Вахтанг Ананян
Հովազաձորի գերիները
7
Գլուխ տասնմեկերորդ. Թե ինչ կատարվեց Այգեձոր գյուղում, երբ ֆերմայից ստացվեցին այն չարաբաստիկ նամակները
Այգեձոր գյուղը գտնվում է Արարատյան դաշտի եզրին, այնտեղ, ուր Փոքր Կովկասը իր բազմաթիվ «ոտքերից» երկուսը զուգահեռ կախել է դեպի Արաքս։ Այդ «ոտքերի» արանքում է Այգեձորը, ուրեմն և քամիներից պաշտպանված, արևահայաց։ Ասենք, հենց անունից էլ երևում է, որ այդ գյուղը ձորի մեջ է և այգեշատ։ Լեռներից եկող բարակ առուն վերևի այգիներն է ջրում, իսկ Արաքսից եկող ջրանցքը՝ գյուղի առաջի տափարակը, որ ծածկված է բամբակի պլանտացիաներով։
Դե էլ ինչ Այգեձոր, որ ամեն տան նկուղում գոնե երկու-երեք կարաս գինի չլինի, այդքան գինի հո կոլտնտեսականներն իրենց տնամերձ այգուց կստանան, որքան էլ ձախլիկ նախագահ Հարութը տարեց-տարի խուզել-կրճատել է նրանց տնամերձ հողակտորների տարածությունը։
Մինչև հոկտեմբեր Այգեձորի յուրաքանչյուր բակում, յուրաքանչյուր ծածկի տակ իրենց լայն բերանները արևին հառած չորանում են կավե կարասները։ Ամառն ինչքան կարաս կա Այգեձորո՜ւմ… Իսկ հիմա՝ նոյեմբերին շրջիր գյուղը՝ ոչ մի կարասի չես հանդիպի։ Մտի՛ր մառանները, նրանք այնտեղ են, լցված Արարատյան դաշտի «արևային հեղուկով» և բերանները ծեփած սպասում են տոներին…
Հենց տոնի հետ կապված ծիսակատարությունները վերջանում են, մարդիկ կավե ամանները ձեռքներին մտնում են մառանները և առաջին անգամ կարասները բացում։ Արբեցուցիչ գազը խփում է դեմքիդ, շշմում ես, բայց և հաճույք ես զգում։
Ահա այդ օրերից է, որ սկսվում են խնջույքներն ու հարսանիքները, և այդ ժամանակ այգեձորցիք ճրագով մարդ են փնտրում, որ տանեն-հյուրասիրեն իրենց անմահական գինիով ու խորովածով։ Ասենք, Արարատյան բերրի հովտի ո՛ր գյուղում այդպես չեն, անծանոթ մարդուն երբեմն նույնիսկ գյուղամիջով կոպտությամբ քարշ են տալիս տուն… հյուրասիրելու։ Ով էլ դիմադրում է, վիրավորվում են, նախատում. «Ուրեմն ինձ մարդ չե՞ս հաշվում, ուրեմն չե՞ս ուզում իմ օջախը մտնել, չե՞ս ուզում ինձ հետ աղ ու հացի նստել…»։
Այդպես, տոների հետ սկսվում էր «կծպծան» մաճառի և խնջույքների շրջանը։
Ափսո՛ս, այս անգամ առատ ձյուն էր տեղում և այգեձորցիք զրկվեցին տերևաթափ այգիներում, ուշ աշնան թավիշ կանաչին ծալապատիկ նստոտելու և բացօթյա զվարճանալու հաճույքից։ Բայց, այնուամենայնիվ, նրանք տներում խնջույքներ կազմակերպեցին և ով ինչ ուներ հանեց-դրեց սեղանին, եփը նոր իջած կարմիր գինու գավերի մոտ։
Ո՞ւմ հյուր կանչես, բոլորն էլ առատ սեղան ունեն, բոլորն էլ հյուրի կարոտ։ Իսկ մենակ էլ հո քեֆ անել չի լինի։
Աշոտի հայրը՝ Արամը, և Գագիկի հայրը՝ այգեգործ Արշակը, «կատարները տաքացած» վեճի էին բռնվել գյուղամիջում, մեկը մյուսին դեպի իր տունն էր քաշում։
Քու արևը, Արշա՛կ, կնիկս էնպիսի կաքավներ է տապակել, որ մատներդ հետը կուտես, համոզում էր Արամը։
Ինչի՞, բա ես օջախ չե՞մ… գոռգոռում էր Արշակը, որ իր բարալիկ որդու հակապատկերն էր՝ կուրծքը լայն, ձայնը հզոր մի ամրակազմ հողագործ։
Վերջապես նա ուժի դիմեց. Արամին շալակեց և, չնայած գյուղացիները հռհռում էին հետևից, մի ջվալ կարտոֆիլի նման տարավ գցեց իր տուն ու դուռը հետևից փակեց։
Դե շորերդ հանիր լող տուր մեջը, ասաց նա՝ միջանցքում պատն ի վեր կանգնած ահռելի կարասի խուփը վերցնելով։
Էդպես բաներից ես վախեցող տղա չեմ, ես արջերի հետ կռիվ տված մարդ եմ, խելքդ ո՞ւմ վրա է գնում, բոլոր որսորդների նման գլուխը գովեց Արամը։
Բայց երբ Արշակի կինը գինով լիքը կավե գավը ձեռքին առաջ եկավ, թե՝ «Արամ եղբա՛յր, իմ ու քո երեխեքը իրար հետ ախպոր պես են, առ խմիր նրանց հաջողության կենացը», Արամն այդ վիթխարի գավի տեսքից ահով ետ-ետ գնաց, թեև կյանքում արջի առաջ անգամ նահանջած չկար… (այո՛, այդպիսի ազդեցիկ գավեր ունեն Արարատյան դաշտի բնակիչները…), «Էդքանը որ խմեմ, հո խելքս բոլորովին կկորցնեմ», մտածեց նա։
Այդ ժամանակ դուռը ծեծեցին, ձյունակոլոլ ներս մտավ փոստատարն ու ասաց.
Վա՛հ, Արա՞մ, դու էլ ես էստե՞ղ, էդ հո լավ է, նամակդ հեզ կտամ, թե չէ, էս ձյուն ու ցրտին հավես չունեի ձեր տուն գնալու։
Ու երկու նամակ հանձնեց՝ մեկը Արամին, մյուսը տանտիրոջը։
Մուրադ քեռի, մրսած կլինես, ներս համեցեք։
Չէ, պառավս սպասում է, ներս եկողը չեմ։ Գինի՞, հա՝ էդ կարելի է…
Ու ծերունին հենց շեմքում գլխին քաշեց իրեն առաջարկված գավը, մի սրտալի «օխայ» արավ, և երբ ընդհատված շունչը տեղը եկավ, խորին բավականությամբ արտասանեց.
Գինի հո չի, ասլանի կաթ է…
Այդ ժամանակ Արամն ու Արշակը, ծրարները բացած՝ նամակներն էին աչքի անցկացնում։
Վա՛հ, էս հո ասլան-բալեն է գրել, արևը կծեմ, բա ինքն ինչի՞ չեկավ, բացականչեց Արամը՝ որդու ծանոթ ձեռագիրը իր թավ բեղերին հպելով։
Ո՛նց թե, տեղ չեն հասե՞լ որ… Երեկ են ֆերմայից դուրս եկել…
Ասաց փոստատարը և զղջաց իր խոսքի վրա. Արշակի կինը, «Վո՜ւյ քոռանամ, երեխե՛ս», գոչեց ու գինու ամանը վայր գցեց ձեռքից։
Կաց մի տեսնենք, այ կնիկ, ի՛նչ է պատահել, էս լեն աշխարքում ո՞ւր պիտի կորչի, ավելի շատ իրեն, քան կնոջը սիրտ տալու համար ասաց ամուսինն ու շարունակեց նամակը կարդալ։
էս հո իրեն պապին է գրել։ Ա՛յ հեր, թոռդ ֆերմայից քեզ նամակ է ուղարկել, գոչեց Արշակը՝ գլուխը սենյակի բաց դռնից ներս խոթելով։
Հաա՜… ի՞նչ ա գրում, լսվեց ներսից։
Ի՞նչ, հիմի կարդամ։ Գրում է, թե քեզ ջահելացնելու է… հա՛, հա՛, հա՛… ծիծաղեց Արշակը, ապա շարունակությունը կարդալով, իսկույն լրջացավ, աչքերը ճպճպացրեց.
Ո՞նց թե Հեռավոր Արևելք… սարսաղ է լակոտը….
Այ տղա, չլինի՞ թե սրանք խոսքները մեկ են արել, հարբածի ծիծաղով խնդաց Արամը։ Հրես իմ մոզին էլ է գրում, թե՝ սիրտս ուզում է գնալ Հեռավոր Արևելք։ Հոր տղեն է, է՜, միշտ ուշքը սարերում, օտար երկրներում, որսի հետ… Դե լա՜վ, ի՜նչ եք ռանգներդ գցել, գնացել են գնացել… կգնան էլ, կգան էլ…
Ճիշտ են ասում, թե՝ խմած մարդու համար ծովը մինչև ծունկն է։ Ո՛չ իր որդու, ո՛չ Արշակի որդու նամակները և ոչ էլ Գագիկի մոր վշտահար դեմքը առանձին ազդեցություն չունեցան Արամի վրա։
Իսկ երբ ուշ գիշերին տուն վերադարձավ և այդ գույժն իմանալով՝ նրա կինը սկսեց ծնկներին խփել ու լալ, Արամը բարկացավ.
Ի՜նչ ես ձենդ գլուխդ գցել։ Տղա է, բա հո փեշդ չի բռնելու տանը նստի…
Բայց երբ քնեց, գինու ազդեցությունն անցավ, իր սովորության համաձայն զարթնեց լուսադեմից առաջ, այն պահին, երթ սովորաբար որսի էր գնում, որդու մահճակալը դատարկ տեսավ ու սիրտն ահ ընկավ… «Չլինի՞ թե մի բան է պատահել երեխիս…»։
Նա տագնապահար սկսեց հագնվել։ Կինը, շորերը հագին նստած, «ախ ու վիշ» էր անում, ամբողջ գիշերը աչքը չէր կպել։ «Վա՛յ բալես… վա՛յ բալես… յարաբ ո՞ր չոլում մնաց…», մրմնջում էր նա ու կոտրտում մատները։
Ես հիմի բրիգադիրի ձիով թռչում եմ ֆերմա, արևը դուրս չեկած մի լուր կբերեմ, մռայլ ասաց ամուսինը, հրացանը վերցրեց ու դուրս ելավ տնից։
Այ մարդ, թող լուսանա, գելերոց կլինես, էս բուք-բորանին ո՞ւր ես գնում, հետևից ձայնեց Սիրանը։
Ի՜նչ բուք, ի՜նչ գայլ, Աշոտի նման որդի էր կորցրել որսորդ Արամը, դադա՞ր կարող էր ունենալ…
Բայց նա ֆերմա չհասավ։ Կես ճանապարհին պատահեց Արշակը. ֆերմայից էր վերադառնում։ Դեռ երեկոյան կինն ստիպել էր գնալ ձմեռանոց՝ տղայի մասին, մի լուր առնելու։
Հաստատ փախել են Արևելք, կարճ ու վշտահար հաղորդեց Արշակը։
Ինչի՞ց գիտես։
Ամեն ինչից։ Նամակները կա՞ն։ Աշխենի աղջիկ Շուշիկը մորն ասել է՝ գնում ենք արևելք, ձուկ որսող արջերի մոտ… Երևի տղիդ խոսքերն է կրկնել…
Ասաց և իր խոսքից զղջաց. «Արամի սրտին չկպչի՞…»։ Եվ նրբանկատորեն ավելացրեց.
Ասենք, իմն էլ մի բարի պտուղ չի, նրա գլխից էլ են քամիներն անպակաս…
Բա հիմի ի՞նչ անենք, չգնա՞նք հանդերը ման գանք, ժողովրդին ոտքի չհանե՞նք…
Հանդում լինեն՝ կգան, հո խամ չեն։ Քո տղեն՝ որսորդ, Ավդալի տղեն՝ չոբան, ուստա շունը հետները։ Որ մեր հանդերում լինեին՝ ուր որ է գոնե շունը կերևար… Չէ՜, գլուխները քամի մտած մոզիների պես կորան-գնացին…
Եվ Արշակը գլուխն օրորելով, խթանեց ձին։
Կենդանիները, քրտինքի ու փրփուրի մեջ կորած, լողում էին խոր ձյան մեջ, դեպի գյուղ տանելով իրենց մտախոհ ու լուռ հեծյալներին։
Պատանիների կորչելու լուրը արագորեն տարածվեց գյուղում։ Դպրոցականները մտահոգ դեմքերով շրջապատել էին իրենց դասատուներին, դպրոցի դիրեկտորը հեռախոսով խոսում էր շրջանի միլպետի հետ։
Նորից կարդացին ֆերմայից ստացված նամակները, նորից հարցաքննեցին փոստատարին ու Արշակին, որոնք եղել էին «տեղում» ու խոսեցրել մարդկանց, և եկան այն եզրակացության, որ պատանիները իրոք գնացել են Հեռավոր Արևելք։
Այդ հասակում պատահում է… Այդ հասակի երեխայի գլուխը լիքն է լինում ցնորքներով, մանավանդ Աշոտի նման տղայի, ես նրան գիտեմ, ասաց դպրոցի դիրեկտորը՝ փոքրիկ մորուքով և կլոր մեջքով մի հին մանկավարժ։ Ցնորամի՜տ մանկություն… ես էլ իր ժամանակին փախել եմ տնից, իր հուշերից ալեկոծված, քնքշությամբ խոստովանեց նա։
Ուրեմն ժողովրդին հանդը չհանե՞մ, գոռաց նախագահ Հարութը։ Օ՜օ՜ֆ, իբր թե ես քիչ հոգս ունեի, էդ երեխեքն էլ մի կրակ դառան իմ գլխին…
Ու միշտ հոգսի տակ, միշտ խուճապահար Հարութը հարձակվեց Արամի ու Արշակի վրա։
Որ հիմիկուց փախչում են գյուղից, նրանցից ի՞նչ կոլխոզնիկ դուրս կգա, գոռգոռում էր նա։
Պարույրի որդուն նախագահը պաշտպանեց։
Ականջները կախ, գառան նման տղա է, ասում էր նա։ Արամի էն թոկից փախածն է նրան խելքից հանել, կամ ահ տալով հետը տարել։ Կանե՛ն, դրանք էդպես են, հերը ժողովներում ինձ ահ չի տալի՞ս, տեռոր չի՞ անում… Իրեն խելքովը քննադատող է դառել…
Լսում էր այս բոլորը Արամը, արյունը պղտորվում էր ու տնքում ինքն իրեն.
Ի՜նչ անեմ, թիկունքը պինդ է, շրջանում պաշտպան ունի, թե չէ ես գիտեմ, թե դրա բմբուլը ոնց քամուն կտամ..,
Թեև շրջանի օրգանները հեռագրեր տվին բոլոր կողմերի վրա, բայց հարկավոր էր, որ մարդ գնար փախած պատանիների հետևից։
Ո՞վ կար Այգեձորում հարմար մարդ։ Ամենից հարմարը դարձյալ պահեստապետ Պարույրն էր, մանավանդ որ իր որդին Էլ Էր խմբի հետ։
Պարույրին սկսեցին համոզել, որ մեկնի երեխաներին որոնելու։
Ռուսերեն գիտես, աշխարք տեսած մարդ ես, ասում Էր Գագիկի հայրը։ Թե մենակ հարմար չի, միասին գնանք, Արամն էլ կգա…
Արա՜մը… Արամը որ մարդ լիներ, ավազակ չէր ծնի։ Տղիս խելքահան են արել, ասում էր Պարույրը։ Նրա ականջները կարմրել էին բարկությունից, ճակատը՝ քրտնել, մոխրագույն աչքերը պղտորել, այդքան էլ նմանությո՞ւն իր որդուն։
Վեճերը թողնենք, հիմի պետք է երեխանց կողմը թռչել, առաջները կտրել, քանի անց չեն կացել, խաղաղասիրաբար ասում էր Արշակը։
Նրանց հերն էլ անիծած, ես տղա չունեմ, թող գնա, կտրեց Պարույրը և նախագահ Հարութին տեսնելով, շտապեց նրա մոտ։
Նա չէր հավատում երեխաների Հեռավոր Արևելք փախչելու լեգենդին։
Դե քանի որ նա «որդի չունի», կթվոր Աշխենն էլ այրի կին է, երկու երեխայի տեր, գյուղից դուրս գալ չէր կարող, հովիվ Ավդալն էլ իր հոտը չէր կարող թողնել, մնում էր, Արշակն ու Արամը մեկնեին։
Հիմար բան են ասում, ե՞րբ գնացին, կայարանից ո՞նց գնացք նստեցին, որ ոչ ոք չտեսավ։ Իսկ տոմսի փողը նրանց որտեղի՞ց, դատողաբար ասում էր Պարույրը։ Խելքների՜ն մտիկ, ասում են՝ գործդ թող գնա Հեռավոր Արևելք…
Հարութի մանր աչքերում հեգնանք երևաց։
Նրանք ի՞նչ են հասկանում քո գործերից… Հա, էն գինիները էս գիշեր պատրաստիր, որ էգուցվանից սկսում եմ ուղարկել Երևան, խանութին…
«Պատրաստիր» բառը նախագահը հատկապես շեշտեց և նրա մանր աչքերը պսպղացին։ Պահեստապետը հասկացավ և ուրախ աչքով արավ։
Կպատրաստենք, բա հո էնպես չենք ուղարկի, որ մարդիկ խմեն-թունավորվեն։
Ո՞նց թե թունավորվեն, ինչե՞ր ես դուրս տալիս։ Ուրեմն մեր գինին թունավո՞ր է, նախատինքով շշնջաց նախագահը։
Բա տասնվեց աստիճանը թույն չի, ինչ է…
Հա՜… Ա՜յ ավազակ… Իջեցրո՛ւ..
Եվ նախագահը, մի թաքուն ուրախություն սրտում, գնաց։
«Իջեցրո՜ւ» նրա այդ մի հատիկ բառը հարյուր հազարի գին ուներ։ «Իջեցնե՜մ, բա հո չեմ թողնի, որ քաղաքի սովետական ազնիվ բնակիչները տասնվեց աստիճանի գինի խմեն, խելքները կորցնեն ու սկսեն իրար վիրավորել… Չէ՜, Պարույրն այդպիսի անխիղճ բան չի անի։ Հիսուն տակառին մի քսան տակառ սարից եկող զուլալ ջուր խառնիր, թող աստիճանն իջնի, մարդավարի գինի դառնա, թե չէ էս գինին խմե՞լ կլինի…»։
Եվ Պարույրը ամուր որոշեց՝ չմասնակցել կորած պատանիներին որոնելու գործին. «Որ իրենցը գտնեն՝ իմն էլ հետը կգտնվի…»։ Այդ որոշումով էլ նա մտավ գինու նկուղը։
Եվ երբ մտավ, իրար կողքի շարքերով մեկնված տակառների տեսքից սիրտը փառավորվեց, այնքան էր հոգով կապված նրանց հետ։ Նրա հոգեկան աշխարհը, հուզումները, խիղճը, վշտերը և ուրախությունները, ինչպես և առհասարակ նրա ողջ էությունը կապված էր իր վստահությանը հանձնված պահեստներին և նրանցում ամբարված հանրային մթերքին։ Դրանից դուրս Պարույրը կյանք չուներ։ Պահեստը նրան ուժ էր տալիս, խոսքին՝ հեղինակություն, կամքին՝ ամրություն։ «Որ զգում եմ թիկունքումս պահեստներ կան, թվում է, թե կողքիցս մաուզեր է կախված՝ կրակելու պատրաստ…», մտածում էր նա։ Պարույրի խոսքն էլ էր անցնում գյուղում, շրջանում, բարեկամներն էլ էին շատ, հեռվից գլխարկները խոնարհաբար հանողներն էլ («Մարդ ուղղակի փառավորվում է, երբ երեկ քեզ արհամարհողը, էսօր ժպիտը դեմքին մինչև գոտին խոնարհվում է առաջդ ու քաղցր հարցնում՝ ո՞նց է առողջությունդ, Պարույր Ամբակումիչ…»)։
Ի՞նչ հարկ կար այսքան խոսելու պահեստապետ Պարույրի մասին, կհարցնի ընթերցողը։ Պարզեմ։ Մեզ հետաքրքրողը Պարույրը չէ, այլ նրա որդի Սարգիսը։ ժողովուրդն ասում Է՝ «Պտուղը ծառից հեռու չի ընկնի»։ Սարգիսը ոչ այնքան ժառանգաբար ստացել էր հոր այդ՝ սոցիալիստական համակեցությանն անհամատեղելի՝ գծերը, որքան մանկուց հոր արարքները տեսնելով («Աչքը տեսածից կսովորի») և նրա ձեռքի տակ դաստիարակվելով՝ այնպիսի մի արարած էր դարձել, որի համար աշխարհը պտտվում Է իր սեփական շահի շուրջը։
«Աշխարքը դմակ Է, դու դանակ, կտրի՛ր, ինչքան որ ուժդ կպատի», միշտ այդ էր լսել նա հորից և այդ էլ ամրացել էր նրա ուղեղի ծալքերում ու արյան մեջ։
Ահա ամբողջովին, մինչև ուղն ու ծուծը էգոիզմով ներծծված այս տղան էր, որ պետք է ընկերների հետ թև-թեևի, մեջք-մեջքի տված կռվեր դաժան բնության դեմ։
Այնպիսի ընկերների, որոնց ծնողներն ազնիվ հողագործներ էին և որոնք դաստիարակություն էին ստացել աշխատանքի բովի մեջ, համառության և աշխատասիրության ոգով։
Գլուխ տասներկուերորդ. Թե ինչպես ոչ մի շնչավոր չի համաձայնում կեր դառնալ ուրիշին
Բացվեց մեր խմբի գերության հինգերորդ օրը։ Երբ Աշոտը գլուխը վեր բարձրացրեց՝ տեսավ, որ Հասոն դանակով կտրտում է իր «տոլաղներից» մեկը։
«Ի՞նչ գործի ես», անձայն, ձեռքի շարժումով հարցրեց նա։ Հասոն աջ ձեռքը պտտեց գլխի վերև, քար նետելու նշան արավ և ժպտաց։
Պարսատի՞կ…
Հասոն հաստատեց գլխի շարժումով։
Գագիկը արթնացավ Աշոտի շշուկից, աչքերը տրորելով կուզեկուզ դուրս գնաց և շեմքից ձայն տվեց.
Աչքներդ լույս, նորից մի մետր ձյուն է եկել…
Տղաները սարսուռով ընդունեցին այդ լուրը, իսկ Շուշիկն սկսեց լուռ հեծկլտալ։ Նա վաղուց էր արթուն. այդ ցրտին աչք փակե՞լ կլիներ…
Այդ լավ է, ես հենց այդ ձյունին էի սպասում, կեղծ անհոգ ձևացավ Աշոտը։ Ձյան երեսը սառել էր, կաքավները փախչում էին։ Հիմա կխրվեն-կմնան։
Որտեղի՞ց ենք բռնելու, պոչի՞ց, թե գլխից, լրջորեն հարցրեց Գագիկը։
Եվ ամեն մեկը քանի՞ կիլո կլինեն, առաջին անգամ ուրիշների խոսակցությանը խառնվեց Հասոն և շիկնեց իր համարձակության վրա։
Վա՞յ, Հասո՞, մուկն էլ աղա՞նձ կուտի, դու է՞լ ես ինձ ձեռ առնում, զարմացավ Գագիկը։ Մի դեսը տուր, էդ որ տոլաղդ կտրտել ես, իսկ թե՞լ որտեղից ես ճարելու պարսատիկի համար։
Իմ գուլպան կքանդենք, արցունքը սրբելով առաջարկեց Շուշիկը։
Ես չեմ թողնի, որ քո գուլպան քանդեն, խուշկե՛ Շուշիկ, կարմրելով ասաց քուրդ պատանին։ Ա՞յ, տե՞ս, ինչքան թել կա իմ տրեխների վրա։
Հասոյի հագին «աջամի» կոչված տրեխներ էին, նրանց երեսը ամբողջովին պատած է լինում լավ ոլորած հաստ և գունավոր թելերի ցանցով։ Հասոն այդ ցանցը նոսրացրել էր և թել խնայել։ Թելերի ծայրերը նա կապեց տոլաղի կտորներին և ստացվեցին իսկական պարսատիկներ։
Սրանով խփել կարողանո՞ւմ ես, հարցրեց Հասոն Աշոտին և իր հարցից շփոթվելով, իսկույն ուղղեց։ Դե, իհարկե, կկարողանաս…
Իսկ դո՞ւ…
Ե՞ս… քիչ-միչ կարողանում եմ, համեստորեն արտասանեց Հասոն և իսկույն զղջաց, «հիմի կասեն գլուխը գովում է»։
Լա՛վ, եկեք երեսներս շփենք ձյունով։ Պա՛հ, ինչ շատ ձյուն է եկել… Այս ամբողջ օրը մենք պետք է որսով զբաղվենք… Նայեցեք, մոշահա՛վը, մոշահա՛վը…
Եվ Աշոտը, իր բաժին պարսատիկի մեջ մի կլոր քար դնելով՝ վազեց դեպի թփերը, ուր փորի տակը շագանակագույն, թևերը և ամբողջ մարմինը թխավուն, իսկ կտուցը կարմիր մի փոքրիկ թռչուն ճչում էր անհանգստացած և պոչը տմտմբացնելով ճյուղից ճյուղ թռչում։
Ձյունը խոր էր, քայլելը՝ դժվար։ Մի քանի անգամ թռչունի վրա քարեր նետելուց հետո, Աշոտը վերադարձավ քրտնած, հևալով։
Դա չի պրծնի, դա մերն է, իր անհաջողությունը քողարկեց նա։ Դա հեչ, գնանք կաքավի։ Շուշի՛կ, կրակը վառ պահիր, հիմի մենք կգանք։
Տղաները, իրենց զենքերը վերցնելով, լուռ դուրս եկան ու, մնացին այրի շեմքին կանգնած, ինչպե՛ս մտնել այդ ծով ձյունի մեջ, ինչի՞ համար, ի՞նչ հույսով…
Ձյունը շարունակում էր բարակ մաղել, օրը թխպոտ էր, մառախուղը իր թափանցիկ փեշերով ծածկել էր Հովազաձորի ապառաժե կատարները։ Ոչ մի կաքավ չէր երևում շրջակայքում և ոչ էլ ամեն օրվա նման նրանց ձայնն էր լսվում։
Բան չկա, մեզ ո՞ւր ես տանում, մի տասնյակ քայլ գնալուց հետո տրտնջաց Սարգիսը։
Դե ինչ դուրեկան բան էր խոր ու սառը ձյունի մեջ քայլելը։
Աշոտն իր վրդովմունքը հազիվ զսպելով բացատրեց ոչ այնքան նրան, որքան Գագիկի ու Հասոյի համար։
Այսպիսի եղանակին կաքավները տապ են անում ժայռախոռոչներում։ Պետք է թռցնել… Որ իջնեն փափուկ ձյան վրա, այն ժամանակ մերն են…
Ձե՞րն են՝ գնա բեր, փնթփնթաց Սարգիսը և ընկերների գցած շավիղից շեղվելով՝ մտավ թփուտները, ուր կարելի էր մասուր և մամուխ ճարել։
Չե՞ս գալիս, խստությամբ հարցրեց Աշոտը աչքերը փայլեցնելով։
Ի՞նչ տոնով ես հարցնում տո՜, ես հո քո ճո՞րտը չեմ…
Լա՛վ, չփոշմանե՛ս… Եկեք հետևիցս, տղե՛րք…
Եվ զայրույթից կարմրատակած, Աշոտը փնչոցով սկսեց ճեղքել ձյունը դեպի դիմացի ժայռը, որի լանջին ամեն օր նա կաքավի երգ էր լսում։ Քարակաքավները «նստակյաց» թռչուններ են, եթե այդտեղ էին օրեր առաջ, ուրեմն այդտեղ էլ մնացած կլինեն։
Գագիկը լուռ հետևում էր ընկերներին, նրա կատակները չքացել էին։ «Անհույս գործի ենք, բայց դե ոնց ետ դառնաս…», մտածում էր նա։
Այդ պահին բազեից հալածված մի խումբ ճնճղուկներ անցան նրանց գլխի վրայով և կորան թփերի մեջ։ Զարմանքը պատեց բնության գործերին գիտակ պատանուն, Հովազաձորում ճնճղուկն ի՞նչ գործ ունի… Նա գիտեր, որ սարերում, հանդերում գրեթե ճնճղուկ չկա, ճնճղուկներն ապրում են մարդու հարևանությամբ, նրա շինած շենքերում, նրա դրած դեզերում, նրա հովանու տակ։ Մարդը նրանց պահպանում է բազեներից, աղվեսներից, նրանք ձրի օգտվում են մարդու ստեղծած հազար ու մի բարիքներից։ Մա՛րդն է նրանց ապավենը, Հովազաձորում ճնճղուկն ի՞նչ գործ ունի։
Տղե՛րք, այս ձորում մարդ է ապրել…
Բայց «տղերքի» ուշադրությունն այն թփերի կողմն էր, ուր իջան ճնճղուկները, Աշոտին լսող չկար։
Նրանք ուսներից ցած դրին իրենց ծանր զենքերը, պարսատիկները պատրաստ մոտեցան թփուտին, և երբ թռչնիկները թռան խուճապահար, երեքով միասին «համազարկ տվին» խմբի մեջ։
Ազնիվ խոսք, մեկին վիրավորեցի, ցած գնաց, ճչաց Գագիկը ալեկոծված։
Մի՛ գնա, Գագի՛կ, էն իմ քարն էր… Առաջ, երբ խամ էի, իմ աչքին էլ էր էդպես երևում… Դա շփոթմունքից է… Գնա՛նք… ասաց Աշոտը։
Չգնային ինչ պիտի անեին, թևավորի հետևից ոտքով չես հասնի։ Չէ՜, էն փոքրիկ ճնճղուկ որսալն անգամ դժվար բան է եղել, նա էլ ամեն հնարք գործադրում է, որ ապրի, մեկ թփերի տակն է անցնում, մեկ՝ թևերին զոռ տալիս։
Նրանք շարունակեցին իրենց ճամփան դեպի ժայռերը, բայց Գագիկի ուշքը դեռ ճնճղուկների կողմն էր. «Մի՞թե ոչ մեկը չընկավ… Մի՞թե էն ընկնողը ճնճղուկ չէր», մտածում էր նա։
Մեծ տանջանքներով կտրեցին նրանք այն երկու-երեք հարյուր քայլ տարածությունը, որ բաժանում էր տղաների բնակարանը Կաքավի ժայռից, այդպես կոչեցին նրանք ամբողջովին ձյունով ծածկված և իր ճեղքերում աղքատիկ թփեր ունեցող այն ժայռին, որ ընկած էր Օձի անձավից դեպի արևմուտք և Հովազաձորը արևմտյան կողմից փակող բնական պարսպի անճոռնի բուրգերից մեկն էր կազմում։
Ուղղահայաց չէր այդ ժայռը, ուստի ձյունը առատությամբ նստել էր նրա թեք լանջին և նրա համատարած ճերմակի մեջ այստեղ-այնտեղ սևին էին տալիս խոռոչները, ոմանց պռնկին մի քանի փունջ դեղնած խոտ, ոմանց մեջ չորացած ցողուններ կամ մի լղարիկ թուփ, չէ՞ որ քամին հող ու փոշի է լցնում այդ ճեղքերը, ուստի և աղքատ բուսականություն է այդտեղ աճում, որն արմատների իր ցանցով դարերի ընթացքում քայքայում է ապառաժը ու նրա հաշվին ավելացնում իր հողի ու սննդի պաշարը։ Դրանք էլ հենց կաքավների տաքուկ բներն են խոր ձյունի ժամանակ. այդտեղ նույնիսկ քիչ-միչ կեր կա՝ խոտերի սերմերի թփերի կոկոններ, հատապտուղ։
Դեռ ժայռին չհասած, Աշոտը հրահանգեց ընկերներին.
Քարեր շպրտեցեք ու աղմկեցեք…
Տղաները շոշափելով քարեր էին հանում ձյան տակից ու աղմկելով նետում ժայռն ի վեր։
Աշոտի հաշիվները ճիշտ դուրս եկան, տղաների ձայներից և շան հաչոցից խրտնած կաքավները դուրս թափվեցին ճեղքերից ու. սկսեցին վազել ժայռի ճակատն ի վեր։ Նրանց ոտքերի տակը հաստատուն չէր, թաղվում էին նոր նստած փափուկ ձյան մեջ, ոմանք էլ նույնիսկ գլուխները խրում էին նրա խորքը, կարծելով, թե թաքնվեցին թշնամուց. երբեմն այդպես է վարվում կաքավը, երբ փախչելը դժվար է լինում, չէ՞ որ փափուկ ձյան միջից թռչելը հեշտ չի. ոտքը հենարան պիտի ունենա, որ ուժ տա-թռչի։
Ափսոս, հնարավոր չէր ժայռը բարձրանալ, թե չէ կարելի էր բռնել նրանց, որոնք գլուխները հիմարաբար տնկել էին ձյան մեջ։
Պարսատիկներո՜վ, պարսատիկներո՛վ… Հասո, գրպանումդ քարեր չկա՞ն…
Ֆռ՛ռ, ֆռ՛ռ, ֆռ՛ռ նետում էին նրանք քարերը, բայց այդ որ շնչավոր արարածը կհամաձայնի կեր դառնալ ուրիշին, այն մոշահավի և ճնճղուկների նման սրանք ես իրենց կյանքը փրկելու հնարը գտան, ձյան մեջ խրվելով հասնում էին որևէ քարի սեպ կատարի, թևերի թափահարումից ձյունը սեպի ծայրից ցած էր թափվում, քարը բացվում էր, ուրեմն և բացվում էր նրանց «տրամպլինը» թռչելուն օժանդակող պատվանդանը։
Թռ՛ռ, թռ՛ռ, թռ՛ռ… ձյունը ժայռի ճակատից ցած թափելով կաքավները իրար հետևից թռան-գնացին դեպի արևելք և իջան Օձի անձավից քիչ վերև։
Քաք գիրքա