Raffi

Կայծեր

2 - ԺԳ, ԺԴ

ԺԳ

ԴՅՈՒԹԱԿԱՆ ԳԱՎԱԶԱՆԸ

Կեսօրից բավական անցել էր, երբ մենք հասանք Այգեստան. մարդիկ չէին երևում, փողոցները համարյա թե դատարկ էին: Դեռ շարունակվող տոթը քշել էր նրանց այգիների ու պարտեզների հովասուն ստվերների ներքո:

Անցնելով կարգով տնկած հովանավոր ուռիների և բարդի ծառերի տակից, մենք մտանք այն փողոցը, որտեղ գտնվում էր վարպետ Փանոսի տունը: Այստեղ ինչ-որ աղմուկ էր լսում: Հեռվից նշմարեցինք, փոշու ամպերի մեջ կորած, աղաղակելով, ճիչ բարձրացնելով, վազվզում էին մի խումբ երեխաներ: Երբ մոտեցանք, տեսարանը ավելի պարզվեցավ: Երեխաները հալածում էին մի պառավ կնոջ, որը նրանց առջևից փախչելով, երբեմն կանգ էր առնում, սպառնալիքներ էր կարդում, և երեխաները, այդ լսելով, նույնպես կանգ էին առնում, փոքր-ինչ հանգստանում էին, իսկ երբ պառավը շարունակում էր գնալ, փոքրիկ չարաճճիները կրկին աղաղակ էին բարձրացնում, շրջապատում էին նրան և նրա վրա խճի կտորներ էին նետում: Պառավի հետ կար և մի փոքրիկ աղջիկ: Ես իսկույն ճանաչեցի Հյուբբիին:

Կարծես երազ լիներ այդ, կամ տոթն ու հոգնածությունը այն աստիճան գրգռել էին իմ երևակայությունը, որ իմ աչքի առջև երևամ էին խաբուսիկ պատկերներ: Ո՞րտեղից հայտնվեցավ Հյուբբին: Իսկ նրանից անբաժան պառավը անպատճառ Սուսանը պետք է լիներ: Այո՛, հենց նա էր:

Հյուբբի՜ն... Սուսա՜նը... բացականչեցի ես զարմացած կերպով և դարձա դեպի Ասլանը:

Նրանք են… պատասխանեց նա մի այնպիսի ձայնով, որի մեջ լսվում էր և՛ ուրախություն, և՛ խորին մտատանջություն:

Երևում էր, որ Ասլանին ևս ոչ սակավ զարմացում պատճառեց նրանց անակնկալ հայտնվելը Այգեստանում: Դա առանց մի կարևոր պատճառի չէր լինի:

Մենք շտապեցրինք մեր ձիաներին: Երեխաները, որոնց թվում կային և մի քանի հասակավոր պատանիներ ևս, դեռ չէին դադարել նրանց չարչարելուց: Ես իսկույն հասկացա այդ ստահակների զվարճության նպատակը: Ես էլ նրանց նման շատ անգամ բոշա կանանց ետևից ընկած եմ եղել, երբ նրանք անց էին կենում մեր գյուղի միջով: Գաղտագողի կերպով մոտենում էի և կժմտում էի նրանց մարմնի միսը: Թե՛ ես և թե՛ իմ ընկերները հավատացած էինք, որ բոշա կնոջ մարմինը կախարդական զորություն ունի, և եթե նրա մարմինը մատներով կժմտենք, նույն զորությունը կհաղորդվի մեր ձեռքին, և մեր ձեռքը այնուհետև անխոցելի կլինի ամեն տեսակ զենքի առջև, որի հարվածները երբեք չեն ներգործի նրա վրա, և նա միշտ հաջողակ կլինի կռվի ժամանակ:

Մեր մոտենալը ամենևին չզսպեց անպատկառ ստահակների հիմարությունները: Երբ մեզ տեսան նրանք, կարծես մի տեսակ խրախույս ստացան և, հավաքվելով միասին, փորձեցին խմբով հարձակում գործել: Այդ միջոցին տեղի ունեցավ մի շատ սրտաշարժ տեսարան: Փոքրիկ Հյուբբին կանգ առեց, իր սպառնալից դեմքը դարձրեց դեպի խումբը և, ձեռքի թեթև գավազանը բարձրացնելով, ասաց.

Կանիծե՜մ, և դուք ամենքդ քար կդառնաք...

Ես չկարողացա առանց սոսկալու նայել նրա հրաբորբոք աչքերի բարկությանը: Փոքրիկ կախարդի սպառնալիքը այն աստիճան ահարկու էր, որ թեև երեխաները քար չդարձան, բայց բոլորովին անշարժ մնացին. աղմուկը դադարեց, և մի քանի րոպեից հետո բոլորը ցրիվ եկան և հեռացան:

Տեսնելով մեզ, պառավը և Հյուբբին ինչ-որ անծանոթ լեզվով խոսեցին միմյանց հետ: Հետո Հյուբբին, իր սովորական նազելի ժպիտը երեսին, մոտեցավ Ասլանին և իր ձեռքի փոքրիկ գավազանը բարձրացնելով, ասաց.

Գնի՛ր, պարոն, այդ գավազանը, դա դյութական զորություն ունի:

Ես քեզ կզրկեմ քո զենքից, փոքրիկ վհուկս, ասաց Ասլանը նույնպես ժպտալով:

Ես մի ուրիշը կշինեմ: Այդ ևս իմ շինածն է:

Ասլանը առեց նրա ձեռքից գավազանը և ընծայեց մի ոսկի: Փոքրիկ վհուկը գլուխ տվեց և շնորհակալությամբ հեռացավ: Մենք անցանք առանց ցույց տալու, որ ճանաչում ենք նրանց, և որպես նրանք ևս ցույց չտվին, թե ճանաչում են մեզ:

Հասնելով մեր իջևանը, վարպետ Փանոսին գտանք իր տան դռանը կանգնած: Նա մեզանից մի քանի ժամ առաջ էր վերադարձել Ավանց գյուղից: Երևում էր, որ նավաստին պատմել էր նրան մեզ հետ պատահած արկածները թե՛ ալեկոծության ժամանակ և թե՛ անապատում:

Լսեցի, լավ թրջվեցա՜ք, ասաց նա ծիծաղելով:

Վարդապետները ցամաքացրին մեզ, պատասխանեց Ասլանը նույնպես Ժպտալով:

Նա կանչեց իր աշակերտներին, հրամայեց, որ տեղավորեն մեր ձիաները: Մենք ներս մտանք:

Ասլանը և վարպետ Փանոսը խոսում էին վանքի մասին: Վարպետը հարցնում էր, թե ինչ տպավորություն գործեցին նրա վրա աբեղաները, նրանց կյանքը, նրանց սովորությունները և այլն: Իսկ ես նրանց չէի լսում: Իմ մտքից չէին դուրս գալիս Սուսանը և Հյուբբին: Երևում էր, որ Ասլանի վրա ևս նրանց անակնկալ հայտնվիլը խիստ ծանր տպավորություն գործեց: Այդ պատճառով խիստ կարճ պատասխաններ էր տալիս վարպետին և չէր ուզում խոսակցությունը երկարացնել, որպեսզի ինքը ժամանակ ունենա մտածելու Հյուբբիի և Սուսանի մասին: Անպատճառ մի բան պատահած պետք է լիներ, կամ շատ վատ, կամ շատ լավ: Բայց մինչև ստուգելը այդ գաղտնիքը բավական պիտի տանջեր թե՛ ինձ և՛ թե Ասլանին: Սուսանը ոչինչ չասաց Ասլանին: Գուցե նա ասաց, բայց ես չհասկացա: Ես զբաղված էի Հյուբբիով, այդ պատճառով նկատել չկարողացա, թե ինչ ակնարկություններ արին միմյանց հետ պառավը և Ասլանը: Ես տարակույս չունեի, որ նրանք շուտով չէին հեռանա մեր բնակարանի շրջակայքից, և մենք գուցե մի քանի անգամ կհանդիպեինք նրանց: Բայց հիմա ո՞ւր գնացին նրանք: Խորհրդավոր գավազանը Ասլանին հանձնելուց հետո նրանք շտապով հեռացան և մի քանի րոպեում անհայտացան մյուս նեղ փողոցի մեջ, որ տանում էր դեպի գերեզմանատունը: Երևի, այնտեղ էր նրանց օթևանը, մեռելների մոտ: Կենդանի մարդիկ այդ թշվառներին իրանց բնակարաններում տեղ չեն տալիս: Խորշում են բոշաներից...

Բայց ո՜րքան ուրախացավ Հյուբբին, երբ տեսավ մեզ: Ես չէի կարողանում մոռանալ այն սիրուն ժպիտը, որ երևաց նրա արևակեզ, սևացած դեմքի վրա: Բայց ինչո՞ւ էր այժմ նա այնպես վատ հագնված: Նա այլևս այն գույնզգույն, խայտաճամուկ հագուստը չուներ, որ տեսել էի նրա վրա Ս. Տիրամոր տոնախմբության ժամանակ: Խե՜ղճ աղջիկ, թափառական կյանքը նրա վրա ևս արել էր իր դժբախտ ազդեցությունը: Հագուստը բոլորովին մաշված էր. մաշված էին և փոքրիկ տրեխները, որ կապել էր իր առանց գուլպա ոտներին: Երևում էր, որ շատ հեռու տեղից էին եկել:

Պառավը ավելի խոժոռադեմ և զայրացած երևաց ինձ: Երեխաների միամիտ վարմունքը չէր կարող այնպես վրդովեցնել նրան: ՈՒրեմն, այլևս ի՞նչ պատճառ կարող էր ունենալ: Ես այդ պառավին միշտ տխրադեմ և թախծալի էի տեսել, բայց զայրացած, ոչ երբեք: Նրա սրտի վրա ծանրացած էր մի ցավ, մի դառն կսկիծ, որ միշտ տանջում էր նրան: Սկսյալ այն օրից, որ ես առաջին անգամ տեսա այդ պառավին արաբական մինարեթի մոտ, ամայի ավերակների մեջ, այդ թշվառ կինը խիստ տխուր տպավորություն էր թողել իմ վրա, որ ավելի նման էր կարեկցության և ցավակցության, և ես պատրաստ կլինեի բաժանել նրա ցավերը, եթե նա իր սրտի գաղտնիքը հայտնելու լիներ ինձ: Բայց ի՞նչ կար նրա սրտում. ի՞նչ էր պատճառը, որ նա այդպես թափառում էր երկրե-երկիր և, որպես ստվեր, չէր բաժանվում Ասլանից ու նրա ընկերների ետևից...

Մենք ման էինք գալիս պարտեզում, վարպետ Փանոսը դեռ շարունակում էր իր հարցուփորձը վանքի և անապատականների մասին: Ասլանի ուշադրությունը դարձած էր դեպի իր ձեռքի դյութական գավազանը, որը, ինչպես հավատացրեց Հյուբբին, նրա արհեստի արդյունքն էր: Բայց հազիվ թե նա կարող կլիներ մի այնպիսի գեղեցիկ բան շինել: Գավազանը սև օձի նմանություն ուներ, և սև ներկի տակից խիստ ճիշտ կերպով նկարվում էին այդ սողունի բոլոր թեփուկները, գլուխը, աչքերը, բերանը, լեզուն և այլն:

Այդ ի՞նչ բան է, հարցրեց վարպետը, ինքն ևս ուշադրություն դարձնելով: Կարծես Մովսես մարգարեի գավազանը լինի, երևի վարդապետներից ընծա ստացաք:

Ոչ, մի բոշա աղջիկից գնեցի, ասաց Ասլանը:

Այն փոքրիկ աղջիկի՞ց, որ մի պառավի հետ ման է գալիս:

Հենց նրանից:

Զարմանալի՜ աղջիկ է: Կես ժամ առաջ մեր բակումն էր: Հարևան կանայքը հավաքվել էին նրա շուրջը, և նրանց համար գուշակություններ էր անում: Ես բոլորովին հիացած մնացի նրա սրամտության վրա:

Ձեր մասին գուշակել չտվեցի՞ք:

Տվեցի, բայց նա նայեց իմ երեսին ու ասաց. «Դուք թերահավատությամբ եք դիմում ոգիների դստերը. նա ձեզ համար գուշակել չէ կարող»: Նա իրան ոգիների դուստր էր կոչում:

Եվ իրավ, դուք չե՞ք հավատում:

Չեմ հավատում: Բայց զարմանալին այն է, թե ի՞նչպես նա հասկացավ, որ ես չեմ հավատում:

Այդ շատ հեշտ էր հասկանալ:

Այդ միջոցին վարպետ Փանոսին կանչեցին իր գործարանը, մենք բաժանվեցանք նրանից, գնացինք մեզ համար պատրաստած սենյակը: Ասլանը իսկույն դուռը ներսից կողպեց, մոտեցավ լուսամուտին, մի քանի րոպե հետաքրքրությամբ նայում էր դյութական գավազանի վրա: Հետո նա կամաց սեղմեց օձի գլուխը, որ հեշտությամբ բաժանվեցավ մարմնից: Այդ միջոցին նա դուրս քաշեց օձի փորից մի երկար թղթի փաթոթ, որի վրա համարյա սպիտակ տեղ չկար, ամբողջապես ծածկված էր գրություններով: Այդ գրությունները նմանում էին այն թիլիսմանական ծածկագրություններին, որ պատրաստում են ջադուկները, և կանայք, գնելով նրանցից, ամփոփում են արծաթյա փոքրիկ խողովակների մեջ և քարշ են տալիս իրանց պարանոցից: Իսկ տղամարդիկ իրանց գավազանի փողի մեջ են դնում, հաջող ճանապարհորդություն ունենալու համար:

Բայց Հյուբբիի դյութական գավազանի փողի մեջ դրած թուղթը ոչինչ հաջողություն չէր խոստանում, որովհետև ես իսկույն նկատեցի, որ նրա կարդալու միջոցին Ասլանը բոլորովին գունաթափվեցավ: Կարդալուց հետո նա այրեց թուղթը: Երբ որ այրում էր, դա արդեն պարզ նշան էր, որ բովանդակությունը կասկածավոր է:

Մենք մատնված ենք... ասաց նա բավական վրդովված ձայնով: Ես սարսափեցա: Նա ինձ հանգստացրեց, ավելացնելով.

Այդ ոչինչ... ես այդ սպասում էի…

Մենք պետք է շտապենք իսկույն հեռանալ այստեղից, ասեցի ես:

Երբե՛ք, պատասխանեց նա վճռական ձայնով: Մեր փախուստը ավելի կասկածավոր կդարձնե մեզ:

Մեզ կարող են կալանավորել:

Հազիվ թե: Միայն ինձ հարկավոր է այսօր անպատճառ տեսնվել մեկի հետ...

Այդ առաջին անգամն էր, որ Ասլանը հայտնեց ինձ մի գաղտնիք, գուցե նրա համար, որ զգույշ լինեմ: Բայց վարպետ Փանոսին այդ մասին ոչինչ չասաց: Այդ ինձ շատ զարմացնում էր: Երևում էր, որ այդ մարդիկ իրանց ծանոթներին և մինչև անգամ մտերիմներին ամեն ինչ հայտնում էին մի որոշ չափով, որքան հարկավոր էր, որ նա գիտենար, իսկ ավելին իրանց մոտ էին պահում:

Այնօր Ասլանը դուրս չեկավ տանից, այլ, առանձնացած իր սենյակում, զբաղված էր ինչ-որ գրություններով: Ես էլ նրան չխանգարելու համար բոլորովին միայնակ թողեցի, գնացի պարտեզը և քնեցի կանաչ խոտերի վրա, շլորենու ստվերի ներքո: Երբ զարթնեցի, իսկույն գնացի նրա մոտ: Նա դեռ նոր էր վերջացրել իր գործը:

Երեկոյան պահուն նա հարցրեց վարպետ Փանոսից.

Կարծեմ ձեր քաղաքում պետք է լինի մի մուսուլցի հայ վաճառական:

Երևի խոջա Թորոսի մասին եք հարցնում, որ թումաջի (սաֆիանի) վաճառականություն է անում:

Այո՛, խոջա Թորոսի մասին: Ո՞րտեղ կարելի է տեսնել նրան:

Թեոս ախպոր սրճարանը: Նա համարյա ամեն երեկո այնտեղ է լինում: Ի՞նչ կա:

Ոչինչ: Նրա անունով հանձնարարական նամակ ունեմ, պետք է խնդրել, որ մի ապահով քարավանի հետ ինձ ճանապարհ դնե դեպի Մուսուլ:

Այդպես շուտ գնո՞ւմ եք:

Գուցե մի քանի օրից հետո: Բայց պետք է նա առաջուց գիտենա, որ ինձ համար գրաստներ վարձե:

Թեոս ախպոր սրճատունը գտնվում էր ոչ թե Այգեստանում, այլ քաղաքում: Վարպետ Փանոսը ցույց տվեց բոլոր նշանները, թե ո՛ր կողմում, ո՛ր փողոցում, ո՛ր տան մոտ է սրճարանը, և ավելացրեց, եթե մուսուլցի կաշեվաճառը այնտեղ չլինի, բավական է միայն հայտնել սրճանոցի տիրոջը, նա շատ լավ մարդ է, և իսկույն կանչել կտա, որովհետև մուսուլցին նույն սրճատանը կից պանդոկումն է կենում:

Կկամենայի՞ք, որ ձիաները պատրաստեին:

Ոչ, ես ոտով կգնամ, ասաց Ասլանը:

Ավելի լավ չէ՞ լինի, որ թողնեիք առավոտյան: Գիշերով ով գիտե, ինչ կարող է պատահել:

Ավելի հարմար է գիշերը: Միայն ինձ հարկավոր է փոխել հագուստս, որովհետև ես չէի ցանկանա, որ այնպիսի տեղերում, ինչպես են ձեր քաղաքի սրճատները, ինձ ճանաչեին:

Ասլանը փոխեց հագուստը, գլխին ֆես դրեց, ծածկվեցավ Վանա լայն աբայով: Ես նույնպես հագուստս փոխեցի, հետո ճանապարհ ընկանք:

Գիշերը չե՞ք վերադառնալու, հարցրեց վարպետ Փանոսը:

Շատ կարելի է, պատասխանեց Ասլանը:

Արևը մտել էր, մութը բոլորովին պատել էր Այգեստանի մռայլ փողոցները: Ճանապարհին Ասլանը հարցրեց.

Դու որևիցե զենք առեցի՞ր քեզ հետ:

Առեցի:

Բավական հեռացել էինք վարպետ Փանոսի տնից, երբ Ասլանը թողեց գլխավոր փողոցը, որ տանում էր դեպի քաղաքը, շեղվեցավ ճանապարհից և մտավ մի անծանոթ նեղ փողոց: Այստեղ տներ չկային, որովհետև ոչ շների ձայն էր լսվում և ոչ ճրագի լույս էր երևում: Երկու կողմից ևս ձգվում էին այգիների անվերջանալի պատերը: Երկար գնում էինք, և ես չգիտեի, թե ուր ենք գնում: Վերջապես դուրս եկանք այգիների լաբիրինթոսից, այժմ մեր առջև տարածվում էին ընդարձակ, մշակված դաշտեր: Ետ ընկած լուսինը նոր երևաց հորիզոնի վրա:

Հեռվից լսվում էր հնձվորի տխուր թախծալի երգը և մանգաղի ներդաշնակ հնչյունը: Այնտեղ մշակները աշխատում էին: Ցերեկվա տոթը այն աստիճան տոչորում է, ցամաքեցնում է հասունացած արտերը, որ հնձելու միջոցին հասկերից հատիկները թափվում են: Այդ պատճառով հնձում էին այժմ, որովհետև գիշերային խոնավությունից արտերը ավելի տամկանում են, և հասկերից հատիկները վայր չեն թափվում:

Այն ժամանակ միայն ես հասկացա, թե՛ որտեղ ենք գտնվում, երբ հեռվից նշմարվեցան գերեզմանատան բարձր խաչքարերը: Լուսնկայի աղոտ լույսով այդ լուռ, անբարբառ արձանները նկարվում էին որպես մի-մի հսկաներ, որոնք, հետզհետե աճելով և ընկղմվելով գիշերային խավարի մեջ, ներկայացնում էին ուրվականների մի խառն բազմություն, որոնք, կարծես, հենց նոր էին դուրս եկել իրանց մթին հանգստարաններից:

Ամեն ինչ լուռ էր,. ամենուրեք տիրում էր լուսնային գիշերի մոխրագույն խավարը: Միայն գերեզմանատան մի հեռու անկյունում երևում էր ծիրանեգույն լույս: Սնահավատներից ոչ ոք չէր համարձակվի մոտենալ այդ լույսին, որը այնպիսի տպավորություն էր գործում, կարծես թե դուրս էր ցոլանում մի որևիցե նահատակի գերեզմանից: Բայց Ասլանը ուղիղ դիմում էր դեպի այդ լույսը: Ես տհաճությամբ գնում էի նրա ետևից: Բայց իմ տհաճությունը իսկույն փարատվեցավ, երբ մոտեցամք, և բոցերի միջից, որպես մի երկայն Քերովբեի դեմք, երևաց Հյուբբիի սիրուն դեմքը: Պառավը, նստած գետնի վրա, թիկն տված մի տապանաքարի, գլուխը տխրությամբ խոնարհեցրած, խորին մտահոգության մեջ՝ նայում էր կրակի վրա: Հյուբբին իր հավաքած մացառներով բորբոքում էր կրակը: Երբ պառավը լսեց մեր ոտնաձայնը, գլուխը վեր բարձրացրեց, նայեց իր շուրջը: Իսկ Հյուբբին կանգնեց, և նույն րոպեում լսելի եղավ նրա սուր, մետաղական ձայնը.

Մի մոտենա՜ք...

Ասլանը հեռվից ինչ-որ պատասխանեց:

Հյուբբին առաջ վազեց, ընկավ նրա գիրկը:

Ես կրկին ետ բերեցի քո դյութական գավազանը, Հյուբբի, ասաց Ասլանը՝ համբուրելով նրան:

Ես էլ այդ պայմանով էի տվել քեզ, ասաց Հյուբբին, մի առանձին ուրախությամբ նրա ձեռքից առնելով իր ավանդը:

Պառավը լռությամբ կանգնեց, վեր առեց իր ճանապարհորդական պարկը, որ դրած էր տապանաքարի վրա, կապեց մեջքին, վեր առեց իր ցուպը և մոտեցավ Ասլանին:

Նրանք մի կողմ առանձնացած, երկար խոսում էին միմյանց հետ: Այդ միջոցին Հյուբբին մոտեցավ ինձ: Ես հարցրի.

Ճանաչո՞ւմ ես ինձ:

Ճանաչում եմ, ինչպես չեմ ճանաչում:

Այս գիշեր այստե՞ղ պիտի մնաք:

Ոչ, մենք սպասում էինք Ասլանին. հիմա պիտի գնանք:

Ո՞ւր պիտի գնաք:

Այդ մայրիկը գիտե...

Խորամանկը չուզեց ինձ հետ անկեղծ լինել: Իմ կատարած դերը իմ ընկերների գործողությունների մեջ՝ սաստիկ ծիծաղելի էր: Ինձ վիճակված էր միշտ գործ ունենալ մանրների հետ, իսկ այդ մանրիկներն անգամ ինձանից շատ բան թաքցնում էին:

Հյուբբին իր փոքրիկ մատիկներով զննում էր գավազանի գլուխը, փորձելու համար, արդյոք լավ էր ամրացրած, թե ոչ:

Ի՞նչ կա դրա մեջ, հարցրի նրանից:

Ի՞նչ պետք է լինի, ոչինչ չկա, պատասխանեց նա:

Ես հավատացած էի, որ այդ սև օձը կրում էր իր փորում պատասխանը այն թղթի, որ այսօր Ասլանը իմ աչքի առջև դուրս հանեց նրա փորից, կարդաց, հետո այրեց: Ես հավատացած էի, որ Հյուբբին գիտեր, այդ, բայց նա ինձ ոչինչ չասաց:

Ի՞նչ կանեիր, եթե այդ գավազանը ճանապարհին խլեին քո ձեռքից, հարցրի նրանից:

Ո՞վ կարող է խլել, պատասխանեց նա ինքնավստահ ժպիտով, ես նրան իսկույն կթունավորեի: Չե՞ ս իմանում ախար դա կծում է, նայի՛ր:

Նա մատներով հուպ տվեց օձի պարանոցը և, իրավ, նա սկսեց իր լայն բերանը բացուխուփ անել և սլաքի նման լեզուն շարժել: Եթե ես չգիտենայի, թե դա արհեստական է, ինձ վրա ևս սոսկալի տպավորություն կգործեր, ուր մնաց միամիտ անձանց, որոնք մի առանձին սնահավատությամբ են վերաբերվում դեպի օձերի և թովիչների գործողությունները:

Ասլանը, վերջացնելով իր խոսակցությունը պառավի հետ, մոտեցավ Հյուբբիին, դարձյալ գրկեց նրան, համբուրեց և խիստ զգացված ձայնով ասաց.

Գնացե՜ք բարյավ... Տեր ընդ ձեզ...

Մնա՜ք բարյավ... ասաց Հյուբբին և միացավ պառավի հետ:

Մենք բաժանվեցանք: Բայց այդ բաժանումը այնքան սրտաշարժ էր և զգալի, որ ես չկարողացա զսպել իմ արտասուքը: Ասլանը նույնպես շատ հուզված էր: Կրակի մոտ կանգնած, երկար նայում էինք այդ գիշերային ուղևորների ետևից, մինչև նրանք բոլորովին անհետացան խավարի մեջ: Խե՜ղճ աղջիկ... Խե՜ղճ պառավ, ինչի՞ համար էր այդ անձնազոհաթյունը... ո՞րպիսի ճակատագրական մռայլ խորհուրդ ստիպում էր հանձն առնել մի այդպիսի մռայլ գործ, որ թաքնված էր մթության մեջ... Այն ի՞նչ գերբնական զորություն էր, որ առաջնորդում էր մի զառամյալ կնոջ և մի դեռահաս աղջկա՝ անցնել ամեն փորձանքների, ամեն դժվարությունների միջից և կուրորեն դիմել դեպի մի անհայտ նպատակ...

ԺԴ

ԹԵՈՍ ԱԽՊՈՐ ՍՐՃԱՏՈՒՆԸ

Վանա սրճատները բացվում են արևի լույսի հետ և փակվում են արևը մայր մտնելու հետ: Գիշերը ամեն կյանք, ամեն գործողություն դադարում է այստեղ: Մարդիկ տնից դուրս չեն գալիս, որ չհանդիպեն ոստիկանության կամայականությանը: Դատարկ փողոցներում թափառում են միայն գողերը ու նրանց ընկեր գիշերապահները:

Անհնարին կլիներ մի ուրիշ ժամանակ, գիշերվա այն ժամին, մեր որոնած սրճատունը բաց գտնել, եթե ռամազանի ամիսը չլիներ: Այդ ամսում մահմեդականների համար ցերեկը գիշեր է դառնում, իսկ գիշերը` ցերեկ: Ամբողջ օրը օրուջ (ծոմ) պահելով, նրանք օրվա մեծ մասը քնով են անցկացնում, իսկ գիշերը արթուն են մնում ուտելու և աղոթելու համար: Երբ մտանք քաղաքը, հացթուխների, խոհարարների և նպարավաճառների խանութներից շատերը դեռ բաց էին: Փողոցներից նրանք միայն փոքր ի շատե լուսավորված էին, որտեղ այս տեսակ խանութներ կային: Կրպակների ճրագի լույսը տարածվում էր և փողոցի մեջ: Մարդիկ դեռ անցուդարձ էին անում: Ոմանք դիմում էին դեպի մեչիդները, իսկ ոմանք` հարևանների մոտ, գիշերը անցկացնելու համար` ուտելով և հոգևոր զրույցներով: Հարուստները այդ գիշերներում իրանց սեղանի շուրջը հավաքում են աղքատ դրացիներին: Տարվա մեջ մի ամբողջ ամիս մահմեդականը ողորմած և ջերմեռանդ է դառնում:

Երևում էր, որ Ասլանին անծանոթ չէր Թեոս ախպոր սրճատունը. նա առանց հարցուփորձ անելու ուղիղ դիմում էր դեպի այն կողմը: Երբ հասանք, նա անցավ սրճատան ետևի կողմը և սկսեց բախել մի փոքրիկ դուռ, որ շուտով բաց արին: Մենք ներս մտանք:

Կարելի՞ է տեսնել Թեոս ախպորը, հարցրեց Ալանը դուռը բաց անող ծառայից:

Նա սրճատանն է, պատասխանեց ծառան:

Կանչեցեք այստեղ: Ասացեք, մի պարոն ձեզ հետ գործ ունի:

Իսկ ձեր անո՞ւնը:

Իմ անունը ձեզ հարկավոր չէ, դուք միայն կանչեցեք, նա կգա:

Ծառան մրթմրթալով հեռացավ: Մենք փոքրիկ բակում սպասում էինք: Քանի րոպեից հետո ճրագը ձեռին հայտնվեցավ Թեոս ախպերը, որ նախ մի քննողական հայացք ձգեց Ասլանի երեսին, մի քանի վայրկյան նայեց նրա վրա, հետո ասաց.

Խնդրեմ, ներս համեցեք:

Նա տարավ մեզ մի մաքուր սենյակ, որը կահավորված էր կիսաարևելյան և կիսաեվրոպական ճաշակով: Պատերի մոտ դրած էին երկար թախտեր, պատած գեղեցիկ գորգերով ու բարձերով, իսկ մեջտեղում` մի բոլորակ սեղան, որի վրա նա դրեց իր ձեռքի ճրագը:

Ի՞նչ կկամենայիք, հարցրեց նա մի այնպիսի եղանակով, որպես հյուրանոցի տերը դիմում է իր այցելվին:

Տվեցեք խմելու մի բան, ասաց Ասլանը:

Նա դուրս եկավ և մի քանի րոպեից հետո վերադարձավ, բերելով երկու շիշ գինի և երկու բաժակներ, որ գլխարկի նման անց էր կացրել շիշերի գլխին, դրեց սեղանի վրա, ասելով.

Բաղեշու գինի է, մնաց մեկ շիշ միայն, այն էլ, եթե հանգուցյալ հայրս գերեզմանից դուրս գա, խնդրե, չեմ տա, ինձ համար եմ պահել:

Դուք ամեն լավ բան ձեզ համար եք պահում, Թեոս ախպեր, ասաց Ասլանը ծիծաղելով:

Ապա ի՞նչ անեմ, «մարգարեն առաջ իր հոգու համար է աղոթում», պատասխանեց նա թուրքի առածով, հետո բաժակները առանձին-առանձին վեր առեց և, նրանց մաքրությունը փորձելու համար, բռնեց ճրագի լույսի առջև, նայեց և, գոհ չմնալով, առեց իր ուսի վրայից անձեռոցիկը, սկսեց նորից սրբել:

Թեոս ախպոր վարվողությունը Ասլանի հետ` ոչ պանդոկատիրոջ հաճոյամոլության էր նմանում, որ աշխատում է գոհացնել իր այցելվին, նրա գրպանները դատարկնլու համար, և ոչ տանտիրոջ վարվողություն էր, որ աշխատում է պատվել իր պատահական հյուրին, որ նա շնորհակալությամբ հեռանա: Նրանց մեջ երևում էր ինչ-որ մտերմություն, թեև սրճանոց պահողները առհասարակ քաղաքավարի են լինում իրանց հաճախորդների հետ, որպես քահանան իր ժամասեր ծուխի հետ:

Ասլանը ածեց բաժակները. գինին Թեոսի գովածից ավելի ազնիվ էր: Երբ նա նկատեց, որ մենք գոհ մնացինք, դրեց սեղանի վրա և մի կտոր ապխտած միս, խորհուրդ տալով միասին ճաշակել, ասելով, թե այնպես ավելի համով է լինում գինին:

Թեոս ախպերը փոքրիկ մարդ էր, կարճահասակ, գորշ և մելամաղձոտ դեմքով, սուր և թափանցող աչքերով: Նրա մեջքի հազիվ նշմարելի սապատը ամենևին չէր խանգարի կազմվածքի բարեձևությունը, եթե գլուխը չափազանց խորն ընկած չլիներ ուսերի մեջ: Բայց այդ ահագին գլուխը իր լայն ճակատով և ալեխառն, գանգուր մազերով, եթե դրված լիներ մի բարձր հասակի վրա, անտարակույս, Թեոս ախպերը աշխարհի գեղեցիկ տղամարդերից մեկը կլիներ: Ինչպես վանեցի, նա դեռ իր պատանեկության հասակում գնաց Կ, Պոլիս իր բախտը փորձելու: (Հազիվ կարելի է գտնել մի վանեցի, որ իր կյանքում մի քանի անգամ Պոլիս գնացած չլինի): Նա շատ գործերի ձեռք զարկեց, բայց ոչինչ բանում չհաջողվեց նրան: Եթե նրա մարմինը բնական պակասություններ չունենար, եթե նա ուժեղ մարդ լիներ, կարող էր իր հայրենակիցների և այլ հայաստանցիների նման Պոլսում համալության (բեռնակրություն) անել, ղայըղջի (նավաստի) լինել, թուլումբաջիների (հրդեհաշեջների) մեջ մտնել և, վերջապես, էյվազ (տան սպասավոր) լինել: Իսկ այդ վերջին ծառայության համար հարկավոր էր վայելչահասակ լինել և, պարաններին ու տիկիններին դյուր գալու համար, սիրուն դեմք ունենալ, որոնցից զուրկ էր Թեոս ախպերը: Միակ գործը, որի մեջ նա փոքր ի շատե հաջողություն գտավ, էր մի սրճատան մեջ ղահվե եփողի օգնականի պաշտոն գտնել: Այստեղ նա հազիվ կարողացավ այնքան փող վաստակել, որ ճանապարհի ծախք ունեցավ իր հայրենիքը վերադառնալու: Թեև նա վերադարձավ դատարկ քսակով, բայց պանդխտության դառն փորձերի մեջ խրատված, շատ բան տեսած, շատ բան սովորած և շատ բաներից ևս հրաժարված վերադարձավ...

Թեոս ախպերը երկար չմնաց մեզ մոտ, շտապեց սրճատունը՝ իր մյուս հաճախորդներին ևս գոհացնելու համար: Այդ միջոցին սենյակի մեջ բացվեցավ մի դուռ և այնտեղից ներս վազեց մի երեխա, որը, մեզ տեսնելով, մի քանի քայլ հեռավորության վրա կանգնեց և, մի քանի վայրկյան զարմացած կերպով նայելով մեզ վրա, կրկին նույն դռնով դուրս փախավ, ճչալով.

Ես հիմա լավ եմ, պարոն բժշկապետ, էլ դեղ չեմ խմի:

Ես հասկացա, որ Ասլանը այդ տան մեջ օտար չէր:

Դու ճանաչվեցար, ասացի նրան, փոքրիկը ճանաչեց քեզ:

Վնաս չունի, նա խելացի երեխա է, նա ինձ չի մատնի, պատասխանեց նա իր շուրջը նայելով: Երևի մեկին սպասում էր:

Ես Ասլանին միայնակ թողեցի և մտա սրճատունը, որը կից էր Թեոս ախպոր բնակարանին: Տան ետևի կողմում բնակվում էր նրա ընտանիքը, իսկ առջևի կողմում, որի դուռը բացվում էր փողոցի վրա, զետեղված էր սրճատունը: Դա մի ընդարձակ դահլիճ էր, լուսավորված յուղային ճրագներով: Եվրոպական կարասիք չկային այնտեղ: Դահլիճի բոլոր չորս կողմը, պատերի տակին, հատակից փոքր-ինչ բարձր, շինված էին փայտյա երկար բազմոցներ, որոնց վրա ծալապատիկ նստած էին հաճախորդները: Նրանց մեջ կարելի էր գտնել ամեն տեսակ մարդիկ, սկսյալ քաղաքի դատարկամոլ սրիկաներից, մինչև վաճառականներ, արհեստավորներ, կառավարության պաշտոնյաներ և ոչինչ պաշտոն ու պարապմունք չունեցող թափառականներ: Բոլորը նարգիլե էին ծխում, ղահվե էին խմում կամ զբաղված էին մի որևիցե խաղով, որպիսին էր` նարդի և այլն: Թամբաքվի թանձր ծուխի միջից հազիվ կարելի էր լինում որոշել այդ խառնիճաղանջ բազմության դեմքերը: Ես մի կողմում միայնակ նստեցի և հեռվից նայում էի, թե որպես այդ մարդիկը, ճնշված, խորտակված օրական հոգսերի ծանրության ներքո, այժմ ծուխի և դառն ղահվեի թմրության մեջ, անձնատուր էին եղած մի տեսակ արբեցուցիչ ինքնամոռացության:

Թեոս ախպոր սրճատունը քաղաքի առաջնակարգ սրճատներից մեկն էր: Նրա պահողը, երկար տարիներ Կ. Պոլսում մնալով, մտցրել էր իր սրճատան մեջ մի քանի մայրաքաղաքյան կարգեր, բայց, այնուամենայնիվ, նրա սրճատունը պահպանել էր իր գավառական բնավորությունը: Այստեղ ամեն ինչ պատրաստվում էր, ամեն ինչ կատարվում էր այցելվի աչքի առջև: Նրա աչքի առջև եփում էին ղահվեն և շերեփի նման երկար սրճամանի պոչից բռնած, բերում էին և հենց պահանջողի մոտ լցնում էին փոքրիկ ֆինջանի մեջ և մատուցանում էին նրան: Այդ երկար, պոչավոր սրճամանները զանազան մեծություն ունեին: Նրանցից ամենափոքրիկը մի մատնոցի չափ հազիվ լիներ, իսկ նրա համեմատ ֆինջանը իր մեծությամբ չէր տարբերվում սրճամանից, այնպես որ, միանգամից եփածը նա կարող էր ամբողջությամբ իր մեջ առնել և մի մարդու պահանջին բավականսւթյուն տալ: Բայց այդ պահանջները կրկնվում էին ամեն րոպեում մի քանի անգամ: «Ղահվե մը», գոչում էր պահանջողը: «Շաքարո՞վ, թե անշաքա՞ր», հարցնում էր պատրաստողը, և երբ հյուրի կամքը իմանում էր, իսկույն մի քանի կաթիլ ջուր էր ածում մատնոցի` այսինքն սրճամանի մեջ, բռնում էր մանղալի վրա, հետո սղկած ղահվեն ածում էր նրա մեջ, սև հեղուկը արդեն պատրաստ էր, մատուցանում էր պահանջողին, իսկ հաշիվը պահելու համար` ածուխով մի սև գիծ էր քաշում պատի վրա: Այդ գծերից` ամեն մեկի անունով` կարելի էր համարել հարյուրներով, այն ևս մի քանի ժամվա մեջ: Նարգիլեն ծխում էին և անդադար ձայն էին տալիս. «Ղահվե մը»...

Թեոա ախպոր սրճատունը բավականություն էր տալիս հաճախորդների և այլ պահանջներին: Ահա այնտեղ, մի կողմում, շատախոս սափրիչը զերծել, վերջացրել է մի թուրք էֆենդիի գլուխը և երեսը, այժմ, նրա առջև չոքած, սկսել է իր փոքրիկ մաղաշով ականջի մազերը դուրս տալ և, այդ ձանձրալի աշխատությունը հեշտացնելու համար, պատմում է նրան օրվա զանազան նորություններ, պատմում է նրան զանազան սիրային արկածներ «չոջուխների» կյանքից:

Սափրիչի օգնականը այդ միջոցին զբաղված էր մի այլ, ավելի կոպիտ գործողությամբ. նա պատրաստվում էր դուրս քաշել մեկի ատամը. հիվանդին, մի դատապարտյալի նման, չոքեցրել էին նրա առջև, մի մարդ, ետևից կանգնած, բռնել էր հիվանդի գլուխը, մի այլ մարդ բռնել էր նրա ձեռքերը. սափրիչի օգնականը, ահագին աքցանը ձեռքին, մի կառափնահատ դահճի նման, մոտեցավ իր զոհին և աքցանի գլուխը տարավ նրա բերանը. մի քանի զորեղ ցնցումներ, մի քանի խուլ հառաչանքներ, գործողությունը վերջացավ. աքցանը երկու արյունաթաթախ ատամներ ուներ բռնած իր բերանում...

Կեցցե՜ս, ձայն տվին նայողները, մեկի փոխարեն երկուսը հանեցիր...

Քո տունը քանդվի՜, ձայն տվեց հիվանդը, ցավեցած ատամը մնաց իր տեղում...

Բոլորը ծիծաղեցին:

Ուր և նայում էի, մի նոր տեսարան գրավում էր ինձ. ահա այնտեղ ժողովրդի երաժիշտները, խումբով հատակի վրա նստած, ածում են իրանց նահապետական նվագարանները. մի աշուղ ոգևորությամբ պատմում է իր երգախառն վեպը. շրջապատողները խորին հիացմունքով լսում են նրան:

Փոքր-ինչ հեռու, ջերմեռանդ մահմեդականը, իր լվացման ծեսը վերջացնելով, նույն իսկ քարյա փոքրիկ ավազանի մեջ, որտեղ նարգիլեների ջուրն էին փոխում, այժմ բարձրացել էր տախտակյա բազմոցի վրա և, բոլոր բազմության առջև, չոքելով, կանգնելով, և զանազան ձևով կուզուպարզ անելով, կատարում էր իր նամազը:

Այստեղ ավելի ուշադրություն էին գրավում մի տեսակ անձիք, որոնց կոչում էին «թիրիաքիներ». դրանց իսկույն կարելի է ճանաչել. ծալապատիկ նստած են ավելի խուլ և մթին անկյուններում, և ծուլանում են նայել, թե ինչ է կատարվում իրանց շուրջը: Գլուխները քարշ ձգած, նարգիլեի ծխաքարշը ատամների մեջ պինդ բռնած, աչքերը կիսախուփ, կարծես թե նիրհում են նրանք: Ծխի ներկայությունը միայն, որ երբեմն դուրս է հոսում նրանց շրթունքների միջից, ցույց է տալիս, որ այդ թմրած, անշարժ էակները արթուն են: Դրանք վաղ-առավոտյան, իրանց տներից դուրս եկածին պես, իսկույն դիմում են սրճատունը. այստեղ լվացվում, այստեղ սանդրվում, այստեղ կատարում են իրանց առավոտյան աղոթքը և այստեղ դուրս են բերում իրանց նախորդ օրվա «խումարությունից»: Սրճատան սպասավորները ծանոթ են նրանց յուրաքանչյուրի սովորություններին, և մեծ պատրաստակամությամբ կատարում են նրանց բոլոր քմահաճությունները: Ամբողջ օրը, իրանց տեղում անշարժ նստած, այդ ողորմելի մարդիկը գրգռում են իրանց ուղեղը դառն ղահվեով, թամբաքուի ծուխով և ափիոնի փոքրիկ դեղահատներով: Այդ մարդիկը ապուշի դեմք ունեն, ապակու նման սառն և անշարժ աչքեր և դողդոջուն ձեռքեր:

Հենց նույն ապուշների մոտ Ավետարանի լույսը ծավալող միսիոնարի գործակալը բաց է արել Աստվածաշունչը և զբաղված է կրոնական վիճաբանություններով: Մի քանի հարցասերներ շրջապատել են նրան, լսում են, վիճում են և հայհոյում են:

Իսկ իմ ուշադրությունը գրավեցին երեք հոգի, որ հեռու նստած էին մի բոլորակ սեղանի շուրջը, որի վրա դրած էր մի շիշ օղի: Նրանցից մեկը միջահասակ երիտասարդ էր և իր հագուստի ձևերով ավելի նման էր Մուսուլի կամ Բաղդադի կողմերի հայերին: Նա փաթաթված էր սև և սպիտակ զոլերով երկար աբայի (վերարկվի) մեջ, որի նմանը կրում են հիջազի ուխտավորները: Գլխի արաբական ապարոշը իր ծոպավոր վերջավորություններով ծածկում էր նրա ուսերը, իսկ ճակատը, հոնքերը և մինչև անգամ աչքերը հազիվ էին երևում մետաքսյա գույնզգույն փաթոթի տակից, որը կապել էր իր գլխին: Ես իսկույն մտածեցի, թե դա այն մուսուլցի վաճառականը պետք է լիներ, որի հետ տեսնվելու համար եկած էր Ասլանը: Իսկ մուսուլցու երկու խոսակիցները ինձ ավելի օտարոտի մարդիկ էին երևում. այդ ցույց էր տալիս նրանց հնամաշ կիսաեվրոպական և կիսաասիական հագուստը, որ սաստիկ աչքի էր զարկում: Շատ հավանական էր, որ այդ մարդիկ երկար թափառել էին այն երկրներում, որտեղ նեղ վարտիք, լայնեզրյա գլխարկ և սերթուկ են հագնում, իսկ հետո, վերադառնալով Ասիա, եվրոպական հագուստի միայն կտորտանքներ էր մնացել նրանց վրա:

Ո՞վ է այն երիտասարդը, հարցրի ես Թեոս ախպորից, ցույց տալով մուսուլցուն:

Նա խոջա Թորոսն է, մուսուլցի է, այստեղ թումաջի վաճառականություն է անում, հանգամանորեն պատասխանեց Թեոս ախպերը:

Իսկ այս մյուս երկո՞ւսը, որ մուսուլցու մոտ նստած են:

Նրանց չեմ ճանաչում, նոր մարդիկ են:

Թեոս ախպերը հեռացավ: Ես այժմ ավելի ուշադրությամբ սկսեցի հեռվից զննել թումաջի վաճառականին: Սրճատան անտանելի տաքության պատճառով երեսից ետ էր քաշել գլխի արաբական ծոպավոր ծածկոցը, և ճակատը մինչև կեսը մնացել էր բաց: Նրա դեմքը, կաշու գույնը, երեսի գծագրությունը ամենևին չէր նմանում Միջագետքի արևակեզ բնակչի կերպարանքին, իսկ շիլ արագաշարժ աչքերը ինձ շատ ծանոթ էին երևում: Նա այն աստիճան զբաղված էր իր խոսակիցներով, որ ամենևին ուշադրություն չէր դարձնում իմ վրա, կամ եթե տեսնում էր ինձ, այնպես էր ձևացնում, որ չէ նկատում: Ես մոտեցա և ետևից ձեռքս կամաց դրեցի նրա ուսի վրա: Նա ետ նայեց և աչքերի արագ շարժումով այնպիսի մի նշան արեց, որ ես շփոթվեցա և ակամա լռեցի: Նա իսկույն դուրս բերեց ինձ իմ շփոթությունից, իր մոտ տեղ ցույց տալով:

Խնդրեմ, նստեցեք, պարոն, երևում է, որ դուք ևս մեզ նման օտարական եք: Պանդուխտները ավելի հեշտությամբ են մոտենում միմյանց: Մեր շիշի մեջ դեռ մնացել է մի քանի ֆինջան օղի, նա ձեռքը տարավ, վեր առեց շիշը, շարժեց, տեսնելու, ճշմարի՞տ է իր ասածը, թե ոչ:

Ո՞վ կարող էր երևակայել, որ ես այստեղ, այս խառնաշփոթ բազմության մեջ, մուսուլցի կաշեվաճառի կերպարանքով կգտնեի մեր ընկեր Սագոյին: Խոջա Թորոսը, այսպես էին այժմ կոչում նրան: Ո՜րքան հարմարվում էր նրան այդ անունը, այդ արաբական զգեստը, այդ լիահնչյուն, կոկորդային ձայնը, այդ լուրջ խոսակցությունը երկու անծանոթների հետ:

Ես այնքան սովորած էի Սագոյի ծաղրածություններին, նրա կծու հեգնությանը, նրա թեթև սրախոսություններին, որ, առանց նրանից մի բառ անգամ լսելու, բավական էր նրա երեսին նայել միայն, ես այլևս չէի կարող զսպել իմ ծիծաղը: Իսկ նրա այժմյան կերպարանափոխությունը, իր օտարոտի ձևերով, ավելի շատ առիթներ ուներ իմ ծիծաղը շարժելու. բայց ես, չգիտեմ ինչու, այնպես լռվեցա, ինչո՞ւ այնպես համեստ գտնվեցա նրա առջև:

Նա մի քանի խոսքով հարցրեց իմ ով և ո՛րտեղից լինելը և ինչ գործով Վան քաղաքը գալը, հետո լցրեց մի ֆինջան օղի և դրեց իմ առջև:

Ես օղի խմելու սովորություն չունեմ, ասեցի նրան:

Ձեզ համար գինի կպատվիրեմ, ասաց նա, հրամայեց սպասավորին մի շիշ գինի բերել:

Հետո ծանոթացրեց ինձ իր երկու խոսակիցների հետ: Երևաց, որ այդ աղքատ երիտասարդները, իրանց նման՝ նյութապես աղքատ, բայց բարոյապես հարուստ մի ընկերության գործակատարներ էին, որ ուղարկված էին Խարբերդի, Սղերդի և Դերսիմի կողմերը, տեղային քրդախոս հայերի մեջ մայրենի լեզու տարածելու և հայոց տառերով գրել-կարդալ սովորեցնելու: Ընկերությունը կազմված էր Կ. Պոլսում և միմիայն գրագիտություն տարածելու նպատակ ուներ: Չնայելով այդ համեստ և անմեղ նպատակին, ընկերության գործակատարները տեղային բողոքական քարոզիչներից ամբաստանվում են, և կառավարության կողմից հալածվում են, իբրև ժողովրդի մեջ վնասակար մտքեր տարածող խռովարարներ: Թողնելով իրանց գործունեության տեղը, նրանք եկել էին Վան, և այստեղից Կ.Պոլիս վերադառնալու նպատակ ունեին, առանց գրպանում մի փարա անգամ ստակ ունենալու:

Նայեցե՛ք այդ մարդուն, շարունակեց երկու երիտասարդներից մեկը ընդհատված խոսակցությունը, ձեռքը մեկնելով դեպի Ավետարանի լույսը ծավալող օտարազգի քարոզչի գործակատարը, որ Աստվածաշունչը առջևը դրած, դեռ զբաղված էր կրոնական վիճաբանություններով: Ես հավաստի եմ, որ այդ անպիտանը ոչինչ զարգացում, ոչինչ կրթություն չունի և, իբրև մարդ անգամ, նա այնքան ստոր գնահատել գիտե իր աշխատանքը, որ ամսական հարյուր ղուրուշի (վեց ռուբլի) վարձկան է: Այդ չնչին փողի համար նա ամեն օր կմտնե սրճատները, կմտնե սափրիչների խանութները, կմտնե բաղանիքների նախագավիթները, մի խոսքով, ամեն տեղ, որտեղ մարդիկ ավելի գործ չունեն, և կսկսե նրանց հետ վիճել: Նա սեփական համոզմունք և հավատ չունի. նա մի տեսակ փաստաբան է, որ պաշտպանում է այն գործը, որի համար նրան վճարում են: Ազգային իդեալ, ազգային պատմություն, հայրենիք, ժողովրդի դժբախտ դրություն, այդ բաները նրա համար չկան, և նրան չեն հետաքրքրում: Նա գիտե միայն, որ պաս պահելը, տերտերին խոստովանվելը, պատկերներին երկրպագություն տալը՝ չի փրկի մարդու հոգին մեղքերից, և կսկսե դրանց և այսպիսի եկեղեցական կանոնների դեմ վիճել: Անցիր ամբողջ Փոքր Ասիա, ամեն տեղ, ամեն փողոցներում կհանդիպես այս տեսակ շաղակրատների: Իհարկե, ավելորդ կլիներ խոսել նրանց ժողովարանների, դպրոցների և քարոզիչների մասին, որոնք իրանց բնավորությամբ շատ չեն տարբերվում այդ գռեհիկ, տգետ, հարյուր ղուրուշանոց լույս ծավալողներից:

Սագոն լռությամբ լսում էր. ինձ ևս հետաքրքրում էր դառնացած երիտասարդը, որը, ինչպես երևում էր, սաստիկ վշտացած էր ոչ այնքան օտարազգի քարոզիչներից, որքան նրանց ձեռքում գործիք դարձած կույր, մոլեռանդ և դատարկամիտ հայ գործակատարներից:

Ես կրոնի և ազգային եկեղեցու պաշտպան չեմ, առաջ տարավ երիտասարդը, բայց դարձյալ կասեմ, որ այդ մարդիկ ավելի վնասակար են, քան թե քուրդը կամ տաճիկը: Քուրդը և տաճիկը հափշտակում են հայերից նրանց ձեռքի վաստակը, իսկ այդ կորուստը կարելի է աշխատանքով կրկին լրացնել: Բայց քարոզիչները, այդ հոգևոր հարստահարիչները, Ավետարանի ճշմարտության անունով սպանում են ազգայնությունը. դա անփոխարինելի է:

Ի՞նչպես, հարցրեց Սագոն, լցնելով իմ բաժակը գինիով, իսկ իր երկու խոսակիցների ֆինջանները` օղիով:

Այնպես, պատասխանեց երիտասարդը, վառելով իր կարճ ճանապարհորդական ծխաքարշը և թողնելով մուխի թեթև կույտեր իր դողդոջուն շրթունքների միջից, որ դեռ նոր էին սևանում նորաբույս մազերով: Օրինակի համար, վեր առնենք հենց այն երկրները, ուր մենք գործում էինք և որտեղից մեզ հալածեցին. այդ կողմերում հայերը կորցրել են իրանց մայրենի լեզուն և խոսում են քրդերեն, կորցրել են իրանց ազգային այլ առանձնահատկությունները և ապրում են քրդական սովորություններով, մի խոսքով, ոչնչով չեն տարբերվում քրդերից: Մնում է մի հոդ միայն, որ նրանց կապում է ազգային ամբողջության հետ և նրանց հիշեցնում է, թե իրանք հայեր են, այդ հոդը Հայաստանյաց եկեղեցին է: Իսկ եթե եկեղեցիից ևս կտրվեցան, այլևս ի՞նչ կապ կմնա նրանց և հայության մեջ:

Ոչինչ կապ չի մնա, պատասխանեց Սագոն այնպիսի մի եղանակով, որ կարծես շտապում էր լսել երիտասարդի վերջին խոսքը:

Ահա այդ վնասն են հասցնում բողոքական քարոզիչները, ահա դրանով են սպանում նրանք ազգայնությունը, շարունակեց նա փոքր-ինչ տաքացած կերպով, հային խլելով իր ազգային եկեղեցու գրկից, դարձնում են նրան բողոքական քուրդ, և ավելի ոչինչ:

Դրանում ի՞նչ զարմանալի բան կա, հարցրեց Սագոն, գլուխը վեր բարձրացնելով և ուղիղ երիտասարդի երեսին նայելով: Դուք մի րոպե առաջ ասեցիք, թե տեղային հայերը կորցրել են իրանց մայրենի լեզուն, խոսում են քրդերեն, կորցրել են իրանց ազգային առանձնահատկությունները և ապրում են քրդական սովորություններով, այլևս ի՞նչ իրավունքով դուք նրանց հայեր եք կոչում: Նրա համա՞ր միայն, որ պատկանում են լուսավորչական եկեղեցուն: Հենց դրա մեջն է սխալը, որ ձեզ սխալ եզրակացության է հասցնում: Այն օրից, որ նրանք դադարեցին հայերեն խոսելուց, դադարեցին և հայ լիելուց: Նրանք դարձան լուսավորչական քրդեր: Շատ հասկանալի է, որ լուսավորչական եկեղեցիից դուրս գալով և մտնելով բողոքական եկեղեցին, կդառնան բողոքական քրդեր, և եթե բողոքական եկեղեցին նույնպես թողնեն և մտնեն, օրինակ, բուդդայական եկեղեցին, կդառնան բուդդայական քրդեր:

Երկու երիտասարդները զարմացած կերպով նայեցին միմյանց երեսին: Սագոն շարունակեց.

Նույն բանը պատահեց և հարավային Միջագետքի՝ այսինքն Մերդինի, Մուսուլի և Բաղդադի կողմերի արաբախոս հայերի հետ: Նրանք ևս կորցրել էին մայրենի լեզուն, ապրում էին արաբական սովորություններով, խոսում էին արաբերեն և իրանց հայ էին համարում նրանով միայն, որ պատկանում էին լուսավորչական եկեղեցուն: Երբ կաթոլիկությունը նրանց մեջ մտավ, դադարեցին իրանց հայ կոչել և դարձան կաթոլիկ արաբներ: Ոմանք նրանցից քիլդաներեն էին խոսում, կաթոլիկությունը ընդունելուց հետո խառնվեցան քիլդանի կաթոլիկների հետ:

Խոսակցությունը տևեց բավական երկար. առարկան շատ մոտ էր որպես երկու երիտասարդների սրտին, նույնպես և Սագոյի համար: Բացի դրանից, կրոնափոխությունը դարձել էր հայերի համար մի ընդհանուր, հասարակական հարց: Օտարազգի քարոզիչները, կաթոլիկ, բողոքական, եզվիտ, ամեն կողմից մուտք էին գործել հայերի մեջ, տարածվել էին զանազան քաղաքներում և գյուղերում: Դպրոցներ և ժողովարաններ էին հիմնում: Ժողովուրդը ընդհանուր խմորման մեջ էր: Ոմանք դրամի համար, որ քարոզիչները բաշխում էին իրանց նոր հավատացյալներին, ոմանք մահմեդականների հարստահարության դեմ պաշտպանություն գտնելու համար, որ խոստանում էին քարոզիչները, ոմանք զզված լինելով հայ քահանաների, հայ կղերի ագահությունից, իսկ խիստ սակավները, ճշմարիտ համոզմունքով, թողնում էին հայոց եկեղեցին և մտնում բողոքական և կաթոլիկ եկեղեցու գիրկը: Հայ ժողովուրդը բաժան-բաժան էր լինում, ամեն տեղ պատահում էին կռիվներ, խռովություններ և մշտական երկպառակություն: Գործերի այդ դրության մեջ անկարելի էր, որ մտածող անձինքների ուշադրությունը չգրավեր այդ աղետավոր երևույթը, որ սպառնում էր հայոց ազգային ամբողջության քայքայմանը, մանավանդ մի այնպիսի ժամանակում, երբ օտարների բռնության դեմ մաքառելու համար հարկավոր էր ընդհանուր միաբանություն, հարկավոր էր միություն և սեր: Բայց Ավետարանի սերը և եղբայրությունը քարոզող միսիոնարները ատելություն և թշնամություն էին սերմանում երկու հայ եղբայրների մեջ:

Միսիոնարը ազգ չէ ճանաչում, շարունակեց Սագոն, նա մտնում է մի ժողովրդի մեջ, տեսնում է՝ ինչ լեզվով որ խոսում է ժողովուրդը, և ինչ լեզվով որ սրան ավելի հասկանալի է, սկսում է նույն լեզվով քարոզել նրան և նույն լեզվով կարդացնում է նրա զավակներին իր դպրոցների մեջ: Եթե մի տեղ հայը քրդերեն է խոսում, նա կսկսե նրան քրդերեն քարոզել, եթե թուրքերեն է խոսում, կսկսե թուրքերեն քարոզել: Նրան ի՞նչ փույթ, որ այդ լեզուները հայոց մայրենի լեզուն չեն: Նա երբեք հանձն չի առնի մի այդպիսի դժվարություն, որ նախ հային իր կորցրած մայրենի լեզուն սովորացնե և հետո սկսե նույն լեզվով քարոզել նրան: Եվ ձեր ընկերության աշխատությունը այդ կողմից շատ օգտակար պետք է համարել, որ հանձն է առել մայրենի լեզուն տարածել քրդախոս հայերի մեջ: Դա ավելի ուղիղ ճանապարհ է նրանց հայացնելու և հայության մեջ պահելու համար: Լեզվի հետ կապված է ազգի գրականությունը, նրա անցյալը, նրա պատմական կյանքը, նրա բոլոր մտավոր և հոգեկան արտահայտությունները դարերի ընթացքում, նրա ամբողջ գոյությունը, այդ է, որ կապում է մի անհատին իր ազգային ամբողջության հետ: Իսկ եկեղեցին, ինչպես տեսաք իմ բերած օրինակներից հարավային Սիջագետքի հայերի վերաբերությամբ, շատ թույլ կապ է հային իր ազգայնության հետ կապելու համար, եթե նա կորցրել է մյուս, ավելի հաստատուն հիմունքները ազգայնության:

Ես Սագոյի մեջ այժմ ուրիշ մարդ, ուրիշ լեզու էի տեսնում. նա այն չէր, որ առաջին անգամ հանդիպեց ինձ արաբական մինարեթում և ոչ այն զվարճասեր խեղկատակն էր, որ ձանձրացնում էր ինձ որսորդի տան մեջ: Նրա մեջ խոսում էր Ասլանի լեզուն: Ես զարմանում էի, որքան նման էին այդ երիտասարդները միմյանց թե՛ իրանց ձգտումներով և թե՛ գաղափարներով:

Ես համաձայն եմ ձեզ հետ, ասաց մյուս երիտասարդը, որ բոլոր ժամանակ լուռ էր: Բայց օտարազգի քարոզիչները այդ բոլոր վնասները չէին կարող տալ մեզ, եթե մենք ունենայինք օրինավոր եկեղեցականներ: Եթե գայլը հոտից ոչխարներ է գողանում, դա ապացույց է, որ հովիվներն ու շները անպիտան են: Մեր քահանաները տգետ են և անկիրթ, իսկ մեր վարդապետները, իրանց վանքերի մեջ առանձնացած, ճգնում են, աղոթում են, կարծելով թե դրանով մեծ ծառայություն են

անում ազգին:

Այդ միջոցին մեր սեղանի մոտից անցավ մի մարդ, և խոսակցությունը իսկույն դադարեց: Նույն ներգործությունն էր անում նա, ինչ խմբի որ մոտենում էր: Եվ եթե նստում էր այս և այն սեղանի մոտ, մարդիկ սկսում էին աննկատելի կերպով հետզհետե հեռանալ նրանից:

Այդ մարդը մի հայտնի լրտես է, ասաց Սագոն, ցույց տալով նրան:

Ի՞նչ ազգից է, հարցրի ես:

Հայ է և, բացի հայ լինելը, «էֆենդի» է, բազմաթիվ տիտղոսներ ունի:

Եվ մատնում է հայերի՞ն:

Էլ ո՞ւմը պետք է մատնե...

«Էֆենդին» գնաց, նստեց մի խումբ երիտասարդների մոտ, որովհետև ինքն ևս նրանց հասակակից էր: Հրամայեց իր հաշվով գինի տան:

Ես պատրաստ եմ գրավ բռնել, ասաց Սագոն, որ այդ անպիտանը հիմա կսկսե ազգասիրական ճառեր կարդալ և գուցե կսկսե երգել իր հորինած ոտանավորներից մեկը, որի մեջ անդադար կրկնում է «ո՜հ, Հայաստան» բառերը:

Բայց դրանցից և ոչ մեկը չկատարվեցավ, որովհետև գիշերից շատ անցել էր, սրճատան հաճախորդները սկսել էին հետզհետե հեռանալ, և Թեոս ախպերը պատրաստվում էր ճրագները հանգցնել: Աղմկալի դահլիճը մի քանի րոպեի մեջ դատարկվեցավ: Երբ Թեոս ախպերը վերջին երկու ճրագը հանգցնելու վրա էր, երկու երիտասարդները վեր կացան, բարի գիշեր ասացին ինձ և Սագոյին և հեռացան դեպի սրճատան մթին անկյունը: Այնտեղ այնպես բաց, առանց ծածկոցի, պառկեցին նրանք տախտակյա մերկ նստարանների վրա, իրանց ուղևորության պարկերը բարձի փոխարեն գլխների տակը դնելով: Թեոս ախպերը այնքան բարի գտնվեցավ, որ դուրս չվռնդեց նրանց փողոցը, ասելով թե իր սրճատունը գիշերելու տեղ չէ: Ես խիստ տխուր տրամադրության մեջ բաժանվեցա նրանցից: «Խեղճ երիտասարդներ, մտածում էի ես, այդպես անտուն, անտեր, աղքատ, որպես մի ողորմելի մուրացկան, թափառում եք երկրեերկիր, մի ընկած ժողովրդի օգնելու անձնվիրությամբ... Դուք պետք է մրցություն անեք օտարազգի միսիոնարի հետ, որ հայտնվում է կառքերով, ապրում է շքեղ պալատներում և ոսկին սփռում է, ինչպես փոշի, որ բոլորի աչքերը կուրացնում է... Բայց մի բան կա ձեր մեջ, որ բարձր և հզոր է, քան այն բոլոր փառքը և զորությունը, որ վայելում է օտարազգին, դա այն մեծ սերն է, որ ունեք դուք դեպի ձեր հանձն առած գործը»:

Երբ ես մտա այն սենյակը, որտեղ թողեցի Ասլանին, Սագոյին նրա մոտ գտա: Երևում էր, որ Սագոն, սրճատնից դուրս գալուց հետո, ետևի դռնից մտել էր նրա մոտ: Բայց ո՞վ ասաց նրան, որ Ասլանը այնտեղ է...

Be the first who will comment on this

Other parts of "Կայծեր"

Yatuk Music
Cello Concerto
Arno Babajanyan

Cello Concerto

The disaster of war
The disaster of war
Play Online