Вахтанг Ананян

Հովազաձորի գերիները

15

Գլուխ քսանյոթերորդ. Թե ինչպես, այնուամենայնիվ, դժվարությամբ է դուրս գալիս արյան միջից այն, ինչ այնտեղ է մտել երեխա հասակում

Երեկոյան դեմ, երբ մեր գերիները հոգնած ու դադրած հանգստանում էին քարայրում, Սարգիսը մտադրվեց ընկերներին առաջնորդել դեպի «սկյուռի պահեստը» և նրա անցքը բանալով, ասել. ներեցե՛ք, ընկերնե՛ր, որ թաքցրել եմ։ Դո՛ւք փրկեցիք իմ կյանքը, դո՛ւք էլ կերեք, ձեզ հալալ լինի…

Բայց նա հիշեց տանջալից վերելքը դեպի քարայրը։ Հիշեց, որ իր ուժերն այնքան են պակասել, որ մի որևէ հիվանդություն՝ գրիպ, թոքերի բորբոքում, անգինա, կարող է իրեն տանել «մյուս աշխարհը»։ Այդ մտքից համակվեց կենդանական երկյուղով և նորից նրա մեջ գլուխ բարձրացրեց ամենազոր եսը, նա, որ այդ տղային իր կամքն էր թելադրել սկսած մանուկ հասակից։ «Նրանց ամեն մեկին երկու բուռ կհասնի, իսկ քեզ համար տասը օրվա սնունդ է։ Այդպիսի բան չանե՛ս, կյանքն ազիզ է ամեն բանից…», զգուշացնում էր այդ եսը։

Սկյուռի շտեմարանի շուրջը ներքին կռիվ սկսվեց Սարգսի մեջ և այդ կռիվը չթողեց, որ նա վճռականորեն ազնիվ քայլի դիմի։

Մեր պատանիների հպարտությունը թույլ չէր տալիս ձեռք տալու Սարգսից խլած ընկույզներին, որ Աշոտն իր զայրույթի պահին բուռ-բուռ նետել էր այրի մի անկյունը։

Այդ ընկույզից Հասոն ցանկանում էր մեկ-մեկ վերցնել, միջուկը հանել և դեմ անել իր սիրելի Բոյնախին, բայց չէր համարձակվում. ով գիտի ինչպես կընդունեին ընկերներն իր այդ քայլը… «Հարամ թիքեն մենակ շունը կուտի», յուրովի մտածում էր նա և այդ մասին ուզում էր հարցնել ընկերների կարծիքը։

Թեժ խարույկի շուրջը նստած նրանք զրուցում էին։

Սարգսին ազատելը նրանց ամրապնդել էր բարոյապես, ավելացրել էր ինքնավստահությունը։ Այդ համեմատությամբ այժմ ավելի հեշտ էր թվում փակված շավիղը բացելը։ Իրոք, ի՜նչ մեծ բան է ձյունը ցած թափելը, համեմատած այն մեծ ջանքերի ու տանջանքների հետ, որ նրանք քաշեցին վերջին օրերին։

Այդ մասին խոսեց Աշոտը ընկերների հետ և ներշնչեց նրանց այն հավատը, որ երեք-չորս օրում կարող են դուրս գալ ձորից։

Այդ մեծ գործի համար մի «փոքրիկ» բան էր միայն պակասում՝ սնունդը…

Բանն այն է, որ Սարգսին ազատելով, նրանք թեև բարոյապես ամրացել էին, բայց ֆիզիկապես թուլացել էին. դե հեշտ չէր կիսաքաղց վիճակում այնքան աշխատել և այնքան ապրումներ ունենալ…

Բացի դրանից, այն օրերին իրենք և աղետի ենթարկվածը սպառել էին սննդի ողջ պաշարը։ Ուստի խումբը վճռեց իր անդամներից մի մասին միայն հանել Դիվային կածանի վրա աշխատելու, մյուս մասը արևը ծագելուն պես պետք է տակնուվրա աներ ձորը և ուտելիք գտներ։

Դե քանի որ սննդի մասնագետը ինձ եք համարում, դրանով ես կզբաղվեմ, ասաց Գագիկը։

Շուշիկը պիտի մնար անձավում, վառելիք հայթայթեր, խարույկը վառ պահեր և խնամեր Սարգսին։

Աշոտը և Հասոն, որ ֆիզիկապես ավելի տոկուն էին, պիտի աշխատեին կածանի վրա։

Երբ այդ վճիռներն էին կայացնում, Սարգիսը նորից ներքին պայքար էր ապրում։ Նա հավատում էր Աշոտի խոսքին, որ երեք-չորս օրից մնաս բարի կասեն Հովազաձորին։ Դե որ այդպես է ինչու հրապարակ չհանի ընկույզի պաշարը։ Եվ նա քիչ էր մնում ասի՝ «Ուտելիք կա, բոլորդ գնացեք ճամփան բացելու», երբ մանկուց ի վեր իր հոգում բուն դրած «եսը» նորից զգուշացրեց. «Իսկ եթե հանկարծ ձյուն գա ու ամբողջ ձմեռը փակված մնա՞ս…»։

Չէ, մի քանի օր էլ սպասենք, տեսնենք գործն ինչ ընթացք է ունենում, վճռեց Սարգիսը և շարունակեց ականջ դնել Շուշիկին, որը (իր մտքերով տարված նա չիմացավ ինչ առիթով) ինչ-որ ջերմ խոսքեր էր ասում Հասոյի հասցեին։

Այո՜, մեր նեղ օրերին Հասոն մեծ գործ կատարեց, հաստատեց Աշոտը։

Եվ այդպիսի տղան դո՞ւրս է պիոներական կազմակերպությունից…

Շուշիկն այնպիսի նախատինքով էր խոսում, կարծես Աշոտն է մեղավոր, որ նա պիոներ չէ։

Դե ֆերմայում ոչ դպրոց կա, ոչ կազմակերպություն, ո՞վ է մեղավոր, ասաց Աշոտը։

Պիոներ չէ, բայց հոկտեմբերիկ եղել եմ, ժպտալով ասաց Հասոն։ Ախր ես մեր գյուղում դպրոց էի գնում…

Այո, կար ժամանակ, երբ Հասոն ևս դպրոցական էր։ Վերև, լեռներում մի փոքրիկ քրդական գյուղ կա, անտեղ է ծնվել Հասոն և այնտեղ էլ անց է կացրել իր դպրոցական կյանքի առաջին տարիները։ Ի՜նչ երջանիկ օրեր էին… Այն ժամանակ նա իրեն հասակակից շատ ընկերներ ուներ… Հետո կատարվեց այն, ինչ ինքը չէր նախատեսել. Այգեձորի կոլտնտեսությունը մի հմուտ հովիվ խնդրեց քրդական գյուղից։ Հայրը սիրով համաձայնեց տեղափոխվել հարուստ Այգեձոր. դե դա առաջին դեպքը չէր, արդեն սովորություն է դարձել, քուրդ հովիվները հաճախ են տեղափոխվում հայկական գյուղերում աշխատելու։

Հասոն ծնողների հետ տեղափոխվեց Այգեձորի ֆերման և դարձավ հոր օգնականը։ Այդպես էլ նրա ուսումը կիսատ մնաց։

Պատմեց այդ մասին Հասոն ընկերներին և կարեկցություն առաջ բերեց նրանց մեջ։ Այն ժամանակ Աշոտը ոգևորվելով մի տարօրինակ առաջարկ արավ.

Ընկերներ, ասաց նա, ես չգիտեմ իմ առաջարկը որքան է համապատասխան մեր պիոներական կազմակերպության կանոններին, բայց ես կարծում եմ, որ Հասոյին այսօրվանից պետք է պիոներ համարենք…

Նրա այդ անակնկալ խոսքից հովիվ պատանու դեմքն այնպես բռնկվեց, որ քրտինքի հատիկներ ցայտեցին ճակատին, թեև քարայրում բավական ցուրտ էր։ Նա գլխահակ լսում էր։

Դեմ չկա՞…

Ո՞վ պիտի դեմ լիներ այդ հիանալի առաջարկին, նույնիսկ Սարգիսը համակրանքով էր նայում Հասոյին։ Աշոտը հանեց իր վզկապը, անցկացրեց Հասոյի վզին և սովորեցրեց, թե ինչպես պիտի պատվի առնի և ինչպես երդում պիտի տա։

Ընդունված պաշտոնական երդման փոխարեն Հասոն ասաց իր զգացածը.

Ես իմ կյանքը չեմ խնայի ոչ մեր իշխանության, ոչ էլ իմ ընկերների համար։ Էս է իմ երդումը, կհավատա՜ք՝ լավ, չե՞ք հավատա՝ կապրենք կտեսնենք՝ հետո կհավատաք…

Ա՜յ հրաշալի երդում, գոչեց Գագիկը։

Բայց Աշոտը, այնուամենայնիվ, հարկ համարեց պիոներական պաշտոնական երդման խոսքերը մեկ առ մեկ կրկնել տալ Հասոյին. «Ես՝ Սովետական Միության պիոներս, հանդիսավոր կերպով խոսք եմ տալիս իմ ընկերների առաջ…»։

Եվ մենք նաև պետք է հոգ տանենք, որպեսզի մեր ընկեր Հասոն հայերենից գրագետ դուրս գա Հովազաձորից, հայտարարեց նա։

Գագիկի լեզուն խուտուտ էր գալիս, քիչ էր մնում վրա բերի, թե՝ «Որպեսզի կարողանա կարդալ պահեստապետ Պարույրի տված ստացականները», բայց հիշեց վերջին օրերի դեպքերը (որոնք, անկասկած, բեկման մոմենտ պիտի հանդիսանային Սարգսի կյանքում), հիշեց և զսպեց իրեն։

Հայերենից գրագետ գնա՞… Ուրեմն մենք այդքան երկա՞ր ենք մնալու այստեղ, երկյուղով հարցրեց Շուշիկը։

Ո՛չ, նա է արագ գրագետ դառնալու, շտկեց Աշոտը։

Ուրախ էր հնչում Հասոյի սրինգն այդ երեկո, և մեր պատանիների սրտերը թեթևացել էին թե՛ այն բանի համար, որ նա պիոներ դարձավ, թե՛ նրա համար, որ ճամփի կեսը արդեն բացված էր, թե՛ Սարգսին կործանվելուց փրկելու համար։

Գլուխ քսանութերորդ. Թե ինչպես մեծ փոթորիկներից առաջ միշտ խաղաղ է լինում բնության մեջ

Հաջորդ օրը արևը դեռ նոր էր ծագել, երբ Հասոն մտավ անձավը, իր սովորության համաձայն փռեց աբան և գրպանների պարունակությունը դատարկեց նրա վրա. լավ հասած զկեռ էր։ Ընկերների ջերմ վարմունքից զգացված, նա քիչ էր քնել այդ գիշեր և լուսադեմին գնացել էր նրանց համար սնունդ փնտրելու։

Դա ազատողներին ու հիվանդին, կարգադրեց «տնտեսվար Գագիկը»՝ իր բաժնից հրաժարվելով։ Դե՛հ, Բոյնա՛խ, մենք գնացինք որսի… Վա՜յ Հովազաձորի կենդանիներին…

Աշոտն ու Հասոն զկեռ լցրին իրենց գրպաններն ու գնացին Դիվային կածանի վրա աշխատելու, իսկ Շուշիկը իր քայլերն ուղղեց դեպի Կաղնուտ՝ վառելիք ճարելու։

Գագիկն իր հետ չէր վերցրել ոչ նետ-աղեղ, ոչ էլ պարսատիկ, թռչուն խփելու հույս չուներ, հատապտուղ էր փնտրում։ Շատ շրջելուց հետո հազիվ մի քանի բուռ կծոխուրի չորացած կարմիր հատիկներ գտավ, այն էլ այնքան թթու, որ ուտել չէր լինում։ «Սա դատարկ փորին հարմար չի, յուղալի փլավի վրա է լավ», դառնորեն մտածեց նա և դիմեց շանը։

Բոյնա՛խ, գնանք վերևի թփերը ման գանք։ Նա շոյեց գամփռի գլուխն ու ստացավ կենդանու լուռ համաձայնությունը, այդպես է, Բոյնախին միայն քաղցր խոսքով կարող ես կաշառել։

Ա՜խ, թե ձեռիս հրացա՜ն լիներ, տես քանի արծիվ էի երկնքից ցած բերում, ընկերների բացակայությունից օգտվելով շան առաջ պարծենում էր Գագիկը։

Միայն ներքևի տափարակում էր ձյուն մնացել, մեկ էլ Հովազաձորի այն լանջերին, որոնք նայում էին արևմուտք։ Արևելք և հարավ նայող լանջերը այնպես տաք էին ու չոր, որ Գագիկը գերադասեց ծռել ճամփան և քայլերն ուղղել դեպի այն կողմ։

Հարկ առ հարկ իրար վրա բարդված ժայռերի յուրաքանչյուր «հարկ» մյուսից բաժանված էր նեղլիկ դարավանդով-«տերրասով», որոնց վրա բարակ շերտով հող կար, դեղնած խոտ և ցրված թփեր։

Բոյնախը ինչ-որ կենդանու հոտ առնելով բարձրացավ այդ դարավանդներից մեկը և սկսեց թփերի մեջ հաչել։

Պինդ բռնիր, գալիս եմ, ներքևից հրահանգեց Գագիկը և շտապեց վեր։

Նրա ծնկները ծալվում էին, սիրտն սկսեց ուժգին բաբախել։ «Վայ թե արյունս պակասել է», մտածեց նա քարին նստելով ու իր զարկերակը բռնելով։ «Չէ՜, արյուն դեռ կա, ի՞նչ եմ նստել»։

Բոյնա՛խ, բաց չթողնես, գալիս եմ…

Իսկ Բոյնախը դունչը խոթում էր թփերի մեջ ու խայթվածի նման ետ ցատկում։

Երբ տղան մոտեցավ, տեսավ, որ շան թուխ քթի վրա արյան

շիթեր կան։ Նրա հայացքն ասում էր. «Բռնելու հարմարություն չունի, ինչպե՞ս վարվեմ»։

Դե իհարկե, հարմարություն չի ունենա, այդ կենդանուն եթե կարելի լիներ բերանով բռնել, նրա ցեղը ջնջված կլիներ աշխարհի երեսից։ Հենց մոտեցար՝ կծիկ է դառնում, սուր-սուր փշերով պատած կծիկ։ Դե փորձիր բռնել…

Խեղճ Բոյնախի ոչ միայն դունչը, լեզուն ու լնդերն էլ էին արյունոտվել…

Կա՛ց, դա քո բանը չի… Գտա՞ր, վերջացա՛վ, մնացածը վարպետ Գագիկի գործն է, շանը խրատում էր տղան։ Ոզնի՛… Մի հավի չափ մի՜ս… Տո ուրախացիր է՞… Շուշի՜կ, սայլը բեր ոզնին տանենք…

Սպասի՛ր, Գագի՛կ, ձեռք չտաս, գալիս եմ, ներքևից լսվեց աղջկա բարակ ձայնը։

Ձեռք չի տա, իհարկե, Գագիկը գժվե՞լ է, որ այս փշագնդին ձեռք տա։ Բայց ոտք կարելի է տալ։ Նա ոտքով գլորեց ոզնուն, գցեց իր գլխարկի մեջ և վերցնելով՝ քայլեց դեպի ընկերները։

Բոյնախը մնաց տեղում։

Գնա՛նք, հիմա՛ր, սրա փշերին մի՛ նայի, մեջը լիքը փափուկ միս ու յուղ է, գնանք բաժինդ ստացիր, հորդորում էր Գագիկը։

Բայց շունը դունչը մեկնում էր մի քարի ճեղքի, հաչում, նորից խայթված ետ ցատկում։

Էդ ո՞ւմ հետ ես խոսում, հևալով հարցրեց Շուշիկը։

Բոյնախի… մի գնա տես հո չի՞ խաբում։

Շուշիկը գնաց շան մոտ և քարի ճեղքում, չորացած տերևների մեջ մի փոքր ու գորշ կծիկ տեսավ։

Գագի՜կ, ոզնու ճուտ եմ գտել, գոչեց նա հանկարծ ուրախացած։

Անհամեստ հայտարարություններ մի անի, դա Բոյնախի գտածն է։ Փայտով գլորիր-գցիր փեշդ բեր…

Երբ հասան կրակի մոտ, Գագիկը իր առաջին գործը համարեց ոզնու մսից ճաշ պատրաստել, որի անունը «խորոված-սյուրպրիզ» պիտի դներ։ Իսկապես, Աշոտի և Հասոյի համար փափուկ ոզնու միսը շատ անակնկալ պիտի լիներ և իսկական «սյուրպրիզի» տպավորություն գործեր։

Բայց Գագիկը որքան չարչարվեց, չկարողացավ հասնել իր այդ նպատակին, մի առ ժամանակ եթե ձեռք չէին տալիս, ոզնին զգուշությամբ իր թուխ դունչը հանում էր փշերի միջից, բայց Գագիկը մոտենում էր, որ բռնի-մորթի, իսկույն կծկվում էր ու ցցում փշերը։

Գագի՜կ, մի՛ չարչարվիր, լսվեց հիվանդի թույլ ձայնը։ Դա միայն ջրի մեջ կբացվի… Ջուր գտիր։

Գագիկը դես-դեն ընկավ, ժայռի մեջ մի գուշ գտավ, ձյուն հավաքեց մեջը լցրեց, բայց որքա՞ն պիտի սպասեր, որ ձյունը հալվեր… Ստիպված Հասոյի նման քարեր տաքացրեց կրակի մեջ, որ լցնի ձյան վրա։ Իսկ Շուշիկը գունատ և փշաքաղված կուչ էր եկել քարի տակ ու նայում էր, թե ինչպես իրար է խառնվել տղան, բայց չի հաջողեցնում մորթել գերի կենդանուն։

Ո՞ւր ես, Գագիկ, ինչո՞ւ օգնության չես գալիս, կանչում էր Աշոտը վերևից։

Բայց Գագիկն իսկի իր որսի մոտից կհեռանա՞ր որ։ Ոզնին կտեսնի իր մոտ մնացել են մի անշարժ հիվանդ ու մի անճար աղջիկ։ Կծլկի՞, թե ոչ։ Իհարկե, կծլկի։ Այնպես որ անօգուտ ձայն տալուց ձանձրացած, Աշոտը ինքը ստիպված գնաց Գագիկի մոտ և իր նախատինքների տոպրակը բացելուց առաջ, բարեբախտաբար նկատեց խարույկից քիչ հեռու կծկված ոզնիներին։ Նրանցից մեկը շատ խոշոր էր, իսկ մյուսը փոքր՝ մի խնձորի չափ։

Առանց գնդակ արձակելու… իրեն ցույց տալով և աչքով անելով հակիրճ պարծեցավ Գագիկը։ Արդեն բաժանված են. փոքրին ես անուշ կանեմ, մեծին՝ դուք չորսով, փորերը՝ Բոյնախին։

Չեմ թողնի, չեմ թողնի փոքրիկին ձեռք տաք… Արի, ազիզ ջան, արի ինձ մոտ, թե չէ այդ տղաները խիղճ չունեն, կմորթեն քեզ…

Այսպիսի քնքուշ խոսքերով աղջիկը փոքր ոզնուն գցեց իր փեշը, նստեց և մնաց անշարժ։

Անփորձ փոքրիկը շուտով իր գլխիկը հանեց փշերի միջից և խոնավ դունչը առաջ մեկնելով, սկսեց հոտոտել աղջկա հագուստը։

Վա՜յ, ի՜նչ լավն է… չեմ տա, պիտի պահեմ տանեմ տուն, թռվռում էր Շուշիկը քաղց ու աղետ մոռացած։

Բայց դրա մորը կզոհենք… Դե՛հ, տանենք սպանդանոց։

«Սպանդանոց» Գագիկը այն գուշ քարին էր անվանում, որի մեջ արդեն ձյունը հալվել-լճացել էր։

Հասո՛, կարծես քո գրպանում մի նետ պիտի մնացած լինի, տուր ինձ։

Եվ Գագիկը ոզնուն դրեց իր գլխարկի մեջ։

Միտքդ բացատրիր, պահանջեց Աշոտը։ Նա նորից սկսել էր նեղվել, որ առանց իրեն հարցնելու գործեր են բռնում։

Բացատրե՛մ։ Ոզնին դնելու եմ ջրափոսի մեջ, բացվի։ Հենց որ գլուխը հանեց, որ չխեղդվի, վերևից նիզակս խրելու եմ ծոծրակը, որ չկարողանա գլուխը ներս քաշել….

Ա՛հ, անխիղճ…

Եվ Շուշիկը երեսը շուռ սովեց։

Իսկ Գագիկը շարունակում էր.

Ես կրիաներին էլ եմ այդպես մորթում, ազնիվ խոսք։ Դե նրանց հո պատյանից հանել չի լինի։ Բա՞, խելք է պետք է՞, խե՛լք…

Դու կրիա է՞լ ես ուտում, զզվանքով դեմքը թթվեցրեց Շուշիկը։

Կրիա՞… Կրիան ի՞նչ է, որ, կրիան պատյան հագած վառեկ է… Ի՜նչ միս ունի՜, մատներդ հետը կուտես… Դե, մեր զոհը տանենք սպանդանոց…

Քարե գուշի ջուրը ծանծաղ էր, նրա մեջ ոզնի չէր բացվի։ Բայց զուլալ ջրի տեսքը Գագիկի մեջ մի այլ միտք առաջ բերեց։

Ա՜յ հիանալի աղբյուր, գոչեց նա ուրախացած։ Ամեն առավոտ ձյուն լցրու, ճաշին եկ կռացիր վրան, խմիր… Հասո՞, ջուր ստանալու քո մեթոդն արդեն հնացավ…

Հեռու չի՞ մեր բնակարանից, հարցրեց Աշոտը աչքով չափելով։ Երևի հարյուր քայլ լինի։ Լա՛վ, եղա՛վ… Աղբյուր էլ ունեցանք, թեթևացած շունչ քաշեց նա։ Բայց պարզկա գիշերները ջուրը կսառչի…

Վրան կեծացած քարեր կլցնենք… Տեսե՞ք, էս քարերով եմ հալեցրել… Հասո՛, ներողությո՛ւն, քո մեթոդը կարող է մեկ-մեկ հարկավոր գալ… Է՛հ, բերեք ինչ որ անելու ենք, անենք Շուշիկի աչքից հեռու…

Շատ ճարպոտ դուրս եկավ ոզնին, և շատ էլ համեղ։

Ափսոս, ոչ մեկս գոնե ոսկրացավ չենք ընկել, որ ճարպ քսենք-առողջանանք, շաղակրատում էր Գագիկը։

Երբ կշտացան, ջուր խմեցին իրենց նոր աղբյուրից և հանգստացան, արևն արդեն թեքվել էր դեպի արևմուտք։ Բայց դրսում այնպես մեղմ էր ու տաք, որ ոչ ոք քարայր տեղափոխվելու մտադրություն չուներ։

Է՛հ, լավ է, նորից խաղաղ օրեր սկսվեցին մեր պատանիների համար։ Այսօր ոզնի գտան, վաղը մի ուրիշ բան կգտնեն, և թեկուզ կիսաքաղց՝ կդիմանան երեք-չորս օր ևս։ Եվ այն ժամանակ… Ի՜նչ ուրախությամբ են հարազատները դիմավորելու իրենց…. Այս մտքերն էին հուզում մեր պատանիներին այդ գիշեր։ Ոչ մեկը չէր ենթադրում, որ Հովազաձորի բնությունը նոր աղետ է պատրաստում իր գերիների համար։

Այո՛, այդպես խաղաղ է լինում միայն մեծ փոթորկից առաջ…

Գլուխ քսանիններորդ. Թե ինչպես հանկարծ գործեց բնության նիրհող և կույր ուժերից մեկը

Այդ գիշեր Հասոն խարույկի մոտ նստած երբեմն խանձողներից մեկն ու մեկը առաջ էր մղում, կրակը բորբոքում և հետն էլ մտածում էր զանազան բաների մասին։ Օրինակ, նա մտածում էր, թե այս ինչպե՛ս է, որ Հովազաձորի բոլոր անձավներն էլ ծածկված են վայրի այծերի կտիտով, ինչպես դա լինում է փարախներում, իսկ այն անձավում, ուր ապաստանել էին իրենք, ոչ մի կտիտ չկար։ Ուրիշ խոսքով, ինչո՞ւ քարայծերը մտնում են բոլոր անձավները, բացի այս մեկից…

Այդ երևույթի բացատրությունը չգտնելով, Հասոն նայեց իր քնած ընկերներին։ Ինչպե՜ս էին նիրհել խեղճերը…

Հագի աբան հանեց, զգուշությամբ գցեց Շուշիկի թիկունքին։ «Լա՜վ աղջիկ է…», անցավ նրա մտքով։ «Լա՜վ քույր կլինի, ախր ես քույր չունեմ…», ինքն իրեն ճշտեց նա և իր այդ նոր մտքից ժպտաց թախիծով։ Հետո շոյեց իր կարմիր վզկապը, ուշադիր նայեց։ Խարույկի լույսի տակ հրդեհվում էր կարմիր կտորը բոցե լեզուներից մեկի նման։

Ի՜նչ լավ է լինել պիոներ՝ «Լենինյան պիոներ»՝ Աշոտի ու Շուշիկի նման։

Նայում էր նա իր վզկապին ու հրճվում երեխայի պես։ Բայց ոչ, նա երեխա չէր, նա զգում էր, որ երդումն արտասանելուց հետո կարծես լրջացել, ծանրացել է և բարձրացել։ Իսկ գի՞րը… Տոպրակից հանեց իր տետրը, որի մեջ հայերեն տառերով մի հիսուն տեղ մեծ-մեծ գրել էր իր անունը՝ Հասո, սկզբում չանգռտելով, ծուռումուռ, հետո մի քիչ լավ։ Այսպիսով նա հո կարգին հայերեն գրել-կարդալ կսովորի։ Ինչպե՜ս կուրախանա հայրը։ Ուտելիք լիներ՝ նա իսկի չէր էլ ուզենա դուրս գալ Հովազաձորից, այնքան լավն են իր նոր ընկերները։ Ախր նա ոչ մի ընկեր չուներ, մանկություն չուներ, ֆերմայում բոլորն էլ հասակավոր մարդիկ էին, Հասոն մեծանում էր առանց հասակակից ընկերոջ։ Նա կարոտ էր ընկերոջ, նա երազում էր իր հասակի ընկերներ ունենալ։ Գուցե այդ էր պատճառը, որ անմիջապես սրտով ու անվերապահորեն նվիրվել էր կույր բախտի բերումով իրեն ընկեր դարձած այս դպրոցականներին։ Ինչքա՜ն բան գիտեն… Մեկ էլ տեսար տվին-անցան է՛լ Հնդուստան, է՛լ Իրան-Թուրան, է՛լ Յապոնի հողը։ Սրանք նույնիսկ գիտեն, թե ո՛ր երկրում ի՜նչ կենդանիներ կան։ Երևի դա է պատճառը, որ Հասոն այդ «գիտուն տղաների» հետ խոսում էր հատուկ հարգանքով, ակնածությամբ։ Նա հորից լսել էր, որ «ուսումը մեծ ուժ է» ու երազել էր ուսման մասին։

ՉԷ՜, ուսումն ուրի՛շ բան է, ուսում որ ունենար Հասոն, որ հայերեն կարդալ իմանար, հո պահեստապետ Պարույրը էն խաղը չէր խաղա նրա հոր գլխին։

Այս մտքից պատանու դեմքը մռայլվեց։ Նրա աչքն ընկավ այրի մի անկյունում խաշամի մեջ ցրված ընկույզներին։ Դա փոխեց նրա մտքերի ընթացքը։ Դրանք Սարգսի գրպանից հանված ընկույզներն են, որ այն երեկոյից մինչև հիմա թափթփված են մի անկյունում։ Ի՜նչ անհարմար բան եղավ… Երբ Հասոն հիշում է այդ դեպքի մանրամասնությունը, ամաչում է։ Ամաչում է, թե՛ Սարգսի փոխարեն, որ անազնիվ քայլ էր արել («Թո՛ւհ, քո նամուսին, մարդ էլ իր ընկերոջից ուտելի՞ք կպահի…»), թե՛ Գագիկի փոխարեն, որ առանց քաշվելու խուզարկեց նրան (ինքը գետինը կմտներ՝ այդպիսի բան չէր անի), թե՛ Աշոտի փոխարեն, որ ապտակեց ու այնքան ծանր խոսքեր ասաց Սարգսին, այնպիսի խոսքեր, որոնցից ամեն մեկը ինքը մի փութ մեղրով կուլ չէր տա։ Այդքանը լսելուց հետո մարդ լավ է մեռնի, էլ ի՞նչ երեսով է ապրում էս աշխարհում…

Թեև բոլորն էլ քաղցած էին, բայց ոչ ոք դեռ ձեռք չէր տվել ընկույզներին։ Շատ անհարմար դրություն էր ստեղծվել, ընկույզին նայելիս երևի հիշում էին «այն դեպքը» և բոլորն էլ ամաչում էին։ Սարգիսը նույնպես չէր համարձակվում ինքն ուտել կամ առաջարկել ընկերներին։ Դե այնքան «խոսք ու զրույցից» հետո ո՞վ ձեռք կտար, ամենքն էլ մարդ էին , ամենքն էլ ինքնասիրություն ունեին… Եվ Հասոյին դա հասկանալի էր, նա ինքն էլ սովից կմեռներ, բայց ձեռք չէր տա «հարամ թիքին»։ Ինչքան փորի մեռած մարդ պիտի լինի, որ իր պատիվը դնի ուտելիքի համար, մտածում էր Հասոն։ Բայց շանը հո՞ կարելի է տալ։ Խե՜ղճ Բոյնախ, ի՜նչ օրն է ընկել, ոսկորները համրվում են, ուժ չունի, որ հաչի։ Որ պառկում է՝ չգիտես քնա՞ծ է, թե ուշքը գնացած… Հե՜յ գիտի ասլան-Բոյնախ… քա՜նի-քանի անգամ է ոչխարի հոտը գայլերից ազատել. գա՞յլ կկանգներ նրա առաջ… Ակնակիր գիշերներին որ ձորերը դղրդացնում էր, գայլերը «մկան ծակին օխտը թուման էին տալիս»։ Հիմի՝ անշարժ մեկնված է, աչքերը կիսախուփ։

Պատանու այտերով արցունքներ գլորվեցին։ Ձեռքը դրեց իր մանկության ընկերոջ բրդոտ վզին ու ցած նայելով հարցրեց.

Բոյնա՞խ….

Շունն աչքերը բացեց, պոչը թույլ շարժեց և լիզեց տիրոջ ձեռքը։ Նրա թախծոտ աչքերում այնպիսի քնքուշ սեր ու նվիրվածություն կար, որ… Եվ այդ հայացքը կարծես ասում էր. «Է՛հ, ի՞նչ արած, որ վիճակված է մեռնել, միասին կմեռնենք…»։

Կենդանու այդ հայացքից Հասոն սթափվեց, ձգվեց.

Ուրեմն Հասոն մեռա՞ծ է, որ դու…

Խոսքը չավարտած, նա վճռականորեն վեր կացավ, վերցրեց մահակը, որ դուրս գնա։

Բայց ո՞ւր գնար, որտեղի՞ց ուտելիք ճարեր իր բրդոտ եղբոր համար, ինչպես քուրդ հովիվն է անվանում իր շանը։

Աչքը նորից ընկավ ընկույզներին։ Գնաց նստեց անկյունում, դանակը հանեց և սկսեց անձայն կճպել ընկույզները և նրանց միջուկը դնել շան բերանը։ Կենդանին հաճույքով ուտում էր և պոչը շարժում։ «Էս ի՞նչ եմ անում, բա նրա՞նց», մտածեց Հասոն։ Ապա մտածեց, որ նրանք չեն մոտենա այդ «կռվախնձորին», ընկույզները ինչ-որ վատ բան էին հիշեցնում իր ընկերներին և պղտորում նրանց տրամադրությունը, իսկ Բոյնախը այնքա՜ն գործ է արել ֆերմայում, այնքա՜ն օգուտ է տվել գյուղին։ Նա արժանի է, նրա կերածը կորած չի։ Այդպես արդարացրեց իր արարքը Հասոն և, առանց մի կտոր բերանը դնելու, ընկույզը կերցրեց շանը։ Միայն մի քանի միջուկ քնքշությամբ դրեց Շուշիկի գրպանը և խաղաղված գնաց-պառկեց իր տեղը, որ կրակից հեռու էր. ամենալավ տեղերը նա ու Աշոտը զիջել էին ընկերներին։ Սարգիսը բնազդորեն սողալով մոտեցել էր կրակին և գրավել այրի ամենատաք ու ամենահարմար տեղը։ «Էլի՛ չի խրատվում, էլի՛ ի՛ր մասին է մտածում», գլուխը շարժելով ծլթծլթացրեց Հասոն և պատրաստվում էր քնելու, երբ հեռվից գայլերի ոռնոց լսեց, երկար ու չարագուշակ։

«Արծվաքարի գլխին են պպզած», իսկույն նրանց տեղը որոշեց Հասոն ու մտածեց. «Խե՜ղճ իմ հեր, հիմի գոմի առաջ յափնջու մեջ կուչ եկած իմ մասին է մտածում…»։ Այդ մտքից տղայի սիրտը լցվեց, բայց մի բան խանգարում էր նրան կենտրոնանալ մի որևէ մտքի վրա. այրի խորքում ջուրը շարունակում էր վշշալ, չռռալ և այնպիսի ահալի ձայներ էր հանում, որ մութ ու սնոտիապաշտ պատանու գլխով հազար ու մի մտքեր էին անցնում. «Դևե՞ր են, չարքե՞ր են, ի՞նչ են…» (հին հովիվները չարքերի մասին այնքա՜ն հեքիաթներ էին լցրել նրա գլուխը…)։

Եթե ջուր է, որտեղի՞ց է գալիս, ո՞ւր է գնում։ Ա՜խ, հնարավոր լիներ հասնել այդ հեռավոր ջրին։ Որքա՜ն գլխացավանքից կազատվեինք, հե՞շտ էր ամեն ծարավելիս քար կարմրացնել ու նրանով ջուր ստանալ։ « Է՛հ, ուտելիք ճարեինք, ջուրը ոչինչ…», մտածեց Հասոն, շուռ եկավ, մեջքը դեմ արավ Աշոտի թիկունքին և քնելու դիրք ընդունեց։ «Որ թիկունքներս տաք լինի, մնացածը՝ հեչ», մտածեց նա և դեմքով դեպի այրի խորքը սկսեց ննջել։

Այդ պահին հանկարծ երկրի ընդերքից մի հզոր «բո՛լտ» լսվեց, փրփրաբերան մի հեղեղ գոռում-գոչյունով դուրս ժայթքեց ապառաժի մութ խորքից, ողողեց քնած պատանիներին և սրբեց-տարավ իրենց եղևնյա անկողիններով…

Другие части "Հովազաձորի գերիները"

Ятук Музыка
Ария и Токката для скрипки и фортепиано
Лазарос Сарьян

Ария и Токката для скрипки и фортепиано

Константинополь
Константинополь
Играть онлайн