Вахтанг Ананян
Հովազաձորի գերիները
31
Գլուխ քսաներկուերորդ. Թե ինչպես կորածները փնտրում են կորածին…
Սկզբում, երբ իր կանչերի պատասխանը չէր լսվում, Շուշիկը կարծում էր, թե Աշոտը դիտավորյալ է լռել։
Ինձ վախեցնելու համար է սուս արել… վրեժ է հանում ինձնից…
Բայց հետզհետե ավելանում էր նրա անհանգստությունը և փոխվում երկյուղի։
Ո՞ւր կորան տղաները… Գագի՜կ, Հասո՜… Հիմա ի՞նչ անենք, Սարգի՛ս, մենք էլ չմտնե՞նք, թե՞ սպասենք տղաներին…
Պակաս անհանգստացած չէր և Սարգիսը։ Ուրիշ դեպքում նա բութ հայացքով կնայեր աղջկան ու անտարբեր կասեր. «Իմ ի՞նչ գործն է, ոնց գնաց, թող էնպես էլ ետ գա»։ Բայց շատ էր փոխվել Սարգիսը սկսած այն օրից, երբ ընկերները իրենց բլուզները հանեցին, մեջը ձյուն լցրին, որ ցած ցատկելիս ինքը չվնասվի՛. Ինչպե՞ս կարելի է մոռանալ այդ դեպքը։ Սարգսի սրտում սկսել էր իր տեղը գրավել ընկերը։
Անշուշտ, այստեղ մասն ուներ նաև ահը, ահը այն բանից, որ ինքը կարող է մի դիպվածով նորից հասնել կործանման դուռը։ Ուրեմն, թիկունք կանգնիր ընկերոջդ, որ վաղն էլ նա քո թիկունքում կանգնի, այդ բանը, վերջապես, մեծ ուշացումով հասել էր նրա գիտակցությանը… Եվ այդ գիտակցությունը մղեց նրան այնպիսի գործի, որին նա անցյալներում երբեք չէր ձեռնարկի, վառեց մարխի երկու ձող և «Աշո՜տ, Աշո՜տ» գոչելով մտավ քարանձավը։ Աղաղակներով նա վանում էր իրենից երկյուղն ու առաջ գնում պատերին երերող լույսի տակ։ Թափթփված ոսկորների մեջ խարխափելով նրան հետևում էր Շուշիկը, որ իր հետ մարխի ձողեր էր վերցրել։ Սարգսի հետևից, անձավի պատին երերալով առաջ էր գնում նրա երկար-վիթխարի ստվերը, և ինքն էլ հենց մի ստվերի էր նման իր բարակ, երկայն հասակով։ «Սա կարծես առաջվա Սարգիսը չի… Ո՜նց է սրտոտացել…», զարմանում էր Շուշիկը։ Բայց սրտոտությունը չէր Սարգսին առաջ մղողը, այլ լավությանը լավությամբ հատուցելու այն նոր զգացմունքը, որ կյանքում առաջին անգամ այցի էր եկել նրան…
Այնտեղ, ուր ներքնուղին ճյուղավորվում էր, Սարգիսը կանգ, առավ երկընտրանքի առաջ, ո՞ր անցքով գնացած կլինի Աշոտը։
Հանգչում է, առ մարխը վառիր, լսվեց Շուշիկի ձայնը։ Մինչ Սարգիսը նոր ձող կվերցներ և կպահեր մարվող բոցի վրա, մարխը հանգավ և վայրկենապես խավարը շրջապատեց նրանց այնպես, որ իրար չէին տեսնում։ Սակայն նրանց աչքերը հետզհետե վարժվեցին մթին, խավարը նոսրացավ, վերածվեց աղջամուղջի։
Ե՛տ։ գնանք ահով շշնջաց Շուշիկը։
Երկուսի մեջ միակ տղամարդը լինելով, Սարգիսն զգաց, որ ինքը այդպես հեշտ չպիտի համաձայնի։
Առաջ գնանք ահա այս լայն կողմով-դեպի աջ։ Քանի մեր ընկերոջը չենք գտել, մենք այստեղից դուրս գալու իրավունք չունենք, հանդիսավոր արտասանեց նա և խարխափելով առաջ գնաց։
Հետզհետե մութը խտացավ այրի խորքում և նրանք համոզվեցին, որ առանց ջահերի առաջ գնալը միտք չունի։ Բայց Սարգիսը ինչպե՞ս կանգ առներ, չէ՞ որ երկուսի մեջ ինքն էր տղամարդը և մանավանդ, որ քիչ առաջ հանդիսավոր խոստում էր տվել։ Սակայն հազիվ մի քայլ էր արել, երբ մի ձայն նրան գամեց իր տեղում, կատվի մլավոց էր։ Ականջ դրին՝ իսկ և իսկ մլավոց, որին հետևեց նույն կատվի մռմռոցը և ապա մկան ծվծվոցը… Ի՞նչ գործ ունի կատուն լեռան ընդերքում… Շուշիկը բնազդաբար բռնել էր Սարգսի թևից, բայց զգաց, որ նա էլ է դողում։ Անձավի առաստաղից նորից մկան ծվծվոց լսվեց։ Վերև նայեցին, բայց մկան փոխարեն կլոր գլխով, կլոր աչքերով մի կատու տեսան, որի ֆոսֆորային հայացքը սառը շողում էր մթնշաղի մեջ։
Հա՜յ, հա՜յ, ահից գոռաց Սարգիսը, որին հետևեց մի զարմանալի բան. կատուն թև առավ և անձայն ու փափուկ թռիչքով սլացավ դեպի այրի ելքը։
Բու էր… շշնջաց Սարգիսը ետ-ետ գնալով։ Այստեղ արդեն նրանք լուռ համաձայնության եկան և արագ վերադարձան իրենց եկած ճանապարհով։ Թվում էր խավարի միջից ինչ-որ ոգիներ (թե՞ արարածներ) ագահ հայացքներով հետևում են իրենց…
Դրսում նրանք ձողեր վերցրին, մեկական ձող էլ վառեցին, բայց նորից այն ահալի անձավը մտնելու սիրտ չունեին։ Սակայն կարգն այն էր, որ Սարգիսը, որպես տղամարդ, հոխորտալով գոնե մի քանի քայլ անի դեպի անձավի մուտքը, որպեսզի Շուշիկը, որպես ավելի թուլակամ արարած, ճչա նրա հետևից և ետ պահի նրան իր վտանգավոր մտադրությունից։ Այդպես էլ արավ Սարգիսը, և Շուշիկն էլ ճիշտ այնպես վարվեց, ինչպես ենթադրում էր տղան։
Լավ չես անում, որ չես թողնում գնամ իմ կորած ընկերոջը փնտրելու, նախատեց Սարգիսը։
Ավելի լավ չի՞ գնանք Հասոյին ու Գագիկին իմաց տանք։ Ավելի լավ չի՞ խմբով մտնել այրը…
Լա՛վ, վերջապես համաձայնեց Սարգիսը և քայլեց դեպի Հովազաձորի կենտրոնի տափարակը, որտեղից, ինչպես ձեռքի ափի մեջ, երևում էին ձորը պատնեշող բոլոր ժայռերն ու ծերպերը։
Գագի՜կ, Հասո՜, գոչեց նա խաղողի այգու եզրից։
Կենի թփեր արմատական անող տղաները դադարեցրին աշխատանքը։
Եկե՛ք, եկե՛ք, Աշոտը գնացել է գազանի հետևից ու ետ չի եկե՜լ… եկե՛ք, լալագին կանչեց Շուշիկը և նրա հաղորդած այդ գույժը մուրճի նման իջավ տղաների սրտերին։ Ինչպե՞ս թե ետ չի եկել… ուրեմն գազանը հոշոտե՞լ է իրենց ընկերոջը…
Քրտնաթոր, հևիհև, նրանք հասան անձավի շեմքին և մարխի ձողերը վառելով, անմիջապես ներս մտան։
Շուշի՛կ, ինչքան մարխ կա, բոլորը վերցրու, հազիվ հասցրեց ետ դառնալ և պատվիրել Գագիկը։
Կրակ կտրած հասան այրի խորքի ճամփաբաժնին և առանց տատանվելու գնացին աջ կողմի լայն գետնուղիով. պարզ չէ՞ր, որ ձախ կողմի խոնավ, մռայլ ու նեղ թունելով Աշոտը չէր գնա…
Այդ սկզբունքով ղեկավարվելով, խումբը ամեն անգամ թունելի ճյուղավորման հանդիպելիս շարունակ ընտրեց ամենալայնը և ամենից հեշտ անցանելին։ Եվ քանի որ Աշոտը դեպի ձախ էր գնացել, իսկ խմբի ընտրած ուղին շարունակ դեպի աջ էր գնում, ուստի հասկանալի է, որ անհետացածին փնտրողները գնալով հեռանում էին նրանից…
Ըստ երևույթին նրանց ընտրած ուղին շարունակ գնում էր ժայռի աջ պատերի տակով, որովհետև տեղ-տեղ ժայռի պատռվածքներով ներս էր թափանցում դրսի լույսը և կարելի էր գնալ առանց ջահերի օգնության։ Միայն դժվարությունը այն էր, որ վերելք էր. ներքնուղին շարունակ գնում էր դեպի վեր։
Աշո՜տ, Աշո՜տ… ստեպ-ստեպ գոչում էին նրանք, ականջ դնում և ապա առաջ գնում հուսախաբ։
Նեղ թունելից ընկան ստորերկրյա մի հոյակապ շենք։ Ընդարձակ և շատ բարձր առաստաղով մի քարայր էր դա՝ կարծես մարդու ձեռքով պատրաստած։ Գորշ որձաքարերը կարծես նախապես կտրել էին, առանձին-առանձին տաշել-հղկել և իրար վրա կանոնավոր շարել մինչև առաստաղ։ Անկյուններից նույնպիսի սրբատաշ քարերով վեր էին ելնում անկյունավոր փառահեղ որմնասյուներ, որոնք վերևում կորանում էին, ծայրերը հասցնում իրար և քառակուսի մի գմբեթ առաջացնում…
Մեր պատանիները բերանները բաց նայում էին այդ ստորերկրյա ամրոցին և զարմանում, թե ո՛վ և ի՛նչ նպատակով է ժայռերի խորքում հազարավոր քարեր հղկել, դրել իրար վրա, երբ առանց այդպիսի հսկայական ծախսերի էլ հարմար անձավներ շատ ունի այս ժայռը։ Ի՞նչ իմանային անփորձ պատանիները, որ բնությունն ի՛նքն է կառուցել անձեռակերտ այդ շենքը։ Ե՛վ գմբեթն իրենց ուսերին պահող սյուները, և՛ կոկիկ պատերը կազմված էին բյուրեղացած բազալտից։ Իսկ ով բնության մեջ տեսել է բյուրեղացած բազալտե ժայռեր, բայց ծանոթ չի կյանքի այն էտապներին, որ անցնում է հրաբխային լավան՝ երկրի ընդերքից լույս աշխարհ դուրս գալուց հետո, միամտորեն պիտի կարծի, թե մարդն է տաշել ու իրար վրա կանոնավոր շարել բազալտե որմները։
Բայց ոչ մի նշան չկա, որ այստեղ մարդ է ապրել, լռությունը խզեց Գագիկը, երբ լուսավոր անձավից նորից թունելն էին մտնում։
Ո՞նց չկա… լսո՞ւմ ես տնքոցները, գունատվելով շշնջաց Շուշիկը։ Իրոք, այրի վերին անկյունից հառաչանքներ լսվեցին և հիվանդագին տնքոցներ։ «Երևի Աշոտն է». միանգամից անցավ բոլորի մտքով էլ։
Աշո՜տ, Աշո՜տ, աղաղակեցին նրանք միաբերան, բայց պատասխան չստացան։ Հանկարծ նույն տեղից լսվեց երեխայի լացի ձայն։ Պատանիները, սարսափով համակված, մի պահ լուռ մնացին, և նրանցից յուրաքանչյուրը լսում էր իր սրտի ուժգին զարկերը։ Երբ ճիչն ու լացը կրկնվեց, ավելի որոշակի դարձան տնքոցներն ու հառաչանքները, կարծես այրի անկյունում հիվանդ կին էր պառկած և նրա մոտ լալիս էր իր քաղցած երեխան…
Պատանիները, ահաբեկված, փախան իրենց առաջ բացված թունելով։ Երբ մի լայն տեղ կանգ առան և նայեցին իրար դեմքերի՝ բոլորն էլ գունատ էին ու հևում էին շնչակտուր, կարծես նրանց հալածել էին աներևույթ ոգիները։
Հասոն գրպանից հանել էր իր դանակը, բացել էր նրա լեզվակն ու առաջ մեկնած՝ քրդերեն ինչ-որ բան էր մրմնջում՝ հավանաբար չարը խափանող աղոթք, որ լսել էր իր տատից։ Այն համոզումը, որ ձեռքին սուր պողպատ ունեցող մարդուն չարքերը չեն համարձակվում մոտենալ, սիրտ տվեց քուրդ պատանուն և նա, արդեն մի փոքր հանդարտված, ասաց.
Ե՛տ գնանք… չվախենա՛ք…
Հա, գուցե իսկապես հիվանդ կա, հարկավոր է օգնել, հաստատեց Գագիկը, որ կապտած ու դողացող շրթունքները հազիվ էր շարժում։
Իսկ երեխա՞ն… խե՜ղճ…
Եվ Շուշիկը, որքան էլ ահաբեկված էր, շուռ եկավ դեպի մեծ այրը։ «Գուցե իսկապես պետք է ազատել մի մեռնող երեխայի…», մտածում էր նա և այդ միտքը ուժ տվեց նրան։ Թե ի՞նչ գործ ունեն մարդիկ այս ստորերկրյա աշխարհում, այդ առեղծվածը հետո կարելի էր պարզել, առայժմ հարկավոր էր օգնության հասնել, ամեն մեկն այսպես մտածելով իր մեջ, բոլորն էլ ետ դարձան, բորբոքեցին ջահերը ոչ այնքան լուսավորելու, որքան ինքնապաշտպանության բնազդով, և վախվխելով ու դանդաղ առաջ գնացին։ Հասոն մեկնել էր իր դանակը, որ սառը փողփողում էր ջահերի լույսից և դա սիրտ էր տալիս նրան, պսպղող պողպատի առաջ էլ «շեյթա՞ն» կանգ կառնի…
Հենց այրը մտան, նորից հեծկլտոց լսվեց։
Ո՞վ եք, բարձր գոչեց Գագիկը, որ Աշոտի բացակայությամբ խմբի առաջնորդն էր համարում իրեն։
Ձա՛յն հանեցեք, ո՜վ մարդիկ…
Պատասխան չկա։
Նրանք իրար սիրտ տալով, ջահերը բարձր բռնած, խուժեցին անձավը, գոռգոռացին, թնդացրին նրա կամարները, բայց ոչ մի տեղ ոչ հիվանդ երևաց, ոչ երեխա։ Միայն բնական սյուներից մեկի քիվից երկու երկարականջ բու ցած ցատկեցին, անձայն պտույտներ գործեցին գմբեթի տակ և դուրս թռան պատի վերև սպիտակին տվող մի ճեղքով։
Պատանիները խուզարկեցին այրի բոլոր անկյունները և զարմացած կանգ առան։
Թե՞ մեզ թվում էր, ուսերը թոթվեց Շուշիկը։
Բոլորդ էլ նո՞ւյն ձայները լսեցիք, հարցրեց Գագիկը։
Նույնը ո՞րն է։
Հիվանդի տնքոցներ և երեխայի լաց։
Այո՛… այո՛…
Ուրեմն թվալու հարց չկա. հո բոլորիս էլ նույն բանը չէ՞ր թվալու…
Եվ Գագիկը, այդ առեղծվածից ուղեղը մթագնած, գլխիկոր դուրս եկավ այրից։
Խումբը հետևեց նրան։
Ես չեմ նկարագրի այն տանջանքներն ու չարչարանքները, որ կրեցին մեր պատանիները ստորերկրյա ուղիների, անձավների ու խորշերի այդ մռայլ լաբիրինթոսում։ Միայն այն կասեմ, որ մի տեղ վերջացավ քարքարոտ թունելը, և նրանք հանկարծ դուրս եկան լույս աշխարհ, բարձրացան մի քարի, դիտեցին իրենց շրջակայքը։
Էս հո մեր Ոչխարանոցն է, բացականչեց Հասոն։ Հրե՛, էն էլ Թուխիկի վագրենի գառը…
Իրոք, ժայռի ատամի հետևից փոքրիկ եղջյուրներով մի գլուխ գաղտագողի հետևում էր մարդ արարածների շարժումներին։
Հոգնած և հուսախաբ, պատանիները նստոտեցին քարերին և մտածում էին սևակնած սրտերով։ Ի՞նչ անեին, ո՞ւր գնային։ Պարզ էր, որ նրանք չէին գնացել իրենց կորած ընկերոջ հետքերով, այլապես որևէ նշան կգտնեին։
Գուցե Աշոտը հենց այստեղով դուրս է եկել ու հիմի էլ նա է մեզ փնտրում, իր մեջ ծագած այդ մտքից ուրախացավ Սարգիսը։
Գնա՛նք, կանչելով գնանք, ոգևորվեց Շուշիկը։
Նրանք դուրս եկան ժայռերի գլուխը, ընթացան Ոչխարանոցը Հովազաձորի հետ կապող ապառաժե արահետով, մերթ ընդ մերթ կանգ առան և «Աշոտ, հե՜յ, Աշո՛տ» գոչեցին, բայց նորից պատասխան չկար։ Հոգնած և հուսահատ, իջան ճգնավորի այրը, աղոտ հույս ունենալով, որ Աշոտն օջախի մոտ քնած կլինի, բայց այրը դատարկ էր։
Անհետ կորավ իրենց հույսն ու ապավենը, ի՞նչ պիտի անեին հիմա առանց իրենց փորձված ընկերոջ։ Եվ առհասարակ ինչպե՞ս հաշտվեին այդպիսի ծանր կորուստի հետ։
Շատ էին հոգնած, բայց դադար չունեին այն սոսկալի մտքից, որ Աշոտը կորել է անհետ, ուստի նորից դուրս ելան անձավից. հարկավոր էր գնալ որոնումները շարունակելու։ Բայց արդեն մռայլ երեկոն իջնում էր երկրի վրա, քրտնած ու հոգնած պատանիները դողում էին։
Ջահեր էլ չունենք, առանց ջահի գնալն իզուր է, տխուր ասաց Գագիկը։
Որոշեցին կենի թփերը բերել, գիշերը չորացնել օջախի մոտ և մյուս օրը մարխի շատ պաշար վերցնելով, նորից մտնել Հովազի անձավը։
Հետքը պետք է գտնել, առանց հետքն ընկնելու մենք իզուր այնքան գնացինք, գիշերը, երբ օջախի առաջ մարխ էին չորացնում, կարծիք հայտնեց Սարգիսը։
Չոր քարի վրա հե՞տք կերևա։ Էդ թունելներում նույնիսկ հող չկա, փոշի չկա, որ գնացողը հետք թողնի իր հետևից։
Բոլորն էլ լուռ մտածում էին՝ աչքները հառած բոցկլտող խարույկին և բոլորի սրտերն էլ նույն ցավով էին համակված. Ա՜խ, երևար իրենց ազիզ ընկերը այրի շեմքին, այլևս ոչ մի հոգս նրանք չէին ունենա աշխարհում…
Տարի թվաց այդ գիշերը մեր պատանիների համար։
Ա՜խ իմ ձեռքը կոտրվեր, ես նրա անունը չջնջեի… մրմնջում էր ինքն իրեն Շուշիկը։
Գլուխ քսաներեքերորդ. Թե ինչպես բնության մեջ հրաշք են թվում շատ հասարակ երևույթներ, երբ դրանց պատճառը չես իմանում
Ուրեմն աշխարհում ավե՞լի ծանր բաներ են եղել, քան Հովազաձորում անզեն ու անսնունդ փակվելն է…
Իրենց նոր վշտի հանդեպ մեր տղաներին արդեն փոքրոգություն էր թվում առաջին օրերի իրենց խուճապը։ Հիմա ընկեր են կորցրել, ի՜նչ սնունդ, ի՜նչ բնակարան, ի՜նչ ցուրտ, ի՜նչ ոչնչանալու ահ՝ մտերիմ ընկերոջ կորուստի դիմաց։ Այն էլ այնպիսի ընկերոջ, ինչպիսին Աշոտն էր։ Տարիքով թեև նա մեծ չէր իրենցից, բայց առանց նրա կարծես խումբը որբացել էր։
«Ո՜նց էի ամեն բանի համար կպչում սրտին, ո՜նց էի երեսովը տալիս իր ամեն փոքր պակասությունը, ամբողջ հոգով զղջում էր Գագիկը։ Այստեղ լինե՛ր, թող մինչև լույս ճառեր, թող առավոտից մինչև երեկո խրատներ կարդար, թող թեկուզ մեծամիտ լիներ…»։
Եվ, զարմանալի բան, այժմ որքան մտածում էր, Գագիկը ոչ մի պակասություն չէր գտնում իր կորած ընկերոջ մեջ։
Շուշիկը իր ծնկները գրկած լուռ հեծկլտում էր, իսկ, Հասոն երբեմն շշնջում էր հոգատարությամբ.
Խուշկե Շուշիկ, քնի՛ր, ուշ է…
Բայց ո՞ւմ աչքերին քուն կգար, ալեկոծված հոգին արթուն է մնում անհանգիստ ծովի նման։
Նույնիսկ Սարգիսը վշտից ու մտածմունքից այդ գիշեր աչք չփակեց։
Հաջորդ օրը առավոտյան ուռած-կարմրած աչքերով նրանք կանգնել էին Հովազի այրի առաջ և զբաղված էին «կերոնները»՝ վառելով։
Դա նրանց գերության քառասուներորդ օրն էր։
Սարգի՛ս, լավ կլինի, որ դու և Շուշիկը կրակ անեք մնաք՝ այստեղ, խորհուրդ տվեց Գագիկը։
Չէ՛, ես պարտք ունեմ Աշոտին տալու։ Ես անպայման պիտի գամ, անառարկելի վճռականությամբ պատասխանեց Սարգիսը։
Վսեմ զգացմունքներ են ծնվում մարդու սրտում, կարո՞ղ ես չհարգել։
Իսկ Շուշիկը ավելի լավ էր իր ընկերների հետ գնար դեպի՝ անհայտություն, քան թե ահի ու ծանր սպասումի մեջ մնար անձավի շեմքին։ Նա շալակեց գոտիներով կապկպած ձողերի խուրձը և առաջ ընկավ, բայց երբ անձավի ներսում տեսավ մռայլ խոռոչները, նրան թվաց, թե դրանք հեքիաթային վիշապների ծուռումուռ երախներ են, կամ անհայտ գազանների որջեր, ու ետ ընկավ։ Տղաները, ջահերն իրենց գլխներից վերև բարձր պահած, «Աշոտ, հե՜յ» գոչելով և այրի կամարները դմբդմբացնելով առաջ անցան։
Երբ հասան մեզ ծանոթ ճամփաբաժնին, Գագիկը ասաց.
Երեկ մենք գնացինք դեպի աջ, այս մեծ թունելով։ Լավ կլինի, որ հիմա էլ ձախ կողմի նեղ թունելը նայենք…
Ընկերները հավանություն տվին այդ առաջարկին, թեև նրանցից ոչ ոք համոզված չէր, թե Աշոտը կծռվի դեպի այդ գետնուղիները։ Ի՞նչ իմանային, թե Շուշիկի խոսքը որքան ուժգին է կպել ինքնասեր տղայի հոգու լարերին…
Կուզեկուզ, երբեմն քարերին զարնվելով ու գաղտնի տնքալով, նրանք գնում էին այդ ծուռումուռ անցքով և գետնին ու պատերին կյանքի նշաններ էին փնտրում։
Սպասեցե՛ք, հանճարեղ միտք, ձեռքը ճակատին խփելով գոչեց Գագիկը։ Աշոտը մոռացել է պատերին նշաններ թողնի, բայց մարխը որ այրվի-վերջանա, վա՞յր է գցելու, թե չէ՞։
Անպայման կգցի… Որ սկսեց ձեռքը վառել՝ կգցի։
Մարխի մի ձողը հարյուր քայլից ավելի չի տանում։ Ուշադիր նայեցեք քարերի արանքները...
Գագիկի այդ հրահանգից հետո պատանիները գրեթե երկուտակված էին քայլում։ Վառ կերոններով նրանք լուսավորում էին ամեն մի ծակուծուկ և առաստաղից ժամանակի ընթացքում պոկ եկած ու ցած ընկած քարերի արանքները։
Վերադառնանք, անցքը նեղանում է, հրահանգեց Գագիկը, Բայց Սարգիսը այնպես էր տարվել պրպտումներով, այնպես սրտանց էր ուզում ինքը գտնել կորած ընկերոջ հետքը, որ անտեսեց այդ կարգադրությունը և գետնին խոնարհված առաջ էր գնում՝ կորած ասեղ փնտրողի նման։
Ետ արի, Սարգի՛ս…
Տաքացել է, հա՞, գովեց Հասոն։
Մարդ է դառնում, շշնջաց Գագիկը և հենց բերանը բացեց, որ կրկնի իր կարգադրությունը, լսվեց Սարգսի ճիչը.
Գտել եմ, եկեք…
Ընկերները կուզեկուզ առաջ վազեցին և տեսան նրա ձեռքին այրված-հանգած ձողի մի մատնաչափ կտոր։
Հետքը գտա, առա՛ջ գնանք, ալեկոծված կրկնեց Սարգիսը։
Այնպես էր շառագունել, այնպես ուրախացել, կարծես կորածին էր գտել…
Խումբը դուրս եկավ անորոշ վիճակից։ Հիմա ուղղությունը պարզ է։
Աշոտ, հե՜յ, Աշո՜տ…
Թունելը նեղացավ, այժմ սողալով էին գնում։
Տեսե՛ք, առանց վառել մի ձող… Գոտուց է ընկել… Հասո, Շուշիկին չե՞ս օգնում… Օգնո՞ւմ ես, կապոցը վերցրե՞լ ես… Ապրե՛ս, դե հետևիցս կրնկակոխ եկեք, չվախենա՛ք…
«Իրեն է սիրտ տալիս», -անցավ Հասոյի մտքով (դե նա Գագիկին լավ էր ճանաչում), բայց սիրտ չկար նույնիսկ մտքում ծիծաղելու նրա վրա։
Այդպես ձայն տալով, իրար խրախուսելով, խումբը մտավ այն ամենանեղ անցքը, ուր նախորդ օրը խցկվել և սողեսող գնացել էր Աշոտը։
Բայց, իսկապես, ո՞ւր մնաց Աշոտը։
Նախորդ օրը, երբ նա սողեսող անցավ այս թունելով և մի մեծ ու լուսավոր անձավ դուրս եկավ, ինչպես ընթերցողը հիշում է, մարդկային քրքիջ լսեց և կանգ առավ քարացած։ Սոսկումից նրա մազերը բիզ-բիզ կանգնեցին, ծնկները թուլացան։ «Գուցե՞ ծերությունից խելագարված ճգնավորն է…», այս սոսկալի միտքն էր, որ առաջին վայրկյանից փայլատակեց նրա ուղեղում։ Շուռ եկավ, որ թունելով ետ գնա, բայց երկյուղ ուներ, որ նեղ անցքով սողալիս կարող են բռնել ոտքերից։ Այն ժամանակ, անցքում կաշկանդված, դե եկ պաշտպանվիր։
Իր դիմաց, այրի մյուս պատի մեջ, մի լայն թունել էր բացվում, որի ծայրը լուսավորված էր դրսի աշխարհից ինչ-որ ճեղքով ներս թափանցած լույսով։ Ահա դեպի ուր պիտի գնալ։ Եվ աջ ձեռքով կացինը սպառնագին ճոճելով, ձախով վառվող ձողերը, նա գոռգոռալով կտրեց-անցավ անձավը, մտավ լայն թունելն ու վազեց դեպի լույսը։
Երբ ետ նայեց, ոչ ոք իրեն չէր հետապնդում։ Ձայն տվեց, աղմկեց, լուռ ու սրտատրոփ ականջ դրեց՝ ոչ մի պատասխան։ Մի փոքր խաղաղվեց, բայց երկյուղը պատել էր նրան, այնպիսի երկյուղ, որպիսին իր կյանքում Երբեք չէր զգացել։
Այդտեղ լուսավոր էր, եթե լուցկի ունենար, նույնիսկ ջահը կհանգցներ։ Բայց լույսը ներթափանցում էր շատ բարձրից, ժայռի մի նեղ ճեղքից։ Ա՜խ, հնարավոր լիներ հասնել այդ ճեղքին և մեկ անգամ ևս նայել պայծառ աշխարհին… Ո՜նց նա մինչև այդ չէր գնահատել արևի շլացուցիչ լույսը, որն աշխարհը դարձնում է այնպես բերկրալի…
Հարկավոր է վերադառնալ եկած ճամփով, դուրս գալ ստորերկրյա զնդանից, գնալ դեպի ազատ աշխարհ՝ Հովազաձոր…
Այս մտքից տղան դառնությամբ ժպտաց։ Որքա՜ն համեմատական բան է եղել «նեղ օր» հասկացողությունը։ Մինչ այդ Հովազաձորը նրանք իրենց բանտն էին համարում։ Ա՛յ իսկական բանտը… Մինչ այդ նրանք ձգտում էին Հովազաձորից մի կերպ դուրս գալ ազատ աշխարհ։ Հիմա նրանց ազատ աշխարհը ինքը՝ Հովազաձորն է, իր մաքուր օդով, շնկշնկան քամիներով, լույսով ողողված շեկ ժայռերով… Ի՞նչ խղճով էին իրենք Հովազաձորին բանտ կոչում, երբ աշխարհում այսպիսի ստորերկրյա դժոխքներ են եղել… Չէ՜, որքան տանջեց Շուշիկին՝ հերիք է, ե՛տ, դեպի լույս աշխարհ։
Հիմի ինչքա՜ն են իրեն կարոտե՜լ… Այդ մտքից նա երջանիկ ժպտաց և քայլեց դեպի ետ, բայց հեռվից նորից լսվեց նույն քրքիջը և տղայի վարդագույն երազները նորից վայրկենաբար հօդս ցնդեցին։ Ճամփան փակել էր «խելագար ճգնավորը», իսկ ձեռքի մարխը այրվում-վերջանում էր։ Մնում էր շարունակել ճամփան այն հույսով, որ մի որևէ տեղ ելք կգտնի դեպի լույս աշխարհ։
Ահա ինչպես Աշոտը մնաց փակված ստորերկրյա այդ զնդանում։ Նա բոլորովին էլ չէր կորցրել ճամփան, նա այնքան կողմնորոշում ուներ, որ անսխալ ետ կգնար ու չէր մոլորվի, թեև իր անցած թունելը տեղ-տեղ ճյուղավորումներ ուներ։ Բայց նրան պատած ահը չէր թողնում քայլել դեպի այն կողմ, որտեղից լսվել էին սարսռեցուցիչ քրքիջները։ Դեպի ետ այլևս ճանապարհ չկար…
Ջահը ձեռքին առաջ էր գնում վախվխելով, երբ աջ կողմը մի մռայլ ու ընդարձակ հայելի ցոլցլաց. լճացած ջուր էր, որ սև պատերի տակ մեկնվել էր սև վիշապի նման։ Տղան փշաքաղված ետ-ետ գնաց, բայց հետևում էլ իր կարծեցյալ խելագարն էր։ Ստիպված առաջ եկավ, ջրերը լուսավորեց և մնաց քարացած, այդտեղ վերջանում էր ստորերկրյա ուղին։ Այլևս վերջ… Մի քանի քայլ ետ գնաց, մի հարմար խորշ գտավ և պատսպարվեց նրա մեջ։ Ցուրտ չէր այդտեղ, բայց այնպես երկյուղալի էր, այնպես խորհրդավոր, որ հասուն ու սրտոտ տղամարդն անգամ չէր դիմանա։
Ասենք, չդիմանար ի՞նչ պիտի աներ։ Դուրս եկավ իր խորշից, վախվխելով ետ գնաց, հասավ վերևից լույս ստացող այրին և տեսավ, որ այնտեղ ևս աղջամուղջն է թանձրանում։ Հասկացավ, որ օրը մթնում է ու սկսեց աղիողորմ գոռալ։ Կխելագարվեր, եթե օգնության չկանչեր իր գիտակցությանը։ Թափահարեց իրեն, քաջալերեց, ամոթանքի խոսքեր շպրտեց իր հասցեին.
Գլխարկ չկա՞ գլխիդ…, բարձրաձայն հարցրեց իրեն։ Եվ ի՞նչ վախենալու բան կա, մտածում էր նա։ Մի բան հաստատ գիտի, որ ոչ մի տեղ, նույնիսկ այդպիսի ստորերկրյա մռայլ աշխարհներում սատանաներ ու դևեր չկան։ Հետո, որպես որսորդի որդի, նա համոզված էր, որ ոչ մի գազան չի հասնի այդտեղ։ Էլ ի՞նչ է մնում, վախենալու ի՞նչ կա։ Եթե նույնիսկ մի խելագար ծերուկ կա այդտեղ, դարձյալ սարսափելի չի, քանի որ ինքը զինված է կրակով ու կացնով։ Չէ՜, դատարկ բան է, պիտի ետ գնալ, ամեն խելագար հո մարդու վրա չի՞ հարձակվում։
Այսպես իրեն սրտապնդում էր Աշոտը, երբ ահով նկատեց, որ ինքն այլևս մարխի պաշար չունի, գոտու տակից ձողերը թափվե՞լ էին ճամփին, թե՞ վառել-վերջացրել էր։ Ահա այստեղ ահն ու հուսահատությունը միասին պատեցին նրան։ Թևաթափ ու թուլացած նստեց քարին։
Երկար մտածեց այդ դիրքով և վճռեց գիշերել այդտեղ և հաջորդ օրը ցերեկով ետ գնալ եկած ճամփով։ Ցերեկը նրանով էր լավ, որ տեղ-տեղ դրսի լույսը ժայռի ճեղքերով ներս էր թափանցում և գետնուղու ամենամութ տեղից անգամ հեռվում, մի ինչ-որ տեղ լույս էր երևում։ Իսկ լույսը սիրտ է տալիս մարդուս, լույսը կյանք է ու հույս։
Ետ գնաց դեպի թունելի ծայրը, մտավ իրեն ծանոթ չոր խորշը և կուչ եկավ այնտեղ, կացինը ձեռքին պատրաստ պահած։ Վերջին մարխն արդեն հանգել էր, մնացել էր առանց կրակի ու լույսի։
Այնպես խավար էր տիրում, որ եթե մեկը դիմացից մատը մեկներ ու աչքը խոթեր, չէր նկատի։ Ինչ-որ տեղից ջուրը ծլթում էր ջրափոսի մեջ, միալար ու տաղտուկ՝ «ծը՛լթ, ծը՛լթ, ծը՛լթ»։ Չնայած իր կրած սարսափներին (թե՞ հենց դրա շնորհիվ), այդ միալար ու քնաբեր ծլթոցից նրա կոպերը հետզհետե ծանրացան և քիչ հետո արդեն մուշ-մուշ քնած էր։
Եվ լավ էր, որ քնեց, այլապես այդ սոսկալի զնդանում սի՞րտ կդիմանար…
Շա՞տ էր հոգնած, թե՞ իր մեծ ապրումներից թուլացել էր, Աշոտը երկար քնեց։ Մղձավանջային էր այդ քունը, լի սարսափելի երազներով։ Երբեմն ճչում էր, վեր թռչում, բայց լրիվ չարթնացած, նորից քուն էր մտնում ծանր հևքով։ Դրսի սառնամանիքից պաշտպանված բնական այդ խոր «նկուղներում» տաք էր և գուցե պատճառներից մեկն էլ այդ էր, որ տղան երկար քնեց։
Ինչ-որ խշրտյունից Աշոտն արթնացավ և կացինը վեր բարձրացնելով, քնաթաթախ գոռաց.
Հեռո՛ւ, թե չէ գանգդ կփշրեմ…
Բայց պարզվեց, որ դիմացը փշրելու գանգ չկա։ Իր ձայնից լիովին արթնացավ, հասկացավ, թե ուր է, և նորից սոսկումը պատեց նրան։ Վեր կացավ, որ լվացվի, բայց իր դիմաց մեկնված ջրերն այնպես մռայլ ու ահարկու էին, որ սիրտ չարավ ձեռքը մեկնել նրանց։
Հեռվում լույս էր երևում և նա գիտեր, թե ինչ լույս է դա։ Անհաստատ ու վարանոտ քայլերով գնաց-հասավ այն անձավը, որը վերևից լույս էր ստանում և որոշեց, որ արդեն արևը պետք է բավական բարձրացած լինի։ Այստեղ նա հետզհետե խաղաղվեց։
«Հիմի սրտաճաք եղան իմ ընկերները… Հիմի Շուշիկը լաց է լինում…», զգացված մտածում էր նա և խղճի խայթ էր զգում իր արարքի համար։ Բայց, զարմանալի բան, այն միտքը, թե հիմա Շուշիկը լաց է լինում իր համար, կարծես նույնիսկ ուրախացրեց նրան։ «Թող սիրտը փափկի», եսասիրաբար մտածեց նա և նույնիսկ ժպտաց այդ մտքից։
Կարծես հեռավոր հուշ էին դարձել իր համար ընկերները։ Ջերմությամբ հիշում էր Շուշիկի շեկ ու դալուկ դեմքը, որի վրա մի քանի պեպեններ կային, կարծես արևով լցված խաժ աչքերը, վիզը քնքշորեն ծռած և մեղմ ժպտալիս…
Ներքևից վեր մարդու նայելիս Շուշիկի աչքերը մի փոքր շեղ էին դառնում, և այդ նայվածքը առանձնապես դուր էր գալիս Աշոտին։ Այժմ, երբ աչքը խփում է, շոյանքով լի այդ խումար հայացքն է հիշում։
Գնամ, մեղք են, բարձրաձայն վճռեց պատանին։ Հետաքրքիր է, ի՞նչ բանի է իմ «խելագար ճգնավորը»։ Իրեն քաջալերելով («Բա դու տղամարդ չե՛ս, տո՜…») նա դեռ մի քանի քայլ չէր արել դեպի այն այրը, որտեղից երեկ լսվեց այն տարօրինակ քրքիջը, երբ վերևի ճեղքի մոտ մի ուրվական երևաց ու մեկը ռուսերեն ասաց՝ «Сплю, сплю…» («Քնում եմ, քնում եմ…»)։ Ասաց ու վերջում էլ բարձր ծղրտաց։
Տղան ահաբեկված ետ-ետ գնաց, շտապելուց ոտքը քարին առավ, փռվեց գետին և դեմքը կախեց ինչ-որ ստորերկրյա ճեղքի վրա, որից սուր ածխահոտ էր գալիս։ Այդ հոտից նրա գլուխն այնպես ծանրացավ, որ չէր կարողանում վեր բարձրացնել։ Ուժ գործադրեց, վեր կացավ, երերաց տեղում և քարե բնական թախտին նստելով, ծանրացած գլուխը հենեց ժայռին։
Այնուհետև ամեն ինչ հետզհետե անցավ մոռացության գիրկը, տղան անզգայացել էր…
Այդ ժամանակ Աշոտին որոնող խումբը արդեն դուրս էր եկել ամենանեղ թունելից և կորած ընկերոջից մնացած նշաններ էր որոնում ընդարձակ քարայրում։
Վերևում, աղջամուղջի մեջ, մի զույգ աչքեր երևացին և լսվեց խռպոտ սուլոց։ Պատանիները ահով ետ-ետ գնացին, միայն Հասոն էր անվրդով ժպտում։
Բվեճ է, մի՛ վախենաք, ասաց նա և մի քար նետեց թռչունին։ Բվեճը իր փափուկ թևերն անաղմուկ շարժեց և անհետացավ մեծ թունելի մեջ։
Այդ թունելը խմբին դուրս բերեց այն լուսավոր այրը, ուր Աշոտն այդ առավոտ ծղրտոց լսեց և ռուսի կանչը, թե՝ Сплю… Сплю… Այրի առաստաղի մի մութ անկյունում սև կետեր էին երևում։
Գագի՛կ, վառեկներդ, գոչեց Հասոն առաստաղից կախված չղջիկների գաղութը ցույց տալով։ Նրա ձայնից մի քանի փոքրիկ բվեր արթնացան ու դուրս թռան ժայռի ճեղքից։
Վառեկնե՞րս, նրանց հոգուն մատաղ…
Տղան իր սովորության համաձայն ցանկացավ կատակել, բայց սիրտը ճմլվում էր. «Ա՜խ, Աշոտը գտնվե՜ր…», մտածեց նա և նորից մռայլվեց։
Այդ քարայրից մինչև ջրափոսը հեռու չէր։ Երբ գաղջ և ծուռումուռ գետնուղիով առաջ գնացին մի քանի տասնյակ քայլ, ջահերի լույսի տակ մի մարդ երևաց, որ նստել էր քարե թախտի վրա ու գլուխը հենել ապառաժե պատին։
Աշո՛տը, ճչաց Շուշիկը, և տեսնելով, որ տղան չի շարժվում, թուլացած նստեց տեղում։
Աշո՜տ, Աշո՜տ, թափահարում էին ընկերները, քաշքշում, տղան կենդանության ոչ մի նշան չէր ցույց տալիս։
Հա՛սո, տանենք էն լույս տեղը…
Եվ Գագիկը շալակեց ընկերոջ անկենդան մարմինը ու տարավ դրեց լուսավոր այրում։
Շուշիկն ուշաթափվել է, Շո՛ւշիկը, հետևից լսվեց Սարգսի խուճապահար ձայնը։ Հասոն ետ վազեց և ձեռքի վառվող ձողը ցած մեկնեց, որ աղջկա դեմքը լուսավորի, սակայն բոցն իսկույն հանգավ։
Դեսը տուր…
Նա խլեց Սարգսի ձեռից ջահը, բայց սա ևս ճեղքին մոտեցնելուն պես հանգավ։ Տղաները կռանալիս ծանր ածխահոտ էին առնում, որից պտտվում էին նրանց գլուխները, շունչները բռնվում էր։ Չըմբռնեցին ի՛նչ երևույթ է դա, բայց Շուշիկին վերցրին ու տարան լուսավոր այրը։
Գագիկի սև աչքերը այրվում էին ներքին բերկրանքից։
Շնչում է, աչքով անելով ակնարկեց նա գետնին պառկած ընկերոջ կողմը։
Իսկապե՞ս, կենդանի՞ է, ճչաց նոր ուշքի եկած աղջիկը։
Սպասիր, ես դրան արթնացնեմ…
Եվ Գագիկը սկսեց քաշքշել Աշոտի ականջներն ու ապտակներ հասցնել թշերին։
Ի՞նչ ես անում, անխի՛ղճ, ճչաց Շուշիկը նրա թևը բռնելով։ Ապա իր փոքրիկ ձեռքը դրեց Աշոտի ճերմակ ու լայն ճակատին։ Ստացած ապտակների՞ց, թե այդ հպումից տղան աչքերը բացեց, խոժոռ ու անիմաստ հայացքով նայեց աղջկա դալուկ դեմքին և նորից կոպերը փակեց։
Ես եմ, Աշո՛տ, ես եմ, Շո՛ւշիկը, նրա ուսը թափահարում և մեղմությամբ ասում էր աղջիկը։
Պատանին աչքերը բացեց, դժվարությամբ վրա նստեց ու շփոթված հարցրեց.
Որտե՞ղ եմ…
Վառեկներիս մոտ ես, մի վեր նայի՛ր…
Վերև՞։ Չէ, գլուխս ցավում է… Ձեզ գտե՞լ եմ… Հո երազ չի՞…
Երազ չի բա ի՞նչ է, սրանից էլ քաղցր երա՞զ… զգացված ասաց Գագիկը և իր արցունքները չմատնելու համար շուռ եկավ։
Նա լուռ լալիս էր…
Այդ դեպքից մի ժամ չանցած, խումբն արդեն բոլորել էր թեժ խարույկի շուրջը և խաղաղ զրուցում էր։ Աշոտը նայում էր արևից հուրհրատին տվող շեկ ժայռերին, նայում էր մշուշի թեթև շղարշով պատած Արարատին և սիրտը լցվում էր բերկրանքից։ Ի՜նչ պայծառ, ի՛նչ լավ է եղել աշխարհը…
Հիմի որ լճավանցի Կամոյին հասար, խաժ աչքերը չարաճճիորեն փայլեցնելով ասում էր Շուշիկը և ընկերներին գաղտնի աչքով անում։
Կամոյի անունը մի տա, թե չէ հիմի էլի վեր կկենա-կգնա դեպի մութ-մութ աշխարհներ։
Իսկապես որ մութ աշխարհներ, հոգնած ու մեղմ ասում էր Աշոտը. կարծես հեռավոր հուշ էր այն, ինչ պատահել էր իրեն այդ առավոտ։ Ուրեմն ավելի անելանելի վիճակ է եղել, քան Հովազաձորում փակված ապրելն է։ Այն ինչ տեսավ և ապրեց Աշոտը ստորերկրյա այն աշխարհում, դրանից հետո Հովազաձորը երկրային դրախտի հմայք էր ստացել իր աչքին։ Նորից ու նորից նայում էր սիրահարվածի աչքերով դեպի ամպերը բարդբարդվող ապառաժներին, ժայռերին թառած արծիվներին և հոգին ճախրում էր ուրախությունից, ինքը. նորից այս ազատ ու հմայքներով լի աշխարհումս է, իր հավատարիմ ընկերների հետ։
Բայց ի՜նչ սարսափելի էր, գիտե՞ք։ Խոստովանվում եմ, որ սիրտս ահ էր ընկել, ասաց նա ցրված։ Թովիչ ժպիտ ուներ հիմա Աշոտը, հայացքը դարձել էր մեղմ ու բարի։ «Այսպես ավելի դուրեկան է… չեմ սիրում, երբ գոռում է ու հրամայում», մտածում էր Շուշիկը՝ պատանու սիրալիր ու քնքուշ հայացքին հանդիպելով։
Ինչո՞ւ ետ չէիր գալիս, ճամփեն կորցրե՞լ էիր, հարցրեց Սարգիսը, որ կյանքում առաջին անգամ սիրով ու համակրանքով էր նայում իր երբեմնի հակառակորդին։ Իսկ Հասոն, քիչ հեռու նստած, լսում էր ընկերների զրույցը և խաղաղ մի ժպիտ էր հանգչում նրա թուխ դեմքին։
Ուզում էի ետ գալ, բայց ճգնավորը փակել էր ճամփես, ժպտալով պատասխանեց Աշոտը։
Ո՞ր ճգնավորը, մեր տան տերը, անհանգստացավ Շուշիկը և նրա չալ աչքերում վախ երևաց։
Այո՛, մեր տան տերը։ Երևի մենակությունից խելքը թռցրել է… քրքջում էր լուսավոր այրում…
Դու աչքովդ իրեն տեսա՞ր, մեջ մտավ Հասոն, որ քիչ չէր ահաբեկված այդ լուրից։
Չտեսա, միայն ձայնն էի լսում։
Հասոն ներողամտորեն ժպտաց։
Բվեճ է եղել, հանգիստ ասաց նա և գնաց խարույկի համար փայտ բերելու։
Ա՜յ քեզ բան, բվեճն էլ մարդու նման կծիծաղի՞…
Հա, Հասոն մի բվեճ թռցրեց ասածդ այրից, հաստատեց Շուշիկը։
Աշոտը մնացել էր կարկամած։
Հը, ինչո՞ւ ես ապշել, ծիծաղելով հարցրեց Գագիկը։
Ախր այդ քրքիջը ինձ շատ է վախեցրել, գողունի Շուշիկին նայելով խոստովանեց տղան և շիկնեց իր խոստովանությունից։ Չէ՛, Հասոն սխալվում է, մարդիկ կային այդ խոռոչներում, մեկը նույնիսկ ռուսերեն պարզ ասում էր, «Քնում եմ, քնում եմ՝ сплю, сплю…»։
Հասոն փայտերը դրեց կրակին և լուռ ծիծաղում էր, որից նրա սև դեմքին ճերմակին էին տալիս բացված ատամներն ու աչքերի սպիտակուցը։
Դա էլ բո՛ւ է եղել, հանգիստ ասաց նա։ Հանդերում այնքա՜ն եմ լսե՜լ։ Առաջ ես էլ էի վախենում, կարծում էի, թե շեյթաններ են, ծիծաղում են վրաս, շվվացնում, ձայն տալիս ու ինձ խաբում, թե՝ քնած ենք, քնած ենք։ Բայց հերս բոլորը բացատրեց։ Ու ամեն անգամ ձեն լսելիս, թևիցս բռնած տանում էր ցույց տալիս. կամ բու էր դուրս գալիս կամ բվեճ… Դրանք էդպես են, դրանցից զուր ես վախեցել…
Իսկապե՞ս բվեճ է եղել… Լավ է, որ ընկերները չեն տեսել իր սարսափահար կերպարանքը, չեն լսել խելագար կանչերը։ Ամոթ էր զգում Աշոտն իր թուլության համար և ամենից շատ այն բանի համար, թե ինքը, որսորդի որդի լինելով, ինչո՞ւ չպիտի ծանոթ լիներ բվեճի ու բուի ձայներին։
Անհարմարությունից նա քրտնել էր. ա՜յ քեզ ամոթալի վիճակ։ Գյուղում որ լսեն, ի՞նչ կասեն։
Իսկ Հասոն ծանոթ կլինի իհարկե։ «Օրը վերջացավ՝ վերադառնում ենք որսից։ Իսկ նա գիշերում է հանդում…», փորձեց իրեն արդարացնել նա։
Դե լա՛վ, քիթդ մի՛ կախի, մենք քեզանից պակաս չենք վախեցել։ Մի այր ընկանք՝ կատարյալ հիվանդանոց, մեկը տնքում էր, մեկը հառաչում, մյուսը լաց լինում… Սարսափելի էր չէ՞, Շուշի՛կ։ Ասենք, Գագիկ տղեն վախեցող պտուղ չի, ուղղակի խղճում էի, որ լսում էի մարդկանց հառաչանքները։ Հիմի Հասոն կասի՝ դրանք էլ են բուերն ու բվեճները։
Չէ, լաց ու տնքոց ես բուերից չեմ լսել… Դրանք քաջքեր էին…
Եվ հովիվ պատանին ահով նայեց Հովազի այրի մռայլ մուտքին։
Այժմ էլ ծիծաղելու հերթը Աշոտինն էր։
Դա հո իսկական բու է եղել։ Լաց է լինում երեխայի նման, հառաչում է, ծվծվում է մկան պես…
Հա, իսկապես, ծվծվաց, ոգևորվեց Շուշիկը։ Ուրեմն... Ա՛յ քեզ բա՜ն… Մենք էլ…
Այո, մենք էլ կարծել ենք, թե հրաշքներով լիքն են այդ անձավները։ Ահա թե ինչ է նշանակում վատ իմանալ բնության գործերը։ Բայց եթե ես ձեր տեղը լինեի, դուք՝ իմը, ոչ մեկս չէինք վախենալու։ Հասոն բվեճի քրքիջին է ծանոթ, ես՝ բուի լացին։ Նույնիսկ չէինք զարմանալու։ Հակառակ տեղեր ենք ընկել։ Ա՜յ քեզ պատահականությո՜ւն… Դե որ ոչ մի հրաշք չկա այդ անձավներում, գնանք գտնենք մեր հովազին ու մաշկենք։ Ափսոս է, բվեճները մորթը կքրքրեն…
Եվ Աշոտը տեղից վեր կացավ։
Ջահերը կբավականացնե՞ն։ Կեցցես, Հասո՛, սրանք դո՛ւ ճեղքած կլինես քո դանակով, ճեղքած ձողը չի հանգչի։
էլի հանգչում է, Աշոտ։ Որ ուզեցինք Շուշիկին վեր բարձրացնել, իմ մարխն էլ հանգավ, Սարգսինն էլ, իր պատրաստած կերոններից դժգոհ պատասխանեց Հասոն։
Ո՞նց թե… ինչո՞ւ պիտի հանգչեն այսքան յուղոտ ու չոր մարխերը…. մտատանջության մեջ ինքն իրեն հարցնում էր Աշոտը։ Սպասի՛ր, դա որտե՞ղ էր…
Որտեղ դու ուշաթափվել էիր։
Որտե՞ղ եմ ուշաթափվել, կենտրոնացած մտածում էր Աշոտը։ Հա՛, կռացա մի ճեղքի վրա, որից քարածխի հոտ էր գալիս…
Ես էլ կռացա, ու մարխը հանգավ, մեջ մտավ Սարգիսը, որը սկսել էր մի կարևոր բան կռահել։
Ասում ես Շուշիկն ուշաթափվե՞ց։ Բա ո՞նց եմ կենդանի եմ մնացել… Ա՜յ քեզ հանելո՜ւկ… Ես պառկած չէի՞ ճեղքի վրա։
Ո՛չ, թառել էիր վերևում…
Քո վառեկների նմա՞ն… Հենց դա էլ ինձ փրկել է. ածխածինը ծանր է օդից, ներքևում լճացած է եղել… Ա՛յ քեզ բա՜խտ, մազից ենք պրծել։
Աշոտը գլուխն օրորում էր։
Ուրեմն ինձ մահի՞ց եք փրկել… Եվ նույնիսկ Սարգի՞սն է մասնակցել ինձ փրկելու գործին։
Ոնց թե նույնիսկ։ Եթե նա չլիներ՝ մենք չէինք գտնելու։ Նա գտավ քո հետքը, բոլորի վրա մի հաղթական հայացք ձգելով վրա բերեց Շուշիկը։ Այդ հայացքը ասում էր. «Տեսա՞ք, որ ես ճիշտ դուրս եկա»։
Նա հիշեց, թե ինչպես Սարգիսը աղաչում էր ժայռի ճակատից. «Փրկիր ինձ, Աշոտ ջան, գուցե մի օր էլ ես եմ քեզ պետք գալիս»։ Հիշեց և Աշոտի ամբարտավան պատասխանը. «Մեռնի իմ գլուխը, որ դու պիտի ինձ պետք գաս»։ Հիմա առանց նրբանկատության չհարցնի՞ Աշոտին. «Պե՞տք եկավ Սարգիսը, թե՞ ոչ…»։
Բայց ինչպե՞ս հարցնի, ինչպե՞ս ամոթահար անի այդ մի քիչ ամբարտավան, բայց շատ սիրելի տղային…
Բայց Աշոտը հասկացավ նրա ակնարկը և հայացքը խոնարհեց։ Հասկացան և մյուս ընկերները։ Սարգսի հոգին թնդում էր բերկրանքից, թեև անհարմարությունից քրտնել էր։ Ա՞յ իսկական հաղթանակը… Այսպես կհաղթեն, ոչ թե մեջը քար դրած ձնագնդիներով…
Իսկ Աշոտը դեռ դժվարանում էր հաշտվել տեղի ունեցածի հետ։ Ուղղակի հրաշք էր կատարվել։ Նրա մտքով իսկի երբևէ կարո՞ղ էր անցնել, որ իր կյանքը պիտի փրկեն (այն էլ ստորերկրյա մթին խորխորատներում) Սարգիսը, որին նա մորթապաշտ է համարել, Գագիկը, որի վախկոտությանը ինքը քաջ ծանոթ է, թուլակամ ու թուլակազմ այս աղջիկը, որին Աշոտը ե՞րբ է հաշվի առել որ… Ախր իր համեմատությամբ դրանք թույլ ու անճար արարածներ էին… Չէ՜, այստեղ թյուրիմացություն կա։ Հավանաբար ինքը վատ է ճանաչել իր ընկերներին և թյուր կարծիքի է եղել նրանց մասին։ «Իսկ իմ մասի՞ն»։ Այո՛, մինչև այդ դեպքը իր մասին նա բավական մեծ կարծիք ուներ։ Իր ընկերները, ըստ երևույթին, այն չեն եղել, ի՛նչ կարծել է ինքը։ Հե՞շտ բան է այդ ստորերկրյա դժոխքը մտնել… Թե՞ այդ թույլ կամքերը, միանալով կոլեկտիվի մեջ՝ հզոր ուժ են կազմել, ինչպես երբ միացնում ես բարակ, դյուրաբեկ ու թույլ ճիպոտները, խմբովին անընկճելի են դառնում կաղնի գերանի նման…
Այդ մտքերն էին խռնվել Աշոտի ուղեղում և այդ մտքերից նա բուժվում էր վայրկյան առ վայրկյան։ Բուժվում՝ իր թուլություններից, որոնց մասին Գագիկն ասում էր ճակատին, շիտակ, ինչպես վայել է անկեղծ ընկերոջը։ Էլ ինչո՞ւ վիրավորվել նրա դիտողություններից, երբ դրանք ճիշտ են, դրանք օգնում են իրեն։
Մի քանի րոպե լուռ էր, և ընկերներն էլ զգում էին, որ կարևոր բան է կատարվում իր հետ։ Ինքն Աշոտն էլ զգաց, որ այդ մի քանի րոպեում շատ բան փոխվեց իր մեջ։ Ասենք, նրա վերափոխությունը ամեն օր էր կատարվել, դանդաղ, աննկատելի։ Այդ վերջին րոպեները քառասուն օրվա բազմաթիվ դեպքերի ու ապրումների գագաթնակետն էին հանդիսանում, նման այն ստորերկրյա ջրերին, որոնք ամեն ժամ, ամեն վայրկյան հավաքվեցին երկրի ընդերքում և հասնելով իրենց բարձրագույն կետին՝ դուրս ժայթքեցին այն գիշեր ահեղ հեղեղի ձևով…
Բոլոր այն խրատները, որ նա կարդացել է ընկերների գլխին, և մասնավորապես Սարգսին, հարկ է, որ վերադարձնեն իրեն։ Անվախ ու հզոր է կարծել իրեն, հերոսի դիրք է ընդունել, բայց կյանքը ցույց տվեց, որ առանց կոլեկտիվի ինքը ևս ոչինչ է… Եվ կարծես որպես իր այդ մտքի արձագանք, նա լսեց Գագիկի զգույշ ու մեղմ հարցը.
Աշո՛ տ, եկ անկեղծ ասա, չե՞ս ընդունում, որ նույնիսկ դու առանց ընկերների անզոր ես…
Երևում էր, որ Գագիկի համար դա շատ կարևոր հարց է, որ շաբաթներ շարունակ նրան մտահոգություն է պատճառել։
Աշոտը մի պահ լռեց, ապա գլխատակ ու խուլ արտասանեց.
Ընդունում եմ…
Միակ խոսքը, որ կարճ ասացիր, ծիծաղեց Գագիկը, բայց և զգաց, որ իր սրտից ծանրություն ընկավ. է՛հ, լավ է, վերջապես «մեջքը գետնովը տվեց»։ Հովազաձորը իզուր չի անցել նաև Աշոտի համար, դե ինչպես չփառավորվի Գագիկի նման ընկերոջ հոգին։
Աշոտը նորից լուռ մտածում էր։
Այո՛, ածխածինը խեղդելու էր ինձ էլ, քեզ էլ… եթե սրանք չլինեին, կարծես լսեց նա Շուշիկի ձայնը։
Աշոտը սթափվեց իր մտքերից. Շուշիկը հարցական, զննող և ժպտուն աչքերով նայում էր իրեն։ Երևի շարունակում է կարդալ իր մտքերը։
Այո՛, խեղդվելու էինք, մեքենայորեն կրկնեց նա։ Դե անցածն անցած է, վառեցեք ջահերը, վերցրեք զենքերը, գնում ենք հովազի դեմ… Ա՜յ քեզ բա՜խտ, շարունակում էր գլուխն օրորել նա։ Ապա լիովին սթափվեց, ձախ այտը խաղաց իր խալերի հետ միասին, դա նշան էր, որ նա ալեկոծվում է իր ներսում ծնվող անսովոր մտքերից։
Դե՛, գնացի՛նք, գոչեց նա խրոխտ։
Նորից դարձել էր նախկին Աշոտը՝ սրտոտ, առնական, ինքնավստահ։ Թախծոտ մեղմությունն անցավ՝ թավիշ ու շոյող հայացքն էլ հետը։ Այժմ նրա գեղեցիկ աչքերը փայլում էին ոգևորությունից. տեղում դոփում էր ջահել ձիու նման և բոլորն էլ լուռ զգում էին, որ նա դեռ հեռակա մրցության մեջ է լճավանցի Կամոյի հետ ու մարտի է հրավիրում նրան։
Աշոտ, սիրելիս, այդ սարսափելի անձավները մի՛ գնա։ Հավատացնում եմ, որ դու Կամոյից քաջ ես, -խնդրում էր Շուշիկը և՛ ահով, և՛ հեգնախառը։
Դա ավելի բորբոքեց կրակը պատանու ներսում, վրդովվեց, շիկնեց աղջկա այդ խոսքից՝ գողության մեջ բռնվածի նման։
Կամոն միայն քո մտքում է, իմ մտքում հովազն է, զայրացած շպրտեց նա և գնաց դեպի անձավը։
Ապա տեսնելով, որ ընկերները տատանվում են, հեգնանքով շպրտեց.
Բուերը կարգին վախեցրել են ձեզ։
Վախեցո՜ղ ես գտել, կուրծքն առաջ ցցեց Գագիկը։ Ուղղակի զուր ես մեզ տանում, ահա թե ինչ։ Երկու օր է ամեն ծակուծուկ նայում ենք՝ հովազդ չկա։ Ուրեմն դուրս է եկել այրից…
Սարգիսն ու Շուշիկը ևս Գագիկի կողմն անցան, բայց Աշոտը գտնում էր, որ այդքան չարչարանք կրելուց և վտանգների ենթարկվելուց հետո գործը կիսատ թողնել, նշանակում է նմանվել այն զորքին, որը գրոհում է բերդը, զոհեր է տալիս, պարիսպ է կործանում, բայց հենց մոտենում է ներս խուժելու ժամը, նահանջում է վերջին դժվարությունների առաջ։ Չէ՜, Աշոտը շուտ հուսահատվող զորավար չի. գործը սկսե՞լ է՝ կտանի մինչև հաղթական վախճանը։ Միայն հարկավոր է նախ զորքին համոզել։ Նա չոքեց այրի մուտքի առաջ և մատով ցույց տվեց փոշու վրա տպված կլոր թաթի հետքը, ճանկերն ուղղված էին դեպի այրի ներսը։ Դեպի դուրս հետք չկար։
Հասկացա՞ք… Համոզվեցի՞ք, որ ներսում է, հարցրեց նա հանդիմանանքով։
Գուցե գնացել, դուրս է եկել «հետևի դռնով», Ոչխարանոցում, իր վերջին առարկությունն արավ Սարգիսը։
Աշոտը հեգնանքով քմծիծաղ տվեց։ Դե ինչպես հասկացնես այս մարդկանց, որ վիրավոր կենդանին չի կտրի-անցնի այդ դարիվեր ճամփան։
Նա ներս է մտել, քիչ առաջ գնացել ու մոտիկ մի անկյունում ոտները մեկնել, շարունակում էր համոզել Աշոտը։ Ձեր ճամփին իրարից բաժանվող թունելներ չկայի՞ն։
Կային, խոստովանեց Սարգիսը։
Բա էլ ինչու եք ասում, թե ամեն ծակուծուկ նայել եք… Գնա՛նք… Հետևիցս եկեք։ Ամոթ մեզ, որ հովազի մորթին դրոշակ շինած գյուղ չմտնենք…
Աշոտի խոսքը համոզիչ թվաց, նրա ոգևորությունը վարակեց ընկերներին, և խումբն իր փոքրիկ պետի հետևից նորից մտավ անձավների ստորերկրյա լաբիրինթոսը…
Գլուխ քսանչորսերորդ. Թե ինչպես վտանգը վճռականություն և քաջություն է ծնում մարդուս մեջ
Ծանր զենքերից մի քանիսը դրսում թողնելով, նրանք հետները վերցրել էին թեթև ու երկար նիզակները, նրանցով հեռվից ավելի հեշտ կարելի էր հարվածել։
Միայն Շուշիկն էր, որ զենքի փոխարեն եղևնու և գիհի յուղալի ձողեր ուներ։ Աշոտը լրացուցիչ վերցրել էր «նախնադարյան մարդու գուրզը», Հասոն՝ իր անբաժան չոմբախը, իսկ Գագիկը՝ ճգնավորի կացինը։
Երբ խումբը կանգ առավ մեզ արդեն ծանոթ ճամփաբաժանում, Աշոտը հարցրեց ընկերներին.
Դեպի աջ գնացողը ճյուղավորումներ չունի՞։
Ունի՛, քիչ դենը երկու ճյուղի է բաժանվում։
Պարզ է։ Ուրեմն հովազը ո՛չ աջ է գնացել, ո՛չ ձախ. երկու թունելն էլ մենք արդեն ուսումնասիրել ենք, մեկը ես, մյուսը՝ դուք։ Գնա՛նք, հիմի պարզ է։
Գնացին դեպի աջ և դեռ քսան քայլ չէին արել, երբ թունելը նորից ճյուղավորվեց։ Այս անգամ արդեն առանց վարանելու խումբը մտավ դեպի ձախ գնացող ներքնուղին, որի հատակին նույնպես թափթփված էին զանազան կենդանիների ոսկորներ։
Որքան էլ որ փորձ էին ձեռք բերել մեր պատանիները «մութ-մութ աշխարհներ» հետազոտելու գործում, որքան էլ հոխորտում էին վտանգի հանդեպ և քաջալերում իրենց, այնուամենայնիվ երկյուղն աննկատելիորեն և ակամայից սողոսկում էր նրանց սիրտը։ Դե վիրավոր հովազի դեմ գնալը հո կատակ բան չէր, իսկ հովազը պետք է որ ա՛յդ թունելով գնացած լիներ, քանի որ մյուս թունելներն արդեն հետազոտված էին։ Այդ էր պատճառը, որ Գագիկը անսովոր կերպով լրջացել էր, Սարգիսը «ոտը կախ էր գցել» և մի փոքր ետ մնացել, Շուշիկը երկյուղով լի հայացքով տղաների դեմքերն էր ուսումնասիրում և ջանում էր կարդալ այնտեղ, թե որքան մեծ է իրենց սպառնացող վտանգը։
Միայն Աշոտն էր, որ քայլում էր բոլորից առաջ, ի ցույց ընկերների անհոգ սուլելով և այնպես ցույց տալով, թե իբր վտանգ ասածդ դատարկ բան է իր համար։
Ոսկորների վրա արյան բծեր երևացին, դրանից երկյուղն ավելացավ մեր պատանիների սրտերում։ Լուռ արձանացած, նրանք հայացքով հետևում էին, թե ուր են տանում իրարից հեռու կաթկթած արյան հետքերը։ Աշոտը լուսավորեց ժայռի պատը, ապա ձեռքի «ջահը» ցած իջեցրեց, թեքեց աջ և հանկարծ ետ ցատկեց, մի խորշում, լույսի տակ, հուրհրատին տվեց հովազի չալ մորթին…
Ե՛տ քաշվեցեք, գոչեց նա։
Բոլորն էլ ետ-ետ գնացին, մեջքները հենեցին պատին և առաջ մեկնեցին ձախ ձեռքներում վառվող կենի ճյուղերը, իսկ աջ ձեռքերով՝ նիզակները։ Կրակի վարդագույն ցոլքերի տակ այնպես էր շողշողում հովազի մորթին, կարծես արքայական ոսկեթել ծիրանի լիներ պատի տակ ընկած։
Գազանը դանդաղ բարձրացրեց գլուխը և պղտոր ու մշուշոտ աչքերով նայեց անկոչ հյուրերին։ Եթե կյանքը մարելիս չլիներ նրա մեջ, կրակի ցոլքերի տակ աչքերը պետք է վառվեին ֆոսֆորային պաղ լույսով։ Բայց մեռնող հովազի աչքերը զուրկ էին այն փայլից, որ մթության մեջ արձակում են բոլոր կատվացեղ կենդանիների աչքերը։ Դրանից Աշոտը հասկացավ, որ գազանը իր կյանքի վերջին ժամերն է ապրում ու գոչեց.
Չվախենա՛ք… դուրս չփախչեք… սատկում է…
Բայց գազանը հետզհետե դուրս էր գալիս անզգայության վիճակից, թաքնված ուժեր էին գլուխ բարձրացնում նրա մեջ՝ իր մարող կյանքի վերջին ուժերը։
Ահա նա բեղերը շարժեց, վերին շրթունքը դողացնելով վեր բարձրացրեց և ցույց տվեց ահռելի ժանիքները։
Պատանիների մարմնով սարսուռ անցավ։
Այդտեղ այրը բավական լայն էր, և նրանք հեռու էին գտնվում գազանից։
Դողացող ձեռքերի մեջ հպել էին տեգերը, իսկ Շուշիկը բնազդորեն մի քար էր վերցրել, և այդպես սպասում էին, թե ինչ կկարգադրի Աշոտը։ Իսկ նա գոչում էր ահաբեկված.
Չվախենա՛ք… չվախենա՛ք…
Բայց գազանին նայելով, Աշոտը գունատվեց, հովազը մեջքն ուռցնում էր և երկար պոչը խփում գետնին։ Դա նշան էր, որ նա ցատկելու է պատրաստվում։ Կուտապ եկավ, մկան վրա ցատկելու պատրաստվող կատվի նման հպվեց գետնին, մեջքը կորացրեց աղեղնաձև և արդեն աշխուժացած աչքերով սկսեց որոնել իր որսին. նախ պիտի կանգ առներ հինգ արարածներից մեկի վրա, իր ցեղի սովորության համաձայն նշան բռներ նրան և ցատկեր…
Այստեղ էր, որ հարկավոր եղավ այն սառնասրտությունն ու արագ կողմնորոշվելու շնորհքը, որ Աշոտը սովորեցնում էր իր ընկերներին։
Երբ հովազը կուտապ եկավ, Աշոտն իսկույն հիշեց, թե ինչպես են վագր որսում Մալայան Արշիպելագի բնիկները։ Գտնում են վագրին, նիզակները ձեռքներին ճոճելով կլոր պար են բռնում ու պտտվում կուտապ եկած գազանի շուրջը։ Վագրը շփոթվում է, չի կարողանում որոշել, թե ո՞րին նշան բռնի։ Նրանք էլ հարայ-հրոցով օղակը նեղացնում են ու նիզակները նետում… Անցյալ տարի մի տեղ կարդացել ու երազել էր. «Ա՛խ, մի վագր պատահի հանդում՝ գնայինք վրան փորձեինք…»։ Ահա թե որտեղ հարկավոր եկավ կարդացածը։ Եվ նա գոչեց.
Շարժվեցեք, որ չկարողանա նշան բռնել, շարժվեցե՛ք, թռչկոտեցե՛ք, որ շշկլվի… Քոչա՛րի բռնեցեք, քոչա՛րի, հանկարծ վճռելով գոչեց նա և բոլորն ուս-ուսի տվին։ Փչի՛ր, Հասո՛, փչիր՝ շփոթեցնենք…
Տարօրինակ էր իրենց պետի այդ «հրամանը», բայց ո՛վ ժամանակ ուներ կշռադատելու, երկյուղից գլուխները կորցրած և իրենց բոլոր նյարդերով լարված, մեր պատանիները բնազդով կրկնում էին այն, ինչ անում էր իրենց օղակավարը։
Հասոն տագնապահար ու վայրիվերո փչում էր իր սրինգը և մեր պատանիները, սարսափը սրտներում, ոստոստում էին ռիթմիկ դոփյունով։
Խելագարություն կարող էր թվալ «պարն» այդ կրիտիկական պահին, բայց երբ գազանը մոլորվել էր, թե այդ ցատկոտող երկոտանիներից որի՞ վրա ցատկի, մեր պատանիները հասկացան, որ իրենց արածը մեծ հնարամտություն է։
Թռչկոտելով մոտեցեք, մի՛ վախենաք, մեզ ոչինչ չի անի, խրախուսում էր Աշոտը։
Ա՛յ քեզ հնարք։ Գազանը այնպես էր շփոթվել նվագից, կրակներից, ցատկոտող արարածների տեսքից, որ բոլորովին կորցրել էր կողմնորոշումը։ Նշան էր բռնում մեկին, բայց հենց սա ոստնում էր մի կողմ, հայացքը հաջորդին էր մեխում, ապա մյուսին։ Այդպես անդադար նրա հայացքն անցնում էր մեկից մյուսին և ոչ մեկի վրա էլ չէր կարողանում կանգ առնել, որովհետև նրանք շարունակ շարժման մեջ էին։ Իսկ կատուն չի ցատկի այն կենդանու վրա, որի վրա իր հայացքը գոնե մի պահ կանգ չի առել, որին նա նշան չի բռնել։
Ընկերները վերջնականապես գլխի ընկան, թե այդ սարսափելի պահին ինչու են թռչկոտում իրենք, հասկացան Աշոտի մտադրությունը և գոռում-գոչյունով շարունակեցին ցատկոտել։ Իրենց ձայներից, գազանի շփոթությունից հետզհետե սրտապնդվեցին ու սկսեցին նեղացնել օղակը։
Նիզակները շպրտեցեք, գոչեց Աշոտը։
Չորս նիզակ միասին թռան օդում, իսկ Շուշիկի քարը ընկավ իր ոտքերի մոտ. նրա ծնկները դողդողում էին։
Գազանը հարվածներից ծառս եղավ, գոռաց, դարձյալ ընկավ առաջին թաթերի վրա։
Նետած զենքերից միայն մեկն էր խրվել նրա կողը։ Գազանի ամեն շարժումից մարմնի մեջ խրված նիզակը տմբտմբում էր։
Պատանիները մնացին առանց զենքի, միայն Աշոտն էր ձեռքը վերցրել պատին հենած երկար մահակը, որի ծայրին ճիլոպով քար էր ամրացված։
Քարեր վերցրե՛ք, մի՛ վախենաք… Շարունակ շարժվեցե՛ք… Ոչ ոք թող տեղում չկանգնի…
Աշոտը գործում էր ինչպես տենդի մեջ. հոր որսորդական արյունն էր եռում այդ պահին նրա երակներում։ Բորբոքված աչքերով հետևում էր գազանի շարժումներին, խույս էր տալիս նրա «նշան» բռնելուց, հրում ու շարունակ շարժման մեջ էր պահում ընկերներին։
Չոմբախի ծայրը բերանը կոխիր՝ զբաղեցրո՛ւ, գոչեց նա։ Հասոն հեռվից մեկնեց իր երկար մահակը և նրա ծայրը խոթեց ուժասպառ գազանի երախը։
Մինչ սա փայտն էր կրծում, ժնգժնգացնելով ցույց տալիս իր սուր-սուր ատամները, Աշոտն անցավ այրի մութ անկյունը, կողքից մոտեցավ և ձեռքի քարե մուրճը վրա բերեց հովազի կլոր գանգին…
Գազանի մարմինը խլրտաց, ոտքերը ջղաձգորեն ցնցվեցին և շուռ գալով կողքի վրա, մեկնվեց։
Տեսա՞ր ինչ արավ էս տղեն, ծնոտները կափկափացնելով և բռունցքը խփելով իր կրծքին՝ կանչեց Գագիկը։ Կաց, մի կարգին սպանեմ…
Եվ նա բարձրացրեց ճգնավորի կացինը, որ վրա բերի, մեկ էլ միտքը փոխեց ու հեռացավ-մեջքը դեմ արավ անձավի պատին։
Անտերը վեր կկենա փորս-մորս կթափի։ Ապա մի մեծ քար վերցնելով, ձայն տվեց։ Հեռո՛ւ կացեք, հովազ եմ սպանում։
Ու սկսեց քարկոծել անշարժացած կենդանուն։
Գազանն այլևս չէր արձագանքում ո՛չ հարվածներին, ո՛չ լույսին, ո՛չ տղաների խոսակցությանը։ Նա շունչը փչել էր։ Բայց մեռած վիճակում ևս այնքան զարհուրելի էր, որ միառժամանակ ոչ ոք չհամարձակվեց մոտենալ նրան։ Նորից քարեր տեղացին՝ ոչ մի շարժում։
Դե իմ զարկին հովա՞զ կդիմանա, պարծեցավ Գագիկը։
Վախվխելով մոտեցան, պոչից վեր քաշեցին։
Սպասեցե՛ք, քարշ մի տաք, մորթին ափսոս է։ Կաց, մի նիզակը հանեմ կողից։ Պա՛հ, ինչ խոր է խրվել… Սարգի՛ս, դու պոչից բարձրացրու, Հասո՛, դու գլխից, Գագի՛կ, դու ոտքից։ Շուշի՛կ, լույս անելով առաջ ընկիր…
Այսպես գազանին վերցրին և իրենց զենքերը գետնին թափթփված թողնելով՝ թափորով դուրս բերին անձավից, ցած դրին և երջանիկ նայեցին իրար։ Ա՜յ քեզ հաջողությո՛ւն, հիմի որ աշխարհը կզարմանա իրենց արարքից։ Դե եկ, Աշոտ, համբերիր։ Դե եկ հեգնանքով մի հարցրու Շուշիկին. «Քո Կամոն իսկի մի վայրի կատու սպանած կա՞»։ Բայց ոչ, հարմար չէ… Լավ կլինի, որ այդ մասին նույնիսկ ինքը չմտածի էլ…
Սպասիր, Աշո՛տ, քեզ էլ մի ուրիշ շքանշանով պարգևատրեմ, «Հովազին հաղթելու շքանշանով»։
Եվ Շուշիկը թխկենու մի նախշուն տերև գտավ, ամրացրեց պատանու կրծքին ու մի շատ ջերմ հայացք պարգևեց նրան։
Աշոտը շփոթված բողոքեց.
Բոլորի՛ն, բոլորի՛ն… Ինչո՞ւ միայն ի՛նձ…
Ա՛յ այդպես։ Հիմա առաջվա Աշոտից և՛ լավն ես, և՛ բարձր, մեղմությամբ և մեծավարի խրատեց Շուշիկը։ Եվ եթե միշտ այդպես համեստ մնաս, գին չես ունենա…
Աշոտն այժմ այնպես էր նեղվում իր հասցեին ասված և չասված գովասանքներից, որ հարկ համարեց շուտափույթ կերպով փոխել խոսակցության նյութը։
Պարծենալու բան չկա, ասաց նա։ Արջի սպանածին տեր ենք կանգնել ու հպարտանում ենք…
Շուշիկը բողոքեց.
Ո՛չ արջը, ո՛չ էլ հովազը իրենք-իրենց չեն մեզ բաժին դառել։ Երկուսն էլ ձեռք են բերվել մեր աշխատանքով…
Վա՛յ, դատողությանը նայեցեք… Այդ ինչպե՞ս, զարմացավ Գագիկը։
Շատ պարզ։ Եթե Աշոտը թակարդ չլարեր, ոչ այս գազանը այստեղ մեկնված կլիներ, ոչ էլ արջի միսը կախված կլիներ մեր բնակարանի պատերից…
Իսկապե՜ս որ… Այդ մասին նույնիսկ ինքը՝ Աշոտը չէր մտածել։
Այո՛, թակարդն ըստ երևույթին շատ ավելի մեծ գործ էր կատարել, քան կարծում էին մեր պատանիները։ Եթե նա իր երկաթե ճանկերով այնպես չճզմեր հովազի թաթը, սա երբեք չէր հարձակվի արջի վրա, ուրեմն և փշրված ողնաշարով չէր էլ գնա մթին անձավում վախճանվելու…
Ընկերները դարձյալ գովում են իրեն, դարձյալ առաջ են քաշում… Աշոտը Հովազաձոր մտնելուց հետո առաջին անգամ շիկնեց համեստությունից։ Չէ՜, արդարամիտ են իր ընկերները, ի՛նչ հիմար բաներ էր մտածում մի քանի օր առաջ նրանց մասին։ Լա՛վն են… Երբ լավ ես պահում քեզ՝ վեր են քաշում, բայց հենց գոռոզացա՞ր, տապալում են… գաղտնի քվեարկությամբ…
Աշոտը ժպտաց հաշտ, բարի ժպիտով։ Այն չարաբաստիկ քվեարկությունը, որ մինչև հիմա հիշում էր սոսկումով, այժմ թախծալի ժպիտով է մտաբերում։ Կարծես «այն տապալվածը» ինքը չէր եղել, այլ ուրիշ մարդ։ «Տաքագլուխ էր, ընկերներին բանի տեղ չդնող», այդ «ուրիշի» մասին մտածում էր նա։
Այդ «ուրիշը» այլևս մնաց հետևում… Աշոտը կարծես մի քանի օրվա մեջ աճել ու թևակոխել էր իր կյանքի մի նոր շրջան։ Այո՛, այդ անցումը արագ կատարվեց, շա՛տ արագ։ Բայց չէ՞ որ Հովազաձորում էլ դեպքերը և նրանց առաջ բերած տպավորություններն ու հուզումները իրար հաջորդում էին գլխապտույտ արագությամբ։
Դրանից չէ՞ր, արդյոք, որ մեր պատանիները հասունանում ու փոխվում էին ժամ առ ժամ…
Աշոտը վեր կացավ։
Հասո՛, դու շատ զգուշությամբ մաշկիր, տիկ հանիր գազանի մորթին։ Սարգիսն ու Շուշիկը կօգնեն քեզ, իսկ ես ու Գագիկը այրի մեջ ինչքան ոսկոր կա պիտի դուրս տանք, կարգադրեց նա։ Լավ տիկ հանիր հա՜, ոչ մի տեղ չպատռես։ Այնպես որ մեջը խոտ լցնենք՝ դառնա իսկական կենդանի հովազ ու կանգնի մեր դպրոցի բնագիտական կաբինետում…
Ասաց ու նորից քարայրը մտավ։
Ոչ մի տեղ չպատռե՜ս… Նո՞ր պիտի պատռվի։ Մի տե՛ս, Շուշի՜կ, նիզակի տեղերը, ցույց էր տալիս Հասոն։
Նիզակներից մեկը խրվել էր գազանի թոքի մեջ և նրա կաշին պատռել մոտ երեք սանտիմետր լայնությամբ։
Ինչ եք կարծում, ո՞ւմ նիզակը կլինի, հարցրեց Գագիկը, մատը իր սրտին դնելով։
Հա՛, թափից երևում է, որ անպայման քոնը եղած կլինի, հաստատեց Շուշիկը։ Իսկ սա, որ մի քիչ չանգռել է, Աշոտինը կլինի… Հասո՛, ուշադիր նայիր, կարծես մյուս երկու նիզակները մորթին բոլորովին չեն էլ ծակել։ Ա՜յ ձեզ քաջե՜ր…
Բայց մաշկելու ընթացքում մի փոքրիկ ճեղքվածք ևս գտնվեց, ուրեմն չորսից երեքը կպել էին։
Լա՛վ, հիմի Աշոտը նիզակները կբերի, կպարզենք քո կողմնապահությունը, սպառնաց Գագիկը։
Իսկ Շուշիկը շոյում էր գազանի սքանչելի մորթին և հիանում։
Համա նկարելու բան ես հա՛, աղջկա հագի չորացած պարկին նայում ու ծիծաղում էր Գագիկը։ Այդպես էլ ծիծաղելով այրը մտավ։
Շուշիկը նայեց իր տարօրինակ «հագուստին», որ ծուռումուռ և կարծր թիթեղի նման կախվել էր իր նիհար ուսերից և ամոթից լաց եղավ։
Դե՛, քրոջս քեֆին չկպչես, Գագիկի հետևից գոչեց Հասոն։
Հովազի ճարպից նա մի կտոր կտրել էր, կրակին դեմ էր անում ու քսում Բոյնախի մորթու չորացած երեսին։
Շուռ արի մոտեցիր կրակին, թող կակղի…
Այդպես ճարպով փափկացրեց, ձեռքերով տրորեց աղջկա «մուշտակը», իսկ սա բարությամբ նայում էր տղայի համակրելի դեմքին և ուրախանում այն մտքից, որ հոգատարությամբ է շրջապատված ինքը։ Միայն Գագիկն էր երբեմն ձեռք առնում իրեն, դա էլ նրա բնավորությունն է, ո՛ւմ ասես, որ չի հեգնում։
Հիմի դու տրորիր քուրքդ, էնքան տրորիր, որ մուշկ դառնա։
Շուշիկն իր մուշտակն էր «մշակում», Սարգիսը, իր սովորության համաձայն, միշտ լուռ՝ չոքել ու բռնել էր գազանի ոտքից, իսկ Հասոն դանակի վարժ շարժումներով շարունակում էր մաշկել հովազին։
Ի՜նչ յուղ ունի՜… ափսոս, որ հարամ է։
Եվ Հասոն, գլուխը բարձրացնելով, նշանակալից նայեց Սարգսին.
Մեր քրդերն ասում են՝ թող էն սարի գելն էլ մենակ չլինի։ Բա՞, ընկերը անգին բան է… Լավ ընկերի հետ չես կորչի… Տեսա՛ր ինչ արինք ընկերներով…
Սարգիսը գլուխը կախ լսում էր, նա չէր կարողանում շիտակ նայել այդ տղայի աչքերի մեջ։ Ամոթ էր զգում նրա առաջ, ամոթ՝ իր հոր տմարդի արարքի համար…
Նա վեր կացավ գնաց դեպի ժայռը և սկսեց չորացած հաղարճներ պոկել նրանից կախված թփից։
Պոկում էր ու մտածում…
Աշոտը դուրս եկավ այրից՝ կացինն ու քարե մուրճը ուսին և մի խուրձ նիզակներ ձեռքին։
Արևի լույսից աչքերը կկոցած՝ նա դեռ ուշքի չէր եկել, որ նայի նիզակներին և որոշի, թե ո՛ւմն էր խրված գազանի կողը, երբ Հասոն վայրկենապես նկատեց լերդացած արյան բիծն իր նիզակի սուր ծայրին։ Բոլոր նիզակներն էլ արագ հափշտակելով ընկերոջ ձեռքից, նա դրանք մեկ-մեկ խրեց հողի մեջ։
Ի՞նչ ես անում, նրա ձեռքը բռնեց Աշոտը։
Ոչի՛նչ, մաքրում եմ… հարամվել են… չքմեղացավ քուրդ պատանին։
Այո, հողը մաքրեց տարավ բոլոր հետքերը և այնպես էլ հանելուկ մնաց, թե ո՞վ է այնպես մահացու հարվածել գազանին։
Ախր պիտի որոշեինք, շփոթված քրթմնջաց Աշոտը։
Ի՞նչ որոշենք, պարզ չի՞ որ… լայն ժպտալով պատասխանեց Հասոն և Աշոտի նիզակը մեկնեց իրեն։ Առ որոշիր, արյունը սրա՛ ծայրին էր։
Հա՞… և Աշոտի սիրտը թնդաց ուրախությունից։
Իսկ Շուշիկը խնդագին նայում էր քուրդ պատանուն ու մտածում. «Սրտի՜ն նայիր… ասպետությա՜նը նայիր…»։
Այդ հայացքից շփոթված, Հասոն շարունակեց գլուխը կախ մաշկել գազանին։
Իսկապե՞ս իմն էր արյունոտ, նորից հարցրեց Աշոտը և թեթևացած սրտով շուռ եկավ դեպի անձավը։
Ուրեմն ի՛ր զենքն էր գազանի կողը խրված։ Եվ նա ուրախ էր ու հպարտ այդ մտքից։
Երբ Աշոտը նորից մտավ անձավ, որ այնտեղ թափթփված ոսկորները դուրս բերի, Շուշիկը հարցրեց Հասոյին.
Ինչո՞ւ այդպես արիր…
Տղան քրտնեց գողության մեջ բռնվածի նման։ Նա փորձեց, հավատացնել, որ այդտեղ կեղծիք չկա, բայց երբ համոզվեց, որ իր արարքը չի վրիպել Շուշիկի խուզարկու աչքից, ասաց լուրջ, հանդիսավոր.
Ընկերոջ մեջքը գետնովը չեն տա…
Քաք գիրքա