Raffi
Կայծեր
2 - Ե, Զ
Ե
ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մյուս օրը մենք անհամբերությամբ սպասում էինք առաջնորդին, որ խոստացել էր փաշան ուղարկել մեզ` քաղաքի մեջ և նրա շրջակայքում գտնված հնությունները ցույց տալու համար: Չգիտեմ ի՞նչ պատճառով վարպետ Փանոսը հակառակ էր այդ արշավանքին: Բայց Ասլանը պնդում էր, թե ինչ էլ որ պատահելու լինի, անպատճառ պիտի գնալ:
Վերջապես հայտնվեցավ առաջնորդը, իր հետ բերելով նախորդ օրվա երկու ղավազներին և երկու ձիաներ, որ փաշայի ախոռատան ամենաընտիր նժույգներից էին, ուղարկել էր մեզ, հեծնելու համար: Վարպետ Փանոսը ճանաչեց առաջնորդին: Դա մի աստիճանավոր էր, որ փաշայի մոտ քարտուղարի պաշտոն էր կատարում, և հայտնի էր, որպես ուսումնական մարդ: Նա դեռ երիտասարդ էր, ուրախ, զվարթ, և, որպես ակնարկեց մեզ վարպետը, թուրք ծառայողների սովորության համեմատ, օղիի կատարյալ սիրահար էր: Գուցե այդ էր պատճառը, որ նախաճաշիկի ժամանակ վարպետ Փանոսը առանձին ուշադրություն էր դարձնում նրա խմելու վրա և աշխատում էր, որքան կարելի էր, գոհացնել նրան: Օրից մի քանի ժամ անցած էր, երբ մենք ճանապարհ ընկանք:
Հասնելով հսկա քարաժայռի ստորոտը, որի բարձրության վրա նստած էր բերդը, մենք ցած իջանք ձիերից և սկսեցինք քարե մաշված սանդուղքներով դեպի վեր բարձրանալ: Սարսափելի ճնշող տպավորություն էր գործում այդ բերդը իմ վրա: Նրա ահավորության առջև մարդ կարծես մանրանում էր, փոքրանում էր, և կորցնում էր իր բոլոր քաջաթյունը: Չգիտեմ ի՞նչ էր պատճառը, արդյոք այն, որ իմ առջև ներկայանում էր մի պատկառելի հնություն, թե ա՞յն, որ այդ լուռ, խորախորհուրդ քարաժայռը պահել էր իր սրտի մեջ խիստ տխուր հիշատակներ մեր պատմական անցյալից:
Ասլանը չկամեցավ իսկույն բերդը մտնել, սկսեց նախ նրա շրջակայքը հետազոտել: Ամեն տեղ երևում էին հնության հետաքրքիր մնացորդներ, ամեն տեղ քարերի ճակատին տեսնում էինք բազմատող բևեռագրեր: Երբ նրանց մասին հարցրի Ասլանից, նա խիստ անփույթ կերպով պատասխանեց. «Ինձ չեն հետաքրքրում այդ մեռած տառերը»... Ուրեմն ի՞նչ էր հետաքրքրում նրան, ի՞նչ էր որոնում նա այն ամայի քարափների մեջ այնքան խորին ուշադրությամբ: Նա մի բան որոնում էր, որովհետև ես շատ անգամ նկատում էի, իր հիշողության գրքույկը հանում էր ծոցից և մի բան գրում էր նրա վրա:
Մեր առաջնորդը, որին իբրև զարգացած մարդ, և մանավանդ իբրև հնագետ, փաշան դրել էր մեզ հետ, որ ցույց տար հնությունները և բացատրեր մեզ նրանց նշանակությունը, այդ երիտասարդ թուրք գիտնականը անդադար Ասլանի ուշադրությունը դարձնում էր այս ու այն առարկայի վրա և իր հոգնեցուցիչ շատախոսությամբ ավելի խանգարում էր նրան, քան թե օգնում էր: «Նայեցեք այդ ծակին, նա ցույց էր տալիս մի վիրապի բավական լայն բերանը, դա իջնում է ցած և ցած մինչև երկրի խորքերը, հետո ստորերկրյա ոլոր-մոլոր ճանապարհներով հասնում է մինչև ծովակի հատակը: Այնտեղ բացվում է մի ոսկյա դուռ և մարդուն ներս է տանում բյուրեղյա հրաշալի ապարանքի մեջ: Այնտեղ մարջանի (բուստի) մշտադալար ծառերի ներքո ճեմում են հավերժական հյուրիներ, փերիներ, ավելի պայծառ, քան նոր ծագող արեգակը իր վարդակարմիր ճառագայթներով: Այնտեղ «Հազարան բլբուլը» կերակրվում է մարգարիտներով և, փղոսկրյա վանդակի մեջ, ամեն մի րոպեում վախում հազարավոր եղանակներ, հազարավոր նվագներով: Նրա երգի ձայնից անուշահոտ վարդենիները գտնվում են մշտական զմայլմունքի մեջ: Այնտեղ արարածները չեն ծերանում, այլ վայելում են հավերժական սեր և մանկություն: Բայց բյուրեղյա ապարանքի ոսկյա դուռը ամենի առջև չէ բացվում, որովհետև նա կախարդված է և խորհրդավոր թիլիսման ունի: Մի ծերունի դերվիշ, որ աչքով տեսել է այդ բոլորը, խոստացել է տալ ինձ այդ թիլիսմանը»:
Ասլանը ժպտաց թուրք հնագետի միամտության վրա: Նրա ցույց տված հորը ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ այն հին, ստորերկրյա անցքերից մեկը, որ մի ժամանակ ծառայել է կամ որպես փախուստի ճանապարհ, կամ հաղորդակցություն է ունեցել ուրիշ ամրությունների հետ, որոնք շատ հեռու չեն բերդից: Այս տեսակ հորեր շատ էին երևում: Կարծես քարափի մթին խորքերում մի հսկայական մրջնանոց լիներ իր բազմաթիվ խորշերով և իր բազմաթիվ խոռոչներով, ուր մարդիկ երբեմն գործել են: Բայց իմ ուշադրությունը գրավեցին երեսանից ավելի մեծ և փոքր այրեր ու ընդարձակ քարանձավներ, որոնք նույնպես փորված էին քարափի մեջ, որոնց մի քանիսի մեջ մենք կարողացանք ներս մտնել: Նրանց վրա երևում էր ժամանակի արհեստն ու ճարտարությունը, և շատերը նրանցից զարդարած էին սեպաձև արձանագրություններով:
Ավանդությունը, ասաց Ասլանը, այս բերդը և այս այրերը Շամիրամին են ընծայում, որպես թե նինվեացի թագուհու գանձատունը, մթերանոցները, պահեստի տեղերը և բաղանիքները լինեին: Իսկ այդ բոլորը ավելի հին է, քան թե Շամիրամը, թեև մեր ծերունի Խորենացին հնագիտական միամտությամբ նույնպես նրան է ընծայում:
Ի՞նչ է ասում Խորենացին, հարցրի ես խորին հետաքրքրությամբ:
Կարծես Ասլանը Խորենացու գիրքը այնպես սերտած լիներ, որպես ես Սաղմոսը. նա անգիր կարդաց պատմությունից այն տեղը, որ այդ բերդին էր վերաբերում, հետո աշխարհաբար թարգմանեց ինձ.
«Իսկ անձավի արևահայաց կողմը, այնպիսի նյութի կարծրության մեջ, ուր մեկը այժմ և ոչ մի գիծ երկաթով փորել կարող է (Շամիրամը), պես-պես տաճարներ, օթևանների սենյակներ, գանձերի տներ և երկար այրեր հրաշակերտեց, հայտնի չէ ի՛նչ բաների պատրաստության համար: Բայց քարի ամբողջ երեսի վրա, որպես գրիչով մոմը հարթելով, շատ գրեր արձանագրեց, որոնց վրա նայելն միայն զարմանք է բերում»:
Ո՛րքան ուղիղ էր Խորենացու կարծիքը, ես այդ դատել չէի կարող, միայն տեսնում էի, որ նրա ասածները բոլորը կային: Բայց Ասլանը ասում էր, թե այս ամենը այն ամենահին ժամանակներից են մնացել, երբ մարդիկ տուներ չէին շինում, երբ նրանք այրերի մեջ էին բնակվում: Այդ իմ խելքին նստում էր, որովհետև տեսնում էի, այրերից շատերը այնքան ահագին մեծություն ունեին, որ կարող էին ամբողջ ընտանիքների բնակությանը հարմարվել:
Բերդի շրջակայքը ման գալուց հետո, մենք մտանք բուն բերդի մեջ: Այդ անմատչելի ամրոցը, որպես ասեցի, նստած է ժայռոտ քարափի գլխին, որը ուղղաձիգ բարձրությամբ քաշված է դեպի երկինք, և այնտեղից ահռելի կերպով հսկում է ամբողջ քաղաքի վրա: Դեպի ամեն կողմ, ուր և հայացք ես ձգում, դարձյալ երևում են արձանագրություններ, որոնք լուռ և անբարբառ նայում են մարդու երեսին, կարծես ասել են ուզում. «Մենք միշտ կմնանք անվերծանելի և երբեք չի պիտի երևան հանենք հնության գաղտնիքը»...
Ասլանը պտտելով բերդի մեջ, որպես նկատում էի ես, արձանագրությունների և այլ հնությունների վրա միայն հարևանցի նայելով էր անցնում, ավելի ցույց տալու համար, թե նրանցով հետաքրքրվում է: Իսկ մեր երիտասարդ առաջնորդը ոգևորված էր առասպելական պատմություններով, ամենևին չէր նկատում, թե իր պատմությունները որքան նշանակություն ունեին նրա համար: Նա անընդհատ խոսում էր: Բայց իմ նկատողությունից չէր կարող վրիպել այն խորին ուշադրությունը, որով Ասլանը քննում էր ամրոցի մթերանոցը, պահեստի տեղերը, որ լցված էին վառոդով և զանազան զենքերով, զինվորների օթևանները, և այն վաղեմի, ժանգոտած թնդանոթները, որոնք, իրանց բերանները դարձրած դեպի քաղաքը, պահպանում էին նրան մշտական երկյուղի ներքո: Այդ թնդանոթներով մի ժամանակ ենիչարիները ռմբակոծում էին քաղաքը:
Ես նկատում էի, Ասլանը մի առանձին ուշադրությամբ հետազոտում էր այն ծակերը, այն գաղտնի անցքերը, որոնք քարափի վերևից իջնում էին դեպի նրա խորքերը և ստորերկրյա ճանապարհներով կորչում էին, սատանան գիտե, թե դեպի ո՛ր կողմը: Նա արծվի հայացքով զննում էր նրանց ուղղությունը, տարածությունը, և որպեսզի կասկածանքի առիթ չտա մեր առաջնորդին, ժպտելով հարցրեց նրանից.
Ի՞նչպես եք կարծում, պարոն քարտուղար, այդ անցքը նույնպես չէ՞ տանում դեպի մի բյուրեղյա ապարանք, ուր հյուրիներն և փերիները պառկած են մարջանի ծառերի ներքո և սքանչանում են «հազարան բլբուլի» հազար ու մեկ եղանակներով:
Դուք ծաղրում եք ինձ, պարոն բժշկապետ, պատասխանեց երիտասարդը նույնպես ժպտելով, բայց ես կասեմ ձեզ, որ այդ անցքը դեպի բյուրեղյա ապարանքը չէ տանում, որովհետև դեպի ծովը չէ գնում: Մարջանի ծառերը ծովի հատակի վրա են բուսնում և բյուրեղյա ապարանքն էլ ջրերի խորքումն է լինում: Իսկ այդ անցքը, քարափը կտրելով, իջնում է դեպի ցած, հետո գետնի տակով գնում է դեպի այն ձորը, որի մի մասը երևում է բլուրների հետևից: Նա ձեռքը մեկնեց դեպի այն կողմը:
Ներեցեք, խնդրեմ, իմ նկատողությունը դուք, իհարկե, կատակի տեղ կընդունեք: Իսկ ձեր այժմյան պատմածը դարձյալ շատ հետաքրքիր է: Ես շատ բերդեր եմ տեսել, բայց մի այսպիսի անցք առաջին անգամն եմ տեսնում իմ կյանքում, երևի դրա ծայրը, այսինքն այն տեղը, որ դուրս է գալիս ձորի մեջ, անպատճառ ծածկված կլինի:
Անտարակույս, մանավանդ մի դեպքից հետո, որ պատահեց մի տարի առաջ. պահապան զինվորներից մեկը սովորություն էր ունեցել վառոդ գողանալ և այդ անցքով դուրս տանել, վաճառել հայ խանութպաններին: Զինվորին և խանութպաններին սաստիկ պատժեցին, և անցքի մուտքը այն ժամանակից գոցվեցավ:
Ո՜րքան զարգացած է եղել հին ժամանակներում արհեստը այդ երկրում, ասաց Ասլանը, արտահայտելով իր խորին հիացմունքը: Այդ անցքերը հազարավոր տարիներ գոյություն ունեն, բայց այնքան ճարտարությամբ շինված են, որ մինչև այսօր չեն խանգարվել, պահպանում են իրանց նշանակությունը:
Դուք ավելի կզարմանաք, պարոն բժշկապետ, երբ կտեսնեք Թոփրակ-Կալեի և Չարխի-Ֆալակի գաղտնի անցքերը, պատասխանեց առաջնորդը մի առանձին պարծենկոտությամբ, երբ լսեց Ասլանի գովասանքները (կարծես այդ հրաշալիքները նրա պապերն էին ստեղծագործել): Երբ այստեղ կվերջացնենք, ես կտանեմ ձեզ դեպի հիշյալ հնությունները, որոնք բավական հեռավորության վրա են գտնվում այստեղից: Դուք կտեսնեք այնտեղ ավելի զարմանալի ստորերկրյա անցքեր, որոնք այնքան երկար են տարածվում գետնի տակով, որ շատերը հաղորդակցություն ունեն հենց այդ բերդի հետ:
Ասլանը շնորհակալություն հայտնեց առաջնորդին և, հանելով ծոցից իր ոսկյա ժամացույցը, առաջարկեց նրան՝ ասելով.
Դուք այնքան բարի եք, որ ես կցանկանայի թողնել ձեզ մոտ այդ փոքրիկ հիշատակը:
Երիտասարդը հրաժարվեցավ կամ ձևացրեց թե հրաժարվում է, պատասխանելով.
Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, ես երբեք չէի կամենա զրկել մի ճանապարհորդի իր ժամացույցից, որը նրան շատ հարկավոր կլինի:
Այդ իրավ է, բայց համաձայնվեցեք, որ ճանապարհորդի ոսկյա ժամացույցը շատ հրապուրիչ բան է գողերի համար, ես կցանկանայի ազատվել դրանից: Ընդունեցե՛ք, խնդրեմ, ես ունեմ և մի արծաթյա ժամացույց, այն էլ բավական կլինի ինձ համար:
Առաջնորդը շնորհակալությամբ ընդունեց: Նրան անսովոր չէր` իր մատուցած ծառայությունների համար այս տեսակ «փեշքեշներ» ընդունել: Եթե չտայինք, նա մինչև անգամ պահանջելու անամոթություն կունենար: Մանավանդ փաշայի պատվի համար, որ մեզ հետ դրել էր իր ամենամոտ մարդիկներից մեկին, պետք էր նրան որևէ ընծա տալ: Բայց այդ տեսակ ընծաները տալիս են այն ժամանակ, երբ ծառայությունները վերջացրած են լինում: Չգիտեմ` ինչո՞ւ շտապեց Ասլանը: Երևի նրա համար, որ թուրք պաշտոնատարը չմտածեր, թե իր ընծան աննշան բան կլինի, այլ սկզբից ստանալով, ավելի եռանդով կկատարեր իր հանձն առած ծառայությունը: Երիտասարդը հենց նույն րոպեում սկսեց տեղավորել իր բաճկոնի վրա ստացած ընծան. շղթան երբեմն դեպի կուրծքի աջ կողմն էր տանում, երբեմն դեպի ձախ կողմն էր տանում և մեծ մտածության մեջ էր, թե ո՞ր կողմում ավելի գեղեցիկ կերևա: Նա դիմեց իմ խորհրդին, ես հայտնեցի իմ կարծիքը:
Ասլանը այդ միջոցին բարձրացել էր աշտարակներից մեկի գագաթի վրա և այն ահեղ բարձրությունից երկար լուռ և տխուր կերպով նայում էր դեպի իր շրջակայքը: Նրա դեմքը նույն րոպեում գունաթափ էր, աչքերի մեջ վառվում էր խորին տենդային կրակ, շրթունքները դողդողում էին, երևի սիրտը սոսկալի խռովության մեջ էր: Ես բոլորովին ապշած կերպով նայում էի նրա վրա...
Մենք ցած իջանք բերդից միևնույն քարե սանդուղքներով, որոնց մասին Ասլանը ասում էր, թե մի ժամանակ Գագիկ Արծրունին է տաշել տվել, բայց այժմ համարյա թե իսպառ մաշված էին: Բերդի ստորոտում, մեր ձիաները բռնած, սպասում էին մեր երկու ղավազները: Մենք հեծանք, սկսեցինք դիմել դեպի Թոփրակ-Կալե և մյուս հնությունները:
Դուրս գալով քաղաքից, երբ փոքր-ինչ հեռացանք, մեր շրջակայքում բացվեցան հիանալի տեսարաններ. մի կողմում երևում էր կանաչազարդ Այգեստանը, երևում էին և Վարագա կանաչազարդ լեռները, որոնց կուրծքի վրա, խորին ջերմեռանդությամբ գրկված, բազմել էր Վարագա գեղեցիկ վանքը: Մյուս կողմում, մանիշակագույն հայելիի նման, փայլում էր Վանա ծովակը: Այդ ձվաձև հայելին դրված էր հիանալի շրջանակի մեջ, որը բոլորում էր նրա գեղագրական եզերքը, մեղմ, ալիքավոր բարձրություններով, դրանք էին` Արտոս, Արնոս, Սիփան, Նեբրովթ և Գրգուռ լեռները, որոնց գոտիները չորեք կողմից սեղմել էին իրանց մեջ ջրի այդ մեծ ավազանը:
Կարծես այդ աշխարհում հեթանոսական և քրիստոնեական ժամանակների հիշատակարանները դեռ մինչև այսօր մրցություն էին անում միմյանց հետ: Մի կողմում, բևեռագրերով զարդարված փառավոր շինվածքներ ցույց էին տալիս ամենահին անցյալի վրա, մյուս կողմում, սփռված էինք տեսնում բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ: Այդ վանքերը դեռ շեն էին և լի բազմաթիվ կրոնավորներով: Իսկ նրանց կողքին, մենք գնում էինք տեսնելու մի հին, մոռացված մեհյանի տխուր ավերակները...
Վերջապես, հասանք Թոփրակ-Կալե: Այդ ավերակ բերդը ուրիշ անուններ ևս ունի. նա կոչվում է Ակռփու-քար և Զըմփ-զըմփ-մաղարա: Բայց այդ երեք անուներից և ոչ մեկը նրա նախնական անունը չէ. դրանք ստացվել են վերջին ժամանակներում: Ի՞նչպես էր կոչվում նա առաջ. ոչ ոք չգիտե, պատմությունը լռում է այդ մասին: Այդ բերդը մի ամբողջ քաղաք է եղել, որ այժմ ծածկվել է ահագին հողակույտերի ներքո: Հենց այդ է պատճառը, որ նրան թուրքերի բառերով կոչում են Թոփրակ-Կալե (հողաբերդ): Գուցե այդ անհայտացած քաղաքը այն կախարդված «Պղնձե քաղաքը» լիներ, որ մինչև այսօր վանեցոց ավանդությունների մեջ պահպանել է իր դժբախտ, առասպելական պատմությունը: Չար վհուկի դյութելով, ամբողջ քաղաքը իր պարիսպներով, տներով և բնակիչներով անշարժ պղինձ է դառնում: Ասլանը ասում էր ինձ, այդ ավանդությունը ճիշտ է միայն այն կողմից, որ եթե այդ հողակույտերի մեջ փորվածքներ անելու լինեն, մետաղյա բոլոր առարկաները կգտնեն պղնձից շինված, որովհետև այդ ավերակները պատկանում են պղնձե դարաշրջանին: Եվ իրավ, որպես պատմեց մեզ մեր առաջնորդը, այնտեղ գտել էին զանազան պղնձե զարդեր, պղնձե զենքեր, պղնձե տնային կարասիք և մինչև անգամ պղնձե մարդիկ:
Հնությունների ավերակները և մարդիկների գերեզմանները իմ վրա միշտ միևնույն տպավորությունն են գործել: Երկուսի մեջ ևս տեսնվում է դադարած կյանքը, երկուսն էլ հիշեցնում են անցյալը, որ մի ժամանակ ապրել են, գործել են և, ժամանակի հետ քսվելով, մաշվել ու մեռել են, թողնելով միայն կենդանի հիշատակներ: Մարդ, նայելով իր նախահարց գերեզմանների վրա, մի առանձին հպարտություն է զգում, երբ մտաբերում է, որ նրանք իրանց ժամանակի ամենալավ մարդիկն են եղել: Գերեզմանի մեջ անգամ նրանց փոշիները պահպանում են վաղեմի վեհությունը: Ավերակների փոշիների մեջ ևս ապրում է անցյալ մեծությունը, որ միևնույն հպարտությունը և միևնույն քաջալերությունն է ազդում ապագա սերունդի մեջ: Ավերակների փոշիներից է կազմված այն շաղախը, որ միացնում է ներկա սերունդի սրտերը նախահարց հետ:
Թոփրակ-Կալեի լեռան մեջ նույնպես գտնվում են շատ այրեր, քարանձավներ, ստորերկրյա անցքեր, որպիսիները տեսանք Շամիրամի բերդի մեջ: Դրանցից և ոչ մեկը բնական չէ, բոլորն էլ փորված են ամենաամուր ժայռերի մեջ, և նրանց այժմյան գեղեցկությունը բավական ապացույց է, թե որքան զարգացած է եղել այդ աշխարհում արհեստը: Այրերից միայն մեկի մեջ մտանք մենք, որ կոչվում է Զըմփ-զըմփ-մարաղա, այսինքն զըմփզըմփալով ձայն հանող այր: Ամենաթեթև ձայնը այդ քարանձավի մեջ զըմփզըմփալով արձագանք է տալիս: Ժայռի մեջ բացվում է մի մեծ մուտք, որը հարյուրավոր քարյա սանդուղքներով իջնում է դեպի լեռան խորքը: Քարի մեջ փորված երկու լուսամուտներ վերևից խիստ աղոտ լույս են ձգում այդ ստորերկրյա վիրապի մեջ: Քարյա սանդուղքի վերջին աստիճանի մի կողմում բացվում է մի ընդարձակ, քառակուսի այր, դա է, որ կոչվում է Զըմփ-զըմփ-մաղարա: Այդ այրի միջից մի առանձին անցք տանում է դեպի երկրի խորքերը. բայց ո՞ւր է գնում, ո՞րտեղ է վերջանում, աստված գիտե: Մեր առաջնորդը դարձյալ խոսում էր ստորերկրյա ապարանքների մասին. ժողովրդի ավանդությունը նույնն էր խոսում: Այդ բոլորը տեսնելով, ես պատրաստ էի հավատալ, որ այստեղ եղել է մի ստորերկրյա աշխարհ, և այդ անցքերը տանում են դեպի այն աշխարհը: Ասլանը այդ մասին ինձ ոչինչ չասաց. նա բոլորովին ուրիշ նպատակներով էր քննում այդ անցքերը: Նա ցանկանում էր ստուգել, թե ո՛րքան ուղիղ է այն կարծիքը, թե այդ ստորերկրյա անցքերը հաղորդակցություն ունեն քաղաքի մեջ գտնվող Շամիրամի բերդի հետ: Այդ էր պատճառը, որ մեզանից ոչ մեկը չհամարձակվեցավ Զըմփ-զըմփ-մաղարայից անցնել և առաջ գնալ, իսկ նա, վառելով իր հետ վերառած մոմապատը, շատ առաջ գնաց և վերադարձավ համարյա մեկ ժամից հետո:
Նա կկորչի, ասում էր ինձ մեր առաջնորդը նրա բացակայության ժամանակ:
Ինչո՞ւ, հարցրի ես:
Այնտեղ ջիններ (դևեր) են բնակվում. այնտեղ գնացող ադամորդին այլևս չէ վերադառնում:
Դուրս գալով այրից, մենք սկսեցինք դիմել դեպի լեռան գագաթը: Այնտեղ մեր առաջնորդը կամենում էր ցույց տալ մեզ Չարխի-Ֆալակի մուտքը: Դա նույնպիսի մի անցք էր, որպիսիները տեսել էինք մենք, և ուղիղ լեռան գագաթից իջնում էր դեպի նրա խորքերը: Վանեցի հայերի ավանդությունը այդ անցքի մասին շատ հրաշալիքներ է պատմում, որոնցից մեկը պատմեց մեզ մեր առաջնորդը: Ահա նրա խոսքերը. անցքը իջնում է մինչև Գայլ գետի ափերը, որը հոսում է լեռան ստորերկրայքում: Գետի սքանչելի եզերքը զարդարած են արմավենի ծառերով: Այնտեղ Բախտը արագ ձեռքով պտտեցնում է աշխարհի անիվը՝ Չարխի-Ֆալակը: Անիվի յուրաքանչյուր թևքի վրա Բախտը փորագրել է մի-մի գրություն: Այդ գրությունների յուրաքանչյուրը բովանդակում է իր մեջ մի գաղտնիք: Օրինակ, մեկը ցույց է տալիս, թև ինչպես պետք է գտնել թաքուցած գանձերը. մյուսը սովորեցնում է, թե ինչպես պետք է պատրաստել էլեքսիրը, որի միավորությամբ ամեն մետաղ ոսկի է դառնում. երրորդը ցույց է տալիս, թե որտեղ են գտնվում գոհարների լեռները, չորրորդը ուսուցանում է, թե ո՛րպես բժշկության մեջ պետք է գտնել անմահության կաթիլը, հինգերորդը տալիս է իշխանություն, թագավորություն, փառք, մի խոսքով, անիվի յուրաքանչյուր թևքի վրա արձանագրված է մի-մի թիլիսման մարդկային բախտավորության համար, որոնց դեռ մարդու հանճարը չէ հասել: Անիվը առանց կանգ առնելու անդադար պտտվում է: Նա կանգ է առնում տարվա մեջ մի անգամ միայն, այն ևս մեկ րոպեով: Այդ լինում է Համբարձման գիշերը, երբ երկինք ու գետինք գրկախառնվում են և համբուրվում են միմյանց հետ: Մարդիկ սպասում են հենց այդ րոպեին: Երբ հաջողվում է նրանց հասնել մինչև Չարխի-Ֆալակը, նրանք պետք է ձեռքում պատրաստ ունենան մոմից շինած թերթեր, որ անիվը կանգնելու րոպեում իսկույն կպցնեն նրա թևքի վրա: Խորհրդավոր թիլիսմաններից մեկը դրոշմվում է մոմի վրա, և մարդը ստանում է այն շնորհներից մեկը, որ Բախտը վիճակում է նրան: Բայց այդ շնորհներին խիստ հազիվ անգամ հասնում են մարդիկ, որովհետև նույն րոպեում, երբ անիվը կանգ է առնում, նրանց տիրում է խորին թմրություն, նրանք քնում են, և անողոք անիվը դարձյալ շարունակում է իր արագ պտույտը...
Մեզ մնում էր մի հնություն ևս տեսնել և մեր այնօրվա արշավանքը դրանով պետք էր վերջացած համարել, այդ էր` Մըհերի դուռը: Միևնույն ժայռի երկարաձիգ շարունակության վրա, ուր մենք տեսանք Չարխի-Ֆալակը, ժայռի արևմտյան կողմում, քարի ճակատը քառակուսի ձևով տաշված է: Քառակուսին իր ահագին շրջանակի ձևովը՝ դռան ճիշտ նմանություն ունի: Այդ դռան մակերևույթը, որ բավական խորն է ընկած, ամբողջապես ծածկված է բևեռագիրներով: Ժողովուրդը դրան կոչում է Մըհերի դուռ: Այստեղ է Վանա ամենաընդարձակ արձանագրությունը: Այդ քարեղեն դռան ետևում, ժողովրդի ավանդությամբ, իր ձիու հետ բանտարկված է Մըհեր անունով մի անձնավորության: Այնտեղ ժայռի սրտումը, մի քարայրի մեջ, արգելված է այդ սարսափելի հսկան: Մի օր նա կխորտակե իր շղթաները և, իր ձիու վրա նստած, դուրս կսլանա քարայրից, վրեժխնդիր կլինի իր թշնամիներին, և կմաքրե հայոց աշխարհը չարությունից...
Այսպիսի մի առասպել միայն հայ մարդու երևակայության ծնունդը կարող էր լինել: Նրա դարևոր աննախանձելի վիճակը ստեղծել է նրա համար մի այսպիսի հույս և ակնկալություն: Միհրը կամ ժողովրդի բարբառով Մըհերը, հայոց արեգակն է: Այդ ամենահին աստվածը բանտարկված է, և հայոց աշխարհում տիրում է խավարն ու չարությունը: Մի օր նա դուրս կգա իր արգելանից և կրկին լույս ու արդարություն կսփռե հայոց աշխարհում: Ժողովուրդը լեգենդական լեզվով ասում է այդ, ասում է և հավատում է իր ասածին, և` սպասում է...
Արդեն հայտնվել է Մըհերը... Բայց ժողովուրդը այդ չէ նկատում... ասաց ինձ Ասլանը, երբ ճանապարհին այդ ավանդության մասին սկսեցի խոսել նրա հետ:
Զ
ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ
Վերադառնալով Այգեստան, մենք վարպետ Փանոսին տանը չգտանք. նա մի օրով գնացել էր մերձակա գյուղորայքը: Ասլանը այդ մասին ոչինչ հարցուփորձ չարեց, երևում էր, որ նրան հայտնի էր, թե նա ուր կամ ինչ նպատակով էր գնացել: Գիշերը ես քնեցի սովորականից ավելի վաղ, որովհետև սաստիկ հոգնած էի: Բայց Ասլանը չքնեց, այլ երկար նստած, մի հաստ թղթի վրա ինչ-որ նկարում էր նա: Առավոտյան ինձ ցույց տվեց մեր տեսած բոլոր տեղերի պլանները: Ես ապշած մնացի: Զարմանալի հիշողություն ուներ այդ մարդը:
Այն առավոտ Ասլանը բավական լավ տրամադրության մեջ էր գտնվում. այդ պատահում էր նրա հետ այն ժամանակ միայն, երբ մի որևէ նպատակի հասնում էր: Նա սկսեց մինչև անգամ ինձ հետ հանաքներ անել: Սպիտակ կատուն, որ սովորաբար առավոտյան բոլոր տանեցիներից առաջ էր մտնում մեր սենյակը և ողջունում էր մեզ, այն առավոտ, հակառակի պես, առաջ ինձ մոտեցավ, քսքսվեցավ, մռմռաց և իր ճապուկ պոչով իմ երեսը շփելուց հետո մոտեցավ Ասլանին:
Հիմա նա էլ է քեզ մարդու տեղ դնում, Ֆարհատ, ասաց նա ժպտալով :
Ոչ միայն նա, պատասխանեցի ես նույնպես ժպտելով, այլ վարպետ Փանոսի ախոռատան ծառան ևս, երբ ինձ տեսնում է, ոտքի է կանգնում: Երեկ նա ինձ ասաց «աղա»:
Ասլանը նոր էր լվացվել և սանդրվում էր, նա սանդրը ձեռին կանգնեց իմ առաջ և ասաց.
Գիտե՞ս այսօր ուր պիտի գնանք:
Երևի դարձյալ պիտի գնանք ծակերի մեջը մտնելու…
Ոչ, պետք է գնանք նորին սրբազնության` առաջնորդի մոտ:
Նրա մասին շատ վատ են խոսում:
Այդ ես գիտեմ, և հենց այդ պատճառով պետք է տեսնել նրան:
Ասում են նա կատարյալ չարագործ է:
Երբեմն չարագործները շատ զորեղ գործիք են դառնում լավ մարդկանց ձեռքում: Պողոսը նույնպես մի չարագործ էր, բայց վերջը քրիստոնեությունը տարածողների մեջ ամենանշանավորը եղավ:
Իսկ Վասա՞կը:
Վասակը իր ժամանակին նույնպես ամենանշանավոր մարդն էր: Եթե բոլոր հայ նախարարների գլուխները թափ տալու լինեիր, նրա կեսի չափ խելք չէր դուրս գա:
Բայց նա չարագործ էր, նա մեծ վնասներ տվեց իր հայրենիքին:
Այդպես երևում է, որովհետև նրա պատմությունը գրողները նրա հակառակ կուսակցությանն էին պատկանում: Իսկ եթե նրա խորհուրդներին հետևելու լինեին, նա մեծ օգուտներ կարող էր հասցնել իր հայրենիքին:
Ես զարմացա Ասլանի դատողության վրա: Թեև հայոց պատմությունը չէի կարդացել, բայց Վասակի մասին շատ վատ բաներ էի լսել:
Ի՞նչ օգուտ պիտի հասցներ նա, պատասխանեցի ես փոքր-ինչ բարկացած կերպով: Սատանան երբեք հրեշտակ չի դառնա:
Ինչու չի դառնա, ասաց նա, ծիծաղելով իմ խռովության վրա: Սատանան հենց առաջուց հրեշտակ էր, բայց հանգամանքները նրան սատանա շինեցին: Վասակին պետք է հասկանալ, իսկ նրան հասկանալու համար պետք է լավ ուսումնասիրել հայոց պատմությունը: Դու մի վիճիր ինձ հետ, սիրելի Ֆարհատ, քեզ պետք է կարդալ, շատ կարդալ…
Նա մոտեցավ ինձ և ձեռքը դրեց իմ ուսի վրա:
Այդ միջոցին ներս մտավ վարպետ Փանոսի գործարանի աշակերտներից մեկը, հայտնեց, թե մի քանի մարդիկ ցանկանում էին տեսնվել Ասլանի հետ:
Նայեցեք` ի՞նչ մարդիկ են, խնդրեց ինձ Ասլանը, միայն մի փոքր սպասել տվեցեք, մինչև ես բոլորովին հագնվիմ:
Նրանք կսպասե՜ն... ասաց գործարանի աշակերտը խորամանկ ժպիտով, մինչև երեկո էլ կսպասեն… դեռ արևը չծագած եկել, նստել են բակի դռան մոտ և սպասում են...
Պետք է ասած, երբ քաղաքի հայ վաճառականները լսեցին, որ Ասլանը հնություններով հետաքրքրվում է, այլևս մեզ հանգստություն չէին տալիս: Ում տանը մի կոտրած խեցի կամ երկաթի կտոր կար, բերում էր, ցույց էր տալիս, և աշխատում էր մի քանի ոսկիներ կորզել: Դուրս գալով փողոցը, տեսա, որ հայ վաճառականներ էին, երեք հոգի, և կարգով նստած էին բակի դռան մոտ շինված հողեթումբի վրա, «տերողորմյա» էին քաշում ու խոսում էին միմյանց հետ երկրի գործերի վրա: Տեսնելով ինձ, բոլորը ոտքի կանգնեցին, որպես մի նշանավոր մարդու առջև և սկսեցին բարովել ինձ հետ, իմ առողջությունը հարցնել, կարծես թե վաղեմի բարեկամներ լինեին: Մեկը նրանցից ինձ կոչեց մինչև անգամ «աղա»: Վարպետ Փանոսի ախոռատան ծառայից հետո այդ երկրորդ անձն էր, որ այդպիսի տիտղոսով էր ինձ դիմում:
Ի՞նչ եք կամենում, հարցրի ես:
Նրանք փոխանակ պատասխանելու, սկսեցին դուրս հանել իրանց ծոցերից, գրպաններից զանազան իրեղեններ, որ փաթաթել էին շորի կտորների մեջ:
Ինձ ո՞ւր եք ցույց տալիս, ես խո գնողը չեմ:
Դու էլ որ տեսնես, մե՞ղք կլինի, աղա, ասաց նրանցից մեկը, որի ձեռքերի վրա երևում էին Երուսաղեմի ուխտավորի կապույտ նշաններ: Քո հոգուն մատաղ, աղա, մենք լսել ենք, որ քո մեկ խոսքը պարոն բժշկի մոտ երկու չի լինի...
Կամենում էր ասել, որ ես այն աստիճան մտերիմ եմ պարոն բժշկապետին, որ նա իմ մի անգամ ասածը կամ խնդրածը երբեք կրկնել չի տա: Բայց ինչո՞վ ես կարող էի օգտավետ լինել մահտեսուն, այդ էր գլխավոր խնդիրը: Նա հասկացրեց ինձ, ասելով.
Լսել ենք, պարոն բժշկապետը անթիքա բաներ է հավաքում. մենք բերել ենք պարոն բժշկապետի համար ա՛յնպիսի անթիքաներ, որ ողջ աշխարհում չի գտնվի, երբ որ կգնե, մենք քո լավությունն էլ չենք մոռանա… քեզ համար էլ մի բան դուրս կգա…
Իհարկե, դուրս կգա, կրկնեցին մյուս երկուսը համարյա թե միաձայն:
Ի՞նչ պետք է դուրս գա, հարցրի ես փոքր-ինչ վրդովված կերպով:
Չես իմանում... ասաց մահտեսին, ձեռքով կամաց իմ մեջքին բախելով, որ նրա փաղաքշանքի նշանն էր: Ի՞նչ պետք է դուրս գա, օրհնած, ահա դրանից…
Նա գլուխը խորհրդավոր կերպով շարժեց, մի խորամանկ ժպիտ երևաց բոլորովին սափրած երեսի վրա, ձախ աչքի կոպերը տըմփտըմփացրեց, ինձ աչքով արեց և, աջ ձեռքը մեկնելով, մի քանի անգամ ցուցամատի և բթամատի պտղուցները քսքսեց միմյանց հետ:
Անպիտանը աշխատում էր կաշառել ինձ, փող էր խոստանում: Նա ինձ ծառայի տեղ էր ընդունում և, սովորած լինելով ծառաների ձեռքով շատ բաներ շինել, կարծում էր, թե ես էլ կարող եմ նրան օգտավետ լինել: Եթե ես փոքր-ինչ հաճություն ցույց տայի, իհարկե, նրանք կտային ինձ մի ամբողջ ծրագիր, թե ինչ պիտի անեի, կամ ի՛նչ պիտի խոսեի պարոն բժշկապետի մոտ: Երբ անփորձ եվրոպացին հայտնվում է արևելքում և իր մոտ ունենում է տեղացիներից մի թարգման կամ ծառա, վաճառականները շատ լավ գիտեն, թե ինչպես պետք էր այդ ծառայի միջնորդությամբ կողոպտել եվրոպացուն:
Նրանց անպիտանությունը ինձ այն աստիճան զայրացրեց, որ կամենում էի բոլորվին էլ հեռացնել, պատասխանելով, որ պարոն բժշկապետը «անթիքաներ» չէ գնում, բայց զգուշացա, չիցե թե իմ վարմունքը Ասլանին անհաճո լիներ: Երեքին էլ ներս տարա:
Մտնելով Ասլանի սենյակը, երեքն էլ լռությամբ գլուխ տվեցին և ոտքի վրա կարգով շարվեցան դռան մոտ: Ասլանը այդ միջոցին, բոլորովին հագնված, նստել էր և ղահվե էր խմում: Նա իր սովորական քաղցրությամբ նայեց այցելուների վրա, ասելով.
Նստեցեք, խնդրեմ, և տեղ ցույց տվեց իրան շատ մոտ:
Նրանք անշարժ մնացին և սկսեցին անվճռական կերպով նայել միմյանց երեսին:
Նստեցեք, խնդրեմ, կրկնեց Ասլանը: Ինչո՞ւ եք կանգնած:
Ձեր սպասում, հարգելի բժշկապետ, ի՞նչպես կհամարձակվենք մենք նստել, պատասխանեց մահտեսին ողորմելի ձայնով և ամբողջ հասակով ավելի պինդ սեղմվեցավ պատի հետ: Մյուսներն էլ հետևեցին նրա օրինակին:
Ես խո փաշա չեմ, որ ինձ մոտ չհամարձակվեք նստել, ասաց Ասլանը ծիծաղելով:
Այդ ինչո՞ւ ես ասում, հարգելի բժշկապետ, այժմ պատասխանեց մահտեսու մոտ կանգնած կարճահասակ ծերունին: Դու մեզ համար փաշայից էլ մեծ ես, խոնթքարից էլ մեծ ես, դու մեր աչքի լույսն ես. աստված քեզ հազար տարի կյանք տա: Փաշան մեր հավատից չէ, իսկ դու թեև ֆրանկ ես, բայց մեր հավատիցն ես. մենք ամենքս միևնույն խաչն ենք պաշտում, միևնույն սրբերին ենք երկրպագում:
Եթե մի ուրիշը Ասլանի տեղ լիներ, կամ նրանց համեստությանը և կամ միամտությանը կվերաբերեր այդ բոլոր շողոքորթությունները: Բայց Ասլանը իսկույն հասկացավ, թե ինչ տեսակ մարդկանց հետ գործ ունի, և ոչինչ չցույց տալով, դարձյալ խնդրեց, որ նստեն:
Վերջապես խնայեցեք իմ երիտասարդությանը, ասաց նա, արժան չէ, որ դուք ձեր ճերմակ ալիքներով կանգնած մնաք իմ առջև. ես հարգում եմ ծերությունը:
Օրհնյա՜լ լինես, բացականչեցին երեքն էլ միաձայն և նստեցին ոչ թե Ասլանի ցույց տված տեղում, այլ հեռու, դռան մոտ:
Հարցնելով, թե ինչ նպատակով են եկել, Ասլանը խնդրեց, որ ցույց տան իրանց բերած իրեղենները: Մեկը քաղաքավարության համար երեսը շուռ տվեց դեպի պատը և երկու անգամ հազաց: Եթե այդ հազը նրանց մեջ մի պայմանական նշանակություն չլիներ, պետք էր, իրավ, վերին աստիճանի քաղաքավարություն համարել, որովհետև հազալու միջոցին նրա դեմքը խիստ ծիծաղելի և, միևնույն ժամանակ, զզվելի արտահայտություն ընդունեց: Իսկ մահտեսին պատասխանեց առաջին հազալուն երկու անգամ փռթկալով: Նա էլ քաղաքավարության համար իր անթարիի (հագուստի) դրոշակը բարձրացրեց և բերանը սրբեց: Երրորդը, երեսը խաչակնքելով, աստծուն փառք տվեց, ասելով, որ «խեր է»:
Մեր աշխարհում այսպիսի սովորություն կա, հարգելի բժշկապետ, դարձավ նա դեպի Ասլանը, երբ մեկը երկու անգամ փռշտում է, դա լավ նշան է: Հույս ունենք, որ ձեր օջախից խեր կտանենք:
Ի՞նչ օջախ, մտածում էի ես, կարծես վարպետ Փանոսի տունը մեր տունը լիներ:
Ես էլ հույս ունեմ.. պատասխանեց Ասլանը ծիծաղելով:
Նրա ծիծաղը բավական քաջալերեց նրանց, և հերթով մոտեցան, չոքեցին Ասլանի առջև, սկսեցին ցույց տալ իրանց «անթիքաները»: Նրանց մեջ կային զանազան իրեղեններ. հին դրամներ, կանանց տեսակ-տեսակ զարդեր, որպիսի են՝ ապարանջաններ, ականջի օղեր պղնձից շինված, հուլունքներ թափանցիկ, գունավոր քարերից շինված, զենքերի կտորներ, որպիսի են նիզակի և սլաքների ծայրեր, ահագին վահանի մի մասը, բոլորը պղնձից, և մի պղնձե ցուլի ամբողջ գլուխ, այլև կավից շինած փոքրիկ և մեծ անոթներ: Այդ բոլորը նրանք տեղավորել էին իրանց ծոցերում, գրպաններում և մինչև անգամ ֆեսերի վրա փաթաթած յազմաների մեջ: Բայց ամենահետաքրքրականը նրանց ցույց տալու ձևի մեջն էր: Սկզբից ցույց էին տալիս մի շատ չնչին բան և սկսում էին գովաբանել, երբ այդ չէր անցկենում, դուրս էին հանում նրանից լավը, երբ այդ էլ հավանություն չէր գտնում, դուրս էին բերում ավելի լավը, հավատացնելով, որ այլևս ոչինչ չունեն, երբ այդ էլ հավանություն չէր գտնում, այս անգամ ամենայն դժվարությամբ դուրս էին բերում, հագուստի մի տեղում թաքցրած մի այլ բան, և սկսում էին երդվել, որ ուրիշ ոչինչ չունեն: Իհարկե, նրանից հետո դուրս էին բերում շատ ուրիշ բաներ:
Ես կանգնած նայում էի և զարմանում էի Ասլանի համբերության վրա: Եթե ես նրա տեղը լինեի, երեքին էլ դուրս կվռնդեի, բայց նա ամենևին ցույց չէր տալիս, որ այդ խաբեբայությունները իր համար շատ զզվելի են: Վերջապես նա ընտրեց մի քանի իրեղեններ և խնդրեց, որ գնահատեն:
Մենք քեզանից մի՞թե փող պիտի առնենք, հարգելի բժշկապետ, պատասխանեցին նրանք զարմացած կերպով: - Եթե փողի վրա խոսելու լինենք, դրանք գին չունեն:
Ապա ի՞նչպես պետք է տաք, հարցրեց Ասլանը ոչ սակավ զարմանալով:
Այնպես, համեցեք, վեր առեք, հարգելի բժշկապետ: Մեզանից ի՞նչ կպակսի, եթե ձեզ այդ բոլորը փեշքեշ անենք, և դուք մեր երկրից մի լավ հիշատակ տանեք ձեզ հետ:
Շնորհակալ եմ, ես էլ գիտեմ, որ ձեզ ոչինչ չի պակասի, երևում է, որ դուք շատ հարուստ եք, բայց ես փեշքեշներ ընդունելու սովորություն չունեմ:
Ասիական վաճառականների սովորությունն է այդ, երբ մի բան գնելու լինես, նախ կասե. «Տար, փող մի տուր, թող քեզ ընծա լինի»: Իսկ երբ փող առաջարկես, սարսափելի գներ կպահանջեն: Նույնպես վարվեցան և մեր հայ վաճառականները:
Չե՞ք հավատում, հարգելի բժշկապետ, ասում էր մահտեսի Թորոսը, եթե չեք հավատում, հարցրեք խնամի Մկոյից, նա իր աչքով տեսավ, որ մի ընկլիս այդ ցուլի գլխին հիսուն կարմիր ոսկի տվեց, բայց ես չտվեցի: Այդպես չէ՞, խնամի Մկո:
Հոգիս վկա, ճշմարիտ է ասում, պատասխանեց խնամի Մկոն, ձեռքը տանելով դեպի կուրծքը և դնելով իր հոգու վրա:
Բայց որքան պետք էր հավատալ խնամի Մկոյի հոգուն, որը այդպիսի երդումների մեջ այնքան շատ էր գործածվել, որ բոլորովին մաշվել էր: Միայն ծիծաղելին այն էր, երբ Ասլանը վեր առեց մի քանի իրեղեններ, որոնք խնամի Մկոյին էին պատկանում, դա էլ իր կողմից վկա կանչեց մահտեսի Թորոսին, որ նա իր աչքով տեսել էր և իր ականջով լսել էր, որ մի ֆրանկ ահագին գումարներ էր առաջարկել, բայց նա չէր ընդունել:
Թող Երուսաղեմի սուրբ տաճարի մեջ իմ տեսած լույսը աչքերս կուրացնե, թող ես Քրիստոսի մեխ խփողներից մեկը լինեմ, եթե սուտ լինեմ ասում, պատասխանեց մահտեսի Թորոսը, ֆրանկը ահագին գումարներ առաջարկեց, բայց նա չընդունեց:
Ես մի հասարակ բժիշկ եմ, ես մեծ գումարներ չունեմ, ասաց Ասլանը, իր ընտրած իրեղենները նրանց հետ տալով:
Ինչո՞ւ եք նեղանում, հարգելի բժշկապետ, ձայն տվեցին երեք կողմից, խնդրում ենք, եթե կամենում եք, վեր առեք, ձեզանից ո՞վ է փող ուզում:
Ասլանը այս անգամ այլևս չկարողացավ զսպել իր անհամբերությունը և ասաց.
Չգիտեմ ի՛նչ անել ձեզ հետ, երբ կամենում եմ մի բան վեր առնել, ահագին փողեր եք պահանջում, իսկ երբ ցած եմ դնում, առաջարկում եք ձրի ընդունել:
Այժմ սկսեցին նրանք այլ լեզու բանեցնել, սկսեցին խեղճ ձևանալ, որ պարոն բժշկապետի կարեկցությունը դարձնեն իրանց վրա, ասելով. աղքատ ենք, ընտանիքի տեր ենք, «անօրենի» ձեռքում գերի ենք, մեր հույսը դրել ենք այդ իրեղենների վրա, այդ պատճառով ստիպված ենք այդպես էժան, շա՛տ էժան վաճառել: Նրանք մինչև անգամ ակնարկեցին, եթե գնող լիներ, ավելի մեծ ուրախությամբ պատրաստ կլինեին իրանց զավակները վաճառել և չզրկվել այնպիսի հազվագյուտ իրեղեններից, որոնց համար, եթե լավ «մուշտարի» պատահի, կարող են ահագին գումարներ ստանալ, միայն կարիքը և չքավորությունը ստիպում է նրանց վաճառել:
Ասլանը, այդ բոշաներից ազատվելու համար, ընտրեց մի քանի իրեղեններ և ձգեց նրանց մի քանի ոսկիներ, ասելով թե մյուսները իրան հարկավոր չեն: Նրանք վեր կացան և դարձյալ կարգով շարվեցան դռան մոտ և, երկար շնորհակալություններ և օրհնություններ թափելուց հետո փորձում էին հեռանալ, բայց մտածեցին և դարձյալ մեխված մնացին իրանց տեղում, ընդունելով մի այնպիսի կիսածիծաղ դեմք, որ ավելի լացի նախերգանքին էր նմանում:
Այլևս ի՞նչ ունեք ասելու, հարցրեց Ասլանը:
Ձեր ողջությունը... ի՜նչ պիտի ունենանք ասելու, պատասխանեցին և դարձյալ կանգնած մնացին իրանց տեղում:
Ես մի կերպով հասկացրի, թե չէ կարելի այդքան ձանձրացնել պարոն բժշկապետին: Մահտեսի Թորոսը փոխանակ հեռանալու, ձեռքը գողտուկ կերպով մեկնեց դեպի ինձ և դարձյալ ցուցամատի ու բթամատի պտղուցները սկսեց քսքսել միմյանց հետ: Վերջապես նրանցից մեկը հայտնեց, թե տանը ուրիշ շատ և ավելի լավ բաներ ունեն, կցանկանա՞ր պարոն բժշկապետը, որ բերեին, ցույց տային:
Դուք հավատացնում էիք, որ ուրիշ բաներ չունեք, նկատեց Ասլանը ծիծաղելով:
է՜հ հարգելի բժշկապետ, պատասխանեց մահտեսի Թորոսը գլուխը շարժելով և տակից աղվեսի նման նայելով Ասլանի երեսին, գիտե՞ք ինչ է ասում թուրքի առածը:
Չգիտեմ:
«Գայլի բույնից ոսկորը պակաս չի լինի»...
Այդ ես հասկանում եմ...
Կհրամայե՞ք, պարոն բժշկապետ, որ բերենք:
Բերեցեք:
Նրանք խորին կերպով գլուխ տվեցին և միմյանց բոթբոթելով դուրս եկան սենյակից: Ես գնացի նրանց ճանապարհ դնելու: Դրսում մահտեսի Թորոսը դրեց իմ ափի մեջ մի հատ հինգ ղուրուշանոց: Ես ահագին պղնձե դրամը խփեցի ուղիղ նրա ճակատին:
Օրհնա՜ծ, այդպիսի հանաքներ խո չեն անում, ժպտելով ասաց մահտեսի Թորոսը և, կռանալով, վեր առեց հինգ ղուրուշանոցը, դրեց իր գրպանում, ավելացնելով, շատ չա՜րն ես եղել...
Այդ մարդիկը ամեն մի վիրավորանք կատակի տեղ են ընդունում, որովհետև վիրավորանքին վիրավորանքով պատասխանելու ոչ քաջություն և ոչ անձնասիրություն ունեն: Բակում հեռվից տեսավ նրանց վարպետ Փանոսի մայրը և ձայն տվեց.
Համեցե՛ք, մահտեսի Թորոս, համեցե՛ք, խոջա Մկո, համեցեք խոջա Հակո, ո՞ւր եք այդպես գնում, առանց մի բան ուտելու, առանց մի բան խմելու:
Մահտեսի Թորոսը, խոջա Մկոն, խոջա Հակոն նախ շնորհակալությամբ մերժեցին պառավի հրավերքը, հայտնելով, որ շտապում են, բազարի ժամանակ է, շուկայում շատ գործեր ունեն, հետո, պառավի սիրտը չկոտրելու համար, ընդունեցին նրա հրավերքը և մտան նրա հետ գինիների մառանը:
Ես զարմացա. ովքե՞ր էին այդ մարդիկը, որ տանտիկինը այնպես հարգանքով էր վերաբերվում նրանց: Երբ հարցրի սպասավորից, որ ձեռքում նախաճաշիկ էր տանում մառանը, նա պատասխանեց.
Չե՞ք ճանաչում, մեր քաղաքի ամենահարուստ վաճառականներիցն են: Խոզն այնքան ճարպ չունի, որքան դրանք ոսկիներ ունեն:
Վերադառնալով սենյակը, Ասլանին սաստիկ վրդովված դրության մեջ գտա: «Ո՜րքան ցածություն... ո՜րքան ստորություն»... ասում էր նա և զայրացած կերպով անցուդարձ էր անում սենյակի մեջ:
Գիտե՞ս, այդ մարդիկը Վանի ամենահարուստ վաճառականներից էին, ասացի նրան:
Ես տարակույս չունեմ, որ ճշմարիտ է: Ասացեք խնդրեմ, դարձավ նա դեպի ինձ, ի՞նչ գաղափար կկազմեի ես հայերի մասին, եթե իսկապես եվրոպացի լինեի: Ահա այդ գարշելի արարածներն են, որ խայտառակում են ամբողջ ազգը, ահա դրանց հանդիպելով եվրոպացին հայոց ամբողջ ժողովրդի վրա վատ կարծիք է կազմում:
Նրա աչքը ընկավ իրեղենների վրա, որ գնել էր վաճառականներից, վեր առեց մի կողմը նետեց, ասելով.
Տարեք այդ դրամները մի տեղում կորցրեք:
Ինչո՞ւ:
Բոլորը կեղծ է:
Եվ դու չճանաչեցի՞ր սկզբում:
Ճանաչեցի, բայց դարձյալ գնեցի: Ես դիտմամբ ընտրեցի կեղծերը:
Դու թույլ տվեցիր, որ խաբե՞ն քեզ:
Այո, ես թույլ տվեցի, որ խաբեն ինձ:
Ինչո՞ւ, այդ ի՛նչ խելք է:
Որ նրանք կարծեն, թե ես հետաքրքրվում եմ միայն հնություններով, որ նրանք կարծեն, թե ես միամիտ եվրոպացի եմ, թեև վատ հնագետ եմ:
Ի՞նչ երկյուղ ունեիր նրանցից:
Եթե հասկանային, որ ես հայ եմ, իսկույն կգնային և, որտեղ հարկն է, կմատնեին ինձ:
Նրանք խոստացան նոր իրեղեններ ևս բերել, և դու կրկին պիտի ընդունե՞ս նրանց:
Կընդունեմ և դարձյալ կգնեմ:
Ես զարմանում էի, նա ո՞րտեղից այդքան փող ուներ:
Նա իր ոսկիները այնպիսի առատաձեռնությամբ էր շպրտում, որպես սոխի կեղևներ: