Raffi

Կայծեր

1 - ԻԳ, ԻԴ

ԻԳ

ՆԵՐՔԻՆ ԿՌԻՎ

Հասնելով ծերունի որսորդի տունը, մենք գտանք բոլորին քնած: Մըհեն, որ բաց արեց դուռը, հայտնեց` թե իր աղան տանը չէր և ոչ նրա հյուրերը դարձել էին իրանց «գնացած տեղից»: Ես մտածեցի, անպատճառ մեկ արգելք պետք է պատահած լինի, որովհետև Կարոն և նրա ընկերները խոստացան, թե մինչև երեկո կվերադառնան: Հասոն իր ագարակումն էր: Նա տան երես չէր տեսնում, քանի իր մշակության գործերը վերջացած չէին դաշտերից. ձմեռվա ձյուները միայն մի քանի ամիս նրան քշում էին դեպի տուն:

Մարոյի առաջին հոգսը եղավ պատրաստել ինձ համար մի բան ուտելու: Ընթրիքից հետո նա գցեց իմ քնելու շորերը, և ցանկանալով ինձ բարի գիշեր, ինքն ևս գնաց հանգստանալու:

Առավոտյան ես զարթեցա խիստ ուշ. երկար քունը բավականին կազդուրել էր իմ առողջությունը. ես զգում էի ինձ զվարթ և նորոգված ուժերով: Սիրտս էլ սովորականից ավելի ուրախ և հանգիստ էր, որպես թե, ես գտնվում էի մի անսահման բավականության մեջ, լույս աշխարհում ոչինչ պակաս չէր մնացել ինձ, բոլո՛րը, բոլո՛րը, լրացրել էր այն արարածը, որին սիրում էի ես, որը սիրում էր ինձ:

«Գեղեցիկ Մարոն կբժշկե քեզ».... ասաց Սագոն. նրա խոսքը ճշմարիտ էր, թեև նա արտասանեց այնպիսի դառն, հեգնական ժպիտով:

Ես կրկին գլուխս դրեցի բարձի վրա և նայում էի պատուհանից ներս ծագած շողին, որի մեջ խաղում էին միլիոնավոր մանրիկ փոշիներ գույնզգույն փայլումներով: Ահա՛ ինչ է նշանակում լույսը, մտածում էի ես, չէ՞ որ այս սենյակի ամբողջ բովանդակությունը պարունակում է իր մեջ այսպիսի փոշիների մի ծովակ, բայց նրանք չեն երևում օդի աղոտության մեջ, իսկ լույսի այս նեղ ժապավենի մեջ բոլորը երևում են: Բայց եթե խավար լիներ, ես ոչինչ չէի տեսնելու, մինչև անգամ ամենախոշոր առարկաները: Ա՜խ, ի՞նչ լավ բան է լույսը, որպես բաց է անում նա մարդի աչքերը և զորություն է տսւլիս նրա տեսությանը: Չէ՞ որ միևնույնն է լինում և կյանքի մեջ, մի ժողովրդի, մի ազգի և ամբողջ աշխարհի կյանքի մեջ: Երբ որ տիրում է մտավոր խավարը, մարդիկ չեն տեսնում իրանց ամենախոշոր թերությունները. նրանք չեն նշմարում այն ճանապարհի ուղղությունը կամ ծռությունը որով գնում են. նրանք չեն նկատում այն խոչընդոտները, որ ամեն անգամ նրանց ոտքին է դիպչում և ճակատի վրա վայր է գցում. նրանք ոչինչ չեն տեսնում, միայն խարխափում են մոլորության մեջ...

Հիշյալ մտախոհությունները ինձ հասցնում էին այն եզրակացությանը, թե բոլորովին անհաջող կանցներ Կարոյի ձեռնարկությունը. նա չէր կարող մի ժողովուրդ, որ ապրում էր խավար մթնոլորտի մեջ, կանգնեցնել շիտակ ճանապարհի վրա և նրա ընթացքին անմոլոր ուղղություն տալ: Պետք էր նախ և առաջ փարատել խավարը, և ժողովուրդն ինքն իրան կգտներ իր ճանապարհը...

Արդյոք այսպե՞ս էի մտածում ես. մի՞թե այս ճշմարտություններն էի կարդում արևի այն լուսավոր ժապավենի մեջ, որ ներս էր շողացել իմ քնարանի պատուհանից: Ո՛չ, ես ոչինչ չէի տեսնում նրա մեջ, բացի փոքրիկ փոշիներից. նրանք ևս շուտով ձանձրացրին ինձ: Երեսս շուռ տվի, իմ ուշադրությունը գրավեց ախտաբորբոք ճնճղուկը, որ իր զույգի հետ պատուհանից ներս թռան սենյակի մեջ: Նրանք մի քանի շրջաններ գծեցին իմ դատարկ քնարանում, հետո նստեցին միմյանց մոտ, սկսեցին քաղցր սիրախոսություններ անել: Մինչ այս զվարճության մեջ էին, ներս թռավ մի այլ ճնճղուկ-արու, նա մոտեցավ նախկին հերոսի սիրուհուն. նորեկի կողմից մի այսպիսի լրբությունը շարժեց սիրահարի նախանձը: Կռիվը սկսվեց: Մի փոքր խեղդեցին մեկ-մեկու, մի փոքր քաշեցին միմյանց փետուրները: Մինչ նրանք այս պատերազմի մեջ էին, էգը օգուտ քաղեց խռովությունից և դուրս փախավ: Կռվողները թողեցին մենամարտությունը, վազեցին իրանց երկպառակության առարկայի ետևից:

Մի՞թե միևնույնը չպատահեց իմ և Սագոյի մեջ: Չէ՛, մտածում էի ես, նրա փոքրիկ գլուխը կջարդեմ, եթե մյուս անգամ նա կհամարձակվի Մարոյի անունը հիշել. ես ավելի թույլ չպետք է լինեմ, քան այն ճնճղուկը, որ իր կյանքով պաշտպանում էր սիրո գաղափարը:

Նույն րոպեին, կարծես, ես լսում էի մի հեկեկանք, կարծես, մի դառն լացելու ձայն զարկում էր իմ ականջներին: Ինձ թվում էր, թե ես դպրոցումն էի, տեր Թոդիկը չոքեցրել էր ինձ մանրած աղյուսի կտորտանքի վրա. ես տեսնում էի Սոնային (դասատան պատուհանից երևում էր նա) միևնույն ծառի ստվերի ներքո, ուր միշտ նստում էր, և այժմ նստած էր: Նա գլուխը քարշ էր գցել իր ծնկների վրա և ձեռքով բռնել էր իր աչքերը. լաց էր լինում, և ես լսում էի նրա ցավալի հեկեկանքը: Ինչո՞ւ էր լաց լինում նա, ո՞ւմ համար էր լաց լինում, ինչո՞ւ միշտ լաց էր լինում նա այն ժամանակ, երբ նրա հայրն ինձ ծեծում էր կամ գետնի վրա չոքեցնում էր, իսկ մյուս ժամանակներում միշտ ուրախ էր: Խե՜ղճ աղջիկ, ո՛րքան լաց կլինես դու, եթե հիմա՛, հիմա՛ տեսնես ինձ...

Այս կիսաքուն, կիսաարթուն երազների մեջ էի ես, հանկարծ լսելի եղավ մի սաստիկ դղրդոց. որպես թե մի ծանր բան վայր ընկավ գետին: Աչքս բաց արի, տեսնեմ` իմ մահճի մոտ կանգնած էր վիթխարի Մըհեն և ինքն իրան մրթմրթում էր.

Հազար անգամ ասել եմ, էսպիսի հիմար բաներ մի տվեք իմ ձեռքը. ինքը սատանան կմոլորի, էնքան թեթև է, հենց շունչ ես քաշում, թռչում է ձեռքիցդ:

Վայր ընկած բանը փոքրիկ փայտյա մատուցարանն էր, որի վրա Մըհեն ինձ համար նախաճաշիկ էր բերում, նրա կարծիքով, յուր կոպիտ ձեռքերի համար անպատճառ մեկ ծանր բան պետք է լիներ, որ կարողանար տանել: Նա թողեց թափված ամաններն առանց հավաքելու և ուզում էր դուրս գնալ, երբ Մարոն ներս մտավ:

Ո՜ւֆ, քոռանամ ես, այդ ի՞նչ արեցիր, սարսաղ, դարձավ նա դեպի ապշած սպասավորը և սկսեց հավաքել թափված ամանները: Ե՞րբ պետք է դու մի բան սովորես:

Ես ոչ մի ժամանակ չեմ սորվի այսպիսի սատանայական բաները, թո՛ղ կնիկներն անեն, պատասխանեց նա կոշտ կերպով. Դի՛ր իմ շալակին մեկ եզան բեռը ցորեն, ասա՛, Մըհե,Բ տար ջաղացը, կտանեմ, մի հատ էլ չի թափվի: Երբ սայլը թաղվում է ցեխի մեջ, գոմեշները կաշուց դուրս են գալիս, չեն կարացի տեղից շարժել, ասա՛, Մրհե՛, դուրս քաշե սայլը ցեխից, Մհեն կանե այդ, բայց սատանայական բաների նա գլուխ չունի...

Լավ, լավ, Մըհե՛, քո հոգուն մատաղ, ես այս գիտեմ, ես չէի ուզում քեզ բարկացնել, ասաց Մարոն, յուղելով կատաղած ծառայի գլուխը: Դու գիտես, որ Խաթունը տանը չէր, դրա համար քեզ նեղություն տվի:

էդ ուրիշ բան է... ասաց նա և դուրս գնաց:

Մարոն երկար ծիծաղում էր նրա գնալուց հետո. նա պատմեց ինձ մի քանի հատկություններ Մըհեի բնավորությունից:

Զարմանալի բնավորություն ունի այդ անասունը, նրան ասա՛ «Մըհե, դու գիտես, որ այնինչ մարդուն պետք է սպանել», նա իսկույն կսպանե. նրան ասա՛ «Մըհե, դու գիտես, որ այնինչ մարդու երսին մի ապտակ պետք է տալ». նա իսկույն կկատարե քո կամքը. մի խոսքով, ամեն գործ պատրաստ է նա կատարել, երբ ասես «դու գիտես»: Միայն գործը պետք է բավականին ծանր լինի և խոշոր, թեթև բանի համար գլուխ չունի Մըհեն:

Մարոն ավելցրուց, թե Մըհեն յուր ամսականը ստանալու միջոցին երբեք չէ կարող ընդունել արծաթի կամ ոսկի դրամներ, ասելով, թե նրանք շատ մանր են, և նա չէ սիրում թեթև դրամներ, այլ միշտ պահանջում է պղնձե մեծ դրամներ, թեև յուրաքանչյուր ոսկու փոխարեն կտային նրան մի-մի հատ պղինձ: Այսուամենայնիվ, կիսախելագար Մըհեն շատ հավատարիմ էր և ուներ օտարոտի բարեսրտություններ: Նա ծեծում էր իր կնոջը, երբ նա իր երեխային զարկել կամ լացացրել էր. ծեծում էր և երեխային, երբ մորը բարկացնում էր: Բայց նա միակ մարդն էր, որ սիրում էր Հասոյի եզները այնպես, որպես նրանց տերը: Այդ պատճառով Հասոն միշտ գոհ էր նրանից և փարախի լիակատար իշխանությունը տվել էր նրան, ուր նա, անասունների հետ միասին, բնակվում էր իր ընտանիքով:

Բացի Մըհեից ծերունի որսորդի տան սպասավորների թվում էր պառավ Խաթունը. դեռ նա մանկության ժամանակ, երբ նա տասն և հինգ տարեկան էր, Ավոն գնեց նրան ղաջարի սարվազներից, երբ շատ հայ կանանց հետ Խաթունին գերի էր բերում Վասպուրականի կողմերից: Այնուհետև թեև որսորդը ազատություն շնորհեց նրան և շատ անգամ առաջարկեց դառնալ իր հայրենիքը, բայց Խաթունը չուզեց հեռանալ այն տնից, ուր այնքան սիրում և պատվում էին նրան: Բացի դրանից, վերջին ժամանակները նա իմացավ, որ հայրենիքում իր ազգականներից և ոչ մեկը չէր մնացել. մեծ մասը նույն գերության դարում սպանվել էին պարսիկներից, մնացածները ոչնչացրել էր խոլերան:

Մարոն դեռ երեխայության ժամանակ որբ մնալով մորից, փոխարինեց նրան բարեսիրտ Խաթունը, որ խնամք էր տանում փոքրիկ աղջկան մայրական բոլոր գթասրտությամբ: Բայց գտնվելով ավելի հոր ազդեցության տակ, Խաթունի աշակերտուհին չընդունեց նրա դաստիարակության այն հոգին, որ ուներ ավելի ջերմեռանդ և կրոնական բնավորություն: «Ես որսորդ եմ, ասում էր Ավոն, իմ աղջիկը եթե որսորդ ևս չլինի, գոնյա պետք է սիրե արյուն և հրացան»: Այդ պատճառով Մարոյի խիստ վաղ մանկությունից սկսվեցավ նրա և Խաթունի մեջ մի խուլ հակառակություն: Մարոն շատ անգամ ծիծաղում էր, երբ մոլեռանդ Խաթունը իր ձեռքն ընկած բոլոր փողերը հավաքում էր և տերտերներին էր տալիս, և բացի պարտադիր պասերը, ավելորդ պասեր էր պահում, և սուրբ Սարգսի շաբաթում երեք օր ոչ ուտում էր և ոչ խմում: Իր գերությունից հետո, կարծես, մի ծանր ապաշավանք էր նստած նրա խղճմտանքի վրա, որը միշտ աշխատում էր քավել կրոնքի և քահանայի միջնորդությամբ...

Հասոյի կնոջը ես մի քանի անգամ միայն տեսա, այն ևս ծածկված երեսով. իր երկրի սովորությանը հետևելով, նա չխոսեց ինձ հետ և ոչ մի բառ. առհասարակ նա խիստ հազիվ էր երևում, ավելի զբաղված էր իր երեխաներով, որոնց թիվը ընտանիքի մյուս անդամների համեմատությամբ, բազմություն էր կազմում: Մի բարի բախտով, աղջիկները, դեռ հարս չդարձած, վայելում էին այն արտոնությունը, որ կարող էին երեսները առանց ծածկոցի ման գալ և տղամարդերի հետ խոսել, եթե ոչ, միևնույնը կպատահեր իմ և Մարոյի հետ, ինչ որ պատահեց Հասոյի կնոջ վերաբերությամբ:

Ինչ որ ավելի աչքի էր ընկնում ծերունի որսորդի դրության մեջ, այն էր, որ նա այժմ չէր երևում այնպես աղքատ, որպես էր Սալմաստում բնակված ժամանակ: Արոտների մեջ արածում էին ավելի քան հարյուր ոչխար, տասը հատ ընտիր կովեր ամեն օր քշում էին դեպի նախիրը, արորը իր ամբողջ պարագայքով գործում էր սեփական արտերի մեջ, տունը լի էր աստուծո ամեն բարությունով: Հասոյի խորշոմած ձեռքերը վաստակեցին այս բոլորը: «Այն ժամանակ միայն մշակը կարող է կուշտ փորով հաց ուտել, երբ նրա քրտինքը թափվում է իր սեփական հողի վրա», այսպես էր խոսում ծերունի որսորդը:

Որսորդ Ավոն, որպես նկատեցի ես, Հաղբակա ժողովրդի կողմից վայելում էր մեծ հարգանք. նա էր միանգամայն այն երկրի խաղության ոգին. նրա մի խոսքը փարատում էր շատ վիճելի երկպառակություններ գյուղացիների մեջ: Նրա վրա նայում էին գյուղացիները, որպես իրանց նահապետի կամ պատրիարքի վրա: Թեև Ավոն այժմ պաշտոնապես ստացել էր «միր» տիտղոսը և համարվում էր տեղային հայերի գլուխ կամ ներկայացուցիչ, և շեյխերի մեջլիսում ծնկի տեղ ուներ, ասյուամենայնիվ, նա չէր թողել իր պարզ, անփառասեր հարաբերության ձևը հասարակ ժողովրդի հետ: Նա իր վարվեցողության մեջ ոչ մի բանով չէր ցույց տալիս, թե ինքը պաշտոնական մարդ է, թե նա մի բանով բարձր է, քան հասարակ ամբոխը, այլ նայում էր ժողովրդին որպես գերդաստանի հայրը իր ընտանիքին: Նա մինչև անգամ չէր թողել իր հին սովորությունները, իր հին պարապմունքը. շաբաթը մի քանի անգամ, հրացանը ուսից քարշ գցած, նա կերթար որսորդության. և այդ անում էր նա ոչ թե զվարճության համար, այլ իր սիրելի արհեստը պատվելու համար:

Ավոն այս երկրում ևս գաղթական էր, որպես Սալմաստում. ի՞նչու էր թողել իր բնիկ հայրենիքը, կամ ո՞ր տեղացի էր նա, այդ մի գաղտնիք էր, որ սաստիկ կերպով պահվում էր նրա ընտանիքի մեջ: Բայց շատ անգամ ծերունի որսորդի թավամազ հոնքերը խոժոռվում էին, շատ անգամ նրա բարի դեմքը պատում էր տխրության մռայլը, երբ հարցնում էին նրա անցյալից, երբ խոսք էր բացվում նրա հայրենիքի մասին: Երևում էր, նրա անցյալը թողել էր խիստ տխուր հիշողություններ, որոնց մտաբերելը ոչ միայն անախորժ էր թվում, այլ մինչև անգամ սարսափ էր ազդում այդ անբախտ մարդու վշտահար սրտին...

ԻԴ

ՄԻ ՓՈՔՐԻԿ ՑՈՒՅՑ

Ծերունի որսորդը դարձավ տուն մյուս ավուր երեկոյան պահուն: Կարոն և իր ընկերները չհայտնվեցան: Նա ասաց, թե մի անակնկալ դեպք առիթ տվեց տղերքին մի օրով ետ ընկնել այն գործից, որի պատճառով պետք է գնային մի տեղ: Ի՞նչ գործ, ո՞րտեղ, այդ մասին նա ոչինչ չխոսեց: Ես խնդրեցի նրանից պատմել դեպքը: Նա ասաց, որ շատ հոգնած է, պահանջեց մի բան ուտելու և խոստացավ ընթրիքից հետո պատմել բոլորը: Մարոն մի քանի րոպեում կատարեց հոր պատվերը. ես չմոտեցա սեղանին, որովհետև ամենևին ախորժակ չունեի: Ես միայն նայում էի Մարոյին, որ նստած հոր մոտ, մատների աննշմարելի արագությամբ գործում էր գուլպաներ, և առանց լռելու խոսում էր, թե ինչ դրության մեջ նա գտավ ինձ «քանդված մատուռի» մոտ, թե մտածում էր նա «իմ գլխին մի օյին խաղալ», ամենևին չցույց տալ, թե ինքը Մարոն է, և կողոպտել ինձ, որովհետև ես քնած էի, շատ անզգա կերպով քնած էի. այս դրության մեջ նա կարող էր իմ ձեռքերը, ոտքերը կապել և միանգամայն, «պլոկել» ինձ: Հետո նա իր ճարպկությունը կհայտներ Կարոյին և ինձ կամաչացներ նրա ընկերների մոտ և այլն: Ինձ թեև շատ ախորժ չէր լսել այս բոլորը, որով վիրավորում էր նա իմ հպարտությունը, բայց դարձյալ ես չէի կարողանում զսպել իմ ծիծաղը, երբ նա խիստ հեգնական սրախոսություններ էր անում իր պատմության մեջ: Հայրը նույնպես ժպտում էր, և շոյելով դստեր մազերը, ասում էր` «փոքրիկ ավազակս»: Բայց Մարոն ծռվեց դեպի իմ ականջը, կամաց ասաց.

Դու խո չե՜ս բարկանա իմ հանաքներով, Ֆարհատ:

Ընթրիքից հետո որսորդը գտնվում էր հոգու լավ տրամադրության մեջ. նա սովորականից ավելի ուրախ էր, և ծխելով իր չիբուխը, անդադար խոսում էր այն անցքի վրա, որ այն օր պատահել էր: Ահա նրա պարունակությունը:

Կարոյի խումբը ծերունի որսորդի առաջնորդությամբ գնում էին Բարղուղիմեոս առաքելո վանքը, ուր վանահոր հետ պետք էր մի քանի կարևոր իրերի մասին խորհրդակցել: Նրանք անցնում են Հասբստանու սարերով, ուր արածում էին հոտերը մի հայաբնակ գյուղի, որ շատ հեռու չէր արոտատեղից: Հանկարծ լսում են աղմուկ, աղաղակ, և հովիվները կոտրած գլուխներով, արյունաշաղախ, վազում են նրանց մոտ, հայտնում են` թե քրդերը թալանեցին հոտերը, և խնդրում են օգնության հասնել: Կարոն իր ընկերների հետ շտապում են դեպի այն կողմը, որ ցույց են տալիս հովիվները: Բայց դեռ հոտերին չհասած, տեսնում են` գյուղացիք ետ են դառնում, բոլորովին հուսահատած և իրանց կայքը կորցրած: Նրանք հայտնում են` թե ամենայն ջանք իզուր էր, որովհետև ավազակներն իրանց ավարով արդեն անցել էին այս և այն սարը, որոնցից մյուս կողմը հետամուտ լինել անկարելի էր, որովհետև նրանք արդեն գտնվում էին իրանց սահմանի մեջ, որ բոլորովին անմատչելի էր: Կարոն հովիվներից տեղեկացած լինելով, թե որ ժամին սկսվեց թալանը, հայտնում է ոչխարների տերերին, թե դեռևս հույս կա ավարը ետ դարձնելու, որովհետև ավազակները ոչխարների դանդաղ քայլերով չէին կարող անցնել այնքան ճանապարհ, մի այնպիսի կարճ միջոցում: Եվ ավելացնում է, թե իրան, Կարոյին, լավ ծանոթ էր այն սարերի դիրքը, նա գիտեր մինչև անգամ ամենաաննշան շավիղները, և խոստանում էր տանել նրանց կարճ ու կտրուկ ճանապարհով, համոզում էր գյուղացիներին իր հետ գնալ: Իսկ այդպիսի դեպքեր խեղճ գյուղացիների կյանքում առաջին անգամը չլինելով, նրանք չեն համոզվում և արտասվալի աչքերով դիմում են դեպի իրանց տները:

Ես չեմ մեղադրում ավազակներին, որոնք կողոպտել են ձեզ, նրանք հավատարիմ են մնում իրանց արհեստին, ասում է Կարոն վրդովվելով: Ես մեղադրում եմ ձեզ, որ դուք չգիտեք պահպանել ձեր կայքը: Շատ ուղիղ է ասում քուրդը, թե «հայրը մի կույր հավի սիրտ չունի»...

Տղերք, դառնում է նա դեպի իր ընկերները, գնանք մենք և ցույց տանք քրդերին, թե ամեն հայ այնպես չէ, որպես նրանք կարծում են:

Կարոն հայտնում է իր ընկերներին, թե ավազակները մինչև իրանց տեղը հասնելը, անպատճառ պետք է անցնեին այնինչ կիրճը. թե նրանք ոչխարների համրաշարժ ընթացքով հազիվ թե մինչև կեսօր կհասնեին այնտեղ, ուրեմն ժամանակ դեռ շատ կար: Իրանք կարող էին մի ուրիշ, ավելի կարճ ճանապարհով, կեսօրից կես ժամ առաջ հասնել հիշյալ կիրճի մոտ և փակել անցքը. այդ կլիներ միևնույնը, որպես փակել որսը որոգայթի մեջ:

Եվ իրավ, Կարոյի տարած ճանապարհը լինում է ավելի կտրուկ, թեև նա անցնում էր ամենավտանգավոր սարավանդների և դժվարին քարժայռերի միջով: Այն ճանապարհով անհնար է ձիավոր մարդուն անցնել, ուր մնաց ավազակներին իրանց ավարով, այդ պատճառով նրանք զանց էին արել մոտավոր ուղին:

Ճիշտ Կարոյի նշանակած ժամին տղերքը հասնում են հիշյալ կիրճի մոտ. նա լինում է մի նեղ փապար, որի միջով հազիվ կարող էր անց կենալ մի ձիավոր: Փապարի մի կողմում բարձրանում էր ապառաժյա ահագին պատ, մյուս կողմում ընկած էր խորին անդունդ, մի սխալ քայլ բավական էր գլորվելու ճանապարհորդին դեպի այն վիհը: Ավազակները թվով ավելի քան հիսուն ձիավոր, հասնում են այնտեղ: Կարոն իր խումբը բաժանում է երկու մասի, ինքը Ասլանի հետ կտրում են կիրճի մուտքը, իսկ ծերունի որսորդը Սագոյի հետ բռնում են նրա ելքը: Կարոն պատվիրում է իր ընկերներին սպանություն չգործել, միայն երկյուղ տալ ավազակներին, որ նրանք թողնեն ավարը: Որովհետև սպանությունը կարող էր ենթարկել խեղճ գյուղացիներին ավազակների վրեժխնդրությանը:

Եվ այսպես էլ լինում է:

Կարոն իր դարանից ձայն է տալիս ավազակների գլխավորին, որ թողնեն ավարը, եթե ցանկանում էին կենդանի անցկենալ կիրճից: Նա պատասխանում է արհամարհանքով և հրամայում է քշել հոտերը:

Կարոն կրկին ձայն է տալիս` թե նա դեռևս խնայում է պարոն ավազակապետի գոռոզ գլխին և փորձում է իր գնդակի զորությունը նրա գդակի վրա: Այդ խոսքերի հետ Կարոյի հրացանը որոտում է, և ավազկապետի գդակը թռչում է գլխից:

Նա դարձյալ մնում է իր համառության մեջ:

Կարոն մյուս անգամ ձայն է տալիս` երևի պարոն ավազակապետի գդակը մեծ կորուստ չէր իր համար, բայց նա դարձյալ խնայում է նրա անձին, և այս անգամին իր գնդակը դիպցնում է նրա ձիու աջ ականջին: Հրացանը երկրորդ անգամ որոտում է և ավազակապետի ձին գլորվում է գետին, իր տիրոջն ևս իր տակովն առնելով:

Կարոյի օրինակին հետևում են նրա և մյուս ընկերները. Ասլանը իր հրացանի գնդակին նպատակ է ընտրում մեկի մտրակը, որ վայր էր դնում առանց տիրոջ ձեռքը վնասելու: Սագոն խփում է մեկի ձիու թամքի դաշին: Ծերունի որսորդը խիստ ճարպիկ կերպով թռցնում է մեկի նիզակի ծայրը: Ավազակների կողմից ամենայն ջանք անցնում է իզուր, որովհետև Կարոն իր ընկերների հետ պատսպարված են լինում ժայռերի ետևում, որոնք բարձր կանգնած էին կիրճի վրա: Կռիվը տևում է կես ժամ: Ավազակները դեռ չեն կամենում անձնատուր լինել:

Տղերք, ասում է Կարոն, պետք է մի փոքր ճանկռտել դրանց:

Եվ սկսում են այնուհետև իրանց գնդակները դիպցնել մեկի ձեռքին, մյուսի ոտին, երրորդի ականջին, մի խոսքով, մարմնի այն մասերին, որոնց վերքը մահացուցիչ չէր կարող լինել:

Ավազակները ստիպվում են թողնել ավարը:

Կարոն հայտնում է` թե նրանք պետք է թողնեն իրանց ձիերից չորսը, որովհետև ինքն իր ընկերների հետ ոտով եկած են և բավականին հոգնած են, և թե, ոչխարներն իրանց տերերին հասցնելեն հետո, ինքը Կարոն խոստանում է ետ դարձնել նրանց ձիերը, որոնց կգտնեն այնինչ տեղում, որ նշանակում է Կարոն: Ավազակները հոժարվում են և այդ առաջարկությանը:

Այնուհետև Կարոն հայտնում է` թե ավազակները պետք է այնքան ժամանակ մնան կիրճի մեջ, մինչև իր ընկերները հոտերը կդարձնեին և բավականին կհեռացնեին այնտեղից: Ավազակներն ընդունում են և վերջին պայմանը:

Կարոն ծերունի որսորդի հետ մնում են պահելու կիրճի ելքը, իսկ Ասլանը Սագոյի հետ հեծնում են ավազակների թողած ձիաները և դարձնում են հոտերը: Երբ նրանք բավականին հեռացած են լինում, Կարոն բաց է թողնում ավազակներին:

Հոտերը հասցնում են գյուղը այն ժամանակ, երբ բոլորովին մթնած է լինում: Գյուղացիք անպատմելի ուրախությամբ վազում են նրանց առաջ և զանազան օրհնություններով հայտնում են իրանց շնորհակալությունը: Կնիկները համբուրում են նրանց զենքերը, ասելով.

Ձեր ոտերի հողը թո՛ղ մեր տղամարդերի գլխի՜ն լինի...

Որքան խնդրում են, որ տղերքը այն գիշերը մնան գյուղում, հյուր լինեն, նրանք չեն ընդունում, միայն Կարոն պատվիրում է, որ առավոտյան իրանց նստած ձիերը տանեն և կապեն այնինչ տեղում, որովհետև ձիերը պատկանում են ավազակներին:

Ավարտելով իր պատմությունը, ծերունի որսորդը ավելացրուց.

Տեսնո՞ւմ ես, որդի, «մարդ կա, որ հազար մարդու արժե. հազար մարդ կա, որ մի մարդ չարժե»: Կարոն, Ասլանը և Սագոն էլ մարդիկ են, այն գյուղացիքն էլ մարդիկ են: Բայց ի՞նչպես: Երկուսի մեջ այնքան զանազանություն կա, որքան առյուծի և կատվի մեջ: Հայ գյուղացին մի քուրդ տեսնելիս փախչում է, իր տունն է մտնում, դռները փակում է, որ գոնյա իր գլուխն ազատե. ապրանքը թողնում է դրսում, թշնամին թալանում ու տանում է: Իսկ Կարոն իր երկու ընկերների հետ ապրանքը ետ են խլում: Այդ ինչի՞ց է: Չէ՞ որ երկուսն էլ մի հոր զավակներ են. չէ՞ որ երկուսի դամարներումը միևնույն արյունն է վազում:

Ասում են, այստեղ մեղավոր է ստրկությունը, առաջ տարավ որսորդը: Ո՞վ կարող է մարդից խլել նրա ազատությունը, ո՞վ կարող է ստրկացնել նրան, եթե ինքը, մարդը, ցանկություն չունի, եթե նա չէ պատրաստել իրան մի այսպիսի անբախտ վիճակի համար: Մարդն ինքն է թույլ տալիս ուրիշներին նստել իր շլինքի վրա: Եվ այդ շատ ձեռնտու է բռնավորի համար. նա էլ այդ է ցանկանում: Այո՛, մարդն ինքն է պատրաստում իր համար ստրկությունը, և նրա արմատը դրած է ընտանիքի մեջ: Այն օրից, երբ երեխան աչք է բացում, նրա ձեռքը, ոտքը կապում են և դնում օրորոցի մեջ, այդ ստրկության սկիզբն է: Առաջին խոսքերը, որ մայրը խառնում է օրորոցի երգերի մեջ, լինում են հոգին թուլացնող, եռանդը մաշող, կամքը և միտքը սպանող, և նախապաշարմունքներով լի խոսքեր, դա ստրկության առաջին դասն է: Հետո մեծանում է մանուկը, նա միշտ ընդունում է ծնողների ապտակը, միշտ զգում է նրանց կոպիտ վարմունքը, միշտ լսում է նրանցից սպառնալիք, սարսափեցնող, բթամտացնող և մանուկի ուժը, զորությունը խլող խոսքեր: Դպրոցի մասին ես չեմ խոսում, որովհետև այդ դու ինքդ փորձել ես, սիրելի որդի: Բայց ավելի քան դպրոցը, մեծ չարիք է գործում քահանան, այն ևս աստուծո անունով: Ի՞նչ մեղք ունի խեղճ գյուղացին, նրան սովորեցնում են լինել ստրուկ: Նա ամեն օր տերտերից այդ խոսքերն է լսում` «ով որ քեզ կծեծե, դու նրան խոնարհություն արա, ով որ քո վերարկուն կխլե, դուն շապիկդ էլ տուր. եթե ձախ երեսիդ զարկեն, աջն էլ դարձրու, ամենևին սուր չբանեցնես, որովհետև սուր բարձրացնողը սրով կմեռնի, դրա համար էլ մեր տերը Պետրոսի ձեռքից սուրը խլեց»: Ո՞վ է իմանում, հազար ու մեկ այսպիսի հիմարություններով լցնում են խեղճ մարդու զլուխը, և նա դառնում է ոչ թե մարդ, այլ «կույր հավ», որպես քուրդն է ասում:

Իսկ մեր կարդացվորներն այդ հիմարությունները կոչում են կրթություն, դաստիարակություն...

Բայց քուրդը, պարսիկը, թուրքը, որոնք մեր հացը մեր ձեռքից խլում են, որոնք մեր արյունը ծծում են, նրանք բոլորովին ուրիշ եղանակով են դաստիարակվում: Ընտանիքի մեջ աճում, զարգանում են նրանք, ինչպես վայրենի ծառը մայր հողի վրա արմատ է գցում, ազատ, արձակ ճյուղեր է բարձրացնում, և ոչինչ չէ ճնշում, ոչինչ չէ նվազեցնում նրա աճելությունը: Ղպրոցի մեջ նրանք կարդացած գրքերը մեր Այսմավուրքը և Նարեկը չեն. նրանք սովորում են իրանց ազգի հերոսների պատմությունը, ոգևորվում են իրանց բանաստեղծություններով, որը մեծ մասամբ նվիրված է զանազան հսկաների, փեհլեվանների քաջագործություններին: Նրանց կրոնքը և կրոնական գրքերը մինչև անգամ բանաստեղծություն են, որոնց մեջ շնչում է պատերազմական ոգին: Որովհետև սկսյալ Մուհամմեդից մինչև խալիֆաները, իմամները և այլն, բոլորը պատերազմող մարդիկ էին: Լսի՛ր, ի՞նչ է քարոզում մահմեդականի մոլլան`«ով որ քեզ կծեծե, դու էլ նրան ծեծիր. նա, որ քեզանից չէ, նրա ապրանքը քեզ հալալ է, կռիվ տո՛ւր թշնամուդ հետ, այն կռվի մեջ թե սպանես, դրախտը կերթաս, թե սպանվես, դարձյալ դրախտը կերթաս»: Բոլորովին հակառակն է խոսում նա, ինչ որ ասում է հայի տերտերը մեզ:

Մուհամմեդը տվեց իր ժողովրդին սուր, բայց Քրիստո՛ս խաչը. ահա զանազանությունը մեր և մահմեդականների մեջ:

Արյուն թափելը, ուրիշի ապրանք խլելը` վատ բաներ են.բայց շատ հաճելի էլ չէ, որ մարդ թույլ տա իր արյունը թափեն, իր ապրանքը խլեն, իր զավակները հացից զրկեն: Ամբողջ աշխարհը մեկ կռվի դաշտ է, ուր զորեղն անզորին կլանում է, ոչնչացնում է. թե ուզում ես ուրիշի կերակուր չդառնաս, պետք է քո գլուխը պահելու ճարը գիտենաս: Մի՞թե գայլի հետ կարելի է գառն դառնալ. գազանի հետ պետք է գազան լինել, որ կարողանաս գլուխդ պահել: Շունը, որ շուն է, երբ նրան փոքր-ինչ նեղացնում ես, կծում է: Կատուն, որ կատու է, թե նեղացնես, կճանկռտե, նրա համար, որ նրանց հայրն ու մայրը, նրանց վարժապետները չեն սովորեցրել համբերել: Բայց մեր գյուղացիներին այսքան նեղացնում են, կաշին մաշում են, հոգին հանում են, նրանք դարձյալ համբերում են, որովհետև երեխայությունից սովորել են համբերել...

Բայց Կարոն և իր ընկերներն ուրիշ տեսակ մարդիկ են, իստակ այնպիսի մարդիկ, որպես պետք է լինի մարդը: Նրանք հորից և մորից որբ են մնացել, այդ պատճառով ընտանիքը չէ փչացրել նրանց: Քահանա-վարժապետից շուտ հեռացան, և դպրոցը չկարողացավ բոլորովին մեռցնել նրանց մեջ մանկության կենդանությունը: Ընկնելով այլ շրջանի մեջ, օրինավոր մարդկանց ազդեցության տակ, տարբերվելով աշխարհի փոթորիկների մեջ, նրանք ստացան բոլորովին այլ բնավորություն: Եթե հայոց զավակների գոնյա մի փոքր մասը այնպես լիներ, որպես Կարոն և սրա ընկերները, այդ ազգը շատ բախտավոր կլիներ...

Հայերը այս երկրի ազգաբնակչության մեջ բազմություն են կազմում.բայց քուրդը, որ ավելի սակավ է թվով, տուն-տեղ չունեցող, թափառական քուրդը տիրում է հային, նրա վրա աղայության է անում: Ի՞նչ է պատճառը, այն, որ քուրդը կենդանի մարդ է, իսկ հայը մեռած: Բանը շատության ու քչության մեջը չէ, գլխավոր բանը սրտի մեջն է. ի՞նչ կարող է շինել մի մարդ, երբ որ սիրտ չունի: Այսօր ես իմ աչքով տեսա, թե որպես երեք հոդի հայ տղերք կռվեցան ավելի քան հիսուն ձիավորի հետ. բայց ես այն ավազակներին ճանաչում եմ, նրանց գլխավորը Մուրադ– բեկն էր, որ իր խումբով մի ամբողջ երկիր կարող է թալանել:

Հիմա լսիր, որդի, ծերունի որսորդը խոսքը դարձրուց դեպի ինձ. թե ուղում ես այս աշխարհում ապրել, պետք է գայլի հետ գայլ դառնաս. գառան հետ` գառն. գլուխդ մի՛ խոնարհեցրու, թե չէ, ծեծողներ շատ կգտնվեն, ողորմած եղիր դեպի քեզնից տկարները, բայց թշնամուդ մի՛ խնայիր. սրբիր անբախտի արտասուքը, մխիթարե նրան, եթե այդ կպահանջեր մինչև անգամ քո կյանքը, քո արյունը:

Ծերունի որսորդի այս երկար քարոզի միջոցին ես ոչ այնքան լսում էի նրա խոսքերը, որքան նայում էի Մարոյի վրա. իմ բոլոր ուշադրությունը գրավել էր նրա երեսը իր շարժուն և զգայուն բացատրություններով: Հոր խոսքերը, երևում էր, թափանցում էին նրա սրտի խորքի մեջ, որպես բարեբեր սերմը պատրաստված հողի մեջ: Նրա աչքերն ավելի և ավելի վառվում էին, բարակ շրթունքները դողում էին. թշերի կարմրությունը բոլորովին թռավ, մնաց միայն մուգ-դեղնությունը, որ տալիս էր նրա դեմքին պղնձի գույն: Ի՞նչ էր, որ այնպես վրդովեց կիսավայրենի աղջկա սիրտը: Մի՞թե նրան ևս տանջում էր հայի թշվառությունը...

Be the first who will comment on this

Other parts of "Կայծեր"

Yatuk Music
Gayane - Lullaby
Aram Khachatryan

Gayane - Lullaby

The disaster of war
The disaster of war
Play Online