Raffi

Կայծեր

1 - ԺԳ, ԺԴ

ԺԳ

ՎՀՈՒԿԸ

Արեգակը բավական բարձրացել էր հորիզոնից: Վաղորդյան ցողը գույնզգույն գոհարների նման շողշողում էր նորաբույս խոտերի, թփերի տերևների վրա: Օդի մեջ տիրում էր գարնանային առավոտի մեղմ զովությունը, թեև դեռ գարուն չէր:

Իմ սիրտը զգաց անսահման բերկրություն: Ինչու՞: Ինքս էլ չգիտեի: Գուցե նրա համար, որ այստեղ ազատ էի, ոչ ոք չէր նեղացնում ինձ, ոչ մորից, ոչ վարժապետից երկյուղ չունեի:

Փոքր-ինչ հեռանալով աշտարակից ես սկսեցի դիմել դեպի ավերակները: Կիսակործան պարիսպների, խորտակած սյուների, մամռապատ կամարների բեկորները մեծ մասամբ կորած էին վայրենի բույսերի մեջ, որ ճոխությամբ աճել էին այնտեղ: Ոզնին, ահագին կրիաները, երկչոտ չախկալները համարձակ կերպով վազվզում էին փլատակաների մեջ:

Իմ ականջին զարկեց բուի ձայնը: Ավերակների այդ թագուհին իմ մանկության հասակից գրգռել էր իմ սնահավատությունը: Ես համոզված էի, թե նա էր այդ բոլոր կործանումների պատճառը: Կռացա, գետնից մի քար վեր առի, նայում էի չորս կողմս, որ գտնեմ, որ սպանեմ նրան: Բուն չէր երևում: Ես քարը նետեցի ուղիղ այն կողմը, որտեղից լսելի եղավ նրա ձայնը: Բարձրացավ մի ճիչ, որ նման էր ադամորդու հառաչանքի: Ես սոսկացի: Փլատակների մեջ կծկվել էր մի պառավ կին, փաթաթված հին, մուգ-կապտագույն սփածանելիքի մեջ: Ինձ երևաց, որպես թե, ավերակների մեջ բնակվող ոգիներից մեկը լիներ նա, կամ այն կախարդը, որ հսկում էր այդ անմարդաբնակ անապատի վրա:

Նրա երկար, կիսով չափ կռացած հասակը բոլորովին նման էր մի այլանդակ կմախքի, որի ցամաք կազմվածքի մեջ մնացել էին ոսկորները միայն: Միակ կենդանության նշույլը, որ նկատվում էր թուխ դեմքի վրա, էին զույգ կրակոտ աչքերը, որոնք վառվում էին դիվական խորամանկությամբ:

Նա խիստ մտերմապես մոտեցավ ինձ:

Ո՞վ ես դու, հարցրի ես.

Դու Կարոն չե՞ս... ասաց նա, առանց իմ հարցին պատասխանելու:

Նա խոսեց աղավաղված թուրքերեն լեզվով, բայց արտասանությունից իսկույն երևաց, որ ինքը բոշա է, թեև նա չէր պատկանում բոշաների այն ցեղերին, որ ես հաճախ տեսել էի մեր կողմերում:

Երևում էր, որ պառավը գործով եկած էր Կարոյի մոտ և սխալմամբ ինձ նրա տեղ էր ընդունում, որովհետև աչքերի տեսությունը սաստիկ թուլացած էր: Ես կամեցա Կարոյին զարթեցնել. հետո մտածեցի. ի՞նչ վնաս, առժամանակ ձևանալ, որպես թե ես Կարոն եմ: Իմ վարմունքը երեխայական անմիտ հետաքրքրություն էր և ավելի ոչինչ:

Հա՛, իմ անունս Կարո է, պատասխանեցի ես: Բայց ի՞նչպես են կոչում քեզ:

Բոշան զարմանալով նայեց իմ վրա, կարծես, չէր հավատում իր աչքերին և պատասխանեց պարսկերեն լեզվով.

Կարոն ինչո՞ւ է հարցնում իր աղախնի անունը: Կարոն գիտե, որ մարդիկ Սուսան են կոչում նրան: Կարոն բոլորը գիտե...: Երբ Դինբուլի խանը կողոպտեց, կոտորեց մեր ցեղը, Սուսանը կապեց իր քամակին Կարոյի երեխան և մենակ անցավ Հերաթի անապտներից...: Ա՜խ, Սուսանի աչքերի լույսը... Այն անցքից հետո Սուսանը վատ է տեսնում...

Այդ անկապ խոսքերը այն աստիճան մթին երևացին ինձ, որ ես ոչինչ չհասկացա, մանավանդ որ բոշան խոսում էր երրորդ դեմքով: «Կարոյի երեխա՜ն»... Մի՞թե Կարոն երեխա ունի. ո՞րտեղ է նա: Հերաթի անապատներից ազատել է նրան բոշան...

Այս բոլորը ինձ համար հանելուկներ էին: Միայն այսքանը հասկացա, որ Կարոն և խորհրդավոր պառավը նախածանոթներ են եղել: Միջին Ասիայի խորքերում, Ավղանիստանում, նրանք ունեցել են հարաբերություններ: Բայց ի՞նչ դեպքով, ի՞նչ առիթով: Այդ մասին չհարցրի պառավից, զգուշանալով, բոլորովին չմերկացնել ինձ, թե ես Կարոն չեմ:

Ես աշխատեցի ուղղել իմ անտեղի հարցմունքի սխալը, ասելով.

Ես բոլորը գիտեմ, Սուսան, դու այն ասա՛, թե ի՞նչ լուր ունես:

Պառավը որպես թե ինքն իր հետ խոսելով, ասաց.

Սուսանը կասե, Սուսանը նրա համար եկավ, որ ասե: Սուսանը չկարողացավ իր արտասուքը պահել, երբ տեսավ, խեղճ աղջկան...: Նա աղաչում էր. «Ասա՛ Կարոյին, որ ինձ այստեղ չթողնե. ես կմեռնեմ ցավից»...: Խե՜ղճ երեխա, ո՛րքան մաշվել էր նա...: Կմեռնի՜, անպատճառ կմեռնի՜ նա, եթե երկար այնտեղ կմնա...: Երեսին գույն չես տեսնի, օրինակ քեզ` կտավ... Ախ, Սուսանը էլ շատ չի ապրի, թե «նրա» գլխին փորձանք կգա...

Պառավը այլևս չկարողացավ խոսքը շարունակել, սկսեց դառն կերպով լաց լինել: Արտասուքը ավելի նսեմացրեց նրա աչքերի լույսը: Ես աշխատեցի մխիթարել նրան: Երբ մի փոքր հանգստացավ, հարցրի, ինձ բավական մոտեցած համարելով գաղտնիքի իսկությանը.

Ի՞նչպես դու մտար «նրա» մոտ:

Ի՞նչպես մտար... կրկնեց պառավը հեգնական կերպով և նրա ցամաք դեմքի վրա վազեց մի վայրենի ծիծաղ: Սուսանի ճանապարհը ո՞վ կարող է կտրել: Սուսանը ամեն տեղ մուտք ունի: Թե խանի ամրոցի, թե աղքատի խրճիթի դռները նրա առջև բաց են: Սուսանը կարդում է մարդերի ճակատագիրը. Սուսանը գուշակում է նրանց չարն ու բարին: Տո՛ւր ինձ ձեռքդ, գուշակեմ քեզ համար...

Կարծես նա մոռացավ առաջին տխուր զգացմունքը «խեղճ աղջկա» մասին. կարծես, նա մոռացավ, որ Կարոյի հետ էր խոսում: Այժմ տիրեց նրան այն, ինչ որ բոշայական էր, ինչ որ վայրենի էր: Նրա առաջին արտասուքը և վերջին ծիծաղը մի րոպեում այնպես փոփոխակի կերպով հաջորդեցին միմյանց, որ պարզ երևաց, թե ողորմելի կինը ցնորված էր:

Լավ, այդ հետո, թող մնա գուշակելը, պատասխանեցի ես: Դու այն ասա՛, թե ե՞րբ տեսար «նրան»:

Սուսանը մտավ ամրոցը, երբ առավոտյան ցողը դեռ չէր բարձրացել խոտերից. աղախինները վազեցին նրա առջևը, «եկ, մեզ համար գուշակի՛ր, Սուսան», ասեցին. հետո տարան...

Պառավը չավարտեց իր խոսքը: Սույն միջոցին մինարեթի դռնից երևաց Կարոյի գիշերային անքնությունից գունաթափված դեմքը: Պառավը մի խոժոռ հայացք գցելով իմ վրա, իսկույն թողեց ինձ, ասելով.

Դու Կարոն չես. դու խաբեցի՜ր Սուսանին...

Նրա խռովյալ ձայնի մեջ կար և՛ սպառնալիք, և՛ բարկություն:

Միևնույն է, նա իմ եղբայրն է, Սուսան, հանգստացրեց Կարոն, մոտենալով պառավին:

Նրանք առանձնացան մի կիսավեր պատի ետևի կողմը, և երկար կանգնած խոսում էին ինձ անլսելի ձայնով: Պատի վրա բուսած մացառների խտությունը դեռ չէր արգելում նրանց իմ տեսությունից: Կարոն գլուխը քարշ գցած, լսում էր: Պառավը ինչ որ պատմում էր նրան: Ես այժմ մասամբ հասկանում էի, թե ինչ առարկայի վրա էր խոսակցությունը: Սուսանի մի րոպե առաջ ինձ հաղորդած տեղեկությունները, որքան և մթին, որքան և կցկտուր լինեին, այսուամենայնիվ, ես նրանցից դուրս բերեցի հետևյալ եզրակացությունները. մի աղջկա, կամ մի կնոջ կյանքը վտանգի մեջ էր, նրա և Կարոյի մեջ կային գաղտնի կապեր. Կարոն աշխատում էր ազատել նրան. խորամանկ պառավը ծառայում էր այս ձեռնարկության մեջ որպես գործիք. աղջիկը կամ կինը գտնվում էր «ամրոցի» մեջ: Ո՞ր ամրոցում, ո՞ւմն էր պատկանում ամրոցը: Ահա այստեղ էր գլխավոր գաղտնիքը:

Ես երկար նայում էի կիսախելագար Սուսանի վրա: Երբ նա իր պատմությունը վերջացրեց, հանկարծ մի տեսակ ձայն արձակեց, որ ճիշտ նման էր միևնույն բուի ձայնին, որ լսել էի քանի րոպե առաջ: Սնահավատությունը կրկին տիրեց ինձ: Ես նկատեցի, մի փոքրիկ աղջիկ, խայտաճամուկ և ֆանտաստիկական հագուստներով, դուրս վազեց ավերակների միջից, մոտեցավ երկու խոսակիցներին: Կարոն գրկեց և համբուրեց նրան: Հետո պառավը փոքրիկ աղջկա հետ անհայտացան: Այս երևույթը այնքան հանկարծակի կերպով կատարվեցավ, որ ես բոլորովին ապշած մնացի: Ինձ թվում էր, թե փոքրիկ աղջիկը այն ոգիներից մեկը պետք է լինի, որ պառավ կախարդը պահում էր իր հրամանի ներքո, ման էր ածում իր հետ և ծառայեցնում էր իր հմայքների մեջ: Բայց ո՜րքան գեղեցիկ էր այդ նազելի արարածը: Ես նրա դեմքը տեսա մի սրընթաց փայլակի նման, որ իսկույն չքացավ, բայց թողեց իմ սրտում անջնջելի տպավորություն...: Բայց Կարոն ինչո՞ւ համբուրեց նրան. ո՞վ էր նա...

Ես կարծում էի, թե Կարոն չի թաքցնի, կասե ինձ բոլորը, թե ով էր այդ անծանոթ պառավը, թե ով էր այն փոքրիկ աղջիկը, որ հայտնվեցավ փլատակների միջից: Ես վճռեցի մինչև անգամ հարցնել նրանից, բայց չհամարձակվեցա, երբ նկատեցի նրա սարսափելի կերպով վրդովված դեմքը: Երևում էր, պառավի հաղորդած տեղեկությունները խռովության մեջ էին գցել նրան:

Այն պառավը ցնորվա՞ծ էր, հարցրի ես, երբ նա մոտեցավ ինձ:

Ոչ... միայն եթե մյուս անգամ կպատահի քեզ հանդիպել նրան, խնդրեմ, չհիշեցնել իր անցյալը...

Հետո խոսքը փոխելով, ասաց նա.

Մենք պետք է հեռանանք այստեղից, Ֆարհատ:

Ո՞ւր, հարցրի ես:

Ինքս էլ չգիտեմ: Մենք այն թռչուններից ենք, որ միշտ միևնույն ճյուղի վրա չեն նստում:

Ես ոչինչ չպատասխանեցի:

Դու երեկվանից միտքդ չ՞ես փոխել, հարցրեց նա, իմ ձեռքից բռնելով և մի կողմ տանելով, որպեսզի խոսակցությունը իմ և նրա մեջ առանձին լիներ:

Ես դժվարացա պատասխանելու:

Ինչո՞ւ չես խոսում:

Ի՞նչ խոսեմ:

Մենք պետք է հեռանանք այստեղից: Դու չե՞ս ցանկանում դառնալ քո մոր մոտ:

Ես ցանկանում եմ ձեզ մոտ մնալ:

Թո՛ղ տուր մեզ, Ֆարհատ, գնա՛, մորդ մոտ, մխիթարե նրա անբախտությունը: Հեռացի՛ր մեզանից: Մենք գլխից ձեռք վեր առած մարդիկ ենք...: Մեր նավը դեռ մրրիկների մեջ է գնում. ո՞վ է իմանում, ինչ կլինի նրա վերջը...: Քեզ վիճակված է բախտի ավելի խաղաղ բաժինը, Ֆարհատ, գնա՛ պսակվի՛ր Սոնայի հետ, նա քեզ սիրում է, նրա հետ ուրա՜խ կերթա ձեր կյանքը: Սոնան լավ աղջիկ է:

Վերջին խոսքերը շարժեցին իմ սիրտը և ակամա արտասուքը թափվեցավ իմ աչքերից: Կարոն այնպես ձևացրեց, թե չէ տեսնում և շարունակեց իր խրատները:

Հիշում ե՞ս, Ֆարհատ, երբ մենք դեռ վարժատան մեջն էինք, շատ անգամ ասում էինք միմյանց. «մենք եղբայրներ ենք, մենք պետք է միասին աշխատենք և միասին վայելենք մեր վաստակը»: Ես ունեմ այժմ մի փոքրիկ գումար, ահա այս քսակի մեջն է, ա՛ռ, քեզ եմ տալիս. նա ինձ պետք չէ: Այս գումարով դու կգնես քեզ համար մի կտոր հող, կսարքես մի արոր, քո ձեռքով կմշակես քո հողը: Քա՜ղցր է վաստակը, երբ մարդ ստանում է իր սեփական հողից:

Ես ետ մղեցի քսակը, պատասխանելով.

Հիշում եմ բոլորը, ինչ որ ուխտեցինք դեռ դպրոցում եղած ժամանակ: Բայց դու, երևի, մոռացել ես մի բան. մենք երդվեցինք և օգնել միմյանց ամեն փորձանքների մեջ մեր կյանքում: Այժմ ես ի՞նչպես կարող եմ հեռանալ քեզանից, երբ դու ինքդ ասում ես թե «ձեր նավը մրրիկների մեջ է գնում»...

Այդ ուղիղ է: Բայց ես ի՞նչ իրավունքով կարող եմ քեզ քարշ տալ այն փորձանքների մեջ, որոնց ես ինքս պատրաստել եմ ինձ համար...

Ինձ համար միևնույն է, թե ով է պատրաստել:

Բայց դու գիտե՞ս, որ ես այս աշխարհում կորցնելու ոչինչ չունեմ. իսկ քեզ կարոտ են մայրդ, քույրերդ և, վերջապես, Սոնան: Դու չե՞ս մտածում ազատել նրան, չէ՞ որ նա գերի է իր հոր, այն վայրենի հոր ձեռքում:

Ես մտածում եմ... ես մինչև անգամ խոստացել եմ ազատել նրան...: Բայց ես նրան կազատեմ, քեզանից չբաժանվելով:

Լավ, ասաց նա խռովյալ ձայնով: Այսուամենայնիվ, դու պետք է ընդունես այս քսակը. ուղարկիր մորդ, թող նա քաղցած չմնա. գուցե դու երկար բաժանված կմնաս նրանից...

Ես հրաժարվեցա, խնդրելով, որ նա ինքը կարգադրե որպես ցանկանում է:

Կարոն համաձայնեցավ: Բայց ես նկատեցի, թե որպե՛ս վառվում էին նրա լի վրդովմունքով աչքերը և ի՛նչպես անհանգիստ կերպով բաբախում էր նրա կուրծքը: Երևում էր, խիստ ծա՜նր էր նրա այն համաձայնությունը, որ տվեց ինձ իր մոտ պահելու համար...

Դու պիտի ընդունես մի քանի պայմաններ, Ֆարհատ:

Ամեն բանի հոժար եմ ես:

Լսի՛ր. քո աչքերը իբր թե ոչինչ չեն տեսնում, թեև շատ բաներ պիտի տեսնես:

Ես ինձ կույր կձևացնեմ:

Քո ականջները իբր թե ոչինչ չեն լսում, թեև շատ բաներ պիտի լսես:

Ես ինձ խուլ կձևացնեմ:

Քո լեզուն ոչինչ չպիտի խոսե, թեև շատ բաներ պիտի գիտենաս:

Ես ինձ մունջ կձևացնեմ:

Դու սեփական կամքի տեր չպիտի լինես:

Ես ամեն բանում կհնազանդվեմ քո կամքին:

Եվ իմ ընկերների կամքին:

Եվ քո ընկերների կամքին:

Բավական է, տուր ինձ ձեռքդ:

Ես ձեռք տվեցի, նա սեղմեց ինձ իր կուրծքի վրա և համբուրեց: Այդ եղբայրական համբույրը կնքեց մեր ուխտը...

Ես խոստացա խուլ լինել, մունջ լինել, խոստացա կույր գործիք լինել...: Ես խոստացա անսիրտ, առանց կամքի մեքենա լինել...

Ես կատարեցի իմ խոստմունքը:

Պարսկաստանում այն ժամանակ դեռ նոր էր կազմվել մի գաղտնի հիմնարկություն, որ կոչվում էր «ֆարամուշխանա», այսինքն մոռացության տուն: Այս տան մեջ ընդունվելու գլխավոր պայմանը այն էր, որ յուրաքանչյուր անդամ այնտեղից դուրս գալուց հետո պետք է մոռացության տար բոլորը, ինչ որ տեսել, ինչ որ լսել էր այնտեղ: Այսինքն` պետք է պահպաներ սաստիկ ծածկամտություն: Թե ի՞նչ նպատակ ուներ այդ գաղտնի հիմնարկությունը, ես չգիտեմ, որպես չգիտեին նրա յուրաքանչյուր անդամները, թե ինչ է գործում իրանից բարձր աստիճանի վրա գտնվող անդամը: Կրտսեր անդամը ավագի հլու գործքին էր, պետք է անպայման կերպով հնազանդվեր նրան, պետք է կատարեր ամեն բան, ինչ որ կհրամայեր նա, առանց գիտենալու, թե ինչ նպատակով էր գործում: Հիմնարկության բուն խորհուրդը պահվում էր նրա գլխավորների մոտ: Մյուսները անգիտակցական մեքենաներ էին միայն: Անդամների յուրաքանչյուրը առանձին նշաններից կարող էր ճանաչել մյուսին, առանց գիտենալու նրա անունը, նրա ո՛վ կամ ինչտեղացի լինելը: Միայն որոշ խմբեր իրանց մեջ գաղտնիք չունեին, իսկ ամեն մի խումբ առանձին վեր առած, միմյանց գործունեությունից տեղեկություն չունեին:

Կարծես, մի այսպիսի հասարակության մեջ էի ընկել ես: Ինձանից էլ խոստում առին, որ ամեն բան, ինչ որ կտեսնեմ, ինչ որ կլսեմ, մոռացության տամ: Ես կատարեցի իմ խոստմունքը: Իսկ այս տողերը, որ գրում եմ այժմ, գրում եմ ուղիղ հիսուն տարուց հետո, երբ այն անձինքը այլևս աշխարհի երեսին չեն մնացած, երբ նրանց գործունեությունը հայտնվեցավ և անհետացավ մի կարճատև փոթորիկի նման...

ԺԴ

ՁԻ

Դեռ երեխայությունից ես ձի նստելու սաստիկ սեր ունեի. այն ժամանակ այս ցանկությունը լցուցանում էի, հեծնելով փայտյա երկայն ձողի վրա, և ամբողջ ժամերով վազեցնում էի մեր բակում: Հետո, երբ փոքր-ինչ մեծացա, իմ փայտյա նժույգին փոխարինեցին կենդանի արարածներ: Մեր հորթերը հանգստություն չունեին ինձանից, և մինչև անգամ ահագին գայլանման Մըրոն մեր շունը երբեմն ստիպված էր ծառայել իմ զվարճություններին: Ես բռնում էի նրա երկայն ականջներից, թռչում էի մեջքի վրա, և խեղճ շունը բարեսրտությամբ ներում էր իմ հիմարություններին, գնում էր դեպի այն կողմը, ուր որ ես շուռ էի տալիս:

Երբ տասն տարեկան էի, ամեն երեկո անհամբերությամբ սպասում էի տավարների նախիրի արոտից վերադառնալուն: Հենց որ հեռվից նկատում էի մեծ ճանապարհի վրա փոշու ամպերի բարձրանալը, վազում էի նախիրի առջև, բռնում էի ավանակներից մեկին, նստում էի նրա մեջքի վրա: Ա՜խ, ո՛րքան ուրախանում էի ես, երբ իմ Պեգասը վազում էր հեռու և հեռու դաշտերի մեջ...: Իսկ հետո ավանակներին փոխարինեցին մատակ ձիաները: Առանց սարսափելու չէր կարելի նայել ինձ վրա, երբ ես դևի նման բռնած վայրենի մատակի բաշից, մրրիկի պես պտտեցնում էի մերկ և առանց սանձի ձիուն: Հովիվները բարկանում էին, զգուշացնում էին ինձ, բայց ի՞նչ ուշադրություն կդարձներ նրանց խոսքերին հանդուգն և զվարճասեր մանուկը...

Բայց ո՜րքան անգամ վեր ընկա ես... ո՜րքան անգամ ձեռքս, ոտքս կոտրեցի... ո՜րքան անգամ երեսս ջարդված, արյունաթաթախ տուն են բերել ինձ...: Մայրս լաց էր լինում, ասում էր` «ուր ես ադամորդու զարմ չեմ», թե ես «սատանայի ծնունդ եմ», թե ես «մի փորձանքով պիտի մեռնեմ», կամ գետի մեջ կխեղդվեմ, կամ ծառից, կամ ժայռից վեր կընկնեմ և կամ դաշտի գազանները կուտեն ինձ... Մայրս գնում էր, վարդապետիս պատմում էր իմ անկարգությունները, բայց ոչ նրա «ֆալախկան», ոչ նրա «խրատը» և ոչ «աղյուսի կտորտանքը» ոչ մեկը չկարողացան զսպել ինձ մանկական խաղերից, որոնք այնպես սաստիկ կերպով արգելված էին աշակերտներին:

Նույնպիսի սեր ունեի ես դեպի հրացան գործիքները: Երևակայեցեք այն ուրախությունը, երբ իմ մանկական երկու ամենագլխավոր բաղձանքները իրագործվեցան. ես այժմ ունեի ձի և զենքեր:

Նույն ավուր երեկոյան պահուն, որի առավոտյան ժամանակ ես ավերակների մեջ հանդիպեցի բոշա կնոջ հետ, կրկին հայտնվեցան երկու զեյթունցիները, որոնց մեկին կոչում էին Մուրադ, մյուսին Ջալլադ: Նրանք բերեցին իրանց հետ չորս գեղեցիկ ձիաներ: Երևում էր, այդ ձիաները մեզանից փոքր-ինչ հեռու գտնված լեռների մեջ պահում էին, որովհետև ավերակների մոտ արոտ չկար: Կարոն ինձ իր մոտ կանչեց, և հանձնելով ձիերից մեկի սանձը, ասաց.

Ահա քո ձին, ես գիտեմ, որ դու անվարժ չես լինի դրան զսպելու մեջ:

Հետո, տալով ինձ մի հրացան, մի զույգ ատրճանակ և մի թուր, ավելացրեց.

Ահա քո զենքերը, դրանց բանեցնելու մեջ դու նույնպես անվարժ չես մնա:

Ես ուրախությունից այն աստիճան շփոթվեցա, որ մի խոսք անգամ չգտա շնորհակալությունս հայտնելու միայն երեխայի նման փաթաթվեցա նրա վզովը և սկսեցի համբուրել: Ես երևակայում էի, թե աշխարհի բոլոր թագավորությունները ինձ են տված:

Կարոն տվեց ինձ և մի ձեռք շոր, պատվիրեց հագուստս փոխել: Իմ նոր հագուստի մեջ ոչ թե մայրս, ոչ թե տեր Թոդիկը, այլ սատանան ևս չէր կարող ճանաչել ինձ: Ես այժմ իմ հագուստով բոլորովին նման էի ընկերներիս:

Դե՛, նստիր, ասաց Կարոն, ինքն նույնպես իր ձին հեծնելով:

Ասլանը և Սագոն արդեն ձիավորված էին: Մենք ճանապարհ ընկանք: Երկու զեյթունցիները մնացին մինարեթի մեջ, երևի, այն պատերազմական մթերքը պահելու համար, որը ես ցերեկով տեսել էի աշտարակի վերին հարկում:

Արեգակի վերջին շառավիղները դեռ խաղ էին անում մինարեթի կապույտ մոզայիկների հետ, երբ մենք բաժանվեցանք այդ հսկա շինվածքից: Ես իմ ստացած նոր ընծաներով այնքան գրավված էի, մինչև անգամ ընկերներիցս չհարցրի, թե ո՞ւր ենք գնում: Իմ գեղեցիկ նժույգը ընթանում էր արագ, որպես մարդու միտքը. իմ զենքերը շողշողում էին փառավոր, սպառնական լուսով:

Կարոն չսխալվեցավ իր կարծիքի մեջ, այո՛, ես այնքան հմուտ էի զենքերի գործածության մեջ, որքան ձի հեծնելում: Շատ քիչ էր պատահում, որ իմ գնդակը շեղվեր նպատակից, որովհետև ես որսորդ Ավոյի թեև փոքրիկ, բայց լավ աշակերտն էի, աշակերտը այն մարդու, որի անվան հետ կապված էին այնքան սարսափելի պատմություններ...: Բայց նա մնաց միշտ բարի դեպի ինձ և դեպի մեր ընտանիքը: Նրա տնում միշտ գտնվում էր իմ համար մի ավելորդ հրացան, որով ես փորձեր էի անում: Առաջին փորձը արեցի մեր հավերի վրա. մայրս ինձ շատ անիծեց, երբ տեսավ, որ իր սիրելի վառեկներից մեկը թավալվում էր մեր բակի մեջ: Նա իսկույն վազեց վարժապետի մոտ բողոքելու...

Իսկ երբ որսորդը իր ընտանիքով թողեց մեր քաղաքը, մայրս մասամբ ուրախ էր, որ ազատվեցավ մի այսպիսի դրացուց, որը նրա կարծիքով, իր որդուն փչացնում էր, խելքից հանում էր: Բայց ես երկար չէի կարող մոռանալ բարեսիրտ Ավոյին, որի պատմություններն իր որսորդական կյանքից այնքան հետաքրքրում էին, այնքան ոգևորում էին ինձ...

Բայց ո՜րքան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ ճանապարհին Սագոն դարձավ ինձ այս խոսքերով.

Գիտե՞ս, ուր ենք գնում, Ֆարհատ:

Ինձ ոչինչ չէ ասել Կարոն, պատասխանեցի ես:

Դու հիշո՞ւմ ես որսորդ Ավոյին, այն լուռ, միշտ խոժոռ մարդուն, որ մի ժամանակ ձեր դրացին էր. մենք գնում ենք նրա տունը: Տե՛ս, այն սարերի մեջն է բնակվում նա:

Սագոն ձեռքը մեկնեց դեպի արևմուտք, կարծես, ես գիշերային խավարի մեջ կարող էի տեսնել նրա ցույց տված տեղը:

Հիշում եմ, պատասխանեցի ես մի առանձին բավականությամբ: Հիմա բոլորովին ծերացած կլինի Ավոն, տասներկու տարի է, որ չեմ տեսել նրան:

Հին վիշապները շուտ չեն պառավում: Դու կտեսնես նրան շատ քիչ փոխված, ասաց Սագոն իր սովորական հեգնական եղանակով: Բայց մի՛տդ է, Ֆարհատ, Ավոյի որդեգիրը` Հասոն, որին մենք դպրոցում կոչում էինք «էշի փալան»:

Որին մեր վարժապետը կոչում էր «սատկած», ավելացրի ես, որը ոչինչ չէր սովորում և շուտ հոգնում էր, երբ ման գալու էինք գնում. աշակերտները շատ անգամ ստիպված էին շալակել նրան և ետ բերել դաշտից:

Հենց նա, գտար. բայց հիմա որ տեսնես, չես ճանաչի, այնքան հաստացել է, սարի արջ է դարձել. երևի, վրա եկավ լեռնային օդը:

Ի՞նչ է շինում:

Գրողը տանի նրան, հիմա տուն ու տեղի տեր է դարձել, վար է վարում, ցանք է անում. կնիկ ունի. ամեն տարի երկու հատ ծնվում են. տունը լիքն է երեխաներով. ճանճերի նման վժվժում են:

Էլի այնպես մաղձո՞տ է, որպես առաջ:

Հիմա օրինավոր մարդ է դարձել. իստակ հոգի է տալիս, երբ նրա տունն ես մտնում. ուզում է` ինչ որ ունե, ինչ որ չունե, քեզ ուտացնել ու այնպես ճանապարհ դնե:

Ուրեմն հարո՞ւստ է:

Գութան ունի, անասուններ ունի. հենց ես ու դուն մնացինք առանց ոչնչի, Ֆարհատ:

Ինձ ամենից ավելի հետաքրքրում էր Մարոն, որսորդի աղջիկը, ցանկանում էի նախքան տեսնելս նրա մասին որևիցե տեղեկություն ստանալ:

Բայց Մարո՞ն, հարցրի ես:

Մարո՜ն... կրկնեց Սագոն մի առանձին ոգևորությամբ, այժմ այդ սև դևիկը իր թուխ աչքերով բոլորովին խելքից հանում է մարդուն...: Սատանա՜ն տանի նրան, էլի այնպես կծում է... էլի այնպես ճանկռտում է, որպես առաջ...

Նա միշտ կատվի բնավորություն ուներ:

Չգիտեմ ինչո՞ւ Սագոն ընկավ խորին տրտմության մեջ, երբ Մարոյի անունը մեջ մտավ: Նա վառեց իր ծխաքարշը, սկսեց ծխել: Հետո, երևի, առաջին խոսակցությունը մոռացության տալու համար, առաջարկեց ինձ ծխաքարշը ասելով.

Առ, ծխի՛ր այդ «սատանայի բուրվառը»:

Ես հայտնեցի, թե ծխելու սովորություն չունեմ:

«Ղարաչիների օբաներում ճգնավորություն չեն անում»... պատասխանեց նա ծիծաղելով:

Ես չհասկացա, թե ինչ էր ուզում ասել:

Շատ հասկանալի է, ասաց նա, սոֆիները, որ սկզբում չեն ծխում, հետո սկսում են ծխախոտ ծամել. ավելացնում են դրա վրա և աֆիոն ուտելը: Այսպես է լինում ամեն պահեցողների վերջը:

Ես ընդունեցի նրա ձեռքից ծխաքարշը, ճշմարիտ, նա դուր եկավ ինձ, թեև առաջին անգամն էր, որ ծխում էի:

Հա՛, այդպես, ասաց նա մի առանձին հաճությամբ, օրինավոր բան տեսար, մարդուն էլ է դուր գալիս, նրա ստեղծողին էլ:

Սագոն իր ծխաքարշը ընծայեց ինձ, ասելով թե ինքը երկու հատ ունի, և խնդրեց, իջևան հասնելու ժամանակ նրան հիշեցնեմ, որ ինձ ծխախոտ տա: Նա հավատացնում էր, որ առանց ծխախոտի, առանց արաղի ճանապարհորդությունը կյանք չունի: Այդ պատճառով, ես չդժվարացա ընդունել նրա ձեռքից արաղի շիշը, որ մի փոքր խուրջինի մեջ դրած, քարշ էր տվել իր ձիու թամքի ղաշից: Թեև իմ կյանքում ամենևին արաղ խմած չէի, բայց մի քանի կաթիլ կուլ տալով, շիշը ետ տվեցի. ինձ երևաց, թե բերանս կրակով այրեցին: Սագոն բավական խմեց:

Տաքացնում է, ասաց նա, այնտեղ, այն սարերի բարձրավանդակների վրա ցուրտ կլինի:

Եվ իրավ, քանի վեր էինք բարձրանում դեպի լեռան զառիվերը, գիշերային հովությունը այնքան զգալի էր դառնում: Մեր փոքրիկ քարավանը առաջ էր գնում ամենայն եռանդով: Ձիերը այն աստիճան սովորած էին լեռնային անցքերին, որոնց միջով վայրենի այծերը դժվարությամբ կարող էին անց կենալ: Մեր ճանապարհն ընկած էր նեղ կիրճերի միջով, ուր անհավասար, ալիքավոր դարուփոսերի և սարսափելի ելևէջների պատճառով, երբեմն ստիպված էինք ցած իջնել ձիերից: Այդ սաստիկ հոգնեցրեց ինձ: Բայց Սագոն հոգնություն չէր զգում. կարծես, ժայռերը, ապառաժներն իրանց սոսկալի պտույտներով ավելի ոգևորում էին նրան: Կարոն և Ասլանը գնում էին մեզանից քանի քայլ առաջ: Նրանք ինչ-որ բանի մասին տաք-տաք խոսում էին: Քամին, որ սկսեց փլել բարձրավանդակների վրա, չէր թողնում, որ նրանց ձայնը լսելի լիներ: Սագոն խոսում էր ինձ հետ, առանց լռելու, զանազան խառն և անկապ առարկաների վրա: Բայց որքան ես աշխատեցի նրանից որևիցե տեղեկություն դուրս քաշել իրանց անցյալ կյանքի մասին, օտար երկրներում, նա մնաց միշտ զգույշ և ոչինչ չհաղորդեց ինձ:

Բայց ո՜րքան դյութական ազդեցություն ունի լեռը, այն ևս հայկական ահավոր, սքանչելի լեռը: Այդ ազդեցության ոգևորությունը ես իսկույն նկատեցի Սագոյի մեջ, երբ նա սկսեց իր գեղեցիկ ձայնով եղանակել մի փոքրիկ երգ:

Be the first who will comment on this

Other parts of "Կայծեր"

Yatuk Music
Almast - Persian March
Alexander Spendiaryan

Almast - Persian March

The disaster of war
The disaster of war
Play Online