Raffi

Կայծեր

1 - ԻԱ, ԻԲ

ԻԱ

ՆԱԽԱԳՈւՇԱԿՈւԹՅՈւՆ

Արեգակն սկսել էր արդեն այրել. կեսօրվա տոթից դժվարանում էր մարդի շնչառությունը: Բաժանվելով Հասոյից, ես գնում էի մի նեղ շավիղով, որ տանում էր դեպի փոքրիկ վտակը ձորի մեջ. այնտեղ արծաթափայլ ջրի կանաչ ափերը հովանավորում էին մի խումբ ծառեր, որոնք տարածել էին իրանց ստվերը մետաքսի պես փափուկ խոտերի վրա: Ես շտապեցի այնտեղ փոքր-ինչ ազատ շունչ քաշել: Ծառերը նվիրական էին մի փոքրիկ մատուռի, որի կիսավեր փլատակները դեռ վայելում էին իրանց սրբազնական հարգանքը բարեպաշտ ժողովրդից: Մատուռի մի քանի ողջ մնացած կամարները, որոնք ազատվել էին ժամանակի մաշող ձեռքից, թաքնվել էին, միմյանց հետ խիտ փաթաթված թուփերի և մացառների մեջ, իսկ նվիրական ծառերը բարձր տարածելով իրանց ազատ ճյուղերը, գրկել էին իրանց ծոցում այն հինավուրց սրբարանը:

Ծառերից մի քանիսի ճյուղերի վրա փաթաթված էին գույնզգույն թելեր և շորերի կտորտանքներ: Տատս վաղուց մեկնել էր ինձ այսպիսի ծառերի նշանակությունը. նա ասում էր` «երբ սուրբ ծառի ճյուղին մարդ կապում է իր հագուստից մի կտոր, իր բոլոր ցավերը անցնում են այն ծառի վրա»: Իմ սիրտն էլ լի էր ցավերով... ես էլ տանջվում էի տխուր և հոգեմաշ զգացմունքներով... չթեթևացնե՞լ արդյոք այս անախորժ բեռը...: Ես դուրս քաշեցի իմ արխալուղի կալվածքից մի թել և դողդոջուն ձեռքերով կապեցի նվիրական ծառի ճյուղին:

Այս բավական չէ՛, լսելի եղավ մի ձայն:

Ես սոսկացի. տեսնում եմ` նույն ծառի բունի ետև կծկվել է մի կին: Սատանան իր բոլոր հրեշավոր այլանդակությամբ չէր կարող այնքան զարհուրելի լինել, որպես այն մռայլոտ կերպարանքը:

Թե ուզում ես լավը, Սուսանը կտա քեզ մի թիլիսման, այն ժամանակ ամենը կերթա` ինչպես եղն ու մեղր...

Ա՜խ, Սուսան, դո՞ւն ես, կրկնեցի ես ուրախանալով: Այստեղ ի՞նչ ես շինում, ո՜րքան վախեցա ես, Սուսան, ասա՛, տեսա՞ր «նրան», թե չէ՛ ...:

Դուն Կարոն չես, պատասխանեց բոշան, ամենևին չշարժվելով իր տեղից: Դուն Սուսանին էլ չես կարող խաբել...

Բոշան դեռ չէր մոռացել իմ խորամանկությունը, որ գործ դրի նրա հետ արաբական մինարեթի մոտ. բայց ես կամենալով փոքր-ինչ մեղմել իմ նրա վրա թողած վատ տպավորությունը, պատասխանեցի.

Դու խո գիտես, որ ես Կարոյի ընկերն եմ, նրա լավ ընկերը, Կարոն ինքն ասաց քեզ: Մոռացել ես, Սուսան:

Սուսանը չէ մոռացել, նա այդ գիտե:

Եվ խիստ մերձ նստեցի խորհրդական կնոջ մոտ, որ այն նվիրական ծառերի հովանու տակ ինձ երևում էր որպես գերբնական արարածներից մեկը, որոնք միշտ կերպարանափոխ են լինում: Եվ իրավ, Սուսանը այսօր այն չէր, որ տեսել էի առաջին անգամ արաբական ավերակներում. նա ինձ այժմ չէր երևում այն չոր ու ցամաք, այլանդակված պառավը, որի վրա չէր կարելի նայել առանց զարհուրանքի: Այլ ընդհակառակն, այսօր նրա աղոտ կերպարանքի մեջ ես նշմարում էի հետքերը վաղօրոք թառամած գեղեցկության: Նրա մաշված երեսը դեռ պահպանել էր իր ազդու, համակրական արտահայտությունը, և սևորակ աչքերը նայում էին խորին տխրությամբ, որպես հայելիներ, որոնց մեջ արտափայլում էին կոտրած և վշտահար սրտի բոլոր տանջանքները:

Դու այն օրից հետո տեսե՞լ ես Կարոյին, Սուսան, հարցրի ես, մտերմաբար նրա երեսին նայելով:

Այսօր դեռ մարդիկը ճաշ չէին կերած, Սուսանը տեսավ Կարոյին:

Բայց «նրա», այն աղջկա մասին, որ ամրոցումն է... ի՞նչ խաբար տվիր Կարոյին:

Այդ մի՛ հարցրու. Սուսանը չի ասի քեզ:

Դու գիտես, որ Կարոն ինձանից ծածուկ ոչինչ չունի:

Թո՛ղ նա ասե քեզ:

Ես տեսա, անկարելի էր այդ գաղտնիքը դուրս քաշել ծածկամիտ կնոջից, թողեցի հարցուփորձը: Նույն ժամուն Սուսանը իր նուրբ, շագանակի կեղևի գույն ունեցող շրթունքներից դուրս հնչեց մի օտարոտի ձայն, որ ավելի նման էր թռչունների ճլվլոցին, և իսկույն ոչ այնքան հեռու գտնված թուփերի միջից լսելի եղավ նույնպիսի ձայն: Րոպե չէր անցել, երբ այնտեղից դուրս վազեց փոքրիկ երեխա, որ գալով Սուսանի մոտ, կպավ նրա կուրծքին, և իր արևից այրված մերկ թևքերով գրկելով նրա պարանոցը, սկսավ համբուրել նրան:

Այս տեսարանը խիստ հոգեշարժ էր և իմ սնահավատության վրա ազդեց մի դյութական զորությամբ. ես մտածում էի` փոքրիկ երեխան չէ՞ արդյոք այն ոգիներից մինը, որի միջնորդությամբ Սուսանը կատարում է իր կախարդական արարողությունները: Իմ կարծիքին ավելի ուժ էր տալիս այն դյութական հագուստը, որ խիստ սազ էր գալիս նրա վայելուչ կազմվածքին, որի յուրաքանչյուր գծերից երևում էր վայրենի գեղեցկությունը իր պարզ և անկեղծ հրապուրանքով: Դա նույն երեխան էր, որ մի անգամ ևս երևցել էր ինձ արաբական ավերակներում, երբ առաջին անգամ տեսա Սուսանին:

Երբ նա տեսավ ինձ, թողեց Սուսանին և ժպտալով վազեց իմ մոտ, կարծես, ես նրա վաղեմի ծանոթը լինեի:

Գնի՛ր, պարոն, այս թիլիսմանը, Հյուբբին իր ձեռքովն է շինել, ասաց ինձ:

Նա կրկին ժպտեց և սև փայլուն աչքերով սկսեց նայել իմ երեսին, տալով ինձ սաթից շինած մի տափակ-քառանկյունի բան: Այն մի հմաեակ էր նախշած զանազան նշանագրերով, որի նմանը շատ անգամ տեսել էի կանանց պարանոցեն քաշ ընկած: Ես տվեցի իմ մոտ գտնված միակ արծաթի դրամը և գնեցի փոքրիկ կախարդից թիլիսմանը: Նա գլուխ տվեց և կրկին վազեց Սուսանի մոտ:

Հյուբբի, երգի՛ր մի բան պարոնի համար, նա քեզ ավելի փող տվեց, քան թե կարժեր քո թիլիսմանը, ասաց նրան պառավը:

Փոքրիկ աղջիկը, առանց քաշվելու, խիստ համարձակ կերպով եղանակեց մի թեթև երգ ինձ բոլորովին անհասկանալի լեզվով. միայն նրա ձայնը իր թարմ և քաղցր հնչյուններով բավականին ախորժ տպավորություն գործեց իմ վրա: Վերջացնելով իր երգը, նա կրկին վազեց իմ մոտ:

Տո՛ւր ձեռքդ, թող Հյուբբին գուշակե քեզ համար, ասաց նա իմ աջը բռնելով իր փոքրիկ ձեռքերով:

Ես թույլ տվեցի: Նա նստեց ինձ մոտ: Ես մինչև այսօր չեմ կարող մոռանալ, թե որպիսի խորհրդական ծանրությամբ փոքրիկ մարգարեուհին սկսեց իր գուշակությունները, իմ աջ ափի գծերի մեջ կարդալով իմ ճակատագիրը: Նրա խոսքերը թեև անկապ էին, որպես քրմուհու առեղծվածներ, բայց զուրկ չէին իմաստից. ես կարող եմ կազմակերպել այսպես.

«Քո կյանքի ճանապարհը փուշերով է ծածկված. ամեն մի քայլում դրած են քո առջև որոգայթներ. դու կընկնես նրանց մեջ, դարձյալ դուրս կգաս, միշտ քաջությամբ հաղթելով բոլոր դժվարություններին: Այդ կռիվը քո կյանքի մեջ կտևե երկար, մինչև քո գլխի սև մազերը ճերմակ գույն կստանան, այն ժամանակ կզարկե քեզ համար խաղաղության ժամը, և քո բախտի արևը, որ այժմ ծածկված է սև ամպերով, կրկին կծագե իր բոլոր պայծառությամբ»:

Նա կանգ առեց և րոպեական լռությունից հետո շարունակեց, «դու սիրում ես երկուսին, երկուսն էլ գեղեցիկ են, որպես դրախտի անմահ աղջիկներ. նրանք խիստ տաք սրտով կապված են քեզ հետ, բայց նրանցից և ոչ մեկը»...

Բավակա՜ն է, կտրեցի ես նրա խոսքը. գիտեմ ինչ պետք է ասես...

Նա տխուր կերպով նայեց իմ երեսին և թողեց ձեռքս, երևի վիրավորվեց, որ ես արհամարհեցի նրա արհեստը, ասելով.

Հյուբբի, դու խո ամենի համար այսպես ես գուշակում:

Նա բավականին հպարտ անձնասիրությամբ պատասխանեց.

Հյուբբին սուտ չի ասի. Հյուբբին խոսում է այն, ինչ որ հայտնում է նրան «գերագույն ոգին»:

Մեր խոսակցությունը բոլոր ժամանակ, թե Սուսանի և թե մանուկ գուշակողի հետ պարսկերեն էր: Բայց նրանց կանոնավոր արտասանությունից երևում էր, որ նրանք չէին պատկանում բոշաների այն ցեղերին, որոնց շատ անգամ հանդիպել էի ես Պարսկաստանում: Նրանց երեսների թե գծագրության նրբությունը, թե կաշու գույնը, որ ավելի սև չէր, թե բնավորության մեղմությունը, որ զուրկ չէր նույն ցեղին հատուկ կրքոտ աշխուժությունից, բոլորը ցույց էին տալիս նրանց բոշաների մի ավելի ազնիվ և առանձին ցեղին պատկանելը: Բայց ինձ զարմացնում էր փոքրիկ աղջիկը: Սուսանը նրա մայրը լինելու համար բավականին հասակավոր էր. ուրեմն ո՞վ պետք է լիներ նա: Ես հարցրի պառավից. մինչև նա իր բերանը բացելը, Հյուբբին պատասխանեց զարմանալի արագախոսությամբ.

Հյուբբին Սուսանի թոռն է, Հյուբբին անբախտ աղջիկ է, նրա մայրը կորած է, Հյուբբին պտռում է իր մորը, և նրա հայրը...

Պառավը չթողեց նրան վերջացնել իր խոսքը և ինձ անծանոթ մի լեզվով սաստիկ բարկացավ նրա վրա. խեղճ աղջիկը իսկույն սուս կացավ: Ես չհասկացա, թե ինչ ասաց Սուսանը, միայն նրա խոսքերից որոշեցի պարսկերենին շատ մոտ բառը «լռե՛»:

Երևում էր, Հյուբբիի անզգուշությունը սաստիկ խռովություն պատճառեց պառավի մեջ. նա վեր կացավ, և նույն լեզվով մրթմրթաց աղջկան մի քանի խոսքեր. երկուսը միասին ճանապարհ ընկան: Սուսանը ամենևին չնայեց ինձ և ոչինչ չասաց, միայն Հյուբբին մի քանի քայլ հեռանալով կրկին դարձավ, և փայլուն աչքերը իմ երեսին ձգելով, ժպտեց և գլուխը թափ տալով, շարունակեց իր թեթև քայլերը խորհրդական պառավի հետ: Քանի րոպեից հետո նրանք աներևութացան մերձակա լեռների մեջ:

«Հյուբբին անբախտ աղջիկ է... նրա մայրը կորած է... Հյուբբին պտռում է իր մորը, և նրա հայրը»...: Ո՞վ էր նրա հայրը, այդ խոսքը խորամանկ պառավը չթողեց գեղեցիկ երեխային վերջացնել: Երևի, մի աղոտ գաղտնիքով վարագուրված էր փոքրիկ գուշակողի ծագումը, որը նա անզգուշությամբ պետք է երևան հաներ. եթե ոչ, ի՞նչու պետք է Սուսանը այնպես վրդովվեր, ի՞նչու իսկույն պետք է հեռանար ինձանից: Նա վախեցավ` չիցե թե երեխան մի նոր անզգույշ խոսք դուրս թռցնե իր բերնից և հեռացրեց նրան: Անպատճառ այստեղ մի գաղտնիք կար, որ պետք էր գիտենալ, բայց ո՞րպես գիտենալ: Խորամանկ պառավը գնաց, կորավ անհայտ ուրվականի պես: Ո՞րտեղ կարելի էր տեսնել նրան մյուս անգամ: Բայց ի՞նչ է նշանակում նրա ստեպ տեսակցությունները Կարոյի հետ: Կարոն ի՞նչ գործ ունի այն մոլաշրջիկ թափառականի հետ. և նրանց հարաբերությունների հետ կապ ունի մի երրորդ անձնավորություն «ամրոցի աղջիկը», ահա գաղտնիքի գլխավոր մասը, որ ծածկված էր խավարի մեջ...

Բայց իմ մտքից չէր դուրս գալիս փոքրիկ գուշակողի պատկերը, ես առաջին անգամ տեսնում էի այնպիսի սիրուն երեխա, որի մեջ կար այնքան համարձակ անմեղություն, որի սիրտը այնքան տաք և զգայուն էր: Ես հավատում էի նրա խոսքերին, որոնցմով նա կարդաց իմ անբախտ ապագան. ես հավատում էի, որովհետև «գերագույն ոգին» այնպիսի անկեղծ արարածներին միայն կհայտնե մարդկանց ճակատագրի գաղտնիքները: Ահա՛, ասում էի ես, հավատարիմ դստերք բնության, որոնք ապրում են երկնքի թռչունների նման, «ո՛չ վարում են, ո՛չ ցանում են և ո՛չ հնձում են», բայց նրանք էլ աղքատ են և ապրում են ողորմությունով...

Կրկին տիրեցին ինձ սև մտածությունները, կրկին իմ սիրտը ընկավ անհանգիստ խռովության մեջ: Ես պառկած էի սրբազան ծառերի հովանու ներքո, բայց չուշացավ քունը, նա վերջ տվեց իմ անհանգստությանը:

ԻԲ

ՆԱԽԱԶԳՈՒՇՈՒԹՅՈՒՆ

Երբ զարթեցա, գիշեր էր: Ո՞րքան ժամանակ անցել էր օրից, քանի՞ ժամ քնել էի, ես չկարողացա գիտենալ: Փափուկ և տաք գիշեր էր: Ո՜րքան գեղեցիկ վառվում էր ամառային երկինքը իր փայլուն գոհարներով. ո՜րքան մեղմ և մտախոհ կերպով սահում էր կիսալուսինը պարզ եթերքի միջով:

Ես պառկած էի դալար խոտերի վրա, և խիստ ախորժ ծուլությամբ թավալվում էի մի կողքից դեպի մյուսը: Ականջ էի դնում: Ամեն տեղ տիրում էր խորին լռություն, բոլո՜րը հանգստանում էին: Արթուն էր միայն վտակը, որի ափի մոտ պառկած էի. ես լսում էի նրա խուլ-մելամաղձական խոխոջմունքը, նա անդադար վազում էր և վազում, նա քուն և հանգստություն չուներ: Ահա, հովասուն զեփյուռը փափուկ թևքը քսեց իմ երեսին և շվացնելով անցավ. կարծես, ուզում էր ասել` «տե՛ս, ես էլ արթուն եմ»:

Աչքս դարձրի դեպի աստղազարդ երկինքը: Նայում եմ: Այո՛, դեղեցի՜կ են աստուծո լուսավորները: Որոնում եմ նրանց մեջ իմ աստղը, երկա՜ր որոնում եմ, բայց չեմ գտնում: Ահա՛ երկու աստղեր. նրանք ծանոթ են ինձ, ես շատ անգամ տեսել եմ նրանց, համբուրել եմ... շատ անգամ նրանք նայել են ինձ վրա ջերմ քնքշությամբ...: Ես ճանաչում եմ ձեզ, սիրուն աստղեր, դուք նմանում եք Սոնայի տխուր և արտասվալի աչքերին, որպես այն վերջին գիշերը, երբ նա բաց արավ իմ բանտի դուռը և ասաց` «փախիր, Ֆարհատ»: Ահա երկու աստղեր ևս, ինչպես հպարտ և ինքնահավան կերպով փայլում են նրանք. նմանում են նրանք Մարոյի լի կրակով աչքերին, երբ նա հրացանը ձեռքին կանգնած, ժպտում էր այն սարսափելի րոպեում, երբ ես շաղախված էի ղաբանի արյունով:

Սիրո՜ւմ եմ ձեզ, գեղեցիկ աստղեր: Ահա՛ անցավ մի սև ամպ և ծածկեց իմ տեսությունից նազելի աչիկները...

Ա՜ խ, Սոնա... ա՜խ, Մարո...

Ի՞նչ է, լսելի եղավ մի ձայն և իմ առջև նկատվեցավ մի պատկեր, որպես կերպարանքը գիշերային ուրվականի:

Մի սարսուռ վազեց բոլոր մարմնիս մեջ:

Ես եմ, Ֆարհատ.

Ա՛խ, Մարո...

Երևակայեցեք իմ ուրախությունը, ուրախությունը լի վառված կրքերով մի պատանիի, որ գիշերային լռության մեջ, հեռու մարդկային բնակությունից, գտնում է նրան, որին սիրում է:

Մարոն նստեց իմ մոտ, իմ ձեռքը առեց իր երկու ափերի մեջ, և դրեց իր ծնկի վրա: Նա ուրախ, որպես միշտ, սկսեց պատմել` թե առավոտյան իր հորից իմացավ, որ իմ առողջությունը վատ էր. նա վազեց դեպի եղբոր ագարակը, տեսավ, ես այնտեղ չկայի: Այնտեղից շտապեց դեպի արտը, Հասոյի մոտ. եղբորից այսքանը իմացավ, թե նա տեսել էր ինձ կեսօրից առաջ, բայց չգիտեր, ո՛ւր կամ ո՛ր կողմը գնացի: Նա երկար որոնեց ինձ, մինչև արևը մտավ և օրը մթնեց. հետո նրան հանդիպեց մի բոշա կին, որ ասաց, թե տեսել էր ինձ «քանդված մատուռի» մոտ:

Ղու ճանաչում ե՞ս այն կնկան, հարցրի ես:

Երկրորդ անգամն է, որ տեսնում եմ նրան, պատասխանեց Մարոն:

Առաջին անգամն ե՞րբ էր:

երկու տարի առաջ: Ես տեսա նրան միևնույն հագուստով, որպես այսօր, էլի այն փոքրիկ երեխան իր հետն էր, որին այսօր տեսա: Ի՜նչ լավ երեխա է, Ֆարհատ, այնքան սիրտս սիրեց նրան, որ բռնեցի երեսը պաչ արի: Ախար մե՜ղք է անօրենի երեսը պաչ անելը. նրա ճակատին մեռոն չէ քսած. բայց ես նրան պաչ արի.նա այնպես լավ երեխա էր:

Ո՞րտեղ դու տեսար նրան երկու տարի առաջ:

Մարոն նկատելով, իր պատմությունը հետաքրքրում էր ինձ, շարունակեց.

Ես տեսա նրան այս ձորի մեջ, այս մատուռի մոտ. նա խոսում էր Կարոյի հետ: Ի՞նչ էր խոսում, ես չիմացա, նրա համար, որ նրանց լեզուն չէի հասկանում: Քանի օրից հետո Կարոն անհայտացավ մեր տանից. մենք չիմացանք թե ուր գնաց: Քանի տարի էր նրանից ոչ մի լուր չունեինք: Կարոյի գնալուց հետո, այն կինն էլ չերևաց: Այս անգամին, երբ Կարոն կրկին լուս ընկավ, բոշան էլի ման է գալիս մեր կողմերում:

Այն ժամանակ Ասլանը և Սագոն Կարոյի հե՞տ էին:

Չէ՛, նրանք չկային: Այս անգամ ետ դարձան միասին: Երկու շաբաթ է, ինչ որ եկել են:

Դու այսօր Կարոյին չե՞ս տեսել:

Ես քեզ ասացի, որ տանից դուրս եմ եկել առավոտյան.մինչև հիմա էլ սար, ձոր չեմ թողել, քո ետնեն ման եմ եկել: Հիմա ի՞նչպես է քեփդ, դու ողջ օրը հաց չես կերել. ի՜նչ գիժ տղա ես,Ֆարհատ:

Կարոն լավ տղա է, այնպես չէ՞:

– Լավ տղա է, բայց...

Նա կտրեց իր խոսքը, և րոպեական լռությունից հետո շարունակեց.

Գիտե՞ս, Ֆարհատ, քանի օրից հետո Կարոն իր ընկերների հետ գնալու են մի տեղ, դու նրանց հետ չգնաս:

Ինչո՞ չպետք է գնամ:

Այնպես... մի՛ գնա... ես չեմ կարա ասել... հայրս ինձ կսպանե, թե ասեմ...: Աղաչում եմ, Ֆարհատ, մի՛ գնա նրանց հետ:

Այդ խոսքերի միջոցին բարեսիրտ օրիորդի աչքերը լցվեցան արտասուքով. նա պինդ կպած իմ կուրծքին, գրկել էր ինձ, երկար և երկար աղաչում էր, որ ես չմասնակցեմ Կարոյի և նրա ընկերների արշավանքին: Բայց ի՞նչ արշավանք էր այդ, դեպի ո՞ր կողմը և ի՞նչ նպատակով, դրանց մասին ծածկամիտ Մարոն ոչինչ չհայտնեց:

Ա՜խ, Կարոն... նա սիրտ չունի... նա գազա՜ն է, մարդ չէ... նրա համար մի ադամորդուն սպանելը այնպես է, ինչպես խեղճ հավի վիզը կտրելը... Ես սուտ չեմ ասում, Ֆարհատ, ես իմ աչքով եմ տեսել..: Ա՜խ, հեռու կա՛ց այս մարդից, Ֆարհատ, չբարկացնես նրան... նա աստված չունի...: Նա բարեկամ, ընկեր, այս բաները չէ իմանում...

Այսպես խոսում էր Մարոն արտասվախառն հեկեկանքով, բայց ինձ բոլորովին անհավատալի էր երևում, մտածել Կարոյի մեջ մի այնպիսի վայրենություն, որպես նկարագրեց նրան Մարոն: Մի այնպիսի տղամարդ, որ բոլոր սրտով նվիրել էր իրան մարդասիրության գործին, չէր կարող գազան լինել: Ես Կարոյին լավ էի ճանաչում, ճանաչում էի նրան երեխայությունից, բայց մի՞թե փոխվել էր նա:

Ես չեմ հավատում, Մարո: Կարոն այդպես չէ, կտրեցի ես օրիորդի խոսքը: Ես նրանից չեմ բաժանվի, ուր որ գնա, ես էլ կգնամ նրա հետ:

Մարոն հայտնեց, թե ո՛րպես նա մի գիշեր սպանեց իր ամենալավ ընկերներից մեկին, մի հնդկացի հայ երիտասարդի, որի վրա փոքր-ինչ կասկած ուներ, թե կհայտնե իր գաղտնիքը. և ավելացրուց, թե կարող էր մինչև անգամ նրա դիակը ցույց տալ ինձ, որովհետև այս անցքը պատահել էր մի քանի օր առաջ: Միայն ինքը, Մարոն, չէր կարող ամեն ինչ բացարձակ ասել ինձ, որովհետև վախենում էր իր հորից:

Ես միշտ հավատարիմ կմնամ Կարոյին, ես դավաճանություն չեմ գործի նրա դեմ, ասեցի ես:

Հա՛, սիրելիս, նրա հետ պետք է այսպես լինել, պատասխանեց Մարոն փոքր-ինչ հանգստանալով: Ես չեմ ասում նա վատ տղա է. նա վատ է միայն վատերի հետ, ով որ նրան հակառակ է: Բայց նրա քարե սիրտը հանկարծ փափկանում է, երբ մի խեղճ մարդ է տեսնում. քանի՜ անգամ ես տեսել եմ նրան, որ մտել է աղքատ գյուղացիների խրճիթը և նրանց փող է բախշել. նա իր բերանի պատառը ուրիշին է տալիս, երբ տեսնում է, որ նա քաղցած է:

Բայց Ասլանը և Սագոն ի՞նչպես են:

Ասլանը լավ տղա է, բայց Սագոյին չեմ սիրում, նա լավ տղա չէ՛: Գիտե՞ս, Ֆարհատ, մի օր նա ի՞նչ ասաց ինձ. մեր բակումը նրա հետ մենակ կանգնած էինք. խոսում էինք մեր գյուղի աղջիկների վրա. մեկ էլ տեսնեմ, այն աղվեսը. ախար նրա երեսը աղվեսի նման է, հա՛, Սագոն ձեռքը գցեց իմ վզովը ու ասաց. «Թո՛ղ Մարո, պաչ անեմ քեզ»: Ես հետ քաշվեցա, մի լավ ապտակ` շըրըխկ նրա երեսին. քիչ էր մնացել խեղճի շիլ աչքերը քոռանային:

Իսկ եթե ես ասեմ` ինձ մի պաչ տո՛ւր, ի՞նձ էլ ապտակ կտաս:

Նա սկսեց ծիծաղել և ոչինչ չպատասխանեց:

Ես գլուխս խոնարհեցրի նրա կուրծքի վրա, երկար մեր շրթունքները չէին հեռանում միմյանցից: Մենք ոչինչ չուխտեցինք մեկ-մեկու հետ. մենք չխոստացանք միմյանց մշտական սեր, հավատարմություն. այսպիսի բացատրություններ չեղան մեր մեջ: Միայն սրտի խուլ լեզուն խոստացավ շատ և շատ, այն, որ ամենասրբազանն է և աստվածային, այն, որ միայն սիրտը կարող է հասկանալ:

Գնանք, ձայն տվեց օրիորդը, որպես թե զարթնելով խորին հոգեղմայլությունից:

Գիշերի ո՞ր ժամանակն է, հարցրի ես:

Նա նայեց դեպի երկինքը և պատասխանեց.

Տե՛ս, «բազումքը» երբ այն աստղի մոտ է հասնում, գիշերը կես է լինում: Ուղիղ կեսգիշեր է: Մենք վեր կացանք:

Մենք գնում էինք զանազան ոլոր-մոլոր ճանապարհներով. թե ի՞նչպես էի անցել ես այդ լաբիրինթոսը, ամենևին չէի հիշում: Ի՞նչ կլիներ իմ վախճանը, մտածում էի ես, եթե Մարոն ինձ չգտներ. ես ոչ միայն գիշերով, այլ լույս ցերեկով ևս չէի կարող գտնել Հասոյի ագարակը:

Մարոն կպած էր իմ կողքին, և մանկահասակ աղջկա դալար և թեքուն հասակի ամեն մի շարժմունքը էլեկտրապես ազդում էր իմ վրա: Բոլոր ժամանակը նա առանց լռելու խոսում էր, թռչելով մեկ մտքից դեպի մյուսը. երբեմն նա ասում էր` թե որքան լաց կլիներ, եթե ինձ չգտներ, թե նա բոլոր գիշերը կպտռեր ինձ, մի՜շտ կպտռեր: Հայտնում էր` թե իմ պառկած տեղը շատ վատ տեղ է, և նա ուրախ է, որ վտանգ չէ պատահել ինձ. ասում էր` թե այն ձորը կոչվում է Ղանլի-դարա (արյունոտ ձոր), որովհետև քիչ չէ պատահում, այնտեղ գտնում են սպանված մարդերի դիակներ: Բացի դրանից, ավելացնում էր նա, այնտեղ գազանները շատ անգամ պատառոտում են մարդկանց, երբ նրանք պաշտպանվելու զենք չունեին իրանց հետ: Հանդիմանում էր իմ անհոգությունը, թե ինչո՞ւ ես զենք չէի կրում, թե գոնյա պետք էր ունենալ իր մոտ մի ջուխտ ատրճանակ և խենջար:

Ապա դու ի՞նչպես առանց զենքի չվախեցար այն ձորը մըտնել, հարցրի ես:

Միթե գիշերն առանց զենքի մա՞ն են դալիս, պատասխանեց նա ծիծաղելով իմ պարզամտության վրա, և ցույց տվեց մի ջուխտ ատրճանակներ, որ թաքցրած ուներ իր գոտիի մեջ:

Եթե ցերեկ լիներ, Մարոն կնկատեր, թե որ՜պես կարմրեցա ես ամոթից...

Be the first who will comment on this

Other parts of "Կայծեր"

Yatuk Music
Cello Concerto
Arno Babajanyan

Cello Concerto

The disaster of war
The disaster of war
Play Online