսին, ատրճանակները թամքի ղաշին կապած, թուրը գոտիից քարշ ընկած, նա կայծակի արագությամբ մի րոպե քարավանի առջևումն էր, մյոա րոպե` նրա ետևումը: Ճանապարհների և անցքերի բոլոր վտանգավոր տեղերը գիտեր նա: Երբ այսպիսի տեղերի էր հասնում, բաժանվում էր քարավանից, հեռանում էր, բարձրանում էր բլուրների վրա, դիտելու՝ արդյոք ճանապարհը ազա՞տ էր ավազակներից, թե փակել էին անցքը:

Թոխմախ-Արթինը մոտ հիսուն տարեկան կլիներ, բայց դեռ պահպանել էր իր երիտասարդական աշխույժն ու կայտառությունը: Քսան տարիից ավելի նա ջորեպան էր: Ամբողջ Փոքր Ասիան, Արաբիան, Միջագետքը մինչև Եգիպտոս նրա քարավանի ընդարձակ ասպարեզն էր: Շատ անգամ բեռներ էր վերառնում դեպի Կովկաս, Պարսկաստան և հասցնում էր մինչև Սպահան, Շիրազ և Բանդար-Բուշեր: Նրա հավատարմությունը օրինակելի էր: Վաճառականները ոսկիների տոպրակները առանց համբարելու էին հանձնում նրան: Ամեն մի քաղաքում, երբ գիտեին, որ Թոխմախ-Արթինի քարավանը մի կամ երկու ամսից հետո պետք է հայտնվի, վաճառականները, որքան էլ շտապելիս լինեին, դարձյալ սպասում էին, մինչև նա գա, որ իրանց բեռները կամ արծաթը նրան հանձնեն: Ամենքին հայտնի էր այն անցքը, որ մի անգամ Լորիստանի անապատներով անցնելիս դեպի Պարսից ծոցը, Բախտիարի (հին բակտրիացիք) կոչված ելուզակները մի քանի հարյուր հոգով հարձակվեցան նրա քարավանի վրա և ամեն ինչ կողոպտեցին: Ինքը Արթինը կռվի ժամանակ սաստիկ վերքեր ստացավ: Նրա ծառաներից շատերը սպանվեցան: Այդպիսի դեպքերում վաճառականները շատ ներողամիտ են լինում. եթե քարավանի մեջ փող ունեն, գիտեն, որ կողոպտված պետք է լինի, իսկ եթե մնացած ևս լինի, գիտեն, որ քարավան-բաշին իրավացի պատճառներ ունի ասելու, թե կողոպտել են: Մի համադանցի պարսիկ վաճառական հանձնել էր Արթինին հինգ հազար ոսկի` Բաղդադ տանելու, երբ պատահեց հիշյալ անցքը: Համադանցին իր ոսկիները բոլորովին կորած էր համարում: Բայց մի տարուց հետո հայտնվեցավ Արթինը և դրեց նրա առջև ոսկիների պարկը:

Այդ ի՞նչ է, Արթին. հարցրեց վաճառականը:

Ձեր ոսկիները, պատասխանեց Արթինը:

Մի՞թե նրանք մնացել են, հարցրեց վաճառականը, չհավատալով իր աչքերին:

Արթինը պատմեց, թե ելուզակների հարձակման ժամանակ նա այդ պարկը ձգեց մի փոսի մեջ, ծածկեց հողով ու քարերով: Ամիսներից հետո, երբ ինքը առողջացավ, վերքերը լավացան, գնաց, որոնեց և պարկը իր տեղումը գտավ, և եթե այդքան ժամանակ ուշացրեց վերադարձնել, պատճառը իր հիվանդությունն էր:

Շատ ապրե՜ս, Արթին, ասաց պարսիկը: Եթե դու քրիստոնյա չլինեիր, քո այդքան հավատարմության համար քո տեղը մյուս կյանքում Մուհամմեդի դրախտի ամենափառավոր բաժնումը կլիներ: Ե՛կ դու մահմեդական դարձի՛ր: Իմ աղջիկը և իմ հարստության կեսը քեզ կտամ:

Արթինը այդ ժամանակ երիտասարդ էր, դեռ չէր ամուսնացած: Նա, իհարկե, ծիծաղում է մոլեռանդ մահմեդականի առաջարկության վրա, որը, մահմեդականների սովորությամբ, իրան պարտավորութւուն էր համարում, ամեն մի բարեխիղճ քրիստոնյա տեսնելիս, ասել նրան. «Ամեն ինչ քո մեջ լավ է, միայն մի բան պակաս է, որ մահմեդական չես»:

Պարսիկը բաժանում է ոսկիների մի մասը և առաջարկում է Արթինին, բայց նա շնորհակալությամբ մերժում է, ասելով.

Ինչո՞ւ եք տալիս ինձ այդ ոսկիները. իմ պարտքն է ձեր ավանդը ամբողջությամբ կա՛մ տեղ հասցնել, կա՛մ ձեզ վերադարձնել: Եվ եթե ելուզակները չտարան, այդ ձեր բախտիցն էր:

Արթինը իր կյանքում դժբախտություններ, աղքատություններ շատ էր կրել, բայց երբեք նրա մեծահոգությունը թուլացած չէր: Վերջին անգամի դժբախտությունը ավելի ծանր եղավ: Վարակիչ հիվանդությամբ նրա ջորիները համարյա բոլորը կոտորվեցան: Նա մնաց առանց մի փարայի, և բացի դրանից մասնավոր պարտքեր ևս ուներ: Բոլորը կատարելապես սնանկացած էին համարում նրան: Շատ չանցավ, կարծես մի հրաշքով կրկին կազմակերպեց նա իր քարավանը և հարյուրից ավելի ջորիներով դղրդեցնում էր Արզրումի լեռները: Այդ հաջողությունը նրա բոլոր ծանոթներին զարմացրեց. մտածում էին, թե նա ո՞րտեղից ձեռք բերեց այդքան փողեր: Մարդկանց երևակայությունը զանազան կարծիքներ ստեղծեց նրա մասին. ոմանք ասում էին, թե նա մի մեծ գանձ է գտել, ոմանք ասում էին, թե նրա բարեկամ վաճառականները մի բավական նշանավոր գումար հավաքեցին և տվեցին նրան, որ կրկին կազմակերպե իր քարավանը, ոմանք ավելի հեռու էին գնում, ասելով, թե նա մի «անհայտ ձեռքից» փող է ստացել և այլն: Թե այդ կարծիքներից ո՞րն էր ուղիղ, ո՞րն էր սխալ, այդ ավելորդ է քննել. այդքանը միայն ճշմարիտ էր, որ այժմ նրա ջորիներն ամենաընտիրներն էին, և նա Արզրումի հայ ջորեպանների մեջ առաջինն էր համարվում:

Երեկոյան մութը դեռ բոլորովին չէր պատել, դեռ բավական լույս կար, երբ մեր քարավանը անցնում էր Արտամեդի միջով: Արտամեդը առաջ մի փառավոր քաղաք էր, իսկ այժմ` մի փառավոր ավան: Նա ուներ մոտ հինգ հարյուր տուն բնակիչ, որոնց կեսից ավելին մահմեդականներ էին: Այդ ավանը Վանից երկու ու կես ժամ հեռավորություն ունի, գտնվում է լայնանիստ, եռանկյունաձև բարձրության վրա, որը, հետզհետե խոնարհվելով, իջնում է մինչև ծովեզրը:

Գեղեցիկ է Արտամեդը իր ընդարձակ այգիներով, գեղեցիկ է նա իր բարձր, սքանչելի, ծովահայաց դիրքով: Տասնևութ դար առաջ այդ բարձրությունների վրա կանգնած էին Արտաշես Բ-ի հրաշալի ապարանքները, նրա ամրոցները` հզոր աշտարակներով ու պարիսպներով: Իսկ այժմ նրանց տեղում կանգնած է թուրք բեյի անշուք տնակը: Տասնևութ դար առաջ Արտամեդի բուրաստաններում, իր նաժիշտների նազելի խումբով ճեմում էր Սաթենիկ տիկինը, ալանաց գեղեցկուհին, Արտաշեսի սիրելին: Իսկ այժմ, ծառերի հովանիի ներքո թրքուհի խաթունն է իր թուլամորթ ամուսնին փայփայում: Տասնևութ դար առաջ Աստղկա հոյակապ տաճարն էր կանգնած բլուրի գագաթի վրա և իր մարմարյա սյունազարդ ճակատով նայում էր դեպի լայնածավալ, կապուտակ ծովը: Հայոց դեռահաս աղջիկները ամեն առավոտ զարդարում էին սիրո դիցուհու տաճարը թարմ ծաղիկներով և նրանից բախտ խնդրում:

Ասլանը մի քանի հետաքրքիր հնություններ ևս ցույց տվեց ինձ այստեղ:

Նա ցույց տվեց մի վիմափոր աղբյուր, որ գտնվում էր հայոց թաղի մոտ, ուղիղ ճանապարհի եզրի վրա, որը տանում է դեպի Ոստան, Բաղեշ, Մուշ և այլն: Մարդու հասակի բարձրության չափով և բավական լայն փորված է ժայռը և ներս տարած: Այդ վիմափոր խորությունից դուրս է հոսում մի ջրաղաց բանեցնելու չափ մաքուր և սառն ջուր: Այդ հորդաբուխ աղբյուրը պահպանել էր մինչև այսօր մի ավանդություն, որ խիստ բնահայտիչ է Արտամեդի հեգնասեր աղջիկներին, որոնք, սկսյալ Աստղկա օրերից, պահպանել են ուրախ, մշտածիծաղ բնավորություն և սիրող, մշտաբորբոք սիրտ: Տասնևվեց դար առաջ այդ աղբյուրի մոտով անցնում էր Հակոբ Մծբնա հայրապետը, Գրիգոր Լուսավորչի հոր քեռորդին: Նա վերադառնում էր Արարատից, ուր ջերմ փափագով գնացել էր Մասիսի գագաթը բարձրանալու և Նոյի տապանը տեսնելու: Նա բարձրացավ մինչև կեսը. այնտեղ մի խորին քուն տիրեց նրան: Աստծո հրեշտակը, խնայելով նրա ծերությանը, տվեց տապանի տախտակներից մեկը, ասելով, որ անհնարին կլինի նրան մինչև գագաթը բարձրանալ: Տապանի այդ փոքրիկ մասը գոհացրեց հայրապետի բաղձանքը, և նա մեծ ուրախությամբ հեռացավ Արարատից, իր հետ բերելով թանկագին ավանդը: Անցնելով Արտամեդից, նա մոտեցավ հիշյալ աղբյուրին իր ծարավը զովացնելու: Արտամեդի կատակասեր աղջիկները այդ միջոցին ջուր էին լցնում աղբյուրից: Տեսնելով ծերունուն, սկսեցին ծաղրել նրան: Հայրապետը անիծեց անպարկեշտներին, և բոլորի սև ծամերը սպիտակացան: Այն օրից, իբրև նշան, Արտամեդի աղջիկների մազերից մի փունջ, հենց ծնած օրից, մնաց ճերմակ...

Երբ ես և Ասլանը մոտեցանք աղբյուրին, հայոց աղջիկները դարձյալ սափորներով ջուր էին տանում այնտեղից: Ես մեծ հետաքրքրությամբ նայում էի նրանց ծամերին, որ երկայն, հաստ հյուսերով թափվել էին թիկունքի վրա, գլխներին դրած արախչիների տակից: Բայց այժմ այնքան մութն էր, որ ստուգել չկարողացա, արդյոք դեռևս կայի՞ն նրանց սև գիսակների մեջ ճերմակ մազեր: Արախչիների վրա այնքան խիտ և միմյանց մոտ դրամներ էին կարած, որ արծաթյա թասի ձև էին ստացել:

Ասլանը ցույց տվեց և Շամիրամա հռչակավոր գետը, որի ամրակառույց և վիթխարի ամբարտակների մասին խոսում է Խորենացին: Թե հին ժամանակներում ի՞նչպես էր կոչվում, ես չգիտեմ, իսկ այժմ Սար-Բուլախ (աղբյուրի ակն կամ գլուխ) կոչված մեծ լեռան ստորոտի ժայռերը մինչև տասն տեղ պատառելով, այնտեղից դուրս բերեց մեծագույն թագուհին լեռան սրտումը ամբարված ջուրը և, արհեստական առվակով, որի երկարությունը մինչև տասնևհինգ մղոն տարածություն ունի: Հայոց-Ձորի միջով բերեց գետը և հասցրեց մինչև Արտամեդ: Այստեղ ճյուղավորվում է նա և ոռոգում է Արտամեդի լայնատարած այգիներն ու անդաստանները և, դարձյալ միանալով, ամրակուռ քարակերտ ամբարտակների վրայով, ահագին գոռում-գոչումով անցնում է և գնում է դեպի Վան քաղաքը՝ ոռոգելու Այգեստանի այգիները:

Արտաշես Բ-ից քսանևերկու դար առաջ Արտամեդը եղել է Շամիրամի զբոսավայրը: Արայի հետ ունեցած սիրային անհաջող կռվից հետո հեշտասեր թագուհին, այստեղ, Արտամեդի հովանոցներում ու բուրաստաններում, հայոց իշխանազուն երիտասարդների հետ էր լրացնում այն սերը, որ նա սպասում էր Արայից: Նա հրապուրում էր երիտասարդներին այն հուլունքներով, որոնց շարքը, իբրև մանյակ, կրում էր պարանոցին, և որոնք ունեին կախարդական զորություն: Հայոց ծերունի նահապետներից մեկը մտածեց ազատել թեթևամիտ երիտասարդներին թագուհու մոլորություններից և, միևնույն ժամանակ, թագուհուն զինաթափ անել երիտասարդներին դյութելու հնարքներից: Մի անգամ թագուհին լողանում էր իր բուրաստանի մարմարոնյա ավազանում, և մարգարտացող ջուրը բարձր շատրվաններից ցողում էր նրա ախտաբորբոք մարմինը: Նրա հագուստը, նրա զարդարանքները, որոնց թվում և կախարդական հուլունքները` դրած էին ավազանի մոտ, վարդենիների հովանիի տակ, կանաչ խոտերի վրա: Թագուհին, գիսակների երկար հյուսերը արձակած, սանրվում էր: Այդ միջոցին գաղտագողի կերպով մոտեցավ ծերունի նահապետը և, իմանալով, որ թագուհու հրապուրանքների բոլոր գաղտնիքը հուլունքների մեջն է, խլեց մանյակը, սկսեց փախչել դեպի ծովը: Զայրացած թագուհին, այնպես հերարձակ, վազեց ծերունու ետևից: Երբ չկարողացավ հասնել, իր անհնարին կատաղության մեջ, խլեց մի ահագին քարաժայռ և, գլխի երկար մազերին պարսատիկի ձև տալով, ժայռը դրեց նրա մեջ և նետեց ծերունու ետևից: Ժայռը չդիպավ և, անցնելով ընդարձակ տարածություն, ընկավ Արտամեդի մոտ, մի փոսի մեջ: Իսկ ծերունին վազելով հասավ մինչև Դատվանի ծովեզերքը, ձգեց ծովի մեջ կախարդական հուլունքները և երկիրը ազատեց հեշտասեր թագուհու խարդավանանքից: Արտամեդի երգիչները երգ հորինեցին և այն երգի խոսքերից իր գրքի մեջ ժլատ Խորենացին հիշում է երեք բառ միայն.«ոՈՒլունք Շամիրամա ի ծով»:

Ասլանը, ցույց տալով ինձ հիշյալ քարաժայռը, ասաց.

Դիմեցեք յուրաքանչյուր արտամեդցուն, նա այդ բոլորը կպատմե ձեզ: Զվարճալի Արտամեդը ստեղծել է երգիչներ, բանաստեղծներ, ինչպես զվարճալի Գողթնիքը: Բայց ո՞ւր են նրանց վաստակները: Ժողովրդի բերանում մնացել է միայն հին ավանդությունը: Ավելի քան չորս հազար տարվա ավանդությունը դեռ պահպանել է նա: Մի այդպիսի ավանդապահ ժողովուրդ երբեք չի մեռնի, և ա՛յդ է, որ նրան պահպանել է ժամանակների ամենածանր հարվածներից: Ով որ իր անցյալը չէ մոռանում, ներկայի մասին նա կարող է հոգալ: Նայեցեք մեր շուրջը, ամեն մի ժայռ, ամեն մի ավերակ, ամեն մի բլուր, ամեն մի աղբյուր և առվակ ձեզ մի բան կպատմե ամենահին անցյալից: Եվ այդ պատմությունների մեջ դուք կտեսնեք երկրի ու ժողովրդի անցյալ մեծությունը...

Հայրենի երկրի հիշատակները տեսնելիս, հայրենի երկրի ավանդությունների վրա խոսելիս, Ասլանին տիրում էր մի առանձին ոգևորություն, և նրա զգայուն սիրտը լցվում էր անսահման հոգեզմայլությամբ: Հնությունները և շրջակա տեսարանները նրան բոլորովին մոռանալ տվին, որ քարավանը անցել էր, և մենք բավական ետ էինք մնացել: Երբ հիշեցրի այդ, նա պատասխանեց.

Կգնանք, կհասնենք, բայց քեզ հարկավոր է այդ բոլորը իմանալ:

Հայոց եկեղեցիների, մատուռների և զանազան սրբավայրերի ավերակներով լի է Արտամեդը: Նրանց խաչերով զարդարած քարերը, սրբապիղծ մահմեդականների տների շինվածքներին երկար տարիներ ծառայելուց հետո, տակավին մեծ մասը տխուր, սրտատոչոր կույտերով, մնում են իրանց տեղում: Բայց ինձ այնքան չէին գրավում այդ քրիստոնեական ժամանակների ավերակները. նրանցից շատ էի տեսած: Ինձ գրավում էին այն վիմափոր սենյակները, մեծ-մեծ այրերը, որ գտնվում էին ժայռերի մեջ: Նրանք իմ վրա մի անբացատրելի, խորհրդավոր ազդեցություն էին գործում: Ինձ գրավում էին երկու ահագին ժայռեր, որոնց ճակատը պատած էր բևեռագիր արձանագրություններով: Ո՜րքան դարեր էին սահել այդ հնությունների վրա, որքա՞ն ազգեր եկել, անհետացել էին, իսկ նրանք տակավին մնում էին:

Արտամեդում լինել և Արտամեդի հոտավետ, անուշահամ խնձորը չուտել, դա մի հանցանք է: Երբ պատրաստվեցանք ճանապարհ ընկնելու, նկատեցի, որ մի փոքրիկ աղջիկ, ճանապարհի եզրում նստած, իր առջև դրել էր մի մաղ լի խնձորներով: Ես մոտեցա:

Ծախո՞ւմ ես:

Նա գանգրահեր գլուխը շարժեց և, նստած տեղից չշարժվելով, նայեց իմ երեսին: Նրա թշերը կարմրեցան, ինչպես իր առջև դրած խնձորները:

Ո՞րքան արժե:

Հինգ փարա:

Մաղն էլ հե՞տը:

Չէ՛, ես էլ հետը:

Արտամեդուհին ցույց տվեց իր սրախոսությունը:

Հինգ փարա, գիտե՞ք որքան է, երկու կոպեկ: Մի ամբողջ մաղ լի խնձորներով` երկու կոպեկ: Իմ թաշկինակը հազիվ կարողացավ վեր առնել քառորդ մասը, մնացածը թողեցի:

Տո՛ւր նրան մի բան ավելի, ասաց Ասլանը, երևում է, որ շատ աղքատ է այդ սիրուն աղջիկը:

Երբ ստացավ ինձանից մի արծաթյա հինգ ղուրուշանոց, մոտեցավ Ասլանին, խնդրում էր նրա ձեռքը համբուրել:

Մեր կողմերում տղամարդիկ են համբուրում աղջկա ձեռքը, ասաց Ասլանը և նրա ձեռքը սեղմեց իր շրթունքների վրա:

Աղջիկը ժպտաց և շնորհակալությամբ հեոացավ: Նրա գեղեցիկ մարմինը երևում էր քրքրված ցնցոտիների ճեղքերից:

Ես նայեցի Ասլանի տխրամած երեսին, և այդ երկրորդ անգամն էր, որ տեսնում էի նրա աչքերում արտասուք: Ես հավատացած էի, որ ամենագեղեցիկ իշխանուհիների ձեռքը չէր համբուրի նա, իսկ այդ աղքատ աղջիկը նրա սիրտը շարժեց:

Մենք նստեցինք մեր ձիաները և ճանապարհ ընկանք, խիստ տխուր հիշողություններ տանելով մեզ հետ Արտամեդից:

Արտամեդը համարյա մի դուռն է, որտեղից պետք է մտնել Հայոց Ձորը` մեր Հայկ նահապետի սխրագործության վայրը:

Զով գիշերը նպաստել էր քարավանին բավական ճանապարհ կտրել: Մեր ձիաների սրարշավ ընթացքով մենք հազիվ կարողացանք հասնել նրան այն ժամանակ, երբ նա արդեն հասել էր Անգղ գետի ափի մոտ և այնտեղ, կանաչազարդ մարզադաշտի վրա, պատրաստվում էր իջևանել:

Քարավանապետի ծառաները շտապով ցած էին բերում ջորիների կռնակից բեռները և կարգով դարսում էին միմյանց վրա: Նրանց շարքերը բարձր ամբարտակների ձև էին ստանում: Հետո, երբ բոլոր գրաստների բեռները ցած էին դրած, վեր առին նրանց համետները, քորոցներով քորեցին, թիմարեցին, քրտինքը ցամաքեցրին և ապա, հրացաններով զինված, տարան ջորիները իջևանից հեռու մերձակա տեղերում արածացնելու: Ճանապարհորդները, յուրաքանչյուրը իր ընկերի հետ, խուբ-խումբ տեղավորվեցան գետի ափերի մոտ, իրանց շուրջը հավաքելով իրանց իրեղենները: Կապերտները և գորգերը տարածեցին փափուկ խոտերի վրա, անկողինները բաց արին, մութաքաները դրեցին և մի առանձին բավականությամբ նստեցին: Ոմանք գետի ափի մոտ լվացման ծեսն էին կատարում, որ հետո նամազ անեն: Ոմանք այդ ծեսը կատարել, վերջացրել էին և, բաց երկնքի ներքո, կանաչ խոտերի վրա չոքած, նամազ էին անում: Ոմանք նամազը վերջացրել էին իրանց տեղերում նստած, «տերողորմյայի» հատիկները դարձնելով, նրանց թվի համեմատ, լռությամբ ավելորդ աղոթքներ էին կարդում, մինչև ծառաները ընթրիք կպատրաստեին: Մահմեդականը ճիշտ է իր կրոնական պահանջների մեջ և ճանապարհորդության ժամանակ: Այդ ի նկատի առնելով, քարավանի պետը, թեև քրիստոնյա էր, բայց ճանապարհորդության ընթացքը այնպես էր հարմարեցրել, որ նրանց միջոց տա իրանց պարտավորությունները իրանց ժամանակին կատարելու, և այդ շատ հաճոյական էր մահմեդականներին, որոնք միշտ քարավանի մեծամասնությունն էին կազմում:

Ծալովի երկար լապտերները, որ քարշ էին ընկած երկաթյա ցցերից, լուաավորում էին ճանապարհորդների ընթրիքի սեղանը և նրանց ուրախ դեմքերը, որոնց վրա հոգնություն ամենևին չէր նշմարվում: Արդեն զանազան տեղերում խարույկներ էին վառվում, մեծ և փոքր կաթսաները եփ էին գալիս, և փլավի, յուղի, տապակած մսի հոտը բուրում էր օդի մեջ՝ ախորժակ բաց անող անուշահոտությամբ:

Ոմանք ընթրիքը վերջացրել էին և, թիկն տված բարձերին, թեք էին ընկած և խորին գոհունակությամբ ծխում էին նարգիլե: Սևամորթ ստրուկը կրակի վրա պատրաստում էր փրփրացող ղահվեն: Այդ բոլորը իմ վրա այն տպավորությունն էր գործում, կարծես թե այդ ամբողջ քարավանը ուխտավորների մի մեծ բանակ լիներ, որ խմբված է լինում մի վանքի շուրջը, և ամենքը վառված են լինում կրոնական ջերմեռանդությամբ, ամենքի սրտերը փափկանում են, և ամենքի մեջ զարթնում է ընդհանուր կարեկցական ոգին, մինը մյուսին օգնելու, մինը մյուսին բարիք գործելու: Այստեղ ևս ես նկատում էի մի տեսակ միություն, մի տեսակ եղբայրություն, մի տեսակ հավասարություն բոլորի մեջ: Ավելի ունևորները հրավիրում էին իրանց սեղանի մոտ աղքատ ուղեկիցներին: Նրանք խղճի դեմ էին համարում միայնակ վայելել այն բարիքը, երբ մի ուրիշը հեռվից կարոտությամբ նայում է: Քարավանը միացրել էր բոլորին և տարբեր, այլասեռ տարրերից կազմել էր մի մեծ ընտանիք:

Քարավանի մեջ կազմվեցան և կանանոցներ: Կանայք առանձին մի կողմն էին մեկուսացած և նրանց հասարակությունը բաժանված էր տղամարդերից: Քարավանի պետը սկզբից այդ մասին հոգացել էր և կարգի էր դրել հարեմի բոլոր պարտ ու պատշաճ պահանջները: Նա միմյանց վրա դարսած հակերից կազմել էր մի շրջապատ, որի մեջ զետեղված էին կանայք և ամենևին չէին երևում: Հարուստները իրանց հետ վրաններ ունեին, որոնք այնպես էին պատրաստված, որ թե տղամարդերի համար և թե կանանց համար առանձին բաժիններ կային:

Քարավանի մեջ կային երգիչներ, մոլլաներ, դերվիշներ, մի աշուղ և ցիգաններ, որոնք գնում էին զանազան քաղաքներ: Այստեղ, քարավանի սովորությամբ, նրանք, առանց որևիցե նյութական ակնկալության, զվարճացնում էին իրանց ուղեկիցներին: Յուրաքանչյուրը գտել էր իր սիրող հասարակությունը: Մի տեղ կրոնասեր, ծանրաբարո Էֆենդին լսում էր մոլլայի զրույցները նախկին խալիֆաների և իմամների հրաշքների ու գործերի մասին: Մի տեղ դերվիշը, արևելքի փիլիսոփան, նստած իրանից անբաժան ընծու մորթիի վրա, զբաղեցնում էր իր ունկնդիրներին զանազան իմաստասիրական հարցերով: Մի տեղ աշուղը դեռ նոր էր սկսել մի վեպ, ոգևորված պատմում էր և պիտի շարունակեր պատմել ամեն իջևաններում, մինչև կվերջացներ: Ավելի երիտասարդները, քարավանի բանակից դուրս առանձնացած, լսում էին ցիգանների երգը ու նրանց նվագածությունները: Իսկ հեռու, ամենից հեռու, լսելի էր լինում արածացող ջորիների զանգակների հնչյունը և նրանց վրա հսկող ծառաների երգը: Բայց մոտից, շատ մոտից, երգում էր Անգղ գետը իր մեղմ, քաղցրաձայն խոխոջմունքով: Գիշերային լռության մեջ այդ բոլորը, միախառնվելով, կազմում էին խիստ ախորժ, սրտաշարժ ներդաշնակություն:

Ինքը, Արթինը, ոտքի վրա, անդադար պտտվում էր քարավանի մեջ, յուրաքանչյուրի առողջությունը հարցնում էր, յուրաքանչյուրի դրության մասին տեղեկացնում էր, արդյոք նրան պետք չէ՞ր մի որևիցե բան և, յուրաքանչյուրին մի հաճոյական խոսք ասելով, հեռանում էր: Ամեն կողմից նրան հրավիրում էին, բայց նա շնորհակալությամբ հրաժարվում էր, ասելով, որ կատարելու դեռ շատ գործեր ունի:

Ես և Ասլանը, գետի ափի մոտ նստած, հեռվից լսում և դիտում էինք` ինչ որ կատարվում էր: Այդ միջոցին մոտեցավ մեզ Արթինը և իր սովորական զվարճախոսությամբ ասաց.

Պարոն բժշկապետ, եթե չեք կամենում քաղցած մնալ, շնորհ բերեք իմ վրանը, ինչպես երևում է, դուք ուտելու ոչինչ չեք վերառել ձեզ հետ:

Եվ իրավ, մենք այդ մասին ամենևին չէինք մտածել, կարծելով, թե քարավանը բնակությունների մեջ կիջևանե և այնտեղ ամեն ինչ կարելի կլինի գտնել. թեև այդ կողմերի գյուղերում, բացի գարիի ալյուրից պատրաստած հացից և ձվաներից, ուտելու ուրիշ ոչինչ բան չէ կարելի գտնել:

Ասլանը կարծես Արթինի հրավերքին էր սպասում, շնորհակալություն հայտնելով, հետևեց նրան:

Ջորեպանի սպիտակ վրանը այնքան ընդարձակ էր, որ նրա մեջ կարող էին տեղավորվել մի քանի ընտանիքներ: Նա զուրկ չէր և շքեղությունից: Երևում էր, որ այդ «անապատի մարդը», ինչպես ինքն իրան կոչելու սովորություն ուներ Արթինը, սիրում էր փոքրիկ վայելչություններ: Երբ կատակի համար այդ մասին նկատեցի, նա պատասխանեց.

Օրհնած, երեսուն տարի է, որ տան ծածկի տակ չեմ մտել, իմ անասունների հետ միշտ ձորերում, լեռներում, անապատների մեջ եմ կյանք վարել և իմ մխիթարությունը միայն այդ վրանի մեջ եմ գտել:

Արթինը դժբախտ էր և որպես ամուսին. կնոջը անհավատարմության համար արձակեց, իսկ նրանից ծնած միակ որդին մեռավ ծաղիկ հիվանդությունից: Այնուհետև նա վճռեց չամուսնանալ, միշտ ատելով կանանց, թե «նրանք մի դառն պատիժ են տղամարդի համար», և իր բոլոր սերը դարձրեց իր ջորիների վրա:

Բայց պետք է գիտենաք, ասաց նա, շարունակելով իր առաջին խոսակցությունը, որ այդ վրանը ոչ այնքան ինձ համար է, որքան իմ ուղևորների համար: Տոթի և անձրևի ժամանակ շատերը այստեղ պատսպարան են գտնում:

Ինչպես մենք, ընդմիջեցի ես: Եվ դուք ամենին կերակրո՞ւմ եք:

Պատահում է, երբ աղքատ են լինում և ուտելու ոչինչ չեն ունենում: Շատ անգամ ես հիվանդներ եմ ունենում, նրանց խնամք է հարկավոր, հանգստություն է հարկավոր, մինչև տեղ հասցնեմ, այսպիսիների համար իմ վրանը միշտ պատրաստ է:

Ընթրիքից հետո Ասլանը հարցրեց.

Ի՞նչպես են ճանապարհները:

Ճանապարհները միշտ վատ են, ասաց նա, ե՞րբ է եղել մի ժամանակ, որ ճանապարհները լավ լինեին: Ահա հենց այստեղ, ինչպես տեսնում եք, բնակություններից շատ հեռու չենք: Անգղ գյուղը կես ժամի ճանապարհով միայն հեռու է մեզանից, բայց դարձյալ ամենավտանգավոր տեղերից մեկն է: Եթե դուրս գաք, կտեսնեք, որ ամեն մի ժայռի ետևում, ամեն մի փոսի մեջ, ամեն մի թուփի տակ մի-մի ավազակ է թաքնված: Մի քանի րոպե առաջ բռնեցին մեկին, և ի՞նչ եք կարծում, կին էր, քրդի կին:

Դա շատ հետաքրքիր է:

Այդ անիրավները ավելի վտանգավոր են, քան թե իրանց ամուսինները. մութի մեջ, գետնի վրայից սողալով, մոտենում են քարավանին, ինչպես աղվեսը մոտենում է հավաբունին, հետո սատանայի նման կուչ են գալիս մի հակի տակ, սուր դանակով կտրում են հակը և մեջի եղածը տանում են: Անկարելի է տեսնել նրանց:

Իսկ դուք ի՞նչ արեցիք ձեր բռնած գողին, հարցրի ես:

Ի՞նչ պետք է անեի, մազերից փոքր-ինչ ձիգ տվի, հետո բաց թողեցի:

Իսկ եթե տղամա՞րդ լիներ:

Ուրիշ կերպ կվարվեի:

Չե՞ք վախենում:

Ինչի՞ց պետք է վախենամ. նրանց մարմինը խո երկաթից չէ, իմը` մսից. նրանք էլ ինձ նման մարդիկ են:

Բայց գազան մարդիկ են:

Վախլուկ գազաններ, հավատացեք, շատ վախլուկ: Բոլորովին սխալ է, որ ասում են, թե քուրդը քաջություն ունի: Նա քաջ է, երբ անզեն, անպաշտպան մարդկանց վրա է հարձակվում: Իսկ երբ փոքր-ինչ ընդդիմադրություն է տեսնում, իսկույն երեսը դարձնում է ու փախչում: Բոլոր վայրենիները այդպես են. ես տեսել եմ նրանց, շատերի հետ գործ եմ ունեցել: Ի՞նչ քաջություն կարող է լինել բարբարոսի մեջ, որ առաջնորդվում է միայն հափշտակասիրության գաղափարով:

Բոլորովին ճիշտ է, ընդմիջեց Ասլանը, որ լուռ լսում էր: Բարձր քաջությունը անձնազոհություն է պահանջում, իսկ անձնազոհությունը առանց բարձր իդեալների չէ կարող լինել:

Նա դարձյալ լռեց և կարծես այլևս չէր լսում մեզ: Ես հարցրի.

Ուրեմն ձեզնից վախենո՞ւմ են:

Ասած է` «թուրքին ծեծիր, հետը բարեկամացի՛ր», պատասխանեց Արթինը: Ախար այդ առածը խո այսօր չէ կազմվել. դա հարյուրավոր, գուցե հազարավոր տարիների փորձերի վերջին խոսքն է: Եվ ես ինքս փորձել եմ այդ: Այդ գառան խորովածը, որ հիմա կերանք, գիտե՞ք ով էր ուղարկել, մի քուրդ ավազակապետ, որի ոչխարները արածում են մեզանից փոքր-ինչ հեռու ձորի մեջ: Իմանալով, որ իմ քարավանը իջևանել է իր չադրաների մերձակայքում, իր որդու ձեռքով ուղարկել էր երկու գառ և պատվիրել էր հարցնել իմ առողջությունը:

Իսկ դուք գառների փոխարեն ի՞նչ ուղարկեցիք նրան:

Իմ ողջույնը և մի թոփ Շամի ալաջա նրա կանանց հագուստի համար:

Երևի այդ քուրդը մի ժամանակ գործ է ունեցել ձեզ հետ:

Այո՛, մի անգամ սաստիկ ջարդվեցավ, և այնուհետև բարեկամացանք: Ինձ ներեցեք, ասաց նա վեր կենալով, ես երկար նստեցի և շատ խոսեցի: Ես պետք է տեսնեմ, թե ի՞նչ են շինում տղերքը, իսկ դուք կարող եք այստեղ հանգստանալ: Ձեզ համար ամեն ինչ պատրաստել են:

Առավոտյան հարկավոր են երկու լավ ձիավորներ, ասաց Ասլանը: Ես պետք է քարավանից առաջ ընկնեմ, մի քանի տեղեր տեսնելու համար:

Ես կտամ քեզ իմ մարդիկներից երկու այնպիսի ձիավորներ, որոնց մեկը հարյուրի պատասխան կտա, խոստացավ նա և, բարի գիշեր ասելով, հեռացավ:

Ասլանը այս գիշեր սովորականից վաղ քնեց. Վանի մեջ կատարած ծանր աշխատություններից հետո այդ առաջին գիշերն էր, որ նա հանգստանում էր: Տեր աստված, ի՞նչ էր նրա դրությունը, մի տենդային դրություն, մի սաստիկ լարված մեքենայի դրություն, որ հանգիստ և դադարում չունի:

Ես դեռ պառկած էի իմ անկողնի մեջ, քունս չէր տանում. իմ աչքերի առջև դեռ նկարված էր Թոխմախ-Արթինի թավամազ դեմքը իր մռայլ կերպարանքով և սև, վառվռուն աչքերով: Այդ մարդը պարծենկոտ չէր. ինչ որ խոսում էր նա, ինչ որ պատմում էր, բոլորը ճշմարիտ էր: Նա, իրավ, քաջ մարդ էր: Ես հետո առիթ ունեցա շատ բաներ լսել նրա մասին, որոնց բոլորի մեջ փայլում էր նրա անհամեմատ արիությունը: Քարավանի պետը չէ կարող երկչոտ լինել, երբ միշտ վտանգների հետ կռիվ ունի: Բայց նա ավելի քան արիասիրտ էր: Նա ընդունակ էր մի ամբողջ զորագունդ կառավարելու: Նա զուրկ չէր և մարդասիրական զգացմունքներից. ամեն դեպքում ես նկատում էի նրա ունեցած մեծ հակումը դեպի բարին և դեպի լավը: Այդ պարապմունքի մեջ, որպիսին նա ուներ, պահպանել այնպիսի մաքուր բնավորություն, դա ինձ զարմացնում էր: Բեռնակիր ձիապանները, ջորեպանները, անդադար գործ ունենալով անասունների հետ, այնքան կոպտանում են, որ մի աստիճան միայն բարձր են լինում անասուններից: Բայց նա ջորեպանությունից համարյա մի արհեստ էր շինել և այնքան կատարելագործել էր, որ ես մեծ զարմանքով էի տեսնում այն կարգը, այն կանոնները, որ տիրում էին նրա քարավանի մեջ:

Լապտերները հետզհետե մարում էին, ուղևորների շարժողությունը դադարում էր, և քարավանի մեջ տիրում էր խորին լռություն: Միայն գետի մելամաղձոտ ձայնն էր լսվում և այն ձայնի մեջ կարծես ես կարդում էի քառասունհինգ դար առաջ այստեղ կատարված անցքերի պատմությունը...

Be the first who will comment on this

Other parts of "Կայծեր"

Yatuk Music
Shooshiky
Komitas

Shooshiky

The disaster of war
The disaster of war
Play Online