Raffi

Կայծեր

1 - ԻԷ, ԻԸ

ԻԷ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԵՐԸ

Բայց ի՞նչ էր, որ կապում էր հայերին մի այնպիսի երկրի հետ, ուր նրա կյանքը հանապազօրյա վտանգի մեջ էր, ուր նրա կայքը ապահովված չէր, ուր նրա ապրուստը խառն էր արյան ու քրտինքի մեջ, ուր նրա ընտանեկան սրբությունը արատավորվում էր, ուր նրա կրոնքը և ամեն ինչ, որ նվիրական էր նրա համար, սրբապղծվում էր: Ի՞նչ էր, որ կապում էր հայերին այսպիսի երկրի հետ. Հայրենիքի սերը:

Հայրենիքը լի էր անթիվ հիշատակարաններով, որոնք ասում էին հային` «դա քո երկիրն է, այստեղ էին ապրում քո նախնիքը, և այստեղ մեռան նրանք, դու էլ պետք է այստեղ մեռնես և քո ոսկերքը խառնես նրանց ոսկերքի հետ»:

Վանա բերդի պարսպաքարերի վրա և Վասպուրականի մեջ` բլուրների գագաթին` հայը տեսնում էր անթիվ արձանագրություններ, իրանց սեպաձև բևեռագրերով, որոնք հազարավոր տարիներ պատերազմելով ժամանակի հետ, պահել էին հայոց հին, շատ հին թագավորների հիշատակարանները: Այն անբարբառ և խուլ նշանագրերի մեջ հայը կարդում էր իր վաղեմի մեծությունը:

Նույն երկրում հայը դեռ չէր մոռացել իր հին աստվածներին, որոնց հետ այնքան շատ դարեր ապրել էր նա միշտ հաշտ կերպով, որոնց նվիրել էր իր զոհերը, որոնցից խորհուրդներ և պատգամներ էր հարցրել իր գործերի մասին:

Դեռ Աստղիկը, Աշտիշատի գեղեցիկ դիցուհին, իր վաղեմի սովորության համեմատ, ամեն օր վաղ առավոտյան, լողանում էր Մուրադ գետի (Եփրատի) ալիքների մեջ:

Նույն ժամուն հայոց երիտասարդ դյուցազունները հավաքվում էին Տաղոնաց սարի գլխին, այնտեղից գաղտնագողի կերպով դիտելու գեղեցիկ աստվածուհու մարմինը: Բայց Աստղիկը Մշու դաշտի ամբողջ երեսը և նրա լեռները պատում էր թանձր մշուշով, և անթափանցիկ օդեղեն վարագույրները անտեսանելի էին կացուցանում նրա լոգարանը անհամեստ աչքերից: Դեռ Արշակա ծովակի մեջ բնակվում էին հայոց ջրային հավերժահարսունքը: Եվ հայ պատանին, լի ախտաբորբոք կրքերով լուսնկա գիշերներում թափառում էր լճի ափերի մոտ «հրեղեն աղջիկներ» որսալու համար: Դեռ հայոց ամենահին և ծերունի աստվածը Արեգը – հրային-լուսափայլ ճաճանչներով, ամեն գիշեր հանգստանում էր Վանա ծովակի մեջ, որի հատակի վրա դրած էր նրա ոսկեղեն անկողինը: Այնտեղ Հրային կույսեր իրանց գողտրիկ երգերով անուշցնում էին ցերեկվա հոգնած լուսատվի քունը: Դեռ Լեզք կոչված բլուրի վրա ապրում էին Հարալեզ դիք, որոնք լիզելով կյանք էին շնորհում պատերազմի դաշտում ընկած հայոց քաջերին:

Այն երկրում, Հայոց ձորով անցնելու ժամանակ, հայը միշտ հիշում էր իր նախահոր – Հայկ դյուցազնի, այն մեծ հսկայի կռիվը տիտանների հետ: Ցույց էր տալիս իր զավակներին Նամրութա սարը, ուր մեր Հայկ պապը վեր հանեց Նեբրովթի դիակը, նրան սպանելեն հետո: Եվ իր աշխարհին ցույց տալու համար գոռոզ վիթխարիի ամբարտավանությունը, նույն սարի բարձրության վրա մեխեց նրա դիակը և հետո այրեց նրան: Մինչև այսօր մնում են նույն սարի մոտ Նեբրովթա քարավանի ուղտերը, երկար քարացած շարքերով, որոնք նրա զինվորների համար պաշար էին կրում և հայոց աստուծո հրամանով քար դարձան: Եվ հայը միշտ պարծենալով է հիշում իր նախահոր – Հայկ դյուցազնի հաղթությունը, և հպարտանում է, որ ինքը մի այնպիսի մեծ մարդու սերունդ է, որ շառավիղում էր աստվածների արյունից:

Այն երկրում դեռ չէին ցամաքել չորս գետերը, որոնք բխում էին աստուծո դրախտից, և Բինգյոլի ծաղկավետ դաշտին նայելով, հայը ասում էր իր որդուն` «տես, տես, այստեղ էր մեր նախահոր և նախամոր բնագավառը»: Նա ցույց էր տալիս «կայենի ծառերը», որոնց հովանու տակ հանգստանում էր առաջին երկրագործը: Նա ցույց էր տալիս «Ղամեքա բերդը» այն քաջ որսորդի ամրոցը, որը սպանեց Ադամի անդրանիկ, բայց դատապարտյալ որդուն: Նա ցույց էր տալիս դաշտերը, ուր առաջին խաշնարած Աբելը արածացնում էր իր ոչխարները: Իսկ Մարանդի մեջ գտնում էր նա Նոյի կնոջ` Նոյեմզարի գերեզմանը:

Հայի որդին տեսնում էր, որ առաջին հոր և առաջին մոր ժամանակից, ինքն անբաժան է մնացել այն երկրից, ուր բնակվում էր մարդկության նախաստեղծ զույգը:

Ջրհեղեղը մինչև անգամ իր աշխարհավեր սասանմունքով չկարողացավ դուրս մղել հային հայրենի երկրից: Գրգուռ սարին նայելով, նա միշտ հիշում էր այն ավանդությունը, թե Նոյի տապանը այս սարին քսվելով, անցավ դեպի Սիփան լեռը, խնդրեց նրանից ընդունել իրան իր գագաթի վրա: Սիփանը համեստությամբ պատասխանեց, թե ինքը հայոց լեռների ամենակրտսերն է, և ցույց տվավ դեպի իր անդրանիկ եղբայրը հսկա Արարատը, ասելով` «գնա՛ ի Մասիս, որ բարձր է քան զիս»:

Ահա` այսպիսի պատմական հիշատակներով էր կապված հայի սրտի հետ հայրենիքը, ուր սկսյալ ամենախորին հեթանոսական դարերից, ժողովրդի մեջ կենդանի մնացած ավանդությունները հիշեցնում էին նրան իր հին առասպելա-վիպական անցյալը:

Այս հիշատակները պահպանել էին հսկայական լեռները, որոնք ստեղծվել էին ժամանակի հետ և ապրում էին, քանի որ նա կար: Այս հիշատակները պահպանել էին ահագին գետերը, ծովակները և լճերը, որոնց կյանքը տևում է անթվելի դարերով: Այս հիշատակները պահպանել էր վերջապես ժողովրդի ոգին, որ երբեք չէ մեռնում:

Հայը չէր ուզում բաժանվել հայրենիքից: Հայրենիքը նրա սրբությունն էր: Այնտեղ ամեն մի քար, ամեն մի ավերակ հիշեցնում էին նրան իր վաղեմի մեծությունը: Դեռ բոլորովին չէին անհետացել բերդերի, ամրոցների փլատակները, ուսկից մի ժամանակ նրա ազգի պետերը տարածում էին իրանց իշխանությունը: Դեռ մնում էին հին քաղաքների ավերակները, որոնց փշրանքի մեջ երևում էր հայ մարդու արհեստը և ճարտարությունը, որոնք քարոզում էին, թե որքա՜ն հանգիստ էր քաղաքացու կյանքը, որքա՜ն զարգացած էր նրա մեջ գիտությունը: Դեռ բոլորովին չէին անհետացել հետքերը բազմաթիվ ջրանցքների, ստորերկրյա խողովակների, որոնք ցանցատեսակ հյուսվածքով տարածվել էին ընդարձակ դաշտերի վրա, անցնում էին ամենադժվարին լեռների և բլուրների միջով, որոնք ցույց էին տալիս, թե որքան ծաղկած էր մշակ մարդու գործը, որքան նա սերտ կերպով կպած էր բնության և երկրի հետ:

Իսկ այժմ տիրում էր անապատ և ամայություն...

Մի բան, որ մնացել էր անջնջելի թե ժողովրդի սրտի մեջ և թե երկրի վրա, դա էր կրոնքը և նրան արտահայտող հիշատակարանները: Ամեն տեղ, անմարդաբնակ և խուլ ձորերի մեջ հանդիպում էին հսկայակապ վանքեր, ուր տոնական հանդեսների ժամանակ միայն հավաքվում էր ուխտավորների բազմությունը, իսկ այնուհետև նրա շեմքը չէր կոխում աղոթողի ոտքը: Միայն միաբան աբեղաները ամենայն ջերմեռանդությամբ կատարում էին սովորական ժամերգությունները: Բլուրների վրա, լեռների խորին ծոցերում, ցրված էին անթիվ մատուռներ, որոնք կրում էին իրանց մեջ այս և այն ճգնավորի մարմնի փշրանքը: Սարերի անմատչելի տեղերում տեսնվում էին մթին քարանձավներ, ուր միայնակյացները, հեռանալով աշխարհի աղմուկից, նվիրել էին իրանց աստծուն: Այս քարանձավները, երևի, մի ժամանակ նախնական մարդիկների բնակարաններ էին, որ հետո դարձան ճգնավորների ապաստարաններ: Քիչ չէր այն հիշատակությունների թիվը, որոնք կոչվում էին «խաչքար» կամ «թուխմանուկներ». դրանք կանգնած էին զանազան բարձրավանդակների վրա, ուր մի նահատակ թափել էր իր արյունը հավատքի համար, կրոնական հալածանքների ժամանակ: Ժողովուրդը ջերմեռանդությամբ հարգում էր սուրբի հիշատակը և ծխում էր այնտեղ իր խունկը: Իսկ եկեղեցիները ոչ թիվ ունեին և ոչ համար: Յուրաքանչյուր գյուղ, որ բաղկանում էր մի քանի գետնափոր խրճիթներից, ուներ մի փառավոր եկեղեցի: Իսկ այն հոյակապ տաճարը շատ հին ժամանակների գործ էր, երբ գյուղի ժողովուրդը բազմաթիվ էր և հարուստ, և ոչ այնպես աղքատ և փոքրաթիվ որպես այժմ:

Ես մոռացել եմ բոլոր վանքերի անունները, որոնք գտնվում էին իմ նկարագրած գավառներում, բայց մի քանիսը դեռ հիշում եմ: Մագվա գավառումն էր սուրբ Թադևոս առաքելո վանքը, որը մեր Աբգար թագավորի խնդրելով, ուղարկվեցավ Հայաստան և այստեղ նահատակվեցավ: Նույն գավառումն էր և սուրբ Ստեփաննոս Նախավկայի վանքը: Այստեղ էր պատմական Արտաղը, Ավարայրն, Տղմուտը, ուր հայոց քաջերը այնպես եռանդով պատերազմեցին Հազկերտի և նրա մոգերի հետ կրոնքի ու հայրենիքի պաշտպանության համար: Վանա ծովակի կղզիներումն էին` Լիմ, Կտուց և Աղթամարա անապատները իրանց խստակյաց աբեղաներով: Հաղբակումն էր սուրբ Բարդուղիմեոս Առաքելո վանքը, որը սուրբ Թադեոսից հետո Հայաստան եկավ և այնտեղ նահատակվեցավ:

Վանքերը, ոչ միայն իբրև կենտրոն հայերի կրոնական կյանքի, պահպանում էին իրանց մեջ ազգի սրբությունները, այլև ամփոփում էին իրանց մեջ նախնյաց մտավոր վաստակները, հին մագաղաթների վրա, ժամանակակից դեղնած և գունատված տառերով: Վանքերի մեջ դրած էին և շիրիմները հայոց մեծ մարդերի: Օրինակ` Աշտիշատա եկեղեցին Մուշի մեջ կրում էր Սահակ պարթևի գերեզմանը, այն մեծ քահանայապետի, որ այնքան երկար տարիներ պատերազմելով պարսից արքունիքի և Բյուզանդիոնի խորամանկ քաղաքականության հետ, պահպանեց Արշակունիների այն ժամանակ խարխուլ գահը: Սուրբ Ղազարու կամ Առաքելոց վանքը, Մուշի մեջ, ուներ Մովսես Խորենացու գերեզմանը, որը մտցրուց Հայաստան հունական գիտությունը, որ տվեց հայերին իրանց նախնյաց պատմությունը, որպես Եհովայի Մովսեսը տվեց Իսրայելին Հին Կտակարանը: Նույն վանքումն էր Դավթի, «անհաղթ» փիլիսոփայի գերեզմանը, Խորենացու աշակերտակցի, որ նույնպես Աթենքից բերավ Հայաստան հունաց դպրությունը և սովորեցրուց հային իմաստասիրություն և առողջ մտածություն: Այնտեղ էին և Հովհան և Ղազար թարգմանիչների գերեզմանները: Վանքն Ոստանա, Ռշտունյաց երկրում, ուներ Եղիշեի գերեզմանը, այն ոգելից բանաստեղծի, որ այնքան եղերական կերպով երգեց հայոց քաջերի նահատակությունը Ավարայրի դաշտում: Վանքն Նարեկա ուներ Գրիգոր Նարեկացու գերեզմանը, որի գիրքը յուրաքանչյուր հայ մարդու սրտի սրբազան բուրվառն է, որով ծխում է նա իր ջերմ օրհներգությունը դեպի հավիտենականի աթոռը: Հոգվոց վանքը, Անձևացյաց երկրում, ուներ Տրդատ մեծի գերեզմանը, այն հզոր թագավորի, որ մտցրուց Հայաստանում Ավետարանի լույսը: Վարագա վանքը, Վանի մոտ, ուներ Սենեքերիմ Արծրունու գերեզմանը. այնտեղ էին դրած և Խոշոշ թագուհու և Պետրոս գետադարձի գերեզմանները: Վանքն Կոփա, Մուշի մոտ, ուներ Դանիել երջանիկի, Լուսավորիչի թոռան շիրիմը: Վանքը Բասենու կամ Հասան-կալեի Գրիգոր մագիստրոսի գերեզմանը: Վանքն Խեկայ` Հայոց ձորում` Աբրահամ խոստովանողի գերեզմանը: Տարոնի սուրբ Կարապետի վանքը` Մուշեղ և Գայլ-Վահանի գերեզմանները: Իշխանագամ գյուղի եկեղեցին` Վարդ Պատրիկի գերեզմանը:

Բայց կային վանքեր և եկեղեցիներ, որոնք պահում էին զանազան սուրբերի մարմնի փշրանքները, անփոփած ոսկու և արծաթի մեջ: Օրինակ Վանա սուրբ Վարդանի եկեղեցումն էր Մամիկոնյան Վարդանի մեկ մատը: Մշո սուրբ Կարապետա վանքումն էր սուրբ Ղևոնդա մասունքները: Կային վանքերում և այլ սրբություններ, որպես Ռոստանա վանքը պահում էր իր մեջ այն խաչը, որ Սահակ պարթևը տվեց իր թոռին Վարդանին, և Քրիստոսի այդ խաչակիր զինվորը, Ավարայրի դաշտում ընկած ժամանակ, արձակեց իր պարանոցեն պապենական նվերը, և Եղիշեին տալով ասաց. «Այս եմ թողնում քեզ իմ վերջին հիշատակ, առ, թող պարսկի ձեռքը չդիպչե դրան»...

Վանքերը և եկեղեցիները շատ ունեին այսպիսի սրբություններ, որոնք ամփոփում էին իրանց մեջ այս և այն ճգնավորի, առաքյալի, մարտիրոսի և եկեղեցո հարց մարմնի մասունքները: ԲՆրանք պատած էին արծաթով և ոսկով, զարդարած էին թանկագին քարերով և պահվում էին նույնպես թանկագին արկղների մեջ: Եթե ավելացնենք դրանց վրա արծաթի բուրվառները, սկիհները, աշտանակները, արծաթակազմ ավետարանները և ազնիվ մետալներից կազմված այլ եկեղեցական անոթները, կարելի է ասել, որ ազգի հարստությունը կենտրոնացած էր այդ ժամանակ եկեղեցիների և վանքերի մեջ: Այդ հարստությունները շատ անգամ գրավում էին մահմեդական ավարառուների շահասիրությունը, և քիչ չէր պատահում, որ վանքերի սրբությունները գերի էին ընկնում: Քուրդերը հարգում էին իրանց ձեռքը ընկած սրբությունները և չէին ոչնչացնում նրանց: Քուրդի համար քրիստոնեական տաճարի սրբությունը նույն նշանակությունն ուներ, որպես իր շեյխի տված թիլիսմանը, որը նա կապում էր աջ թևին թշնամու զենքերից անխոցելի մնալու համար: Քուրդը դարձնում էր սրբազան կողոպուտը, միայն ծանրագին փրկանք ստանալեն հետո: Պարսիկները և թուրքերը այն ակնածությունը չունեին դեպի քրիստոնյաների սրբությունները. նրանք կոչնչացնեին, եթե տեսնեին, որ նրանցից գոյացած ոսկին ու արծաթը կարող էր ավելի գին բերել, քան թե այն գումարը, որ ստանալու էին իբրև փրկանք: Իսկ փրկանքը լինում էր միշտ ավելի բարձր, քան սրբության արժեքը: Օրինակի համար ես կհիշեմ մի դեպք, որը պատահեց իմ ժամանակում: Բարդուղիմեոս առաքելո աջը, որ գտնվում էր Հաղբակա նույն անունով վանքում, գերի ընկավ պարսիկների ձեռքում: ժողովուրդը վճարեց սուրբ աջի ծանրության չափով տասն անգամ ոսկի և փրկեց գերին: Ամբողջ գավառի կանայքը զրկվեցան իրանց ոսկի և արծաթի զարդերից. նրանք իրանց մատանիները, քամարները, գլխի պաճուճանքը և պարանոցի մանյակները թափում էին վանահոր մոտ, որպեսզի հայոց առաքյալի սուրբ աջը` «իրանց երկրի պաշտպանը», գերի չմնա «անօրենների և անհավատների» ձեռքում:

Ես մինչև այսօր հիշում եմ նույն սուրբ աջը, նա մի հսկայական բազուկի մեծություն ուներ. տասն անգամ նրա ծանրությամբ ոսկին` այդ սարսափելի քանակություն էր աղքատ ժողովրդի համար: Բայց նա զոհեց բոլորը, միայն թե իր սրբությունից չզրկվեր, որովհետև նրանից կախված էր իր ներկա և հանդերձյալ կյանքի բախտավորությունը, իր հոգու և մարմնի փրկությունը....

Ես դեռ չեմ մոռացել, երբ երաժշտություն էր լինում կամ մարախ էր գալիս, ժողովուրդը դիմում էր վանահորը, որ «անդաստան» անե: Վանահայրն առնում էր սուրբ աջը, և խաչերով, խաչվառներով, բոլոր եկեղեցական սպասով դիմում էին դեպի դաշտերը և սուրբ թափորը, ժողովրդի անհուն բազմության հետ, հանդարտ և դանդաղ ընթացքով շրջում էին մշակության դաշտերում, և իրանց արտասուքով, խնկարկությամբ, ողբալի շարականներում աղերսում էին երկնքի հաշտությունը, միջնորդ ունենալով սուրբ աջը, որ ամբոխը տանում էր իր առջևից, որպես Իսրայելը «տապանակ ուխտին»:

Եվ այսպես, վանքերի և եկեղեցիների ամեն մի սրբությունը ուներ իր հրաշագործ հատկությունները: Մեկը նշանավոր էր որպես դիվահարներին ազատող, մյուսը հռչակված էր որպես անդամալույծները բժշկող, երրորդը` որպես ջերմախտի փրկարար և այլն: Եվ ժողովուրդն ամենայն ջերմեռանդությամբ դիմում էր դեպի սրբությունները իր հիվանդություններից բժշկություն գտնելու համար: Հրաշագործ էին և զանազան ավետարաններ, նարեկներ, որոնք գրված էին սուրբ մարգերի գրիչով: Այս մագաղաթյա գրքերը, ոսկենկար պատկերներով, զարդարած թանկագին կազմով, պահվում էին փաթաթած մետաքսյա և զառ թաշկինակների մեջ, և բոլորովին անմերձենալի էին ժողովրդին: Նրանց բաց էր անում միայն շատ անհրաժեշտ դեպքերում վանահայրը, երբ հարկավոր էր նույն գրքերով մի գլուխ ավետարան կարդալ որևիցե հիվանդի վրա:

Ես բոլորովին անօրեն և անհավատ էի համարում Կարոյին, երբ նա ասում էր ինձ, թե «վանքերի սրբությունները մեր ազգի տունը քանդեցին, թե նրանք մի պատրաստի առարկա էին դարձել մեր թշնամիների և նույնիսկ մեր վարդապետների շահասիրությանը»: Նա ասում էր, եթե հնար լիներ, ինքը պատրաստ էր բոլորը ոչնչացնել, որովհետև նրանց վրա գտնված ոսկին և արծաթը իր համար շատ հարկավոր էին...

Կարոյի անպատկառ խոսքերը մինչ այն աստիճան գրգռում էին իմ բարկությունը, որ մի օր մտածեցի` խենջարս խրեմ նրա սրտի մեջ, ուր ամենևին չկար ոչ աստուծո երկյուղը և ոչ ակնածություն դեպի եկեղեցու սրբությունները: Բայց ես ո՜ւշ հասկացա, շա՜տ տարիներից հետո, որ իմ կարծիքը Կարոյի մասին բոլորովին սխալ էր, հասկացա, որ մի շատ բարի նպատակի համար Կարոն ցանկանում էր գործ դնել վանքերի ոսկին և արծաթը...

Թեև վանքերը և եկեղեցիներն ունեին գաղտնի պահեստներ, ուր խռովության միջոցներում թաքցնում էին սուրբ տաճարների հարստությունները, բայց շատ անգամ վանահայրը կամ եկեղեցու ավագ քահանան չդիմանալով ավարառուների տված չարչարանքին, հայտնում էին պահեստի տեղը: Գտնվում էին եկեղեցականներից և այնպիսիները, որոնք ավելի հեշտությամբ ավանդում էին իրանց հոգին, քան թե պահեստի գաղտնիքը:

Վանքերի և եկեղեցիների սրբազան սպասները, արդարև, որպես Կարոն ասում էր, դարձել էին շահասիրության առարկա: Թողյալ այն, որ վարդապետները նրանց շնորհիվ բավականին արծաթ էին քամում ժողովրդի աղքատ քսակից, թողյալ այն, որ ժողովուրդը շատ անգամ ստիպված էր փրկել իր սրբությունները գերությունից, պատահում էր, որ երկրի իշխանը իհարկե, չնչին պատճառի համար վանքը, եկեղեցին կամ ամբողջ հայոց գյուղորայքը տուգանքի էր ենթարկում: Պատճառները հնարում էին իրանք` իշխանները: Օրինակ, լուր էին տարածում, թե հայոց քահանաները մի մահմեդական երեխա գողացել և մկրտել են, կամ գցում էին վանքի գավիթումը մի մահմեդականի սպանված դիակ: Այն բավական էր գրգռելու մահմեդականների կատաղությունը. նրանք կամ կողոպտում էին քրիստոնյաների գյուղերը և կամ սպանվածի արյան փոխարեն նշանակում էին մի մեծ տուգանք: Ժողովուրդը պատրաստի փող չուներ. նա ստիպված էր վեր առնել պարտքով: Եվ այնպիսի ծանր տոկոսներով վաշխառուն միշտ պատրաստ էր փող տալ, մանավանդ որ նա ստանալու էր խիստ ապահով գրավական, այսինքն վանքի սրբությունները: Հրեա կամ մահմեդական վաշխառուն գիտեր, որ իր պարտականը եթե կինը, աղջիկը, տղան գրավ դնե, եթե ժամանակին չկարողանա վճարել, կասե` տիրե գրավներիդ, իսկ իր եկեղեցական սրբությունը նա երբեք չի թողնի օտարի ձեռքում:

Երբեմն այսպիսի դժբախտությանց պատճառ դառնում էին վանահայր աբեղաները կամ վիճակավոր առաջնորդները: Նրանցից շատերը կաշառքներով իրանց կողմն էին գցում քուրդ, թուրք կամ պարսիկ իշխաններին և նրանց օգնությամբ խլում էին միմյանցից վանքեր, տիրում էին թեմերի: Այսպիսի հափշտակությունները խիստ թանկ էին նստում: Վանահայրը կամ առաջնորդը գրավ էր դնում վանքի սրբությունները, պարտք էր անում իր խոստացած կաշառքը վճարելու համար: Բայց ո՞վ էր թափում գրավները: Դարձյալ ժողովուրդը:

Ես հիշում եմ մի այսպիսի դեպք, որ պատահեց իմ ժամանակում: Վանա ծովակի կղզիներից մեկում գտնվում էր Աղթամարա անապատը. այնտեղ նստում էին կաթողիկոսներ, որոնց մեկը իր կողմը ձգելով Շատախու, մյուսը Սասնո կիսավայրենի հայ լեռնականներին, անդադար միմյանց ձեռքից խլում էին հայրապետական աթոռը: Այսպիսով ծագել էր ժողովրդի մեջ երկու կուսակցություններ, և խռովությունը հասավ մինչև արյունահեղության: Կաթողիկոսներից մեկը տարավ հաղթությունը քուրդ իշխանի օգնությամբ: Պաշտպանությունը արժեց նրան մի քանի տասնյակ «քիսա» արծաթի, որը նա պարտք առավ, իհարկե, ամենաապահով գրավականով` վանքի սրբազան սպասներով: Հաստատվելով իր աթոռի վրա, նորին վեհափառությունը ուզեց թափել գրավականները, և այս նպատակով պատրաստեց նա նվիրակների մի խումբ, որ գնացին թեմերից ժողովք անելու: Միաբաններից մի ծերունի աբեղա առաջարկեց, թե նա կարող էր նույնիսկ վանքից գոյացնել ցանկացած գումարը, եթե նորին վեհափառությունը կընդուներ իր տված խորհուրդը: Կաթողիկոսը մի օր բոլոր աբեղաներին կանչեց իր մոտ ճաշի, հացկերույթը վերջանալեն հետո հրամայեց փակել նրանց նույնիսկ սեղանատան մեջ: Հետո ինքը վեհափառը, մտնելով աբեղաների խուցերը, բաց անել տվավ «աշխարհից հրաժարված» աբեղաների փոքրիկ արկղիկները, և հիրավի, հայտնվեցան ավելի քան կաթողիկոսի ցանկացած գումարը ոսկի և արծաթ: Ո՞վ կկարծեր, որ աշխարհի հարստությունից հրաժարված ճգնավորները, որոնք իրանց վանքում կին ուխտավորներ չէին ընդունում, որոնք հագնում էին կոշտ մազից զգեստներ, որոնք մերկ ոտքերով էին ման գալիս, որոնք աղ ու հացով էին կերակրվում, որոնք արծաթից այնպես էին վախենում, որպես դևից, ունենային իրանց սնդուկների մեջ այնքան ոսկու և արծաթի մթերք:

Ծերունի աբեղայի հնարագիտությունը, որ երևան հանեց այս գաղտնիքը, վարձատրվեցավ նրանով, որ քանի օրից հետո գտան նրա խեղդված դիակը ծովակի ափում....

Չնայելով, որ վանքերում այսպիսի եղեռնագործություններ էին պատահում, դարձյալ ժողովրդի ջերմեռանդությունը դեպի իր սուրբ աթոռները մնում էր տաք և իր բոլոր բարեպաշտական ոգևորության մեջ: ԲՆա ինքը, ժողովուրդը, իր տանը հաց չուներ ուտելու, նրա որդիքը նոթի և կիսամերկ էին, նա իր աղքատ դրության մեջ դարձյալ հագցնում էր և կերակրում էր իր հոգևոր հայրերին, որպես իր վանքերի պաշտոնյաներին, որպես աստուծո տան սպասավորներին, որոնց աղոթքովն էր ապրում ինքը, որոնք հաշտեցուցիչ կապ էին իր և երկնքի մեջ... Ժողովուրդն իր հունձքից մասն էր հանում աբեղաների համար, իր անասունների յուղից և պանրից նրանց բաժին էր տալիս, ինքը և իր արորը ձրի աշխատում էին վանքապատկան կալվածքների մեջ, մի խոսքով, նա վճարում էր իր աբեղաներին ավելի, քան թե իր կարողությունը ներում էր:

Ահա ինչ էր, որ կապում էր հային իր հայրենիքի հետ:

Բայց Կարոն ասում էր, թե վարդապետները նույնպիսի հարստահարողներ են, որպես քուրդ և թուրք աղաները: Ես բարկանում էի...

ԻԸ

ՆՇՈՒՅԼՆԵՐԸ ԵՐԵՎՈՒՄ ԵՆ

Թեև ծերունի որսորդը միշտ ցավակցական արհամարհանքով էր խոսում հայերի մասին, ասելով` թե նրանք հոգով և մարմնով բոլորովին ընկած և սպանված ժողովուրդ են, բայց ես նրա նկատողությունը իրավացի էի գտնում միայն Պարսկաստանի հայերի վերաբերությամբ, այսինքն նրանց, որ բնակվում էին Ատրպատական նահանգում: Ընդհակառակն, Տաճկաստանի հայերը Տարոնի և Վասպուրականի մեջ համեմատելով իրանց ատրպատկանցի համազգայինների հետ, բավականին աշխույժ և կենդանի մարդիկ էին:

Դա ուներ իր տեղական և կլիմայական պատճառները:

Ատրպատականի գավառները, բացի լեռնային և անտառապատ Ղարադաղից, մնացածները տափակ երկիրներ էին և ավելի տաք կլիմայով: Երկրագործությունը, որ միակ աղբյուրն էր ժողովրդի ապրուստի, խիստ պինդ կերպով կապել էր բնակիչներին հողի հետ, և հետևաբար շատ նեղ կերպով սեղմել էր նրանց հողատիրոջ աղաների ճանկերի մեջ:

Աղաների ճնշումն էր հաջորդաբար և տևողական: Մի այսպիսի կեցության մեջ մարդը կորցնում էր իր ազատությունը և նրա հետ իր մտավոր և հոգեկան կենդանությունը: Նա դառնում է կրավորական էակ: Արձակ դաշտը, տափակ երկիրը շինում է նրան ավելի ընտանեկան, ավելի խաղաղասեր, միևնույն ժամանակ երկչոտ: Մինչդեռ լեռը, անտառը պահպանում են մարդու մեջ նրա սկզբնական վայրենությունը և հետևապես նրա սրտի ամրությունը և քաջությունը:

Ստրկությունը սկսվել է և շարունակվել տափակ երկրների վրա և ավելի տաք կլիմայի մեջ: Տափակ երկիրը տալիս է մարդուն տափակ բնավորություն, զարգացնում է նրա մեջ թեքվելու ընդունակությունը: Բայց լեռնային երկրի բնակիչը նույնպես ուղղաձիգ, նույնպես բարձրադիտակ է, որպես իր շրջապատող սեպաձև ժայռերը: Հարթ-հավասար անապատը չէ տալիս փախուստի միջոց և պատսպարան իր նեղյալներին: Մինչդեռ սարերը և անտառները միշտ ունեն իրանց ծոցի մեջ ապահով ապաստարան ապավինողի համար:

Ատրպաաականի գավառները, բոլորած լեռների շղթաներով ընդարձակ հովիտներ էին հարթ-հավասար մակերևույթով: Ժողովուրդը խիստ խորին կերպով արմատ էր գցել երկրի մեջ, նա ուներ հաստատ տուն և բնակություն. նա ուներ այգիներ, պարտեզներ և կայք: Ուր և քշում էին նրան, որքան և հալածում էին, նա դարձյալ չէր բաժանվում իր բնակության տեղից: Նա կանգնած էր միևնույն կետի վրա և համբերում էր իր վիճակի թշվառությանը: Նա համբերում էր, որովհետև նրան դժվար էր բաժանվել մի երկրից, ուր պետք է թողներ իր շատ տարիների աշխատության պտուղը: Նա մեխված էր գետնի հետ, որպես իր տնկած ծառերը, իր շինած տունը և իր ցանած բույսերը, որովհետև նրանց գոյության հետ կապված էր իր կյանքը: Թեև այստեղ ժողովուրդը աշխատում էր մեծ մասամբ աղաների համար, բայց նրանք թողնում էին այնքան, որ մշակը կարողանար շարունակել իր կենդանությունը, որ նրա ձեռքերը կարողանային գործել: Բայց իսպառ խլել մշակից կյանքը, դա աղայի համար ձեռնտու չէր, որպես ձեռնտու չէր նրան սպանել իր աշխատող անասուններին:

Ատրպատականի հայը միշտ երևում էր զինվորված իր երկրագործական գործիքներով. նրա ձեռքում միշտ տեսնվում էր բահ, բրիչ, մանգաղ և անասունները քշելու խարազան: Արյուն թափող և անձնապաշտպանության անոթների մասին նա գաղափար անգամ չուներ: Նա այնքան վախենում էր արյունից, որքան դևից և սատանայից: Տաք կլիման թուլացրել էր նրա ուղեղը, նրա կենսական ուժը: Տափակ երկիրը շինել էր նրան մի անփախչելի որս աղայի ձեռքում: Իսկ հողագործությունը պահպանում էր նրա մեջ անասնական բթամտությունը և եզի համբերությունը:

Տարոնը և Վասպուրականը ավելի լեռնոտ և սառն երկիրներ էին: Շատ տեղ սարերը ծածկված էին անտառներով: Երկարատև ձմեռը, անդադար անձրևները, իսկ տարվա ջերմ եղանակներում երաշտությունը` կացուցանում էին հողը անհարմար ցանքերի համար: Ի բաց առյալ Վանա ծովակի շրջակա ցած երկիրները, և Ասորեստանի սահմանակից հարավային կողմերը, մնացյալ գավառները լեռնային բարձրավանդակներ .էին, որոնք միայն տալիս էին ճոխ մարգեր խաշնարածության համար: Այս պատճառով բնակիչների գլխավոր պարապմունքը անասնապահությունն էր:

Հայերը առավելապես բռնել էին այն տեղերը, ուր կարելի էր և վարուցանքով պարապվել. իսկ այդ չէր կացուցանում նրանց ապրուստի գլխավոր աղբյուրը, նրանք միևնույն ժամանակ և երկրագործ և հովիվներ էին: Ձմեռը անցուցանում էին նրանք գետնափոր խրճիթներում, իրանց գյուղերի մեջ, իսկ տարվա մնացած ամիսները չադրներում, լեռների բարձրավանդակների վրա:

Այստեղ հայերի մի այսպիսի կիսա-չվական և կիսա-հաստատաբնակ կեցությունը տվել էր նրանց բնավորությանը երկակենցաղ կենդանիների հատկություններ: Նրանց գետնափոր խրճիթներն, իրենց ստորերկրյա ոլոր-մոլոր խորշերով, ավելի նման էին սողունների որջին, և դա մտցրել էր բնակիչների մեջ օձի նենգությունը և նրա ոխերիմ չարամտությունը. նա պատրաստ էր խայթել, եթե հարմար միջոց գտներ: Նրանց հովվական չադրները, կազմված լեռների բարձրավանդակների վրա, բազմագոչ ջրվեժների մոտ, շրջապատած հսկայական ժայռերով, որոտի և կայծակի ահեղ սպառնալյաց ներքո, տվել էին նրանց բնավորությանը ավելի կիսավայրենի և կիսագազանային հատկություններ:

Հովվական կյանքը իր նահապետական պարզության հետ ունի և իր վայրենի կատաղությունը: Մշակական կյանքը իր աշխատասեր հոգու հետ պահպանում է թուլասրտություն և երկչոտություն:

Հայը իր հայրենի լեռների թեև հարազատ, բայց փչացած որդին էր: Քուրդը նրա մտերիմ որդեգիրն էր: Հայը ոչ կատարյալ, երկրագործ էր և ոչ կատարյալ հովիվ: Քուրդը հավատարիմ էր մնացել իր պարապմունքին. նա հոգով և սրտով հովիվ էր, այդ բառի բուն նշանակությամբ: Այս պատճառով նա տիրում էր:

Հովիվները միշտ տիրում են, որպես իրանց հոտերին, նույնպես և մերձավոր ժողովուրդներին: Մարդկության առաջին տիրապետողները եղել են հովիվները: Մեր Հայկ նահապետը նույնպես մի քաջ հովիվ էր:

Տարոնի և Վասպուրականի հայը և հովիվ էր և երկրագործ. նա վարում էր որպես չվական, նույնպես և հաստատաբնակ կյանք: Իր գյուղում, գետնափոր խրճիթների մեջ նա ապրում էր որպես գազանը իր որջում. իր արտերի մեջ նա զինվորված էր բահով և մանգաղով. իր լեռների արոտներում նա զինվորված էր հրացանով և թրով: Այսպիսի երկակենցաղ ապրուստը տվել էր նրան երկերեսանի բնավորություն, նա միևնույն ժամանակ նվաճյալ ժողովուրդ էր հպատակի բոլոր համբերությամբ, և միևնույն ժամանակ կատաղի ապստամբ էր, եթե միջոցները կնպաստեին նրան:

Այս էր պատճառը, որ Կարոն շատ անգամ ասում էր` «այս ժողովրդից կարելի է մի բան սպասել. նա բոլորովին մեռած չէ. նա մի օր կգցե իր պարանոցեն քրդի լուծը»:

Կարոյի գուշակությունը անհիմն չէր: Շատախի, Սասնո և Մոկաց երկրի հայերը, որոնք իրանց կենցաղավարությամբ չէին զանազանվում քրդերից, բոլորովին ազատ էին և ինքնակա: Նրանք շատ անգամ միանալով քրդերի հետ, թալանում էին այս և այն երկրները. և զարմանալին այն է, որ չէին խնայում մինչև անգամ իրանց ազգայիններին: Սասնո հայը երբեք իր պատյանը չէ դնում մերկացրած խենջարը առանց նրան թաթախելու հակառակորդի արյան մեջ: Նա շատ դժվարությամբ է դուրս քաշում իր սուրը, իսկ երբ սուրը մերկացավ պատյանից, գործը վճռված է. նա պետք է կոտորե:

Այս երկրում, որքան ես նկատում էի, յուրաքանչյուր հայի սիրտը նմանում էր կիսահանգած օջախի, որքան քրքրում ես մոխիրը, նոր և նոր կայծեր էին հայտնվում. մի փոքր վառելու նյութ, մի բորբոք և ահա բռնկեց կրակը…

Վերքն այնքան վտանգավոր չէ, երբ վիրավորը զգում է նրա ցավը. դա կենդանության նշան է: Տարոնի և Վաասուրականի հայը իսպառ թմրած չէր, նա իր սրտի մեջ զգում էր վերքերը, հասցրած նրան բռնության կոպիտ ձեռքից: Այս պատճառով նա միշտ սնուցանում էր իր սրտի մեջ վրեժխնդրության դառն թույնը: Ոչ այնքան հայրենասիրությունը, ոչ այնքան անձնասիրությունը դրդում էր նրան դեպի մի այսպիսի միտք, որքան իր եկեղեցու, իր սրբությունների հալածանքը մահմեդական ազգերից: Հայը ամեն բանի համբերում է, ամեն թշվառություն տանում է, բայց նա համբերել չէ կարող, երբ բռնաբարվում է նրա եկեղեցին, նրա միակ սրբարանը: Եկեղեցին հայի կյանքի նպատակն է և նրա բարձրագույն իդեալը:

Կարոն լավ էր հասկացել հայի սրտի այս ամենազգալի կողմը, և նրա տեսությունը Բարդուղիմեոս առաքելո վանքի վանահոր հետ ուներ մի գաղտնի խորհուրդ, որ կապված էր իր նպատակների հետ: Ես այս չէի գիտենալ, եթե մի դեպք առիթ չտար ինձ կիսով չափ տեղեկանալ նրա դիտավորությանը:

Կարոն, որպես հայտնի է մեր ընթերցողին, իր ընկերների հետ գնաց Բարդուղիմեոս առաքելո վանքը, խոստանալով, թե կվերադառնա ոչ ավելի, քան մի օրից հետո: Բայց ահա մի շաբաթ անցավ այն օրից, նրանից ոչինչ լուր չկա: Ծերունի որսորդը այս մասին խիստ անհանգստության մեջ էր, չգիտեր ինչ բան արգելք եղավ նրանց վերադարձին: Մի գիշեր դեռ նոր էր պատել մութը, հայտնվեցավ մի գրաբեր, բոլորովին քրդի ձևով հագնված, նա տվեց ծերունի որսորդին մի նամակ: Ես այն ժամանակ հասկացա, թե նա գիտեր կարդալ: Իմանալով, որ նամակը Կարոյիցն է, նա անհամբեր կերպով սկսեց կարդալ: Ես նստած էի նրա մոտ: Նամակի պարունակության մասին նա ինձ ոչինչ չհայտնեց, կարծես բոլորովին մոռացավ իմ գոյության մասին: Միայն վերջացնելով ընթերցումը, նա իսկույն հրամայեց Մըհեին իր ձին թամքել, և ասաց Մարոյին շուտով իր զենքերը բերե: Այսպիսի երևույթները ծերունի որսորդի տնակում սովորական լինելով, Մարոն ամենայն հանդարտությամբ գնաց հոր զենքերը բերեց, և մինչև անգամ չհարցրուց` հայր, ո՞ւր ես գնում, երբ նա նստեց ձին և բակից դուրս էր գնում: Այդ ժամանակ միայն ծերունին տեսավ ինձ և ասաց.

Ես կվերադառնամ մի քանի օրից հետո:

Գրաբերը գնաց որսորդի հետ:

Երբ ես մտա սենյակը, Մարոն սովորական ժպիտը երեսին ինձ ասաց.

Մենք էլի՜ մնացինք մենակ…

Բայց ես այնքան խռովված էի ծերունու անակնկալ հեռանալով, որ ոչինչ չպատասխանեցի Մարոյի ուրախ ժպիտին: Նա, երևի, վիրավորվեցավ իմ սառնասրտությամբ, և մի գեղեցիկ խոժոռ գործելով իր սիրուն երեսի վրա, ասաց.

Դու չա՜ր մարդ ես, Ֆարհատ:

Մարոն էլ չնայեց իմ վրա, ծիծաղելով սենյակից դուրս վազեց: Ես մնացի միայնակ: Իմ խռովությունը հետզհետե սաստկանում էր: Ծերունի որսորդի վարմունքը չափազանց տանջում էր ինձ, որ նա արժան չհամարեց հաղորդել և ոչ մի բառ Կարոյի նամակի պարունակությունից, լավ գիտցած լինելով, որ ամենայն տեղեկություն նրա մասին որքան իր համար, նույնքան և իմ համար ուրախալի էր: Ինչո՞ւ նա զրկեց ինձ այդ ուրախությունից: Ինչո՞ւ չգիտենալ ինձ, թե ո՞ւր մնաց այն մարդը, որին ոչ միայն հարգում էի ես, այլև սիրում էի:

Մինչ ես այս վրդովմունքի մեջ էի, աչքս դարձրի դեպի այն կողմը, ուր նստած էր ծերունի որսորդը. տեսա մի թուղթ ընկած էր այնտեղ, մոտենում եմ, նույն նամակը:

Ծերունին սաստիկ շտապելով, մոռացել էր իր հետ վեր առնել նամակը: Իմ ուրախությանը սահման չկար. ես մի քանի րոպե միայն երեխայի հրճվանքով շրջում ու շրջում էի ձեռքումս երկծալ թերթը, որի չորս երեսների վրա սպիտակ տեղ չէր մնացել: Ամբողջապես գրված էր:

Կարոն տեր Թոդիկի դպրոցից փախչելու ժամանակ այնքան չէր սովորած, որ գրել գիտենար: Իսկ այնուհետև ո՞րտեղ ուսել էր նա: Ես առաջ չէի կարդում նամակը, միայն նայում էի նրա վրա: Երևում էր, գրիչը խիստ ճարպիկ և համարձակ կերպով վազել էր տողերի վրա, ուր տառերի յուրաքանչյուր գծերից երևում էր մի հաստատուն ձեռքի ամրություն, որ գիտե տիրապետել գրչին, որպես իր սրին:

Որքան կարդում էի նամակը, այնքան ավելի գրգռվում էր իմ հետաքրքրությունը: Կարոն նույնն էր մնացել իր գրության մեջ, ինչ որ էր իր խոսակցության ժամանակ: Նա խոսում էր խիստ պարզ, առանց գեղաբանության և հասարակ լեզվով: Նրա պարբերությունները շատ կարճ էին, միևնույն ժամանակ հասկանալի և խորախորհուրդ: Իր նամակի մեջ մնացել էր նա միևնույն ոճով: Ինձ առաջին անգամ պատահում էր տեսնել, որ մարդը գրում է այնպես, որպես խոսում են: Բայց ինչո՞ւ իմ վարժապետը չէր գրում այնպես, որպես մարդիկ խոսում են: Նրա գրածն ինձ համար մնում էր միշտ հանելուկ, չէր կարելի հասկանալ, կարելի էր միայն գուշակել, թե ինչ էր ուզում ասել:

Կարոյի նամակի մեջ ևս մի քանի տեղեր մնացին ինձ անբացատրելի. նրանց մթին այլաբանական ձևը, որպես երևում էր, պարունակում էր իր մեջ մի գաղտնիք, որ հայտնի էր միայն այն մարդուն, որի անունով ուղարկված էր նամակը:

Ես կբերեմ մի քանի կտորներ նույն նամակից, որ մինչև այսօր չեմ մոռացել, որ և երբեք մոռանալու չեմ:

«Բարդուղիմեոս առաքելո վանահոր հետ տեսնվեցա: Ես գտա նրան այնպես, որպես հույս ունեի: Ամեն ինչ պատրաստ էր: Այս աբեղային կարելի է կոչել մարդ, որ իր խոսքի տերն է, և ո՛չ վարդապետ: Հազվագյո՜ւտ բացառություն: Մի ամիս առաջ նա սկսել էր ծախել վանքի ավելորդությունքը, որպես պատվիրել էի ես, և գոյացած գումարը բավականացել էր գնելու գործիքներին: Խեղճ գյուղացիներից շատերը սոխ կոտորելու դանակ անգամ չունեին իրանց տանում. այժմ նրա վիճակի մեջ ամեն տղամարդ զենքեր ունե: Բոլորը վանահոր շնորհիվն է: Վանքը կլինի գլխավոր ամրոցը. նրա դիրքը և ամրությունը հարմարություն ունեն այդ կոչմանը: Ինքը վանահայրը կառաջնորդե իր վիճակի հաղբակեցիներին: Հասբիստանու կռվում նա արդեն ցույց տվեց, թե ինքը ընդունակ է այս գործին»:

Հասբիստան կոչվում էր Բարգուղիմեոս առաքելո վանքի մոտ մի դաշտ, ուր քանի տարի առաջ պատահեց մի արյունահեղ կռիվ հայերի և քրդերի մեջ արոտամարգերի սահմանների պատճառով: Քրդերի մի նոր ցեղ, որ գաղթել էր այստեղ Մար-գավառի կողմերից, չէր թողնում հայերին արածացնել իրանց հոտերը: Հասբիստանում, որ սկզբանե հայերի սեփականություն էր: Վեճը վճռվեցավ սրով, և հաղթությունը մնաց հայերի կողմը:

Մի քանի տողերից հետո Կարոն շարունակում էր.

«Վանահոր հետ դարձյալ Բարդուղիմեոս առաքելո-մեր խորհրդակցությունից երևցավ, որ հակառակ կողմի ուժը ավելի զորավոր է, քան թե մենք կարծում էինք: Երկու եղբայրներ` Օմար և Օսման աղաները, որոնցից յուրաքանչյուրը Ջալալիների ցեղի գլխավորությունը հափշտակելու պատճառով թշնամացել էին, կրկին հաշտվել են: Ջալալիների բաժանված կուսակցությունները միացել են: Շիկակների Մահմոլղ աղան, իր աղջիկը հարսնության տալով Ռավանդների Ղադիր աղայի որդուն, երկու ցեղերի մեջ բարեկամական հարաբերությունները նորից սկսվել են: Մյուս կողմից, Մուքրիների և Մամըքանների մեջ հին թշնամությունը նորոգվել է: Ռաշիդ աղայի կինը, երկար սպասելով, թե իր սպանված ամուսնի եղբայրները չկամեին առնել նրա արյան վրեժը, քանի օր առաջ ծպտյալ հագուստով հանդիպում է իր տղամարդի սպանողին, և ինքը կինը վրեժխնդիր է լինում: Դու գիտես, որ այդ երկու ոսոխները հիշյալ երկու ցեղերի գլխավորներն են»:

Ես զարմանում էի, թե Կարոն ինչո՞ւ է ուրախանում քրդերի զանազան ցեղերի միմյանց հետ թշնամական հարաբերություններ ունենալու մասին, և կամ ինչո՞ւ է տխրում, երբ նրանք հաշտվում են: Բայց վերջին դեպքի մանրամասնություններն իմացա ես հետո: Ռաշիդ աղան Մամըքանների ցեղապետի որդին էր: Նրա իսկական անունն էր Կրպո. կոչվեցավ Ռաշիդ (քաջ) իր զարմանալի քաջագործությունների համար: Նա սպանվեցավ Մուքրիների ցեղապետի որդու նենգությամբ: Ռաշիդի կինը ուխտել էր չվեր առնել իր երեսից սգավորի սև քողը. մինչև իր ամուսնի գերեզմանը չհանգստացնե: Դա նշանակում է քրդի լեզվում` մինչև սպանվածի արյան վրեժը չառնվի: Այս նպատակով նա սնուցանում էր իր տասներկու տարեկան որդուն, որ առնե հոր վրեժը և կատարե մոր ուխտը: Որդին մեռնում է կարճատև հիվանդությունից հետո: Մայրը մի քանի օր անհետանում էր իր չադրից: Նրան գտնում են իր տղամարդի գերեզմանի մոտ այն ժամանակ, երբ իջնում է իր ձիուց, և ոսոխի կտրած գլուխը դնելով ամուսնի շիրիմի վրա, ասում է`«այժմ թո՛ղ հանգստանան քո ոսկերքը»…

«Վերջին օրերումս Ուշնիի մեջ պատահած անցքը բավականին երաշխավորում է ասորոց կաթողիկոսի դաշնադրությունը մեզ հետ, շարունակում էր նամակագիրը: Այնտեղի շեյխը քանդել է տվել մի հին ասորոց վանք, նրա քարերը իր բաղնիքի շինվածքի համար գործ ածելու: Այդ այն վանքն է, ուր նեստորականները վաղեմի ժամանակներից սովորություն ունեին իրանց եպիսկոպոսների մարմինները թաղելու: Կաթողիկոսը, որպես լսում եմ, բոլորովին կատաղած է այս բարբարոսության պատճառով: Այսօր նրա սուրհանդակը ինձ մոտ եկավ: Կաթողիկոսը կանչում է ինձ: Առավոտյան ճանապարհ կընկնեմ դեպի Ճոլամերիկ: Հարմա՜ր առիթ... պետք է օգուտ քաղել դրանից»...

Ասորոց կաթողիկոսը նստում էր Ճոլամերկի Կոճանիս կոչված գյուղում, որ սահմանակից էր Հաղբակին: Ասորոց մի ցեղ, որ կոչվում էր Ջուլո, անհիշելի ժամանակներից, պատսպարվելով Ճոլամերկի լեռների մեջ, պահպանել էր իր անկախությունը, որպես լազգիները Դաղստանում: Կաթողիկոսը, որ կոչվում էր Մար-Շիմոն, էր իր ցեղի քահանայապետը, միևնույն ժամանակ նրա մարմնավոր իշխանը: Նա ուներ մինչև երեսուն հազար զենք բռնող տղամարդիկ, մի խոսքով, նրա ժողովուրդը բոլորը պատերազմողներ էին: Կաթողիկոսը ինքը սուր էր կրում: Ճոլամերիկը, զետեղված էր Կորդվաց լեռների մեջ, մի փոքրիկ, փակյալ Չինաստան էր, որի մուտքը կապված էր օտարների համար: Այնտեղ բնակվում էին միայն ջուլոներ և հայեր: Եթե ուրիշ մարդ այնտեղ մտներ, առանց կաթողիկոսից թուղթ ունենալու իր ձեռքում, ամեն պատահող ջուլոն պատրաստ էր նրան սպանելու: Բոլոր ժողովուրդը անասնապահներ էին. նրանց կյանքի պետքերը գոյանում էին իրանց հոտերից: Ջուլոներն ամենևին հարաբերություններ չունեին դրսի հետ, նրանք կենտրոնացած էին իրանց երկրի մեջ: Ջուլոն հայտնի է իր դյուրագրգիռ, բարկացկոտ և հանդուգն բնավորությամբ. նա միևնույն ժամանակ քաջ և բարի մարդ է: Բայց Կարոն ի՞նչ գործ ուներ միանալու այդ վայրենիների հետ. ի՛՞նչ դաշնադրություն էր, որ նա կապում էր ասորաց պատրիարքի հետ…

«Այստեղ (Բարդուղիմեոս առաքելո վանքում) ես ստացա մի քանի նամակներ: Ն. Կ. Վ. գրում է Վարագա վանքից, թե գործերը այստեղ վատ են. քրդերի մի նոր արշավանք թալանեց Հայոց-Ձորը: Արտամետ գյուղը իր ընդդիմադրության համար մոխիր դարձավ: Հրձիգությունը թշնամիների կողմից պատահել է գիշերով: Ավելի քան հարյուր հոգի-ծերունիներ, երեխաներ, փախչելու կարողություն չունեցող մարդիկ, այրվել են կրակի մեջ: Այս, թեև խիստ տխուր, լուրը ինձ ուրախություն պատճառեց: Հայոց-Ձորը գոնյա այժմ կզգա իր սխալը... նա երկար չէր ուզում մասնակից լինել ընդհանուր գործին... Բժշկության մասին մտածում են այն ժամանակ, երբ հիվանդն ընկած է»...

Վերջին տողերը կարդալու ժամանակ ես սարսափեցա: Կարոյի խստասրտությունն անցնում էր չափից: Ավելի քան հարյուր ծերեր, երեխաներ այրվում են հրդեհի բոցերի մեջ, նա ուրախանամ է, որովհետև այս դեպքից կարող էր նա օգուտ քաղել իր դիվական նպատակների համար, իսկ նպատա՞կը, դեռ ինձ հայտնի չէր:

«Մուշի և Բաղեշի կողմերից ոչինչ լուր չկա: Դատվանի ռայիսը (տանուտերը) գրում է` այստեղ ամեն ինչ պատրաստ է: Շատախում նոր վրդովմունք է ծագել ժողովրդի մեջ: Հոգվոց վանքի վարդապետը չէ դադարում իր վաղեմի նենգություններից: Ի՞նչ պետք է անել այդ Վասակի հետ. ուղարկեցեք այնտեղ Մըհեին, իմ կարծիքով նրա գործն է հանգստացնել սևագլուխ սատանային»…

Մըհեն, ծերունի որսորդի գնացած գիշերի մյուս առավոտը, էլ չերևաց: Քանի օրից հետո մենք լսեցինք հոգվոց վանքի վարդապետին իր խուցի մեջ սպանել են: Երկու օր չանցած, այս լուրը մեզ հասնելեն, կրկին հայտնվեցավ Մըհեն:

«Ասլանին ուղարկեցի Բաղեշի և Մուշի կողմերը այնտեղի դրությունը իմանալու համար: Սագոն կանցնի Խնուսից դեպի Արզրում, Բայազեդ և կվերադառնա Խոյի ճանապարհով: Ջալլադը և Մուրադը գնացին Մոգաց և Սասնո կողմերը: Յուրաքանչյուրի համար նշանակվել է մի ամիս ժամանակ, իրանց ճանապարհորդությունը, հետազոտությունները և կարգադրությունները վերջացնելու համար: Ամեն մեկին ես տվել եմ հարկավոր հրահանգները: Այսօր հուլիսի քսանն է, կնշանակե, մինչև օգոստոսի քսանը բոլորը կրկին կհավաքվեն Բարդուղիմեոս առաքելո վանքումը, իրանց գործունեության համարը տալու»:

Ջալլադը և Մուրադը այն երկու քրդստանցի տղամարդիկն էին, որոնց ես առաջին անգամ տեսա արաբական մինարեթում: Դրանք այն օրից անհայտացած էին, իսկ այժմ երևում էր, որ դարձյալ խառն էին Կարոյի գործերի մեջ:

«Իսկ դու, ծերունի ընկեր, այս նամակը քեզ հասածին պես, կգնաս եզիդիների ցեղապետ Միր-Մասումի մոտ. դա քո հին բարեկամն է, այս պատճառով որոշվեցավ, որ դու կապես նրա հետ հարկավորած պայմանները: «Անտառը կոտորող կացինի կոթը փայտից են շինում»: Քուրդը քրդի դեմ մի լավ գործիք է մեր ձեռքում:

Եզիդիները, եթե ընթերցողը հիշում է, քրդերի այն ցեղն էին, որ կրոնքով տարբեր էին իրանց մահմեդական ազգայիններից և միշտ հալածված նրանցից: Այդ միակ ցեղն էր, որ հաշտ էր հայերի հետ և ավելի բարեկամ, թեև նա ուներ իր ազգի բոլոր ավազակային հատկությունները: Մահմեդական քրդերը համարում էին եզիդիներին հեթանոսներ և խիստ ատելությամբ վարվում էին նրանց հետ: Եզիդիները ներկայացնում էին մարական ցեղի սկզբնական տիպը, մնացած իր մոգական սովորություններով: Կարդալով Կարոյի գրածները եզիդիների մասին, ես այժմ գիտեի ծերունի որսորդի ճանապարհորդության նպատակը:

Մի քանի տողեր նամակի մեջ վերաբերում էին ինձ:

«Ֆարհատի մասին անհանգիստ եմ, ես նրան թողեցի հիվանդ, չգիտեմ ի՞նչպես է այժմ նրա առողջությունը: Իհարկե, նրա մասին ինձ տեղեկություն կտաք: Խնամեցեք այդ մանուկ վագրին, նրա մեջ շատ հարուստ, բայց դեռ չմշակված ուժեր կան»...

Վերջին տողերը կարդալու ժամանակ արտասուքս սկսեց թափվել իմ աչքերից, ես չկարողացա շարունակել ընթերցումը:

Be the first who will comment on this

Other parts of "Կայծեր"

Yatuk Music
Noctrune
Edward Baghdasaryan

Noctrune

The disaster of war
The disaster of war
Play Online